Գլխավոր տեղեկություն
Տիպ
Կոնվենցիա
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.08.1994-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2004.12.20/4(12)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
30.08.1961
Ստորագրման ամսաթիվ
30.08.1961
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.08.1994

Կ Ո Ն Վ Ե Ն Ց Ի Ա

 

ԱՊԱՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ԿՐՃԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Պայմանավորվող պետությունները,

գործելով Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից 1954թ. դեկտեմբերի 4-ին ընդունված 896(IX) բանաձևի համաձայն,

ցանկալի համարելով կրճատել ապաքաղաքացիությունը միջազգային համաձայնագրով,

 

համաձայնեցին ներքոհիշյալի շուրջ.

 

Հոդված 1

 

1. Ցանկացած Պայմանավորվող պետություն իր քաղաքացիությունը շնորհում է իր տարածքում ծնված ցանկացած անձի, որն այլապես կդառնար քաղաքացիություն չունեցող անձ։ Այդպիսի քաղաքացիություն շնորհվում է՝

(ա) ծնվելիս՝ օրենքի ուժով, կամ

(բ) շահագրգիռ անձի կողմից կամ նրա անունից համապատասխան մարմնին՝ ներպետական օրենսդրությամբ սահմանված կարգով դիմում ներկայացնելու միջոցով։ Սույն հոդվածի 2-րդ կետի դրույթների պահպանմամբ, նման ոչ մի դիմում չի կարող մերժվել։ Ցանկացած Պայմանավորվող պետություն, որը նախատեսում է իր քաղաքացիության շնորհումը սույն կետի (բ) ենթակետին համապատասխան, կարող է նախատեսել իր քաղաքացիության շնորհումն օրենքի ուժով այն տարիքում և այնպիսի պայմաններով, որոնք կսահմանվեն ներպետական օրենսդրությամբ։

2. Ցանկացած Պայմանավորվող պետություն կարող է իր քաղաքացիությունը շնորհել սույն հոդվածի 1-ին կետի (բ) ենթակետին համապատասխան հետևյալ մեկ կամ մի քանի պայմաններով՝

(ա) որ դիմումը ներկայացվի այդ Պայմանավորվող պետության սահմանած ժամկետում, որն սկսվում է տասնութամյա հասակից ոչ ուշ և ավարտվում քսանմեկամյա հասակից ոչ շուտ, սակայն այնպես, որպեսզի շահագրգիռ անձին տրամադրվի առնվազն մեկ տարի, որի ընթացքում նա կարող է ինքը դիմում ներկայացնել՝ առանց դրա համար օրինական թույլտվություն ստանալու անհրաժեշտության,

(բ) որ շահագրգիռ անձը մշտապես բնակվի այդ Պայմանավորվող պետության տարածքում այդ պետության սահմանած ժամկետում, որը չպետք է գերազանցի դիմում ներկայացնելուն անմիջապես նախորդող հինգ տարին, իսկ ընդհանրապես չպետք է գերազանցի տասը տարին,

(գ) որ տվյալ անձը դատապարտված չլինի ազգային անվտանգության դեմ ուղղված հանցագործության համար կամ քրեական մեղադրանքով դատապարտված չլինի ազատազրկման հինգ տարի կամ ավելի ժամկետով,

(դ) որ շահագրգիռ անձը միշտ քաղաքացիություն չունեցող անձ եղած լինի։

3. Չնայած սույն հոդվածի 1-ին կետի (բ) ենթակետի և 2-րդ կետի դրույթներին՝ որևէ Պայմանավորվող պետության տարածքում ամուսնությունից ծնված երեխան, որի մայրն ունի այդ պետության քաղաքացիությունը, ծնվելիս ձեռք է բերում այդ քաղաքացիությունը, այլապես նա կդառնա քաղաքացիություն չունեցող անձ։

4. Ցանկացած Պայմանավորվող պետություն իր քաղաքացիությունը շնորհում է ցանկացած անձի, որն այլապես կդառնար քաղաքացիություն չունեցող անձ և որը չի կարող ձեռք բերել այն Պայմանավորվող պետության քաղաքացիությունը, որի տարածքում ծնվել է՝ իր դիմումը ներկայացնելու տարիքից դուրս գալու կամ բնակության պահանջվող պայմանները չբավարարելու պատճառով, եթե այդ անձի ծնվելու ժամանակ նրա ծնողներից որևէ մեկն ունեցել է վերոհիշյալ Պայմանավորվող պետություններից առաջինի քաղաքացիությունը։ Եթե նրա ծնվելու ժամանակ նրա ծնողները չունեին միևնույն քաղաքացիությունը, այն հարցը, թե տվյալ անձի քաղաքացիությունը պետք է հետևի հոր, թե մոր քաղաքացիությանը, որոշվում է այդ Պայմանավորվող պետության ներպետական օրենսդրությամբ։ Եթե այդպիսի քաղաքացիության համար պահանջվում է դիմում ներկայացնել, դիմումը համապատասխան մարմնին դիմումատուի կողմից կամ նրա անունից ներկայացվում է այդ ներպետական օրենսդրությամբ սահմանված կարգով։ Սույն հոդվածի 5-րդ կետի դրույթների պահպանմամբ, նման դիմումը չի մերժվում։

5. Պայմանավորվող պետությունը կարող է իր քաղաքացիությունը շնորհել սույն հոդվածի 4-րդ կետի դրույթներին համապատասխան՝ հետևյալ մեկ կամ մի քանի պայմաններով՝

(ա) որ դիմումը ներկայացվի նախքան դիմումատուի՝ այդ Պայմանավորվող պետության կողմից սահմանված տարիքին հասնելը, որը չպետք է ցածր լինի քսաներեք տարեկանից,

(բ) որ շահագրգիռ անձը մշտապես բնակվի այդ Պայմանավորվող պետության տարածքում այդ պետության սահմանած ժամկետի ընթացքում, որը չպետք է գերազանցի դիմում ներկայացնելուն անմիջապես նախորդող երեք տարին,

(գ) որ շահագրգիռ անձը միշտ քաղաքացիություն չունեցող անձ եղած լինի։

 

Հոդված 2

 

Որևէ Պայմանավորվող պետության տարածքում հայտնաբերված երեխան, հակառակ ապացույցների բացակայության դեպքում, համարվում է այդ տարածքում այդ պետության քաղաքացիություն ունեցող ծնողներից ծնված։

 

Հոդված 3

 

Սույն Կոնվենցիայի համաձայն Պայմանավորվող պետությունների պարտավորությունների սահմանման նպատակով ծնունդը նավի վրա կամ ինքնաթիռում համարվում է տեղի ունեցած համապատասխանաբար այն պետության տարածքում, որի դրոշի ներքո լողում է նավը կամ այն պետության տարածքում, որտեղ գրանցված է ինքնաթիռը։

 

Հոդված 4

 

1. Ցանկացած Պայմանավորվող պետություն իր քաղաքացիությունը շնորհում է Պայմանավորվող պետության տարածքում չծնված ցանկացած անձի, որն այլապես կդառնար քաղաքացիություն չունեցող անձ, եթե այդ անձի ծնվելու ժամանակ նրա ծնողներից որևէ մեկն ունեցել է այդ պետության քաղաքացիությունը։ Եթե նրա ծնվելու ժամանակ նրա ծնողները չունեին միևնույն քաղաքացիությունը, այն հարցը, թե տվյալ անձի քաղաքացիությունը պետք է հետևի հոր, թե մոր քաղաքացիությանը, որոշվում է այդ Պայմանավորվող պետության ներպետական օրենսդրությամբ։ Սույն կետի դրույթների համաձայն շնորհվող քաղաքացիությունը շնորհվում է՝

(ա) ծնվելիս՝ օրենքի ուժով, կամ

(բ) շահագրգիռ անձի կողմից կամ նրա անունից համապատասխան մարմնին՝ ներպետական օրենսդրությամբ սահմանված կարգով դիմում ներկայացնելու միջոցով։ Սույն հոդվածի 2-րդ կետի դրույթների պահպանմամբ, նման ոչ մի դիմում չի կարող մերժվել։

2. Ցանկացած Պայմանավորվող պետություն կարող է սույն հոդվածի 1-ին կետի դրույթներին համապատասխան իր քաղաքացիությունը շնորհել հետևյալ մեկ կամ մի քանի պայմաններով՝

(ա) որ դիմումը ներկայացվի նախքան դիմումատուի՝ այդ Պայմանավորվող պետության կողմից սահմանված տարիքին հասնելը, որը չպետք է ցածր լինի քսաներեք տարեկանից,

(բ) որ շահագրգիռ անձը մշտապես բնակվի այդ Պայմանավորվող պետության տարածքում այդ պետության սահմանած ժամկետում, որը չպետք է գերազանցի դիմում ներկայացնելուն անմիջապես նախորդող երեք տարին,

(գ) որ տվյալ անձը դատապարտված չլինի ազգային անվտանգության դեմ ուղղված հանցագործության համար,

(դ) որ տվյալ անձը միշտ քաղաքացիություն չունեցող անձ եղած լինի։

 

Հոդված 5

 

1. Եթե որևէ Պայմանավորվող պետության օրենսդրություն նախատեսում է քաղաքացիության կորուստ համապատասխան անձի անձնական կարգավիճակում այնպիսի փոփոխությունների հետևանքով, ինչպիսին են ամուսնությունը, ամուսնալուծությունը, օրինականացումը, ճանաչումը կամ որդեգրումը, այդպիսի կորուստը պայմանավորվում է այլ քաղաքացիություն ունենալու կամ ձեռք բերելու հանգամանքով։

2. Եթե որևէ Պայմանավորվող պետության օրենսդրության համաձայն արտամուսնական կապից ծնված երեխան կորցնում է այդ պետության քաղաքացիությունը հայրության ճանաչման հետևանքով, նրան հնարավորություն է ընձեռվում այդ քաղաքացիությունը վերականգնել համապատասխան մարմնին գրավոր դիմելու միջոցով, և նման դիմումը կանոնակարգող պայմանները չպետք է առավել խիստ լինեն, քան սույն Կոնվենցիայի 1-ին հոդվածի 2-րդ կետում սահմանվածները։

 

Հոդված 6

 

Եթե որևէ Պայմանավորվող պետության օրենսդրություն նախատեսում է իր քաղաքացիության կորուստը որևէ անձի ամուսնու կամ երեխաների կողմից, այդ անձի կողմից այդ քաղաքացիությունը կորցնելու կամ այդ անձին այդ քաղաքացիությունից զրկելու հետևանքով, այդպիսի կորուստը պայմանավորվում է նրանց կողմից այլ քաղաքացիություն ունենալու կամ ձեռք բերելու հանգամանքով։

 

Հոդված 7

 

1. (ա) Եթե որևէ Պայմանավորվող պետության օրենսդրություն նախատեսում է քաղաքացիության կորուստ կամ դրանից հրաժարում, նման հրաժարումը չի առաջացնում քաղաքացիության կորուստ, եթե տվյալ անձը չունի կամ ձեռք չի բերել այլ քաղաքացիություն,

(բ) սույն կետի (ա) ենթակետի դրույթները չեն կիրառվում այն դեպքերում, երբ դրանց կիրառումը հակասում է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից 1948թ. դեկտեմբերի 10-ին հաստատված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 13 և 14-րդ հոդվածներում շարադրված սկզբունքներին։

2. Պայմանավորվող պետության քաղաքացին, որը ցանկանում է ձեռք բերել օտար պետության քաղաքացիություն, չի կորցնում իր քաղաքացիությունը, քանի դեռ ձեռք չի բերում կամ չի ստանում այդ օտար երկրի քաղաքացիության ձեռքբերման հավաստում։

3. Սույն հոդվածի 4-րդ և 5-րդ կետերի դրույթների պահպանմամբ, Պայմանավորվող պետության քաղաքացին իր քաղաքացիությունը չի կորցնում այնպես, որպեսզի դառնա քաղաքացիություն չունեցող անձ՝ մեկնելու, արտասահմանում բնակվելու, չգրանցվելու կամ նմանատիպ այլ հիմքով։

4. Հպատակագրված անձը կարող է կորցնել իր քաղաքացիությունը համապատասխան Պայմանավորվող պետության օրենսդրությամբ սահմանված ժամկետի ընթացքում արտասահմանում բնակվելու հետևանքով, որը չպետք է լինի յոթ հաջորդական տարիներից պակաս, եթե նա համապատասխան մարմնին չի հայտնում իր քաղաքացիությունը պահպանելու մտադրության մասին։

5. Որևէ Պայմանավորվող պետության քաղաքացու պարագայում, որը ծնվել է այդ Պետության տարածքից դուրս, այդ պետության օրենսդրությունը կարող է սահմանել իր քաղաքացիության պահպանումը նրա՝ չափահաս դառնալուց հետո մեկ տարվա ընթացքում՝ այդ ժամանակ այդ պետության տարածքում բնակվելու կամ համապատասխան մարմնում գրանցվելու պայմանով։

6. Բացառությամբ սույն հոդվածում հիշատակված հանգամանքների, անձը չի կորցնում որևէ Պայմանավորվող պետության քաղաքացիությունը, եթե այդպիսի կորուստն այդ անձին կդարձներ քաղաքացիություն չունեցող անձ՝ չնայած, որ այդպիսի կորուստն ուղղակիորեն չի արգելվում սույն Կոնվենցիայի որևէ այլ դրույթով։

 

Հոդված 8

 

1. Ոչ մի Պայմանավորվող պետություն որևէ անձի չի զրկում իր քաղաքացիությունից, եթե զրկելն այդ անձին կդարձներ քաղաքացիություն չունեցող անձ։

2. Չնայած սույն հոդվածի 1-ին կետի դրույթներին՝ անձը կարող է զրկվել ցանկացած Պայմանավորվող պետության քաղաքացիությունից՝

(ա) այնպիսի հանգամանքներում, որոնց դեպքում քաղաքացիության կորուստը թույլատրվում է 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերի համաձայն,

(բ) եթե քաղաքացիությունը ձեռք է բերվել սխալ տեղեկություններ հայտնելու կամ խաբեության հետևանքով։

3. Չնայած սույն հոդվածի 1-ին կետի դրույթներին՝ ցանկացած Պայմանավորվող պետություն կարող է պահպանել ցանկացած անձի՝ իր քաղաքացիությունից զրկելու իրավունքը, եթե ստորագրման, վավերացման կամ միանալու ժամանակ նշում է, որ պահպանում է նման իրավունքը հետևյալ մեկ կամ ավելի հիմքերով, որոնք այդ ժամանակ նախատեսված են իր ներպետական օրենսդրությամբ.

(ա) որ, տվյալ Պայմանավորվող պետության նկատմամբ լոյալության իր պարտականությանն անհամապատասխան, այդ անձը՝

(i) անտեսելով այդ Պայմանավորվող պետության կողմից ուղղակի արգելքը՝ ծառայություններ է մատուցել կամ շարունակում է մատուցել այլ պետության, կամ վարձատրություն է ստացել կամ շարունակում է ստանալ այլ պետությունից, կամ

(ii) իր վարքագծով լրջորեն խոչընդոտում է այդ պետության կենսական շահերին,

(բ) որ տվյալ անձը հավատարմության երդում է տվել կամ հավատարմության պաշտոնական հայտարարություն է արել այլ պետության կամ որոշակի ապացույց է տվել այդ Պայմանավորվող պետության նկատմամբ հավատարմությունից հրաժարվելու իր մտադրության մասին։

4. Ոչ մի Պայմանավորվող պետություն չի իրականացնում սույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն թույլատրվող՝ քաղաքացիությունից զրկելու իրավասությունն այլ կերպ, քան օրենքին համապատասխան, որը նախատեսում է շահագրգիռ անձի՝ դատարանում կամ այլ անկախ մարմնում իր գործի արդար քննության իրավունք։

 

Հոդված 9

 

Ոչ մի Պայմանավորվող պետություն որևէ անձի կամ անձանց խմբի չի կարող զրկել քաղաքացիությունից՝ ռասայական, էթնիկական, կրոնական կամ քաղաքական հիմքերով։

 

Հոդված 10

 

1. Պայմանավորվող պետությունների միջև ցանկացած պայմանագիր, որը նախատեսում է տարածքի փոխանցում, պետք է բովանդակի դրույթներ, որոնք նպատակաուղղված են երաշխավորելու, որ ոչ մի անձ այդպիսի փոխանցման հետևանքով չի դառնա քաղաքացիություն չունեցող անձ։ Ցանկացած Պայմանավորվող պետություն օգտագործում է իր լավագույն ջանքերը, որպեսզի սույն Կոնվենցիայի մասնակից չհանդիսացող պետության հետ իր կողմից կնքված ցանկացած նման պայմանագիր բովանդակի նման դրույթներ։

2. Նման դրույթների բացակայության դեպքում ցանկացած Պայմանավորվող պետություն, որին փոխանցվում է տարածքը կամ որն այլ եղանակով ձեռք է բերում տարածք, իր քաղաքացիությունը տրամադրում է այն անձանց, որոնք այլապես կդառնային քաղաքացիություն չունեցող անձինք այդպիսի փոխանցման կամ ձեռքբերման հետևանքով։

 

Հոդված 11

 

Պայմանավորվող պետությունները վեցերորդ վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելուց հետո հնարավորինս շուտ աջակցում են Միավորված ազգերի կազմակերպության շրջանակներում այնպիսի մարմնի ստեղծմանը, որին կարող է դիմել սույն Կոնվենցիայի հիման վրա արտոնություն հայցող անձը՝ իր դիմումը քննության առնելու և այն համապատասխան մարմնին ներկայացնելու կապակցությամբ աջակցության համար։

 

Հոդված 12

 

1. Այն Պայմանավորվող պետության կապակցությամբ, որը սույն Կոնվենցիայի 1-ին հոդվածի 1-ին կետի կամ 4-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, իր քաղաքացիությունը չի շնորհում ծնվելիս՝ օրենքի ուժով, 1-ին հոդվածի 1-ին կետի կամ 4-րդ հոդվածի դրույթները համապատասխանաբար կիրառվում են մինչև սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելը ծնված անձանց, ինչպես նաև դրանից հետո ծնված անձանց նկատմամբ։

2. Սույն Կոնվենցիայի 1-ին հոդվածի 4-րդ կետի դրույթները կիրառվում են մինչև սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելը ծնված, ինչպես նաև դրանից հետո ծնված անձանց նկատմամբ։

3. Սույն Կոնվենցիայի 2-րդ հոդվածի դրույթները կիրառվում են միայն տվյալ Պայմանավորվող պետության տարածքում՝ այդ պետության համար սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո հայտնաբերված երեխաների նկատմամբ։

 

Հոդված 13

 

Սույն Կոնվենցիան չի մեկնաբանվում ի վնաս որևէ այնպիսի դրույթի, որն ավելի է նպաստում ապաքաղաքացիության կրճատմանը և որը կարող է բովանդակվել որևէ Պայմանավորվող պետության գործող օրենսդրության մեջ կամ բովանդակվել հետագայում կամ կարող է բովանդակվել որևէ այլ կոնվենցիայում, պայմանագրում կամ համաձայնագրում, որոնք այժմ կամ հետագայում ուժի մեջ կլինեն երկու կամ ավելի Պայմանավորվող պետությունների միջև։

 

Հոդված 14

 

Սույն Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ Պայմանավորվող պետությունների միջև ցանկացած վեճ, որը չի կարող լուծվել այլ միջոցներով, վեճի կողմերից յուրաքանչյուրի պահանջով փոխանցվում է Միջազգային դատարան։

 

Հոդված 15

 

1. Սույն Կոնվենցիան կիրառվում է ոչ ինքնավար, խնամարկյալ, գաղութային և մետրոպոլիայից դուրս գտնվող բոլոր տարածքների նկատմամբ, որոնց միջազգային հարաբերությունների համար պատասխանատու է ցանկացած Պայմանավորվող պետություն։ Համապատասխան Պայմանավորվող պետությունը, սույն հոդվածի 2-րդ կետի դրույթների պահպանմամբ, ստորագրման, վավերացման կամ միանալու ժամանակ, հայտարարում է մետրոպոլիայից դուրս գտնվող տարածքը կամ տարածքները, որոնց նկատմամբ սույն Կոնվենցիան կիրառվում է ipsօ factօ այդպիսի ստորագրման, վավերացման կամ միացման հետևանքով։

2. Ցանկացած դեպքում, երբ քաղաքացիության նպատակի համար մետրոպոլիայից դուրս գտնվող տարածքը չի դիտվում որպես մեկ ամբողջություն մետրոպոլիայի տարածքի հետ, կամ ցանկացած դեպքում, երբ մետրոպոլիայից դուրս գտնվող տարածքի նկատմամբ սույն Կոնվենցիայի կիրառման համար Պայմանավորվող պետության կամ մետրոպոլիայից դուրս գտնվող տարածքի սահմանադրական օրենքներով կամ պրակտիկայով պահանջվում է մետրոպոլիայից դուրս գտնվող տարածքի նախնական համաձայնությունը, այդ Պայմանավորվող պետությունը ջանում է ապահովել մետրոպոլիայից դուրս գտնվող տարածքի անհրաժեշտ համաձայնությունը՝ այդ Պայմանավորվող պետության կողմից սույն Կոնվենցիան ստորագրելուց հետո տասներկու ամսվա ընթացքում, իսկ երբ ձեռք է բերվում նման համաձայնություն, այդ Պայմանավորվող պետությունն այդ մասին ծանուցում է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին։ Սույն Կոնվենցիան կիրառվում է այդպիսի ծանուցման մեջ նշված տարածքի կամ տարածքների նկատմամբ՝ այն Գլխավոր քարտուղարի կողմից ստանալու օրվանից։

3. Սույն հոդվածի 2-րդ կետում հիշատակված տասներկուամսյա ժամկետի լրանալուց հետո համապատասխան Պայմանավորվող պետությունները Գլխավոր քարտուղարին տեղեկացնում են մետրոպոլիայից դուրս գտնվող այն տարածքների հետ խորհրդակցությունների արդյունքների մասին, որոնց միջազգային հարաբերությունների համար իրենք պատասխանատու են, և որոնց համաձայնությունը սույն Կոնվենցիայի կիրառման վերաբերյալ կարող է մերժված լինել։

 

Հոդված 16

 

1. Սույն Կոնվենցիան բաց է ստորագրման Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանում 1961 թ. օգոստոսի 30-ից մինչև 1962 թ. մայիսի 31-ը։

2. Սույն Կոնվենցիան բաց է ստորագրման՝

(ա) Միավորված ազգերի կազմակերպության ցանկացած անդամ պետության,

(բ) Միավորված ազգերի կազմակերպության Հետագա ապաքաղաքացիությունը վերացնելու կամ կրճատելու վերաբերյալ խորհրդաժողովին մասնակցելու հրավիրված ցանկացած այլ պետության,

(գ) Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից այդ Կոնվենցիան ստորագրելու կամ դրան միանալու հրավիրված ցանկացած պետության անունից։

3. Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման և վավերագրերն ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին։

4. Սույն Կոնվենցիան բաց է միանալու սույն հոդվածի 2-րդ կետում նշված պետությունների համար։ Միանալը կատարվում է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելու միջոցով։

 

Հոդված 17

 

1. Ցանկացած պետություն Կոնվենցիան ստորագրելիս, վավերացնելիս կամ միանալիս կարող է վերապահում կատարել 11, 14 և 15-րդ հոդվածների վերաբերյալ։

2. Սույն Կոնվենցիայի նկատմամբ որևէ այլ վերապահում չի թույլատրվում։

 

Հոդված 18

 

1. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում վեցերորդ վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելու օրվանից երկու տարի անց։

2. Յուրաքանչյուր պետության համար, որը սույն Կոնվենցիան վավերացնում կամ նրան միանում է վեցերորդ վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելուց հետո, այն ուժի մեջ է մտնում այդ պետության կողմից իր վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելուց հետո իննսուներորդ օրը կամ սույն հոդվածի 1-ին կետի դրույթների համաձայն՝ սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրը, որն ավելի ուշ կլինի։

 

Հոդված 19

 

1. Ցանկացած Պայմանավորվող պետություն Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ուղղված գրավոր ծանուցմամբ ցանկացած ժամանակ կարող է սույն Կոնվենցիան չեղյալ հայտարարել։ Համապատասխան Պայմանավորվող պետության համար չեղյալ հայտարարելն ուժի մեջ է մտնում այն՝ Գլխավոր քարտուղարի կողմից ստանալու օրվանից մեկ տարի անց։

2. Այն դեպքում, երբ սույն Կոնվենցիան 15-րդ հոդվածի դրույթների համաձայն կիրառելի է դառնում որևէ Պայմանավորվող պետության մետրոպոլիայից դուրս գտնվող տարածքի նկատմամբ, այդ պետությունը համապատասխան տարածքի համաձայնությամբ կարող է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ցանկացած ժամանակ ծանուցել սույն Կոնվենցիան այդ տարածքի նկատմամբ առանձին չեղյալ հայտարարելու մասին։ Չեղյալ հայտարարելն ուժի մեջ է մտնում նման ծանուցումը Գլխավոր քարտուղարի կողմից ստանալու օրվանից մեկ տարի անց, որը բոլոր մյուս Պայմանավորվող պետություններին տեղեկացնում է այդ ծանուցման և այն ստանալու օրվա մասին։

 

Հոդված 20

 

1. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը Միավորված ազգերի կազմակերպության բոլոր անդամ պետություններին և 16-րդ հոդվածում հիշատակված այդ Կազմակերպության անդամ չհանդիսացող պետություններին տեղեկացնում է հետևյալի մասին՝

(ա) 16-րդ հոդվածի համաձայն ստորագրման, վավերացումների և միացումների մասին,

(բ) 17-րդ հոդվածի համաձայն վերապահումների մասին,

(գ) 18-րդ հոդվածի համաձայն սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրվա մասին,

(դ) 19-րդ հոդվածի համաձայն չեղյալ հայտարարումների մասին։

2. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը վեցերորդ վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելուց հետո ոչ ուշ Գլխավոր ասամբլեայի ուշադրությունը հրավիրում է 11-րդ հոդվածին համապատասխան դրանում հիշատակված մարմնի ստեղծման հարցի վրա։

 

Հոդված 21

 

Սույն Կոնվենցիան գրանցում է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը՝ դրա ուժի մեջ մտնելու օրը։

Ի հավաստումն շարադրվածի՝ ներքոստորագրյալ լիազոր ներկայացուցիչներն ստորագրեցին սույն Կոնվենցիան։

Կատարված է Նյու Յորքում, 1961 թվականի օգոստոսի 30-ին, մեկ օրինակով, որի անգլերեն, իսպաներեն, չինարեն, ռուսերեն և ֆրանսերեն տեքստերը հավասարազոր են, և որը կպահվի Միավորված ազգերի կազմակերպության արխիվում, և որի հաստատված պատճենները Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը կուղարկի Միավորված ազգերի կազմակերպության բոլոր անդամներին և Միավորված ազգերի կազմակերպության անդամ չհանդիսացող՝ սույն Կոնվենցիայի 16-րդ հոդվածում հիշատակված պետություններին։

 

* Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1994 թվականի օգոստոսի 16-ից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան