ՎԱՐՁԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԵՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱ
ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
1990 թ.
Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ միջազգային կոնվենցիա
Սույն կոնվենցիայի Կողմ պետությունները,
վերահաստատելով Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ և «Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանը համապատասխան՝ պետությունների միջև բարեկամական հարաբերությունների և համագործակցության մասով միջազգային իրավունքի սկզբունքների մասին» հռչակագրով ամրագրված նպատակներն ու սկզբունքները,
տեղյակ լինելով, որ վարձկանները հավաքագրվում, օգտագործվում, ֆինանսավորվում և ուսուցանվում են այնպիսի գործողությունների համար, որոնցով խախտվում են միջազգային իրավունքի այնպիսի սկզբունքներ, ինչպիսիք են պետությունների ինքնիշխան հավասարությունը, քաղաքական անկախությունը, տարածքային ամբողջականությունը և ժողովուրդների ինքնորոշումը,
հաստատելով, որ վարձկանների հավաքագրումը, օգտագործումը, ֆինանսավորումը և ուսուցումը պետք է համարվեն բոլոր պետությունների մտահոգությունն առաջացնող հանցագործություններ, և այդ հանցագործություններից որևէ մեկը կատարած ցանկացած անձ ենթակա է կա՛մ քրեական հետապնդման, կա՛մ հանձնման,
համոզված լինելով այդպիսի հանցագործությունները կանխելու, քրեորեն հետապնդելու և պատժելու նպատակով պետությունների միջև միջազգային համագործակցությունը զարգացնելու և ընդլայնելու անհրաժեշտության մեջ,
մտահոգություն հայտնելով, որ ի հայտ են գալիս միջազգային նոր ապօրինի գործողություններ, որոնք թմրամիջոցների առևտրով զբաղվողներին միավորում են վարձկանների հետ այնպիսի բռնի գործողությունների կատարման շուրջ, որոնք խարխլում են պետությունների սահմանադրական կարգը,
համոզված լինելով նաև, որ վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ կոնվենցիայի ընդունումը կնպաստի այդպիսի հակաիրավական գործողությունների վերացմանը՝ դրանով իսկ հանգեցնելով Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ ամրագրված նպատակների և սկզբունքների պահպանմանը,
գիտակցելով, որ այդպիսի կոնվենցիայով չկարգավորված հարցերը պետք է շարունակեն կարգավորվել միջազգային իրավունքի նորմերով և սկզբունքներով,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
Սույն կոնվենցիայի նպատակներով՝
1. վարձկան նշանակում է ցանկացած անձ, որը՝
ա) հատուկ հավաքագրվել է տեղում կամ արտերկրում՝ զինված հակամարտության շրջանակներում մարտնչելու համար.
բ) շահագրգռված է մասնակցելու ռազմական գործողություններին՝ առաջնորդվելով գլխավորապես մասնավոր օգուտ ստանալու ցանկությամբ, և որին հակամարտության կողմի կողմից կամ վերջինիս անունից փաստացի խոստացվել է այդ կողմի զինված ուժերում համանման կոչում ունեցող և գործառույթներ իրականացնող կոմբատանտներին խոստացվող կամ վճարվող գումարից էականորեն բարձր նյութական փոխհատուցում.
գ) հակամարտության կողմի քաղաքացի չէ և ոչ էլ հակամարտության կողմի կողմից վերահսկվող տարածքում բնակվող անձ է.
դ) հակամարտության կողմի զինված ուժերի անդամ չէ. և
ե) չի ուղարկվել հակամարտության կողմ չհանդիսացող պետության կողմից որպես իր զինված ուժերի անդամ՝ կատարելու ծառայողական պարտականություններ:
2. Վարձկան նաև նշանակում է ցանկացած անձ, որը ցանկացած այլ իրավիճակում՝
ա) հատուկ հավաքագրվել է տեղում կամ արտերկրում այնպիսի համաձայնեցված բռնարարքի մասնակցելու համար, որն ուղղված է՝
i) կառավարությունը տապալելուն կամ պետության սահմանադրական կարգն այլ կերպ խարխլելուն, կամ
ii) պետության տարածքային ամբողջականությունը խարխլելուն.
բ) շահագրգռված է մասնակցելու այդպիսի գործողությունների՝ առաջնորդվելով գլխավորապես զգալի մասնավոր օգուտ ստանալու ցանկությամբ և նյութական փոխհատուցում ստանալու խոստմամբ կամ դրա վճարմամբ.
գ) այն պետության քաղաքացի կամ բնակիչ չէ, որի դեմ ուղղված է այդ արարքը.
դ) չի ուղարկվել պետության կողմից՝ կատարելու ծառայողական պարտականություններ. և
ե) այն պետության զինված ուժերի անդամ չէ, որի տարածքում կատարվում է արարքը:
Հոդված 2
Ցանկացած անձ, որը հավաքագրում, օգտագործում, ֆինանսավորում կամ ուսուցանում է սույն կոնվենցիայի 1-ին հոդվածով սահմանված վարձկանների, կատարում է սույն կոնվենցիայով նախատեսված հանցագործություն:
Հոդված 3
1. Սույն կոնվենցիայի 1-ին հոդվածով սահմանված վարձկանը, որն անմիջականորեն մասնակցում է ռազմական գործողությունների կամ համաձայնեցված բռնարարքի՝ կախված հանգամանքներից, կատարում է սույն կոնվենցիայով նախատեսված հանցագործություն:
2. Սույն հոդվածում ոչինչ չի սահմանափակում սույն կոնվենցիայի 4-րդ հոդվածի կիրառության շրջանակը:
Հոդված 4
Հանցագործություն կատարվում է ցանկացած անձի կողմից, որը՝
ա) փորձում է կատարել սույն կոնվենցիայով սահմանված հանցագործություններից մեկը.
բ) սույն կոնվենցիայով սահմանված հանցագործություններից ցանկացածը կատարող կամ կատարել փորձող անձի հանցակիցն է։
Հոդված 5
1. Կողմ պետությունները չեն հավաքագրում, օգտագործում, ֆինանսավորում կամ ուսուցանում վարձկանների և արգելում են այդպիսի գործողությունները՝ սույն կոնվենցիայի դրույթներին համապատասխան:
2. Կողմ պետությունները չեն հավաքագրում, օգտագործում, ֆինանսավորում կամ ուսուցանում վարձկանների՝ միջազգային իրավունքով ճանաչված՝ ժողովուրդների ինքնորոշման անքակտելի իրավունքի իրավաչափ իրականացմանը հակադրվելու նպատակով, և միջազգային իրավունքին համապատասխան ձեռնարկում են պատշաճ միջոցներ՝ այդ նպատակով վարձկանների հավաքագրումը, օգտագործումը, ֆինանսավորումը կամ ուսուցումը կանխելու համար:
3. Նրանք սույն կոնվենցիայով սահմանված հանցագործությունների համար սահմանում են համապատասխան պատիժներ, որոնցով հաշվի է առնվում այդ հանցագործությունների ծանր բնույթը:
Հոդված 6
Կողմ պետությունները համագործակցում են սույն կոնվենցիայով սահմանված հանցագործությունների կանխարգելման հարցում, մասնավորապես՝
ա) ձեռնարկելով գործնականում կիրառելի բոլոր միջոցները` կանխելու համար իրենց տարածքներում կամ դրանցից դուրս այդ հանցագործությունները կատարելու համար իրենց համապատասխան տարածքներում նախապատրաստական աշխատանքների իրականացումը, այդ թվում՝ արգելելով ապօրինի գործողությունների իրականացումն այն անձանց, խմբերի և կազմակերպությունների կողմից, որոնք խրախուսում, հրահրում, կազմակերպում են այդպիսի հանցագործություններ կամ մասնակցում են դրանց կատարմանը.
բ) համակարգելով անհրաժեշտության դեպքում այդ հանցագործությունների կանխարգելման համար վարչական և այլ միջոցների ձեռնարկումը։
Հոդված 7
Կողմ պետությունները համագործակցում են սույն կոնվենցիայի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումները ձեռնարկելու հարցում:
Հոդված 8
Ցանկացած Կողմ պետություն, որն ունի պատճառ՝ հավատալու, որ սույն կոնվենցիայով սահմանված հանցագործություններից մեկը կատարվել է, կատարվում է կամ կկատարվի, համապատասխան տեղեկություններն ստանալուց անմիջապես հետո անմիջականորեն կամ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի միջոցով, իր ազգային իրավունքին համապատասխան, ներկայացնում է ազդակիր Կողմ պետություններին։
Հոդված 9
1. Յուրաքանչյուր Կողմ պետություն ձեռնարկում է այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել սույն կոնվենցիայով սահմանված ցանկացած այն հանցագործության նկատմամբ իր իրավազորությունը հաստատելու համար, որը կատարվել է՝
ա) իր տարածքում, կամ այդ պետությունում գրանցված նավի կամ օդանավի վրա.
բ) իր քաղաքացիներից որևէ մեկի կողմից, կամ եթե այդ պետությունը նպատակահարմար է համարում, ապա քաղաքացիություն չունեցող այն անձանց կողմից, որոնց հիմնական բնակության վայրն այդ տարածքում է:
2. Յուրաքանչյուր Կողմ պետություն նմանապես ձեռնարկում է այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել` հաստատելու իր իրավազորությունը սույն կոնվենցիայի 2-րդ, 3-րդ և 4-րդ հոդվածներով սահմանված հանցագործությունների նկատմամբ այն դեպքերում, երբ ենթադրյալ հանցագործը գտնվում է իր տարածքում, և այն նրան չի հանձնում սույն հոդվածի 1-ին պարբերության մեջ նշված որևէ պետության:
3. Սույն կոնվենցիայով չի բացառվում ցանկացած քրեական իրավազորություն, որն իրականցվում է ազգային իրավունքին համապատասխան։
Հոդված 10
1. Համոզվելով, որ հանգամանքներն այդպես են պահանջում՝ ցանկացած Կողմ պետություն, որի տարածքում գտնվում է ենթադրյալ հանցագործը, իր օրենսդրությանը համապատասխան նրան վերցնում է կալանքի տակ կամ ձեռնարկում է այնպիսի այլ միջոցներ, որոնք ապահովում են նրա ներկայությունն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է քրեական կամ հանձնման վարույթ հարուցելու համար։ Այդ Կողմ պետությունն անհապաղ իրականացնում է փաստերի նախնական քննություն։
2. Այն դեպքում, երբ Կողմ պետությունը սույն հոդվածի համաձայն անձին վերցնում է կալանքի տակ կամ ձեռնարկում է սույն հոդված 1-ին պարբերության մեջ նշված այլ միջոցներ, այն անմիջականորեն կամ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի միջոցով այդ մասին անհապաղ տեղեկացնում է՝
ա) այն Կողմ պետությանը, որի տարածքում կատարվել է հանցագործությունը.
բ) այն Կողմ պետությանը, որի դեմ ուղղված է եղել հանցագործությունը, կամ որի դեմ այդպիսի հանցագործություն կատարելու փորձ է արվել.
գ) այն Կողմ պետությանը, որի քաղաքացին է այն ֆիզիկական կամ իրավաբանական անձը, որի դեմ ուղղված է եղել հանցագործությունը, կամ որի դեմ այդպիսի հանցագործություն կատարելու փորձ է արվել.
դ) այն Կողմ պետությանը, որի քաղաքացին է ենթադրյալ հանցագործը, կամ եթե նա քաղաքացիություն չունեցող անձ է, ապա որի տարածքում նրա հիմնական բնակության վայրն է.
ե) ցանկացած այլ շահագրգիռ Կողմ պետության, որին նա հարկ է համարում տեղեկացնել։
3. Ցանկացած անձ, որի առնչությամբ սույն հոդվածի 1-ին պարբերության մեջ նշված միջոցները ձեռնարկվում են, իրավունք ունի՝
ա) անհապաղ դիմելու այն պետության ամենամոտ գտնվող համապատասխան ներկայացուցչին, որի քաղաքացին է ինքը, կամ որն այլ կերպ իրավասու է պաշտպանելու իր իրավունքները, կամ եթե նա քաղաքացիություն չունեցող անձ է, ապա այն պետության, որի տարածքում նա ունի հիմնական բնակության վայր.
բ) այդ պետության ներկայացուցչի կողմից այցի:
4. Սույն հոդվածի 3-րդ պարբերության դրույթները չեն սահմանափակում 9-րդ հոդվածի 1(բ) պարբերությանը համապատասխան իրավազորություն ունեցող որևէ Կողմ պետության իրավունքը՝ հրավիրելու Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ ենթադրյալ հանցագործի հետ հաղորդակցվելու և նրան այցելելու համար:
5. Սույն հոդվածի 1-ին պարբերությամբ նախատեսված նախնական քննություն իրականացնող պետությունն իր եզրահանգումների մասին անմիջապես հայտնում է սույն հոդվածի 2-րդ պարբերության մեջ նշված պետություններին և նշում է, թե արդյոք մտադիր է իրականացնել իր իրավազորությունը։
Հոդված 11
Ցանկացած անձի համար, որի առնչությամբ իրականացվում է վարույթ սույն կոնվենցիայով սահմանված հանցագործություններից որևէ մեկի կապակցությամբ, վարույթի բոլոր փուլերում երաշխավորվում են անաչառ վերաբերմունքն ու տվյալ պետության օրենսդրությամբ սահմանված իրավունքներն ու երաշխիքները: Պետք է հաշվի առնվեն միջազգային իրավունքի կիրառելի նորմերը:
Հոդված 12
Այն Կողմ պետությունը, որի տարածքում հայտնաբերվել է ենթադրյալ հանցագործը, եթե չի հանձնում նրան, ապա պարտավոր է, առանց որևէ բացառության և անկախ այն հանգամանքից՝ հանցագործությունը կատարվել է իր տարածքում, թե՝ ոչ, գործը հանձնել իր իրավասու մարմիններին՝ այդ պետության օրենսդրությանը համապատասխան վարույթների միջոցով քրեական հետապնդում իրականացնելու նպատակով: Այդ մարմիններն իրենց որոշումը կայացնում են նույն կարգով, ինչ այդ պետության օրենսդրության համաձայն ծանր բնույթի ցանկացած այլ հանցագործության դեպքում։
Հոդված 13
1. Կողմ պետությունները սույն կոնվենցիայով սահմանված հանցագործությունների առնչությամբ հարուցված քրեական գործով վարույթների կապակցությամբ միմյանց տրամադրում են առավել լայն աջակցություն, ներառյալ՝ իրենց տրամադրության տակ եղած, վարույթի համար անհրաժեշտ բոլոր ապացույցների տրամադրումը։ Բոլոր դեպքերում կիրառվում է աջակցություն տրամադրելու մասին խնդրանք ստացած պետության օրենսդրությունը:
2. Սույն հոդվածի 1-ին պարբերության դրույթները չեն ազդում ցանկացած այլ պայմանագրով ամրագրված՝ փոխադարձ դատական օգնությանն առնչվող պարտավորությունների վրա:
Հոդված 14
Այն Կողմ պետությունը, որտեղ քրեական հետապնդման է ենթարկվում ենթադրյալ հանցագործը, իր օրենսդրությանը համապատասխան՝ վարույթի վերջնական արդյունքի մասին տեղեկացնում է Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին, որն էլ տեղեկատվությունը փոխանցում է մյուս շահագրգիռ պետություններին:
Հոդված 15
1. Սույն կոնվենցիայի 2-րդ, 3-րդ և 4-րդ հոդվածներով սահմանված հանցագործությունները համարվում են Կողմ պետությունների միջև կնքված հանձնման մասին ցանկացած պայմանագրում ներառված՝ հանձնման հանգեցնող հանցագործություններ: Կողմ պետությունները պարտավորվում են այդպիսի հանցագործությունները, որպես հանձնման հանգեցնող հանցագործություններ, ներառել նրանց միջև կնքվող հանձնման մասին ցանկացած պայմանագրում։
2. Եթե Կողմ պետությունը, որը հանձնումը պայմանավորում է պայմանագրի առկայությամբ, ստանում է հանձնման մասին հարցում մեկ այլ Կողմ պետությունից, որի հետ չունի հանձնման մասին պայմանագիր, ապա այն կարող է սույն կոնվենցիան դիտարկել որպես այդպիսի հանցագործությունների մասով հանձնման իրավական հիմք։ Հանձնումն իրականացվում է հայցվող պետության օրենսդրությամբ նախատեսված մյուս պայմաններին համապատասխան։
3. Այն Կողմ պետությունները, որոնք հանձնումը չեն պայմանավորում պայմանագրի առկայությամբ, այդ հանցագործությունները ճանաչում են որպես իրենց միջև հանձնման հանգեցնող հանցագործություններ՝ հայցվող պետության օրենսդրությամբ նախատեսված պայմաններին համապատասխան։
4. Այդ հանցագործությունները Կողմ պետությունների միջև հանձնման նպատակով դիտարկվում են որպես ոչ միայն իրենց կատարման վայրում, այլև այն պետությունների տարածքներում կատարված հանցագործություններ, որոնք պետք է սույն կոնվենցիայի 9-րդ հոդվածին համապատասխան հաստատեն իրենց իրավազորությունը։
Հոդված 16
Սույն կոնվենցիան կիրառվում է` չսահմանափակելով հետևյալի գործողությունը.
ա) պետությունների միջազգային պարտավորություններին վերաբերող նորմեր.
բ) զինված հակամարտությունների իրավունք և միջազգային մարդասիրական իրավունք, ներառյալ՝ կոմբատանտի կամ ռազմագերու կարգավիճակին վերաբերող դրույթները:
Հոդված 17
1. Երկու կամ ավելի Կողմ պետությունների միջև սույն կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման հետ կապված ցանկացած վեճ, որը չի լուծվում բանակցությունների միջոցով, այդ պետություններից որևէ մեկի պահանջով փոխանցվում է արբիտրաժ: Եթե արբիտրաժի պահանջ ստանալու օրվանից վեց ամսվա ընթացքում Կողմերը չեն կարողանում համաձայնության գալ արբիտրաժի կազմակերպման շուրջ, ապա այդ Կողմերից ցանկացածը կարող է վեճը փոխանցել Արդարադատության միջազգային դատարան՝ Դատարանի կանոնադրությանը համապատասխան ներկայացված պահանջի միջոցով:
2. Յուրաքանչյուր պետություն սույն կոնվենցիան ստորագրելիս կամ վավերացնելիս կամ դրան միանալիս կարող է հայտարարել, որ իրեն չի համարում սույն հոդվածի 1-ին պարբերությամբ պարտավորված։ Մյուս Կողմ պետությունները սույն հոդվածի 1-ին պարբերությամբ պարտավորված չեն այդպիսի վերապահում կատարած ցանկացած Կողմ պետության նկատմամբ:
3. Ցանկացած Կողմ պետություն, որը սույն հոդվածի 2-րդ պարբերությանը համապատասխան վերապահում է արել, կարող է ցանկացած ժամանակ հետ վերցնել այդ վերապահումը՝ այդ մասին ծանուցելով Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին։
Հոդված 18
1. Սույն կոնվենցիան բաց է բոլոր պետությունների կողմից ստորագրման համար մինչև 1990 թվականի դեկտեմբերի 31-ը Նյու Յորքում՝ Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնական գրասենյակում:
2. Սույն կոնվենցիան ենթակա է վավերացման։ Վավերացման փաստաթղթերն ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին:
3. Սույն կոնվենցիան բաց է ցանկացած պետության կողմից միանալու համար: Կոնվենցիային միանալու փաստաթղթերն ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին:
Հոդված 19
1. Սույն կոնվենցիան ուժի մեջ է մտնում վավերացման կամ դրան միանալու քսաներկուերորդ փաստաթուղթը Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին ի պահ հանձնելու ամսաթվից հետո երեսուներորդ օրը:
2. Յուրաքանչյուր պետության համար, որը վավերացնում է սույն կոնվենցիան կամ միանում է դրան վավերացման կամ միանալու քսաներկուերորդ փաստաթուղթն ի պահ հանձնելուց հետո, սույն կոնվենցիան ուժի մեջ է մտնում այդ պետության կողմից վավերացման կամ միանալու իր փաստաթուղթն ի պահ հանձնելուց հետո երեսուներորդ օրը։
Հոդված 20
1. Ցանկացած Կողմ պետություն կարող է Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին ուղղված գրավոր ծանուցման միջոցով չեղյալ հայտարարել սույն կոնվենցիան։
2. Կոնվենցիան չեղյալ հայտարարելն ուժի մեջ է մտնում է Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի կողմից ծանուցումն ստանալու ամսաթվից մեկ տարի հետո։
Հոդված 21
Սույն կոնվենցիայի բնօրինակը, որի արաբերեն, չինարեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն և իսպաներեն տեքստերը հավասարապես նույնական են, ի պահ է հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին, որը դրա վավերացված օրինակներն ուղարկում է բոլոր պետություններին։
Ի ՀԱՎԱՍՏՈՒՄՆ ՈՐԻ` ներքոստորագրյալները, պատշաճորեն լիազորված լինելով իրենց համապատասխան կառավարությունների կողմից, ստորագրեցին սույն կոնվենցիան:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|