Գլխավոր տեղեկություն
Տիպ
Կոնվենցիա
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.10.2000-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.02.27/11(951)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
04.05.1996
Ստորագրման ամսաթիվ
04.05.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.10.2000

Բ Ե Ռ Ն Ի   Կ Ո Ն Վ Ե Ն Ց Ի Ա

 

 ԳՐԱԿԱՆ և ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

(9 սեպտեմբերի 1886 թ.)

 

Կատարված է Փարիզում 1896թ. մայիսի 4-ին, վերանայված է Բեռլինում 1908թ. նոյեմբերի 13-ին, լրացված է Բեռնում 1914թ. մարտի 20-ին և վերանայված է Հռոմում 1928թ. հունիսի 2-ին, Բրյուսելում՝ 1948թ. հունիսի 26-ին, Ստոկհոլմում՝ 1967թ. հուլիսի 14-ին, և Փարիզում՝ 1971թ. հուլիսի 24-ին և փոփոխված է 1979թ. սեպտեմբերի 28-ին:

Միության երկրները, հավասարապես տոգորված ցանկությամբ՝ հնարավորինս արդյունավետ ու միասնականորեն պահպանելու հեղինակների իրավունքներն իրենց գրական և գեղարվեստական ստեղծագործությունների նկատմամբ,

ճանաչելով 1967թ. Ստոկհոլմում կայացած Վերանայման խորհրդաժողովի աշխատանքների նշանակությունը,

որոշեցին վերանայել Ստոկհոլմի խորհրդաժողովի ընդունած փաստաթուղթը՝ անփոփոխ թողնելով այդ փաստաթղթի 1-20-րդ և 22-26-րդ հոդվածները:

Հետևաբար, ներքոստորագրյալ լիազորված անձինք, պատշաճորեն և լրիվ կարգով ներկայացնելով իրենց լիազորությունները, համաձայնեցին ներքոշարադրյալի շուրջ.

 

Հ ո դ վ ա ծ 1

 

(Միության ստեղծումը)

 

Այն երկրները, որոնց նկատմամբ կիրառվում է սույն Կոնվենցիան, ստեղծում են գրական և գեղարվեստական ստեղծագործությունների նկատմամբ հեղինակների իրավունքների պաշտպանության Միություն:

 

Հ ո դ վ ա ծ  2

 

(Պաշտպանվող ստեղծագործություններ. 1. «Գրական և գեղարվեստական ստեղծագործություններ», 2. Ամրագրման հնարավոր պահանջներ, 3. Ածանցյալ ստեղծագործություններ, 4. Պաշտոնական տեքստեր, 5. Ժողովածուներ, 6. Պաշտպանության պարտավորություն, պաշտպանությունից օգտվող անձինք, 7. Կիրառական արվեստի ստեղծագործություններ և արդյունաբերական նմուշներ, 8. Նորություններ)

 

(1) «Գրական և գեղարվեստական ստեղծագործություններ» հասկացությունն ընդգրկում է գրականության, գիտության և արվեստի բնագավառի ցանկացած ստեղծագործություն, ինչպիսի տեսքով կամ ձևով էլ այն արտահայտված լինի, ինչպես, օրինակ, գրքերը, գրքույկները և գրավոր մյուս ստեղծագործությունները, դասախոսությունները, ուղերձները, քարոզները և նմանատիպ այլ ստեղծագործություններ, դրամատիկական կամ երաժշտադրամատիկական ստեղծագործությունները, պարարվեստի ստեղծագործություններն ու մնջախաղը, երաժշտական ստեղծագործությունները՝ խոսքերով կամ առանց խոսքերի, կինեմատոգրաֆիայի ստեղծագործությունները, որոնց հավասարեցվում են համանման միջոցներով արտահայտված ստեղծագործությունները, նկարները, կերպարվեստի, ճարտարապետության, քանդակագործության, գրաֆիկայի և վիմագրության ստեղծագործությունները, լուսանկարչական ստեղծագործությունները, որոնց հավասարեցվում են համանման միջոցներով արտահայտված ստեղծագործությունները, կիրառական արվեստի ստեղծագործությունները, աշխարհագրությանը, տեղագրությանը, ճարտարապետությանը կամ գիտությանը վերաբերող նկարազարդումները, քարտեզները, հատակագծերը, էսքիզները, եռաչափ աշխատանքները:

(2) Սակայն Միության երկրների օրենսդրության իրավասությունն է սահմանելու, որ ստեղծագործություններն ընդհանրապես կամ դրանց որոշակի կատեգորիա ենթակա չեն պաշտպանության, քանի դեռ արտահայտված չեն որոշակի նյութական ձևով:

(3) Թարգմանությունները, վերամշակումները, երաժշտական գործիքավորումներն ու գրական և գեղարվեստական ստեղծագործությունների մյուս փոփոխությունները պաշտպանվում են որպես բնօրինակային ստեղծագործություններ՝ առանց վնասելու բնօրինակային ստեղծագործության հեղինակի իրավունքներին:

(4) Միության երկրների օրենսդրության իրավասությունն է՝ որոշելու այն պաշտպանությունը, որը տրամադրվում է օրենսդրական, վարչական ու դատական բնույթի պաշտոնական տեքստերին և դրանց պաշտոնական թարգմանություններին:

(5) Գրական և գեղարվեստական ստեղծագործությունների ժողովածուները, օրինակ, հանրագիտարաններն ու անթոլոգիաները, որոնք ըստ իրենց նյութերի ընտրության և տեղաբաշխման ստեղծագործական աշխատանքի արդյունք են, պաշտպանվում են որպես այդպիսին՝ առանց վնասելու տվյալ ժողովածուի մաս կազմող յուրաքանչյուր ստեղծագործության հեղինակի իրավունքներին:

(6) Սույն հոդվածում նշված ստեղծագործություններն օգտվում են պաշտպանությունից Միության բոլոր երկրներում: Այս պաշտպանությունը գործում է ի շահ հեղինակի և նրա իրավահաջորդների:

(7) Միության երկրի օրենսդրության իրավասությունն է, սույն Կոնվենցիայի 7-րդ հոդվածի (4) կետի դրույթները պահպանելով, որոշելու կիրառական արվեստի ստեղծագործությունների և արդյունաբերական ձևավորումների ու նմուշների նկատմամբ իրենց օրենքների կիրառման ծավալը, ինչպես նաև այդպիսի ստեղծագործությունների, ձևավորումների ու նմուշների պաշտպանության պայմանները: Այն ստեղծագործությունները, որոնք ծագման երկրում պաշտպանվում են բացառապես որպես ձևավորումներ ու նմուշներ, Միության այլ երկրում ենթակա են այնպիսի հատուկ պաշտպանության, որն այդ երկրում տրամադրվում է ձևավորումներին ու նմուշներին, սակայն, եթե տվյալ երկրում նման հատուկ պաշտպանություն չի նախատեսված, այդ ստեղծագործությունները պաշտպանվում են որպես գեղարվեստական ստեղծագործություններ:

(8) Սույն Կոնվենցիայով նախատեսված պաշտպանությունը չի տարածվում օրվա նորությունների կամ ընթացիկ իրադարձությունների մասին լրատվական տեղեկատվության բնույթ կրող հաղորդումների վրա:

 

Հ ո դ վ ա ծ  2 b i s

 

(Որոշակի ստեղծագործությունների պաշտպանության հնարավոր սահմանափակումներ. 1. Որոշակի ելույթներ, 2. Դասախոսությունների և ուղերձների որոշակի օգտագործում, 3. Այդպիսի ստեղծագործությունների ժողովածուներ նախապատրաստելու իրավունքը)

 

(1) Միության երկրների օրենսդրության իրավասությունն է՝ նախորդ հոդվածով սահմանված պաշտպանությունն ամբողջովին կամ մասամբ չտարածելու քաղաքական ելույթների ու դատավարության ընթացքում արտասանված ճառերի վրա:

(2) Միության երկրների օրենսդրության իրավասությունն է նաև սահմանելու այն պայմանները, որոնց համաձայն հրապարակավ արտասանված դասախոսությունները, ուղերձներն ու նման բնույթի այլ ստեղծագործություններ կարող են վերարտադրվել մամուլում, հեռարձակվել, ի գիտություն բոլորի հաղորդվել հաղորդագծերով և հանդիսանալ սույն Կոնվենցիայի 11bis(1) հոդվածով նախատեսված հրապարակային հաղորդումների առարկա, երբ նման օգտագործումն արդարացվում է տեղեկատվական նպատակով:

(3) Այնուամենայնիվ, հեղինակն օգտվում է բացառիկ իրավունքից՝ պատրաստելու իր՝ նախորդ կետերում հիշատակված ստեղծագործությունների ժողովածու:

 

Հ ո դ վ ա ծ  3

 

(Պաշտպանություն տրամադրելու չափանիշները. 1. Հեղինակի քաղաքացիությունը, ստեղծագործության հրատարակման վայրը, 2. Հեղինակի բնակության վայրը, 3. «Հրատարակված» ստեղծագործություններ, 4. «Միաժամանակ հրատարակված» ստեղծագործություններ)

 

Սույն Կոնվենցիայով նախատեսված պաշտպանությունը կիրառվում է.

(ա) հեղինակների նկատմամբ, ովքեր Միության երկրի քաղաքացիներ են, նրանց ինչպես հրատարակված, այնպես էլ չհրատարակված ստեղծագործությունների կապակցությամբ,

(բ) հեղինակների նկատմամբ, ովքեր Միության երկրի քաղաքացի չեն՝ նրանց՝ այդ երկրներից մեկում առաջին անգամ կամ Միության կազմի մեջ չմտնող երկրում և Միության երկրում միաժամանակ հրատարակված ստեղծագործությունների կապակցությամբ:

(2) Հեղինակները, ովքեր Միության երկրի քաղաքացի չեն, բայց մշտական բնակության վայր ունեն այդ երկրներից մեկում, սույն Կոնվենցիայի նպատակների համար հավասարեցվում են այդ երկրի քաղաքացիներին:

(3) «Հրատարակված ստեղծագործություններ» հասկացությունը նշանակում է հեղինակների համաձայնությամբ հրատարակված ստեղծագործություններ՝ անկախ օրինակների լույսընծայման եղանակից, պայմանով, որ, հաշվի առնելով ստեղծագործության բնույթը, այդ օրինակները շրջանառության մեջ են թողնվել հասարակության ողջամիտ պահանջները բավարարող քանակով: Դրամատիկական, երաժշտադրամատիկական կամ կինեմատոգրաֆիական, կամ երաժշտական ստեղծագործության ներկայացումը, գրական ստեղծագործության հրապարակային ընթերցումը, գրական կամ գեղարվեստական ստեղծագործության հաղորդումը հաղորդագծերով կամ հեռարձակումը եթեր, արվեստի ստեղծագործության ու ճարտարապետության ստեղծագործության կառույցի ցուցադրումը հրատարակում չեն համարվում:

(4) Ստեղծագործությունը համարվում է միաժամանակ մի քանի երկրում հրատարակված, եթե այն հրատարակվել է երկու կամ ավելի երկրներում` ստեղծագործության առաջին հրատարակումից հետո 30 օրվա ընթացքում:

 

Հ ո դ վ ա ծ  4

 

(Կինեմատոգրաֆիական ստեղծագործություններին, ճարտարապետական և գեղարվեստական որոշակի ստեղծագործություններին պաշտպանություն տրամադրելու չափանիշները)

 

Սույն Կոնվենցիայով նախատեսված պաշտպանությունը կիրառվում է, եթե նույնիսկ 3-րդ հոդվածով նախատեսված պայմանները չեն կատարվում.

(ա) կինեմատոգրաֆիական այն ստեղծագործությունների հեղինակների նկատմամբ, որոնց ստեղծողը Միության որևէ երկրում ունի իր կենտրոնակայանը կամ մշտական բնակության վայրը,

(բ) Միության երկրում կառուցված ճարտարապետական ստեղծագործության կամ Միության երկրում գտնվող շենքի կամ այլ կառույցի մաս կազմող գեղարվեստական ստեղծագործությունների հեղինակների նկատմամբ:

 

Հ ո դ վ ա ծ  5

 

(Երաշխավորված իրավունքներ. 1. և 2. Ծագման երկրից դուրս, 3. Ծագման երկրում, 4. «Ծագման երկիր»)

 

(1) Այն ստեղծագործությունների հեղինակները, որոնց առնչությամբ նրանք պաշտպանվում են սույն Կոնվենցիայով, ստեղծագործության ծագման երկրից բացի, Միության այլ երկրներում օգտվում են այն իրավունքներից, որոնք նրանց համապատասխան օրենքներով ներկայումս տրամադրվում են կամ հետագայում կտրամադրվեն սեփական քաղաքացիներին, ինչպես նաև սույն Կոնվենցիայով հատկապես տրամադրվող իրավունքներից:

(2) Այդ իրավունքներից օգտվելը և դրանց իրագործումը ենթակա չեն որևէ ձևականության. այդ իրավունքներից օգտվելը և դրանց իրագործումը պայմանավորված չեն ստեղծագործության ծագման երկրում պաշտպանության առկայությունից: Հետևաբար, սույն Կոնվենցիայով սահմանված դրույթներից բացի, պաշտպանության ծավալը, ինչպես նաև պաշտպանության միջոցները, որոնք տրամադրվում են հեղինակին իր իրավունքների պաշտպանության համար, կարգավորվում են բացառապես այն երկրի օրենսդրությամբ, որտեղ հայցվում է պաշտպանությունը:

(3) Ծագման երկրում պաշտպանությունը կարգավորվում է ներպետական օրենսդրությամբ: Սակայն, եթե հեղինակն այն ստեղծագործության ծագման երկրի քաղաքացի չէ, որի համար նա պաշտպանվում է սույն Կոնվենցիայով, այդ երկրում օգտվում է նույն իրավունքներից, ինչ քաղաքացի հեղինակները:

(4) Ստեղծագործության ծագման երկիր է համարվում.

(ա) Միության երկրում առաջին անգամ հրատարակված ստեղծագործությունների դեպքում՝ այդ երկիրը. Միության՝ պաշտպանության տարբեր ժամկետներ տրամադրող մի քանի երկրներում միաժամանակ հրատարակված ստեղծագործությունների դեպքում՝ այն երկիրը, որի օրենսդրությունը սահմանում է պաշտպանության ամենակարճ ժամկետը,

(բ) Միության անդամ չհանդիսացող երկրում և Միության երկրում միաժամանակ հրատարակված ստեղծագործությունների դեպքում՝ վերջին երկիրը,

(գ) չհրատարակված ստեղծագործությունների կամ Միության անդամ չհանդիսացող երկրում՝ առանց Միության երկրում միաժամանակյա հրատարակման հրատարակված ստեղծագործությունների համար՝ Միության երկիրը, որի քաղաքացին է հեղինակը, պայմանով, որ.

(i) եթե դրանք կինեմատոգրաֆիական ստեղծագործություններ են, որոնց ստեղծողը կենտրոնակայան կամ մշտական բնակության վայր ունի Միության երկրում, ծագման երկիրն այդ երկիրն է, և

(ii) եթե դրանք Միության երկրում կառուցված ճարտարապետական ստեղծագործություններ կամ Միության երկրում գտնվող շենքի կամ որևէ կառույցի մաս կազմող գեղարվեստական այլ ստեղծագործություններ են, ծագման երկիրն այդ երկիրն է:

 

Հ ո դ վ ա ծ  6

 

(Միության անդամ չհանդիսացող որոշ երկրների քաղաքացիների որոշ ստեղծագործությունների կապակցությամբ պաշտպանության հնարավոր սահմանափակում. 1. Առաջին հրատարակման երկրում և այլ երկրներում, 2. Հետադարձ ուժի բացակայություն, 3. Ծանուցում)

 

(1) Եթե Միության անդամ չհանդիսացող ցանկացած երկիր չի ապահովում բավարար պաշտպանություն այն ստեղծագործությունների հեղինակների համար, ովքեր Միության որևէ երկրի քաղաքացիներ են, վերջին երկիրը կարող է սահմանափակել այն հեղինակների ստեղծագործություններին տրվող պաշտպանությունը, ովքեր դրանց առաջին հրատարակման ժամանակ այլ երկրի քաղաքացիներ են, և ովքեր մշտական բնակության վայր չունեն Միության երկրներից մեկում: Եթե առաջին հրատարակման երկիրն ինքն է օգտվում այդ իրավունքից, Միության մյուս երկրներից չի պահանջվում այդպիսի հատուկ վերաբերմունքի ենթակա ստեղծագործություններին տրամադրել ավելի լայն պաշտպանություն, քան այն, որը դրանց տրամադրվում է առաջին հրատարակման երկրում:

(2) Նախորդ կետով սահմանված ոչ մի սահմանափակում չի ազդում այն իրավունքների վրա, որոնք հեղինակը կարող է ձեռք բերել Միության երկրում հրատարակված ստեղծագործության առնչությամբ՝ մինչև նման սահմանափակման ուժի մեջ դրվելը:

(3) Միության երկրները, որոնք սույն հոդվածին համապատասխան սահմանափակում են հեղինակային իրավունքի տրամադրումը, այդ մասին գրավոր հայտարարությամբ տեղեկացնում են Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության Գլխավոր տնօրենին (այսուհետ՝ Գլխավոր տնօրեն)՝ նշելով այն երկրները, որոնց նկատմամբ պաշտպանությունը սահմանափակվում է, ինչպես նաև այն սահմանափակումները, որոնց ենթակա են այն հեղինակների իրավունքները, որոնք այդ երկրների քաղաքացիներ են: Գլխավոր տնօրենն այդ հայտարարության մասին անմիջապես հաղորդում է Միության բոլոր երկրներին:

 

Հ ո դ վ ա ծ  6 b i s

 

(Ոչ գույքային իրավունքներ. 1. Հեղինակության ճանաչում հայցելը, որոշակի փոփոխությունների և իրավունքները խախտող այլ գործողությունների դեմ առարկելը, 2.Հեղինակի մահից հետո, 3. Պաշտպանության միջոցները)

 

(1) Հեղինակի գույքային իրավունքներից անկախ և նույնիսկ այդ իրավունքները փոխանցելուց հետո, հեղինակն իրավունք ունի հայցելու ստեղծագործության նկատմամբ իր հեղինակության ճանաչումը և առարկելու իր ստեղծագործության ցանկացած խեղաթյուրման, աղավաղման կամ փոփոխման, ինչպես նաև իր պատիվը կամ հեղինակությունը վնասող ոտնձգությունների դեմ:

(2) Հեղինակի՝ նախորդ կետով սահմանված իրավունքները պահպանվում են նրա մահից հետո առնվազն մինչև գույքային իրավունքների ավարտը և իրականացվում են այն անձանց կամ հաստատությունների կողմից, որոնք լիազորված են այն երկրի օրենսդրությամբ, որտեղ հայցվում է պաշտպանությունը: Սակայն այն երկրները, որոնց օրենսդրությունը սույն փաստաթղթի վավերացման կամ դրան միանալու պահին չեն նախատեսում նախորդ կետում նշված բոլոր իրավունքների պաշտպանությունը հեղինակի մահից հետո, կարող են նախատեսել, որ այդ իրավունքների մի մասը դադարի գործել հեղինակի մահից հետո:

(3) Սույն հոդվածով նախատեսված իրավունքների պաշտպանության միջոցները կարգավորվում են այն երկրի օրենսդրությամբ, որտեղ հայցվում է պաշտպանությունը:

 

Հ ո դ վ ա ծ  7

 

(Պաշտպանության ժամկետ. 1. Ընդհանուր դրույթներ. 2. Կինեմատոգրաֆիական ստեղծագործությունների համար. 3. Անանուն կամ կեղծանունով ստեղծագործությունների համար. 4. Լուսանկարչական և կիրառական արվեստի ստեղծագործությունների համար. 5. Հաշվարկման սկիզբը. 6. Ավելի երկար ժամկետներ. 7. Ավելի կարճ ժամկետներ. 8. Կիրառվող օրենսդրությունը, ժամկետների «համեմատությունը»)

 

 (1) Սույն Կոնվենցիայով տրամադրվող պաշտպանության ժամկետն ընդգրկում է հեղինակի կյանքի ընթացքը և հիսուն տարի՝ նրա մահից հետո:

(2) Սակայն կինեմատոգրաֆիական ստեղծագործությունների դեպքում Միության երկրները կարող են նախատեսել, որ պաշտպանության ժամկետն ավարտվում է հիսուն տարի անց՝ հեղինակի համաձայնությամբ ստեղծագործության՝ հանրությանը մատչելի դառնալուց հետո, կամ նման ստեղծագործության ստեղծումից հետո հիսուն տարվա ընթացքում նման հանգամանքի բացակայության դեպքում՝ ստեղծումից հիսուն տարի անց:

(3) Անանուն կամ կեղծանունով ստեղծագործությունների դեպքում սույն Կոնվենցիայով տրամադրվող պաշտպանության ժամկետը լրանում է հիսուն տարի անց` ստեղծագործության՝ օրինական կարգով հանրությանը մատչելի դառնալուց հետո: Սակայն, եթե հեղինակի կեղծանունը կասկած չի հարուցում նրա ինքնության վերաբերյալ, պաշտպանության ժամկետ է համարվում (1)-ին կետով նախատեսված ժամկետը: Եթե անանուն կամ կեղծանունով ստեղծագործության հեղինակը բացահայտում է իր ինքնությունը վերոնշյալ ժամկետի ընթացքում, ապա կիրառվում է (1)-ին կետով նախատեսված պաշտպանության ժամկետը: Միության երկրները պարտավոր չեն պաշտպանել անանուն կամ կեղծանունով ստեղծագործությունները, որոնց կապակցությամբ առկա են բոլոր հիմքերը ենթադրելու, որ դրանց հեղինակի մահից հետո անցել է հիսուն տարի:

(4) Միության երկրների օրենսդրության իրավասությունն է որոշելու լուսանկարչական ստեղծագործությունների և կիրառական արվեստի ստեղծագործությունների պաշտպանության ժամկետն այնքանով, որքանով դրանք պաշտպանվում են որպես գեղարվեստական ստեղծագործություններ, սակայն, այդ ժամկետը տևում է առնվազն մինչև նման ստեղծագործության ստեղծումից հետո քսանհինգամյա ժամանակահատվածի լրանալը:

(5) Հեղինակի մահվանը հաջորդող պաշտպանության ժամկետը և (2), (3) և (4)-րդ կետերով նախատեսված ժամկետները հաշվվում են հեղինակի մահվան օրվանից կամ այդ կետերում նշված դեպքերը տեղի ունենալու օրվանից, սակայն այդ ժամկետները միշտ սկսվում են մահվանը կամ իրադարձությանը հաջորդող տարվա հունվարի 1-ից:

(6) Միության երկրները կարող են տրամադրել պաշտպանության՝ նախորդ կետերով նախատեսված ժամկետները գերազանցող ժամկետներ:

(7) Միության այն երկրները, որոնք կապված են սույն Կոնվենցիայի Հռոմի փաստաթղթով և սույն Փաստաթուղթը ստորագրելու պահին գործող իրենց ներպետական օրենսդրությամբ սահմանել են պաշտպանության ավելի սեղմ ժամկետներ, քան նախատեսված են նախորդ կետերով, իրավունք ունեն պահպանելու այդ ժամկետները սույն Փաստաթուղթը վավերացնելիս կամ դրան միանալիս:

(8) Ցանկացած դեպքում ժամկետը որոշվում է այն երկրի օրենսդրությամբ, որտեղ հայցվում է պաշտպանությունը, սակայն, եթե այդ երկրի օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ, այդ ժամկետը չի կարող գերազանցել ստեղծագործության ծագման երկրում սահմանված ժամկետը:

 

Հ ո դ վ ա ծ  7 b i s

 

(Համահեղինակությամբ ստեղծված ստեղծագործությունների պաշտպանության ժամկետները)

 

Նախորդ հոդվածի դրույթները կիրառվում են նաև համահեղինակությամբ ստեղծված ստեղծագործությունների նկատմամբ, պայմանով, որ հեղինակի մահից հետո հաշվվող ժամկետները հաշվվում են համահեղինակներից վերջինի մահվանից սկսած:

 

Հ ո դ վ ա ծ  8

 

(Թարգմանության իրավունք)

 

Սույն Կոնվենցիայով պաշտպանվող գրական և գեղարվեստական ստեղծագործությունների հեղինակներն օգտվում են իրենց ստեղծագործությունները թարգմանելու և դրանց թարգմանությունը թույլատրելու բացառիկ իրավունքից՝ բնօրինակային ստեղծագործությունների նկատմամբ իրենց իրավունքների պաշտպանության ժամկետում:

 

Հ ո դ վ ա ծ  9

 

(Վերարտադրության իրավունք. 1. Ընդհանուր դրույթներ, 2. Հնարավոր բացառություններ, 3. Ձայնագրություններ և տեսագրություններ)

 

(1) Սույն Կոնվենցիայով պաշտպանվող գրական և գեղարվեստական ստեղծագործությունների հեղինակները բացառիկ իրավունք ունեն թույլատրելու այդ ստեղծագործությունների վերարտադրությունը ցանկացած եղանակով կամ ձևով:

(2) Միության երկրի օրենսդրության իրավասությունն է թույլատրելու այդ ստեղծագործությունների վերարտադրությունը որոշակի հատուկ դեպքերում, պայմանով, որ այդպիսի վերարտադրությունը չի վնասի ստեղծագործության բնականոն օգտագործմանը և անհիմն կերպով չի ոտնահարի հեղինակի

օրինական շահերը:

(3) Սույն Կոնվենցիայի իմաստով ցանկացած ձայնագրություն կամ տեսագրություն համարվում է վերարտադրություն:

 

Հ ո դ վ ա ծ 10

 

(Ստեղծագործությունների ազատ օգտագործման որոշակի դեպքեր. 1. Մեջբերումներ, 2. Ուսուցման նպատակով պատկերազարդումներ, 3. Սկզբնաղբյուրի և հեղինակի նշում)

 

(1) Թույլատրվում է մեջբերումներ կատարել ստեղծագործությունից, որն արդեն օրինական կարգով մատչելի է դարձել հանրությանը, պայմանով, որ դրանց կատարումը համատեղելի է արդար պրակտիկային, և դրանց ծավալը չի գերազանցում այն չափը, որն արդարացված է նպատակով, ներառյալ թերթերի հոդվածներից ու պարբերականներից մեջբերումները` մամուլի տեսությունների ձևով:

(2) Միության երկրների օրենսդրության և նրանց միջև կնքված կամ կնքվելիք հատուկ համաձայնագրերի իրավասությունն է թույլատրելու գրական կամ գեղարվեստական ստեղծագործությունների օգտագործումը` որպես պատկերազարդումներ հրատարակություններում, ռադիոհեռուստահաղորդումներում կամ ուսուցողական բնույթի ձայնագրություններում, կամ տեսագրություններում, նպատակով արդարացված ծավալով, պայմանով, որ այդպիսի օգտագործումը համատեղելի է արդար պրակտիկային:

(3) Ստեղծագործությունները սույն հոդվածի նախորդ կետերի համաձայն օգտագործելու դեպքում նշվում է սկզբնաղբյուրը և հեղինակի անունը, եթե այն նշված է այդ սկզբնաղբյուրում:

 

Հ ո դ վ ա ծ 10 b i s

 

(Ստեղծագործությունների ազատ օգտագործման հնարավոր լրացուցիչ դեպքեր. 1. Որոշակի հոդվածների ու հեռարձակված ստեղծագործությունների, 2. Ընթացիկ իրադարձությունների ժամանակ դիտված կամ լսված ստեղծագործությունների)

 

(1) Միության երկրի օրենսդրության իրավասությունն է թույլատրելու թերթերում կամ պարբերականներում հրապարակված տնտեսական, քաղաքական և կրոնական ընթացիկ հարցերով հոդվածների կամ հեռարձակված նույնաբնույթ ստեղծագործությունների վերարտադրությունը մամուլի, հեռարձակման կամ հաղորդագծով հանրությանը հաղորդելու միջոցով՝ այն դեպքերում, երբ այդպիսի վերարտադրությունը, հեռարձակումը կամ դրանց նման հաղորդումը հատկապես չի սահմանափակվել: Ամեն դեպքում, սկզբնաղբյուրը պետք է միշտ պարզորոշ նշվի. այդ պարտականությունը չկատարելու իրավական հետևանքները որոշվում են այն երկրի օրենսդրությամբ, որտեղ հայցվում է պաշտպանությունը:

(2) Միության երկրի օրենսդրության իրավասությունն է նաև որոշելու այն պայմանները, որոնց համաձայն լուսանկարչության, կինեմատոգրաֆիայի, հեռարձակման կամ հաղորդագծով հաղորդելու միջոցով ընթացիկ իրադարձությունները հանրությանը տեղեկացնելու նպատակով տվյալ իրադարձության ընթացքում դիտված կամ լսված գրական կամ գեղարվեստական ստեղծագործությունները կարող են, տեղեկատվական նպատակով արդարացված ծավալով, վերարտադրվել և մատչելի դառնալ հանրությանը:

 

Հ ո դ վ ա ծ 11

 

(Դրամատիկական և երաժշտական ստեղծագործությունների նկատմամբ որոշակի իրավունքներ. 1. Հրապարակային ներկայացման և ներկայացումը հանրությանը հաղորդելու իրավունք, 2. Թարգմանության առնչությամբ)

 

(1) Դրամատիկական, երաժշտադրամատիկական ստեղծագործությունների հեղինակներն օգտվում են բացառիկ իրավունքից թույլատրելու.

(i) իրենց ստեղծագործությունների հրապարակային ներկայացումը, ներառյալ ցանկացած միջոցով ու կարգով հրապարակային ներկայացումը,

(ii) իրենց ստեղծագործությունների ներկայացման ցանկացած հաղորդումը հասարակությանը:

(2) Դրամատիկական կամ երաժշտադրամատիկական ստեղծագործությունների հեղինակները բնօրինակային ստեղծագործությունների նկատմամբ իրենց իրավունքների ողջ ընթացքում թարգմանությունների առնչությամբ օգտվում են միևնույն իրավունքներից:

 

Հ ո դ վ ա ծ 11 b i s

 

(Հեռարձակում և դրան առնչվող իրավունքներ. 1. Հեռարձակում և առանց հաղորդագծերի այլ հաղորդումներ, հաղորդագծերով կամ կրկնվող հեռարձակմամբ հեռարձակման հրապարակային հաղորդում, հեռարձակման հրապարակային հաղորդում բարձրախոսի կամ նմանօրինակ սարքերի միջոցով, 2. Պարտադիր լիցենզիաներ, 3. Ձայնագրություններ, կարճատ և ձայնագրություններ)

 

(1) Գրական և գեղարվեստական ստեղծագործությունների հեղինակներն օգտվում են բացառիկ

իրավունքից թույլատրելու.

(i) իրենց ստեղծագործությունների հեռարձակումը կամ դրանք հանրությանը հաղորդելը նշանների, ձայնի կամ պատկերների՝ առանց գծերի տարածման ցանկացած այլ միջոցներով,

(ii) ստեղծագործության՝ հաղորդագծով կամ կրկնակի հեռարձակման միջոցով ցանկացած հաղորդում հասարակությանը, եթե այս հաղորդումն իրականացվում է ոչ թե սկզբնական, այլ ուրիշ կազմակերպության կողմից,

(iii) ստեղծագործության՝ բարձրախոսի կամ նշաններ, ձայներ կամ պատկերներ հաղորդող ցանկացած այլ սարքի օգնությամբ հեռարձակված հրապարակային հաղորդումը:

(2) Միության երկրների օրենսդրության իրավասությունն է սահմանելու նախորդ կետում նախատեսված իրավունքներն իրագործելու պայմանները, սակայն այդ պայմանները կիրառվում են միայն այն երկրներում, որտեղ դրանք սահմանվել են: Դրանք ոչ մի դեպքում չեն կարող վնաս պատճառել հեղինակի ոչ գույքային իրավունքներին և ոչ էլ, համաձայնության բացակայության դեպքում, իրավասու մարմնի կողմից սահմանված արդարացի վարձատրության իրավունքին:

(3) Ցանկացած հակառակ պայմանավորվածության բացակայության դեպքում սույն հոդվածի (1)-ին կետին համապատասխան տրամադրված թույլատրությունը չի դիտվում որպես հեռարձակված ստեղծագործությունը ձայներ կամ պատկերներ ձայնագրող սարքերի միջոցով ձայնագրելու թույլատրություն: Սակայն Միության երկրների օրենսդրության իրավասությունն է սահմանելու հեռարձակող կազմակերպության կողմից իր սեփական սարքավորումների միջոցով և իր սեփական հեռարձակումների համար օգտագործվող կարճատև ձայնագրությունները կարգավորող նորմերը: Այս ձայնագրությունները, դրանց բացառիկ վավերագրական բնույթի հիմքով, պաշտոնական արխիվներում պահելը կարող է թույլատրվել նման օրենսդրությամբ:

 

Հ ո դ վ ա ծ 11 t e r

 

(Գրական ստեղծագործությունների նկատմամբ որոշակի իրավունքներ. 1. Հրապարակային ընթերցման և ընթերցումը հանրությանը հաղորդելու իրավունք, 2. Թարգմանությունների առնչությամբ)

 

(1) Գրական ստեղծագործությունների հեղինակներն օգտվում են բացառիկ իրավունքից թույլատրելու.

(i) իրենց ստեղծագործությունների հրապարակային ընթերցումը, ներառյալ՝ ցանկացած միջոցով կամ կարգով իրականացվող հրապարակային ընթերցումը,

(ii) իրենց ստեղծագործությունների ընթերցման ցանկացած հաղորդումը հանրությանը:

(2) Գրական ստեղծագործությունների հեղինակները բնօրինակային ստեղծագործությունների նկատմամբ իրենց իրավունքների ողջ ժամկետում թարգմանությունների առնչությամբ օգտվում են միևնույն իրավունքներից:

 

Հ ո դ վ ա ծ 12

 

(Վերափոխման, վերամշակման և այլ փոփոխության իրավունք)

 

Գրական և գեղարվեստական ստեղծագործությունների հեղինակներն օգտվում են բացառիկ իրավունքից՝ թույլատրելու իրենց ստեղծագործությունների վերափոխումներ, վերամշակումներ և այլ փոփոխություններ:

 

Հ ո դ վ ա ծ 13

 

(Երաժշտական ստեղծագործություններ ու դրանց առնչվող ցանկացած տեքստի ձայնագրման իրավունքի հնարավոր սահմանափակումներ. 1. Պարտադիր լիցենզիաներ, 2. Անցումային միջոցներ, 3. Առանց հեղինակի թույլտվության կատարված օրինակների ներմուծման բռնագրավում)

 

(1) Միության յուրաքանչյուր երկիր կարող է իր համար սահմանել վերապահումներ և պայմաններ երաժշտական ստեղծագործության հեղինակին և ցանկացած այն տեքստի հեղինակին տրամադրվող բացառիկ իրավունքների նկատմամբ, որի ձայնագրումը երաժշտական ստեղծագործության հետ արդեն թույլատրվել է վերջինիս կողմից, թույլատրել այդ երաժշտական ստեղծագործության ձայնագրումը նման տեքստի հետ, եթե այդպիսին կա: Բայց բոլոր նման վերապահումներն ու պայմանները կիրառվում են միայն այն երկրներում, որոնք սահմանել են դրանք և ոչ մի դեպքում չեն կարող վնասել այդ հեղինակների արդարացի վարձատրության իրավունքները, որը, համաձայնագրի բացակայության դեպքում, սահմանվում է իրավասու մարմնի կողմից:

(2) 1928թ. հունիսի 2-ին Հռոմում և 1948թ. հունիսի 26-ին Բրյուսելում ստորագրված կոնվենցիաների 13(3) հոդվածի համաձայն, Միության երկրում երաժշտական ստեղծագործությունների ձայնագրություններն այդ երկրում կարող են վերարտադրվել առանց երաժշտական ստեղծագործության հեղինակի թույլտվության՝ մինչև այդ երկրում սույն Փաստաթղթի գործողության մեջ մտնելու օրվանից հաշված երկու տարի անց:

(3) Սույն հոդվածի (1)-ին և (2)-րդ կետերի համաձայն արված ձայնագրությունները և առանց շահագրգիռ կողմերի թույլտվության դրանց ներմուծումն այն երկիր, որտեղ դրանք համարվում են անօրինական ձայնագրություններ, ենթակա են բռնագրավման:

 

Հ ո դ վ ա ծ 14

 

(Կինեմատոգրաֆիական և հարակից իրավունքներ. 1. Կինեմատոգրաֆիական վերափոխում և վերարտադրություն, նման կերպով վերափոխված կամ վերարտադրված ստեղծագործությունների տարածում, հրապարակային ներկայացում և հաղորդագծերով հրապարակային հաղորդում, 2. Կինեմատոգրաֆիական բեմադրությունների վերափոխում, 3. Ոչ պարտադիր լիցենզիաներ)

 

(1) Գրական և գեղարվեստական ստեղծագործությունների հեղինակները բացառիկ իրավունք

ունեն թույլատրելու.

(i) իրենց ստեղծագործությունների կինեմատոգրաֆիական վերափոխումն ու վերարտադրումը և այդ կերպ վերափոխված կամ վերարտադրված ստեղծագործության տարածումը,

(ii) այդ կերպ վերափոխված կամ վերարտադրված ստեղծագործությունների հրապարակային ներկայացումը և հաղորդագծով հանրությանը հաղորդելը:

(2) Գրական կամ գեղարվեստական ստեղծագործությունների վրա հիմնված կինեմատոգրաֆիական բեմադրության վերափոխումը ցանկացած այլ գեղարվեստական ձևի, առանց խաթարելու կինեմատոգրաֆիական բեմադրության հեղինակի թույլատրությունը, պահանջում է նաև բնօրինակային ստեղծագործությունների հեղինակների թույլատրությունը:

(3) 13(1) հոդվածի դրույթները չեն կիրառվում:

 

Հ ո դ վ ա ծ 14 b i s

 

(Կինեմատոգրաֆիական ստեղծագործություններին վերաբերող հատուկ դրույթներ. 1. «Բնօրինակային» ստեղծագործություններին հավասարեցնելը, 2. Իրավունքի սեփականատերերը, որոշակի ներդրողների առանձին իրավունքների սահմանափակումը, 3. Որոշակի այլ ներդրողներ)

 

(1) Առանց խաթարելու ցանկացած ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը, որը կարող է վերափոխված կամ վերարտադրված լինել, կինեմատոգրաֆիական ստեղծագործությունը պաշտպանվում է որպես բնօրինակային ստեղծագործություն: Կինեմատոգրաֆիական ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքի տերն օգտվում է նույնպիսի իրավունքներից, ինչպես բնօրինակային ստեղծագործության հեղինակը, ներառյալ՝ նախորդ հոդվածում նախատեսված իրավունքները:

(2) (ա) Կինեմատոգրաֆիական ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքի պատկանելության որոշումը այն երկրի օրենսդրության իրավասությունն է, որտեղ պաշտպանությունը հայցվում է:

(բ) Սակայն Միության այն երկրներում, որոնք օրենսդրությամբ կինեմատոգրաֆիական ստեղծագործությունների նկատմամբ հեղինակային իրավունք ունեցողների թվում ընդգրկում են նաև այդ ստեղծագործությունների ստեղծման գործում ներդրում ունեցող հեղինակներին, վերջիններս, եթե պարտավորվել են կատարել այդպիսի ներդրում, չեն կարող, ցանկացած հակառակ կամ հատուկ պայմանավորվածության բացակայության դեպքում, արգելել ստեղծագործության վերարտադրումը, տարածումը, հաղորդագծերով հանրությանը հաղորդելը, հեռարձակումը կամ ցանկացած այլ հրապարակային հաղորդում, ինչպես նաև տեքստերի ենթագրումն ու կրկնօրինակումը:

(գ) Այն հարցը, թե արդյոք վերոնշյալ պարտավորությունը, նախորդ (բ) կետը կիրառելու համար, արտահայտված պետք է լինի գրավոր համաձայնության ձևով կամ հավասարազոր գրավոր փաստաթղթով, այն երկրի օրենսդրության իրավասությունն է, որտեղ կինեմատոգրաֆիական ստեղծագործության ստեղծողն ունի իր կենտրոնակայանը կամ մշտական բնակության վայրը: Սակայն այդպիսի պարտավորության գրավոր համաձայնության ձևով կամ հավասարազոր գրավոր փաստաթղթով արտահայտված լինելու հարցի որոշումը Միության այն պետության օրենսդրության իրավասությունն է, որտեղ պաշտպանությունը հայցվում է: Այն երկրները, որոնց օրենսդրությունը նախատեսում է այդ, գրավոր հայտարարությամբ այդ մասին տեղեկացնում են Գլխավոր տնօրենին, որն էլ այն անմիջապես հաղորդում է Միության մյուս բոլոր երկրներին:

(դ) «Հակառակ կամ հատուկ պայման» ասելով՝ հասկացվում է սահմանափակող ցանկացած պայման, որն առնչվում է վերոնշյալ պարտավորությանը:

(3) Եթե ներպետական օրենսդրությամբ այլ բան չի նախատեսվում, վերոնշյալ (2) (բ) կետի դրույթները չեն կիրառվում կինեմատոգրաֆիական ստեղծագործությունների համար ստեղծված սցենարների, երկխոսությունների ու երաժշտական ստեղծագործությունների հեղինակների կամ բեմադրող ռեժիսորների նկատմամբ: Սակայն Միության այն երկրները, որոնց օրենսդրությունը չի պարունակում բեմադրող ռեժիսորի նկատմամբ (2)(բ) կետի կիրառում նախատեսող դրույթներ, գրավոր հայտարարությամբ այդ մասին տեղեկացնում են Գլխավոր տնօրենին, որն էլ անմիջապես հաղորդում է Միության մյուս բոլոր երկրներին:

 

Հ ո դ վ ա ծ 14 t e r

 

(Արվեստի ստեղծագործությունների ու ձեռագրերի նկատմամբ «drօit de sսite». 1. Վերավաճառքից տոկոսներ ստանալու իրավունք, 2. Կիրառվող իրավունք, 3. Ընթացակարգ)

 

(1) Արվեստի բնօրինակային ստեղծագործությունների և գրողների ու կոմպոզիտորների բնօրինակային ձեռագրերի նկատմամբ հեղինակը, իսկ նրա մահից հետո՝ այն անձինք կամ հաստատությունները, որոնք լիազորված են ներպետական օրենսդրությամբ, օգտվում են հեղինակի կողմից ստեղծագործության առաջին փոխանցմանը հաջորդող ցանկացած վաճառքից տոկոսներ ստանալու անօտարելի իրավունքից:

(2) Նախորդ կետով նախատեսված պաշտպանությունը կարող է հայցվել Միության երկրում, եթե միայն այն երկրի օրենսդրությունը, որին պատկանում է հեղինակը, թույլատրում է դա, և այն ծավալով, որը թույլատրվում է այն պետության կողմից, որտեղ պաշտպանությունը հայցվում է:

(3) Գանձման ընթացակարգն ու գումարների չափը որոշվում են ներպետական օրենսդրությամբ:

 

Հ ո դ վ ա ծ 15

 

(Պաշտպանվող իրավունքներն իրականացնելու իրավունք. 1. Երբ հեղինակի անունը նշվում է, կամ երբ կեղծանունը հեղինակի ինքնության առնչությամբ կասկած չի հարուցում, 2. Կինեմատոգրաֆիական ստեղծագործությունների դեպքում, 3. Անանուն կամ կեղծանունով ստեղծագործությունների դեպքում, 4. Անհայտ հեղինակների որոշ չհրատարակված ստեղծագործությունների դեպքում)

 

(1) Որպեսզի սույն Կոնվենցիայով պաշտպանվող գրական և գեղարվեստական ստեղծագործությունների հեղինակը, հակառակ ապացույցների բացակայության դեպքում, դիտվի որպես այդպիսին և դրան համապատասխան իրավունք ունենա Միության երկրներում, ի պաշտպանություն իր խախտված իրավունքների, միջոցներ ձեռնարկել, բավական է, որ հեղինակի անունը սովորական ձևով նշված լինի ստեղծագործության վրա: Սույն կետը կիրառվում է, նույնիսկ, եթե այդ անունը կեղծանուն է, և եթե հեղինակի ընդունած կեղծանունը նրա ինքնության նկատմամբ կասկած չի հարուցում:

(2) Ֆիզիկական կամ իրավաբանական անձը, որի անունը սովորական ձևով նշված է կինեմատոգրաֆիական ստեղծագործության վրա, հակառակ ապացույցների բացակայության դեպքում համարվում է այդ ստեղծագործության ստեղծողը:

(3) Անանուն կամ կեղծանունով ստեղծագործությունների դեպքում, բացի (1)-ին կետում նշվածներից, հրատարակիչը, որի անունը նշված է ստեղծագործության վրա, հակառակ ապացույցների բացակայության դեպքում ճանաչվում է հեղինակին ներկայացնող և որպես այդպիսին իրավասու է պաշտպանելու և իրականացնելու նրա իրավունքները: Սույն կետի դրույթները դադարում են կիրառվել, երբ հեղինակը բացահայտում է իր ինքնությունը և հայտարարում ստեղծագործության նկատմամբ իր հեղինակության մասին:

(4) (ա) Չհրատարակված ստեղծագործությունների դեպքում, երբ հեղինակի ինքնությունն անհայտ է, բայց կան բոլոր հիմքերը ենթադրելու, որ նա Միության երկրի քաղաքացի է, այդ երկրի օրենսդրության իրավասությունն է նշանակելու այն իրավասու մարմինը, որը ներկայացնում է այդ հեղինակին ու լիազորված է պաշտպանելու և իրականացնելու նրա իրավունքները Միության երկրներում:

(բ) Միության երկրները, որոնք այս դրույթին համապատասխան կատարում են նման նշանակում, գրավոր հայտարարության միջոցով ծանուցում են Գլխավոր տնօրենին՝ տալով լիարժեք տեղեկատվություն այդ կարգով նշանակված մարմնի մասին: Գլխավոր տնօրենն անմիջապես այս հայտարարությունը հաղորդում է Միության մյուս բոլոր երկրներին:

 

Հ ո դ վ ա ծ 16

 

(Ապօրինի օրինակներ. 1. Բռնագրավում, 2. Ներմուծման բռնագրավում, 3. Կիրառվող իրավունք)

 

(1) Ստեղծագործության ապօրինի օրինակները ենթակա են բռնագրավման Միության յուրաքանչյուր երկրում, որտեղ այդ ստեղծագործությունն օգտվում է իրավական պաշտպանությունից:

(2) Նախորդ կետի դրույթները կիրառվում են նաև վերարտադրությունների նկատմամբ, որոնք կատարվել են այն երկրներում, որտեղ ստեղծագործությունը չի պաշտպանվում կամ դադարել է պաշտպանվել:

(3) Բռնագրավումը կատարվում է յուրաքանչյուր երկրի օրենսդրությանը համապատասխան:

 

Հ ո դ վ ա ծ 17

 

(Ստեղծագործությունների տարածման, ներկայացման և ցուցադրման նկատմամբ հսկողության հնարավորություն)

 

Սույն Կոնվենցիայի դրույթները չեն կարող որևէ կերպ խոչընդոտել Միության յուրաքանչյուր երկրի կառավարության իրավունքը՝ օրենսդրական կամ վարչական կարգով թույլատրելու, վերահսկելու կամ արգելելու այն ցանկացած ստեղծագործության կամ բեմադրության տարածումը, ներկայացումը կամ ցուցադրումը, որի առնչությամբ իրավասու մարմինն անհրաժեշտ է գտնում իրականացնել այդ իրավունքը:

 

Հ ո դ վ ա ծ 18

 

(Կոնվենցիան ուժի մեջ մտնելու պահին գոյություն ունեցող ստեղծագործություններ. 1. Պաշտպանվող, երբ պաշտպանությունը դեռևս չի դադարել ծագման երկրում, 2. Չպաշտպանվող, երբ պաշտպանությունն արդեն դադարել է երկրում, ուր հայցվում է պաշտպանությունը, 3. Այս սկզբունքների կիրառում, 4. Հատուկ դեպքեր)

 

(1) Սույն Կոնվենցիան կիրառվում է այն բոլոր ստեղծագործությունների նկատմամբ, որոնք Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու պահին ծագման երկրում դեռևս չեն դարձել հանրության սեփականություն՝ պաշտպանության ժամկետի ավարտվելու հետևանքով:

(2) Սակայն, եթե նախապես տրամադրված պաշտպանության ժամկետի ավարտվելու հետևանքով ստեղծագործությունը դարձել է հանրության սեփականություն այն երկրում, որտեղ հայցվում է պաշտպանությունը, ստեղծագործությունը կրկին չի պաշտպանվում:

(3) Նշված սկզբունքը կիրառվում է հատուկ կոնվենցիաների դրույթների համաձայն, որոնք գոյություն ունեն կամ այդ նպատակով կկնքվեն Միության երկրների միջև: Նման սկզբունքների բացակայության դեպքում համապատասխան երկրներից յուրաքանչյուրն այնքանով, որքանով դա վերաբերում է

իրեն, սահմանում է այդ սկզբունքը կիրառելու պայմաններ:

(4) Նախորդ դրույթները կիրառվում են նաև Միությանը նոր անդամակցությունների և այն դեպքերում, երբ պաշտպանությունն ընդլայնվում է 7-րդ հոդվածը կիրառելու միջոցով կամ վերապահումներից հրաժարվելու հետևանքով:

 

Հ ո դ վ ա ծ 19

 

(Ավելի լայն պաշտպանություն, քան նախատեսված է Կոնվենցիայով)

 

Սույն Կոնվենցիայի դրույթները չեն բացառում ավելի լայն պաշտպանության հայցումը, որը կարող է տրամադրվել Միության երկրի օրենսդրությամբ:

 

Հ ո դ վ ա ծ  20

 

(Միության երկրների միջև հատուկ համաձայնագրեր)

 

Միության երկրների կառավարություններն իրավունք ունեն միմյանց միջև կնքելու հատուկ համաձայնագրեր, եթե դրանք հեղինակին տրամադրում են ավելի լայն իրավունքներ, քան սույն Կոնվենցիայով տրամադրվող իրավունքները, կամ բովանդակում են սույն Կոնվենցիային չհակասող այլ դրույթներ: Գործող համաձայնագրերի՝ այս պահանջները բավարարող դրույթները շարունակվում են կիրառվել:

 

Հ ո դ վ ա ծ  21

 

(Զարգացող երկրներին առնչվող հատուկ դրույթներ. 1. Հղում Հավելվածին, 2. Հավելվածը որպես Փաստաթղթի մաս)

 

(1) Զարգացող երկրներին առնչվող հատուկ դրույթներն ընդգրկված են Հավելվածում:

(2) 28(1)(բ) հոդվածի դրույթների պահպանմամբ՝ Հավելվածը կազմում է սույն Փաստաթղթի բաղկացուցիչ մասը:

 

Հ ո դ վ ա ծ  22

 

(Ասամբլեա. 1. Հիմնադրումն ու կազմը, 2. Խնդիրները, 3. Քվորում, քվեարկում, հսկողություն, 4. Գումարումը, 5. Ընթացակարգի կանոններ)

 

(1) (ա) Միությունն ունի Ասամբլեա՝ կազմված Միության այն երկրներից, որոնք կապված են 22-26-րդ հոդվածներով:

(բ) Յուրաքանչյուր երկրի կառավարություն ներկայացվում է մեկ պատվիրակով, որը կարող է ունենալ տեղակալ, խորհրդական և փորձագետներ:

(գ) Յուրաքանչյուր պատվիրակության ծախսերը հոգում է այն նշանակող կառավարությունը:

(2) (ա) Ասամբլեան.

(i) զբաղվում է Միության պահպանմանն ու զարգացմանը և սույն Կոնվենցիայի կատարմանն առնչվող բոլոր հարցերով,

(ii) վերանայման խորհրդաժողովի նախապատրաստման վերաբերյալ ցուցումներ է տալիս Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունը (այսուհետ՝ «Կազմակերպություն») հիմնադրող կոնվենցիայով նախատեսված Մտավոր սեփականության Միջազգային բյուրոյին (այսուհետ՝ «Միջազգային բյուրո»)՝ պատշաճ ուշադրություն դարձնելով Միության այն երկրների դիտողություններին, որոնք պարտավորված չեն 22-26-րդ հոդվածներով,

(iii) վերանայում և հաստատում է Կազմակերպության Գլխավոր տնօրենի՝ Միությանը վերաբերող հաշվետվություններն ու գործունեությունը և նրան տալիս անհրաժեշտ բոլոր հրահանգները Միության իրավասությանն առնչվող հարցերի վերաբերյալ,

(iv) ընտրում է Ասամբլեայի Գործադիր կոմիտեի անդամներին,

(v) վերանայում և հաստատում է իր Գործադիր կոմիտեի հաշվետվությունները ու գործունեությունը և այդ Կոմիտեին տալիս է հրահանգներ,

(vi) որոշում է Միության ծրագիրը և ընդունում նրա երկամյա բյուջեն, հաստատում նրա ֆինանսական հաշիվները,

(vii) ընդունում է Միության ֆինանսական կանոնակարգը,

(viii) ստեղծում է այնպիսի աշխատանքային խմբեր և փորձագետների կոմիտեներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել Միության աշխատանքների համար,

(ix) որոշում է, թե Միության անդամ չհանդիսացող որ երկրներին և որ միջկառավարական ու միջազգային ոչ կառավարական կազմակերպություններին կարելի է թույլատրել որպես դիտորդներ մասնակցելու նիստերին,

(x) ընդունում է 22-26-րդ հոդվածների փոփոխություններն ու լրացումները,

(xi) իրականացնում է ցանկացած համապատասխան գործունեություն, որն ուղղված է Միության նպատակների ընդլայնմանը,

(xii) կատարում է սույն Կոնվենցիայից բխող ցանկացած այլ գործառույթներ,

(xiii) իր կողմից ընդունվելու դեպքում իրականացնում է այնպիսի իրավունքներ, որոնք նրան տրված են Կազմակերպությունը հիմնադրող Կոնվենցիայով:

(բ) Այն հարցերով, որոնք հետաքրքրություն են ներկայացնում նաև այլ կազմակերպության կողմից ղեկավարվող այլ միությունների համար, Ասամբլեան որոշումներ է ընդունում Կազմակերպության Համակարգող հանձնաժողովի խորհրդատվությունից հետո:

(3) (ա) Ասամբլեայի յուրաքանչյուր անդամ երկիր ունի մեկ ձայն:

(բ) Ասամբլեայի անդամ երկրների կեսը կազմում է քվորում:

(գ) Չնայած (բ) ենթակետի դրույթին, եթե որևէ նստաշրջանի ներկայացած երկրների թիվը կեսից քիչ է, բայց հավասար կամ ավելին է Ասամբլեայի անդամ երկրների մեկ երրորդից, Ասամբլեան կարող է որոշումներ կայացնել, սակայն նրա բոլոր որոշումները, բացառությամբ իր սեփական ընթացակարգին վերաբերողներից, ուժի մեջ են մտնում, եթե միայն կատարվում են հետևյալ պայմանները. Միջազգային բյուրոն նման որոշումներն ուղարկում է Ասամբլեայի անդամ այն երկրներին, որոնք ներկայացված չեն եղել, և հրավիրում է նրանց՝ որոշումն ուղարկելու օրվանից հաշվված երեքամսյա ժամկետում գրավոր արտահայտելու իրենց քվեն կամ ձեռնպահ մնալ, եթե այդ ժամկետի լրանալուց հետո նման ձևով կողմ կամ ձեռնպահ արտահայտված երկրների թիվը հասնում է այն քանակին, որն անհրաժեշտ էր նստաշրջանի քվորումի համար. այդպիսի որոշումներն ուժի մեջ են մտնում պայմանով, որ միաժամանակ պահպանվի անհրաժեշտ մեծամասնությունը:

(դ) 26 (2) հոդվածի դրույթները պահպանելու պայմանով Ասամբլեայի որոշումները պահանջում են տրված ձայների երկու երրորդը:

(ե) Ձեռնպահները ձայներ չեն համարվում:

(զ) Պատվիրակը կարող է ներկայացնել միայն մեկ երկիր և քվեարկել միայն նրա անունից:

(է) Միության այն երկրներին, որոնք Ասամբլեայի անդամներ չեն, թույլատրվում է նրա նիստերին մասնակցել որպես դիտորդներ:

(4) (ա) Ասամբլեան հերթական նստաշրջանի է հավաքվում երկու տարին մեկ անգամ, Գլխավոր տնօրենի հրավերով և, բացառիկ հանգամանքների բացակայության դեպքում, Կազմակերպության Գլխավոր ասամբլեայի հետ նույն ժամանակ և նույն վայրում:

(բ) Ասամբլեան արտահերթ նստաշրջանի է հավաքվում Գլխավոր տնօրենի հրավերով՝ Գործադիր կոմիտեի կամ Ասամբլեայի անդամ երկրների մեկ քառորդի պահանջով:

(5) Ասամբլեան ընդունում է ընթացակարգի իր կանոնները:

 

Հ ո դ վ ա ծ  23

 

(Գործադիր կոմիտե. 1. Հիմնադրում, 2. Կազմ, 3. Անդամների թիվ, 4. Աշխարհագրական բաշխում, հատուկ համաձայնագրեր, 5. Ժամկետներ, վերընտրության սահմաններ, ընտրության կանոններ, 6. Խնդիրներ, 7. Գումարում, 8. Քվորում, քվեարկում, 9. Դիտորդներ, 10. Ընթացակարգի կանոններ)

 

(1) Ասամբլեան ունի Գործադիր կոմիտե:

(2) (ա) Գործադիր կոմիտեն կազմված է Ասամբլեայի կողմից նրա անդամ պետությունների թվից ընտրվող երկրներից: Բացի այդ, այն երկիրը, որի տարածքում է Կազմակերպության կենտրոնակայանը, պահպանելով 25(7)(բ) հոդվածի դրույթները, ex օfficiօ տեղ ունի Կոմիտեում:

(բ) Գործադիր կոմիտեի անդամ յուրաքանչյուր երկրի կառավարություն ներկայացվում է մեկ պատվիրակով, որը կարող է ունենալ տեղակալներ, խորհրդականներ և փորձագետներ:

(գ) Յուրաքանչյուր պատվիրակության ծախսերը հոգում է այն նշանակող կառավարությունը:

(3) Գործադիր կոմիտեի անդամ երկրների թիվը կազմում է Ասամբլեայի անդամ երկրների թվի մեկ քառորդը: Լրացման ենթակա տեղերի որոշակի թվի դեպքում մնացած տեղերի թիվը, որ ստացվում է չորսի բաժանելուց հետո, հաշվի չի առնվում:

(4) Գործադիր կոմիտեի անդամների ընտրության ժամանակ Ասամբլեան պատշաճ ուշադրություն է դարձնում աշխարհագրական արդարացի բաշխմանը և այն բանին, որպեսզի Միության առնչությամբ կնքված հատուկ համաձայնագրերին մասնակից երկրների համար կարիքները ևս լինեն Գործադիր կոմիտեն կազմող երկրների թվում:

(5) (ա) Գործադիր կոմիտեի յուրաքանչյուր անդամ իր գործառույթներն իրականացնում է՝ սկսած Ասամբլեայի այն նստաշրջանի փակումից, որի ժամանակ ինքն ընտրվել է, մինչև Ասամբլեայի հաջորդ հերթական նստաշրջանի փակումը:

(բ) Գործադիր կոմիտեի անդամները, բայց նրանց երկու երրորդից ոչ ավելին, կարող են վերընտրվել:

(գ) Ասամբլեան սահմանում է գործադիր կոմիտեի անդամների ընտրությունների և հնարավոր վերընտրությունների մանրամասն կանոններ:

(6) (ա) Գործադիր կոմիտեն՝

(i) նախապատրաստում է Ասամբլեայի օրակարգի նախագիծը,

(ii) առաջարկություններ է ներկայացնում Ասամբլեային՝ կապված Միության ծրագրի՝ Գլխավոր տնօրենի կողմից նախապատրաստված նախագծի և երկամյա բյուջեի հետ,

(iii) (հանված է),

(iv) համապատասխան դիտողություններով Ասամբլեային է ներկայացնում Գլխավոր տնօրենի պարբերական զեկույցներն ու ֆինանսական վերստուգումների ամենամյա զեկույցները,

(v) Ասամբլեայի որոշումներին համապատասխան և նրա հերթական երկու նստաշրջանների միջև ծագած հանգամանքները հաշվի առնելով՝ ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ապահովելու

Գլխավոր տնօրենի կողմից Միության ծրագրի կատարումը,

(vi) կատարում է սույն Կոնվենցիայով նրա վրա դրված այլ գործառույթներ:

(բ) Այն հարցերով, որոնք հետաքրքրություն են ներկայացնում նաև այլ կազմակերպության կողմից ղեկավարվող այլ միությունների համար, Գործադիր կոմիտեն որոշումներ է կայացնում Կազմակերպության Համակարգող հանձնաժողովի խորհրդատվությունից հետո:

(7) (ա) Գործադիր կոմիտեն հերթական նստաշրջանի է հավաքվում տարին մեկ անգամ՝ Գլխավոր տնօրենի հրավերով, գերադասելի է՝ Կազմակերպության համակարգող հանձնաժողովի հետ նույն վայրում և նույն ժամանակ:

(բ) Գործադիր կոմիտեն արտահերթ նստաշրջանի է հավաքվում Գլխավոր տնօրենի հրավերով՝ կամ նրա սեփական նախաձեռնությամբ կամ նախագահի խնդրանքով, կամ Գործադիր կոմիտեի անդամների մեկ չորրորդի պահանջով:

(8) (ա) Գործադիր կոմիտեի յուրաքանչյուր անդամ երկիր ունի մեկ ձայն:

(բ) Գործադիր կոմիտեի անդամ երկրների կեսը կազմում է քվորում:

(գ) Որոշումներն ընդունվում են տրված ձայների պարզ մեծամասնությամբ:

(դ) Ձեռնպահը ձայն չի համարվում:

(ե) Պատվիրակը կարող է ներկայացնել միայն մեկ երկիր և քվեարկել միայն դրա անունից:

(9) Միության այն երկրներին, որոնք Գործադիր կոմիտեի անդամներ չեն, թույլատրվում է մասնակցել Կոմիտեի նիստերին որպես դիտորդներ:

(10) Գործադիր կոմիտեն ընդունում է ընթացակարգի իր կանոնները:

 

Հ ո դ վ ա ծ  24

 

(Միջազգային բյուրո. 1. Ընդհանուր խնդիրներ, Գլխավոր տնօրեն, 2. Ընդհանուր տեղեկատվություն, 3. Պարբերական, 4. Տեղեկատվություն երկրներին, 5. Հետազոտություններ և ծառայություններ, 6. Մասնակցություն նիստերին, 7. Վերանայման խորհրդաժողովներ, 8. Այլ խնդիրներ)

 

(1) (ա) Միության հետ կապված վարչական խնդիրներն իրականացնում է Միջազգային բյուրոն, որը Միության Բյուրոյի շարունակությունն է՝ միավորված Արդյունաբերական սեփականության պաշտպանության միջազգային կոնվենցիայով ստեղծված Միության բյուրոյի հետ:

(բ) Միջազգային բյուրոն կատարում է, մասնավորապես, Միության տարբեր մարմինների քարտուղարության գործառույթներ:

(գ) Կազմակերպության Գլխավոր տնօրենը Միության գլխավոր պաշտոնատար անձն է և ներկայացնում է Միությունը:

(2) Միջազգային բյուրոն հավաքում և հրապարակում է հեղինակային իրավունքի պաշտպանությանը վերաբերող տեղեկություններ: Միության յուրաքանչյուր երկիր անհապաղ Միջազգային բյուրո է հանձնում հեղինակային իրավունքի պաշտպանությանը վերաբերող բոլոր նոր օրենքներն ու պաշտոնական տեքստերը:

(3) Միջազգային բյուրոն հրատարակում է ամենամսյա պարբերական:

(4) Միջազգային բյուրոն, խնդրանքի հիման վրա, հեղինակային իրավունքի պաշտպանությանն առնչվող հարցերով տեղեկատվություն է տրամադրում Միության ցանկացած երկրի:

(5) Միջազգային բյուրոն անցկացնում է հետազոտություններ և մատուցում ծառայություններ՝ հեշտացնելու հեղինակային իրավունքի պաշտպանությունը:

(6) Գլխավոր տնօրենը և նրա կողմից նշանակված անձնակազմի ցանկացած անդամ, առանց ձայնի իրավունքի, մասնակցում է Ասամբլեայի, Գործադիր կոմիտեի, փորձագետների ցանկացած կոմիտեի կամ աշխատանքային խմբի բոլոր նիստերին: Գլխավոր տնօրենը կամ նրա կողմից նշանակված անձնակազմի ցանկացած անդամ ex օfficiօ այդ մարմինների քարտուղարն է:

(7) (ա) Միջազգային բյուրոն, Ասամբլեայի ցուցումների համաձայն և Գործադիր կոմիտեի հետ համագործակցելով, նախապատրաստում է 22-26-րդ հոդվածներից բացի Կոնվենցիայի այլ դրույթների վերանայման խորհրդաժողովներ:

(բ) Միջազգային բյուրոն վերանայման խորհրդաժողով նախապատրաստելու առնչությամբ կարող է խորհրդակցել միջկառավարական և միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների հետ:

(գ) Գլխավոր տնօրենն ու նրա կողմից նշանակված անձինք այդ խորհրդաժողովի աշխատանքներին մասնակցում են առանց ձայնի իրավունքի:

(8) Միջազգային բյուրոն իրականացնում է նաև իր վրա դրված այլ խնդիրներ:

 

Հ ո դ վ ա ծ  25

 

(Ֆինանսներ. 1. Բյուջե, 2. Այլ միությունների հետ համաձայնեցում, 3. Միջոցներ, 4. Մուծումներ, նախորդ բյուջեի հնարավոր երկարաձգում, 5. Տուրքեր ու վճարումներ, 6. Շրջանառու միջոցների հիմնադրամ, 7. Հյուրընկալ կառավարության կանխավճարներ, 8. Ֆինանսական վերստուգում)

 

(1) (ա) Միությունն ունի բյուջե:

(բ) Միության բյուջեն ներառում է Միությանը հատուկ եկամուտներն ու ծախսերը, նրա մուծումները միությունների համար ընդհանուր ծախսերի բյուջե, ինչպես նաև, համապատասխան դեպքերում, Կազմակերպության խորհրդաժողովի բյուջեում առկա գումարը:

(գ) Ոչ բացառապես Միությանը, այլև Կազմակերպության կողմից ղեկավարվող մեկ կամ մի քանի այլ միությունների հատուկ ծախսերը համարվում են միությունների ընդհանուր ծախսեր: Միության բաժինն այդ ընդհանուր ծախսերում համամասն է այն շահերին, որը Միությունն ունի դրանց մեջ:

(2) Միության բյուջեն ստեղծվում է՝ պատշաճ կերպով հաշվի առնելով Կազմակերպության կողմից ղեկավարվող մյուս միությունների բյուջեների հետ համաձայնեցվածության պահանջները:

(3) Միության բյուջեն ֆինանսավորվում է հետևյալ աղբյուրներից.

(i) Միության երկրների մուծումներից,

(ii) Միջազգային բյուրոյի մատուցած՝ Միությանն առնչվող ծառայությունների համար տուրքերից ու վճարումներից,

(iii) Միջազգային բյուրոյի՝ Միությանն առնչվող հրատարակումների վաճառքից ստացվող եկամուտներից և այդպիսի հրատարակությունների համար իրավունքների փոխանցումից,

(iv) նվիրատվություններից, կտակված միջոցներից ու նպաստներից,

(v) վարձույթից, տոկոսներից ու զանազան այլ եկամուտներից:

(4) (ա) Բյուջե կատարվող իր մուծումների չափը որոշելու համար Միության յուրաքանչյուր երկիր ենթարկվում է դասակարգման և իր տարեկան մուծումները վճարում հետևյալ ձևով սահմանված թվային միավորի հիման վրա.

 

Կարգ  I 25
Կարգ  II 20
Կարգ  III 15
Կարգ  IV 10
Կարգ  V 5
Կարգ  VI 3
Կարգ  VII 1

 

(բ) Յուրաքանչյուր երկիր, եթե նախկինում դա չի արել, վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելու հետ միաժամանակ նշում է նաև այն կարգը, որին ցանկանում է պատկանել: Ցանկացած երկիր կարող է փոխել կարգը: Եթե նա ընտրում է ավելի ցածր կարգ, այդ մասին պետք է հայտարարի Ասամբլեայի հերթական նստաշրջանի ժամանակ: Նման փոփոխությունն ուժի մեջ է մտնում նշված նստաշրջանին հաջորդող օրացուցային տարվա սկզբից:

(գ) Յուրաքանչյուր երկրի տարեկան մուծումների գումարը համամասն է բոլոր երկրների կողմից Միության բյուջե վճարման ենթակա մուծումների ամբողջ գումարին այնպես, ինչպես նրա միավորների քանակը հարաբերում է մուծումներ վճարող բոլոր երկրների միավորների ընդհանուր քանակին:

(դ) Մուծումները ենթակա են վճարման յուրաքանչյուր տարվա հունվարի մեկից:

(ե) Երկիրը, որն ունի մուծումների պարտքեր, կորցնում է ձայնի իրավունքը Միության ցանկացած մարմնում, որին ինքն անդամակցում է, եթե պարտքի գումարը հավասար է կամ գերազանցում է նախորդ երկու տարիների իր մուծումների գումարը: Այնուամենայնիվ, այդ մարմիններից ցանկացածը կարող է թույլատրել տվյալ երկրին շարունակելու օգտվել ձայնի իրավունքից, եթե, և այնքան ժամանակ, քանի դեռ համոզված է, որ մուծում չկատարելն արդյունք է բացառիկ և անխուսափելի հանգամանքների:

(զ) Եթե բյուջեն չի ընդունվում մինչև նոր ֆինանսական ժամանակաշրջանի սկիզբը, ապա ֆինանսական կանոնակարգի համաձայն, այն նույն մակարդակով է, ինչ նախորդ տարվա բյուջեն:

(5) Միության հետ կապված Միջազգային բյուրոյի մատուցած ծառայությունների համար տուրքերի ու վճարումների չափը սահմանում է Գլխավոր տնօրենը, որն այդ մասին զեկուցում է Ասամբլեային և Գործադիր կոմիտեին:

(6) (ա) Միությունն ունի շրջանառու միջոցների հիմնադրամ, որը կազմվում է Միության յուրաքանչյուր երկրի կողմից կատարվող միանվագ վճարումից: Եթե հիմնադրամը դառնում է չբավարարող, Ասամբլեան որոշում է կայացնում այն ընդլայնելու մասին:

(բ) Յուրաքանչյուր երկրի սկզբնական մուծումների չափը հիշյալ հիմնադրամ կամ նրա բաժինը հիմնադրամն ընդլայնելիս՝ համամասն է տվյալ երկրի մուծումներին այն տարվա համար, որում ստեղծվել է հիմնադրամը կամ որոշում է կայացվել այն ընդլայնելու մասին:

(գ) Համամասնությունը և վճարումների պայմանները սահմանում է Ասամբլեան՝ Գլխավոր տնօրենի առաջարկությամբ, Համակարգող հանձնաժողովի կարծիքը լսելուց հետո:

(7) (ա) Կենտրոնակայանի վերաբերյալ այն երկրի հետ կնքված համաձայնագրում, որի տարածքում Կազմակերպությունն ունի իր կենտրոնակայանը, նախատեսվում է, որ այն դեպքերում, երբ շրջանառու հիմնադրամն անբավարար է, այդ երկիրը տրամադրում է կանխավճարներ: Այդ կանխավճարների գումարը և տրամադրման պայմանները յուրաքանչյուր դեպքում հատուկ համաձայնության առարկա են տվյալ երկրի և Կազմակերպության միջև: Այնքան ժամանակ, քանի դեռ երկիրը պարտավորված է կանխավճարներ տրամադրելու, ex օfficiօ Գործադիր կոմիտեում ունի մեկ տեղ:

(բ) (ա) ենթակետում նշված երկիրը և Կազմակերպությունն իրավունք ունեն գրավոր ծանուցագրության միջոցով չեղյալ հայտարարել կանխավճարներ տրամադրելու պարտավորությունը: Չեղյալ հայտարարելն ուժի մեջ է մտնում երեք տարի անց այն տարվա ավարտից, որում կատարվել է ծանուցումը:

(8) Ֆինանսական վերստուգումն իրականացվում է Միության մեկ կամ մի քանի երկրների կամ արտաքին վերստուգիչների կողմից՝ ֆինանսական կանոնակարգին համապատասխան: Իրենց համաձայնությամբ նրանց նշանակում է Ասամբլեան:

 

Հ ո դ վ ա ծ  26

 

(Փոփոխություններ և լրացումներ. 1. Դրույթներ, որոնք կարող է փոփոխել Ասամբլեան, առաջարկություններ, 2. Ընդունում, 3. Ուժի մեջ մտնելը)

 

(1) 22, 23, 24, 25-րդ հոդվածներում և սույն հոդվածում փոփոխությունների ու լրացումների առաջարկություններ կարող են անել Ասամբլեայի անդամ յուրաքանչյուր երկիր, Գործադիր կոմիտեն կամ

Գլխավոր տնօրենը: Այդ առաջարկությունները Գլխավոր տնօրենն ուղարկում է Ասամբլեայի անդամ երկրներին՝ Ասամբլեայի կողմից դրանց քննարկումից առնվազն 6 ամիս առաջ:

(2) (1)-ին կետում նախատեսված հոդվածների փոփոխություններն ու լրացումներն ընդունում է Ասամբլեան: Ընդունումը պահանջում է ձայների երեք քառորդը, պայմանով, որ 22-րդ հոդվածի և սույն կետի ցանկացած փոփոխություն ու լրացում ընդունվում է ձայների չորս հինգերորդով:

(3) (1)-ին կետում նախատեսված հոդվածների ցանկացած փոփոխություն ու լրացում ուժի մեջ է մտնում մեկ ամիս անց այն բանից հետո, երբ Գլխավոր տնօրենը Ասամբլեայի անդամ երկրների երեք քառորդից ստանում է այդ փոփոխություններն ու լրացումներն իրենց սահմանադրական ընթացակարգին համապատասխան ընդունելու մասին գրավոր ծանուցումները: Նշված հոդվածներում այդ կերպ ընդունված ցանկացած փոփոխություն ու լրացում պարտադիր է բոլոր երկրների համար, որոնք Ասամբլեայի անդամներ են փոփոխության ուժի մեջ մտնելու պահին, կամ որոնք անդամներ են դառնում դրանից հետո, պայմանով, որ Միության երկրների ֆինանսական պարտավորություններն ընդլայնող ցանկացած փոփոխություն ու լրացում պարտադիր է միայն այն երկրների համար, որոնք ծանուցել են փոփոխությունն ու լրացումն ընդունելու մասին:

 

Հ ո դ վ ա ծ  27

 

(Վերանայում. 1. Նպատակ, 2. Խորհրդաժողովներ, 3. Ընդունում)

 

(1) Սույն Կոնվենցիան կարող է ենթարկվել վերանայման՝ նրանում Միության համակարգի կատարելագործմանն ուղղված փոփոխություններ կատարելու նպատակով:

(2) Այդ նպատակով Միության երկրներում հերթականությամբ անցկացվում են նշված երկրների ներկայացուցիչների խորհրդաժողովներ:

(3) 26-րդ հոդվածի դրույթների պահպանմամբ, որոնք կիրառվում են 22-26-րդ հոդվածների փոփոխության ու լրացման նկատմամբ, սույն Փաստաթղթի, ներառյալ Հավելվածի, ցանկացած վերանայում պահանջում է միաձայնություն:

 

Հ ո դ վ ա ծ  28

 

(Փաստաթղթի ընդունումն ու Միության երկրների համար ուժի մեջ մտնելը. 1. Վավերացում, միանալ, որոշ դրույթներ բացառելու հնարավորություն, հրաժարում բացառումից, 2. 1-21-րդ հոդվածների և Հավելվածի ուժի մեջ մտնելը, 3. 22-38-րդ հոդվածների ուժի մեջ մտնելը)

 

(1) (ա) Միության յուրաքանչյուր երկիր, որն ստորագրել է սույն Փաստաթուղթը, կարող է վավերացնել այն կամ, եթե չի ստորագրել, միանալ դրան: Վավերագրերն ու միանալու մասին փաստաթղթերն ի պահ են հանձնվում Գլխավոր տնօրենին:

(բ) Միության յուրաքանչյուր երկիր կարող է իր վավերագրում կամ միանալու մասին փաստաթղթում հայտարարել, որ վավերացումը կամ միանալը չի տարածվում 1-21-րդ հոդվածների ու Հավելվածի վրա, պայմանով, որ, եթե տվյալ երկիրը նախապես հայտարարություն է արել Հավելվածի 6(1) հոդվածի համաձայն, ապա նա նշված փաստաթղթում կարող է հայտարարել միայն, որ իր վավերացումը կամ միանալը չի կիրառվում 1-20-րդ հոդվածների նկատմամբ:

(գ) Միության յուրաքանչյուր երկիր, որը (b) ենթակետի համաձայն բացառել է հիշյալ համապատասխան դրույթներն իր վավերացման կամ միանալու ազդեցությունից, կարող է հետագայում ցանկացած ժամանակ հայտարարել, որ ինքն իր վավերացման կամ միանալու ազդեցությունը տարածում է այդ դրույթների վրա: Հիշյալ հայտարարությունն ի պահ է հանձնվում Գլխավոր տնօրենին:

(2) (ա) 1-21-րդ հոդվածները և Հավելվածն ուժի մեջ են մտնում երեք ամիս անց այն բանից հետո, երբ կկատարվեն հետևյալ երկու պայմանները.

(i) Միության առնվազն հինգ երկիր վավերացրել են սույն Փաստաթուղթը կամ միացել են դրան՝ առանց (1)(բ) կետով նախատեսված հայտարարությունը կատարելու,

(ii) Իսպանիան, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը, Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան պարտավորված են դարձել 1971թ. հուլիսի 24-ին Փարիզում վերանայված Հեղինակային իրավունքի համաշխարհային կոնվենցիայով:

(բ) (ա) ենթակետում նշված ուժի մեջ մտնելը կիրառվում է Միության այն երկրների նկատմամբ, որոնք նշված ուժի մեջ մտնելուց առնվազն երեք ամիս առաջ ի պահ են հանձնել (1)(բ) կետում նախատեսված հայտարարություն չընդգրկող վավերագրեր կամ միանալու մասին փաստաթղթեր:

(գ) Միության յուրաքանչյուր երկրի առնչությամբ, որի նկատմամբ կիրառելի չէ (b) ենթակետը և որը վավերացրել է սույն Փաստաթուղթը կամ միացել է դրան առանց (1)(b) կետում նախատեսված հայտարարություն կատարելու, 1-21-րդ հոդվածները և Հավելվածն ուժի մեջ են մտնում այն օրվանից երեք ամիս անց, երբ Գլխավոր տնօրենը ծանուցել է համապատասխան վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելու մասին, եթե ի պահ հանձնված վավերագրի կամ փաստաթղթի մեջ նշված չէ ավելի ուշ ամսաթիվ: Վերջին դեպքում 1-21-րդ հոդվածները և Հավելվածն այդ երկրի համար ուժի մեջ են մտնում այդ ձևով նշված ամսաթվից սկսած:

(դ) (ա)-(գ) ենթակետերի դրույթները չեն ազդում Հավելվածի 6 հոդվածի կիրառման վրա:

(3) Միության յուրաքանչյուր երկրի առնչությամբ, որը վավերացնում է սույն Փաստաթուղթը կամ միանում է դրան՝ կատարելով կամ չկատարելով (1)(բ) կետով նախատեսված հայտարարությունը, 22-38-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում այն օրվանից երեք ամիս անց, երբ Գլխավոր տնօրենը ծանուցել է համապատասխան վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելու մասին, եթե միայն ի պահ հանձնված վավերագրի կամ փաստաթղթի մեջ նշված չլինի ավելի ուշ ամսաթիվ: Վերջին դեպքում 22-38-րդ հոդվածներն այդ երկրի համար ուժի մեջ են մտնում այդ ձևով նշված ամսաթվից սկսած:

 

Հ ո դ վ ա ծ  29

 

(Միության անդամ չհանդիսացող երկրների համար ընդունումն ու ուժի մեջ մտնելը. 1. Միանալը, 2. Ուժի մեջ մտնելը)

 

(1) Միության անդամ չհանդիսացող յուրաքանչյուր երկիր կարող է միանալ սույն Փաստաթղթին և այդպիսով դառնալ սույն Կոնվենցիայի մասնակից ու Միության անդամ: Միանալու մասին փաստաթղթերն ի պահ են հանձնվում Գլխավոր տնօրենին:

(2) (ա) (բ) ենթակետի պահպանմամբ՝ սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում Միության անդամ չհանդիսացող յուրաքանչյուր երկրի համար այն օրվանից երեք ամիս անց, երբ Գլխավոր տնօրենը ծանուցել է նրա միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելու մասին, եթե միայն այդ փաստաթղթում ավելի ուշ ամսաթիվ նշված չէ: Վերջին դեպքում սույն Կոնվենցիան այդ երկրի համար ուժի մեջ է մտնում այդ ձևով նշված ամսաթվից սկսած:

(բ) Եթե (ա) ենթակետին համապատասխան ուժի մեջ մտնելը նախորդում է 1-21-րդ հոդվածների և Հավելվածի՝ 28(2)(ա) հոդվածին համապատասխան ուժի մեջ մտնելուն, ապա նշված երկիրն այդ ընթացքում 1-21-րդ հոդվածների ու Հավելվածի փոխարեն պարտավորված կլինի սույն Կոնվենցիայի Բրյուսելի փաստաթղթի 1-20-րդ հոդվածներով:

 

Հ ո դ վ ա ծ  29 b i s

 

(Փաստաթուղթն ընդունելու հետևանքները ՄՍՀԿ-ն կոնվենցիայի 14 (2) հոդվածի նպատակների համար)

 

Սույն Կոնվենցիայի Ստոկհոլմի փաստաթղթի 22-38-րդ հոդվածներով չպարտավորված ցանկացած երկրի կողմից սույն Փաստաթղթի վավերացումը կամ դրան միանալը բացառապես Կազմակերպությունը հիմնադրող Կոնվենցիայի 14(2) հոդվածի նպատակների համար դիտվում է որպես նշված Ստոկհոլմի փաստաթղթի վավերացում կամ դրան միացում՝ 28(1)(b) (i) հոդվածով նախատեսված սահմանափակումներով:

 

Հ ո դ վ ա ծ  30

 

(Վերապահումներ. 1. Վերապահումներ անելու հնարավորության սահմաններ, 2. Նախապես արված վերապահումներ, թարգմանության իրավունքի նկատմամբ վերապահում, վերապահման վերացում)

 

 (1) Սույն հոդվածի (2)-րդ կետով, 28(1)(բ) և 33(2) հոդվածներով ու Հավելվածով թույլատրվող բացառումների պահպանմամբ՝ վավերացումը կամ միանալն ինքնաբերաբար հանգեցնում են սույն Կոնվենցիայի բոլոր դրույթների ճանաչմանն ու սահմանված արտոնություններն ընդունելուն:

(2) (ա) Սույն Փաստաթուղթը վավերացնող կամ դրան միացող Միության յուրաքանչյուր երկիր կարող է Հավելվածի 5 (2) հոդվածին համապատասխան պահպանել իր կողմից նախապես ձևակերպված վերապահումների արտոնությունը, պայմանով, որ այդ մասին հայտարարություն կատարում է վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելիս:

(բ) Միության անդամ չհանդիսացող յուրաքանչյուր երկիր սույն Կոնվենցիային միանալիս և Հավելվածի 5(2) հոդվածին համապատասխան կարող է հայտարարել, որ ինքը մտադիր է թարգմանության իրավունքի վերաբերյալ սույն Փաստաթղթի 8-րդ հոդվածը գոնե ժամանակավորապես փոխարինել 1886թ. Միութենական Կոնվենցիայի, լրացված Փարիզում 1896թ., 5-րդ հոդվածի դրույթներով, պարզ ըմբռնումով, որ այդ դրույթները կիրառվում են այդ երկրում լայն կիրառվող լեզվի նկատմամբ միայն: Հավելվածի 1(6)(բ) հոդվածի պահպանմամբ՝ Միության յուրաքանչյուր երկիր այն ստեղծագործությունների թարգմանության առնչությամբ, որոնց ծագման երկիրն օգտվում է նման վերապահումից, իրավունք ունի կիրառելու այնպիսի պաշտպանություն, որը հավասարազոր է վերջին երկրում նախատեսված պաշտպանությանը:

(գ) Յուրաքանչյուր երկիր կարող է ցանկացած ժամանակ վերացնել այդպիսի վերապահումները Գլխավոր տնօրենին ուղարկված ծանուցման միջոցով:

 

Հ ո դ վ ա ծ  31

 

(Որոշ տարածքների նկատմամբ կիրառելիություն. 1. Հայտարարություն, 2. Հայտարարության վերացում, 3. Ուժի մեջ մտնելու ժամկետ, 4. Փաստացի իրավիճակների կիրառման ենթակա չլինելու ընդունում)

 

(1) Յուրաքանչյուր երկիր կարող է իր վավերագրում կամ միանալու մասին փաստաթղթում հայտարարել կամ դրանից հետո ցանկացած ժամանակ գրավոր ծանուցմամբ Գլխավոր տնօրենին տեղեկացնել, որ սույն Կոնվենցիան կիրառվում է հայտարարության կամ ծանուցման մեջ նշված բոլոր կամ որոշ տարածքների նկատմամբ, որոնց միջազգային հարաբերությունների համար ինքը պատասխանատու է:

(2) Յուրաքանչյուր երկիր, որն արել է նման հայտարարություն կամ տվել նման ծանուցում, կարող է ցանկացած ժամանակ Գլխավոր տնօրենին ծանուցել հիշյալ բոլոր կամ որոշ տարածքների նկատմամբ սույն Կոնվենցիայի կիրառումը դադարեցնելու մասին:

(3) (ա) (1)-ին կետին համապատասխան կատարված ցանկացած հայտարարություն ուժի մեջ է մտնում վավերացման կամ միանալու օրը, և նշված կետին համապատասխան տրված ցանկացած ծանուցում ուժի մեջ է մտնում Գլխավոր տնօրենի կողմից դրա ծանուցումից երեք ամիս անց:

(բ) (2)-րդ կետին համապատասխան տրված ցանկացած ծանուցում ուժի մեջ է մտնում Գլխավոր տնօրենի կողմից այն ստանալու օրվանից տասներկու ամիս անց:

(4) Սույն հոդվածը ոչ մի դեպքում չի կարող մեկնաբանվել որպես Միության յուրաքանչյուր երկրի կողմից փաստացի իրավիճակի ճանաչում կամ լռելյայն ընդունում այն տարածքների առնչությամբ, որոնց նկատմամբ սույն Կոնվենցիան կիրառվում է Միության այլ երկրների կողմից (1)-ին կետին համապատասխան կատարված հայտարարության հիման վրա:

 

Հ ո դ վ ա ծ  32

 

(Սույն Փաստաթղթի և ավելի վաղ փաստաթղթերի կիրառում. 1. Այն երկրների միջև , որոնք արդեն Միության անդամներ են, 2. Երկրի, որը դառնում է Միության անդամ, և Միության անդամ մյուս երկրների միջև, 3. Որոշ հարաբերություններում Հավելվածի կիրառումը)

 

(1) Սույն Փաստաթուղթը Միության երկրների հարաբերությունների և այն ծավալի կապակցությամբ, որով այն կիրառվում է, փոխարինում է 1886 թ. սեպտեմբերի 9-ի Բեռնի Կոնվենցիային և դրա վերանայմանը հաջորդող փաստաթղթերին: Ավելի վաղ գործողության մեջ մտած փաստաթղթերը շարունակում են կիրառվել ամբողջությամբ կամ այն չափով, որքանով սույն Փաստաթուղթը նախորդ նախադասության ուժով չի փոխարինում դրանց Միության այն երկրների փոխհարաբերություններում, որոնք չեն վավերացնում սույն Փաստաթուղթը կամ չեն միանում դրան:

(2) Միության անդամ չհանդիսացող երկրները, որոնք դառնում են սույն Փաստաթղթի կողմեր, հաշվի առնելով (3)-րդ կետը, այն կիրառում են Միության յուրաքանչյուր երկրի առնչությամբ, որը սույն փաստաթղթով պարտավորված չէ կամ, թեև պարտավորված է սույն Փաստաթղթով, բայց 28(1)(բ) հոդվածին համապատասխան հայտարարություն է կատարել: Նման երկրներն ընդունում են, որ Միության նշված երկիրն իրենց հետ իր հարաբերություններում.

(i) կարող է կիրառել ամենավերջին Փաստաթղթի դրույթները, որոնցով ինքը պարտավորված է, և

(ii) հաշվի առնելով Հավելվածի 1(6) հոդվածը՝ իրավունք ունի հարմարեցնել պաշտպանությունը սույն Փաստաթղթով նախատեսված մակարդակին:

(3) Յուրաքանչյուր երկիր, որն օգտվել է Հավելվածով նախատեսված ցանկացած հնարավորությունից, կարող է կիրառել Հավելվածի՝ հնարավորությանը կամ հնարավորություններին վերաբերող դրույթները, որոնցից նա ինքն օգտվել է Միության՝ սույն Փաստաթղթով չկապված ցանկացած երկրի հետ իր հարաբերություններում, պայմանով, որ այդ վերջին երկիրն ընդունում է նշված դրույթների կիրառումը:

 

Հ ո դ վ ա ծ  33

 

(Վեճեր. 1. Միջազգային դատարանի իրավազորություն, 2. Այդպիսի իրավազորության նկատմամբ վերապահում, 3. Վերապահման վերացում)

 

(1) Միության երկու կամ ավելի երկրների միջև սույն Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ ցանկացած վեճ, որը չի լուծվել բանակցությունների միջոցով, շահագրգիռ ցանկացած երկիր կարող է հանձնել Միջազգային դատարան՝ Դատարանի ստատուտին համապատասխան դիմում ներկայացնելով, եթե նշված երկրները չեն պայմանավորվում վեճը կարգավորելու այլ միջոցի շուրջ: Վեճը դատարանին հանձնած երկիրը տեղեկացնում է Միջազգային բյուրոյին. Միջազգային բյուրոն հարցը ներկայացնում է Միության մյուս երկրների ուշադրությանը:

(2) Սույն Փաստաթուղթն ստորագրելու կամ վավերացնելու, կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելու պահին յուրաքանչյուր երկիր կարող է հայտարարել, որ իրեն պարտավորված չի համարում (1)-ին կետի դրույթներով: Այդպիսի երկրի և Միության այլ երկրի միջև վեճերի կապակցությամբ (1)-ին կետի դրույթները չեն կիրառվում:

(3) (2)-րդ կետի դրույթների համաձայն հայտարարություն կատարած յուրաքանչյուր երկիր կարող է ցանկացած ժամանակ վերացնել այն՝ Գլխավոր տնօրենին ուղղված ծանուցման միջոցով:

 

Հ ո դ վ ա ծ  34

 

(Որոշ ավելի վաղ դրույթների դադարեցում. 1. Ավելի վաղ փաստաթղթերի, 2. Ստոկհոլմի փաստաթղթի Արձանագրության)

 

(1) 29bis հոդվածի պահպանմամբ՝ ոչ մի երկիր չի կարող վավերացնել սույն Կոնվենցիայի ավելի վաղ փաստաթղթերը կամ միանալ դրանց 1-21-րդ հոդվածների և Հավելվածի ուժի մեջ մտնելուց հետո:

(2) 1-21-րդ հոդվածների ու Հավելվածի ուժի մեջ մտնելուց հետո ոչ մի երկիր չի կարող հայտարարություն կատարել Ստոկհոլմի փաստաթղթին կից՝ Զարգացող երկրներին վերաբերող Արձանագրության V հոդվածով:

 

Հ ո դ վ ա ծ  35

 

(Կոնվենցիայի գործողության ժամկետը. Չեղյալ հայտարարում. 1. Անսահմանափակ տևողություն, 2. Չեղյալ հայտարարելու հնարավորություն, 3. Չեղյալ հայտարարելու ուժի մեջ մտնելու ժամկետ, 4. Չեղյալ հայտարարելու կասեցում)

 

(1) Սույն Կոնվենցիան գործում է առանց ժամկետային սահմանափակման:

(2) Յուրաքանչյուր երկիր կարող է չեղյալ հայտարարել սույն Փաստաթուղթը՝ Գլխավոր տնօրենին ուղղված ծանուցման միջոցով: Նման չեղյալ հայտարարումը նշանակում է նաև ավելի վաղ Փաստաթղթերի չեղյալ հայտարարում և տարածվում է միայն հայտարարություն կատարող երկրի վրա. Միության մյուս երկրների առնչությամբ Կոնվենցիան մնում է ուժի մեջ և ենթակա է կատարման:

(3) Չեղյալ հայտարարումն ուժի մեջ է մտնում մեկ տարի անց՝ հաշված ծանուցման՝ Գլխավոր տնօրենի ստանալու օրվանից:

(4) Սույն հոդվածով նախատեսված չեղյալ հայտարարելու իրավունքը չի կարող կիրառվել որևէ երկրի կողմից հինգ տարի՝ հաշված նրա՝ Միության անդամ դառնալու օրվանից:

 

Հ ո դ վ ա ծ  36

 

(Կոնվենցիայի կիրառում. 1. Անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու պարտավորություն, 2. Պահը, որից սկսած պարտավորությունը գոյություն ունի)

 

(1) Սույն Կոնվենցիայի մասնակից յուրաքանչյուր երկիր պարտավորվում է, իր սահմանադրությանը համապատասխան, ձեռնարկել սույն Կոնվենցիայի կիրառումն ապահովող անհրաժեշտ միջոցներ:

(2) Ենթադրվում է, որ յուրաքանչյուր երկիր սույն Կոնվենցիային միանալու պահից ի վիճակի պետք է լինի իր ներպետական իրավունքի հիման վրա գործողության մեջ դնել սույն Կոնվենցիայի դրույթները:

 

Հ ո դ վ ա ծ  37

 

(Եզրափակիչ դրույթներ. 1. Փաստաթղթի լեզուներ, 2. Ստորագրություն, 3. Հավաստված պատճեններ, 4. Գրանցում, 5. Ծանուցում)

 

(1) (ա) Սույն Փաստաթուղթն ստորագրվում է մեկ օրինակով, անգլերենով ու ֆրանսերենով, և (2)-րդ կետի համաձայն, ի պահ է հանձնվում Գլխավոր տնօրենին:

(բ) Պաշտոնական տեքստերը մշակում է Գլխավոր տնօրենը՝ շահագրգիռ կառավարությունների հետ խորհրդակցելուց հետո, արաբերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն և պորտուգալերեն, ինչպես նաև այլ լեզուներով, որոնք կարող է որոշել Ասամբլեան:

(գ) Տարբեր տեքստերի մեկնաբանությունների ժամանակ տարաձայնությունների դեպքում գերադասությունը տրվում է ֆրանսերեն տեքստին:

(2) Սույն Փաստաթուղթը բաց է ստորագրման մինչև 1972թ. հունվարի 31-ը: Մինչև այդ ժամկետը 1(ա) կետում նշված օրինակն ի պահ է հանձնվում Ֆրանսիայի Հանրապետության կառավարությանը:

(3) Գլխավոր տնօրենը հաստատում և սույն Փաստաթղթի ստորագրված տեքստի երկու պատճենն ուղարկում է Միության բոլոր երկրների կառավարություններին և, հարցման դեպքում, ցանկացած այլ երկրի կառավարության:

(4) Գլխավոր տնօրենը գրանցում է սույն Փաստաթուղթը Միավորված ազգերի կազմակերպության Քարտուղարությունում:

(5) Գլխավոր տնօրենը Միության բոլոր երկրների կառավարություններին ծանուցում է ստորագրումների, վավերագրերը և միանալու մասին փաստաթղթերն ի պահ հանձնելու և այդ փաստաթղթերում ընդգրկված կամ 28(1)(գ), 30(2)(ա) և (բ), և 33(2) հոդվածներին համապատասխան կատարված հայտարարությունների, սույն Փաստաթղթի ցանկացած դրույթի ուժի մեջ մտնելու, չեղյալ հայտարարելու ծանուցումների և 30(2)(գ), 31(1) և (2), 33(3), և 38(1) հոդվածների համաձայն կատարված, ինչպես նաև Հավելվածով նախատեսված ծանուցումների մասին:

 

Հ ո դ վ ա ծ  38

 

(Անցումային դրույթներ. 1. «Հնգամյա» արտոնության կիրառում, 2. Միության բյուրո, Բյուրոյի տնօրեն, 3. Միության բյուրոյի հաջորդականություն)

 

(1) Միության երկրները, որոնք չեն վավերացրել սույն Փաստաթուղթը կամ չեն միացել դրան, և որոնք պարտավորված չեն սույն Կոնվենցիայի Ստոկհոլմի փաստաթղթի 22-26-րդ հոդվածներով, կարող են, ցանկության դեպքում, մինչև 1975թ. ապրիլի 26-ը օգտվել նշված հոդվածներով նախատեսված իրավունքներից այնպես, ինչպես, եթե պարտավորված լինեին այդ հոդվածներով: Յուրաքանչյուր երկիր, որը ցանկանում է օգտվել այդ իրավունքներից, այդ մասին ծանուցում է Գլխավոր տնօրենին. այս ծանուցումն ուժի մեջ է մտնում նրա ստացման օրվանից: Նման երկրները մինչև նշված ժամկետը համարվում են Ասամբլեայի անդամներ:

(2) Քանի դեռ Միության բոլոր երկրները չեն դարձել Կազմակերպության անդամներ, Կազմակերպության Միջազգային բյուրոն գործում է նաև որպես Միության բյուրո, իսկ Գլխավոր տնօրենը՝ որպես այդ Բյուրոյի տնօրեն:

(3) Հենց որ Միության բոլոր երկրները դառնում են Կազմակերպության անդամներ, Միության բյուրոյի իրավունքները, պարտականություններն ու գույքը փոխանցվում են Կազմակերպության Միջազգային բյուրոյին:

 

 

Հ Ա Վ Ե Լ Վ Ա Ծ

 

(Զարգացող երկրների վերաբերյալ հատուկ դրույթներ)

 

Հ ո դ վ ա ծ  I

 

(Զարգացող երկրներին հասանելիք արտոնություններ. 1. Որոշակի արտոնությունների առկայություն, հայտարարություն, 2. Հայտարարության գործողության տևողություն, 3. Զարգացող երկրի կարգավիճակի դադարում, 4. Օրինակների առկա պահուստ, 5. Որոշ տարածքների վերաբերյալ հայտարարություններ, 6. Փոխադարձության սահմանափակումներ)

 

 (1) Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից սահմանված պրակտիկային համապատասխան զարգացող երկիր համարվող յուրաքանչյուր երկիր, որը վավերացնում է կամ միանում է սույն Հավելվածը որպես բաղկացուցիչ մաս ներառող սույն Փաստաթղթին, և որը, ուշադրության առնելով իր տնտեսական վիճակն ու իր սոցիալական կամ մշակութային պահանջները, իրեն պատրաստ չի համարում անմիջապես գործողության մեջ դնելու սույն Փաստաթղթով նախատեսված բոլոր իրավունքների պաշտպանության վերաբերյալ դրույթները, կարող է Գլխավոր տնօրենին ծանուցագիր ի պահ հանձնելու միջոցով, վավերագրի կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելու ժամանակ կամ, V(1)(գ) հոդվածի պահպանմամբ՝ դրանից հետո ցանկացած ժամանակ հայտարարել, որ ինքն օգտվելու է II հոդվածով կամ III հոդվածով նախատեսված արտոնություններից կամ այդ երկու հոդվածների արտոնություններից: Այդ երկիրը կարող է II հոդվածով նախատեսված արտոնությունից օգտվելու փոխարեն հայտարարություն կատարել V(1)(ա) հոդվածին համապատասխան:

(2) (ա) (1)-ին կետին համապատասխան ցանկացած հայտարարություն, որը կատարվել է մինչև տասնամյա ժամանակաշրջանի ավարտը, 28 (2) հոդվածի համաձայն 1-21-րդ հոդվածների և Հավելվածի ուժի մեջ մտնելուց հետո, գործում է մինչև նշված ժամանակաշրջանի ավարտը: Նման ցանկացած հայտարարություն կարող է նորոգվել ամբողջությամբ կամ մասամբ՝ յուրաքանչյուր դեպքում տասը տարի ժամկետով, Գլխավոր տնօրենին ի պահ հանձնված ծանուցման միջոցով՝ ընթացիկ տասնամյա ժամանակաշրջանի ավարտից ոչ ավելի, քան տասնհինգ և ոչ պակաս, քան երեք ամիս առաջ:

(բ) 28 (2) հոդվածի համաձայն 1-21-րդ հոդվածների և Հավելվածի ուժի մեջ մտնելուց սկսած տասնամյա ժամանակաշրջանի ավարտից հետո (1)-ին կետին համապատասխան ծանուցված ցանկացած հայտարարություն գործում է մինչև ընթացիկ տասնամյա ժամանակաշրջանի ավարտը: Նման ցանկացած հայտարարություն կարող է նորոգվել, ինչպես նախատեսված է (ա) ենթակետի երկրորդ նախադասության մեջ:

(3) Միության յուրաքանչյուր երկիր, որը դադարել է զարգացող երկիր համարվել, (1)-ին կետին համապատասխան չի կարող նորոգել իր հայտարարությունը, ինչպես այդ նախատեսված է (2)-րդ կետում, անկախ նրանից, թե նա իր հայտարարությունը պաշտոնապես հետ կվերցնի, թե ոչ, չի կարող օգտվել (1)-ին կետով սահմանված արտոնություններից՝ ընթացիկ տասնամյա ժամանակաշրջանի ավարտից հետո, կամ եռամյա ժամանակաշրջանի ավարտից հետո՝ զարգացող երկիր չհամարվելու պատճառով: Նման դեպքերում կիրառվում է այն ժամանակաշրջանը, որն ավարտվում է ավելի ուշ:

(4) Եթե այն ժամանակ, երբ (1)-ին կամ (2)-րդ կետերին համապատասխան կատարված հայտարարությունը դադարում է գործել, պահուստում կան օրինակներ, որոնք ստեղծվել են սույն Հավելվածի ուժով տրամադրված լիցենզիայի հիման վրա, դրանց տարածումը կարող է շարունակվել մինչև պահուստի սպառումը:

(5) Սույն Փաստաթղթի դրույթներով կապված յուրաքանչյուր երկիր, որը 31(1) հոդվածին համապատասխան ի պահ է հանձնել որոշակի տարածքի նկատմամբ սույն Փաստաթղթի կիրառման վերաբերյալ հայտարարություն կամ ծանուցում, և որի վիճակը կարող է դիտվել (1)-ին կետում նշված երկրների դրությանը համարժեք, կարող է այդպիսի տարածքի առնչությամբ կատարել (1)-ին կետով սահմանված հայտարարություն և (2)-րդ կետում նշված նորոգման ծանուցում: Քանի դեռ այդ հայտարարությունը կամ ծանուցումն ուժի մեջ են, Հավելվածի դրույթները կիրառելի են այն տարածքի նկատմամբ, որի առնչությամբ այն կատարվել է:

(6) (ա) Այն հանգամանքը, որ որևէ երկիր օգտվում է (1)-ին կետով սահմանված արտոնություններից, այլ երկրի չի թույլատրում այն ստեղծագործություններին, որոնց ծագման երկիրը նախորդ երկիրն է, տալ նվազ պաշտպանություն, քան ինքը պարտավոր է տրամադրել 1-20-րդ հոդվածների համաձայն:

(բ) 30(2)(բ) հոդվածի երկրորդ նախադասությամբ նախատեսված փոխադարձ վերաբերմունք կիրառելու իրավունքը մինչև 1(3) հոդվածի համաձայն կիրառելի ժամկետի լրանալու օրը չի կարող օգտագործվել այն ստեղծագործությունների նկատմամբ, որոնց ծագման երկիրը V(1)(ա) հոդվածի համաձայն հայտարարություն կատարած երկիր է:

 

Հ ո դ վ ա ծ  II

 

(Թարգմանության իրավունքի սահմանափակում. 1. Իրավասու մարմինների կողմից տրվող լիցենզիաներ, 2-4. Այդպիսի լիցենզիաներ տալու պայմանները, 5. Նպատակներ, որոնց համար կարող են այդպիսի լիցենզիաներ տրվել, 6. Լիցենզիայի գործողության դադարեցում, 7. Հիմնականում պատկերազարդումներից բաղկացած ստեղծագործություններ, 8. Շրջանառությունից հանված ստեղծագործություններ, 9. Լիցենզիաներ հեռարձակող կազմակերպությունների համար)

 

 (1) Յուրաքանչյուր երկիր, որը հայտարարել է, թե ինքն օգտվելու է սույն հոդվածով սահմանված արտոնություններից, իրավասու է այնքանով, որքանով խոսքը վերաբերում է տպագիր կամ վերարտադրության համարժեք այլ ձևերով հրատարակված ստեղծագործություններին, 8-րդ հոդվածով նախատեսված թարգմանության բացառիկ իրավունքը փոխարինել ոչ բացառիկ և չփոխանցվող լիցենզիաների համակարգով, որոնք տրամադրվում են իրավասու մարմինների կողմից ներքոհիշյալ պայմաններով և IV հոդվածի պահպանմամբ:

(2) (ա) Հաշվի առնելով (3)-րդ կետը, եթե ստեղծագործության առաջին հրատարակումից հետո եռամյա կամ նշված երկրի օրենսդրությամբ սահմանված ցանկացած ավելի երկարատև ժամկետի ավարտից հետո այդ ստեղծագործության թարգմանությունը չի հրատարակվել տվյալ երկրում ընդհանուր գործածության լեզվով թարգմանության իրավունք ունեցող անձի կողմից կամ նրա թույլտվությամբ, այդպիսի երկրի ցանկացած քաղաքացի կարող է ստանալ լիցենզիա՝ կատարելու ստեղծագործության թարգմանություն նշված լեզվով և հրատարակելու տպագիր կամ վերարտադրության համարժեք միջոցներով:

(բ) Սույն հոդվածով նախատեսված պայմաններով լիցենզիա կարող է տրվել նաև այնպիսի դեպքերում, երբ տվյալ լեզվով հրատարակված թարգմանության բոլոր հրատարակություններն ամբողջությամբ իրացվել են:

(3) (ա) Միության անդամ մեկ կամ մի քանի զարգացած երկրներում, ընդհանուր գործածություն չունեցող լեզվով թարգմանության դեպքում (2)(ա) կետով նախատեսված եռամյա ժամկետը փոխարինվում է մեկ տարվա ժամկետով:

(բ) (1)-ին կետում նշված յուրաքանչյուր երկիր կարող է զարգացած երկրների հետ միաձայն համաձայնությամբ, որոնք Միության անդամ են և որոնց տարածքում նույն լեզուն ընդհանուր գործածություն ունի, այդ լեզվով թարգմանության դեպքում (2)(ա) կետով սահմանված եռամյա ժամկետը փոխարինել ավելի կարճ ժամկետով, որը սահմանվում է նման համաձայնությամբ, բայց ոչ պակաս, քան մեկ տարին: Սակայն նախորդ նախադասության դրույթը չի կիրառվում, եթե խնդրո առարկա լեզուներն անգլերենը, իսպանարենն ու ֆրանսերենն են: Գլխավոր տնօրենը ծանուցվում է ցանկացած նման համաձայնության մասին այն կառավարությունների կողմից, որոնք կնքել են այն:

(4) (ա) Երեք տարի հետո ձեռք բերվող լիցենզիաները չեն տրամադրվում սույն հոդվածի դրույթներին համապատասխան մինչև լրացուցիչ վեցամսյա ժամկետի լրանալը, և մեկ տարուց հետո ձեռք բերվող լիցենզիաները չեն տրամադրվում մինչև լրացուցիչ իննամսյա ժամկետի լրանալը.

(i) այն օրից, երբ դիմողը կատարում է IV(1) հոդվածում թվարկված պահանջները, կամ

(ii) եթե հայտնի չեն թարգմանության իրավունք ունեցողի ինքնությունը կամ հասցեն՝ այն օրից, երբ դիմողը, ինչպես նախատեսված է IV(2) հոդվածում, իր դիմումի պատճեններն ուղարկում է լիցենզիա տվող իրավասու մարմնին:

(բ) Եթե նշված վեց կամ ինն ամիսների ընթացքում այն լեզվով, որի կապակցությամբ դիմում է տրվել, թարգմանություն է հրատարակվում թարգմանության իրավունք ունեցող անձի կողմից կամ նրա թույլտվությամբ՝ սույն հոդվածով նախատեսված լիցենզիա չի տրվում:

(5) Սույն հոդվածին համապատասխան ցանկացած լիցենզիա տրվում է միայն դասավանդման կամ հետազոտությունների նպատակով:

(6) Եթե ստեղծագործության թարգմանությունը հրատարակվում է թարգմանության իրավունք ունեցող անձի կողմից կամ նրա թույլտվությամբ այն արժեքով, որը սովորաբար սահմանվում է այդ երկրում համանման ստեղծագործությունների համար, սույն հոդվածին համապատասխան տրամադրվող ցանկացած լիցենզիա դադարեցնում է իր գործողությունը, եթե թարգմանությունը կատարված է նույն լեզվով և հիմնականում նույն բովանդակությամբ, ինչ որ լիցենզիայի հիման վրա հրատարակված թարգմանությունը: Մինչև լիցենզիայի ուժը կորցնելն արդեն հրատարակված բոլոր օրինակների տարածումը կարող է շարունակվել տարածվել մինչև դրանց պահուստի սպառումը:

(7) Այն ստեղծագործությունների համար, որոնք հիմնականում կազմված են պատկերազարդումներից, տեքստի թարգմանություն կատարելու և հրատարակման ու պատկերազարդումների վերարտադրության և հրատարակման համար լիցենզիա տրվում է, եթե միայն կատարվում են նաև 3-րդ հոդվածի պայմանները:

(8) Սույն հոդվածին համապատասխան լիցենզիա չի տրամադրվում, եթե հեղինակը շրջանառությունից հանել է իր ստեղծագործության բոլոր օրինակները:

(9) (ա) Տպագիր կամ վերարտադրության նմանօրինակ ձևերով հրատարակված ստեղծագործության թարգմանության համար լիցենզիան կարող է տրամադրվել նաև (1)-ին կետում նշված երկրում կենտրոնակայան ունեցող հեռարձակող ցանկացած կազմակերպության՝ վերջինիս կողմից տվյալ երկրի իրավասու մարմնին դիմում ներկայացնելու միջոցով, եթե կատարվեն հետևյալ բոլոր պայմանները.

(i) թարգմանությունը կատարվում է տվյալ երկրի օրենքներին համապատասխան ստեղծված և ձեռք բերված օրինակից,

(ii) թարգմանությունը նախանշվում է միայն հեռարձակման մեջ գործածվելու համար՝ ուղղված բացառապես ուսուցողական նպատակների կամ տեխնիկական ու գիտական հատուկ հետազոտությունների արդյունքները կոնկրետ մասնագետների շրջանում տարածելուն,

(iii) թարգմանությունն օգտագործվում է բացառապես (ii) պայմանում նշված նպատակներով՝ տվյալ երկրի տարածքում օրինական կարգով և լսողների համար նախանշված հեռարձակումների միջոցով, ներառյալ ձայնագրությունները կամ տեսագրությունները, որոնք կատարվում են օրինական կարգով և բացառապես նման հեռարձակումների նպատակներով,

(iv) թարգմանության յուրաքանչյուր օգտագործում չի հետապնդում առևտրային նպատակ:

(բ) Թարգմանության ձայնագրությունները կամ տեսագրությունները, որոնք կատարել է հեռարձակող կազմակերպությունը՝ սույն կետի համաձայն տրված լիցենզիայի հիման վրա, կարող է (ա) ենթակետում թվարկված նպատակների ու պայմանների պահպանմամբ և այդ կազմակերպության համաձայնությամբ օգտագործել նաև ցանկացած այլ հեռարձակող կազմակերպություն, որն իր կենտրոնակայանն ունի տվյալ լիցենզիան տրամադրած իրավասու մարմնի երկրում:

(գ) (ա) ենթակետում շարադրված բոլոր չափանիշներն ու պայմանները կատարելու պայմանով լիցենզիա կարող է տրվել նաև հեռարձակող կազմակերպությանը՝ տեսալսողական ձայնագրության մեջ ընդգրկված ցանկացած տեքստի թարգմանության համար, եթե նման ձայնագրությունն ինքը պատրաստել և հրատարակել է բացառապես պարբերական ուսուցողական գործունեության հետ կապված գործածության նպատակով:

(դ) Հաշվի առնելով (ա)-(գ) ենթակետերը՝ նախորդ կետերի դրույթները կիրառվում են սույն կետի համաձայն տրվող լիցենզիաների տրամադրման ու իրացման առնչությամբ:

 

Հ ո դ վ ա ծ  III

 

(Վերարտադրության իրավունքի սահմանափակում. 1. Իրավասու մարմնի կողմից տրվող լիցենզիաներ, 2-5. Այդպիսի լիցենզիաների տրամադրումը թույլատրող պայմաններ, 6. Լիցենզիաների գործողության դադարեցում, 7. Ստեղծագործություններ, որոնց նկատմամբ կիրառվում է սույն հոդվածը)

 

(1) Յուրաքանչյուր երկիր, որը հայտարարել է, թե ինքն օգտվելու է սույն հոդվածով նախատեսված արտոնություններից, իրավունք ունի փոխարինել 9-րդ հոդվածով նախատեսված վերարտադրության բացառիկ իրավունքը ոչ բացառիկ և չփոխանցվող լիցենզիաների համակարգով, որոնք տրվում են իրավասու մարմնի կողմից՝ հետևյալ պայմաններով և IV հոդվածի պահպանմամբ:

(2) (ա) Եթե ստեղծագործության կապակցությամբ, որի նկատմամբ (7)-րդ կետի ուժով կիրառվում է սույն հոդվածը.

(i) (3)-րդ կետում նշված համապատասխան ժամանակաշրջանը լրանալուց հետո՝ հաշվված ստեղծագործության տվյալ հրատարակության առաջին հրատարակման ամսաթվից, կամ

(ii) (1)-ին կետում նշված երկրի ներպետական օրենսդրությամբ սահմանված ցանկացած ավելի երկար ժամանակաշրջանի լրանալուց հետո՝ հաշվված նույն այդ ամսաթվից, նման հրատարակության օրինակները բաշխված չեն եղել այդ երկրի հասարակության մեջ կամ պարբերական ուսուցողական գործունեության առնչությամբ՝ վերարտադրության իրավունք ունեցող անձի կողմից կամ նրա թույլտվությամբ այնպիսի արժեքով, որը սովորաբար սահմանվում է այդ պետության մեջ նմանատիպ ստեղծագործությունների համար, այդ երկրի ցանկացած քաղաքացի կարող է ձեռք բերել այդ հրատարակությունը նույն կամ ավելի պակաս գնով վերարտադրելու և հրատարակելու լիցենզիա՝ պարբերական ուսուցողական գործունեության հետ կապված գործածության համար:

(բ) Այն հրատարակությունը վերարտադրելու և հրատարակելու լիցենզիան, որը բաշխվել է (a) ենթակետին համապատասխան, կարող է տրվել նաև սույն հոդվածում նախատեսված պայմաններով, եթե կիրառվող ժամանակաշրջանի ավարտից հետո վեցամսյա ժամանակահատվածում այդ հրատարակության թույլատրված ոչ մի օրինակ տվյալ երկրի հասարակության մեջ կամ պարբերական ուսուցողական գործունեության առնչությամբ վաճառքում չի եղել այն արժեքով, որը սովորաբար սահմանվում է այդ երկրում նմանատիպ ստեղծագործությունների համար:

(3) (2)(ա) (i) կետում նշված ժամանակաշրջանը հինգ տարի է՝ բացառությամբ, որ.

(i) բնական և ճշգրիտ գիտությունների, ներառյալ՝ մաթեմատիկայի և տեխնիկայի, ստեղծագործությունների համար այդ ժամանակաշրջանը երեք տարի է.

(ii) գեղարվեստական, չափածո, դրամատիկական, երաժշտական ստեղծագործությունների, ինչպես նաև արվեստի գրքերի համար այդ ժամանակաշրջանը յոթ տարի է:

(4) (ա) Երեք տարի անց ձեռքբերման ենթակա լիցենզիա չի տրվում սույն հոդվածի համաձայն մինչև վեցամսյա ժամանակաշրջանի ավարտը՝

(i) այն օրվանից, երբ դիմողը կկատարի IV(1) հոդվածում նշված պահանջները, կամ,

(ii) եթե վերարտադրության իրավունք ունեցող անձի ինքնությունն ու հասցեն հայտնի չեն, այն օրվանից, երբ դիմողը IV(2) հոդվածին համապատասխան ուղարկում է լիցենզիա տալու համար իրավասու մարմին ներկայացված դիմումի պատճենները:

(բ) Եթե լիցենզիաները մատչելի են ուրիշ ժամանակահատվածներից հետո և IV(2) հոդվածն էլ կիրառելի է, ոչ մի լիցենզիա չի տրվում մինչև դիմումի պատճենն ուղարկելու ժամկետից հետո եռամսյա ժամանակաշրջանի ավարտը:

(գ) Եթե (ա) և (բ) ենթակետերում նշված վեցամսյա կամ եռամսյա ժամանակաշրջանների ընթացքում տարածումը, ինչպես նկարագրված է (2)(ա) կետում, տեղի է ունեցել, ոչ մի լիցենզիա չի տրվում սույն հոդվածի համաձայն:

(դ) Ոչ մի լիցենզիա չի տրվում, եթե հեղինակը շրջանառությունից հանել է հրատարակության բոլոր օրինակները, որոնց վերարտադրության ու հրատարակման համար լիցենզիա հայցվել է:

(5) Ստեղծագործության թարգմանությունը վերարտադրելու և հրատարակելու լիցենզիա չի տրվում սույն հոդվածի համաձայն հետևյալ դեպքերում.

(i) երբ թարգմանությունը չի հրատարակվել թարգմանության իրավունք ունեցող անձի կողմից կամ նրա թույլտվությամբ, կամ

(ii) երբ թարգմանությունը չի արվել այն երկրում ընդհանուր գործածության լեզվով, որտեղ լիցենզիան հայցվել է:

(6) Եթե ստեղծագործության հրատարակությունը բաշխվում է (1)-ին կետում նշված երկրի հասարակության մեջ կամ պարբերական ուսուցողական գործունեության կապակցությամբ, վերարտադրության իրավունք ունեցող անձի կողմից կամ նրա թույլտվությամբ, այն համապատասխան գնով, որը սովորաբար սահմանվում է այդ երկրում նմանատիպ ստեղծագործությունների համար, սույն հոդվածի համաձայն

տրվող ցանկացած լիցենզիա դադարեցնում է իր գործողությունը, եթե այդպիսի հրատարակությունը կատարված է նույն լեզվով և հիմնականում նույն բովանդակությամբ, ինչ որ նշված լիցենզիայի հիման վրա հրատարակված հրատարակությունը: Մինչև լիցենզիայի գործողության դադարումը հրատարակված բոլոր օրինակների բաշխումը կարող է շարունակվել մինչև դրանց պահուստի սպառումը:

(7) (ա) Հաշվի առնելով (բ) ենթակետը՝ ստեղծագործությունները, որոնց նկատմամբ կիրառվում է սույն հոդվածը, սահմանափակվում են տպագիր կամ վերարտադրության համանման ձևով հրատարակված ստեղծագործություններով:

(բ) Սույն հոդվածը կիրառվում է նաև օրինական կարգով կատարված տեսալսողական ձևով տեսալսողական ձայնագրությունների վերարտադրության նկատմամբ, ներառյալ դրանցում ընդգրկված ցանկացած պաշտպանվող ստեղծագործություն և ցանկացած տեքստի թարգմանություն՝ այն երկրում ընդհանուր գործածության լեզվով, որտեղ լիցենզիան հայցվում է, պայմանով, որ տեսալսողական ձայնագրությունները միշտ պատրաստված և հրատարակված են բացառապես պարբերական ուսուցողական գործունեության հետ կապված գործածության նպատակով:

 

Հ ո դ վ ա ծ IV

 

(II և III հոդվածներին համապատասխան տրվող լիցենզիաների համար ընդհանուր դրույթներ. 1. և 2. Ընթացակարգ, 3. Հեղինակի  և ստեղծագործության անվանման նշում, 4. Օրինակների արտահանում, 5. Ծանուցում, 6. Փոխհատուցում)

 

(1) II կամ III հոդվածներին համապատասխան լիցենզիա կարող է տրվել, եթե միայն լիցենզիայի համար դիմողը տվյալ երկրում գործող ընթացակարգի համաձայն ապացուցի, կամ, որ ինքը հայցել է թարգմանությունը կատարելու և հրատարակելու կամ հրատարակությունը վերարտադրելու կամ հրատարակելու իրավունք ունեցող անձի թույլատրությունը և մերժվել է, կամ, որ անհրաժեշտ ջանքեր գործադրելուց հետո չի կարողացել գտնել այդ իրավունքն ունեցողին: Թույլտվություն հայցելու հետ միաժամանակ դիմողը տեղեկացնում է (2)-րդ կետում նշված ներպետական կամ միջազգային տեղեկատվական ցանկացած կենտրոնի:

(2) Եթե հնարավոր չէ գտնել այդ իրավունքն ունեցող անձին, ապա լիցենզիայի համար դիմողը լիցենզիա տալու համար իրավասու մարմնին ուղղված իր դիմումի պատճենները գրանցված օդային փոստի միջոցով ուղարկում է հրատարակչին, որի անունը նշված է ստեղծագործության վրա, ինչպես նաև ներպետական կամ միջազգային տեղեկատվական ցանկացած կենտրոնի, որը կարող է նշված լինել՝ Գլխավոր տնօրենին այն երկրի կառավարության կողմից ուղղված ծանուցագրում, որտեղ, ինչպես ենթադրվում է, հրատարակիչն իրականացնում է իր գործունեության հիմնական մասը:

(3) Հեղինակի անունը նշվում է թարգմանության կամ վերարտադրության բոլոր օրինակների վրա, որոնք հրատարակվել են II կամ III հոդվածներին համապատասխան տրված լիցենզիաների համաձայն: Ստեղծագործության անվանումը նշվում է այդպիսի բոլոր օրինակների վրա: Թարգմանության դեպքում ստեղծագործության բնագիր անվանումն ամեն դեպքում նշվում է վերոհիշյալ բոլոր օրինակների վրա:

(4) (ա) II կամ III հոդվածների հիման վրա տրված ոչ մի լիցենզիա չի տարածվում ստեղծագործության օրինակների արտահանման վրա և վավեր է միայն, համապատասխանաբար, թարգմանության հրատարակման կամ վերարտադրության համար այն երկրում, որտեղ այն հայցվել է:

(բ) (ա) ենթակետի նպատակների համար արտահանում հասկացությունը ներառում է ցանկացած տարածքից օրինակների առաքում այն երկիր, որն այդ տարածքի առնչությամբ հայտարարություն է կատարել I (5) հոդվածին համապատասխան:

(գ) Երբ այն պետության կառավարական կամ իրավասու այլ մարմին, որը, II հոդվածի հիման վրա, անգլերենից, իսպաներենից կամ ֆրանսերենից բացի, այլ լեզվով թարգմանություն կատարելու համար լիցենզիա է տվել, նման լիցենզիայի հիման վրա հրատարակված օրինակներն ուղարկում է այլ երկիր, ապա օրինակների նման առաքումը, (ա) ենթակետի նպատակների համար, արտահանում չի համարվում, եթե կատարված են հետևյալ բոլոր պայմանները.

(i) ստացողներն անձինք են, որոնք լիցենզիա տված իրավասու մարմնի երկրի քաղաքացիներն են կամ այդպիսի անձանց միավորող կազմակերպություններ,

(ii) օրինակները պետք է օգտագործվեն միայն ուսուցման կամ հետազոտությունների նպատակով,

(iii) օրինակների առաքումն ու դրանց հետագա բաշխումն ստացողներին չի հետապնդում առևտրային նպատակ, և

(iv) օրինակներն ստացող երկիրը և լիցենզիա տվող իրավասու մարմնի երկիրը համաձայնել են թույլատրելու ստացումը, կամ բաշխումը, կամ երկուսը միասին, և Գլխավոր տնօրենը տեղեկացվել է նման համաձայնության մասին այն երկրի կառավարության կողմից, որտեղ լիցենզիան տրվել է:

(5) II կամ III հոդվածների համաձայն տրված լիցենզիայի հիման վրա հրատարակված բոլոր օրինակները կրում են նշում համապատասխան լեզվով առ այն, որ օրինակները ենթակա են բաշխման միայն այն երկրում կամ տարածքում, որի վրա տարածվում է տվյալ լիցենզիան:

(6) (ա) Պատշաճ միջոցներ են ձեռնարկվում ներպետական մակարդակով՝ ապահովելու.

(i) որպեսզի լիցենզիան, համապատասխանաբար, հօգուտ թարգմանության կամ վերարտադրության իրավունք ունեցողի նախատեսի արդարացի փոխհատուցում, որը համապատասխանի երկու շահագրգիռ երկրներում սովորաբար լիցենզիաների հիման վրա գործող անձանց միջև ազատ բանակցությունների միջոցով սահմանված ռոյալթիի ստանդարտներին, և

(ii) փոխհատուցման վճարում և փոխարկում: Եթե գոյություն ունեն ազգային տարադրամի հատուկ կանոններ, իրավասու իշխանությունները միջազգային մեխանիզմների կիրառմամբ գործադրում են բոլոր ջանքերը, որպեսզի ապահովեն փոխարկումը միջազգայնորեն փոխարկելի տարադրամի կամ դրա համարժեքի:

(բ) Պատշաճ միջոցներ են ձեռնարկվում ներպետական օրենսդրությամբ՝ ապահովելու ստեղծագործության ճիշտ թարգմանությունը կամ, համապատասխանաբար, տվյալ հրատարակության ճշգրիտ վերարտադրությունը:

 

 Հ ո դ վ ա ծ  V

 

(Թարգմանության իրավունքը սահմանափակելու այլընտրանքային հնարավորություն. 1.1886թ. և 1896թ. փաստաթղթերի համաձայն նախատեսված ռեժիմ, 2. II հոդվածով նախատեսված ռեժիմը փոխելու հնարավորության բացակայություն, 3. Այլընտրանքային հնարավորության ընտրության համար ժամկետ)

 

(1) (ա) Յուրաքանչյուր երկիր, որն իրավունք ունի II հոդվածով նախատեսված արտոնություններից օգտվելու մասին հայտարարություն անելու, կարող է դրա փոխարեն սույն Փաստաթղթի վավերացման կամ դրան միանալու ժամանակ.

(i) եթե նա այնպիսի երկիր է, որի նկատմամբ կիրառվում է 30 (2) (ա) հոդվածը, այդ դրույթի հիման վրա կատարել հայտարարություն այնքանով, որքանով դա վերաբերում է թարգմանության իրավունքին,

(ii) եթե նա այնպիսի երկիր է, որի նկատմամբ չի կիրառվում 30 (2) (ա) հոդվածը և նույնիսկ, եթե Միության կազմի մեջ չմտնող երկիր չէ, հայտարարություն կատարել, ինչպես նախատեսված է 30(2)(բ) հոդվածի առաջին նախադասությունում:

(բ) Այն երկրի դեպքում, որը դադարել է զարգացող երկիր համարվել, ինչպես նախատեսված է I(1) հոդվածով, սույն կետի համաձայն կատարված հայտարարությունը մնում է ուժի մեջ մինչև I(3) հոդվածով կիրառելի ժամկետը լրանալու օրը:

(գ) Յուրաքանչյուր երկիր, որը հայտարարություն է կատարել սույն կետի համաձայն, չի կարող հետագայում օգտվել II հոդվածով նախատեսված արտոնություններից, անգամ, եթե նա հրաժարվի հայտարարությունից:

(2) Հաշվի առնելով (3)-րդ կետը՝ յուրաքանչյուր երկիր, որն օգտվել է II հոդվածով նախատեսված արտոնություններից, չի կարող հետագայում հայտարարություն կատարել համաձայն (1)-ին կետի:

(3) Յուրաքանչյուր երկիր, որը դադարել է զարգացող երկիր համարվել, ինչպես նախատեսված է I(1) կետով, կարող է ոչ ուշ, քան I(3) հոդվածով նախատեսված ժամանակաշրջանի ավարտից 2 տարի առաջ հայտարարություն անել 30(2)(բ) հոդվածի առաջին նախադասությամբ նախատեսված նպատակների համար՝ անկախ այն փաստից, որ նա Միության կազմի մեջ չմտնող երկիր չէ: Նման հայտարարությունն ուժի մեջ է մտնում այն օրվանից, երբ ավարտվում է I(3) հոդվածի համաձայն կիրառվող ժամանակաշրջանը:

 

Հ ո դ վ ա ծ  VI

 

(Հավելվածի որոշ դրույթների կիրառման կամ կիրառումն ընդունելու հնարավորություն՝ մինչև դրանով պարտավորված դառնալը. 1. Հայտարարություն, 2. Պահատվություն և հայտարարության ուժի մեջ մտնելու ժամկետ)

 

(1) Յուրաքանչյուր երկիր կարող է հայտարարել, սկսած սույն Փաստաթղթի ժամկետից և ցանկացած ժամանակ մինչև 1-21-րդ հոդվածներով և սույն Հավելվածով պարտավորված դառնալը.

(i) եթե նա այնպիսի երկիր է, որը 1-21-րդ հոդվածներով և սույն Հավելվածով պարտավորված լինելու դեպքում իրավունք կունենար օգտվելու I(1) հոդվածում նշված արտոնություններից, որ ինքը կկիրառի II կամ III հոդվածների դրույթները կամ երկուսը միասին՝ այն ստեղծագործությունների նկատմամբ, որոնց ծագման երկիրն այն երկիրն է, որը, համաձայն ներքոհիշյալ (ii) ենթակետի, թույլատրում է այդ հոդվածների կիրառումը նման ստեղծագործությունների նկատմամբ, կամ որը պարտավորված է 1-21-րդ հոդվածներով և սույն Հավելվածով. նման հայտարարությունը կարող է II հոդվածի վրա հիմնվելու փոխարեն հիմնվել V հոդվածի վրա,

(ii) որ ինքն այն ստեղծագործությունների նկատմամբ, որոնց ծագման երկիրն ինքն է, ընդունում է սույն Հավելվածի կիրառումն այն երկրների կողմից, որոնք հայտարարություն են կատարել վերոհիշյալ (i) ենթակետի համաձայն, կամ ծանուցում՝ I հոդվածի համաձայն:

(2) (1)-ին կետի համաձայն կատարված ցանկացած հայտարարություն պետք է լինի գրավոր և ի պահ է հանձնվում Գլխավոր տնօրենին: Հայտարարությունն ուժի մեջ է մտնում ի պահ հանձնման օրվանից:

* Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2000 թվականի հոկտեմբերի 19-ից: