«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 փետրվարի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 փետրվարի 2005 թվականի N 124-Ն
ԴԵՆԴՐՈՊԱՐԿԵՐԻ ՏԻՊԱՅԻՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի N 54 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների զարգացման 2003-2010 թթ. գործողությունների ազգային ծրագրի 1.3.4-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել դենդրոպարկերի տիպային կանոնադրությունը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Տ Ի Պ Ա Յ Ի Ն Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
Դ Ե Ն Դ Ր Ո Պ Ա Ր Կ Ե Ր Ի
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Դենդրոպարկի կանոնադրությամբ սահմանվում են Հայաստանի Հանրապետության դենդրոպարկերի ստեղծման նպատակը, հիմնական խնդիրները, ռեժիմը, պահպանությունը և կառավարման մարմնի գործառույթները:
2. Դենդրոպարկը բուսական աշխարհի պահպանության օբյեկտ է, որն ստեղծվում է արհեստական պայմաններում տեղական և ներմուծված ծառաթփային բույսերի կենդանի հավաքածուների պահպանությունը, վերարտադրությունը և օրենքով սահմանված կարգով օգտագործումն ապահովելու նպատակով:
3. Դենդրոպարկն ստեղծվում է, և դրա սահմանները հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` պետական կառավարման լիազորված մարմնի (այսուհետ` լիազորված մարմին) ներկայացմամբ։
4. Յուրաքանչյուր դենդրոպարկի խնդիրները, առանձնահատկությունները, ուղղվածությունը, պահպանությունը և ռեժիմը սահմանվում են տվյալ դենդրոպարկը կառավարող մարմնի կանոնադրությամբ` օրենքներով, այլ իրավական ակտերով, միջազգային պայմանագրերով և սույն կանոնադրությամբ սահմանված պահանջներին համապատասխան:
II. ԴԵՆԴՐՈՊԱՐԿԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
5. Դենդրոպարկի հիմնական խնդիրներն են`
ա) արհեստական պայմաններում աճեցված տնտեսական, գեղազարդային և գիտական նշանակություն ունեցող տեղական ու ներմուծված ծառաթփային բույսերի (հատկապես` հազվագյուտ և անհետացող) կենդանի հավաքածուների պահպանության և վերարտադրության ապահովումը,
բ) բուսաբանության, բուսաբուծության, սելեկցիայի, գեղազարդային այգեգործության և լանդշաֆտային ճարտարապետության բնագավառներում գիտակրթական և լուսավորչական աշխատանքների իրականացման համար նախադրյալների ապահովումը,
գ) գիտահետազոտական, գիտափորձարարական և ներդրումային աշխատանքների իրականացումը։
6. Դենդրոպարկի կառավարման մարմնի գործառույթներն են`
ա) հատուկ էքսպոզիցիաների, հավաքածուների, փորձարարական տեղամասերի, տնկարանների, հերբարիումների և օժանդակող լաբորատորիաների ստեղծումը,
բ) սերմնային ֆոնդի ստեղծման, սերմերի փոխանակման և իրացման աշխատանքների կազմակերպումը,
գ) բնական ֆլորայի և ներմուծված բուսատեսակների, այդ թվում` մշակաբույսերի տնտեսապես արժեքավոր նոր տեսակների աճեցման, սելեկցիայի, վերարտադրման և իրացման աշխատանքների կազմակերպումը,
դ) դենդրոպարկերում գտնվող բուսական հավաքածուների հաշվառման, գույքագրման, կադաստրի և մոնիտորինգի իրականացումն ու տվյալների բանկի ստեղծումը,
ե) զբոսաշրջության, այդ թվում` էկոզբոսաշրջության կազմակերպումը,
զ) գիտաժողովների և խորհրդակցությունների կազմակերպումը,
է) գիտական և գիտաճանաչողական գրականության հրատարակումը:
III. ԴԵՆԴՐՈՊԱՐԿԻ ՌԵԺԻՄԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
7. Թույլատրվում է լիազորված մարմնի հետ համաձայնեցված` դենդրոպարկի տարածքում իրականացնել՝
ա) մարդու, կենդանիների և բույսերի համար առանձնահատուկ վտանգ ներկայացնող հիվանդությունների, վնասատուների և վարակի օջախների վերացման աշխատանքներ,
բ) ծառաթփային բույսերի նոր տեսակների ներմուծում և կլիմայավարժեցում,
գ) տեղական և ներմուծված բուսատեսակների վերարտադրությանը նպատակաուղղված միջոցառումներ,
դ) գիտահետազոտական ուսումնասիրություններ,
ե) էկոլոգիական, գիտաճանաչողական էքսկուրսիաներ, զբոսաշրջություն և դրանց հետ կապված սպասարկման ծառայությունների կազմակերպում,
զ) սահմանված կարգով հողերի վարձակալություն,
է) կողմնակի անտառօգտագործում (խոտհունձ, փեթակների և մեղվանոցների տեղադրում, պտղի, ընկույզի, սնկի, հատապտղի, դեղաբույսերի ու տեխնիկական հումքի հավաքում և մթերում):
8. Արգելվում է դենդրոպարկի տարածքում դենդրոպարկի նպատակին և խնդիրներին հակասող ցանկացած տնտեսական գործունեություն:
9. Դենդրոպարկերի պահպանությունն իրականացնում են դենդրոպարկի աշխատողները` համապատասխան պետական կառավարման տարածքային մարմնի աջակցությամբ:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |