Գլխավոր տեղեկություն
Համար
N 1102-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.09.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.01.26/2(134) Հոդ.1011
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.06.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.08.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
16.08.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.09.2004

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

16 օգոստոսի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 հունիսի 2004 թվականի N 1102-Ն

 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 26-ի N 313 որոշմամբ հաստատված կարգի պահանջների խախտման բազմաթիվ փաստերը, ինչպես նաև էներգետիկայի բնագավառի օբյեկտների անվտանգ շահագործումն ապահովող միջոցառումներ մշակելու և իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին`

1.1. համագործակցելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ, հիմք ընդունելով էներգետիկայի բնագավառի փակ բաժնետիրական ընկերությունների և տարածքային կառավարման մարմինների կողմից նախկինում համատեղ կատարված գույքագրման արդյունքները` շահագրգիռ կազմակերպությունների ներգրավմամբ` 6-ամսյա ժամկետում կատարել բացահայտված խախտումների դասակարգում` ըստ հետևյալ չափանիշների`

ա) անվտանգության գոտիներում կառուցված շենքեր և շինություններ, որոնք հնարավոր է անվտանգ շահագործել էներգետիկ օբյեկտը տնօրինող ընկերության կողմից տրվող տեխնիկական պայմանների պահպանմամբ,

բ) անվտանգության գոտիներում կառուցված շենքեր և շինություններ, որոնց սեփականատերերը համաձայն են սեփական միջոցների հաշվին պայմանագրային հիմունքներով վերականգնել անվտանգության գոտու չափսը` էներգետիկ օբյեկտի (բնական գազի, ջերմային և էլեկտրական էներգիաների փոխադրման (հաղորդման) գծեր) կամ շենքերի և շինությունների տեղափոխման միջոցով,

գ) պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա, անվտանգության գոտիներում ինքնակամ կառուցված շենքեր և շինություններ, որոնք ենթակա են քանդման, կամ որոնց նկատմամբ պետք է կիրառվեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված նորմերը,

դ) անվտանգության գոտիներում` իրավաբանական անձանց կամ քաղաքացիների սեփականությունը հանդիսացող հողամասերում կառուցված շենքեր և շինություններ, որոնք կառուցված են տարածքային կառավարման (Երևանի քաղաքապետարանի) կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրված թույլտվության համաձայն.

1.2. շահագրգիռ կազմակերպությունների ներգրավմամբ` 9-ամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1.1-ին կետի «ա» ենթակետի համաձայն դասակարգված անվտանգության գոտիներում կառուցված շենքերի և շինությունների սահմանված կարգով ձևակերպումն ու դրանց շահագործման տեխնիկական պայմանների տրամադրումը սեփականատերերին.

1.3. համագործակցելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության հետ և շահագրգիռ կազմակերպությունների ներգրավմամբ` մինչև 2005 թվականի ապրիլի 30-ը կազմակերպել սույն որոշման 1.1-ին կետի «բ» ենթակետի համաձայն դասակարգված` անվտանգության գոտիներում կառուցված շենքերի և շինությունների սեփականատերերի ու էներգետիկ օբյեկտը տնօրինող ընկերության միջև համապատասխան անվտանգության գոտու չափսի վերականգնման մասին պայմանագրի կնքումը.

1.4. մինչև 2005 թվականի օգոստոսի 22-ը իրականացնել սույն որոշման 1.1-ին կետի «բ» ենթակետի համաձայն դասակարգված անվտանգության գոտիներում ապօրինի կառուցված շենքերի և շինությունների քանդման աշխատանքները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգի պահպանմամբ, կամ դրանց նկատմամբ կիրառել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված նորմերը.

1.5. համագործակցելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ`

ա) մինչև 2005 թվականի ապրիլի 30-ը իրականացնել սույն որոշման 1.1-ին կետի «դ» ենթակետի համաձայն դասակարգված անվտանգության գոտիներում տարածքային կառավարման մարմնի (Երևանի քաղաքապետարանի) կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրված թույլտվությամբ կառուցված շենքերի և շինությունների քանդման (համապատասխանաբար պետության կամ համայնքի կարիք սահմանելու պայմանով) կամ էներգետիկ օբյեկտի տեղափոխման համար անհրաժեշտ ծախսերի (էներգետիկ օբյեկտների անվտանգության գոտիների վերականգնման) նախահաշիվների կազմումը,

բ) մինչև 2005 թվականի հունիսի 30-ը` տարածքային կառավարման մարմնի (Երևանի քաղաքապետարանի) կողմից թույլտվության առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների թույլտվության առկայության դեպքում` համայնքներ ներկայացնել քանդվող գույքի դիմաց փոխհատուցման ենթակա` շուկայական արժեքի կամ էներգետիկ օբյեկտի տեղափոխման արժեքի չափով 2006-2008 թվականների համար ֆինանսավորման հայտ` ըստ առաջնահերթության:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` սույն որոշման 1.5-րդ կետի «բ» ենթակետի համաձայն հայտերն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն դրանց ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ:

3. Առաջարկել տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին համայնքների բյուջեներում ներառել Հայաստանի Հանրապետության մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) կողմից ներկայացված ֆինանսավորման հայտերը` սույն որոշման 1.5-րդ կետի «բ» ենթակետով սահմանված աշխատանքների իրականացման համար:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. օգոստոսի 7
Երևան