Գլխավոր տեղեկություն
Համար
N 1052-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.09.2004-03.11.2007)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.01.26/2(134) Հոդ.991
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.06.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.08.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
09.08.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.09.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
03.11.2007

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

9 օգոստոսի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հունիսի 2004 թվականի N 1052-Ն

 

ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԻՄԻԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 10-Ի N 742 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բույսերի պաշտպանության և բույսերի կարանտինի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի «դ» կետին համապատասխան, ինչպես նաև ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1930-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի 20-րդ ու 63-րդ կետերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել բույսերի պաշտպանության քիմիական միջոցների փորձաքննության անցկացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 10-ի «Բույսերի պաշտպանության միջոցների ներկրման և արտահանման մասին իրավաբանական և ֆիզիկական անձանց եզրակացություն տալու կարգը հաստատելու մասին» N 742 որոշմամբ հաստատված կարգի 8-րդ կետի վերջին պարբերությունը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. օգոստոսի 3
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
հունիսի 10-ի N 1052-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԻՄԻԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունից արտահանվող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում արտադրվող, պահպանվող և վաճառվող (այսուհետ` իրացվող) բույսերի պաշտպանության քիմիական միջոցների փորձաքննության գործընթացը:

2. Սույն կարգը չի տարածվում «Տարանցիկ փոխադրում» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող բույսերի պաշտպանության քիմիական միջոցների վրա:

 

II. ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

3. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

փորձաքննություն` բույսերի պաշտպանության քիմիական միջոցների խմբաքանակից վերցված նմուշների լաբորատոր փորձարկում` սահմանված չափորոշիչներին թունանյութերի ազդող նյութի և բաղադրության համապատասխանության որոշման նպատակով.

խմբաքանակ` ցանկացած քանակի նույնանման որակական հատկանիշներով համասեռ արտադրանք, որը նախատեսվում է միաժամանակյա ներմուծման և արտահանման համար կամ պահպանվում է նույն պահեստում.

կետային նմուշ` բույսերի պաշտպանության քիմիական միջոցների ոչ մեծ քանակություն, որը խմբաքանակից վերցվում է մեկ գործողության ընթացքում` միացյալ նմուշի ձևավորման համար.

միացյալ նմուշ` մի քանի կետային նմուշներից կազմված նմուշ.

միջին նմուշ` միացյալ նմուշի մաս` առանձնացված լաբորատոր փորձարկման համար:

 

III. ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԻՄԻԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԽՄԲԱՔԱՆԱԿԻՑ ՆՄՈՒՇԱՌՈՒՄԸ

 

4. Նմուշառումն իրականացվում է «Բույսերի պաշտպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` ծառայություն) կողմից:

5. Բույսերի պաշտպանության քիմիական միջոցների նմուշառում կատարվում է յուրաքանչյուր խմբաքանակից: Յուրաքանչյուր կետային նմուշ պետք է լինի 30 գրամից ոչ ավելի:

6. Նմուշառումը պետք է կատարվի ընտրանքային կարգով` խմբաքանակի տարբեր մասերից:

7. Խմբաքանակից փորձանմուշները վերցվում են հետևյալ չափաքանակներով`

 

Խմբաքանակի տարավորված
միավորի քանակը
(հատ)

Կետային նմուշառման քանակը
(հատ)

մինչև 50

3

51-150

5

151-400

8

401-800

12

801-1500

16

1501-3000

22

3001-5000

28

5000-ից ավելի

30

 

IV. ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԻՄԻԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

 

8. Ծառայությունը փորձաքննության է ենթարկում Հայաստանի Հանրապետությունում իրացվող` բույսերի պաշտպանության բոլոր քիմիական միջոցները:

9. Բույսերի պաշտպանության քիմիական միջոցների փորձաքննության մեթոդները մշակվում և հաստատվում են լիազորված պետական կառավարման մարմնի կողմից, իսկ փորձաքննության վարձի չափերը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ:

10. Խմբաքանակից վերցված կետային նմուշները ծառայության ներկայացուցիչների կողմից մանրակրկիտ զննվում են: Նմուշների համասեռության դեպքում բոլոր կետային նմուշները դատարկվում են մաքուր տարայի մեջ, կազմվում է միացյալ նմուշ, այնտեղից վերցվում միջին նմուշ և կատարվում լաբորատոր փորձարկում:

11. Ծառայությունը, փորձանմուշի փորձաքննության հիման վրա, բույսերի պաշտպանության քիմիական միջոցների մասին դրական եզրակացություն է տալիս միայն այն դեպքում, երբ փորձարկման արդյունքները համապատասխանում են որակի նկատմամբ ներկայացվող պահանջներին:

12. Բույսերի պաշտպանության քիմիական միջոցների փորձաքննության դրական արդյունքները հիմք են հանդիսանում դրանց մասին դրական եզրակացություն տալու համար: Փորձաքննության բացասական արդյունքի դեպքում տրվում է մերժման եզրակացություն:

13. Փորձաքննությունների ավարտից հետո մնացած կամ չօգտագործված փորձանմուշները վերադարձվում են ապրանքի սեփականատիրոջը կամ նրա լիազոր ներկայացուցիչներին` բացառությամբ այն դեպքերի, երբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված է տվյալ ապրանքի հսկիչ նմուշի` որոշակի ժամկետով պահպանումը փորձարկման լաբորատորիայում: Այս դեպքում ապրանքի սեփականատերը կամ նրա լիազոր ներկայացուցիչը կարող է հսկիչ նմուշը հետ վերցնել այդ ժամկետը լրանալուց հետո:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան