Գլխավոր տեղեկություն
Համար
N 1582-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.12.2004-21.08.2010)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.08.09/43(498) Հոդ.1334
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.11.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.11.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.11.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.12.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 նոյեմբերի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 նոյեմբերի 2004 թվականի N 1582-Ն

 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕԴԱՆԱՎՈՎ ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածով, 53-րդ հոդվածի 1-ին կետով և Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին կոնվենցիայի (Չիկագոյի կոնվենցիա) «Օդով վտանգավոր բեռների անվտանգ փոխադրում» N 18 հավելվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել քաղաքացիական օդանավով ռազմամթերքի օդային փոխադրումներ իրականացնելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. նոյեմբերի 23
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
նոյեմբերի 18-ի N 1582-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕԴԱՆԱՎՈՎ ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Քաղաքացիական օդանավով ռազմամթերքի օդային փոխադրումներ իրականացնելու կարգը (այսուհետ` կարգ) մշակվել է «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի և 53-րդ հոդվածի 1-ին կետի, Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին կոնվենցիայի «Օդով վտանգավոր բեռների անվտանգ փոխադրում» N 18 հավելվածի հիման վրա:

2. Սույն կարգով կանոնակարգվում են քաղաքացիական օդանավերով ռազմամթերքի (ռազմական բեռների) օդային փոխադրումներ իրականացնելիս ծագող իրավահարաբերությունները:

3. Սույն կարգի պահանջները տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օդանավակայանների միջոցով և (կամ) Հայաստանի Հանրապետության օդային տարածքով` քաղաքացիական օդանավերով ռազմամթերքի (ռազմական բեռների) օդային փոխադրումներ իրականացնող Հայաստանի Հանրապետության և (կամ) օտարերկրյա օդանավ շահագործողների վրա:

Սույն կարգով չեն կանոնակարգվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացիական ավիացիայի օդանավերով քաղաքացիական, ծառայողական և ձեռքի մարտական հրաձգային զենքերի, դրանց փամփուշտների ու ռազմամթերքի փոխադրումների ընթացքում ծագող իրավահարաբերությունները:

 

II. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՕԴԱՆԱՎԵՐՈՎ ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

4. Քաղաքացիական օդանավակայաններով կամ օդային տարածքով ռազմամթերքի յուրաքանչյուր փոխադրման թույլտվություն ստանալու համար ռազմամթերքը (ռազմական բեռը) առաքող կազմակերպությունը հայտ է ներկայացնում Հայաստանի Հանրապետությունում ավիացիայի և օդային տրանսպորտի բնագավառի պետական կառավարում իրականացնող լիազորված մարմին (այսուհետ` լիազորված մարմին):

Օտարերկրյա կազմակերպությունները հայտը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով:

5. Քաղաքացիական օդանավերով ռազմամթերքի (ռազմական բեռների) բեռն առաքող կազմակերպությունը, ապահովելով գաղտնիության ռեժիմը, հայտը ներկայացնում է ռազմամթերքի (ռազմական բեռի) փոխադրումից 7 օր առաջ, որում պետք է նշի հետևյալ անհրաժեշտ տեղեկությունները`

ա) ռազմամթերքը (ռազմական բեռը) առաքող կազմակերպության անվանումը, գրանցումը հավաստող փաստաթուղթը, գտնվելու վայրը,

բ) փոխադրվող ռազմամթերքի (ռազմական բեռի) անվանումը, տեսակը (դասը, կարգը, խումբը), բեռնային տեղերի քանակը, եթե ռադիոակտիվ նյութ է, ապա դրա քիմիական և ֆիզիկական ձևերի նկարագրությունը, բեռին շնորհված` Միավորված ազգերի կազմակերպության համարանիշը, փաթեթավորման խմբի տեսակը,

գ) ռազմամթերքը (ռազմական բեռը) ստացող կազմակերպության անվանումը, գրանցումը հավաստող փաստաթուղթը, գտնվելու վայրը,

դ) ռազմամթերքի (ռազմական բեռի) առաքման հիմքը (պայմանագիր, համաձայնագիր և այլն),

ե) ռազմամթերքի (ռազմական բեռի) փոխադրման միջոցը` օդանավի տեսակը,

զ) ռազմամթերքի (ռազմական բեռի) փոխադրման ժամկետները,

է) ռազմամթերքի (ռազմական բեռի) փոխադրման երթուղին,

ը) ռազմամթերքի (ռազմական բեռի) կապակցությամբ լիցենզիաները, սերտիֆիկատները, թույլտվությունները` եթե նման լիցենզիաներ, սերտիֆիկատներ, թույլտվություններ պահանջվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով,

թ) լիազորված մարմին ներկայացված հայտին կցվում է նաև երրորդ անձանց նկատմամբ պատասխանատվության ապահովագրմանը վերաբերող փաստաթղթերի (պոլիսների) պատճենները:

6. Լիազորված մարմինը երկօրյա ժամկետում քննարկում և ուսումնասիրում է կից փաստաթղթերը, որի արդյունքում հայտարարված փոխադրումը թույլատրում կամ մերժում է: Լիազորված մարմինը սույն կետով նախատեսված գործառույթների արդյունքի մասին գրավոր տեղեկացնում է հայտատուին: Օտարերկրյա կազմակերպությունների հայտը մերժվում է միայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համաձայնությամբ:

7. Լիազոր մարմինը փոխադրման թույլտվություն տալը կարող է մերժել, եթե`

ա) Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության (ԻԿԱՕ) 9284-ԱՆ/905 օդով վտանգավոր բեռների անվտանգ փոխադրման տեխնիկական հրահանգով սահմանված ցանկով արգելվում է քաղաքացիական օդանավերով տվյալ տիպի ռազմամթերքի (ռազմական բեռների) փոխադրումը,

բ) ներկայացված փաստաթղթերում առկա են կեղծ տվյալներ, անճշտություններ և թերություններ,

գ) պահպանված չեն սույն կարգի 6-րդ կետի պահանջները,

դ) տվյալ հայտ ներկայացնող և (կամ) ավիափոխադրում իրականացնող կազմակերպության տեխնիկական միջոցները չեն համապատասխանում Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության (ԻԿԱՕ) 9284-ԱՆ/905 օդով վտանգավոր բեռների անվտանգ փոխադրման տեխնիկական հրահանգով պահանջվող` սահմանված չափանիշներին:

 

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան