Գլխավոր տեղեկություն
Համար
N 1146-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.09.2004-28.12.2004)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.09.01/47(346) Հոդ.1041
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.07.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.08.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
19.08.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.09.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
29.08.2013

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 օգոստոսի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 հուլիսի 2004 թվականի N 1146-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի N 1821-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ, 9-րդ ու 11-րդ հոդվածների և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրով սահմանված Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգի 4-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչություն` առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով:

2. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչության ժամանակավոր կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կանոնադրությունը հաստատելու, նախարարության աշխատակազմի կառուցվածքը և նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը հաստատելու մասին» N 1821-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

ա) որոշմամբ հաստատված կանոնադրության մեջ`

7-րդ կետը «ժա» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժբ» ենթակետով.

«ժբ) աշխատանքի և սոցիալական պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրության կիրառման նկատմամբ պետական վերահսկողության ապահովումը».

8-րդ կետի «բ», «դ» և «ե» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողության իրականացում».

«դ) արտադրությունում դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների քննման ու հաշվառման սահմանված կարգի պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացում.

ե) բնակչության զբաղվածության բնագավառը կարգավորող օրենսդրության կատարելագործման նպատակով առաջարկությունների մշակում, զբաղվածության բնագավառը կարգավորող օրենսդրության կիրառման ապահովում».

8-րդ կետը «ե» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ե1» ենթակետով.

«ե1) վարձատրվող հասարակական աշխատանքի կազմակերպման և իրականացման նկատմամբ վերահսկողության իրականացում».

8-րդ կետի «ը» և «թ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ը) սոցիալական ապահովագրության, կենսաթոշակային ապահովության պետական քաղաքականության մշակում և իրականացում, այդ բնագավառներին վերաբերող օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

թ) սոցիալական ապահովագրության և կենսաթոշակային ապահովության բնագավառներում անհատական հաշվառման ու անհատականացված հաշվետվությունների համակարգերի ներդրման ապահովում, անհատական հաշվառման ու անհատականացված հաշվետվությունների համակարգերի կիրառման ուսումնասիրություն և վերլուծություն».

8-րդ կետը «ժ» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժ1» ենթակետով.

«ժ1) սոցիալական ապահովության քարտերի համակարգի ներդրման ապահովում, սոցիալական քարտերի կիրառման կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացում».

8-րդ կետի «ժա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ժա) կենսաթոշակների և նպաստների նշանակման, վերահաշվարկման և վճարման մեթոդական ղեկավարում».

8-րդ կետը «ժա» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր`

«ժա1», «ժա2» և «ժա3» ենթակետերով.

«ժա1) պետական կենսաթոշակների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակման, վերահաշվարկման, վճարման, կասեցման, դադարեցման նկատմամբ վերահսկողության իրականացում.

ժա2) Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի կողմից նպաստների, հատուցումների, պատվովճարի, դրամական օգնության նշանակման և վճարման օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացում.

ժա3) Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացած պարտադիր սոցիալական ապահովագրության ծրագրերի իրականացմանը վերաբերող ֆինանսական և վիճակագրական տվյալների (տեղեկությունների) հավաստիության ստուգում».

8-րդ կետի «ժբ» ենթակետում «մոնիտորինգ» բառը փոխարինել «վերահսկողության իրականացում» բառերով.

8-րդ կետը «ժբ» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժբ1» և «ժբ2» ենթակետերով.

«ժբ1) աղքատության ընտանեկան նպաստի նշանակման, վերահաշվարկման, կասեցման, դադարեցման, վճարման, ինչպես նաև միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացում.

ժբ2) սոցիալական ծառայության տարածքային գործակալությունների միջոցով մարդասիրական օգնության բաշխման աշխատանքների նկատմամբ վերահսկողության իրականացում».

8-րդ կետի «իգ» ենթակետում «մասնագիտացված կազմակերպություններում« բառերը փոխարինել «նախարարության համակարգի մանկատներում» բառերով.

8-րդ կետը «իգ» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «իգ1» ենթակետով.

«իգ1) մանկատներում, անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևից, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների տեղավորման, ինչպես նաև նրանց խնամքի և դաստիարակության համար անհրաժեշտ պետական նվազագույն սոցիալական չափորոշիչների ապահովման նկատմամբ վերահսկողության իրականացում».

8-րդ կետի «իե» ենթակետում «մոնիտորինգ» բառը փոխարինել «վերահսկողության իրականացում» բառերով.

8-րդ կետի «լա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«լա) քաղաքացիների ընդունելության կազմակերպում, քաղաքացիների գրավոր դիմումների, բողոքների քննարկում, անհրաժեշտության դեպքում դրանցում հաղորդվող` զբաղվածության տարածքային կենտրոնների, սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների, սոցիալական ապահովագրության տարածքային կենտրոնների, ինչպես նաև նախարարության համակարգի հիմնարկների ու կազմակերպությունների գործունեության մեջ տեղ գտած թերությունների ուսումնասիրություն և վերլուծություն».

բ) որոշման N 2 հավելվածի`

I բաժնի 1-ին կետում «Սոցիալական մոնիտորինգի վարչություն» բառերը փոխարինել «Վերահսկողության և սոցիալական մոնիտորինգի վարչություն» բառերով.

II բաժինը լրացնել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչություն» տողով:

4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` երկամսյա ժամկետում`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչության կառուցվածքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը.

բ) Հայաստանի Հանրապետության մարզպետարանների աշխատակազմերի սոցիալական ծառայության տարածքային գործակալությունների օրինակելի կանոնադրության մեջ կատարել փոփոխություն` սահմանելով մարզպետարանների աշխատակազմերի սոցիալական ծառայության տարածքային գործակալությունների քաղաքացիական ծառայողներին մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող միասնական պահանջներ, ինչպես նաև նրանց իրավունքների և պարտականությունների նկարագրերը:

5. Հայաստանի Հանրապետության մարզպետներին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոփոխություն կատարել սոցիալական ծառայության տարածքային գործակալությունների քաղաքացիական ծառայողների պաշտոնների անձնագրերում` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հաստատած` սոցիալական ծառայության տարածքային գործակալությունների քաղաքացիական ծառայողներին մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջները, ինչպես նաև նրանց իրավունքների և պարտականությունների նկարագրերը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2004 թ. օգոստոսի 9
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2004 թվականի
հուլիսի 29-ի N 1146-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչությունը (այսուհետ` տեսչություն) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ` նախարարություն) կազմում գործող Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է պետական վերահսկողություն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի պահպանման նկատմամբ:

2. Տեսչությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Տեսչությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի ներկայացմամբ:

3. Տեսչության լիազորությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և սույն կանոնադրությամբ:

4. Տեսչությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

5. Տեսչությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

6. Տեսչությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ ու այլ անհատականացման միջոցներ:

7. Տեսչությունն իր գործունեությունն իրականացնում է` համագործակցելով Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի (միավորումների), գործատուների միությունների, իրավապահ մարմինների, հսկողության և վերահսկողության իրավասություններ ունեցող հանրապետական գործադիր մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ պետական և հասարակական կազմակերպությունների հետ:

 

II. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

8. Տեսչության նպատակներն ու խնդիրներն են`

ա) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի կիրարկման նկատմամբ պետական վերահսկողության ապահովումը.

բ) արտադրական վնասվածքների և մասնագիտական հիվանդությունների կանխարգելման միջոցառումների կազմակերպումը.

գ) աշխատանքի պայմանների, աշխատողների աշխատանքային իրավունքների և ազատությունների պահպանման ու պաշտպանության ապահովումը` ներառյալ աշխատանքի անվտանգ պայմանների իրավունքը.

դ) գործատուներին ու աշխատողներին Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի պահպանման առավել արդյունավետ միջոցների ու մեթոդների, ինչպես նաև առաջավոր փորձի կիրառման մասին տեղեկատվության տրամադրումը:

 

III. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

9. Տեսչությունն իր նպատակներին և խնդիրներին համապատասխան իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի պահպանման նկատմամբ պետական վերահսկողության իրականացում.

բ) գործատուների կողմից աշխատողներին աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտներ վճարելիս սոցիալական ապահովության քարտի կիրառման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացում.

գ) կազմակերպությունների մասնավորեցման և լուծարման ընթացքում աշխատողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանն ուղղված` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարման ընթացքի նկատմամբ վերահսկողության իրականացում.

դ) կոլեկտիվ պայմանագրերով (համաձայնագրերով) նախատեսված պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման հետևանքով խախտված իրավունքների վերականգնման համար անհրաժեշտ միջոցների ձեռնարկում.

ե) գործատուի աշխատատեղերում աշխատանքի պայմանների և աշխատանքի պաշտպանության նորմերի ու կանոնների պահանջների պահպանման, ինչպես նաև աշխատանքի անվտանգության կոլեկտիվ և անհատական պաշտպանիչ միջոցների առկայության պահպանման ու շահագործման նկատմամբ վերահսկողության իրականացում.

զ) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության խախտումների պատճառների վերլուծություն և դրանց վերացման, աշխատողների խախտված իրավունքների վերականգնման վերաբերյալ գործատուին առաջարկություններ ներկայացնելը.

է) անցկացված ստուգումների արդյունքների քննարկում ու ամփոփում և համապատասխան որոշումների ընդունում.

ը) վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան քննում.

թ) գործատուներին, դրանց միություններին, արհմիություններին և աշխատավորական կոլեկտիվների ներկայացուցիչներին Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի դրույթների պահպանման արդյունավետ միջոցների մասին տեղեկատվությամբ և խորհուրդներով ապահովում.

ժ) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի կիրարկման փորձի ընդհանրացում.

ժա) արտադրությունում խեղումների և մասնագիտական հիվանդությունների պատճառների ուսումնասիրություն ու վերլուծություն և դրանց կանխարգելման նպատակով գործատուին միջնորդություններ ներկայացնելը.

ժբ) գործատուից կամ նրա ներկայացուցչից, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից անհրաժեշտ փաստաթղթեր, բացատրություններ, տեղեկանքներ, այլ տեղեկություններ պահանջելն ու ստանալը և փաստաթղթերի կրկնօրինակներ վերցնելը.

ժգ) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի խախտումների վերացման, աշխատողների խախտված իրավունքների վերականգնման մասին գործատուներին (նրանց ներկայացուցիչներին) պարտադիր քննարկման ենթակա միջնորդագրեր ներկայացնելը` այդ խախտումների համար մեղավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար.

ժդ) ստուգումների արդյունքում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի` հանցագործության հատկանիշներ պարունակող խախտումների մասին իրավապահ մարմիններ նյութեր ներկայացնելը` մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար.

ժե) աշխատանքի անվտանգության ապահովման և աշխատանքի պայմանների վատթարացումը կանխարգելելու նպատակով, համապատասխան փորձագիտական եզրակացության հիման վրա, արտադրական օբյեկտների շինարարության, վերակառուցման, տեխնիկական վերազինման, նոր տեխնիկայի արտադրության և ներդրման, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների ներդրման համար թույլտվություն տալը.

ժզ) գործատուներից սահմանված կարգով պահանջելը` ձեռնարկելու համապատասխան միջոցներ ուսումնասիրության և (կամ) ստուգումների արդյունքում որևէ կառույցի, սարքավորման կամ աշխատանքի կազմակերպման գործում հայտնաբերված այն խախտումները և թերությունները վերացնելու համար, որոնք կարող են սպառնալ աշխատողի կյանքին կամ առողջությանը.

ժէ) աշխատողի կյանքին և առողջությանը վտանգ սպառնացող խախտումների հայտնաբերման դեպքում` առանձին կազմակերպությունների, արտադրական ստորաբաժանումների աշխատանքի` մինչև դրանց վերացումը` օրենքով սահմանված կարգով կասեցում.

ժը) աշխատանքի անվտանգության կանոններով և հրահանգներով նախատեսված` վերապատրաստում չանցած աշխատողների աշխատանքային գործունեության օրենքով սահմանված կարգով կասեցում` մինչև նրանց սահմանված կարգով հրահանգավորումը.

ժթ) մինչև 18 տարեկան անձանց և կանանց` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված աշխատանքային երաշխիքների ապահովման նկատմամբ վերահսկողության իրականացում.

ի) աշխատավայրում սեռային հատկանիշով պայմանավորված խտրականության դեպքերի ուսումնասիրում և աշխատողների խախտված իրավունքների պաշտպանության համար միջոցների ձեռնարկում.

իա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով հայցով դատարան դիմելը.

իբ) գործատուի կողմից չձևակերպված աշխատող պահվելու կամ աշխատավարձ չհաշվարկվելու և (կամ) չվճարվելու դեպքեր հայտնաբերելիս` կենսաթոշակային սոցիալական ապահովագրություն իրականացնող լիազոր մարմին դրանց մասին տեղեկացնելը.

իգ) քաղաքացիների աշխատանքային իրավունքների խախտման մասին դիմումների և բողոքների քննարկում.

իդ) տեսչության գործունեության արդյունքների մասին հաշվետվությունների կազմում:

 

IV. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

10. Տեսչությունը կառավարում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը:

Տեսչության անմիջական ղեկավարումն իրականացնում է տեսչության պետը, որը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:

Տեսչության պետը Հայաստանի Հանրապետության աշխատանքի գլխավոր պետական տեսուչն է:

11. Տեսչության պետն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, նախարարության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ, իր պաշտոնի անձնագրով, ինչպես նաև այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

12. Տեսչության պետը`

ա) ղեկավարում է տեսչության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է տեսչության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

բ) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի նպատակների և խնդիրների վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում նախարարին.

գ) աշխատողի կյանքին և առողջությանը վտանգ սպառնացող խախտումների հայտնաբերման դեպքում` օրենքով սահմանված դեպքերում և կարգով կասեցնում է կազմակերպությունների կամ դրանց առանձին ստորաբաժանումների գործունեությունը.

դ) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս ցուցումներ ու հանձնարարագրեր, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության և տեսչության անունից, ինչպես նաև տալիս է տեսչության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

ե) իր իրավասության սահմաններում ներկայացնում է առաջարկություններ տեսչության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.

զ) նախարարին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն տեսչության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.

է) ապահովում է նախարարի հրամանների և ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին.

ը) նախարարության կանոնադրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան` սահմանում է տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.

թ) սահմանում է աշխատանքի բաշխումն իր տեղակալների միջև.

ժ) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում տեսչության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները և ցուցումները.

ժա) լսում է տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց կողմից կատարված ստուգումների արդյունքները.

ժբ) իրականացնում է վերահսկողություն տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

ժգ) նախարարին ներկայացնում է առաջարկություններ տեսչության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև տեսչության խորհրդակցական մարմիններ ստեղծելու վերաբերյալ.

ժդ) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների ու կազմակերպությունների հետ.

ժե) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

13. Տեսչության պետի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան փոխարինելու հարցը կարգավորվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

V. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

14. Օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ տեսչությանը վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:

15. Տեսչությունն ունի կառուցվածքային ստորաբաժանումներ:

16. Տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:

17. Տեսչության վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով: 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2004 թվականի
հուլիսի 29-ի N 1146-Ն որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր  Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ

Կառուցվածքային ստորաբաժանումներ

Իրավական վերահսկողության բաժին

 

Աշխատանքի պայմանների վերահսկողության բաժին

 

Մոնիտորինգի և վերլուծության բաժին

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան