Գլխավոր տեղեկություն
Տիպ
Կոնվենցիա
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.01.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
06.03.1948
Ստորագրման ամսաթիվ
06.03.1948
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.01.2018

Ծանոթագրություն

 

 Սույն տեքստը ներառում է Միջկառավարական ծովային խորհրդակցական կազմակերպության մասին կոնվենցիայի տեքստի բնօրինակը, որն ընդունվել է Ժնևում` 1948 թվականի մարտի 6-ին, Միավորված ազգերի կազմակերպության Ծովային կոնֆերանսի կողմից և փոփոխվել ու լրացվել է Ասամբլեայի կողմից ընդունված A.69(ES.II), A.70(IV), A.315(ES.V),A.358(IX)1, A.400(X), A.450(XI), A.724(17), A.735(18)2 և A.781(19) բանաձևերով: Սույն հրատարակությունը ներառում է մինչև 2009 թվականի դեկտեմբերը կոնվենցիայում և ասամբլեայի ընթացակարգային կանոններում կատարված փոփոխությունները:

 Փոփոխություններն ուժի մեջ են մտել հետևյալ ամսաթվերին.

 

  Ուժի մեջ մտնելու ամսաթիվը
1964 թ. սեպտեմբերի 15-ի A.69(ES.II) 1967 թ. հոկտեմբերի 6
1965 թ. սեպտեմբերի 28-ի A.70(IV) 1968 թ. նոյեմբերի 3
1974 թ. հոկտեմբերի 17-ի A.315(ES.V) 1978 թ. ապրիլի 1
1975 թ. նոյեմբերի 14-ի A.358(IX) 1982 թ. մայիսի 223
1977 թ. նոյեմբերի 17-ի A.400(X) 1984 թ. նոյեմբերի 10
1979 թ. նոյեմբերի 15-ի A.450(XI) 1984 թ. նոյեմբերի 10
1991 թ. նոյեմբերի 7-ի A.724(17) 2008 թ. դեկտեմբերի 7
1993 թ. նոյեմբերի 4-ի A.735(18) 1994 թ. նոյեմբերի 9
1995 թ. նոյեմբերի 13-ի A.781(19) 1997 թ. նոյեմբերի 17

 

 Տեքստերում «նախագահ» կամ «փոխնախագահ/նախագահներ» բառերը գործածվելիս այդ հասկացությունները վերաբերում են և´ տղամարդկանց, և´ կանանց:

 

Կ Ո Ն Վ Ե Ն Ց Ի Ա

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԾՈՎԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ4

 

 Սույն Կոնվենցիայի կողմ պետությունները սույնով ստեղծում են Միջազգային ծովային կազմակերպություն (այսուհետև` Կազմակերպություն):

 

ՄԱՍ 1

 

Կազմակերպության նպատակները

 

Հոդված 1

 

Կազմակերպության նպատակներն են.

ա) Մեխանիզմներ մշակել կառավարությունների միջև համագործակցության համար միջազգային առևտրում ներգրավված նավափոխադրումների վրա ազդող բոլոր տեսակի տեխնիկական հարցերի վերաբերյալ պետական կանոնակարգման և գործելակերպերի ոլորտում, խրախուսել և դյուրացնել գործնականում կիրառելի բարձր ստանդարտների ընդունումը ծովային անվտանգությանը, նավարկության արդյունավետությանը և նավերից ծովի աղտոտման կանխմանն ու վերահսկմանը վերաբերող հարցերում, ինչպես նաև զբաղվել սույն հոդվածում սահմանված նպատակներին առնչվող` ադմինիստրատիվ և իրավական հարցերով:

բ) Խրախուսել միջազգային առևտրում ներգրավված նավափոխադրումների վրա ազդող` կառավարությունների խտրական գործողությունների և անհարկի սահմանափակումների վերացումը` խթանելու համար առանց խտրականության նավափոխադրման ծառայությունների մատչելիությունը համաշխարհային առևտրում: Որևէ կառավարության կողմից իր ազգային նավափոխադրումների զարգացման համար, ինչպես նաև անվտանգության նպատակներով ցուցաբերվող աջակցությունն ու խրախուսանքը ինքնին չի հանդիսանում խտրականություն` պայմանով, որ այդ աջակցությունն ու խրախուսանքը հիմնված չէ այնպիսի միջոցների վրա, որոնք նախատեսված են` սահմանափակելու համար բոլոր դրոշների ներքո նավափոխադրումների միջազգային առևտրին մասնակցելու ազատությունը:

գ) Ապահովել նավափոխադրող ընկերությունների անարդար, սահմանափակող գործելակերպերին վերաբերող հարցերի քննարկումը Կազմակերպության կողմից՝ II մասի համաձայն:

դ) Ապահովել նավափոխադրումներին և ծովային միջավայրի վրա նավափոխադրումների ազդեցությանն առնչվող այն բոլոր հարցերի քննարկումը Կազմակերպության կողմից, որոնք կարող են փոխանցվել նրան Միավորված ազգերի կազմակերպության ցանկացած մարմնի կամ մասնագիտացված գործակալության կողմից:

ե) Ապահովել Կազմակերպության իրավասության ներքո գտնվող հարցերի վերաբերյալ տեղեկությունների փոխանակումը կառավարությունների միջև:

 

ՄԱՍ II

 

Գործառույթներ

 

Հոդված 2

 

I մասում սահմանված նպատակներին հասնելու համար Կազմակերպությունը.

ա) 3-րդ հոդվածի դրույթների համաձայն` քննարկում և առաջարկություններ է ներկայացնում 1-ին հոդվածի «ա», «բ», «գ» պարբերությունների ներքո ծագող հարցերի վերաբերյալ, որոնք կարող են ներկայացվել անդամների, Միավորված ազգերի կազմակերպության ցանկացած մարմնի կամ մասնագիտացված գործակալության կամ ցանկացած այլ միջկառավարական կազմակերպության կողմից, կամ այն հարցերի վերաբերյալ, որոնք նշված են 1-ին հոդվածի «դ» պարբերության մեջ.

բ) ապահովում է կոնվենցիաների, համաձայնագրերի կամ այլ համապատասխան փաստաթղթերի մշակումը և դրանք առաջարկում է կառավարություններին ու միջկառավարական կազմակերպություններին և անհրաժեշտության դեպքում հրավիրում է կոնֆերանսներ.

գ) ապահովում է մեխանիզմներ` անդամների միջև խորհրդակցություններ և կառավարությունների միջև տեղեկություններ փոխանակելու համար.

դ) իրականացնում է սույն հոդվածի «ա», «բ», «գ» պարբերություններից բխող գործառույթները, մասնավորապես` այնպիսիք, որոնք իրեն վերապահվում են ծովային հարցերի և ծովային միջավայրի վրա նավափոխադրումների ազդեցության վերաբերյալ միջազգային փաստաթղթերով կամ դրանց ներքո.

ե) X մասի համաձայն՝ անհրաժեշտության դեպքում դյուրացնում է տեխնիկական համագործակցությունը Կազմակերպության գործունեության շրջանակում:

 

Հոդված 3

 

Այն հարցերը, որոնք, ըստ Կազմակերպության, կարող են կարգավորվել միջազգային նավափոխադրման բիզնեսի բնականոն գործընթացների միջոցով, Կազմակերպությունը հենց այդպիսի կարգավորում է առաջարկում: Երբ, Կազմակերպության կարծիքով, նավափոխադրող ընկերությունների անարդար, սահմանափակող գործելակերպերին առնչվող որևէ հարց չի կարող կարգավորվել միջազգային նավափոխադրման բիզնեսի բնականոն գործընթացների միջոցով կամ փաստացի չի կարգավորվել այդ գործընթացների միջոցով, Կազմակերպությունն անդամներից որևէ մեկի հայցով կքննարկի այդ հարցը` պայմանով, որ սկզբում այն լինի խնդրին մասնակից անդամների միջև ուղիղ բանակցությունների առարկա:

 

ՄԱՍ III

 

Անդամակցություն

 

Հոդված 4

 

Կազմակերպությունում անդամակցությունը բաց է բոլոր պետությունների համար՝ III մասի դրույթների համաձայն:

 

Հոդված 5

 

Միավորված ազգերի կազմակերպության անդամները կարող են դառնալ Կազմակերպության անդամներ՝ 76-րդ հոդվածի դրույթների համաձայն դառնալով Կոնվենցիայի կողմեր:

 

Հոդված 6

 

Միավորված ազգերի կազմակերպության անդամ չհանդիսացող այն պետությունները, որոնց առաջարկվել է ներկայացուցիչներ ուղարկել 1948 թ. փետրվարի 19-ին Ժնևում հրավիրված` Միավորված ազգերի կազմակերպության Ծովային կոնֆերանսին, կարող են դառնալ Կազմակերպության անդամներ՝ 76-րդ հոդվածի դրույթների համաձայն դառնալով Կոնվենցիայի կողմեր:

 

Հոդված 7

 

Ցանկացած պետություն, որը 5-րդ կամ 6-րդ հոդվածների համաձայն անդամ դառնալու իրավունք չունի, կարող է Կազմակերպության գլխավոր քարտուղարի միջոցով դիմել անդամակցության համար և ընդունվում է որպես անդամ` 76-րդ հոդվածի դրույթների համաձայն դառնալով Կոնվենցիայի կողմ` պայմանով, որ Խորհրդի առաջարկությանը հաջորդիվ` այդ պետության հայտը հաստատված լինի անդամների երկու երրորդի կողմից` բացառությամբ ասոցիացված անդամների:

 

Հոդված 8

 

Այն տարածքը կամ տարածքների խումբը, որոնց նկատմամբ Կոնվենցիան, 77-րդ հոդվածի համաձայն, կիրառելի է դարձվել դրանց միջազգային հարաբերությունների համար պատասխանատու անդամի կամ Միավորված ազգերի կազմակերպության կողմից, կարող են դառնալ Կազմակերպության ասոցիացված անդամ՝ հանգամանքներից ելնելով, այդ անդամների կամ Միավորված ազգերի կազմակերպության կողմից Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին ներկայացված գրավոր ծանուցման միջոցով:

 

Հոդված 9

 

Ասոցիացված անդամը պետք է ունենա Կոնվենցիայով Անդամին վերապահված իրավունքներն ու պարտավորությունները՝ բացառությամբ քվեարկության կամ Խորհրդին անդամության իրավունքի, և, ելնելով սրանից, համարվում է, որ ,անդամե բառը Կոնվենցիայում ներառում է ասոցիացված անդամին, եթե համատեքստն այլ բան չի պահանջում:

 

Հոդված 10

 

Ոչ մի պետություն կամ տարածք չի կարող դառնալ կամ մնալ Կազմակերպության անդամ` Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի բանաձևին հակասելով:

 

ՄԱՍ IV

 

Մարմիններ

 

Հոդված 11

 

Կազմակերպությունը բաղկացած կլինի Ասամբլեայից, Խորհրդից, Ծովային անվտանգության կոմիտեից, Իրավական կոմիտեից, Ծովային միջավայրի պաշտպանության կոմիտեից, Տեխնիկական համագործակցության կոմիտեից, Դյուրացման կոմիտեից և այնպիսի օժանդակ մարմիններից, որոնք Կազմակերպությունը կարող է ցանկացած ժամանակ անհրաժեշտ համարել, և Քարտուղարությունից:

 

ՄԱՍ V

 

Ասամբլեա

 

Հոդված 12

 

Ասամբլեան կազմված կլինի բոլոր անդամներից:

 

Հոդված 13

 

Ասամբլեայի կանոնավոր նիստերը տեղի կունենան յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ: Արտահերթ նիստերը կհրավիրվեն վաթսուն օր առաջ ծանուցելով, երբ անդամների մեկ երրորդը գլխավոր քարտուղարին կծանուցի, որ ցանկանում է նիստ կազմակերպել, կամ անհրաժեշտության դեպքում դրանք ցանկացած ժամանակ կհրավիրի Խորհուրդը՝ վաթսուն օր առաջ ծանուցելով:

 

Հոդված 14

 

Անդամների մեծ մասը, բացառությամբ ասոցիացված անդամների, կկազմի քվորում Ասամբլեայի հանդիպումների համար:

 

Հոդված 15

 

Ասամբլեայի գործառույթներն են.

ա) յուրաքանչյուր կանոնավոր նիստի ընթացքում անդամներից, բացառությամբ ասոցիացված անդամների, ընտրել իր նախագահին և երկու փոխնախագահներին, որոնք կպաշտոնավարեն մինչև հաջորդ կանոնավոր նիստը.

բ) սահմանել իր ընթացակարգային կանոնները` բացառության այն դեպքերի, երբ Կոնվենցիայով այլ բան է նախատեսված.

գ) անհրաժեշտ համարելու դեպքում ստեղծել ժամանակավոր կամ, Խորհրդի առաջարկությամբ, մշտական օժանդակ մարմիններ.

դ) ընտրել անդամներ, որոնք կներկայացվեն Խորհրդում, ինչպես սահմանված է 17-րդ հոդվածում.

ե) ստանալ և քննարկել Խորհրդի հաշվետվությունները և որոշում կայացնել Խորհրդի կողմից իրեն փոխանցված ցանկացած հարցի վերաբերյալ.

զ) հաստատել Կազմակերպության աշխատանքային ծրագիրը.

է) քվեարկության դնել Կազմակերպության բյուջեն և սահմանել ֆինանսական կարգավորումները՝ XIII մասի համաձայն.

ը) ուսումնասիրել Կազմակերպության ծախսերն ու հաստատել հաշիվները.

թ) կատարել Կազմակերպության գործառույթները՝ պայմանով, որ 2-րդ հոդվածի «ա» և «բ» պարբերություններին առնչվող հարցերի դեպքում Ասամբլեան պետք է դրանք փոխանցի Խորհրդին՝ ձևակերպման համար կամ դրանց վերաբերյալ առաջարկություններ կամ փաստաթղթեր ներկայացնելու համար: Եվս մեկ պայման է, որ Ասամբլեային Խորհրդի ներկայացրած այն առաջարկությունները կամ փաստաթղթերը, որոնք չեն ընդունվել Ասամբլեայի կողմից, Ասամբլեայի դիտարկումներով վերադարձվեն Խորհրդին` հետագա քննության համար.

ժ) առաջարկություններ ներկայացնել անդամներին ծովային անվտանգությանը, նավերից ծովի աղտոտման կանխմանը և վերահսկողությանն առնչվող, ինչպես նաև ծովային միջավայրի վրա նավափոխադրումների ազդեցությանն առնչվող այլ հարցերի վերաբերյալ կանոնակարգերի և ուղեցույցների ընդունման համար, ինչը վերապահվել է Կազմակերպությանը միջազգային փաստաթղթերով կամ դրանց ներքո, կամ փոփոխություններ առաջարկել իրեն ներկայացված նման կանոնակարգերում և ուղեցույցներում.

ժա) ձեռնարկել այնպիսի գործողություններ, որոնք կարող են նպատակահարմար համարվել 2-րդ հոդվածի «ե» պարբերության համաձայն տեխնիկական համագործակցությունը խթանելու համար՝ հաշվի առնելով զարգացող երկրների առանձնահատուկ կարիքները.

ժբ) որոշումներ կայացնել միջազգային կոնֆերանս հրավիրելու մասին կամ միջազգային կոնվենցիաներ ընդունելու կամ միջազգային կոնվենցիաներում փոփոխություններ կատարելու նպատակով համապատասխան գործընթացներին հետևելու վերաբերյալ, որոնք մշակվել են Ծովային անվտանգության կոմիտեի, Իրավական կոմիտեի, Ծովային միջավայրի պաշտպանության կոմիտեի, Տեխնիկական համագործակցության կոմիտեի, Դյուրացման կոմիտեի կամ Կազմակերպության այլ մարմինների կողմից.

ժգ) քննարկման կամ որոշումներ կայացնելու համար Խորհրդին ներկայացնել Կազմակերպության գործունեության շրջանակում գտնվող ցանկացած հարց` բացառելով, սակայն, սույն հոդվածի «ժ» պարբերության ներքո առաջարկություններ ներկայացնելու գործառույթի փոխանցումը:

 

ՄԱՍ VI

 

Խորհուրդ

 

Հոդված 16

 

Խորհուրդը կազմված կլինի Ասամբլեայի կողմից ընտրված քառասուն անդամից:

 

Հոդված 17

 

Խորհրդի անդամներ ընտրելիս Ասամբլեան պետք է հետևի հետևյալ չափանիշներին.

ա) տասը պետք է լինեն այն պետությունները, որոնք մեծ շահագրգռվածություն ունեն միջազգային նավափոխադրումների ծառայություններ մատուցելու հարցում.

բ) տասը պետք է լինեն այլ պետություններ, որոնք մեծ հետաքրքրություն են ցուցաբերում միջազգային ծովային առևտրի նկատմամբ.

գ) քսանը պետք է լինեն վերոնշյալ ,աե կամ ,բե պարբերությունների ներքո չընտրված այն պետությունները, որոնք հատուկ հետաքրքրություն են ցուցաբերում ծովային փոխադրման կամ նավարկության նկատմամբ, և որոնց ընտրությունը Խորհրդում կապահովի աշխարհի բոլոր խոշոր աշխարհագրական տարածքների ներկայացվածությունը:

 

Հոդված 18

 

16-րդ հոդվածի համաձայն` Խորհրդում ներկայացված անդամները կպաշտոնավարեն մինչև Ասամբլեայի հաջորդ կանոնավոր նիստի ավարտը: Անդամները կունենան վերընտրվելու իրավունք:

 

Հոդված 19

 

ա) Խորհուրդը կընտրի իր նախագահին և կընդունի իր ընթացակարգային կանոնները, եթե Կոնվենցիայով այլ բան նախատեսված չէ:

բ) Խորհրդի քսանվեց անդամները կկազմեն քվորում:

 գ) Խորհուրդը հանդիպումներ կանցկացնի իր պարտականությունների արդյունավետ կատարման համար անհրաժեշտ հաճախականությամբ՝ մեկ ամիս առաջ ծանուցելով, իր նախագահի հրավերի կամ անդամներից առնվազն չորսի դիմումի հիման վրա: Հանդիպումների վայրերը կընտրվեն ըստ հարմարության:

 

Հոդված 20

 

 Խորհուրդը կհրավիրի ցանկացած անդամի` առանց ձայնի իրավունքի մասնակցելու տվյալ անդամին մտահոգող որևէ հարցի շուրջ քննարկումներին:

 

Հոդված 21

 

 ա) Խորհուրդը քննության կառնի գլխավոր քարտուղարի կողմից պատրաստված աշխատանքային ծրագրի նախագիծը և բյուջեի նախահաշիվը Ծովային անվտանգության կոմիտեի, Իրավական կոմիտեի, Ծովային միջավայրի պաշտպանության կոմիտեի, Տեխնիկական համագործակցության կոմիտեի, Դյուրացման կոմիտեի և Կազմակերպության այլ մարմինների առաջարկների լույսի ներքո և, դրանք հաշվի առնելով, կմշակի և Ասամբլեային կներկայացնի Կազմակերպության աշխատանքային ծրագիրն ու բյուջեն` հաշվի առնելով Կազմակերպության ընդհանուր շահերն ու գերակայությունները:

 բ) Խորհուրդը կստանա Ծովային անվտանգության կոմիտեի, Իրավական կոմիտեի, Ծովային միջավայրի պաշտպանության կոմիտեի, Տեխնիկական համագործակցության կոմիտեի, Դյուրացման կոմիտեի և Կազմակերպության այլ մարմինների հաշվետվությունները, առաջարկներն ու առաջարկությունները և դրանք կփոխանցի Ասամբլեային, իսկ երբ Ասամբլեայի նիստ չի լինի, կփոխանցի անդամներին՝ ի գիտություն, Խորհրդի մեկնաբանությունների և առաջարկությունների հետ միասին:

 գ) 28-րդ, 33-րդ, 38-րդ, 43-րդ և 48-րդ հոդվածների գործողության շրջանակում գտնվող հարցերը Խորհրդի կողմից քննության կառնվեն միայն Ծովային անվտանգության կոմիտեի, Իրավական կոմիտեի, Ծովային միջավայրի պաշտպանության կոմիտեի, Տեխնիկական համագործակցության կոմիտեի և Դյուրացման կոմիտեի կարծիքներն ստանալուց հետո` ելնելով նպատակահարմարությունից:

 

Հոդված 22

 

 Խորհուրդը, Ասամբլեայի հավանությամբ, կնշանակի գլխավոր քարտուղար: Խորհուրդը նաև կապահովի անհրաժեշտ այլ անձնակազմի նշանակումը և կսահմանի գլխավոր քարտուղարի և այլ անձնակազմի պաշտոնավարման ժամկետներն ու պայմանները, որոնք հնարավորության սահմաններում պետք է համապատասխանեն Միավորված ազգերի կազմակերպության և նրա մասնագիտացված գործակալությունների ժամկետներին ու պայմաններին:

 

Հոդված 23

 

 Ամեն կանոնավոր նիստի ընթացքում Խորհուրդը Ասամբլեային կզեկուցի Ասամբլեայի նախորդ կանոնավոր նիստից հետո Կազմակերպության կատարած աշխատանքի մասին:

 

Հոդված 24

 

Խորհուրդը Ասամբլեային կներկայացնի Կազմակերպության ֆինանսական հաշվետվությունները՝ Խորհրդի մեկնաբանություններով և առաջարկություններով:

 

Հոդված 25

 

 ա) Խորհուրը կարող է համաձայնություններ կամ պայմանավորվածություններ ձեռք բերել այլ կազմակերպությունների հետ Կազմակերպության հարաբերությունների վերաբերյալ, ինչպես նախատեսված է XVI մասում: Այդ համաձայնությունները կամ պայմանավորվածությունները ենթակա են Ասամբլեայի հաստատմանը:

 բ) Հաշվի առնելով XVI մասի դրույթները և, 28-րդ, 33-րդ, 38-րդ, 43-րդ և 48-րդ հոդվածների համաձայն, այլ մարմինների հետ համապատասխան կոմիտեների հարաբերությունները` Խորհուրդը Ասամբլեայի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում կկրի այլ կազմակերպությունների հետ հարաբերությունների համար պատասխանատվությունը:

 

Հոդված 26

 

 Ասամբլեայի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում Խորհուրդը կկատարի Կազմակերպության բոլոր գործառույթները՝ բացառությամբ 15-րդ հոդվածի «ժ» պարբերության ներքո առաջարկություններ ներկայացնելու գործառույթի: Մասնավորապես, Խորհուրդը կհամակարգի Կազմակերպության մարմինների գործունեությունը և կարող է աշխատանքային ծրագրում այնպիսի ճշգրտումներ կատարել, որոնք անհրաժեշտ են` ապահովելու համար Կազմակերպության արդյունավետ գործունեությունը:

 

ՄԱՍ VII

 

Ծովային անվտանգության կոմիտե

 

Հոդված 27

 

 Ծովային անվտանգության կոմիտեն կազմված կլինի բոլոր անդամներից:

 

Հոդված 28

 

 ա) Ծովային անվտանգության կոմիտեն քննության կառնի Կազմակերպության գործունեության շրջանակում եղող ցանկացած հարց, որն առնչվում է նավարկության օժանդակ միջոցներին, նավերի կառուցմանը և սարքավորումներին, անվտանգության տեսանկյունից անձնակազմի հավաքագրմանը, բախումների կանխարգելման կանոններին, վտանգավոր բեռների սպասարկմանը, ծովային անվտանգության գործընթացներին ու պահանջներին, հիդրոգրաֆիկ տեղեկություններին, նավամատյաններին և նավարկությանն առնչվող գրագրությանը, ծովային դժբախտ պատահարների հետաքննությանը, փրկարարական աշխատանքներին, ինչպես նաև ծովային անվտանգության վրա անմիջականորեն ազդող այլ հարցեր:

 բ) Ծովային անվտանգության կոմիտեն կապահովի մեխանիզմներ սույն Կոնվենցիայով, Ասամբլեայի կամ Խորհրդի կողմից իրեն վերապահված պարտականությունների կատարման համար կամ սույն հոդվածի գործողության շրջանակում եղող որևէ պարտականության կատարման համար, որը կարող է իրեն վերապահվել Կազմակերպության կողմից ընդունված որևէ այլ միջազգային փաստաթղթով կամ դրա ներքո:

 գ) Հաշվի առնելով 25-րդ հոդվածի դրույթները՝ Ծովային անվտանգության կոմիտեն, Ասամբլեայի կամ Խորհրդի խնդրանքով կամ եթե կոմիտեն դա օգտակար համարի, ի նպաստ իր իսկ աշխատանքի` այլ մարմինների հետ սերտ հարաբերություններ կհաստատի` Կազմակերպության նպատակների առաջմղման նպատակով:

 

Հոդված 29

 

 Ծովային անվտանգության կոմիտեն Խորհրդին կներկայացնի.

ա) Անվտանգության կանոնակարգերի կամ դրանցում փոփոխությունների վերաբերյալ առաջարկներ, որոնք մշակել է կոմիտեն.

բ) առաջարկություններ և ուղեցույցներ, որոնք մշակել է կոմիտեն.

գ) Խորհրդի նախկին նիստից հետո կոմիտեի կատարած աշխատանքների մասին հաշվետվություն:

 

Հոդված 30

 

 Ծովային անվտանգության կոմիտեի նիստը կկայանա տարեկան առնվազն մեկ անգամ: Նա իր պաշտոնյաներին կընտրի տարեկան մեկ անգամ և կընդունի իր ընթացակարգային կանոնները:

 

Հոդված 31

 

Չնայած սույն Կոնվենցիայում հակառակը փաստող դրույթներին, սակայն պայմանավորված 27-րդ հոդվածի դրույթներով` Ծովային անվտանգության կոմիտեն որևէ միջազգային կոնվենցիայով կամ փաստաթղթով կամ դրանց ներքո իրեն վերապահված գործառույթներն իրականացնելիս պետք է ապահովի համապատասխանությունը տվյալ կոնվենցիայի կամ փաստաթղթի համապատասխան դրույթներին` մասնավորապես այն կանոններին, որոնցով կարգավորվում են այն ընթացակարգերը, որոնց պետք է հետևել:

 

ՄԱՍ VIII

 

Իրավական կոմիտե

 

Հոդված 32

 

 Իրավական կոմիտեն կազմված կլինի բոլոր անդամներից:

 

Հոդված 33

 

 ա) Իրավական կոմիտեն քննության կառնի Կազմակերպության գործունեության շրջանակում եղող ցանկացած իրավական հարց:

 բ) Իրավական կոմիտեն անհրաժեշտ բոլոր քայլերը կձեռնարկի՝ սույն Կոնվենցիայով կամ Ասամբլեայի կամ Խորհրդի կողմից իրեն վերապահված պարտականությունների կատարման համար կամ սույն հոդվածի գործողության շրջանակում եղող որևէ պարտականության կատարման համար, որը կարող է իրեն վերապահվել Կազմակերպության կողմից ընդունված որևէ այլ միջազգային փաստաթղթով կամ դրա ներքո:

 գ) Հաշվի առնելով 25-րդ հոդվածի դրույթները՝ Իրավական կոմիտեն, Ասամբլեայի կամ Խորհրդի խնդրանքով կամ եթե կոմիտեն դա օգտակար համարի, ի նպաստ իր իսկ աշխատանքի` այլ մարմինների հետ սերտ հարաբերություններ կհաստատի` Կազմակերպության նպատակների առաջմղման նպատակով:

 

Հոդված 34

 

 Իրավական կոմիտեն Խորհրդին կներկայացնի.

 ա) միջազգային կոնվենցիաների և դրանցում փոփոխությունների նախագծեր, որոնք մշակել է Կոմիտեն.

 բ) Խորհրդի նախկին նիստից հետո Կոմիտեի կատարած աշխատանքների մասին հաշվետվություն:

 

Հոդված 35

 

 Իրավական կոմիտեի նիստը կկայանա տարեկան առնվազն մեկ անգամ: Նա իր պաշտոնյաներին կընտրի տարեկան մեկ անգամ և կընդունի իր ընթացակարգային կանոնները:

 

Հոդված 36

 

 Չնայած սույն Կոնվենցիայում հակառակը փաստող դրույթներին, սակայն պայմանավորված 32-րդ հոդվածի դրույթներով` Իրավական կոմիտեն որևէ միջազգային կոնվենցիայով կամ փաստաթղթով կամ դրանց ներքո իրեն վերապահված գործառույթներն իրականացնելիս պետք է ապահովի համապատասխանությունը տվյալ կոնվենցիայի կամ փաստաթղթի համապատասխան դրույթներին` մասնավորապես այն կանոններին, որոնցով կարգավորվում են այն ընթացակարգերը, որոնց պետք է հետևել:

 

ՄԱՍ IX

 

Ծովային միջավայրի պաշտպանության կոմիտե

 

Հոդված 37

 

 Ծովային միջավայրի պաշտպանության կոմիտեն կազմված կլինի բոլոր անդամներից:

 

Հոդված 38

 

 Ծովային միջավայրի պաշտպանության կոմիտեն քննության կառնի նավերից ծովի աղտոտման կանխմանը և վերահսկողությանն առնչվող, Կազմակերպության գործունեության շրջանակում եղող ցանկացած հարց և մասնավորապես.

 ա) կկատարի այնպիսի գործառույթներ, որոնք տրվել կամ կարող են տրվել Կազմակերպությանը` նավերից ծովի աղտոտման կանխման և վերահսկողության մասին միջազգային կոնվենցիաներով կամ դրանց ներքո, մասնավորապես այն կանոնակարգերի և այլ դրույթների ընդունման և դրանցում փոփոխությունների առնչությամբ, որոնք նախատեսված են այդ կոնվենցիաներում.

 բ) համապատասխան միջոցներ կձեռնարկի՝ դյուրացնելու համար վերոնշյալ ,աե պարբերության մեջ նշված կոնվենցիաների կիրարկումը.

 գ) կապահովի նավերից ծովի աղտոտման կանխման և վերահսկողության վերաբերյալ գիտական, տեխնիկական և գործնական այլ տեղեկությունների ձեռքբերումը՝ պետությունների` հատկապես զարգացող երկրների շրջանում տարածելու համար, և նպատակահարմարության դեպքում առաջարկություններ կներկայացնի և ուղեցույցներ կմշակի.

 դ) կխթանի համագործակցությունը տարածաշրջանային այն կազմակերպությունների հետ, որոնք զբաղվում են նավերից ծովի աղտոտման կանխմամբ և վերահսկողությամբ, հաշվի առնելով 25-րդ հոդվածի դրույթները.

 ե) կքննարկի և կձեռնարկի Կազմակերպության գործունեության շրջանակում եղող ցանկացած այլ հարցի առնչությամբ համապատասխան գործողություններ, որոնք կնպաստեն նավերից ծովային աղտոտման կանխմանն ու վերահսկողությանը, ներառյալ բնապահպանական հարցերի շուրջ համագործակցությունը միջազգային այլ կազմակերպությունների հետ՝ հաշվի առնելով 25-րդ հոդվածի դրույթները:

 

Հոդված 39

 

 Ծովային միջավայրի պաշտպանության կոմիտեն Խորհրդին կներկայացնի.

 ա) նավերից ծովի աղտոտման կանխման և վերահսկողության համար կանոնակարգերի և դրանցում փոփոխությունների վերաբերյալ առաջարկներ, որոնք մշակել է կոմիտեն.

 բ) առաջարկություններ և ուղեցույցներ, որոնք մշակել է կոմիտեն.

 գ) Խորհրդի նախորդ նիստից հետո կոմիտեի կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն:

 

Հոդված 40

 

 Ծովային միջավայրի պաշտպանության կոմիտեի նիստը կկայանա տարեկան առնվազն մեկ անգամ: Նա իր պաշտոնյաներին կընտրի տարեկան մեկ անգամ և կընդունի իր ընթացակարգային կանոնները:

 

Հոդված 41

 

Չնայած սույն Կոնվենցիայում հակառակը փաստող դրույթներին, սակայն պայմանավորված 37-րդ հոդվածի դրույթներով` Ծովային միջավայրի պաշտպանության կոմիտեն որևէ միջազգային կոնվենցիայով կամ փաստաթղթով կամ դրանց ներքո իրեն վերապահված գործառույթներն իրականացնելիս պետք է ապահովի համապատասխանությունը տվյալ կոնվենցիայի կամ փաստաթղթի համապատասխան դրույթներին` մասնավորապես այն կանոններին, որոնցով կարգավորվում են այն ընթացակարգերը, որոնց պետք է հետևել:

 

ՄԱՍ X

 

Տեխնիկական համագործակցության կոմիտե

 

 

Հոդված 42

 

Տեխնիկական համագործակցության կոմիտեն կազմված կլինի բոլոր անդամներից:

 

Հոդված 43

 

ա) Տեխնիկական համագործակցության կոմիտեն նպատակահարմարության դեպքում քննության կառնի հարցեր Կազմակերպության գործունեության շրջանակում եղող տեխնիկական համագործակցության այն նախագծերի իրականացման առնչությամբ, որոնք ֆինանսավորվում են Միավորված ազգերի կազմակերպության համապատասխան ծրագրի կողմից, որի համար Կազմակերպությունը գործում է որպես իրականացնող կամ համագործակցող գործակալություն, կամ որոնք ֆինանսավորվում են Կազմակերպությանը ինքնակամ տրամադրված հավատարմագրային (թրասթային) միջոցներով, ինչպես նաև` տեխնիկական համագործակցության ոլորտում Կազմակերպության գործունեությանն առնչվող այլ հարցեր:

բ) Տեխնիկական համագործակցության կոմիտեն մշտապես կվերահսկի քարտուղարության՝ տեխնիկական համագործակցությանն առնչվող աշխատանքը:

 գ) Տեխնիկական համագործակցության կոմիտեն կիրականացնի սույն Կոնվենցիայով կամ Ասամբլեայի կամ Խորհրդի կողմից իրեն վերապահված գործառույթները, կամ սույն հոդվածի շրջանակում որևէ պարտականություն, որը կարող է իրեն վերապահվել Կազմակերպության կողմից ընդունված միջազգային այլ փաստաթղթով կամ դրա ներքո:

 դ) Հաշվի առնելով 25-րդ հոդվածի դրույթները՝ Տեխնիկական համագործակցության կոմիտեն, Ասամբլեայի կամ Խորհրդի խնդրանքով կամ եթե կոմիտեն դա օգտակար համարի, ի նպաստ իր իսկ աշխատանքի` այլ մարմինների հետ սերտ հարաբերություններ կհաստատի` Կազմակերպության նպատակների առաջմղման նպատակով:

 

Հոդված 44

 

Տեխնիկական համագործակցության կոմիտեն Խորհրդին կներկայացնի.

ա) առաջարկություններ, որոնք մշակել է կոմիտեն.

բ) Խորհրդի նախորդ նիստից հետո կոմիտեի կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն:

 

Հոդված 45

 

 Տեխնիկական համագործակցության կոմիտեի նիստը կկայանա տարեկան առնվազն մեկ անգամ: Նա իր պաշտոնյաներին կընտրի տարեկան մեկ անգամ և կընդունի իր ընթացակարգային կանոնները:

 

Հոդված 46

 

Չնայած սույն Կոնվենցիայում հակառակը փաստող դրույթներին, սակայն պայմանավորված 42-րդ հոդվածի դրույթներով` Տեխնիկական համագործակցության կոմիտեն որևէ միջազգային կոնվենցիայով կամ փաստաթղթով կամ դրանց ներքո իրեն վերապահված գործառույթներն իրականացնելիս պետք է ապահովի համապատասխանությունը տվյալ կոնվենցիայի կամ փաստաթղթի համապատասխան դրույթներին` մասնավորապես այն կանոններին, որոնցով կարգավորվում են այն ընթացակարգերը, որոնց պետք է հետևել:

 

ՄԱՍ XI

 

Դյուրացման կոմիտե

 

Հոդված 47

 

Դյուրացման կոմիտեն կազմված կլինի բոլոր անդամներից:

 

Հոդված 48

 

Դյուրացման կոմիտեն քննության կառնի Կազմակերպության գործունեության շրջանակում եղող` միջազգային ծովային երթևեկության դյուրացմանն առնչվող ցանկացած հարց և, մասնավորապես.

 ա) կիրականացնի այնպիսի գործառույթներ, որոնք փոխանցվել կամ կարող են փոխանցվել Կազմակերպությանը միջազգային կոնվենցիաներով կամ դրանց ներքո՝ դյուրացնելու համար միջազգային ծովային երթևեկությունը, մասնավորապես՝ այդ կոնվենցիաներում նախատեսված միջոցառումների ձեռնարկման և դրույթների ընդունման ու դրանց փոփոխությունների մասով.

 բ) հաշվի առնելով 25-րդ հոդվածի դրույթները՝ Դյուրացման կոմիտեն, Ասամբլեայի կամ Խորհրդի խնդրանքով կամ եթե կոմիտեն դա օգտակար համարի, ի նպաստ իր իսկ աշխատանքի` այլ մարմինների հետ սերտ հարաբերություններ կհաստատի` Կազմակերպության նպատակների առաջմղման նպատակով:

 

Հոդված 49

 

Դյուրացման կոմիտեն Խորհրդին կներկայացնի.

ա) առաջարկություններ և ուղեցույցներ, որոնք մշակել է կոմիտեն.

բ) Խորհրդի նախորդ նիստից հետո կոմիտեի կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն:

 

Հոդված 50

 

Դյուրացման կոմիտեի նիստը կկայանա տարեկան առնվազն մեկ անգամ: Նա իր պաշտոնյաներին կընտրի տարեկան մեկ անգամ և կընդունի իր ընթացակարգային կանոնները:

 

Հոդված 51

 

Չնայած սույն Կոնվենցիայում հակառակը փաստող դրույթներին, սակայն պայմանավորված 47-րդ հոդվածի դրույթներով` Դյուրացման կոմիտեն որևէ միջազգային կոնվենցիայով կամ փաստաթղթով կամ դրանց ներքո իրեն վերապահված գործառույթներն իրականացնելիս պետք է ապահովի համապատասխանությունը տվյալ կոնվենցիայի կամ փաստաթղթի համապատասխան դրույթներին` մասնավորապես այն կանոններին, որոնցով կարգավորվում են այն ընթացակարգերը, որոնց պետք է հետևել:

 

ՄԱՍ XII

 

Քարտուղարություն

 

Հոդված 52

 

Քարտուղարությունը կազմված կլինի գլխավոր քարտուղարից և այլ անձնակազմից, որը Կազմակերպության կողմից կարող է պահանջվել: Գլխավոր քարտուղարը Կազմակերպության գլխավոր վարչական պաշտոնյա է և, 22-րդ հոդվածի դրույթների համաձայն, կնշանակի վերոնշյալ անձնակազմին:

 

Հոդված 53

 

Քարտուղարությունը կվարի Կազմակերպության գործառույթների պատշաճ կատարման համար անհրաժեշտ գրագրությունը և կպատրաստի, կհավաքի ու կշրջանառի Կազմակերպության աշխատանքի համար պահանջվող փաստաթղթերը, օրակարգերը, արձանագրություններն ու տեղեկությունները:

 

Հոդված 54

 

Գլխավոր քարտուղարը կպատրաստի և Խորհրդին կներկայացնի յուրաքանչյուր տարվա ֆինանսական հաշվետվությունները և բյուջեի նախահաշիվը երկամյա կտրվածքով՝ առանձին ներկայացնելով յուրաքանչյուր տարվա նախահաշիվը:

 

Հոդված 55

 

Գլխավոր քարտուղարը անդամներին կիրազեկի Կազմակերպության գործունեության մասին: Յուրաքանչյուր անդամ կարող է նշանակել մեկ կամ մեկից ավել ներկայացուցիչների՝ գլխավոր քարտուղարի հետ հաղորդակցության համար:

 

Հոդված 56

 

Գլխավոր քարտուղարը և անձնակազմը իրենց պարտականությունների կատարման ընթացքում չպետք է հայցեն կամ ստանան հրահանգներ որևէ կառավարությունից կամ Կազմակերպությունից դուրս որևէ մարմնից: Նրանք պետք է ձեռնպահ մնան այնպիսի գործողություններից, որոնք կարող են անդրադառնալ իրենց՝ որպես միջազգային պաշտոնյաների դիրքի վրա: Յուրաքանչյուր անդամ իր հերթին հանձն է առնում հարգել գլխավոր քարտուղարի և անձնակազմի պարտականությունների բացառապես միջազգային բնույթը և չփորձել ազդել նրանց վրա իրենց պարտականությունների կատարման ընթացքում:

 

Հոդված 57

 

Գլխավոր քարտուղարը կստանձնի ցանկացած այլ գործառույթ, որը իրեն կարող են վերապահվել Կոնվենցիայով, Ասամբլեայի կամ Խորհրդի կողմից:

 

ՄԱՍ XIII

 

Ֆինանսներ

 

Հոդված 58

 

Յուրաքանչյուր անդամ կհոգա Կազմակերպության կողմից անցկացվող նիստերին մասնակցող իր պատվիրակության աշխատավարձի, ուղևորության և այլ ծախսերը:

 

Հոդված 59

 

Խորհուրդը կուսումնասիրի գլխավոր քարտուղարի պատրաստած ֆինանսական հաշվետվություններն ու բյուջեի նախահաշիվները և դրանք իր մեկնաբանություններով ու առաջարկություններով կներկայացնի Ասամբլեային:

 

Հոդված 60

 

ա) Կազմակերպության և Միավորված ազգերի կազմակերպության միջև համաձայնության պայմանով՝ Ասամբլեան կուսումնասիրի և կհաստատի բյուջեի նախահաշիվները:

բ) Ասամբլեան անդամների միջև ծախսերը կբաշխի իր սահմանած սանդղակի համաձայն՝ այդ հարցի շուրջ Խորհրդի առաջարկները քննարկելուց հետո:

 

Հոդված 61

 

Ցանկացած անդամ, որը չի կատարի Կազմակերպության հանդեպ իր ֆինանսական պարտավորությունները նախատեսված ամսաթվից մեկ տարվա ընթացքում, քվեարկության իրավունք չի ունենա Ասամբլեայում, Խորհրդում, Ծովային անվտանգության կոմիտեում, Իրավական կոմիտեում, Ծովային միջավայրի պաշտպանության կոմիտեում, Տեխնիկական համագործակցության կոմիտեում կամ Դյուրացման կոմիտեում, քանի դեռ Ասամբլեան իր հայեցողությամբ չի հրաժարվել սույն դրույթից:

 

ՄԱՍ XIV

 

Քվեարկություն

 

Հոդված 62

 

Եթե այլ բան նախատեսված չէ Կոնվենցիայով կամ որևէ միջազգային համաձայնագրով, որով որոշակի գործառույթներ են վերապահվում Ասամբլեային, Խորհրդին, Ծովային անվտանգության կոմիտեին, Իրավական կոմիտեին, Ծովային միջավայրի պաշտպանության կոմիտեին, Տեխնիկական համագործակցության կոմիտեին կամ Դյուրացման կոմիտեին, ապա այդ մարմիններում քվեարկելիս կկիրառվեն հետևյալ դրույթները.

ա) ամեն անդամ կունենա մեկ ձայն.

բ) որոշումները կկայացվեն ներկա գտնվող և քվեարկող անդամների ձայների մեծամասնությամբ, իսկ այն որոշումների դեպքում, որոնց համար ձայների երկու երրորդ մեծամասնություն է պահանջվում` ներկա գտնվողների ձայների երկու երրորդ մեծամասնությամբ.

գ) Կոնվենցիայի նպատակների համար` ներկա գտնվող և քվեարկող անդամներ բառակապակցությունը նշանակում է` անդամներ, որոնք ներկա են և կողմ կամ դեմ են քվեարկում: Այն անդամները, որոնք ձեռնպահ են մնում քվեարկելուց, համարվում են չքվեարկող:

 

ՄԱՍ XV

 

Կազմակերպության կենտրոնակայան

 

Հոդված 63

 

ա) Կազմակերպության կենտրոնակայանը տեղակայված կլինի Լոնդոնում:

բ) Ասամբլեան կարող է անհրաժեշտության դեպքում ձայների երկու երրորդ մեծամասնությամբ փոխել կենտրոնակայանի տեղակայման վայրը:

գ) Ասամբլեան կարող է նիստեր անցկացնել կենտրոնակայանից այլ ցանկացած վայրում, եթե Խորհուրդը դա համարի անհրաժեշտ:

 

ՄԱՍ XVI

 

Հարաբերությունները Միավորված ազգերի կազմակերպությանև այլ կազմակերպությունների հետ

 

Հոդված 64

 

Միավորված ազգերի կազմակերպության հետ Կազմակերպությունը հարաբերությունների մեջ կմտնի Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության 57-րդ հոդվածի համաձայն5՝ որպես նավափոխադրումների և ծովային միջավայրի վրա նավափոխադրումների ազդեցության ոլորտի մասնագիտացված գործակալություն: Այս հարաբերությունները կիրականացվեն Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության 63-րդ հոդվածի համաձայն6 Միավորված ազգերի կազմակերպության հետ կնքված համաձայնագրի միջոցով, որը կկնքվի 25-րդ հոդվածում սահմանված կարգով:

 

Հոդված 65

 

 Կազմակերպությունը կհամագործակցի Միավորված ազգերի կազմակերպության ցանկացած գործակալության հետ այնպիսի հարցերում, որոնք Կազմակերպության և այդ մասնագիտացված կազմակերպության ընդհանուր մտահոգության առարկա են, քննության կառնի այդ հարցերը և դրանց առնչությամբ կգործի` այդ մասնագիտացված գործակալության հետ համաձայնեցված եղանակով:

 

Հոդված 66

 

Կազմակերպությունը կարող է իր գործունեության շրջանակում եղող հարցերի առնչությամբ համագործակցել միջկառավարական այլ կազմակերպությունների հետ, որոնք Միավորված ազգերի կազմակերպության մասնագիտացված գործակալություններ չեն, սակայն որոնց շահերն ու գործունեությունն առնչվում են Կազմակերպության նպատակներին:

 

Հոդված 67

 

Կազմակերպությունը կարող է իր գործունեության շրջանակում եղող հարցերի առնչությամբ համապատասխան պայմանավորվածություններ ձեռք բերել միջազգային հասարակական կազմակերպությունների հետ` խորհրդակցության և համագործակցության համար:

 

Հոդված 68

 

Ասամբլեայի ձայների երկու երրորդ մեծամասնությամբ հաստատման պայմանով` Կազմակերպությունը կարող է ստանձնել միջազգային, պետական կամ հասարակական կազմակերպությունների` Կազմակերպության գործունեության շրջանակում եղող այնպիսի գործառույթներ, ռեսուրսներ և պարտավորություններ, որոնք կարող են փոխանցվել Կազմակերպությանը միջազգային համաձայնագրերով կամ փոխադարձաբար ընդունելի կարգավորումներով, որոնք ձեռք են բերվել համապատասխան կազմակերպությունների իրավասու մարմինների միջև: Նույն կերպով Կազմակերպությունը կարող է ստանձնել այնպիսի վարչական գործառույթներ, որոնք գտնվում են իր գործունեության շրջանակում, և որոնք վստահվել են կառավարությանը՝ միջազգային որևէ փաստաթղթի պայմանների համաձայն:

 

ՄԱՍ XVII

 

Իրավունակություն, արտոնություններ և անձեռնմխելիություն

 

Հոդված 69

 

Կազմակերպությանը տրամադրվող կամ Կազմակերպության առնչությամբ կիրառվող իրավունակությունը, արտոնությունները և անձեռնմխելիությունը բխում են 1947 թ. նոյեմբերի 21-ին Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի կողմից հաստատված` Մասնագիտացված գործակալությունների արտոնությունների և անձեռնմխելիության մասին գլխավոր կոնվենցիայից, կարգավորվում են դրանով և ենթակա են այն փոփոխություններին, որոնք կարող են սահմանվել Կազմակերպության կողմից հաստատված հավելվածի վերջնական (կամ վերանայված) տեքստում՝ համաձայն վերոնշյալ գլխավոր կոնվենցիայի 36-րդ և 38-րդ բաժինների:

 

Հոդված 70

 

Մինչև վերոնշյալ գլխավոր կոնվենցիային միանալը յուրաքանչյուր անդամ հանձն է առնում Կազմակերպության առնչությամբ կիրառել սույն Կոնվենցիայի II հավելվածի դրույթները:

 

ՄԱՍ XVIII

 

Փոփոխություններ

 

Հոդված 71

 

Կոնվենցիայում առաջարկվող փոփոխությունների տեքստերը գլխավոր քարտուղարի կողմից ուղարկվում են անդամներին Ասամբլեայի կողմից դրանց քննարկումից առնվազն վեց ամիս առաջ: Փոփոխություններն ընդունվում են Ասամբլեայի ձայների երկու երրորդ մեծամասնությամբ: Բացառությամբ ասոցիացված անդամների` Կազմակերպության անդամների երկու երրորդի կողմից դրանք ընդունվելուց տասներկու ամիս հետո յուրաքանչյուր փոփոխություն ուժի մեջ կմտնի բոլոր անդամների համար: Եթե այս տասներկու ամիս ժամանակահատվածի առաջին 60 օրվա ընթացքում որևէ անդամ ծանուցում է փոփոխության պատճառով Կազմակերպությունից դուրս գալու մասին, ապա դուրս գալն ուժի մեջ է մտնում փոփոխության ուժի մեջ մտնելու ամսաթվին` չնայած Կոնվենցիայի 78-րդ հոդվածի դրույթներին:

 

Հոդված 72

 

71-րդ հոդվածի ներքո ընդունված ցանկացած փոփոխության տեքստն ի պահ կհանձնվի Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին, որն անմիջապես դրա կրկնօրինակը կփոխանցի բոլոր անդամներին:

 

Հոդված 73

 

71-րդ հոդվածի ներքո արվում է հայտարարություն կամ ընդունում՝ համապատասխան փաստաթուղթը փոխանցելով Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին՝ ի պահ հանձնելու նպատակով: Գլխավոր քարտուղարը ծանուցում է անդամներին ցանկացած նման փաստաթղթի ստացման և այն ամսաթվի մասին, որով փոփոխությունն ուժի մեջ է մտնում:

 

 ՄԱՍ XIX

 

Մեկնաբանություն

 

Հոդված 74

 

Կոնվենցիայի մեկնաբանության կամ կիրառման հետ կապված ցանկացած հարց կամ վեճ կարգավորման համար կփոխանցվի Ասամբլեային կամ կկարգավորվի վեճի կողմերի միջև համաձայնեցված այլ եղանակով: Սույն հոդվածում ոչինչ չպետք է խոչընդոտի Կազմակերպության որևէ մարմնի՝ լուծել ցանկացած այնպիսի հարց կամ վեճ, որը կարող է ծագել իր գործառույթների իրականացման ընթացքում:

 

Հոդված 75

 

Ցանկացած իրավական հարց, որը չի կարող կարգավորվել 74-րդ հոդվածում նախատեսված կարգով, Կազմակերպության կողմից պետք է փոխանցվի Արդարադատության միջազգային դատարանին՝ խորհրդատվական կարծիքի համար, Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության 96-րդ հոդվածի համաձայն7:

 

ՄԱՍ XX

 

Այլ դրույթներ

 

Հոդված 76

 

Ստորագրում և ընդունում

 

 III մասի դրույթների համաձայն՝ սույն Կոնվենցիան բաց է ստորագրման կամ ընդունման համար, և պետությունները կարող են դառնալ Կոնվենցիայի կողմեր հետևյալ կերպով.

 ա) ստորագրելով այն` առանց ընդունման մասին վերապահում կատարելու,

 բ) ստորագրելով այն` ընդունելու պայմանով, ինչին կհաջորդի ընդունումը, կամ

 գ) ընդունելով այն:

 Ընդունումը կկատարվի փաստաթուղթը Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին ի պահ հանձնելով:

 

Հոդված 77

 

Տարածքներ

 

ա) Անդամները կարող են ցանկացած ժամանակ հայտարարություն անել, որ իրենց մասնակցությունը Կոնվենցիային ընդգրկում է այն բոլոր տարածքները, կամ դրանցից մի քանիսը կամ միայն մեկը, որոնց միջազգային հարաբերությունների համար իրենք պատասխանատու են:

բ) Կոնվենցիան չի կիրառվի այն տարածքների նկատմամբ, որոնց միջազգային հարաբերությունների համար անդամները պատասխանատու են, քանի դեռ անդամների անունից այդ նպատակով հայտարարություն չի արվել սույն հոդվածի ,աե պարբերության դրույթների համաձայն:

գ) Սույն հոդվածի ,աե պարբերության համաձայն արված հայտարարությունը կփոխանցվի Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին, իսկ դրա կրկնօրինակը վերջինս կուղարկի բոլոր այն պետություններին, որոնք հրավիրվել են Միավորված ազգերի կազմակերպության Ծովային կոնֆերանսին, և այլ պետությունների, որոնք կարող են անդամ դարձած լինել:

դ) Այն դեպքերում, երբ Միավորված ազգերի կազմակերպությունը հանդիսանում է կառավարող մարմին` համաձայն խնամակալության համաձայնագրի, Միավորված ազգերի կազմակերպությունը կարող է Կոնվենցիան ընդունել մեկ, մի քանի կամ բոլոր խնամարկյալ տարածքների անունից՝ 76-րդ հոդվածում սահմանված ընթացակարգին համապատասխան:

 

Հոդված 78

 

Դուրս գալը

 

ա) Ցանկացած անդամ կարող է դուրս գալ Կազմակերպությունից՝ գրավոր ծանուցելով Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին, որն անմիջապես կտեղեկացնի այդ ծանուցման մասին մյուս անդամներին և Կազմակերպության գլխավոր քարտուղարին: Դուրս գալու մասին ծանուցումը կարող է տրվել ցանկացած ժամանակ՝ Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրվանից տասներկու ամիսը լրանալուց հետո: Դուրս գալն ուժի մեջ կմտնի այդ գրավոր ծանուցումը Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի ստանալուց տասներկու ամիս հետո:

բ) 77-րդ հոդվածի ներքո Կոնվենցիայի կիրառումը տարածքի կամ տարածքների խմբի նկատմամբ կարող է ցանկացած ժամանակ դադարեցվել՝ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին գրավոր ծանուցում ուղարկելով այդ տարածքների միջազգային հարաբերությունների համար պատասխանատու անդամի կողմից կամ, Միավորված ազգերի կազմակերպության կողմից կառավարվող խնամարկյալ տարածքի դեպքում` Միավորված ազգերի կազմակերպության կողմից: Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարն այդ ծանուցման մասին անմիջապես կտեղեկացնի բոլոր անդամներին և Կազմակերպության գլխավոր քարտուղարին: Ծանուցումն ուժի մեջ կմտնի այն Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի ստանալու ամսաթվից տասներկու ամիսը լրանալուց հետո:

 

ՄԱՍ XXI

 

Ուժի մեջ մտնելը

 

Հոդված 79

 

Սույն Կոնվենցիան ուժի մեջ կմտնի այն օրը, երբ 21 պետություն, որոնց թվում յոթ պետություն ունեն յուրաքանչյուրը ոչ պակաս, քան 1,000,000 տոննա համախառն նավափոխադրումների ծավալ, կդառնան Կոնվենցիայի կողմեր` 76-րդ հոդվածի համաձայն:

 

Հոդված 80

 

Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարը Միավորված ազգերի կազմակերպության Ծովային կոնֆերանսին հրավիրված բոլոր պետություններին և այն պետություններին, որոնք կարող են դարձած լինել անդամներ, կհայտնի այն ամսաթիվը, որով յուրաքանչյուր պետություն դառնում է Կոնվենցիայի կողմ, ինչպես նաև` Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու ամսաթիվը:

 

Հոդված 81

 

Սույն Կոնվենցիան, որի անգլերեն, ֆրանսերեն և իսպաներեն տեքստերը հավասարազոր են, ի պահ է հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին, որը դրա հաստատված կրկնօրինակները կուղարկի Միավորված ազգերի կազմակերպության Ծովային կոնֆերանսին հրավիրված յուրաքանչյուր պետության և այն պետություններին, որոնք կարող են դարձած լինել անդամներ:

 

Հոդված 82

 

Միավորված ազգերի կազմակերպությունը լիազորված է կատարելու Կոնվենցիայի գրանցումը ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո8:

Ի ՎԿԱՅՈՒՄՆ ՈՐԻ` ներքոստորագրյալները9, այդ նպատակով իրենց համապատասխան կառավարությունների կողմից պատշաճ կերպով լիազորված լինելով, ստորագրեցին սույն Կոնվենցիան10:

ԿԱՏԱՐՎԱԾ Է Ժնևում 1948 թվականի մարտի 6-ին:

 

ՀԱՎԵԼՎԱԾ I11

 

ՀԱՎԵԼՎԱԾ II

 

(նշված է 70-րդ հոդվածում)

 

Իրավունակություն, արտոնություններ և անձեռնմխելիություն

 

Իրավունակության, արտոնությունների և անձեռնմխելիության մասին hետևյալ դրույթները կկիրառվեն կազմակերպության այն անդամների կողմից կամ այն անդամների առնչությամբ, որոնք սպասում են իրենց անդամակցությանը Մասնագիտացված գործակալությունների իրավունակության, արտոնությունների և անձեռնմխելիության մասին գլխավոր կոնվենցիային:

Բաժին 1. Կազմակերպությունն իր անդամներից յուրաքանչյուրի տարածքում կօգտվի այնպիսի իրավունակությունից, որն անհրաժեշտ է իր նպատակների իրագործման և իր գործառույթների իրականացման համար:

Բաժին 2. ա) Կազմակերպությունն իր անդամներից յուրաքանչյուրի տարածքում կօգտվի այնպիսի արտոնություններից և անձեռնմխելիությունից, որոնք անհրաժեշտ են իր նպատակների իրագործման և իր գործառույթների իրականացման համար:

բ) Անդամների ներկայացուցիչները, ներառյալ տեղակալները և խորհրդականները, ինչպես նաև Կազմակերպության պաշտոնյաներն ու աշխատակիցները նմանապես կօգտվեն այնպիսի արտոնություններից և անձեռնմխելիությունից, որոնք անհրաժեշտ են Կազմակերպության հետ կապված իրենց գործառույթները անկախ կերպով իրականացնելու համար:

Բաժին 3. Սույն հավելվածի 1-ին և 2-րդ բաժինների դրույթները կիրառելիս անդամները պետք է հնարավորինս հաշվի առնեն Մասնագիտացված գործակալությունների արտոնությունների և անձեռնմխելիության մասին գլխավոր կոնվենցիայի տիպային դրույթները:

 

 

Հոդված 57

 

1. Միջկառավարական համաձայնագրով ստեղծված տարաբնույթ մասնագիտացված գործակալությունները, որոնք իրենց հիմնադիր փաստաթղթերով սահմանված միջազգային լայն պարտավորություններ ունեն տնտեսական, սոցիալական, մշակութային, կրթական, առողջապահական և հարակից ոլորտներում, Միավորված ազգերի կազմակերպության հետ հարաբերությունների մեջ են մտնում 63-րդ հոդվածի դրույթներին համապատասխան:

2. Այս կերպ Միավորված ազգերի կազմակերպության հետ հարաբերությունների մեջ մտնող այդ գործակալությունները այսուհետև կոչվում են մասնագիտացված գործակալություններ:

 

Հոդված 63

 

1. Տնտեսական և սոցիալական խորհուրդը կարող է համաձայնագրեր կնքել 57-րդ հոդվածում նշված գործակալություններից ցանկացածի հետ՝ սահմանելով այն պայմանները, որոնցով տվյալ գործակալությունը հարաբերությունների մեջ կմտնի Միավորված ազգերի կազմակերպության հետ: Այդ համաձայնագրերը ենթակա են Գլխավոր ասամբլեայի հաստատմանը:

2. Նա կարող է համակարգել մասնագիտացված գործակալությունների գործունեությունը` այդ գործակալությունների հետ խորհրդակցությունների և դրանց ներկայացվող առաջարկությունների միջոցով, ինչպես նաև Գլխավոր ասամբլեային և Միավորված ազգերի կազմակերպության անդամներին ներկայացվող առաջարկությունների միջոցով:

 

Հոդված 96

 

1. Գլխավոր ասամբլեան կամ Անվտանգության խորհուրդը կարող է Արդարադատության միջազգային դատարանից խորհրդատվական կարծիք հայցել ցանկացած իրավական հարցի վերաբերյալ:

2. Միավորված ազգերի կազմակերպության այլ մարմիններն ու մասնագիտացված գործակալությունները, որոնք կարող են ցանկացած ժամանակ լիազորվել Գլխավոր ասամբլեայի կողմից, նույնպես կարող են հայցել դատարանի խորհրդատվական կարծիքը իրենց գործունեության շրջանակում ծագող իրավական հարցերի վերաբերյալ:

 

__________________________________

1 Ուղղվել է 1977 թ. նոյեմբերի 9-ի A.371(X) բանաձևով:

2 1994 թ. նոյեմբերի 9՝ 16-րդ, 17-րդ հոդվածների և 19-րդ հոդվածի ,բե պարբերության առնչությամբ:

3 1982 թ. հուլիսի 28` 66-րդ հոդվածի առնչությամբ:

4 Տես ծանոթագրությունը:

5 Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության 57-րդ հոդվածում նշված է հետևյալը.

6 Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության 63-րդ հոդվածում նշված է հետևյալը.

7 Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության 96-րդ հոդվածում նշված է հետևյալը.

8 Կոնվենցիան ուժի մեջ է մտել 1958 թ. մարտի 17-ին:

9 Ստորագրությունները բաց են թողնված:

10 Կոնֆերանսի պատվիրակներն իրենց ստորագրությունները դրեցին միայն անգլերեն տեքստի տակ, թեև հասկանալի էր, որ բոլոր երեք տեքստերը հավասարազոր են:

11 Խորհրդի կազմին վերաբերող սույն հավելվածը կիրառությունից դուրս է եկել 17-րդ հոդվածի փոփոխությամբ, որը կատարվել է Ասամբլեայի` 1964 թ. սեպտեմբերի 15-ի A69 (ES.II) բանաձևով և ուժի մեջ է մտել 1967 թ. հոկտեմբերի 6-ին:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան