Գլխավոր տեղեկություն
Համար
N 320-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.04.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.04.07/20(319) Հոդ.466
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.03.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.03.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
23.03.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.04.2004

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

23 մարտի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 մարտի 2004 թվականի N 320-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի N 130-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 73-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 22-ի «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման կանոնները, ջրամատակարարման և ջրահեռացման պայմանագրերի օրինակելի ձևերը, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերին միացման տեխնիկական պայմանների սահմանման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 13-ի N 149 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 130-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը`

ա) որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման կանոնների 23-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր` խմբագրությամբ.

«23. Բաժանորդին մատակարարված խմելու ջրի ծավալը հաշվարկվում է տեղադրված ջրաչափի ցուցմունքով, որի գրանցումները կարող են կատարվել ինչպես ջրամատակարարի կողմից՝ յուրաքանչյուր ամսվա 25-ից մինչև հաջորդող ամսվա 1-ը ընկած ժամանակահատվածը, այնպես էլ ջրամատակարարի և բաժանորդի միջև կնքված պայմանագրով նախատեսված կարգով, իսկ ջրաչափի բացակայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափաքանակներով: Ջրամատակարարի և բաժանորդի միջև կնքված պայմանագրով կարող է նախատեսվել, որ ջրաչափի ցուցմունքը կարող է վերցվել նաև բաժանորդի կողմից, որը պարտավոր է կատարել համապատասխան հաշվարկներ, ներկայանալ համապատասխան բանկ կամ փոստային բաժանմունք և կատարել համապատասխան վճարումներ: Ընդ որում, բաժանորդի կողմից հաշվարկված ծախսի կամ վճարված գումարի նկատմամբ կասկած առաջանալու դեպքում ջրամատակարարն իրավունք ունի ստուգելու նշված ծախսի և վճարված գումարի ճշտությունը: Նշված դեպքում բաժանորդը պարտավոր է վճարել տարբերությունը».

բ) որոշման 2-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ.

«ա) բազմաբնակարան շենքերի ջրամատակարարման ներքին ցանցերի մուտքագծերում՝ Երևան քաղաքում` մինչև 2004 թվականի հուլիսի 1-ը, իսկ Հայաստանի Հանրապետության մնացած մարզերում՝ մինչև 2005 թվականի հուլիսի 1-ը».

գ) որոշման 4-րդ կետի «ա» ենթակետում`

հանել «և բազմաբնակարան շենքի մուտքագծին ընդհանուր ջրաչափական սարքի տեղադրումը» բառերը,

«200 լիտր» բառերը փոխարինել «100 լիտր» բառերով,

«250 լիտր» բառերը փոխարինել «150 լիտր» բառերով».

դ) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 41-րդ կետով.

«41 Սահմանել, որ բազմաբնակարան շենքի ջրամատակարարման ներքին ցանցի մուտքագծի վրա տեղադրված ջրաչափական սարքի առկայության դեպքում բազմաբնակարան շենքերի ջրաչափական սարքեր չունեցող բնակիչ-բաժանորդներից յուրաքանչյուրի օգտագործած ջրաքանակը մինչև 2004 թվականի ապրիլի 1-ը ընկած ժամանակահատվածում մեկ անձին օրական հաշվարկվում է 200 լիտր (Երևան քաղաքում՝ 250 լիտր), 2004 թվականի ապրիլի 1-ից մինչև 2005 թվականի (Երևան քաղաքում՝ 2004 թվականի) հուլիսի 1-ը ընկած ժամանակահատվածում մեկ անձին օրական հաշվարկվում է 100 լիտր (Երևան քաղաքում՝ 150 լիտր)՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից 2004 թվականի փետրվարի 27-ի N 25-Ն և N 26-Ն որոշումներով հաստատված խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման սակագների հաշվարկով, իսկ 2005 թվականի (Երևան քաղաքում՝ 2004 թվականի) հուլիսի 1-ից հետո՝ սույն որոշման 4-րդ կետի «ե» ենթակետով սահմանված կարգով».

ե) որոշման 11-րդ կետում «հուլիսի 1-ից» բառերը փոխարինել «ապրիլի 1-ից» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2004 թվականի ապրիլի 1-ից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. մարտի 18
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան