Կ Ո Ն Վ Ե Ն Ց Ի Ա
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՄ ՑԱՆԿԱՑԱԾ ԱՅԼ ԹՇՆԱՄԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ
Սույն Կոնվենցիայի անդամ պետությունները,
ղեկավարվելով խաղաղության ամրապնդման սկզբունքներով և ցանկանալով իրենց ներդրումը կատարել սպառազինության մրցավազքի դադարեցման և խիստ ու արդյունավետ միջազգային հսկողության ներքո համընդհանուր և լիարժեք զինաթափման, ինչպես նաև պատերազմի վարման նորանոր միջոցների կիրառման վտանգից մարդկությունը փրկելու գործի մեջ,
վճռական լինելով շարունակել զինաթափման ոլորտում հետագա միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ արդյունավետ առաջընթացի ապահովման նպատակով վարվող բանակցությունները,
գիտակցելով, որ գիտատեխնիկական առաջընթացը կարող է նոր հնարավորություններ ստեղծել շրջակա միջավայրի վրա ներգործության ոլորտում,
վկայակոչելով 1972 թվականի հունիսի 16-ին Ստոկհոլմում ընդունված` մարդուն շրջապատող միջավայրին նվիրված Միավորված ազգերի կազմակերպության համաժողովի հռչակագիրը,
գիտակցելով, որ շրջակա միջավայրի վրա ներգործության միջոցների խաղաղ նպատակների համար օգտագործումը կարող է բերել մարդու և բնության փոխգործակցության բարելավմանը և օժանդակել շրջակա միջավայրի պահպանմանն ու բարելավմանը` ի շահ ներկա և ապագա սերունդների,
գիտակցելով, սակայն, որ այդպիսի միջոցների ռազմական կամ ցանկացած այլ թշնամական օգտագործումը կարող է չափազանց վնասակար հետևանքներ ունենալ մարդկության բարօրության համար,
ցանկանալով արդյունավետ կերպով արգելել շրջակա միջավայրի վրա ներգործության միջոցների ռազմական կամ ցանկացած այլ թշնամական օգտագործումը` նման օգտագործումից բխող սպառնալիքներից մարդկությունն ազատելու նպատակով և վերահաստատելով այդ նպատակի իրականացման ուղղությամբ գործելու իրենց ցանկությունը,
ձգտելով նաև ներդրում կատարել ժողովուրդների միջև փոխադարձ վստահության խորացման և միջազգային իրավիճակի հետագա բարելավման գործի մեջ` Միավորված ազգերի կազմակերպության նպատակներին և սկզբունքներին համապատասխան,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
1. Սույն Կոնվենցիայի յուրաքանչյուր անդամ պետություն պարտավորվում է չդիմել շրջակա միջավայրի վրա ներգործության միջոցների ռազմական կամ ցանկացած այլ թշնամական օգտագործմանը, ինչը կարող է լայնածավալ, երկարատև կամ լուրջ հետևանքներ ունենալ` որպես ոչնչացման կամ որևէ այլ անդամ պետությանը վնասներ կամ ավերածություններ պատճառելու միջոցներ:
2. Սույն Կոնվենցիայի յուրաքանչյուր անդամ պետություն պարտավորվում է չաջակցել, չխրախուսել կամ չդրդել որևէ պետությանը, պետությունների խմբին կամ միջազգային կազմակերպությանն իրականացնելու սույն հոդվածի 1-ն կետի դրույթներին հակասող գործողություններ:
Հոդված 2
1-ին հոդվածում գործածվող «շրջակա միջավայրի վրա ներգործության միջոցներ» հասկացությունը վերաբերում է բոլոր այն միջոցներին, որոնք կարող են օգտագործվել բնական գործընթացների միտումնավոր կառավարման միջոցով Երկիր մոլորակի դինամիկայի, բաղադրության կամ կառուցվածքի, այդ թվում` բիոտայի, երկրի կեղևի, ջրոլորտի, մթնոլորտի կամ տիեզերական տարածության փոփոխման համար:
Հոդված 3
1. Սույն Կոնվենցիայի դրույթները չեն խոչընդոտում շրջակա միջավայրի վրա ներգործության միջոցների խաղաղ նպատակներով օգտագործմանը և չեն հակասում այդպիսի օգտագործանն առնչվող միջազգային իրավունքի ընդունված սկզբունքներին և կիրառելի նորմերին:
2. Սույն Կոնվենցիայի անդամ պետությունները պարտավորվում են նպաստել շրջակա միջավայրի վրա ներգործության միջոցների խաղաղ նպատակներով օգտագործման վերաբերյալ գիտական և տեխնիկական տեղեկատվության հնարավորինս լիարժեք փոխանակմանը և իրավունք ունեն մասնակցելու այդպիսի փոխանակմանը: Այն անդամ պետությունները, որոնք կարող են այդպես գործել, առանձին կամ այլ պետությունների կամ միջազգային կազմակերպությունների հետ համատեղ նպաստում են շրջակա միջավայրի պահպանման, բարելավման և խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում միջազգային տնտեսական և գիտական համագործակցության ծավալմանը` պատշաճ կերպով հաշվի առնելով աշխարհի զարգացող տարածաշրջանների կարիքները:
Հոդված 4
Սույն Կոնվենցիայի յուրաքանչյուր անդամ պետություն պարտավորվում է ձեռնարկել ցանկացած միջոցներ, որոնք այն անհրաժեշտ կհամարի իր սահմանադրությամբ սահմանված ընթացակարգերին համապատասխան` իր իրավազորության կամ վերահսկողության ներքո գտնվող ցանկացած տարածքում սույն Կոնվենցիայի դրույթներին հակասող ցանկացած գործունեության արգելման կամ կանխման նպատակով:
Հոդված 5
1. Սույն Կոնվենցիայի անդամ պետությունները պարտավորվում են խորհրդակցել և համագործակցել միմյանց հետ ցանկացած այնպիսի խնդիրների լուծման նպատակով, որոնք կարող են ծագել սույն Կոնվենցիայի նպատակների կամ դրույթների կատարման առնչությամբ: Ի կատարումն սույն հոդվածի, նախատեսված խորհրդակցությունները և համագործակցությունը կարող են իրականացվել նաև Միավորված ազգերի կազմակերպության շրջանակներում համապատասխան միջազգային ընթացակարգերի կիրառման միջոցով` Կազմակերպության կանոնադրությանը համապատասխան: Այդպիսի միջազգային ընթացակարգերը կարող են ներառել համապատասխան միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև սույն հոդվածի 2-րդ կետում նշված Փորձագետների խորհրդակցական կոմիտեի ծառայությունների օգտագործումը:
2. Սույն հոդվածի 1-ին կետով սահմանված նպատակների համար ավանդապահը` սույն Կոնվենցիայի որևէ անդամ պետության դիմումն ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում, ձևավորում է Փորձագետների խորհրդակցական կոմիտե: Ցանկացած անդամ պետություն կարող է փորձագետ նշանակել Կոմիտեի կազմում, որի գործառույթներն ու ընթացակարգի կանոնները սահմանված են սույն Կոնվենցիայի անբաժանելի մասը հանդիսացող Հավելվածով: Կոմիտեն ավանդապահին է հանձնում գործի հանգամանքների վերաբերյալ ամփոփիչ փաստաթուղթը, որը ներառում է նիստերի ընթացքում Կոմիտեին ներկայացված բոլոր տեսակետները և տեղեկությունները: Ավանդապահն այդ փաստաթուղթն ուղարկում է բոլոր անդամ պետություններին:
3. Սույն Կոնվենցիայի ցանկացած անդամ պետություն, որը հիմքեր ունի ենթադրելու, որ որևէ այլ անդամ պետություն գործում է սույն Կոնվենցիայի դրույթներից բխող պարտավորություններին հակառակ, կարող է բողոք ներկայացնել Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդին: Ներկայացված բողոքում ներառվում են գործին առնչվող բոլոր տեղեկությունները, ինչպես նաև դրա հիմնավորվածությունը հաստատող բոլոր առկա ապացույցները:
4. Սույն Կոնվենցիայի ցանկացած անդամ պետություն պարտավորվում է համագործակցել ցանկացած հետաքննությանը, որը Անվտանգության Խորհուրդը Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության դրույթներին համապատասխան կարող է ձեռնարկել իրեն ներկայացված բողոքի հիման վրա: Անվտանգության խորհուրդը անդամ պետություններին տեղեկացնում է հետաքննության արդյունքների մասին:
5. Սույն Կոնվենցիայի յուրաքանչյուր անդամ պետություն պարտավորվում է Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրությանը համապատասխան աջակցություն ցուցաբերել դրա համար դիմում ներկայացրած որևէ այլ անդամ պետությանը կամ օժանդակել այդ աջակցության ցուցաբերմանը, եթե Անվտանգության խորհուրդը որոշում է կայացնում, որ այդ անդամ պետությունը վնաս է կրել կամ կարող է վնաս կրել Կոնվենցիայի դրույթների խախտման հետևանքով:
Հոդված 6
1. Սույն Կոնվենցիայի ցանկացած անդամ պետություն կարող է առաջարկել փոփոխություններ և լրացումներ կատարել սույն Կոնվենցիայում: Ցանկացած առաջարկվող փոփոխության տեքստը ներկայացվում է ավանդապահին, որն այն անհապաղորեն ուղարկում է բոլոր անդամ պետություններին:
2. Փոփոխությունն ուժի մեջ է մտնում այն ընդունած յուրաքանչյուր անդամ պետության համար անդամ պետությունների մեծամասնության կողմից այն ընդունելու մասին փաստաթղթերն ավանդապահին ի պահ հանձնելու պահից: Հետագայում ցանկացած մնացած անդամ պետության համար փոփոխությունն ուժի մեջ է մտնում այն ընդունելու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելու պահից:
Հոդված 7
Սույն Կոնվենցիայի գործողությունն անժամկետ է:
Հոդված 8
1. Սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու պահից հինգ տարի հետո, ավանդապահի կողմից Ժնևում /Շվեյցարիա/ գումարվում է Կոնվենցիայի անդամ պետությունների համաժողով: Համաժողովին քննության կենթարկվի Կոնվենցիայի կատարման գործընթացը` դրա նպատակների ու դրույթների իրականացման մեջ հավաստիանալու նպատակով, և, մասնավորապես, կքննարկվի շրջակա միջավայրի վրա ներգործության միջոցների ռազմական կամ ցանկացած այլ թշնամական օգտագործման սպառնալիքների վերացմանն առնչվող 1-ին հոդվածի 1-ին կետի դրույթների կատարման արդյունավետությունը:
2. Հետագայում, ոչ պակաս, քան հինգ տարին մեկ անգամ հաճախականությամբ, սույն Կոնվենցիայի անդամ պետությունների մեծամասնությունը կարող է հետամուտ լինել նույն նպատակներով համաժողովի գումարման` դրա համար դիմում ներկայացնելով ավանդապահին:
3. Սակայն այն դեպքում, եթե նախորդ համաժողովից հետո տասը տարվա ընթացքում սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված կարգով համաժողով չի գումարվել, ապա ավանդապահը հարցնում է բոլոր անդամ պետությունների կարծիքները այդպիսի համաժողով գումարելու անհրաժեշտության վերաբերյալ: Եթե անդամ պետությունների մեկ երրորդը կամ դրանցից տասը` կախված այն բանից, թե որ թիվն ավելի փոքր կլինի, դրական կարծիք կարտահայտեն, ապա ավանդապահն անհապաղորեն միջոցներ է ձեռնարկում համաժողով գումարելու համար:
Հոդված 9
1. Սույն Կոնվենցիան բաց է ստորագրման համար բոլոր անդամ պետությունների կողմից: Ցանկացած պետություն, որը չի ստորագրի Կոնվենցիան մինչև 3-րդ հոդվածի համաձայն դրա ուժի մեջ մտնելը, կարող է դրան միանալ ցանկացած ժամանակ:
2. Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման այն ստորագրած պետությունների կողմից: Վավերագրերը կամ միանալու մասին փաստաթղթերը ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին:
3. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում քսան կառավարությունների կողմից սույն հոդվածի 2-րդ կետին համապատասխան վավերագրերն ի պահ հանձնելու պահից:
4. Այն պետությունների համար, որոնց վավերագրերը կամ միանալու մասին փաստաթղթերն ի պահ են հանձնվելու սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո, այն ուժի մեջ է մտնում դրանց վավերագրերը կամ միանալու մասին փաստաթղթերն ի պահ հանձնելու պահից:
5. Ավանդապահը սույն Կոնվենցիան ստորագրած և դրան միացած բոլոր պետություններին անհապաղորեն ծանուցում է յուրաքանչյուր ստորագրման, վավերագրերը կամ միանալու մասին փաստաթղթերն ի պահ հանձնելու, սույն Կոնվենցիայի և դրանում ցանկացած փոփոխության ուժի մեջ մտնելու ամսաթվերի մասին, ինչպես նաև իր կողմից ստացված այլ ծանուցագրերի մասին:
6. Սույն Կոնվենցիան գրանցվելու է ավանդապահի կողմից` Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության 102-րդ հոդվածին համապատասխան:
Հոդված 10
Սույն Կոնվենցիան, որի անգլերեն, արաբերեն, չինարեն, ֆրանսերեն, ռուսերեն և իսպաներեն լեզուներով տեքստերը հավասարազոր են, ի պահ է հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին, որը դրա պատշաճ կերպով հաստատված պատճեններն ուղղում է այն ստորագրած և դրան միացած պետությունների կառավարություններին:
Ի հավաստումն որի՝ ներքոստորագրյալները, իրենց կառավարությունների կողմից օժտված լինելով համապատասխան լիազորություններով, ստորագրեցին սույն Կոնվենցիան, որը բաց է ստորագրման համար Ժնևում` հազար ինը հարյուր յոթանասունյոթ թվականի մայիսի տասնութից:
ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՀԱՎԵԼՎԱԾ
Փորձագետների խորհրդակցական կոմիտե
1. Փորձագետների խորհրդակցական կոմիտեի պարտականություններն են գործերով փաստերի բացահայտումն ու կոմիտե ձևավորելու դիմումով հանդես եկած անդամ պետության կողմից սույն Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան բարձրացված հարցի վերաբերյալ փորձագիտական եզրակացություններ կայացնելը:
2. Փորձագետների խորհրդակցական կոմիտեի գործունեությունը կազմակերպվում է այնպես, որ կոմիտեն կարողանա իրականացնել սույն Հավելվածի 1-ին կետով սահմանված գործառույթները: Կոմիտեն իր գործունեությունը կարգավորող ընթացակարգերն ընդունում է փոխհամաձայնությամբ կամ ներկա գտնվող և քվեարկությանը մասնակցող անդամների մեծամասնությամբ: Գործերի բնույթի հարցերով քվեարկություններ չեն կատարվում:
3. Կոմիտեի նախագահ է նշանակվում ավանդապահը կամ իր լիազոր ներկայացուցիչը:
4. Նիստերի ժամանակ յուրաքանչյուր փորձագետ կարող է հանդես գալ մեկ կամ ավելի խորհրդատուներով:
5. Յուրաքանչյուր փորձագետ իրավունք ունի նախագահի միջոցով այլ պետություններին կամ միջազգային կազմակերպություններին դիմել այնպիսի տեղեկատվություն և օժանդակություն տրամադրելու խնդրանքով, որոնք նա նպատակահարմար է համարում կոմիտեի արդյունավետ գործունեության համար:
Կոնվենցիային առնչվող փաստաթղթեր
Զինաթափման կոմիտեի համաժողովի կողմից Գլխավոր ասամբլեային` իր երեսունմեկերորդ նիստին ներկայացված զեկույցում ընդգրկվել են սույն Կոնվենցիային առնչվող հետևյալ պայմանավորվածությունները:
Պայմանավորվածություն 1-ին հոդվածի վերաբերյալ
Կոմիտեի ընկալմամբ, սույն Կոնվենցիայի իմաստով, «լայնածավալ», «երկարատև» և «լուրջ» հասկացությունները պետք է մեկնաբանվեն հետևյալ կերպով.
ա/ «լայնածավալ»` ենթադրում է մի քանի հարյուր քառակուսի կիլոմետր տարածք ընդգրկող տարածություն,
բ/ «երկարատև»` մի քանի ամիս, կամ, առնվազն, տարվա մեկ եղանակ տևող,
գ/ «լուրջ»` մարդու կյանքի, բնական, տնտեսական պաշարների կամ այլ պաշարների համար ոչնչացման կամ վնասման լուրջ կամ զգալի վտանգ պարունակող:
Կոմիտեն ենթադրում է նաև, որ վերոհիշյալ սահմանումները նախատեսված են միմիայն սույն Կոնվենցիայի համար և նպատակ չունեն խեղաթյուրելու որևէ այլ միջազգային համաձայնագրերի առնչությամբ գործածված նույն կամ համանման հասկացությունների մեկնաբանությունը:
Պայմանավորվածություն 2-րդ հոդվածի վերաբերյալ
Կոմիտեի ընկալմամբ, սույն Կոնվենցիայի 2-րդ հոդվածի իմաստով շրջակա միջավայրի վրա ներգործության միջոցներ համարվող միջոցների օգտագործման հետևանքով առաջացող հնարավոր երևույթների օրինակներ կարող են ծառայել երկրաշարժերը, ցունամին, տարածաշրջանում էկոլոգիական հավասարակշռության խախտումը, եղանակի տիպերի փոփոխությունները /ամպամածություն, տեղումներ, տարատեսակ ցիկլոններ և փոթորիկներ/, կլիմայի տիպերի փոփոխությունները, օվկիանոսային հոսանքների փոփոխությունները, օզոնային շերտի իրավիճակի փոփոխությունները և իոնոսֆերայի իրավիճակի փոփոխությունները:
Գիտակցվում է նաև, որ վերը նշված բոլոր երևույթները շրջակա միջավայրի վրա ներգործության միջոցների ռազմական կամ ցանկացած այլ թշնամական օգտագործման հետևանքներ հանդիսանալու դեպքում կբերեն կամ ամենայն հավանականությամբ կարող են բերել լայնածավալ, երկարատև և լուրջ ավերածությունների, վնասների կամ վնասվածքների: Այդ իսկ պատճառով, 2-րդ հոդվածի իմաստով շրջակա միջավայրի վրա ներգործության միջոցներ համարվող միջոցների ռազմական կամ ցանկացած այլ թշնամական օգտագործումը որևէ այլ անդամ պետությանը ավերածություններ, վնասներ և վնասվածքներ պատճառելու նպատակով պետք է արգելվի:
Բացի այդ, ընդունվում է, որ վերը նշված օրինակների ցանկն ամբողջական չէ: 2-րդ հոդվածով սահմանված շրջակա միջավայրի վրա ներգործության միջոցների օգտագործման հետևանքով առաջացող այլ երևույթները նույնպես կարող են համապատասխան կերպով ներառվել այդ ցանկում: Այդպիսի երևույթների բացակայությունը ցանկում ոչ մի դեպքում չի ենթադրում, որ 1-ին հոդվածով նախատեսված պարտավորությունները չեն տարածվում այդ երևույթների վրա` պայմանով, որ պահպանվել են այդ հոդվածով սահմանված չափանիշները:
Պայմանավորվածություն 3-րդ հոդվածի վերաբերյալ
Կոմիտեի ընկալմամբ, սույն Կոնվենցիան չի առնչվում այն հարցի հետ, թե արդյոք շրջակա միջավայրի վրա ներգործության տվյալ միջոցի խաղաղ նպատակներով օգտագործումը համապատասխանում է միջազգային իրավունքի ընդունված սկզբունքներին և կիրառելի նորմերին:
Պայմանավորվածություն 8-րդ հոդվածի վերաբերյալ
Կոմիտեի ընկալմամբ, Կոնվենցիայում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին առաջարկությունը կարող է նաև քննարկման դրվել 8-րդ հոդվածին համապատասխան գումարվող` անդամ պետությունների ցանկացած համաժողովի ընթացքում: Ընդունվում է նաև, որ այդպիսի քննարկման համար նախատեսված ցանկացած առաջարկվող փոփոփոխությունը պետք է ավանդապահին ներկայացվի համաժողովի գումարումից առնվազն 90 օր առաջ:
* Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2002 թվականի մայիսի 15-ից: