Գլխավոր տեղեկություն
Տիպ
Կոնվենցիա
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.02.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՆԻԱԺ 2020.06.30/2(67)
Ընդունող մարմին
Եվրոպայի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
30.01.2017
Ստորագրման ամսաթիվ
30.01.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.02.2021

ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ

 

Կ Ո Ն Վ Ե Ն Ց Ի Ա

 

(ՎԵՐԱՆԱՅՎԱԾ)

   

Ռոտերդամ, 30 հունվարի 2017 թ.

 

Նախաբան

     

Սույն Կոնվենցիան ստորագրող Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները և Եվրոպական մշակութային կոնվենցիայի անդամ մյուս պետությունները,

նկատի ունենալով, որ Եվրոպայի խորհրդի նպատակն է հասնել իր անդամների միջև ավելի սերտ միասնության, մասնավորապես պահպանել և խթանել նրանց ընդհանուր ժառանգությունը հանդիսացող իդեալներն ու սկզբունքները,

նկատի ունենալով, որ ստեղծագործելու ազատությունը և արտահայտվելու ազատությունն այդ սկզբունքների հիմնարար տարրերն են,

նկատի ունենալով, որ Եվրոպական մշակութային կոնվենցիայի նպատակներից մեկը եվրոպական տարբեր երկրների մշակութային բազմազանության խրախուսումն է,

հիմք ընդունելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» կոնվենցիան (Փարիզ, 20 հոկտեմբերի, 2005 թ.), որով մշակութային բազմազանությունը ընկալվում է որպես մարդկությանը բնորոշ առանձնահատկություն և նպատակ ունի ամրապնդելու մշակութային ինքնարտահայտման ձևերի ստեղծումը, արտադրությունը, տարածումը, բաշխումը և սպառումը,

նկատի ունենալով, որ համաշխարհային մակարդակով մշակութային բազմազանության ստեղծման և արտահայտման միջոց հանդիսացող կինեմատոգրաֆիական համատեղ արտադրությունը պետք է ամրապնդվի,

գիտակցելով, որ ֆիլմը մշակութային և գեղարվեստական կարևոր արտահայտչամիջոց է, որը նշանակալից դեր ունի խոսքի ազատության, բազմազանության ու ստեղծարարության, ինչպես նաև ժողովրդավարական քաղաքացիության պաշտպանության տեսանկյունից,

վճռական լինելով զարգացնելու այդ սկզբունքները և հիշեցնելով կինոյի և տեսալսողական բնագավառի մասին Նախարարների կոմիտեի՝ անդամ պետություններին ուղղված հանձնարարականները և, մասնավորապես, Եվրոպայում տեսալսողական արտադրության խթանման մասին Rec(86)3 և կինոարտադրության ազգային քաղաքականությունների և մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության մասին Rec(2009)7 հանձնարարականները,

ընդունելով, որ ստեղծագործական բնույթի՝ կինեմատոգրաֆիական և տեսալսողական ստեղծագործությունների համատեղ արտադրությանն ու տարածմանն աջակցող եվրոպական հիմնադրամի` «Եվրիմաժի» (Eurimages) հիմնադրման Res(88)15 բանաձևը փոփոխվել է, որպեսզի թույլ տա դրան միանալ ոչ անդամ պետություններին,

լի վճռականությամբ՝ հասնելու այդ նպատակներին արտադրության աճն ապահովող համընդհանուր ջանքերի շնորհիվ և սահմանելու կանոններ, որոնք հարմարեցված կլինեն կինեմատոգրաֆիական համատեղ արտադրություններին՝ որպես մեկ ամբողջություն,

հաշվի առնելով, որ ընդհանուր կանոնների ընդունումը միտված է նվազեցնելու սահմանափակումները ու նպաստելու կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության բնագավառում համագործակցությանը,

հաշվի առնելով 1992 թվականին «Կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության մասին» եվրոպական կոնվենցիայի (ETS N 147) ստորագրումից հետո կինոարդյունաբերության մեջ տեղ գտած տեխնոլոգիական, տնտեսական և ֆինանսական զարգացումները,

գիտակցելով, որ այդ զարգացումները պահանջում են 1992 թ. Կոնվենցիայի վերանայում՝ կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության համար այդ շրջանակի համապատասխանության և արդյունավետության շարունակաբար ապահովման համար,

ընդունելով, որ սույն Կոնվենցիան կոչված է փոխարինելու «Կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության մասին» եվրոպական կոնվենցիային,

համաձայնեցին ներքոնշյալի մասին.

     

Գլուխ I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

     

Հոդված 1. Կոնվենցիայի նպատակը

     

Սույն Կոնվենցիայի կողմերը պարտավորվում են խրախուսել միջազգային կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության զարգացումը` ստորև ներկայացվող դրույթներին համապատասխան:

   

Հոդված 2. Կիրառման ոլորտը

    

1. Սույն Կոնվենցիան կարգավորում է Կողմերի տարածքներում ստեղծվող բազմակողմ համատեղ արտադրության բնագավառում Կողմերի հարաբերությունները:

2. Սույն Կոնվենցիան կիրառվում է.

ա) այն համատեղ արտադրությունների նկատմամբ, որոնք ընդգրկում են Կոնվենցիայի երեք տարբեր կողմերում հիմնադրված առնվազն երեք համատեղ արտադրողի, և

բ) այն համատեղ արտադրությունների նկատմամբ, որոնք ընդգրկում են կոնվենցիայի անդամ երեք կողմերում հիմնադրված առնվազն երեք համատեղ արտադրողի և այդ Կողմերի տարածքներում չհիմնադրված մեկ կամ մի քանի արտադրողի: Կոնվենցիայի կողմերի տարածքներում չհիմնադրված համատեղ արտադրողների ներդրումի հանրագումարը, սակայն, չի կարող գերազանցել արտադրանքի ընդհանուր արժեքի 30%-ը:

Բոլոր դեպքերում սույն Կոնվենցիան կիրառելի է միայն այն պայմանով, որ ստեղծագործությունը համապատասխանում է ներքոնշյալ 3-րդ հոդվածի «գ» կետում սահմանված՝ պաշտոնապես համատեղ արտադրված կինեմատոգրաֆիական ստեղծագործության սահմանմանը:

3. Սույն Կոնվենցիայի Կողմերի միջև կնքված երկկողմ համաձայնագրերի դրույթները կիրառվում են երկկողմ համատեղ արտադրությունների նկատմամբ:

Բազմակողմ համատեղ արտադրությունների դեպքում սույն Կոնվենցիայի դրույթները նախապատվություն ունեն Կոնվենցիայի Կողմերի միջև կնքված երկկողմ համաձայնագրերի նկատմամբ: Երկկողմ համատեղ արտադրություններին վերաբերող դրույթներն ուժի մեջ են մնում, եթե չեն հակասում սույն Կոնվենցիայի դրույթներին:

4. Սույն Կոնվենցիայի երկու Կողմերի միջև համատեղ արտադրության երկկողմ հարաբերությունները կարգավորող համաձայնագրի բացակայության դեպքում Կոնվենցիան կիրառվում է նաև երկկողմ համատեղ արտադրությունների նկատմամբ, եթե 22-րդ հոդվածով նախատեսված պայմաններով Կողմերից մեկը վերապահում չի արել:

              

Հոդված 3. Սահմանումները

               

Սույն Կոնվենցիայի նպատակներով՝

ա) «Կինեմատոգրաֆիական ստեղծագործություն» հասկացությունը նշանակում է՝ շահագրգիռ Կողմերից յուրաքանչյուրի կինեմատոգրաֆիական արտադրությանը վերաբերող գործող դրույթների համաձայն և կինոթատրոններում ցուցադրվելու համար նախատեսված՝ ցանկացած տևողության կամ ցանկացած ձևով հաղորդվող ստեղծագործություն, մասնավորապես գեղարվեստական, անիմացիոն և փաստագրական կինեմատոգրաֆիական ստեղծագործություն,

բ) «համատեղ արտադրողներ» հասկացությունը նշանակում է՝ սույն Կոնվենցիայի Կողմերի հիմնադրած կինեմատոգրաֆիական արտադրության ընկերություններ կամ արտադրողներ, որոնք կապված են համատեղ արտադրության պայմանագրով,

գ) «պաշտոնական համատեղ կինեմատոգրաֆիական ստեղծագործություն» (այսուհետ՝ կինոնկար) հասկացությունը նշանակում է՝ սույն Կոնվենցիայի անբաժանելի մաս կազմող II հավելվածում նշված պայմանները բավարարող կինեմատոգրաֆիական ստեղծագործություն,

դ) «բազմակողմ համատեղ արտադրություն» հասկացությունը նշանակում է՝ վերը նշված 2-րդ հոդվածի 2-րդ կետում սահմանված առնվազն երեք արտադրողի կողմից արտադրված կինեմատոգրաֆիական ստեղծագործություն:

              

Գլուխ II. ՀԱՄԱՏԵՂ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ԿԱՆՈՆՆԵՐԸ

         

Հոդված 4. Հավասարեցումը ազգային ֆիլմերին

             

1. Բազմակողմ համատեղ արտադրությամբ իրականացված և սույն Կոնվենցիայի կիրառման ոլորտում գտնվող կինեմատոգրաֆիական ստեղծագործություններն օգտվում են նշված համատեղ արտադրությանը մասնակցած՝ սույն Կոնվենցիայի յուրաքանչյուր Կողմում գործող օրենսդրական և կանոնակարգային դրույթների համաձայն ազգային ֆիլմերին վերապահվող բոլոր առավելություններից:

2. Յուրաքանչյուր համատեղ արտադրողին առավելությունները տրամադրում է այն Կողմը, որտեղ համատեղ արտադրողը հիմնադրված է՝ տվյալ Կողմի օրենսդրական և կանոնակարգային դրույթներով նախատեսված պայմաններով ու սահմաններում և սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան:

         

Հոդված 5. Համատեղ արտադրության կարգավիճակ ստանալու պայմանները

         

1. Կինեմատոգրաֆիական ստեղծագործության յուրաքանչյուր համատեղ արտադրություն պետք է ստանա այն Կողմերի իրավասու մարմինների հաստատումը, որտեղ հիմնադրված են համատեղ արտադրողները, այդ իրավասու մարմինների միջև խորհրդակցությունից հետո և I հավելվածում նախատեսված ընթացակարգի համաձայն: Նշված հավելվածը կազմում է սույն Կոնվենցիայի անբաժան մասը:

2. Համատեղ արտադրության կարգավիճակ ստանալու դիմումները ներկայացվում են համապատասխան իրավասու մարմինների հաստատմանը՝ I հավելվածում նախատեսված` դիմումների ներկայացման ընթացակարգի համաձայն: Տրված հավանությունը վերջնական է՝ բացառությամբ այն դեպքերի, երբ չեն կատարվում գեղարվեստական, ֆինանսական կամ տեխնիկական բնույթի նախնական պարտավորությունները:

3. Ակնհայտորեն պոռնոգրաֆիական բնույթ ունեցող կամ խտրականությունը, ատելությունը կամ բռնությունը արդարացնող կամ բացահայտորեն մարդու արժանապատվությունը ոտնահարող ծրագրերը չեն կարող ստանալ համատեղ արտադրության կարգավիճակ:

4. Համատեղ արտադրության կարգավիճակով նախատեսված առավելությունները տրվում են այն համատեղ արտադրողներին, որոնք համարվում է, որ տիրապետում են համարժեք ֆինանսական և տեխնիկական միջոցների, ինչպես նաև ունեն բավարար մասնագիտական որակավորում:

5. Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն ստորագրման կամ վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելու ժամանակ համապատասխան հայտարարության միջոցով նշանակում է այն իրավասու մարմինները, որոնց մասին հիշատակվում է վերոնշյալ 2-րդ կետում: Այդ հայտարարությունը կարող է հետագայում փոփոխվել ցանկացած պահի:

              

Հոդված 6. Համատեղ արտադրողներից յուրաքանչյուրի ներդրումների համամասնությունը

                   

1. Բազմակողմ համատեղ արտադրության դեպքում մասնակցության նվազագույն չափը չի կարող լինել կինեմատոգրաֆիական ստեղծագործության արտադրության ընդհանուր ծախսերի 5%-ից պակաս, իսկ առավելագույնը չի կարող գերազանցել 80%-ը: Եթե մասնակցության նվազագույն չափը 20%-ից պակաս է, կամ համատեղ արտադրության մասնակցությունը միայն ֆինանսական է, ապա շահագրգիռ Կողմը կարող է միջոցներ ձեռնարկել ազգային կինոարտադրությանն աջակցող մեխանիզմներից օգտվելու հնարավորությունը նվազեցնելու կամ արգելելու համար:

2. Երբ սույն Կոնվենցիան 2-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված պայմաններով երկու Կողմերի միջև հանդես է գալիս որպես երկկողմ համաձայնագիր, մասնակցության նվազագույն չափը չի կարող լինել կինեմատոգրաֆիական ստեղծագործության արտադրության ընդհանուր ծախսերի 10%-ից պակաս, իսկ առավելագույնը չի կարող գերազանցել 90%-ը: Եթե նվազագույն մասնակցությունը 20%-ից պակաս է կամ համատեղ արտադրության մասնակցությունը միայն ֆինանսական է, ապա շահագրգիռ Կողմը կարող է միջոցներ ձեռնարկել ազգային կինոարտադրությանը աջակցող մեխանիզմներից օգտվելու հնարավորությունը նվազեցնելու կամ արգելելու համար:

            

Հոդված 7. Կինեմատոգրաֆիական ստեղծագործության համաարտադրողների իրավունքները

                       

1. Համատեղ արտադրության պայմանագիրը յուրաքանչյուր համատեղ արտադրողի համար պետք է երաշխավորի կինոնկարի նյութական և ոչ նյութական սեփականության իրավունքները։ Պայմանագիրը պետք է ներառի դրույթ, ըստ որի՝ կինոնկարի մաստեր-պատճենը (առաջին ավարտուն տարբերակ) պետք է պահվի համաարտադրողների փոխադարձ համաձայնությամբ ընտրված վայրում, և դրա հասանելիությունը նրանց համար պետք է երաշխավորված լինի:

2. Համատեղ արտադրության պայմանագիրը պետք է նաև յուրաքանչյուր համատեղ արտադրողի համար երաշխավորի կինոնկարի նյութերի և մաստեր-պատճենի հասանելիությունը՝ վերարտադրությունը հնարավոր դարձնող այլ միջոց ունենալու իրավունքը:

              

Հոդված 8. Տեխնիկական և գեղարվեստական մասնակցություն

             

1. Համատեղ արտադրողներից յուրաքանչյուրի ներդրումը պարտադիր պետք է ներառի տեխնիկական և գեղարվեստական արդյունավետ մասնակցություն: Սկզբունքորեն և Կողմերի համար պարտադիր միջազգային պարտավորությունների համաձայն՝ համատեղ արտադրողների ստեղծագործական, տեխնիկական և դերասանական անձնակազմին, կատարողներին և տեխնիկական միջոցներին առնչվող մասնակցությունը պետք է համամասնական լինի նրանց ֆինանսական ներդրմանը:

2. Կողմերի համար պարտադիր միջազգային պարտավորությունների և սցենարի պահանջների համաձայն՝ ֆիլմի նկարահանման անձնակազմը պետք է բաղկացած լինի համատեղ արտադրությունում գործընկեր պետությունների քաղաքացիներից, և հետնկարահանման փուլը, որպես կանոն, պետք է իրականացվի այդ պետություններում:

       

Հոդված 9. Համատեղ արտադրության ֆինանսական մասնակցությունը

                

1. Առանց վնասելու 8-րդ հոդվածի դրույթները և համաձայն Կողմերի տարածքներում գործող օրենքներում ու կանոնակարգերում նշված հատուկ դրույթների և սահմանափակումների, սույն Կոնվենցիայի դրույթների համաձայն՝ համատեղ արտադրություններին կարող է տրամադրվել համատեղ արտադրության կարգավիճակ, եթե դրանք բավարարում են հետևյալ պայմանները.

ա) համատեղ արտադրության պայմանագրի համաձայն` ներառում են մեկ կամ ավել միայն ֆինանսական նվազագույն ներդրումներ՝ պայմանով, որ յուրաքանչյուրի ազգային մասնակցության չափը չպետք է լինի արտադրության ծախսերի 10%-ից պակաս և 25%-ից ավել,

բ) ներառում են մասնակցության առավելագույն մասը ներկայացնող համաարտադրող, որը արդյունավետ տեխնիկական և գեղարվեստական մասնակցություն է ունենում ֆիլմի թողարկմանը և բավարարում է իր երկրում կինեմատոգրաֆիական ստեղծագործությունը ազգային ստեղծագործություն ճանաչելու պայմանները,

գ) օգնում են մշակութային բազմազանության և միջմշակութային երկխոսության խթանմանը, և

դ) հանդիսանում են համատեղ արտադրության պայմանագրերի առարկա, որոնք ներառում են եկամուտների բաշխմանը վերաբերող դրույթներ:

2. Ֆինանսական մասնակցությամբ համատեղ արտադրությունները կարող են համատեղ արտադրության կարգավիճակ ստանալ միայն յուրաքանչյուր առանձին գործով իրավասու մարմինների հաստատում ստանալուց հետո՝ մասնավորապես հաշվի առնելով ներքոնշյալ 10-րդ հոդվածի դրույթները:

          

Հոդված 10. Ընդհանուր հավասարակշռությունը

                      

1. Կողմերի միջև կինեմատոգրաֆիական հարաբերություններում պետք է պահպանվի ընդհանուր հավասարակշռություն՝ հաշվի առնելով ինչպես համատեղ արտադրությամբ նկարահանված կինեմատոգրաֆիական ստեղծագործությունների ներդրումների ընդհանուր չափի, այնպես էլ ստեղծագործական և տեխնիկական մասնակցությունը:

2. Այն Կողմը, որը խելամիտ ժամանակահատվածում դեֆիցիտ է հայտնաբերում մեկ կամ ավել Կողմերի հետ համատեղ արտադրության իր հարաբերություններում, կարող է մերժել հաջորդ համատեղ արտադրությունը հաստատելուց, մինչև այդ Կողմի կամ Կողմերի հետ իր կինեմատոգրաֆիական հարաբերությունների հավասարակշռության վերականգնումը:

          

Հոդված 11. Երկիր մուտք գործելը և կեցությունը

                   

Օրենքների և կանոնակարգերի, ինչպես նաև գործող միջազգային պարտավորությունների համաձայն՝ յուրաքանչյուր Կողմ դյուրացնում է համատեղ արտադրության մասնակից մյուս Կողմերի տեխնիկական և դերասանական անձնակազմերի՝ իր տարածք մուտք գործելը և կեցությունը, ինչպես նաև իր տարածքում աշխատանքի թույլտվության տրամադրումը: Յուրաքանչյուր Կողմ նաև թույլ է տալիս սույն Կոնվենցիայի շրջանակներում կինեմատոգրաֆիական ստեղծագործությունների արտադրության և տարածման համար անհրաժեշտ սարքավորումների ժամանակավոր ներմուծումը և վերաարտահանումը:

             

Հոդված 12. Համատեղ արտադրող երկրների մասին նշումը

               

1. Համատեղ արտադրված կինեմատոգրաֆիական ստեղծագործություններում պետք է նշվեն համաարտադրող երկրները:

2. Այդ երկրների անունները պետք է հստակ հիշատակվեն ֆիլմի տիտրերում, բոլոր հանրային և գովազդային նյութերում, ինչպես նաև այդ կինեմատոգրաֆիական ստեղծագործությունների ներկայացման ժամանակ:

          

Հոդված 13. Արտահանումը

                      

Երբ համատեղ արտադրված կինեմատոգրաֆիական ստեղծագործությունը արտահանվում է մի երկիր, որտեղ կինեմատոգրաֆիական ստեղծագործությունների ներմուծումը նորմավորված է, և որտեղ համաարտադրող Կողմերից մեկը չունի ներմուծող երկրում իր կինեմատոգրաֆիական ստեղծագործությունների ազատ մուտքի իրավունք.

ա) կինեմատոգրաֆիական ստեղծագործությունը, որպես կանոն, ավելացվում է այն երկրի քվոտային, որի մասնակցության չափն առավելագույնն է,

բ) այն ավելացվում է այն երկրի քվոտային, որը ներմուծող երկրում ունի արտահանման լավագույն հնարավորությունները, եթե կինեմատոգրաֆիական ստեղծագործության մեջ երկրների մասնակցության բաժինը հավասար է,

գ) կինեմատոգրաֆիական ստեղծագործությունը ավելացվում է այն երկրի քվոտային, որը ներկայացնում է ռեժիսորը, եթե վերը նշված «ա» և «բ» կետերի դրույթները հնարավոր չէ կիրարկել:

            

Հոդված 14. Լեզուները

                 

Համատեղ արտադրության կարգավիճակ ստանալու ժամանակ Կողմի իրավասու մարմինը իր երկրում հիմնադրված համատեղ արտադրողից կարող է հայցել կինեմատոգրաֆիական ստեղծագործության վերջնական տարբերակը այդ Կողմի լեզուներից մեկով։

                 

Հոդված 15. Փառատոները

                   

Եթե համատեղ արտադրողներն այլ բան չեն որոշել, համատեղ արտադրված կինեմատոգրաֆիական ստեղծագործությունները միջազգային փառատոներին ներկայացնում է այն Կողմը, որի տարածքում հիմնադրվել են համաարտադրողներիը մեծամասնությունը, կամ, հավասար ֆինանսական մասնակցության դեպքում, այն Կողմը, որը ներկայացնում է ռեժիսորը:

                 

Գլուխ III. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

          

Հոդված 16. Կոնվենցիայի ազդեցությունը

           

1. Սույն Կոնվենցիան իր անդամ պետությունների համար փոխարինում է 1992 թ. հոկտեմբերի 2-ին ստորագրման համար բացված «Կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության մասին» եվրոպական կոնվենցիային:

2. Սույն Կոնվենցիայի Կողմի և 1992թ. կոնվենցիայի այն Կողմի միջև հարաբերությունները, որը չի վավերացրել սույն Կոնվենցիան, կշարունակվի կիրառվել 1992թ. կոնվենցիան:

       

Հոդված 17. Կոնվենցիայի կիրարկումը և I ու II հավելվածների փոփոխությունները

             

1. Ստեղծագործական բնույթի կինեմատոգրաֆիական և տեսալսողական ստեղծագործությունների համատեղ արտադրությանն ու տարածմանն աջակցող եվրոպական հիմնադրամի` «Եվրիմաժի» տնօրենների խորհուրդը պատասխանատու է սույն Կոնվենցիայի կիրարկման համար:

2. Սույն Կոնվենցիայի յուրաքանչյուր Կողմ, որը չի հանդիսանում «Եվրիմաժի» անդամ, կարող է ներկայացված լինել և ունենալ մեկ ձայնի իրավունք «Եվրիմաժի» տնօրենների խորհրդում, երբ խորհուրդն իրականացնում է սույն Կոնվենցիայով իրեն վերապահված գործառույթները:

3. Կոնվենցիայի արդյունավետ կիրարկումը խթանելու նպատակով «Եվրիմաժի» տնօրենների խորհուրդը կարող է.

ա) ներկայացնել առաջարկություններ՝ Կողմերի միջև փորձի և լավագույն գործելակերպի փոխանակումը դյուրացնելու նպատակով,

բ) ներկայացնել իր կարծիքը սույն Կոնվենցիայի կատարման և կիրարկման վերաբերյալ ցանկացած հարցի առնչությամբ և ներկայացնել հատուկ առաջարկություններ Կողմերին:

4. Սույն Կոնվենցիայի I և II հավելվածների դրույթների թարմացման նպատակով, որպեսզի ապահովվի դրանց շարունակական համապատասխանությունը կինեմատոգրաֆիկ արդյունաբերությունում ընդհանուր գործելակերպին, դրանցում կարող են առաջարկվել փոփոխություններ ցանկացած Կողմի, նախարարների կոմիտեի կամ ստեղծագործական բնույթի՝ կինեմատոգրաֆիական և տեսալսողական արտադրանքների համատեղ արտադրությանն ու տարածմանն աջակցող եվրոպական հիմնադրամի` «Եվրիմաժի» տնօրենների խորհրդի կողմից: Փոփոխությունների առաջարկությունները Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի կողմից փոխանցվում են Կողմերին:

5. Կողմերի հետ խորհրդակցությունից հետո նախարարների կոմիտեն կարող է 4-րդ կետի համաձայն առաջարկված փոփոխությունն ընդունել Եվրոպայի խորհրդի կանոնադրության 20-րդ հոդվածի «դ» ենթակետով նախատեսված ձայների մեծամասնությամբ: Փոփոխություն ուժի մեջ է մտնում մեկ տարի հետո այն ժամկետից, երբ դրանք փոխանցվել են Կողմերին: Այդ ժամանակահատվածում ցանկացած Կողմ կարող է գլխավոր քարտուղարին ծանուցել իր համար փոփոխության ուժի մեջ մտնելու վերաբերյալ ցանկացած առարկության մասին:

6. Եթե Կողմերի մեկ երրորդը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին ծանուցում է փոփոխությունների ուժի մեջ մտնելու առարկության մասին, ապա փոփոխությունն ուժի մեջ չի մտնում:

7. Եթե մեկ երրորդից պակաս Կողմերը ծանուցում են առարկության մասին, ապա փոփոխությունն ուժի մեջ է մտնում այն Կողմերի համար, որոնք չեն ծանուցել առարկության մասին:

8. Երբ սույն հոդվածի 5-րդ և 7-րդ կետերի համաձայն փոփոխությունն ուժի մեջ է մտել, և Կողմը ծանուցել է առարկության մասին, փոփոխությունը տվյալ Կողմի համար ուժի մեջ է մտնում այն ամսաթվին հաջորդող ամսվա առաջին օրը, երբ Կողմը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին ծանուցել է փոփոխությունն ընդունելու մասին: Առարկության մասին հայտնած Կողմը կարող է ցանկացած ժամանակ այն հետ վերցնել՝ այդ մասին ծանուցելով Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին:

9. Եթե նախարարների կոմիտեն ընդունում է փոփոխությունը, պետությունը կամ Եվրոպական միությունը կարող է չարտահայտել իր համաձայնությունը Կոնվենցիան իր համար պարտադիր լինելու մասին՝ միևնույն ժամանակ չընդունելով փոփոխությունը:

             

Հոդված 18. Ստորագրումը, վավերացումը, ընդունումը, հաստատումը

                 

1. Սույն Կոնվենցիան ստորագրման համար բաց է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների և Եվրոպական մշակութային կոնվենցիայի անդամ այլ պետությունների համար, որոնք կարող են արտահայտել Կոնվենցիան իրենց համար պարտադիր լինելու համաձայնությունը հետևյալ կերպ.

ա) ստորագրմամբ` առանց ընդունման, վավերացման կամ հաստատման պայմանի, կամ

բ) ստորագրմամբ` հետագա վավերացման, ընդունման կամ հաստատման պայմանով:

2. Վավերագրերը, ընդունման կամ հաստատման փաստաթղթերն ի պահ են հանձնվում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին:

            

Հոդված 19. Ուժի մեջ մտնելը

                    

1. Կոնվենցիան ուժի մեջ է մտնում այն ամսաթվից հետո եռամսյա ժամկետը լրանալու ամսաթվին հաջորդող ամսվա առաջին օրը, երբ երեք պետություն, ներառյալ Եվրոպայի խորհրդի անդամ առնվազն երկու պետություն, համաձայն 18-րդ հոդվածի դրույթների, արտահայտել են Կոնվենցիան իրենց համար պարտադիր լինելու համաձայնության մասին:

2. Յուրաքանչյուր ստորագրող պետության համար, որը հետագայում արտահայտում է Կոնվենցիան իր համար պարտադիր լինելու համաձայնություն, Կոնվենցիան ուժի մեջ է մտնում նրա կողմից ստորագրվելուց կամ վավերագրերի, ընդունման կամ հաստատման փաստաթղթերն ի պահ հանձնվելուց հետո երեք ամիս ժամկետը լրանալու ամսաթվին հաջորդող ամսվա առաջին օրը:

             

Հոդված 20. Ոչ անդամ պետությունների միանալը

                  

1. Սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հետո Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն, խորհրդակցելով Կողմերի հետ, կարող է հրավիրել Եվրոպայի խորհրդի անդամ չհանդիսացող ցանկացած պետության, ինչպես նաև Եվրոպական միությանը՝ միանալու սույն Կոնվենցիային՝ Եվրոպայի խորհրդի կանոնադրության 20-րդ հոդվածի «դ» կետով նախատեսված ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ և նախարարների կոմիտեում ներկայացված լինելու իրավունք ունեցող Պայմանավորվող պետությունների ներկայացուցիչների միաձայն որոշմամբ:

2. Յուրաքանչյուր միացող պետության կամ Եվրոպական միության համար, վերջինիս միանալու դեպքում, Կոնվենցիան ուժի մեջ է մտնում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին միանալու մասին փաստաթուղթը ի պահ հանձնելու ամսաթվից հետո երեք ամիս ժամկետը լրանալու ամսաթվին հաջորդող ամսվա առաջին օրը:

     

Հոդված 21. Տարածքային պայման

                   

1. Յուրաքանչյուր պետություն ստորագրման կամ վավերագրերի, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթղթերն ի պահ հանձնելու պահին կարող է նշել այն տարածքը կամ տարածքները, որոնց նկատմամբ կիրառվելու է սույն Կոնվենցիան:

2. Յուրաքանչյուր կողմ կարող է հետագայում՝ ցանկացած պահի, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին ուղղված հայտարարությամբ սույն Կոնվենցիայի կիրառումը տարածել հայտարարությունում նշված ցանկացած այլ տարածքի նկատմամբ: Այդ տարածքի նկատմամբ Կոնվենցիան ուժի մեջ է մտնում հայտարարությունը գլխավոր քարտուղարի ստանալու ամսաթվից հետո երեք ամիս ժամկետը լրանալու ամսաթվին հաջորդ ամսվա առաջին օրը:

3. Նախորդ երկու կետերին համապատասխան արված որևէ հայտարարություն, այդ հայտարարությունում նշված ցանկացած տարածքի վերաբերյալ, կարող է հետ վերցվել գլխավոր քարտուղարին ուղղված ծանուցման միջոցով: Հետ վերցնելու մասին փաստաթուղթն ուժի մեջ է մտնում նման ծանուցումը գլխավոր քարտուղարի ստանալու ամսաթվից հետո երեք ամիս ժամկետը լրանալու ամսաթվին հաջորդ ամսվա առաջին օրը:

         

Հոդված 22. Վերապահումներ

                 

1. Յուրաքանչյուր պետություն ստորագրման կամ վավերագրերի, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթղթերն ի պահ հանձնելու պահին կարող է հայտարարել, որ 2-րդ հոդվածի 4-րդ կետը չի կիրառվում մեկ կամ ավել Կողմերի հետ համատեղ արտադրության իր երկկողմ հարաբերություններում: Բացի այդ՝ նա կարող է իրեն վերապահել 9-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետում նշվածից այլ՝ առավելագույն մասնակցության չափ սահմանելու իրավունք: Որևէ այլ վերապահում չի կարող արվել:

2. Յուրաքանչյուր Կողմ, որը, նախորդ կետի համաձայն, վերապահում է արել, կարող է այն ամբողջովին կամ մասնակիորեն հետ վերցնել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին ուղղված ծանուցման միջոցով: Հետ վերցնելու մասին փաստաթուղթն ուժի մեջ է մտնում նման ծանուցումը գլխավոր քարտուղարի ստանալու ամսաթվից:

          

Հոդված 23. Չեղյալ հայտարարելը

              

1. Յուրաքանչյուր Կողմ կարող է ցանկացած պահի իր համար դադարեցնել սույն Կոնվենցիայի գործողությունը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին ուղղված ծանուցման միջոցով:

2. Գործողության դադարեցումն ուժի մեջ է մտնում ծանուցումը գլխավոր քարտուղարի ստանալու ամսաթվից հետո վեցամսյա ժամկետի ավարտին հաջորդող ամսվա առաջին օրը:

          

Հոդված 24. Ծանուցումներ

                     

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին, ինչպես նաև Եվրոպական միությանը և սույն Կոնվենցիային միացած կամ դրան միանալու հրավիրված ցանկացած այլ պետության ծանուցում է.

ա) յուրաքանչյուր ստորագրման մասին,

բ) յուրաքանչյուր վավերագրի կամ ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթղթերն ի պահ հանձնելու մասին,

գ) համաձայն 19-րդ, 20-րդ ու 21-րդ հոդվածների՝ սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու յուրաքանչյուր ամսաթվի մասին,

դ) 22-րդ հոդվածին համապատասխան կատարված յուրաքանչյուր վերապահման կամ վերապահումը հանելու մասին,

ե) 5-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան արված յուրաքանչյուր հայտարարության մասին,

զ) 23-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ծանուցված գործողության դադարեցման մասին,

է) սույն Կոնվենցիային առնչվող ցանկացած այլ ակտի, ծանուցման կամ հաղորդագրության մասին:

Ի հավաստումն որի՝ պատշաճ ձևով լիազորված ներքոստորագրյալները ստորագրեցին սույն Կոնվենցիան:

Կատարված է Ռոտերդամում 2017 թվականի հունվարի 30-ին, ֆրանսերեն և անգլերեն մեկ հավասարազոր օրինակով, որն ի պահ է հանձնվում Եվրոպայի խորհրդի արխիվին: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը հաստատված պատճեններն ուղարկում է 18-րդ հոդվածի 1-ին կետում նշված պետություններին, ինչպես նաև Եվրոպական միությանը և յուրաքանչյուր պետության, որը հրավիրվել է՝ միանալ սույն Կոնվենցիային:

            

ՀԱՎԵԼՎԱԾ I

         

Հայտերի ներկայացման ընթացակարգը

                                

Սույն Կոնվենցիայի դրույթներով նախատեսված արտոնություններից օգտվելու նպատակով Կողմերի տարածքներում հիմնադրված համատեղ արտադրողները հիմնական նկարահանումներից կամ հիմնական անիմացիայից բավարար ժամանակ առաջ ժամանակավոր համատեղ արտադրության կարգավիճակ ստանալու համար պետք է ներկայացնեն հայտ և կցեն ստորև նշված փաստաթղթերը: Նշված փաստաթղթերն իրավասու մարմիններին պետք է ներկայացվեն բավարար քանակով, որպեսզի դրանք մյուս Կողմերի մարմիններին հանձնվեն նկարահանման մեկնարկից առնվազն մեկ ամիս առաջ.

- հայտարարություն հեղինակային իրավունքի վիճակի մասին,

- ֆիլմի համառոտագրությունը,

- մասնակից յուրաքանչյուր երկրի տեխնիկական և ստեղծագործական ներդրումների նախնական ցուցակը,

- բյուջեն և ֆինանսավորման նախնական պլանը,

- կինոարտադրության նախնական ժամանակացույցը,

- համատեղ արտադրողների միջև կնքված համատեղ արտադրության պայմանագիրը կամ համառոտ համաձայնությունը (deal-memo): Այդ փաստաթուղթը պետք է ներառի համատեղ արտադրողների միջև եկամուտների և շուկաների բաշխման վերաբերյալ դրույթներ:

Համատեղ արտադրության վերջնական կարգավիճակը տրվում է ֆիլմի նկարահանումների ավարտից և ազգային մարմինների կողմից ներքոհիշյալ վերջնական արտադրության փաստաթղթերի քննարկումից հետո.

- Հեղինակային իրավունքները հավաստիացնող պայմանագրերի ամբողջական փաթեթ,

- վերջնական սցենարը,

- մասնակից երկրներից յուրաքանչյուրի տեխնիկական և ստեղծագործական ներդրումների վերջնական ցանկը,

- ծախսերի վերջնական հաշվետվությունը,

- ֆինանսավորման վերջնական պլանը,

- համատեղ արտադրողների միջև համատեղ արտադրության մասին պայմանագիրը։ Այդ պայմանագիրը պետք է ներառի համատեղ արտադրողների միջև եկամուտների և շուկաների բաշխման վերաբերյալ դրույթներ:

Ազգային մարմինները կարող են պահանջել հայտի գնահատման համար անհրաժեշտ ցանկացած այլ փաստաթուղթ՝ ազգային օրենսդրության համապատասխան։

Հայտը և մյուս փաստաթղթերը հնարավորության դեպքում պետք է ներկայացվեն այն իրավասու մարմինների լեզվով, որոնց ուղարկվում են:

Իրավասու ազգային մարմինները հայտը և կցված փաստաթղթերը ստանալուն պես դրանք փոխանցում են միմյանց։ Նվազագույն ֆինանսական մասնակցություն ունեցող Կողմի իրավասու մարմիններն իրենց հաստատումը չեն տալիս մինչև առավելագույն ֆինանսական մասնակցություն ունեցող Կողմի կարծիքն ստանալը:

           

ՀԱՎԵԼՎԱԾ II

                  

 Կինեմատոգրաֆիական ստեղծագործությունը

որակավորող սահմանում

             

1. Կինեմատոգրաֆիական գեղարվեստական ստեղծագործությունը 3-րդ հոդվածի «գ» կետի իմաստով որակավորվում է որպես պաշտոնական համատեղ արտադրություն, եթե Կոնվենցիայի Կողմ պետություններում սահմանված ելակետային բաղադրիչների վերաբերյալ հավաքում է, ստորև նշված բաղադրիչների ցանկի համաձայն, ընդհանուր 21 հնարավորից առնվազն 16 միավոր։

2. Նկատի առնելով համատեղ արտադրության բնութագրերի պահանջները՝ իրավասու մարմինները միմյանց հետ խորհրդակցելուց հետո կարող են համատեղ արտադրության կարգավիճակ տրամադրել, որպես կանոն, պահանջվող 16 միավորից ցածր միավոր հավաքած ստեղծագործության։

                  

Կոնվենցիայի Կողմ պետություններում ելակետային բաղադրիչներ

Չափման միավոր

Բեմադրող ռեժիսոր

4

Սցենարի հեղինակ

3

Կոմպոզիտոր

1

Առաջին դեր

3

Երկրորդ դեր

2

Երրորդ դեր

1

Նկարահանող խմբի ղեկավար - Գլխավոր օպերատոր

1

Ստորաբաժանման ղեկավար - ձայնային ռեժիսոր

1

Ստորաբաժանման ղեկավար - պատկերների մոնտաժում

1

Ստորաբաժանման ղեկավար - բեմադրող նկարիչ կամ զգեստների նկարիչ

1

Ստուդիայի կամ նկարահանման վայր

1

Տեսողական էֆեկտների (VFX) կամ համակարգչային կառավարվող անիմացիայի (CGI) վայր

1

Հետարտադրության իրականացման վայր

1

 

21

Ծանոթություն: Առաջին, երկրորդ և երրորդ դերերը որոշվում են աշխատած օրերի քանակով

 

3. Անիմացիոն կինեմատոգրաֆիական ստեղծագործությունը 3-րդ հոդվածի «գ» կետի իմաստով որակավորվում է որպես պաշտոնական համատեղ արտադրություն, եթե հավաքում է, ստորև նշված բաղադրիչների ցանկի համաձայն, ընդհանուր 23 հնարավորից առնվազն 15 միավորը։

4. Նկատի առնելով համատեղ արտադրության բնութագրերի պահանջները՝ իրավասու մարմինները միմյանց հետ խորհրդակցելուց հետո կարող են համատեղ արտադրության կարգավիճակ տրամադրել, որպես կանոն, պահանջվող 15 միավորից պակաս հավաքած ստեղծագործության։

         

Կոնվենցիայի Կողմ պետություններում ելակետային բաղադրիչներ

Չափման միավոր

Հայեցակարգ

1

Սցենար

2

Կերպարների մշակում

2

Երաժշտության ստեղծագործություն

1

Բեմադրություն

2

Storyboard - Պատկերների հերթականության ստեղծում

2

Գլխավոր նկարիչ

1

Համակարգչային հետին պլաններ

1

Անշարժ կադր (2D) կամ անշարժ կադր և կինոխցիկի շարժման հաջորդականություն (3D)

2

Կոնվենցիայի Կողմ պետություններում անիմացիայի հետ կապված ծախսերի 75%-ը

3

Կոնվենցիայի Կողմ պետություններում արված 75% մաքրումը, փուլավորումը և գունալցումը (2D) կամ

3

Կոնվենցիայի Կողմ պետություններում արված 75% գունալցումը, լուսավորումը, ռիգինգը (մոդելների շարժման մեխանիզմների պատրաստում), մոդելավորումը (օրգանական օբյեկտների և հետին ֆոների ստեղծում) և տեկստուրավորումը (գործող անձանց համար կաշվի, կտորեղենի պատրաստում) (3D)

Կադրի ձևավորում կամ տեսախցիկի տեղադրում

1

Մոնտաժ

1

Ձայն

1

 

23

5. Փաստավավերագրական կինեմատոգրաֆիական ստեղծագործությունը 3-րդ հոդվածի «գ» կետի իմաստով որակավորվում է որպես պաշտոնական համատեղ արտադրություն, եթե հավաքում է, ստորև բերված բաղադրիչների ցանկի համաձայն, կիրառելի միավորների ընդհանուրի առնվազն 50%-ը։

6. Նկատի առնելով համատեղ արտադրության բնութագրերի պահանջները՝ իրավասու մարմինները միմյանց հետ խորհրդակցելուց հետո կարող են համատեղ արտադրության կարգավիճակ տրամադրել կիրառելի միավորների ընդհանուրի՝ որպես կանոն պահանջվող 50%-ից պակաս հավաքած ստեղծագործություններին։

           

Կոնվենցիայի Կողմ պետություններում ելակետային բաղադրիչներ

Չափման միավոր

Բեմադրող ռեժիսոր

4

Սցենարի հեղինակ

1

Օպերատոր

2

Մոնտաժող

2

Հետազոտող

1

Կոմպոզիտոր

1

Ձայն

1

Նկարահանումների վայր

1

Հետարտադրության իրականացման վայր

2

Տեսողական էֆեկտների (VFX) կամ համակարգչային կառավարվող պատկերների (CGI) պատրաստման վայր

1

 

16

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան