Կ Ո Ն Վ Ե Ն Ց Ի Ա
ՄԵԾ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ ՕԴԻ ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՂՏՈՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Սույն Կոնվենցիայի Կողմերը,
պատրաստակամ լինելով նպաստելու շրջակա միջավայրի պահպանության բնագավառում փոխադարձ կապերի և համագործակցության ամրապնդմանը,
գիտակցելով Միավորված ազգերի կազմակերպության Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործունեության նշանակությունը այդպիսի կապերի և համագործակցության ամրապնդման գործում, մասնավորապես` օդի աղտոտման դեմ պայքարի ոլորտում, ներառյալ օդի աղտոտիչների տեղափոխումը մեծ տարածությունների վրա,
ճանաչելով Եվրոպական տնտեսական հանձնաժողովի ներդրումը Եվրոպայում անվտանգության և համագործակցության խորհրդաժողովի Եզրափակիչ ակտի համապատասխան դրույթների համակողմանի իրագործման մեջ,
նկատի առնելով Եվրոպայում անվտանգության և համագործակցության խորհրդաժողովի Եզրափակիչ ակտի շրջակա միջավայրին առնչվող գլուխների դրույթները, որտեղ կոչ է արվում համագործակցել օդի աղտոտման և դրա հետևանքների դեմ պայքարի ոլորտում, ներառյալ օդի աղտոտիչների տեղափոխումը մեծ տարածությունների վրա, ինչպես նաև մշակել, միջազգային համագործակցության միջոցով, մեծ տարածությունների վրա օդի աղտոտիչների տեղափոխման մոնիտորինգի և գնահատման լայնածավալ ծրագիր` սկսած ծծմբի երկօքսիդից, հետագայում այլ աղտոտիչների հնարավոր ընդգրկումով,
նկատի առնելով մարդու՝ միջավայրի հիմնախնդիրներին նվիրված Միավորված ազգերի կազմակերպության խորհրդաժողովի Հռչակագրի համապատասխան դրույթները և, մասնավորապես, 21-րդ սկզբունքը, որտեղ արտահայտված է այն ընդհանուր համոզմունքը, որ Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրությանը և միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան պետություններն ինքնիշխան իրավունք ունեն շահագործելու սեփական պաշարները` շրջակա միջավայրի ոլորտում իրենց կողմից վարվող քաղաքականությանը համապատասխան և ապահովում են, որ իրենց իրավազորության կամ հսկողության սահմաններում իրականացվող գործունեությունն իրենց ազգային իրավազորությունից դուրս գտնվող պետությունների կամ տարածքների շրջակա միջավայրին վնաս չպատճառի,
գիտակցելով օդի աղտոտման, այդ թվում` օդի անդրսահմանային աղտոտման հնարավոր բացասական հետևանքների առաջացման հավանականությունը` ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ առումով,
անհանգստացած լինելով այն առնչությամբ, որ, կանխատեսումների համաձայն, օդի աղտոտիչների արտանետումների մակարդակի ակնկալվող բարձրացումը տարածաշրջանում կարող է սաստկացնել այդ բացասական հետևանքների ազդեցությունը,
գիտակցելով մեծ տարածությունների վրա օդի աղտոտիչների տեղափոխման հետևանքների ուսումնասիրման և հատկանշված հիմնախնդիրների համար լուծումներ փնտրելու անհրաժեշտությունը,
հաստատելով իրենց պատրաստակամությունը հզորացնել ակտիվ միջազգային համագործակցությունը համապատասխան ազգային միջոցառումների ծրագրի մշակման նպատակով և տեղեկատվության փոխանակման, խորհրդակցությունների անցկացման, գիտահետազոտական գործունեության և մոնիտորինգի միջոցով համադրել օդի աղտոտման դեմ ուղղված միջոցառումների իրականացումն ազգային մակարդակի վրա` ներառյալ մեծ տարածությունների վրա օդի անդրսահմանային աղտոտումը,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
Սահմանումներ
Սույն Կոնվենցիայի իմաստով.
ա/ «օդի աղտոտում» նշանակում է մարդու կողմից ուղղակիորեն կամ անուղղակիորեն օդային միջավայր նյութերի կամ էներգիայի արտանետումը, որն առաջացնում է վնասակար հետևանքներ` վտանգում է մարդկանց առողջությունը, վնասներ է պատճառում կենդանի պաշարներին, էկոհամակարգերին և նյութական արժեքներին, ինչպես նաև բնապատկերի առանձնահատկություններին և խանգարում է շրջակա միջավայրի շահագործման օրինական այլ եղանակներին. «օդի աղտոտիչներ» արտահայտությունը սահմանվում է համապատասխան կերպով,
բ/ «մեծ տարածությունների վրա օդի անդրսահմանային աղտոտում» նշանակում է օդի այնպիսի աղտոտում, որի ֆիզիկական աղբյուրը ամբողջությամբ կամ մասնակիորեն գտնվում է մեկ պետության իրավազորության ներքո գտնվող տարածքի սահմաններում և որի բացասական ազդեցությունը արտահայտվում է մեկ այլ պետության իրավազորության ներքո գտնվող տարածքում` այնպիսի տարածության վրա, որ, ընդհանուր առմամբ, անհնար է որոշել արտանետումների առանձին աղբյուրների կամ աղբյուրների խմբերի բաժնեմասը:
Հոդված 2
Հիմնարար դրույթներ
Պայմանավորվող կողմերը, պատշաճ կերպով նկատի առնելով համապատասխան փաստերն ու հիմնախնդիրները, իրենց պատրաստակամությունն են հայտնում պաշտպանել մարդուն և իրեն շրջապատող միջավայրը օդի աղտոտումից և ձգտում են որքան հնարավոր է սահմանափակել և կանխել օդի աղտոտումը, այդ թվում` մեծ տարածության վրա օդի անդրսահմանային աղտոտումը:
Հոդված 3
Սույն Կոնվենցիայի շրջանակներում Պայմանավորվող կողմերը տեղեկատվության փոխանակման, խորհրդակցությունների անցկացման, գիտահետազոտական գործունեության և մոնիտորինգի միջոցով, հնարավորինս սեղմ ժամկետներում, մշակում են օդի աղտոտիչների արտանետումների դեմ պայքարի քաղաքականություն և ռազմավարություն` հաշվի առնելով ազգային և միջազգային մակարդակների վրա արդեն գործադրվող ջանքերը:
Հոդված 4
Պայմանավորվող կողմերը կատարում են տեղեկատվության փոխանակում և մշտապես նորացնում են բացասական հետևանքներ առաջացնող օդի աղտոտիչների արտանետումների դեմ ուղղված իրենց քաղաքականությունը, գիտական գործունեությունը և տեխնիկական միջոցները, դրանով իսկ նպաստելով օդի աղտոտման, այդ թվում` մեծ տարածությունների վրա օդի անդրսահմանային աղտոտման նվազեցմանը:
Հոդված 5
Անհրաժեշտության դեպքում, վաղ շրջանում կազմակերպվում են խորհրդակցություններ` մեծ տարածությունների վրա օդի անդրսահմանային աղտոտման անբարենպաստ հետևանքների ազդեցությանը կամ այդպիսի աղտոտման առաջացման զգալի ռիսկի ենթարկված Պայմանավորվող կողմերի և այն Պայմանավորվող կողմերի միջև, որոնց սահմաններում կամ որոնց իրավազորության ներքո նրանց կողմից իրականացվող գործունեության արդյունքում առաջանում է կամ կարող է առաջանալ մեծ տարածությունների վրա օդի անդրսահմանային աղտոտման զգալի մասը:
Հոդված 6
Օդի որակի կառավարում
Նկատի առնելով 2-ից 5-րդ հոդվածների դրույթները, անցկացվող հետազոտությունները, տեղեկատվության փոխանակումը, մոնիտորինգը և դրանց արդյունքները, օդի աղտոտման, մասնավորապես` նոր կամ վերակառուցված ձեռնարկությունների գործունեության արդյունքում առաջացող օդի աղտոտման դեմ պայքարի մեջ կիրառվող տեղային և այլ միջոցների արժեքը և արդյունավետությունը, յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պարտավորվում է մշակել լավագույն քաղաքականությունը և ռազմավարությունը` ներառյալ օդի որակի կառավարման համակարգերը և, որպես դրանց անքակտելի մաս, օդի աղտոտման դեմ պայքարի այն միջոցները, որոնք համատեղելի են հավասարակշռված զարգացման հետ` մասնավորապես առկա լավագույն և տնտեսապես արդարացված, ինչպես նաև սակավամնացորդ կամ անմնացորդ տեխնոլոգիաների կիրառման միջոցով:
Հոդված 7
Հետազոտություններ և զարգացում
Պայմանավորվող կողմերը, իրենց կարիքներից ելնելով, ձեռնամուխ կլինեն հետևյալ ոլորտներում հետազոտությունների և/կամ մշակումների իրականացմանը և կհամագործակցեն դրանց իրականացման շրջանակներում.
ա/ ծծմբի միացումների և օդի այլ հիմնական աղտոտիչների արտանետումների նվազեցման առկա և առաջարկվող տեխնոլոգիան` ներառյալ տեխնիկական և տնտեսական հիմնավորումները և հետևանքները շրջակա միջավայրի համար,
բ/ մթնոլորտում օդի աղտոտիչների արտանետումների մակարդակի և խտության մոնիտորինգի ու չափման սարքեր և այլ միջոցներ,
գ/ մեծ տարածությունների վրա օդի աղտոտիչների անդրսահմանային տեղափոխման երևույթի բարելավված ըմբռնման համար նախատեսված կատարելագործված մոդելներ,
դ/ ծծմբի միացումների և օդի այլ հիմնական աղտոտիչների ազդեցությունը մարդկանց առողջության և շրջակա միջավայրի, այդ թվում` գյուղատնտեսության, անտառտնտեսության, նյութերի, ջրային և բնական այլ էկոհամակարգերի և տեսանելիության վրա` նպատակ ունենալով գիտական հիմնավորում ստեղծել չափ/արդյունք հարաբերակցությունների համար շրջակա միջավայրի պահպանության նպատակով,
ե/ շրջակա միջավայրի պահպանության ոլորտում առաջադրված նպատակների իրականացման համար նախատեսված այլընտրանքային միջոցների տնտեսական, սոցիալական և էկոլոգիական գնահատում` ներառյալ մեծ տարածությունների վրա օդի անդրսահմանային աղտոտման նվազեցումը,
զ/ ծծմբի միացումներով և օդի այլ հիմնական աղտոտիչներով աղտոտման էկոլոգիական ասպեկտների հետ կապված կադրերի ուսուցման և վերապատրաստման ծրագրեր:
Հոդված 8
Տեղեկատվության փոխանակում
Պայմանավորվող կողմերը, 10-րդ հոդվածում նշված գործադիր մարմնի լիազորությունների շրջանակներում և երկկողմ հիմունքներով, ելնելով ընդհանուր շահերից, իրականացնում են տեղեկատվության փոխանակում հետևյալ ուղղություններով.
ա/ ըստ որոշակի ժամանակահատվածների սահմանված չափի, տարածքային հատվածներից որոշակի աղտոտիչների արտանետման վերաբերյալ տվյալներ` սկսած ծծմբի երկօքսիդից, կամ էլ` ազգային սահմանները հատող օդի որոշակի աղտոտիչների` սկսած ծծմբի երկօքսիդից, հոսքերի վերաբերյալ տվյալներ` ըստ որոշակի ժամանակահատվածների,
բ/ ազգային քաղաքականության և ընդհանուր արդյունաբերական զարգացման ուղու մեջ տեղի ունեցած փոփոխությունները և դրանց պոտենցիալ հետևանքները, որոնք կարող են զգալիորեն ազդել մեծ տարածությունների վրա օդի անդրսահմանային աղտոտման վրա,
գ/ տեխնիկական միջոցներ և տեխնոլոգիաներ, որոնք կարող են օգտագործվել մեծ տարածությունների վրա օդի անդրսահմանային աղտոտման արդյունքում առաջացող օդի աղտոտման նվազեցման համար,
դ/ ազգային մասշտաբներով ծծմբի միացումների և օդի այլ հիմնական աղտոտիչների արտանետումների դեմ պայքարի համար ծախսերի նախահաշիվները,
ե/ տեղափոխման ընթացքում տեղի ունեցող գործընթացների հետ կապված օդերևութաբանական և ֆիզիկաքիմիական տվյալներ,
զ/ մեծ տարածությունների վրա օդի անդրսահմանային աղտոտման հետևանքներին առնչվող ֆիզիկաքիմիական և կենսաբանական տվյալներ և այն վնասների աստիճանը, որը, այդ տվյալների համաձայն, կարող է պատճառվել մեծ տարածությունների վրա օդի անդրսահմանային աղտոտման արդյունքում,
է/ ազգային, միջտարածաշրջանային և տարածաշրջանային քաղաքականությունը և ռազմավարությունը ծծմբի միացումների և օդի այլ հիմնական աղտոտիչների արտանետումների դեմ պայքարի ոլորտում:
Հոդված 9
Եվրոպայում մեծ տարածությունների վրա օդի աղտոտիչների տարածման մոնիտորինգի և գնահատման համատեղ ծրագրի իրականացումը և հետագա զարգացումը
Պայմանավորվող կողմերը կարևորում են «Եվրոպայում մեծ տարածությունների վրա օդի աղտոտիչների տարածման մոնիտորինգի և գնահատման համատեղ ծրագրի» /այսուհետ` ԵՄԳԾ/ իրականացման անհրաժեշտությունը և այդ ծրագրի հետագա զարգացման առնչությամբ համաձայնում են շեշտել.
ա/ ԵՄԳԾ-ում Պայմանավորվող կողմերի ընդգրկվելու և այն լիարժեքորեն իրականացնելու նպատակահարմարությունը, ինչը սկզբնական շրջանում կայանում է ծծմբի երկօքսիդի և դրա հետ կապված այլ նյութերի մոնիտորինգի մեջ,
բ/ համատեղելի և ստանդարտացված մոնիտորինգային ընթացակարգերի կիրառման անհրաժեշտությունը, հնարավորության սահմաններում,
գ/ ինչպես ազգային, այնպես էլ միջազգային ծրագրերի համակարգի վրա մոնիտորինգային ծրագրի հիմնված լինելու նպատակահարմարությունը: Մոնիտորինգային կայանների ստեղծումը և տվյալների հավաքագրումն իրականացվում է այն պետությունների իրավազորության ներքո, որոնց տարածքում այդ կայանները տեղակայված են,
դ/ շրջակա միջավայրի մոնիտորինգի համատեղ ծրագրի այնպիսի մեխանիզմի մշակման անհրաժեշտությունը, որը հաշվի կառնի գործող և ապագա ազգային, ենթատարածաշրջանային, տարածաշրջանային և այլ միջազգային ծրագրերը և կգործի դրանց հիման վրա,
ե/ ըստ որոշակի ժամանակահատվածների սահմանված չափի տարածքային հատվածներից որոշակի աղտոտիչների արտանետման վերաբերյալ տվյալների` սկսած ծծմբի երկօքսիդից, կամ էլ` ազգային սահմանները հատող օդի որոշակի աղտոտիչների` սկսած ծծմբի երկօքսիդից, հոսքերի վերաբերյալ տվյալների` ըստ որոշակի ժամանակահատվածների, փոխանակման անհրաժեշտությունը: Կատարվում է հոսքերի հայտնաբերման համար կիրառվող մեթոդների և մոդելների, ինչպես նաև սահմանված չափի տարածքային հատվածներից որոշակի աղտոտիչների տեղափոխման վերահսկման մեթոդների և մոդելների վերաբերյալ տեղեկությունների փոխանակում` այդ մեթոդների և մոդելների կատարելագործման նպատակով,
զ/ ծծմբի երկօքսիդից սկսած, օդի որոշակի աղտոտիչների արտանետումների ընդհանուր ծավալների վերաբերյալ ազգային մակարդակի վրա հավաքագրված տվյալների փոխանակումը և այդ տվյալների պարբերական թարմացումը շարունակելու պատրաստակամությունը,
է/ տեղափոխման ընթացքում տեղի ունեցող գործընթացների հետ կապված օդերևութաբանական և ֆիզիկաքիմիական տվյալների տրամադրման անհրաժեշտությունը,
ը/ այլ միջավայրերում, ինչպիսիք են ջուրը, հողը և բուսականությունը, քիմիական բաղադրամասերի մոնիտորինգի անհրաժեշտությունը, ինչպես նաև մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա ազդեցության արձանագրման նպատակով համանման մոնիտորինգային ծրագրի անհրաժեշտությունը,
թ/ ԵՄԳԾ ազգային ցանցերի ընդլայնման նպատակահարմարությունը` հսկողության և դիտարկումների իրականացման համար այն ունակ դարձնելու նպատակով:
Հոդված 10
Գործադիր մարմին
1. Պայմանավորվող կողմերի ներկայացուցիչները, շրջակա միջավայրի հիմնախնդիրներով զբաղվող Եվրոպական տնտեսական հանձնաժողովի անդամ պետությունների Կառավարությունների ավագ խորհրդականների լիազորությունների շրջանակներում, կազմավորում են սույն Կոնվենցիայի Գործադիր մարմինը, որի ժողովները գումարվում են ոչ պակաս, քան տարին մեկ անգամ:
2. Գործադիր մարմինը.
ա/ վերահսկում է սույն Կոնվենցիայի դրույթների իրականացումը,
բ/ անհրաժեշտության դեպքում, սույն Կոնվենցիայի իրականացմանն ու զարգացմանն առնչվող հարցերի քննարկման նպատակով ստեղծում է աշխատանքային խմբեր, որոնք իրականացնում են համապատասխան հետազոտություններ, պատրաստում են փաստաթղթեր և Գործադիր մարմնի քննարկմանն են ներկայացնում առաջարկություններ,
գ/ իրականացնում է այնպիսի գործառույթներ, որոնք կարող են պահանջվել` ելնելով սույն Կոնվենցիայի դրույթներից:
3. Գործադիր մարմինը ԵՄԳԾ ղեկավար մարմինն օգտագործում է որպես սույն Կոնվենցիայի իրականացման մեխանիզմի անբաժանելի մաս, մասնավորապես` տվյալների հավաքագրման և գիտական համագործակցության ուղղություններում:
4. Իր պարտականությունների կատարման ընթացքում Գործադիր մարմինը նպատակահարմարության դեպքում օգտագործում է նաև այլ համապատասխան միջազգային կազմակերպություններից ստացված տեղեկատվությունը:
Հոդված 11
Քարտուղարություն
Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարը Գործադիր մարմնի համար կատարում է հետևյալ քարտուղարական պարտականությունները.
ա/ գումարում և նախապատրաստում է Գործադիր մարմնի ժողովները,
բ/ Պայմանավորվող կողմերին է փոխանցում սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան ստացված զեկույցները և այլ տեղեկատվությունը,
գ/ կատարում է Գործադիր մարմնի կողմից սահմանված գործառույթները:
Հոդված 12
Կոնվենցիայում փոփոխություններ կատարելը
1. Ցանկացած Պայմանավորվող կողմ կարող է առաջարկել փոփոխություններ կատարել սույն Կոնվենցիայում:
2. Առաջարկվող փոփոխությունների տեքստերը գրավոր տեսքով ներկայացվում են Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարին, որը դրանք փոխանցում է բոլոր Պայմանավորվող կողմերին: Գործադիր մարմինն առաջարկվող փոփոխությունները քննարկման է ենթարկում իր հաջորդ ամենամյա ժողովին` պայմանով, որ այդ փոփոխությունների տեքստերը Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարի կողմից Պայմանավորվող կողմերին են փոխանցվել դրանից առնվազն իննսուն օր առաջ:
3. Սույն Կոնվենցիայում կատարվող փոփոխությունն ընդունվում է Պայմանավորվող կողմերի ներկայացուցիչների համաձայնությամբ` վերջիններիս երկու երրորդի կողմից ընդունման վավերագրերն ավանդապահին ի պահ հանձնելու պահից իննսուներորդ օրը: Հետագայում ցանկացած այլ Պայմանավորվող կողմի համար այդ փոփոխությունն ուժի մեջ է մտնում իր կողմից տվյալ փոփոխությունն ընդունելու վավերագիրն ի պահ հանձնելու պահից իննսուներորդ օրը:
Հոդված 13
Վեճերի կարգավորում
Երկու կամ ավելի Պայմանավորվող կողմերի միջև սույն Կոնվենցիայի դրույթների մեկնաբանման կամ կիրառման հարցերի վերաբերյալ ծագած վեճերի դեպքում Կողմերը փնտրում են այդ վեճերը բանակցությունների կամ Կողմերի համար ընդունելի վեճերի կարգավորման ցանկացած այլ միջոցով կարգավորելու ուղիներ:
Հոդված 14
Ստորագրում
1. Սույն Կոնվենցիան բաց է ստորագրման համար Միավորված ազգերի կազմակերպության Ժնևի գրասենյակում 1979 թվականի նոյեմբերի 13-ից 16-ը` Եվրոպական տնտեսական հանձնաժողովի շրջանակներում շրջակա միջավայրի պահպանությանը նվիրված բարձր մակարդակի վրա անցկացվող ժողովի կապակցությամբ, Եվրոպական տնտեսական հանձնաժողովի անդամ պետությունների կողմից, Տնտեսական և սոցիալական խորհրդի 1947 թվականի մարտի 28-ի 36 (IV)-րդ որոշման 8-րդ կետին համապատասխան Եվրոպական տնտեսական հանձնաժողովում խորհրդակցական կարգավիճակ ունեցող պետությունների և տնտեսական ինտեգրացիայի տարածաշրջանային կազմակերպությունների կողմից, որոնք ստեղծվել են Եվրոպական տնտեսական հանձնաժողովի ինքնիշխան անդամ պետությունների կողմից և օժտված են սույն Կոնվենցիայի շրջանակներում ընդգրկված հարցերով բանակցություններ վարելու և միջազգային համաձայնագրեր կնքելու և կիրառելու լիազորություններով:
2. Իրենց իրավասությունների ներքո գտնվող հարցերում տնտեսական ինտեգրացիայի տարածաշրջանային կազմակերպություններն իրենց անունից օգտվում են այն իրավունքներից և կատարում են այն պարտականությունները, որոնք սույն Կոնվենցիայով սահմանված են դրանց անդամ պետություների համար: Նման դեպքերում այդ կազմակերպությունների անդամ պետությունները անհատական կարգով այդ իրավունքներից չեն օգտվում:
Հոդված 15
Վավերացում, ընդունում և միացում
1. Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման, ընդունման և հաստատման:
2. Սույն Կոնվենցիան բաց է միանալու համար 1979 թվականի նոյեմբերի 17-ից` 14-րդ հոդվածի 1-ին կետում նշված պետությունների և կազմակերպությունների կողմից:
3. Վավերագրերը, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթղթերն ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին, որն իրականացնում է ավանդապահի գործառույթները:
Հոդված 16
Ուժի մեջ մտնելը
1. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում քսանչորսերորդ վավերագիրը կամ ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելու պահից իննսուներորդ օրը:
2. Քսանչորսերորդ վավերագիրը կամ ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելուց հետո սույն Կոնվենցիան վավերացրած, ընդունած, հաստատած կամ դրան միացած Պայմանավորվող կողմի համար այն ուժի մեջ է մտնում այդ Կողմի վավերագիրը կամ ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելու պահից իննսուներորդ օրը:
Հոդված 17
Կոնվենցիայից դուրս գալը
Այս կամ այն Պայմանավորվող կողմի համար սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու պահից հինգ տարին լրանալուն պես, այդ Պայմանավորվող կողմը կարող է դուրս գալ Կոնվենցիայից` ավանդապահին այդ մասին գրավոր ծանուցագիր ուղարկելու միջոցով: Կոնվենցիայից դուրս գալն ուժի մեջ է մտնում ավանդապահի կողմից ծանուցագիրն ստանալու պահից իննսուներորդ օրը:
Հոդված 18
Հավասարազոր տեքստեր
Սույն Կոնվենցիայի բնօրինակը, որի անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն տեքստերը հավասարազոր են, ի պահ է հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին:
Ի հավաստումն որի՝ ներքոստորագրյալները, օժտված լինելով համապատասխան լիազորություններով, ստորագրեցին սույն Կոնվենցիան:
Կատարված է Ժնև քաղաքում, 1977 թվականի նոյեմբերի երեսունին:
* Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1997 թվականի մայիսի 22-ից:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|