Գլխավոր տեղեկություն
Տիպ
Կոնվենցիա
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.04.2002-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2004.12.20/5(13)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
13.12.1957
Ստորագրման ամսաթիվ
13.12.1957
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.04.2002

 

Ե Վ Ր Ո Պ Ա Կ Ա Ն   Կ Ո Ն Վ Ե Ն Ց Ի Ա

 

ՀԱՆՁՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ներքոստորագրյալ կառավարությունները, լինելով Եվրոպայի խորհրդի անդամներ,

համարելով, որ Եվրոպայի խորհրդի նպատակն է հասնել ավելի սերտ միասնության իր անդամների միջև,

համարելով, որ այդ նպատակը կարող է հասանելի լինել համաձայնագրերի կնքմամբ և իրավական գործերում ընդհանուր գործունեությամբ,

համարելով, որ հանձնման վերաբերյալ միանման կանոնների ընդունումը կնպաստի միասնության այս գործին,

 

համաձայնեցին հետևյալի մասին.

Հ ո դ վ ա ծ 1

 

Հանձնման պարտավորություն

 

Պայմանավորվող կողմերը պարտավորվում են միմյանց հանձնել սույն Կոնվենցիայի դրույթների և պայմանների համաձայն հանձնման ենթակա բոլոր այն անձանց, ում դեմ հայցող կողմի իրավասու մարմինները գործ են հարուցել, կամ որոնք հետախուզվում են վերոհիշյալ մարմինների կողմից՝ դատավճռի ի կատար ածման կամ կալանավորման նպատակով:

 

Հ ո դ վ ա ծ  2

 

Հանձնման համար հիմք հանդիսացող հանցագործություններ

 

1. Հանձնումը պետք է կատարվի այնպիսի հանցագործությունների դեպքում, որոնք հայցող և հայցվող կողմերի օրենքներով պատժվում են ազատազրկմամբ կամ կալանքով` նվազագույնը մեկ տարի կամ ավելի ժամկետով կամ ավելի խիստ պատժով: Երբ դատապարտման կամ բանտարկության դատավճիռը կամ կալանավորման որոշումը կայացվում է հայցող կողմի տարածքում, ապա նշանակված պատիժը պետք է լինի 4 ամսից ոչ պակաս:

2. Եթե հանձնման վերաբերյալ հարցումը ներառում է մի քանի առանձին հանցագործություններ, որոնցից յուրաքանչյուրը հայցող և հայցվող կողմերի օրենքներով պատժելի է ազատազրկմամբ կամ կալանքով, բայց որոնցից մի քանիսը չեն համապատասխանում պատժի ժամկետի վերաբերյալ պայմանին, հայցվող կողմը իրավունք կունենա իրականացնել հանձնումը կատարած վերջին հանցագործության համար:

3. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, որի օրենքով նախատեսված չէ հանձնում սույն հոդվածի առաջին կետում նշված որոշակի հանցագործությունների համար, կարող է նման դեպքերում այդպիսի հանցագործությունները բացառել սույն Կոնվենցիայի կիրառման շրջանակներից:

4. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, որը ցանկանում է օգտվել սույն հոդվածի երրորդ կետով նախատեսված իրավունքից, պետք է իր վավերագրին կամ միացման փաստաթղթին կից Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին փոխանցի այն հանցագործությունների ցանկը, որոնց համար հանձնումը թույլատրելի է, կամ՝ այն հանցագործությունների ցանկը, որոնց համար այն բացառվում է, միաժամանակ նշելով այն իրավական դրույթները, որոնք թույլատրում կամ բացառում են հանձնումը: Խորհրդի Գլխավոր քարտուղարը այդ ցանկերը ուղարկում է պայմանագիրը ստորագրած մյուս կողմերին:

5. Եթե հետագայում Պայմանավորվող որևէ կողմի օրենքով հանձնումը բացառվում է նաև այլ հանցագործությունների դեպքում, այդ կողմը պետք է այդ մասին ծանուցի Գլխավոր քարտուղարին, որն էլ իր հերթին պետք է ծանուցի պայմանագիրը ստորագրած մյուս կողմերին: Այդ ծանուցումը ուժի մեջ է մտնում Գլխավոր քարտուղարի ստանալուց երեք ամիս հետո:

6. Սույն հոդվածի չորրորդ կամ հինգերորդ պարբերություններով սահմանված իրավունքներից օգտվող յուրաքանչյուր կողմ ցանկացած ժամանակ կարող է կիրառել սույն Կոնվենցիայի դրույթները այն հանցագործությունների նկատմամբ, որոնք բացառված էին դրա կիրառման շրջանակներից: Այդ կողմը այդպիսի փոփոխությունների մասին ծանուցում է Խորհրդի Գլխավոր քարտուղարին, իսկ Գլխավոր քարտուղարը՝ պայմանագիրը ստորագրած մյուս կողմերին:

7. Յուրաքանչյուր կողմ կարող է կիրառել փոխադարձություն ցանկացած հանցագործությունների նկատմամբ, որոնք, սույն հոդվածին համապատասխան, բացառվել են Կոնվենցիայի կիրառման շրջանակներից:

 

Հ ո դ վ ա ծ  3

 

Քաղաքական հանցագործություններ

 

1. Հանձնում չի իրականացվում, եթե հանցագործությունը, որի համար այն հայցվում է, հայցվող կողմը ճանաչում է որպես քաղաքական հանցագործություն կամ քաղաքական հանցագործության հետ կապ ունեցող:

2. Նույն կարգը պետք է կիրառվի, եթե հայցվող կողմն ունի բավարար հիմքեր՝ համարելու, որ սովորական քրեական հանցագործության համար հանձնման վերաբերյալ հարցումը ներկայացված է անձի ռասայի, կրոնի, ազգության կամ քաղաքական կարծիքի հետապնդման և պատժման նպատակով, կամ՝ որ այդ անձի դիրքին կարող է վնաս հասցվել այս հանգամանքներից որևէ մեկի պատճառով:

3. Պետության ղեկավարի կամ նրա ընտանիքի անդամի նկատմամբ մահափորձը կամ սպանությունը, համաձայն սույն Կոնվենցիայի, չպետք է համարվի քաղաքական հանցագործություն:

4. Սույն հոդվածը չպետք է ազդի որևէ պարտավորության վրա, որը Պայմանավորվող կողմերը ստանձնել են կամ կարող են ստանձնել բազմակողմանի բնույթի այլ միջազգային կոնվենցիայով:

 

Հ ո դ վ ա ծ  4

 

Զինվորական հանցագործություններ

 

Հանձնումը սույն Կոնվենցիայի կիրառման շրջանակներից բացառում է այն զինվորական հանցագործությունները, որոնք սովորական քրեական օրենքներով հանցագործություններ չեն համարվում:

 

Հ ո դ վ ա ծ  5

 

Ֆինանսական հանցագործություններ

 

Հանձնումը հարկերի, տուրքերի, մաքսատուրքերի և փոխանակման հետ կապված հանցագործությունների համար, սույն Կոնվենցիայի դրույթների համաձայն, պետք է իրականացվի միայն այն դեպքերում, եթե Պայմանավորվող կողմերը նման որոշում կայացրել են ցանկացած այդպիսի հանցագործության կամ հանցագործությունների կատեգորիայի վերաբերյալ:

 

Հ ո դ վ ա ծ  6

 

Քաղաքացիների հանձնում

 

1. ա) Պայմանավորվող կողմը պետք է իրավունք ունենա մերժելու իր քաղաքացիների հանձնումը:

բ) Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է ստորագրման կամ վավերագրերը կամ միացման փաստաթղթերն ի պահ տալու ժամանակ արված հայտարարության միջոցով սահմանել «քաղաքացիներ» տերմինի հասկացությունը՝ սույն Կոնվենցիայի պահանջներին համապատասխան:

գ) Քաղաքացիությունը պետք է սահմանվի հանձնման մասին որոշում ընդունելու ժամանակ: Սակայն եթե հայցվող անձը ի սկզբանե ճանաչվի հայցվող կողմի քաղաքացի որոշման ընդունման և հանձնման համար նախատեսված ժամանակահատվածում, հայցվող կողմը կարող է օգտվել սույն հոդվածի «ա» ենթակետում առկա պայմանից:

2. Եթե հայցվող կողմը չի հանձնում իր քաղաքացուն, նա պետք է հայցող կողմի պահանջով գործը ներկայացնի իրավասու մարմիններին՝ անհրաժեշտության դեպքում քրեական գործ հարուցելու համար: Այս նպատակով հանցագործությանը վերաբերող փաստաթղթերը, տեղեկատվությունը և իրեղեն ապացույցները պետք է փոխանցվեն անվճար՝ 12-րդ հոդվածի առաջին կետով նախատեսված կարգով: Հայցող կողմը պետք է տեղեկացվի իր հարցման արդյունքների մասին:

 

Հ ո դ վ ա ծ  7

 

Հանցագործության կատարման վայրը

 

1. Հայցվող կողմը կարող է մերժել հայցվող անձի հանձնումը այն հանցագործության համար, որը, իր օրենքին համապատասխան, համարվում է ամբողջովին կամ մասամբ կատարված իր տարածքում կամ այն վայրում, որը դիտարկվում է որպես իր տարածք:

2. Երբ հանցագործությունը, որի համար հանձնման հարցում է ներկայացվել, կատարվել է հայցող կողմի տարածքից դուրս, այն կարող է մերժվել միայն այն դեպքում, եթե հայցվող կողմի օրենքով չի նախատեսվում նույն կատեգորիայի հանցագործության համար հետապնդում, երբ այն կատարվել է վերջինիս տարածքից դուրս, կամ՝ այդ հանցագործության համար հանձնում նախատեսված չէ:

 

Հ ո դ վ ա ծ  8

 

Միևնույն հանցագործությունների հետ կապված անավարտ դատավարություն

 

Հայցվող կողմը կարող է մերժել հայցվող անձին հանձնել, եթե այդ կողմի իրավասու մարմինները նրա հանդեպ արդեն գործ են հարուցել այն հանցագործության կամ հանցագործությունների համար, որոնց համար հանձնում է պահանջվում:

 

Հ ո դ վ ա ծ  9

 

Nօո bis iո idem

 

Հանձնում չի իրականացվի, եթե այն հանցագործության կամ հանցագործությունների համար, որոնց համար հանձնում է պահանջվում, հայցվող անձի նկատմամբ վերջնական դատապարտման որոշում է կայացվել հայցվող կողմի իրավասու մարմինների կողմից: Հանձնումը կարող է մերժվել, եթե հայցվող կողմի իրավասու մարմինները որոշել են կամ գործ չհարուցել կամ այն կարճել նույն հանցագործության կամ հանցագործությունների առնչությամբ:

 

Հ ո դ վ ա ծ  10

 

Վաղեմության ժամկետ

 

Հանձնում չի իրականացվում այն դեպքերում, երբ հայցվող կամ հայցող անձը հայցվող կողմի օրենքի համաձայն ազատ է արձակվել դատական կարգով հետապնդման կամ պատժաժամկետը լրանալու պատճառով:

 

Հ ո դ վ ա ծ  11

 

Մահապատիժ

 

Եթե հանձնման ենթակա հանցագործության համար հայցող կողմի օրենքով նախատեսվում է մահապատիժ, և եթե այդ հանցագործության համար հայցվող կողմի օրենքով մահապատիժ նախատեսված չէ կամ չի իրականացվում, ապա հանձնման վերաբերյալ հայցը կարող է մերժվել, մինչև հայցող կողմը չտա այնպիսի երաշխիքներ, որոնք հայցվող կողմը կհամարի բավարար, որ մահապատիժ չի կիրառվի:

 

Հ ո դ վ ա ծ  12

 

Հարցումը և օժանդակ փաստաթղթերը

 

1. Հարցումը պետք է լինի գրավոր և փոխանցվի դիվանագիտական ուղիներով: Փոխանցման այլ միջոցները կարող են համաձայնեցվել երկու կամ ավելի կողմերի ուղղակի համաձայնությամբ:

2. Հարցմանը պետք է կցել՝

ա) դատապարտման և միանգամից կիրարկելի դատավճռի կամ կալանավորման հրամանագրի բնագիրը կամ հաստատված պատճենը կամ ձերբակալման սանկցիան կամ ուրիշ այլ փաստաթուղթ, որն ունի նույն ուժը և տրված է հայցող կողմի օրենքով նախատեսված ընթացակարգին համապատասխան,

բ) հանձնման ենթակա հանցագործությունների վերաբերյալ տեղեկատվություն: Դրանց կատարման ժամանակը և վայրը, դրանց իրավաբանական դասակարգումը և հղումը համապատասխան իրավական դրույթներին, պետք է հնարավորին չափ ճշգրիտ շարադրված լինեն, և

գ) գործին վերաբերող օրենսդրական համապատասխան ակտերի պատճենները կամ, եթե դա հնարավոր չէ, համապատասխան օրենքի մասին տեղեկատվություն և հայցվող անձի հնարավորին չափ ճշգրիտ նկարագրությունը՝ ցանկացած այլ տեղեկատվության հետ միասին, որը կօգնի հաստատել նրա ինքնությունը և քաղաքացիությունը:

 

Հ ո դ վ ա ծ  13

 

Լրացուցիչ տեղեկություններ

 

Եթե հայցող կողմի տրամադրած տեղեկությունները, սույն Կոնվենցիայի համաձայն, չեն բավարարում հայցվող կողմին որոշում կայացնելու համար, ապա վերջինս պետք է պահանջի անհրաժեշտ լրացուցիչ տեղեկություններ և կարող է սահմանել սահմանափակ ժամկետ դրանց ներկայացման համար:

 

Հ ո դ վ ա ծ  14

 

Առանձնահատուկ կանոններ

 

1. Այն անձը, որը հանձնվել է, չպետք է ենթարկվի քրեական հետապնդման, դատապարտվի կամ կալանավորվի որևէ հանցագործության համար, որը նա կատարել է մինչև հանձնումը, բացառությամբ այն հանցագործության, որի կատարման համար նրան հանձնել են, և նրա անձնական ազատությունը չպետք է սահմանափակվի, բացառությամբ հետևյալ դեպքերի.

ա) երբ նրան հանձնող կողմը համաձայնություն է տալիս: Համաձայնություն տալու պահանջը պետք է ներկայացվի 12-րդ հոդվածում նշված փաստաթղթերի և համապատասխան հանցագործության վերաբերյալ հանձնված անձի կողմից կատարված ցանկացած հայտարարության օրինական գրառումների հետ միասին: Համաձայնությունը պետք է տրվի, երբ հանցագործությունը, որի համար այն պահանջվում է, հենց ինքը հանձնման առարկա է՝ սույն Կոնվենցիայի դրույթների համաձայն,

բ) երբ այդ անձը, ունենալով հնարավորություն թողնելու այն կողմի տարածքը, որին նա հանձնվել է, չի արել դա իր վերջնական ազատվելուց 45 օրվա ընթացքում կամ վերադարձել է այդ տարածքը այն թողնելուց հետո:

2. Հայցող կողմը, ամեն դեպքում, կարող է այդ անձին իր տարածքից արտաքսելու համար ձեռնարկել ցանկացած միջոց կամ ձեռնարկել իր օրենքով պահանջվող այլ անհրաժեշտ միջոցներ, ներառյալ՝ դատավարությունը այդ անձի բացակայությամբ, վաղեմության ժամկետի լրացման ցանկացած օրինական հետևանք կանխելու նպատակով:

3. Երբ հանցագործության նկարագրությունը, որի համար ներկայացվել է մեղադրանք, փոխվում է դատավարության ընթացքում, հանձնված անձի նկատմամբ պետք է մեղադրանք առաջադրվի կամ դատավճիռ կայացվի այն չափով, որքանով տվյալ հանցագործության նկատմամբ՝ իր նոր նկարագրությամբ և բաղադրատարրերով, հանձնումը կիրառվում է:

 

Հ ո դ վ ա ծ  15

 

Վերահանձնում երրորդ պետության

 

Բացառությամբ 14-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետով սահմանված պայմանների, հայցող կողմը չպետք է առանց հայցվող կողմի համաձայնության ուրիշ կողմի կամ երրորդ պետության հանձնի այն անձին, որը հանձնված էր հայցող կողմին և գտնվում է հետախուզման մեջ նշված այլ կողմի կամ երրորդ պետության կողմից այն հանցագործությունների առնչությամբ, որոնք կատարվել են մինչև նրա հանձնումը: Հայցվող կողմը կարող է պահանջել, որ իրեն տրամադրվեն 12-րդ հոդվածի 2-րդ կետում նշված փաստաթղթերը:

 

Հ ո դ վ ա ծ  16

 

Ժամանակավոր ձերբակալություն

 

1. Ծայրահեղ անհրաժեշտության դեպքում հայցող կողմի իրավասու մարմինները կարող են պահանջել հետախուզվող անձի ժամանակավոր ձերբակալություն: Հայցվող կողմի իրավասու մարմինները գործը կլուծեն իրենց օրենսդրության համաձայն:

2. Ժամանակավոր ձերբակալման մասին հարցումը պետք է հավաստիացնի, որ գոյություն ունի

12-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» պարբերությունում նշված փաստաթղթերից որևէ մեկը, և որ նախատեսվում է հարցում ուղարկել հանձնման համար: Այն պետք է սահմանի նաև, թե ինչ հանցագործության համար է պահանջվելու հանձնումը, որտեղ և երբ է կատարվել այդ հանցագործությունը, և, հնարավորության դեպքում, պետք է տրվի հետախուզվող անձի նկարագրությունը:

3. Ժամանակավոր ձերբակալության մասին հարցումը պետք է ուղարկվի հայցվող կողմի իրավասու մարմիններին դիվանագիտական ճանապարհով կամ փոստով կամ հեռատիպով կամ Ինտերպոլի միջոցով կամ հայցվող կողմի ընդունած ցանկացած գրավոր ձևով: Հայցող մարմինը անհապաղ պետք է տեղեկացվի իր հարցման արդյունքների մասին:

4. Ժամանակավոր ձերբակալությունը կարող է դադարեցվել, եթե ձերբակալումից հետո 18 օրվա ընթացքում հայցվող կողմը չի ստացել հանձնման վերաբերյալ հարցումը և 12-րդ հոդվածում նշված փաստաթղթերը: Ամեն դեպքում այդ ժամանակահատվածը ձերբակալման օրվանից չպետք է գերազանցի 40 օրը: Ժամանակավոր ձերբակալման ընդհատում չի բացառվում ցանկացած ժամանակ, բայց հայցվող կողմը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները հետախուզվող անձի փախուստը կանխելու համար:

5. Ազատ արձակումը չի խոչընդոտում կրկնակի ձերբակալմանը և հանձնմանը, եթե հանձնման վերաբերյալ հարցումը ստացվել է հետագայում:

 

Հ ո դ վ ա ծ  17

 

Հակասող հարցումներ

 

Եթե զուգահեռաբար հանձնում է պահանջվում մեկից ավելի պետությունների կողմից նույն կամ տարբեր հանցագործությունների համար, հայցվող կողմը կընդունի իր որոշումը՝ հաշվի առնելով բոլոր հանգամանքները, հատկապես՝ հանցագործության ծանրությունը և կատարման վայրը, համապատասխան հարցումների ամսաթվերը, հայցվող անձի քաղաքացիությունը և այլ պետության հետագա հանձնման հնարավորությունը:

 

Հ ո դ վ ա ծ  18

 

Հանձնման ենթակա անձի փոխանցումը

 

1. Հայցվող կողմը հանձնման վերաբերյալ իր որոշման մասին տեղեկացնում է հայցող կողմին 12-րդ հոդվածի 1-ին պարբերությունում նշված միջոցներով:

2. Պետք է տրվեն հանձնման ցանկացած մասնակի կամ ամբողջական մերժման պատճառները:

3. Հարցման բավարարման դեպքում հայցող կողմը պետք է տեղյակ պահվի հանձնման վայրի և ամսաթվի մասին, ինչպես նաև այն ժամանակահատվածի մասին, որի ընթացքում հայցվող անձը կալանքի տակ է պահվել հանձնման նպատակով:

4. Սույն հոդվածի 5-րդ կետի դրույթների համաձայն, եթե հայցվող անձը չի հանձնվել նշված ժամկետում, նա կարող է ազատ արձակվել 15 օրը լրանալուց հետո և ցանկացած դեպքում ազատ է արձակվում 30 օրը լրանալուց հետո: Հայցվող կողմը կարող է հրաժարվել հանձնել նրան նույն հանցագործության համար:

5. Եթե իրենից անկախ հանգամանքները խոչընդոտում են կողմին հայցվող անձի հանձնմանը կամ փոխանցմանը, այդ մասին նա պետք է տեղեկացնի մյուս կողմին: Երկու կողմերը պետք է պայմանավորվեն հանձնման նոր ամսաթվի վերաբերյալ և կիրառեն սույն հոդվածի 4-րդ կետի դրույթները:

 

Հ ո դ վ ա ծ  19

 

Հետաձգվող կամ պայմանական հանձնում

 

1. Հայցվող կողմը կարող է հանձնման հարցման վերաբերյալ իր որոշումը կայացնելուց հետո հետաձգել հայցվող անձի հանձնումը, որպեսզի այդ կողմը կարողանա քրեական գործ հարուցել նրա նկատմամբ, իսկ եթե նա արդեն դատապարտվել է, որպեսզի նա կարողանա իր պատիժը կրել այդ կողմի տարածքում այն հանցագործության համար, որը տարբեր է հանձնման համար պահանջվող հանցագործությունից:

2. Հայցվող կողմը կարող է հայցվող անձի հանձնումը հետաձգելու փոխարեն ժամանակավորապես հանձնել նրան հայցող կողմին՝ կողմերի միջև փոխադարձ համաձայնությամբ սահմանված պայմանների համաձայն:

 

Հ ո դ վ ա ծ  20

 

Գույքի փոխանցում

 

1. Հայցվող կողմը, հայցող կողմի խնդրանքով և իր երկրի գործող օրենքների շրջանակներում, բռնագրավում և փոխանցում է գույքը.

ա) որը կարող է պահանջվել որպես հանցանշան, կամ

բ) որը ձեռք է բերվել որպես հանցագործության արդյունք, և որը ձերբակալման ժամանակ գտնվել է հայցվող անձի տիրապետության տակ կամ հայտնաբերվել է հետագայում:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված գույքը պետք է փոխանցվի, նույնիսկ այն դեպքում, եթե հանձնումը, որին համաձայնություն է տրվել, չի կարող իրականացվել հայցվող անձի մահվան կամ փախուստի պատճառով:

3. Երբ նշված գույքը ենթակա է կալանքի կամ բռնագրավման հայցվող կողմի տարածքում, վերջինս անավարտ քրեական գործի վարույթի ընթացքում կարող է վերադարձման պայմանով այն ժամանակավորապես պահել կամ փոխանցել:

4. Հայցվող կամ երրորդ կողմը պահպանում է ձեռք բերված ցանկացած տեսակի իրավունք նշված գույքի առնչությամբ: Այնտեղ, որտեղ գոյություն ունեն այս իրավունքները, գույքը պետք է դատավարությունից հետո հնարավորին չափ շուտ և առանց վճարման վերադարձվի հայցվող կողմին:

 

Հ ո դ վ ա ծ  21

 

Տարանցում

 

1. Պայմանավորվող կողմերից մեկի տարածքով տարանցումը պետք է թույլատրվի 12-րդ հոդվածի 1-ին կետում նշված փաստաթղթերի ներկայացմամբ՝ պայմանով, որ տվյալ հանցագործությունը այն երկրում, որին տարանցման հարցում է ներկայացվում, չի դիտվում որպես քաղաքական կամ ռազմական բնույթի հանցագործություն՝ սույն Կոնվենցիայի 3-րդ և 4-րդ հոդվածներին համապատասխան:

2. Քաղաքացու տարանցումը հայցվող երկրի կողմից կարող է մերժվել 6-րդ հոդվածին համաձայն:

3. Սույն հոդվածի 4-րդ կետի դրույթների համաձայն՝ անհրաժեշտ է ներկայացնել 12-րդ հոդվածի 2-րդ կետում նշված փաստաթղթերը:

4. Օդային տրանսպորտի օգտագործման դեպքում կիրառվում են հետևյալ դրույթները.

ա) երբ վայրէջք չի նախատեսում, հայցող կողմը պետք է տեղեկացնի այն կողմին, որի տարածքով կատարվում է թռիչք, և պետք է հաստատի, որ գոյություն ունի 12-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետում նշված փաստաթղթերից մեկը: Չնախատեսված վայրէջքի դեպքում այդպիսի ծանուցումը պետք է ունենա 16-րդ հոդվածում նշված ժամանակավոր ձերբակալման վերաբերյալ հարցման ուժ, և հայցող կողմը պետք է պաշտոնական հարցում ներկայացնի տարանցման համար,

բ) երբ նախատեսվում է վայրէջք, հայցող կողմը պետք է պաշտոնական հարցում ներկայացնի տարանցման համար:

5. Սակայն յուրաքանչյուր կողմ սույն Կոնվենցիան ստորագրելիս կամ վավերագիրը կամ միացման փաստաթուղթը ի պահ տալու ժամանակ կարող է հայտարարել, որ ինքը կհամաձայնի անձի տարանցմանը որոշ կամ բոլոր պայմանների առկայության դեպքում, որոնց հիման վրա նա թույլատրում է հանձնումը: Այդպիսի դեպքերում կարող է կիրառվել փոխադարձության սկզբունքը:

6. Հանձնված անձի տարանցումը չպետք է իրականացվի այն տարածքով, որտեղ նրա կյանքին կամ ազատությանը կարող է վտանգ սպառնալ ռասայական պատկանելության, կրոնի, քաղաքացիության կամ քաղաքական հայացքների պատճառով:

 

Հ ո դ վ ա ծ  22

 

Ընթացակարգ

 

Բացառությամբ այն դեպքերի, երբ սույն Կոնվենցիայով նախատեսված են այլ մոտեցումներ, հանձնման և ժամանակավոր ձերբակալման ընթացակարգը պետք է կանոնակարգվի բացառապես հայցվող կողմի օրենքներին համապատասխան:

 

Հ ո դ վ ա ծ  23

 

Գործածելի լեզուն

 

Փաստաթղթերը պետք է ներկայացվեն հայցող կամ հայցվող կողմի լեզվով: Հայցվող կողմը իր ընտրությամբ կարող է թարգմանություն պահանջել Եվրոպայի խորհրդի պաշտոնական լեզուներից մեկով:

 

Հ ո դ վ ա ծ  24

 

Ծախսերը

 

1. Հանձնման կապակցությամբ հայցվող կողմի տարածքում կատարված ծախսերը կրում է այդ կողմը:

2. Տարանցման հետ կապված ծախսերը կրում է հայցող Կողմը:

3. Հայցվող կողմի ոչ մայրաքաղաքային տարածքից հանձնման դեպքում այդ տարածքի և հայցող կողմի մայրաքաղաքի միջև կատարվող տեղափոխությունից ծագող ծախսերը պետք է կրի վերջինս: Նույն կանոնը պետք է կիրառվի հայցվող կողմի ոչ մայրաքաղաքային տարածքի և մայրաքաղաքի միջև կատարված տեղափոխությամբ ծագող ծախսերի նկատմամբ:

 

Հ ո դ վ ա ծ  25

 

«Կալանավորման որոշում» սահմանումը

 

Սույն Կոնվենցիայի շրջանակներում «կալանավորման որոշում» արտահայտությունը նշանակում է ազատազրկում ներառող ցանկացած որոշում, որը ընդունվել է քրեական դատարանի կողմից բանտարկության դատավճռի փոխարեն կամ ի լրումն դրա:

 

Հ ո դ վ ա ծ  26

 

Վերապահումներ

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է սույն Կոնվենցիան ստորագրելիս կամ վավերագիրը կամ միացման մասին փաստաթուղթը ի պահ տալու ժամանակ կատարել վերապահում Կոնվենցիայի ցանկացած դրույթի կամ դրույթների վերաբերյալ:

2. Վերապահում կատարած յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է հրաժարվել վերապահումից այնքան շուտ, որքան թույլ են տալիս հանգամանքները: Նման հրաժարումը արվում է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ուղղված ծանուցման միջոցով:

3. Կոնվենցիայի դրույթի կապակցությամբ վերապահում կատարած Պայմանավորվող կողմը կարող է պահանջել նշված դրույթի կիրառումը մյուս կողմի կողմից՝ այնքանով, որքանով ինքն է ընդունել այդ դրույթը:

 

Հ ո դ վ ա ծ  27

 

Տարածքային կիրառում

 

1. Սույն Կոնվենցիան կիրառելի է Պայմանավորվող կողմերի մետրոպոլիտական տարածքների նկատմամբ:

2. Ֆրանսիայի կապակցությամբ այն պետք է տարածվի Ալժիրի և անդրծովային տարածքների վրա, իսկ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կապակցությամբ՝ Նորմանդական կղզիների և Մեն կղզու վրա:

3. Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունը կարող է տարածել Կոնվենցիայի կիրառումը նաև Բեռլինի հողերի վրա՝ այդ մասին ծանուցելով Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին, որը նման հայտարարության մասին պետք է ծանուցի այլ կողմերին:

4. Երկու կամ ավելի կողմերի միջև ուղղակի պայմանավորվածության համաձայն՝ սույն Կոնվենցիայի կիրառումը կարող է, այդ պայմանավորվածության պայմանների համաձայն և դրա հիման վրա, ընդարձակվել մինչև այդպիսի կողմերի ցանկացած տարածքը, որոնք տարբեր են սույն հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում նշված տարածքներից, որոնց միջազգային հարաբերությունների համար պատասխանատու է յուրաքանչյուր այդպիսի կողմ:

 

Հ ո դ վ ա ծ  28

 

Սույն Կոնվենցիայի և երկկողմ համաձայնագրերի միջև հարաբերությունները

 

1. Սույն Կոնվենցիան այն երկրներում, որոնց նկատմամբ կիրառելի է, փոխարինում է ցանկացած երկկողմ պայմանագրի, կոնվենցիաների կամ համաձայնագրերի դրույթների, որոնցով երկու Պայմանավորվող կողմերի միջև կարգավորում է հանձնումը:

2. Պայմանավորվող կողմերը կարող են միմյանց միջև կնքել երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրեր միայն ի լրումն սույն Կոնվենցիայի դրույթների կամ հեշտացնելու համար դրանում պարունակվող սկզբունքների կիրառումը:

3. Այնտեղ, որտեղ երկու կամ ավելի Պայմանավորվող կողմերի միջև հանձնումը իրականացվում է նույնանման օրենսդրության հիման վրա, կողմերը պետք է ազատ լինեն կարգավորելու իրենց փոխադարձ հարաբերությունները հանձնման առնչությամբ բացառապես այնպիսի կարգով, որը չի հակասում սույն Կոնվենցիայի դրույթներին: Նույն սկզբունքը պետք է կիրառվի նաև երկու կամ ավելի Պայմանավորվող կողմերի միջև, որոնցից յուրաքանչյուրը, գործող օրենքի համաձայն, իր տարածքում ապահովում է ձերբակալման որոշման կատարումը, որն արձակվել է մյուս կողմի կամ կողմերի տարածքում: Պայմանավորվող կողմերը, որոնք բացառում են կամ ապագայում կարող են բացառել սույն Կոնվենցիայի իրագործումը միմյանց միջև, սույն կետի համաձայն՝ պետք է պատշաճ ձևով այդ մասին ծանուցեն Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին: Գլխավոր քարտուղարը պետք է տեղյակ պահի Պայմանավորվող մյուս կողմերին ցանկացած ծանուցման մասին, որը ստացվել է սույն կետի համաձայն:

 

Հ ո դ վ ա ծ  29

 

Ստորագրումը, վավերացումը և ուժի մեջ մտնելը

 

1. Սույն Կոնվենցիան բաց է Եվրոպայի խորհրդի անդամների ստորագրման համար: Այն ենթակա է վավերացման: Վավերագրերը պետք է ի պահ տրվեն Խորհրդի Գլխավոր քարտուղարին:

2. Կոնվենցիան ուժի մեջ է մտնում երրորդ վավերագիրը ի պահ տալուց 90 օր հետո:

3. Ավելի ուշ Կոնվենցիան վավերացրած յուրաքանչյուր կողմի համար այն ուժի մեջ է մտնում վավերագիրը ի պահ տալուց 90 օր հետո:

 

Հ ո դ վ ա ծ  30

 

Միացում

 

1. Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն կարող է հրավիրել Խորհրդի անդամ չհանդիսացող ցանկացած պետության՝ միանալու սույն Կոնվենցիային՝ պայմանով, որ այդպիսի հրավեր պարունակող որոշումը ընդունվում է Կոնվենցիան ստորագրած Խորհրդի անդամների կողմից՝ միաձայն:

2. Միացումը իրականացվում է Խորհրդի Գլխավոր քարտուղարին միացման մասին փաստաթուղթը ի պահ տալու պահից, որն ուժի մեջ է մտնում ի պահ տալուց 90 օր հետո:

 

Հ ո դ վ ա ծ  31

 

Չեղյալ հայտարարելը

 

Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ծանուցելու միջոցով կարող է չեղյալ հայտարարել սույն Կոնվենցիան իրեն վերաբերող մասով: Չեղյալ հայտարարումը ուժի մեջ է մտնում այդպիսի ծանուցումը Գլխավոր քարտուղարի ստանալու օրվանից վեց ամիս հետո:

 

Հ ո դ վ ա ծ  32

 

Ծանուցումներ

 

Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը պետք է ծանուցի Խորհրդի անդամներին և ցանկացած պետության կառավարությանը, որը միացել է սույն Կոնվենցիային.

ա) վավերագրի կամ միացման յուրաքանչյուր փաստաթղթի ի պահ տալու մասին,

բ) սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելու ամսաթվի մասին,

գ) 6-րդ հոդվածի 1-ին կետի և 21-րդ հոդվածի 5-րդ կետի դրույթներին համապատասխան կատարված յուրաքանչյուր հայտարարության մասին,

դ) 26-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն կատարված ցանկացած վերապահման մասին,

ե) 26-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ցանկացած վերապահումից հրաժարվելու մասին,

զ) չեղյալ հայտարարմանը վերաբերող ցանկացած ծանուցման մասին, որը ստացվել է 31-րդ հոդվածի դրույթների համաձայն, և այն ամսաթվի մասին, երբ չեղյալ հայտարարումը ուժի մեջ է մտնում:

Ի հաստատումն վերոհիշյալի՝ ներքոստորագրյալները, լինելով պատշաճորեն լիազորված, ստորագրեցին սույն Կոնվենցիան:

Կատարված է Փարիզում 1957 թվականի դեկտեմբերի 13-ին՝ մեկ բնօրինակով. անգլերեն և ֆրանսերեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են, որոնք պետք է ի պահ տրվեն Եվրոպայի խորհրդի արխիվներին: Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը պետք է հաստատված պատճենները փոխանցի ստորագրած կառավարություններին:

 

* Կոնվենցիայի 26-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետությունը կատարում է հետևյալ վերապահումները և հայտարարությունները.

1) Կոնվենցիայի 1-ին հոդվածի առնչությամբ իրեն իրավունք է վերապահում մերժել հանձնումը հետևյալ դեպքերում.

ա) եթե հանձնման դեպքում հայցող պետության տարածքում հանձնման ենթակա անձը կենթարկվի քրեական պատասխանատվության արտակարգ դատարանի կողմից, կամ եթե հանձնման ենթակա անձի նկատմամբ ի կատար ածվելիք դատավճիռը կայացվել է նման դատարանի կողմից.

բ) եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ հանձնման ենթակա անձի տարիքի կամ առողջական վիճակի հետևանքով հանձնումը կվատթարացնի այդ անձի առողջական վիճակը կամ կսպառնա նրա կյանքին.

գ) եթե հանձնման ենթակա անձին Հայաստանի Հանրապետության տարածքում տրված է քաղաքական ապաստան:

2) Կոնվենցիայի 2-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված դատավճիռն ի կատար ածելու նպատակով հանձնումը կիրականացնի այն դեպքում, եթե հանձնման ենթակա անձը դատապարտվել է ազատազրկման 6 ամսից ոչ պակաս ժամկետով կամ ավելի խիստ պատժով:

3) 16-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված ժամանակավոր կալանավորումը ամեն դեպքում դադարեցվելու է կալանավորման օրվանից ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում՝ հանձնման մասին հարցումը և 12-րդ հոդվածում նշված փաստաթղթերը չստանալու դեպքում:

Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է.

1) 3-րդ հոդված կապակցությամբ.

Քանի որ իր օրենքներով քաղաքական հանցագործությունների կամ քաղաքական հանցագործությունների հետ կապ ունեցող հանցագործությունների տեսակներ սահմանված չեն, ուստի այդպիսի հիմքերով հանձնման հարցում ստանալիս Հայաստանի Հանրապետությունը հանձնում կիրականացնի, երբ հարցման մեջ նշված հանցագործությունը այդպիսին է համարվում իր ընդհանուր քրեական օրենքով կամ Հայաստանի Հանրապետության համար գործող միջազգային պայմանագրերով:

2) 4-րդ հոդվածի կապակցությամբ.

Քանի որ Հայաստանի Հանրապետության օրենքներով զինվորական բոլոր հանցագործությունները սովորական քրեական օրենքներով են հանցագործություններ համարվում, ուստի այդ գործերով Պայմանավորվող կողմերի հանձնման վերաբերյալ հարցումները կբավարարի, եթե հայցող Պայմանավորվող կողմի օրենքներով տվյալ արարքը, որի առնչությամբ պահանջվում է համապատասխան անձի հանձնումը, նույնպես դասվում է սովորական քրեական հանցագործությունների շարքին:

3) 6-րդ հոդվածի կապակցությամբ.

1-ին կետի «ա» ենթակետից ելնելով՝ Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է, որ չի հանձնի իր քաղաքացուն:

2-րդ կետից ելնելով՝ Կոնվենցիայի իմաստով Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը որոշվում է հանձնման մասին որոշում ընդունելու պահին:

4) 23-րդ հոդվածի կապակցությամբ.

Հանձնման վերաբերյալ հարցումը և կից փաստաթղթերը պետք է ուղեկցվեն հայերեն կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական լեզուներից որևէ մեկի հաստատված թարգմանությամբ:

 

** Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2002 թվականի ապրիլի 25-ից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան