Գլխավոր տեղեկություն
Տիպ
Կոնվենցիա
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.02.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.06.28/34(974)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
15.11.1965
Ստորագրման ամսաթիվ
15.11.1965
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.02.2013

Կ Ո Ն Վ Ե Ն Ց Ի Ա

 

ԱՐՏԵՐԿՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԴԱՏԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴԱՏԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Սույն Կոնվենցիան ստորագրած պետությունները,

ցանկանալով ձեռնարկել համապատասխան միջոցներ ապահովելու համար, որ արտերկրում հանձնման ենթակա դատական և արտադատական փաստաթղթերը հասնեն հասցեատիրոջը բավարար ժամանակում,

ցանկանալով բարելավել փոխադարձ իրավական օգնության կազմակերպումը` այդ նպատակով պարզեցնելով և արագացնելով ընթացակարգը,

որոշեցին կնքել կոնվենցիա և համաձայնեցին հետևյալ դրույթների մասին.

 

Հոդված 1

 

Սույն Կոնվենցիան կիրառվում է բոլոր այն դեպքերում՝ քաղաքացիական և առևտրային գործերում, երբ անհրաժեշտ է փոխանցել դատական կամ արտադատական փաստաթղթերը՝ արտերկրում հանձնման նպատակով:

Սույն Կոնվենցիան չի կիրառվում, երբ անձի հասցեն, ում պետք է հանձնվի փաստաթուղթը, հայտնի չէ:

 

ԳԼՈՒԽ  I

 

ԴԱՏԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

Հոդված 2

 

Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն նշանակում է կենտրոնական մարմին, որը պարտավորվում է ստանալ այլ Պայմանավորվող պետություններից՝ հանձնման վերաբերյալ ստացվող հարցումները և պետք է ընթացք տա այդ հարցումներին 3-6-րդ հոդվածների դրույթներին համապատասխան:

Յուրաքանչյուր պետություն պետք է կազմակերպի կենտրոնական մարմնի գործունեությունը իր ներպետական իրավունքին համապատասխան:

 

Հոդված 3

 

Այն պետության իրավունքի համաձայն իրավասու պետական մարմինը կամ դատական ծառայողը, որտեղ կազմվել են փաստաթղթերը, պետք է սույն Կոնվենցիայի հավելվածում ներկայացված օրինակելի ձևին համապատասխան հարցում ուղարկի հասցեատեր պետության կենտրոնական մարմնին՝ առանց օրինականացման կամ նմանատիպ այլ ձևական պահանջների պահպանման:

Հանձնման ենթակա փաստաթուղթը կամ դրա պատճենը պետք է ներկայացվեն հարցմանը կից: Հարցումը և փաստաթղթերը պետք է ապահովված լինեն կրկնօրինակներով:

 

Հոդված 4

 

Եթե կենտրոնական մարմինը գտնում է, որ հարցումը չի համապատասխանում սույն Կոնվենցիայի դրույթներին, նա պետք է այդ մասին անհապաղ տեղեկացնի դիմողին և մատնանշի հարցման հետ կապված իր առարկությունները:

 

Հոդված 5

 

Հասցեատեր պետության կենտրոնական մարմինը պետք է ինքը հանձնի փաստաթուղթը կամ կազմակերպի համապատասխան մարմնի կողմից դրա հանձնումը՝ կամ

ա) այնպիսի եղանակով, որը նախատեսված է իր ներպետական իրավունքով` ներպետական վարույթների շրջանակում պետության տարածքում գտնվող անձանց փաստաթղթերի հանձնման վերաբերյալ դրույթներին համապատասխան, կամ

բ) դիմողի կողմից պահանջված հատուկ եղանակով, բացառությամբ, երբ վերջինիս պահանջած կոնկրետ ձևը հակասում է հասցեատեր անդամ պետության իրավունքին:

Սույն հոդվածի առաջին պարբերության (բ) ենթապարբերության դրույթների պահպանմամբ՝ փաստաթուղթը միշտ կարող է հանձնվել առաքման միջոցով այն հասցեատիրոջը, որը կամավոր կերպով ընդունում է այն:

Եթե փաստաթուղթը պետք է հանձնվի վերը նշված առաջին պարբերությանը համապատասխան, կենտրոնական մարմինը կարող է պահանջել, որ փաստաթուղթը շարադրվի կամ թարգմանվի հասցեատեր պետության պաշտոնական լեզվով կամ պաշտոնական լեզուներից մեկով:

Հարցման այն մասը՝ այն ձևով, որը ներկայացված է սույն Կոնվենցիային կից, և որը պարունակում է հանձնման ենթակա փաստաթղթի համառոտագրությունը, պետք է հանձնվի փաստաթղթի հետ միասին:

 

Հոդված 6

 

Հասցեատեր պետության կենտրոնական մարմինը, կամ այդ նպատակով դրա կողմից նշանակված ցանկացած մարմին, պետք է լրացնի հավաստագիր` սույն Կոնվենցիային կից ներկայացված ձևով:

Հավաստագրում պետք է նշվի, որ փաստաթուղթը հանձնվել է, և այնտեղ պետք է ներառվի հանձնման եղանակը, վայրը և ամսաթիվը, ինչպես նաև այն անձը, ում հանձնվել է փաստաթուղթը: Եթե փաստաթուղթը չի հանձնվել, հավաստագրում պետք է նշվեն հանձնմանը խոչընդոտող պատճառները:

Դիմողը կարող է պահանջել, որ կենտրոնական մարմնի կամ դատական մարմնի կողմից չլրացված հավաստագրի վրա հաստատող ստորագրություն դրվի այդ մարմիններից որևէ մեկի կողմից:

Հավաստագիրը պետք է ուղարկվի անմիջապես դիմողին:

 

Հոդված 7

 

Սույն Կոնվենցիային կից ներկայացված օրինակելի ձևում առկա օրինակելի պայմանները բոլոր դեպքերում պետք է շարադրվեն կամ ֆրանսերենով կամ անգլերենով: Դրանք կարող են շարադրվել նաև այն պետության պաշտոնական լեզվով կամ պաշտոնական լեզուներից մեկով, որտեղ կազմվել են փաստաթղթերը:

Համապատասխան ձևաթղթերը պետք է լրացվեն կամ հասցեատեր պետության լեզվով կամ ֆրանսերենով, կամ անգլերենով:

 

Հոդված 8

 

Ցանկացած Պայմանավորվող պետություն ազատ է իրականացնելու դատական փաստաթղթերի հանձնումը արտերկրում գտնվող անձանց՝ առանց որևէ հարկադրանքի կիրառման, ուղղակիորեն իր դիվանագիտական կամ հյուպատոսական ծառայողների միջոցով։

Ցանկացած պետություն կարող է հայտարարել, որ որ ինքը դեմ է իր տարածքում նման հանձնում իրականացնելուն՝ բացառությամբ, երբ փաստաթուղթը ենթակա է հանձնման այն անդամ պետության քաղաքացիներին, որտեղ կազմվել են փաստաթղթերը:

 

Հոդված 9

 

Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն ազատ է, ի հավելումն, օգտագործելու հյուպատոսական ուղիները՝ փաստաթղթեր ուղարկելու համար, մյուս Պայմանավորվող պետության այն մարմիններին, որոնք նշանակված են այդ պետության կողմից այդ նպատակով:

Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն կարող է, բացառիկ հանգամանքների դեպքում, օգտագործել դիվանագիտական ուղիները նույն նպատակների համար:

 

Հոդված 10

 

Եթե նպատակակետ պետությունը չի առարկում, սույն Կոնվենցիան չի խոչընդոտում`

ա) դատական փաստաթղթերը փոստային ուղիներով անմիջապես արտերկրում գտնվող անձանց ուղարկելու ազատությունը,

բ) ուղղակիորեն նպատակակետ պետության դատական ծառայողների, պաշտոնատար անձանց կամ այլ իրավասու անձանց միջոցով դատական փաստաթղթերի հանձնումը իրականացնելու դատական ծառայողների, պաշտոնատար անձանց կամ ծագման պետության այլ իրավասու անձանց ազատությունը,

գ) դատական վարույթով շահագրգռված ցանկացած անձի ազատությունը՝ իրականացնելու դատական փաստաթղթերի տրամադրումը անմիջականորեն նպատակակետ պետության դատական ծառայողների, պաշտոնատար անձանց կամ իրավասու այլ անձանց միջոցով:

 

Հոդված 11

 

Սույն Կոնվենցիան չի խոչընդոտում երկու կամ ավելի Պայմանավորվող պետություններին համաձայնության գալու՝ թույլատրել դատական փաստաթղթերի հանձնման համար փոխանցման այլ ուղիներ, քան նախատեսված են վերը նշված հոդվածներում, մասնավորապես` ուղղակի հաղորդակցություն իրենց համապատասխան մարմինների միջև:

 

Հոդված 12

 

Պայմանավորվող պետությունից ստացվող դատական փաստաթղթերի հանձնումը չպետք է առաջացնի հարկերի կամ ծախսերի որևէ վճարում կամ հատուցում հասցեատեր պետության կողմից մատուցվող ծառայությունների համար:

Դիմողը պետք է վճարի կամ հատուցի այն ծախսերը, որոնք առաջացել են հետևյալ պատճառներով`

ա) դատական ծառայողին կամ նպատակակետ պետության իրավունքին համապատասխան այլ իրավասու անձին վարձելը,

բ) հանձնման հատուկ եղանակի օգտագործումը:

 

Հոդված 13

 

Երբ հանձնման պահանջը համապատասխանում է սույն Կոնվենցիայի պայմաններին, հասցեատեր պետությունը կարող է մերժել այն, միայն եթե գտնում է, որ հանձնումը կարող է խախտել իր ինքնիշխանությունը կամ անվտանգությունը:

Պետությունը չի կարող մերժել հանձնումը միայն այն հիմքով, որ իր ներպետական իրավունքի համաձայն ինքը բացառիկ իրավասություն ունի գործողության առարկայի նկատմամբ, կամ որ իր ներպետական իրավունքը թույլ չի տալիս կատարել այն գործողությունը, որի վրա հիմնված է դիմումը:

Մերժելու դեպքում, կենտրոնական մարմինը պետք է անհապաղ տեղեկացնի դիմողին և պետությանը մերժելու պատճառների մասին:

 

Հոդված 14

 

Դժվարությունները, որոնք կարող են առաջանալ հանձնման նպատակով դատական փաստաթղթերը փոխանցելու հետ կապված, պետք է լուծվեն դիվանագիտական ուղիներով:

 

Հոդված 15

 

Այն դեպքում, երբ դատարան ներկայանալու կամ համարժեք այլ փաստաթուղթը պետք է փոխանցվի արտերկիր` հանձնման նպատակով՝ համաձայն սույն Կոնվենցիայի դրույթների, և պատասխանողը չի ներկայանում, որոշում չպետք է կայացվի, քանի դեռ չի հաստատվել, որ

ա) փաստաթուղթը հանձնվել է այնպիսի եղանակով, որը նախատեսված է հասցեատեր պետության ներպետական իրավունքով` ներպետական վարույթների շրջանակում պետության տարածքում գտնվող անձանց փաստաթղթերի հանձնման վերաբերյալ դրույթներին համապատասխան, կամ

բ) փաստաթուղթը իրականում հանձնվել է պատասխանողին կամ իր բնակության վայր սույն Կոնվենցիայով նախատեսված այլ եղանակով, և որ այդ երկու դեպքերում էլ հանձնումը կամ առաքումն իրականացվել է այնպիսի բավարար ժամանակում, որը հնարավորություն կտար պատասխանողին իր պաշտպանությունը կազմակերպելու համար:

Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն ազատ է հայտարարելու, որ դատավորը, չնայած սույն հոդվածի առաջին պարբերության դրույթներին, կարող է որոշում կայացնել հանձնման կամ առաքման վերաբերյալ, նույնիսկ եթե որևէ հավաստագիր չի ստացվել, եթե պահպանվել են ստորև բերված բոլոր պայմանները`

ա) փաստաթուղթը փոխանցվել է սույն Կոնվենցիայով նախատեսված եղանակներից մեկով,

բ) վեց ամսից ոչ պակաս ժամկետը, որը կոնկրետ գործով դատավորի կողմից համարվել է բավարար, սպառվել է մինչև փաստաթղթի փոխանցման օրը,

գ) որևէ տեսակի հավաստագիր չի ստացվել, նույնիսկ եթե հասցեատեր պետության իրավասու մարմինների միջոցով այն ստանալու համար գործադրվել են բոլոր ողջամիտ միջոցները:

Չնայած վերը նշված պարբերությունների դրույթներին՝ դատարանը, հրատապ դեպքերում, կարող է կարգադրել հայցի ապահովման ցանկացած միջոցի իրականացում:

 

Հոդված 16

 

Երբ դատարան ներկայանալու կամ համարժեք փաստաթուղթ պետք է փոխանցվի արտերկիր՝ հանձնման նպատակով՝ սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան, և վճիռ է կայացվել այն պատասխանողի նկատմամբ, որը չի ներկայացել, դատարանը իրավասություն ունի ազատելու պատասխանողին վճիռը բողոքարկելու համար նախատեսված ժամկետը սպառվելու հետ կապված հետևանքները կրելուց, եթե պահպանվում են հետևյալ պահանջները`

ա) պատասխանողը, առանց իր մեղավորության, չի իմացել փաստաթղթի մասին դրանից բավարար ժամանակ առաջ՝ իր պաշտպանությունը կազմակերպելու համար, կամ չի իմացել վճռի մասին բավարար ժամանակ առաջ՝ այն բողոքարկելու համար, և

բ) պատասխանող կողմը բացահայտել է հայցի էության դեմ պաշտպանության առերևույթ (prima facie defeոce) փաստարկներ:

Ազատման մասին դիմումը պետք է ներկայացվի միայն պատասխանողի կողմից որոշման մասին իմանալուց հետո ողջամիտ ժամկետներում:

Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն կարող է հայտարարել, որ դիմումը չի քննարկվի, եթե այն ներկայացվել է հայտարարության մեջ նշվելիք ժամկետի ավարտից հետո, բայց որը չի կարող լինել մեկ տարուց պակաս՝ սկսած վճռի օրվանից:

Սույն հոդվածը չի կիրառվում անձանց կարգավիճակի և գործունակության հետ կապված վճիռների նկատմամբ:

 

ԳԼՈՒԽ II

 

ԱՐՏԱԴԱՏԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

Հոդված 17

 

Պայմանավորվող պետությունների մարմիններից կամ դատական իշխանության ներկայացուցիչներից ստացվող արտադատական փաստաթղթերը հանձնման նպատակով կարող են փոխանցվել այլ Պայմանավորվող պետության՝ սույն Կոնվենցիայով նախատեսված եղանակներով և դրույթներին համապատասխան:

 

ԳԼՈՒԽ III

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 18

 

Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն կենտրոնական մարմնից բացի կարող է նշանակել այլ մարմիններ և պետք է սահմանի նրանց լիազորությունների շրջանակը:

Այնուամենայնիվ, դիմողը պետք է իրավունք ունենա բոլոր դեպքերում հասցեագրել իր պահանջը ուղղակիորեն կենտրոնական մարմնին:

Դաշնային պետություններն ազատ են նշանակելու մեկից ավելի կենտրոնական մարմիններ:

 

Հոդված 19

 

Այնքանով, որքանով Պայմանավորվող պետության ներպետական իրավունքով թույլատրվում է հանձնման համար արտերկրից ստացվող փաստաթղթերի՝ իր տարածքում փոխանցման այլ եղանակներ, քան նախատեսված են վերը նշված հոդվածներում, սույն Կոնվենցիան չի ազդում այդպիսի դրույթների վրա:

 

Հոդված 20

 

Սույն Կոնվենցիան չի արգելում երկու կամ ավելի Պայմանավորվող պետությունների համաձայնություն ձեռք բերել՝ չպահպանելու`

ա) փոխանցվող փաստաթղթերի կրկնօրինակ պատճենների վերաբերյալ 3-րդ հոդվածի 2-րդ պարբերությամբ նախատեսված դրույթը,

բ) 5-րդ հոդվածի երրորդ պարբերությամբ և 7-րդ հոդվածով նախատեսված լեզվի հետ կապված պահանջները,

գ) 5-րդ հոդվածի 4-րդ պարբերության դրույթները,

դ) 12-րդ հոդվածի երկրորդ պարբերության դրույթները:

 

Հոդված 21

 

Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն պարտավոր է, միանալու կամ վավերացման վերաբերյալ իր փաստաթուղթն ի պահ հանձնելիս կամ ավելի ուշ ժամկետում, տեղեկացնել Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությանը հետևյալի մասին`

ա) 2-րդ և 18-րդ հոդվածներին համապատասխան մարմինների նշանակման,

բ) 6-րդ հոդվածին համապատասխան հավաստագիրը լրացնելու համար լիազորված մարմնի նշանակման,

գ) 9-րդ հոդվածին համապատասխան հյուպատոսական ուղիներով փոխանցված փաստաթղթերը ստանալու համար լիազորված մարմնի նշանակման մասին։

Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն պետք է նաև, անհրաժեշտության դեպքում, տեղեկացնի նախարարությանը`

ա) 8-րդ և 10-րդ հոդվածներով նախատեսված փոխանցման եղանակների վերաբերյալ առարկության,

բ) 15-րդ հոդվածի 2-րդ պարբերությանը և 16-րդ հոդվածի 3-րդ պարբերությանը համապատասխան հայտարարության,

գ) վերը նշված նշանակումների, առարկությունների և հայտարարությունների ցանկացած փոփոխությունների մասին:

 

Հոդված 22

 

Եթե սույն Կոնվենցիայի Կողմերը նաև «Քաղաքացիական դատավարության մասին» 1905 թվականի հուլիսի 17-ին կամ 1954 թվականի մարտի 1-ին Հաագայում ստորագրված կոնվենցիաներին կամ դրանցից մեկի Կողմ են հանդիսանում, ապա նրանց միջև սույն Կոնվենցիան փոխարինում է նախորդ կոնվենցիաների 1-7-րդ հոդվածներին:

 

Հոդված 23

 

Սույն Կոնվենցիան չի ազդում Հաագայում 1905 թվականի հուլիսի 17-ին ստորագրված «Քաղաքացիական դատավարության մասին» կոնվենցիայի 23-րդ հոդվածի և 1954 թվականի մարտի 1-ին ստորագրված «Քաղաքացիական դատավարության մասին» կոնվենցիայի 24-րդ հոդվածների կիրառման վրա:

Այս հոդվածները, այնուամենայնիվ, կիրառվում են, միայն եթե օգտագործվում են հաղորդակցման այնպիսի եղանակներ, որոնք նույնական են սույն Կոնվենցիայով նախատեսված եղանակների հետ:

 

Հոդված 24

 

1905 թվականի և 1954 թվականի կոնվենցիաների լրացուցիչ համաձայնությունները Կողմերի միջև համարվում են հավասարապես կիրառելի սույն Կոնվենցիայի նկատմամբ, քանի դեռ Կողմերը այլ համաձայնություն ձեռք չեն բերել:

 

Հոդված 25

 

Առանց հակասելու 23-րդ հոդվածի և 24-րդ հոդվածի դրույթներին՝ սույն Կոնվենցիան չպետք է շեղում նախատեսի այն կոնվենցիաների դրույթներից, որոնք պարունակում են սույն Կոնվենցիայով կարգավորվող դրույթներ, որին Պայմանավորվող պետությունները Կողմ են հանդիսանում կամ Կողմ են դառնալու։

 

Հոդված 26

 

Սույն Կոնվենցիան բաց է Միջազգային մասնավոր իրավունքի վերաբերյալ Հաագայի խորհրդաժողովի 10-րդ նստաշրջանում ներկայացված պետությունների կողմից ստորագրման համար:

Այն ենթակա է վավերացման, և վավերացման մասին փաստաթղթերը պետք է ի պահ հանձնվեն Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությանը:

 

Հոդված 27

 

Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում 26-րդ հոդվածի երկրորդ պարբերությունում նշված վավերացման վերաբերյալ երրորդ փաստաթուղթն ի պահ հանձնելուց հետո վաթսուներորդ օրը:

Կոնվենցիան ուժի մեջ է մտնում յուրաքանչյուր ստորագրող պետության համար, որը վավերացնում է Կոնվենցիան ավելի ուշ, վավերացման մասին իր փաստաթուղթն ի պահ հանձնելուց հետո վաթսուներորդ օրը:

 

Հոդված 28

 

Միջազգային մասնավոր իրավունքի վերաբերյալ Հաագայի խորհրդաժողովի 10-րդ նստաշրջանում չներկայացված ցանկացած պետություն կարող է միանալ սույն Կոնվենցիային այն` 27-րդ հոդվածի առաջին պարբերությամբ նախատեսված կարգով ուժի մեջ մտնելուց հետո: Միանալու մասին փաստաթուղթն ի պահ է հանձնվում Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությանը:

Նման պետության համար Կոնվենցիան ուժի մեջ է մտնում, եթե այն նախկինում վավերացրած այլ պետություն չներկայացնի որևէ առարկություն՝ այդ մասին հայտնելով Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությանը վեց ամսվա ընթացքում այն օրվանից հետո, երբ նշված նախարարությունը տեղյակ է պահել տվյալ պետությանը միանալու մասին:

Որևէ նման առարկության բացակայության դեպքում, միացող պետության համար կոնվենցիան ուժի մեջ է մտնում նախորդ պարբերությունում նշված ժամկետի ավարտին հաջորդող ամսվա առաջին օրվանից:

 

Հոդված 29

 

Յուրաքանչյուր պետություն կարող է, ստորագրելու, վավերացնելու կամ միանալու ժամանակ, հայտարարել, որ սույն Կոնվենցիան տարածվում է բոլոր այն տարածքների վրա, որոնց միջազգային հարաբերությունների համար ինքը պատասխանատվություն է կրում, կամ դրանից մեկի կամ մի քանիսի վրա: Նման հայտարարությունն ուժի մեջ է մտնում համապատասխան պետության համար կոնվենցիան ուժի մեջ մտնելու օրը:

Հետագայում, ցանկացած ժամանակ կատարված նման տարածման մասին պետք է տեղյակ պահվի Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությանը:

Նման տարածման մեջ նշված տարածքների համար Կոնվենցիան ուժի մեջ է մտնում նախորդ պարբերությունում նշված ծանուցումից հետո վաթսուներորդ օրը:

 

Հոդված 30

 

Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մնում ուժի մեջ մտնելուց հետո հինգ տարվա ընթացքում՝ համաձայն 27-րդ հոդվածի առաջին պարբերության, նաև այն պետությունների համար, որոնք վավերացրել են այն կամ միացել են դրան հետագայում:

Չեղյալ հայտարարման բացակայության դեպքում, Կոնվենցիայի գործողությունը ինքնաբերաբար երկարաձգվում է ևս հինգ տարով:

Ցանկացած չեղյալ հայտարարման մասին պետք է ծանուցվի Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությանը՝ հնգամյա ժամկետի ավարտից առնվազն վեց ամիս առաջ:

Այն կարող է սահմանափակվել Կոնվենցիայի կիրառման ոլորտում գտնվող միայն որոշակի տարածքներով:

Չեղյալ հայտարարումը տարածվում է միայն այն պետության վրա, որը ծանուցել է այդ մասին: Կոնվենցիան ուժի մեջ է մնալու այլ Պայմանավորվող պետությունների համար:

 

Հոդված 31

 

Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությունը պետք է ծանուցի 26-րդ հոդվածում նշված պետություններին և 28-րդ հոդվածի համաձայն միացած պետություններին հետևյալի մասին`

ա) 26-րդ հոդվածում նշված ստորագրման և վավերացման դեպքերի մասին,

բ) այն ամսաթվի մասին, երբ սույն Կոնվենցիան մտնում է ուժի մեջ` համաձայն 27-րդ հոդվածի առաջին պարբերության,

գ) 28-րդ հոդվածում նշված միանալու դեպքերի և դրանք ուժի մեջ մտնելու ամսաթվերի մասին,

դ) 29-րդ հոդվածում նշված տարածման դեպքերի և դրանք ուժի մեջ մտնելու ամսաթվերի մասին,

ե) 21-րդ հոդվածում նշված նշանակումների, առարկությունների և հայտարարությունների մասին,

զ) 30-րդ հոդվածի երրորդ պարբերությունում նշված չեղյալ հայտարարման դեպքերի մասին:

 

Ի հաստատումն որի, ներքոստորագրյալները, պատշաճ կերպով այդ նպատակով լիազորված լինելով, ստորագրեցին սույն կոնվենցիան:

 

Կատարված է Հաագայում, 1965 թվականի նոյեմբերի 15-ին անգլերենով և ֆրանսերենով, ընդ որում՝ երկու տեքստերն էլ հավասարազոր են, մեկ օրինակով, որն ի պահ է հանձնվում Նիդերլանդների Կառավարության արխիվ, և որի հաստատված օրինակը դիվանագիտական ուղիներով ուղարկվում է Միջազգային մասնավոր իրավունքի վերաբերյալ Հաագայի խորհրդաժողովի 10-րդ նստաշրջանում ներկայացված պետություններից յուրաքանչյուրին:

 

Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2013թ. փետրվարի 1-ին:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան