Գլխավոր տեղեկություն
Համար
N 1481-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.11.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.11.10/62(361) Հոդ.1278
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.11.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.11.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
04.11.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.11.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
4 նոյեմբերի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 նոյեմբերի 2004 թվականի N 1481-Ա

 

ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լիազորել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին բանակցել և Հայաստանի Հանրապետության անունից ստորագրել հաշտության համաձայնություն «Հելենիք Թելեքոմունիքեյշնզ Օրգանիզեյշն» (OTE) ընկերության և «ԱրմենԹել» ՀՁ» փակ բաժնետիրական ընկերության հետ:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` հաշտության բանակցությունները վարել և հաշտության համաձայնությունն ստորագրել սույն որոշման հավելվածում նշված դրույթների շրջանակներում (կցվում է):

3. Սույն որոշման 1-ին կետն ուժը կորցնում է 2004 թվականի նոյեմբերի 14-ին:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. նոյեմբերի 3
Երևան


 

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
նոյեմբերի 3-ի N 1481-Ա որոշման


ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ

 

«ԱրմենԹել» ՀՁ» փակ բաժնետիրական ընկերությունը և ՕՏԵ-ն համաձայնում են թիվ 60 լիցենզիայի լրացված և վերահաստատված տարբերակին:

Հայաստանի Հանրապետության կառավարությունն ուժը կորցրած կճանաչի 2004 թվականի փետրվարի 19-ի N 364-Ն որոշումը:

Լիցենզիան պետք է կցվի հաշտության համաձայնագրին, սակայն չպետք է դիտվի դրա մասը:

«ԱրմենԹել» ՀՁ» փակ բաժնետիրական ընկերությունը և ՕՏԵ-ն համաձայնում են, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը շնորհի երկրորդ GSM օպերատորի լիցենզիա, պայմանով, որ երրորդ լիցենզիան չի կարող շնորհվել ոչ շուտ, քան մինչև 2009 թվականի հունվարի 1-ը:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է ապահովի, որպեսզի երկրորդ GSM օպերատորի լիցենզիայի դրույթները համապատասխանեն թիվ 60 լիցենզիայի դրույթներին:

«ԱրմենԹել» ՀՁ» փակ բաժնետիրական ընկերությունը կունենա 60 օր, որպեսզի ստուգի լիցենզիայի անգլերեն և հայերեն տարբերակների համապատասխանությունը և առաջարկություններ ներկայացնի Հայաստանի Հանրապետության կառավարություն թարգմանության հստակեցումների վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է առավելագույն ջանքեր գործադրի, որպեսզի «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում չներառվեն դրույթներ, որոնք կսահմանափակեն թիվ 60 լիցենզիայով սահմանած «ԱրմենԹել» ՀՁ» փակ բաժնետիրական ընկերության իրավունքները: Հայաստանի Հանրապետության կառավարությունն առանց «ԱրմենԹել» ՀՁ» փակ բաժնետիրական ընկերության համաձայնության չի փոփոխի թիվ 60 լիցենզիան կամ չի սահմանափակի «ԱրմենԹել» ՀՁ» փակ բաժնետիրական ընկերության իրավունքները: Այդ պայմանի խախտման դեպքում «ԱրմենԹել» ՀՁ» փակ բաժնետիրական ընկերությունն իրավունք կունենա դիմելու արբիտրաժ` վնասների փոխհատուցման պահանջով: Այս դրույթը չի տարածվում կարգավորիչի կողմից լիցենզիայով նախատեսված կարգավորման գործընթացի ժամանակ ընդունած որոշումների վրա:

«ԱրմենԹել» ՀՁ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի վաճառքի դեպքում գործելու են «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի սահմանափակումները:

20% կամ ավելի բաժնետոմսերի վաճառքի դեպքում ՕՏԵ-ն պարտավոր է ստանալ կարգավորիչի համաձայնությունը: Վերջինս կարող է չհամաձայնել գործարքին, եթե, գործելով խելամտորեն, համարի, որ դրանով կարող են վտանգվել ազգային անվտանգության շահերը: Կարգավորիչի այդ որոշումը չպետք է ենթակա լինի արբիտրաժին:

Լիցենզիան ընդունելու պահից բաժնետոմսերի վաճառքի պայմանագիրը պետք է համարվի ուժը կորցրած (այդ թվում` նաև ներդրման գումարային պարտավորությունը):

Լիցենզիան ընդունելու պահից առկա արբիտրաժային վարույթները պետք է դադարեցվեն:

Բոլոր առկա վեճերը կողմերի միջև պետք է համարվեն դադարած և կողմերը նախկին իրադարձությունների հետ կապված որևէ հայց կամ պահանջ չեն ներկայացնի իրար: Այս դրույթը չպետք է տարածվի հարկային, մաքսային և քրեական պահանջների վրա:

Կողմերից ոչ մեկը չի ընդունում, որ մեղավոր է իրեն մեղսագրվող արարքների մեջ:

Հաշտության համաձայնագիրը ենթակա է արբիտրաժին:

Հայաստանի Հանրապետության կառավարությունն ստորագրում է պայմանագիրն իր առևտրային կարողությունների ներքո, այլ ոչ թե ինքնիշխան պետության անունից:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը համաձայնում է բանակցել «ԱրմենԹել» ՀՁ» փակ բաժնետիրական ընկերության հետ հեռահաղորդակցության ծառայություններից օգտվելու դիմաց չվճարված գումարների խնդիրը լուծելու համար: Այս դրույթը չպետք է լինի ենթակա արբիտրաժին:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան