«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 հունիսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 մայիսի 2004 թվականի N 885-Ն
«Կ. ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԵՎԱՆԻ ՄԱՐԶԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՆՐԱՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԵՎ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 11-ի N 1742-Ն որոշման 2-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) «Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մարզամշակութային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.
բ) «Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մարզամշակութային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող գույքի կազմը` համաձայն N 2 հավելվածի.
գ) «Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մարզամշակութային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող գույքի կազմը` համաձայն N 3 հավելվածի:
2. Սահմանել, որ «Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մարզամշակութային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության շենքերի և շինությունների պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը կազմակերպությանը տրամադրվում է անհատույց օգտագործման իրավունքով:
3. Երևանի քաղաքապետին` 10-օրյա ժամկետում ճշգրտել սույն որոշման 2-րդ կետով սահմանված հողամասի սահմանները և ընդունել որոշում հողամասի տրամադրման վերաբերյալ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Կ. ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԵՎԱՆԻ ՄԱՐԶԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մարզամշակութային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպություն) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որն ստեղծվել է սպորտի և մշակույթի բնագավառում գործունեություն իրականացնելու նպատակով:
Կազմակերպությունը հանդիսանում է «Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մարզամշակութային կենտրոն» պետական հիմնարկի իրավահաջորդը` փոխանցման ակտին համապատասխան:
Կազմակերպությունն ստեղծված է համարվում նրա` օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից:
2. Կազմակերպության գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերով, Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերով և սույն կանոնադրությամբ:
3. Կազմակերպությունը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք:
Կազմակերպությունը կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
4. Կազմակերպությունն այլ կազմակերպության հիմնադիր կամ մասնակից կարող է հանդիսանալ միայն հիմնադրի որոշմամբ:
5. Կազմակերպությունն ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, դրոշմակնիք, ձևաթղթեր և խորհրդանիշ:
6. Կազմակերպությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ և հաշվարկային հաշիվ բանկերում` Հայաստանի Հանրապետության արժույթով և արտարժույթով:
7. Կազմակերպությունն իր պարտավորությունների համար պատասխանատու է իրեն պատկանող գույքով:
Հիմնադիրը պատասխանատվություն չի կրում կազմակերպության պարտավորությունների, իսկ կազմակերպությունը` հիմնադրի պարտավորությունների համար:
Հիմնադիրը պատասխանատվություն է կրում մինչև կազմակերպության պետական գրանցումը կազմակերպության ստեղծման հետ կապված պարտավորությունների համար:
8. Կազմակերպության անվանումն է`
հայերեն լրիվ` |
«Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մարզամշակութային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն, |
հայերեն կրճատ` |
«Կ. Դեմիրճյան կենտրոն» ՊՈԱԿ, |
ռուսերեն լրիվ` |
"Ереванский спортивно-культурный центр имени К. Демирчяна"государственная некоммерческая организация, |
ռուսերեն կրճատ` |
"К. Демирчян центр" ГНО, |
անգլերեն լրիվ` |
«Yerevan Sport-Cultural Center named after K. Demirchyan» Non-commercial State Organization, |
անգլերեն կրճատ` |
«K. Demirchyan Center» NCSO |
9. Կազմակերպության գտնվելու վայրն է` Երևան 375028, «Ծիծեռնակաբերդ» զբոսայգի:
II. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿԸ
10. Կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են`
ա) սպորտի և մշակույթի բնագավառներում հանրության պահանջների ձևավորումն ու բավարարումը,
բ) ազգային սպորտի և մշակույթի քարոզչությունը,
գ) ազգային ու միջազգային սպորտային և մշակութային ձեռքբերումներին ու միջոցառումներին հանրությանը հաղորդակից դարձնելը:
11. Կազմակերպությունն իր գործունեության նպատակներին համապատասխան`
ա) կազմակերպում է սպորտային և մշակութային միջոցառումներ ու համերգներ.
բ) մշակում է իր գործունեության զարգացման հեռանկարային ծրագրերը` կնքված պայմանագրերին, մատուցվող ծառայությունների և իրականացվող աշխատանքների պահանջարկին համապատասխան.
գ) պայմանագրային հիմունքներով ներգրավում է այլ իրավաբանական և ֆիզիկական անձանց.
դ) անցկացնում է ստեղծագործական ստուգատեսներ, փառատոներ, մրցույթներ, շնորհանդեսներ, խորհրդաժողովներ, գիտամշակութային հանդիպումներ, սպորտային մրցումներ և միջոցառումներ, ցուցահանդեսներ ու երեկոներ.
ե) կազմակերպում է սպորտային թիմերի, մշակութային համույթների և անհատների հյուրախաղեր:
12. Կազմակերպությունն անկախ է իր գործունեության ուղղությունների` սպորտային և մշակութային միջոցառումների ընտրության մեջ, ինքնուրույն ընդունում է որոշումներ միջոցառումների հրապարակային ցուցադրման ու գովազդային նյութերի հրապարակման վերաբերյալ:
13. Կազմակերպությունը պայմանագրային հիմունքներով իրավունք ունի օգտագործելու մտավոր սեփականության օբյեկտներ:
14. Կազմակերպությունն ինքնուրույն է որոշում տոմսերի և այլ ծառայությունների իրացման կարգն ու գները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
15. Կազմակերպությունն ինքն է որոշում միջոցառումների ծրագրի ընտրության եղանակը, այդ միջոցառումների հեռուստահաղորդման, նկարահանման, ձայնագրման, բազմացման, տարածման, իրացման և կրկնօրինակման թույլտվության իրավունքի փոխանցումն այլ կազմակերպությունների` մտավոր սեփականության իրավունքի պահպանման պայմանով:
16. Կազմակերպությունն իրավունք ունի գովազդի նպատակով օգտագործելու իր ձևաթղթերը, անվանումն ու խորհրդանիշը, ինչպես նաև պայմանագրային հիմունքներով կարող է թույլատրել դրանց օգտագործումն այլ իրավաբանական ու ֆիզիկական անձանց:
17. Կազմակերպությունն ապահովում է իրեն ամրացված շենքերի ու շինությունների պահպանումն ու օգտագործումը, իրականացնում է հակահրդեհային անվտանգության միջոցառումներ:
18. Կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
ա) համերգային գործունեություն,
բ) սպորտի բնագավառի գործունեություն,
գ) հրատարակչական գործ:
Կազմակերպությունը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով կարող է զբաղվել միայն լիցենզիայի առկայության դեպքում:
19. Կազմակերպության գործունեության ընթացքում առաջացած շահույթը ենթակա է օգտագործման սույն կանոնադրությամբ սահմանված նպատակների և կազմակերպության զարգացման համար:
20. Կազմակերպությունը հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարներ վճարում է շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների համար նախատեսված կարգով ու չափով:
III. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
21. Կազմակերպության սեփականությունը ձևավորվում է կազմակերպության հիմնադրման ժամանակ և հետագայում հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև կազմակերպության գործունեության ընթացքում արտադրված ու ձեռք բերված գույքից:
Կազմակերպության գույքի ձևավորման աղբյուր կարող են հանդիսանալ նաև Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների իրավաբանական ու ֆիզիկական անձանց կատարած ներդրումները, այդ թվում` բարեգործական, հովանավորչական, նպատակային նվիրատվություններն ու հատկացումները:
22. Կազմակերպությունն իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը` օրենքին, հիմնադրի որոշումներին և սույն կանոնադրությանը համապատասխան:
23. Հիմնադիրը կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ չունի իրավունքներ` բացառությամբ կազմակերպության լուծարումից հետո մնացած գույքի:
24. Կազմակերպության սեփականության վրա կարող է բռնագանձում տարածվել միայն դատական կարգով:
25. Կազմակերպության ֆինանսական հաշվետվությունների արժանահավատությունը ենթակա է վերստուգման (աուդիտի)` լիազորված պետական մարմնի, ընտրված անկախ աուդիտորական կազմակերպության կամ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից:
IV. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԸ
26. Հիմնադրի որոշմամբ կազմակերպությանն անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացվում է ցանկացած գույք:
27. Հիմնադիրն իրավունք ունի հետ վերցնելու իր կողմից կազմակերպությանն ամրացված գույքը:
28. Կազմակերպությունն իրավունք չունի ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքներն օտարելու, գրավ դնելու, հանձնելու անհատույց օգտագործման:
29. Կազմակերպությունն իրավունք ունի իրեն ամրացված գույքը պետության անունից հանձնելու վարձակալությամբ, եթե այն չի արգելվում հիմնադրի որոշմամբ: Ամրացված գույքի օգտագործման արդյունքում ստացած եկամուտները կազմակերպության սեփականությունն են:
30. Հիմնադրի կողմից կազմակերպությանն ամրացված անշարժ գույքի կամ պետական պարտադիր գրանցման ենթակա գույքի նկատմամբ կազմակերպության օգտագործման իրավունքը ծագում է դրանց նկատմամբ իրավունքի պետական գրանցման պահից:
V. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
31. Կազմակերպության կառավարումն իրականացնում են հիմնադիրը, նրա լիազորած պետական մարմինը և գործադիր մարմինը` տնօրենը:
32. Կազմակերպության ընդհանուր կառավարումն իրականացնում է հիմնադրի կողմից լիազորված պետական մարմինը:
33. Լիազորված պետական մարմինը`
ա) ապահովում է կազմակերպության բնականոն գործունեությունը և պատասխանատվություն է կրում դրա չիրականացման կամ ոչ պատշաճ իրականացման համար.
բ) սույն կանոնադրության համաձայն պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է կազմակերպության տնօրենին.
գ) իրականացվում է կազմակերպության գործունեության նկատմամբ վերահսկողությունը.
դ) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում կազմակերպության տնօրենի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները և ցուցումները.
ե) լսում է կազմակերպության գործունեության մասին հաշվետվությունները, քննում է դրա գործունեության վերստուգման արդյունքները.
զ) վերահսկողություն է իրականացնում կազմակերպության սեփականության պահպանման նկատմամբ, իսկ օրենքով նախատեսված դեպքերում, հիմնադրի որոշմամբ, համաձայնություն է տալիս կազմակերպության գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար.
է) հաստատում է կազմակերպության տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը:
34. Կազմակերպության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է տնօրենը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է լիազորված պետական մարմինը:
35. Կազմակերպության տնօրենն օրենքով, հիմնադրի, լիազորված պետական մարմնի որոշումներով և սույն կանոնադրությամբ սահմանված լիազորությունների սահմաններում ղեկավարում է կազմակերպության գործունեությունը, կրում է պատասխանատվություն օրենքների, իրավական այլ ակտերի, հիմնադրի և լիազորված մարմնի որոշումների ու կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
36. Կազմակերպության տնօրենը լրիվ գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով կազմակերպությանը և պետությանը պատճառված վնասի համար: Տնօրենի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պատճառված վնասը հատուցելու պարտականությունը չկատարելու համար:
37. Կազմակերպության տնօրենը`
ա) առանց լիազորագրի հանդես է գալիս կազմակերպության անունից, ներկայացնում է նրա շահերը և կնքում գործարքներ.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադրի և լիազորված պետական մարմնի որոշումներով ու սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է կազմակերպության գույքը և ֆինանսական միջոցները.
գ) տալիս է կազմակերպության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
դ) աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է կազմակերպության աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.
ե) բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.
զ) կատարում է պարտականությունների բաշխում իր տեղակալի (տեղակալների) միջև.
է) սահմանում է կազմակերպության կառուցվածքն ու կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.
ը) սահմանված կարգով լիազորված պետական մարմին է ներկայացնում կազմակերպության տարեկան ծախսերի նախահաշիվը.
թ) հաստատում է ձեռնարկատիրական գործունեության եկամուտների և ծախսերի նախահաշիվը.
ժ) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով, իր լիազորությունների սահմաններում, արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը,
ժա) իրականացնում է կազմակերպությանն անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացված շենքերի նախագծային, շինարարական, վերանորոգման և այլ աշխատանքներ.
ժբ) լիազորված պետական մարմնի հաստատմանն է ներկայացնում կազմակերպության կառուցվածքը, աշխատողների թիվը, հաստատում է կազմակերպության ընդհանուր և առանձին կառուցվածքային ստորաբաժանումների կանոնակարգերը, ներքին կարգապահական և այլ կանոններ.
ժգ) հաստատում է կազմակերպության գործունեության ծրագրերը.
ժդ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ լիազորություններ:
38. Կազմակերպության տնօրենը պարտավոր է չկատարել հիմնադրի և լիազորված պետական մարմնի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամանները և դրանց չկատարման համար չի կարող ենթարկվել պատասխանատվության:
39. Կազմակերպության տնօրենի բացակայության դեպքում, լիազորված պետական մարմնի գրավոր որոշման համաձայն, տնօրենի լիազորություններն իրականացնում է նրա տեղակալներից մեկը:
40. Կազմակերպության աշխատողների աշխատանքային իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և աշխատանքային պայմանագրով:
VI. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
41. Կազմակերպությունը կարող է վերակազմակերպվել հիմնադրի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:
42. Կազմակերպությունը դատական կարգով կարող է վերակազմավորվել օրենքով սահմանված դեպքերում և կարգով:
43. Կազմակերպության լուծարմամբ նրա գործունեությունը դադարում է առանց իրավունքներն ու պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:
44. Կազմակերպությունը կարող է լուծարվել հիմնադրի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով, ինչպես նաև սնանկության հետևանքով:
45. Կազմակերպությունը դատական կարգով կարող է լուծարվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:
46. Կազմակերպության լուծարման դեպքում կազմակերպության պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Կ Ա Զ Մ
«Կ. ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԵՎԱՆԻ ՄԱՐԶԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN |
Գույքի տեսակը |
Հաշվեկշռային արժեքը (հազ. դրամ) |
1. |
Փոխանցող հարմարանքներ |
1412.5 |
2. |
Մեքենաներ, սարքավորումներ |
238462 |
3. |
Տրանսպորտի միջոցներ |
2156.1 |
4. |
Արտադրատնտեսական գույք |
33585.3 |
5. |
Փոքրարժեք և արագամաշ առարկաներ |
5464.9 |
|
Ընդամենը |
281080.8 |
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 3 |
Կ Ա Զ Մ
«Կ. ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԵՎԱՆԻ ՄԱՐԶԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN |
Գույքի տեսակը |
Հաշվեկշռային |
1. |
Զինանշան |
5520.5 |
2. |
Ջահ |
12148.1 |
3. |
Շենք |
2092288.7 |
|
Ընդամենը |
2109957.3 |
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |