Գլխավոր տեղեկություն
Համար
N 1283-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.10.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.03.07/14.1 Հոդ.1121
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.09.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.09.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
22.09.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.10.2004

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

22 սեպտեմբերի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 սեպտեմբերի 2004 թվականի N 1283-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 432 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի «Աղետի գոտու բնակավայրերում քաղաքացիներին բնակարանների արտահերթ հատկացման կարգը հաստատելու մասին» N 432 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`

որոշմամբ հաստատված կարգում`

ա) 1-ին կետի առաջին պարբերությունը «բնակավայրերում» բառից հետո լրացնել «պետական աջակցության միջոցով կառուցված պետական բնակարանային ֆոնդում» բառերով.

բ) 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«13. Պետական աջակցության միջոցով կառուցված պետական բնակարանային ֆոնդի բնակարանները բաշխում և հատկացնում են համապատասխան մարզպետները համապատասխան համայնքների ղեկավարների կողմից հաստատված հերթացուցակների համաձայն` դրանցում ընդգրկված քաղաքացիների հերթացուցակում ընդգրկվելու չափանիշներին համապատասխանության արդյունքներով».

գ) ուժը կորցրած ճանաչել 14-րդ կետը.

դ) 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«15. Բնակարանների բաշխման հրապարակայնությունն ապահովելու նպատակով քաղաքացիներին բնակարան հատկացնելու մասին որոշումները հրապարակվում են տեղական մամուլում».

ե) 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«16. Բնակելի տարածությունները քաղաքացիներին հատկացվում են սույն կետով սահմանված նորմաների սահմաններում, սակայն վարձակալի և նրա ընտանիքի անդամների կողմից նախկինում զբաղեցված բնակարանի սենյակների թվից ոչ ավելի:

Բնակելի տարածությունը հատկացվում է`

1-սենյականոց բնակարանը` միևնույն սեռի կամ տարբեր սեռի երկու մարդուց բաղկացած ընտանիքին, եթե երեխան ինը տարեկանից փոքր է, ինչպես նաև ամուսիններին.

2-սենյականոց բնակարանը` ինը տարեկանից մեծ տարբեր սեռի երկու մարդուց (բացի ամուսիններից) և երեք մարդուց բաղկացած ընտանիքին.

3-սենյականոց բնակարանը` չորս-հինգ մարդուց բաղկացած ընտանիքին.

4-սենյականոց բնակարանը` վեց-յոթ մարդուց բաղկացած ընտանիքին:

4 և 5-սենյականոց բնակարան կորցրած քաղաքացիներին, որոնց ընտանիքները բնակարանի հատկացման պահին բաղկացած են ութ և ավելի մարդուց, կարող է հատկացվել 2 բնակարան:

Ընտանիքներին մեկից ավելի բնակարան հատկացվելու դեպքում դրանք, հնարավորության դեպքում, տրվում են նույն մուտքում և նույն հարկում».

ը) ուժը կորցրած ճանաչել 17-րդ կետի առաջին պարբերությունը.

թ) 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«21. Կառուցված բնակելի տների բնակարանները քաղաքացիներին հատկացվում են դրանց շինարարության ավարտի փաստագրումից անմիջապես հետո` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական աջակցություն ցուցաբերելու մասին համապատասխան պայմանագրի հիման վրա».

ժ) 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«22. Սույն կարգի համաձայն բնակարանները հատկացվում են այն քաղաքացիներին, որոնք արտահերթ բնակարան ստանալու իրավունք ունեցել են մինչև 1999 թվականի հունվարի 1-ը»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան 

 

2004 թ. սեպտեմբերի 10

Երևան

 

 

- Ծանոթություն -

որոշման բնագրի 1-ին կետում զ) և է) ենթակետերը չկան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան