Գլխավոր տեղեկություն
Տիպ
Կոնվենցիա
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.10.2002-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.02.27/11(951)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
26.11.1987
Ստորագրման ամսաթիվ
26.11.1987
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.10.2002

Ե Վ Ր Ո Պ Ա Կ Ա Ն   Կ Ո Ն Վ Ե Ն Ց Ի Ա

ԽՈՇՏԱՆԳՈՒՄՆԵՐԻ և ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՄ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱՍՏԱՑՆՈՂ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ԿԱՄ ՊԱՏԺԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ

Սույն Կոնվենցիան ստորագրած Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները,

հաշվի առնելով Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների պաշտպանության վերաբերյալ կոնվենցիայի դրույթները,

հիշեցնելով, որ, նշված կոնվենցիայի 3-րդ հոդվածին համապատասխան, «ոչ ոք չի կարող ենթարկվել խոշտանգումների կամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»,

նշելով, որ սույն Կոնվենցիայով նախատեսված մեխանիզմը կիրառվում է այն անձանց նկատմամբ, ովքեր հայտարարում են, որ իրենք հանդիսանում են 3-րդ հոդվածի խախտումից տուժածներ,

համոզված լինելով, որ ազատազրկված անձանց խոշտանգումներից կամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից կամ պատժից պաշտպանությունը կարող է ուժեղացվել կանխարգելիչ բնույթի՝ այցելությունների վրա հիմնված ոչ դատական միջոցներով,

 

համաձայնեցին հետևյալի շուրջ.

Գլուխ 1

 

Հ ո դ վ ա ծ  1

 

Խոշտանգումների կամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխման նպատակով ստեղծվում է Եվրոպական կոմիտե (այսուհետ՝ Կոմիտե): Կոմիտեն այցելությունների միջոցով ուսումնասիրում է ազատազրկված անձանց նկատմամբ վերաբերմունքը՝ անհրաժեշտության դեպքում խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից կամ պատժից նրանց պաշտպանությունն ուժեղացնելու նպատակով:

 

Հ ո դ վ ա ծ  2

 

Յուրաքանչյուր Կողմ, սույն Կոնվենցիային համապատասխան, իր իրավասության շրջանակներում թույլատրում է այցելություն ցանկացած վայր, որտեղ պահվում են պետական մարմնի կողմից ազատազրկված անձինք:

 

Հ ո դ վ ա ծ  3

 

Կոմիտեն և շահագրգիռ Կողմի իրավասու մարմինները սույն Կոնվենցիան կիրառելիս համագործակցում են միմյանց հետ:

 

 

Գլուխ 2

 

Հ ո դ վ ա ծ  4

 

1. Կոմիտեի անդամների թիվը հավասար է Կողմերի թվին:

2. Կոմիտեի անդամներն ընտրվում են բարոյական բարձր հատկանիշներ ունեցող, մարդու իրավունքների ասպարեզում իրենց իրազեկությամբ հայտնի կամ սույն Կոնվենցիայով ընդգրկվող բնագավառում մասնագիտական փորձ ունեցող անձանցից:

3. Արգելվում է միևնույն պետության քաղաքացի հանդիսացող երկու անձանց անդամությունը Կոմիտեին:

4. Կոմիտեի անդամները հանդես են գալիս իրենց անհատական ունակություններով: Նրանք անկախ և անկողմնակալ են և կարող են արդյունավետորեն իրագործել իրենց գործառույթները:

 

Հ ո դ վ ա ծ   5

 

1. Կոմիտեի անդամներն ընտրվում են Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի ձայների բացարձակ մեծամասնությամբ՝ Եվրոպայի խորհրդի Խորհրդատվական վեհաժողովի բյուրոյի կողմից կազմված ցուցակից: Խորհրդատվական վեհաժողովում յուրաքանչյուր Կողմի ազգային պատվիրակությունն առաջադրում է երեք թեկնածու, որոնցից առնվազն երկուսը հանդիսանում են իր քաղաքացիներ:

2. Նույն ընթացակարգը պահպանվում է առաջացող թափուր տեղերի համալրման դեպքում:

3. Կոմիտեի անդամներն ընտրվում են չորս տարի ժամկետով: Նրանք կարող են վերընտրվել միայն մեկ անգամ: Սակայն առաջին ընտրություններում ընտրված երեք անդամների լիազորությունների ժամկետը լրանում է երկու տարուց: Անդամները, որոնց լիազորությունների ժամկետը լրանում է առաջին երկամյա ժամկետն ավարտվելուն պես, վիճակահանությամբ որոշվում են Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի կողմից՝ առաջին ընտրությունների ավարտից անմիջապես հետո:

 

Հ ո դ վ ա ծ  6

 

1. Կոմիտեի նիստերը դռնփակ են: Քվորումը հավասար է Կոմիտեի անդամների մեծամասնությանը: Կոմիտեի որոշումներն ընդունվում են ներկա անդամների մեծամասնությամբ՝ 10-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթների համաձայն:

2. Կոմիտեն մշակում է սեփական ընթացակարգային կանոնները:

3. Կոմիտեի քարտուղարությունն ապահովվում է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի կողմից:

 

 

Գլուխ 3

 

Հ ո դ վ ա ծ  7

 

1. Կոմիտեն կազմակերպում է այցելություններ 2-րդ հոդվածում հիշատակված վայրեր: Բացի պարբերական այցելություններից, Կոմիտեն իրավունք ունի կազմակերպելու այնպիսի այցելություններ, ինչպիսիք անհրաժեշտ կգտնի՝ ելնելով կոնկրետ հանգամանքներից:

2. Որպես ընդհանուր կանոն՝ այցելություններն իրականացվում են Կոմիտեի ոչ պակաս, քան երկու անդամի կողմից: Կոմիտեն եթե անհրաժեշտ գտնի, կարող է օգտվել փորձագետների և թարգմանիչների ծառայություններից:

 

Հ ո դ վ ա ծ  8

 

1. Կոմիտեն շահագրգիռ Կողմի կառավարությանը ծանուցում է այցելություն կատարելու մտադրության մասին: Տեղյակ պահելուց հետո Կոմիտեն իրավասու է ցանկացած ժամանակ այցելել 2-րդ հոդվածով նախատեսված ցանկացած վայր:

2. Կողմը, Կոմիտեի խնդիրներն իրականացնելու նպատակով, ապահովում է.

ա) մուտք իր տարածք և առանց սահմանափակման տեղաշարժվելու իրավունք,

բ) լիարժեք տեղեկատվություն ազատազրկված անձանց պահելու վայրերի մասին,

գ) մուտք ցանկացած վայր առանց սահմանափակումների, որտեղ պահվում են ազատազրկված անձինք, ներառյալ այդպիսի վայրերի ներսում առանց սահմանափակման տեղաշարժվելու իրավունքը,

դ) Կողմին մատչելի այլ տեղեկություն, որը Կոմիտեին անհրաժեշտ է իր խնդիրներն իրականացնելու համար: Այդպիսի տեղեկության որոնման ընթացքում Կոմիտեն պահպանում է ազգային օրենսդրության նորմերը և մասնագիտական էթիկայի կանոնները:

3. Կոմիտեն իրավունք ունի ազատազրկված անձանց հետ զրուցել մեկուսի:

4. Կոմիտեն իրավասու է ազատորեն հաղորդակցվել ցանկացած անձի հետ, ով, Կոմիտեի ենթադրությամբ, կարող է տրամադրել համապատասխան տեղեկություն:

5. Անհրաժեշտության դեպքում Կոմիտեն կարող է շահագրգիռ Կողմի իրավասու մարմիններին անհապաղ տեղեկացնել իր դիտողությունների մասին:

 

Հ ո դ վ ա ծ  9

 

1. Բացառիկ հանգամանքներում շահագրգիռ Կողմի իրավասու մարմինները կարող են Կոմիտեին վերջինիս կողմից այցելության համար մատնանշված կոնկրետ ժամանակի և կոնկրետ վայրի վերաբերյալ առարկություններ ներկայացնել: Նման առարկություններ կարող են ներկայացվել՝ ելնելով միայն ազգային պաշտպանության, հասարակական անվտանգության նկատառումներից՝ ազատազրկման վայրերում լուրջ անկարգություններ, անձի բժշկական վիճակի կամ ծանր հանցագործություն կատարելու կապակցությամբ անհետաձգելի հարցաքննություն կատարելու դեպքերում:

2. Նման առարկության դեպքում Կոմիտեն և Կողմն անմիջապես սկսում են խորհրդակցությունները՝ իրադրությունը շտկելու և Կոմիտեի կողմից իր պարտավորություններն իրականացնելու ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ համաձայնություն ձեռք բերելու համար: Այդ միջոցառումները կարող են ներառել որևէ անձի այլ վայր փոխադրելը, ում Կոմիտեն մտադիր է այցելել: Քանի դեռ այցելությունը չի կայացել, Կողմը պարտավոր է Կոմիտեին տեղեկություններ տրամադրել Կոմիտեին հետաքրքրող ցանկացած անձի մասին:

 

Հ ո դ վ ա ծ  10

 

1. Յուրաքանչյուր այցելությունից հետո Կոմիտեն զեկուցագիր է կազմում այցելության ընթացքում ի հայտ բերած փաստերի վերաբերյալ՝ հաշվի առնելով բոլոր դիտողությունները, որոնք Կոմիտեին կարող էր տրամադրած լինել շահագրգիռ Կողմը: Կոմիտեն վերջինիս ուղարկում է զեկուցագիր, որը ներառում է Կոմիտեի տեսանկյունից անհրաժեշտ բոլոր հանձնարարականները: Կոմիտեն կարող է խորհրդակցել Կողմի հետ՝ անհրաժեշտության դեպքում ազատազրկված անձանց պաշտպանությունը բարելավելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու մասին:

2. Եթե Կողմը խուսափում է համագործակցությունից կամ հրաժարվում է Կոմիտեի հանձնարարականների հիման վրա իրադրությունը շտկելուց, Կողմին իր դիրքորոշումը ներկայացնելու հնարավորություն ընձեռելուց հետո Կոմիտեն կարող է անդամների երկու երրորդի մեծամասնությամբ տվյալ հարցի վերաբերյալ հրապարակային հայտարարություն անելու որոշում կայացնել:

 

Հ ո դ վ ա ծ  11

 

1. Այցելության կապակցությամբ Կոմիտեի հավաքած տեղեկությունը, զեկուցագիրը և շահագրգիռ Կողմի հետ նրա խորհրդակցությունները կրում են գաղտնի բնույթ:

2. Կոմիտեն կարող է շահագրգիռ Կողմի խնդրանքով ցանկացած ժամանակ հրապարակել իր զեկուցագիրը՝ շահագրգիռ կողմի ցանկացած մեկնաբանությամբ հանդերձ:

3. Այնուամենայնիվ, անհատական բնույթի տվյալները չպետք է հրապարակվեն առանց շահագրգիռ անձի հստակ համաձայնության:

 

Հ ո դ վ ա ծ 12

 

11-րդ հոդվածով սահմանված գաղտնիության կանոնների համաձայն՝ Կոմիտեն յուրաքանչյուր տարի Նախարարների կոմիտեին ներկայացնում է իր գործունեության ընդհանուր հաշվետվություն, որը հանձնվում է Խորհրդատվական վեհաժողովին և հրապարակվում է:

 

Հ ո դ վ ա ծ 13

 

Կոմիտեի անդամները, փորձագետները և Կոմիտեին աջակցող այլ անձինք պարտավոր են ինչպես իրենց աշխատելու ժամանակամիջոցում, այնպես էլ դրանից հետո գաղտնի պահել իրենց պարտականությունների կատարման կապակցությամբ իրենց հայտնի դարձած փաստերը և տեղեկությունները:

 

Հ ո դ վ ա ծ 14

 

1. Կոմիտեին աջակցող անձանց անունները պետք է նշված լինեն 8-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան Կոմիտեի կողմից ուղարկվող ծանուցագրում:

2. Փորձագետները գործում են Կոմիտեի ցուցումներին համապատասխան և լիազորված են վերջինիս կողմից: Նրանք պետք է սույն Կոնվենցիայով ընդգրկվող բնագավառներում հատուկ գիտելիքներ և փորձ ունենան, պետք է լինեն նույնքան անկախ, անկողմնակալ և ընդունակ՝ արդյունավետորեն կատարելու իրենց գործառույթները, ինչպես Կոմիտեի անդամները:

3. Որպես բացառություն՝ Կողմը կարող է հայտարարել, որ փորձագետին կամ Կոմիտեին աջակցող այլ անձի չի թույլատրվում մասնակցել իր իրավասության շրջանակներում գտնվող համապատասխան վայր այցելությանը:

 

 

Գլուխ 4

 

Հ ո դ վ ա ծ 15

 

Յուրաքանչյուր Կողմ Կոմիտեին հայտնում է այն մարմնի անվանումը և հասցեն, ում իրավասության շրջանակներում գտնվում է կառավարության անունով ստացված ծանուցագրերի ընդունումը, ինչպես նաև՝ այն փոխգործակցող պաշտոնատար անձի անունը, ով կարող է նշանակվել վերջինիս կողմից:

 

Հ ո դ վ ա ծ 16

 

Կոմիտեն, նրա անդամները և 7-րդ հոդվածի 2-րդ կետում հիշատակված փորձագետներն օգտվում են սույն Կոնվենցիայի հավելվածով նախատեսված արտոնություններից և անձեռնմխելիությունից:

 

Հ ո դ վ ա ծ 17

 

1. Սույն Կոնվենցիան չի խախտում ներպետական օրենսդրության դրույթները կամ միջազգային համաձայնագրերը, որոնք առավել լայն պաշտպանություն են ապահովում ազատազրկված անձանց համար:

2. Սույն Կոնվենցիայում ոչինչ չի կարող մեկնաբանվել որպես Մարդու իրավունքների մասին եվրոպական կոնվենցիայի մարմինների իրավասության կամ սույն Կոնվենցիայով Կողմերի ստանձնած պարտավորությունների սահմանափակում կամ նվազեցում:

3. Կոմիտեն չի այցելում այն վայրերը, ուր պարբերաբար և արդյունավետորեն այցելում են հովանավոր տերությունների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները կամ պատվիրակությունները՝ 1949 թվականի օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիայի և 1977 թվականի հունիսի 8-ի Լրացուցիչ արձանագրությունների հիման վրա:

 

 

Գլուխ 5

 

Հ ո դ վ ա ծ  18

 

Սույն Կոնվենցիան բաց է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների ստորագրման համար: Այն ենթակա է վավերացման, ընդունման կամ հավանության: Վավերագիրը, ընդունման կամ հավանություն տալու մասին փաստաթղթերն ի պահ են տրվում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին:

 

Հ ո դ վ ա ծ 19

 

1. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում Եվրոպայի խորհրդի անդամ յոթ պետությունների՝ սույն Կոնվենցիայով նախատեսված պարտավորությունները ստանձնելուն համաձայնություն տալու օրից եռամսյա ժամկետին հաջորդող ամսվա հաջորդ օրը՝ 18-րդ հոդվածի դրույթներին համապատասխան:

2. Կոնվենցիայով նախատեսված պարտավորությունները ստանձնած անդամ պետության համար Կոնվենցիան ուժի մեջ է մտնում վավերագիրը կամ ընդունման կամ հավանություն տալու մասին փաստաթուղթն ի պահ տալու օրից եռամսյա ժամկետին հաջորդող ամսվա հաջորդ օրը:

 

Հ ո դ վ ա ծ  20

 

1. Յուրաքանչյուր պետություն իրավասու է ստորագրման կամ վավերագիրը կամ ընդունման կամ հավանություն տալու մասին փաստաթուղթն ի պահ տալու ժամանակ որոշել այն տարածքը կամ տարածքները, որոնց նկատմամբ կիրառվում է սույն Կոնվենցիան:

2. Յուրաքանչյուր պետություն իրավասու է ցանկացած ժամանակ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին հասցեագրված հայտարարությամբ սույն Կոնվենցիայի գործողությունը տարածել հայտարարությունում նշված ցանկացած տարածքի վրա: Այդ տարածքի նկատմամբ Կոնվենցիան ուժի մեջ է մտնում այդ հայտարարությունը գլխավոր քարտուղարի ստանալու օրից եռամսյա ժամկետը լրանալուց հետո:

3. Նախորդ երկու կետերին համապատասխան կազմված հայտարարությունը կարող է հետ վերցվել հայտարարությունում նշված ցանկացած տարածքի նկատմամբ՝ գլխավոր քարտուղարին ծանուցագիր ուղարկելու միջոցով: Հետ վերցնելն ուժի մեջ է մտնում այդ ծանուցագիրը գլխավոր քարտուղարի ստանալու օրից եռամսյա ժամկետը լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը:

 

Հ ո դ վ ա ծ  21

 

Սույն Կոնվենցիայի դրույթների նկատմամբ ոչ մի վերապահում չի թույլատրվում:

 

Հ ո դ վ ա ծ  22

 

1. Յուրաքանչյուր Կողմ կարող է ցանկացած ժամանակ դադարեցնել սույն Կոնվենցիան՝ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին ծանուցագիր ուղարկելու միջոցով:

2. Նման դադարեցումն ուժի մեջ է մտնում այդ ծանուցագիրը գլխավոր քարտուղարի ստանալու օրից տասներկուամսյա ժամկետը լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը:

 

Հ ո դ վ ա ծ  23

 

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին տեղեկացնում է.

ա) յուրաքանչյուր ստորագրման մասին,

բ) յուրաքանչյուր վավերագիր, ընդունման կամ հավանություն տալու մասին փաստաթուղթ ի պահ տալու մասին,

գ) Կոնվենցիան 19-րդ և 20-րդ հոդվածներին համապատասխան ուժի մեջ մտնելու յուրաքանչյուր ամսաթվի մասին,

դ) սույն Կոնվենցիային առնչվող յուրաքանչյուր այլ գործողության, ծանուցման կամ հաղորդման մասին՝ բացառությամբ 8-րդ և 10-րդ հոդվածներին համապատասխան կատարվող գործողությունների:

Ի հավաստումն վերոհիշյալի՝ ներքոստորագրյալները, պատշաճ կերպով լիազորված լինելով, ստորագրեցին սույն Կոնվենցիան:

Կատարված է Ստրասբուրգում 1987 թվականի նոյեմբերի 26-ին՝ մեկ օրինակով, անգլերեն և ֆրանսերեն լեզուներով, ընդ որում, երկու տեքստերը հավասարապես վավերական են, որոնք ի պահ կտրվեն Եվրոպայի խորհրդի արխիվներին: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը Եվրոպայի խորհրդի յուրաքանչյուր անդամ պետության կուղարկի վավերացված պատճենները:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

 

Արտոնություններ և անձեռնմխելիություն

 

(Հոդված 16)

 

1. Սույն հավելվածի նպատակներից ելնելով՝ Կոմիտեի անդամների վերաբերյալ հղումները տարածվում են 7-րդ հոդվածի 2-րդ կետում հիշատակվող փորձագետների վրա:

2. Կոմիտեի անդամներն իրենց պարտավորությունների կատարման ժամանակ և իրենց պարտավորությունների կատարման կապակցությամբ կատարվող ուղևորությունների ընթացքում օգտվում են հետևյալ արտոնություններից և անձեռնմխելիությունից.

ա) անձեռնմխելիություն կալանավորումից կամ ձերբակալումից և անձնական բեռի վրա կալանք դնելուց, ինչպես նաև, պաշտոնեական կարգավիճակում նրանց կողմից ասված կամ գրված խոսքերի և արված գործողությունների առնչությամբ, անձեռնմխելիություն ցանկացած իրավական գործընթացից,

բ) նրանց վրա չի տարածվում իրենց բնակության երկիր մուտք գործելու և երկրից դուրս գալու ազատ տեղաշարժի որևէ սահմանափակում, նաև՝ այն երկիր մուտք գործելու և երկրից դուրս գալու որևէ սահմանափակում, որտեղ նրանք կատարում են իրենց պարտականությունները, կամ այն երկրում, որտեղով նրանք անցնում են իրենց պարտականությունների կատարման կապակցությամբ, որպես օտարերկրացի հաշվառելու որևէ սահմանափակում:

3. Պարտականությունների կատարման կապակցությամբ կատարվող ուղևորությունների ընթացքում Կոմիտեի անդամներին մաքսային և արտարժութային հսկողության ոլորտում տրամադրվում են հետևյալ արտոնությունները.

ա) իրենց կառավարության կողմից՝ նույնպիսի պայմաններ, որոնք տրամադրվում են ժամանակավոր պաշտոնեական պարտականություն կատարելու կապակցությամբ արտասահման մեկնող բարձրաստիճան պաշտոնատար անձանց,

բ) այլ Կողմերի կառավարությունների կողմից՝ նույնպիսի պայմաններ, որոնք տրամադրվում են օտարերկրյա կառավարությունների ներկայացուցիչներին՝ ժամանակավոր պաշտոնեական պարտականություններ կատարելու ընթացքում:

4. Պաշտոնեական և աշխատանքային փաստաթղթերը, այնքանով, որքանով դրանք վերաբերում են Կոմիտեի գործերին, անձեռնմխելի են:

Պաշտոնական թղթակցությունը և պաշտոնական այլ հաղորդակցությունները չեն կարող ուշացվել կամ ենթարկվել գրաքննության:

5. Կոմիտեի անդամներին խոսքի լրիվ ազատություն և իրենց պարտականությունների կատարման ընթացքում լրիվ անկախություն ապահովելու նպատակով, պաշտոնեական դրությունից ելնելով, նրանց կողմից ասված կամ գրված խոսքերի և արված գործողությունների նկատմամբ ցանկացած իրավական գործընթացի առնչությամբ անձեռնմխելիությունը պահպանվում է՝ անկախ այդ անձանց կողմից պարտականությունների կատարումը դադարեցնելու հանգամանքից:

6. Արտոնությունները և անձեռնմխելիությունը Կոմիտեի անդամներին տրամադրվում են ոչ թե նրանց անձնական շահի, այլ պարտականությունների անկախ կատարման նպատակով: Միայն Կոմիտեն է իրավասու իր անդամներին զրկել անձեռնմխելիությունից. Կոմիտեն ոչ միայն իրավունք ունի, այլև պարտավոր է անձեռնմխելիությունից զրկել անդամին, եթե, իր կարծիքով, անձեռնմխելիությունը խոչընդոտում է արդարադատության իրականացմանը, և եթե զրկումը վնաս չի պատճառում այն նպատակներին, որոնց իրականացման համար անձեռնմխելիությունը տրամադրվում է:

 

* Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2002 թվականի հոկտեմբերի 10-ից: