Գլխավոր տեղեկություն
Համար
N 1023-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.08.2004-03.03.2005)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.04.12/19(254) Հոդ.953
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.07.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.07.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
02.08.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.08.2004

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

2 օգոստոսի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հուլիսի 2004 թվականի N 1023-Ն

 

«ԹՈՒՖԵՆԿՅԱՆ ՀՈՍՊԻՏԱԼԻԹԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածների պահանջներին համապատասխան, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնաճյուղ «Դիլիջան» ժողովրդական ճարտարապետության արգելոց-թանգարանի շենքերի ու շինությունների ամրակայման, վերանորոգման, արգելոցի տարածքի բարեկարգման ու օգտագործման ներդրումային ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացված` 53567,1 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող շենքերից և շինություններից` 39560,9 հազ. դրամ արժեք ունեցող (1150 քառ. մետր մակերեսով) շենքերն ու շինությունները հետ վերցնել, 50 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով, իսկ արգելոցին կից գտնվող 6400,0 հազ. դրամ արժեք ունեցող Բադալովների կիսակառույց տունը` (370 քառ. մետր մակերեսով) սեփականության իրավունքով` իր կերպարին հարազատ (արտաքին տեսքը չխաթարելով) հյուրանոցային համալիր կառուցելու նպատակով հանձնել «Թուֆենկյան հոսպիտալիթի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարին` մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Թուֆենկյան հոսպիտալիթի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներդրումային ծրագրերին համապատասխան կնքել սույն որոշման 1-ին կետում նշված շենքերի ու շինությունների, արգելոց-թանգարանի և նրա տարածքի սահմանված պայմանակարգի (ռեժիմի) պահպանման ու դրանց նպատակային նշանակության օգտագործման մասին պայմանագիր:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) երկամսյա ժամկետում «Թուֆենկյան հոսպիտալիթի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել համապատասխան պայմանագիր` պետական սեփականություն հանդիսացող գույքի անհատույց օգտագործման և սեփականության իրավունքով հատկացման մասին` ապահովելով գույքային իրավունքների պետական գրանցումը.

բ) հետագայում, անհատույց օգտագործման իրավունքով հանձնված շենքերի և շինությունների օտարման հնարավորության դեպքում գնելու առաջնահերթության իրավունքը վերապահել «Թուֆենկյան հոսպիտալիթի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

4. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին` մեկամսյա ժամկետում ապահովել «Դիլիջան» ժողովրդական ճարտարապետության արգելոց-թանգարանի և Բադալովների կիսակառույց տան պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի` վարձակալության իրավունքով տրամադրումը «Թուֆենկյան հոսպիտալիթի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` հողի հարկի տարեկան դրույքաչափին հավասարեցված վարձավճարով:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. հուլիսի 23
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
հուլիսի 8-ի N 1023-Ն որոշման

 

ԴԻԼԻՋԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆԸ ԵՎ ՆՐԱՆ ՀԱՐՈՂ ՏԱՐԱԾՔԸ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան