«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
9 հուլիսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 ապրիլի 2004 թվականի N 934-Ն
ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՆ ՏՆՕՐԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն 2003 թվականի սեպտեմբերի 15-ին ստորագրված հայտագրի` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը 5000000 յուան գումարի չափով որպես նվիրատվություն տրամադրված գյուղատնտեսական տեխնիկայի տնօրինումը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը որպես նվիրատվություն տրամադրված 5000000 յուան գումարի չափով 2004 թվականին Հայաստանի Հանրապետություն ներկրված 51 միավոր «FT-404» մակնիշի տրակտորները` համալրված համապատասխան գյուղատնտեսական գործիքներով (գութան, շարքացան, հնձիչ, կցասայլ), իրացնել բաց աճուրդով:
2. Սահմանել, որ`
ա) աճուրդի կազմակերպիչն ընտրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
բ) աճուրդն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից սահմանված կարգով.
գ) գյուղատնտեսական տեխնիկայի` աճուրդով վաճառքի նվազագույն գինը սահմանում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունն ու Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը.
դ) աճուրդով վաճառվող գյուղատնտեսական տեխնիկայի իրացումից գոյացած միջոցները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական գանձապետարանում բացված հատուկ հաշվին և սահմանված կարգով օգտագործվում գյուղատնտեսական ծրագրերի ֆինանսավորման համար.
ե) աճուրդն իրականացնող գործակալի կողմից իրականացված ծախսերը (ապրանքի ստացում, մաքսային ձևակերպում, բեռնաթափում, ապակոնսերվացում, հավաքում, կարգաբերում և պահպանում) հատուցվում են գյուղատնտեսական տեխնիկայի իրացումից գոյացած միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցված նախահաշվի.
զ) առաջիկա 5 տարվա ընթացքում աճուրդով գնված գյուղատնտեսական տեխնիկայի արտահանման դեպքում սեփականատերը պարտավոր է վճարել դրա իրական (ինվոյսային) և աճուրդային վաճառքի գների տարբերությունը` հանած շահագործման յուրաքանչյուր տարվա մաշվածության գումարը` սահմանված նորմատիվային չափին համապատասխան:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` աճուրդն իրականացնող գործակալի միջոցով ապահովել գյուղատնտեսական տեխնիկայի ստացումը, մաքսային ձևակերպումը, բեռնաթափումը, ապակոնսերվացումը, հավաքումը, կարգաբերումը և պահպանումը` կնքելով համապատասխան պայմանագիր` համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցված ծախսերի նախահաշվի:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին`
ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընտրել աճուրդն իրականացնող գործակալ` կնքելով գործակալության պայմանագիր.
բ) աճուրդն իրականացնող գործակալի կողմից կատարված ծախսերը փոխհատուցել սույն որոշման 2-րդ կետի «դ» ենթակետում նշված հատուկ հաշվից.
գ) 10-օրյա ժամկետում սահմանել Հայաստանի Հանրապետություն ներկրված գյուղատնտեսական տեխնիկայի աճուրդով իրացման կարգը:
5. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` սույն որոշման 1-ին կետում նշված գյուղատնտեսական տեխնիկան եռամսյա ժամկետում չիրացվելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն դրանց հետագա տնօրինման վերաբերյալ:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2004 թ. հունիսի 30 |