Գլխավոր տեղեկություն
Համար
N 1018-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.08.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.08.04/42(341) Հոդ.949
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.07.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.07.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
24.07.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.08.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 հուլիսի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 հուլիսի 2004 թվականի N 1018-Ն

 

ԱՊՀ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 89-րդ հոդվածի 6-րդ մասի, ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների 1994 թվականի ապրիլի 15-ի խորհրդի որոշման և ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի 2003 թվականի մայիսի 12-ի N 3 արձանագրային որոշման՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ԱՊՀ անդամ պետությունների ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի հայկական մասի կանոնակարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

  
2004 թ. հուլիսի 19
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
հուլիսի 15-ի N 1018-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

 

ԱՊՀ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. ԱՊՀ անդամ պետությունների ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) հայկական մասը մշտական հիմունքներով գործող մարմին է, որը հանձնաժողովում ներկայացնում է հայկական կողմը և իր իրավասության սահմաններում իրականացնում է աշխատանքներ` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին, Հայաստանի Հանրապետության օրենքներին, այլ իրավական ակտերին և սույն կանոնակարգին համապատասխան:

2. Հանձնաժողովի հայկական մասը համակարգում է սպառազինության և ռազմական տեխնիկայի ստեղծման, արտադրման ու շահագործման բնագավառում բազմակողմ և երկկողմ ռազմատնտեսական համագործակցության հարցերին առնչվող առաջարկները և դրանք համաձայնեցնում Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության շահագրգիռ պետական մարմինների ու հանձնաժողովի ազգային մասերի հետ՝ դրանք հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելու նպատակով։

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

3. Հանձնաժողովի հայկական մասը, ուսումնասիրելով համապատասխան գործադիր իշխանության մարմինների և հանձնաժողովի ազգային մասերի առաջարկությունները, Հայաստանի Հանրապետության կառավարությանը զեկուցելու նպատակով նախապատրաստում է ԱՊՀ անդամ պետությունների հետ Հայաստանի Հանրապետության բազմակողմ և երկկողմ ռազմատնտեսական համագործակցությանը վերաբերող նյութերը հետևյալ հարցերի շուրջ՝

ա) ռազմատնտեսական համագործակցության հարցերի կարգավորման բնագավառում ԱՊՀ անդամ պետությունների նորմատիվ իրավական դաշտի ներդաշնակեցման աշխատանքների համակարգում.

բ) ԱՊՀ անդամ պետությունների ռազմական տեխնիկայի և սպառազինության նախագծման, մշակման, արտադրման, արդիականացման և վերանորոգման բնագավառում գլխավոր ուղղությունների որոշում.

գ) ԱՊՀ անդամ պետությունների ռազմաարդյունաբերական բնագավառում տնտեսական և գիտատեխնիկական քաղաքականության համաձայնեցում.

դ) ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանությունն ու անվտանգությունն ապահովելու նպատակով ռազմատեխնիկական գույքի, համալրող առարկաների, հումքի և նյութերի կոոպերացված արտադրության համակարգում.

ե) սպառազինության ու ռազմական տեխնիկայի, համալրող առարկաների և պահեստային մասերի արտադրության մասնագիտացում ու կոոպերացում.

զ) սպառազինության ու ռազմական տեխնիկայի, ինչպես նաև դրանց արտադրության համար տեխնոլոգիական սարքավորումների ստանդարտացում և միասնականացում.

է) սպառազինության ու ռազմական տեխնիկայի բնագավառում գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների համատեղ իրականացման վերաբերյալ առաջարկությունների և խորհրդատվությունների նախապատրաստում.

ը) ԱՊՀ անդամ պետությունների համապատասխան կազմակերպությունների հետ ռազմական տեխնիկայի առանձին առարկաների արտադրության համատեղ պլանավորում և կազմակերպում.

թ) զորահավաքային հզորությունների պահպանման և զարգացման միջոցառումների համակարգում.

ժ) ռազմական տեխնիկայի արտադրության բնագավառում նվաճումների ուսումնասիրում` ընդհանուր նշանակության արտադրանքի արտադրության նպատակով:

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

4. Հանձնաժողովի հայկական մասն իր գործառույթներն իրականացնելու նպատակով իրավունք ունի՝

ա) նախապատրաստելու և հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելու երկկողմ ու բազմակողմ համաձայնագրերի, ինչպես նաև ռազմական արդյունաբերության բնագավառում ԱՊՀ անդամ պետությունների տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության այլ նորմատիվ իրավական ակտերի նախագծեր.

բ) համագործակցելու Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության շահագրգիռ մարմինների և կազմակերպությունների, ինչպես նաև ռազմատնտեսական համագործակցության հիմնական խնդիրների լուծմանը մասնակցող ԱՊՀ անդամ պետությունների գործադիր իշխանության մարմինների հետ.

գ) ստեղծելու և զարգացնելու աշխատանքային կապեր ԱՊՀ անդամ պետությունների համապատասխան կազմակերպությունների հետ.

դ) քննարկման նպատակով մշակելու և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելու առաջարկություններ ռազմական արդյունաբերության բնագավառում ռազմատնտեսական համագործակցության հարցերի վերաբերյալ.

ե) ընդունելու որոշումներ իրենց աշխատանքին առնչվող կազմակերպչական և ընթացակարգային հարցերի մասին.

զ) Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնելու իրենց գործառույթների իրականացման վերաբերյալ առաջարկություններ.

է) հանձնաժողովի ազգային մասերի հետ պայմանավորվածության համաձայն ստեղծելու համատեղ մշտական և ժամանակավոր հիմունքներով գործող աշխատանքային մարմիններ (աշխատանքային խմբեր).

ը) իր իրավասության և կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմիններից ու կազմակերպություններից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արտասահմանյան ներկայացուցչություններից հարցում կատարելու և ստանալու անհրաժեշտ տեղեկատվություն.

թ) կազմակերպելու խորհրդակցություններ` Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմինների, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև կազմակերպությունների ղեկավարների (կամավորության սկզբունքով) և փորձագետների, ինչպես նաև գործարար շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ.

ժ) հանձնաժողովի գործունեության հետ կապված երկկողմ և բազմակողմ համագործակցության հարցերով կամ Հայաստանի Հանրապետության արտասահմանյան ներկայացուցչությունների միջնորդությամբ դիմելու արտասահմանյան պետությունների կառավարական և ոչ կառավարական կազմակերպություններին.

ժա) ԱՊՀ անդամ պետությունների հետ ռազմատնտեսական համագործակցության նախագծերի, համապատասխան համաձայնագրերի, որոշումների և խորհրդատվությունների մշակման ու իրագործման աշխատանքներում ներգրավելու գործադիր իշխանության շահագրգիռ մարմիններին, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև գործարար շրջանակների ներկայացուցիչներին.

ժբ) ստեղծելու մշտական կամ ժամանակավոր հիմունքներով գործող աշխատանքային մարմիններ (աշխատանքային խմբեր)` Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմինների և կազմակերպությունների, ինչպես նաև գործարար շրջանակների ներկայացուցիչներից ռազմաարդյունաբերության կոնկրետ հարցերի և ռազմատնտեսական համագործակցության նախագծերի մշակման համար, և սահմանելու աշխատանքային մարմինների գործունեության կարգ:

 

IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

5. Հանձնաժողովի հայկական մասն ունի նախագահ, նախագահի տեղակալ, հանձնաժողովի քարտուղար և անդամներ:

6. Հանձնաժողովի հայկական մասի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

7. Հանձնաժողովի հայկական մասի նախագահը՝

ա) ղեկավարում է հանձնաժողովի հայկական մասի նիստերը.

բ) կազմակերպում է հանձնաժողովի հայկական մասի, ինչպես նաև հանձնաժողովի հայկական մասի քարտուղարության աշխատանքները.

գ) հանձնաժողովի հայկական մասի անդամների միջև բաշխում է պարտականությունները և նշանակում պատասխանատուներ` հանձնաժողովի հայկական մասի գործառույթներից ու խնդիրներից բխող հարցերի պատրաստման համար.

դ) ներկայացնում է հանձնաժողովի հայկական մասը ԱՊՀ անդամ պետությունների գործադիր իշխանության հանրապետական մարմիններում.

ե) համագործակցում է ԱՊՀ անդամ պետությունների ռազմական համագործակցության համադրման շտաբի հետ.

զ) յուրաքանչյուր տարի մինչև փետրվար ամիսը Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում հանձնաժողովի հայկական մասի գործունեության մասին հաշվետվություն` ռազմատնտեսական համագործակցության զարգացման հարցերին վերաբերյալ առաջարկությունների, ինչպես նաև նիստերի արձանագրությունների հետ միասին.

է) Հայաստանի Հանրապետության կառավարության և հանձնաժողովի հայկական մասի որոշումներին համապատասխան` իրականացնում է այլ լիազորություններ:

8. Աշխատանքային մարմինների (աշխատանքային խմբերի) կողմից պատրաստված հարցերը քննարկվում են հանձնաժողովի հայկական մասի նիստերի ժամանակ և ձևակերպվում այդ նիստերի արձանագրությունների կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերի տեսքով:

9. Հանձնաժողովի հայկական մասի և իր աշխատանքային մարմինների (աշխատանքային խմբերի) գործունեության կազմակերպամեթոդական ապահովումն իրականացնում է հանձնաժողովի հայկական մասի քարտուղարությունը:

 

V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

10. Հանձնաժողովի հայկական մասն իր նիստերը գումարում է հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդի կամ նախագահի համաձայնությամբ, բայց առնվազն յուրաքանչյուր 3 ամիսը մեկ անգամ:

11. Հանձնաժողովի հայկական մասի նիստը համարվում է կայացած` հանձնաժողովի անդամների երկու երրորդի մասնակցության դեպքում:

12. Նիստի օրակարգի յուրաքանչյուր հարցի մասին որոշումն ընդունվում է հանձնաժողովի հայկական մասի նիստին մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ:

13. Ընդունված որոշումներն ստորագրում է հանձնաժողովի հայկական մասի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում՝ նախագահի տեղակալը:

14. Աշխատանքային պլանում ներառվում են այն հարցերը, որոնք պետք է քննարկվեն հանձնաժողովի հայկական մասի և իր աշխատանքային մարմինների (աշխատանքային խմբերի) կողմից` նշելով դրանց նախապատրաստման կարգի, քննարկման ժամկետների, ծավալի և նյութերի Հայաստանի Հանրապետության կառավարություն կամ հանձնաժողովի քարտուղարություն ներկայացնելու ժամկետները:

15. Հանձնաժողովի հայկական մասը քննարկում է իր գործունեության տարեկան արդյունքները և հաստատում նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ զեկույցը:

 

VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

16. Հանձնաժողովի հայկական մասի գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմանը համապատասխան:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան