Գլխավոր տեղեկություն
Տիպ
Կոնվենցիա
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.12.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2004.12.20/5(13)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
27.10.2005
Ստորագրման ամսաթիվ
27.10.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.12.2012

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

 

ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱ

 

Նախաբան

 

Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները` սույն փաստաթուղթն ստորագրողները,

 

հաշվի առնելով, որ Եվրոպայի խորհրդի նպատակներից մեկն է հասնել իր անդամների միջև առավել միասնականության` իդեալներն ու սկզբունքները պահպանելու և խթանելու նպատակով, հիմնվելով համընդհանուր ժառանգություն հանդիսացող` մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի, ժողովրդավարության և օրենքի գերակայության վրա,

 

ընդունելով մշակութային ժառանգության ընդլայնված և միջառարկայական հայեցակարգի կենտրոնում մարդկանց և մարդկային արժեքները տեղակայելու անհրաժեշտությունը,

 

ընդգծելով մշակութային ժառանգության նշանակությունը և ներուժը խելամիտ օգտագործման դեպքում` իբրև կայուն զարգացման և կյանքի որակի բարելավման միջոց հաստատուն զարգացող հասարակության մեջ,

 

ընդունելով, որ յուրաքանչյուր անձ իրավունք ունի իր ընտրությամբ զբաղվելու մշակութային ժառանգությամբ` միաժամանակ հարգելով մյուսների իրավունքներն ու ազատությունը` որպես Միավորված ազգերի` մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում (1848) ամրագրված և Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային համաձայնագրով երաշխավորվող մշակութային կյանքին ազատորեն մասնակցելու իրավունքի մաս,

 

համոզված լինելով հասարակության յուրաքանչյուր անդամի` մշակութային ժառանգության սահմանման և կառավարման ընթացիկ գործընթացներին ներգրավվելու անհրաժեշտության մեջ,

 

համոզված լինելով ժառանգության քաղաքականության այն սկզբունքների և կրթական այն նախաձեռնությունների հիմնավորվածության մեջ, որոնք անկողմնակալ կերպով են վերաբերում մշակութային բոլոր ժառանգություններին և դրանով իսկ խթանում են մշակույթների և կրոնների միջև երկխոսությունը,

 

հղում անելով Եվրոպայի խորհրդի տարբեր փաստաթղթերին, մասնավորապես` Եվրոպական մշակութային կոնվենցիային (1954 թ.), Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պահպանման կոնվենցիային (1985 թ.), Հնագիտական ժառանգության պահպանման եվրոպական կոնվենցիային (1992 թ., փոփոխված) և Լանդշաֆտի մասին եվրոպական կոնվենցիային (2000 թ.),

 

համոզված լինելով համաեվրոպական դաշտի ստեղծման կարևորության մեջ` այդ սկզբունքների իրագործման ծավալվող գործընթացում համագործակցության համար,

 

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Բաժին I. Նպատակներ, սահմանումներ և սկզբունքներ

 

Հոդված 1. Կոնվենցիայի նպատակները

 

Սույն Կոնվենցիայի Կողմերը համաձայնում են.

ա) ընդունել, որ մշակութային ժառանգությանն առնչվող իրավունքները կազմում են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով սահմանված մշակութային կյանքին մասնակցելու իրավունքի անքակտելի մաս,

բ) ընդունել մշակութային ժառանգության նկատմամբ անհատական և հավաքական պատասխանատվությունը,

գ) ընդգծել, որ մշակութային ժառանգության պահպանումը և դրա կայուն օգտագործումը նպատակաուղղված են մարդկային զարգացմանը և կյանքի որակի բարձրացմանը,

դ) ձեռնարկել անհրաժեշտ քայլեր` կիրառելու համար սույն Կոնվենցիայի այն դրույթները, որոնք վերաբերում են`

- մշակութային ժառանգության դերին խաղաղ և ժողովրդավարական հասարակություն կառուցելու գործում և կայուն զարգացման ու մշակութային բազմազանության խթանման գործընթացներում,

- հանրային, ինստիտուցիոնալ և մասնավոր ոլորտներից ներգրավված գործիչների միջև իրավասությունների համատեղ հաջող փոխներգործությանը:

 

Հոդված 2. Սահմանումներ

 

Սույն Կոնվենցիայի նպատակների համար`

ա) մշակութային ժառանգությունն անցյալից ժառանգված ռեսուրսների խումբ է, որը, սեփականության իրավունքից անկախ, մարդիկ սահմանում են իբրև իրենց մշտապես զարգացող արժեքների, համոզմունքների, գիտելիքների և ավանդույթների արտացոլում և դրանց արտահայտություն: Այն ներառում է շրջակա միջավայրի բոլոր կողմերը, որոնք ժամանակի ընթացքում մարդկանց և վայրերի փոխներգործության արդյունք են:

բ) Ժառանգությունը կրող համայնքը բաղկացած է այն մարդկանցից, որոնք արժևորում են մշակութային ժառանգության` իրենց նախընտրած առանձնահատուկ կողմերը` հանրային գործունեության շրջանակներում պահպանելու և ապագա սերունդներին փոխանցելու նպատակով:

 

Հոդված 3. Եվրոպայի համընդհանուր ժառանգությունը

 

Կողմերը համաձայնում են խթանել Եվրոպայի համընդհանուր ժառանգության ընկալումը, որն ընդգրկում է.

ա) Եվրոպայում մշակութային ժառանգության բոլոր ձևերը, որոնք միասին կազմում են հիշողությունների, հասկացությունների, ինքնության, համախմբվածության և ստեղծագործության համատեղ աղբյուր, և

բ) առաջընթացի և նախկին հակամարտությունների արդյունքում ձեռք բերված փորձից բխող գաղափարները, սկզբունքներն ու արժեքները, որոնք խթանում են մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի, ժողովրդավարության և օրենքի գերակայության վրա հիմնված` խաղաղ և կայուն հասարակության զարգացումը:

 

Հոդված 4. Մշակութային ժառանգությանն առնչվող իրավունքներն ու պատասխանատվությունը

 

Կողմերն ընդունում են, որ.

ա) յուրաքանչյուր ոք` անհատապես կամ հավաքական ձևով, իրավունք ունի օգտվելու մշակութային ժառանգությունից և նպաստելու դրա հարստացմանը,

բ) յուրաքանչյուր ոք` անհատապես կամ հավաքական ձևով, պարտավոր է հարգելու այլոց մշակութային ժառանգությունը, ինչպես իր սեփականը, և, հետևաբար, Եվրոպայի համընդհանուր ժառանգությունը,

գ) մշակութային ժառանգության նկատմամբ իրավունքի իրականացումը կարող է ենթակա լինել միայն այնպիսի սահմանափակումների, որոնք ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտ են հանրային շահի և այլոց իրավունքների ու ազատությունների պաշտպանության համար:

 

Հոդված 5. Մշակութային ժառանգության օրենքները և քաղաքականությունը

 

Կողմերը պարտավորվում են.

ա) ընդունել հանրային շահագրգռվածությունը մշակութային ժառանգության տարրերի առնչությամբ` հասարակության համար դրանց կարևորությանը համապատասխան,

բ) ամրապնդել մշակութային ժառանգության կարևորությունը դրա ճանաչման, ուսումնասիրման, մեկնաբանման, պաշտպանության, պահպանման և ներկայացման միջոցով,

գ) յուրաքանչյուր Կողմի առանձնահատուկ համատեքստում ապահովել մշակութային ժառանգության նկատմամբ իրավունքի իրականացման համար օրենսդրական դրույթների առկայությունը, ինչպես սահմանված է 4-րդ հոդվածում,

դ) խթանել տնտեսական և սոցիալական այն մթնոլորտը, որն օժանդակում է մշակութային ժառանգության գործընթացներին մասնակցությանը,

ե) նպաստել մշակութային ժառանգության պաշտպանությանը` որպես կայուն զարգացման մշակութային բազմազանության և ժամանակակից ստեղծագործության նպատակներին փոխադարձաբար օժանդակող հիմնական գործոնի,

զ) ճանաչել իրենց ընդդատության ներքո գտնվող տարածքներում տեղակայված մշակութային ժառանգության կարևորությունը` անկախ դրա ծագումից,

է) ձևակերպել համընդգրկուն ռազմավարություն` Կոնվենցիայի դրույթների իրականացումը դյուրացնելու համար:

 

Հոդված 6. Կոնվենցիայի գործողության արդյունքները

 

Սույն Կոնվենցիայի ոչ մի դրույթ չպետք է մեկնաբանվի այնպես, որ`

ա) սահմանափակի կամ վտանգի մարդու այն իրավունքներն ու հիմնարար ազատությունները, որոնք կարող են պաշտպանվել միջազգային փաստաթղթերով, մասնավորապես` Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայով,

բ) ազգի մշակութային ժառանգության և շրջակա միջավայրի վերաբերյալ առավել նպաստավոր դրույթների վրա, որոնք ընդգրկված են այլ ազգային և միջազգային իրավական փաստաթղթերում,

գ) ստեղծի օրենքով հարկադրաբար կիրառելի իրավունքներ:

 

Բաժին II. Մշակութային ժառանգության ներդրումը հասարակության և մարդկային զարգացման գործում

 

Հոդված 7. Մշակութային ժառանգություն և երկխոսություն

 

Կողմերը պարտավորվում են պետական իշխանությունների և իրավասու այլ մարմինների միջոցով`

ա) խրախուսել անդրադարձը մշակութային ժառանգության ներկայացման էթիկային և մեթոդներին, ինչպես նաև հարգանքը մեկնաբանությունների բազմազանության նկատմամբ,

բ) սահմանել հաշտեցման գործընթացներ` անկողմնակալ գործելու համար այնպիսի իրադրություններում, երբ հակասող արժեքները ներդրվել են մշակութային միևնույն ժառանգության կազմում տարբեր համայնքների կողմից,

գ) զարգացնել մշակութային ժառանգության իմացությունը` որպես խաղաղ գոյակցության դյուրացման միջոց, խթանելով վստահությունը և փոխըմբռնումը` հակամարտությունների լուծման և կանխարգելման նպատակով,

դ) ներառել այս մոտեցումները ցկյանս կրթության և ուսուցման բոլոր կողմերում:

 

Հոդված 8. Շրջակա միջավայր, ժառանգություն և կյանքի որակ

 

Կողմերը պարտավորվում են օգտագործել մշակութային միջավայրի ժառանգությանն առնչվող բոլոր կողմերը`

ա) հարստացնելու համար տնտեսական, քաղաքական, սոցիալական և մշակութային զարգացման գործընթացները և հողօգտագործման պլանավորումը` դիմելով մշակութային ժառանգության վրա ազդեցության գնահատումների օգնությանը և անհրաժեշտության դեպքում ընդունելով մեղմացնող ռազմավարություն,

բ) խթանելու համար մշակութային, կենսաբանական, աշխարհագրական և լանդշաֆտային բազմազանությանը վերաբերող քաղաքականության նկատմամբ համընդգրկուն մոտեցումը` այդ տարրերի միջև հավասարակշռության հասնելու նպատակով,

գ) ուժեղացնելու համար սոցիալական համախմբվածությունը` խրախուսելով մարդկանց ընդհանուր պատասխանատվության զգացումը այն վայրերի նկատմամբ, որտեղ մարդիկ ապրում են,

դ) խթանելու համար շրջակա միջավայրում ժամանակակից հավելումների որակի խնդիրը` առանց վտանգելու դրա մշակութային արժեքները:

 

Հոդված 9. Մշակութային ժառանգության կայուն օգտագործումը

 

Մշակութային ժառանգությունը պահպանելու նպատակով Կողմերը պարտավորվում են.

ա) խթանել մշակութային ժառանգության ամբողջականության նկատմամբ հարգանքը` ապահովելով, որ փոփոխությունների մասին որոշումները ներառեն ներգրավված մշակութային արժեքների ընկալումը,

բ) սահմանել և խթանել կայուն կառավարման համար սկզբունքներ և խրախուսել դրանց պահպանումը,

գ) ապահովել, որ գլխավոր տեխնիկական կարգավորումները հաշվի առնեն մշակութային ժառանգության առանձնահատուկ պահպանության պահանջները,

դ) խթանել ավանդույթի վրա հիմնված նյութերի, տեխնիկայի և հմտությունների կիրառումը և ուսումնասիրել դրանց ներուժը արդի կիրառումների համար,

ե) խթանել բարձրորակ աշխատանքը մասնագիտական որակավորումների և անհատների, առևտրային գործունեության և հաստատությունների հավատարմագրման համակարգերի միջոցով:

 

Հոդված 10. Մշակութային ժառանգություն և տնտեսական գործունեություն

 

Իբրև տնտեսական կայուն զարգացման գործոն` մշակութային ժառանգության ներուժի առավելագույն օգտագործման համար Կողմերը պարտավորվում են.

ա) բարձրացնել իրազեկությունը և օգտագործել մշակութային ժառանգության տնտեսական ներուժը,

բ) հաշվի առնել մշակութային ժառանգության առանձնահատուկ բնույթն ու շահերը տնտեսական քաղաքականություններ մշակելիս, և

գ) աջակցել, որ այդ քաղաքականությունները պահպանեն մշակութային ժառանգության ամբողջականությունը` առանց վտանգելու դրան ներհատուկ արժեքները:

 

Բաժին III. Մշակութային ժառանգության նկատմամբ ընդհանուր պատասխանատվություն և հանրային մասնակցություն

 

Հոդված 11. Մշակութային ժառանգության նկատմամբ հանրության պարտավորությունների կազմակերպումը

 

Մշակութային ժառանգության կառավարման գործում Կողմերը պարտավորվում են.

ա) խթանել համընդգրկուն և լավ տեղեկացված մոտեցումը պետական իշխանությունների միջոցով բոլոր հատվածներում և բոլոր մակարդակներում,

բ) զարգացնել իրավական, ֆինանսական և մասնագիտական դաշտերը, որոնք համատեղ գործունեություն են իրականացնում պետական իշխանությունների, փորձագետների, սեփականատերերի, ներդրողների, առևտրային գործունեության, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության միջոցով,

գ) մշակել նորարարական ուղիներ պետական իշխանությունների` այլ գործիչների հետ համագործակցության համար,

դ) հարգել և խրախուսել կամավորական նախաձեռնությունները, որոնք լրացնում են պետական իշխանությունների պարտավորությունները,

ե) խրախուսել հանրության շահերին ուղղված` ժառանգության պահպանության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպություններին:

 

Հոդված 12. Մշակութային ժառանգության հասանելիությունը և ժողովրդավարական մասնակցությունը

 

Կողմերը պարտավորվում են.

ա/ խրախուսել յուրաքանչյուրի մասնակցությունը`

- մշակութային ժառանգության ճանաչման, ուսումնասիրման, մեկնաբանման, պաշտպանության, պահպանման և ներկայացման գործընթացներին,

- մշակութային ժառանգության ընձեռած հնարավորությունների և մարտահրավերների վերաբերյալ հանրային անդրադարձներին և քննարկումներին,

բ) հաշվի առնել ժառանգություն կրող յուրաքանչյուր համայնքի կողմից մշակութային ժառանգությանը վերագրված արժեքը,

գ) ճանաչել կամավորական կազմակերպությունների դերը և՛ որպես մշակութային ժառանգության քաղաքականությունների ներքո միջոցառումների գործընկերների, և՛ իբրև դրանց կառուցողական քննադատների,

դ) քայլեր ձեռնարկել ժառանգության հասանելիությունը բարելավելու համար, հատկապես` երիտասարդների և խոցելի խմբերի շրջանում, դրա կարևորության, այն պահպանելու ու պաշտպանելու անհրաժեշտության և դրանցից բխող հնարավոր օգուտների վերաբերյալ իրազեկությունը բարձրացնելու նպատակով:

 

Հոդված 13. Մշակութային ժառանգություն և գիտելիքներ

 

Կողմերը պարտավորվում են.

ա) դյուրացնել մշակութային ժառանգության ոլորտի ընդգրկումը կրթական բոլոր մակարդակներում, ոչ անհրաժեշտաբար իբրև առանձին առարկա գոյության իրավունքով, այլ որպես արգասաբեր աղբյուր այլ առարկաների ուսումնասիրության համար,

բ) սերտացնել կապը մշակութային ժառանգության ուսուցման և մասնագիտական դասընթացների միջև,

գ) խրախուսել մշակութային ժառանգության, ժառանգությունը կրող համայնքների, շրջակա միջավայրի միջառարկայական հետազոտությունները և դրանց ներքին փոխհարաբերությունները,

դ) խրախուսել շարունակական մասնագիտական ուսումը և գիտելիքների ու հմտությունների փոխանակումը կրթական համակարգի ներսում և դրանից դուրս:

 

Հոդված 14. Մշակութային ժառանգություն և տեղեկատվական հասարակություն

 

Կողմերը պարտավորվում են զարգացնել թվային տեխնոլոգիաների օգտագործումը մշակութային ժառանգության հասանելիությունը և դրանից բխող օգուտն ընդլայնելու համար.

ա) խրախուսելով այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են բովանդակության որակին և փորձում են ապահովել լեզուների ու մշակույթների բազմազանությունը տեղեկատվական հասարակության շրջանում,

բ) աջակցելով մշակութային ժառանգության ուսումնասիրման, պահպանության, ընդլայնման և անվտանգության համար միջազգայնորեն համապատասխանեցված չափորոշիչներին` միաժամանակ պայքարելով մշակութային սեփականության ոլորտում առկա ապօրինի թրաֆիկինգի դեմ,

գ) ձգտելով հասնել մշակութային ժառանգությանն առնչվող տեղեկությունների հասանելիության խոչընդոտների հաղթահարմանը, մասնավորապես` կրթական նպատակներով, միաժամանակ պաշտպանելով մտավոր սեփականության իրավունքները,

դ) ընդունելով, որ ժառանգության հետ կապված թվայնացված բովանդակությունները չպետք է ազդեն գոյություն ունեցող ժառանգության պահպանման վրա:

 

Բաժին IV. Մոնիտորինգ և համագործակցություն

 

Հոդված 15. Կողմերի պարտավորությունները

 

Կողմերը պարտավորվում են.

ա) Եվրոպայի խորհրդի միջոցով մշակել մշակութային ժառանգությանն առնչվող օրենսդրությունը, քաղաքականություններն ու գործելակերպը վերահսկող մոնիտորինգի գործառույթ` սույն Կոնվենցիայով սահմանված սկզբունքներին համապատասխան,

բ) պահպանել, մշակել և ներդնել տվյալներ հանրության համար հասանելի ընդհանուր տեղեկատվական համակարգում, որը դյուրացնում է յուրաքանչյուր Կողմի` սույն Կոնվենցիայով ստանձնած հանձնառությունների գնահատումը:

 

Հոդված 16. Մոնիտորինգի մեխանիզմները

 

ա) Նախարարների կոմիտեն, Եվրոպայի խորհրդի կանոնադրության 17-րդ հոդվածին համապատասխան, Կոնվենցիայի կիրառումը վերահսկելու նպատակով կնշանակի համապատասխան կոմիտե կամ կնշի արդեն գոյություն ունեցող որևէ կոմիտեի, որը կլիազորվի կանոններ սահմանել աշխատանքների վարման համար,

բ) նշանակված կոմիտեն`

- կսահմանի անհրաժեշտ ընթացակարգային կանոնները,

- կկառավարի 15-րդ հոդվածում նշված ընդհանուր տեղեկատվական համակարգը` պատկերացում կազմելով այն միջոցների մասին, որոնցով կատարվում է սույն Կոնվենցիայով ստանձնած յուրաքանչյուր պարտավորություն,

- մեկ կամ ավելի Կողմերի դիմումի հիման վրա կտրամադրի Կոնվենցիայի մեկնաբանության հետ կապված ցանկացած հարցի վերաբերյալ խորհրդատվական եզրակացություն` հաշվի առնելով Եվրոպայի խորհրդի իրավական բոլոր փաստաթղթերը,

- մեկ կամ ավել Կողմերի նախաձեռնությամբ կիրականացնի Կոնվենցիայի իրականացման որոշ ասպեկտների գնահատում,

- կխթանի սույն Կոնվենցիայի անդրսեկտորային կիրառումը` համագործակցելով այլ կոմիտեների հետ և մասնակցելով Եվրոպայի խորհրդի այլ նախաձեռնություններին,

- կզեկուցի Նախարարների կոմիտեին իր գործունեության մասին:

Կոմիտեի աշխատանքներում կարող են ներգրավվել փորձագետներ և դիտորդներ:

 

Հոդված 17. Հետևողական գործունեությանն ուղղված համագործակցություն

 

Կողմերը պարտավորվում են համագործակցել միմյանց հետ նաև Եվրոպայի խորհրդի միջոցով` հետևելով Կոնվենցիայի նպատակներին ու սկզբունքներին և հատկապես խթանելով Եվրոպայի համընդհանուր ժառանգության ճանաչումը`

ա) ներդնելով մոնիտորինգի գործընթացի արդյունքում հայտնաբերված առաջնայնություններին ուղղված համագործակցային ռազմավարություններ,

բ) խթանելով բազմակողմ և անդրսահմանային միջոցառումները և մշակելով ցանցեր տարածաշրջանային համագործակցության համար` այդ ռազմավարություններն իրականացնելու նպատակով,

գ) փոխանակելով, զարգացնելով, համակարգելով դրական փորձը և ապահովելով դրա տարածումը,

դ) տեղեկացնելով հանրությանը սույն Կոնվենցիայի նպատակների և իրականացման մասին:

Յուրաքանչյուր Կողմ փոխադարձ համաձայնության հիման վրա կարող է կնքել ֆինանսական գործարքներ` միջազգային գործունեությունը դյուրացնելու նպատակով:

 

Բաժին V. Եզրափակիչ դրույթներ

 

Հոդված 18. Ստորագրելը և ուժի մեջ մտնելը

 

ա) Սույն Կոնվենցիան ստորագրման համար բաց է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների համար:

բ) Այն ենթակա է վավերացման, ընդունման կամ հաստատման: Վավերացման, ընդունման կամ հաստատման փաստաթղթերն ի պահ են հանձնվում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին:

գ) Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում այն օրվան հաջորդող երեք ամիս ժամանակահատվածը լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը, երբ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները հայտնում են Կոնվենցիայով պարտավորություններ ստանձնելու իրենց համաձայնությունը` նախորդ պարբերության դրույթներին համապատասխան:

դ) Ցանկացած ստորագրող պետության համար, որը պարտավորություններ ստանձնելու իր համաձայնությունը կարտահայտի հետագայում, սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում վավերացման, ընդունման կամ հաստատման փաստաթուղթն ի պահ հանձնելուց հետո երեք ամիս ժամանակահատվածը լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը:

 

Հոդված 19. Միանալը

 

ա) Սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հետո Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն կարող է Եվրոպայի խորհրդի և Եվրոպական համայնքի անդամ չհանդիսացող ցանկացած պետության հրավիրել միանալու Կոնվենցիային մեծամասնությամբ ընդունված որոշման հիման վրա, Եվրոպայի խորհրդի կանոնադրության 20-րդ հոդվածի դ ենթակետով սահմանված կարգով և Նախարարների կոմիտեի նիստերին մասնակցելու իրավունք ունեցող Պայմանավորվող պետությունների ներկայացուցիչների միաձայն քվեարկությամբ:

բ) Միացող ցանկացած պետության կամ Եվրոպական համայնքի համար, եթե վերջինս միանում է, սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում միանալու մասին փաստաթուղթը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին ի պահ հանձնելու օրվանից հետո երեք ամիս ժամանակահատվածը լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը:

 

Հոդված 20. Տարածքային կիրառումը

 

ա) Ցանկացած պետություն ստորագրման պահին կամ վավերացման, ընդունման, հաստատման և միանալու մասին իր փաստաթուղթն ի պահ հանձնելիս կարող է նշել այն տարածքը կամ տարածքները, որոնց նկատմամբ կկիրառվի սույն Կոնվենցիան:

բ) Ավելի ուշ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին ուղղված հայտարարության միջոցով ցանկացած պետություն կարող է սույն Կոնվենցիայի կիրառումը տարածել հայտարարության մեջ նշված ցանկացած այլ տարածքի նկատմամբ: Նման տարածքների նկատմամբ Կոնվենցիան ուժի մեջ է մտնում այդ հայտարարությունը Գլխավոր քարտուղարի ստանալու օրվանից հետո երեք ամիս ժամանակահատվածը լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը:

գ) Նախորդ երկու պարբերություններին համապատասխան արված ցանկացած հայտարարություն` դրանում նշված ցանկացած տարածքի առնչությամբ, կարելի է հետ վերցվել` այդ մասին ծանուցելով Գլխավոր քարտուղարին: Հետ վերցվելն ուժի մեջ է մտնում այդ ծանուցումը Գլխավոր քարտուղարի ստանալու օրվանից հետո վեց ամիս ժամանակահատվածը լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը:

 

Հոդված 21. Չեղյալ հայտարարելը

 

ա) Ցանկացած Կողմ ցանկացած ժամանակ կարող է չեղյալ հայտարարել Կոնվենցիան` այդ մասին ծանուցելով Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին:

բ) Չեղյալ հայտարարելն ուժի մեջ է մտնում այդ ծանուցումը Գլխավոր քարտուղարի ստանալու օրվանից հետո վեց ամիս ժամանակահատվածը լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը:

 

Հոդված 22. Փոփոխություններ կամ լրացումներ

 

ա) Ցանկացած Կողմ և 16-րդ հոդվածում նշված կոմիտեն կարող են փոփոխություններ կամ լրացումներ առաջարկել սույն Կոնվենցիայում:

բ) Փոփոխությունների կամ լրացումների ցանկացած առաջարկի մասին պետք է ծանուցվի Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը, որը պետք է այն հաղորդի Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին, մյուս Կողմերին և անդամ չհանդիսացող ցանկացած պետության և Եվրոպական համայնքին, որոնք հրավիրվել են միանալու սույն Կոնվենցիային`19-րդ հոդվածի դրույթներին համապատասխան:

գ) Կոմիտեն պետք է քննարկի առաջարկվող ցանկացած փոփոխություն կամ լրացում և Կողմերի ներկայացուցիչների երեք քառորդ մեծամասնությամբ ընդունված տեքստը ներկայացնի Նախարարների կոմիտեին` ընդունելու համար: Եվրոպայի խորհրդի Կանոնադրության 20-րդ հոդվածում նախատեսված ձայների մեծամասնությամբ Նախարարների կոմիտեի կողմից ընդունվելուց հետո և Նախարարների կոմիտեի նիստին ներկա լինելու իրավունք ունեցող անդամ պետությունների միաձայն քվեարկությունից հետո տեքստը պետք է ներկայացվի Կողմերին` ընդունելու համար:

դ) Ցանկացած փոփոխություն կամ լրացում դրանք ընդունող Կողմերի համար ուժի մեջ է մտնում Եվրոպայի խորհրդի տասը անդամ պետությունների կողմից ընդունվելու մասին Գլխավոր քարտուղարին տեղեկացնելուց հետո երեք ամիս ժամանակահատվածը լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը:

Այն Կողմի նկատմամբ, որն այդ փոփոխությունը կամ լրացումը կընդունի հետագայում, դրանք ուժի մեջ կմտնեն տվյալ Կողմի ընդունելու մասին Գլխավոր քարտուղարին տեղեկացնելուց հետո երեք ամիս ժամանակահատվածը լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը:

 

Հոդված 23. Ծանուցումներ

 

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին, ինչպես նաև ցանկացած պետության, որը միացել կամ հրավիրվել է` միանալու սույն Կոնվենցիային, և Եվրոպական համայնքին, որը միացել կամ հրավիրվել է` միանալու, պետք է տեղեկացնի.

ա) ցանկացած ստորագրման մասին,

բ) վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին ցանկացած փաստաթուղթ ի պահ հանձնելու մասին,

գ) 18-րդ, 19-րդ և 20-րդ հոդվածների դրույթներին համապատասխան` սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելու ամսաթվերի մասին,

դ) 22-րդ հոդվածի դրույթներին համապատասխան` սույն Կոնվենցիայում առաջարկվող ցանկացած փոփոխության կամ լրացման, ինչպես նաև դրանց ուժի մեջ մտնելու մասին,

ե) սույն Կոնվենցիային առնչվող ցանկացած այլ ակտի, հայտարարության, ծանուցման կամ հաղորդակցության մասին:

 

Ի վկայումն որի` ներքոստորագրյալները, լինելով պատշաճ կերպով լիազորված, ստորագրեցին սույն Կոնվենցիան:

 

Կատարված է Ֆարոյում 2005 թվականի հոկտեմբերի 27-ին, անգլերեն և ֆրանսերեն, ընդ որում` երկու տեքստերն էլ հավասարազոր են, մեկ բնօրինակով, որն ի պահ է հանձնվում Եվրոպայի խորհրդի արխիվներում: Եվրոպայիխորհրդի գլխավոր քարտուղարը հաստատված պատճեններն ուղարկում է Եվրոպայի խորհրդի յուրաքանչյուր անդամի, ցանկացած այլ պետության և Եվրոպական համայնքին, որոնք հրավիրվել են` միանալու դրան:

 

Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2012 թ. դեկտեմբերի 1-ին