ԾՈՎԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ
ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ
Կ Ո Ն Վ Ե Ն Ց Ի Ա
Նախաբան
Սույն Կոնվենցիայի մասնակից պետությունները,
ղեկավարվելով ծովային իրավունքին վերաբերող բոլոր հարցերը փոխըմբռնման և համագործակցության ոգով կարգավորելու ցանկությամբ և գիտակցելով սույն Կոնվենցիայի՝ որպես խաղաղության, արդարության և աշխարհի բոլոր ժողովուրդների համար առաջադիմության ապահովման գործում կարևոր ներդրումի պատմական նշանակությունը,
նկատի ունենալով, որ 1958 և 1960 թվականներին Ժնևում կայացած ծովային իրավունքի վերաբերյալ Միավորված ազգերի կազմակերպության խորհրդաժողովներից հետո տեղի ունեցած զարգացումներն ընդգծեցին ծովային իրավունքի նոր, բոլորի կողմից ընդունելի կոնվենցիայի մշակման անհրաժեշտությունը,
գիտակցելով, որ ծովային տարածության հիմնախնդիրները սերտորեն փոխկապակցված են և պետք է դիտվեն որպես մեկ ամբողջություն,
ճանաչելով ծովերի և օվկիանոսների համար սույն Կոնվենցիայի միջոցով, հաշվի առնելով բոլոր պետությունների ինքնիշխանությունը, այնպիսի իրավական ռեժիմ սահմանելու ցանկությունը, որը կնպաստի միջազգային հաղորդակցություններին և ծովերն ու օվկիանոսները խաղաղ նպատակներով օգտագործելուն, դրանց պաշարների արդարացի և արդյունավետ օգտագործմանը, կենդանի պաշարների պահպանմանը, ծովային միջավայրի հետազոտմանը, պաշտպանությանը և պահպանմանը,
հաշվի առնելով այն փաստը, որ այդ նպատակների նվաճումը կնպաստի արդարացի և իրավահավասար միջազգային տնտեսական կարգի հաստատմանը, որի պայմաններում հաշվի կառնվեն ողջ մարդկության շահերն ու պահանջները և, մասնավորապես, ինչպես ափամերձ, այնպես էլ դեպի ծով ելք չունեցող զարգացող պետությունների հատուկ շահերն ու պահանջները,
ձգտելով սույն Կոնվենցիայի միջոցով զարգացնել այն սկզբունքները, որոնք ամրագրված են 1970 թվականի դեկտեմբերի N 17 2749 (XXV) բանաձևում, որում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան հանդիսավոր կերպով inter alia հայտարարել է, որ ծովերի ու օվկիանոսների հատակի շրջանը և դրանց ընդերքը` ազգային իրավազորությունից դուրս, ինչպես նաև դրանց պաշարները հանդիսանում են մարդկության ընդհանուր ժառանգությունը, որոնց հետախուզումը և շահագործումը իրականացվում է հանուն ողջ մարդկության բարեկեցության` անկախ պետությունների աշխարհագրական դիրքից,
վստահ լինելով, որ սույն Կոնվենցիայի միջոցով ծովային իրավունքի կոդիֆիկացիան և առաջադիմական զարգացումը կնպաստեն խաղաղության, անվտանգության, բոլոր պետությունների միջև համագործակցության և բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը՝ արդարության և իրավահավասարության սկզբունքներին համապատասխան, ինչպես նաև աշխարհի բոլոր ժողովուրդների տնտեսական և սոցիալական առաջադիմությանը՝ Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության մեջ ամրագրված նպատակներին ու սկզբունքներին համապատասխան,
հաստատելով, որ սույն Կոնվենցիայով չկարգավորվող հարցերը շարունակում են կարգավորվել ընդհանուր միջազգային իրավունքի նորմերով ու սկզբունքներով,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Մաս 1
Ներածություն
Հոդված 1
Տերմինների օգտագործումը և գործողության ոլորտը
1. Սույն Կոնվենցիայի նպատակների համար.
1) «Շրջան» նշանակում է` ծովերի ու օվկիանոսների հատակը և նրանց ընդերքը՝ ազգային իրավազորությունից դուրս,
2) «Մարմին» նշանակում է` ծովի հատակի միջազգային մարմին,
3) «Շրջանում իրականացվող գործունեություն» նշանակում է` Շրջանի պաշարների հետախուզման և շահագործման հետ կապված ցանկացած գործունեություն,
4) «ծովային միջավայրի աղտոտում» նշանակում է` մարդու կողմից ուղղակի կամ անուղղակի կերպով ծովային միջավայր, ներառյալ գետաբերանները, նյութեր կամ էներգիա ներմուծելը, որն առաջացնում է կամ կարող է առաջացնել այնպիսի աղետաբեր հետևանքներ, ինչպիսիք են վնասը ծովային կյանքին և կենդանի պաշարներին, վտանգը մարդու առողջության համար, ծովում գործունեության համար խոչընդոտների ստեղծումը, այդ թվում` ձկնորսության և ծովային տարածության իրավաչափ օգտագործման այլ տեսակների համար, օգտագործվող ծովային ջրի որակի և հանգստի պայմանների վատթարացումը,
5) ա) «աղբանետում» նշանակում է.
i) նավերից, օդանավերից, հենահարթակներից կամ ծովում արհեստականորեն կառուցված այլ կառույցներից թափոնների կամ այլ նյութերի ցանկացած կանխամտածված արտանետում,
ii) նավերի, օդանավերի, հենահարթակների կամ ծովում արհեստականորեն կառուցված այլ կառույցների ցանկացած կանխամտածված ոչնչացում,
բ) «աղբանետում» չի համարվում.
i) այնպիսի թափոնների կամ այլ նյութերի արտանետումը, որոնք նավերի, օդանավերի, հենահարթակների կամ ծովում արհեստականորեն կառուցված այլ կառույցների ու դրանց սարքավորումների բնականոն շահագործման արդյունք են, բացառությամբ այնպիսի թափոնների կամ այլ նյութերի, որոնք փոխադրվում են այդպիսի նյութերը ոչնչացնելու նպատակով շահագործվող նավերի, օդանավերի, հենահարթակների կամ ծովում արհեստականորեն կառուցված այլ կառույցների կողմից, կամ որոնք բերվում են դեպի այդպիսի նավերը, օդանավերը, հենահարթակները կամ ծովում արհեստականորեն կառուցված այլ կառույցները, ինչպես նաև բացառությամբ այնպիսի նյութերի, որոնք այդպիսի նավերի, օդանավերի, հենահարթակների կամ կառույցների կողմից թափոնների կամ այլ նյութերի մշակման արդյունք են,
ii) նյութերի զետեղումը այլ նպատակներով, քան դրանց ոչնչացումն է` պայմանով, որ դա չի հակասում սույն Կոնվենցիայի նպատակներին,
2. 1) «Մասնակից պետություն» նշանակում է` պետություն, որը համաձայնել է սույն Կոնվենցիան իր համար պարտադիր լինելուն, և որի համար սույն Կոնվենցիան մտել է ուժի մեջ:
2) Սույն Կոնվենցիան կիրառվում է mutatis mutandis 305-րդ հոդվածի 1-ին կետի «բ», «գ», «դ», «ե» և «զ» ենթակետերում թվարկված իրավունքի սուբյեկտների նկատմամբ, որոնք սույն Կոնվենցիայի մասնակից են դառնում իրենցից յուրաքանչյուրին բնորոշ պայմաններին համապատասխան, և այդ չափով «մասնակից պետություն» տերմինը վերաբերում է իրավունքի այդ սուբյեկտներին:
Մաս 2
Տարածքային ծով և հարակից գոտի
Բաժին 1
Ընդհանուր դրույթներ
Հոդված 2
Տարածքային ծովի, տարածքային ծովի վրայի օդային տարածության, ինչպես նաև նրա հատակի ու ընդերքի իրավական կարգավիճակը
1. Ափամերձ պետության ինքնիշխանությունը տարածվում է նրա ցամաքային տարածքի և ներքին ջրերի, իսկ արշիպելագ պետության դեպքում՝ նրա արշիպելագային ջրերի սահմաններից դուրս՝ հարակից ծովային գոտու վրա, որն անվանվում է տարածքային ծով:
2. Այդ ինքնիշխանությունը տարածվում է տարածքային ծովի վրայի օդային տարածության, ինչպես նաև նրա հատակի ու ընդերքի վրա:
3. Տարածքային ծովի նկատմամբ ինքնիշխանությունն իրականացվում է սույն Կոնվենցիայի և միջազգային իրավունքի այլ նորմերի հիման վրա:
Բաժին 2
Տարածքային ծովի սահմանները
Հոդված 3
Տարածքային ծովի լայնությունը
Յուրաքանչյուր պետություն իրավունք ունի սահմանելու իր տարածքային ծովի լայնությունը մինչև 12 ծովային մղոնը չգերազանցող սահմանով, որը հաշվարկվում է սույն Կոնվենցիային համապատասխան որոշված ելակետային գծերից:
Հոդված 4
Տարածքային ծովի արտաքին սահմանը
Տարածքային ծովի արտաքին սահմանը այն գիծն է, որի յուրաքանչյուր կետը ելակետային գծի մոտակա կետից գտնվում է տարածքային ծովի լայնությանը հավասար հեռավորության վրա:
Հոդված 5
Բնական ելակետային գիծը
Տարածքային ծովի լայնությունը հաշվարկելու համար բնական ելակետային գիծ է համարվում ափամերձ պետության կողմից պաշտոնապես ճանաչված խոշոր մասշտաբի ծովային քարտեզների վրա նշված առավելագույն տեղատվության գիծը ափի երկարությամբ, եթե սույն Կոնվենցիայով այլ բան նախատեսված չէ:
Հոդված 6
Խութեր
Ատոլների վրա գտնվող կղզիների կամ խութերով շրջապատված կղզիների պարագայում տարածքային ծովի լայնությունը հաշվարկելու համար ելակետային գիծ է համարվում դեպի ծովն ուղղված խութերի գիծը առավելագույն տեղատվության ժամանակ, ինչպես դա ափամերձ պետության կողմից պաշտոնապես ճանաչված ծովային քարտեզների վրա պատկերված է համապատասխան նշանի ձևով:
Հոդված 7
Ուղիղ ելակետային գծեր
1. Այն տեղերում, որտեղ առափնյա գիծը խորը կտրտված և ոլորուն է, կամ որտեղ ափի երկարությամբ և նրա անմիջական հարևանությամբ գոյություն ունի կղզիների շղթա, ելակետային գիծն անցկացնելու համար, որից հաշվարկվում է տարածքային ծովի լայնությունը, կարող է կիրառվել համապատասխան կետերը միացնող ուղիղ ելակետային գծերի մեթոդը:
2. Այնտեղ, ուր դելտայի առկայության կամ բնական այլ պայմանների հետևանքով առափնյա գիծը խիստ անկայուն է, համապատասխան կետերը կարող են ընտրվել առավելագույն տեղատվության՝ դեպի ծովի խորքը գնացող գծի երկարությամբ, և, չնայած առավելագույն տեղատվության գծի հետագա նահանջին, ուղիղ ելակետային գծերը պահպանվում են այնքան ժամանակ, քանի դեռ չեն փոփոխվել ափամերձ պետության կողմից՝ սույն Կոնվենցիային համապատասխան:
3. Ուղիղ ելակետային գծերն անցկացնելիս չեն թույլատրվում քիչ թե շատ նկատելի շեղումներ ափի ընդհանուր ուղղությունից, իսկ ծովի՝ այդ գծերից ներս գտնվող հատվածները պետք է բավականաչափ սերտ կապված լինեն առափնյա տարածքի հետ, որ նրանց վրա տարածվի ներքին ջրերի ռեժիմը:
4. Ուղիղ ելակետային գծերը դեպի տեղատվության ժամանակ ցամաքող բարձունքները կամ այդ բարձունքներից անցկացվում են միայն այն դեպքում, երբ դրանց վրա կառուցված են փարոսներ կամ մշտապես ծովի մակերևույթից բարձր գտնվող նման կառույցներ, կամ եթե դեպի այդ բարձունքները կամ այդ բարձունքներից ուղիղ ելակետային գծերի անցկացումը ստացել է համընդհանուր միջազգային ճանաչում:
5. Այն դեպքում, երբ, համաձայն 1-ին կետի, պետք է կիրառվի ուղիղ ելակետային գծերի մեթոդը, առանձին ելակետային գծեր սահմանելիս կարող են հաշվի առնվել տվյալ շրջանի առանձնահատուկ տնտեսական շահերը, որոնց առկայությունը և կարևորությունը ակնհայտ կերպով ապացուցված են դրանց երկարատև գործածությամբ:
6. Որևէ պետության կողմից ուղիղ ելակետային գծերի համակարգը չի կարող կիրառվել այնպես, որ մեկ այլ պետության տարածքային ծովը կտրված լինի բաց ծովից կամ բացառիկ տնտեսական գոտուց:
Հոդված 8
Ներքին ջրեր
1. Բացառությամբ 4-րդ մասում նախատեսված դեպքերի` տարածքային ծովի ելակետային գծից դեպի ափ գտնվող ջրերը կազմում են պետության ներքին ջրերի մասը:
2. Այն դեպքում, երբ 7-րդ հոդվածում նախատեսված մեթոդով ուղիղ ելակետային գծի սահմանումը հանգեցնում է նրան, որ ներքին ջրերի մեջ են ներառվում այնպիսի շրջաններ, որոնք մինչ այդ այդպիսին չեն համարվել, այդ ջրերում կիրառվում է սույն Կոնվենցիայով նախատեսված խաղաղ անցման իրավունքը:
Հոդված 9
Գետաբերաններ
Եթե գետն ուղղակի թափվում է ծովը, ելակետային գիծ է հանդիսանում գետի ափերին գտնվող՝ առավելագույն տեղատվության գծին համապատասխանող կետերի միջև գետաբերանի լայնքով անցկացվող ուղիղ գիծը:
Հոդված 10
Ծովածոցեր
1. Սույն հոդվածը վերաբերում է միայն այն ծովածոցերին, որոնց ափերը պատկանում են մեկ պետության:
2. Սույն Կոնվենցիայի նպատակների համար ծովածոց է համարվում ափի լավ ընդգծված խորացումը, որը նրա մուտքի լայնության համեմատ այն չափով է մխրճվում ցամաք, որ պարունակում է ցամաքով շրջապատված ջրեր և ավելին է, քան ուղղակի ափի աղեղը: Խորացումը ծովածոց չի համարվում, եթե նրա մակերեսը հավասար չէ կամ ավելի չէ այն կիսաշրջանի մակերեսից, որի տրամագիծն է այդ խորացման մուտքը հատող գիծը:
3. Չափումների համար խորացման մակերես է համարվում նրա ափի շուրջ առավելագույն տեղատվության կետի և նրա բնական մուտքի կետերի առավելագույն տեղատվության նշանները միացնող գծի միջև գտնվող մակերեսը: Եթե կղզիների առկայության հետևանքով խորացումն ունի մի քանի մուտք, այդպիսի կիսաշրջանի տրամագիծ է համարվում այն գիծը, որի երկարությունը հավասար է առանձին մուտքերը հատող գծերի երկարությունների գումարին: Խորացման ներսում գտնվող կղզիները համարվում են այդ խորացման ջրային տարածության մաս:
4. Եթե ծովածոցի բնական մուտքի կետերի առավելագույն տեղատվության նշանների միջև հեռավորությունը չի գերազանցում 24 ծովային մղոնը, վերջնագիծը կարող է անցկացվել առավելագույն տեղատվության այդ երկու նշանների միջև, և այդ կերպ ներփակված ջրերը համարվում են ներքին ջրեր:
5. Եթե ծովածոցի բնական մուտքի կետերի առավելագույն տեղատվության նշանների միջև հեռավորությունը գերազանցում է 24 ծովային մղոնը, 24 ծովային մղոն երկարությամբ ուղիղ ելակետային գիծը ծովածոցի ներսում անցկացվում է այնպես, որ այդ երկարությամբ գծով ներառվի հնարավորինս մեծ ջրային տարածություն:
6. Վերը շարադրված դրույթները չեն տարածվում, այսպես կոչված, «պատմական» ծովածոցերի կամ բոլոր այն դեպքերի վրա, երբ կիրառվում է 7-րդ հոդվածում նախատեսված ուղիղ ելակետային գծերի համակարգը:
Հոդված 11
Նավահանգիստներ
Տարածքային ծովի սահմանները հաշվարկելու նպատակով տվյալ նավահանգստի համակարգի բաղկացուցիչ մաս հանդիսացող և դեպի ծովն առավել առաջ գնացած մշտական նավահանգստային կառույցները համարվում են ափի մաս: Ափամերձ կառույցները և արհեստական կղզիները չեն համարվում մշտական նավահանգստային կառույցներ:
Հոդված 12
Խարսխակայաններ
Այն խարսխակայանները, որոնք սովորաբար օգտագործվում են նավերի բեռնման, բեռնաթափման և կանգառի համար, և որոնք այլապես ամբողջովին կամ մասամբ կգտնվեին տարածքային ծովի արտաքին սահմանից դուրս, ներառվում են տարածքային ծովի մեջ:
Հոդված 13
Տեղատվության ժամանակ ցամաքող բարձունքներ
1. Տեղատվության ժամանակ ցամաքող բարձունքը ջրով շրջապատված բնական ճանապարհով առաջացած ցամաքային տարածություն է, որը տեղատվության ժամանակ բարձր է ջրի մակարդակից, իսկ մակընթացության ժամանակ ծածկվում է ջրով: Եթե տեղատվության ժամանակ ցամաքող բարձունքը մայրցամաքից կամ կղզուց ամբողջովին կամ մասամբ գտնվում է տարածքային ծովի լայնությունը չգերազանցող հեռավորության վրա, այդ բարձունքի առավելագույն տեղատվության գիծը կարող է օգտագործվել որպես տարածքային ծովի լայնությունը հաշվարկելու համար ելակետային գիծ:
2. Եթե տեղատվության ժամանակ ցամաքող բարձունքը մայրցամաքից կամ կղզուց ամբողջովին գտնվում է տարածքային ծովի լայնությունը գերազանցող հեռավորության վրա, ուրեմն նա չունի իր տարածքային ծովը:
Հոդված 14
Ելակետային գծերի որոշման մեթոդների զուգակցումը
Տարբեր պայմաններից ելնելով՝ ափամերձ պետությունը կարող է ելակետային գծերը սահմանել՝ հաջորդաբար օգտագործելով նախորդ հոդվածներում նախատեսված մեթոդներից յուրաքանչյուրը:
Հոդված 15
Հակադիր կամ հարակից ափեր ունեցող պետությունների միջ և տարածքային ծովի դելիմիտացիան
Եթե երկու պետությունների ափերը գտնվում են դեմ դիմաց կամ հարում են միմյանց, ո՛չ մեկը, ո՛չ մյուսը, եթե նրանց միջև այլ համաձայնություն չի կայացվել, իրավունք չունեն իրենց տարածքային ծովը տարածել այն միջնագծից դուրս, որն անցկացվել է այնպես, որ նրա յուրաքանչյուր կետ գտնվի հավասար հեռավորության վրա այն ելակետային գծերի մոտակա կետերից, որոնցից հաշվարկվում է այդ երկու պետություններից յուրաքանչյուրի տարածքային ծովի լայնությունը: Սակայն վերը նշված դրույթը չի կիրառվում, եթե պատմականորեն ձևավորված իրավական հիմքերի կամ այլ հատուկ հանգամանքների ուժով երկու պետությունների տարածքային ծովերն անհրաժեշտ է սահմանազատել այլ կերպ, քան դա նախատեսված է սույն հոդվածով:
Հոդված 16
Քարտեզներ և աշխարհագրական կոորդինատների ցանկեր
1. 7-րդ, 9-րդ և 10-րդ հոդվածներին համապատասխան սահմանված` տարածքային ծովի լայնության հաշվարկման համար ելակետային գծերը կամ դրանց հիման վրա որոշված սահմանները, և 12-րդ ու 15-րդ հոդվածներին համապատասախան անցկացված սահմանազատման գծերը նշվում են այնպիսի մասշտաբի կամ մասշտաբների ծովային քարտեզների վրա, որոնք պիտանի են դրանց տեղադրությունը ճիշտ որոշելու համար: Դրանք որպես այլընտրանք կարող են փոխարինվել կետերի աշխարհագրական կոորդինատների ցանկով` հիմնական ելակետային երկրաբաշխական տվյալների նշումով:
2. Ափամերձ պետությունը պետք է պատշաճ կերպով հրապարակի այդպիսի քարտեզները կամ աշխարհագրական կոորդինատների ցանկերը և յուրաքանչյուր քարտեզի կամ յուրաքանչյուր ցանկի պատճենն ի պահ հանձնի Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին:
Բաժին 3
Տարածքային ծովով խաղաղ անցումը
Ենթաբաժին Ա
Բոլոր նավերի նկատմամբ կիրառվող կանոններ
Հոդված 17
Խաղաղ անցման իրավունք
Ինչպես ափամերձ, այնպես էլ դեպի ծով ելք չունեցող բոլոր պետությունների նավերն օգտվում են տարածքային ծովով խաղաղ անցման իրավունքից` պահպանելով սույն Կոնվենցիայի դրույթները:
Հոդված 18
Անցման հասկացությունը
1. Անցման տակ հասկացվում է տարածքային ծովով նավարկությունը`
ա) այդ ծովը, առանց ներքին ջրեր մտնելու կամ խարսխակայանում կամ ներքին ջրերի սահմաններից դուրս գտնվող նավահանգստային կառույցի մոտ կանգառի հատելը, կամ
բ) ներքին ջրեր մտնելու կամ այդ ջրերից դուրս գալու կամ այդպիսի խարսխակայանում կամ այդպիսի նավահանգստային կառույցի մոտ կայանելու նպատակով:
2. Անցումը պետք է լինի անընդհատ և արագ: Սակայն անցումը ներառում է կանգառը և խարսխականգառը այնքանով, որքանով դրանք կապված են սովորական նավարկության հետ կամ անհրաժեշտ են անհաղթահարելի ուժի կամ աղետի հետևանքով կամ վտանգի մեջ գտնվող կամ վթարի ենթարկված անձանց, նավերին կամ օդանավերին օգնություն ցույց տալու նպատակով:
Հոդված 19
Խաղաղ անցման հասկացությունը
1. Անցումը խաղաղ է համարվում, եթե չի խախտվում ափամերձ պետության խաղաղությունը, սահմանված կարգը կամ անվտանգությունը: Անցումը պետք է կատարվի սույն Կոնվենցիային և միջազգային իրավունքի այլ նորմերին համապատասախան:
2. Օտարերկրյա նավի անցումը խախտում է ափամերձ պետության խաղաղությունը, սահմանված կարգը կամ անվտանգությունը, եթե այն տարածքային ծովում իրականացնում է գործունեության հետևյալ տեսակներից որևէ մեկը.
ա) ուժի սպառնալիքի կամ ուժի կիրառում ափամերձ պետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ կամ որևէ այլ կերպ` ի խախտումն Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության մեջ ամրագրված միջազգային իրավունքի սկզբունքների,
բ) ցանկացած զորաշարժ կամ զինավարժություն զենքի ցանկացած տեսակով,
գ) ցանկացած ակտ` ուղղված տեղեկատվության հավաքմանը` ի վնաս ափամերձ պետության պաշտպանությանը կամ անվտանգությանը,
դ) քարոզչության ցանկացած ակտ, որը նպատակ ունի ոտնձգություն կատարելու ափամերձ պետության պաշտպանության կամ անվտանգության դեմ,
ե) ցանկացած օդանավի թռիչք, վայրէջք կամ նավի վրա ընդունում,
զ) ցանկացած ռազմական սարքի թռիչք, վայրէջք կամ նավի վրա ընդունում,
է) ցանկացած ապրանքի կամ տարադրամի բեռնում կամ բեռնաթափում, ցանկացած անձի նավ նստեցնելը կամ իջեցնելը` ի խախտումն ափամերձ պետության մաքսային, գանձապետական (ֆիսկալ), ներգաղթային կամ սանիտարական օրենքների ու կանոնների,
ը) կանխամտածված և լուրջ աղտոտման ցանկացած ակտ` ի խախտումն սույն Կոնվենցիայի,
թ) ցանկացած ձկնորսական գործունեություն,
ժ) հետազոտական կամ ջրագրական գործունեություն,
ժա) ցանկացած ակտ` ուղղված ափամերձ պետության կապի ցանկացած համակարգի կամ ցանկացած այլ կառույցի ու սարքի գործողության համար խոչընդոտների ստեղծմանը,
ժբ) ցանկացած այլ գործունեություն, որն անմիջականորեն կապված չէ անցման հետ:
Հոդված 20
Սուզանավեր և այլ ստորջրյա տրանսպորտային միջոցներ
Սուզանավերը և այլ ստորջրյա տրանսպորտային միջոցները տարածքային ծովով պետք է անցնեն մակերևույթի վրա և բարձրացնեն իրենց դրոշը:
Հոդված 21
Խաղաղ անցման վերաբերյալ ափամերձ պետության օրենքներն ու կանոնները
1. Սույն Կոնվենցիայի դրույթներին և միջազգային իրավունքի այլ նորմերին համապատասխան` ափամերձ պետությունը կարող է տարածքային ծովով խաղաղ անցման վերաբերյալ ընդունել օրենքներ ու կանոններ, որոնք վերաբերում են ստորև թվարկված բոլոր հարցերին կամ դրանց մի մասին.
ա) նավագնացության անվտանգությանը և նավերի երթևեկության կարգավորմանը,
բ) նավագնացության միջոցների և սարքավորումների, ինչպես նաև այլ կառույցների կամ սարքերի պաշտպանությանը,
գ) մալուխների և խողովակաշարերի պաշտպանությանը,
դ) ծովի կենդանի պաշարների պահպանմանը,
ե) ափամերձ պետության ձկնորսական օրենքների ու կանոնների խախտումների կանխարգելմանը,
զ) ափամերձ պետության շրջակա միջավայրի պահպանմանը և դրա աղտոտման կանխարգելմանը, կրճատմանը և վերահսկմանը,
է) ծովային գիտական հետազոտություններին և ջրագրական նկարահանումներին,
ը) ափամերձ պետության մաքսային, գանձապետական (ֆիսկալ), ներգաղթային կամ սանիտարական օրենքների ու կանոնների խախտումների կանխարգելմանը:
2. Այդ օրենքներն ու կանոնները չեն վերաբերում օտարերկրյա նավերի նախագծմանը, կառուցմանը, սարքավորմանը կամ անձնակազմի համալրմանը, եթե դրանք գործողության մեջ չեն դնում միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմեր ու չափորոշիչներ:
3. Ափամերձ պետությունը պատշաճ կերպով հրապարակում է բոլոր այդ օրենքներն ու կանոնները:
4. Իրականացնելով տարածքային ծովով խաղաղ անցման իրավունքը` օտարերկրյա նավերը պետք է պահպանեն բոլոր այդ օրենքներն ու կանոնները և ծովում վթարների կանխմանը վերաբերող բոլոր հանրաճանաչ միջազգային կանոնները:
Հոդված 22
Ծովային միջանցքները և տարածքային ծովում երթևեկության տարանջատման սխեմաները
1. Հաշվի առնելով նավագնացության անվտանգության ապահովման անհրաժեշտությունը` ափամերձ պետությունը կարող է իր տարածքային ծովով խաղաղ անցման իրավունքն իրականացնող օտարերկրյա նավերից պահանջել, որ նրանք օգտագործեն այն ծովային միջանցքները և երթևեկության տարանջատման սխեմաները, որոնք ինքը կարող է սահմանել կամ նշանակել նավերի անցումը կարգավորելու համար:
2. Մասնավորապես, այդպիսի ծովային միջանցքներով անցնելու պահանջ կարող է ներկայացվել լցանավերին, միջուկային շարժիչով նավերին և միջուկային ու իրենց բնույթով վտանգավոր կամ թունավոր այլ նյութեր փոխադրող նավերին:
3. Սույն հոդվածին համապատասխան ծովային միջանցքներ և երթևեկության տարանջատման սխեմաներ սահմանելով` ափամերձ պետությունը հաշվի է առնում.
ա) իրավասու միջազգային կազմակերպության հանձնարարականները,
բ) բոլոր ուղիները, որոնք սովորաբար օգտագործվում են միջազգային նավագնացության համար,
գ) որոշակի նավերի և ուղիների հատուկ բնութագրերը, և
դ) նավերի երթևեկության ինտենսիվությունը:
4. Ափամերձ պետությունը հստակ նշում է այդ ծովային միջանցքները և երթևեկության տարանջատման սխեմաները պատշաճ կերպով հրապարակվող ծովային քարտեզների վրա:
Հոդված 23
Միջուկային շարժիչով օտարերկրյա նավեր և միջուկային ու իրենց բնույթով վտանգավոր կամ թունավոր այլ նյութեր փոխադրող նավեր
Տարածքային ծովով խաղաղ անցման իրավունքն իրականացնելիս միջուկային շարժիչով օտարերկրյա նավերը, ինչպես նաև միջուկային ու իրենց բնույթով վտանգավոր կամ թունավոր այլ նյութեր փոխադրող նավերը պետք է ունենան համապատասխան փաստաթղթեր և պահպանեն միջազգային համաձայնագրերով այդպիսի նավերի համար սահմանված հատուկ նախազգուշական միջոցները:
Հոդված 24
Ափամերձ պետության պարտականությունները
1. Ափամերձ պետությունը չպետք է խոչընդոտի տարածքային ծովով օտարերկրյա նավերի խաղաղ անցմանը` բացառությամբ սույն Կոնվենցիայով նախատեսված դեպքերի: Մասնավորապես, սույն Կոնվենցիան կամ սույն Կոնվենցիային համապատասխան ընդունված ցանկացած օրենք կամ կանոն կիրառելիս ափամերձ պետությունը չպետք է.
ա) օտարերկրյա նավերին ներկայացնի այնպիսի պահանջներ, որոնք գործնականում նրանց զրկում են խաղաղ անցման իրավունքից կամ խախտում են այդ իրավունքը, կամ
բ) թույլ տա ո՛չ ըստ ձևի, ո՛չ ըստ էության խտրականություն ցանկացած պետության նավերի կամ ցանկացած պետություն, ցանկացած պետությունից կամ նրա անունից բեռներ փոխադրող նավերի նկատմամբ:
2. Ափամերձ պետությունը պետք է պատշաճ կերպով տեղեկացնի իր տարածքային ծովում նավագնացության համար իրեն հայտնի ցանկացած վտանգի մասին:
Հոդված 25
Ափամերձ պետության պաշտպանության իրավունքները
1. Ափամերձ պետությունը կարող է իր տարածքային ծովում ձեռնարկել միջոցներ, որոնք անհրաժեշտ են ոչ խաղաղ բնույթի անցումը կանխելու համար:
2. Դեպի ներքին ջրեր նավարկող կամ ներքին ջրերի սահմաններից դուրս գտնվող նավահանգստային կառույցներից օգտվող նավերի նկատմամբ ափամերձ պետությունն իրավունք ունի նաև ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ դեպի ներքին ջրեր նավարկելու և նավահանգստային կառույցներից օգտվելու պայմանների ցանկացած խախտում կանխելու համար:
3. Առանց օտարերկրյա նավերի միջև ըստ ձևի կամ ըստ էության խտրականության` ափամերձ պետությունը կարող է իր տարածքային ծովի որոշակի շրջաններում ժամանակավորապես կասեցնել օտարերկրյա նավերի խաղաղ անցման իրավունքի իրականացումը, եթե այդպիսի կասեցումն ունի էական նշանակություն իր անվտանգության ապահովման համար, ներառյալ զենքի օգտագործմամբ զինավարժությունները: Այդպիսի կասեցումն ուժի մեջ է մտնում միայն դրա մասին պատշաճ կերպով հայտարարելուց հետո:
Հոդված 26
Օտարերկրյա նավերից գանձումներ
1. Օտարերկրյա նավերից միայն տարածքային ծովով անցման համար գանձումներ չեն թույլատրվում:
2. Տարածքային ծովով անցնող օտարերկրյա նավից կարող են գանձումներ կատարվել միայն այդ նավին մատուցված որոշակի ծառայությունների դիմաց: Այդ գանձումները կատարվում են առանց խտրականության:
Ենթաբաժին Բ
Առևտրանավերի և առևտրային նպատակներով շահագործվող պետական նավերի նկատմամբ կիրառվող կանոններ
Հոդված 27
Քրեական իրավազորությունը օտարերկրյա նավի վրա
1. Ափամերձ պետության քրեական իրավազորությունը չպետք է իրականացվի տարածքային ծովով անցնող օտարերկրյա նավի վրա` որևէ անձի կալանավորելու կամ անցման ժամանակ նավի վրա կատարված ցանկացած հանցագործության կապակցությամբ քննություն կատարելու համար` բացառությամբ հետևյալ դեպքերի.
ա) եթե հանցագործության հետևանքները տարածվում են ափամերձ պետության վրա,
բ) եթե կատարված հանցագործությունն իր բնույթով այնպիսին է, որ խախտում է անդորրը երկրում կամ տարածքային ծովում սահմանված կարգը,
գ) եթե նավապետը, դրոշի պետության դիվանագիտական գործակալը կամ հյուպատոսական պաշտոնատար անձը օգնություն ցույց տալու խնդրանքով դիմում են տեղական իշխանություններին, կամ
դ) եթե այդպիսի միջոցներն անհրաժեշտ են թմրամիջոցների կամ հոգեներգործող նյութերի ապօրինի առևտուրը կանխելու համար:
2. Վերը շարադրված դրույթները չեն ազդում ափամերձ պետության` ներքին ջրերից դուրս գալուց հետո տարածքային ծովով անցնող օտարերկրյա նավի վրա կալանավորման կամ քննության համար իր օրենքներով թույլատրված ցանկացած միջոց ձեռնարկելու իրավունքի վրա:
3. 1-ին և 2-րդ կետերում նշված դեպքերում ափամերձ պետությունը, նավապետի խնդրանքով, մինչև որևէ միջոց ձեռնարկելը պետք է տեղեկացնի դրոշի պետության դիվանագիտական գործակալին կամ հյուպատոսական պաշտոնատար անձին և նպաստի կապի հաստատմանը նշված գործակալի կամ պաշտոնատար անձի և նավի անձնակազմի միջև: Ծայրահեղ անհետաձգելի դեպքերում կարելի է տեղեկացնել այն ժամանակ, երբ արդեն ձեռնարկվում են նշված միջոցները:
4. Կալանավորման անհրաժեշտության կամ դրա իրականացման եղանակի հարցը լուծելիս տեղական իշխանությունները պետք է պատշաճ կերպով հաշվի առնեն նավագնացության շահերը:
5. Բացառությամբ 12-րդ մասում նախատեսված դեպքերի կամ 5-րդ մասին համապատասխան ընդունված օրենքների ու կանոնների խախտումների` ափամերձ պետությունը չի կարող տարածքային ծովով անցնող օտարերկրյա նավի վրա միջոցներ ձեռնարկել որևէ անձի կալանավորելու կամ մինչև տարածքային ծով մտնելը նավի վրա կատարված հանցագործության կապակցությամբ քննություն կատարելու համար, եթե նավը, գալով օտարերկրյա նավահանգստից, սահմանափակվում է տարածքային ծովով անցնելով` չմտնելով ներքին ջրերը:
Հոդված 28
Քաղաքացիական իրավազորությունը օտարերկրյա նավերի նկատմամբ
1. Ափամերձ պետությունը չպետք է կանգնեցնի տարածքային ծովով անցնող օտարերկրյա նավը կամ փոխի նրա ուղղությունը` նավի վրա գտնվող անձի նկատմամբ քաղաքացիական իրավազորություն իրականացնելու նպատակով:
2. Ափամերձ պետությունը կարող է այդպիսի նավի նկատմամբ տույժի միջոցներ կամ կալանք կիրառել ցանկացած քաղաքացիական գործով միայն ափամերձ պետության ջրերով անցնելու համար կամ դրա ժամանակ այդ նավի ստանձնած կամ ձեռք բերած պարտավորությունների կամ պատասխանատվության ուժով:
3. 2-րդ կետը չի ազդում տարածքային ծովում կայանած կամ ներքին ջրերից դուրս գալուց հետո տարածքային ծովով անցնող օտարերկրյա նավի նկատմամբ ափամերձ պետության կողմից, քաղաքացիական գործով իր օրենքներին համապատասխան, տույժի միջոցներ կամ կալանք կիրառելու իրավունքի վրա:
Ենթաբաժին Գ
Ռազմանավերի և ոչ առևտրային նպատակներով շահագործվող այլ պետական նավերի նկատմամբ կիրառվող կանոններ
Հոդված 29
Ռազմանավերի սահմանումը
Սույն Կոնվենցիայի նպատակների համար «ռազմանավ» նշանակում է` որևէ պետության զինված ուժերին պատկանող նավ, որն ունի իր ազգային պատկանելության նավերը տարբերակող արտաքին նշաններ, գտնվում է տվյալ պետության կառավարական ծառայության մեջ գտնվող սպայի հրամանատարության ներքո, որի ազգանունը մտցված է զինծառայողների համապատասխան ցուցակի կամ դրան համարժեք փաստաթղթի մեջ, և որն ունի կանոնավոր զինվորական կարգապահությանը ենթարկվող անձնակազմ:
Հոդված 30
Ռազմանավերի կողմից ափամերձ պետության օրենքներն ու կանոնները չպահպանելը
Եթե որևէ ռազմանավ չի պահպանում տարածքային ծովով անցման վերաբերյալ ափամերձ պետության օրենքներն ու կանոնները և անտեսում է դրանք պահպանելու վերաբերյալ իրեն ուղղված ցանկացած պահանջ, ափամերձ պետությունը կարող է պահանջել նրանից անմիջապես լքել տարածքային ծովը:
Հոդված 31
Դրոշի պետության պատասխանատվությունը ռազմանավի կամ ոչ առևտրային նպատակներով շահագործվող այլ պետական նավի պատճառած վնասի համար
Դրոշի պետությունը միջազգային պատասխանատվություն է կրում ափամերձ պետությանը պատճառված ցանկացած վնասի կամ կորստի համար, որոնք որևէ ռազմանավի կամ ոչ առևտրային նպատակներով շահագործվող այլ պետական նավի` տարածքային ծովով անցման վերաբերյալ ափամերձ պետության օրենքների ու կանոնների կամ սույն Կոնվենցիայի դրույթների կամ միջազգային իրավունքի այլ նորմերի չպահպանման արդյունք են:
Հոդված 32
Ռազմանավերի և ոչ առևտրային նպատակներով շահագործվող այլ պետական նավերի անձեռնմխելիությունը
Բացառությամբ Ա ենթաբաժնում և 30-րդ ու 31-րդ հոդվածներում նախատեսված դեպքերի` սույն Կոնվենցիայի ոչ մի դրույթ չի ազդում ռազմանավերի և ոչ առևտրային նպատակներով շահագործվող այլ պետական նավերի անձեռնմխելիության վրա:
Բաժին 4
Հարակից գոտի
Հոդված 33
Հարակից գոտի
1. Ափամերձ պետությունն իր տարածքային ծովին հարակից գոտում, որն անվանվում է հարակից գոտի, կարող է իրականացնել վերահսկողություն, որն անհրաժեշտ է.
ա) իր տարածքի կամ տարածքային ծովի սահմաններում մաքսային, գանձապետական (ֆիսկալ), ներգաղթային կամ սանիտարական օրենքների ու կանոնների խախտումները կանխելու համար,
բ) իր տարածքի կամ տարածքային ծովի սահմաններում կատարված` վերը նշված օրենքների ու կանոնների խախտումների համար պատժելու նպատակով:
2. Հարակից գոտին չի կարող տարածվել այն ելակետային գծերից 24 ծովային մղոնի սահմաններից դուրս, որոնցից հաշվարկվում է տարածքային ծովի լայնությունը:
Մաս 3
Միջազգային նավագնացության համար օգտագործվող նեղուցներ
Բաժին 1
Ընդհանուր դրույթներ
Հոդված 34
Միջազգային նավագնացության համար օգտագործվող նեղուցներ կազմող ջրերի իրավական կարգավիճակը
1. Միջազգային նավագնացության համար օգտագործվող նեղուցներով անցման` սույն մասում սահմանված ռեժիմն այլ տեսակետներից չի ազդում այդ նեղուցները կազմող ջրերի իրավական կարգավիճակի կամ նեղուցներին սահմանակից պետությունների կողմից այդ ջրերի, դրանց վրայի օդային տարածության, դրանց հատակի և ընդերքի նկատմամբ իրենց ինքնիշխանության կամ իրավազորության իրականացման վրա:
2. Նեղուցներին սահմանակից պետությունների ինքնիշխանությունը կամ իրավազորությունը իրականացվում է սույն մասի և միջազգային իրավունքի այլ նորմերին համապատասխան:
Հոդված 35
Սույն մասի գործողության ոլորտը
Սույն մասի որևէ դրույթ չի ազդում.
ա) նեղուցի սահմաններում ներքին ջրերի ցանկացած շրջանի վրա` բացառությամբ այն դեպքերի, երբ, 7-րդ հոդվածում նախատեսված մեթոդին համապատասխան, ուղիղ ելակետային գիծը սահմանելիս ներքին ջրերի մեջ են ներառվում այնպիսի շրջաններ, որոնք մինչ այդ այդպիսին չեն համարվել,
բ) նեղուցներին սահմանակից պետությունների տարածքային ծովի սահմաններից դուրս գտնվող այնպիսի ջրերի իրավական կարգավիճակի վրա, ինչպիսիք են բացառիկ տնտեսական գոտիները կամ բաց ծովը, կամ
գ) այն նեղուցների իրավական ռեժիմի վրա, որոնցով անցումը ամբողջովին կամ մասամբ կարգավորվում է հատուկ այդ նեղուցներին վերաբերող` վաղուց ի վեր գոյություն ունեցող և ուժի մեջ մտած միջազգային կոնվենցիաներով:
Հոդված 36
Միջազգային նավագնացության համար օգտագործվող նեղուցներում գտնվող՝ բաց ծովով կամ բացառիկ տնտեսական գոտիով անցնող ուղիները
Սույն մասը չի կիրառվում միջազգային նավագնացության համար օգտագործվող նեղուցի նկատմամբ, եթե այդ նեղուցում գոյություն ունի նավավարական և ջրագրական պայմանների տեսակետից նույնքան հարմար` բաց ծովով կամ բացառիկ տնտեսական գոտիով անցնող ուղի. այդ ուղիներում կիրառվում են սույն Կոնվենցիայի այլ համապատասխան մասերը` ներառյալ նավագնացության և թռիչքների ազատության վերաբերյալ դրույթները:
Բաժին 2
Տարանցիկ անցում
Հոդված 37
Սույն բաժնի գործողության ոլորտը
Սույն բաժինը կիրառվում է բաց ծովի կամ բացառիկ տնտեսական գոտու մի մասի և բաց ծովի կամ բացառիկ տնտեսական գոտու մյուս մասի միջև միջազգային նավագնացության համար օգտագործվող նեղուցների նկատմամբ:
Հոդված 38
Տարանցիկ անցման իրավունք
1. 37-րդ հոդվածում նշված նեղուցներում բոլոր նավերը և օդանավերն օգտվում են տարանցիկ անցման իրավունքից, որի իրականացմանը չի թույլատրվում խոչընդոտել, բացառությամբ այն դեպքի, երբ նեղուցն առաջանում է նեղուցին սահմանակից պետության որևէ կղզու և այդ պետության ցամաքային տարածքի միջոցով, տարանցիկ անցում չի կիրառվում, եթե կղզուց դեպի ծով գոյություն ունի նավավարական և ջրագրական պայմանների տեսակետից նույնքան հարմար` բաց ծովով կամ բացառիկ տնտեսական գոտիով անցնող ուղի:
2. Տարանցիկ անցումը նշանակում է սույն մասի համապատասխան նավագնացության և թռիչքների ազատության իրականացում` բաց ծովի կամ բացառիկ տնտեսական գոտու մի մասի և բաց ծովի կամ բացառիկ տնտեսական գոտու մյուս մասի միջև նեղուցով անընդհատ և արագ տարանցման նպատակով: Սակայն անընդհատ և արագ տարանցման պահանջը չի բացառում նեղուցին սահմանակից պետություն մտնելու, այդ պետությունից դուրս գալու կամ վերադառնալու նպատակով նեղուցով անցումը` պահպանելով այդ պետություն մտնելու պայմանները:
3. Նեղուցով տարանցիկ անցման իրավունքի իրականացում չհանդիսացող ցանկացած գործունեության վրա տարածվում են սույն Կոնվենցիայի այլ դրույթները:
Հոդված 39
Նավերի և օդանավերի պարտականությունները տարանցիկ անցման ժամանակ
1. Տարանցիկ անցման իրավունքն իրականացնելիս նավերը և օդանավերը պետք է`
ա) առանց հապաղելու` անցնեն նեղուցով կամ նրա վրայով,
բ) ձեռնպահ մնան ուժի սպառնալիքի կամ ուժի կիրառումից նեղուցին սահմանակից պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ կամ որևէ այլ կերպ` ի խախտումն Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության մեջ ամրագրված միջազգային իրավունքի սկզբունքների,
գ) ձեռնպահ մնան ցանկացած գործունեությունից` բացի այն գործունեությունից, որը հատուկ է անընդհատ և արագ տարանցման սահմանված կարգին, բացառությամբ այն դեպքերի, երբ այդպիսի գործունեությունը պայմանավորված է անհաղթահարելի ուժի կամ աղետի հանգամանքներով,
դ) պահպանեն սույն մասի այլ համապատասխան դրույթները:
2. Տարանցիկ անցման ժամանակ նավերը պետք է`
ա) պահպանեն ծովում անվտանգության վերաբերյալ հանրաճանաչ միջազգային կանոնները, ընթացակարգերը և պրակտիկան, ներառյալ ծովում բախումների կանխման վերաբերյալ միջազգային կանոնները,
բ) պահպանեն նավերից աղտոտման կանխարգելման, կրճատման և վերահսկման վերաբերյալ հանրաճանաչ միջազգային կանոնները, ընթացակարգերը և պարկտիկան:
3. Տարանցիկ թռիչքի ժամանակ օդանավերը պետք է`
ա) պահպանեն Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից սահմանված թռիչքների կանոնները այնքանով, որքանով դրանք վերաբերում են քաղաքացիական ավիացիային. պետական օդանավերը, որպես կանոն, կպահպանեն անվտանգության այդպիսի միջոցները և մշտապես կշահագործվեն` պատշաճ կերպով հաշվի առնելով թռիչքների անվտանգությունը,
բ) մշտապես վերահսկեն միջազգային կարգով նշանակված օդային երթևեկության վերահսկման իրավասու մարմնի կողմից հատկացված ռադիոհաճախականությունները կամ աղետի մասին ազդանշաններ փոխանցելու համար հատկացված համապատասխան միջազգային ռադիոհաճախականությունները:
Հոդված 40
Հետազոտություններ և ջրագրական նկարահանումներ
Նեղուցներով տարանցիկ անցման ժամանակ օտարերկրյա նավերը, այդ թվում` ծովային գիտահետազոտական և ջրագրական նավերը, չեն կարող կատարել որևէ հետազոտություն կամ ջրագրական նկարահանում` առանց նեղուցներին սահմանակից պետությունների նախնական թույլտվության:
Հոդված 41
Ծովային միջանցքները և միջազգային նավագնացության համար օգտագործվող նեղուցներում երթևեկության տարանջատման սխեմաները
1. Սույն մասին համապատասխան` նեղուցներին սահմանակից պետությունները կարող են նեղուցներում նավագնացության համար սահմանել ծովային միջանցքներ և նշանակել երթևեկության տարանջատման սխեմաներ, երբ դա անհրաժեշտ է նավերի անվտանգ անցումն ապահովելու համար:
2. Այդ պետությունները, ելնելով որոշակի հանգամանքներից և այդ մասին պատշաճ կերպով տեղեկացնելուց հետո, կարող են փոխարինել մինչ այդ սահմանված կամ նշանակված ծովային միջանցքները կամ երթևեկության տարանջատման սխեմաները այլ միջանցքներով կամ սխեմաներով:
3. Այդպիսի ծովային միջանցքները կամ երթևեկության տարանջատման սխեմաները պետք է համապատասխանեն հանրաճանաչ միջազգային կանոններին:
4. Մինչև ծովային միջանցքներ սահմանելը կամ փոխարինելը կամ երթևեկության տարանջատման սխեմաներ նշանակելը կամ փոխարինելը նեղուցներին սահմանակից պետություններն առաջարկություններ են ներկայացնում իրավասու միջազգային կազմակերպությանը` դրանք հաստատելու նպատակով: Այդ կազմակերպությունը կարող է հաստատել միայն այն ծովային միջանցքները և երթևեկության տարանջատման սխեմաները, որոնք կարող են համաձայնեցվել նեղուցներին սահմանակից պետությունների հետ, որից հետո այդ պետությունները կարող են սահմանել, նշանակել կամ փոխարինել դրանք:
5. Այն նեղուցի վերաբերյալ, որտեղ առաջարկվող ծովային միջանցքները կամ երթևեկության տարանջատման սխեմաները անցնում են նեղուցին սահմանակից երկու կամ ավելի պետությունների ջրերով, շահագրգիռ պետությունները պետք է համագործակցեն առաջարկությունների մշակման հարցում` խորհրդակցելով իրավասու միջազգային կազմակերպության հետ:
6. Նեղուցներին սահմանակից պետությունները պետք է հստակ նշեն իրենց կողմից սահմանված կամ նշանակված բոլոր ծովային միջանցքները և երթևեկության տարանջատման սխեմաները պատշաճ կերպով հրապարակվող ծովային քարտեզների վրա:
7. Տարանցիկ անցման ժամանակ նավերը պետք է պահպանեն սույն հոդվածին համապատասխան սահմանված ծովային միջանցքները և երթևեկության տարանջատման սխեմաները:
Հոդված 42
Նեղուցներին սահմանակից պետությունների՝ տարանցիկ անցման վերաբերյալ օրենքներն ու կանոնները
1. Պահպանելով սույն բաժնի դրույթները` նեղուցներին սահմանակից պետությունները կարող են ընդունել նեղուցներով տարանցիկ անցման վերաբերյալ օրենքներ ու կանոններ, որոնք վերաբերում են ստորև թվարկված բոլոր հարցերին կամ դրանց մի մասին.
ա) նավագնացության անվտանգությանը և նավերի երթևեկության կարգավորմանը, ինչպես դա նախատեսված է 41-րդ հոդվածում,
բ) աղտոտման կանխարգելմանը, կրճատմանը և վերահսկմանը` գործողության մեջ դնելով նեղուցում նավթի, նավթատար թափոնների և այլ թունավոր նյութերի արտանետման վերաբերյալ կիրառելի միջազգային կանոններ,
գ) ձկնորսական նավերի առնչությամբ` ձկնորսության արգելմանը, այդ թվում` ձկնորսական սարքերի հավաքմանը,
դ) ցանկացած ապրանքի կամ տարադրամի բեռնմանը կամ բեռնաթափմանը, ցանկացած անձի նավ նստեցնելուն կամ իջեցնելուն` ի խախտումն նեղուցներին սահմանակից պետությունների մաքսային, գանձապետական (ֆիսկալ), ներգաղթային կամ սանիտարական օրենքների ու կանոնների:
2. Այդ օրենքներն ու կանոնները չպետք է թույլ տան ըստ ձևի կամ ըստ էության խտրականություն օտարերկրյա նավերի միջև, իսկ դրանց կիրառումը գործնականում չպետք է հանգեցնի տարանցիկ անցման իրավունքից զրկելուն, դրա խախտմանը կամ ոտնահարմանը, ինչպես այդ իրավունքը սահմանված է սույն բաժնում:
3. Նեղուցներին սահմանակից պետությունները պետք է պատշաճ կերպով հրապարակեն բոլոր այդ օրենքներն ու կանոնները:
4. Տարանցիկ անցման իրավունքն իրականացնող օտարերկրյա նավերը պետք է պահպանեն այդ օրենքներն ու կանոնները:
5. Երբ ինքնիշխան, անձեռնմխելիությունից օգտվող նավը կամ օդանավը գործում են այնպես, որ դա հակասում է այդ օրենքներին ու կանոններին կամ սույն մասի այլ դրույթներին, նավի դրոշի պետությունը կամ օդանավի գրանցման պետությունը միջազգային պատասխանատվություն են կրում նեղուցներին սահմանակից պետություններին պատճառված ցանկացած վնասի կամ կորստի համար:
Հոդված 43
Նավագնացության սարքավորումներ, անվտանգության միջոցներ ու այլ կատարելագործումներ, ինչպես նաև աղտոտման կանխարգելումը, կրճատումը և վերահսկումը
Նեղուցներն օգտագործող և նեղուցներին սահմանակից պետությունները պետք է համաձայնագրի հիման վրա համագործակցեն.
ա) նեղուցում նավագնացության անհրաժեշտ սարքավորումներ և անվտանգության միջոցներ տեղադրելու և դրանք սարքին վիճակում պահելու կամ միջազգային նավագնացությանն օժանդակող այլ միջոցների կատարելագործման, և
բ) նավերից աղտոտման կանխարգելման, կրճատման և վերահսկման հարցում:
Հոդված 44
Նեղուցներին սահմանակից պետությունների պարտականությունները
Նեղուցներին սահմանակից պետությունները չպետք է խոչընդոտեն տարանցիկ անցմանը և պետք է պատշաճ կերպով տեղեկացնեն նեղուցում նավագնացության համար կամ նեղուցի վրայով թռիչքի համար իրենց հայտնի ցանկացած վտանգի մասին: Տարանցիկ անցման որևէ ընդհատում չի թույլատրվում:
Բաժին 3
Խաղաղ անցում
Հոդված 45
Խաղաղ անցում
1. 2-րդ մասի 3-րդ բաժնին համապատասխան` խաղաղ անցման ռեժիմը պետք է կիրառվի միջազգային նավագնացության համար օգտագործվող նեղուցներում.
ա) որոնք, համաձայն 38-րդ հոդվածի 1-ին կետի, հանված են տարանցիկ անցման ռեժիմի կիրառման ոլորտից, կամ
բ) բաց ծովի կամ բացառիկ տնտեսական գոտու մի մասի և մեկ այլ պետության տարածքային ծովի միջև:
2. Այդպիսի նեղուցներով խաղաղ անցման որևէ ընդհատում չի թույլատրվում:
Մաս 4
Արշիպելագ պետություններ
Հոդված 46
Տերմինների օգտագործումը
Սույն Կոնվենցիայի նպատակների համար.
ա) «արշիպելագ պետություն» նշանակում է` պետություն, որն ամբողջովին կազմված է մեկ կամ ավելի արշիպելագներից և կարող է ներառել այլ կղզիներ,
բ) «արշիպելագ» նշանակում է` կղզիների խումբ, ներառյալ կղզիների մասեր, դրանք միացնող ջրեր և այլ բնական կազմավորումներ, որոնք այնքան սերտ են փոխկապակցված, որ այդ կղզիները, ջրերը և այլ բնական կազմավորումները կազմում են միասնական աշխարհագրական, տնտեսական և քաղաքական ամբողջություն կամ պատմականորեն համարվում են այդպիսին:
Հոդված 47
Արշիպելագային ելակետային գծեր
1. Արշիպելագ պետությունը կարող է անցկացնել ուղիղ արշիպելագային ելակետային գծեր, որոնք միացնում են արշիպելագի ամենահեռավոր կղզիների և ցամաքող խութերի ամենահեռավոր կետերը` պայմանով, որ այդ ելակետային գծերը ներառեն գլխավոր կղզիները և այն շրջանը, որտեղ ջրի մակերեսի և ցամաքի, ներառյալ ատոլները, մակերեսի միջև հարաբերակցությունը կազմում է 1:1-ից մինչև 9:1:
2. Այդ ելակետային գծերի երկարությունը չպետք է գերազանցի 100 ծովային մղոնը, ընդ որում` ցանկացած արշիպելագը եզրափակող ելակետային գծերի ընդհանուր թվի միայն մինչև 3 տոկոսը կարող է գերազանցել այդ երկարությունը` առավելագույնը հասնելով մինչև 125 ծովային մղոնի:
3. Այդ ելակետային գծերն անցկացնելիս չի թույլատրվում որևէ նկատելի շեղում արշիպելագի ընդհանուր ուրվագծից:
4. Այդ ելակետային գծերը դեպի տեղատվության ժամանակ ցամաքող բարձունքները կամ այդ բարձունքներից անց են կացվում միայն այն դեպքում, երբ դրանց վրա կառուցված են փարոսներ կամ մշտապես ծովի մակերևույթից բարձր գտնվող նման կառույցներ, կամ եթե տեղատվության ժամանակ ցամաքող բարձունքն ամբողջովին կամ մասամբ մոտակա կղզուց գտնվում է տարածքային ծովի լայնությունը չգերազանցող հեռավորության վրա:
5. Արշիպելագ պետության կողմից այդ ելակետային գծերի համակարգը չի կարող կիրառվել այնպես, որ մեկ այլ պետության տարածքային ծովը կտրված լինի բաց ծովից կամ բացառիկ տնտեսական գոտուց:
6. Եթե արշիպելագ պետության արշիպելագային ջրերի մի մասը գտնվում է անմիջականորեն հարակից հարևան պետության երկու մասերի միջև, վերջինիս կողմից այդ ջրերում ավանդաբար իրականացված իրավունքները և այլ օրինական շահերը և այդ պետությունների միջև կնքված համաձայնագրով նախատեսված բոլոր իրավունքները պետք է պահպանվեն և հարգվեն:
7. 1-ին կետի համաձայն ջրի մակերեսի և ցամաքի մակերեսի միջև հարաբերակցության հաշվարկման նպատակով ցամաքային շրջանները կարող են ներառել կղզիները և ատոլները շրջապատող խութերի սահմաններում ընկած ջրերը, ներառյալ ուղղաձիգ թեքությամբ օվկիանոսի բարձրահարթի այն մասը, որը եզրափակվում կամ գրեթե եզրափակվում է բարձրահարթի պարագծով դասավորված կրաքարի կղզիների և ցամաքող խութերի շղթայով:
8. Սույն հոդվածին համապատասխան անցկացված ելակետային գծերը պետք է նշվեն այնպիսի մասշտաբի կամ մասշտաբների քարտեզների վրա, որոնք պիտանի են դրանց տեղադրությունը ճիշտ որոշելու համար: Որպես այլընտրանք` դրանք կարող են փոխարինվել կետերի աշխարհագրական կոորդինատների ցանկերով` հիմնական ելակետային երկրաբաշխական տվյալների նշումով:
9. Արշիպելագ պետությունը պետք է պատշաճ կերպով հրապարակի այդպիսի քարտեզները կամ աշխարհագրական կոորդինատների ցանկերը և յուրաքանչյուր քարտեզի կամ յուրաքանչյուր ցանկի պատճենն ի պահ հանձնի Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին:
Հոդված 48
Տարածքային ծովի, հարակից գոտու, բացառիկ տնտեսական գոտու և մայրցամաքային ելուստի լայնության հաշվարկումը
Տարածքային ծովի, հարակից գոտու, բացառիկ տնտեսական գոտու և մայրցամաքային ելուստի լայնությունը հաշվարկվում է 47-րդ հոդվածին համապատասխան անցկացված արշիպելագային ելակետային գծերից:
Հոդված 49
Արշիպելագային ջրերի, արշիպելագային ջրերի վրայի օդային տարածության, ինչպես նաև նրանց հատակի ու ընդերքի իրավական կարգավիճակը
1. Արշիպելագ պետության ինքնիշխանությունը տարածվում է 47-րդ հոդվածին համապատասխան անցկացված արշիպելագային ելակետային գծերով սահմանազատված ջրերի վրա, որոնք անվանվում են արշիպելագային ջրեր` անկախ դրանց խորությունից կամ ափից հեռավորությունից:
2. Այդ ինքնիշխանությունը տարածվում է արշիպելագային ջրերի վրայի օդային տարածության, ինչպես նաև դրանց հատակի ու ընդերքի և դրանց պաշարների վրա:
3. Այդ ինքնիշխանությունն իրականացվում է սույն մասի դրույթներին համապատասխան:
4. Ծովային միջանցքներով արշիպելագային անցման` սույն մասում սահմանված ռեժիմն այլ տեսակետներից չի ազդում արշիպելագային ջրերի, ներառյալ ծովային միջանցքները, կարգավիճակի կամ արշիպելագ պետության կողմից այդ ջրերի, դրանց վրայի օդային տարածության, հատակի և ընդերքի ու դրանց պաշարների նկատմամբ իր ինքնիշխանության իրականացման վրա:
Հոդված 50
Ներքին ջրերի դելիմիտացիան
Իր արշիպելագային ջրերի սահմաններում արշիպելագ պետությունը ներքին ջրերի դելիմիտացիայի համար կարող է, 9-րդ, 10-րդ և 11-րդ հոդվածներին համապատասխան, անցկացնել վերջնագծեր:
Հոդված 51
Գործող համաձայնագրերը, ձկնորսության ավանդական իրավունքները և գոյություն ունեցող ստորջրյա մալուխները
1. Չխախտելով 49-րդ հոդվածը` արշիպելագ պետությունը պետք է պահպանի այլ պետությունների հետ կնքած համաձայնագրերը և ճանաչի արշիպելագային ջրերի սահմաններում որոշակի շրջաններում անմիջականորեն հարակից հարևան պետությունների ձկնորսության և օրինական գործունեության այլ տեսակներով զբաղվելու ավանդական իրավունքները: Այդ իրավունքների և գործունեության իրականացման կարգն ու պայմանները, ներառյալ դրանց բնույթը, ծավալը և այն շրջանները, որտեղ դրանք իրականացվում են, ցանկացած շահագրգիռ պետության խնդրանքով` պետք է կարգավորվեն նրանց միջև` երկկողմ համաձայնագրերով: Այդ իրավունքները չեն կարող փոխանցվել երրորդ պետությունների կամ նրանց քաղաքացիներին կամ իրականացվել նրանց հետ համատեղ:
2. Արշիպելագ պետությունը պետք է պահպանի այլ պետությունների կողմից անցկացված և առանց ափին մոտենալու` նրա ջրերով անցնող ստորջրյա մալուխները: Արշիպելագ պետությունը պետք է թույլատրի, որ այդ մալուխները պահվեն սարքին վիճակում և փոխարինվեն` դրանց տեղադրության և դրանք նորոգելու կամ փոխարինելու մտադրության մասին պատշաճ կերպով տեղեկացվելու պայմանով:
Հոդված 52
Խաղաղ անցման իրավունք
1. 53-րդ հոդվածը պահպանելու պայմանով և չխախտելով 50-րդ հոդվածը` բոլոր պետությունների նավերը, 2-րդ մասի 3-րդ բաժնին համապատասխան, օգտվում են արշիպելագային ջրերով խաղաղ անցման իրավունքից:
2. Առանց օտարերկրյա նավերի միջև ըստ ձևի կամ ըստ էության խտրականության, արշիպելագ պետությունը կարող է իր արշիպելագային ջրերի որոշակի շրջաններում ժամանակավորապես կասեցնել օտարերկրյա նավերի խաղաղ անցումը, եթե այդպիսի կասեցումն ունի էական նշանակություն իր անվտանգության ապահովման համար: Այդպիսի կասեցումն ուժի մեջ է մտնում միայն այդ մասին պատշաճ կերպով հայտարարելուց հետո:
Հոդված 53
Ծովային միջանցքներով արշիպելագային անցման իրավունք
1. Արշիպելագ պետությունը կարող է սահմանել ծովային միջանցքներ և դրանց վրա գտնվող օդային միջանցքներ, որոնք կիրառելի են իր արշիպելագային ջրերով և հարող տարածքային ծովով ու դրանց վրայով օտարերկրյա նավերի և օդանավերի անընդհատ ու արագ անցման և թռիչքի համար:
2. Բոլոր նավերն ու օդանավերն օգտվում են այդ ծովային միջանցքներով ու դրանց վրայի օդային միջանցքներով արշիպելագային անցման ու թռիչքի իրավունքից:
3. Ծովային միջանցքներով արշիպելագային անցումը նշանակում է` սույն Կոնվենցիային համապատասխան` բնականոն նավագնացության և թռիչքների իրավունքների իրականացում` բաց ծովի կամ բացառիկ տնտեսական գոտու մի մասից բաց ծովի կամ բացառիկ տնտեսական գոտու մյուս մաս անընդհատ, արագ ու անարգել տարանցման նպատակով:
4. Այդ ծովային և օդային միջանցքները հատում են արշիպելագային ջրերը և հարող տարածքային ծովը և ներառում են բոլոր սովորական անցման ուղիները, որոնք օգտագործվում են որպես արշիպելագային ջրերում միջազգային նավագնացության կամ դրանց վրայով թռիչքի համար օգտագործվող ուղիներ, իսկ այդ ուղիների սահմաններում, նավերի հետ կապված, բոլոր սովորական նավարկման ուղիները` պայմանով, որ անհրաժեշտ չէ կրկնօրինակել մուտքի և ելքի միևնույն կետերի միջև հավասարապես հարմար ուղիները:
5. Այդ ծովային և օդային միջանցքները որոշվում են անցման ուղիների սկզբնակետերից մինչև դրանց վերջնակետերը տարվող չընդհատվող առանցքային գծերի շարքով: Ծովային միջանցքներով արշիպելագային անցման ժամանակ նավերն ու օդանավերը չպետք է որևէ կողմ շեղվեն այդ առանցքային գծերից ավելի, քան 25 ծովային մղոնի չափով` պայմանով, որ այդ նավերն ու օդանավերը չպետք է ափերին մոտենան ավելի, քան ծովային միջանցքներին սահամանկից կղզիների վրա գտնվող մոտակա կետերի միջև տարածության 10 տոկոսի չափով:
6. Սույն հոդվածին համապատասխան ծովային միջանցքներ սահմանող արշիպելագ պետությունը կարող է նաև նշանակել երթևեկության տարանջատման սխեմաներ` այդ ծովային միջանցքներում նավարկման նեղ ուղիներով նավերի անվտանգ անցման համար:
7. Արշիպելագ պետությունը, ելնելով որոշակի հանգամանքներից և այդ մասին պատշաճ կերպով տեղեկացնելուց հետո, կարող է փոխարինել մինչ այդ իր կողմից սահմանված կամ նշանակված ծովային միջանցքները կամ երթևեկության տարանջատման սխեմաները այլ ծովային միջանցքներով կամ երթևեկության տարանջատման սխեմաներով:
8. Այդ ծովային միջանցքները կամ երթևեկության տարանջատման սխեմաները պետք է համապատասխանեն հանրաճանաչ միջազգային կանոններին:
9. Ծովային միջանցքներ սահմանելիս կամ դրանք փոխարինելիս կամ երթևեկության տարանջատման սխեմաներ նշանակելիս կամ դրանք փոխարինելիս արշիպելագ պետությունը պետք է առաջարկություններ ներկայացնի իրավասու միջազգային կազմակերպությանը` դրանք հաստատելու նպատակով: Այդ կազմակերպությունը կարող է հաստատել միայն այն ծովային միջանցքները և երթևեկության տարանջատման սխեմաները, որոնք կարող են համաձայնեցվել արշիպելագ պետության հետ, որից հետո արշիպելագ պետությունը կարող է սահմանել, նշանակել կամ փոխարինել դրանք:
10. Արշիպելագ պետությունը պետք է հստակ նշի իր կողմից սահմանված կամ նշանակված ծովային միջանցքների և երթևեկության տարանջատման սխեմաների առանցքային գծերը պատշաճ կերպով հրապարակվող ծովային քարտեզների վրա:
11. Ծովային միջանցքներով արշիպելագային անցման ժամանակ նավերը պետք է պահպանեն սույն հոդվածին համապատասխան սահմանված ծովային միջանցքները և երթևեկության տարանջատման սխեմաները:
12. Եթե արշիպելագ պետությունը չի սահմանում ծովային կամ օդային միջանցքներ, ծովային միջանցքներով արշիպելագային անցման իրավունքը կարող է իրականացվել միջազգային նավագնացության համար սովորաբար օգտագործվող ուղիներում:
Հոդված 54
Նավերի և օդանավերի պարտականությունները նրանց անցման, հետազոտությունների և ջրագրական նկարահանումների ժամանակ, արշիպելագ պետության պարտականությունները և արշիպելագ պետության՝ ծովային միջանցքներով արշիպելագային անցման վերաբերյալ օրենքներն ու կանոնները
39-րդ, 40-րդ, 42-րդ և 44-րդ հոդվածները mutatis mսtandis կիրառվում են ծովային միջանցքներով արշիպելագային անցման նկատմամբ:
Մաս 5
Բացառիկ տնտեսական գոտի
Հոդված 55
Բացառիկ տնտեսական գոտու հատուկ իրավական ռեժիմը
Բացառիկ տնտեսական գոտին տարածքային ծովի սահմաններից դուրս գտնվող և դրան հարող շրջան է, որի վրա տարածվում է սույն մասում սահմանված հատուկ իրավական ռեժիմը, որի համաձայն ափամերձ պետության իրավունքները և իրավազորությունը ու այլ պետությունների իրավունքները և ազատությունները կարգավորվում են սույն Կոնվենցիայի համապատասխան դրույթներով:
Հոդված 56
Ափամերձ պետության իրավունքները, իրավազորությունը և պարտականությունները բացառիկ տնտեսական գոտում
1. Բացառիկ տնտեսական գոտում ափամերձ պետությունն ունի`
ա) ինքնիշխան իրավունքներ` հետախուզելու, շահագործելու, պահպանելու և կառավարելու ինչպես կենդանի, այնպես էլ անկենդան բնական պաշարները ծովի հատակը ծածկող ջրերում, ծովի հատակին և նրա ընդերքում, ինչպես նաև նշված գոտու տնտեսական հետախուզման և շահագործման հետ կապված գործունեության այլ տեսակների նկատմամբ, ինչպիսիք են ջրի, հոսանքների և քամու օգտագործման միջոցով էներգիայի արտադրությունը,
բ) սույն Կոնվենցիայի համապատասխան դրույթներում նախատեսված իրավազորություն.
i) արհեստական կղզիների, սարքերի ու կառույցների ստեղծման և օգտագործման,
ii) ծովային գիտական հետազոտությունների,
iii) ծովային միջավայրի պաշտպանության ու պահպանման նկատմամբ,
գ) սույն Կոնվենցիայով նախատեսված այլ իրավունքներ ու պարտականություններ:
2. Բացառիկ տնտեսական գոտում սույն Կոնվենցիայով նախատեսված իր իրավունքներն ու պարտականություններն իրականացնելիս ափամերձ պետությունը պետք է պատշաճ կերպով հաշվի առնի այլ պետությունների իրավունքներն ու պարտականությունները և գործի սույն Կոնվենցիայով նախատեսված կարգով:
3. Ծովի հատակի և նրա ընդերքի վերաբերյալ սույն հոդվածում ամրագրված իրավունքները պետք է իրականացվեն 6-րդ մասին համապատասխան:
Հոդված 57
Բացառիկ տնտեսական գոտու լայնությունը
Բացառիկ տնտեսական գոտու լայնությունը չպետք է գերազանցի 200 ծովային մղոնը` այն ելակետային գծերից հաշված, որոնցից հաշվարկվում է տարածքային ծովի լայնությունը:
Հոդված 58
Մյուս պետությունների իրավունքները և պարտականությունները բացառիկ տնտեսական գոտում
1. Սույն Կոնվենցիայի համապատասխան դրույթները պահպանելու պայմանով` ինչպես ափամերձ, այնպես էլ դեպի ծով ելք չունեցող բոլոր պետությունները բացառիկ տնտեսական գոտում օգտվում են 87-րդ հոդվածում նշված նավագնացության և թռիչքների, ստորջրյա մալուխների ու խողովակաշարերի անցկացման ազատություններից և այդ ազատություններին վերաբերող` ծովի օգտագործման միջազգային իրավունքի տեսակետից իրավաչափ համարվող այլ տեսակներից, որոնք կապված են նավերի, օդանավերի և ստորջրյա մալուխների ու խողովակաշարերի շահագործման հետ և համատեղելի են սույն Կոնվենցիայի այլ դրույթների հետ:
2. 88-115-րդ հոդվածները և միջազգային իրավունքի այլ համապատասխան նորմերը բացառիկ տնտեսական գոտու նկատմամբ կիրառվում են այնքանով, որքանով դրանք անհամատեղելի չեն սույն մասի հետ:
3. Բացառիկ տնտեսական գոտում սույն Կոնվենցիայով նախատեսված իրենց իրավունքներն ու պարտականություններն իրականացնելիս պետությունները պետք է պատշաճ կերպով հաշվի առնեն ափամերձ պետության իարվունքներն ու պարտականությունները և պահպանեն ափամերձ պետության կողմից սույն Կոնվենցիայի դրույթներին և միջազգային իրավունքի այլ նորմերին համապատասխան ընդունված օրենքներն ու կանոնները այնքանով, որքանով դրանք անհամատեղելի չեն սույն մասի հետ:
Հոդված 59
Բացառիկ տնտեսական գոտում իրավունքներ և իրավազորություն տրամադրելու վերաբերյալ վեճերի կարգավորման հիմքը
Այն դեպքերում, երբ սույն Կոնվենցիան ափամերձ պետությանը կամ այլ պետություններին չի տրամադրում իրավունքներ կամ իրավազորություն բացառիկ տնտեսական գոտում, և երբ ափամերձ պետության և ցանկացած այլ պետության կամ այլ պետությունների շահերի միջև բախում է առաջանում, այդ վեճը պետք է լուծվի արդարության հիման վրա և գործի բոլոր հանգամանքների լույսի ներքո` հաշվի առնելով կողմերից յուրաքանչյուրի, ինչպես նաև ողջ միջազգային հանրության համար վեճում շոշափվող շահերի կարևորությունը:
Հոդված 60
Արհեստական կղզիներ, սարքեր և կառույցներ բացառիկ տնտեսական գոտում
1. Բացառիկ տնտեսական գոտում ափամերձ պետությունն ունի բացառիկ իրավունք` կառուցել, ինչպես նաև թույլատրել ու կարգավորել`
ա) արհեստական կղզիների,
բ) 56-րդ հոդվածում նախատեսված նպատակների և այլ տնտեսական նպատակների համար սարքերի ու կառույցների,
գ) այդ գոտում ափամերձ պետության իրավունքների իրականացմանը խոչընդոտող սարքերի ու կառույցների ստեղծումը, շահագործումը և օգտագործումը:
2. Ափամերձ պետությունն ունի բացառիկ իրավազորություն այդ արհեստական կղզիների, սարքերի ու կառույցների նկատմամբ, ներառյալ իրավազորությունը մաքսային, գանձապետական (ֆիսկալ), սանիտարական և ներգաղթային, ինչպես նաև անվտանգությանը վերաբերող օրենքների ու կանոնների վերաբերյալ:
3. Այդ արհեստական կղզիների, սարքերի կամ կառույցների ստեղծման մասին պետք է պատշաճ կերպով հայտարարվի, իսկ դրանց առկայության մասին վկայող մշտական նախազգուշական միջոցները պետք է պահվեն սարքին վիճակում: Նավագնացության անվտանգության ապահովման նպատակով ցանկացած լքյալ կամ այլևս չօգտագործվող սարք կամ կառույց պետք է տեղահանվի՝ հաշվի առնելով այդ կապակցությամբ իրավասու միջազգային կազմակերպության կողմից սահմանված հանրաճանաչ միջազգային չափանիշները: Այդ սարքերի կամ կառույցների տեղահանման ժամանակ պետք է պատշաճ կերպով հաշվի առնվեն նաև ձկնորսության, ծովային միջավայրի պաշտպանության շահերը, այլ պետությունների իրավունքներն ու պարտականությունները: Ամբողջովին չտեղահանված սարքերի կամ կառույցների խորության, տեղադրության և չափերի մասին պետք է պատշաճ կերպով հայտարարվի:
4. Այնտեղ, որտեղ դա անհրաժեշտ է, ափամերձ պետությունը կարող է այդ արհեստական կղզիների, սարքերի և կառույցների շուրջ ստեղծել ողջամիտ անվտանգության գոտիներ, որտեղ նա կարող է ձեռնարկել պատշաճ միջոցներ ինչպես նավագնացության, այնպես էլ արհեստական կղզիների, սարքերի և կառույցների անվտանգության ապահովման համար:
5. Անվտանգության գոտիների լայնությունը որոշվում է ափամերձ պետության կողմից՝ հաշվի առնելով կիրառելի միջազգային չափանիշները: Այդ գոտիները ստեղծվում են այն չափով, որ չափով անհրաժեշտ է՝ ելնելով արհեստական կղզիների, սարքերի կամ կառույցների բնույթից ու գործառույթներից, և չպետք է տարածվեն դրանց շուրջ 500 մետրից ավելի՝ հաշված նրանց արտաքին եզրի յուրաքանչյուր կետից` բացառությամբ այն դեպքերի, երբ դա թույլատրվում է հանրաճանաչ միջազգային չափանիշներով կամ հանձնարարված է իրավասու միջազգային կազմակերպության կողմից: Անվտանգության գոտիների երկարության մասին պետք է պատշաճ կերպով հայտարարվի:
6. Բոլոր նավերը պետք է հարգեն այդ անվտանգության գոիտները և պահպանեն արհեստական կղզիների, սարքերի, կառույցների և անվտանգության գոտիների մոտակայքում նավագնացության վերաբերյալ հանրաճանաչ միջազգային չափանիշները:
7. Արհեստական կղզիներ, սարքեր ու կառույցներ և նրանց շուրջ անվտանգության գոտիներ չեն կարող ստեղծվել, եթե դա կարող է խոչընդոտներ առաջացնել միջազգային նավագնացության համար էական նշանակություն ունեցող ճանաչված ծովային ուղիների օգտագործման համար:
8. Արհեստական կղզիները, սարքերը և կառույցները չունեն կղզիների կարգավիճակ: Նրանք չունեն իրենց տարածքային ծովը, և նրանց առկայությունը չի ազդում տարածքային ծովի, բացառիկ տնտեսական գոտու կամ մայրցամաքային ելուստի սահմանների որոշման վրա:
Հոդված 61
Կենդանի պաշարների պահպանումը
1. Ափամերձ պետությունը սահմանում է իր բացառիկ տնտեսական գոտում կենդանի պաշարների թույլատրելի որսաքանակը:
2. Ափամերձ պետությունը, հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած ավելի հավաստի գիտական տվյալները, պահպանմանն ու կառավարմանը ուղղված պատշաճ միջոցներով պետք է ապահովի, որ կենդանի պաշարները բացառիկ տնտեսական գոտում չափազանց մեծ շահագործման արդյունքում չենթարկվեն վտանգի: Ափամերձ պետությունը և իրավասու միջազգային կազմակերպությունները, ինչպես ենթատարածաշրջանային, տարածաշրջանային, այնպես էլ համընդհանուր, պետք է համագործակցեն ադ նպատակին հասնելու համար:
3. Այդ միջոցներն ուղղված են նաև որսի ենթակա տեսակների պոպուլյացիաները այն մակարդակին կամ մինչև այն մակարդակը պահելուն կամ վերականգնելուն, երբ կարող է ապահովվել առավելագույն կայուն որսաքանակը, որը որոշվում է՝ հաշվի առնելով համապատասխան բնապահպանական և տնտեսական գործոնները, ներառյալ ափամերձ ձկնորսական համայնքների տնտեսական կարիքները և զարգացող պետությունների հատուկ պահանջմունքները, ինչպես նաև ձկնորսության մեթոդները, պաշարների փոխկախվածությունը և բոլոր պետությունների համար հանձնարարական հանդիսացող ցանկացած միջազգային նվազագույն չափանիշը՝ ինչպես ենթատարածաշրջանային, տարածաշրջանային, այնպես էլ համընդհանուր:
4. Ձեռնարկելով այդպիսի միջոցներ` մերձափնյա պետությունը պետք է հաշվի առնի որսի ենթակա տեսակների հետ զուգորդված կամ դրանցից կախված տեսակների համար հետևանքները՝ այդ զուգորդված կամ կախյալ տեսակների պոպուլյացիաները այն մակարդակից բարձր պահելու կամ վերականգնելու նպատակով, որի վրա նրանց վերարտադրությունը կարող է լուրջ վտանգի ենթարկվել:
5. Առկա գիտական տեղեկատվության, որսաքանակի և որսաջանքերի վերաբերյալ վիճակագրական տվյալների և ձկան պաշարների պահպանմանը վերաբերող այլ տվյալների փոխանցումը և փոխանակումը պետք է իրականացվի կանոնավոր կերպով՝ ինչպես ենթատարածաշրջանային, տարածաշրջանային, այնպես էլ համընդհանուր իրավասու միջազգային կազմակերպությունների միջոցով և բոլոր շահագրգիռ պետությունների մասնակցությամբ, ներառյալ այն պետությունները, որոնց քաղաքացիներին թույլատրվում է զբաղվել ձկնորսությամբ բացառիկ տնտեսական գոտում:
Հոդված 62
Կենդանի պաշարների օգտագործումը
1. Ափամերձ պետությունը պետք է նպաստի բացառիկ տնտեսական գոտում կենդանի պաշարների օպտիմալ օգտագործման նպատակի իրականացմանը՝ չխախտելով 61-րդ հոդվածը:
2. Ափամերձ պետությունը պետք է որոշի բացառիկ տնտեսական գոտում կենդանի պաշարների որսի իր հնարավորությունները: Եթե ափամերձ պետությունը հնարավորություն չունի որսալու ամբողջ թույլատրելի որսաքանակը, նա, համաձայնագրերի ու այլ պայմանավորվածությունների միջոցով և 4-րդ կետում նշված դրույթներին, պայմաններին, օրենքներին ու կանոններին համապատասխան, այլ պետություններին թույլատրելի որսաքանակի մնացորդը որսալու հնարավորություն է տալիս՝ հատուկ հաշվի առնելով 69-րդ և 70-րդ հոդվածների դրույթները հատկապես նրանցում հիշատակված զարգացող պետությունների մասով:
3. Սույն հոդվածի հիման վրա այլ պետություններին իր բացառիկ տնտեսական գոտի մուտք գործելու հնարավորություն տալով՝ ափամերձ պետությունը պետք է հաշվի առնի դրա հետ կապված բոլոր գործոնները, ներառյալ, inter alia, տվյալ շրջանի կենդանի պաշարների նշանակությունը այդ շահագրգիռ ափամերձ պետության տնտեսության համար և նրա այլ ազգային շահերը, 69-րդ և 70-րդ հոդվածների դրույթները, մնացորդի մասը որսալու հարցում տվյալ ենթատարածաշրջանի կամ տարածաշրջանի զարգացող պետությունների պահանջմունքները և այն պետությունների տնտեսության մեջ խախտումները նվազագույնի հասցնելու անհրաժեշտությունը, որոնց քաղաքացիները սովորաբար տվյալ գոտում զբաղվել են ձկնորսությամբ, կամ որոնք զգալի ջանքեր են գործադրել պաշարների հետազոտման կամ բացահայտման գործում:
4. Բացառիկ տնտեսական գոտում ձկնորսությամբ զբաղվող այլ պետությունների քաղաքացիները պետք է պահպանեն տվյալ ափամերձ պետության օրենքներում ու կանոններում սահմանված` պահպանմանն ուղղված միջոցները և այլ դրույթներն ու պայմանները: Այդ օրենքներն ու կանոնները պետք է համապատասխանեն սույն Կոնվենցիային և կարող են, inter alia, վերաբերել հետևյալ հարցերին.
ա) ձկնորսների, ձկնորսական նավերի և սարքավորումների լիցենզավորմանը, ներառյալ գանձումները և վճարման այլ ձևերը, որոնք, զարգացող ափամերձ պետությունների հետ կապված, կարող են դիտվել համարժեք փոխհատուցում դրամական միջոցների, ձկնային արդյունաբերությանը վերաբերող սարքավորումների և տեխնոլոգիայի ձևով,
բ) որսի ենթակա տեսակների որոշմանը և կոնկրետ պաշարների կամ պաշարների խմբի որսի կամ որոշակի ժամանակահատվածի ընթացքում յուրաքանչյուր նավին բաժին ընկնող որսի կամ որոշակի ժամանակահատվածի ընթացքում ցանկացած պետության քաղաքացիների կողմից որսի քվոտաների սահմանմանը,
գ) ձկնորսության սեզոնների և շրջանների, որսի միջոցների տեսակների, չափերի և քանակի, ինչպես նաև այն ձկնորսական նավերի տեսակների, չափերի և քանակի կարգավորմանը, որոնք կարող են օգտագործվել,
դ) որսի ենթակա ձկների և այլ տեսակների տարիքի և չափի սահմանմանը,
ե) ձկնորսական նավերից պահանջվող տեղեկատվության որոշմանը, ներառյալ որսաքանակների և ձկնորսական ջանքերի վերաբերյալ վիճակագրական տվյալները, ինչպես նաև նավի գտնվելու վայրի մասին հաղորդումները,
զ) ափամերձ պետության թույլտվությամբ և նրա վերահսողության ներքո ձկնատնտեսական հետազոտությունների որոշակի ծրագրերի իրականացմանը և այդպիսի հետազոտությունների կատարման կարգավորմանը` ներառյալ որսաքանակների փորձանմուշներ վերցնելը, այդ նմուշների օգտագործումը և, դրա հետ կապված, գիտական տվյալների տրամադրումը,
է) այդ նավերի վրա ափամերձ պետության կողմից դիտորդներ կամ ստաժորներ նշանակելուն,
ը) ափամերձ պետության նավահանգիստներում այդ նավերի կողմից ամբողջ որսաքանակի կամ դրա մի մասի բեռնաթափմանը,
թ) համատեղ ձեռնարկություններին կամ այլ համատեղ միջոցառումներին վերաբերող դրույթներին և պայմաններին,
ժ) անձնակազմի պատրաստման և ձկնորսության տեխնոլոգիայի փոխանցման բնագավառի պահանջներին` ներառյալ ձկնատնտեսական հետազոտություններ կատարելու վերաբերյալ ափամերձ պետության հնարավորությունների ընդլայնման մասին պահանջները,
ժա) կատարման ապահովման ընթացակարգերին:
5. Ափամերձ պետությունները պետք է պատշաճ կերպով տեղեկացնեն կենդանի պաշարների պահպանման և դրանց կառավարման վերաբերյալ օրենքների ու կանոնների մասին:
Հոդված 63
Երկու կամ ավելի ափամերձ պետությունների բացառիկ տնտեսական գոտիներում կամ ինչպես բացառիկ տնտեսական գոտում, այնպես էլ նրա սահմաններից դուրս և նրա հարակից շրջանում հանդիպող տեսակներ
1. Այն դեպքում, երբ զուգորդված տեսակների միևնույն պաշարը կամ պաշարները հանդիպում են երկու կամ ավելի ափամերձ պետությունների բացառիկ տնտեսական գոտիներում, այդ պետությունները պետք է ձգտեն ուղղակի կամ համապատասխան ենթատարածաշրջանային կամ տարածաշրջանային կազմակերպությունների միջոցով համաձայնեցնել այդ պաշարների պահպանման և ավելացման ապահովման ու այդ գործունեության համակարգման համար անհրաժեշտ միջոցները՝ չխախտելով սույն մասի այլ դրույթները:
2. Այն դեպքում, երբ զուգորդված տեսակների միևնույն պաշարը կամ պաշարները հանդիպում են ինչպես բացառիկ տնտեսական գոտում, անպես էլ նրա սահմաններից դուրս գտնվող և նրան հարող շրջանում, ափամերձ պետությունը և այն պետությունները, որոնք հարող շրջանում զբաղվում են այդ պաշարների որսով, պետք է ձգտեն ուղղակի կամ համապատասխան ենթատարածաշրջանային կամ տարածաշրջանային կազմակերպությունների միջոցով համաձայնեցնել հարող շրջանում այդ պաշարների պահպանման համար անհրաժեշտ միջոցները:
Հոդված 64
Հեռավոր միգրացիա կատարող տեսակներ
1. Ափամերձ պետությունը և այն պետությունները, որոնց քաղաքացիները տվյալ շրջանում զբաղվում են 1-ին Հավելվածում թվարկված` հեռավոր միգրացիա կատարող տեսակների որսով, պետք է համագործակցեն ուղղակի կամ համապատասխան միջազգային կազմակերպությունների միջոցով այդ տեսակների պահպանման ապահովման համար ամբողջ այդ շրջանում՝ ինչպես բացառիկ տնտեսական գոտում, այնպես էլ նրա սահմաններից դուրս դրանց օպտիմալ օգտագործմանը նպաստելու նպատակով: Այն շրջաններում, որոնց համար գոյություն չունի համապատասխան միջազգային կազմակերպություն, ափամերձ պետությունները և այլ պետությունները, որոնց քաղաքացիները տվյալ շրջանում զբաղվում են այդ տեսակների որսով, պետք է համագործակցեն այդպիսի կազմակերպություն ստեղծելու նպատակով և մասնակցեն նրա աշխատանքներին:
2. 1-ին կետի դրույթները կիրառվում են` ի լրումն սույն մասի այլ դրույթների:
Հոդված 65
Ծովային կաթնասուններ
Սույն մասի ոչ մի դրույթ չի սահմանափակում ափամերձ պետության իրավունքները կամ համապատասխան դեպքերում միջազգային կազմակերպության իրավասությունը` արգելել, սահմանափակել կամ ավելի խիստ կարգավորել ծովային կաթնասունների որսը, քան դա նախատեսված է սույն մասում: Պետությունները պետք է համագործակցեն ծովային կաթնասունների պաշարների պահպանման նպատակով, իսկ կետաձևերի նկատմամբ, մասնավորապես, պետք է համապատասխան միջազգային կազմակերպությունների միջոցով միջոցներ ձեռնարկեն՝ նրանց պահպանման, պաշարների կառավարման և ուսումնասիրման նպատակով:
Հոդված 66
Անադրոմ տեսակներ
1. Այն պետությունները, որոնց գետերում առաջանում են անադրոմ տեսակների պաշարներ, առաջին հերթին շահագրգռված են այդ պաշարների հարցում և պատասխանատվություն են կրում դրանց համար:
2. Անադրոմ տեսակների պաշարների ծագման պետությունը պետք է ապահովի դրանց պահպանումը` իր բացառիկ տնտեսական գոտու արտաքին սահմաններից դեպի ափ գտնվող բոլոր ջրերում և 3-րդ կետի «բ» ենթակետում նախատեսված՝ ձկնորսության կարգավորմանն ուղղված համապատասխան միջոցներ ձեռնարկելով: Ծագման պետությունը 3-րդ և 4-րդ կետերում նշված այդ պաշարների որսով զբաղվող այլ պետությունների հետ խորհրդակցելուց հետո կարող է իր գետերում առաջացող պաշարների վերաբերյալ սահմանել թույլատրելի որսաքանակի ընդհանուր ծավալը:
3. ա) Անադրոմ տեսակների պաշարների որսով պետք է զբաղվել միայն բացառիկ տնտեսական գոտիների արտաքին սահմաններից դեպի ափ գտնվող ջրերում` բացառությամբ այն դեպքերի, երբ այս դրույթը կարող է հանգեցնել խախտումների ոչ թե ծագման պետության, այլ որևէ այլ պետության տնտեսության բնագավառում: Բացառիկ տնտեսական գոտիների արտաքին սահմաններից դուրս արվող ձկնորսության վերաբերյալ շահագրգիռ պետությունները պետք է խորհրդակցություններ անցկացնեն այդպիսի ձկնորսության կարգի ու պայմանների շուրջ համաձայնության գալու նպատակով՝ պատշաճ կերպով հաշվի առնելով այդ տեսակների պահպանմանը և դրանց նկատմամբ ծագման պետությունների պահանջմունքներին վերաբերող պահանջները:
բ) Ծագման պետությունը պետք է համագործակցի այդ պաշարների որսով զբաղվող այդպիսի պետությունների տնտեսության բնագավառում խախտումները նվազագույնի հասցնելու հարցում՝ հաշվի առնելով այդպիսի պետությունների սովորական որսաքանակը և ձկնորսության մեթոդը ու այն բոլոր շրջանները, որտեղ արվում է այդ որսը:
գ) «բ» ենթակետում նշված պետությունները, որոնք ծագման պետության հետ կնքված համաձայնագրի հիման վրա մասնակցում են անադրոմ տեսակների պաշարների վերականգնմանն ուղղված միջոցառումներին հատկապես այդ նպատակների համար կատարվող ծախսերին մասնակցելու միջոցով, ծագման պետության գետերում առաջացող պաշարների որսի վերաբերյալ օգտվում են այդ պետության հատուկ ուշադրությունից:
դ) Անադրոմ տեսակների պաշարներին վերաբերող կանոնների կատարման ապահովումը բացառիկ տնտեսական գոտու սահմաններից դուրս պետք է իրականացվի ծագման պետության և այլ շահագրգիռ պետությունների միջև կնքված համաձայնագրի հիման վրա:
4. Այն դեպքում, երբ անադրոմ տեսակների պաշարները միգրացիա են կատարում դեպի ոչ թե ծագման պետության, այլ որևէ այլ պետության բացառիկ տնտեսական գոտու արտաքին սահմաններից դեպի ափ գտնվող ջրերը կամ այդ ջրերով, այդ պետությունը պետք է համագործակցի ծագման պետության հետ այդ պաշարների պահպանման և դրանց կառավարման հարցում:
5. Անադրոմ տեսակների պաշարների ծագման պետությունը և այդ պաշարների որսով զբաղվող այլ պետությունները պետք է պայմանավորվածություն ձեռք բերեն սույն հոդվածի դրույթների կատարման վերաբերյալ՝ համապատասխան դեպքերում` տարածաշրջանային կազմակերպությունների միջոցով:
Հոդված 67
Կատադրոմ տեսակներ
1. Այն ափամերձ պետությունը, որի ջրերում կատադրոմ տեսակների պաշարները անցկացնում են իրենց կենսաշրջանի մեծ մասը, պատասխանատվություն է կրում այդ պաշարների կառավարման համար և միգրացիա կատարող ձկան համար ապահովում է այդ ջրեր մուտքն ու ելքը:
2. Կատադրոմ տեսակների պաշարների որսը պետք է արվի միայն բացառիկ տնտեսական գոտիների արտաքին սահմաններից դեպի ափ գտնվող ջրերում: Երբ որսն արվում է բացառիկ տնտեսական գոտիներում, նրա վրա տարածվում է սույն հոդվածի և այդ գոտիներում ձկնորսությանը վերաբերող՝ սույն Կոնվենցիայի այլ դրույթների գործողությունը:
3. Այն դեպքում, երբ կատադրոմ տեսակների պաշարները միգրացիա են կատարում այլ պետության բացառիկ տնտեսական գոտիով, անկախ դրանից` խոսքը գնում է նորածին մանրաձկան, թե հասուն ձկան մասին, այդ պաշարների կառավարումը, ներառյալ դրանց որսը, պետք է կարգավորվի 1-ին կետում նշված պետության և այլ շահագրգիռ պետության միջև կնքված համաձայնագրով: Այդպիսի համաձայնագիրը պետք է ապահովի այդ պաշարների ռացիոնալ կառավարումը և հաշվի առնի այդ պաշարների պահպանման հարցում 1-ին կետում նշված պետության պարտականությունները:
Հոդված 68
Նստակյաց տեսակներ
Սույն մասը չի կիրառվում նստակյաց տեսակների նկատմամբ, ինչպես դրանք սահմանվում են 77-րդ հոդվածի 4-րդ կետում:
Հոդված 69
Դեպի ծով ելք չունեցող պետությունների իրավունքը
1. Դեպի ծով ելք չունեցող պետությունները իրավունք ունեն արդարացիորեն մասնակցել նույն ենթատարածաշրջանի կամ տարածաշրջանի ափամերձ պետությունների բացառիկ տնտեսական գոտիներում կենդանի պաշարների թույլատրելի որսաքանակի մնացորդի համապատասխան մասի շահագործմանը՝ հաշվի առնելով բոլոր շահագրգիռ պետությունների` դրան առնչվող տնտեսական և աշխարհագրական հանգամանքները և սույն հոդվածի և 61-րդ և 62-րդ հոդվածների դրույթներին համապատասխան:
2. Այդպիսի մասնակցության պայմաններն ու կարգը սահմանվում են շահագրգիռ պետությունների կողմից` երկկողմ, ենթատարածաշրջանային կամ տարածաշրջանային համաձայնագրերի միջոցով՝ հաշվի առնելով inter alia.
ա) ափամերձ պետության ձկնորսական համայնքների և ձկնային արդյունաբերության համար վնասակար հետևանքներից խուսափելու անհրաժեշտությունը,
բ) այն չափը, որքանով դեպի ծով ելք չունեցող պետությունը սույն հոդվածի դրույթներին համապատասխան գործող երկկողմ, ենթատարածաշրջանային կամ տարածաշրջանային համաձայնագրերի հիման վրա մասնակցում կամ իրավունք ունի մասնակցելու այլ ափամերձ պետությունների բացառիկ տնտեսական գոտիների կենդանի պաշարների շահագործմանը,
գ) այն չափը, որքանով այլ` դեպի ծով ելք չունեցող պետությունները և աշխարհագրական առումով անբարենպաստ դիրք ունեցող պետությունները մասնակցում են ափամերձ պետության բացառիկ տնտեսական գոտու կենդանի պաշարների շահագործմանը և ցանկացած առանձին ափամերձ պետության կամ նրա մի մասի հատուկ ծանրաբեռնումից խուսափելու՝ դրանից բխող անհրաժեշտությանը,
դ) համապատասխան պետությունների բնակչության սննդի պահանջմունքները:
3. Եթե ափամերձ պետության որսի հնարավորությունները թույլ են տալիս նրան որսալ իր բացառիկ տնտեսական գոտու կենդանի պաշարների ամբողջ թույլատրելի որսաքանակը, այդ ափամերձ պետությունը և մյուս շահագրգիռ պետությունները պետք է երկկողմ, ենթատարածաշրջանային կամ տարածաշրջանային հիմքի վրա համագործակցեն արդարացի պայմանավորվածություններ ձեռք բերելու հարցում, որոնք այդ ենթատարածաշրջանի կամ տարածաշրջանի` դեպի ծով ելք չունեցող զարգացող պետություններին հնարավորություն են տալիս` մասնակցելու այդ ենթատարածաշրջանի կամ տարածաշրջանի ափամերձ պետությունների բացառիկ տնտեսական գոտիների կենդանի պաշարների շահագործմանը այնպես, ինչպես դա հնարավոր կլինի տվյալ հանգամանքներում և այնպիսի պայմաններով, որոնք բավարարում են բոլոր կողմերին: Սույն դրույթի կիրառման ժամանակ պետք է հաշվի առնվեն նաև 2-րդ կետում նշված գործոնները:
4. Սույն հոդվածի դրույթներին համապատասխան` դեպի ծով ելք չունեցող զարգացած պետությունները իրավունք ունեն մասնակցելու միայն նույն ենթատարածաշրջանի կամ տարածաշրջանի զարգացած ափամերձ պետությունների բացառիկ տնտեսական գոտիներում կենդանի պաշարների շահագոծմանը՝ հաշվի առնելով այն չափը, որքանով ափամերձ պետությունը, հնարավորություն տալով այլ պետություններին շահագործել իր բացառիկ տնտեսական գոտու կենդանի պաշարները, հաշվի առնել ձկնորսական համայնքների համար վնասակար հետևանքները և այն պետությունների տնտեսության բնագավառում խախտումները նվազագույնին հասցնելու անհրաժեշտությունը, որոնց քաղաքացիները սովորաբար տվյալ գոտում զբաղվում են ձկնորսությամբ:
5. Վերը շարադրված դրույթները չեն խախտում այն ենթատարածաշրջաններում կամ տարածաշրջաններում ձեռք բերված պայմանավորվածությունները, որտեղ ափամերձ պետությունները կարող են նույն ենթատարածաշրջանի կամ տարածաշրջանի` դեպի ծով ելք չունեցող պետություններին տրամադրել բացառիկ տնտեսական գոտիների կենդանի պաշարների շահագործման հավասար կամ արտոնյալ իրավունքներ:
Հոդված 70
Աշխարհագրական առումով անբարենպաստ դիրք ունեցող պետությունների իրավունքը
1. Աշխարհագրական առումով անբարենպաստ դիրք ունեցող պետությունները իրավունք ունեն արդարացիորեն մասնակցել նույն ենթատարածաշրջանի կամ տարածաշրջանի ափամերձ պետությունների բացառիկ տնտեսական գոտիներում կենդանի պաշարների թույլատրելի որսաքանակի մնացորդի համապատասխան մասի շահագործմանը՝ հաշվի առնելով բոլոր շահագրգիռ պետությունների` դրան առնչվող տնտեսական և աշխարհագրական հանգամանքները և սույն հոդվածի, 61-րդ և 62-րդ հոդվածների դրույթներին համապատասխան:
2. Սույն մասի նպատակների համար «աշխարհագրական առումով անբարենպաստ դիրք ունեցող պետություններ» տերմինը նշանակում է այն ափամերձ պետությունները, ներառյալ այն պետությունները, որոնց ափերը ողողվում են փակ կամ կիսափակ ծովերով, որոնց աշխարհագրական դիրքը իրենց բնակչությանը կամ բնակչության մի մասին ձկան նկատմամբ պահանջմունքի բավարարման առումով նրանց կախվածության մեջ է դնում այդ ենթատարածաշրջանի կամ տարածաշրջանի այլ պետությունների բացառիկ տնտեսական գոտիների կենդանի պաշարների շահագործումից, ինչպես նաև այն ափամերձ պետությունները, որոնք չեն կարող հավակնել իրենց սեփական բացառիկ տնտեսական գոտիներին:
3. Այդպիսի մասնակցության պայմաններն ու կարգը սահմանվում են շահագրգիռ պետությունների կողմից` երկկողմ, ենթատարածաշրջանային կամ տարածաշրջանային համաձայնագրերի միջոցով՝ հաշվի առնելով inter alia.
ա) ափամերձ պետության ձկնորսական համայնքների և ձկնային արդյունաբերության համար վնասակար հետևանքների խուսափելու անհրաժեշտությունը,
բ) այն չափը, որքանով աշխարհագրական առումով անբարենպաստ դիրք ունեցող պետությունը սույն հոդվածի դրույթներին համապատասխան գործող երկկողմ, ենթատարածաշրջանային կամ տարածաշրջանային համաձայնագրերի հիման վրա մասնակցում կամ իրավունք ունի մասնակցելու այլ ափամերձ պետությունների բացառիկ տնտեսական գոտիների կենդանի պաշարների շահագործմանը,
գ) այն չափը, որքանով այլ` աշխարհագրական առումով անբարենպաստ դիրք ունեցող պետությունները և դեպի ծով ելք չունեցող պետությունները մասնակցում են ափամերձ պետության բացառիկ տնտեսական գոտու կենդանի պաշարների շահագործմանը, և ցանկացած առանձին ափամերձ պետության կամ նրա մի մասի հատուկ ծանրաբեռնումից խուսափելու՝ դրանից բխող անհրաժեշտությանը,
դ) համապատասխան պետությունների բնակչության սննդի պահանջմունքները:
4. Եթե ափամերձ պետության որսի հնարավորությունները թույլ են տալիս նրան որսալ իր բացառիկ տնտեսական գոտու կենդանի պաշարների ամբողջ թույլատրելի որսաքանակը, այդ ափամերձ պետությունը և մյուս շահագրգիռ պետությունները պետք է երկկողմ, ենթատարածաշրջանային կամ տարածաշրջանային հիմքի վրա համագործակցեն արդարացի պայմանավորվածություններ ձեռք բերելու հարցում, որոնք այդ ենթատարածաշրջանի կամ տարածաշրջանի` աշխարհագրական առումով անբարենպաստ դիրք ունեցող զարգացող պետություններին հնարավորություն են տալիս մասնակցելու այդ ենթատարածաշրջանի կամ տարածաշրջանի ափամերձ պետությունների բացառիկ տնտեսական գոտիների կենդանի պաշարների շահագործմանը այնպես, ինչպես դա հնարավոր կլինի տվյալ հանգամանքներում և այնպիսի պայմաններով, որոնք բավարարում են բոլոր կողմերին: Սույն դրույթի կիրառման ժամանակ պետք է հաշվի առնվեն նաև 3-րդ կետում նշված գործոնները:
5. Սույն հոդվածի դրույթներին համապատասխան աշխարհագրական առումով անբարենպաստ դիրք ունեցող զարգացած պետությունները իրավունք ունեն մասնակցելու միայն նույն ենթատարածաշրջանի կամ տարածաշրջանի զարգացած ափամերձ պետությունների բացառիկ տնտեսական գոտիներում կենդանի պաշարների շահագործմանը՝ հաշվի առնելով այն չափը, որքանով ափամերձ պետությունը, հնարավորություն տալով այլ պետություններին շահագործել իր բացառիկ տնտեսական գոտու կենդանի պաշարները, հաշվի առնել ձկնորսական համայնքների համար վնասակար հետևանքները և այն պետությունների տնտեսության բնագավառում խախտումները նվազագույնին հասցնելու անհրաժեշտությունը, որոնց քաղաքացիները սովորաբար տվյալ գոտում զբաղվում են ձկնորսությամբ:
6. Վերը շարադրված դրույթները չեն խախտում այն ենթատարածաշրջաններում կամ տարածաշրջաններում ձեռք բերված պայմանավորվածությունները, որտեղ ափամերձ պետությունները կարող են նույն ենթատարածաշրջանի կամ տարածաշրջանի` աշխարհագրական առումով անբարենպաստ դիրք ունեցող պետություններին տրամադրել բացառիկ տնտեսական գոտիների կենդանի պաշարների շահագործման հավասար կամ արտոնյալ իրավունքներ:
Հոդված 71
69-րդ և 70-րդ հոդվածների չկիրառման դեպքերը
69-րդ և 70-րդ հոդվածները չեն կիրառվում այն ափամերձ պետությունների նկատմամբ, որոնց տնտեսությունը առավելապես կախված է իրենց բացառիկ տնտեսական գոտիների կենդանի պաշարների շահագործումից:
Հոդված 72
Իրավունքների փոխանցման վերաբերյալ սահմանափակումները
1. Եթե շահագրգիռ պետությունները այլ բան չեն պայմանավորվել, կենդանի պաշարների շահագործմամբ՝ 69-րդ և 70-րդ հոդվածներով նախատեսված իրավունքները չպետք է ուղղակի կամ անուղղակի կերպով փոխանցվեն երրորդ պետություններին կամ դրանց քաղաքացիներին վարձակալության կամ լիցենզիայի, համատեղ ձեռնարկություններ ստեղծելու միջոցով կամ որևէ այլ կերպ, որի արդյունքում տեղի կունենա այդպիսի փոխանցում:
2. Վերը շարադրված դրույթը չի խոչընդոտում շահագրգիռ պետություններին երրորդ պետություններից կամ միջազգային կազմակերպություններից ստանալ տեխնիկական կամ ֆինանսական օգնություն այն նպատակով, որպեսզի դյուրին դառնա 69-րդ և 70-րդ հոդվածներով նախատեսված իրավունքների իրականացումը՝ պայմանով, որ դա չի հանգեցնի 1-ին կետում նշված արդյունքին:
Հոդված 73
Ափամերձ պետության օրենքների ու կանոնների կատարման ապահովումը
1. Ափամերձ պետությունը, ի կատարումն բացառիկ տնտեսական գոտում կենդանի պաշարների հետախուզման, շահագործման, պահպանման և կառավարման իր ինքնիշխան իրավունքների, կարող է ձեռնարկել այնպիսի միջոցներ, ներառյալ զննությունը, ստուգումը, կալանքը և դատական քննությունը, որոնք կարող են անհրաժեշտ լինել սույն Կոնվենցիային համապատասխան` իր կողմից ընդունված օրենքների ու կանոնների պահպանման ապահովման համար:
2. Կալանավորված նավը և նրա անձնակազմը պետք է անհապաղ ազատ արձակվեն ողջամիտ գրավի կամ այլ ապահովագրամիջոցի տրամադրումից հետո:
3. Ափամերձ պետության կողմից բացառիկ տնտեսական գոտում ձկնորսական օրենքների ու կանոնների համար նշանակվող պատիժները չեն կարող ներառել ազատազրկումը՝ շահագրգիռ պետությունների միջև այլ համաձայնության բացակայության դեպքում, կամ անձնական պատժի ցանկացած այլ ձև:
4. Օտարերկրյա նավերի կալանավորման կամ ձերբակալման դեպքում ափամերձ պետությունը պետք է համապատասխան ուղիներով դրոշի պետությանը անհապաղ տեղեկացնի ձեռնարկված միջոցների և դրան հաջորդող ցանկացած պատժի մասին:
Հոդված 74
Հակադիր կամ հարակից ափեր ունեցող պետությունների միջև բացառիկ տնտեսական գոտու դելիմիտացիան
1. Հակադիր կամ հարակից ափեր ունեցող պետությունների միջև բացառիկ տնտեսական գոտու դելիմիտացիան իրականացվում է միջազգային իրավունքի հիման վրա կնքված համաձայնագրի միջոցով, ինչպես դա նախատեսված է Միջազգային դատարանի Կանոնադրության 38-րդ հոդվածում՝ արդարացի լուծում ստանալու նպատակով:
2. Եթե ողջամիտ ժամկետի ընթացքում համաձայնություն ձեռք չի բերվել, շահագրգիռ պետությունները պետք է դիմեն 15-րդ մասում նախատեսված ընթացակարգերին:
3. Մինչև համաձայնագրի կնքումը, ինչպես դա նախատեսված է 1-ին կետում, շահագրգիռ պետությունները փոխըմբռնման և համագործակցության ոգով պետք է բոլոր ջանքերը գործադրեն, որպեսզի ձեռք բերեն գործնական բնույթի ժամանակավոր պայմանավորվածություն և այդ անցումային ժամանակահատվածի ընթացքում վտանգի տակ չդնեն վերջնական համաձայնագրի կնքումը կամ չխոչընդոտեն դրան: Այդպիսի պայմանավորվածությունը չպետք է վնասի վերջնական դելիմիտացիային:
4. Եթե շահագրգիռ պետությունների միջև գոյություն ունի գործող համաձայնագիր, բացառիկ տնտեսական գոտու դելիմիտացիային վերաբերող հարցերը պետք է լուծվեն այդ համաձայնագրի դրույթներին համապատասխան:
Հոդված 75
Քարտեզներ և աշխարհագրական կոորդինատների ցանկեր
1. Սույն մասի դրույթները պահպանելու պայմանով` բացառիկ տնտեսական գոտու արտաքին սահմանների գծերը և 74-րդ հոդվածին համապատասխան անցկացված սահմանազատման գծերը նշվում են այնպիսի մասշտաբի կամ մասշտաբների քարտեզների վրա, որոնք պիտանի են դրանց տեղադրությունը ճիշտ որոշելու համար: Անհրաժեշտության դեպքում այդ արտաքին սահմանների գծերը կամ սահմանազատման գծերը կարող են փոխարինվել կետերի աշխարհագրական կոորդինատների ցանկով` հիմնական ելակետային երկրաբաշխական տվյալների նշումով:
2. Ափամերձ պետությունը պետք է պատշաճ կերպով հրապարակի այդպիսի քարտեզները կամ աշխարհագարական կոորդինատների ցանկերը և յուրաքանչյուր քարտեզի կամ յուրաքանչյուր ցանկի պատճենն ի պահ հանձնի Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին:
Մաս 6
Մայրցամաքային ելուստ
Հոդված 76
Մայրցամաքային ելուստի սահմանումը
1. Ափամերձ պետության մայրցամաքային ելուստը ներառում է ծովի հատակը և ստորջրյա ջրերի ընդերքը, որոնք տարածվում են նրա տարածքային ծովի սահմաններից դուրս՝ պետության ցամաքային տարածքի բնական շարունակության ամբողջ երկայնքով՝ մինչև մայրցամաքի ստորջրյա ծայրամասի արտաքին սահմանը կամ 200 ծովային մղոն հեռավորության վրա այն ելակետային գծերից, որոնցից հաշվարկվում է տարածքային ծովի լայնությունը, երբ մայրցամաքի ստորջրյա ծայրամասի արտաքին սահմանը չի տարածվում այդպիսի հեռավորության վրա:
2. Ափամերձ պետության մայրցամաքային ելուստը չպետք է տարածվի 4-ից 6-րդ կետերում նախատեսված սահմաններից դուրս:
3. Մայրցամաքի ստորջրյա ծայրամասը ներառում է ափամերձ պետության ցամաքային տարածքի ստորջրյա շարունակությունը և բաղկացած է ծովի հատակից ու ելուստի ընդերքից, լանջից և վերելքից: Այն չի ներառում օվկիանոսի հատակը մեծ խորության վրա, այդ թվում՝ նրա օվկիանոսային լեռնաշղթաները կամ ընդերքը:
4. ա) Սույն Կոնվենցիայի նպատակների համար ափամերձ պետությունը պետք է սահմանի մայրցամաքի ստորջրյա ծայրամասի արտաքին սահմանը բոլոր այն դեպքերում, երբ այդ ծայրամասը տարածվում է 200 ծովային մղոնից ավելի հեռավորության վրա այն ելակետային գծերից, որոնցից հաշվարկվում է տարածքային ծովի լայնությունը.
i) 7-րդ կետին համապատասխան անցկացված գծով՝ առավել հեռու գտնվող ամրագրված կետերից հաշվարկելու միջոցով, որոնցից յուրաքանչյուրի մեջ նստվածքային հանքատեսակների հաստությունը կազմում է այդ կետից մինչև մայրցամաքային լանջի ստորոտը ամենակարճ տարածությամբ առնվազն 1 տոկոս, կամ
ii) 7-րդ կետին համապատասխան անցկացված գծով՝ ամրագրված կետերից հաշվարկելու միջոցով, որոնք մայրցամաքային լանջի ստորոտից գտնվում են ոչ ավելի, քան 60 ծովային մղոն հեռավորության վրա:
բ) Եթե հակառակն ապացուցող փաստեր չկան, մայրցամաքային լանջի ստորոտը պետք է որոշվի որպես նրա հիմքում թեքության առավելագույն փոփոխության կետ:
5. Այն ամրագրված կետերը, որոնք կազմում են 4-րդ կետի «ա» (i) և (ii) ենթակետին համապատասխան անցկացված՝ ծովի հատակին մայրցամաքային ելուստի արտաքին սահմանների գիծը, պետք է գտնվեն ոչ ավելի, քան 350 ծովային մղոն հեռավորության վրա այն ելակետային գծերից, որոնցից հաշվարկվում է տարածքային ծովի լայնությունը, կամ ոչ ավելի, քան 100 ծովային մղոն հեռավորության վրա 2500 մետրանոց իզոբատից, որն իրենից ներկայացնում է 2500 մետրանոց խորությունները միացնող գիծ:
6. Չնայած 5-րդ կետի դրույթներին` ստորջրյա լեռնաշղթաների վրա մայրցամաքային ելուստի արտաքին սահմանները չպետք է անցնեն 350 ծովային մղոնից այն ելակետային գծերից, որոնցից հաշվարկվում է տարածքային ծովի լայնությունը: Սույն կետը չի կիրառվում ստորջրյա բարձունքների վրա, որոնք հանդիսանում են մայրցամաքային ծայրամասի բնական բաղադրամասերը, ինչպես նրա բարձրահարթերը, բարձրությունները, փքվածությունները, խրուտները և սանդղավանդները:
7. Ափամերձ պետությունը պետք է սահմանի իր մայրցամաքային ելուստի սահմանները այնտեղ, որտեղ ելուստը տարածվում է ավելի, քան 200 ծովային մղոն այն ելակետային գծերից, որոնցից հաշվարկվում է տարածքային ծովի լայնությունը ուղիղ գծերով, որոնց երկարությունը չի գերազանցում 60 ծովային մղոնը, և որոնք միացնում են լայնության ու երկայնության կոորդինատների միջոցով որոշվող ամրագրված կետերը:
8. Այն ելակետային գծերից հաշված, որոնցից հաշվարկվում է տարածքային ծովի լայնությունը, 200 ծովային մղոնի սահմաններից դուրս մայրցամաքային ելուստի սահմանների մասին տեղեկությունները պետք է համապատասխան ափամերձ պետության կողմից ներկայացվեն Մայրցամաքային ելուստի սահմանների հանձնաժողով, որը ստեղծվում է 2-րդ Հավելվածին համապատասխան՝ արդարացի աշխարհագրական ներկայացուցչության հիման վրա: Հանձնաժողովը պետք է ափամերձ պետություններին հանձնարարականներ տա իրենց մայրցամաքային ելուստի արտաքին սահմանների որոշման հետ կապված հարցերով: Ափամերձ պետության կողմի նշված հանձնարարականների հիման վրա որոշված ելուստի սահմանները վերջնական են և պարտադիր բոլորի համար:
9. Ափամերձ պետությունը պետք է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ի պահ հանձնի քարտեզներ և համապատասխան տեղեկություններ, ներառյալ երկրաբաշխական տվյալները, որոնք մշտապես նկարագրում են իր մայրցամաքային ելուստի արտաքին սահմանը: Գլխավոր քարտուղարը պետք է պատշաճ կերպով դրանք հրապարակի:
10. Սույն հոդվածը չի շոշափում հակադիր կամ հարակից ափեր ունեցող պետությունների միջև մայրցամաքային ելուստի դելիմիտացիայի հարցը:
Հոդված 77
Մայրցամաքային ելուստի նկատմամբ ափամերձ պետության իրավունքները
1. Ափամերձ պետությունը մայրցամաքային ելուստի նկատմամբ իրականացնում է ինքնիշխան իրավունքներ՝ դրա բնական պաշարների հետախուզման և շահագործման նպատակով:
2. 1-ին կետում նշված իրավունքները բացառիկ են այն իմաստով, որ եթե ափամերձ պետությունը մայրցամաքային պետության հետախուզում չի իրականացնում կամ չի շահագործում դրա բնական պաշարները, ոչ ոք չի կարող դա անել առանց ափամերձ պետության` որոշակիորեն արտահայտված համաձայնության:
3. Մայրցամաքային ելուստի նկատմամբ ափամերձ պետության իրավունքները կախված չեն նրա` ելուստի արդյունավետ կամ ֆիկտիվ զավթումից կամ դրա մասին ուղղակիորեն հայտարարելուց:
4. Սույն մասում նշված բնական պաշարները ներառում են ծովի հատակի և նրա ընդերքի հանքային և այլ ոչ կենդանի պաշարները, ինչպես նաև նստակյաց տեսակի կենդանի մարմինները, այսինքն՝ այն մարմինները, որոնք այն ժամանակ, երբ հնարավոր է նրանց որսը, կամ երբ դրանք գտնվում են անշարժ վիճակում ծովի հատակին կամ դրա տակ կամ չեն կարող տեղաշարժվել այլ կերպ, քան մշտական ֆիզիկական կապի մեջ գտնվելով ծովի հատակի կամ դրա ընդերքի հետ:
Հոդված 78
Ծածկող ջրերի ու օդային տարածության իրավական կարգավիճակը և մյուս պետությունների իրավունքներն ու ազատությունները
1. Մայրցամաքային ելուստի նկատմամբ ափամերձ պետության իրավունքները չեն ազդում ծածկող ջրերի և դրանց վրայի օդային տարածության իրավական կարգավիճակի վրա:
2. Մայրցամաքային ելուստի նկատմամբ ափամերձ պետության իրավունքների իրականացումը չպետք է վնասի այլ պետությունների կողմից նավագնացության և սույն Կոնվենցիայով նախատեսված այլ իրավունքների ու ազատությունների իրականացմանը կամ հանգեցնի դրանց իրականացման համար անարդարացի խոչընդոտների ստեղծմանը:
Հոդված 79
Մայրցամաքային ելուստի վրայով անցնող ստորջրյա մալուխներ և խողովակաշարեր
1. Բոլոր պետությունները իրավունք ունեն մայրցամաքային ելուստի վրայով անցկացնել ստորջրյա մալուխներ և խողովակաշարեր՝ սույն հոդվածի դրույթներին համապատասխան:
2. Մայրցամաքային ելուստի հետախուզման համար ողջամիտ միջոցներ ձեռնարկելու, դրա բնական պաշարները շահագործելու և խողովակաշարերից աղտոտումը կանխարգելելու, կրճատելու և վերահսկելու իր իրավունքը պահպանելու պայմանով՝ ափամերձ պետությունը չի կարող խոչընդոտել այդ մալուխների կամ խողովակաշարերի անցկացմանը կամ սարքին վիճակում պահելուն:
3. Մայրցամաքային ելուստի վրայով այդ խողովակաշարերի անցկացման ուղին որոշվում է ափամերձ պետության համաձայնությամբ:
4. Սույն մասի որևէ դրույթ չի ազդում իր տարածքով կամ տարածքային ծովով անցնող մալուխներին կամ խողովակաշարերի անցկացման պայմանները որոշելու ափամերձ պետության իրավունքի կամ նրա մայրցամաքային ելուստի հետախուզման, դրա պաշարների շահագործման կամ իր իրավասության տակ գտնվող արհեստական կղզիների, սարքերի կամ կառույցների շահագործման հետ կապված` անցկացված կամ օգտագործվող մալուխների և խողովակաշարերի նկատմամբ իրավազորության վրա:
5. Ստորջրյա մալուխներ և խողովակաշարեր անցկացնելիս պետությունները պետք է պատշաճ կերպով հաշվի առնեն արդեն անցկացված մալուխներն ու խողովակաշարերը: Մասնավորապես, չպետք է վատթարանան գոյություն ունեցող մալուխների և խողովակաշարերի վերանորոգման հնարավորությունները:
Հոդված 80
Մայրցամաքային ելուստի վրա գտնվող արհեստական կղզիներ, սարքեր և կառույցներ
60-րդ հոդվածը mսtatis mսtandis կիրառվում է մայրցամաքային ելուստի վրա գտնվող արհեստական կղզիների, սարքերի և կառույցների նկատմամբ:
Հոդված 81
Մայրցամաքային ելուստի վրա կատարվող հորատման աշխատանքներ
Ափամերձ պետությունն ունի բացառիկ իրավունք` թույլատրելու և կարգավորելու մայրցամաքային ելուստի վրա ցանկացած նպատակով կատարվող հորատման աշխատանքները:
Հոդված 82
200 ծովային մղոնից ավելի հեռավորության վրա մայրցամաքային ելուստի շահագործման հետ կապված վճարումներ և մուծումներ
1. Ափամերձ պետությունը պետք է կատարի բնեղենով վճարումներ կամ մուծումներ, որոնք կապված են 200 ծովային մղոնից ավելի հեռավորության վրա՝ հաշվված այն ելակետային գծերից, որոնցից հաշվարկվում է տարածքային ծովի լայնությունը, մայրցամաքային ելուստի ոչ կենդանի պաշարների շահագործման հետ:
2. Վճարումները և մուծումները պետք է կատարվեն ամեն տարի՝ որևէ հատվածում ամբողջ արտադրանքի վերաբերյալ՝ այդ տեղում արդյունահանման առաջին հինգ տարիները լրանալուց հետո: Վճարումների կամ մուծումների չափը 6-րդ տարվա համար կազմում է տվյալ հատվածում արտադրանքի արժեքի կամ ծավալի 1 տոկոսը: Այդ չափը յուրաքանչյուր հաջորդ տարի ավելանում է 1 տոկոսով, մինչև 12-րդ տարին լրանալը, և այնուհետև պահպանվում է 7 տոկոսի չափով: Արտադրանքը չի ներառում շահագործման հետ կապված օգտագործված պաշարները:
3. Այն զարգացող պետությունը, որը հանդիսանում է իր մայրցամաքային ելուստի վրա արդյունահանվող որևէ օգտակար հանածոյի նետտո արտահանող, ազատվում է այդ օգտակար հանածոյի հետ կապված վճարումներից կամ մուծումներից:
4. Վճարումները կամ մուծումները պետք է կատարվեն Մարմնի միջոցով, որը դրանք բաշխում է սույն Կոնվենցիայի մասնակից պետությունների միջև` արդարության սկզբունքի հիման վրա՝ հաշվի առնելով զարգացող պետությունների շահերն ու պահանջմունքները. հատկապես այն պետությունների, որոնք ավելի քիչ են զարգացած և չունեն ելք դեպի ծով:
Հոդված 83
Հակադիր կամ հարակից ափեր ունեցող պետությունների միջև մայրցամաքային ելուստի դելիմիտացիան
1. Հակադիր կամ հարակից ափեր ունեցող պետությունների միջև մայրցամաքային ելուստի դելիմիտացիան իրականացվում է միջազգային իրավունքի հիման վրա կնքված համաձայնագրի միջոցով, ինչպես դա նախատեսված է Միջազգային դատարանի Կանոնադրության 38-րդ հոդվածում, արդարացի լուծում ստանալու նպատակով:
2. Եթե ողջամիտ ժամկետի ընթացքում համաձայնություն ձեռք չի բերվել, շահագրգիռ պետությունները պետք է դիմեն 15-րդ մասում նախատեսված ընթացակարգերին:
3. Մինչև համաձայնագրի կնքումը, ինչպես դա նախատեսված է 1-ին կետում, շահագրգիռ պետությունները փոխըմբռնման և համագործակցության ոգով պետք է բոլոր ջանքերը գործադրեն, որպեսզի ձեռք բերեն գործնական բնույթի ժամանակավոր պայմանավորվածություն և այդ անցումային ժամանակահատվածի ընթացքում վտանգի տակ չդնեն վերջնական համաձայնագրի կնքումը կամ չխոչընդոտեն դրան: Այդպիսի պայմանավորվածությունը չպետք է վնասի վերջնական դելիմիտացիային:
4. Եթե շահագրգիռ պետությունների միջև գոյություն ունի գործող համաձայնագիր, մայրցամաքային ելուստի դելիմիտացիային վերաբերող հարցերը պետք է լուծվեն այդ համաձայնագրի դրույթներին համապատասխան:
Հոդված 84
Քարտեզներ և աշխարհագրական կոորդինատների ցանկեր
1. Սույն մասի դրույթները պահպանելու պայմանով` մայրցամաքային ելուստի արտաքին սահմանների գծերը և 83-րդ հոդվածին համապատասխան անցկացված սահմանազատման գծերը նշվում են այնպիսի մասշտաբի կամ մասշտաբների քարտեզների վրա, որոնք պիտանի են դրանց տեղադրությունը ճիշտ որոշելու համար: Անհրաժեշտության դեպքում այդ արտաքին սահմանների գծերը կամ սահմանազատման գծերը կարող են փոխարինվել կետերի աշխարհագրական կոորդինատների ցանկով` հիմնական ելակետային երկրաբաշխական տվյալների նշումով:
2. Ափամերձ պետությունը պետք է պատշաճ կերպով հրապարակի այդպիսի քարտեզները կամ աշխարհագրական կոորդինատների ցանկերը և յուրաքանչյուր քարտեզի կամ յուրաքանչյուր ցանկի պատճենն ի պահ հանձնի Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին, իսկ մայրցամաքային ելուստի արտաքին սահմանների նշումով քարտեզները և աշխարհագրական կոորդինատների ցանկերը` նաև Մարմնի Գլխավոր քարտուղարին:
Հոդված 85
Թունելներ անցկացնելը
Սույն մասը չի ազդում թունելներ անցկացնելու միջոցով ընդերքը շահագործելու ափամերձ պետության իրավունքի վրա՝ անկախ ընդերքի վրայի ջրային ծածկույթի խորությունից:
Մաս 7
Բաց ծով
Բաժին 1
Ընդհանուր դրույթներ
Հոդված 86
Սույն մասի դրույթների կիրառումը
Սույն մասի դրույթները կիրառվում են ծովի բոլոր այն մասերի նկատմամբ, որոնք չեն մտնում որևէ պետության ո՛չ բացառիկ տնտեսական գոտու, ո՛չ տարածքային ծովի կամ ներքին ջրերի, ո՛չ էլ արշիպելագային պետության արշիպելագային ջրերի մեջ: Սույն հոդվածը որևէ կերպ չի սահմանափակում այն ազատությունները, որոնցից օգտվում են բոլոր պետությունները բացառիկ տնտեսական գոտում` 58-րդ հոդվածին համապատասխան:
Հոդված 87
Բաց ծովի ազատությունը
1. Բաց ծովը ազատ է բոլոր՝ ինչպես ափամերձ, այնպես էլ դեպի ծով ելք չունեցող պետությունների համար: Բաց ծովի ազատությունը իրականացվում են սույն Կոնվենցիայով սահմանված պայմաններին և միջազգային իրավունքի այլ նորմերին համապատասխան: Այն ինչպես ափամերձ, այնպես էլ դեպի ծով ելք չունեցող պետությունների համար inter alia ներառում է.
ա) նավագնացության ազատությունը,
բ) թռիչքների ազատությունը,
գ) ստորջրյա մալուխներ և խողովակաշարեր անցկացնելու ազատությունը՝ 6-րդ մասին համապատասխան,
դ) արհեստական կղզիներ և միջազգային իրավունքի տեսակետից թույլատրելի այլ սարքեր կառուցելու ազատությունը՝ պահպանելով 6-րդ մասի դրույթները,
ե) ձկնորսության ազատությունը՝ պահպանելով 2-րդ բաժնում նախատեսված պայմանները,
զ) գիտական հետազոտությունների ազատությունը՝ պահպանելով 6-րդ և 13-րդ մասերի դրույթները:
2. Բոլոր պետությունները այդ ազատություններից պետք է օգտվեն՝ պատշաճ կերպով հաշվի առնելով բաց ծովի ազատությունից օգտվելու այլ պետությունների շահագրգռվածությունը, ինչպես նաև Շրջանում իրականացվող գործունեության վերաբերյալ սույն Կոնվենցիայով նախատեսված իրավունքները:
Հոդված 88
Բաց ծովը խաղաղ նպատակների համար պահպանելը
Բաց ծովը պետք է պահպանվի խաղաղ նպատակների համար:
Հոդված 89
Բաց ծովի վրա ինքնիշխանություն տարածելու հավակնությունների անիրավաչափությունը
Ոչ մի պետություն իրավունք չունի հավակնելու բաց ծովի որևէ մասը իր ինքնիշխանությանը ենթարկելուն:
Հոդված 90
Նավագնացության իրավունք
Ինչպես ափամերձ, այնպես էլ դեպի ծով ելք չունեցող յուրաքանչյուր պետություն իրավունք ունի, որ իր դրոշի ներքո նավերը նավարկեն բաց ծովում:
Հոդված 91
Նավերի ազգային պատկանելությունը
1. Յուրաքանչյուր պետություն պետք է սահմանի նավերին իր ազգային պատկանելությունը տրամադրելու, իր տարածքում նավերը գրանցելու և իր դրոշի ներքո նավարկելու իրավունք տալու պայմանները: Նավերն ունեն այն պետության ազգային պատկանելությունը, որի դրոշի ներքո նավարկելու իրավունք ունեն: Պետության և նավի միջև պետք է լինի իրական կապ:
2. Յուրաքանչյուր պետություն պետք է համապատասխան փաստաթղթեր տրամադրի այն նավերին, որոնց նա իրավունք է տալիս նավարկել իր դրոշի ներքո:
Հոդված 92
Նավերի կարգավիճակը
1. Նավը պետք է նավարկի միայն մեկ պետության դրոշի ներքո և, բացառությամբ միջազգային պայմանագրերով կամ սույն Կոնվենցիայով ուղղակիորեն նախատեսված բացառիկ դեպքերի, բաց ծովում պետք է ենթարկվի նրա բացառիկ իրավազորությանը: Նավը չի կարող փոխել իր դրոշը նավարկության կամ նավահանգստում կանգառի ժամանակ` բացառությամբ սեփականության իրավունքի իրական փոխանցման կամ գրանցման փոփոխության դեպքերի:
2. Երկու կամ ավելի պետությունների դրոշների ներքո նավարկող և դրանցից, ըստ հարմարության, օգտվող նավը չի կարող պահանջել, որ այլ պետություններն իրեն ճանաչեն այդ դրոշներից որևէ մեկի ազգային պատկանելությունն ունեցող նավ և կարող է հավասարեցվել ազգային պատկանելություն չունեցող նավերին:
Հոդված 93
Միավորված ազգերի կազմակերպության, նրա մասնագիտացված հիմնարկների և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության դրոշի ներքո նավարկող նավերը
Նախորդ հոդվածները չեն շոշափում Միավորված ազգերի կազմակերպության, նրա մասնագիտացված հիմնարկների կամ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության` պաշտոնական ծառայության մեջ գտնվող և կազմակերպության դրոշի ներքո նավարկող նավերի հարցը:
Հոդված 94
Դրոշի պետության պարտականությունները
1. Յուրաքանչյուր պետություն իր դրոշի ներքո նավարկող նավերի նկատմամբ պետք է արդյունավետ իրականացնի իր իրավազորությունը և վերահսկողությունը վարչական, տեխնիկական և սոցիալական հարցերում:
2. Յուրաքանչյուր պետություն, մասնավորապես, պետք է.
ա) վարի նավերի գրանցամատյան` նշելով իր դրոշի ներքո նավարկող նավերի անունները և նրանց տվյալները` բացառությամբ այն նավերի, որոնց վրա չեն տարածվում հանրաճանաչ միջազգային կանոնները նրանց փոքր չափերի հետևանքով, և
բ) իր ներքին իրավունքին համապատասխան` ստանձնի իր դրոշի ներքո նավարկող յուրաքանչյուր նավի և նրա նավապետի, սպաների ու անձնակազմի նկատմամբ իրավազորությունը տվյալ նավի հետ կապված վարչական, տեխնիկական և սոցիալական հարցերի վերաբերյալ:
3. Յուրաքանչյուր պետություն իր դրոշի ներքո նավարկող նավերի նկատմամբ պետք է ձեռնարկի անհրաժեշտ այնպիսի միջոցներ ծովում անվտանգության ապահովման համար, որոնք inter alia վերաբերում են.
ա) նավերի կառուցվածքին, սարքավորումներին և նավարկության համար պիտանի լինելուն,
բ) նավերի անձնակազմերի համալրմանը, աշխատանքի պայմաններին և ուսուցմանը` հաշվի առնելով կիրառելի միջազգային ակտերը,
գ) ազդանշանների օգտագործմանը, կապ պաշտպանելուն և բախումների կանխարգելմանը:
4. Այդ միջոցների շարքին են դասվում նրանք, որոնք պետք է ապահովեն, որ`
ա) յուրաքանչյուր նավ գրանցումից առաջ, իսկ հետագայում որոշակի ժամանակահատվածներից հետո ստուգվի որակյալ նավի տեսուչի կողմից և ունենա այնպիսի քարտեզներ, ծովային հրատարակումներ և նավագնացության սարքավորումներ ու սարքեր, որոնք անհրաժեշտ են նավի անվտանգ նավարկության համար,
բ) յուրաքանչյուր նավ ղեկավարվի նավավարության, նավիգացիայի, կապի և նավի մեքենաների ու սարքավորումների բնագավառում համապատասխան որակավորում ունեցող նավապետի ու սպաների կողմից, իսկ անձնակազմն իր որակավորումով և քանակությամբ համապատասխանի նավի տեսակին, չափերին, մեխանիզմներին և սարքավորումներին,
գ) նավապետը, սպաները և, անհրաժեշտ մակարդակով, անձնակազմը լիովին տեղեկացված լինեն ծովում մարդկային կյանքի պաշտպանության, բախումների կանխման, ծովային միջավայրի աղտոտման կանխարգելման, կրճատման ու վերահսկման և ռադիոյով կապի պահպանման հարցերով կիրառելի միջազգային կանոններին և պահպանեն դրանք:
5. Ձեռնարկելով 3-րդ և 4-րդ կետերում նախատեսված միջոցները` յուրաքանչյուր պետություն պարտավոր է պահպանել հանրաճանաչ միջազգային կանոնները, ընթացակարգերը և պրակտիկան ու ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը դրանց պահպանումն ապահովելու համար:
6. Այն պետությունը, որն ակնհայտ հիմքեր ունի ենթադրելու, որ որևէ նավի նկատմամբ պատշաճ իրավազորություն ու վերահսկողություն չի իրականացվում, կարող է այդ փաստերի մասին տեղեկացնել դրոշի պետությանը: Այդպիսի հաղորդում ստանալուց հետո դրոշի պետությունը պարտավոր է քննել այդ հարցը և անհրաժեշտության դեպքում ձեռնարկել վիճակը շտկելու համար անհրաժեշտ ցանկացած միջոց:
7. Յուրաքանչյուր պետություն համապատասխան որակավորում ունեցող անձի կամ անձանց միջոցով կամ նրանց ղեկավարության ներքո պետք է կազմակերպի քննություն իր դրոշի ներքո նավարկող նավի մասնակցությամբ բաց ծովում յուրաքանչյուր ծովային վթարի կամ նավավարական պատահարի կապակցությամբ, որն առաջացրել է այլ պետության քաղաքացիների մահ կամ նրանց պատճառել է լուրջ վնասվածքներ կամ լուրջ վնաս է պատճառել այլ պետության նավերին կամ սարքերին կամ ծովային միջավայրին: Դրոշի պետությունը և այլ պետությունը պետք է համագործակցեն վերջինիս կողմից ցանկացած այդպիսի ծովային վթարի կամ նավավարական պատահարի կապակցությամբ անցկացվող ցանկացած քննության առիթով:
Հոդված 95
Բաց ծովում ռազմանավերի անձեռնմխելիությունը
Ռազմանավերը բաց ծովում օգտվում են լիակատար անձեռնմխելիության ցանկացած պետության իրավազորությունից` բացի դրոշի պետության:
Հոդված 96
Միայն ոչ առևտրային պետական ծառայության մեջ գտնվող նավերի անձեռնմխելիությունը
Պետությանը պատկանող կամ նրա կողմից շահագործվող և միայն ոչ առևտրային պետական ծառայության մեջ գտնվող նավերը բաց ծովում օգտվում են լիակատար անձեռնմխելիության ցանկացած պետության իրավազորությունից` բացի դրոշի պետության:
Հոդված 97
Քրեական իրավազորությունը բախման կամ որևէ այլ նավավարական պատահարի դեպքում
1. Բաց ծովում բախման կամ նավի հետ որևէ այլ նավավարական պատահարի դեպքում, որն առաջացնում է նավապետի կամ նավի վրա ծառայության մեջ գտնվող որևէ այլ անձի քրեական կամ կարգապահական պատասխանատվություն, այդ անձի նկատմամբ քրեական կամ կարգապահական հետապնդում չի կարող հարուցվել այլ կերպ, քան դրոշի պետության կամ այլ պետության դատական կամ վարչական մարմինների առջև, որի քաղաքացի է հանդիսանում այդ անձը:
2. Կարգապահական պատասխանատվության դեպքում միայն այն պետությունը, որը տվել է նավավարի վկայագիրը կամ որակավորման վկայականը կամ թույլտվությունը, իրավասու է պատշաճ ընթացակարգով հետ վերցնել այդ փաստաթղթերը նույնիսկ այն դեպքում, երբ նա, ում տրվել են այդ փաստաթղթերը, չի հանդիսանում այդ պետության քաղաքացի:
3. Նավը չի կարող կալանքի տակ վերցվել կամ ենթարկվել ձերբակալության նույնիսկ որպես քննություն կատարելու միջոց ցանկացած իշխանությունների պահանջով` բացի դրոշի պետության իշխանություններից:
Հոդված 98
Օգնություն ցույց տալու պարտականությունը
1. Յուրաքանչյուր պետություն իր դրոշի ներքո նավարկող ցանկացած նավի նավապետի պետք է պարտավորեցնի, որ նա, այնքանով, որքանով դա հնարավոր է անել առանց լուրջ վտանգի ենթարկելու նավը, անձնակազմը կամ ուղևորներին`
ա) օգնություն ցույց տա ծովում հայտնաբերված ցանկացած անձի, որին մահ է սպառնում,
բ) ամբողջ հնարավոր արագությամբ օգնության հասնի վթարի ենթարկված անձանց, եթե իրեն հայտնել են, որ նրանք օգնության կարիք ունեն, քանի որ նրա` նման կերպով գործելու վրա կարելի է խելամտորեն հուսալ,
գ) բախումից հետո օգնություն ցույց տա մյուս նավին, նրա անձնակազմին և նրա ուղևորներին և, երբ դա հնարավոր է, այդ նավին հայտնի իր նավի անունը, նրա գնալու նավահանգիստը և մոտակա նավահանգիստը, որտեղ նա պետք է մտնի:
2. Յուրաքանչյուր ափամերձ պետություն պետք է նպաստի ծովում և ծովի վրա անվտանգության ապահովման համար համապատասխան արդյունավետ որոնողական-փրկարար ծառայության կազմակերպմանը, գործունեությանը և պահելուն, ինչպես նաև այն ժամանակ, երբ դա են պահանջում հանգամանքները, այդ նպատակով փոխադարձ տարածաշրջանային պայմանավորվածությունների միջոցով համագործակցի հարևան պետությունների հետ:
Հոդված 99
Ստրուկներ փոխադրելու արգելքը
Յուրաքանչյուր պետություն պետք է արդյունավետ միջոցներ ձեռնարկի իր դրոշի ներքո նավարկելու իրավունք ունեցող նավերով ստրուկների փոխադրումը կանխարգելելու, այդ փոխադրումների համար պատժելու, ինչպես նաև այդ նպատակով իր դրոշի ապօրինի օգտագործումը կանխելու համար: Նավի վրա ապաստան գտած ստրուկը, անկախ նրանից, թե ինչ դրոշի ներքո է նավարկում այդ նավը, ipsօ factօ ազատ է:
Հոդված 100
Ծովահենության կանխման հարցում համագործակցության պարտականությունը
Բոլոր պետությունները պետք է առավելագույն կերպով համագործակցեն բաց ծովում կամ որևէ պետության իրավազորությունից դուրս գտնվող ցանկացած այլ տեղում ծովահենության կանխման հարցում:
Հոդված 101
Ծովահենության սահմանումը
Ծովահենություն է համարվում հետևյալ գործողություններից որևէ մեկը.
ա) որևէ մասնավոր նավի կամ մասնավոր օդանավի անձնակազմի կամ ուղևորների կողմից անձնական նպատակներով կատարվող բռնության, գրավման ցանկացած ապօրինի ակտ կամ ցանկացած կողոպուտ՝ ուղղված.
i) բաց ծովում մեկ այլ նավի կամ օդանավի կամ այդտեղ գտնվող անձանց կամ գույքի դեմ,
ii) որևէ պետության իրավազորությունից դուրս գտնվող տեղում որևէ նավի կամ օդանավի անձանց կամ գույքի դեմ,
բ) որևէ նավի կամ օդանավի շահագործմանը կամավոր մասնակցության ցանկացած ակտ, որը կատարվել է այնպիսի հանգամանքների իմացությամբ, որոնց ուժով նավը կամ օդանավը հանդիսանում է ծովահենական նավ կամ օդանավ,
գ) «ա» կամ «բ» ենթակետերում նախատեսված գործողության կատարմանը դրդում կամ դիտավորյալ օժանդակություն հանդիսացող ցանկացած ակտ:
Հոդված 102
Այն ռազմանավի, պետական նավի կամ պետական օդանավի կողմից կատարված ծովահենական գործողությունները, որոնց անձնակազմը խռովություն է բարձրացրել
101-րդ հոդվածում սահմանված ծովահենական գործողությունները, երբ դրանք կատարվում են ռազմանավի, պետական նավի կամ պետական օդանավի կողմից, որի անձնակազմը խռովություն է բարձրացրել և վերահսկողություն հաստատել այդ նավի կամ օդանավի վրա, հավասարեցվում են մասնավոր նավի կամ մասնավոր օդանավի կողմից կատարվող գործողությունների:
Հոդված 103
Ծովահենական նավի կամ ծովահենական օդանավի սահմանումը
Նավը կամ օդանավը համարվում է ծովահենական նավ կամ ծովահենական օդանավ, եթե այն իր նկատմամբ վերահսկողություն իրականացնող անձանց կողմից նախատեսվում է 101-րդ հոդվածում նշված որևէ գործողություն կատարելու համար: Դա վերաբերում է այն նավին կամ օդանավին, որն օգտագործվել է այդպիսի գործողություններ կատարելու համար, քանի դեռ դրանք գտնվում են այդ գործողությունների կատարման մեջ մեղավոր անձանց վերահսկողության տակ:
Հոդված 104
Ծովահենական նավի կամ ծովահենական օդանավի ազգային պատկանելության պահպանումը կամ կորուստը
Նավը կամ օդանավը կարող են պահպանել իրենց ազգային պատկանելությունը, թեև դարձել են ծովահենական նավ կամ ծովահենական օդանավ: Ազգային պատկանելության պահպանումը կամ կորուստը որոշվում է այն պետության ներքին իրավունքով, որի կողմից այն տրամադրվել է:
Հոդված 105
Ծովահենական նավը կամ ծովահենական օդանավը բռնելը
Բաց ծովում կամ որևէ պետության իրավազորությունից դուրս գտնվող ցանկացած այլ տեղում ցանկացած պետություն կարող է բռնել ծովահենական նավ կամ ծովահենական օդանավ կամ ծովահենական գործողությունների արդյունքում գրավված և ծովահենների վերահսկողության տակ գտնվող նավ կամ օդանավ, կալանավորել այդ նավի կամ օդանավի վրա գտնվող անձանց և գրավել այդտեղ գտնվող գույքը: Գրավող պետության դատարանները կարող են որոշումներ կայացնել պատիժներ նշանակելու մասին և որոշել, թե ինչպիսի միջոցներ պետք է ձեռնարկվեն այդպիսի նավերի, օդանավերի կամ գույքի նկատմամբ՝ չխախտելով բարեխիղճ երրորդ անձանց իրավունքները:
Հոդված 106
Պատասխանատվությունն առանց բավարար հիմքերի բռնելու համար
Եթե ծովահենության մեջ կասկածի հիման վրա նավի կամ օդանավի գրավումը կատարվել է առանց բավարար հիմքերի, գրավող պետությունը պետք է պատասխանատվություն կրի դրա արդյունքում պատճառված ցանկացած վնասի կամ ցանկացած կորստի համար այն պետության առջև, որի ազգային պատկանելությունն ունի նավը կամ օդանավը:
Հոդված 107
Ծովահենության համար բռնելու լիազորություն ունեցող նավերը և օդանավերը
Ծովահենության համար գրավումը կարող է իրականացվել միայն ռազմանավերի կամ ռազմական օդանավերի կամ այլ նավերի կամ օդանավերի կողմից, որոնք ունեն կառավարական ծառայության մեջ գտնվելու մասին վկայող հստակ տարբերանշաններ և լիազորված են դրա համար:
Հոդված 108
Թմրանյութերի կամ հոգեներգործող նյութերի ապօրինի առևտուրը
1. Բոլոր պետությունները պետք է համագործակցեն բաց ծովում նավերի կողմից, ի խախտումն միջազգային կոնվենցիաների, իրականացվող թմրանյութերի և հոգեներգործող նյութերի ապօրինի առևտրի կանխման հարցում:
2. Ցանկացած պետություն, որը ողջամիտ հիմքեր ունի ենթադրելու, որ իր դրոշի ներքո նավարկող նավը զբաղվում է թմրանյութերի կամ հոգեներգործող նյութերի ապօրինի առևտրով, կարող է դիմել այլ պետություններին այդ ապօրինի առևտուրը կանխելու հարցում համագործակցության խնդրանքով:
Հոդված 109
Բաց ծովից չսանկցիավորված հեռարձակումը
1. Բոլոր պետությունները պետք է համագործակցեն բաց ծովից չսանկցիավորված հեռարձակումը կանխելու հարցում:
2. Սույն Կոնվենցիայի նպատակների համար «չսանկցիավորված հեռարձակում» նշանակում է` բաց ծովում գտնվող նավից կամ սարքից, ի խախտումն միջազգային կանոնների, իրականացվող ձայնային, ռադիո- կամ հեռուստատեսային ծրագրերի հեռարձակում, որոնք նախատեսված են բնակչության համար, բացի աղետի ազդանշանների հեռարձակումից:
3. Չսանկցիավորված հեռարձակումով զբաղվող ցանկացած անձ կարող է պատասխանատվության ենթարկվել.
ա) նավի դրոշի պետության դատարանում,
բ) սարքի գրանցման պետության դատարանում,
գ) այն պետության դատարանում, որի քաղաքացին է հանդիսանում այդ անձը,
դ) ցանկացած պետության դատարանում, որտեղ կարող են ընդունվել հեռարձակումները, կամ
ե) ցանկացած պետության դատարանում, որի սանկցիավորված ռադիոկապի համար խոչընդոտներ են հարուցվում:
4. Բաց ծովում 3-րդ կետին համապատասխան իրավասություն ունեցող պետությունը կարող է, պահպանելով 110-րդ հոդվածը, կալանավորել չսանկցիավորված հեռարձակումով զբաղվող ցանկացած անձի կամ նավ և բռնագրավել հեռարձակող սարքավորումները:
Հոդված 110
Զննության իրավունք
1. Բացառությամբ այն դեպքերի, երբ միջամտության ակտերը հիմնված են միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքների վրա, ռազմանավը, որը բաց ծովում հանդիպել է օտարերկրյա նավի, որը չի օգտվում լիակատար անձեռնմխելիությունից` 95-րդ և 96-րդ հոդվածներին համապատասխան, իրավունք չունի այն զննել, եթե չկան ողջամիտ հիմքեր` կասկածելու, որ.
ա) այդ նավը զբաղվում է ծովահենությամբ,
բ) այդ նավը զբաղվում է ստրկավաճառությամբ,
գ) այդ նավը զբաղվում է չսանկցիավորված հեռարձակմամբ, իսկ ռազմանավի դրոշի պետությունն օժտված է իրավազորությամբ` 109-րդ հոդվածին համապատասխան,
դ) այդ նավը չունի ազգային պատկանելություն, կամ
ե) թեև նրա վրա բարձրացված է օտարերկրյա դրոշ, կամ նա հրաժարվում է բարձրացնել դրոշը, այդ նավն իրականում ունի նույն ազգային պատկանելությունը, ինչ տվյալ ռազմանավը:
2. 1-ին կետում նախատեսված դեպքերում ռազմանավը կարող է ստուգել նավի՝ այդ դրոշի ներքո նավարկելու իրավունքը: Այդ նպատակով նա կարող է սպայի հրամանատարությամբ նավակ ուղարկել դեպի կասկածելի նավը: Եթե փաստաթղթերը ստուգելուց հետո կասկածները չեն փարատվում, նա կարող է հետագայում զննել նավը՝ ցուցաբերելով հարգալից և սիրալիր վերաբերմունք:
3. Եթե պարզվի, որ կասկածներն անհիմն են, և պայմանով, որ զննության ենթարկված նավը չի կատարել այնպիսի գործողություններ, որոնք կհաստատեին այդ կասկածները, նրան պետք է հատուցեն պատճառված բոլոր վնասները կամ կորուստները:
4. Սույն դրույթները mutatis mutandis կիրառվում են ռազմական օդանավերի նկատմամբ:
5. Սույն դրույթները կիրառվում են նաև ցանկացած այլ` պատշաճ կերպով լիազորված նավի կամ օդանավի նկատմամբ, որը ունի պետական ծառայության մեջ գտնվելու մասին վկայող հստակ տարբերանշաններ:
Հոդված 111
Թարմ հետքերով հետապնդման իրավունք
1. Օտարերկրյա նավի թարմ հետքերով հետապնդում կարող է իրականացվել, եթե ափամերձ պետության իրավասու մարմինները բավարար հիմքեր ունեն` ենթադրելու, որ այդ նավը խախտել է այդ պետության օրենքներն ու կանոնները: Այդպիսի հետապնդումը պետք է սկսվի այն ժամանակ, երբ օտարերկրյա նավը կամ նրա նավակներից մեկը գտնվում է հետապնդող պետության ներքին ջրերում, արշիպելագային ջրերում, տարածքային ծովում կամ հարակից գոտում, և կարող է շարունակվել տարածքային ծովի կամ հարակից գոտու սահմաններից դուրս՝ պայմանով, որ այն չի ընդատվում: Չի պահանջվում, որ այն ժամանակ, երբ տարածքային ծովում կամ հարակից գոտում նավարկող օտարերկրյա նավը ստանում է կանգնելու հրաման, այն նավը, որը տալիս է այդ հրամանը, նույնպես գտնվի տարածքային ծովի կամ հարակից գոտու սահմաններում: Եթե օտարերկրյա նավը գտնվում է 33-րդ հոդվածում սահմանված հարակից գոտում, հետապնդումը կարող է սկսվել միայն այն իրավունքների խախտման հետ կապված, որոնց պաշտպանության համար սահմանված է այդ գոտին:
2. Թարմ հետքերով հետապնդման իրավունքը պետք է mutatis mutandis կիրառվի բացառիկ տնտեսական գոտում կամ մայրցամաքային ելուստի վրա, ներառյալ մայրցամաքային ելուստի վրա գտնվող սարքերի շուրջ անվտանգության գոտիները, ափամերձ պետության՝ սույն Կոնվենցիային համապատասխան՝ բացառիկ տնտեսական գոտու կամ մայրցամաքային ելուստի` ներառյալ այդ անվտանգության գոտիների վերաբերյալ կիրառելի օրենքների ու կանոնների խախտումների նկատմամբ:
3. Թարմ հետքերով հետապնդման իրավունքը դադարում է, երբ հետապնդվող նավը մտնում է իր պետության կամ որևէ երրորդ պետության տարածքային ծով:
4. Թարմ հետքերով հետապնդումը համարվում է սկսված միայն այն դեպքում, եթե հետապնդող նավը իր տրամադրության տակ եղած և գործնականում կիրառելի միջոցների օգնությամբ հավաստիացել է, որ հետապնդվող նավը կամ նրա նավակներից մեկը կամ այլ լողացող սարքերը, որոնք գործում են համատեղ և հետապնդվող նավը օգտագործում են որպես նավ-կայան, գտնվում են տարածքային ծովի սահմաններում կամ, առանձին դեպքերում հարակից գոտում կամ բացառիկ տնտեսական գոտում կամ մայրցամաքային ելուստի վրա: Հետապնդումը կարող է սկսել միայն կանգնելու մասին տեսանելի կամ ձայնային ազդանշան տալուց հետո՝ այնպիսի հեռավորությունից, որը օտարերկրյա նավին հնարավորություն է տալիս տեսնել կամ լսել այդ ազդանշանը:
5. Թարմ հետքերով հետապնդման իրավունքը կարող է իրականացվել միայն ռազմանավերի կամ ռազմական օդանավերի կամ այլ նավերի կամ օդանավերի կողմից, որոնք ունեն կառավարական ծառայության մեջ գտնվելու մասին վկայող հստակ տարբերանշաններ և լիազորված են այդ նպատակի համար:
6. Օդանավի կողմից թարմ հետքերով հետապնդման դեպքում.
ա) mutatis mutandis կիրառվում են 1-ինից 4-րդ դրույթները,
բ) կանգնելու մասին հրաման արձակող օդանավն ինքը պետք է ակտիվ հետապնդի նավին մինչև այդ օդանավի կողմից օգնության կանչված ափամերձ պետության որևէ նավ կամ որևէ այլ օդանավ հասնի համապատասխան վայր` հետապնդումը շարունակելու համար, եթե միայն օդանավն ինքը չի կարող կալանավորել նավը: Տարածքային ծովից դուրս նավի կալանավորումը արդարացնելու համար բավարար չէ, որ այն ուղղակի նկատված լինի օդանավի կողմից, որպես խախտում կատարած կամ խախտում կատարելու մեջ կասկածվող, եթե նա կանգնելու մասին հրաման չի ստացել և միաժամանակ չի հետապնդվել այլ օդանավի կամ անընդհատ հետապնդումը շարունակող այլ օդանավերի կամ նավերի կողմից:
7. Որևէ պետության իրավազորության սահմաններում կալանավորված և իրավասու մարմինների կողմից քննություն կատարելու նպատակով այդ պետության նավահանգիստ ուղեկցված նավի ազատման պահանջ չի կարող ներկայացվել միայն այն հիմքով, որ այդ նավը ուղեկցվել է բացառիկ տնտեսական գոտու կամ բաց ծովի որևէ մասով, եթե դա են պահանջել հանգամանքները:
8. Եթե նավը կանգնեցվել կամ կալանավորվել է տարածքային ծովից դուրս այնպիսի պայմաններում, որոնք հիմք չեն հանդիսանում թարմ հետքերով հետապնդման իրավունքն իրականացնելու համար, նրան պետք է հատուցվեն բոլոր պատճառված վնասները կամ կորուստները:
Հոդված 112
Ստորջրյա մալուխների և խողովակաշարերի անցկացման իրավունք
1. Բոլոր պետություններն իրավունք ունեն բաց ծովի հատակով մայրցամաքային ելուստի սահմաններից դուրս անցկացնել ստորջրյա մալուխներ և խողովակաշարեր:
2. 79-րդ հոդվածի 5-րդ կետը կիրառվում է այդպիսի մալուխների և խողովակաշարերի նկատմամբ:
Հոդված 113
Ստորջրյա մալուխի կամ խողովակաշարի կտրվելը կամ վնասվելը
Յուրաքանչյուր պետություն պետք է ընդունի անհրաժեշտ օրենքներ ու կանոններ, որտեղ կնախատեսվի, որ պատժելի արարքներ են հանդիսանում իր դրոշի ներքո նավարկող որևէ նավի կամ իր իրավազորության ներքո գտնվող որևէ անձի կողմից բաց ծովում ստորջրյա մալուխը դիտավորությամբ կամ հանցավոր անփութության հետևանքով կտրելը կամ վնասելը, ինչի արդյունքում կարող է խախտվել կամ դժվարանալ հեռագրական կամ հեռախոսային կապը, ինչպես նաև նույն հանգամանքներում ստորջրյա խողովակաշարը կամ բարձրավոլտ մալուխը կտրելը կամ վնասելը: Այս դրույթը վերաբերում է նաև այն գործողություններին, որոնք ուղղված են կտրելուն կամ վնասելուն կամ կարող են հանգեցնել դրան: Սակայն այն չի վերաբերում բացառապես իրենց կյանքը կամ իրենց նավերը փրկելու` իրավաչափ նպատակով գործող անձանց կողմից դրանք կտրելուն կամ վնասելուն՝ դրանից խուսափելու համար նախազգուշացման բոլոր միջոցները ձեռնարկելուց հետո:
Հոդված 114
Ստորջրյա մալուխը կամ խողովակաշարը կտրելը կամ վնասելը մեկ այլ ստորջրյա մալուխի կամ խողովակաշարի սեփականատերերի կողմից
Յուրաքանչյուր պետություն պետք է ընդունի անհրաժեշտ օրենքներ ու կանոններ, որտեղ կնախատեսվի, որ եթե իր իրավազորության ներքո գտնվող անձինք, որոնց պատկանում է բաց ծովում ստորջրյա մալուխ կամ խողովակաշար, այդ մալուխը կամ խողովակաշարը անցկացնելիս կամ վերանորոգելիս կտրում կամ վնասում են այլ մալուխ կամ խողովակաշար, պետք է հատուցեն վերանորոգման ծախսերը:
Հոդված 115
Ստորջրյա կաբելի կամ խողովակաշարի վնասվելուց խուսափելու համար կրած վնասի հատուցումը
Յուրաքանչյուր պետություն պետք է ընդունի անհրաժեշտ օրենքներ ու կանոններ, որպեսզի այն նավերի տերերը, որոնք կարող են ապացուցել, որ իրենք զոհաբերել են խարիսխը, ցանցը կամ որևէ այլ ձկնորսական սարք ստորջրյա մալուխի կամ խողովակաշարի վնասելուց խուսափելու համար, կարողանան հատուցում ստանալ այդ մալուխի կամ խողովակաշարի տիրոջից՝ պայմանով, որ նախապես ձեռնարկվել են նախազգուշացման բոլոր ողջամիտ միջոցները:
Բաժին 2
Բաց ծովի կենդանի պաշարների պահպանումը և դրանց կառավարումը
Հոդված 116
Բաց ծովում ձկնորսության իրավունքը
Բոլոր պետությունները իրավունք ունեն, որ իրենց քաղաքացիները բաց ծովում զբաղվեն ձկնորսությամբ՝ պայմանով, որ կպահպանեն.
ա) իրենց պայմանագրային պարտավորությունները,
բ) ափամերձ պետությունների իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև շահերը, որոնք inter alia նախատեսված են 63-րդ հոդվածի 2-րդ կետում և 64-ից 67-րդ հոդվածներում, և
գ) սույն բաժնի դրույթները:
Հոդված 117
Բաց ծովի կենդանի պաշարների պահպանության ապահովման նպատակով իրենց քաղաքացիների նկատմամբ միջոցներ ձեռնարկելու պետությունների պարտականությունը
Բոլոր պետությունները պարտավոր են ձեռնարկել կամ այլ պետությունների հետ համագործակցել իրենց քաղաքացիների նկատմամբ այնպիսի միջոցներ ձեռնարկելու հարցում, որոնք կարող են անհրաժեշտ լինել բաց ծովի կենդանի պաշարների պահպանման համար:
Հոդված 118
Կենդանի պաշարների պահպանման և դրանց կառավարման հարցում պետությունների համագործակցությունը
Պետությունները պետք է միմյանց հետ համագործակցեն բաց ծովի շրջաններում կենդանի պաշարների պահպանման և դրանց կառավարման հարցում: Այն պետությունները, որոնց քաղաքացիները զբաղվում են տարբեր կենդանի պաշարների որսով միևնույն շրջանում կամ միևնույն կենդանի պաշարների որսով, պետք է բանակցություններ վարեն այդ կենդանի պաշարների պահպանման համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու նպատակով: Համապատասխան դեպքերում նրանք պետք է համագործակցեն այդ նպատակով ձկնորսության ենթատարածաշրջանային կամ տարածաշրջանային կազմակերպություններ ստեղծելու հարցում:
Հոդված 119
Բաց ծովի կենդանի պաշարների պահպանումը
1. Թույլտարելի որսաքանակը որոշելիս և բաց ծովի կենդանի պաշարների պահպանմանն ուղղված այլ միջոցներ սահմանելիս պետությունները պետք է.
ա) իրենց տրամադրության տակ եղած առավել հավաստի գիտական տվյալների հիման վրա միջոցներ ձեռնարկեն որսի ենթակա տեսակների պոպուլյացիաները այնպիսի մակարդակի վրա պահպանելու կամ վերականգնելու նպատակով, որի դեպքում կարող է ապահովվել առավելագույն կայուն որսաքանակը, որը որոշվում է՝ հաշվի առնելով համապատասխան բնապահպանական և տնտեսական գործոնները, ներառյալ զարգացող պետությունների հատուկ պահանջմունքները, և ձկնորսության վարման մեթոդները, պաշարների փոխկախվածությունը, ինչպես նաև ցանկացած ենթատարածաշրջանային, տարածաշրջանային կամ համաշխարհային համընդհանուր հանձնարարականի բնույթ կրող միջազգային նվազագույն չափանիշները,
բ) հաշվի առնեն որսի ենթակա տեսակների հետ զուգորդված և դրանցից կախված տեսակների վրա ներգործությունը՝ այդպիսի զուգորդված կամ կախյալ տեսակների պոպուլյացիաները այնպիսի մակարդակից բարձր պահելու կամ վերականգնելու նպատակով, որի դեպքում դրանց վերարտադրությունը կարող է լուրջ վտանգի ենթարկվել:
2. Առկա գիտական տեղեկատվությամբ, որսաքանակի և ձկնորսական ջանքի վերաբերյալ վիճակագրական տվյալների ու ձկան պաշարների պահպանմանը վերաբերող այլ տվյալների փոխանցումը և փոխանակումը պետք է իրականացվի կանոնավոր կերպով, ենթատարածաշրջանային, տարածաշրջանային կամ համընդհանուր իրավասու միջազգային կազմակերպությունների միջոցով և բոլոր շահագրգիռ պետությունների մասնակցությամբ:
3. Շահագրգիռ պետությունները պետք է ապահովեն, որ պահպանման միջոցները և դրանց իրականացումը ո՛չ ըստ ձևի, ո՛չ ըստ էության չլինեն խտրական ցանկացած պետության ձկնորսների նկատմամբ:
Հոդված 120
Ծովային կաթնասուններ
65-րդ հոդվածը կիրառվում է նաև բաց ծովում ծովային կաթնասունների պահպանման և դրանց կառավարման նկատմամբ:
Մաս 8
Կղզիների ռեժիմը
Հոդված 121
Կղզիների ռեժիմը
1. Կղզին բնական ճանապարհով առաջացած ջրով շրջապատված ցամաքային տարածություն է, որը մակընթացության ժամանակ գտնվում է ջրի մակարդակից բարձր:
2. Բացառությամբ 3-րդ կետում նախատեսված դեպքի՝ կղզու տարածքային ծովը, հարակից գոտին, բացառիկ տնտեսական գոտին և մայրցամաքային ելուստը որոշվում են սույն Կոնվենցիայի՝ այլ ցամաքային տարածությունների նկատմամբ կիրառելի դրույթներին համապատասխան:
3. Այն ժայռերը, որոնք պիտանի չեն մարդու բնակության կամ ինքնուրույն տնտեսական գործունեության համար, չունեն ո՛չ բացառիկ տնտեսական գոտի, ո՛չ մայրցամաքային ելուստ:
Մաս 9
Փակ կամ կիսափակ ծովեր
Հոդված 122
Սահմանում
Սույն Կոնվենցիայի նպատակների համար «փակ կամ կիսափակ ծով» նշանակում է` ծովածոց, ավազան կամ ծով, որը շրջապատված է երկու կամ ավելի պետություններով և այլ ծովի կամ օվկիանոսի հետ միանում է նեղ ծովային ուղիով կամ ամբողջովին կամ հիմնականում բաղկացած է երկու կամ ավելի ափամերձ պետությունների տարածքային ծովերից և բացառիկ տնտեսական գոտիներից:
Հոդված 123
Փակ կամ կիսափակ ծովերի ջրերով շրջապատված պետությունների համագործակցությունը
Փակ կամ կիսափակ ծովերով ողողվող պետությունները պետք է միմյանց հետ համագործակցեն սույն Կոնվենցիայով նախատեսված իրենց իրավունքների իրականացման և իրենց պարտականությունների կատարման հարցում: Այդ նպատակով նրանք կամ անմիջականորեն, կամ համապատասխան տարածաշրջանային կազմակերպության միջոցով պետք է ձգտեն.
ա) համակարգել ծովի կենդանի պաշարների կառավարումը, պահպանումը, հետախուզումը և շահագործումը,
բ) համակարգել իրենց իրավունքների և պարտականությունների իրականացումը ծովային միջավայրի պաշտպանության ու պահպանման հարցում,
գ) համակարգել իրենց քաղաքականությունը գիտական հետազոտությունների անցկացման բնագավառում և անհրաժեշտության դեպքում տվյալ շրջանում իրականացնել գիտական հետազոտությունների համատեղ ծրագրեր,
դ) անհրաժեշտության դեպքում հրավիրել այլ շահագրգիռ պետությունների կամ միջազգային կազմակերպությունների սույն հոդվածի դրույթները կենսագործելու հարցում համագործակցելու համար:
Մաս 10
Դեպի ծով ելք չունեցող պետությունների՝ ծովից ու դեպի ծով մուտքի և ազատ տարանցման իրավունքը
Հոդված 124
Տերմինների օգտագործումը
1. Սույն Կոնվենցիայի նպատակների համար.
ա) «դեպի ծով ելք չունեցող պետություն» նշանակում է` ծովեզերք չունեցող պետություն,
բ) «տարանցիկ պետություն» նշանակում է` ծովեզերք ունեցող կամ ծովեզերք չունեցող պետություն, որը գտնվում է դեպի ծով ելք չունեցող պետության և ծովի միջև, և որի տարածքով իրականացվում է տարանցում,
գ) «տարանցում» նշանակում է` մարդկանց, ուղեբեռի, ապրանքների և տրանսպորտային միջոցների տարանցում մեկ կամ մի քանի տարանցիկ պետությունների տարածքով, երբ այդ տարածքով անցումը՝ փոխաբեռնումով, պահեստավորումով, բեռների խմբաքանակների բաժանումով կամ տրանսպորտի տեսակի փոփոխումով կամ առանց դրա, հանդիսանում է դեպի ծով ելք չունեցող պետության տարածքի սահմաններում սկսվող կամ ավարտվող ամբողջ ճանապարհի միայն մի հատվածը,
դ) «տրանսպորտային միջոցներ» նշանակում է`
i) երկաթուղային շարժակազմ, ծովային, լճային կամ գետային նավեր ու ավտոմոբիլային տրանսպորտ,
ii) բեռնակիրներ և բեռնակիր կենդանիներ, երբ դա են պահանջում տեղական պայմանները:
2. Դեպի ծով ելք չունեցող պետությունները և տարանցիկ պետությունները փոխադարձ համաձայնությամբ կարող են տրանսպորտային միջոցների թվին դասել խողովակաշարերն ու գազամուղները և, 1-ին կետում նշվածներից բացի, այլ տրանսպորտային միջոցները:
Հոդված 125
Ծովից ու դեպի ծով մուտքի և ազատ տարանցման իրավունք
1. Դեպի ծով ելք չունեցող պետություններն ունեն ծովից և դեպի ծով մուտքի իրավունք` սույն Կոնվենցիայով նախատեսված իրավունքների, այդ թվում` բաց ծովի ազատությանը և մարդկության ընդհանուր ժառանգությանը վերաբերող իրավունքների իրականացման նպատակով: Այդ նպատակով դեպի ծով ելք չունեցող պետություններն օգտվում են տարանցիկ պետությունների տարածքներով բոլոր տրանսպորտային միջոցներով տարանցման ազատությունից:
2. Տարանցման ազատության իրականացման պայմաններն ու կարգը պետք է համաձայնեցվեն դեպի ծով ելք չունեցող շահագրգիռ պետությունների և տարանցիկ պետությունների միջև` երկկողմ, ենթատարածաշրջանային կամ տարածաշրջանային համաձայնագրերի միջոցով:
3. Տարանցիկ պետությունները, իրականացնելով իրենց լիակատար ինքնիշխանությունն իրենց տարածքի նկատմամբ, իրավունք ունեն ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, որոնք պետք է ապահովեն, որ սույն մասում դեպի ծով ելք չունեցող պետությունների համար նախատեսված իրավունքներն ու հնարավորությունները որևէ ձևով չոտնահարեն տարանցիկ պետության օրինական շահերը:
Հոդված 126
Բացառություն առավել բարենպաստ ազգի վերաբերյալ կանոնի կիրառման ոլորտից
Առավել բարենպաստ ազգի վերաբերյալ կանոնը կիրառելիս բացառվում են սույն Կոնվենցիայի այն դրույթները, ինչպես նաև ծովից և դեպի ծով մուտքի իրավունքի իրականացման հարցերով հատուկ համաձայնագրերը, որոնք իրավունքներ ու արտոնություններ են սահմանում` ելնելով դեպի ծով ելք չունեցող պետությունների հատուկ աշխարհագրական դիրքից:
Հոդված 127
Մաքսատուրքեր, հարկեր և այլ գանձումներ
1. Տարանցման համար մաքսատուրքեր և հարկեր չեն գանձվում կամ այլ գանձումներ չեն կատարվում` բացառությամբ այն գանձումների, որոնք կատարվում են դրա հետ կապված կոնկրետ ծառայությունների դիմաց:
2. Տարանցում իրականացնող տրանսպորտային միջոցներից և դեպի ծով ելք չունեցող պետություններին տրամադրվող ու նրանց կողմից օգտագործվող այլ միջոցներից գանձվող հարկերը կամ գանձումները չեն կարող գերազանցել տարանցիկ պետության տրանսպորտային միջոցների օգտագործման համար գանձվող հարկերի կամ գանձումների չափից:
Հոդված 128
Անմաքս գոտիներ և այլ մաքսային արտոնություններ
Տարանցման հարմարության համար տարանցիկ պետությունների մուտքի ու ելքի նավահանգիստներում այդ պետությունների և դեպի ծով ելք չունեցող պետությունների միջև համաձայնագրով կարող են նախատեսվել անմաքս գոտիներ կամ այլ մաքսային արտոնություններ:
Հոդված 129
Համագործակցությունը տրանսպորտային միջոցների կառուցման և կատարելագործման հարցում
Եթե տարանցիկ պետություններում բացակայում են տարանցման ազատության իրականացման համար տրանսպորտային միջոցներ, կամ եթե գոյություն ունեցող միջոցները, ներառյալ նավահանգստային կառույցները և սարքավորումները, ինչ-որ առումով բավարար չեն, շահագրգիռ տարանցիկ պետությունները և դեպի ծով ելք չունեցող պետությունները կարող են համագործակցել դրանց կառուցման և կատարելագործման հարցում:
Հոդված 130
Տարանցման ընթացքում ուշացումներից կամ տեխնիկական բնույթի այլ դժվարություններից խուսափելու կամ դրանք վերացնելու նպատակով ձեռնարկվող միջոցներ
1. Տարանցիկ պետությունները պետք է ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները տարանցման ընթացքում ուշացումներից կամ տեխնիկական բնույթի այլ դժվարություններից խուսափելու նպատակով:
2. Այդպիսի ուշացումների կամ դժվարությունների դեպքում տարանցիկ պետությունների և շահագրգիռ` դեպի ծով ելք չունեցող պետությունների իրավասու մարմինները պետք է համագործակցեն դրանց շուտափույթ վերացման նպատակով:
Հոդված 131
Ռեժիմի հավասարությունը ծովային նավահանգիստներում
Դեպի ծով ելք չունեցող պետությունների դրոշի ներքո նավարկող նավերը ծովային նավահանգիստներում օգտվում են նույն ռեժիմից, որը տարածվում է այլ օտարերկրյա նավերի վրա:
Հոդված 132
Տարանցման ավելի լայն հնարավորությունների տրամադրում
Սույն Կոնվենցիան որևէ կերպ չի վերացնում տարանցման այնպիսի հնարավորությունները, որոնք ավելի լայն են, քան սույն Կոնվենցիայով նախատեսված հնարավորությունները, և որոնք համաձայնեցված են սույն Կոնվենցիայի մասնակից պետությունների կողմից կամ տրամադրված են որևէ մասնակից պետության կողմից: Սույն Կոնվենցիան չի խոչընդոտում նաև ապագայում ավելի լայն հնարավորություններ տրամադրելուն:
Մաս 11
Շրջան
Բաժին 1
Ընդհանուր դրույթներ
Հոդված 133
Տերմինների օգտագործումը
Սույն մասի նպատակների համար.
ա) «պաշարներ» նշանակում է` Շրջանում՝ ծովի հատակին կամ դրա ընդերքում, in situ բոլոր պինդ, հեղուկ կամ գազային հանքային պաշարները, ներառյալ բազմամետաղ հանքամարմինները,
բ) Շրջանում արդյունահանված պաշարները դիտվում են որպես «օգտակար հանածոներ»:
Հոդված 134
Սույն մասի գործողության ոլորտը
1. Սույն մասը կիրառվում է Շրջանի նկատմամբ:
2. Շրջանում իրականացվող գործունեությունը կարգավորվում է սույն մասի դրույթներով:
3. 1-ին հոդվածի 1-ին (1) կետում նշված՝ սահմաններն ամրագրող ծովային քարտեզների կամ աշխարհագրական կոորդինատների ցանկերի ի պահ հանձնելու և հրապարակելու վերաբերյալ պահանջները շարադրված են 6-րդ մասում:
4. Սույն հոդվածի ոչ մի դրույթ չի ազդում 6-րդ մասին համապատասխան մայրցամաքային ելուստի արտաքին սահմանների որոշման կամ հակադիր կամ հարակից ափեր ունեցող պետությունների միջև դելիմիտացիային վերաբերող համաձայնագրերի իրավաբանական ուժի վրա:
Հոդված 135
Ծածկող ջրերի և օդային տարածության իրավական կարգավիճակը
Սույն մասը, ինչպես դրան համապատասխան տրվող կամ իրականացվող իրավունքները, չի ազդում Շրջանը ծածկող ջրերի կամ այդ ջրերի վրայի օդային տարածության իրավական կարգավիճակի վրա:
Բաժին 2
Շրջանը կարգավորող սկզբունքներ
Հոդված 136
Մարդկության ընդհանուր ժառանգություն
Շրջանը և նրա պաշարները հանդիսանում են մարդկության ընդհանուր ժառանգություն:
Հոդված 137
Շրջանի և նրա պաշարների իրավական կարգավիճակը
1. Ոչ մի պետություն չի կարող հավակնել Շրջանի կամ նրա պաշարների որևէ մասի նկատմամբ ինքնիշխանության կամ ինքնիշխան իրավունքների կամ իրականացնել դրանք, և ոչ մի պետություն, ֆիզիկական կամ իրավաբանական անձ չի կարող յուրացնել դրանց որևէ մասը: Այդ կարգի ոչ մի հավակնություն կամ ինքնիշխանության կամ ինքնիշխան իրավունքների իրականացում և ոչ մի յուրացում չեն ճանաչվում:
2. Շրջանի պաշարների նկատմամբ բոլոր իրավունքները պատկանում են ամբողջ մարդկությանը, որի անունից գործում է Մարմինը: Այդ պաշարները ենթակա չեն օտարման: Այնուամենայնիվ, Շրջանում արդյունահանվող օգտակար հանածոները կարող են օտարվել, բայց միայն սույն մասի և Մարմնի նորմերին, կանոններին և ընթացակարգերին համապատասխան:
3. Ոչ մի պետություն, ֆիզիկական կամ իրավաբանական անձ չի կարող հավակնել Շրջանում արդյունահանվող օգտակար հանածոների նկատմամբ իրավունքների, դրանք ձեռք բերել կամ իրականացնել այլ կերպ, քան սույն մասի համապատասխան: Հակառակ դեպքում այդ իրավունքների, դրանց ձեռքբերման կամ իրականացման նկատմամբ ոչ մի հավակնություն չի ճանաչվում:
Հոդված 138
Պետությունների ընդհանուր վարքագիծը Շրջանի նկատմամբ
Շրջանի նկատմամբ պետությունների ընդհանուր վարքագիծը պետք է համապատասխանի սույն մասի դրույթներին, Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության մեջ ամրագրված սկզբունքներին և միջազգային իրավունքի այլ նորմերին՝ ելնելով խաղաղության և անվտանգության ապահովման և միջազգային համագործակցությանը ու փոխըմբռնմանը աջակցելու շահերից:
Հոդված 139
Պահպանման և վնասի համար պատասխանատվության ապահովման պարտականություն
1. Մասնակից պետությունները պարտավորվում են ապահովել, որ մասնակից պետությունների, պետական ձեռնարկությունների կամ ֆիզիկական կամ մասնակից պետությունների ազգային պատկանելությունն ունեցող կամ այդ մասնակից պետությունների կամ նրանց քաղաքացիների արդյունավետ վերահսկողության տակ գտնվող իրավաբանական անձանց կողմից Շրջանում ծավալվող գործունեությունը իրականացվի սույն մասի համապատասխան: Սույն պարտականությունը տարածվում է նաև միջազգային կազմակերպությունների վրա՝ այդ կազմակերպությունների կողմից Շրջանում իրականացվող գործունեության հետ կապված:
2. Չխախտելով միջազգային իրավունքի նորմերը և 3-րդ Հավելվածի 22-րդ հոդվածը՝ որևէ մասնակից պետության կամ միջազգային կազմակերպության կողմից սույն մասում նախատեսված իր պարտականությունների չկատարման արդյունքում պատճառված վնասը առաջացնում է համապատասխան պատասխանատվություն. մասնակից պետությունները կամ միջազգային կազմակերպությունները համատեղ գործելու պարագայում կրում են համազոր պատասխանատվություն: Սակայն մասնակից պետությունը պատասխանատվություն չի կրում այն անձի կողմից սույն մասի դրույթների չպահպանման արդյունքում պատճառված վնասի համար, որին նա երաշխավորել է 153-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետի հիման վրա, եթե այդ մասնակից պետությունը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցները արդյունավետ պահպանման ապահովման համար՝ 153-րդ հոդվածի 4-րդ կետին և 3-րդ Հավելվածի 4-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան:
3. Միջազգային կազմակերպությունների անդամ հանդիսացող մասնակից պետությունները պետք է ձեռնարկեն համապատասխան միջոցներ այդ կազմակերպությունների մասով սույն հոդվածի կիրառման ապահովման համար:
Հոդված 140
Հանուն մարդկության բարօրության
1. Ինչպես դա ուղղակի նախատեսված է սույն մասում, Շրջանում գործունեությունը պետք է իրականացվի հանուն ողջ մարդկության բարօրության` անկախ ինչպես ափամերձ, այնպես էլ դեպի ծով ելք չունեցող պետությունների աշխարհագրական դիրքից և հատուկ հաշվի առնելով այն զարգացող պետությունների ու ժողովուրդների շահերն ու պահանջմունքները, որոնք ձեռք չեն բերել լիակատար անկախություն կամ Միավորված ազգերի կազմակերպության կողմից Գլխավոր ասամբլեայի 1514 (XV) բանաձևին և այլ բանաձևերին համապատասխան ճանաչված ինքնակառավարման այլ կարգավիճակ:
2. Մարմինը պետք է ապահովի Շրջանում իրականացվող գործունեությունից ստացվող ֆինանսական և այլ տնտեսական օգուտների արդարացի բաշխումը ցանկացած մեխանիզմի միջոցով՝ խտրականության բացառման պայմաններում, 160-րդ հոդվածի 2-րդ կետի «զ» (i) ենթակետին համապատասխան:
Հոդված 141
Շրջանի օգտագործումը բացառապես խաղաղ նպատակներով
Շրջանը բաց է ինչպես ափամերձ, այնպես էլ դեպի ծով ելք չունեցող բոլոր պետությունների կողմից բացառապես խաղաղ նպատակներով օգտագործվելու համար՝ առանց խտրականության և չխախտելով սույն մասի այլ դրույթները:
Հոդված 142
Ափամերձ պետությունների իրավունքներն ու օրինական շահերը
1. Շրջանում ծավալվող գործունեությունը՝ կապված այնտեղ գտնվող պաշարների հանքավայրերի հետ, որոնք գտնվում են նաև ազգային իրավազորության սահմաններում, պետք է իրականացվի՝ պատշաճ կերպով հաշվի առնելով ցանկացած ափամերձ պետության իրավունքներն ու օրինական շահերը, որի իրավազորության սահմաններում գտնվում են այդ հանքավայրերը:
2. Այդ իրավունքների և շահերի ոտնահարումից խուսափելու համար շահագրգիռ պետությունների հետ պետք է անցկացվեն խորհրդակցություններ` ներառյալ նախնական ծանուցումների համակարգը: Այն դեպքերում, երբ Շրջանում իրականացվող գործունեությունը կարող է հանգեցնել ազգային իրավազորության սահմաններում գտնվող պաշարների շահագործման, պահանջվում է շահագրգիռ ափամերձ պետության նախնական համաձայնությունը:
3. Սույն մասը, ինչպես և նրան համապատասխան տրվող կամ իրականացվող իրավունքները չեն ազդում ափամերձ պետությունների՝ 12-րդ մասին համապատասխան դրույթների հետ համատեղելի այնպիսի միջոցներ ձեռնարկելու իրավունքների վրա, որոնք կարող են անհրաժեշտ լինեն նրանց ափի կամ դրա հետ կապված շահերի համար՝ աղտոտման կամ դրա սպառնալիքի կամ Շրջանում իրականացվող ցանկացած գործունեության հետևանքով առաջացող այլ վտանգավոր երևույթների արդյունքում ծագող լուրջ և անխուսափելի վտանգի կանխարգելման, կրճատման կամ վերացման համար:
Հոդված 143
Ծովային գիտական հետազոտություններ
1. Շրջանում ծովային գիտական հոտազոտությունները պետք է իրականացվեն բացառապես խաղաղ նպատակներով և հանուն ողջ մարդկության բարօրության՝ 13-րդ մասին համապատասխան:
2. Մարմինը կարող է, Շրջանի և նրա պաշարների հետ կապված, իրականացնել ծովային գիտական հետազոտություններ և այդ նպատակով կնքել պայմանագրեր: Մարմինը պետք է աջակցի և խրախուսի Շրջանում ծովային գիտական հետազոտությունների կատարումը, ինչպես նաև համակարգի և տարածի այդ հետազոտությունների և վերլուծությունների արդյունքները, երբ դրանք մատչելի են դառնում:
3. Մասնակից պետությունները կարող են ծովային գիտական հետազոտություններ իրականացնել Շրջանում: Մասնակից պետությունները պետք է աջակցեն Շրջանում ծովային գիտական հետազոտությունների կատարման հարցում միջազգային համագործակցությանը.
ա) միջազգային ծրագրերին մասնակցելու և տարբեր երկրների ու Մարմնի մասնագետների կողմից ծովային գիտական հետազոտությունների կատարման հարցում համագործակցությունը խրախուսելու միջոցով,
բ) կախված հանգամանքներից՝ զարգացող և տեխնիկական առումով նվազագույն չափով զարգացած պետությունների օգտին Մարմնի կամ այլ միջազգային կազմակերպությունների մասնակցությամբ ծրագրերի մշակման ապահովման միջոցով՝ նպատակ ունենալով.
i) ամրապնդել նրանց հետազոտական ներուժը,
ii) պատրաստել նրանց կադրերը և Մարմնի անձնակազմը հետազոտման և դրա արդյունքների կիրառման մեթոդների բնագավառում,
iii) աջակցել նրանց որակյալ անձնակազմի ներգրավմանը Շրջանում կատարվող հետազոտություններին,
գ) կախված հանգամանքներից՝ Մարմնի կամ այլ միջազգային ուղիների միջոցով հետազոտությունների ու վերլուծությունների արդյունքների արդյունավետ տարածման միջոցով, երբ դրանք մատչելի են դառնում:
Հոդված 144
Տեխնոլոգիայի փոխանցում
1. Մարմինը, սույն Կոնվենցիային համապատասխան, պետք է միջոցներ ձեռնարկի.
ա) Շրջանում իրականացվող գործունեության հետ կապված տեխնոլոգիայի և գիտական տվյալների ձեռքբերման, և
բ) զարգացող պետություններին այդ տեխնոլոգիան և գիտական տվյալները փոխանցելուն աջակցելու և դա խրախուսելու համար, որպեսզի բոլոր մասնակից պետությունները օգտվեն դրանից:
2. Այդ նպատակով Մարմինը և մասնակից պետությունները պետք է համագործակցեն Շրջանում իրականացվող գործունեության վերաբերյալ տեխնոլոգիայի և գիտական տվյալների փոխանցմանը աջակցելու հարցում, որպեսզի Ձեռնարկությունը և բոլոր մասնակից պետությունները կարողանան օգտվել դրանից: Մասնավորապես, նրանք պետք է նախաձեռնեն և նպաստեն.
ա) Շրջանում իրականացվող գործունեությանը վերաբերող տեխնոլոգիայի՝ Ձեռնարկությանը և զարգացող պետություններին փոխանցելու ծրագրերի իրականացմանը, ներառյալ, inter alia, Ձեռնարկության և զարգացող պետությունների կողմից համապատասխան տեխնոլոգիան արդարացի և ողջամիտ պայմաններով ստանալու հնարավորության հեշտացումը,
բ) Ձեռնարկության տեխնոլոգիայի և զարգացող պետությունների տեղական տեխնոլոգիայի զարգացմանն ուղղված միջոցների իրականացմանը, մասնավորապես, Ձեռնարկության անձնակազմին և զարգացող պետությունների մասնագետներին ծովային գիտության և տեխնիկայի բնագավառում պատրաստման և Շրջանում իրականացվող գործունեությանը նրանց լիարժեք մասնակցության համար հնարավորություններ տրամադրելով:
Հոդված 145
Ծովային միջավայրի պաշտպանություն
Սույն Կոնվենցիային համապատասխան` Շրջանում իրականացվող գործունեության վերաբերյալ պետք է ձեռնարկվեն այնպիսի միջոցներ, որոնք անհրաժեշտ են ծովային միջավայրի արդյունավետ պաշտպանության ապահովման համար այնպիսի վնասակար հետևանքներից, որոնք կարող են առաջանալ այդպիսի գործունեության արդյունքում: Այդ նպատակով մարմինը պետք է ընդունի համապատասխան նորմեր, կանոններ և ընթացակարգեր, որոնք inter alia ուղղված են.
ա) ծովային միջավայրի աղտոտման և դրա համար, այդ թվում` ափի այլ վտանգների կանխարգելմանը, կրճատմանը և վերահսկմանը և ծովային միջավայրի բնապահպանական հավասարակշռության խախտման կանխմանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով ծովային միջավայրի պաշտպանության անհրաժեշտությանը գործունեության այնպիսի տեսակների վնասակար հետևանքներից, ինչպիսիք են հորատումը, հատակի խորացումը, արտափորումը, թափոնների ոչնչացումը, սարքերի, խողովակաշարերի և այդպիսի գործունեության հետ կապված այլ կառույցների շինարարությունը և շահագործումը կամ տեխնիկական սպասարկումը,
բ) Շրջանի բնական պաշարների պաշտպանությանը և պահպանմանը և ծովային միջավայրի բուսական ու կենդանական աշխարհի վնասների կանխմանը:
Հոդված 146
Մարդկային կյանքի պաշտպանություն
Շրջանում իրականացվող գործունեության հետ կապված` պետք է ձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ մարդկային կյանքի արդյունավետ պաշտպանության ապահովման նպատակով: Այդ նպատակով Մարմինը պետք է ընդունի համապատասխան նորմեր, կանոններ և ընթացակարգեր՝ ի լրումն գործող միջազգային իրավունքի, ինչպես այն արտացոլված է համապատասխան պայմանագրերում:
Հոդված 147
Շրջանում և ծովային միջավայրում գործունեության համաձայնեցում
1. Շրջանում գործունեությունը պետք է իրականացվի՝ ողջամիտ կերպով հաշվի առնելով ծովային միջավայրում իրականացվող այլ գործունեությունը:
2. Շրջանում գործունեության իրականացման համար օգտագործվող սարքերը պետք է բավարարեն հետևյալ պահանջներին.
ա) այդ սարքերը պետք է մոնտաժվեն, տեղադրվեն ու տեղահանվեն միայն սույն մասին համապատասխան և պահպանելով Մարմնի նորմերը, կանոնները և ընթացակարգերը: Այդ սարքերի մոնտաժի, տեղադրման և տեղահանման մասին պետք է պատշաճ կերպով հայտարարվի, իսկ դրանց առկայության մասին վկայող մշտական նախազգուշացման միջոցները պետք է պահվեն սարքին վիճակում,
բ) այդ սարքերը չեն կարող տեղադրվել այնտեղ, որտեղ դա կարող է խոչընդոտներ առաջացնել ճանաչված ծովային ուղիների օգտագործման համար, որոնք էական նշանակություն ունեն միջազգային նավագնացության համար, կամ ինտենսիվ ձկնորսական գործունեության շրջաններում,
գ) այդ սարքերի շուրջ պետք է ստեղծվեն անվտանգության գոտիներ համապատասխան նշաններով՝ ինչպես նավագնացության, այնպես էլ սարքերի անվտանգության ապահովման համար: Այդ անվտանգության գոտիների ուրվագիծը և տեղադրությունը պետք է լինեն այնպիսին, որ չկազմեն որոշակի ծովային գոտիներ նավերի իրավաչափ մուտքին կամ միջազգային ծովային ուղիներով նավագնացությանը խոչընդոտող շղթա,
դ) այդ սարքերը պետք է օգտագործվեն բացառապես խաղաղ նպատակներով,
ե) այդ սարքերը չունեն կղզիների կարգավիճակ: Դրանք չունեն իրենց տարածքային ծովը, և դրանց առկայությունը չի ազդում տարածքային ծովի, բացառիկ տնտեսական գոտու կամ մայրցամաքային ելուստի դելիմիտացիայի վրա:
3. Ծովային միջավայրում այլ գործունեությունը պետք է իրականացվի՝ ողջամիտ կերպով հաշվի առնելով Շրջանում իրականացվող գործունեությունը:
Հոդված 148
Զարգացող պետությունների մասնակցությունը Շրջանում իրականացվող գործունեությանը
Շրջանում իրականացվող գործունեությանը զարգացող պետությունների արդյունավետ մասնակցությունը պետք է խրախուսվի, ինչպես դա ուղղակի նախատեսված է սույն մասում՝ պատշաճ կերպով հաշվի առնելով նրանց հատուկ շահերն ու պահանջմունքները և, մասնավորապես, դեպի ծով ելք չունեցող կամ աշխարհագրական առումով անբարենպաստ դիրք ունեցող զարգացող պետությունների հատուկ շահագրգռվածությունը նրանց անբարենպաստ դիրքի արդյունքում առաջացող խոչընդոտների հաղթահարման հարցում, ներառյալ Շրջանից հեռու գտնվելը և Շրջանից ու դեպի Շրջան մուտքի բարդությունը:
Հոդված 149
Հնագիտական և պատմական օբյեկտներ
Շրջանում հայտնաբերված բոլոր հնագիտական և պատմական օբյեկտները պետք է պահպանվեն կամ օգտագործվեն հանուն ողջ մարդկության բարօրության, ընդ որում` հատուկ ուշադրություն է դարձվում ծագման պետության կամ երկրի կամ մշակութային ծագման պետության կամ պատմական ու հնագիտական ծագման պետության նախապատվության իրավունքներին:
Բաժին 3
Շրջանի պաշարների յուրացումը
Հոդված 150
Քաղաքականությունը Շրջանում իրականացվող գործունեության նկատմամբ
Շրջանում գործունեությունը, ինչպես դա ուղղակի նախատեսված է սույն մասում, պետք է իրականացվի այնպես, որ նպաստի համաշխարհային տնտեսության առողջ զարգացմանը ու միջազգային առևտրի հավասարակշռված աճին և օժանդակի միջազգային համագործակցությանը բոլոր երկրների՝ հատկապես զարգացող պետությունների բազմակողմանի զարգացման համար, նպատակ ունենալով ապահովել.
ա) Շրջանի պաշարների յուրացումը,
բ) Շրջանի պաշարների կանոնակարգված, անվտանգ ու ռացիոնալ օգտագործումը, ներառյալ
Շրջանում գործունեության արդյունավետ իրականացումը և պաշարների պահպանման ողջամիտ սկզբունքներին համապատասխան ավելորդ կորուստների կանխումը,
գ) այնպիսի գործունեությանը մասնակցելու հնարավորությունների ընդլայնումը, որը համապատասխանում է, մասնավորապես, 144-րդ և 148-րդ հոդվածներին,
դ) Մարմնի մասնակցությունը եկամուտներին և տեխնոլոգիայի փոխանցմանը Ձեռնարկությանը ու զարգացող պետություններին, ինչպես դա նախատեսված է սույն Կոնվենցիայով,
ե) ըստ անհրաժեշտության՝ այլ աղբյուրներից արդյունահանվող օգտակար հանածոների հետ մեկտեղ Շրջանում արդյունահանվող օգտակար հանածոների ստացման հնարավորությունների ընդլայնումը` այդպիսի օգտակար հանածոներով սպառողների մատակարարման ապահովման համար,
զ) ինչպես Շրջանում, այնպես էլ այլ աղբյուրներից արդյունահանվող օգտակար հանածոների վերաբերյալ արտադրողների համար արդարացի, կայուն ու շահեկան և սպառողների համար արդարացի գների սահմանումը և առաջարկի ու պահանջարկի միջև երկարատև հավասարակշռությունը,
է) բոլոր մասնակից պետությունների համար, անկախ նրանց սոցիալ-տնտեսական համակարգերից կամ աշխարհագրական դիրքից, Շրջանի պաշարների յուրացմանը և Շրջանում գործունեության մենաշնորհացման կանխարգելմանը մասնակցելու հնարավորությունների ընդլայնումը,
ը) զարգացող պետությունների պաշտպանությունը նրանց տնտեսության կամ արտահանումից ստացվող նրանց դրամական մուտքերի համար բացասական հետևանքներից, որոնք առաջանում են օգտակար հանածոների համապատասխան տեսակի գնի այն չափով իջեցման կամ դրա արտահանման ծավալների կրճատման արդյունքում, որ չափով այդպիսի իջեցումը կամ կրճատումը պայմանավորված է Շրջանում իրականացվող գործունեությամբ, ինչպես դա նախատեսված է 151-րդ հոդվածում,
թ) ընդհանուր ժառանգության շահագործումը հանուն ողջ մարդկության բարօրության, և
ժ) Շրջանի պաշարներից արդյունահանվող օգտակար հանածոների և այդ օգտակար հանածոներից արտադրվող հումքային ապրանքների ներմուծման համար շուկաներից օգտվելու այնպիսի պայմաններ, որոնք չպետք է լինեն ավելի բարենպաստ, քան այն առավել բարենպաստ պայմաններն են, որոնք կիրառվում են այլ աղբյուրներից ներմուծման նկատմամբ:
Հոդված 151
Քաղաքականությունն արտադրության բնագավառում
1. ա) Չհակասելով 150-րդ հոդվածում նշված նպատակներին և նշված հոդվածի «ը» ենթակետի դրույթների իրականացման նպատակով՝ Մարմինը, գործելով գոյություն ունեցող խորհրդաժողովների կամ այնպիսի նոր պայմանավորվածությունների կամ համաձայնագրերի միջոցով, որոնք կարող են տեղին լինել, և որոնց մասնակցում են բոլոր շահագրգիռ կողմերը, ներառյալ ինչպես արտադրողները, այնպես էլ սպառողները, պետք է ձեռնարկի միջոցներ, որոնք անհրաժեշտ են այն հումքային ապրանքների շուկաների աճին, արդյունավետությանը և կայունությանը նպաստելու համար, որոնք արտադրվում են Շրջանում արդյունահանվող օգտակար հանածոներից՝ այնպիսի գներով, որոնք շահավետ են արտադրողների համար և արդարացի սպառողների համար: Բոլոր մասնակից պետությունները պետք է համագործակցեն այդ նպատակով:
բ) Մարմինը իրավունք ունի մասնակցելու հումքային ապրանքների հարցերով ցանկացած խորհրդաժողովի, որը վերաբերում է նշված հումքային ապրանքներին, և որին մասնակցում են բոլոր շահագրգիռ կողմերը, ներառյալ ինչպես արտադրողները, այնպես էլ սպառողները: Մարմինը իրավունք ունի մասնակցելու այդ խորհրդաժողովների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններին կամ համաձայնագրերին: Մարմնի մասնակցությունը այդ պայմանավորվածություններին կամ համաձայնագրերին համապատասխան ստեղծված ցանկացած մարմնի պետք է կապված լինի Շրջանում ծավալված արտադրության հետ և իրականացվի այդ մարմնի համապատասխան կանոնների համաձայն:
գ) Մարմինը, սույն կետում նշված պայմանավորվածություններին կամ համաձայնագրերին համապատասխան, իր պարտավորությունները պետք է կատարի այնպես, որ ապահովի դրանց միատեսակ և ոչ խտրական իրագործումը Շրջանում համապատասխան օգտակար հանածոների ամբողջ հանույթի նկատմամբ: Ընդ որում, Մարմինը պետք է գործի այնպես, որ նրա գործունեությունը համապատասխանի գործող պայմանագրերի և Ձեռնարկության՝ հաստատված աշխատանքային պլանների պայմաններին:
2. ա) 3-րդ կետում նշված միջանկյալ ժամանակահատվածի ընթացքում արդյունաբերական արտադրությունը, հաստատված աշխատանքային պլանին համապատասխան, չպետք է սկսվի, քանի դեռ աշխատանքների կատարողը Մարմնին չի ներկայացրել հայտ և նրանից չի ստացել արտադրության համար թույլտվություն: Արտադրության թույլտվության վերաբերյալ այդպիսի հայտը չի կարող ներկայացվել, և այդպիսի թույլտվություն չի կարող տրվել այդ աշխատանքային պլանին համապատասխան արդյունաբերական արտադրությունը սկսելու ծրագրված ժամկետից հինգ տարուց շուտ, եթե միայն Մարմնի նորմերում, կանոններում և ընթացակարգերում չի սահմանվում այլ ժամկետ՝ հաշվի առնելով նախագծի մշակման բնույթը և ժամանակը:
բ) Արտադրության թույլտվության վերաբերյալ հայտում աշխատանքների կատարողը պետք է նշի նիկելի տարեկան քանակը, որը ծրագրվում է արդյունահանել հաստատված աշխատանքային պլանին համապատասխան: Հայտը պետք է ներառի այն ծախսերի ժամանակացույցը, որոնք պետք է կատարվեն աշխատանքները կատարողի կողմից այդ թույլտվությունը ստանալուց հետո, և որոնք հաշվարկված են ողջամիտ կերպով, որպեսզի նրան հնարավորություն տան ժամանակին սկսել արդյունաբերական արտադրությունը:
գ) «ա» և «բ» ենթակետերի նպատակների համար Մարմինը պետք է սահմանի համապատասխան պահանջներ 3-րդ Հավելվածի 17-րդ հոդվածի համաձայն աշխատանքների կատարման վերաբերյալ:
դ) Մարմինը պետք է արտադրության թույլտվություն տա արտադրության պահանջվող մակարդակի համար, եթե այդ մակարդակի և արդեն հաստատված մակարդակների գումարը չի գերազանցում նիկելի արտադրության վերին սահմանը, որը հաշվարկվել է 4-րդ կետի համաձայն այդ թույլտվությունը տալու տարում, ծրագրվող արտադրության ցանկացած տարվա ընթացքում, որը մտնում է միջանկյալ ժամանակահատվածի մեջ:
ե) Տրված արտադրության թույլտվությունը և հաստատված հայտը դառնում են հաստատված աշխատանքային պլանի մասը:
զ) Եթե արտադրության թույլտվության վերաբերյալ աշխատանքներ կատարողի հայտը մերժվում է համաձայն «դ» ենթակետի, նա կարող է ցանկացած ժամանակ նորից այդպիսի հայտ ներկայացնել Մարմնին:
3. Միջանկյալ ժամանակահատվածը սկսվում է այն տարվա հունվարի 1-ից հինգ տարի առաջ, որի ընթացքում, համաձայն աշխատանքային պլանի, ծրագրվում է սկսել առաջին արդյունաբերական արտադրությունը: Եթե առաջին արդյունաբերական արտադրությունը հետաձգվում է մինչև նախապես ծրագրված տարվան հաջորդող ժամանակահատվածը, ապա միջանկյալ ժամանակահատվածի սկիզբը և արտադրության նախնական հաշվարկված վերին սահմանը համապատասխանաբար փոփոխվում են: Միջանկյալ ժամանակահատվածը տևում է 25 տարի կամ մինչև 155-րդ հոդվածում նշված Դիտարկման խորհրդաժողովի ավարտը կամ մինչև 1-ին կետում նշված նոր պայմանավորվածությունների կամ համաձայնագրերի ուժի մեջ մտնելու օրը՝ կախված նրանից, թե որ ժամկետն ավելի շուտ կգա: Մարմինը միջանկյալ ժամանակահատվածի մնացած մասի ընթացքում կրկին կօգտվի սույն հոդվածում նախատեսված լիազորություններից, եթե լրացել է նշված պայմանավորվածությունների կամ համաձայնագրերի գործողության ժամկետը, կամ եթե դրանք որևէ պատճառով դարձել են անվավեր:
4. ա) Միջանկյալ ժամանակահատվածի ցանկացած տարվա համար արտադրության վերին սահմանը իրենից ներկայացնում է.
i) «բ» ենթակետին համապատասխան՝ առաջին արդյունաբերական արտադրության տարվան անմիջապես նախորդող տարվա և միջանկյալ ժամանակահատվածի սկզբին անմիջապես նախորդող տարվա համար հաշվարկվող՝ նիկելի սպառման միտումների գծի մեծությունների միջև տարբերության, և
ii) «բ» ենթակետին համապատասխան՝ այն տարվա, որի համար կիրառվում է արտադրության թույլտվությունը և առաջին արդյունաբերական արտադրության տարվան անմիջապես նախորդող տարվա համար հաշվարկվող՝ նիկելի սպառման միտումների գծի մեծությունների միջև տարբերության վաթսուն տոկոսի գումարը:
բ) «ա» ենթակետի նպատակների համար.
i) նիկելի արտադրության վերին սահմանի հաշվարկման համար օգտագործվող միտումների գծի մեծություններ են հանդիսանում նիկելի տարեկան սպառման միտումների գծի մեծությունները, որոնք հաշվարկված են այն տարվա համար, որում տրվում է արտադրության թույլտվությունը: Միտումների գիծը կառուցվում է վերջին 15-ամյա ժամանակահատվածի ընթացքում նիկելի փաստացի սպառման լոգարիթմերի գծային ռեգրեսիայի հիման վրա, որի վերաբերյալ կան այդպիսի տվյալներ. ընդ որում, ժամանակը հանդիսանում է անկախ փոփոխական մեծություն: Այդպիսի գիծը կոչվում է միտումների սկզբնական գիծ,
ii) եթե միտումների սկզբնական գծի աճի տարեկան նորմը 3 տոկոսից պակաս է, ապա նրա փոխարեն «ա» ենթակետում նշված մեծությունների որոշման համար օգտագործվող միտումների գիծ է համարվում այն գիծը, որն անցնում է միտումների այն սկզբնական գծի վրա գտնվող կետով, որն արտահայտում է համապատասխան 15-ամյա ժամանակահատվածի առաջին տարվա համար մեծությունը և աճում է տարեկան 3 տոկոսով: Սակայն միջանկյալ ժամանակահատվածի ցանկացած տարվա համար սահմանված արտադրության վերին սահմանը ոչ մի դեպքում չի կարող գերազանցել այդ տարվա համար միտումների սկզբնական գծի վրայի մեծության և միջանկյալ ժամանակահատվածի սկզբին անմիջապես նախորդող տարվա համար միտումների սկզբնական գծի վրայի մեծության միջև տարբերությունը:
5. Մարմինը պետք է Ձեռնարկությանը նրա սկզբնական արտադրության համար ցուցանիշ վերապահի 38000 մետրական տոննայի չափով արտադրության գոյություն ունեցող վերին սահմանից, որը հաշվարկվում է 4-րդ կետի համաձայն:
6. ա) Աշխատանքներ կատարողը կարող է ցանկացած տարի 8 տոկոսով կամ դրանից պակաս չափով գերազանցել բազմամետաղ հանքամարմիններից հանքային պաշարների արտադրության տարեկան այն մակարդակը, որը նշված է նրան տրված արտադրության թույլտվության մեջ՝ պայմանով, որ արտադրության ընդհանուր ծավալը չի գերազանցում թույլտվության մեջ նշված ծավալը: Ցանկացած տարի 8 տոկոսից ավելի և մինչև 20 տոկոս գերազանցելու ցանկացած դեպքի կամ առաջին տարում կամ հաջորդ տարիներին իրար հաջորդող երկու տարիների ընթացքում, երբ տեղի է ունենում գերազանցումը, գերազանցման ցանկացած դեպքի կապակցությամբ պետք է բանակցություններ վարվեն Մարմնի հետ, որը կարող է պահանջել, որ աշխատանքներ կատարողը ստանա արտադրության լրացուցիչ թույլտվություն, որը կնախատեսի լրացուցիչ արտադրություն:
բ) Այդպիսի լրացուցիչ արտադրության թույլտվության վերաբերյալ հայտերը Մարմնի կողմից քննարկվում են միայն այն աշխատանքները կատարողների քննության չառնված բոլոր հայտերի վերաբերյալ որոշումներ ընդունելուց հետո, որոնք դեռ չեն ստացել արտադրության թույլտվություն, և պատշաճ կերպով հաշվի առնելով այլ հնարավոր հայտ ներկայացնողներին: Մարմինը պետք է ղեկավարվի միջանկյալ ժամանակահատվածի ցանկացած տարում արտադրության վերին սահմանի հիման վրա թույլատրված արտադրության ընդհանուր ծավալի չգերազանցման սկզբունքով: Նա չպետք է արտադրության թույլտվություն տա տարեկան 46500 մետրական տոննա նիկելից ավելի՝ ցանկացած աշխատանքային պլանով:
7. Այլ մետաղների արտադրության մակարդակները, ինչպիսիք են պղինձը, կոբալտը և մանգանը, որոնք ստացվում են արտադրության թույլտվությանը համապատասխան արդյունահանվող բազմամետաղ հանքամարմիններից, չպետք է գերազանցեն այն մակարդակները, որոնց հնարավոր կլիներ հասնել, եթե աշխատանքներ կատարողը, սույն հոդվածին համապատասխան, այդ հանքամարմիններից ստանար նիկելի առավելագույն քանակություն: Մարմինը, 3-րդ Հավելվածի 17-րդ հոդվածին համապատասխան, պետք է սահմանի սույն կետի կատարման համար նորմեր, կանոններ և ընթացակարգեր:
8. Անարդարացի տնտեսական պրակտիկայի հետ կապված իրավունքներն ու պարտականությունները, որոնք բխում են համապատասխան բազմակողմ առևտրային համաձայնագրերից, պետք է կիրառվեն Շրջանում օգտակար հանածոների հետախուզման և շահագործման նկատմամբ: Սույն դրույթին համապատասխան ծագող վեճերը կարգավորելիս այդ բազմակողմ առևտրային համաձայնագրերի կողմ հանդիսացող մասնակից պետությունները պետք է դիմեն այդ համաձայնագրերում նախատեսված վեճերի կարգավորման ընթացակարգերին:
9. Մարմինն իրավունք ունի սահմանափակել Շրջանում օգտակար հանածոների արդյունահանման մակարդակը, բացի այն օգտակար հանածոներից, որոնք ստացվում են բազմամետաղ հանքամարմիններից, այդպիսի պայմաններին համապատասխան և այնպիսի մեթոդներ կիրառելով, որոնք կարող են անհրաժեշտ լինել 161-րդ հոդվածի 8-րդ կետին համապատասխան կանոններ ընդունելու միջոցով:
10. Տնտեսական պլանային հանձնաժողովի առաջարկությունների հիման վրա Խորհրդի կողմից տրված հանձնարարականով Ասամբլեան պետք է սահմանի փոխհատուցման համակարգ կամ ձեռնարկի այլ միջոցներ, որոնք նպաստում են այն զարգացող պետությունների տնտեսության հարմարեցմանը, որոնց արտահանումից ստացվող դրամական մուտքերի կամ տնտեսության համար օգտակար հանածոների համապատասխան տեսակի գնի իջեցման կամ օգտակար հանածոների այդ տեսակի արտահանման ծավալի կրճատման արդյունքում ստեղծվել են լուրջ բացասական հետևանքներ, այդպիսի իջեցմանը կամ կրճատմանը այն չափով, որ չափով դրանք պայմանավորված են Շրջանում իրականացվող գործունեությամբ, ներառյալ այդ նպատակով համագործակցությունը մասնագիտացված հիմնարկների և այլ միջազգային կազմակերպությունների հետ: Մարմինը համապատասխան խնդրանքի առկայության դեպքում պետք է ուսումնասիրի այն պետությունների խնդիրները, որոնք հավանաբար կարող են ավելի շատ տուժել, նպատակ ունենալով նվազագույնի հասցնել նրանց դժվարությունները և օժանդակություն ցույց տալ տնտեսության հարմարեցման գործում:
Հոդված 152
Մարմնի կողմից իր լիազորությունների և գործառույթների իրականացումը
1. Իր լիազորությունները և գործառույթներն իրականացնելիս, այդ թվում՝ Շրջանում գործունեության իրականացման համար հնարավորություններ տրամադրելիս, Մարմինը պետք է խուսափի խտրականությունից:
2. Այնուամենայնիվ, թույլատրելի է համարվում հատուկ ուշադրությունը զարգացող պետություններին, այդ թվում՝ հատուկ ուշադրությունն այն զարգացող պետություններին, որոնք չունեն ելք դեպի ծով կամ գտնվում են աշխարհագրական առումով անբարենպաստ դիրքում, ինչը հատուկ նախատեսված է սույն մասում:
Հոդված 153
Հետախուզման և շահագործման համակարգը
1. Շրջանում գործունեությունը կազմակերպվում, իրականացվում և վերահսկվում է Մարմնի կողմից, ամբողջ մարդկության անունից՝ սույն հոդվածին, ինչպես նաև սույն մասի ու դրան վերաբերող Հավելվածներին համապատասխան այլ դրույթներին և Մարմնի նորմերին, կանոններին և ընթացակարգերին համապատասխան:
2. Շրջանում գործունեությունը պետք է իրականացվի, ինչպես դա նախատեսվում է 3-րդ կետում,
ա) Ձեռնարկության, և
բ) Մարմնի հետ համատեղ մասնակից պետությունների, կամ պետական ձեռնարկությունների, կամ եթե կա մասնակից պետությունների երաշխավորությունը, նրանց ազգային պատկանելությունն ունեցող կամ նրանց քաղաքացիների արդյունավետ վերահսկողության տակ գտնվող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, կամ վերը նշվածների ցանկացած խմբի կողմից, որոնք համապատասխանում են սույն մասում և 3-րդ Հավելվածում նախատեսված պահանջներին:
3. Շրջանում գործունեությունը պետք է իրականացվի պաշտոնական գրավոր աշխատանքային պլանին համապատասխան, որը կազմվում է 3-րդ Հավելվածին համաձայն և հաստատվում է Խորհրդի կողմից՝ Իրավաբանական և տեխնիկական հանձնաժողովի կողմից դրա քննարկումից հետո: Եթե Շրջանում գործունեությունն իրականացվում է 2-րդ «բ» կետում նշված սուբյեկտների կողմից այնպես, ինչպես դա թույլատրվում է Մարմնի կողմից, այդ աշխատանքային պլանը, 3-րդ Հավելվածի 3-րդ հոդվածին համապատասխան, պետք է ունենա պայմանագրի ձև: Այդպիսի պայմանագրերը կարող են նախատեսել, 3-րդ Հավելվածի 11-րդ հոդվածին համապատասխան, համատեղ միջոցառումների իրականացում:
4. Մարմինը Շրջանում իրականացվող գործունեության նկատմամբ պետք է իրականացնի այնպիսի վերահսկողություն, որն անհրաժեշտ է սույն մասի և դրան վերաբերող Հավելվածների համապատասխան դրույթների, Մարմնի նորմերի, կանոնների և ընթացակարգերի, ինչպես նաև 3-րդ կետին համապատասխան հաստատված աշխատանքային պլանների պահպանման ապահովման համար: Մասնակից պետությունները պետք է աջակցեն Մարմնին՝ 139-րդ հոդվածին համապատասխան ձեռնարկելով պահպանման ապահովման բոլոր անհրաժեշտ միջոցները:
5. Մարմինն իրավունք ունի ցանկացած ժամանակ ձեռնարկել սույն մասում նախատեսված ցանկացած միջոց վերջինիս դրույթների պահպանման ապահովման և սույն մասին համապատասխան կամ ցանկացած պայմանագրով իրեն տրված վերահսկողության ու կարգավորման գործառույթների իրականացման համար: Մարմինն իրավունք ունի ստուգելու Շրջանում գտնվող բոլոր սարքերը, որոնք օգտագործվում են Շրջանում իրականացվող գործունեության հետ կապված:
6. 3-րդ կետին համապատասխան կնքված պայմանագիրը պետք է նախատեսի պայմանագրի կողմի իրավունքների երաշխիքներ: Դրան համապատասխան՝ պայմանագիրը չի կարող վերանայվել, կասեցվել կամ դադարեցվել այլ կերպ, քան 3-րդ Հավելվածի 18-րդ և 19-րդ հոդվածներին համապատասխան:
Հոդված 154
Պարբերական դիտարկում
Սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելու պահից յուրաքանչյուր հինգ տարին մեկ Ասամբլեան պետք է իրականացնի ընդհանուր և սիստեմատիկ դիտարկում, որպեսզի պարզի, թե ինչպես է գործնականում իրականացվում սույն Կոնվենցիայով սահմանված՝ Շրջանի միջազգային ռեժիմը: Այդ դիտարկման արդյունքում Ասամբլեան, սույն մասի և դրան վերաբերող Հավելվածների դրույթներին ու ընթացակարգերին համապատասխան, կարող է ձեռնարկել կամ այլ մարմիններին հանձնարարել ձեռնարկել այնպիսի միջոցներ, որոնք հնարավորություն կտան կատարելագործելու այդ ռեժիմի գործողությունը:
Հոդված 155
Դիտարկման խորհրդաժողով
1. Այն տարվա հունվարի 1-ից տասնհինգ տարի հետո, երբ սկսվում է առաջին արդյունաբերական արտադրությունը, համաձայն հաստատված աշխատանքային պլանի, Ասամբլեան պետք է գումարի սույն մասին և դրան վերաբերող Հավելվածների այն դրույթների դիտարկման խորհրդաժողով, որոնք կարգավորում են Շրջանի պաշարների հետախուզման ու շահագործման համակարգը: Դիտարկման խորհրդաժողովը այդ ժամանակահատվածի ընթացքում կուտակված փորձի հիման վրա պետք է մանրամասն քննարկի ու պարզի.
ա) հասե՞լ են արդյոք սույն մասի՝ Շրջանի պաշարների հետախուզման և շահագործման համակարգը կարգավորող դրույթներն իրենց նպատակներին բոլոր տեսակետներից, ներառյալ այն, թե դրանք արդյոք օգուտ բերե՞լ են ամբողջ մարդկությանը,
բ) այդ 15-ամյա ժամանակահատվածի ընթացքում պահառված շրջանները մյուս շրջանների համեմատ շահագործվե՞լ են արդյոք արդյունավետ և հավասարակշռված,
գ) Շրջանի ու նրա պաշարների շահագործումը և օգտագործումը արդյոք իրականացվե՞լ են այնպես, որ նպաստեն համաշխարհային տնտեսության առողջ զարգացմանը և միջազգային առևտրի հավասարակշռված աճին,
դ) կանխվա՞ծ է արդյոք Շրջանում իրականացվող գործունեության մենաշնորհացումը,
ե) իրականացվե՞լ է արդյոք 150-րդ և 151-րդ հոդվածներում շարադրված քաղաքականությունը, և
զ) հանգեցրե՞լ է արդյոք այդ համակարգը Շրջանում իրականացվող գործունեությունից ստացվող օգուտների արդարացի բաշխման՝ հատուկ հաշվի առնելով զարգացող պետությունների շահերն ու պահանջմունքները:
2. Դիտարկման խորհրդաժողովը պետք է ապահովի մարդկության ընդհանուր ժառանգության սկզբունքի, բոլոր երկրների, հատկապես զարգացող պետությունների և Մարմնի շահերից ելնելով՝ Շրջանի պաշարների արդարացի շահագործման ապահովմանն ուղղված միջազգային ռեժիմի պահպանումը Շրջանում գործունեության կազմակերպման, իրականացման և վերահսկման համար: Այն պետք է ապահովի նաև սույն մասում նախատեսված այն սկզբունքների պահպանումը, որոնք վերաբերում են Շրջանի որևէ մասի նկատմամբ ինքնիշխանության կամ ինքնիշխանության իրականացման հավակնությունների անթույլատրելիությանը, Շրջանի նկատմամբ պետությունների իրավունքներին և նրանց ընդհանուր վարքագծին, ինչպես նաև, սույն Կոնվենցիային համապատասխան, նրանց մասնակցությանը Շրջանում իրականացվող գործունեությանը, Շրջանում իրականացվող գործունեության մենաշնորհացման կանխմանը, Շրջանի՝ բացառապես խաղաղ նպատակներով օգտագործմանը, Շրջանում իրականացվող գործունեության տնտեսական ասպեկտներին, ծովային գիտական հետազոտություններին, տեխնոլոգիայի փոխանցմանը, ծովային միջավայրի պաշտպանությանը, մարդկային կյանքի պաշտպանությանը, ափամերձ պետությունների իրավունքներին, Շրջանը ծածկող ջրերի ու այդ ջրերի վրայի օդային տարածության իրավական կարգավիճակին և Շրջանում իրականացվող գործունեության ու ծովային միջավայրում իրականացվող այլ գործունեության համաձայնեցմանը:
3. Դիտարկման խորհրդաժողովի ժամանակ կիրառվող՝ որոշումների ընդունման ընթացակարգը նույնն է, ինչ Ծովային իրավունքի հարցերով Միավորված ազգերի կազմակերպության երրորդ խորհրդաժողովի ժամանակ կիրառվող ընթացակարգը: Խորհրդաժողովը պետք է գործադրի բոլոր ջանքերը ցանկացած ուղղումների վերաբերյալ կոնսենսուսի միջոցով համաձայնություն կայացնելու համար, և այդ հարցերի կապակցությամբ քվեարկությունը չպետք է անցկացվի այնքան ժամանակ, քանի դեռ չեն սպառվել կոնսենսուսի հասնելու բոլոր ջանքերը:
4. Եթե դիտարկման խորհրդաժողովի աշխատանքների սկսվելուց հինգ տարի հետո այն համաձայնության չգա Շրջանի պաշարների հետախուզման և շահագործման համակարգի վերաբերյալ, Խորհրդաժողովը կարող է հաջորդող 12 ամիսների ընթացքում մասնակից պետությունների 3/4 մեծամասնությամբ ընդունել որոշում այդ համակարգը փոփոխող կամ վերափոխող այն ուղղումներն ընդունելու և մասնակից պետություններին դրանք վավերացնելու կամ միանալու համար ներկայացնելու մասին, որոնք ինքը անհրաժեշտ ու նպատակահարմար կգտնի: Այդպիսի ուղղումները բոլոր մասնակից պետությունների համար ուժի մեջ են մտնում մասնակից պետությունների 3/4 կողմից դրանք վավերացվելու կամ դրանց միանալու վերաբերյալ փաստաթղթերը ի պահ հանձնվելուց 12 ամիս հետո:
5. Սույն հոդվածին համապատասխան՝ Դիտարկման խորհրդաժողովի կողմից ընդունված ուղղումները չեն ազդում գործող պայմանագրերով ձեռք բերված իրավունքների վրա:
Բաժին 4
Մարմին
Ենթաբաժին Ա
Ընդհանուր դրույթներ
Հոդված 156
Մարմնի ստեղծումը
1. Սույնով հիմնադրվում է Ծովի հատակի միջազգային մարմինը, որի գործունեությունը կարգավորվում է սույն մասի դրույթներով:
2. Բոլոր մասնակից պետությունները ipso facto հանդիսանում են Մարմնի անդամներ:
3. Ծովային իրավունքի հարցերով Միավորված ազգերի կազմակերպության երրորդ խորհրդաժողովի դիտորդները, որոնք ստորագրել են Եզրափակիչ ակտը, և որոնք չեն հիշատակվում 305-րդ հոդվածի 1-ին կետի «գ», «դ», «ե» կամ «զ» ենթակետերում, իրավունք ունեն Մարմնի աշխատանքներին մասնակցելու որպես դիտորդներ՝ նրա նորմերին, կանոններին և ընթացակարգերին համապատասխան:
4. Մարմնի գտնվելու վայրը Ճամայկան է:
5. Մարմինը կարող է ստեղծել այնպիսի տարածաշրջանային կենտրոններ կամ բաժանմունքներ, որոնք ինքը անհրաժեշտ կհամարի իր գործառույթների իրականացման համար:
Հոդված 157
Մարմնի բնույթը և հիմնական սկզբունքները
1. Մարմինն իրենից ներկայացնում է կազմակերպություն, որի միջոցով մասնակից պետությունները սույն մասին համապատասխան, կազմակերպում և վերահսկում են Շրջանում իրականացվող գործունեությունը՝ հատկապես նրա պաշարների կառավարման նպատակով:
2. Մարմինն օժտված է այնպիսի լիազորություններով ու գործառույթներով, որոնք տրվել են նրան սույն Կոնվենցիային համապատասխան: Մարմինն ունի սույն Կոնվենցիային համապատասխանող այնպիսի ենթադրյալ լիազորություններ, որոնք բխում են Շրջանում իրականացվող գործունեության հետ կապված լիազորություններից ու գործառույթներից, և անհրաժեշտ են դրանց իրականացման համար:
3. Մարմինը հիմնված է իր բոլոր անդամների ինքնիշխան հավասարության սկզբունքի վրա:
4. Մարմնի բոլոր անդամները պետք է բարեխղճորեն կատարեն սույն մասին համապատասխան ստանձնած պարտավորությունները՝ նպատակ ունենալով իրենցից յուրաքանչյուրին ապահովել իրենց անդամակցությունից բխող իրավունքներով ու արտոնություններով:
Հոդված 158
Մարմնի մարմինները
1. Սույնով որպես Մարմնի գլխավոր մարմիններ հիմնադրվում են Ասամբլեան, Խորհուրդը և Քարտուղարությունը:
2. Սույնով հիմնադրվում է Ձեռնարկությունը, որն իրենից ներկայացնում է մի մարմին, որի միջոցով Մարմինը պետք է իրականացնի 170-րդ հոդվածի 1-ին կետում նշված գործառույթները:
3. Սույն մասին համապատասխան՝ կարող են հիմնադրվել անհրաժեշտ օժանդակ մարմիններ:
4. Մարմնի գլխավոր մարմիններից յուրաքանչյուրը և Ձեռնարկությունը պատասխանատու են իրենց վերապահված լիազորությունների և գործառույթների իրականացման համար: Այդ լիազորություններն ու գործառույթները իրականացնելիս յուրաքանչյուր մարմին պետք է ձեռնպահ մնա ցանկացած այնպիսի գործողությունից, որը կարող է ոտնահարել կամ խոչընդոտել այլ մարմնին վերապահված որոշակի լիազորությունների և գործառույթների իրականացումը:
Ենթաբաժին Բ
Ասամբլեա
Հոդված 159
Կազմը, ընթացակարգը և քվեարկությունը
1. Ասամբլեան կազմված է Մարմնի բոլոր անդամներից: Յուրաքանչյուր անդամ Ասամբլեայում ունի մեկ ներկայացուցիչ, որին կարող են ուղեկցել տեղակալները և խորհրդականները:
2. Ասամբլեան գումարում է հերթական տարեկան նստաշրջաններ և այնպիսի հատուկ նստաշրջաններ, որոնց գումարման մասին որոշումը կարող է ընդունվել Ասամբլեայի կողմից, կամ որոնք կարող են գումարվել Գլխավոր քարտուղարի կողմից՝ Խորհրդի կամ Մարմնի անդամների մեծամասնության պահանջով:
3. Նստաշրջաններն անցկացվում են Մարմնի գտնվելու վայրում, եթե Ասամբլեան այլ որոշում չի ընդունում:
4. Ասամբլեան ընդունում է իր կանոնակարգը: Յուրաքանչյուր հերթական նստաշրջանի սկզբում նա ընտրում է իր նախագահին և այլ անհրաժեշտ պաշտոնատար անձանց: Նրանք իրենց պաշտոնները զբաղեցնում են այնքան ժամանակ, մինչև հաջորդ հերթական նստաշրջանի ժամանակ ընտրվեն նոր նախագահ և այլ պաշտոնատար անձինք:
5. Ասամբլեայի անդամների մեծամասնությունը կազմում է քվորում:
6. Ասամբլեայի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայն:
7. Ընթացակարգային հարցերով որոշումները, ներառյալ Ասամբլեայի հատուկ նստաշրջաններ գումարելու որոշումները, ընդունվում են ներկա գտնվող և քվեարկությանը մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ:
8. Ըստ էության հարցերի վերաբերյալ որոշումներն ընդունվում են ներկա գտնվող և քվեարկությանը մասնակցող անդամների ձայների 2/3-ով՝ պայմանով, որ այդ մեծամասնությունը ներառի տվյալ նստաշրջանին մասնակցող անդամների մեծամասնությանը: Երբ հարց է առաջանում այս կամ այն հարցի ըստ էության հարց լինելու վերաբերյալ, այդպիսի հարցը համարվում է ըստ էության հարց, եթե Ասամբլեան ըստ էության հարցերի վերաբերյալ որոշումների համար պահանջվող ձայների մեծամասնությամբ այլ որոշում չի ընդունում:
9. Երբ ըստ էության հարցը առաջին անգամ է դրվում քվեարկության, նախագահը կարող է, իսկ եթե դա են պահանջում Ասամբլեայի անդամների ոչ պակաս, քան 1/5-ը, պետք է ոչ ավելի, քան 5 օրացուցային օր ժամկետով հետաձգի այդ հարցի կապակցությամբ քվեարկությունը: Այս կանոնը ցանկացած հարցի վերաբերյալ կարող է կիրառվել միայն մեկ անգամ, և այն չի կիրառվում այնպես, որ այդ հարցի քննարկումը հետաձգվի մինչև նստաշրջանի ավարտից հետո ընկած ժամանակահատվածը:
10. Այս կամ այն հարցի վերաբերյալ Ասամբլեայի կողմից քննարկվող առաջարկությունը սույն Կոնվենցիային համապատասխանելու խնդրի կապակցությամբ խորհրդատվական եզրակացության մասին նախագահին հասցեագրված և Մարմնի անդամների առնվազն 1/4-ի կողմից ներկայացված գրավոր պահանջը ստանալուց հետո Ասամբլեան դիմում է Ծովային իրավունքի հարցերով միջազգային տրիբունալի Ծովի հատակի վերաբերյալ վեճերի պալատին՝ դրա վերաբերյալ խորհրդատվական եզրակացություն տալու խնդրանքով, և հետաձգում է այդ առաջարկության վերաբերյալ քվեարկությունը մինչև պալատի խորհրդատվական եզրակացությունը ստանալը: Եթե խորհրդատվական եզրակացությունը չի ստացվել, մինչև նստաշրջանի վերջին շաբաթը, որի ընթացքում այն հայցվել է, Ասամբլեան որոշում է ընդունում այն մասին, թե երբ է տեղի ունենալու հետաձգված առաջարկության կապակցությամբ քվեարկությունը:
Հոդված 160
Լիազորությունները և գործառույթները
1. Ասամբլեան, որպես Մարմնի միակ մարմին, որը կազմված է նրա բոլոր անդամներից, Մարմնի բարձրագույն մարմինն է, որին հաշվետու են մյուս բոլոր գլխավոր մարմինները, ինչպես դա հատուկ նախատեսված է սույն Կոնվենցիայում: Ասամբլեան իրավասու է, սույն Կոնվենցիայի համապատասխան դրույթների համաձայն, սահմանել ընդհանուր քաղաքականությունը Մարմնի իրավասությանը վերաբերող ցանկացած հարցի կամ խնդրի կապակցությամբ:
2. Բացի այդ, Ասամբլեան ունի հետևյալ լիազորություններն ու գործառույթները.
ա) 161-րդ հոդվածին համապատասխան՝ ընտրել Խորհրդի անդամներին,
բ) Խորհրդի կողմից առաջարկված թեկնածուների թվից ընտրել Գլխավոր քարտուղարին,
գ) Խորհրդի երաշխավորությամբ ընտրել Ձեռնարկության վարչության անդամներին և Ձեռնարկության գլխավոր տնօրենին,
դ) հիմնադրել օժանդակ մարմիններ, որոնք անհրաժեշտ են իր կողմից՝ սույն մասին համապատասխան իր գործառույթների իրականացման համար: Այդ մարմինների կազմը որոշելիս պետք է պատշաճ կերպով հաշվի առնվի արդարացի աշխարհագրական բաշխման և հատուկ շահերի սկզբունքը, ինչպես նաև համապատասխան որակավորմամբ և այն տեխնիկական հարցերում իրավասու անդամների պահանջարկը, որոնցով զբաղվում են այդ մարմինները,
ե) սահմանել Մարմնի վարչական բյուջե մասնակից պետությունների մուծումների չափը՝ մուծումների համաձայնեցված սանդղակին համապատասխան, որը հիմնված է Միավորված ազգերի կազմակերպության կանոնավոր բյուջեի համար օգտագործվող սանդղակի վրա այնքան ժամանակ, քանի դեռ Մարմինը չունի բավարար դրամական մուտքեր այլ աղբյուրներից իր վարչական ծախսերը հոգալու համար,
զ) i) Խորհրդի երաշխավորությամբ քննարկել և հաստատել Շրջանում իրականացվող գործունեությունից ստացվող ֆինանսական և այլ տնտեսական օգուտների արդարացի բաշխման, ինչպես նաև 82-րդ հոդվածի համաձայն կատարվող վճարումների և մուծումների վերաբերյալ նորմերը, կանոնները և ընթացակարգերը՝ հատուկ հաշվի առնելով զարգացող պետությունների ու այն ժողովուրդների շահերն ու կարիքները, որոնք ձեռք չեն բերել լիակատար անկախություն կամ ինքնակառավարման այլ կարգավիճակ: Եթե Ասամբլեան չի հաստատում Խորհրդի հանձնարարականները, նա վերադարձնում է դրանք Խորհրդին կրկին քննարկման համար՝ հաշվի առնելով Ասամբլեայի ներկայացրած կարծիքը,
ii) քննարկել և հաստատել Մարմնի նորմերը, կանոնները և ընթացակարգերը, ինչպես նաև դրանց ուղղումները, որոնք, համաձայն 162-րդ հոդվածի 2.ժե/ ii կետի, ժամանակավորապես ընդունվել են Խորհրդի կողմից: Այդ նորմերը, կանոնները և ընթացակարգերը վերաբերում են Շրջանում որոնմանը, հետախուզմանը և շահագործմանը, Մարմնի ֆինանսների կառավարմանը և ներքին վարչական ղեկավարմանն ու Ձեռնարկության վարչության երաշխավորությամբ՝ Ձեռնարկությունից Մարմնին ֆոնդերի փոխանցմանը,
է) որոշումներ ընդունել Շրջանում սույն Կոնվենցիային, ինչպես նաև Մարմնի նորմերին, կանոններին և ընթացակարգերին համապատասխան իրականացվող գործունեությունից ստացվող ֆինանսական և այլ տնտեսական օգուտների արդարացի բաշխման վերաբերյալ,
ը) քննարկել և հաստատել Խորհրդի կողմից ներկայացված՝ Մարմնի տարեկան բյուջեն,
թ) քննարկել Խորհրդի ու Ձեռնարկության պարբերական հաշվետվությունները և Խորհրդից ու Մարմնի ցանկացած այլ մարմնից պահանջվող հատուկ հաշվետվությունները,
ժ) կազմակերպել հետազոտություններ և տալ հանձնարարականներ՝ նպատակ ունենալով նպաստել Շրջանում իրականացվող գործունեության հարցերում միջազգային համագործակցությանը և խրախուսել այս բնագավառում միջազգային իրավունքի առաջադիմական զարգացմանը և նրա կոդիֆիկացմանը,
ժա) քննարկել Շրջանում իրականացվող գործունեության հետ կապված ընդհանուր բնույթի
խնդիրները, որոնք առաջանում են, մասնավորապես, զարգացող պետությունների առջև, ինչպես նաև Շրջանում իրականացվող գործունեության հետ կապված այն խնդիրները, որոնք պետությունների առջև ծառանում են նրանց աշխարհագրական դիրքի հետևանքով, մասնավորապես, դեպի ծով ելք չունեցող և աշխարհագրական առումով անբարենպաստ դիրք ունեցող պետությունների խնդիրները,
ժբ) Խորհրդի երաշխավորությամբ՝ Տնտեսական պլանային հանձնաժողովի առաջարկությունների հիման վրա ստեղծել փոխհատուցման համակարգ կամ ձեռնարկել այլ միջոցներ, որոնք նպաստում են տնտեսության հարմարեցմանը, ինչպես դա նախատեսված է 151-րդ հոդվածի 10-րդ կետում,
ժգ) կասեցնել անդամների իրավունքների և արտոնությունների իրականացումը՝ 185-րդ հոդվածին համապատասխան,
ժդ) քննարկել Մարմնի իրավասությանը վերաբերող ցանկացած հարց կամ խնդիր և որոշումներ ընդունել այն մասին, թե Մարմնի որ մարմինը պետք է զբաղվի ցանկացած այդպիսի հարցի կամ խնդրի քննարկումով, որը, Մարմնի մարմինների միջև լիազորությունների և գործառույթների բաշխմանը համապատասխան, չի վերապահվել որևէ առանձին մարմնի:
Ենթաբաժին Գ
Խորհուրդ
Հոդված 161
Կազմը, ընթացակարգը և քվեարկությունը
1. Խորհուրդը կազմված է Մարմնի 36 անդամներից, որոնք ընտրվում են Ասամբլեայի կողմից՝ հետևյալ կարգով.
ա) չորսն ընտրվում են այն մասնակից պետությունների թվից, որոնք վերջին հինգ տարիների ընթացքում, որոնց վերաբերյալ կան վիճակագրական տվյալներ, կամ սպառել են օգտակար հանածոների այն կատեգորիաներից արտադրված հումքային ապրանքների ընդհանուր համաշխարհային սպառման ավելի քան 2 տոկոսը, որոնք արդյունահանվելու են Շրջանում, կամ ունեցել են այդ ապրանքների ընդհանուր համաշխարհային ներմուծման ծավալի ավելի քան 2 տոկոսի չափով զուտ ներմուծում, և բոլոր դեպքերում մեկ պետություն արևելաեվրոպական (սոցիալիստական) տարածաշրջանից, ինչպես նաև ամենախոշոր սպառողը,
բ) չորսն ընտրվում են ութ մասնակից պետությունների թվից, որոնք կամ անմիջականորեն, կամ իրենց քաղաքացիների միջոցով իրականացնում են ամենախոշոր ներդրումները Շրջանում գործունեության նախապատրաստման և իրականացման մեջ, այդ թվում՝ առնվազն մեկ պետություն արևելաեվրոպական (սոցիալիստական) տարածաշրջանից,
գ) չորսն ընտրվում են այն մասնակից պետությունների թվից, որոնք իրենց իրավազորության ներքո գտնվող շրջաններում արդյունահանման շնորհիվ հանդիսանում են օգտակար հանածոների այն կատեգորիաների խոշոր նետտո-արտահանողներ, որոնք արդյունահանվելու են Շրջանում, այդ թվում՝ առնվազն երկու զարգացող պետություն, որոնց տնտեսության համար այդ օգտակար հանածոների արտահանումն ունի էական նշանակություն,
դ) վեցն ընտրվում են հատուկ շահեր ունեցող զարգացող մասնակից պետությունների թվից: Այդ հատուկ շահերը ներառում են մեծ ազգաբնակչություն ունեցող պետությունների, դեպի ծով ելք չունեցող կամ աշխարհագրական առումով անբարենպաստ դիրք ունեցող պետությունների, Շրջանում արդյունահանվող օգտակար հանածոների խոշոր ներմուծող հանդիսացող պետությունների, որոնք հանդիսանում են այդ օգտակար հանածոների հավանական արտադրողներ, և նվազագույն չափով զարգացած պետությունների շահերը,
ե) տասնութն ընտրվում են Խորհրդում տեղերի արդարացի աշխարհագրական բաշխման ապահովման սկզբունքին համապատասխան` պայմանով, որ սույն ենթակետի հիման վրա յուրաքանչյուր աշխարհագրական տարածաշրջանից պետք է ընտրվի առնվազն մեկ անդամ: Այդ նպատակով աշխարհագրական տարածաշրջաններ են հանդիսանում Աֆրիկան, Ասիան, Արևելյան Եվրոպան (սոցիալիստական պետությունները), Լատինական Ամերիկան, Արևմտյան Եվրոպան և մյուս երկրները:
2. 1-ին կետին համապատասխան Խորհրդի անդամներ ընտրելիս Ասամբլեան պետք է ապահովի, որ.
ա) դեպի ծով ելք չունեցող պետությունները և աշխարհագրական առումով անբարենպաստ դիրք ունեցող պետությունները ներկայացված լինեն Ասամբլեայում նրանց ներկայացուցչությանը համաչափ ձևով,
բ) ափամերձ պետությունները, հատկապես զարգացող պետությունները, որոնք չեն բավարարում 1-ին կետի «ա», «բ», «գ» կամ «դ» ենթակետերի պահանջները, ներկայացված լինեն Ասամբլեայում նրանց ներկայացուցչությանը համաչափ ձևով,
գ) մասնակից պետությունների յուրաքանչյուր խմբի, որը պետք է ներկայացված լինի Խորհրդում, ներկայացնեն այն անդամները, որոնք նշանակվում են խմբի կողմից, եթե այդպիսիք կան:
3. Ընտրություններն անցկացվում են Ասամբլեայի հերթական նստաշրջանների ժամանակ: Խորհրդի յուրաքանչյուր անդամ ընտրվում է չորս տարի ժամկետով: Սակայն առաջին ընտրությունների ժամանակ 1-ին կետում նշված յուրաքանչյուր խմբի անդամների կեսն ընտրվում է երկու տարի ժամկետով:
4. Խորհրդի անդամները կարող են վերընտրվել, սակայն պետք է հաշվի առնվի նրանց փոխատեղման ցանկալիությունը:
5. Խորհուրդը իր գործառույթներն իրականացնում է Մարմնի գտնվելու վայրում և իր նիստերը գումարում է այն հաճախականությամբ, որն անհրաժեշտ է՝ ելնելով Մարմնի գործերից, բայց ոչ պակաս, քան տարեկան երեք անգամ:
6. Խորհրդի անդամների մեծամասնությունը կազմում է քվորում:
7. Խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայն:
8. ա) Ընթացակարգային հարցերով որոշումներն ընդունվում են ներկա գտնվող և քվեարկությանը մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ:
բ) Ըստ էության հարցերի վերաբերյալ որոշումները, որոնք ծագում են 162-րդ հոդվածի 2-րդ կետի «զ», «է», «ը», «թ», «ժդ», «ժզ», «իբ» ենթակետերի և 191-րդ հոդվածի հետ կապված, ընդունվում են ներկա գտնվող և քվեարկությանը մասնակցող անդամների ձայների 2/3-ով՝ պայմանով, որ այդ մեծամասնությունը ներառի Խորհրդի անդամների մեծամասնությանը:
գ) Ըստ էության հարցերի վերաբերյալ որոշումները, որոնք ծագում են հետևյալ դրույթների հետ կապված, ընդունվում են ներկա գտնվող և քվեարկությանը մասնակցող անդամների ձայների 3/4-ով՝ պայմանով, որ այդ մեծամասնությունը ներառի Խորհրդի անդամների մեծամասնությանը` 162-րդ հոդվածի 1-ին կետ, 162-րդ հոդվածի 2-րդ կետի «ա», «բ», «գ», «դ», «ե», «ժբ», «ժէ», «ժը», «ժթ», «ի» ենթակետեր, 162-րդ հոդվածի 2-րդ կետի «ի» ենթակետ` պայմանագրի կողմի կամ երաշխավորի կողմից չպահպանվելու դեպքում, 162-րդ հոդվածի 2-րդ կետի «իբ» ենթակետ` պայմանով, որ այդ ենթակետի համաձայն արձակված կարգադրությունները կարող են պարտադիր ուժ ունենալ ոչ ավելի, քան 30 օրվա ընթացքում, եթե դրանք չեն հաստատվում «դ» ենթակետին համապատասխան ընդունված որոշմամբ, 162-րդ հոդվածի 2-րդ կետի «իգ», «իդ», «իե» ենթակետեր, 163-րդ հոդվածի 2-րդ կետ, 174-րդ հոդվածի 3-րդ կետ, 4-րդ Հավելվածի 11-րդ հոդված:
դ) 162-րդ հոդվածի 2-րդ կետի «ժգ» և «ժե» ենթակետերին վերաբերող ըստ էության հարցերի վերաբերյալ որոշումները, ինչպես նաև 11-րդ մասի ուղղումները ընդունվում են կոնսենսուսով:
ե) «դ», «զ» և «է» ենթակետերի նպատակների համար «կոնսենսուս» նշանակում է որևէ պաշտոնական առարկության բացակայություն: Խորհրդին առաջարկություն ներկայացնելուց հետո՝ 14 օրվա ընթացքում, Խորհրդի նախագահը պետք է պարզի՝ կառաջացնի՞ արդյոք առարկություն այդ առաջարկությունը, եթե այն ներկայացվի Խորհրդին ընդունման համար: Եթե Խորհրդի նախագահը պարզի, որ այդպիսի առարկություն կլինի, նա դրանից հետո՝ երեք օրվա ընթացքում, պետք է կազմի և գումարի համաձայնեցման կոմիտե` բաղկացած ոչ ավելի, քան ինը անդամից` հանդես գալով որպես այդ կոմիտեի նախագահ` տարաձայնությունների կարգավորման և այնպիսի առաջարկության մշակման նպատակով, որը կարող է ընդունվել կոնսենսուսով: Այդ կոմիտեն պետք է իր աշխատանքը կատարի հրատապ և Խորհրդին հաշվետվություն ներկայացնի իր կազմավորումից հետո՝ 14 օրվա ընթացքում: Եթե կոմիտեն չկարողանա առաջարկություն ներկայացնել, որը կընդունվեր կոնսենսուսով, նա պետք է իր հաշվետվության մեջ շարադրի այն պատճառները, որոնցով պայմանավորված են առաջարկության դեմ առարկությունները:
զ) Վերը չթվարկված հարցերի վերաբերյալ որոշումները, որոնք Խորհուրդն իրավասու է ընդունել Մարմնի նորմերին, կանոններին և ընթացակարգերին համապատասխան, կամ այլ կերպ ընդունվում են՝ ի կատարումն սույն կետի ենթակետերի, որոնք նշված են նորմերում, կանոններում և ընթացակարգերում, կամ եթե դրանք այդտեղ նշված չեն, ապա ի կատարումն սույն կետի այն ենթակետի, որը որոշվում է Խորհրդի կողմից հնարավորինս շուտ` կոնսենսուսով:
է) Եթե հարց առաջանա այն մասին՝ տարածվո՞ւմ է արդյոք «ա», «բ», «գ» կամ «դ» ենթակետերի գործողությունը որևէ հարցի վրա, այդ հարցը պետք է դիտվի որպես այն ենթակետի գործողության տակ ընկնող, որը, կախված հանգամանքներից, նախատեսում է մեծամասնության ավելի բարձր կամ ամենաբարձր մակարդակ կամ կոնսենսուս, եթե Խորհուրդը չընդունի այլ որոշում նշված մեծամասնությամբ կամ կոնսենսուսով:
9. Խորհուրդը պետք է սահմանի ընթացակարգ, որին համապատասխան՝ Մարմնի` Խորհրդում չներկայացված անդամը կարող է ներկայացուցիչ ուղարկել Խորհրդի նիստին մասնակցելու համար, եթե այդ անդամը խնդրում է դրա մասին, կամ եթե քննարկվում է նրան հատկապես վերաբերող հարց: Այդ ներկայացուցիչը իրավունք ունի մասնակցելու վիճաբանություններին, սակայն չունի ձայնի իրավունք:
Հոդված 162
Լիազորությունները և գործառույթները
1. Խորհուրդը Մարմնի գործադիր մարմինն է: Խորհուրդն իրավասու է, սույն Կոնվենցիային և Ասամբլեայի կողմից սահմանված ընդհանուր քաղաքականությանը համապատասխան, սահմանել այն կոնկրետ քաղաքականությունը, որը Մարմինը պետք է վարի իր իրավասությանը վերապահված ցանկացած հարցով կամ խնդրով:
2. Բացի այդ, Խորհուրդը.
ա) վերահսկում և համակարգում է սույն մասի դրույթների կատարումը Մարմնի իրավասությանը վերապահված բոլոր հարցերով և խնդիրներով և Ասամբլեայի ուշադրությունը հրավիրում է չկատարման դեպքերի վրա,
բ) Գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրելու համար Ասամբլեային ներկայացնում է թեկնածուների ցուցակ,
գ) Ասամբլեային երաշխավորում է թեկնածուներ Ձեռնարկության վարչության անդամների և Ձեռնարկության գլխավոր տնօրենի պաշտոնում ընտրելու համար,
դ) ըստ անհրաժեշտության և ելնելով տնտեսման ու արդյունավետության պահանջներից՝ հիմնադրում է այնպիսի օժանդակ մարմիններ, որոնք անհրաժեշտ է համարում սույն մասին համապատասխան իր գործառույթների իրականացման համար: Օժանդակ մարմինների կազմը որոշելիս պետք է հատուկ ուշադրություն դարձվի այնպիսի անդամներ ունենալու անհրաժեշտությանը, որոնք ունեն պատշաճ որակավորում և իրավասու են այն տեխնիկական հարցերում, որոնցով զբաղվում են այդ մարմինները` պատշաճ կերպով հաշվի առնելով արդարացի աշխարհագրական բաշխման ու հատուկ շահերի սկզբունքը,
ե) ընդունում է իր կանոնակարգը, ներառյալ՝ սահմանում է իր նախագահի ընտրության կարգը,
զ) Մարմնի անունից և իր լիազորությունների շրջանակում Միավորված ազգերի կազմակերպության հետ կամ այլ միջազգային կազմակերպությունների հետ կնքում է համաձայնագրեր, որոնք ենթակա են հաստատման Ասամբլեայի կողմից,
է) քննարկում է Ձեռնարկության հաշվետվությունները և դրանք ներկայացնում է Ասամբլեային` իր հանձնարարականներով,
ը) Ասամբլեային ներկայացնում է տարեկան հաշվետվություններ և հատուկ հաշվետվություններ, որոնք կարող են պահանջվել Ասամբլեայի կողմից,
թ) հանձնարարություններ է տալիս Ձեռնարկությանը՝ 170-րդ հոդվածին համապատասխան,
ժ) հաստատում է աշխատանքային պլանները՝ 3-րդ Հավելվածի 6-րդ հոդվածին համապատասխան: Խորհուրդը յուրաքանչյուր աշխատանքային պլանի վերաբերյալ որոշումն ընդունում է Խորհրդի նիստին Իրավաբանական և տեխնիկական հանձնաժողովի կողմից այն հետևյալ ընթացակարգով ներկայացվելուց հետո՝ 60 օրվա ընթացքում`
i) եթե Հանձնաժողովը երաշխավորում է հաստատել աշխատանքային պլանը, այն համարվում է Խորհրդի կողմից հաստատված, եթե Խորհրդի անդամներից ոչ մեկը 14 օրվա ընթացքում նախագահին չի ներկայացրել գրավոր առարկություն` կապված 3-րդ Հավելվածի 6-րդ հոդվածի պահանջների ենթադրվող չկատարման հետ: Եթե կա առարկություն, կիրառվում է 161-րդ հոդվածի 8-րդ կետի «ե» ենթակետում շարադրված համաձայնեցման ընթացակարգը: Եթե համաձայնեցման ընթացակարգի ավարտին առարկությունը դեռ չի հանվել, համարվում է, որ այդ աշխատանքային պլանը հաստատվել է Խորհրդի կողմից, միայն եթե Խորհուրդը չի մերժել այն իր անդամների միջև ձեռք բերված կոնսենսուսով, բացառությամբ այն պետության կամ պետությունների, որոնք հայտ են ներկայացրել կամ հանդես են եկել որպես հայտ ներկայացնողների երաշխավորներ,
ii) եթե Հանձնաժողովը երաշխավորում է չհաստատել աշխատանքային պլանը կամ չի տալիս որևէ երաշխավորություն, Խորհուրդը կարող է հաստատել այդ աշխատանքային պլանը ներկա գտնվող և քվեարկությանը մասնակցող անդամների ձայների 3/4-ով՝ պայմանով, որ այդ մեծամասնությունը ներառի տվյալ նստաշրջանին մասնակցող անդամների մեծամասնությանը,
ժա) հաստատում է Ձեռնարկության կողմից 4-րդ Հավելվածի 12-րդ հոդվածին համապատասխան ներկայացված աշխատանքային պլանները` mutatis mutandis կիրառելով «ժ» ենթակետում նշված ընթացակարգերը,
ժբ) 153-րդ հոդվածի 4-րդ կետին և Մարմնի նորմերին, կանոններին և ընթացակարգերին համապատասխան՝ վերահսկողություն է իրականացնում Շրջանում գործունեության նկատմամբ,
ժգ) Տնտեսական պլանային հանձնաժողովի երաշխավորությամբ, 150-րդ հոդվածի «ը» ենթակետին համապատասխան, ձեռնարկում է անհրաժեշտ և պատշաճ միջոցներ՝ դրանում նշված բացասական տնտեսական հետևանքներից պաշտպանության ապահովման համար,
ժդ) Տնտեսական պլանային հանձնաժողովի առաջարկությունների հիման վրա Ասամբլեային հանձնարարականներ է տալիս փոխհատուցման համակարգի և տնտեսության հարմարեցմանը նպաստող այլ միջոցների վերաբերյալ, ինչպես դա նախատեսված է 151-րդ հոդվածի 10-րդ կետում,
ժե) i) հանձնարարականներ է տալիս Ասամբլեային Շրջանում իրականացվող գործունեությունից ստացվող ֆինանսական և այլ տնտեսական օգուտների արդարացի բաշխման, ինչպես նաև 82-րդ հոդվածի համաձայն կատարվող վճարումների ու մուծումների վերաբերյալ նորմերի, կանոնների և ընթացակարգերի կապակցությամբ` հատուկ հաշվի առնելով զարգացող պետությունների և այն ժողովուրդների շահերն ու կարիքները, որոնք ձեռք չեն բերել լիակատար անկախություն կամ ինքնակառավարման այլ կարգավիճակ,
ii) ընդունում և ժամանակավորապես` մինչև Ասամբլեայի կողմից հաստատելը, կիրառում է Մարմնի նորմերը, կանոնները և ընթացակարգերը, ինչպես նաև դրանցում արված ուղղումները` հաշվի առնելով Իրավաբանական և տեխնիկական հանձնաժողովի կամ այլ շահագրգիռ ստորադաս մարմնի հանձնարարականները: Այդ նորմերը, կանոնները և ընթացակարգերը վերաբերում են Շրջանում իրականացվող որոնման, հետախուզման և շահագործման աշխատանքներին և Մարմնի ֆինանսների կառավարմանն ու ներքին վարչական ղեկավարմանը: Նախապատվությունը պետք է տրվի բազմամետաղ հանքամարմինների հետախուզման և շահագործման վերաբերյալ նորմերի, կանոնների և ընթացակարգերի ընդունմանը: Բազմամետաղ հանքամարմիններից բացի, ցանկացած այլ պաշարի հետախուզման և շահագործման վերաբերյալ նորմերը, կանոնները և ընթացակարգերն ընդունվում են Մարմնին նրա ցանկացած անդամի կողմից այդ մասին դիմելու օրվանից երեք տարվա ընթացքում: Բոլոր նորմերը, կանոնները և ընթացակարգերը գործում են ժամանակավորապես՝ մինչև Ասամբլեայի կողմից հաստատվելը կամ Խորհրդի կողմից Ասամբլեայի հայտնած կարծիքների հիման վրա փոփոխություններ մտցվելը,
ժզ) ստուգում է բոլոր վճարումների գանձումը, որոնք պետք է կատարի կամ ստանա Մարմինը` կապված սույն մասին համապատասխան իրականացվող գործառնությունների հետ,
ժէ) 3-րդ Հավելվածի 7-րդ հոդվածին համապատասխան՝ ընտրություն է կատարում արտադրության թույլտվություն ստանալու համար հայտ ներկայացնողների թվից, երբ այդպիսի ընտրությունը նախատեսվում է նշված դրույթով,
ժը) Ասամբլեայի հաստատմանն է ներկայացնում Մարմնի՝ առաջարկվող տարեկան բյուջեն,
ժթ) Ասամբլեային հանձնարարականներ է տալիս Մարմնի իրավասության մեջ մտնող ցանկացած հարցի կամ խնդրի վերաբերյալ քաղաքականության կապակցությամբ,
ի) Ասամբլեային հանձնարարականներ է տալիս անդամությունից բխող իրավունքների ու արտոնությունների իրականացումը կասեցնելու վերաբերյալ՝ 185-րդ հոդվածին համապատասխան,
իա) չկատարման դեպքում Մարմնի անունից վարույթ է հարուցում Ծովի հատակի վերաբերյալ վեճերի պալատում,
իբ) Ասամբլեային իրազեկում է Ծովի հատակի վերաբերյալ վեճերի պալատի կողմից «ի» ենթակետին համապատասխան հարուցված վարույթի ընթացքում ընդունված որոշման մասին և հանձնարարականներ է տալիս, որպիսիք նպատակահարմար է համարում` կապված այն միջոցների հետ, որոնք պետք է ձեռնարկվեն,
իգ) արտակարգ պայմաններում կարգադրություններ է արձակում, այդ թվում՝ կարգադրություններ Շրջանում իրականացվող գործունեության արդյունքում ծովային միջավայրին լուրջ վնասի կանխարգելման նպատակով գործառույթների կասեցման կամ փոփոխման մասին,
իդ) մերժում է պայմանագրի կողմերի կամ Ձեռնարկության կողմից շահագործման համար շրջանների հաստատումը այն դեպքերում, երբ առկա են ծովային միջավայրին լուրջ վնաս հասցնելու ռիսկի մասին վկայող էական ապացույցներ,
իե) հիմնադրում է օժանդակ մարմին ֆինանսական նորմերի, կանոնների և ընթացակարգերի նախագծի մշակման համար, որոնք կապված են.
i) 171-175-րդ հոդվածներին համապատասխան՝ ֆինանսների կառավարման, և
ii) 3-րդ Հավելվածի 13-րդ հոդվածին և 17-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետին համապատասխան՝ ֆինանսական գործառնությունների հետ,
իզ) ստեղծում է համապատասխան մեխանիզմներ տեսուչների խմբի ղեկավարման և վերահսկման համար, որոնք ստուգում են Շրջանում իրականացվող գործունեությունը` նպատակ ունենալով պարզել՝ պահպանվո՞ւմ են արդյոք սույն մասի դրույթները, Մարմնի նորմերը, կանոնները և ընթացակարգերը և Մարմնի հետ ցանկացած պայմանագրի դրույթներն ու պայմանները:
Հոդված 163
Խորհրդի մարմինները
1. Սույնով հիմնադրվում են Խորհրդի հետևյալ մարմինները.
ա) Տնտեսական պլանային հանձնաժողով,
բ) Իրավաբանական և տեխնիկական հանձնաժողով:
2. Յուրաքանչյուր հանձնաժողովի կազմի մեջ են մտնում 15 անդամներ, որոնք ընտրվում են Խորհրդի կողմից՝ մասնակից պետությունների կողմից ներկայացված թեկնածուների թվից: Սակայն անհրաժեշտության դեպքում Խորհուրդը կարող է որոշում ընդունել ցանկացած Հանձնաժողովի կազմը ընդլայնելու մասին՝ պատշաճ կերպով հաշվի առնելով տնտեսման ու արդյունավետության պահանջները:
3. Հանձնաժողովների անդամները պետք է ունենան պատշաճ որակավորում այդ Հանձնաժողովների իրավասության ոլորտում: Մասնակից պետությունները պետք է ներկայացնեն այնպիսի թեկնածուներ, որոնք ունեն պատշաճ կոմպետենտություն ու բարեխղճություն, ինչպես նաև որակավորում՝ համապատասխան բնագավառներում Հանձնաժողովների գործառույթների արդյունավետ իրականացումն ապահովելու համար:
4. Հանձնաժողովների անդամներ ընտրելիս անհրաժեշտ է պատշաճ կերպով հաշվի առնել արդարացի աշխարհագրական բաշխման և հատուկ շահերի ներկայացուցչության անհրաժեշտությունը:
5. Ոչ մի մասնակից պետություն չի կարող միևնույն Հանձնաժողովի համար ներկայացնել մեկ թեկնածուից ավելի: Ոչ մեկը չի կարող ընտրվել մեկից ավելի Հանձնաժողովում աշխատելու համար:
6. Հանձնաժողովների անդամների պաշտոնավարման ժամկետը հինգ տարի է: Նրանք կարող են վերընտրվել:
7. Ցանկացած Հանձնաժողովի անդամի մահվան, աշխատունակության կորստի կամ մինչև նրա լիազորությունների ավարտը հրաժարական տալու դեպքում Խորհուրդը լիազորությունների մնացած ժամկետի համար ընտրում է նույն աշխարհագրական շրջանը կամ նույն շահերի ոլորտը ներկայացնող Հանձնաժողովի անդամ:
8. Հանձնաժողովների անդամները չպետք է ֆինանսական շահագրգռվածություն ունենան Շրջանում հետախուզման և շահագործման որևէ գործունեության մեջ: Հաշվի առնելով նրանց պատասխանատվությունը այն Հանձնաժողովների առջև, որտեղ նրանք աշխատում են, նրանք նույնիսկ իրենց գործառույթների կատարման ավարտից հետո չպետք է հրապարակեն արդյունաբերական գաղտնիքներ, սեփականության բնույթ ունեցող տվյալներ, որոնք Մարմնին են փոխանցվում 3-րդ Հավելվածի 14-րդ հոդվածին համապատասխան, կամ ցանկացած այլ գաղտնի տեղեկատվություն, որը նրանց հայտնի է դարձել Մարմնում աշխատելու հետևանքով:
9. Յուրաքանչյուր Հանձնաժողով իր գործառույթներն իրականացնում է այն ղեկավար սկզբունքներին ու հրահանգներին համապատասխան, որոնք կարող է ընդունել Խորհուրդը:
10. Յուրաքանչյուր Հանձնաժողով ձևակերպում և Խորհրդի հաստատմանն է ներկայացնում այնպիսի նորմեր և կանոններ, որոնք կարող են անհրաժեշտ լինել Հանձնաժողովի գործառույթների արդյունավետ իրականացման համար:
11. Հանձնաժողովների կողմից որոշումների ընդունման ընթացակարգերը սահմանվում են Մարմնի նորմերով, կանոններով և ընթացակարգերով: Անհրաժեշտության դեպքում Խորհրդին ուղղված հանձնարարականները ուղեկցվում են Հանձնաժողովում տարակարծությունների համառոտ շարադրմամբ:
12. Յուրաքանչյուր Հանձնաժողով, որպես կանոն, իր գործառույթներն իրականացնում է Մարմնի գտնվելու վայրում և նիստեր է գումարում այնպիսի հաճախականությամբ, որն անհրաժեշտ է իր գործառույթների արդյունավետ իրականացման համար:
13. Իր գործառույթներն իրականացնելիս յուրաքանչյուր Հանձնաժողով կարող է անհրաժեշտության դեպքում խորհրդակցել մյուս Հանձնաժողովի կամ Միավորված ազգերի կազմակերպության կամ նրա մասնագիտացված հիմնարկների ցանկացած իրավասու մարմնի կամ ցանկացած միջազգային կազմակերպության հետ, որն իրավասու է խորհրդատվությունների առարկա հանդիսացող հարցում:
Հոդված 164
Տնտեսական պլանային հանձնաժողով
1. Տնտեսական պլանային հանձնաժողովի անդամները պետք է ունենան անհրաժեշտ որակավորում հանքային պաշարների արդյունահանման, դրանց հետ կապված գործունեության կառավարման և միջազգային առևտրի ու միջազգային տնտեսության բնագավառում: Խորհուրդը պետք է ձգտի ապահովել, որ Հանձնաժողովն իր կազմով համապատասխանի որակավորման բոլոր անհրաժեշտ պահանջներին: Հանձնաժողովի կազմի մեջ պետք է մտնեն այն զարգացող պետություններից ոչ պակաս, քան երկու անդամներ, որոնց տնտեսության համար էական նշանակություն ունի հանքային պաշարների այն կատեգորիաների արտահանումը, որոնք արդյունահանվում են Շրջանում:
2. Հանձնաժողովը՝
ա) Խորհրդի պահանջով առաջարկում է միջոցներ Շրջանում իրականացվող գործունեության հետ կապված որոշումների կատարման համար, որոնք ընդունվել են սույն Կոնվենցիային համապատասխան,
բ) ուսումնասիրում է Շրջանում արդյունահանվող հանքային պաշարների առաջարկի, պահանջարկի և գների վրա ազդող միտումներն ու գործոնները` հաշվի առնելով ինչպես ներմուծող, այնպես էլ արտահանող երկրների և, մասնավորապես, նրանց թվի մեջ մտնող զարգացող պետությունների շահերը,
գ) քննության է առնում ցանկացած իրավիճակ, որը կարող է առաջացնել 150-րդ հոդվածի «ը» ենթակետում նշված բացասական հետևանքներ, և որի վրա նրա ուշադրությունն է հրավիրել շահագրգիռ մասնակից պետությունը կամ մասնակից պետությունները, և Խորհրդին տալիս է համապատասխան հանձնարարականներ,
դ) ինչպես դա նախատեսված է 151-րդ հոդվածի 10-րդ կետում՝ Ասամբլեային ներկայացնելու համար Խորհրդին առաջարկում է փոխհատուցման համակարգ կամ այլ միջոցներ, որոնք նպաստում են այն զարգացող պետությունների տնտեսության հարմարեցմանը, որոնց վրա ազդում են Շրջանում իրականացվող գործունեության հետևանքով առաջացող բացասական հետևանքները: Հանձնաժողովը Խորհրդին պետք է տա այնպիսի հանձնարարականներ, որոնք կոնկրետ դեպքերում անհրաժեշտ են այդ համակարգի կամ Ասամբլեայի կողմից ընդունված այլ միջոցների կիրառման համար:
Հոդված 165
Իրավաբանական և տեխնիկական հանձնաժողով
1. Իրավաբանական և տեխնիկական Հանձնաժողովի անդամները պետք է ունենան անհրաժեշտ որակավորում հանքային պաշարների հետախուզման, շահագործման և վերամշակման, օվկիանոսագիտության, ծովային միջավայրի պաշտպանության կամ ծովային լեռնագործության և հարակից ոլորտների հետ կապված տնտեսական կամ իրավական հարցերի բնագավառում: Խորհուրդը պետք է ձգտի ապահովել, որ Հանձնաժողովն իր կազմով համապատասխանի որակավորման բոլոր անհրաժեշտ պահանջներին:
2. Հանձնաժողովը՝
ա) Խորհրդի պահանջով՝ հանձնարարականներ է տալիս Մարմնի գործառույթների իրականացման վերաբերյալ,
բ) 153-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ ուսումնասիրում է Շրջանում գործունեության իրականացման պաշտոնական, գրավոր աշխատանքային պլանները և Խորհրդին ներկայացնում է համապատասխան հանձնարարականներ: Հանձնաժողովի հանձնարարականները պետք է հիմնված լինեն բացառապես 3-րդ Հավելվածում նախատեսված պահանջների վրա, որոնց մասին նա պետք է ամբողջական հաշվետվություն ներկայացնի Խորհրդին,
գ) Խորհրդի պահանջով՝ հսկողություն է իրականացնում Շրջանում իրականացվող գործունեության նկատմամբ` անհրաժեշտության դեպքում խորհրդակցելով և համագործակցելով այդպիսի գործունեություն իրականացնող ցանկացած սուբյեկտի կամ ցանկացած շահագրգիռ պետության կամ պետությունների հետ, և հաշվետվություն է ներկայացնում Խորհրդին,
դ) նախապատրաստում է Շրջանում իրականացվող գործունեության բնապահպանական հետևանքների գնահատականներ,
ե) հանձնարարականներ է ներկայացնում Խորհրդին ծովային միջավայրի պաշտպանության վերաբերյալ` հաշվի առնելով այդ բնագավառի ճանաչված փորձագետների կարծիքները,
զ) մշակում և Խորհրդին է ներկայացնում 162-րդ հոդվածի 2-րդ կետի «ժե» ենթակետում նշված նորմերը, կանոնները և ընթացակարգերը` հաշվի առնելով այդ հարցերին վերաբերող բոլոր գործոնները՝ ներառյալ Շրջանում իրականացվող գործունեության բնապահպանական հետևանքների գնահատականները,
է) մշտապես ուսումնասիրում է այդ նորմերը, կանոնները և ընթացակարգերը ու ժամանակ առ ժամանակ Խորհրդին հանձնարարականներ է ներկայացնում դրանցում այնպիսի ուղղումներ կատարելու վերաբերյալ, որոնք ինքը անհրաժեշտ կամ ցանկալի է համարում,
ը) Խորհրդին հանձնարարականներ է ներկայացնում Շրջանում իրականացվող գործունեության արդյունքում ծովային միջավայրի աղտոտման ռիսկերը կամ հետևանքները կանոնավոր կերպով՝ ճանաչված գիտական մեթոդների միջոցով հսկելու, չափելու, գնահատելու և վերլուծելու համար մոնիտորինգի ծրագրի ստեղծման վերաբերյալ, ապահովում է գործող կանոնների պատշաճ բնույթը և կատարումը և համակարգում է Խորհրդի կողմից հաստատված այդ մոնիտորինգի ծրագրի իրականացումը,
թ) Խորհրդին հանձնարարական է ներկայացնում՝ Մարմնի անունից վարույթ հարուցել Ծովի հատակի վերաբերյալ վեճերի պալատում՝ սույն մասի և դրան վերաբերող Հավելվածներին համապատասխան՝ մասնավորապես, հաշվի առնելով 187-րդ հոդվածը,
ժ) Խորհրդին հանձնարարականներ է ներկայացնում այն միջոցների վերաբերյալ, որոնք պետք է ձեռնարկվեն «թ» ենթակետին համապատասխան հարուցված՝ գործերի քննության արդյունքում Ծովի հատակի վերաբերյալ վեճերի պալատի որոշման հիման վրա,
ժա) Խորհրդին հանձնարարականներ է ներկայացնում արտակարգ իրավիճակներում կարգադրություններ արձակելու վերաբերյալ, որոնց թվին են պատկանում Շրջանում իրականացվող գործունեության արդյունքում ծովային միջավայրին պատճառվող լուրջ վնասը կանխարգելելու նպատակով գործառույթները կասեցնելու կամ կարգավորելու վերաբերյալ կարգադրությունները,
ժբ) այն դեպքերում, երբ առկա են ծովային միջավայրին լուրջ վնաս պատճառելու ռիսկի մասին վկայող հիմնավոր ապացույցներ, Խորհրդին հանձնարարականներ է ներկայացնում պայմանագրի կողմերին կամ Ձեռնարկության կողմից շահագործման համար շրջանների հաստատումը մերժելու վերաբերյալ,
ժգ) Խորհրդին հանձնարարականներ է ներկայացնում տեսուչների խմբի գործունեությունը ղեկավարելու ու հսկելու վերաբերյալ, որոնք ստուգում են Շրջանում իրականացվող գործունեությունը՝ նպատակ ունենալով պարզել՝ պահպանվո՞ւմ են արդյոք սույն մասի դրույթները, Մարմնի նորմերը, կանոնները և ընթացակարգերը ու Մարմնի հետ ցանկացած պայմանագրի դրույթները և պայմանները,
ժդ) հաշվարկում է արտադրության վերին սահմանը և Մարմնի անունից տալիս է արտադրության թույլտվություններ, 151-րդ հոդվածի 2-7-րդ կետերին համապատասխան, արտադրության թույլտվության համար հայտ ներկայացնողների թվից Խորհրդի կողմից, 3-րդ Հավելվածի 7-րդ հոդվածին համապատասխան, անհրաժեշտ ընտրություն կատարվելուց հետո:
3. Հանձնաժողովի անդամները, ցանկացած մասնակից պետության կամ շահագրգիռ կողմի պահանջով, պետք է իրենց հսկողության ու ստուգման գործառույթների կատարման ընթացքում ուղեկցվեն այդ պետության կամ այլ շահագրգիռ կողմի ներկայացուցչի կողմից:
Ենթաբաժին Դ
Քարտուղարություն
Հոդված 166
Քարտուղարություն
1. Մարմնի Քարտուղարությունը կազմված է Գլխավոր քարտուղարից և այն անձնակազմից, որը կարող է անհրաժեշտ լինել Մարմնին:
2. Գլխավոր քարտուղարը ընտրվում է Ասամբլեայի կողմից՝ Խորհրդի կողմից առաջարկվող թեկնածուների կողմից չորս տարի ժամկետով և կարող է վերընտրվել:
3. Գլխավոր քարտուղարը Մարմնի գլխավոր վարչական պաշտոնատար անձն է և, որպես այդպիսին, հանդես է գալիս Ասամբլեայի, Խորհրդի և ցանկացած օժանդակ մարմինների բոլոր նիստերին ու կատարում է այլ վարչական գործառույթներ, որպիսիք նրա վրա են դրվում այդ մարմինների կողմից:
4. Գլխավոր քարտուղարը պետք է տարեկան հաշվետվություն ներկայացնի Ասամբլեային Մարմնի գործունեության մասին:
Հոդված 167
Մարմնի անձնակազմը
1. Մարմնի անձնակազմը կազմված է այնպիսի որակյալ գիտական, տեխնիկական և այլ աշխատակիցներից, որոնք կարող են անհրաժեշտ լինել Մարմնի վարչական գործառույթների կատարման համար:
2. Անձնակազմի ընտրության ու աշխատանքի ընդունելու և աշխատանքի պայմանները որոշելու ժամանակ անհրաժեշտ է գլխավորապես ղեկավարվել աշխատունակության, կոմպետենտության և բարեխղճության բարձր մակարդակ ապահովելու անհրաժեշտությամբ: Այս պահանջները կատարելիս պետք է պատշաճ ուշադրություն դարձվի հնարավորինս լայն աշխարհագրական հիմքի վրա անձնակազմի ընտրության կարևորությանը:
3. Անձնակազմի անդամները նշանակվում են Գլխավոր քարտուղարի կողմից: Անձնակազմի անդամների նշանակման, վարձատրության և աշխատանքից ազատման կարգն ու պայմանները սահմանվում են Մարմնի նորմերին, կանոններին և ընթացակարգերին համապատասխան:
Հոդված 168
Քարտուղարության միջազգային բնույթը
1. Իր պարտավորությունները կատարելիս Գլխավոր քարտուղարը և Մարմնի անձնակազմը չպետք է որևէ կառավարությունից կամ Մարմնին օտար ցանկացած այլ աղբյուրից պահանջեն կամ ստանան ցուցումներ: Նրանք պետք է ձեռնպահ մնան ցանկացած գործողությունից, որը կարող է ազդել իրենց՝ որպես միայն Մարմնի առջև պատասխանատու միջազգային պաշտոնատար անձանց դիրքի վրա: Յուրաքանչյուր մասնակից պետություն պարտավորվում է հարգել Գլխավոր քարտուղարի և անձնակազմի պարտականությունների բացառապես միջազգային բնույթը և չփորձել ազդել նրանց վրա իրենց պարտականությունների կատարման ժամանակ: Որևէ աշխատակցի կողմից իր պարտականությունների ցանկացած խախտում պետք է հանձնվի համապատասխան վարչական տրիբունալի քննությանը, ինչպես դա նախատեսված է Մարմնի նորմերում, կանոններում և ընթացակարգերում:
2. Գլխավոր քարտուղարը և անձնակազմը չպետք է ֆինանսական շահագրգռվածություն ունենան Շրջանում հետախուզման կամ շահագործման հետ կապված որևէ գործունեության մեջ: Հաշվի առնելով նրանց պատասխանատվությունը մարմնի առջև՝ նրանք նույնիսկ իրենց գործառույթների իրականացման ավարտից հետո չպետք է հրապարակեն արդյունաբերական գաղտնիքներ, սեփականության բնույթ ունեցող տվյալներ, որոնք Մարմին են փոխանցվում 3-րդ Հավելվածի 14-րդ հոդվածին համապատասխան, կամ ցանկացած այլ գաղտնի տեղեկատվություն, որը նրանց հայտնի է դարձել Մարմնում աշխատելու հետևանքով:
3. Մարմնի որևէ աշխատակցի կողմից 2-րդ կետում նախատեսված պարտականությունների խախտումները պետք է, Մարմնի կողմից այդ խախտման հետևանքով տուժած մասնակից պետության կամ ֆիզիկական կամ իրավաբանական անձի խնդրանքով, որին երաշխավորել է մասնակից պետությունը, ինչպես դա նախատեսված է 153-րդ հոդվածի 2-րդ «բ» կետում, և որը տուժել է այդ խախտման հետևանքով, հանձնվեն այդ աշխատակցի վերաբերյալ գործի քննության համար՝ Մարմնի նորմերին, կանոնների և ընթացակարգերին համապատասխան նշանակվող տրիբունալ: Տուժող կողմն իրավունք ունի մասնակցելու քննությանը: Գլխավոր քարտուղարը պետք է ազատի համապատասխան աշխատակցին, եթե դա է հանձնարարել տրիբունալը:
4. Մարմնի նորմերում, կանոններում և ընթացակարգերում պետք է լինեն այնպիսի դրույթներ, որոնք անհրաժեշտ են սույն հոդվածի կատարման համար:
Հոդված 169
Միջազգային և ոչ կառավարական կազմակերպությունների հետ խորհրդակցությունները և համագործակցությունը
1. Մարմնի իրավասության մեջ մտնող հարցերով Գլխավոր քարտուղարը Խորհրդի հավանությամբ պետք է ձեռք բերի համապատասխան պայմանավորվածություններ միջազգային և Միավորված ազգերի կազմակերպության Տնտեսական և սոցիալական խորհրդի կողմից ճանաչված ոչ կառավարական կազմակերպությունների հետ խորհրդակցությունների ու համագործակցության մասին:
2. Ցանկացած կազմակերպություն, որի հետ Գլխավոր քարտուղարը պայմանավորվածություն է ձեռք բերել 1-ին կետի հիման վրա, կարող է նշանակել ներկայացուցիչներ Մարմնի մարմինների նիստերին որպես դիտորդներ մասնակցելու համար՝ այդ մարմինների ընթացակարգի կանոններին համապատասխան: Պետք է սահմանվեն պատշաճ դեպքերում այդ կազմակերպությունների կարծիքները ստանալու ընթացակարգերը:
3. Գլխավոր քարտուղարը կարող է մասնակից պետությունների միջև տարածել 1-ին կետում նշված ոչ կառավարական կազմակերպությունների կողմից ներկայացված գրավոր հաշվետվություններ, որոնք վերաբերում են նրանց հատուկ իրավասությանը վերապահված և Մարմնի գործունեության հետ կապված հարցերին:
Ենթաբաժին Ե
Ձեռնարկություն
Հոդված 170
Ձեռնարկություն
1. Ձեռնարկությունը Մարմնի մարմին է, որը, համաձայն 153-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետի, անմիջականորեն գործունեություն է իրականացնում Շրջանում, ինչպես նաև զբաղվում է Շրջանում արդյունահանված օգտակար հանածոների փոխադրումով, վերամշակումով և վաճառքով:
2. Ձեռնարկությունը Մարմնի միջազգային իրավասուբյեկտության շրջանակներում ունի այնպիսի իրավունակություն, որը սահմանված է 4-րդ Հավելվածում ամրագրված կանոնադրության մեջ: Ձեռնարկությունը գործում է սույն Կոնվենցիային և Մարմնի նորմերին, կանոններին ու ընթացակարգերին, ինչպես նաև Ասամբլեայի կողմից սահմանված ընդհանուր քաղաքականությանը համապատասխան և ենթարկվում է Խորհրդի հրահանգներին ու վերահսկողությանը:
3. Ձեռնարկության գլխավոր գրասենյակը գտնվում է Մարմնի գտնվելու վայրում:
4. Ձեռնարկությունը, 173-րդ հոդվածի 2-րդ կետին ու 4-րդ Հավելվածի 11-րդ հոդվածին համապատասխան, պետք է ապահովվի այնպիսի միջոցներով, որոնք կարող են անհրաժեշտ լինել նրա կողմից իր գործառույթների իրականացման համար, և ստանա տեխնոլոգիա, ինչպես դա նախատեսված է 144-րդ հոդվածում և սույն Կոնվենցիայի այլ համապատասխան դրույթներում:
Ենթաբաժին Զ
Մարմնի ֆինանսական միջոցները
Հոդված 171
Մարմնի ֆոնդերը
Մարմնի ֆոնդերը ներառում են.
ա) 160-րդ հոդվածի 2-րդ կետի «ե» ենթակետին համապատասխան՝ Մարմնի անդամների՝ սահմանված չափի մուծումները,
բ) Մարմնի կողմից, 3-րդ Հավելվածի 13-րդ հոդվածին համապատասխան, Շրջանում իրականացվող գործունեությունից ստացվող միջոցները,
գ) Ձեռնարկության կողմից, 4-րդ Հավելվածի 10-րդ հոդվածին համապատասխան, փոխանցված միջոցները,
դ) 174-րդ հոդվածին համապատասխան՝ փոխառված միջոցները,
ե) անդամների կամ այլ սուբյեկտների կամավոր մուծումները, և
զ) 151-րդ հոդվածի 10-րդ կետին համապատասխան՝ մուծումները փոխհատուցումային ֆոնդ, որի աղբյուրները պետք է երաշխավորվեն Տնտեսական պլանային հանձնաժողովի կողմից:
Հոդված 172
Մարմնի տարեկան բյուջեն
Գլխավոր քարտուղարը մշակում է Մարմնի առաջարկվող տարեկան բյուջեի նախագիծը և այն ներկայացնում է Խորհրդին: Խորհուրդը քննարկում է առաջարկվող տարեկան բյուջեն և ներկայացնում է այն Ասամբլեային՝ դրան վերաբերող հանձնարարականներով: Ասամբլեան քննարկում և հաստատում է առաջարկվող տարեկան բյուջեն 160-րդ հոդվածի 2 «ը» կետին համապատասխան:
Հոդված 173
Մարմնի ծախսերը
1. 171-րդ հոդվածի «ա» ենթակետում նշված մուծումները պետք է մուտքագրվեն Մարմնի վարչական ծախսերը հոգալու համար հատուկ հաշվին այնքան ժամանակ, քանի դեռ մարմինը չունի այլ աղբյուրներից ստացվող բավարար միջոցներ այդ ծախսերը հոգալու համար:
2. Մարմնի միջոցներից առաջին հերթին պետք է կատարվեն Մարմնի վարչական ծախսերը: 171-րդ հոդվածի «ա» ենթակետում նշված՝ սահմանված չափի մուծումներից բացի, վարչական ծախսերը կատարելուց հետո մնացած միջոցները կարող են inter alia՝
ա) բաշխվել 140-րդ հոդվածին և 160-րդ հոդվածի 2-րդ կետի «է» ենթակետին համապատասխան,
բ) օգտագործվել՝ Ձեռնարկությանը 170-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան միջոցներով ապահովելու համար,
գ) օգտագործվել, 151-րդ հոդվածի 10-րդ կետին և 160-րդ հոդվածի 2-րդ կետի «ժբ» ենթակետին համապատասխան, զարգացող պետություններին փոխհատուցումներ վճարելու համար:
Հոդված 174
Մարմնի փոխառության իրավունքը
1. Մարմինն իրավունք ունի փոխառել միջոցներ:
2. Ասամբլեան պետք է, 160-րդ հոդվածի 2-րդ կետի «զ» ենթակետին համապատասխան, ընդունվող ֆինանսական կանոններում սահմանի Մարմնին պատկանող փոխառության իրավունքի սահմանները:
3. Խորհուրդն իրականացնում է Մարմնին պատկանող փոխառության իրավունքը:
4. Մասնակից պետությունները պատասխանատվություն չեն կրում Մարմնի պարտքերի համար:
Հոդված 175
Ամենամյա վերստուգում
Մարմնի փաստաթղթերը, մատյանները և հաշիվները, ներառյալ նրա տարեկան ֆինանսական տեղեկագրերը, ենթակա են Ասամբլեայի կողմից նշանակվող անկախ վերստուգողի կողմից տարեկան վերստուգման:
Ենթաբաժին Է
Իրավական կարգավիճակը, արտոնությունները և անձեռնմխելիությունը
Հոդված 176
Իրավական կարգավիճակը
Մարմինն օժտված է միջազգային իրավասուբյեկտությամբ և այնպիսի իրավունակությամբ, որը կարող է անհրաժեշտ լինել նրա գործառույթների իրականացման և նպատակներին հասնելու համար:
Հոդված 177
Արտոնությունները և անձեռնմխելիությունը
Իր գործառույթների իրականացման համար Մարմինը յուրաքանչյուր մասնակից պետության տարածքում օգտվում է սույն ենթաբաժնում սահմանված արտոնություններից ու անձեռնմխելիությունից: Ձեռնարկությանը վերաբերող արտոնությունները ու անձեռնմխելիությունը սահմանված են 4-րդ Հավելվածի 13-րդ հոդվածում:
Հոդված 178
Անձեռնմխելիություն ընդդատությունից
Մարմինը, նրա գույքն ու ակտիվները օգտվում են անձեռնմխելիությունից՝ ընդդատությունից, բացառությամբ այն դեպքերի, երբ Մարմինը որոշակիորեն հրաժարվում է այդ անձեռնմխելիությունից որևէ կոնկրետ դեպքում:
Հոդված 179
Անձեռնմխելիությունը խուզարկությունից և ցանկացած տեսակի առգրավումից
Մարմնի գույքը և ակտիվները, անկախ նրանից՝ որտեղ և ում մոտ են դրանք գտնվում, օգտվում են անձեռնմխելիությունից՝ խուզարկությունից, առգրավումից, բռնագրավումից, սեփականազրկումից և գործադիր կամ օրենսդիր մարմինների որոշումների հիման վրա բռնագրավման ցանկացած այլ տեսակից:
Հոդված 180
Սահմանափակումներից, կանոնակարգումներից, վերահսկումից և մորատորիումներից ազատելը
Մարմնի գույքը ու ակտիվները ազատվում են ցանկացած բնույթի սահմանափակումից, կարգավորումից, վերահսկողությունից և մորատորիումից:
Հոդված 181
Մարմնի արխիվները և կապի պաշտոնական միջոցները
1. Մարմնի արխիվները, որտեղ էլ որ գտնվեն, անձեռնմխելի են:
2. Սեփականության բնույթ ունեցող տվյալները, արդյունաբերական գաղտնիքները կամ նմանատիպ տեղեկատվությունը և անձնական գործերը չպետք է պահվեն ընդհանուր արխիվներում:
3. Ինչ վերաբերում է Մարմնի պաշտոնական կապի միջոցներին, յուրաքանչյուր մասնակից պետություն պետք է նրան տրամադրի ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան այն, որը տվյալ պետությունը տրամադրում է այլ միջազգային կազմակերպություններին:
Հոդված 182
Մարմնի հետ կապված առանձին անձանց արտոնությունները և անձեռնմխելիությունները
Մասնակից պետությունների ներկայացուցիչները, որոնք մասնակցում են Ասամբլեայի, Խորհրդի կամ Ասամբլեային կամ Խորհրդի Մարմինների նիստերին, ինչպես նաև Գլխավոր քարտուղարը և Մարմնի անձնակազմը յուրաքանչյուր մասնակից պետության տարածքում օգտվում են.
ա) անձեռնմխելիությունից՝ այն գործողությունների նկատմամբ ընդդատությունից, որոնք նրանց կողմից կատարվել են իրենց գործառույթներն իրականացնելիս, բացառությամբ այն դեպքերի, երբ կամ այլ պետությունը, որը նրանք ներկայացնում են, կամ Մարմինը, համապատասխանաբար, որոշակիորեն հրաժարվում են կոնկրետ դեպքում այդ անձեռնմխելիությունից,
բ) եթե նրանք չեն հանդիսանում տվյալ մասնակից պետության քաղաքացիներ, նույն արտոնություններից՝ ներգաղթային սահմանափակումներից, օտարերկրացիների գրանցման վերաբերյալ պահանջներից և պետական պարհակներից, ինչպես նաև տարադրամային սահմանափակումներից և նույն ռեժիմից տեղաշարժման պայմանների վերաբերյալ, ինչ այն արտոնությունները, որոնք այդ պետության կողմից տրամադրվում են այլ մասնակից պետությունների ներկայացուցիչներին, պաշտոնատար անձանց և համապատասխան աստիճանի ծառայողներին:
Հոդված 183
Հարկերից և մաքսատուրքերից ազատելը
1. Իր պաշտոնական գործունեության շրջանակներում Մարմինը, նրա արխիվները, գույքը և եկամուտները, ինչպես նաև նրա գործառնությունները և գործարքները, որոնք թույլատրելի են սույն Կոնվենցիայի համաձայն, ազատվում են ուղղակի հարկումից և նրա պաշտոնական օգտագործման համար ներմուծվող կամ արտահանվող ապրանքների համար մաքսատուրքերից: Մարմինը չպետք է պահանջի ազատել այն հարկերից, որոնք գանձվում են մատուցված ծառայությունների դիմաց:
2. Երբ Մարմնի պաշտոնական գործունեության համար անհրաժեշտ՝ մեծ գումարի ապրանքների կամ ծառայությունների գնումները կատարվում են Մարմնի կողմից կամ նրա անունից, և երբ այդ ապրանքների կամ ծառայությունների արժեքը ներառում է հարկերը կամ տուրքերը, մասնակից պետությունները հնարավորության սահմաններում պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկեն այդ հարկերից կամ տուրքերից ազատելու կամ դրանք փոխհատուցելու ուղղությամբ: Սույն հոդվածին համապատասխան հարկերից կամ տուրքերից ազատելու պայմանով ներմուծված կամ գնված ապրանքները չպետք է վաճառվեն կամ օգտագործվեն այն մասնակից պետության տարածքում, որը ազատել է հարկերից կամ տուրքերից, այլ կերպ, քան այդ մասնակից պետության հետ համաձայնեցված պայմաններով:
3. Մասնակից պետությունները չպետք է հարկեր գանձեն Մարմնի կողմից Գլխավոր քարտուղարին և անձնակազմին, ինչպես նաև Մարմնի հանձնարարությունները կատարող և այդ պետությունների քաղաքացիներ չհանդիսացող փորձագետներին վճարվող աշխատավարձերից, պարգևավճարներից կամ վճարումների ցանկացած այլ տեսակից:
Ենթաբաժին Ը
Անդամների իրավունքների և արտոնությունների կասեցումը
Հոդված 184
Ձայնի իրավունքի կասեցումը
Այն մասնակից պետությունը, որը Մարմնին վճարման ենթակա ֆինանսական մուծումների մասով պարտք ունի, զրկվում է ձայնի իրավունքից, եթե նրա պարտքի գումարը հավասար է նախորդ երկու տարվա համար նրա կողմից վճարման ենթակա մուծումների գումարին կամ գերազանցում է այդ գումարը: Այնուամենայնիվ, Ասամբլեան կարող է այդպիսի անդամին թույլատրել մասնակցել քվեարկությանը, եթե նա ճանաչի, որ վճարման ուշացումը տեղի է ունեցել այդ անդամից անկախ պատճառներով:
Հոդված 185
Անդամակցության հետ կապված իրավունքների և արտոնությունների կասեցումը
1. Անդամությունից բխող իրավունքների ու արտոնությունների իրականացումը այն մասնակից պետության կողմից, որը սիստեմատիկաբար և կոպիտ կերպով խախտում է սույն մասի դրույթները, կարող է կասեցվել Ասամբլեայի կողմից՝ Խորհրդի երաշխավորությամբ:
2. 1-ին կետի հիման վրա ոչ մի միջոց չի կարող ձեռնարկվել, քանի դեռ Ծովի հատակի վերաբերյալ վեճերի պալատը չի հաստատել, որ մասնակից պետությունը սիստեմատիկաբար և կոպիտ կերպով խախտում է սույն մասի դրույթները:
Բաժին 5
Վեճերի կարգավորումը և խորհրդատվական եզրակացությունները
Հոդված 186
Ծովային իրավունքի հարցերով միջազգային տրիբունալի՝ Ծովի հատակի վերաբերյալ վեճերի պալատ
Ծովի հատակի վերաբերյալ վեճերի պալատի հիմնադրումը և նրա կողմից իր իրավասության իրականացման կարգը սահմանվում է սույն բաժնի, 15-րդ մասի և 4-րդ Հավելվածի դրույթներով:
Հոդված 187
Պալատի իրավասությունը ծովի հատակի վերաբերյալ վեճերով
Ծովի հատակի վերաբերյալ վեճերի պալատը, սույն մասին և դրան վերաբերող Հավելվածներին համապատասխան, օժտված է իրավասությամբ Շրջանում իրականացվող գործունեությանը վերաբերող հետևյալ կատեգորիաների վեճերով.
ա) մասնակից պետությունների միջև վեճեր, որոնք վերաբերում են սույն մասի և դրան վերաբերող Հավելվածների մեկնաբանմանը կամ կիրառմանը,
բ) մասնակից պետության և Մարմնի միջև վեճեր, որոնք վերաբերում են.
i) Մարմնի կամ մասնակից պետության գործողություններին կամ բացթողումներին, որոնք, ինչպես ենթադրվում է, հանդիսանում են սույն մասի կամ դրան վերաբերող Հավելվածների կամ Մարմնի՝ դրանց համապատասխան ընդունված նորմերի, կանոնների և ընթացակարգերի խախտում, կամ
ii) Մարմնի գործողություններին, որոնք, ինչպես ենթադրվում է, հանդիսանում են նրա իրավասության սահմանազանցում կամ լիազորությունների չարաշահում,
գ) ինչպես նախատեսված է 153-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետով, պայմանագրի կողմեր հանդիսացող մասնակից պետությունների, Մարմնի կամ Ձեռնարկության, պետական ձեռնարկությունների և ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջև վեճեր, որոնք վերաբերում են.
i) համապատասխան պայմանագրի կամ աշխատանքային պլանի մեկնաբանմանը կամ կիրառմանը, կամ
ii) պայմանագրի կողմի գործողություններին կամ բացթողումներին, որոնք վերաբերում են Շրջանում իրականացվող գործունեությանը և կատարվում են մյուս կողմի նկատմամբ կամ անմիջականորեն շոշափում են նրա օրինական շահերը,
դ) Մարմնի և պայմանագրի հավանական կողմի միջև վեճեր, որոնք վերաբերում են պայմանագիրը կնքելուց հրաժարվելուն կամ պայմանագրի շուրջ բանակցությունների ժամանակ ծագող որևէ իրավական հարցի, եթե պայմանագրի այդ կողմի համար երաշխավորել է պետությունը, ինչպես դա նախատեսված է 153-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետում, և եթե նա կատարել է 3-րդ Հավելվածի 4-րդ հոդվածի 6-րդ կետում և 13-րդ հոդվածի 2-րդ կետում նշված պայմանները,
ե) Մարմնի և մասնակից պետության, պետական ձեռնարկության կամ ֆիզիկական կամ իրավաբանական անձի միջև վեճեր, եթե նրանց համար երաշխավորել է մասնակից պետությունը, ինչպես դա նախատեսված է 153-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետում, երբ, ինչպես ենթադրվում է, Մարմինը պատասխանատվություն է կրում` համաձայն 3-րդ Հավելվածի 22-րդ հոդվածի,
զ) ցանկացած այլ վեճ, որի վերաբերյալ Պալատի իրավասությունը կոնկրետ նախատեսված է սույն Կոնվենցիայով:
Հոդված 188
Վեճերը Ծովային իրավունքի հարցերով միջազգային տրիբունալի հատուկ պալատ կամ Ծովի հատակի վերաբերյալ վեճերի պալատի ad hoc պալատ կամ պարտադիր առևտրային արբիտրաժային քննության հանձնելը
1. Մասնակից պետությունների միջև 187-րդ հոդվածի «ա» ենթակետում նշված վեճերը կարող են հանձնվել.
ա) վեճի կողմերի ցանկությամբ` Ծովային իրավունքի հարցերով միջազգային տրիբունալի հատուկ պալատ, որը կազմավորվում է 6-րդ Հավելվածի 15-րդ և 17-րդ հոդվածներին համապատասխան, կամ
բ) վեճի կողմերից յուրաքանչյուրի ցանկությամբ՝ Ծովի հատակի վերաբերյալ վեճերի պալատի ad հօc պալատ, որը կազմավորվում է 6-րդ Հավելվածի 36-րդ հոդվածին համապատասխան:
2. ա) 187-րդ հոդվածի «գ» (i) ենթակետում նշված պայմանագրի մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ վեճերը, վեճի կողմերից յուրաքանչյուրի ցանկությամբ, հանձնվում է առևտրային արբիտրաժային քննության, որի արդյունքում ընդունված որոշումները պարտադիր են, եթե կողմերի միջև այլ համաձայնություն չի կայացվել: Առևտրային արբիտրաժային տրիբունալը, որին հանձնվել է վեճը, իրավասու չէ մեկնաբանել սույն Կոնվենցիան: Այն դեպքում, երբ վեճը շոշափում է նաև 11-րդ մասի և դրան վերաբերող Հավելվածների մեկնաբանման հարցը՝ կապված Շրջանում իրականացվող գործունեության հետ, այդ հարցը փոխանցվում է Ծովի հատակի վերաբերյալ վեճերի պալատ՝ եզրակացություն ստանալու համար:
բ) Եթե առևտրային արբիտրաժային քննության սկզբում կամ ընթացքում արբիտրաժային տրիբունալը, վեճի կողմերից յուրաքանչյուրի ցանկությամբ կամ prօpriօ mօtս, սահմանում է, որ իր որոշումը կախված է Ծովի հատակի վերաբերյալ վեճերի պալատի եզրակացությունից, նա պետք է այդ հարցը փոխանցի Ծովի հատակի վերաբերյալ վեճերի պալատ՝ այդպիսի եզրակացություն ստանալու համար: Դրանից հետո արբիտրաժային տրիբունալը, Պալատի եզրակացությանը համապատասխան, կայացնում է իր որոշումը:
գ) Եթե պայմանագրում չկա դրույթ արբիտրաժային քննության ընթացակարգի վերաբերյալ, որը պետք է կիրառվի տվյալ վեճի նկատմամբ, արբիտրաժային քննություն իրականացվում է ՅՈՒՆՍԻՏՐԱԼ-ի Արբիտրաժային կանոններին կամ այլ արբիտրաժային կանոններին համապատասխան, որոնց կիրառումը կարող է նախատեսվել Մարմնի նորմերով, կանոններով և ընթացակարգերով, եթե վեճի կողմերի միջև այլ համաձայնություն չի կայացվել:
Հոդված 189
Մարմնի որոշումների վերաբերյալ իրավասության սահմանափակումը
Ծովի հատակի վերաբերյալ վեճերի պալատն օժտված չէ իրավասությամբ սույն մասին համապատասխան Մարմնի կողմից իր հայեցողական լիազորությունների իրականացման նկատմամբ. նա ոչ մի դեպքում չի փոխարինում Մարմնի հայեցողական լիազորությունը իր հայեցողական լիազորությունով: Չխախտելով 191-րդ հոդվածը՝ Ծովի հատակի վերաբերյալ վեճերի պալատը 187-րդ հոդվածի համաձայն իր իրավասությունն իրականացնելիս չպետք է իր կարծիքը հայտնի այն հարցի վերաբերյալ՝ համապատասխանո՞ւմ են արդյոք Մարմնի այս կամ այն նորմերը, կանոնները և ընթացակարգերը սույն Կոնվենցիային, և չպետք է անվավեր հայտարարի այդ նորմերը, կանոնները և ընթացակարգերը: Այս առումով՝ նրա իրավասությունը սահմանափակվում է այն հայտարարությունների քննությամբ, որոնց համաձայն՝ Մարմնի այս կամ այն նորմերի, կանոնների և ընթացակարգերի կիրառումը կոնկրետ դեպքերում կհակասի վեճի կողմերի պայմանագրային պարտավորություններին կամ նրանց պարտավորություններին՝ սույն Կոնվենցիային համապատասխան, այն պահանջների քննությամբ, որոնք վերաբերում են իրավասության բացակայությանը կամ լիազորությունների չարաշահմանը, և վնասի փոխհատուցման կամ համապատասխան կողմին՝ մյուսի կողմից իր պայմանագրային պարտավորությունների կամ սույն Կոնվենցիային համապատասխան իր պարտավորությունների չկատարման համար այլ հատուցման մասին պահանջների քննությամբ:
Հոդված 190
Երաշխավոր պետությունների ներգրավումը և մասնակցությունը քննությանը
1. Եթե ֆիզիկական կամ իրավաբանական անձը հանդիսանում է 187-րդ հոդվածում նշված վեճի կողմ, երաշխավոր պետությունը իրազեկվում է այդ մասին, և նա իրավունք ունի մասնակցելու քննությանը գրավոր կամ բանավոր հայտարարություններ ներկայացնելու միջոցով:
2. Եթե 187-րդ հոդվածի «գ» ենթակետում նշված վեճում մասնակից պետության դեմ հայցը ներկայացվում է ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից, որի համար երաշխավորել է այլ մասնակից պետություն, պատասխանող պետությունը կարող է երաշխավոր պետությանն առաջարկել՝ այդ անձի անունից մասնակցել քննությանը: Նրա հրաժարվելու դեպքում պատասխանող պետությունը կարող է ապահովել, որ նրա անունից գործին մասնակից դառնա նրա ազգային պատկանելությունն ունեցող իրավաբանական անձը:
Հոդված 191
Խորհրդատվական եզրակացություններ
Ասամբլեային կամ, Խորհրդի պահանջով, Ծովի հատակի վերաբերյալ վեճերի պալատը խորհրդատվական եզրակացություններ է տալիս նրանց գործունեության ոլորտում ծագող իրավական հարցերի վերաբերյալ: Այդ եզրակացությունները պետք է տրվեն շուտափույթ կերպով:
Մաս 12
Ծովային միջավայրի պաշտպանությունը և պահպանումը
Բաժին 1
Ընդհանուր դրույթներ
Հոդված 192
Ընդհանուր պարտավորություն
Պետությունները պարտավոր են պաշտպանել ու պահպանել ծովային միջավայրը:
Հոդված 193
Իրենց բնական պաշարները շահագործելու՝ պետությունների ինքնիշխան իրավունքը
Պետություններն ունեն ինքնիշխան իրավունք՝ շահագործել իրենց բնական պաշարները՝ շրջակա միջավայրի բնագավառում իրենց քաղաքականությանը և ծովային միջավայրը պաշտպանելու ու պահպանելու իրենց պարտականությանը համապատասխան:
Հոդված 194
Ծովային միջավայրի աղտոտման կանխարգելմանը, կրճատմանը և վերահսկողությանն ուղղված միջոցները
1. Պետությունները պետք է իրենց հնարավորությունների սահմաններում անհատապես կամ, անհրաժեշտության դեպքում, համատեղ ձեռնարկեն սույն Կոնվենցիային համապատասխան բոլոր միջոցները, որոնք անհրաժեշտ են ցանկացած աղբյուրից ծովային միջավայրի աղտոտումը կանխարգելելու, կրճատելու և վերահսկելու համար՝ այդ նպատակով օգտագործելով իրենց տրամադրության տակ եղած լավագույն՝ գործնականում կիրառելի միջոցները և պետք է ձգտեն համաձայնեցնել իրենց քաղաքականությունը այս հարցում:
2. Պետությունները պետք է ձեռնարկեն բոլոր միջոցները, որոնք անհրաժեշտ են ապահովելու համար, որ իրենց իրավազորության կամ վերահսկողության ներքո գործունեությունն իրականացվի այնպես, որ այն վնաս չպատճառի այլ պետությունների և նրանց ծովային միջավայրի աղտոտման միջոցով, և որ աղտոտումը, որը պատահարների կամ նրանց իրավազորության կամ վերահսկողության ներքո իրականացվող գործունեության արդյունք է, չտարածվի այն շրջանների սահմաններից դուրս, որտեղ նրանք, սույն Կոնվենցիային համապատասխան, իրականացնում են ինքնիշխան իրավունքներ:
3. Սույն մասին համապատասխան ձեռնարկվող միջոցները վերաբերում են ծովային միջավայրի աղտոտման բոլոր աղբյուրներին: Այդ միջոցները, iter alia, ներառում են այնպիսիք, որոնք ուղղված են առավելագույնս նվազեցնելու.
ա) թունավոր կամ վնասակար, հատկապես կայուն նյութերի արտանետումը՝ ցամաքում գտնվող աղբյուրներից, մթնոլորտից կամ մթնոլորտով կամ աղբանետման միջոցով,
բ) նավերից աղտոտումը, մասնավորապես, միջոցներ՝ ուղղված վթարների կանխարգելմանը և արտակարգ իրավիճակների վերացմանը, ծովում աշխատանքների անվտանգության ապահովմանը, դիտավորյալ և ոչ դիտավորյալ արտանետումների կանխարգելմանը և նավերի նախագծման, կառուցման, սարքավորման, անձնակազմի համալրման և շահագործման կարգավորմանը,
գ) ծովի հատակի ու նրա ընդերքի բնական պաշարների հետախուզման և շահագործման ժամանակ օգտագործվող սարքերից և կառույցներից աղտոտումը, մասնավորապես, միջոցներ՝ ուղղված վթարների կանխարգելմանը և արտակարգ իրավիճակների վերացմանը, ծովում աշխատանքների անվտանգության ապահովմանը և այդ սարքերի կամ կառույցների նախագծման, կառուցման, սարքավորման, անձնակազմի համալրման և շահագործման կարգավորմանը,
դ) ծովային միջավայրում շահագործվող այլ սարքերից և կառույցներից աղտոտումը, մասնավորապես, միջոցներ՝ ուղղված վթարների կանխարգելմանը և արտակարգ իրավիճակների վերացմանը, ծովում աշխատանքների անվտանգության ապահովմանը և այդ սարքերի կամ կառույցների նախագծման, կառուցման, սարքավորման, անձնակազմի համալրման և շահագործման կարգավորմանը:
4. Ծովային միջավայրի աղտոտման կանխարգելմանը, կրճատմանը կամ վերահսկմանն ուղղված միջոցներ ձեռնարկելիս պետությունները պետք է ձեռնպահ մնան անհիմն միջամտությունից այլ պետությունների կողմից, ի կատարումն, սույն Կոնվենցիային համապատասխան, իրենց իրավունքների ու պարտականությունների, իրականացվող գործունեությանը:
5. Սույն մասին համապատասխան՝ ձեռնարկվող միջոցները ներառում են այնպիսիք, որոնք անհրաժեշտ են հազվագյուտ կամ խոցելի էկոհամակարգերի, ինչպես նաև բնական միջավայրի, ձկների ու ծովային օրգանիզմների այլ տեսակների պաշտպանության և պահպանման համար, որոնց պաշարները սպառվել են, սպառնալիքի տակ են կամ վտանգված են:
Հոդված 195
Վնասը կամ աղտոտման վտանգը չփոխանցելու կամ աղտոտման մի տեսակը մեկ այլ տեսակի չվերածելու պարտականությունը
Ծովային միջավայրի աղտոտման կանխարգելման, կրճատման և վերահսկման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելիս պետությունները պետք է գործեն այնպես, որ վնասը կամ աղտոտման վտանգը ուղղակի կամ անուղղակի կերպով չփոխանցվի մի շրջանից մեկ այլ շրջան կամ աղտոտման մի տեսակը չվերածվի մեկ այլ տեսակի:
Հոդված 196
Տեխնոլոգիաների օգտագործումը կամ օտար կամ նոր տեսակի օրգանիզմների ներմուծումը
1. Պետությունները պետք է ձեռնարկեն բոլոր միջոցները, որոնք անհրաժեշտ են իրենց իրավազորության կամ վերահսկողության ներքո գտնվող տեխնոլոգիայի այնպիսի օգտագործման կամ ծովային միջավայրի որևէ կոնկրետ մասի համար օտար կամ նոր և այդտեղ զգալի ու վնասակար փոփոխություններ առաջացնող օրգանիզմների տեսակների դիտավորյալ կամ պատահական ներմուծման արդյունքում ծովային միջավայրի աղտոտումը կանխարգելելու, կրճատելու և վերահսկելու համար:
2. Սույն հոդվածը չի ազդում ծովային միջավայրի աղտոտման կանխարգելման, կրճատման և վերահսկման վերաբերյալ սույն Կոնվենցիայի կիրառման վրա:
Բաժին 2
Համընդհանուր և տարածաշրջանային համագործակցություն
Հոդված 197
Համագործակցությունը համընդհանուր և տարածաշրջանային հիմքի վրա
Պետությունները պետք է համագործակցեն համաշխարհային և, համապատասխան դեպքերում, տարածաշրջանային մակարդակով անմիջականորեն կամ իրավասու միջազգային կազմակերպությունների միջոցով՝ սույն Կոնվենցիային համապատասխանող միջազգային նորմերի, չափորոշիչների և պրակտիկայի ու ընթացակարգերի ձևավորման և մշակման հարցում՝ ծովային միջավայրի պաշտպանության ու պահպանման համար՝ հաշվի առնելով բնորոշ տարածաշրջանային առանձնահատկությունները:
Հոդված 198
Անխուսափելի կամ պատճառված վնասի մասին իրազեկելը
Եթե պետությանը հայտնի է դառնում այն դեպքերի մասին, երբ ծովային միջավայրին անխուսափելիորեն կարող է վնաս պատճառվել, կամ երբ նրան աղտոտման արդյունքում վնաս է պատճառվել, նա պետք է անմիջապես տեղեկացնի այլ պետություններին, որոնց վրա, նրա կարծիքով, կարող է անդրադառնալ այդ վնասը, ինչպես նաև իրավասու միջազգային կազմակերպություններին:
Հոդված 199
Աղտոտման դեպքերի համար նախատեսվող արտակարգ միջոցառումների պլաններ
198-րդ հոդվածում նշված դեպքերում աղտոտված շրջանի պետությունները՝ իրենց հնարավորությունների շրջանակներում, և իրավասու միջազգային կազմակերպությունները պետք է հնարավորինս համագործակցեն աղտոտման հետևանքների վերացման և վնասի կանխարգելման կամ նվազագույնի հասցնելու նպատակով: Այդ նպատակով պետությունները պետք է ծովային միջավայրի աղտոտման դեպքերի համար համատեղ մշակեն արտակարգ միջոցառումների պլաններ և նպաստեն դրանց իրականացմանը:
Հոդված 200
Հետազոտական աշխատանքներ, գիտական հետազոտությունների ծրագրեր և տեղեկատվության ու տվյալների փոխանակում
Պետությունները պետք է անմիջականորեն կամ իրավասու միջազգային կազմակերպությունների միջոցով համագործակցեն՝ հետազոտական աշխատանքներին նպաստելու, գիտական հետազոտությունների ծրագրեր իրականացնելու և ծովային միջավայրի աղտոտման մասին ստացված տեղեկատվության և տվյալների փոխանակումը խրախուսելու նպատակով: Նրանք պետք է ձգտեն ակտիվորեն մասնակցել տարածաշրջանային և համաշխարհային ծրագրերին, որոնք ուղղված են աղտոտման բնույթի ու աստիճանի, դրան հակվածության, տարածման ուղիների, աղտոտման ռիսկի և դրա դեմ պայքարի միջոցների գնահատման համար գիտելիքների ձեռքբերմանը:
Հոդված 201
Գիտական չափանիշներ կանոնների մշակման համար
Հաշվի առնելով 200-րդ հոդվածին համապատասխան ստացված տեղեկատվությունը և տվյալները՝ պետությունները պետք է անմիջականորեն կամ իրավասու միջազգային կազմակերպությունների միջոցով համագործակցեն ծովային միջավայրի աղտոտման կանխարգելման, կրճատման և վերահսկման վերաբերյալ նորմերի, չափանիշների և ընդունելի պրակտիկայի ու ընթացակարգերի ձևակերպման և մշակման համար պատշաճ գիտական չափանիշների սահմանման հարցում:
Բաժին 3
Տեխնիկական օգնություն
Հոդված 202
Զարգացող պետություններին ցուցաբերվող գիտական և տեխնիկական օգնությունը
Պետությունները պետք է անմիջականորեն կամ իրավասու միջազգային կազմակերպությունների միջոցով.
ա) աջակցեն զարգացող պետություններին՝ գիտության, կրթության, տեխնիկայի, ինչպես նաև այլ բնագավառներում օժանդակության ծրագրերին՝ ծովային միջավայրի պաշտպանության ու պահպանության և դրա աղտոտման կանխարգելման, կրճատման ու վերահսկման նպատակով: Այդպիսի օժանդակությունը ներառում է inter alia.
i) նրանց գիտական և տեխնիկական կադրերի պատրաստումը,
ii) համապատասխան միջազգային ծրագրերին նրանց մասնակցությանը նպաստելը,
iii) նրանց անհրաժեշտ սարքավորումների և սպասարկման միջոցների տրամադրումը,
iv) այդպիսի սարքավորումներ արտադրելու նրանց հնարավորությունների ընդլայնումը,
v) խորհրդատվական ծառայությունների մատուցումը և գիտական հետազոտությունների, մոնիտորինգի, ուսումնական և այլ ծրագրերի իրականացման համար միջոցների մշակումը,
բ) համապատասխան օգնություն ցույց տան, հատկապես զարգացող պետություններին, այն խոշոր պատահարների հետևանքները նվազագույնի հասցնելու համար, որոնք կարող են ծովային միջավայրի լուրջ աղտոտման պատճառ դառնալ,
գ) համապատասխան օգնություն ցույց տան, հատկապես զարգացող պետություններին, բնապահպանական գնահատականների նախապատրաստման հարցում:
Հոդված 203
Զարգացող պետություններին առավելություններ տրամադրելը
Ծովային միջավայրի աղտոտման կանխարգելման, կրճատման և վերահսկման կամ դրա հետևանքները նվազագույնի հասցնելու նպատակով զարգացող պետություններին միջազգային կազմակերպությունների կողմից պետք է առավելություն տրվի.
ա) համապատասխան ֆոնդերի ու տեխնիկական օգնության բաշխման, և
բ) նրանց մասնագիտացված ծառայությունների օգտագործման ժամանակ:
Բաժին 4
Մոնիտորինգ և բնապահպանական գնահատում
Հոդված 204
Աղտոտման ռիսկի կամ հետևանքների մոնիտորինգ
1. Պետությունները, հաշվի առնելով այլ պետությունների իրավունքները, պետք է ձգտեն այնքանով, որքանով դա գործնականում հնարավոր է, անմիջականորեն կամ իրավասու միջազգային կազմակերպությունների միջոցով, ճանաչված գիտական մեթոդների օգնությամբ իրականացնել ծովային միջավայրի աղտոտման ռիսկի և հետևանքների դիտարկում, չափում, գնահատում և վերլուծություն:
2. Մասնավորապես, պետությունները պետք է մշտապես հետևեն ցանկացած գործունեության հետևանքներին, որը նրանք թույլատրում կամ իրականացնում են՝ նպատակ ունենալով որոշել՝ կարո՞ղ է արդյոք այդպիսի գործունեությունը հանգեցնել ծովային միջավայրի աղտոտման:
Հոդված 205
Զեկույցների հրապարակումը
Պետությունները պետք է հրապարակեն հաշվետվություններ 204-րդ հոդվածին համապատասխան ստացված արդյունքների վերաբերյալ կամ պետք է այդ հաշվետվությունները որոշակի պարբերականությամբ ներկայացնեն իրավասու միջազգային կազմակերպություններին, որոնք այդ հաշվետվությունները կտրամադրեն բոլոր պետություններին:
Հոդված 206
Գործունեության հնարավոր արդյունքների գնահատում
Երբ պետությունները ողջամիտ հիմքեր ունեն ենթադրելու, որ իրենց իրավազորության կամ վերահսկողության ներքո ծրագրված գործունեության իրականացումը կարող է առաջացնել ծովային միջավայրի զգալի աղտոտում կամ հանգեցնել լուրջ և վնասակար փոփոխությունների, նրանք, այնքանով, որքանով դա գործնականում հնարավոր է, պետք է գնահատեն ծովային միջավայրի համար այդպիսի գործունեության հնարավոր հետևանքները և հաշվետվություններ ներկայացնեն այդ գնահատման արդյունքների մասին 205-րդ հոդվածում նախատեսված կարգով:
Բաժին 5
Ծովային միջավայրի աղտոտման կանխարգելման, կրճատման և վերահսկողության վերաբերյալ միջազգային նորմերը և ազգային օրենսդրությունը
Հոդված 207
Աղտոտումը ցամաքում գտնվող աղբյուրներից
1. Պետությունները պետք է ընդունեն օրենքներ ու կանոններ ցամաքում գտնվող աղբյուրներից, ներառյալ գետերից, գետաբերաններից, խողովակաշարերից ու ջրահեռացման կառույցներից, ծովային միջավայրի աղտոտումը կանխարգելելու, կրճատելու և վերահսկելու համար՝ հաշվի առնելով միջազգային մակարդակով համաձայնեցված նորմերը, չափանիշները և ընդհանուր պրակտիկան ու ընթացակարգերը:
2. Պետությունները պետք է ձեռնարկեն այլ միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել այդ աղտոտումը կանխարգելելու, կրճատելու և վերահսկելու համար:
3. Պետությունները պետք է ձգտեն համաձայնեցնել իրենց քաղաքականությունը այդ հարցում պատշաճ տարածաշրջանային մակարդակով:
4. Պետությունները, առաջին հերթին գործելով իրավասու միջազգային կազմակերպությունների կամ դիվանագիտական խորհրդաժողովի միջոցով, պետք է ձգտեն սահմանել ցամաքում գտնվող աղբյուրներից ծովային միջավայրի աղտոտման կանխարգելման, կրճատման և վերահսկման համար համընդհանուր ու տարածաշրջանային նորմեր, չափանիշներ և ընդհանուր պրակտիկա ու ընթացակարգեր՝ հաշվի առնելով բնութագրիչ տարածաշրջանային առանձնահատկությունները, զարգացող պետությունների տնտեսական հնարավորությունները և տնտեսական զարգացման հարցում նրանց կարիքները: Այդ նորմերը, չափանիշները և ընդհանուր պրակտիկան ու ընթացակարգերը պետք է, ըստ անհրաժեշտության, պարբերաբար վերանայվեն:
5. Օրենքները, կանոնները, միջոցները, նորմերը, չափանիշները և ընդհանուր պրակտիկան ու ընթացակարգերը, որոնք նշված են 1-ին, 2-րդ և 4-րդ կետերում, պետք է ներառեն ծովային միջավայր թունավոր կամ վնասակար, հատկապես կայուն նյութերի արտանետումը հնարավորին չափով նվազագույնին հասցնելու համար նախատեսված դրույթներ:
Հոդված 208
Ծովի հատակին ազգային իրավազորության ենթակա գործունեության իրականացման հետևանքով տեղի ունեցող աղտոտումը
1. Ափամերձ պետությունները պետք է ընդունեն օրենքներ ու կանոններ իրենց իրավազորության ներքո ընկնող՝ ծովի հատակին իրականացվող գործունեությամբ պայմանավորված կամ դրա հետ կապված և, 60-րդ ու 80-րդ հոդվածներին համապատասխան, իրենց իրավազորության ներքո գտնվող արհեստական կղզիներից, սարքերից և կառույցներից ծովային միջավայրի աղտոտումը կանխարգելելու, կրճատելու և վերահսկելու համար:
2. Պետությունները պետք է ձեռնարկեն այլ միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել այդ աղտոտումը կանխարգելելու, կրճատելու և վերահսկելու համար:
3. Այդ օրենքները, կանոնները և միջոցները պետք է լինեն ոչ պակաս արդյունավետ, քան միջազգային նորմերը, չափանիշները և ընդհանուր պրակտիկան ու ընթացակարգերն են:
4. Պետությունները պետք է ձգտեն համաձայնեցնել իրենց քաղաքականությունը այդ հարցում պատշաճ տարածաշրջանային մակարդակով:
5. Պետությունները, առաջին հերթին գործելով իրավասու միջազգային կազմակերպությունների կամ դիվանագիտական խորհրդաժողովի միջոցով, պետք է սահմանեն ծովային միջավայրի 1-ին կետում նշված՝ աղտոտման կանխարգելման, կրճատման և վերահսկման համար համընդհանուր ու տարածաշրջանային նորմեր, չափանիշներ և ընդհանուր պրակտիկա ու ընթացակարգեր: Այդ նորմերը, չափանիշները ու ընդհանուր պրակտիկան ու ընթացակարգերը պետք է, ըստ անհրաժեշտության, պարբերաբար վերանայվեն:
Հոդված 209
Շրջանում իրականացվող գործունեության հետևանքով տեղի ունեցող աղտոտումը
1. Շրջանում իրականացվող գործունեության հետևանքով ծովային միջավայրի աղտոտման կանխարգելման, կրճատման ու վերահսկման համար, 11-րդ մասին համապատասխան, պետք է սահմանվեն միջազգային նորմեր, կանոններ և ընթացակարգեր: Այդ նորմերը, կանոնները և ընթացակարգերը պետք է, ըստ անհրաժեշտության, պարբերաբար վերանայվեն:
2. Պահպանելով սույն բաժնի՝ դրան վերաբերող դրույթները՝ պետությունները պետք է ընդունեն օրենքներ ու կանոններ իրենց դրոշը կրող կամ իրենց մոտ գրանցված կամ, կախված հանգամանքներից, իրենց իշխանության տակ շահագործվող նավերի, սարքերի, կառույցների և այլ սարքավորումների կողմից Շրջանում իրականացվող գործունեության հետևանքով ծովային միջավայրի աղտոտումը կանխարգելելու, կրճատելու և վերահսկելու համար: Այդ օրենքների և կանոնների պահանջները պետք է լինեն ոչ պակաս արդյունավետ, քան 1-ին կետում նշված միջազգային նորմերը, կանոնները և ընթացակարգերն են:
Հոդված 210
Աղտոտումը աղբանետման միջոցով
1. Պետությունները պետք է ընդունեն օրենքներ ու կանոններ աղբանետման միջոցով ծովային միջավայրի աղտոտումը կանխարգելելու, կրճատելու և վերահսկելու համար:
2. Պետությունները պետք է ձեռնարկեն այլ միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել այդ աղտոտումը կանխարգելելու, կրճատելու և վերահսկելու համար:
3. Այդ օրենքները, կանոնները և միջոցները պետք է ապահովեն, որ աղբանետումը չիրականացվի առանց պետությունների իրավասու մարմինների թույլտվության:
4. Պետությունները, առաջին հերթին գործելով իրավասու միջազգային կազմակերպությունների կամ դիվանագիտական խորհրդաժողովի միջոցով, պետք է ձգտեն սահմանել այդ աղտոտման կանխարգելման, կրճատման և վերահսկման համար համընդհանուր ու տարածաշրջանային նորմեր, չափանիշներ և ընդհանուր պրակտիկա ու ընթացակարգեր: Այդ նորմերը, չափանիշները և ընդհանուր պրակտիկան ու ընթացակարգերը պետք է, ըստ անհրաժեշտության, պարբերաբար վերանայվեն:
5. Աղբանետումը տարածքային ծովի և բացառիկ տնտեսական գոտու սահմաններում կամ մայրցամաքային ելուստի վրա չպետք է իրականացվի առանց ափամերձ պետության՝ ակնհայտորեն արտահայտված նախնական հավանության, որն իրավունք ունի թույլատրել, կարգավորել և վերահսկել աղբանետումը՝ այդ հարցը այլ պետությունների հետ պատշաճ քննարկելուց հետո, որոնց վրա այդ աղբանետումը նրանց աշխարհագրական դիրքի հետևանքով կարող է բացասական ազդեցություն թողնել:
6. Ազգային օրենքները, կանոնները և միջոցները այլ աղբանետման կանխարգելման կրճատման և վերահսկման հարցում պետք է լինեն ոչ պակաս արդյունավետ, քան համընդհանուր նորմերը և չափանիշներն են:
Հոդված 211
Աղտոտումը նավերից
1. Պետությունները, գործելով իրավասու միջազգային կազմակերպության կամ ընդհանուր դիվանագիտական խորհրդաժողովի միջոցով, պետք է սահմանեն նավերից ծովային միջավայրի աղտոտման կանխարգելման, կրճատման ու վերահսկման համար միջազգային նորմեր ու չափանիշներ, և նպաստեն նույն կերպ, ըստ անհրաժեշտության, ուղիների համակարգի սահմանմանը այնպիսի վթարների սպառնալիքը նվազագույնի հասցնելու համար, որոնք կարող են առաջացնել ծովային միջավայրի, ներառյալ ափը, աղտոտում և աղտոտման հետևանքով վնաս պատճառել դրա հետ կապված ափամերձ պետությունների շահերին: Այդ նորմերը և չափանիշները պետք է համանման կերպով, ըստ անհրաժեշտության, պարբերաբար վերանայվեն:
2. Պետությունները պետք է ընդունեն օրենքներ և կանոններ իրենց դրոշի ներքո նավարկող կամ իրենց մոտ գրանցված նավերից ծովային միջավայրի աղտոտման կանխարգելման, կրճատման ու վերահսկման համար: Այդ օրենքներն ու կանոնները պետք է լինեն ոչ պակաս արդյունավետ, քան իրավասու միջազգային կազմակերպության կամ ընդհանուր դիվանագիտական խորհրդաժողովի միջոցով սահմանված հանրաճանաչ միջազգային նորմերն ու չափանիշներն են:
3. Պետությունները, որոնք որպես իրենց նավահանգիստներ կամ ներքին ջրեր օտարերկրյա նավերի մուտքի և իրենց ափամերձ բեռնահամալիրների մոտ կանգառի համար պայման հատուկ պահանջներ են սահմանում ծովային միջավայրի աղտոտման կանխարգելման, կրճատման ու վերահսկման համար, պետք է պատշաճ կերպով հրապարակեն այդ պահանջները և դրանց մասին տեղեկացնեն իրավասու միջազգային կազմակերպությանը: Այն դեպքերում, երբ երկու կամ ավելի ափամերձ պետություններ, ձգտելով համաձայնեցնել իրենց քաղաքականությունը, սահմանում են այդպիսի պահանջներ նույնանման ձևով, հաղորդագրություններում պետք է նշվի, թե որ պետություններն են մասնակցում այդ համատեղ պայմանավորվածություններին: Յուրաքանչյուր պետություն պետք է պահանջի, որ իր դրոշի ներքո նավարկող կամ իր մոտ գրանցված նավի նավապետը այն ժամանակ, երբ նավը գտնվում է այդպիսի համատեղ պայմանավորվածություններին մասնակցող պետության տարածքային ծովում, այդ պետության խնդրանքով՝ տրամադրի տեղեկատվություն այն մասին, թե շարժվո՞ւմ է արդյոք նավը դեպի նույն շրջանի` այդ համատեղ պայմանավորվածություններին մասնակցող պետություն, և այդ դեպքում նշի` պահպանո՞ւմ է արդյոք նավը այդ պետության կողմից նավահանգիստ մտնելու համար սահմանված պահանջները: Սույն հոդվածը չի շոշափում նավի կողմից իրեն խաղաղ անցման իրավունքի անընդհատ իրականացման կամ 25-րդ հոդվածի 2-րդ կետի կիրառման մասին հարցը:
4. Իրենց տարածքային ծովի սահմաններում ափամերձ պետությունները կարող են, ելնելով իրենց ինքնիշխանությունից, ընդունել օրենքներ ու կանոններ օտարերկրյա նավերից, ներառյալ խաղաղ անցման իրավունքն իրականացնող նավերը, ծովի աղտոտման կանխարգելման, կրճատման ու վերահսկման համար: Այդ օրենքներն ու կանոնները, 2-րդ մասի 3-րդ բաժնին համապատասխան, չպետք է խոչընդոտեն օտարերկրյա նավերի խաղաղ անցմանը:
5. Կատարման ապահովման նպատակով՝ ափամերձ պետությունները, ինչպես դա նախատեսված է 6-րդ բաժնում, կարող են իրենց բացառիկ տնտեսական գոտիների վերաբերյալ ընդունել օրենքներ ու կանոններ նավերից աղտոտման կանխարգելման, կրճատման ու վերահսկման համար, որոնք համապատասխանում են իրավասու միջազգային կազմակերպության կամ ընդհանուր դիվանագիտական խորհրդաժողովի միջոցով սահմանված հանրաճանաչ միջազգային նորմերին ու չափանիշներին, և որոնք ուժի մեջ են մտցնում այդ նորմերն ու չափանիշները:
6. ա) Երբ 1-ին կետում նշված միջազգային նորմերն ու չափանիշները չեն բավարարում հատուկ պայմաններին, և ափամերձ պետությունը ողջամիտ հիմքեր ունի ենթադրելու, որ իր բացառիկ տնտեսական գոտու որոշակի, հստակ նշված շրջանը իրենից ներկայացնում է այնպիսի շրջան, որտեղ օվկիանոսագիտական և բնապահպանական պայմանների, ինչպես նաև այդ շրջանի օգտագործման կամ նրա պաշարների պաշտպանության և այնտեղ նավերի նավարկության հատուկ բնույթի հետ կապված՝ ընդունված տեխնիկական պատճառներով պահանջվում է նավերից աղտոտման կանխարգելման համար հատուկ պարտադիր միջոցների ձեռնարկում, ափամերձ պետությունը իրավասու միջազգային կազմակերպության միջոցով ցանկացած այլ շահագրգիռ պետությունների հետ համապատասխան խորհրդատվություններից հետո կարող է տվյալ շրջանի վերաբերյալ հաղորդագրություն ուղարկել այդ կազմակերպությանը` ներկայացնելով դա հիմնավորող գիտական ու տեխնիկական ապացույցներ, ինչպես նաև անհրաժեշտ ընդունող սարքերի մասին տեղեկատվություն: Այդ հաղորդագրությունը ստանալուց հետո՝ 12 ամսվա ընթացքում, այդ կազմակերպությունը պետք է պարզի` համապատասխանո՞ւմ են արդյոք այդ շրջանի պայմանները վերը շարադրված պահանջներին: Եթե կազմակերպությունն այդպիսի որոշում ընդունի, ափամերձ պետությունը կարող է այդ շրջանի վերաբերյալ ընդունել օրենքներ ու կանոններ նավերից աղտոտման կանխարգելման, կրճատման ու վերահսկման համար` իրականացնելով այնպիսի միջազգային նորմեր ու չափանիշներ կամ նավագնացության պրակտիկա, որոնք այդ կազմակերպության կողմից կիրառելի են ճանաչվում հատուկ շրջանների նկատմամբ: Այդ օրենքներն ու կանոնները օտարերկրյա նավերի նկատմամբ կիրառվում են միայն նշված հաղորդագրությունը կազմակերպությանը ներկայացնելուց հետո՝ 15 ամիս անց:
բ) Ափամերձ պետությունները պետք է հրապարակեն այդպիսի որոշակի, հստակ նշված շրջանի սահմանները:
գ) Եթե ափամերձ պետությունները մտադրվում են այդ շրջանի վերաբերյալ ընդունել լրացուցիչ օրենքներ ու կանոններ նավերից աղտոտման կանխարգելման, կրճատման ու վերահսկման համար, նրանք, ներկայացնելով վերը նշված հաղորդագրությունը, պետք է միաժամանակ այդ մասին տեղեկացնեն կազմակերպությանը: Այդ լրացուցիչ օրենքներն ու կանոնները կարող են վերաբերել արտանետումներին կամ նավագնացության պրակտիկային, սակայն չպետք է օտարերկրյա նավերից պահանջեն պահպանել նախագծման, կառուցման, անձնակազմի համալրման կամ սարքավորման այլ չափանիշներ, քան հանրաճանաչ միջազգային նորմերն ու չափանիշներն են. դրանք օտարերկրյա նավերի նկատմամբ կիրառվում են նշված հաղորդագրությունը կազմակերպությանը ներկայացնելուց հետո՝ 15 ամիս անց՝ պայմանով, որ այդ կազմակերպությունը կտա իր համաձայնությունը նշված հաղորդագրությունը ներկայացնելուց հետո՝ 12 ամսվա ընթացքում:
7. Սույն հոդվածում նշված միջազգային նորմերն ու չափանիշները, inter alia, ներառում են նորմեր ու չափանիշներ, որոնք վերաբերում են ափամերձ այն պետություններին անհապաղ ծանուցմանը, որոնց ափը կամ դրա հետ կապված շահերը կարող են վնաս կրել պատահարների, ներառյալ ծովային վթարները, արդյունքում, որոնք առաջացնում են արտանետումներ կամ արտանետումների հավանականություն:
Հոդված 212
Աղտոտումը մթնոլորտից կամ դրա միջով
1. Պետությունները պետք է ընդունեն օրենքներ ու կանոններ մթնոլորտից կամ դրա միջոց ծովային միջավայրի աղտոտումը կանխարգելելու, կրճատելու և վերահսկելու համար, որոնք կիրառելի են իրենց ինքնիշխանության տակ գտնվող օդային տարածության, իրենց դրոշի ներքո նավարկող նավերի և իրենց մոտ գրանցված նավերի կամ օդանավերի նկատմամբ՝ հաշվի առնելով միջազգային մակարդակով համաձայնեցված նորմերը, չափանիշները և ընդհանուր պրակտիկան ու ընթացակարգերը, ինչպես նաև օդային նավագնացության անվտանգությունը:
2. Պետությունները պետք է ձեռնարկեն այլ միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել այդ աղտոտումը կանխարգելելու, կրճատելու և վերահսկելու համար:
3. Պետությունները, առաջին հերթին գործելով իրավասու միջազգային կազմակերպությունների կամ դիվանագիտական խորհրդաժողովի միջոցով, պետք է ձգտեն սահմանել այդ աղտոտման կանխարգելման, կրճատման և վերահսկման համար համընդհանուր ու տարածաշրջանային նորմեր, չափանիշներ և ընդհանուր պրակտիկա ու ընթացակարգեր:
Բաժին 6
Կատարման ապահովումը
Հոդված 213
Ցամաքում գտնվող աղբյուրներից աղտոտման վերաբերյալ օրենքների ու կանոնների կատարման ապահովումը
Պետությունները պետք է ապահովեն 207-րդ հոդվածին համապատասխան ընդունված իրենց օրենքների և կանոնների կատարումը և ընդունեն օրենքներ, կանոններ ու այլ միջոցներ, որոնք անհրաժեշտ են իրավասու միջազգային կազմակերպություններին կամ դիվանագիտական խորհրդաժողովի միջոցով՝ ցամաքում գտնվող աղբյուրներից ծովային միջավայրի աղտոտման կանխարգելման, կրճատման ու վերահսկման համար սահմանված կիրառելի միջազգային նորմերի ու չափանիշների իրականացման համար:
Հոդված 214
Ծովի հատակին իրականացվող գործունեության հետևանքով տեղի ունեցող աղտոտման վերաբերյալ օրենքների ու կանոնների կատարման ապահովումը
Պետությունները պետք է ապահովեն 208-րդ հոդվածին համապատասխան ընդունված իրենց օրենքների ու կանոնների կատարումը և ընդունեն օրենքներ, կանոններ ու այլ միջոցներ, որոնք անհրաժեշտ են իրավասու միջազգային կազմակերպություններին կամ դիվանագիտական խորհրդաժողովի միջոցով՝ իրենց իրավազորության ներքո ընկնող՝ ծովի հատակին իրականացվող գործունեությամբ պայմանավորված կամ դրա հետ կապված և, 60-րդ ու 80-րդ հոդվածներին համապատասխան, իրենց իրավազորության ներքո գտնվող արհեստական կղզիներից, սարքերից և կառույցներից ծովային միջավայրի աղտոտման կանխարգելման, կրճատման և վերահսկման համար սահմանված կիրառելի միջազգային նորմերի և չափանիշների իրականացման համար:
Հոդված 215
Շրջանում իրականացվող գործունեության հետևանքով տեղի ունեցող աղտոտման վերաբերյալ օրենքների ու կանոնների կատարման ապահովումը
Շրջանում իրականացվող գործունեության հետևանքով ծովային միջավայրի աղտոտման կանխարգելման, կրճատման և վերահսկման համար 11-րդ մասին համապատասխան սահմանված միջազգային նորմերի, կանոնների և ընթացակարգերի կատարման ապահովումը կարգավորվում է նշված մասի դրույթներով:
Հոդված 216
Աղբանետման միջոցով աղտոտման վերաբերյալ օրենքների ու կանոնների կատարման ապահովումը
1. Սույն Կոնվենցիային համապատասխան ընդունված օրենքների և կանոնների ու իրավասու միջազգային կազմակերպությունների կամ դիվանագիտական խորհրդաժողովի միջոցով՝ աղբանետման հետևանքով ծովային միջավայրի աղտոտման կանխարգելման, կրճատման և վերահսկման համար սահմանված կիրառելի միջազգային նորմերի և չափանիշների կատարումը պետք է ապահովվի.
ա) ափամերձ պետության կողմից՝ նրա տարածքային ծովում կամ բացառիկ տնտեսական գոտում կամ նրա մայրցամաքային ելուստի վրա աղբանետման դեպքում,
բ) դրոշի պետության կողմից՝ նրա դրոշի ներքո նավարկող նավերի և նրա մոտ գրանցված նավերի կամ օդանավերի նկատմամբ,
գ) ցանկացած պետության կողմից՝ նրա տարածքում կամ ափամերձ բեռնահամալիրների մոտ թափոնների կամ այլ նյութերի բեռնման դեպքում:
2. Ոչ մի պետություն պարտավոր չէ սույն հոդվածի ուժով քննություն հարուցել, եթե այն արդեն իսկ հարուցվել է այլ պետության կողմից՝ սույն հոդվածին համապատասխան:
Հոդված 217
Դրոշի պետությունների կողմից կատարման ապահովումը
1. Պետությունները պետք է ապահովեն իրենց դրոշի ներքո նավարկող կամ իրենց մոտ գրանցված նավերի կողմից նավերից ծովային միջավայրի աղտոտման կանխարգելման, կրճատման և վերահսկման համար իրավասու միջազգային կազմակերպության կամ ընդհանուր դիվանագիտական խորհրդաժողովի միջոցով սահմանված կիրառելի միջազգային նորմերի ու չափանիշների և սույն Կոնվենցիային համապատասխան ընդունված իրենց օրենքների ու կանոնների պահպանումը, ինչպես նաև ընդունեն օրենքներ, կանոններ և դրանց իրականացման համար անհրաժեշտ այլ միջոցներ: Դրոշի պետությունները պետք է ձեռնարկեն միջոցներ՝ ուղղված այդ նորմերի, չափանիշների, օրենքների ու կանոնների արդյունավետ կատարման ապահովմանը՝ անկախ նրանից, թե որտեղ է կատարվել խախտումը:
2. Պետությունները պետք է, մասնավորապես, ձեռնարկեն անհրաժեշտ միջոցներ՝ նպատակ ունենալով ապահովել, որ իրենց դրոշի ներքո նավարկող կամ իրենց մոտ գրանցված նավերին արգելվի նավարկել, մինչև ի վիճակի լինեն ծով դուրս գալ՝ պահպանելով միջազգային նորմերի ու չափանիշների 1-ին կետում նշված պահանջները, ներառյալ նավերի նախագծման, կառուցման, սարքավորման և անձնակազմի համալրման վերաբերյալ պահանջները:
3. Պետությունները պետք է ապահովեն, որ իրենց դրոշի ներքո նավարկող կամ իրենց մոտ գրանցված նավերն ունենան 1-ին կետում նշված միջազգային նորմերով ու չափանիշներով նախատեսված և այդ նորմերի ու չափանիշների համաձայն տրված վկայագրեր: Պետությունները պետք է ապահովեն, որ իրենց դրոշի ներքո նավարկող նավերը պարբերաբար ստուգման ենթարկվեն՝ նավի փաստացի վիճակին այդ վկայագրերին համապատասխանությունը պարզելու համար: Այդ վկայագրերը պետք է այլ պետությունների կողմից ընդունվեն որպես նավի վիճակի վերաբերյալ փաստաթղթեր և դիտվեն որպես փաստաթղթեր, որոնք ունեն նույն ուժը, ինչ իրենց կողմից տրվող վկայագրերը, եթե չկան ակնհայտ հիմքեր ենթադրելու, որ նավի վիճակը զգալի չափով չի համապատասխանում այդ վկայագրերի տվյալներին:
4. Եթե նավը կատարում է իրավասու միջազգային կազմակերպության կամ ընդհանուր դիվանագիտական խորհրդաժողովի միջոցով սահմանված նորմերի ու չափանիշների խախտում, դրոշի պետությունը, չխախտելով 218-րդ, 220-րդ ու 228-րդ հոդվածները, պետք է անհապաղ քննության միջոցներ ձեռնարկի և անհրաժեշտության դեպքում ենթադրյալ խախտման վերաբերյալ վարույթ հարուցի՝ անկախ նրանից, թե որտեղ է կատարվել այդ խախտումը, կամ որտեղ է այդ խախտման արդյունքում տեղի ունեցել կամ հայտնաբերվել աղտոտումը:
5. Դրոշի պետությունները, խախտման վերաբերյալ քննություն իրականացնելով, կարող են ցանկացած այլ պետության աջակցությունը խնդրել, որի հետ համագործակցությունը կարող է օգտակար լինել գործի հանգամանքները պարզելու համար: Պետությունները պետք է ձգտեն բավարարել դրոշի պետությունների համապատասխան խնդրանքները:
6. Ցանկացած պետության գրավոր խնդրանքով՝ պետությունները պետք է քննեն ցանկացած խախտում, որը ենթադրաբար կատարվել է իրենց դրոշի ներքո նավարկող նավերի կողմից: Եթե դրոշի պետությունը համոզվել է, որ բավարար ապացույցներ կան ենթադրյալ խախտման վերաբերյալ քննություն հարուցելու համար, նա պետք է անհապաղ այդպիսի քննություն հարուցի՝ իր օրենքներին համապատասխան:
7. Դրոշի պետությունները անհապաղ պետք է դիմող պետությանը և իրավասու միջազգային կազմակերպությանը տեղեկացնեն ձեռնարկված միջոցների ու դրանց արդյունքների մասին: Այդ տեղեկատվությունը պետք է մատչելի լինի բոլոր պետությունների համար:
8. Իրենց դրոշի ներքո նավարկող նավերի նկատմամբ պետությունների օրենքներով ու կանոններով նախատեսված պատիժները պետք է բավականաչափ խիստ լինեն խախտումները կանխելու համար՝ անկախ նրանից, թե որտեղ են դրանք կատարվել:
Հոդված 218
Նավահանգստի պետությունների կողմից կատարման ապահովումը
1. Եթե նավը կամովին գտնվում է որևէ պետության նավահանգիստներից մեկում կամ ափամերձ բեռնահամալիրներից մեկի մոտ, այդ պետությունը կարող է քննություն սկսել և, երբ դա հիմնավորված է՝ ելնելով ապացույցներից, վարույթ հարուցել այդ նավից տվյալ պետության ներքին ջրերի, տարածքային ծովի կամ բացառիկ տնտեսական գոտու սահմաններից դուրս ցանկացած արտանետման վերաբերյալ՝ խախտելով իրավասու միջազգային կազմակերպության կամ ընդհանուր դիվանագիտական խորհրդաժողովի միջոցով սահմանված կիրառելի միջազգային նորմերն ու չափանիշները:
2. Այլ պետության ներքին ջրերում, տարածքային ծովում կամ բացառիկ տնտեսական գոտում արտանետման հետ կապված խախտման վերաբերյալ 1-ին կետին համապատասխան ոչ մի վարույթ չի հարուցվում միայն եթե չի ստացվել այդ պետության, դրոշի պետության կամ այն պետության խնդրանքը, որը տուժել կամ վտանգի է ենթարկվել արտանետման հետ կապված խախտման արդյունքում, կամ եթե այդպիսի խախտումը չի առաջացրել կամ չի սպառնում առաջացնել վարույթ հարուցող պետության ներքին ջրերի, տարածքային ծովի կամ բացառիկ տնտեսական գոտու աղտոտում:
3. Երբ նավը կամովին գտնվում է որևէ պետության նավահանգստում կամ ափամերձ բեռնահամալիրի մոտ, այդ պետությունը պետք է, որքանով դա գործնականում իրագործելի է, կատարի ցանկացած պետության՝ 1-ին կետում նշված արտանետման հետ կապված խախտման քննության վերաբերյալ խնդրանքը, որը ենթադրաբար կատարվել է խնդրանքով դիմող պետության ներքին ջրերում, տարածքային ծովում կամ բացառիկ տնտեսական գոտում, կամ պատճառել կամ սպառնում է վնաս պատճառել նշված տարածքներին: Նա պետք է նաև կատարի, որքանով դա գործնականում իրագործելի է, այդպիսի խախտման քննության վերաբերյալ դրոշի պետության խնդրանքը՝ անկախ նրանից, թե որտեղ է այդ խախտումը կատարվել:
4. Սույն հոդվածին համապատասխան՝ նավահանգստի պետության կողմից կատարված քննության նյութերը պետք է համապատասխան խնդրանքի առկայության դեպքում փոխանցվեն դրոշի պետությանը կամ ափամերձ պետությանը: Նավահանգստի պետության կողմից այդպիսի քննության հիման վրա հարուցված ցանկացած վարույթ կարող է, 7-րդ բաժնի դրույթների պահպանման պայմանով, ափամերձ պետության խնդրանքով կասեցվել, եթե խախտումը կատարվել է նրա ներքին ջրերում, տարածքային ծովում կամ բացառիկ տնտեսական գոտում: Գործով ապացույցները և արձանագրությունները, ինչպես նաև նավահանգստի պետության իշխանությունների մոտ թողնված ցանկացած գրավը կամ այլ ֆինանսական ապահովումը պետք է այդ դեպքում փոխանցվեն ափամերձ պետությանը: Այդպիսի փոխանցումը բացառում է վարույթի շարունակումը նավահանգստի պետությունում:
Հոդված 219
Նավարկության համար նավերի պիտանիության հետ կապված՝ աղտոտման կանխմանն ուղղված միջոցներ
Պահպանելով 7-րդ բաժնի դրույթները՝ պետությունները, որոնք հարցման հիման վրա կամ սեփական նախաձեռնությամբ պարզել են, որ իրենց նավահանգիստներից մեկում կամ ափամերձ բեռնահամալիրներից մեկի մոտ գտնվող նավը խախտում է նավարկության համար նավերի պիտանիությանը վերաբերող կիրառելի միջազգային նորմերը և չափանիշները ու դրանով ծովային միջավայրին վնաս պատճառելու սպառնալիք է ստեղծում, պետք է գործնականում հնարավոր չափով ձեռնարկեն վարչական միջոցներ, որպեսզի կանխեն տվյալ նավի շահագործումը: Այլ պետությունները միայն կարող են տվյալ նավին թույլատրել նավարկել դեպի մոտակա նավանորոգարան և խախտման պատճառները վերացնելուց հետո պետք է նավին անմիջապես թույլ տան շարունակել նավարկությունը:
Հոդված 220
Ափամերձ պետությունների կողմից կատարման ապահովումը
1. Երբ նավը կամովին գտնվում է պետության նավահանգստում կամ ափամերձ բեռնահամալիրի մոտ, այդ պետությունը, պահպանելով 7-րդ բաժնի դրույթները, կարող է վարույթ հարուցել նավերից աղտոտման կանխարգելման, կրճատման և վերահսկման վերաբերյալ սույն Կոնվենցիային համապատասխան ընդունված իր օրենքների ու կանոնների կամ կիրառելի միջազգային նորմերի ու չափանիշների ցանկացած խախտման վերաբերյալ, եթե այդպիսի խախտումը կատարվել է այդ պետության տարածքային ծովում կամ բացառիկ տնտեսական գոտում:
2. Եթե ակնհայտ հիմքեր կան ենթադրելու, որ պետության տարածքային ծովում նավարկող նավը այնտեղով անցնելու ժամանակ խախտել է նավերից աղտոտման կանխարգելման, կրճատման և վերահսկման վերաբերյալ սույն Կոնվենցիային համապատասխան ընդունված այդ պետության օրենքներն ու կանոնները կամ կիրառելի միջազգային նորմերն ու չափանիշները, այդ պետությունը, չխախտելով 2-րդ մասի 3-րդ բաժնի համապատասխան դրույթները, կարող է ձեռնարկել նավի ստուգում այդ խախտման հետ կապված հարցերով, և, երբ դա հիմնավորված է ապացույցներով, վարույթ հարուցել, ներառյալ նավի ձերբակալումը՝ իր օրենքներին համապատասխան և պահպանելով 7-րդ բաժնի դրույթները:
3. Եթե ակնհայտ հիմքեր կան ենթադրելու, որ պետության բացառիկ տնտեսական գոտում կամ տարածքային ծովում նավարկող նավը բացառիկ տնտեսական գոտում խախտել է նավերից ծովային միջավայրի աղտոտման կանխարգելման, կրճատման և վերահսկման վերաբերյալ կիրառելի միջազգային նորմերն ու չափորոշիչների կամ տվյալ պետության՝ այդ միջազգային նորմերին ու չափանիշներին համապատասխանող և դրանք ուժի մեջ մտցնող օրենքներն ու կանոնները, այդ պետությունը կարող է տվյալ նավից պահանջել նավի անվանման և նրա գրանցման նավահանգստի, մուտքի՝ վերջին ու հերթական նավահանգիստների և գործի վերաբերյալ այլ տեղեկատվություն, որն անհրաժեշտ է, որպեսզի պարզվի՝ կատարվել է արդյոք խախտում:
4. Պետությունները պետք է ընդունեն օրենքներ ու կանոններ և այլ միջոցներ, որպեսզի իրենց դրոշի ներքո նավարկող նավերը ենթարկվեն 3-րդ կետի համաձայն տեղեկատվություն տրամադրելու մասին պահանջներին:
5. Եթե ակնհայտ հիմքեր կան ենթադրելու, որ պետության բացառիկ տնտեսական գոտում կամ տարածքային ծովում նավարկող նավը, բացառիկ տնտեսական գոտում կատարել է 3-րդ կետում նշված խախտումը, որը հանգեցրել է ծովային միջավայրի զգալի աղտոտման կամ զգալի աղտոտման սպառնալիք առաջացնող խոշոր արտանետման, այդ պետությունը կարող է ձեռնարկել նավի ստուգում այդ խախտման հետ կապված հարցերով, եթե նավը հրաժարվել է տրամադրել տեղեկատվությունը, կամ եթե նավի տրամադրած տեղեկատվությունը ակնհայտորեն հակասում է բացահայտ փաստերին, և եթե այդպիսի ստուգումը արդարացված է՝ ելնելով գործի հանգամանքներից:
6. Եթե ակնհայտորեն օբյեկտիվ ապացույցներ կան այն մասին, որ պետության բացառիկ տնտեսական գոտում կամ տարածքային ծովում նավարկող նավը բացառիկ տնտեսական գոտում արտանետման միջոցով կատարել է 3-րդ կետում նշված խախտումը, որը լուրջ վնաս է պատճառել կամ լուրջ վնասի սպառնալիք է առաջացրել ափամերձ պետության ափին կամ դրա հետ կապված նրա շահերին կամ նրա տարածքային ծովի կամ բացառիկ տնտեսական գոտու ցանկացած պաշարներին, այդ պետությունը կարող է, պահպանելով 7-րդ բաժնի դրույթները և պայմանով, որ դա հիմնավորված է ապացույցներով, վարույթ հարուցել, ներառյալ նավի ձերբակալումը, իր օրենքներին համապատասխան:
7. Չնայած 6-րդ կետի դրույթներին՝ այն դեպքերում, երբ իրավասու միջազգային կազմակերպության միջոցով սահմանվել կամ այլ կերպ համաձայնեցվել են անհրաժեշտ ընթացակարգերը, որոնց միջոցով ապահովվում է գրավի կամ այլ համապատասխան ֆինանսական ապահովման տրամադրման վերաբերյալ պահանջների պահպանումը, ափամերձ պետությունը, եթե նրա համար պարտադիր են այդ ընթացակարգերը, պետք է նավին թույլատրի շարունակել նավարկել ընտրած ուղղությամբ:
8. 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերի դրույթները կիրառվում են նաև 211-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն ընդունված օրենքների ու կանոնների նկատմամբ:
Հոդված 221
Ծովային վթարների հետևանքով տեղի ունեցող աղտոտման կանխմանն ուղղված միջոցներ
1. Սույն մասի ոչ մի դրույթ չի ազդում պետությունների ինչպես սովորութային, այնպես էլ պայմանագրային միջազգային իրավունքին համապատասխան՝ տարածքային ծովի սահմաններից դուրս փաստացի կամ սպառնացող վնասին համաչափ միջոցների ձեռնարկման և կատարման ապահովման իրավունքի վրա՝ նպատակ ունենալով պաշտպանել իրենց ափը և դրա հետ կապված շահերը, ներառյալ ձկնորսությունը, ծովային վթարի կամ այդ վթարի հետ կապված այնպիսի գործողությունների հետևանքով աղտոտումից կամ աղտոտման սպառնալիքից, որոնք, ինչպես կարելի է ենթադրել, կարող են հանգեցնել լուրջ վնասակար հետևանքների:
2. Սույն հոդվածի նպատակների համար «ծովային վթար» նշանակում է նավերի բախումը, ծանծաղուտի մեջ խրվելը, այլ ծովային պատահարը կամ նավի վրա կամ նրանից դուրս այլ դեպքը, որոնք նավին կամ բեռին նյութական վնաս են պատճառել կամ առաջացրել են նյութական վնաս պատճառելու անխուսափելի սպառնալիք:
Հոդված 222
Մթնոլորտից կամ դրա միջով աղտոտման վերաբերյալ կատարման ապահովումը
Իրենց ինքնիշխանության տակ գտնվող օդային տարածքում կամ իրենց դրոշի ներքո նավարկող նավերի կամ իրենց մոտ գրանցված նավերի կամ օդանավերի նկատմամբ պետությունները պետք է ապահովեն 212-րդ հոդվածի 1-ին կետին և սույն Կոնվենցիայի այլ դրույթներին համապատասխան ընդունված իրենց օրենքների ու կանոնների կատարումը, ինչպես նաև ընդունեն օրենքներ ու կանոններ և այլ միջոցներ, որոնք անհրաժեշտ են իրավասու միջազգային կազմակերպությունների կամ դիվանագիտական խորհրդաժողովի միջոցով՝ մթնոլորտից կամ դրա միջով ծովային միջավայրի աղտոտման կանխարգելման, կրճատման և վերահսկման վերաբերյալ սահմանված կիրառելի միջազգային նորմերի ու չափանիշների իրականացման համար՝ օդային նավագնացության անվտանգության վերաբերյալ բոլոր համապատասխան միջազգային նորմերին ու չափանիշներին համապատասխան:
Բաժին 7
Երաշխիքներ
Հոդված 223
Քննության կանոնավոր ընթացքին նպաստող միջոցներ
Սույն մասին համապատասխան հարուցված քննության ընթացքում պետությունները պետք է ձեռնարկեն միջոցներ, որպեսզի նպաստեն վկաների հարցաքննությանը և այլ պետության իշխանությունների կամ իրավասու միջազգային կազմակերպության կողմից ներկայացված ապացույցների ընդունմանը, ինչպես նաև նպաստեն այդ քննությանը իրավասու միջազգային կազմակերպության, դրոշի պետության և խախտման հետևանքով աղտոտումից տուժած ցանկացած պետության պաշտոնական ներկայացուցիչների մասնակցությանը: Այդ քննությանը մասնակցող պաշտոնական ներկայացուցիչները ունեն ազգային օրենքներով և կանոններով կամ միջազգային իրավունքով նախատեսված իրավունքներ ու պարտականություններ:
Հոդված 224
Կատարման ապահովմանն ուղղված լիազորությունների իրականացում
Օտարերկրյա նավերի վերաբերյալ սույն մասում նախատեսված կատարման ապահովման լիազորությունները կարող են իրականացվել միայն պաշտոնատար անձանց կամ ռազմանավերի, ռազմական օդանավերի կամ այլ նավերի կամ օդանավերի կողմից, որոնք ունեն կառավարական ծառայության մեջ գտնվելու մասին վկայող հստակ տարբերանշաններ և լիազորված են դրա համար:
Հոդված 225
Կատարման ապահովմանն ուղղված լիազորությունների իրականացման ընթացքում բացասական հետևանքներից խուսափելու պարտականությունը
Սույն Կոնվենցիային համապատասխան՝ օտարերկրյա նավերի նկատմամբ կատարման ապահովմանն ուղղված իրենց լիազորությունները իրականացնելիս պետությունները չպետք է սպառնալիքի տակ դնեն նավագնացության անվտանգությունը, նավը ենթարկեն որևէ այլ ռիսկի, կամ այն տանեն ոչ անվտանգ նավահանգիստ կամ խարսխակայան կամ ծովային միջավայրը ենթարկեն չափազանց մեծ ռիսկի:
Հոդված 226
Օտարերկրյա նավերի հետ կապված քննությունը
1. ա) Պետությունները չպետք է պահեն օտարերկրյա նավն ավելի երկար, քան դա պահանջվում է 216-րդ, 218-րդ և 220-րդ հոդվածներում նախատեսված քննության նպատակների համար: Օտարերկրյա նավի ցանկացած ստուգում պետք է սահմանափակվի այն վկայագրերի, նավամատյանների կամ այլ փաստաթղթերի ստուգմամբ, որոնք պետք է լինեն նավի վրա, հանրաճանաչ միջազգային նորմերին ու չափանիշներին համապատասխան, կամ ցանկացած համանման փաստաթղթերի ստուգմամբ, որոնք պահվում են նավի վրա. նավի հետագա ստուգումը կարող է կատարվել միայն վերը նշված ստուգումից հետո և միայն այն դեպքում, երբ.
i) բավարար հիմքեր կան ենթադրելու, որ նավի կամ դրա սարքավորումների վիճակը զգալի չափով չի համապատասխանում այդ փաստաթղթերին,
ii) այդ փաստաթղթերի բովանդակությունը բավարար չէ ենթադրյալ խախտումը հաստատելու կամ ստուգելու համար, կամ
iii) նավը չունի վավերական վկայագրեր կամ նավամատյաններ:
բ) Եթե քննությունը վկայում է ծովային միջավայրի պաշտպանության ու պահպանման վերաբերյալ կիրառելի օրենքների ու կանոնների կամ միջազգային նորմերի ու չափանիշների խախտման մասին, նավը պետք է անհապաղ ազատվի` այնպիսի անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու պայմանով, ինչպիսիք են գրավի կամ այլ հարմար ֆինանսական ապահովման տրամադրումը:
գ) Չխախտելով նավարկության համար նավերի պիտանիության վերաբերյալ կիրառելի միջազգային նորմերն ու չափանիշները` նավն ազատելու վերաբերյալ պահանջը կարող է մերժվել, կամ դա կարող է պայմանավորված լինել նավի` մոտակա հարմար նավանորոգարան տեղափոխումով, եթե այդ նավն իրենից ծովային միջավայրին վնաս պատճառելու չափազանց մեծ սպառնալիք է ներկայացնում: Երբ նավն ազատելու վերաբերյալ պահանջը մերժվել է, կամ դա կախվածության մեջ է դրվել որոշակի պայմաններից, դրոշի պետությունը պետք է անհապաղ տեղեկացվի դրա մասին, և նա կարող է պահանջել ազատել այդ նավը` 15-րդ մասին համապատասխան:
2. Պետությունները պետք է համագործակցեն ծովում նավերի անտեղի ստուգումից խուսափելու համար ընթացակարգերի մշակման հարցում:
Հոդված 227
Օտարերկրյա նավերի նկատմամբ խտրականության անթույլատրելիությունը
Սույն մասում նախատեսված իրենց իրավունքները իրականացնելիս և պարտականությունները կատարելիս պետությունները չպետք է թույլ տան ըստ ձևի կամ ըստ էության խտրականություն որևէ այլ պետության նավերի նկատմամբ:
Հոդված 228
Քննության հարուցման կասեցումը և սահմանափակումը
1. Նավերից աղտոտման կանխարգելման, կրճատման և վերահսկման վերաբերյալ կիրառելի օրենքների ու կանոնների կամ միջազգային նորմերի ու չափանիշների ցանկացած խախտման համար, որը կատարվել է որևէ օտարերկրյա նավի կողմից՝ քննություն հարուցող պետության տարածքային ծովի սահմաններից դուրս, պատիժ նշանակելու նպատակով կատարվող քննությունը կասեցվում է, եթե դրոշի պետությունը համապատասխան մեղադրանքով պատիժ նշանակելու նպատակով քննությունը հարուցում է վեց ամսվա ընթացքում այն բանից հետո, երբ առաջին անգամ է հարուցվել քննությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ քննությունը կապված է ափամերձ պետությանը պատճառված խոշոր վնասի հետ, կամ երբ տվյալ դրոշի պետությունը բազմիցս չի կատարել իր նավերի կողմից կատարված խախտումների նկատմամբ կիրառելի միջազգային նորմերի ու չափանիշների կատարման արդյունավետ ապահովման իր պարտավորությունը: Դրոշի պետությունը, որը դիմել է սույն հոդվածին համապատասխան քննությունը կասեցնելու համար, պետք է պատշաճ ժամանակում այն պետությանը, որն առաջինն է քննությունը հարուցել, տրամադրի գործի բոլոր փաստաթղթերը և քննության արձանագրությունները: Երբ դրոշի պետության կողմից հարուցված քննությունն ավարտվել է, կասեցված քննությունը դադարեցվում է: Այդ քննության հետ կապված ծախսերը հատուցելուց հետո ցանկացած գրավ կամ այլ ֆինանսական ապահովում, որը մուծվել է կասեցված քննության հետ կապված, պետք է վերադարձվի ափամերձ պետության կողմից:
2. Օտարերկրյա նավերի նկատմամբ պատիժ նշանակելու նպատակով քննությունը չի հարուցվում խախտումը կատարելու պահից 3 տարի հետո և չի հարուցվում որևէ պետության կողմից, եթե քննությունն արդեն հարուցվել է այլ պետության կողմից` պահպանելով 1-ին կետում նշված դրույթները:
3. Սույն հոդվածը չի խախտում դրոշի պետության իրավունքը՝ ձեռնարկել ցանկացած միջոց, ներառյալ իր օրենքներին համապատասխան պատիժ նշանակելու համար քննության հարուցումը, անկախ այլ պետության կողմից նախկինում հարուցված քննությունից:
Հոդված 229
Քաղաքացիական վարույթի հարուցումը
Սույն Կոնվենցիայի ոչ մի դրույթ չի ազդում ծովային միջավայրի աղտոտման հետևանքով պատճառված կորուստների կամ վնասի հետ կապված ցանկացած հայցով քաղաքացիական վարույթի հարուցման վրա:
Հոդված 230
Դրամական տուգանքները և մեղադրյալի ճանաչված իրավունքների պահպանումը
1. Ծովային միջավայրի աղտոտման կանխարգելման, կրճատման և վերահսկման վերաբերյալ ազգային օրենքների ու կանոնների կամ կիրառելի միջազգային նորմերի ու չափանիշների խախտումների համար, որոնք կատարվել են օտարերկրյա նավերի կողմից տարածքային ծովի սահմաններից դուրս, կարող են նշանակվել միայն դրամական տուգանքներ:
2. Ծովային միջավայրի աղտոտման կանխարգելման, կրճատման և վերահսկման վերաբերյալ ազգային օրենքների ու կանոնների կամ կիրառելի միջազգային նորմերի ու չափանիշների խախտումների համար, որոնք կատարվել են օտարերկրյա նավերի կողմից տարածքային ծովում, բացառությամբ տարածքային ծովում աղտոտման կանխամտածված ու լուրջ դեպքի, կարող են նշանակվել միայն դրամական տուգանքներ:
3. Օտարերկրյա նավի կողմից կատարված այնպիսի խախտումների վերաբերյալ քննության ժամանակ, որոնց համար կարող է տուգանք նշանակվել, պետք է պահպանվեն մեղադրյալի ճանաչված իրավունքները:
Հոդված 231
Դրոշի պետությանը և մյուս շահագրգիռ պետություններին իրազեկելը
Պետությունները պետք է անհապաղ իրազեկեն դրոշի պետությանը և ցանկացած այլ շահագրգիռ պետության՝ 6-րդ բաժնին համապատասխան՝ օտարերկրյա նավերի նկատմամբ ձեռնարկված ցանկացած միջոցի մասին և դրոշի պետությանը ներկայացնեն այդ միջոցների մասին բոլոր պաշտոնական հաշվետվությունները: Սակայն տարածքային ծովում կատարված խախտումների վերաբերյալ ափամերձ պետությունների այդ պարտավորությունները կիրառվում են միայն այն միջոցների նկատմամբ, որոնք ձեռնարկվում են քննության ժամանակ: Դրոշի պետության դիվանագիտական գործակալները կամ հյուպատոսական պաշտոնատար անձինք և, երբ դա հնարավոր է, ծովային իշխանությունները պետք է անհապաղ իրազեկվեն այդ միջոցների մասին:
Հոդված 232
Կատարման ապահովմանն ուղղված միջոցների համար պետությունների պատասխանատվությունը
Պետությունները պատասխանատվություն են կրում այն վնասի կամ կորուստների համար, որոնք կարող են իրենց մեղսագրվել և բխում են 6-րդ բաժնի հիման վրա ձեռնարկված միջոցներից, երբ այդ միջոցներն ապօրինի են կամ դուրս են գալիս այն միջոցների շրջանակից, որոնք անհրաժեշտ են՝ ելնելով առկա տեղեկատվությունից: Պետություններն ապահովում են այդ վնասի կամ կորուստների կապակցությամբ հայցադիմումներով իրենց դատարաններ դիմելու հնարավորությունը:
Հոդված 233
Միջազգային նավագնացության համար օգտագործվող նեղուցների վերաբերյալ երաշխիքները
5-րդ, 6-րդ և 7-րդ բաժինների ոչ մի դրույթ չի ազդում միջազգային նավագնացության համար օգտագործվող նեղուցների իրավական ռեժիմի վրա: Սակայն եթե օտարերկրյա նավը, բացի 10-րդ բաժնում նշված նավերից, կատարել է 42-րդ հոդվածի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետում նշված օրենքների ու կանոնների խախտում, որը նեղուցների միջավայրի համար առաջացրել կամ կարող է առաջացնել ծանր վնաս, նեղուցներին սահմանակից պետությունները կարող են ձեռնարկել պատշաճ միջոցներ կատարման ապահովման համար և այդ դեպքում mutatis mutandis պահպանում են սույն բաժնի դրույթները:
Բաժին 8
Սառցապատ շրջաններ
Հոդված 234
Սառցապատ շրջաններ
Ափամերձ պետությունները իրավունք ունեն ընդունել և ապահովել բացառիկ տնտեսական գոտու սահմաններում, սառցապատ շրջաններում, որտեղ առանձնապես դաժան կլիմայական պայմանները և այդ շրջանները տարվա մեծ մասի ընթացքում ծածկող սառույցների առկայությունը խոչընդոտներ կամ զգալի վտանգ են ստեղծում նավագնացության համար, իսկ ծովային միջավայրի աղտոտումը կարող է մեծ վնաս պատճառել բնապահպանական հավասարակշռությանը կամ անդառնալի կերպով խախտել այն, նավերից ծովային միջավայրի աղտոտման կանխարգելման, կրճատման և վերահսկման վերաբերյալ ոչ խտրական օրենքների ու կանոնների պահպանումը: Այդ օրենքներում և կանոններում պետք է պատշաճ կերպով հաշվի առնվեն նավագնացությունը և ծովային միջավայրի պաշտպանությունն ու պահպանումը առկա առավել հավաստի գիտական տվյալների հիման վրա:
Բաժին 9
Պատասխանատվություն
Հոդված 235
Պատասխանատվություն
1. Պետությունները պատասխանատու են ծովային միջավայրի պաշտպանության ու պահպանման հետ կապված իրենց միջազգային պարտավորությունների կատարման համար: Նրանք պատասխանատվություն են կրում միջազգային իրավունքին համապատասխան:
2. Պետությունները պետք է ապահովեն, որ հնարավոր լինի, իրենց իրավական համակարգերին համապատասխան, դիմել իրենց իրավազորության ներքո գտնվող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից ծովային միջավայրի աղտոտման հետևանքով պատճառված վնասի` կարճ ժամկետներում պատշաճ հատուցման կամ այլ ձևով վերականգնման համար:
3. Ծովային միջավայրի աղտոտման հետևանքով պատճառված ամբողջ վնասի արագ ու պատշաճ հատուցման ապահովման նպատակով պետությունները պետք է համագործակցեն գործող միջազգային իրավունքի իրականացման և պատասխանատվության վերաբերյալ միջազգային իրավունքի հետագա զարգացման հարցում` վնասի գնահատման և հատուցման կամ դրա հետ կապված վեճերի կարգավորման համար, ինչպես նաև առանձին դեպքերում պատշաճ հատուցում տրամադրելու այնպիսի չափորոշիչներ ու ընթացակարգեր մշակելու հարցում, ինչպիսիք են պարտադիր ապահովագրությունը կամ փոխհատուցման ֆոնդերը:
Բաժին 10
Ինքնիշխան անձեռնմխելիություն
Հոդված 236
Ինքնիշխան անձեռնմխելիություն
Սույն Կոնվենցիայի՝ ծովային միջավայրի պաշտպանության ու պահպանման վերաբերյալ դրույթները չեն կիրառվում ցանկացած ռազմանավի, ռազմաօժանդակ նավի, այլ նավերի կամ օդանավերի նկատմամբ, որոնք պատկանում են պետությանը կամ շահագործվում են նրա կողմից և տվյալ ժամանակ օգտագործվում են միայն կառավարական ոչ առևտրային ծառայության համար: Սակայն յուրաքանչյուր պետություն իրեն պատկանող կամ իր կողմից շահագործվող նավերի կամ օդանավերի շահագործմանը և շահագործման հնարավորություններին վնաս չպատճառող պատշաճ միջոցներ ձեռնարկելու միջոցով պետք է ապահովի, որ այդ նավերը կամ օդանավերը, որքանով դա նպատակահարմար է և գործնականում հնարավոր, գործեն սույն Կոնվենցիային համապատասխան ձևով:
Բաժին 11
Ծովային միջավայրի պաշտպանության և պահպանման մասին այլ կոնվենցիաներով նախատեսված պարտավորությունները
Հոդված 237
Ծովային միջավայրի պաշտպանության և պահպանման մասին այլ կոնվենցիաներով նախատեսված պարտավորությունները
1. Սույն մասի դրույթները չեն խախտում այն կոնկրետ պարտավորությունները, որոնք պետությունները ստանձնել են ծովային միջավայրի պաշտպանության ու պահպանման վերաբերյալ նախկինում կնքված հատուկ կոնվենցիաներով ու համաձայնագրերով, ինչպես նաև այն համաձայնագրերով, որոնք կարող են կնքվել սույն Կոնվենցիայում շարադրված ընդհանուր սկզբունքների զարգացման համար:
2. Կոնկրետ պարտավորությունները, որոնք պետությունները ստանձնել են ծովային միջավայրի պաշտպանության ու պահպանման վերաբերյալ հատուկ կոնվենցիաներով, պետք է կատարվեն սույն Կոնվենցիայի ընդհանուր սկզբունքներին և նպատակներին համապատասխան ձևով:
Մաս 13
Ծովային գիտական հետազոտություններ
Բաժին 1
Ընդհանուր դրույթներ
Հոդված 238
Ծովային գիտական հետազոտություններ կատարելու իրավունք
Բոլոր պետությունները, անկախ իրենց աշխարհագրական դիրքից, և իրավասու միջազգային կազմակերպությունները իրավունք ունեն կատարել ծովային գիտական հետազոտություններ` պահպանելով այլ պետությունների՝ սույն Կոնվենցիայում նախատեսված իրավունքներն ու պարտականությունները:
Հոդված 239
Ծովային գիտական հետազոտությունների խրախուսումը
Պետությունները և իրավասու միջազգային կազմակերպությունները պետք է խրախուսեն և նպաստեն սույն Կոնվենցիային համապատասխան ծովային գիտական հետազոտությունների զարգացմանը և կատարմանը:
Հոդված 240
Ծովային գիտական հետազոտությունների կատարման ընդհանուր սկզբունքները
Ծովային գիտական հետազոտություններ կատարելիս կիրառվում են հետևյալ սկզբունքները.
ա) ծովային գիտական հետազոտությունները կատարվում են բացառապես խաղաղ նպատակներով,
բ) ծովային գիտական հետազոտությունները կատարվում են սույն Կոնվենցիային համապատասխան՝ պատշաճ գիտական մեթոդներով ու միջոցներով,
գ) ծովային գիտական հետազոտությունները չպետք է անարդարացի խոչընդոտներ հարուցեն սույն Կոնվենցիային համապատասխան՝ ծովի իրավաչափ օգտագործման այլ տեսակների համար և պետք է պատշաճ կերպով հարգվեն օգտագործման այդ տեսակների դեպքում,
դ) ծովային գիտական հետազոտությունները կատարվում են՝ պահպանելով սույն Կոնվենցիայի համաձայն ընդունված բոլոր համապատասխան կանոնները, ներառյալ ծովային միջավայրի պաշտպանության ու պահպանման մասին դրույթները:
Հոդված 241
Ծովային գիտական հետազոտությունները հավակնությունների համար իրավական հիմք չճանաչելը
Ծովային գիտական հետազոտություններն իրավական հիմք չեն ստեղծում ծովային միջավայրի որևէ մասի կամ նրա պաշարների նկատմամբ հավակնությունների համար:
Բաժին 2
Միջազգային համագործակցություն
Հոդված 242
Միջազգային համագործակցության խրախուսումը
1. Պետությունները և իրավասու միջազգային կազմակերպությունները պետք է ինքնիշխանության ու իրավազորության հարգման սկզբունքին համապատասխան և փոխշահավետության հիման վրա, նպաստեն միջազգային համագործակցությանը խաղաղ նպատակով ծովային գիտական հետազոտությունների բնագավառում:
2. Այս համատեքստում, չխախտելով պետությունների՝ սույն Կոնվենցիայով նախատեսված իրավունքներն ու պարտականությունները, ցանկացած պետություն սույն մասը կիրառելիս պետք է այլ պետությունների համար ողջամիտ հնարավորություն ստեղծի՝ իրենից կամ իր հետ համագործակցության միջոցով ստանալ այնպիսի տեղեկատվություն, որն անհրաժեշտ է մարդկանց առողջության և անվտանգության ու ծովային միջավայրին վնասի կանխարգելման ու վերահսկման համար:
Հոդված 243
Բարենպաստ պայմանների ստեղծում
Պետությունները և իրավասու միջազգային կազմակերպությունները պետք է երկկողմ և բազմակողմ համաձայնագրեր կնքելու միջոցով համագործակցեն ծովային միջավայրում ծովային գիտական հետազոտությունների կատարման համար բարենպաստ պայմանների ստեղծման և ծովային միջավայրում տեղի ունեցող երևույթների ու գործընթացների էության և դրանց միջև փոխկապվածության հետազոտման ժամանակ գիտնականների ջանքերի միավորման հարցում:
Հոդված 244
Տեղեկատվության և գիտելիքների հրապարակում ու տարածում
1. Պետությունները և իրավասու միջազգային կազմակերպությունները պետք է, սույն Կոնվենցիային համապատասխան, հրատարակման և պատշաճ ուղիներով տարածման միջոցով ապահովեն առաջարկված հիմնական ծրագրերի ու դրանց մասին տեղեկատվության, ինչպես նաև ծովային գիտական հետազոտությունների արդյունք հանդիսացող գիտելիքների մատչելիությունը:
2. Այդ նպատակով պետությունները, ինչպես անհատապես, այնպես էլ այլ պետությունների ու իրավասու միջազգային կազմակերպությունների հետ համագործակցելով, պետք է ակտիվորեն նպաստեն գիտական տվյալների ու տեղեկատվության տարածմանը, ծովային գիտական հետազոտությունների արդյունքում ստացված գիտելիքների փոխանցմանը, հատկապես զարգացող պետություններին, և ինքնուրույն ծովային գիտական հետազոտություններ կատարելու՝ զարգացող պետությունների հնարավորությունների ամրապնդմանը inter alia պատշաճ ուսուցման և նրանց տեխնիկական ու գիտական կադրերի պատրաստման ապահովման ծրագրերի իրականացման միջոցով:
Բաժին 3
Ծովային գիտական հետազոտությունների կատարումը և դրանց խրախուսումը
Հոդված 245
Ծովային գիտական հետազոտությունները տարածքային ծովում
Ափամերձ պետությունները իրենց ինքնիշխանության ուժով բացառիկ իրավունք ունեն կարգավորելու, թույլատրելու և կատարելու ծովային գիտական հետազոտություններ իրենց տարածքային ծովում: Տարածքային ծովում ծովային գիտական հետազոտությունները պետք է կատարվեն միայն ափամերձ պետության՝ ակնհայտորեն արտահայտված համաձայնության և վերջինիս կողմից սահմանված պայմաններով:
Հոդված 246
Ծովային գիտական հետազոտությունները բացառիկ տնտեսական գոտում և մայրցամաքային ելուստի վրա
1. Ափամերձ պետությունները, իրականացնելով իրենց իրավազորությունը, իրավունք ունեն կարգավորելու, թույլատրելու ու կատարելու ծովային գիտական հետազոտություններ իրենց բացառիկ տնտեսական գոտում և իրենց մայրցամաքային ելուստի վրա՝ սույն Կոնվենցիայի՝ դրան վերաբերող դրույթներին համապատասխան:
2. Բացառիկ տնտեսական գոտում և մայրցամաքային ելուստի վրա ծովային գիտական հետազոտությունները կատարվում են ափամերձ պետության համաձայնությամբ:
3. Սովորական պայմաններում ափամերձ պետությունները պետք է տան իրենց համաձայնությունը այլ պետությունների կամ իրավասու միջազգային կազմակերպությունների կողմից իրենց բացառիկ տնտեսական գոտում կամ իրենց մայրցամաքային ելուստի վրա սույն Կոնվենցիային համապատասխան՝ խաղաղ նպատակներով և հանուն ամբողջ մարդկության բարօրության ծովային միջավայրի մասին գիտելիքների ընդլայնման համար ծովային գիտահետազոտական ծրագրերի իրականացման վերաբերյալ: Այդ նպատակով ափամերձ պետությունները պետք է սահմանեն նորմեր ու ընթացակարգեր, որոնք ապահովում են, որ չլինեն անհիմն ձգձգումներ կամ մերժումներ այդպիսի համաձայնություն տալու հարցում:
4. 3-րդ կետի կիրառման նպատակների համար սովորական պայմաններ կարող են գոյություն ունենալ՝ չնայած ափամերձ պետության ու հետազոտություններ կատարող պետության միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը:
5. Ափամերձ պետությունները կարող են, սակայն, իրենց հայեցողությամբ համաձայնություն չտալ այլ պետության կամ իրավասու միջազգային կազմակերպության կողմից իրենց բացառիկ տնտեսական գոտում կամ իրենց մայրցամաքային ելուստի վրա ծովային գիտահետազոտական ծրագրի իրականացման վերաբերյալ, եթե այդ ծրագիրը.
ա) ունի անմիջական նշանակություն ինչպես կենդանի, այնպես էլ անկենդան բնական պաշարների հետախուզման ու շահագործման համար,
բ) ներառում է մայրցամաքային ելուստի վրա հորատում, պայթուցիկ նյութերի օգտագործում կամ ծովային միջավայր վնասակար նյութերի ներմուծում,
գ) ներառում է 60-րդ ու 80-րդ հոդվածներում նշված արհեստական կղզիների, սարքերի և կառույցների շինարարությունը, շահագործումը և օգտագործումը,
դ) պարունակում է 248-րդ հոդվածի հիման վրա տրամադրված՝ ծրագրի բնույթի ու նպատակների վերաբերյալ տեղեկատվություն, որը ճշգրիտ չէ, կամ եթե հետազոտություն կատարող պետությունը կամ իրավասու միջազգային կազմակերպությունը ափամերձ պետության հանդեպ ունեն նախկինում իրականացված հետազոտական ծրագրից բխող չկատարված պարտավորություններ:
6. Չնայած 5-րդ կետի դրույթներին՝ ափամերձ պետությունները չեն կարող իրենց հայեցողությամբ այդ կետի «ա» ենթակետին համապատասխան համաձայնություն չտալ այն ծովային գիտահետազոտական ծրագրերի վերաբերյալ, որոնք պետք է իրականացվեն սույն մասի դրույթներին համապատասխան՝ մայրցամաքային ելուստի վրա՝ այն ելակետային գծերից հաշված 200 ծովային մղոնի սահմաններից դուրս, որոնցից հաշվարկվում է տարածքային ծովի լայնությունը, այն սահմանված շրջաններից դուրս, որոնք ափամերձ պետությունները ցանկացած ժամանակ կարող են պաշտոնապես հայտարարել շրջաններ, որտեղ իրականացվում կամ ողջամիտ ժամկետից հետո իրականացվելու են այդ շրջաններում կենտրոնացված՝ շահագործմանը կամ մանրակրկիտ հետազոտմանն ուղղված գործողություններ: Ափամերձ պետությունները պետք է պատշաճ կերպով տեղեկացնեն այդ շրջանների մասին, ինչպես նաև այդ շրջանների վերաբերյալ ցանկացած փոփոխության մասին, սակայն պարտավոր չեն տալ այդտեղ իրականացվող գործողությունների մանրամասն նկարագիրը:
7. 6-րդ կետի դրույթները չեն խախտում մայրցամաքային ելուստի նկատմամբ ափամերձ պետությունների իրավունքները, ինչպես դրանք սահմանված են 77-րդ հոդվածում:
8. Ծովային գիտական հետազոտությունների հետ կապված գործունեությունը, ինչի մասին խոսվում է սույն հոդվածում, չպետք է անհիմն խոչընդոտներ ստեղծի ափամերձ պետությունների կողմից սույն Կոնվենցիայում նախատեսված իրենց ինքնիշխան իրավունքների ու իրավազորության հիման վրա իրականացվող գործունեության համար:
Հոդված 247
Միջազգային կազմակերպությունների կողմից կամ նրանց հովանու ներքո իրականացվող ծովային գիտական ծրագրերը
Համարվում է, որ ափամերձ պետությունը, որը միջազգային կազմակերպության անդամ է կամ ունի երկկողմ համաձայնագիր այդպիսի կազմակերպության հետ, և որի բացառիկ տնտեսական գոտում կամ մայրցամաքային ելուստի վրա այդ կազմակերպությունը ցանկանում է անմիջականորեն կամ իր հովանու ներքո իրականացնել ծովային գիտահետազոտական ծրագիր, թույլատրել է իրականացնել այդ ծրագիրը համաձայնեցված սպեցիֆիկացիաներին համապատասխան, եթե այդ պետությունը հավանություն է տվել մանրամասն ծրագրին այն ժամանակ, երբ կազմակերպությունը որոշում էր ընդունել տվյալ ծրագիրն իրականացնելու մասին, կամ ցանկանում է մասնակցել դրան, և որևէ առարկություն չի հայտնել նախագծի մասին կազմակերպության կողմից ափամերձ պետությանը ծանուցելուց հետո՝ չորս ամսվա ընթացքում:
Հոդված 248
Ափամերձ պետությանը տեղեկատվություն տրամադրելու պարտականությունը
Պետությունները և իրավասու միջազգային կազմակերպությունները, որոնք մտադրված են ծովային գիտական հետազոտություններ կատարել ափամերձ պետության բացառիկ տնտեսական գոտում կամ մայրցամաքային ելուստի վրա, պետք է այդ պետությանը ծովային գիտահետազոտական ծրագրի ենթադրյալ սկզբից ոչ պակաս, քան վեց ամիս առաջ ներկայացնեն ամբողջական տեղեկատվություն.
ա) ծրագրի բնույթի ու նպատակների մասին,
բ) այն մեթոդի ու միջոցների մասին, որոնք պետք է օգտագործվեն, ներառյալ նավերի անունը, տոննաժը, տեսակը և կարգն ու գիտական սարքավորումների նկարագիրը,
գ) հստակ՝ աշխարհագրական շրջանների մասին, որտեղ իրականացվելու է ծրագիրը,
դ) հետազոտական նավերի առաջին անգամ ժամանելու ու վերջնական հեռանալու կամ համապատասխան դեպքերում սարքավորումների տեղադրման ու տեղահանման ենթադրյալ ժամկետների մասին,
ե) հիմնարկի անվանման մասին, որի հովանու ներքո իրականացվում է ծրագիրը, ինչպես նաև տնօրենի ու ծրագրի մասին պատասխանատու անձի մասին,
զ) ափամերձ պետության՝ ծրագրին մասնակցելու կամ ծրագրում ներկայացված լինելու աստիճանի մասին:
Հոդված 249
Որոշակի պայմաններ պահպանելու պարտականությունը
1. Ափամերձ պետության բացառիկ տնտեսական գոտում կամ մայրցամաքային ելուստի վրա ծովային գիտական հետազոտություններ կատարելիս պետությունները և իրավասու միջազգային կազմակերպությունները պետք է պահպանեն հետևյալ պայմանները.
ա) ափամերձ պետության ցանկությամբ՝ ապահովեն ծովային գիտահետազոտական ծրագրին մասնակցելու կամ ներկայացված լինելու նրա իրավունքը, հատկապես հետազոտական նավերի ու, երբ դա գործնականում հնարավոր է, այլ կառուցվածքների և գիտահետազոտական սարքերի վրա, բայց առանց ափամերձ պետության գիտնականներին որևէ վարձատրություն վճարելու և առանց այդ ծրագրի իրականացման հետ կապված ծախսերի հատուցմանը այդ պետության մասնակցության պարտավորության,
բ) ափամերձ պետությանը, նրա խնդրանքով, ներկայացնեն նախնական հաշվետվություններ, երբ դա գործնականում հնարավոր է դառնում, ինչպես նաև վերջնական արդյունքները և եզրակացությունները՝ հետազոտության ավարտից հետո,
գ) ափամերձ պետությանը, նրա խնդրանքով, հնարավորություն տան օգտվելու ծովային գիտահետազոտական ծրագրի շրջանակներում ստացված բոլոր տվյալներից ու նմուշներից, և հավասարապես փոխանցեն տվյալներ, որոնցից կարող են պատճեններ վերցվել և նմուշներ, որոնք կարող են բաժանվել՝ առանց դրանց գիտական արժեքը նվազեցնելու,
դ) ափամերձ պետությանը, նրա խնդրանքով, տրամադրեն հետազոտությունների այնպիսի տվյալների, նմուշների ու արդյունքների գնահատական պարունակող տեղեկատվություն կամ օգնություն ցույց տան դրանց գնահատման ու մեկնաբանման համար,
ե) ապահովեն, պահպանելով 2 կետի պահանջները, որ հետազոտության արդյունքները, որքան հնարավոր է արագ, համապատասխան ազգային կամ միջազգային ուղիներով մատչելի դառնան միջազգային հանրությանը,
զ) անհապաղ տեղեկացնեն ափամերձ պետությանը հետազոտությունների ծրագրում ցանկացած էական փոփոխության մասին,
է) հետազոտության ավարտից հետո հավաքեն գիտահետազոտական սարքերը կամ սարքավորումները, եթե չկա այլ պայմանավորվածություն:
2. Սույն հոդվածը կիրառվում է՝ առանց խախտելու ափամերձ պետության օրենքներով ու կանոններով՝ 246-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան համաձայնություն տալու կամ մերժելու նրա հայեցողական լիազորության իրականացման համար սահմանված պայմանները, ներառյալ բնական պաշարների հետազոտման կամ շահագործման համար անմիջական նշանակություն ունեցող ծրագրի շրջանակներում հետազոտությունների արդյունքները միջազգային հանրության համար մատչելի դարձնելու վերաբերյալ նախնական համաձայնության մասին պահանջը:
Հոդված 250
Ծովային գիտահետազոտական ծրագրերի վերաբերյալ տեղեկատվությունը
Ծովային գիտահետազոտական ծրագրերի վերաբերյալ տեղեկատվությունը պետք է փոխանցվի պատշաճ պաշտոնական ուղիներով, եթե չկա այլ պայմանավորվածություն:
Հոդված 251
Ընդհանուր չափորոշիչները և ղեկավար սկզբունքները
Պետությունները պետք է ձգտեն իրավասու միջազգային կազմակերպությունների միջոցով նպաստել ծովային գիտական հետազոտությունների բնույթի ու հետևանքների որոշման հարցում պետություններին օգնելու համար ընդհանուր չափորոշիչների և ղեկավար սկզբունքների սահմանմանը:
Հոդված 252
Ենթադրյալ համաձայնություն
Պետությունները կամ իրավասու միջազգային կազմակերպությունները կարող են սկսել իրականացնել ծովային գիտահետազոտական ծրագիրը 248-րդ հոդվածում մատնանշված տեղեկատվությունը ափամերձ պետությանը տրամադրելու պահից վեց ամիս հետո, եթե այդպիսի տեղեկատվություն պարունակելու հաղորդում ստանալու օրվանից չորս ամսվա ընթացքում ափամերձ պետությունը հետազոտությունն իրականացնող պետությանը կամ կազմակերպությանը չի տեղեկացնում, որ՝
ա) հրաժարվում է համաձայնություն տալ 246-րդ հոդվածի դրույթների հիման վրա, կամ
բ) նշված պետության կամ իրավասու միջազգային կազմակերպության կողմից ներկայացված՝ ծրագրի բնույթի կամ նպատակների վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում միանգամայն ակնհայտ փաստերին, կամ
գ) պահանջում է լրացուցիչ տեղեկատվություն 248-րդ ու 249-րդ հոդվածներում նախատեսված պայմանների և տեղեկությունների վերաբերյալ, կամ
դ) գոյություն ունեն չկատարված պարտավորություններ 249-րդ հոդվածում նախատեսված պայմաններով՝ կապված այդ պետության կամ կազմակերպության կողմից իրականացված նախորդ ծովային գիտահետազոտական ծրագրի հետ:
Հոդված 253
Ծովային գիտական հետազոտությունների հետ կապված գործունեության կասեցումը կամ դադարեցումը
1. Ափամերձ պետությունն իրավունք ունի պահանջելու՝ կասեցնել իր բացառիկ տնտեսական գոտու սահմաններում կամ իր մայրցամաքային ելուստի վրա ծովային գիտական հետազոտությունների հետ կապված ցանկացած գործունեություն, եթե.
ա) հետազոտական գործունեությունը չի իրականացվում հաղորդված տեղեկատվությանը համապատասխան, ինչպես դա նախատեսված է 248-րդ հոդվածում, որի հիման վրա ափամերձ պետությունը տվել է իր համաձայնությունը, կամ
բ) հետազոտական ծրագիրն իրականացնող պետությունը կամ իրավասու միջազգային կազմակերպությունը չեն պահպանում 249-րդ հոդվածի՝ ծովային գիտահետազոտական ծրագրի հետ կապված՝ ափամերձ պետության իրավունքների վերաբերյալ դրույթները:
2. Ափամերձ պետությունն իրավունք ունի պահանջելու՝ դադարեցնել ծովային գիտական հետազոտությունների հետ կապված ցանկացած գործունեությունը 248-րդ հոդվածի դրույթների չպահպանման դեպքում, որը հավասարազոր է հետազոտական ծրագրում կամ հետազոտական գործունեության մեջ լուրջ փոփոխության:
3. Ափամերձ պետությունը կարող է նաև պահանջել՝ դադարեցնել ծովային գիտական հետազոտությունների հետ կապված գործունեությունը, եթե 1-ին կետում նկարագրված ցանկացած իրավիճակ չի շտկվել ողջամիտ ժամկետի ընթացքում:
4. Կասեցման կամ դադարեցման մասին որոշման վերաբերյալ ափամերձ պետությունից ծանուցում ստանալուց հետո ծովային գիտական հետազոտությունների հետ կապված գործունեություն իրականացնելու իրավասություն ունեցող պետությունները կամ իրավասու միջազգային կազմակերպությունները պետք է դադարեցնեն այդ ծանուցման մեջ նշված հետազոտական գործունեությունը:
5. 1-ին կետի համաձայն կասեցման մասին որոշումը վերացվում է ափամերձ պետության կողմից, և ծովային գիտական հետազոտությունների հետ կապված գործունեությունը կարող է շարունակվել, երբ հետազոտություններ կատարող պետությունը կամ իրավասու միջազգային կազմակերպությունը կատարում է 248-րդ ու 249-րդ հոդվածներում նշված պայմանները:
Հոդված 254
Դեպի ծով ելք չունեցող և աշխարհագրական առումով անբարենպաստ դիրք ունեցող հարևան պետությունների իրավունքները
1. Պետությունները և իրավասու միջազգային կազմակերպությունները, որոնք ափամերձ պետությանը ներկայացրել են այն ծովային գիտական հետազոտությունների կատարման ծրագիրը, որոնց մասին խոսվում է 246-րդ հոդվածի 3-րդ կետում, պետք է դեպի ծով ելք չունեցող և աշխարհագրական առումով անբարենպաստ դիրք ունեցող հարևան պետություններին տեղեկացնեն ծրագրվող հետազոտական նախագծի մասին և այդ մասին հայտնեն ափամերձ պետությանը:
2. Այն բանից հետո, երբ 246-րդ հոդվածի և սույն Կոնվենցիայի համապատասխան այլ դրույթների համաձայն՝ շահագրգիռ ափամերձ պետությունը տվել է իր համաձայնությունը ծրագրվող ծովային գիտահետազոտական նախագծի իրականացման վերաբերյալ, այդ նախագիծը ձեռնարկած պետությունները և իրավասու միջազգային կազմակերպությունները պետք է դեպի ծով ելք չունեցող և աշխարհագրական առումով անբարենպաստ դիրք ունեցող հարևան պետություններին, նրանց խնդրանքով, և երբ դա տեղին է, տրամադրեն համապատասխան տեղեկատվություն, ինչպես դա նախատեսված է 248-րդ հոդվածում և 249-րդ հոդվածի 1-ին կետի «զ» ենթակետում:
3. Վերը նշված՝ դեպի ծով ելք չունեցող և աշխարհագրական առումով անբարենպաստ դիրք ունեցող հարևան պետություններին, նրանց խնդրանքով, և երբ դա գործնականում հնարավոր է, պետք է հնարավորություն տրվի մասնակցել ծրագրվող ծովային գիտահետազոտական նախագծի իրականացմանը որակյալ փորձագետների միջոցով, որոնք նշանակվում են նրանց կողմից, և որոնց դեմ տվյալ ափամերձ պետությունը չի առարկում՝ շահագրգիռ ափամերձ պետության և ծովային գիտական հետազոտություններ կատարող պետության կամ իրավասու միջազգային կազմակերպությունների միջև այդ նախագծի համար սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան համաձայնեցված պայմանների համաձայն:
4. 1-ին կետում նշված պետությունները և իրավասու միջազգային կազմակերպությունները պետք է վերը նշված՝ դեպի ծով ելք չունեցող և աշխարհագրական առումով անբարենպաստ դիրք ունեցող պետություններին, նրանց խնդրանքով, տրամադրեն 249-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետում նշված տեղեկատվությունն ու օգնությունը՝ պահպանելով 249-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթները:
Հոդված 255
Ծովային գիտական հետազոտությունների հեշտացմանը և հետազոտական նավերին օգնություն ցուցաբերելուն ուղղված միջոցները
Պետությունները պետք է ձգտեն ընդունել ողջամիտ նորմեր, կանոններ ու ընթացակարգեր սույն Կոնվենցիային համապատասխան՝ իրենց տարածքային ծովի սահմաններից դուրս կատարվող ծովային գիտական հետազոտությունները խրախուսելու ու հեշտացնելու և անհրաժեշտ դեպքերում, իրենց օրենքների ու կանոնների դրույթները պահպանելու պայմանով, իրենց նավահանգիստներ մուտքը հեշտացնելու և սույն մասի համապատասխան դրույթները կատարող ծովային հետազոտական նավերին օգնություն ցույց տալու հարցում աջակցելու համար:
Հոդված 256
Շրջանում կատարվող ծովային գիտական հետազոտություններ
Բոլոր պետությունները, անկախ իրենց աշխարհագրական դիրքից, ինչպես նաև իրավասու միջազգային կազմակերպությունները իրավունք ունեն, 11-րդ մասին համապատասխան, ծովային գիտական հետազոտություններ կատարել Շրջանում:
Հոդված 257
Բացառիկ տնտեսական գոտու սահմաններից դուրս ջրային ստվարաշերտում կատարվող ծովային գիտական հետազոտություններ
Բոլոր պետությունները, անկախ իրենց աշխարհագրական դիրքից, ինչպես նաև իրավասու միջազգային կազմակերպությունները իրավունք ունեն, սույն Կոնվենցիային համապատասխան, ծովային գիտական հետազոտություններ կատարել ջրի ստվարաշերտում՝ բացառիկ տնտեսական գոտու սահմաններից դուրս:
Բաժին 4
Գիտահետազոտական սարքերը կամ սարքավորումները ծովային միջավայրում
Հոդված 258
Տեղադրումը և օգտագործումը
Ծովային միջավայրի ցանկացած շրջանում ցանկացած տեսակի գիտահետազոտական սարքի կամ սարքավորման տեղադրումն ու օգտագործումը պետք է իրականացվի այն նույն պայմաններով, որոնք նախատեսված են սույն Կոնվենցիայում այդպիսի շրջանում ծովային գիտական հետազոտություններ կատարելու համար:
Հոդված 259
Իրավական կարգավիճակը
Սույն բաժնում հիշատակվող սարքերը կամ սարքավորումները չունեն կղզիների կարգավիճակ: Նրանք չունեն իրենց տարածքային ծովը և նրանց առկայությունը չի ազդում տարածքային ծովի, բացառիկ տնտեսական գոտու կամ մայրցամաքային ելուստի դելիմիտացիայի վրա:
Հոդված 260
Անվտանգության գոտիներ
Սույն Կոնվենցիայի համապատասխան դրույթների համաձայն՝ գիտահետազոտական սարքերի շուրջ կարող են ստեղծվել 500 մետրը չգերազանցող ողջամիտ լայնության անվտանգության գոտիներ: Բոլոր պետությունները պետք է ապահովեն իրենց նավերի կողմից այդ անվտանգության գոտիների պահպանումը:
Հոդված 261
Նավագնացության ուղիների վրա խոչընդոտներ չհարուցելը
Ցանկացած տեսակի գիտահետազոտական սարքի կամ սարքավորման տեղադրումն ու օգտագործումը չպետք է խոչընդոտներ ստեղծի միջազգային նավագնացության սահմանված ուղիներում:
Հոդված 262
Տարբերակիչ նշաններ և նախազգուշացման միջոցներ
Սույն բաժնում հիշատակվող սարքերը կամ սարքավորումները պետք է կրեն տարբերակիչ նշաններ՝ գրանցման պետության կամ այն միջազգային կազմակերպության նշումով, որին դրանք պատկանում են, ինչպես նաև ունենան պատշաճ, միջազգային մակարդակով համաձայնեցված նախազգուշացման միջոցներ ծովային և օդային նավագնացության անվտանգության ապահովման համար՝ հաշվի առնելով իրավասու միջազգային կազմակերպությունների կողմից սահմանված նորմերն ու չափանիշները:
Բաժին 5
Պատասխանատվություն
Հոդված 263
Պատասխանատվություն
1. Պետությունները և իրավասու միջազգային կազմակերպությունները պարտավոր են ապահովել, որ իրենց կողմից կամ իրենց անունից ձեռնարկվող ծովային գիտական հետազոտությունները կատարվեն սույն Կոնվենցիային համապատասխան:
2. Պետությունները և իրավասու միջազգային կազմակերպությունները պատասխանատվություն են կրում այն միջոցների համար, որոնք սույն Կոնվենցիայի խախտումով իրենց կողմից ձեռնարկվում են այն ծովային գիտական հետազոտությունների հետ կապված, որոնք կատարվում են այլ պետությունների, նրանց ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կամ իրավասու միջազգային կազմակերպությունների կողմից և ապահովում են այդ միջոցների ձեռնարկման հետևանքով պատճառված վնասի հատուցումը:
3. Պետությունները և իրավասու միջազգային կազմակերպությունները, 235-րդ հոդվածին համապատասխան, պատասխանատվություն են կրում իրենց կողմից կամ իրենց անունից ձեռնարկվող ծովային գիտական հետազոտությունների արդյունքում ծովային միջավայրի աղտոտման հետևանքով պատճառված վնասի համար:
Բաժին 6
Վեճերի կարգավորումը և ժամանակավոր միջոցները
Հոդված 264
Վեճերի կարգավորումը
Սույն Կոնվենցիայի ծովային գիտական հետազոտությունների վերաբերյալ դրույթների մեկնաբանման կամ կիրառման հետ կապված վեճերը պետք է կարգավորվեն 15-րդ մասի 2-րդ և 3-րդ բաժիններին համապատասխան:
Հոդված 265
Ժամանակավոր միջոցները
Մինչև 15-րդ մասի 2-րդ և 3-րդ բաժիններին համապատասխան վեճի կարգավորումը, այն պետությունը կամ իրավասու միջազգային կազմակերպությունը, որին թույլատրվել է իրականացնել ծովային գիտահետազոտական ծրագիր, չպետք է թույլատրի սկսել կամ շարունակել հետազոտական աշխատանքները՝ առանց շահագրգիռ ափամերձ պետության՝ ակնհայտորեն արտահայտված համաձայնության:
Մաս 14
Ծովային տեխնոլոգիայի մշակում և փոխանցում
Բաժին 1
Ընդհանուր դրույթներ
Հոդված 266
Ծովային տեխնոլոգիայի մշակման և փոխանցման խրախուսումը
1. Պետությունները անմիջականորեն կամ իրավասու միջազգային կազմակերպությունների միջոցով պետք է համագործակցեն իրենց հնարավորությունների սահմաններում արդարացի ու ողջամիտ հիմունքներով ու պայմաններով ծովային գիտության և ծովային տեխնոլոգիայի զարգացմանն ու փոխանցմանն ակտիվորեն աջակցելու հարցում:
2. Պետությունները պետք է նպաստեն ծովային պաշարների հետախուզման, շահագործման և պահպանման ու դրանց կառավարման, ծովային միջավայրի պաշտպանության ու պահպանման, սույն Կոնվենցիային համապատասխան՝ ծովային գիտական հետազոտությունների և ծովային միջավայրում այլ գործունեության հետ կապված այն պետությունների ծովային գիտահետազոտական ներուժի զարգացմանը, որոնք կարող են այդ բնագավառում տեխնիկական օգնության կարիք ունենալ և խնդրել դրա մասին, մասնավորապես, զարգացող պետությունների, ներառյալ դեպի ծով ելք չունեցող կամ աշխարհագրական առումով անբարենպաստ դիրք ունեցող պետությունները, զարգացող պետությունների սոցիալ-տնտեսական զարգացման արագացման նպատակով:
3. Պետությունները պետք է ձգտեն նպաստել արդարության հիման վրա, հանուն բոլոր շահագրգիռ կողմերի բարօրության՝ ծովային տեխնոլոգիայի փոխանցման համար բարենպաստ տնտեսական ու իրավական պայմանների ստեղծմանը:
Հոդված 267
Օրինական շահերի պաշտպանությունը
Պետությունները, 266-րդ հոդվածի համաձայն՝ նպաստելով համագործակցությանը, պետք է պատշաճ կերպով պահպանեն բոլոր իրավաչափ շահերը, ներառյալ, inter alia, ծովային տեխնոլոգիայի սեփականատերերի, մատակարարների և ստացողների իրավունքներն ու պարտականությունները:
Հոդված 268
Հիմնական նպատակներ
Պետությունները անմիջականորեն կամ իրավասու միջազգային կազմակերպությունների միջոցով պետք է նպաստեն.
ա) ծովային տեխնիկական գիտելիքների ձեռքբերմանը, գնահատմանն ու տարածմանը ու մատչելի դարձնեն այդպիսի տեղեկատվությունն ու տվյալները,
բ) համապատասխան ծովային տեխնոլոգիայի զարգացմանը,
գ) ծովային տեխնոլոգիայի փոխանցումը հեշտացնելու համար համապատասխան տեխնոլոգիական ինֆրակառուցվածքի զարգացմանը,
դ) մարդկային ռեսուրսների պատրաստմանը՝ զարգացող պետությունների և, հատկապես, ամենաքիչ զարգացած պետությունների քաղաքացիների մասնագիտական ուսուցման ու կրթության միջոցով,
ե) միջազգային համագործակցությանը բոլոր մակարդակների վրա, մասնավորապես, տարածաշրջանային, ենթատարածաշրջանային և երկկողմ:
Հոդված 269
Հիմնական նպատակներին հասնելու միջոցները
268-րդ հոդվածում նշված նպատակներին հասնելու համար պետությունները անմիջականորեն կամ իրավասու միջազգային կազմակերպությունների միջոցով պետք է ձգտեն, inter alia.
ա) հիմնել տեխնիկական համագործակցության ծրագրեր ծովային տեխնոլոգիայի բոլոր տեսակները այն պետություններին արդյունավետ փոխանցելու համար, որոնք կարող են այդ բնագավառում տեխնիկական օգնության կարիք ունենալ և խնդրել դրա մասին, մասնավորապես, զարգացող, դեպի ծով ելք չունեցող և աշխարհագրական առումով ամենաաննպաստ դիրք ունեցող պետություններին, ինչպես նաև այլ զարգացող պետություններին, որոնք չեն կարողացել ստեղծել կամ զարգացնել իրենց սեփական տեխնոլոգիական ներուժը ծովային գիտության և ծովային պաշարների հետախուզման ու շահագործման բնագավառում կամ զարգացնել այդ տեխնոլոգիայի ինֆրակառուցվածքը,
բ) նպաստել արդարացի ու ողջամիտ պայմաններով համաձայնագրերի, պայմանագրերի կնքման և համանման պայմանավորվածությունների ձեռքբերման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը,
գ) անցկացնել գիտատեխնիկական հարցերով, մասնավորապես, ծովային տեխնոլոգիայի փոխանցման քաղաքականության ու մեթոդների վերաբերյալ գիտաժողովներ, սեմինարներ ու սիմպոզիումներ,
դ) նպաստել գիտնականների, ինչպես նաև տեխնիկական ու այլ փորձագետների փոխանակմանը,
ե) իրականացնել նախագծեր և խրախուսել համատեղ ձեռնարկություններն ու երկկողմ և բազմակողմ համագործակցության այլ տեսակները:
Բաժին 2
Միջազգային համագործակցություն
Հոդված 270
Միջազգային համագործակցության ձևերը
Ծովային տեխնոլոգիայի մշակման ու փոխանցման նպատակով միջազգային համագործակցությունը իրականացվում է, երբ դա հնարավոր է ու տեղին, ինչպես գոյություն ունեցող երկկողմ, տարածաշրջանային կամ բազմակողմ ծրագրերի, այնպես էլ ընդլայնված ու նոր ծրագրերի միջոցով՝ ծովային գիտական հետազոտություններին, ծովային տեխնոլոգիայի փոխանցմանը, հատկապես նոր բնագավառներում, և օվկիանոսի հետազոտությունների ու յուրացման պատշաճ միջազգային ֆինանսավորմանը նպաստելու նպատակով:
Հոդված 271
Ղեկավար սկզբունքները, չափորոշիչները և չափանիշները
Պետությունները անմիջականորեն կամ իրավասու միջազգային կազմակերպությունների միջոցով պետք է նպաստեն հանրաճանաչ ղեկավար սկզբունքների, չափորոշիչների ու չափանիշների սահմանմանը, որոնք վերաբերում են երկկողմ հիմքի վրա կամ միջազգային կազմակերպությունների և այլ խորհրդաժողովների շրջանակներում ծովային տեխնոլոգիայի փոխանցմանը՝ մասնավորապես հաշվի առնելով զարգացող պետությունների շահերն ու կարիքները:
Հոդված 272
Միջազգային ծրագրերի համակարգումը
Ծովային տեխնոլոգիայի փոխանցման բնագավառում պետությունները պետք է ձգտեն ապահովել, որ իրավասու միջազգային կազմակերպությունները համակարգեն իրենց գործունեությունը, ներառյալ ցանկացած տարածաշրջանային կամ համաշխարհային ծրագրերը, հաշվի առնելով զարգացող, մասնավորապես, դեպի ծով ելք չունեցող կամ աշխարհագրական առումով ամենաաննպաստ դիրք ունեցող պետությունների շահերն ու կարիքները:
Հոդված 273
Համագործակցությունը միջազգային կազմակերպությունների և Մարմնի հետ
Պետությունները պետք է ակտիվորեն համագործակցեն իրավասու միջազգային կազմակերպությունների և Մարմնի հետ՝ զարգացող պետություններին, նրանց քաղաքացիներին և Ձեռնարկությանը Շրջանում իրականացվող գործունեության վերաբերյալ փորձի ու ծովային տեխնոլոգիայի փոխանցման խրախուսման ու հեշտացման նպատակով:
Հոդված 274
Մարմնի նպատակները
Բոլոր օրինական շահերը, ներառյալ, inter alia, տեխնոլոգիայի տերերի, մատակարարների և ստացողների իրավունքները և պարտականությունները պահպանելու պայմանով՝ Մարմինը, Շրջանում իրականացվող գործունեության հետ կապված, պետք է ապահովի.
ա) արդարացի աշխարհագրական բաշխման սկզբունքի հիման վրա ինչպես ափամերձ, այնպես էլ դեպի ծով ելք չունեցող կամ աշխարհագրական առումով անբարենպաստ դիրք ունեցող զարգացող պետությունների քաղաքացիների ընդգրկումը՝ նրանց՝ որպես իր գործունեության իրականացման համար համալրվող կառավարչական, գիտահետազոտական և տեխնիկական անձնակազմի անդամների պատրաստելու նպատակով,
բ) բոլոր պետությունների, մասնավորապես, այն զարգացող պետությունների համար, որոնք կարող են այդ բնագավառում տեխնիկական օգնության կարիք ունենալ և խնդրել այդ մասին, համապատասխան սարքավորումների, մեքենաների, սարքերի ու գործընթացների վերաբերյալ տեխնիկական փաստաթղթերից օգտվելու հնարավորություն,
գ) անհրաժեշտ միջոցների ձեռնարկումը, որոնք հեշտացնում են տեխնիկական օգնության կարիք ունեցող և այդ մասին խնդրող պետությունների, մասնավորապես, զարգացող պետությունների կողմից ծովային տեխնոլոգիայի բնագավառում այդպիսի օգնության ստացումը և նրանց քաղաքացիների կողմից անհրաժեշտ հմտությունների և «նոու-հաուի» ձեռքբերումը, ներառյալ մասնագիտական պատրաստումը,
դ) օգնությունը այն պետություններին, որոնք կարող են այդ բնագավառում տեխնիկական օգնության կարիք ունենալ և խնդրել այդ մասին, մասնավորապես, զարգացող պետություններին՝ սույն Կոնվենցիայում նախատեսված ֆինանսավորման ցանկացած մեխանիզմով անհրաժեշտ սարքավորումների, մեքենաների, գործընթացների և այլ «նոու-հաու»-ի ձեռքբերման հարցում:
Բաժին 3
Ազգային և տարածաշրջանային ծովային գիտատեխնիկական կենտրոններ
Հոդված 275
Ազգային կենտրոնների ստեղծումը
1. Պետությունները անմիջականորեն կամ իրավասու միջազգային կազմակերպությունների և Մարմնի միջոցով պետք է աջակցեն, մասնավորապես, զարգացող ափամերձ պետություններում, ազգային ծովային գիտատեխնիկական հետազոտական կենտրոնների ստեղծմանը և գոյություն ունեցող ազգային կենտրոնների ամրապնդմանը՝ նպատակ ունենալով խրախուսել և կատարելագործել զարգացող ափամերձ պետությունների կողմից ծովային գիտական հետազոտությունների կատարումը, ինչպես նաև ընդլայնել, ելնելով նրանց տնտեսական շահերից, նրանց ծովային պաշարների օգտագործման ու պահպանման ազգային հնարավորությունները:
2. Պետությունները իրավասու միջազգային կազմակերպությունների և Մարմնի միջոցով պետք է պատշաճ կերպով աջակցեն, որպեսզի հեշտացնեն այդպիսի ազգային կենտրոնների ստեղծումն ու ամրապնդումը՝ նպատակ ունենալով այն պետությունների համար, որոնք կարող են օգնության կարիք ունենալ և խնդրել այդ մասին, ապահովել պատրաստման ժամանակակից պայմաններ ու անհրաժեշտ սարքավորումներ, հմտություններ ու «նոու-հաու», ինչպես նաև տրամադրել տեխնիկական փորձագետներ:
Հոդված 276
Տարածաշրջանային կենտրոնների ստեղծումը
1. Պետությունները, համագործակցելով իրավասու միջազգային կազմակերպությունների, Մարմնի և ազգային ծովային գիտատեխնիկական հետազոտական հաստատությունների հետ, պետք է աջակցեն, մասնավորապես, զարգացող պետություններում, տարածաշրջանային ծովային գիտատեխնիկական հետազոտական կենտրոնների ստեղծմանը՝ նպատակ ունենալով խրախուսել ու կատարելագործել զարգացող պետությունների կողմից ծովային գիտական հետազոտությունների կատարումը և նպաստել ծովային տեխնոլոգիայի փոխանցմանը:
2. Տարածաշրջանի բոլոր պետությունները պետք է համագործակցեն տարածաշրջանային կենտրոնների հետ՝ նրանց նպատակների ավելի արդյունավետ նվաճումն ապահովելու նպատակով:
Հոդված 277
Տարածաշրջանային կենտրոնների գործառույթները
Այդ տարածաշրջանային կենտրոնների գործառույթները, inter alia, ներառում են.
ա) ծովային գիտատեխնիկական հետազոտությունների տարբեր ասպեկտների և, մասնավորապես, ծովային մեկնաբանության, ներառյալ ծովային կենդանի պաշարների պահպանումը և դրանց կառավարումը, օվկիանոսագիտության, ջրագրության, ճարտարագիտության, ծովի հատակի երկրաբանական հետախուզման, ծովային լեռնագործության և ջրի աղազրկման՝ բոլոր մակարդակներով մասնագիտական պատրաստման ու կրթության ծրագրերը,
բ) կառավարման հարցերով հետազոտությունները,
գ) ծովային միջավայրի պաշտպանության ու պահպանման և աղտոտման կանխարգելման, կրճատման ու վերահսկման վերաբերյալ հետազոտական ծրագրերը,
դ) տարածաշրջանային գիտաժողովների, սեմինարների ու գիտաժողովների կազմակերպումը,
ե) ծովային գիտատեխնիկական տվյալների ու տեղեկատվության ստացումը և մշակումը,
զ) ծովային գիտատեխնիկական հետազոտությունների արդյունքների արագ տարածումը մատչելի հրատարակություններում հրապարակելու միջոցով,
է) ծովային տեխնոլոգիայի փոխանցման վերաբերյալ ազգային քաղաքականության մասին տեղեկությունների տարածումը և այդ քաղաքականության սիստեմատիկ համեմատական հետազոտությունը,
ը) տեխնոլոգիայի առևտրի, ինչպես նաև արտոնագրերի վերաբերյալ պայմանագրերի և այլ համաձայնագրերի մասին տեղեկատվության հավաքումը և համակարգումը,
թ) տարածաշրջանի այլ պետությունների հետ տեխնիկական համագործակցությունը:
Բաժին 4
Միջազգային կազմակերպությունների միջև համագործակցությունը
Հոդված 278
Միջազգային կազմակերպությունների միջև համագործակցությունը
Իրավասու միջազգային կազմակերպությունները, որոնց մասին խոսվում է սույն մասում և 13-րդ մասում, պետք է ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները՝ անմիջականորեն կամ սերտորեն համագործակցելով միմյանց հետ՝ սույն մասին համապատասխան իրենց գործառույթների ու պարտականությունների արդյունավետ կատարման ապահովման համար:
Մաս 15
Վեճերի կարգավորումը
Բաժին 1
Ընդհանուր դրույթներ
Հոդված 279
Վեճերի խաղաղ կարգավորման պարտականությունը
Մասնակից պետությունները սույն Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ միմյանց միջև ծագած ցանկացած վեճ պետք է կարգավորեն խաղաղ միջոցներով, Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության 2-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան, և այդ նպատակով պետք է ձգտեն կարգավորել Կանոնադրության 33-րդ հոդվածի 1-ին կետում նշված միջոցներով:
Հոդված 280
Կողմերի ընտրությամբ խաղաղ միջոցներով վեճերի կարգավորումը
Սույն մասի ոչ մի դրույթ չի ազդում ցանկացած ժամանակ սույն Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ՝ միմյանց միջև ծագած վեճերը իրենց ընտրությամբ ցանկացած խաղաղ միջոցով կարգավորելու մասին համաձայնության գալու՝ մասնակից պետությունների իրավունքի վրա:
Հոդված 281
Կողմերի միջև վեճի կարգավորման անհնարինության դեպքում կիրառվող ընթացակարգը
1. Եթե սույն Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ վեճի կողմեր հանդիսացող մասնակից պետությունները համաձայնել են վեճը կարգավորել իրենց ընտրությամբ խաղաղ միջոցներով, ապա սույն մասում նախատեսված ընթացակարգերը կիրառվում են միայն այն դեպքում, եթե վեճը չի կարգավորվել այդ միջոցների կիրառման արդյունքում, և կողմերի միջև համաձայնագիրը չի բացառում ցանկացած այլ ընթացակարգի կիրառում:
2. Եթե կողմերը պայմանավորվել են նաև վերջնաժամկետի մասին, 1-ին կետը կիրառվում է միայն այդ ժամկետը լրանալուց հետո:
Հոդված 282
Ընդհանուր, տարածաշրջանային կամ երկկողմ համաձայնագրերով ստանձնած պարտավորությունները
Եթե սույն Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ վեճի կողմեր հանդիսացող մասնակից պետություններն ընդհանուր, տարածաշրջանային կամ երկկողմ համաձայնագրի միջոցով կամ որևէ այլ կերպ պայմանավորվել են, որ այդ վեճը, դրա ցանկացած կողմի խնդրանքով, հանձնվում է կարգավորման պարտադիր որոշման ընդունում առաջացնող ընթացակարգով, այդ ընթացակարգը կիրառվում է սույն մասում նախատեսված ընթացակարգերի փոխարեն, եթե վեճի կողմերը այլ համաձայնություն չեն կայացրել:
Հոդված 283
Կարծիքների փոխանակման պարտականությունը
1. Եթե մասնակից պետությունների միջև վեճ է ծագում սույն Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ, վեճի կողմերը պետք է անհապաղ անցնեն բանակցությունների կամ այլ խաղաղ միջոցներով դրա կարգավորման վերաբերյալ կարծիքների փոխանակման:
2. Կողմերը պետք է անհապաղ կարծիքների փոխանակում կատարեն նաև այն դեպքում, երբ վեճի կարգավորման ընթացակարգը դադարեցվել է առանց վեճը կարգավորելու, կամ երբ վեճը կարգավորված է և պահանջվում են խորհրդատվություններ կարգավորման իրականացման եղանակի վերաբերյալ:
Հոդված 284
Հաշտեցման ընթացակարգ
1. Սույն Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ վեճի կողմ հանդիսացող մասնակից պետությունը կարող է մյուս կողմին կամ կողմերին առաջարկել այդ վեճը կարգավորել հաշտեցման ընթացակարգով` 5-րդ Հավելվածի 1-ին բաժնում նախատեսված ընթացակարգին համապատասխան, կամ այլ հաշտեցման ընթացակարգով:
2. Եթե առաջարկությունն ընդունվում է, և կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերում կիրառման ենթակա հաշտեցման ընթացակարգի վերաբերյալ, ցանկացած կողմ կարող է վեճը հանձնել այդ ընթացակարգով կարգավորման:
3. Եթե առաջարկությունը չի ընդունվում, կամ կողմերը ընթացակարգի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք չեն բերում, հաշտեցման ընթացակարգը համարվում է դադարեցված:
4. Եթե վեճը կարգավորման է հանձնվել հաշտեցման ընթացակարգով, ընթացակարգը կարող է դադարեցվել միայն հաշտեցման ընթացակարգին համապատասխան, որի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել, եթե կողմերն այլ համաձայնություն չեն կայացրել:
Հոդված 285
Սույն բաժնի դրույթների կիրառումը 11-րդ Մասին համապատասխան քննության հանձնված վեճերի նկատմամբ
Սույն բաժինը կիրառվում է ցանկացած վեճի նկատմամբ, որը համաձայն 11-րդ մասի 5-րդ բաժնի՝ պետք է կարգավորվի սույն մասում նախատեսված ընթացակարգերին համապատասխան: Եթե այդ վեճի կողմը որևէ այլ սուբյեկտ է, քան մասնակից պետությունը, սույն բաժինը կիրառվում է mutatis mսtandis:
Բաժին 2
Պարտադիր ընթացակարգեր, որոնք հանգեցնում են պարտադիր որոշումների ընդունման
Հոդված 286
Սույն բաժնում նախատեսված ընթացակարգերի կիրառումը
Պահպանելով 3-րդ բաժնի դրույթները՝ սույն Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ ցանկացած վեճ, եթե այն չի կարգավորվել 1-ին բաժնի դրույթների կիրառման միջոցով, վեճի ցանկացած կողմի պահանջով հանձնվում է սույն բաժնի հիման վրա իրավասությամբ օժտված դատարանին կամ տրիբունալին:
Հոդված 287
Ընթացակարգի ընտրությունը
1. Սույն Կոնվենցիան ստորագրելու, վավերացնելու կամ նրան միանալու պահին կամ դրանից հետո ցանկացած ժամանակ պետությունը կարող է գրավոր հայտարարության միջոցով ընտրել սույն Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ վեճերի կարգավորման հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը.
ա) 6-րդ Հավելվածին համապատասխան հիմնադրված Ծովային իրավունքի հարցերով միջազգային տրիբունալը,
բ) Միջազգային դատարանը,
գ) 7-րդ Հավելվածին համապատասխան կազմավորված Արբիտրաժային տրիբունալը,
դ) 8-րդ Հավելվածում նշված վեճերի մեկ կամ մի քանի կատեգորիաների համար այդ Հավելվածին համապատասխան կազմավորված Հատուկ արբիտրաժային տրիբունալը:
2. 1-ին կետի համաձայն արված հայտարարությունը չի ազդում 11-րդ մասի 5-րդ բաժնում նախատեսված ծավալով ու կարգով Ծովային իրավունքի հարցերով միջազգային տրիբունալի՝ Ծովի հատակի վերաբերյալ վեճերի պալատի իրավասությունը ճանաչելու մասնակից պետության պարտականության վրա և չի կրում այդ պարտականության ազդեցությունը:
3. Գործող հայտարարությամբ չընդգրկվող վեճի կողմ հանդիսացող մասնակից պետությունը համարվում է արբիտրաժն ընտրած՝ 7-րդ Հավելվածին համապատասխան:
4. Եթե վեճի կողմերն ընդունել են վեճի կարգավորման միևնույն ընթացակարգը, վեճը կարող է կարգավորվել միայն այդ ընթացակարգով, եթե կողմերը այլ համաձայնություն չեն կայացրել:
5. Եթե վեճի կողմերը վեճի կարգավորման միևնույն ընթացակարգը չեն ընդունել, վեճը կարող է կարգավորվել միայն արբիտրաժային ընթացակարգով՝ 7-րդ Հավելվածին համապատասխան, եթե կողմերը այլ համաձայնություն չեն կայացրել:
6. 1-ին կետի համաձայն արված հայտարարությունը ուժի մեջ է մնում այն հետ վերցելու մասին ծանուցումը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ի պահ հանձնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում:
7. Նոր հայտարարությունը, հետ վերցնելու մասին ծանուցումը կամ հայտարարության գործողության ժամկետի ավարտը որևէ կերպ չեն ազդում սույն հոդվածի հիման վրա իրավասությամբ օժտված դատարանում կամ տրիբունալում անավարտ քննության ընթացքի վրա, եթե կողմերը այլ համաձայնություն չեն կայացրել:
8. Սույն հոդվածում նշված հայտարարությունները և ծանուցումները ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին, որը դրանց պատճենները ուղարկում է մասնակից պետություններին:
Հոդված 288
Իրավասությունը
1. 287-րդ հոդվածում նշված դատարանը կամ տրիբունալն օժտված են իրավասությամբ սույն Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման վեճերի նկատմամբ, որոնք նրանց են հանձնվում սույն մասին համապատասխան:
2. 287-րդ հոդվածում նշված դատարանը կամ տրիբունալն օժտված են իրավասությամբ նաև սույն Կոնվենցիայի նպատակների հետ կապված միջազգային համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ վեճերի նկատմամբ, որոնք իրենց են հանձնվում համաձայնագրին համապատասխան:
3. 6-րդ Հավելվածին համապատասխան հիմնադրված Ծովային իրավունքի հարցերով միջազգային տրիբունալի՝ Ծովի հատակի վերաբերյալ վեճերի պալատը և 11-րդ մասի 5-րդ բաժնում նշված ցանկացած այլ պալատ կամ արբիտրաժային տրիբունալ օժտված են իրավասությամբ ցանկացած հարցի նկատմամբ, որն իրենց է հանձնվում նշված բաժնին և Հավելվածին համապատասխան:
4. Դատարանի կամ տրիբունալի՝ իրավասությամբ օժտված լինելու վերաբերյալ տարաձայնության դեպքում այդ հարցը լուծվում է այդ դատարանի կամ տրիբունալի կողմից:
Հոդված 289
Փորձագետները
Գիտական կամ տեխնիկական հարցերին վերաբերող ցանկացած վեճում սույն բաժնի հիման վրա իրավասությամբ օժտված դատարանը կամ տրիբունալը, կողմերից մեկի խնդրանքով, կամ prօpriօ mօtս և խորհրդակցելով կողմերի հետ՝ կարող է ընտրել ոչ պակաս, քան երկու գիտական կամ տեխնիկական փորձագետներ, նախընտրելի է 8-րդ Հավելվածի 2-րդ հոդվածի համաձայն պատրաստված համապատասխան ցուցակից, դատարանի կամ տրիբունալի նիստերին մասնակցելու համար, սակայն առանց ձայնի իրավունքի:
Հոդված 290
Ժամանակավոր միջոցները
1. Եթե վեճը պատշաճ կերպով հանձնվել է դատարան կամ տրիբունալ, որը գտնում է, որ prima facie ինքը օժտված է իրավասությամբ սույն մասի կամ 11-րդ մասի 5-րդ բաժնի հիման վրա, դատարանը կամ տրիբունալը կարող է մինչև վերջնական որոշման ընդունումը սահմանել ցանկացած ժամանակավոր միջոց, որն ինքը անհրաժեշտ է համարում տվյալ պայմաններում վեճի կողմերի համապատասխան իրավունքների ապահովման կամ ծովային միջավայրին հասցվող լուրջ վնասի կանխարգելման համար:
2. Ժամանակավոր միջոցները կարող են փոփոխվել կամ վերացվել, հենց որ դրանց կիրառումն արդարացնող հանգամանքները փոփոխվել կամ վերացել են:
3. Ժամանակավոր միջոցները սույն հոդվածի հիման վրա կարող են սահմանվել, փոփոխվել կամ վերացվել միայն վեճի կողմերից մեկի խնդրանքով և միայն այն բանից հետո, երբ կողմերին հանդես գալու հնարավորություն էր տրվել:
4. Դատարանը կամ տրիբունալը պետք է վեճի կողմերին և այլ մասնակից պետություններին, որոնց անհրաժեշտ կհամարի, անհապաղ տեղեկացնի ժամանակավոր միջոցների սահմանման, փոփոխման կամ վերացման մասին:
5. Մինչև արբիտրաժային տրիբունալի կազմավորումը, որին սույն բաժնի հիման վրա հանձնվում է վեճը, ցանկացած դատարան կամ տրիբունալ, կողմերի համաձայնությամբ, կամ, եթե այդպիսի համաձայնություն չի կայացվել ժամանակավոր միջոցների մասին խնդրանքը ներկայացնելու պահից երկու շաբաթվա ընթացքում, Ծովային իրավունքի հարցերով միջազգային տրիբունալը, իսկ Շրջանում իրականացվող գործունեության վերաբերյալ՝ Ծովի հատակի վերաբերյալ վեճերի պալատը, կարող են, սույն հոդվածին համապատասխան, սահմանել, փոփոխել կամ վերացնել ժամանակավոր միջոցները, եթե գտնում են, որ prima facie տրիբունալը, որը պետք է կազմավորվի, օժտված կլինի իրավասությամբ, և որ դա է պահանջում իրավիճակի հրատապությունը: Կազմավորումից հետո տրիբունալը, որի քննությանն է հանձնվել վեճը, կարող է, գործելով 1-4-րդ կետերին համապատասխան, փոփոխել, վերացնել կամ հաստատել այդ ժամանակավոր միջոցները:
6. Վեճի կողմերը պետք է անհապաղ կատարեն սույն հոդվածի հիման վրա սահմանված ցանկացած ժամանակավոր միջոցը:
Հոդված 291
Մատչելիությունը
1. Վեճերի կարգավորման՝ սույն մասում նախատեսված բոլոր ընթացակարգերը բաց են մասնակից պետությունների համար:
2. Վեճերի կարգավորման՝ սույն մասում նախատեսված ընթացակարգերը բաց են այլ սուբյեկտների համար նույնպես, միայն ինչպես դա հատուկ նախատեսված է սույն Կոնվենցիայում:
Հոդված 292
Նավի և անձնակազմի անհապաղ ազատումը
1. Այն դեպքում, երբ մասնակից պետության իշխանությունները ձերբակալում են մեկ այլ մասնակից պետության դրոշի ներքո նավարկող նավ և հայտարարվում է, որ ձերբակալող պետությունը չի պահպանում նավը կամ նրա անձնակազմը ողջամիտ գրավ կամ այլ ֆինանսական ապահովում տրամադրելուց հետո անհապաղ ազատելու վերաբերյալ սույն Կոնվենցիայի դրույթները, ազատելու վերաբերյալ հարցը կարող է կողմերի համաձայնությամբ հանձնվել ցանկացած դատարանի կամ տրիբունալի, կամ, եթե այդպիսի համաձայնություն չի կայացվել ձերբակալելու պահից 10 օրվա ընթացքում, 287-րդ հոդվածի համաձայն՝ ձերբակալող պետության կողմից ճանաչված դատարանին կամ տրիբունալին կամ Ծովային իրավունքի հարցերով միջազգային տրիբունալին, եթե կողմերը այլ պայմանավորվածություն ձեռք չեն բերի:
2. Ազատելու մասին դիմում կարող է ներկայացվել միայն նավի դրոշի պետության կողմից կամ նրա անունից:
3. Դատարանը կամ տրիբունալը պետք է անհապաղ քննության առնի ազատելու մասին դիմումը և զբաղվի միայն ազատելու հարցով՝ չխախտելով համապատասխան ազգային մարմնում այդ նավի, նրա տիրոջ կամ անձնակազմի վերաբերյալ ցանկացած գործի՝ ըստ էության քննությանը: Ձերբակալող պետության իշխանությունները իրավասու են ցանկացած ժամանակ ազատել նավը կամ նրա անձնակազմը:
4. Դատարանի կամ տրիբունալի կողմից սահմանված գրավը կամ այլ ֆինանսական ապահովումը տրամադրելուց հետո ձերբակալող պետության իշխանությունները պետք է անհապաղ կատարեն նավը կամ նրա անձնակազմը ազատելու մասին դատարանի կամ տրիբունալի որոշումը:
Հոդված 293
Կիրառման ենթակա իրավունքը
1. Սույն բաժնի հիման վրա իրավասությամբ օժտված դատարանը կամ տրիբունալը կիրառում են սույն Կոնվենցիան և միջազգային իրավունքի այլ նորմեր, որոնք անհամատեղելի չեն սույն Կոնվենցիայի հետ:
2. 1-ին կետը չի սահմանափակում սույն բաժնի հիման վրա իրավասությամբ օժտված դատարանի կամ տրիբունալի՝ գործը ex aequo et bono լուծելու իրավունքը, եթե կողմերը համաձայն են:
Հոդված 294
Նախնական ընթացակարգերը
1. 287-րդ հոդվածում նախատեսված դատարանը կամ տրիբունալը, որոնց դիմում է ներկայացվել 297-րդ հոդվածում նշված վեճի վերաբերյալ, պետք է, կողմերից մեկի խնդրանքով, պարզեն կամ կարող են prօpriօ mօtս պարզել՝ տվյալ պահանջը հանդիսանո՞ւմ է արդյոք դատական կամ արբիտրաժային ընթացակարգի չարաշահում, թե այն prima facie լիովին հիմնավոր է: Եթե դատարանը կամ տրիբունալը պարզում են, որ այդ պահանջը հանդիսանում է դատական կամ արբիտրաժային ընթացակարգի չարաշահում կամ prima facie հիմնավոր է, նրանք չպետք է տվյալ գործով որևէ հետագա գործողություն ձեռնարկեն:
2. Դիմումը ստանալուց հետո դատարանը կամ տրիբունալը պետք է անմիջապես մյուս կողմին կամ կողմերին տեղեկացնեն դրա մասին և սահմանեն ողջամիտ վերջնաժամկետ, որի ընթացքում նրանք կարող են դատարանին կամ տրիբունալին խնդրել որոշում կայացնել 1-ին կետին համապատասխան:
3. Սույն հոդվածի ոչ մի դրույթ չի ազդում վեճի կողմերի՝ ընթացակարգի կիրառելի կանոններին համապատասխան նախնական առարկություններ անելու իրավունքի վրա:
Հոդված 295
Իրավական պաշտպանության տեղական միջոցները սպառելու անհրաժեշտությունը
Մասնակից պետությունների միջև սույն Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ ցանկացած վեճ կարող է հանձնվել սույն բաժնում նախատեսված ընթացակարգերով կարգավորման միայն այն բանից հետո, երբ սպառված կլինեն իրավական պաշտպանության տեղական միջոցները, երբ դա պահանջվում է միջազգային իրավունքով:
Հոդված 296
Որոշումների վերջնական բնույթը և պարտադիր ուժը
1. Սույն բաժնի հիման վրա իրավասությամբ օժտված դատարանի կամ տրիբունալի կողմից կայացված որոշումը վերջնական է և ենթակա է կատարման վեճի բոլոր կողմերի կողմից:
2. Այդպիսի որոշումը պարտադիր է միայն վեճի կողմերի համար և միայն տվյալ վեճով:
Բաժին 3
2-րդ Բաժնի կիրառման սահմանափակումները և բացառությունները
Հոդված 297
2-րդ Բաժնի կիրառման սահմանափակումները
1. Ափամերձ պետության կողմից սույն Կոնվենցիայում նախատեսված իր ինքնիշխան իրավունքների կամ իրավազորության իրականացման կապակցությամբ սույն Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ վեճերի նկատմամբ 2-րդ բաժնում նախատեսված ընթացակարգերը կիրառվում են հետևյալ դեպքերում.
ա) երբ հայտարարվում է, որ ափամերձ պետությունը խախտել է սույն Կոնվենցիան 58-րդ հոդվածում նշված՝ նավագնացության, թռիչքների կամ ստորջրյա մալուխների և խողովակաշարերի անցկացման ազատությունների ու իրավունքների կամ, միջազգային իրավունքի տեսակետից, ծովի օգտագործման իրավաչափ այլ տեսակների մասով,
բ) երբ հայտարարվում է, որ պետությունը, իրականացնելով այդ ազատությունները և իրավունքները կամ ծովի օգտագործման այդ տեսակները, խախտել է սույն Կոնվենցիան, սույն Կոնվենցիային և դրա հետ համատեղելի միջազգային իրավունքի այլ նորմերին համապատասխան՝ ափամերձ պետության կողմից ընդունված օրենքները կամ կանոնները, կամ
գ) երբ հայտարարվում է, որ ափամերձ պետությունը խախտել է ծովային միջավայրի պաշտպանության և պահպանման կոնկրետ միջազգային նորմերն ու չափանիշները, որոնք կիրառելի են տվյալ ափամերձ պետության նկատմամբ, և որոնք սահմանված են սույն Կոնվենցիայով կամ սույն Կոնվենցիային համապատասխան իրավասու միջազգային կազմակերպության կամ դիվանագիտական խորհրդաժողովի միջոցով:
2. ա) Ծովային գիտական հետազոտությունների կապակցությամբ սույն Կոնվենցիայի դրույթների մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ վեճերը ենթակա են կարգավորման 2-րդ բաժնին համապատասխան՝ պայմանով, սակայն, որ ափամերձ պետությունը պարտավոր չէ համաձայնել այդպիսի կարգավորման հանձնել ցանկացած վեճ, որը բխում է.
i) ափամերձ պետության կողմից 246-րդ հոդվածին համապատասխան որևէ իրավունքի կամ հայեցողական լիազորության իրականացման փաստից, կամ
ii) ափամերձ պետության՝ 253-րդ հոդվածին համապատասխան հետազոտական ծրագիրը կասեցնելու կամ դադարեցնելու մասին որոշումից:
բ) Վեճը, որն առաջանում է հետազոտություններ իրականացնող պետության պնդումից այն մասին, որ որևէ կոնկրետ ծրագրի վերաբերյալ ափամերձ պետությունը սույն Կոնվենցիայի հետ համատեղելի ձևով չի իրականացնում 246-րդ և 253-րդ հոդվածների համաձայն իր իրավունքները, որևէ կողմի խնդրանքով հանձնվում է հաշտեցման ընթացակարգով քննության՝ 5-րդ Հավելվածի 2-րդ բաժնին համապատասխան՝ պայմանով, որ հաշտեցման հանձնաժողովը կասկածի տակ չի դնում ոչ որոշակի շրջաններ հայտարարելու ափամերձ պետության հայեցողական լիազորությունը, ինչպես այդ մասին նշվում է 246-րդ հոդվածի 6-րդ կետում, ոչ 246-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան համաձայնությունը մերժելու նրա հայեցողական լիազորությունը:
3. ա) Սույն Կոնվենցիայի՝ ձկնորսությանը վերաբերող դրույթների մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ վեճերը ենթակա են կարգավորման 2-րդ բաժնին համապատասխան՝ պայմանով, սակայն, որ ափամերձ պետությունը պարտավոր չէ համաձայնել այդպիսի կարգավորման հանձնել ցանկացած վեճ, որը վերաբերում է բացառիկ տնտեսական գոտու կենդանի պաշարների նկատմամբ իր ինքնիշխան իրավունքներին կամ դրանց իրականացմանը, ներառյալ թույլատրելի որսաքանակը, իր՝ որսի հնարավորությունները որոշելու, այլ պետություններին մնացորդ հատկացնելու և իր օրենքներում ու կանոններում կենդանի պաշարների պահպանման և դրանց կառավարման համապատասխան կարգ ու պայմաններ սահմանելու վերաբերյալ հայեցողական լիազորությունները:
բ) Եթե սույն մասի 1-ին բաժնի կիրառման արդյունքում վեճը չի կարգավորվել, այն, կողմերից որևէ մեկի պահանջով, հանձնվում է կարգավորման հաշտեցման ընթացակարգով՝ 5-րդ Հավելվածի 2-րդ բաժնին համապատասխան, երբ հայտարարվում է, որ՝
i) ափամերձ պետությունը ակնհայտորեն չի կատարել պահպանման ու կառավարման անհրաժեշտ միջոցներով ապահովելու իր պարտականությունը, որպեսզի բացառիկ տնտեսական գոտու կենդանի պաշարների վիճակը չենթարկվի լուրջ վտանգի,
ii) ափամերձ պետությունը, չնայած մյուս պետության խնդրանքին, կամայականորեն հրաժարվել է սահմանել թույլատրելի որսաքանակը և որսի հնարավորությունները այն պաշարներից, որոնց որսի հարցում շահագրգռված է այդ մյուս պետությունը, կամ
iii) ափամերձ պետությունը կամայականորեն հրաժարվել է ցանկացած պետության, 62-րդ, 69-րդ և 70-րդ հոդվածների հիման վրա և սույն Կոնվենցիային համապատասխան, այդ ափամերձ պետության կողմից սահմանված կարգի ու պայմանների համաձայն՝ հատկացնել ամբողջ մնացորդը կամ դրա մի մասը, որի առկայության մասին նա հայտարարել է:
գ) Բոլոր դեպքերում հաշտեցման հանձնաժողովը չի փոխարինում ափամերձ պետության հայեցողական լիազորությունը իր հայեցողական լիազորությամբ:
դ) Հաշտեցման հանձնաժողովի զեկույցը ուղարկվում է համապատասխան միջազգային կազմակերպություններին:
ե) 69-րդ և 70-րդ հոդվածներին համապատասխան համաձայնագրերի շուրջ բանակցությունների ժամանակ մասնակից պետությունները, եթե նրանք այլ համաձայնություն չեն կայացրել, պետք է դրանց մեջ ներառեն դրույթ այն միջոցների մասին, որպիսիք իրենք կձեռնարկեն, որպեսզի նվազագույնի հասցնեն այդ համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ տարաձայնությունները, ինչպես նաև այն մասին, թե ինչպես իրենք պետք է գործեն, եթե, այնուամենայնիվ, տարաձայնություններ առաջանան:
Հոդված 298
2-րդ բաժնի կիրառման վերաբերյալ կամ ընտրական բացառությունները
1. Սույն Կոնվենցիան ստորագրելու, վավերացնելու կամ դրան միանալու պահին կամ դրանից հետո՝ ցանկացած ժամանակ, պետությունը, չխախտելով 1-ին բաժնից բխող պարտավորությունները, կարող է գրավոր ձևով հայտարարել, որ չի ընդունում ստորև թվարկված վեճերի մեկ կամ ավելի կատեգորիաների վերաբերյալ 2-րդ բաժնում նախատեսված մեկ կամ մի քանի ընթացակարգերը.
ա) i) վեճեր, որոնք կապված են ծովային սահմանների դելիմիտացիային վերաբերող 15-րդ, 74-րդ և 83-րդ հոդվածների մեկնաբանման կամ կիրառման հետ, կամ վեճեր, որոնք կապված են պատմական ծոցերի կամ իրավական տիտղոսների հետ՝ պայմանով, որ հայտարարությունն արած պետությունը, երբ այդ վեճը առաջանում է սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հետո, և եթե ողջամիտ ժամկետում կողմերի միջև բանակցությունների ընթացքում համաձայնություն չի կայացվել, կողմերից որևէ մեկի խնդրանքով՝ համաձայնում է վեճը հանձնել 5-րդ Հավելվածի 2-րդ բաժնում նախատեսված հաշտեցման ընթացակարգով կարգավորման, և պայմանով, որ վեճը հանձնելը բացառում է ցանկացած վեճի քննություն, որը անխուսափելիորեն կապված է ցանկացած չլուծված այնպիսի վեճի հանդիպակաց կարգավորման հետ, որը վերաբերում է մայրցամաքային կամ կղզային տարածքի նկատմամբ ինքնիշխանության կամ այլ իրավունքների հետ,
ii) այն բանից հետո, երբ հաշտեցման հանձնաժողովը ներկայացրել է իր զեկույցը, որտեղ պետք է նշված լինեն այն պատճառները, որոնց վրա այն հիմնված է, կողմերը պետք է բանակցություններ վարեն այդ զեկույցի հիման վրա համաձայնագիր կնքելու շուրջ. եթե այդ բանակցությունների արդյունքում համաձայնագիր չի կնքվում, կողմերը պետք է փոխադարձ համաձայնությամբ այդ հարցը հանձնեն 2-րդ բաժնում նշված որևէ ընթացակարգով կարգավորման, եթե նրանց միջև այլ համաձայնություն չի կայացվել,
iii) սույն ենթակետը չի կիրառվում ծովային սահմանների վերաբերյալ ցանկացած վեճի նկատմամբ, որը վերջնականապես կարգավորվել է կողմերի միջև ձեռք բերված համաձայնության արդյունքում, կամ ցանկացած այնպիսի վեճի նկատմամբ, որը պետք է կարգավորվի այդ կողմերի համար պարտադիր հանդիսացող երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրին համապատասխան,
բ) վեճեր, որոնք վերաբերում են ռազմական գործունեությանը, ներառյալ ոչ առևտրային ծառայության մեջ գտնվող պետական նավերի և օդանավերի ռազմական գործունեությունը, կամ վեճեր, որոնք վերաբերում են ինքնիշխան իրավունքների կամ իրավազորության իրականացման հետ կապված օրենքների պահպանման ապահովմանն ուղղված գործունեությանը, որոնք հանված են դատարանի կամ տրիբունալի իրավասությունից 297-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի հիման վրա,
գ) վեճեր, որոնց վերաբերյալ Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը իրականացնում է Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրությամբ իր վրա դրված գործառույթները, եթե Անվտանգության խորհուրդը որոշում չի ընդունում հանել տվյալ հարցը իր օրակարգից կամ կողմերին կոչ չի անում կարգավորել այն սույն Կոնվենցիայում նախատեսված միջոցներով:
2. Մասնակից պետությունը, որը հայտարարություն է արել 1-ին կետի հիման վրա, կարող է ցանկացած ժամանակ հետ վերցնել այն կամ համաձայնել այդ հայտարարության հիման վրա բացառված վեճը սույն Կոնվենցիայում նախատեսվածից ցանկացած ընթացակարգով կարգավորման հանձնելուն:
3. Մասնակից պետությունը, որը հայտարարություն է արել 1-ին կետի հիման վրա, չի կարող պահանջել, որ մյուս մասնակից պետության նկատմամբ բացառություն կազմող վեճերի կատեգորիային դասվող վեճի հետ կապված՝ կիրառվի սույն Կոնվենցիայում նախատեսված որևէ ընթացակարգ, առանց այդ մասնակից պետության համաձայնության:
4. Եթե մասնակից պետություններից մեկը հայտարարություն է արել 1-ին կետի «ա» ենթակետի հիման վրա, ցանկացած այլ մասնակից պետություն կարող է պահանջել, որ հայտարարություն արած պետության հետ բացառություն կազմող վեճերի կատեգորիային դասվող վեճի նկատմամբ կիրառվի այդ հայտարարության մեջ նշված ընթացակարգը:
5. Նոր հայտարարությունը կամ հայտարարության հետ վերցնելը որևէ կերպ չի ազդում, սույն հոդվածին համապատասխան, դատարանում կամ տրիբունալում չավարտված քննության վրա, եթե կողմերը այլ համաձայնություն չեն կայացրել:
6. Սույն հոդվածի հիման վրա հայտարարությունները և հայտարարությունները հետ վերցնելու մասին ծանուցումները ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին, որը դրանց պատճենները ուղարկում է մասնակից պետություններին:
Հոդված 299
Ընթացակարգի համաձայնեցման կողմերի իրավունքը
1. Այն վեճերը, որոնք 297-րդ հոդվածի հիման վրա կամ 298-րդ հոդվածին համապատասխան արված հայտարարության արդյունքում ենթակա չեն կարգավորման 2-րդ բաժնում նախատեսված ընթացակարգերով, կարող են հանձնվել այդ ընթացակարգերով կարգավորման միայն վեճի կողմերի համաձայնությամբ:
2. Սույն բաժնի ոչ մի դրույթ չի ազդում այդ վեճը որևէ այլ ընթացակարգով կարգավորելու վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելու կամ այն բարեկամաբար կարգավորելու՝ վեճի կողմերի իրավունքի վրա:
Մաս 16
Ընդհանուր դրույթներ
Հոդված 300
Բարեխղճությունը և իրավունքների չարաշահումը
Մասնակից պետությունները պետք է բարեխղճորեն կատարեն սույն Կոնվենցիայով իրենց ստանձնած պարտավորությունները և իրականացնեն իրավունքներն ու իրավազորությունը և օգտվեն սույն Կոնվենցիայում ճանաչված ազատություններից այնպես, որ թույլ չտան իրավունքների չարաշահում:
Հոդված 301
Ծովերի օգտագործումը խաղաղ նպատակներով
Սույն Կոնվենցիայի համաձայն իրենց իրավունքները իրականացնելիս և պարտավորությունները կատարելիս մասնակից պետությունները պետք է ձեռնպահ մնան ուժի սպառնալիքից կամ դրա կիրառումից ցանկացած պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ կամ Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության մեջ ամրագրված միջազգային իրավունքի սկզբունքների հետ անհամատեղելի որևէ այլ ձևով:
Հոդված 302
Տեղեկատվության բացահայտումը
Չխախտելով սույն Կոնվենցիայում նախատեսված վեճերի կարգավորման ընթացակարգերին դիմելու որևէ մասնակից պետության իրավունքը՝ սույն Կոնվենցիայի ոչ մի դրույթ չի դիտվում որպես մասնակից պետությունից, ի կատարումն սույն Կոնվենցիայով նախատեսված իր պարտավորությունների, տեղեկատվություն տրամադրելու պահանջ, եթե դրա բացահայտումը հակասում է նրա անվտանգության կարևորագույն շահերին:
Հոդված 303
Ծովում հայտնաբերված հնագիտական և պատմական օբյեկտները
1. Պետությունները պարտավոր են պահպանել ծովում հայտնաբերված հնագիտական ու պատմական օբյեկտները, ինչպես նաև համագործակցել այդ նպատակով:
2. Այդ օբյեկտների առևտրի դեմ պայքարի նպատակով ափամերձ պետությունը 33-րդ հոդվածը կիրառելիս կարող է ենթադրել, որ առանց իր հավանության նշված հոդվածում հիշատակված գոտում ծովի հատակից դրանց հանելը կհանգեցնի իր տարածքի կամ տարածքային ծովի սահմաններում նշված հոդվածներում հիշատակված օրենքների ու կանոնների խախտման:
3. Սույն հոդվածի ոչ մի դրույթ չի ազդում այն սեփականատերերի իրավունքների վրա, որոնց անձը կարող է հաստատվել, ինչպես նաև ծովում փրկարարության կանոնների կամ ծովագնացությունը կարգավորող այլ նորմերի կամ մշակութային փոխանակմանը վերաբերող օրենքների ու պրակտիկայի վրա:
4. Սույն հոդվածը չի խախտում հնագիտական ու պատմական օբյեկտների պահպանության վերաբերյալ այլ միջազգային համաձայնագրերը և միջազգային իրավունքի նորմերը:
Հոդված 304
Վնասի համար պատասխանատվությունը
Վնասի համար պատասխանատվության վերաբերյալ սույն Կոնվենցիայի դրույթները չեն ազդում պատասխանատվության վերաբերյալ միջազգային իրավունքի գոյություն ունեցող նորմերի կիրառման և այլ նորմերի զարգացման վրա:
Մաս 17
Եզրափակիչ դրույթներ
Հոդված 305
Ստորագրում
1. Սույն Կոնվենցիան բաց է ստորագրման համար.
ա) բոլոր պետությունների կողմից,
բ) Նամիբիայի կողմից, որը ներկայացված է Նամիբիայի հարցերով Միավորված ազգերի կազմակերպության Խորհրդի միջոցով,
գ) բոլոր ինքնակառավարվող ասոցիացված պետությունների կողմից, որոնք այդ կարգավիճակն ընտրել են ինքնորոշման ակտի միջոցով, որն իրականացվել է Միավորված ազգերի կազմակերպության հսկողության տակ և նրա կողմից հավանության է արժանացել Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 1514 (XV) բանաձևին համապատասխան, և որոնք իրավասու են սույն Կոնվենցիայով կարգավորվող հարցերում, այդ թվում՝ իրավասու են կնքել այդ հարցերի վերաբերյալ պայմանագրեր,
դ) բոլոր ինքնակառավարվող ասոցիացված պետությունների կողմից, որոնք ասոցիացիայի վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի հիման վրա իրավասու են սույն Կոնվենցիայով կարգավորվող հարցերում, այդ թվում՝ իրավասու են կնքել այդ հարցերի վերաբերյալ պայմանագրեր,
ե) բոլոր այն տարածքների կողմից, որոնք ունեն լիակատար ներքին ինքնակառավարում և ճանաչվում են որպես այդպիսին Միավորված ազգերի կազմակերպության կողմից, սակայն, Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 1514 (XV) բանաձևին համապատասխան, լիակատար անկախություն ձեռք չեն բերել, և որոնք իրավասու են սույն Կոնվենցիայով կարգավորվող հարցերում, այդ թվում՝ իրավասու են կնքել այդ հարցերի վերաբերյալ պայմանագրեր,
զ) միջազգային կազմակերպությունների կողմից՝ համաձայն 9-րդ Հավելվածի:
2. Սույն Կոնվենցիան ստորագրման համար բաց է մնում Ճամայկայի արտաքին գործերի նախարարությունում մինչև 1984 թվականի դեկտեմբերի 9-ը, ինչպես նաև 1983 թվականի հուլիսի 1-ից մինչև 1984 թվականի դեկտեմբերի 9-ը՝ Նյու Յորքում, Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնական գրասենյակում:
Հոդված 306
Վավերացում և պաշտոնական հաստատում
Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման պետությունների և 305-րդ հոդվածի 1-ին կետի «բ», «գ», «դ» և «ե» ենթակետում նշված այլ սուբյեկտների կողմից և, 9-րդ Հավելվածին համապատասխան, պաշտոնական հաստատման 305-րդ հոդվածի 1-ին կետի «զ» ենթակետում նշված սուբյեկտների կողմից: Վավերագրերը և պաշտոնական հաստատման մասին փաստաթղթերը ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին:
Հոդված 307
Միանալը
Սույն Կոնվենցիան բաց է մնում պետությունների և 305-րդ հոդվածում նշված այլ սուբյեկտների միանալու համար: 305-րդ հոդվածի 1-ին կետի «զ» ենթակետում նշված սուբյեկտների միացումը տեղի է ունենում 9-րդ Հավելվածին համապատասխան: Միանալու մասին փաստաթղթերը ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին:
Հոդված 308
Ուժի մեջ մտնելը
1. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում վաթսուներորդ վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթը ի պահ հանձնելու օրվանից 12 ամիս հետո:
2. Վաթսուներորդ վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթը ի պահ հանձնելուց հետո սույն Կոնվենցիան վավերացրած կամ նրան միացած յուրաքանչյուր պետության համար այն ուժի մեջ է մտնում 1-ին կետին համապատասխան նրա վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթը ի պահ հանձնելու օրվանից հետո՝ երեսուներորդ օրը:
3. Մարմնի Ասամբլեան գումարվում է սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրը և ընտրում է Մարմնի Խորհուրդ: Եթե 161-րդ հոդվածի դրույթները խստիվ կիրառվել չեն կարող, առաջին Խորհուրդը ստեղծվում է այդ հոդվածում նախատեսված նպատակներին համապատասխան կարգով:
4. Նախապատրաստական հանձնաժողովի կողմից մշակված նորմերը, կանոնները և ընթացակարգերը ժամանակավորապես կիրառվում են մինչև Մարմնի կողմից 11-րդ մասին համապատասխան դրանց պաշտոնական հաստատումը:
5. Մարմինը և նրա մարմինները գործում են Ծովային իրավունքի հարցերով Միավորված ազգերի կազմակերպության երրորդ Խորհրդաժողովի նախապատրաստական ներդրումների մասին 2-րդ բանաձևին ու, ի կատարումն այդ բանաձևի, նախապատրաստական հանձնաժողովի կողմից ընդունված որոշումներին համապատասխան:
Հոդված 309
Վերապահումներ և բացառություններ
Սույն Կոնվենցիայի վերաբերյալ որևէ վերապահում կամ բացառություններ չեն կարող արվել, բացի այն դեպքերից, երբ դրանք ակնհայտորեն թույլատրելի են սույն Կոնվենցիայի այլ հոդվածներին համապատասխան:
Հոդված 310
Հռչակագրեր և հայտարարություններ
309-րդ հոդվածը չի խոչընդոտում պետությանը սույն Կոնվենցիան ստորագրելու, վավերացնելու կամ նրան միանալու պահին հանդես գալ հռչակագրերով կամ հայտարարություններով՝ ցանկացած ձևակերպմամբ և ցանկացած անվան տակ՝ նպատակ ունենալով, inter alia, իր օրենքներն ու կանոնները համապատասխանեցնել սույն Կոնվենցիայի դրույթներին՝ պայմանով, որ այդ հռչակագրերը կամ հայտարարությունները չեն բացառում կամ փոփոխում սույն Կոնվենցիայի դրույթների իրավաբանական գործողությունը այդ պետության նկատմամբ դրանք կիրառելու տեսակետից:
Հոդված 311
Կապը այլ կոնվենցիաների և միջազգային համաձայնագրերի հետ
1. Սույն Կոնվենցիան մասնակից պետությունների միջև հարաբերություններում ունի գերակայություն Ծովային իրավունքի վերաբերյալ Ժնևի 1958 թվականի ապրիլի 29-ի կոնվենցիաների նկատմամբ:
2. Սույն Կոնվենցիան չի փոփոխում մասնակից պետությունների իրավունքներն ու պարտականությունները, որոնք բխում են սույն Կոնվենցիայի հետ համատեղելի այլ համաձայնագրերից, և որոնք չեն ազդում այլ մասնակից պետությունների կողմից, սույն Կոնվենցիային համապատասխան, իրենց իրավունքների իրականացման ու պարտականությունների կատարման վրա:
3. Երկու կամ ավելի մասնակից պետություններ կարող են կնքել համաձայնագրեր, որոնք փոփոխում կամ կասեցնում են սույն Կոնվենցիայի դրույթների գործողությունը և տարածվում են միայն իրենց միջև հարաբերությունների վրա՝ պայմանով, որ այդ համաձայնագրերը չեն վերաբերում այն դրույթներին, որոնցից շեղումը անհամատեղելի է սույն Կոնվենցիայի օբյեկտի ու նպատակի արդյունավետ իրականացման հետ, և պայմանով, որ այդ համաձայնագրերը չեն ազդում նրա մեջ ամրագրված հիմնական սկզբունքների կիրառման վրա, և որ այդ համաձայնագրերի դրույթները չեն ազդում այլ մասնակից պետությունների կողմից սույն Կոնվենցիային համապատասխան իրենց իրավունքների իրականացման ու պարտականությունների կատարման վրա:
4. Մասնակից պետությունները, որոնք մտադրված են կնքել 3-րդ կետում նշված համաձայնագիր, պետք է սույն Կոնվենցիայի ավանդապահի միջոցով այլ մասնակից պետություններին տեղեկացնեն այդ համաձայնագիրը կնքելու իրենց մտադրության և սույն Կոնվենցիայի դրույթների գործողության փոփոխման կամ կասեցման մասին, որը նախատեսվում է այդ համաձայնագրով:
5. Սույն հոդվածը չի ազդում այն միջազգային համաձայնագրերի վրա, որոնք ակնհայտորեն թույլատրվում կամ նախատեսվում են սույն Կոնվենցիայի այլ հոդվածներին համապատասխան:
6. Մասնակից պետությունները համաձայնում են, որ չպետք է լինի որևէ ուղղում 136-րդ հոդվածում շարադրված՝ մարդկության ընդհանուր ժառանգության հիմնական սկզբունքի վերաբերյալ, և որ իրենք չեն լինի վերը նշված դրույթը խախտող որևէ համաձայնագրի կողմ:
Հոդված 312
Ուղղումներ
1. Սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրվանից 10 տարի անց յուրաքանչյուր մասնակից պետություն կարող է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի անունով գրավոր հաղորդագրություն ուղարկելու միջոցով առաջարկել կոնկրետ ուղղումներ սույն Կոնվենցիայի մեջ, բացառությամբ Շրջանում իրականացվող գործունեությանը վերաբերող ուղղումների, և դիմել այդ առաջարկվող ուղղումները քննարկելու համար խորհրդաժողով գումարելու մասին խնդրանքով: Գլխավոր քարտուղարն այդ հաղորդագրությունը պետք է ուղարկի բոլոր մասնակից պետություններին: Եթե հաղորդագրությունը ուղարկելու օրվանից 12 ամսվա ընթացքում մասնակից պետությունների ոչ պակաս, քան կեսը դրական են արձագանքում այդ խնդրանքին, Գլխավոր քարտուղարը գումարում է խորհրդաժողով:
2. Ուղղումներ մտցնելու վերաբերյալ՝ խորհրդաժողովի ժամանակ կիրառվող` որոշումների ընդունման ընթացակարգը նույնն է, ինչ Ծովային իրավունքի վերաբերյալ Միավորված ազգերի կազմակերպության երրորդ խորհրդաժողովի ժամանակ կիրառվող ընթացակարգը, եթե խորհրդաժողովն այլ որոշում չի ընդունում: Այդ խորհրդաժողովը պետք է գործադրի բոլոր ջանքերը կոնսենսուսի միջոցով ցանկացած ուղղման վերաբերյալ համաձայնություն կայացնելու համար, և այդ հարցերով քվեարկությունը չպետք է անցկացվի այնքան ժամանակ, քանի դեռ սպառված չեն կոնսենսուսի հասնելու բոլոր ջանքերը:
Հոդված 313
Պարզեցված ընթացակարգով ուղղումների ընդունումը
1. Ցանկացած մասնակից պետություն կարող է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի անունով գրավոր հաղորդագրություն ուղարկելու միջոցով առաջարկել ուղղում սույն Կոնվենցիայի մեջ, բացառությամբ Շրջանում իրականացվող գործունեությանը վերաբերող ուղղումի, որը պետք է ընդունվի սույն հոդվածում շարադրված պարզեցված ընթացակարգով՝ առանց խորհրդաժողով գումարելու: Գլխավոր քարտուղարը այդ հաղորդագրությունը պետք է ուղարկի բոլոր մասնակից պետություններին:
2. Եթե այդ հաղորդագրությունը ուղարկելու օրվանից 12 ամսվա ընթացքում որևէ մասնակից պետություն առարկում է առաջարկվող ուղղումի կամ պարզեցված ընթացակարգով այն ընդունելու առաջարկությանը, այդ ուղղումը համարվում է մերժված: Գլխավոր քարտուղարը պետք է անհապաղ բոլոր մասնակից պետություններին տեղեկացնի դրա մասին:
3. Եթե այդ հաղորդագրությունը ուղարկելու օրվանից 12 ամիս հետո որևէ մասնակից պետություն չի առարկում առաջարկվող ուղղումի կամ պարզեցված ընթացակարգով այն ընդունելու առաջարկությանը, առաջարկվող ուղղումը համարվում է ընդունված: Գլխավոր քարտուղարը պետք է բոլոր մասնակից պետություններին տեղեկացնի, որ առաջարկվող ուղղումն ընդունված է:
Հոդված 314
Բացառապես Շրջանում իրականացվող գործունեության հետ կապված՝ սույն Կոնվենցիայի դրույթների վերաբերյալ ուղղումները
1. Ցանկացած մասնակից պետություն կարող է Մարմնի Գլխավոր քարտուղարի անունով գրավոր հաղորդագրություն ուղարկելու միջոցով ուղղում առաջարկել բացառապես Շրջանում իրականացվող գործունեությանը վերաբերող` սույն Կոնվենցիայի դրույթների վերաբերյալ, ներառյալ 6-րդ Հավելվածի 4-րդ բաժինը: Գլխավոր քարտուղարը պետք է այդ հաղորդագրությունն ուղարկի բոլոր մասնակից պետություններին: Առաջարկվող ուղղումը ենթակա է Ասամբլեայի կողմից հաստատման Խորհրդի կողմից նրա հաստատումից հետո: Այդ մարմիններում մասնակից պետությունների ներկայացուցիչներն իրավասու են քննարկելու և հաստատելու առաջարկվող ուղղումը: Խորհրդի և Ասամբլեայի կողմից հաստատված՝ առաջարկվող ուղղումը համարվում է ընդունված:
2. 1-ին կետին համապատասխան ցանկացած ուղղում ընդունելուց առաջ Խորհուրդը և Ասամբլեան ապահովում են, որ այդ ուղղումը վնաս չպատճառի Շրջանի պաշարների հետախուզման ու շահագործման համակարգին մինչև 155-րդ հոդվածին համապատասխան գումարվող Դիտարկման խորհրդաժողովը:
Հոդված 315
Ուղղումների ստորագրումը, վավերացումն ու նրանց միանալը և ուղղումների տեքստերի նույնականությունը
1. Սույն Կոնվենցիայի ուղղումները ընդունվելուց հետո մասնակից պետությունների ստորագրման համար բաց են ընդունվելու օրվանից 12 ամսվա ընթացքում՝ Նյու Յորքում, Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնական գրասենյակում, եթե ուղղման մեջ այլ բան նախատեսված չէ:
2. 306-րդ, 307-րդ և 320-րդ հոդվածները տարածվում են սույն Կոնվենցիայի բոլոր ուղղումների վրա:
Հոդված 316
Ուղղումների ուժի մեջ մտնելը
1. Սույն Կոնվենցիայի ուղղումները, բացառությամբ 5-րդ կետում նշված ուղղումների, դրանք վավերացրած կամ դրանց միացած մասնակից պետությունների համար ուժի մեջ են մտնում մասնակից պետությունների 2/3-ի կամ 60 մասնակից պետությունների կողմից, կախված նրանից, թե այդ թվերից որն է ավելի մեծ, վավերագրերը կամ միանալու մասին փաստաթղթերը ի պահ հանձնելուց հետո՝ երեսուներորդ օրը: Այդ ուղղումները չեն ազդում այլ մասնակից պետությունների կողմից սույն Կոնվենցիային համապատասխան իրենց իրավունքների իրականացման և պարտականությունների կատարման վրա:
2. Ցանկացած ուղղում կարող է նախատեսել, որ նրա ուժի մեջ մտնելու համար պահանջվում է ավելի մեծ թվով վավերագրեր կամ միանալու մասին փաստաթղթեր, քան նախատեսված է սույն հոդվածով:
3. Պահանջվող քանակի վավերագրերը կամ միանալու մասին փաստաթղթերն ի պահ հանձնվելուց հետո 1-ին կետում նշված ուղղումը վավերացրած կամ դրան միացած յուրաքանչյուր մասնակից պետության համար այն ուժի մեջ է մտնում նրա վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթը ի պահ հանձնվելուց հետո՝ երեսուներորդ օրը:
4. Պետությունը, որը սույն Կոնվենցիայի մասնակից է դարձել 1-ին կետին համապատասխան ուղղումն ուժի մեջ մտնելուց հետո, եթե նա չի հայտարարում այլ մտադրության մասին՝
ա) համարվում է, այդպիսի ուղղումով, սույն Կոնվենցիայի մասնակից, և
բ) համարվում է, առանց ուղղումի, Կոնվենցիայի մասնակից՝ ցանկացած մասնակից պետության նկատմամբ, որի վրա ուղղումը չի տարածվում:
5. Բացառապես Շրջանում իրականացվող գործունեությանը վերաբերող ցանկացած ուղղում և 6-րդ Հավելվածի մեջ ցանկացած ուղղում բոլոր մասնակից պետությունների համար ուժի մեջ են մտնում մասնակից պետությունների 3/4-ի կողմից վավերագրերը կամ միանալու մասին փաստաթղթերը ի պահ հանձնվելուց հետո՝ մեկ տարի անց:
6. Պետությունը, որը սույն Կոնվենցիայի մասնակից է դարձել 5-րդ կետին համապատասխան ուղղումների ուժի մեջ մտնելուց հետո, համարվում է ուղղումներով սույն Կոնվենցիայի մասնակից:
Հոդված 317
Չեղյալ հայտարարելը
1. Ցանկացած մասնակից պետություն կարող է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի անունով գրավոր ծանուցում ուղարկելու միջոցով չեղյալ հայտարարել սույն Կոնվենցիան և կարող է նշել պատճառները: Պատճառները չնշելը չի ազդում չեղյալ հայտարարելու իրավաբանական ուժի վրա: Չեղյալ հայտարարումն ուժի մեջ է մտնում ծանուցումը ստանալու օրվանից հետո՝ մեկ տարի անց, եթե ծանուցման մեջ ավելի ուշ ժամկետ չի նշվում:
2. Չեղյալ հայտարարելը տվյալ պետությանը չի ազատում ֆինանսական ու պայմանագրային պարտավորություններից, որոնք նա ստանձնել է, լինելով սույն Կոնվենցիայի մասնակից, ինչպես նաև չի ազդում այդ պետության իրավունքների, պարտականությունների կամ իրավաբանական վիճակի վրա, որոնք ստեղծվել են սույն Կոնվենցիայի իրականացման արդյունքում` մինչև այդ պետության համար նրա գործողության դադարեցումը:
3. Չեղյալ հայտարարելը ոչ մի դեպքում չի ազդում ցանկացած մասնակից պետության` սույն Կոնվենցիայում ամրագրված այնպիսի պարտավորության կատարման պարտականության վրա, որը նրա համար ուժ ունի միջազգային իրավունքին համապատասխան՝ անկախ սույն Կոնվենցիայից:
Հոդված 318
Հավելվածների կարգավիճակը
Հավելվածները կազմում են սույն Կոնվենցիայի անբաժանելի մասը, և, եթե ուղղակի այլ բան նախատեսված չէ, սույն Կոնվենցիային կամ նրա մասերից որևէ մեկին հղումը հանդիսանում է նաև հղում դրան վերաբերող Հավելվածներին:
Հոդված 319
Ավանդապահը
1. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը սույն Կոնվենցիայի և դրա ուղղումների ավանդապահն է:
2. Իր, որպես ավանդապահ, գործառույթներից բացի, Գլխավոր քարտուղարը.
ա) բոլոր մասնակից պետություններին, Մարմնին և իրավասու միջազգային կազմակերպություններին տեղեկացնում է ընդհանուր բնույթի հիմնախնդիրների մասին, որոնք առաջացել են սույն Կոնվենցիայի հետ կապված,
բ) ծանուցում է Մարմնին սույն Կոնվենցիայի ու դրա ուղղումների վավերացման ու պաշտոնական հաստատման և նրանց միանալու մասին, ինչպես նաև սույն Կոնվենցիան չեղյալ հայտարարելու մասին,
գ) ծանուցում է մասնակից պետությունների համաձայնագրերի մասին՝ 311-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան,
դ) մասնակից պետություններին վավերացնելու կամ միանալու համար ուղարկում է սույն Կոնվենցիային համապատասխան ընդունված ուղղումները,
ե) սույն Կոնվենցիային համապատասխան գումարում է մասնակից պետությունների անհրաժեշտ հանդիպումներ:
3. ա) Գլխավոր քարտուղարը դիտորդներին, որոնց մասին խոսվում է 156-րդ հոդվածում, ուղարկում է նաև.
i) 2.ա կետում նշված հաղորդագրությունները,
ii) 2.բ, գ կետերում նշված ծանուցումները, և
iii) 2.դ կետում նշված ուղղումների տեքստերը՝ ի գիտություն:
բ) Գլխավոր քարտուղարը այդ դիտորդներին հրավիրում է նաև՝ որպես դիտորդներ մասնակցելու մասնակից պետությունների հանդիպումներին, որոնց մասին խոսվում է 2.ե կետում:
Հոդված 320
Նույնական տեքստեր
Սույն Կոնվենցիայի բնօրինակը, որի անգլերեն, արաբերեն, իսպաներեն, չինարեն, ռուսերեն և ֆրանսերեն տեքստերը հավասարազոր են, 305-րդ հոդվածի 2-րդ կետի պահպանման պայմանով՝ ի պահ է հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին:
Ի հավաստումն որի՝ ներքոստորագրյալ ներկայացուցիչները, պատշաճորեն լիազորված լինելով, ստորագրել են սույն Կոնվենցիան:
Կատարված է Մոնտեգո Բեյում հազար ինը հարյուր ութսուներկու թվականի դեկտեմբերի տասին:
ՀԱՎԵԼՎԱԾ 1
Հեռավոր միգրացիաներ կատարող տեսակներ
1. Երկարալողաթև թյուննոս. Thunnus alalunga
2. Սովորական թյուննոս. Thunnus thynnus
3. Մեծաչյա թյուննոս.Thunnus obesus
4. Շերտավոր թյուննոս. Katsuwonus pelamis
5. Դեղնալողաթև թյուննոս. Thunnus albacares
6. Սևալողաթև թյուննոս. Thunnus atlanticus
7. Փոքր թյուննոս. Euthynnus alletteratus, Euthynnus affinis
8. Հարավային սովորական թյուննոս. Thunnus maccoyii
9. Թյունիկային թյուննոս. Auxis thazard, Auxis rochei
10. Ծովային բրամ. Bramidae ընտանիք
11. Մառլին. Tetrapturus angustirostris, Tetrapturus belօne, Tetrapturus pfluegeri, Tetrapturus albidus, Tetrapturus audax, Tetrapturus georgei, Makaira mazara, Makaira nigricans
12. Առագաստանավաձուկ. Istiophorus platypterus, Istiophorus albicans
13. Թրաձուկ. Xiphias gladius
14. Սայրա. Scomberesox saurus, Cololabis saira, Cololabis adocetus, Scomberesox saurus scombroides
15. Կորիֆենա. Coryphaena hippurus, Coryphaena equiselis
16. Օվկիանոսային շնաձուկ. Hexanchus griseus, Cetօrhinus maximus, Alopiidae ընտանիք, Rhincodon typսs, Carcharhinidae ընտանիք, Sphyrnidae ընտանիք, Isսrida ընտանիք
17. Կետաձևեր /կետեր և դելֆիններ/. Physeteridae ընտանիք, Balaenopteridae ընտանիք, Balaenidae ընտանիք, Eschrichtiidae ընտանիք, Monodontidae ընտանիք, Ziphiidae ընտանիք, Delphinidae ընտանիք:
ՀԱՎԵԼՎԱԾ 2
Մայրցամաքային խութի սահմանների հարցերով հանձնաժողով
Հոդված 1
76-րդ հոդվածի դրույթների համաձայն՝ ստեղծվում է 200 ծովային մղոն հեռավորության վրա սփռվող մայրցամաքային խութի հարցերով հանձնաժողով` հետևյալ հոդվածներին համապատասխան:
Հոդված 2
1. Հանձնաժողովը կազմվում է 21 անդամից, որոնք հանդիսանում են մասնագետներ երկրաբանության, երկրաֆիզիկայի և ջրագիտության բնագավառներում, ընտրվում են սույն Կոնվենցիայի անդամ պետությունների կողմից՝ իրենց քաղաքացիների թվից` հաշվի առնելով արդարացի երկրագիտական ներկայացուցչության ապահովման անհրաժեշտությունը, և հանդես են գալիս որպես այդպիսիք:
2. Նախնական ընտրություններն անցկացվում են հնարավորինս սեղմ ժամկետներում, սակայն, ամեն դեպքում, սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու պահից տասնութ ամսվա ընթացքում: Յուրաքանչյուր ընտրությունից առնվազն երեք ամիս առաջ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը անդամ պետություններին գրություն է ուղղում` հրավիրելով երեք ամսվա ընթացքում առաջադրել թեկնածությունները` համապատասխան տարածաշրջանային խորհրդակցություններ անցկացնելուց հետո: Գլխավոր քարտուղարը կազմում է այս կերպով առաջադրված թեկնածուների այբբենական ցանկ և այն ներկայացնում բոլոր անդամ պետություններին:
3. Հանձնաժողովի անդամների ընտրություններն անցկացվում են անդամ պետությունների ժողովի ընթացքում, որը գումարվում է Գլխավոր քարտուղարի կողմից՝ Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանում: Այդպիսի ժողովին, որտեղ քվորումը կազմում է անդամ պետությունների երկու երրորդը, Հանձնաժողովում ընտրված անձինք են համարվում այն թեկնածուները, որոնք ստացել են անդամ պետությունների՝ ներկա գտնվող և քվեարկությանը մասնակցած ներկայացուցիչների առնվազն երկու երրորդը: Յուրաքանչյուր աշխարհագրական տարածաշրջանից ընտրվում է առնվազն 3 անդամ:
4. Հանձնաժողվի անդամներն ընտրվում են հինգ տարի ժամկետով: Նրանք ունեն վերընտրվելու իրավունք:
5. Հանձնաժողովի անդամի թեկնածություն առաջադրած անդամ պետությունը հոգում է Հանձնաժողովի այդ անդամի ծախսերը Հանձնաժողովի շրջանակներում նրա պարտականությունների կատարման ողջ ընթացքում: Համապատասխան առափնյա պետությունը հոգում է սույն Հավելվածի 3-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետում նշված խորհրդակցությունների անցկացման հետ կապված ծախսերը: Հանձնաժողովի քարտուղարության գործառույթները կատարում է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի կողմից:
Հոդված 3
1. Հանձնաժողովն իրականացնում է հետևյալ գործառույթները.
ա/ ուսումնասիրում է առափնյա պետությունների կողմից տրամադրվող տվյալները և այլ նյութերը մայրցամաքային խութի արտաքին սահմանների վերաբերյալ՝ այն շրջաններում, որտեղ այդ սահմանները տարածվում են 200 ծովային մղոնից ավելի, և ներկայացնում է առաջարկություններ` 76-րդ հոդվածին և 1980 թվականի օգոստոսի 29-ին կայացած Միավորված ազգերի կազմակերպության երրորդ Խորհրդաժողովին ընդունված փոխըմբռնման հայտարարությանը համապատասխան,
բ/ «ա» ենթակետում նշված տվյալների նախապատրաստման ընթացքում, շահագրգիռ առափնյա պետության խնդրանքով, տրամադրում է գիտատեխնիկական խորհրդատվություն:
2. Հանձնաժողովը կարող է, այնքանով, որքանով դա անհրաժեշտ և օգտակար կճանաչվի, համագործակցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջկառավարական օվկիանոսագիտական հանձնաժողովի, Միջազգային ջրագիտական կազմակերպության և այլ իրավասու միջազգային կազմակերպությունների հետ` գիտատեխնիկական տեղեկատվության փոխանակման նպատակով, որը կարող է օգտակար լինել Հանձնաժողովի գործառույթների կատարման ընթացքում:
Հոդված 4
Այն դեպքում, երբ առափնյա պետությունը մտադրված է իր մայրցամաքային խութի սահմանները, 76-րդ հոդվածին համաձայն, հաստատել 200 ծովային մղոնի սահմանից դուրս, ապա նա հնարավորինս սեղմ ժամկետներում, սակայն ամեն դեպքում տվյալ պետության համար սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու պահից տասը տարվա ընթացքում Հանձնաժողովին որոշակի տվյալներ է ներկայացնում այդ սահմանի վերաբերյալ` լրացուցիչ գիտատեխնիկական բնույթի տեղեկությունների հետ մեկտեղ: Միևնույն ժամանակ առափնյա պետությունը նշում է Հանձնաժողովի ցանկացած այն անդամի անունը, որը առաջինիս գիտատեխնիկական խոհրդատվություն է տրամադրել:
Հոդված 5
Եթե Հանձնաժողովն այլ կերպ չորոշի, ապա նա իր գործառույթներն իրականացնում է յոթ հոգուց կազմված ենթահանձնաժողովների միջոցով, որոնք նշանակվում են հավասարաչափության սկզբունքի հիման վրա` հաշվի առնելով առափնյա պետության յուրաքանչյուր հայտի որոշակի բաղադրիչները: Հայտ ներկայացնող առափնյա պետության Հանձնաժողովի անդամ հանդիսացող քաղաքացիները և Հանձնաժողվի ցանկացած անդամ, որն առափնյա պետությանն աջակցություն է ցուցաբերել սահմանների հաստատման համար անհրաժեշտ գիտատեխնիկական խորհրդատվության տրամադրման միջոցով, չեն կարող այդ հայտն ուսումնասիրող ենթահանձնաժողովի անդամ հանդիսանալ, սակայն իրավունք ունեն անդամների կարգավիճակով մասնակցելու տվյալ հայտին վերաբերող Հանձնաժողովի քննարկումներին: Հանձնաժողովին հայտ ներկայացրած առափնյա պետությունը կարող է իր ներկայացուցիչներին ուղարկել՝ առանց ձայնի իրավունքի համապատասխան քննարկումներին մասնակցելու համար:
Հոդված 6
1. Ենթահանձնաժողովն իր առաջարկությունները ներկայացնում է Հանձնաժողովին:
2. Հանձնաժողովի կողմից ենթահանձնաժողովի առաջարկությունների հաստատումը կատարվում է Հանձնաժողովի՝ ներկա գտնվող և քվեարկությանը մասնակցող անդամների ձայների երկու երրորդ մեծամասնությամբ:
3. Հանձնաժողովի առաջարկությունները գրավոր ներկայացվում են հայտը ներկայացրած առափնյա պետությանը և Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին:
Հոդված 7
Առափնյա պետությունները հաստատում են մայրցամաքային խութի սահմանները 76-րդ հոդվածի 8-րդ կետի դրույթների և իրենց համապատասխան ազգային ընթացակարգերի համաձայն:
Հոդված 8
Հանձնաժողովի առաջարկությունների հետ առափնյա պետության անհամաձայնության դեպքում վերջինս տրամաբանական ժամկետներում Հանձնաժողովին ներկայացնում է վերանայված կամ նոր հայտ:
Հոդված 9
Հանձնաժողովի գործողությունները չեն սահմանափակում հակադիր կամ սահմանակից ափեզրեր ունեցող պետությունների իրավունքները սահմանների դելիմիտացիայի հետ կապված հարցերում:
ՀԱՎԵԼՎԱԾ 3
Հետախուզության, հետազոտության և շահագործման հիմնական պայմանները
Հոդված 1
Օգտակար հանածոների նկատմամբ սեփականության իրավունքը
Օգտակար հանածոների նկատմամբ սեփականության իրավունքը դրանց արդյունահանման պահից, սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան, փոփոխվում է:
Հոդված 2
Հետախուզություն
1. ա/ Մարմինը խրախուսում է հետախուզության անցկացումը Շրջանում:
բ/ Հետախուզության անցկացումը թույլատրվում է միայն Մարմնի կողմից բավարար գրավոր պարտավորություն հանձն առնելուց հետո, որի համաձայն՝ ենթադրվող հետախուզողը պարտավորվում է հետևել սույն Կոնվենցիայի դրույթներին և պահպանել Մարմնի կողմից սահմանված համապատասխան նորմերը, կանոնները և ընթացակարգերը՝ համագործակցության ամրապնդմանը և կադրերի պատրաստմանն ուղղված` 143-րդ և 144-րդ հոդվածներում նշված ծրագրերի իրականացման նպատակով, և համաձայնում է Մարմնի կողմից դրանց կատարման հսկողությանը: Ենթադրվող հետախուզողը միաժամանակ Մարմնին ծանուցում է այն տարածքի կամ տարածքների մասին, որտեղ իրականացվելու է հետախուզությունը:
գ/ Հետախուզությունը կարող է իրականացվել ավելի քան մեկ հետախուզողի կողմից միաժամանակ` միևնույն տարածքում կամ տարածքներում:
2. Հետախուզությունը հետախուզողին պաշարների նկատմամբ որևէ իրավունք չի տրամադրում: Սակայն հետախուզողը կարող է նմուշառման նպատակով արդյունահանել օգտակար հանածոների որոշակի անհրաժեշտ քանակություն:
Հոդված 3
Հետազոտություն և շահագործում
1. 153-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետում նշված ձեռնարկությունները և այլ սուբյեկտները կարող են Մարմնին ներկայացնել Շրջանում իրականացվելիք գործունեությանն առնչվող աշխատանքային պլանների հաստատման հայտեր:
2. Ձեռնարկությունը կարող է հայտ ներկայացնել Շրջանի ցանկացած մասի համար, սակայն այլ սուբյեկտների կողմից ներկայացված հայտերը նախապատվիրված շրջանների համար պետք է համապատասխանեն սույն Հավելվածի 9-րդ հոդվածով սահմանված լրացուցիչ պահանջներին:
3. Հետազոտությունն ու շահագործումն իրականացվում են միայն այն շրջաններում, որոնք նշված են 153-րդ հոդվածի 3-րդ կետում հիշատակված, սույն Կոնվենցիայի համաձայն հաստատված և Մարմնի կողմից սահմանված նորմերին, կանոններին և ընթացակարգերին համապատասխանող աշխատանքային պլաններում:
4. Յուրաքանչյուր հաստատված աշխատանքային պլան.
ա/ համապատասխանում է սույն Կոնվենցիայի դրույթներին և Մարմնի կողմից սահմանված նորմերին, կանոններին և ընթացակարգերին,
բ/ ապահովում է Մարմնի հսկողությունը 153-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան Շրջանի տարածքում իրականացվող գործունեության նկատմամբ,
գ/ Մարմնի կողմից սահմանված նորմերին, կանոններին և ընթացակարգերին համապատասխան՝ օպերատորին տրամադրում է աշխատանքային պլանում նշված Շրջանում պաշարների որոշակի սահմանված տեսակների հետազոտության և շահագործման բացառիկ իրավունք: Եթե, այնուամենայնիվ, հայտատուն հաստատման է ներկայացնում աշխատանքային պլան, որը ներառում է միայն հետախուզության փուլը կամ միայն շահագործման փուլը, ապա այդպիսի հաստատման պլանի համաձայն՝ բացառիկ իրավունք է տրամադրվում միայն տվյալ փուլի նկատմամբ:
5. Մարմնի կողմից հաստատվելուց հետո յուրաքանչյուր աշխատանքային պլան, բացառությամբ Ձեռնարկության կողմից ներկայացվող աշխատանքային պլանների, ձեռք է բերում Մարմնի ու հայտատուի կամ հայտատուների միջև կնքվող պայմանագրի ձև:
Հոդված 4
Հայտատուներին ներկայացվող պահանջները
1. Հայտատուները, բացառությամբ Ձեռնարկությունների, համարվում են պահանջներին համապատասխանող, եթե նրանք ունեն քաղաքացիություն, կամ նրանց նկատմամբ, 153-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետի համաձայն, սահմանված է հսկողություն կամ հովանավորություն, և եթե նրանք հետևում են ընթացակարգերին և Մարմնի կողմից սահմանված նորմերով, կանոններով և ընթացակարգերով նախատեսված չափանիշներին:
2. Բացառությամբ 6-րդ կետով նախատեսված դեպքերի՝ այդպիսի չափանիշները ներառում են հայտատուի ֆինանսական և տեխնիկական հնարավորությունները և Մարմնի հետ նախկինում կնքված պայմանագրերի հիման վրա՝ նրա կողմից իրականացվող գործունեությունը:
3. Յուրաքանչյուր հայտատու երաշխավորվում է այն անդամ պետության կողմից, որի քաղաքացին է նա հանդիսանում` բացառությամբ այն դեպքերի, երբ հայտատուն ունի մեկից ավելի քաղաքացիություն, ինչպես մի քանի պետություններ ներկայացնող սուբյեկտների կոնսորցիումի կամ գործընկերության դեպքում, երբ բոլոր շահագրգիռ անդամ պետությունները երաշխավորում են հայտը, կամ երբ հայտատուն գտնվում է այլ անդամ պետության կամ դրա քաղաքացիների արդյունավետ հսկողության ներքո, ինչի դեպքում երկու անդամ պետություններն էլ երաշխավորում են հայտը: Երաշխավորման գործընթացին ներկայացվող պահանջների կատարման չափանիշներն ու ընթացակարգերը սահմանվում են Մարմնի նորմերով, կանոններով և ընթացակարգերով:
4. Երաշխավորող պետությունը կամ պետությունները, 139-րդ հոդվածի համաձայն, յուրաքանչյուրն իր օրենսդրական համակարգերի շրջանակներում պարտավոր է ապահովել, որ երաշխավորություն ստացած կապալառուն իր գործունեությունը Շրջանում իրականացնի իր հետ կնքված պայմանագրի դրույթների և սույն Կոնվենցիայով նախատեսված իր պարտավորությունների համաձայն: Սակայն երաշխավորող պետությունը պատասխանատվություն չի կրում երաշխավորություն ստացած կապալառուի՝ իր պարտավորությունները չկատարելու արդյունքում հասցված վնասների համար, եթե տվյալ անդամ պետութունն ընդունել է այնպիսի օրենքներ, կանոններ կամ վարչական պատասխանատվության միջոցներ, որոնք տվյալ պետության օրենսդրական համակարգի շրջանակներում կարող են ապահովել իր իրավազորության ներքո գտնվող անձանց կողմից իրենց պարտավորությունների կատարումը:
5. Հայտատու հանդիսացող անդամ պետությունների որակների գնահատման ընթացակարգերը հաշվի են առնում դրանց բնութագրերը, ինչպես պետությունների:
6. Որակական չափանիշները նախատեսում են, որ յուրաքանչյուր հայտատու, առանց բացառության, իր հայտի շրջանակներում պարտավորվում է.
ա/ կատարել 11-րդ մասի կիրառելի դրույթներից, Մարմնի նորմերից, կանոններից և ընթացակարգերից, Մարմնի մարմինների որոշումներից և Մարմնի հետ կնքված պայմանագրերից բխող պարտավորությունները և ճանաչել դրանց պարտադիր բնույթը,
բ/ ընդունել Մարմնի կողմից իրականացվող հսկողությունը Շրջանում ծավալվող գործունեության նկատմամբ, ինչպես նախատեսվում է սույն Կոնվենցիայով,
գ/ Մարմնին ներկայացնել գրավոր երաշխիք, որ պայմանագրին համապատասխան իր ստանձնած պարտականությունները բարեխղճորեն կկատարվեն,
դ/ կատարել սույն Հավելվածի 5-րդ հոդվածով սահմանված՝ տեխնոլոգիայի փոխանցման վերաբերյալ դրույթները:
Հոդված 5
Տեխնոլոգիայի փոխանցում
1. Աշխատանքային պլանը ներկայացնելիս յուրաքանչյուր հայտատու Մարմնին է ներկայացնում նաև այն սարքավորումների և մեթոդների ընդհանուր նկարագրությունը, որոնք նա օգտագործելու է Շրջանում իր գործունեության իրականացման ընթացքում, ինչպես նաև սեփականության բնույթ չկրող համապատասխան այլ տեղեկություններ այդ տեխնոլոգիայի բնույթի և գտնվելու վայրի վերաբերյալ:
2. Յուրաքանչյուր օպերատոր Մարմնին հայտնում է 1-ին կետով սահմանված նկարագրությունների և տեղեկությունների փոփոխությունների մասին, երբ ներդնում է որևէ կարևոր տեխնոլոգիական փոփոխություն կամ նորույթ:
3. Շրջանում գործունեություն իրականացնելու մասին յուրաքանչյուր պայմանագիր կապալառուի համար սահմանում է հետևյալ պարտավորությունները.
ա/ արդարացի և ընդունելի առևտրային հիմունքներով և պայմաններով ու Մարմնի կողմից այդպիսի պահանջ առաջադրվելու դեպքում Ձեռնարկությանը տրամադրել այն տեխնոլոգիան, որը կապալառուն օգտագործում է Շրջանում գործունեության իրականացման ընթացքում՝ իր պայմանագրին համապատասխան, և որը նա օրինական փոխանցելու իրավունք ունի: Սույն դրույթն ապահովվում է թույլատրագրերի և համապատասխան այլ պայմանավորվածությունների միջոցով, որոնց մասին կապալառուն բանակցություններ է վարում Ձեռնարկության հետ, և որոնք նշվում են պայմանագիրը լրացնող փաստաթղթում: Սույն պարտավորությունը կարող է վկայակոչվել միայն այդ դեպքում, եթե Ձեռնարկությունը համարի, որ նա չի կարող բաց շուկայում և արդարացի ու ընդունելի առևտրային հիմունքներով և պայմաններով ձեռք բերել համանման կամ հավասար աստիճանի արդյունավետություն ունեցող և օգտակար տեխնոլոգիա,
բ/ գրավոր հավաստիացում ստանալ Շրջանում իրականացվող գործունեության ընթացքում օգտագործվող ցանկացած այնպիսի տեխնոլոգիայի սեփականատիրոջից, որը սովորաբար անհնար է ձեռք բերել բաց շուկայում, և որը նշված չէ «ա» ենթակետում, այն մասին, որ սեփականատերը, Մարմնի պահանջով, Ձեռնարկությանը կտրամադրի այդ տեխնոլոգիան թույլատրագրի կամ այլ համապատասխան պայմանավորվածության հիման վրա և արդարացի ու ընդունելի առևտրային հիմունքներով և պայմաններով` այնպես, ինչպես կապալառուին: Եթե այդպիսի հավաստում չի ստացվում, ապա նշված տեխնոլոգիան կապալառուի կողմից Շրջանում գործունեության իրականացման ընթացքում չի օգտագործվում,
գ/ իրավական ուժ ունեցող պայմանագրի հիման վրա, Ձեռնարկության խնդրանքով և կապալառուի համար առանց զգալի ծախսերի նախապայմանի, սեփականատիրոջից ստանալ պայմանագրի համաձայն Շրջանում իրականացվող գործունեության ընթացքում օգտագործվող տեխնոլոգիան Ձեռնարկությանը փոխանցելու իրավունք, որն այլ դեպքերում կապալառուն փոխանցելու իրավունք չունի, և որը սովորաբար անհնար է ձեռք բերել բաց շուկայում: Կապալառուի և տեխնոլոգիայի սեփականատիրոջ միջև զգալի կորպորատիվ փոխհարաբերությունների առկայության դեպքում այդ փոխհարաբերությունների սերտությունը և վերահսկողության ու ազդեցության աստիճանը հաշվի են առնվում՝ որոշելու համար, թե արդյոք բոլոր հնարավոր միջոցներն են ձեռնարկվել այդ իրավունքն ստանալու համար: Այն դեպքում, երբ կապալառուն արդյունավետ վերահսկողություն է իրականացնում տեխնոլոգիայի սեփականատիրոջ նկատմամբ, սեփականատիրոջից իրավունքի փոխանցումը հաշվի է առնվում այդ կապալառուի որակների ուսումնասիրման ժամանակ` աշխատանքային պլանի հաստատման ցանկացած հետագա հայտի ներկայացման դեպքում,
դ/ օժանդակել Ձեռնարկության կողմից, վերջինիս խնդրանքով, «բ» կետում նշված ցանկացած տեխնոլոգիայի ձեռքբերմանը, հավաստագրի կամ այլ համապատասխան պայմանավորվածության հիման վրա, արդարացի և ընդունելի առևտրային հիմունքներով և պայմաններով, եթե Ձեռնարկությունը որոշում է կայացնում բանակցություններ վարել անմիջապես տվյալ տեխնոլոգիայի սեփականատիրոջ հետ,
ե/ սույն Հավելվածի 9-րդ հոդվածի համաձայն պայմանագրի հայտ ներկայացրած զարգացող պետության կամ զարգացող պետությունների շահերից ելնելով՝ ձեռնարկել «ա», «բ», «գ» և «դ» ենթակետերում նշված միջոցները` պայմանով, որ այդ միջոցների կիրառման շրջանակը կսահմանափակվի Շրջանի այն մասի շահագործմամբ, որն առաջարկվել է կապալառուի կողմից և վերապահվել սույն Հավելվածի 8-րդ հոդվածին համապատասխան` այն պայմանով, որ գործունեությունն այն պայմանագրի համաձայն, որը ձգտում է ստանալ այդ զարգացող պետությունը կամ պետությունների խումբը, չի նախատեսելու տեխնոլոգիայի փոխանցումը երրորդ պետության կամ երրորդ պետության քաղաքացիների: Սույն ենթակետով սահմանված պարտավորությունը ենթակա է պարտադիր կատարման ցանկացած տվյալ կապալառուի կողմից այն դեպքում, եթե Ձեռնարկությանը չի դիմել կապալառուն տեխնոլոգիա տրամադրելու խնդրանքով, կամ եթե այդ տեխնոլոգիան վերջինիս կողմից Ձեռնարկությանը չի տրամադրվել:
4. 3-րդ կետով սահմանված պարտավորությունների կատարմանն առնչվող վեճերը, ինչպես նաև պայմանագրերի այդ դրույթների կատարմանն առնչվող վեճերը ենթակա են կարգավորման 11-րդ մասով նախատեսված պարտադիր ընթացակարգերին համապատասխան, և այդ ընթացակարգերը խախտելու դեպքում կարող է որոշում կայացվել պայմանագրի գործողության ընդհատման կամ դադարեցման կամ, սույն Հավելվածի 18-րդ հոդվածին համապատասխան, դրամական տույժերի նշանակման մասին: Վեճերն այն մասին, թե արդյոք կապալառուի կողմից ներկայացված առաջարկությունները համապատասխանում են արդարացի և ընդունելի առևտրային հիմունքներին և պայմաններին, կարող են ցանկացած կողմից փոխանցվել պարտադիր իրավարարության` ՅՈՒՆՍԻՏՐԱԼ-ի իրավարարական ընթացակարգերին և Մարմնի նորմերով, կանոններով ու ընթացակարգերով նախատեսված այլ իրավարարական ընթացակարգերին: Եթե եզրակացություն է տրվում, որ կապալառուի կողմից ներկայացված առաջարկությունը չի համապատասխանում արդարացի և ընդունելի առևտրային հիմունքներին և պայմաններին, ապա նրան տրվում է 45 օր իր առաջարկության վերանայման համար, որպեսզի այն համապատասխանության բերվի նշված հիմունքների և պայմանների հետ, մինչև Մարմինը որևէ որոշում կայացնի՝ սույն Հավելվածի 18-րդ հոդվածին համապատասխան:
5. Եթե Ձեռնարկությունը չի կարող արդարացի և ընդունելի առևտրային հիմունքներով և պայմաններով ստանալ համապատասխան տեխնոլոգիան Շրջանի օգտակար հանածոների արդյունահանումն ու վերամշակումը ժամանակին սկսելու համար, ապա Խորհուրդը կամ Ասամբլեան կարող են ստեղծել անդամ պետությունների մի խումբ, որը կազմված կլինի Շրջանում գործունեություն իրականացնող սուբյեկտներին երաշխավորություն տված պետություններից և այդպիսի տեխնոլոգիաների օգտագործման հնարավորությունն ունեցող այլ անդամ պետություններից: Այդ խումբը կանցկացնի համատեղ խորհրդակցություններ և արդյունավետ միջոցներ կձեռնարկի՝ ապահովելու համար, որ տեխնոլոգիան Ձեռնարկությանը տրամադրվի արդարացի և ընդունելի առևտրային հիմունքներով և պայմաններով: Յուրաքանչյուր այդպիսի անդամ պետություն իր օրենսդրական համակարգի շրջանակներում կձեռնարկի այդ նպատակին ուղղված բոլոր հնարավոր միջոցները:
6. Ձեռնարկության հետ համատեղ ձեռնարկությունների դեպքում տեխնոլոգիայի փոխանցումն իրականացվում է համատեղ ձեռնարկության մասին համաձայնագրի դրույթներին համապատասխան:
7. 3-րդ կետով սահմանված պարտավորությունները ներառվում են Շրջանում գործունեություն իրականացնելու մասին յուրաքանչյուր պայմանագրում մինչև ձեռնարկության կողմից գործունեությունն սկսվելու պահից 10 տարին լրանալը, որի ընթացքում այդ պարտավորությունները կարող են վկայակոչվել:
8. Սույն հոդվածի իմաստով «տեխնոլոգիա» նշանակում է մասնագիտացված սարքավորումները և տեխնիկական նոու-հաուն, այդ թվում` տեղեկագրերը, գծագրերը, օգտագործման հրահանգները, կենսունակ համակարգի ստեղծման, շահագործման և սպասարկման համար անհրաժեշտ կադրերի պատրաստումը, տեխնիկական խորհրդակցությունները և աջակցությունը, ինչպես նաև ոչ բացառիկ հիմունքներով այդ ամենի օգտագործման իրավունքը:
Հոդված 6
Աշխատանքային պլանների հաստատում
1. Սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու պահից վեց ամիս հետո, ապա յուրաքանչյուր չորս ամիսը մեկ անգամ Մարմինը նախաձեռնում է առաջարկվող աշխատանքային պլանների քննարկումներ:
2. Պայմանագրի ձևով աշխատանքային պլանի հաստատման հայտի քննարկման ժամանակ Մարմինը նախապես հավաստիանում է, թե՝
ա/ արդյոք հայտատուն հետևել է սույն Հավելվածի 4-րդ հոդվածին համապատասխան հայտերի ներկայացման համար նախատեսված ընթացակարգերին և ներկայացրե՞լ է արդյոք Մարմնին այդ հոդվածով սահմանված պարտավորություններն ու երաշխիքները: Այդ ընթացակարգերին չհետևելու և նշված պարտավորություններից և երաշխիքներից որևէ մեկի բացակայության դեպքում հայտատուին տրվում է 45 օր՝ այդ թերությունները լրացնելու համար,
բ/ արդյոք հայտատուն համապատասխանում է սույն Հավելվածի 4-րդ հոդվածով սահմանված պարտադիր պահանջներին:
3. Առաջարկվող բոլոր աշխատանքային պլաններն ուսումնասիրվում են ըստ ստացման հերթականության: Առաջարկվող աշխատանքային պլանները պետք է բավարարեն սույն Կոնվենցիայի համապատասխան դրույթների պահանջները և համապատասխանեն Մարմնի նորմերին, կանոններին և ընթացակարգերին, այդ թվում՝ տեխնոլոգիայի փոխանցմանն առնչվող օպերատիվ կարիքների, ֆինանսական վճարների և պարտավորությունների վերաբերյալ դրույթները, և ղեկավարվեն դրանցով: Եթե առաջարկվող աշխատանքային պլանները համապատասխանում են նշված պահանջներին, Մարմինը հաստատում է դրանք` պայմանով, որ դրանք համապատասխանում են նաև Մարմնի նորմերով, կանոններով և ընթացակարգերով սահմանված՝ միասնականության և անխտրականության պահանջներին, բացառությամբ այն դեպքերի, երբ.
ա/ առաջարկվող աշխատանքային պլանում նշված ամբողջ շրջանը կամ շրջաններն ընդգրկված են հաստատված աշխատանքային պլանում կամ ավելի շուտ ներկայացված՝ առաջարկվող աշխատանքային պլանում, որի վերաբերյալ Մարմինը վերջնական որոշում դեռ չի կայացրել,
բ/ Մարմինը մերժում է առաջարկվող աշխատանքային պլանում նշված ամբողջ շրջանի կամ դրա մի մասի հաստատումը՝ 162-րդ հոդվածի 2-րդ կետի «ժժե» ենթակետին համապատասխան,
գ/ առաջարկվող աշխատանքային պլանը ներկայացվել կամ հովանավորվել է այն անդամ պետության կողմից, որն արդեն ունի.
i) բազմամետաղային ճալաքարի հետախուզության և արդյունահանման աշխատանքների պլաններ չնախապատվիրված շրջաններում, որոնք աշխատանքային պլանի հայտում նշված շրջանի ցանկացած հատվածի հետ միասին տարածքով գերազանցում են 400.000 քառ. կմ շրջանակի 30 տոկոսը, որի կենտրոնը գտնվում է առաջարկվող աշխատանքային պլանում նշված շրջանի որևէ մասի կենտրոնում,
ii) բազմամետաղային ճալաքարի հետախուզության և արդյունահանման աշխատանքների պլաններ չնախապատվիրված շրջաններում, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է Շրջանի ողջ մակերեսի 2%, որը նախապատվիրված չէ կամ էլ, 162-րդ հոդվածի 2-րդ կետի «ժժե» ենթակետի համաձայն, շահագործման ենթակա չէ:
4. 3-րդ կետի «գ» ենթակետով սահմանված չափանիշը պահպանելու համար գործընկերության կամ կոնսորցիումի կողմից ներկայացվող աշխատանքային պլանը համաչափորեն ուսումնասիրվում է երաշխավորություն ներկայացրած անդամ պետությունների կողմից՝ սույն Հավելվածի 4-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան: Մարմինը կարող է հաստատել 3-րդ կետի «գ» ենթակետում նշված աշխատանքային պլանները, եթե նա համարում է, որ այդ հաստատումը թույլ չի տա այն անդամ պետություններին կամ սուբյեկտներին, որոնց օգտին է այն ուղղված, մենաշնորհացնել Շրջանում իրականացվող գործունեությունը կամ չթույլատրել այլ անդամ պետություններին գործունեություն իրականացնել Շրջանում:
5. Անկախ 3-րդ կետի «ա» ենթակետի դրույթներից՝ 151-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված միջանկյալ ժամանակահատվածի լրանալուց հետո Մարմինը կարող է նորմերի, կանոնների և ընթացակարգերի ընդունման միջոցով սահմանել սույն Կոնվենցիայի հետ համատեղելի այլ ընթացակարգեր և չափանիշներ, որոնք կկիրառվեն աշխատանքային պլանների ընտրության վերաբերյալ որոշումներ կայացնելու դեպքում` առաջարկվող շրջանի համար մի քանի հայտատուների առկայության դեպքում: Այդ ընթացակարգերն ու չափանիշներն ապահովում են աշխատանքային պլանների հաստատումը արդարացի և անխտրական հիմունքներով:
Հոդված 7
Հայտատուների ընտրությունը արտադրության թույլտվություններ տալու համար
1. Սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու պահից վեց ամիս հետո, ապա յուրաքանչյուր չորս ամիսը մեկ անգամ Մարմինն ուսումնասիրում է անմիջապես դրան նախորդող ժամանակահատվածում ներկայացված արտադրության թույլտվություններ տալու հայտերը: Մարմինը տալիս է պահանջվող թույլտվությունները բոլոր այդպիսի հայտերը հաստատելու դեպքում` առանց արտադրության սահմանված չափերը գերազանցելու կամ ապրանքային համաձայնագրով կամ պայմանավորվածությամբ, որի անդամ է դառնում Մարմինը 151-րդ հոդվածով սահմանված կարգով, Մարմնի համար սահմանված պարտավորությունները խախտելու:
2. Այն դեպքերում, երբ 151-րդ հոդվածի 2-7-րդ կետերում նշված արտադրության սահմանափակման կամ ապրանքային համաձայնագրով կամ պայմանավորվածությամբ, որի անդամ է դառնում Մարմինը 151-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով, Մարմնի համար սահմանված պարտավորություններին համապատասխան անհրաժեշտ է ընտրություն կատարել հայտատուների թվից, Մարմինը կատարում է այդ ընտրությունը օբյեկտիվ և ոչ խտրական սկզբունքների հիման վրա, որոնք սահմանվում են իր նորմերով, կանոններով և ընթացակարգերով:
3. 2-րդ կետի կիրառման դեպքերում Մարմինն առաջնայնությունը տալիս է այն հայտատուներին, որոնք.
ա/ տալիս են աշխատանքների կատարման լավագույն երաշխիքներ` հաշվի առնելով դրանց համար անհրաժեշտ ֆինանսական և տեխնիկական պայմանները, և որոնց արդեն կատարված աշխատանքները համապատասխանում են նախկինում հաստատված աշխատանքային պլաններին,
բ/ ապահովում են ավելի վաղաժամկետ հեռանկարային ֆինանսական շահույթներ Մարմնի համար` հաշվի առնելով արդյունաբերական արտադրությունը սկսելու համար սահմանված ժամկետները,
գ/ արդեն խոշոր միջոցներ և ջանքեր են ներդրել հետախուզության և հետազոտության աշխատանքների համար:
4. Հայտատուները, որոնք ոչ մի ժամանակահատվածում չեն ընտրվել, հետագա ժամանակահատվածներում ստանում են առաջնայնություն՝ մինչև արտադրության թույլտվություն ստանալը:
5. Ընտրությունը կատարվում է՝ հաշվի առնելով բոլոր անդամ պետությունների համար հնարավորությունների ընդլայնման անհրաժեշտությունը, անկախ նրանց սոցիալ-տնտեսական համակարգից կամ աշխարհագրական դիրքից, և որևէ պետության կամ համակարգի նկատմամբ խտրական մոտեցումները բացառելու նպատակով, Շրջանում իրականացվող գործունեությանը մասնակցելու և այդ գործունեության մենաշնորհացումը կանխարգելելու համար:
6. Նախապատվիրված շրջաններում արտադրության թույլտվության հայտերը առաջնայնություն ունեն ամեն անգամ, երբ շահագործվող նախապատվիրված շրջանների թիվն ավելի փոքր է, քան չնախապատվիրված շրջաններինը:
7. Սույն հոդվածում նշված որոշումները կայացվում են յուրաքանչյուր ժամանակահատվածի լրանալուց հետո` հնարավորինս սեղմ ժամկետներում:
Հոդված 8
Շրջանների նախապատվիրում
Յուրաքանչյուր հայտ, բացառությամբ այն հայտերի, որոնք Ձեռնարկության կամ ցանկացած այլ սուբյեկտների կողմից ներկայացվում են նախապատվիրված շրջանների համար, ներառում է ընդհանուր տարածք, որը պարտադիր չէ, որ մեկ ամբողջական տարածք լինի, որը բավականաչափ լայնածավալ է և բավարար ենթադրական առևտրային արժեք ունի` արդյունահանման երկու գործողությունների իրականացումը թույլ տալու համար: Հայտատուն նշում է Շրջանը հավասար ենթադրական առևտրային արժեք ունեցող երկու մասի բաժանող գծի կոորդինատները և տրամադրում այդ երկու մասերի վերաբերյալ իր մոտ առկա բոլոր տեղեկությունները: Առանց Մարմնի իրավասությունները խախտելու, սույն Հավելվածի 17-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, բազմամետաղ ճալաքարի վերաբերյալ տրամադրվող տվյալները վերաբերում են քարտեզների կազմմանը, նմուշառմանը, ճալաքարի տեղադրվածության խտությանը և մետաղների պարունակությանը դրա մեջ: Այդ տվյալներն ստանալուց հետո՝ 45 օրվա ընթացքում, Մարմինը որոշում է, թե որ մասն է նախապատվիրվելու բացառապես Մարմնի կողմից Ձեռնարկության միջոցով կամ զարգացող պետությունների հետ համատեղ գործունեության իրականացման համար: Այդ որոշումը կարող է հետաձգվել 45 օր լրացուցիչ ժամկետով, եթե Մարմինը որևէ անկախ փորձագետի հանձնարարի ստուգել, թե արդյոք սույն հոդվածով նախատեսված բոլոր տվյալներն են տրամադրվել Մարմնին: Նշված շրջանը նախապատվիրված շրջան է դառնում չնախապատվիրված շրջանի համար աշխատանքային պլանը հաստատելուց և պայմանագիրը ստորագրելուց անմիջապես հետո:
Հոդված 9
Նախապատվիրված շրջաններում իրականացվող գործունեությունը
1. Ձեռնարկությանը հնարավորություն է տրվում որոշել, թե արդյոք ինքը մտադրված է գործունեություն իրականացնել յուրաքանչյուր նախապատվիրված շրջանում: Այդ որոշումը կարող է կայացվել ցանկացած պահի՝ բացառությամբ այն դեպքերի, երբ Մարմինը, 4-րդ կետի համաձայն, ծանուցում է ստանում, և Ձեռնարկությունը խելամիտ ժամկետի ընթացքում որոշում է կայացնում: Ձեռնարկությունը կարող է որոշում կայացնել շահագրգիռ պետության կամ սուբյեկտի հետ համատեղ ձեռնարկությունների գործունեության շրջանակներում այդպիսի շրջանների շահագործման մասին:
2. Ձեռնարկությունը կարող է պայմանագրեր կնքել իր գործունեության մի մասի իրականացման մասին` 4-րդ Հավելվածի 12-րդ հոդվածի դրույթներին համապատասխան: Նա կարող է նաև այդ գործունեության իրականացման նպատակով համատեղ ձեռնարկություններ ստեղծել ցանկացած սուբյեկտի հետ, որը, 153-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետի համաձայն, Շրջանում գործունեություն իրականացնելու իրավունք ունի: Այդպիսի համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունները քննարկելիս Ձեռնարկությունը զարգացող պետություններ հանդիսացող անդամ պետություններին և նրանց քաղաքացիներին արդյունավետ մասնակցության հնարավորություն է ընձեռում:
3. Մարմինն իր նորմերում, կանոններում և ընթացակարգերում կարող է նյութական և ընթացակարգային պահանջներ սահմանել այդպիսի պայմանագրերի և համատեղ ձեռնարկությունների համար:
4. Զարգացող պետություն հանդիսացող ցանկացած անդամ պետություն կամ ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը երաշխավորում կամ արդյունավետ կերպով վերահսկվում է այդ կամ զարգացող պետություն հանդիսացող որևէ այլ անդամ պետության կողմից և համապատասխանում է հայտատուին ներկայացվող բոլոր պահանջներին, կամ վերը նշված սուբյեկտների ցանկացած խումբ կարող է ծանուցել Մարմնին սույն Հավելվածի 6-րդ հոդվածին համապատասխան նախապատվիրված շրջանի համար աշխատանքային պլան ներկայացնելու իր մտադրության մասին: Աշխատանքային պլանը քննարկման է ներկայացվում այն դեպքում, երբ Ձեռնարկությունը, 1-ին կետի դրույթներին համապատասխան, որոշում է կայացնում, որ ինքը դեռ մտադրված չէ գործունեություն իրականացնել այդ շրջանում:
Հոդված 10
Հայտատուներին տրվող նախընտրություններն ու առաջնայնությունները
Այն օպերատորը, որն աշխատանքային պլան ունի միայն հետախուզության համար, ինչպես դա նախատեսված է սույն Հավելվածի 3-րդ հոդվածի 4-րդ կետի «գ» ենթակետով, նախընտրելի է համարվում և առաջնայնություն է ստանում տվյալ շրջանի շահագործման և դրա պաշարների արդյունահանման աշխատանքների պլաններ ներկայացնող բոլոր այլ հայտատուների նկատմամբ: Սակայն օպերատորը կարող է զրկվել այդ առավելությունից և նախապատվությունից աշխատանքների անբավարար իրականացման դեպքում:
Հոդված 11
Համատեղ ձեռնարկություններ
1. Պայմանագրերով կարող է նախատեսվել համատեղ գործունեության իրականացում կապալառուի և Մարմնի կողմից` Ձեռնարկության միջոցով` համատեղ ձեռնարկությունների կամ արտադրանքի բաշխման, ինչպես նաև համատեղ ձեռնարկության ցանկացած այլ տեսքով, որը նույնչափ պաշտպանված է վերանայումից, գործողության ընդհատումից կամ դադարեցումից, որքան Մարմնի հետ կնքված պայմանագրերը:
2. Ձեռնարկության հետ այդպիսի համատեղ ձեռնարկություններ ստեղծող կապալառուները կարող են ֆինանսական արտոնություններ ստանալ, որոնք նախատեսված են սույն Հավելվածի 13-րդ հոդվածով:
3. Համատեղ ձեռնարկություն ստեղծած Ձեռնարկության գործընկերները պարտավոր են կատարել սույն Հավելվածի 13-րդ հոդվածով նախատեսված վճարումները համատեղ ձեռնարկություններում իրենց բաժնեմասին համապատասխան` հաշվի առնելով նշված հոդվածով նախատեսված ֆինանսական արտոնությունները:
Հոդված 12
Ձեռնարկության կողմից իրականացվող գործունեությունը
1. 153-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետի համաձայն Ձեռնարկության կողմից Շրջանում իրականացվող գործունեությունը ղեկավարվում է 11-րդ մասի դրույթներով, Մարմնի նորմերով, կանոններով, ընթացակարգերով և մարմնի համապատասխան որոշումներով:
2. Ձեռնարկության կողմից ներկայացված աշխատանքային պլաններին կից ներկայացվում է հիմնավորումը, որը հաստատում է Ձեռնարկության ֆինանսական և տեխնիկական հնարավորությունները:
Հոդված 13
Պայմանագրերի ֆինանսական պայմանները
1. Մարմնի և 153-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետում նշված սուբյեկտների միջև պայմանագրի ֆինանսական պայմաններին առնչվող նորմերը, կանոնները և ընթացակարգերն ընդունելիս և 11-րդ մասի դրույթներին, ինչպես նաև Մարմնի նորմերին, կանոններին և ընթացակարգերին համապատասխան՝ այդ ֆինանսական պայմանների շուրջ բանակցություններ վարելիս, Մարմինը ղակավարվում է հետևյալ նպատակներով.
ա/ օպտիմալ եկամուտներ ապահովել Մարմնի համար արդյունաբերական արտադրությունից ստացվող շահույթի հաշվին,
բ/ Շրջանի հետախուզության և շահագործման համար ներգրավել կապիտալ ներդրումներ և տեխնոլոգիաներ,
գ/ ապահովել ֆինանսական պայմանների հավասարությունը կապալառուների համար և վերջիններիս ֆինանսական պարտավորությունների համեմատելիությունը,
դ/ միասնական և անխտրական հիմունքներով արտոնություններ տրամադրել կապալառուներին, որպեսզի վերջիններս համատեղ ձեռնարկություններ ստեղծեն Ձեռնարկության և զարգացող պետությունների ու նրանց քաղաքացիների հետ, օժանդակել տեխնոլոգիայի փոխանցմանը վերջիններիս և պատրաստել կադրեր Մարմնի և զարգացող պետությունների համար,
ե/ Ձեռնարկությանը հնարավորություն ընձեռել արդյունավետ կերպով ներգրավվելու ծովի հատակի պաշարների արդյունահանման մեջ 153-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետում նշված սուբյեկտների հետ միասին, և
զ/ ապահովել, որ 14-րդ կետի կամ սույն Հավելվածի 19-րդ հոդվածին համապատասխան վերանայված պայմանագրերի պայմանների կամ էլ համատեղ ձեռնարկություններին վերաբերող՝ սույն Հավելվածի 11-րդ հոդվածի դրույթների համաձայն՝ կապալառուներին տրամադրվող արտոնությունները չբերեն կապալառուներին լրավճարների հատկացման, որոնք արհեստականորեն կբարձրացնեն դրանց մրցունակությունը` համեմատած ցամաքի վրա գործող արդյունահանողների հետ:
2. Հետախուզության և արդյունահանման պայմանագրերի տեսքով աշխատանքային պլանների հաստատման համար ներկայացվող հայտերի ուսումնասիրման արդյունքում առաջացող վարչական ծախսերը հոգալու նպատակով գանձվում է վճար, որը մեկ հայտի համար կազմում է 500.000 ԱՄՆ դոլար: Այդ հաստատագրված վճարը ժամանակ առ ժամանակ վերանայվում է Խորհրդի կողմից` վարչական ծախսերը հոգալու համար դրա բավարար լինելն ապահովելու նպատակով: Եթե հայտի ուսումնասիրման արդյունքում Մարմնի կողմից կրած ծախսերն ավելի փոքր են, քան սահմանված գումարն է, ապա Մարմինը փոխհատուցում է տարբերությունը հայտատուին:
3. Կապալառուն վճարում է 1 մլն ԱՄՆ դոլարի չափով սահմանված տարեկան վճար` պայմանագրի ուժի մեջ մտնելու օրվանից: Եթե արդյունաբերական արտադրության գործարկման սահմանված ժամկետը հետաձգվում է 151-րդ հոդվածի համաձայն արտադրության թույլտվություն տալու հետաձգման պատճառով, ապա հաստատագրված տարեկան վճար հետաձգման ժամանակահատվածի համար չի վճարվում: Արդյունաբերական արտադրության գործարկման օրվանից սկսած՝ կապալառուն վճարում է կամ արտադրության համար սահմանված վճարները, կամ էլ տարեկան հաստատագրված վճարը` վճարելով այն գումարը, որն ավելի բարձր է:
4. 3-րդ կետի համաձայն արդյունաբերական արտադրության գործարկման օրվանից մեկ տարվա ընթացքում կապալառուն կարող է նախընտրել իր ֆինանսական վճարները Մարմնին վճարել.
ա/ միայն արտադրության համար սահմանված վճարի տեսքով, կամ էլ
բ/ արտադրության համար սահմանված վճարի ընդհանուր գումարի և զուտ եկամուտների մի մասի վճարման միջոցով:
5. ա/ Եթե կապալառուն նախընտրում է կատարել իր ֆինանսական վճարումները Մարմնին միայն արտադրության համար սահմանված վճարի վճարման միջոցով, ապա վճարի չափը սահմանվում է պայմանագրում նշված շրջանում արդյունահանված բազմամետաղ ճալաքարից ստացված մշակված մետաղների շուկայական արժեքի սահմանված բաժնեմասի հիման վրա: Այդ բաժնեմասը հաշվարկվում է հետևյալ կերպ.
i) արդյունաբերական արտադրության 1–10 տարի` 5%,
ii) արդյունաբերական արտադրության սկզբի 11-րդ տարվանից սկսած` 12%:
բ/ Վերը նշված շուկայական արժեքը պայմանագրում նշված շրջանում արդյունահանված բազմամետաղ ճալաքարից ստացված մշակված մետաղների քանակության բազմապատկումն է համապատասխան հաշվետու տարվա ընթացքում այդ մետաղների միջին գնով, որը հաշվարկվում է՝ ըստ 7-րդ և 8-րդ կետերով սահմանված կարգի:
6. Եթե կապալառուն նախընտրում է կատարել իր ֆինանսական վճարումները Մարմնին արտադրության համար սահմանված վճարի ընդհանուր գումարի և զուտ եկամուտների մի մասի վճարման միջոցով, այդ վճարները հաշվարկվում են հետևյալ կերպ.
ա/ արտադրության համար սահմանված վճարը հաշվարկվում է պայմանագրում նշված շրջանում արդյունահանված բազմամետաղ ճալաքարից ստացված մշակված մետաղների` «բ» ենթակետի համաձայն հաշվարկվող շուկայական արժեքի սահմանված բաժնեմասի հիման վրա: Այդ բաժնեմասը հաշվարկվում է հետևյալ կերպ.
i) արդյունաբերական արտադրության 1-ին փուլ` 2%,
ii) արդյունաբերական արտադրության 2-րդ փուլ` 4%:
Եթե «դ» ենթակետով սահմանված արդյունաբերական արտադրության 1-ին փուլի ընթացքում ցանկացած հաշվետու տարվա համար կապիտալ ներդրումներից ստացված շահույթը, «ժդ» ենթակետի համաձայն, 4% կազմող արտադրության համար սահմանված վճարը վճարելու հետևանքով կազմում է 15%-ից պակաս, ապա արտադրության համար սահմանված վճարն այդ հաշվետու տարվա համար գանձվում է ոչ թե 4, այլ 2%-ի չափով:
բ/ Վերը նշված շուկայական արժեքը պայմանագրում նշված շրջանում արդյունահանված բազմամետաղ ճալաքարից ստացված մշակված մետաղների քանակության բազմապատկումն է համապատասխան հաշվետու տարվա ընթացքում այդ մետաղների միջին գնով, որը հաշվարկվում է՝ ըստ 7-րդ և 8-րդ կետերով սահմանված կարգի:
գ/ i) Զուտ եկամուտների Մարմնի բաժնեչափը հանվում է պայմանագրում նշված շրջանի պաշարների արդյունաբերումից ստացվող զուտ եկամուտներից, որոնք այսուհետև նշվում են որպես արդյունահանումից ստացվող զուտ եկամուտներ,
ii) արդյունահանումից ստացվող զուտ եկամուտների Մարմնի բաժնեչափը հաշվարկվում է ստորև բերված աճի սանդղակին համապատասխան.
Արդյունահանումից ստացվող զուտ եկամուտների մասը |
Մարմնի բաժնեչափը | |
Արդյունաբերակ. արտադրության |
Արդյունաբերակ. արտադրության | |
Կապիտալ ներդրումներից ստացված եկամուտների մասը, որը կազմում է 0-ից 10% |
35% |
40% |
Կապիտալ ներդրումներից ստացված եկամուտների մասը, որը կազմում է 10-ից 20% |
42.5% |
50% |
Կապիտալ ներդրումներից ստացված եկամուտների մասը, որը կազմում է 20% և ավելի |
50% |
70% |
դ/ 1. «ա» և «գ» ենթակետերում նշված արդյունաբերական արտադրության առաջին փուլն սկսվում է արդյունաբերական արտադրության առաջին հաշվետու տարվանից և ավարտվում այն հաշվետու տարում, երբ կապալառուի կողմից կատարված զարգացման ծախսերը դրանց չփոխհատուցված մասից առաջացած շահույթի հետ միասին ամբողջությամբ փոխհատուցվում են կապալառուի դրամով արտահայտված շահույթով, ինչպես ստորև նշված է: Առաջին հաշվետու տարում, որի ընթացքում կատարվել են զարգացման ծախսերը, զարգացման չփոխհատուցված ծախսերը հավասար են զարգացման ծախսերին` հանած դրամով արտահայտված այդ տարվա շահույթը: Յուրաքանչյուր հաջորդ հաշվետու տարում զարգացման չփոխհատուցված ծախսերը հավասար են նախորդ տարվա զարգացման չփոխհատուցված ծախսերին` գումարած ստացված շահույթը` 10% տարեկան տոկոսադրույքով, ընթացիկ հաշվետու տարում կրած զարգացման ծախսերը և հանած կապալառուի՝ տվյալ հաշվետու տարվա շահույթը` արտահայտված դրամով: Այն հաշվետու տարին, երբ զարգացման չփոխհատուցված ծախսերն առաջին անգամ կհավասարվեն զրոյի, կհանդիսանա հաշվարկային տարի, երբ կապալառուի զարգացման ծախսերը դրանց չփոխհատուցված մասից առաջացած շահույթի հետ միասին ամբողջությամբ փոխհատուցվում են կապալառուի դրամով արտահայտված շահույթով: Կապալառուի դրամով արտահայտված շահույթը ցանկացած հաշվետու տարվա համար հավասար է նրա համախառն եկամուտներին` հանած շահագործման ծախսերն ու «գ» ենթակետին համապատասխան Մարմնին կատարած վճարումները:
2. Արդյունաբերական արտադրության երկրորդ փուլն սկսվում է արդյունաբերական արտադրության առաջին փուլին հաջորդող հաշվետու տարում և շարունակվում է մինչև պայմանագրի գործողության ավարտը:
ե/ «արդյունահանումից ստացված զուտ շահույթը» կապալառուի զուտ շահույթն է` բազմապատկած լեռնահանքային հատվածում զարգացման ծախսերի և կապալառուի կրած՝ զարգացման ընդհանուր ծախսերի հարաբերակցությամբ: Եթե կապալառուն զբաղվում է բազմամետաղ ճալաքարի արդյունահանմամբ և տեղափոխմամբ, ինչպես նաև հիմնականում երեք մշակված մետաղների արտադրությամբ` կոբալտի, պղնձի և նիկելի, ապա արդյունահանումից կապալառուի ստացած զուտ շահույթը կազմում է զուտ շահույթի ոչ պակաս, քան 25%: «ժդ» ենթակետի դրույթների կատարման պայմանով՝ բոլոր այլ դեպքերում, ներառյալ այն դեպքերը, երբ կապալառուն զբաղվում է բազմամետաղ ճալաքարի արդյունահանմամբ և տեղափոխմամբ, ինչպես նաև հիմնականում չորս մշակված մետաղների արտադրությամբ` կոբալտի, պղնձի, մանգանի և նիկելի, Մարմինն իր նորմերում, կանոններում և ընթացակարգերում կարող է սահմանել համապատասխան ստորին սահմանագծեր` կիրառելով համամասնության նույն բանաձևը, ինչ երեք մետաղների համար 25%-անոց ստորին սահմանագծի հաշվարկման համար,
զ/ «կապալառուի զուտ շահույթը» կապալառուի համախառն շահույթն է` հանած շահագործման ծախսերը և «ժ» ենթակետին համապատասխան զարգացման ծախերի փոխհատուցման գումարը,
է/ i) եթե կապալառուն զբաղվում է բազմամետաղ ճալաքարի արդյունահանմամբ և տեղափոխմամբ, ինչպես նաև մշակված մետաղների արտադրությամբ, ապա «կապալառուի համախառն շահույթը» մշակված մետաղների վաճառքից առաջացած համախառն շահույթն է և այլ դրամական միջոցները, որոնք ստացվել են պայմանագրի համաձայն իրականացված այլ գործողություններից` Մարմնի նորմերին, կանոններին և ընթացակարգերին համապատասխան,
ii) բացի «է» ենթակետի 1-ին մասում և «ժդ» ենթակետի 3-րդ մասում նշված դեպքերից, բոլոր այլ դեպքերում «կապալառուի համախառն շահույթը» պայմանագրում նշված շրջանում արդյունահանված բազմամետաղ ճալաքարից ստացված կիսամշակ մետաղների վաճառքից առաջացած համախառն շահույթն է և այլ դրամական միջոցները, որոնք ստացվել են պայմանագրի համաձայն իրականացված այլ գործողություններից` Մարմնի նորմերին, կանոններին և ընթացակարգերին համապատասխան,
ը/ «կապալառուի զարգացման ծախսերն» են՝
i) մինչև արդյունաբերական արտադրության գործարկումը կատարած ծախսերը, որոնք ուղղակիորեն կապված են պայմանագրում նշված շրջանի արդյունաբերական ներուժի շահագործման և դրան առնչվող գործունեության հետ՝ պայմանագրով նախատեսված գործողությունների իրականացման համար` բոլոր դեպքերում, բացառությամբ «ժդ» ենթակետով նախատեսվածների և ընդունված հաշվապահական հաշվառման սկզբունքներին համապատասխան` ներառյալ, ի թիվս այլ ծախսերի, մեքենաների, սարքավորումների, նավերի, վերամշակող ձեռնարկության, շինարարության, շինությունների, հողային տարածքների արժեքը, ճանապարհների, պայմանագրում նշված շրջանում իրականացվող հետախուզության աշխատանքների, հետազոտությունների և զարգացման ծախսերը, շահաբաժնի, վարձակալության վարձավճարի, թույլատրագրերի համար սահմանված վճարների և այլ տեսակի վճարների վճարումը, և
ii) 1-ին կետում և վերը նշված այլ կետերում նշված ծախսերին համանման ծախսերը, որոնք կատարվել են արդյունաբերական արտադրության գործարկումից հետո և անհրաժեշտ են եղել աշխատանքային պլանի իրականացման համար` բացառությամբ շահագործման ծախսերի շարքին դասվող ծախսերի,
թ/ այն կապիտալ միջոցների իրացումից ստացված շահույթը և այդ կապիտալ միջոցների շուկայական արժեքը, որոնք այլևս չեն պահանջվում պայմանագրով նախատեսված գործողությունների իրականացման համար և չեն վաճառվում, հանվում են կապալառուի զարգացման ծախսերից համապատասխան հաշվետու տարվա ընթացքում: Եթե այդ պահումները գերազանցում են կապալառուի զարգացման ծախսերը, ապա ավելացած գումարը գումարվում է կապալառուի համախառն շահույթին,
ժ/ արդյունաբերական արտադրության գործարկումից առաջ կատարված` «ը» ենթակետի 1-ին մասում և «ժդ» ենթակետի 4-րդ մասում նշված կապալառուի զարգացման ծախսերը փոխհատուցվում են տասը միմյանց հավասար վճարումների տեսքով, որոնք վճարվում են յուրաքանչյուր տարի` սկսած արդյունաբերական արտադրության գործարկման օրվանից: Արդյունաբերական արտադրության գործարկումից հետո կատարված` «ը» ենթակետի 2-րդ մասում և «ժդ» ենթակետի 4-րդ մասում նշված կապալառուի զարգացման ծախսերը փոխհատուցվում են տասը կամ ավելի քիչ թվով միմյանց հավասար վճարումների տեսքով, որոնք վճարվում են յուրաքանչյուր տարի` մինչև պայմանագրի գործողության ավարտը՝ դրանց լիարժեք փոխհատուցման ապահովման համար,
ժա/ «կապալառուի շահագործման ծախսերը» բոլոր այն ծախսերն են, որոնք կատարվել են արդյունաբերական արտադրության գործարկումից հետո պայմանագրում նշված շրջանի արտադրական ներուժի շահագործման և դրան առնչվող պայմանագրով նախատեսված գործողությունների իրականացման ընթացքում` ընդունված հաշվապահական հաշվառման սկզբունքներին համապատասխան` ներառյալ, ի թիվս այլ ծախսերի, տարեկան հաստատված վճարը կամ արտադրության համար սահմանված վճարը` կախված այն բանից, թե որն է ավելի բարձր՝ աշխատավարձը, դրույքները, աշխատողներին հատկացվող նպաստները, նյութերը, ծառայությունները, տրանսպորտային ծախսերը, վերամշակման և իրացման հետ կապված ծախսերը, շահաբաժնի վճարումը, կոմունալ վճարումները, ծովային միջավայրի պահպանմանն ուղղված ծախսերը, պայմանագրով նախատեսված գործունեության իրականացման հետ ուղղակիորեն կապված հավելյալ և վարչական ծախսերը, ինչպես նաև ցանկացած զուտ շահագործման կորուստները` հետ կամ առաջ տեղափոխված, ինչպես նշված է ստորև: Զուտ շահագործման կորուստները կարող են առաջ տեղափոխվել անընդհատ երկու տարվա ընթացքում` բացառությամբ պայմանագրի գործողության վերջին երկու տարիները, երբ դրանք կարող են հետ տեղափոխվել երկու նախորդող տարով,
ժբ/ եթե կապալառուն զբաղվում է բազմամետաղ ճալաքարի վերամշակմամբ և տեղափոխմամբ, ինչպես նաև մշակված ու կիսամշակ մետաղների արտադրությամբ, ապա «լեռնահանքային հատվածի ծախսերը» նշանակում են կապալառուի զարգացման ծախսերի այն մասը, որն ուղղակիորեն կապված է պայմանագրում նշված շրջանի պաշարների արդյունահանման հետ` ընդունված հաշվապահական հաշվառման սկզբունքներին, ինչպես նաև Մարմնի նորմերին, կանոններին և ընթացակարգերին համապատասխան` ներառյալ, ի թիվս այլ ծախսերի, հայտի համար սահմանված վճարը, տարեկան հաստատագրված վճարը և համապատասխան դեպքերում պայմանագրում նշված շրջանում հետախուզության իրականացման ծախսերը, ինչպես նաև հետազոտության և արդյունահանման ծախսերի բաժնեմասը,
ժգ/ «կապիտալ ներդրումներից ստացվող շահույթը» յուրաքանչյուր հաշվետու տարվա համար տվյալ տարվա ընթացքում իրականացված արդյունահանումից ստացված զուտ շահույթների և լեռնահանքային հատվածի զարգացման ծախսերի միջև հարաբերակցությունն է: Այդ հարաբերակցության հաշվարկման նպատակների համար լեռնահանքային հատվածի զարգացման ծախսերը ներառում են լեռնահանքային հատվածում նոր սարքավորումների ձեռքբերման կամ հին սարքավորումների փոխարինման հետ կապված ծախսերը` հանած փոխարինված սարքավորումների սկզբնական արժեքը,
ժդ/ եթե կապալառուն զբաղվում է միայն արդյունահանմամբ, ապա
i. «արդյունահանումից ստացվող զուտ շահույթը» նշանակում է կապալառուի զուտ շահույթի ամբողջ գումարը,
ii. «կապալառուի զուտ շահույթ» հասկացությունը համապատասխանում է «զ» ենթակետում տրված սահմանմանը,
iii. «կապալառուի համախառն շահույթը» բազմամետաղ ճալաքարի իրացումից առաջացած համախառն շահույթն է և այլ դրամական միջոցները, որոնք ստացվել են պայմանագրով նախատեսված գործունեության իրականացման արդյունքում` Մարմնի նորմերին, կանոններին և ընթացակարգերին համապատասխան,
iv. «կապալառուի զարգացման ծախսերը» մինչև արդյունաբերական արտադրության գործարկումը կատարած բոլոր այն ծախսերն են, ինչպես սահմանված է «ը» ենթակետի 1-ին մասով, և արդյունաբերական արտադրության գործարկումից հետո կատարած բոլոր այն ծախսերն են, ինչպես սահմանված է «ը» ենթակետի 2-րդ մասով, որոնք ուղղակիորեն կապված են պայմանագրում նշված շրջանի պաշարների արդյունահանման հետ` հաշվարկված ընդունված հաշվապահական հաշվառման սկզբունքներին համապատասխան,
v. «կապալառուի շահագործման ծախսերը» «ժա» ենթակետում նշված կապալառուի կողմից կրած շահագործման այն ծախսերն են, որոնք ուղղակիորեն կապված են պայմանագրում նշված շրջանի պաշարների արդյունահանման հետ` հաշվարկված ընդունված հաշվապահական հաշվառման սկզբունքներին համապատասխան,
vi. «կապիտալ ներդրումներից ստացված շահույթը» ցանկացած հաշվետու տարվա համար այդ տարում կապալառուի ստացած զուտ շահույթի և կապալառուի կատարած շահագործման ծախսերի միջև հարաբերակցությունն է: Այդ հարաբերակցության հաշվարկման նպատակների համար կապալառուի զարգացման ծախսերը ներառում են նոր սարքավորումների ձեռքբերման կամ հին սարքավորումների փոխարինման հետ կապված ծախսերը` հանած փոխարինված սարքավորումների սկզբնական արժեքը,
ժե/ սույն կետի «ը», «ժա», «ժբ» և «ժդ» ենթակետերում նշված ծախսերը, որոնք վերաբերում են կապալառուի կողմից վճարվող շահաբաժնին, թույլատրելի են այնքանով, որքանով բոլոր դեպքերում, սույն Հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն, Մարմինը, որպես հիմնավորում, հաստատում է պարտքի և սեփական կապիտալի հարաբերակցությունն ու տոկոսադրույքը` գործող առևտրային պրակտիկային համապատասխան,
ժզ/ սույն կետում նշված ծախսերը չեն դիտվում որպես կորպորատիվ եկամտահարկը կամ այլ համանման վճարներն ընդգրկող ծախսեր, որոնք գանձվում են պետությունների կողմից՝ կապալառուի գործունեության համար:
7. ա/ 5-րդ և 6-րդ կետերում նշված «մշակված մետաղները» սովորական տեսք ունեցող մետաղներն են, որով դրանք վաճառվում են միջազգային վերջնական շուկաներում: Դրա համար Մարմինն իր նորմերում, կանոններում և ընթացակարգերում սահմանում է համապատասխան վերջնական շուկան: Այն մետաղների համար, որոնք չեն վաճառվում այդպիսի շուկաներում, «մշակված մետաղներ» հասկացությունը նշանակում է սովորական տեսք ունեցող մետաղները, որով դրանք վաճառվում են ներկայացուցչական պաշտոնական գործարքների ժամանակ,
բ/ եթե Մարմինը որևէ պատճառով չի կարողանում որոշել 5-րդ կետի «բ» ենթակետում և 6-րդ կետի «բ» ենթակետում հիշատակված պայմանագրում նշված շրջանում արդյունահանված բազմամետաղ ճալաքարից ստացված մշակված մետաղների քանակությունը, ապա այն հաշվարկվում է ըստ ճալաքարում մետաղի պարունակության՝ ըստ նորմալ տեխնիկական գործակցի և այլ համապատասխան գործոնների` Մարմնի նորմերին, կանոններին և ընթացակարգերին, ինչպես նաև հաշվապահական հաշվառման ընդունված սկզբունքներին համապատասխան:
8. Եթե միջազգային վերջնական շուկան ներկայացուցչական մեխանիզմ է հանդիսանում մշակված մետաղների, բազմամետաղ ճալաքարի և ճալաքարից ստացված կիսամշակ մետաղների գների որոշման համար, ապա ընդունվում է այդպիսի շուկայում առկա միջին գինը: Բոլոր այլ դեպքերում Մարմինը, կապալառուի հետ խորհրդակցություններ անցկացնելուց հետո, վերը նշված արտադրանքի համար, 9-րդ կետի համաձայն, նշանակում է արդար գին:
9. ա/ Բոլոր ծախսերը, վճարումները, շահույթներն ու եկամուտները, ինչպես նաև սույն հոդվածում նշված գնորոշման և արժեքի որոշման մեթոդները հանդիսանում են ազատ շուկայում կատարված գործարքների կամ պաշտոնական գործարքների արդյունք: Այդ պայմանների բացակայության դեպքում դրանք սահմանվում են Մարմնի կողմից, կապալառուի հետ խորհրդակցելուց հետո, այնպես, ինչպես եթե դրանք հանդիսանային ազատ շուկայում կատարված գործարքների կամ պաշտոնական գործարքների արդյունք` հաշվի առնելով այլ շուկաներում կատարված համապատասխան գործարքները,
բ/ սույն կետի դրույթների կիրառումն ապահովելու նպատակով Մարմինը ղեկավարվում է պաշտոնական գործարքների համար ընդունված սկզբունքներով և անդրազգային կորպորացիաների հարցերով Միավորված ազգերի կազմակերպության հանձնաժողովի, զարգացող և զարգացած պետությունների միջև հարկային պայմանավորվածությունների հարցերով փորձագետների խմբի և այլ միջազգային կազմակերպությունների կողմից կատարված դրանց մեկնաբանություններով և իր նորմերում, կանոններում և ընթացակարգերում ստույգ սահմանում է միասնական և միջազգային մակարդակի վրա ընդունված հաշվապահական հաշվառման նորմերն ու ընթացակարգերը և կապալառուի կողմից Մարմնի համար ընդունելի` համապատասխան վկայագրեր ունեցող անկախ աուդիտորների ընտրության մեխանիզմը` աուդիտը նշված նորմերին, կանոններին և ընթացակարգերին համապատասխան անցկացնելու նպատակով:
10. Կապալառուն Մարմնի նորմերին, կանոններին և ընթացակարգերին համապատասխան՝ աուդիտորներին ներկայացնում է այնպիսի ֆինանսական փաստաթղթեր, որոնք կարող են պահանջվել սույն հոդվածի դրույթների կատարումն ստուգելու համար:
11. Սույն հոդվածում նշված բոլոր ծախսերը, վճարումները, շահույթներն ու եկամուտներն, ինչպես նաև գներն ու արժեքները հաշվարկվում են հաշվապահական հաշվառման՝ ընդունված սկզբունքներին և Մարմնի նորմերին, կանոններին և ընթացակարգերին համապատասխան:
12. Վճարումները Մարմնին, 5-րդ և 6-րդ կետերին համապատասխան, կատարվում են ազատ շրջանառության մեջ գտնվող արժույթներով կամ այնպիսի արժույթներով, որոնք մատչելի են և արդյունավետ օգտագործվում են հիմնական արժութային շուկաներում, կամ էլ, կապալառուի ցանկությամբ, մշակված մետաղներով, որոնց շուկայական արժեքը հավասար է վճարման ենթակա գումարին: Շուկայական արժեքը որոշվում է 5-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան: Ազատ շրջանառության մեջ գտնվող արժույթները կամ արժույթները, որոնք մատչելի են և արդյունավետ, օգտագործվում են հիմնական արժութային շուկաներում, սահմանվում են Մարմնի նորմերին, կանոններին և ընթացակարգերին համապատասխան` գերակշռող մջազգային արժութային պրակտիկայի հիման վրա:
13. Մարմնի նկատմամբ կապալառուի բոլոր ֆինանսական պարտավորությունները, ինչպես նաև սույն հոդվածում նշված իր բոլոր վճարները, ծախսերը, վճարումները, շահույթն ու եկամուտները ուղղվում և շտկվում են` հենակետային տարվա համար դրանք անփոփոխ պայմաններով արտահայտելու միջոցով:
14. 1-ին կետում նշված նպատակներին հասնելու համար Մարմինը, նկատի առնելով Տնտեսական պլանավորման հանձնաժողովի և Իրավաբանական և տեխնիկական հանձնաժողովի առաջարկությունները, կարող է սահմանել նորմեր, կանոններ և ընթացակարգեր, որոնք կնախատեսեն միասնական և անխտրական հիմունքներով արտոնությունների տրամադրում կապալառուներին:
15. Պայմանագրով սահմանված ֆինանսական պայմանների մեկնաբանման վերաբերյալ Մարմնի և կապալառուի միջև ծագած վեճի դեպքում ցանկացած կողմ կարող է այդ վեճը փոխանցել առևտրային արբիտրաժի, որի արդյունքում կայացվում է պարտադիր որոշում, եթե երկու կողմերն էլ այդ վեճը, 188-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան, այլ միջոցներով կարգավորելու վերաբերյալ համաձայնություն ձեռք չեն բերում:
Հոդված 14
Տվյալների փոխանցում
1. Օպերատորը Մարմնի նորմերին, կանոններին և ընթացակարգերին, ինչպես նաև աշխատանքային պլանի պայմաններին համապատասխան և Մարմնի կողմից սահմանված ժամկետներում վերջինիս փոխանցում է բոլոր այն տվյալները, որոնք անհրաժեշտ են աշխատանքային պլանում նշված շրջանի նկատմամբ Մարմնի ղեկավար մարմինների լիազորությունների և գործառույթների արդյունավետ իրականացման համար:
2. Աշխատանքային պլանում նշված շրջանի վերաբերյալ փոխանցված տվյալները համարվում են սեփականություն և կարող են օգտագործվել միայն սույն հոդվածով սահմանված նպատակներով: Այն տվյալները, որոնք անհրաժեշտ են Մարմնի կողմից ծովային միջավայրի պահպանության և անվտանգության վերաբերյալ նորմերի, կանոնների և ընթացակարգերի մշակման համար, բացառությամբ սարքավորումների նախագծերի վերաբերյալ տվյալների, չեն դիտվում որպես սեփականություն:
3. Հետախույզների, պայմանագիր ստանալու համար հայտատուների և կապալառուների կողմից Մարմնին փոխանցված տվյալները համարվում են սեփականություն և Մարմնի կողմից Ձեռնարկությանը կամ Մարմնի իրավազորությունից դուրս գտնվող որևէ մեկին չեն կարող տրամադրվել, սակայն նախապատվիրված շրջանների վերաբերյալ տվյալները կարող են փոխանցվել Ձեռնարկությանը: Այդ տվյալները, որոնք Ձեռնարկությանն են փոխանցվում այդ անձանց կողմից, Ձեռնարկության կողմից Մարմնին կամ Մարմնի իրավազորությունից դուրս գտնվող որևէ մեկին չեն կարող տրամադրվել:
Հոդված 15
Կադրերի պատրաստման ծրագրեր
Կապալառուն մշակում է Մարմնի և զարգացող պետությունների կադրերի պատրաստման ծրագրեր, որոնք ներառում են այդ կադրերի մասնակցությունը պայմանագրով նախատեսված` Շրջանում իրականացվող գործունեության բոլոր տեսակներին` 144-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան:
Հոդված 16
Հետախուզության և արդյունահանման բացառիկ իրավունք
Մարմինը, 11-րդ մասի դրույթներին և իր նորմերին, կանոններին և ընթացակարգերին համապատասխան, օպերատորին տալիս է աշխատանքային պլանում նշված շրջանում հետախուզություն և արդյունահանում իրականացնելու բացառիկ իրավունք պաշարների որոշակի՝ սահմանված տեսակի նկատմամբ և ապահովում է, որ այդ շրջանում որևէ սուբյեկտ չիրականացնի պաշարների այլ տեսակի հետ կապված որևէ գործունեություն, որը կարող է խանգարել օպերատորի կողմից իրականացվող գործունեությանը: 153-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ օպերատորին երաշխավորվում է սեփականության իր իրավունքը:
Հոդված 17
Մարմնի նորմերը, կանոնները և ընթացակարգերը
1. Մարմինը, 160-րդ հոդվածի 2-րդ կետի «զ» ենթակետի 2-րդ մասի և 162-րդ հոդվածի 2-րդ կետի «ժե» ենթակետի 2-րդ մասի համաձայն, սահմանում և միասնականորեն ընդունում է 11-րդ մասով սահմանված իր գործառույթների կատարման համար անհրաժեշտ նորմերը, կանոններն ու ընթացակարգերը մասնավորապես հետևյալ ոլորտներում.
ա/ շրջանում հետախուզության և արդյունահանման իրականացման հետ կապված վարչարարական ընթացակարգեր,
բ/ գործողություններ.
i. շրջանի տարածքը,
ii. գործողությունների տևողությունը,
iii. աշխատանքների իրականացմանը ներկայացվող պահանջները` ներառյալ սույն Հավելվածի 4-րդ հոդվածի 6-րդ կետի «գ» ենթակետի համաձայն տրվող երաշխիքները,
iv. պաշարների տեսակները,
v. շրջաններից հրաժարվելը,
vi. հաշվետվություններ աշխատանքների ընթացքի վերաբերյալ,
vii. տվյալների տրամադրում,
viii. գործողությունների վերահսկում և տեսչությունների կազմակերպում,
ix. ծովային միջավայրում իրականացվող այլ գործողություններին միջամտության բացառում,
x. իրավունքների և պարտականությունների փոխանցում կապալառուներին,
xi. տեխնոլոգիաների փոխանցում զարգացող պետություններին 144-րդ հոդվածին համապատասխան` դրանց մասնակցությունն ապահովելու համար,
xii. օգտակար հանածոների արդյունահանմանն առնչվող նորմերը և մեթոդները` ներառյալ անվտանգության կանոնները, պաշարների պահպանման և ծովային միջավայրի պահպանության նորմերն ու չափանիշները,
xiii. «արդյունաբերական արտադրություն» հասկացության սահմանում,
xiv. որակական չափանիշներ հայտատուների համար,
գ/ ֆինանսական հարցեր.
i. ծախսերի հաշվարկման և հաշվապահական հաշվառման միասնական և անխտրական կանոնների, ինչպես նաև աուդիտորների ընտրության մեխանիզմի սահմանում,
ii. գործողություններից ստացված շահույթի բաշխում,
iii. սույն Հավելվածի 13-րդ հոդվածով նախատեսված արտոնություններ,
դ/ 151-րդ հոդվածի 10-րդ կետի և 164-րդ հոդվածի 2-րդ կետի «դ» ենթակետի համաձայն ընդունված որոշումների իրականացում:
2. Ստորև նշված ոլորտներին առնչվող նորմերը, կանոններն ու ընթացակարգերը պետք է ամբողջությամբ համապատասխանեն հետևյալ օբյեկտիվ չափանիշներին.
ա/ շրջանների տարածքը.
Մարմինը սահմանում է այն տարածքները, որտեղ իրականացվելու է հետախուզություն, և որոնք կարող են երկու անգամ մեծ լինել արդյունահանման համար նախատեսված տարածքներից` ավելի ինտենսիվ հետախուզության իրականացման համար հնարավորություններ ստեղծելու նպատակով:
Շրջանների տարածքները սահմանելիս պետք է ապահովվի դրանց համապատասխանությունը սույն Հավելվածի 8-րդ հոդվածով շրջանների նախապատվիրման համար սահմանված պահանջներին, ինչպես նաև պայմանագրի դրույթների համաձայն իրականացվող արտադրության համար 151-րդ հոդվածով սահմանված պահանջներին` հաշվի առնելով տվյալ պահին առկա` ծովի հատակից օգտակար հանածոների արդյունահանման տեխնոլոգիաների մակարդակը և շրջանների համապատասխան ֆիզիկական բնութագրերը: Շրջանների տարածքները չեն կարող լինել այդ նպատակի համար անհրաժեշտ տարածքներից մեծ կամ փոքր:
բ/ Գործողությունների տևողություն.
i. հետախուզության աշխատանքները կարող են իրականացվել առանց ժամանակային որևէ սահմանափակման,
ii. հետազոտության ժամկետը պետք է բավականաչափ տևական լինի, որպեսզի թույլ տա մանրամասնորեն հետազոտել շրջանը, նախագծել և պատրաստել շրջանում արդյունահանման համար օգտագործվելիք սարքավորումները, նախագծել և հավաքել փոքր և միջին չափի վերամշակման կայանքներ` արդյունահանման և վերամշակման համակարգերի աշխատանքի ստուգման նպատակով,
iii. շահագործման տևողությունը պետք է փոխկապակցված լինի արդյունահանման ծրագրի իրականացման տնտեսապես նպատակահարմար ժամկետի հետ` հաշվի առնելով այնպիսի գործոնները, ինչպիսիք են հանքանյութի սպառումը, արդյունահանման և վերամշակման համար օգտագործվող սարքավորումների և կայանքների օգտակար շահագործման ժամկետը և առևտրային մրցունակությունը: Արդյունահանման ժամկետը պետք է բավականաչափ տևական լինի, որպեսզի թույլ տա շրջանի օգտակար հանածոների լիարժեք արդյունահանումը, և պետք է նաև ներառի արդյունաբերական ծավալների հասնող՝ արդյունահանման և վերամշակման համար անհրաժեշտ համակարգերի ստեղծման համար պահանջվող ժամանակահատվածը, որի ընթացքում արդյունաբերական արտադրության իրականացում չի պահանջվում: Սակայն արդյունահանման ընդհանուր ժամկետը պետք է նաև այնքան կարճ լինի, որ Մարմնին թույլ տա փոփոխել աշխատանքային պլանի պայմաններն ու դրույթները նրա կողմից այդ պլանի գործողության ժամկետի երկարացման հարցի քննարկման ժամանակ` այն նորմերին, կանոններին և ընթացակարգերին համապատասխան, որը Մարմինն ընդունել է մինչև աշխատանքային պլանի ուժի մեջ մտնելը:
գ/ Աշխատանքների իրականացմանը ներկայացվող պահանջները.
Մարմինը պահանջում է, որ հետախուզության փուլում օպերատորը կատարի պարբերական բնույթ կրող ծախսեր, որոնք համեմատելի կլինեն աշխատանքային պլանում նշված շրջանի և այնպիսի բարեխիղճ օպերատորից ակնկալվող ծախսերի հետ, որը մտադրություն ունի Մարմնի կողմից սահմանված ժամկետներում արդյունաբերական արտադրություն կազմակերպել շրջանում: Այդպիսի պահանջվող ծախսերի չափը չպետք է սահմանվի այնպիսի մակարդակով, որը կարող է խթաններից զրկել այն օպերատորներին, որոնց մոտ առկա են ավելի թանկարժեք տեխնոլոգիաներ, քան տվյալ պահին օգտագործվողներն են: Հետախուզության փուլն ավարտվելուն և արդյունահանման փուլն սկսելուն պես Մարմինը սահմանում է արդյունաբերական արտադրության փուլին հասնելու համար անհրաժեշտ ժամկետը: Այդ ժամկետը սահմանելիս Մարմինը պետք է հաշվի առնի, որ արդյունահանման և վերամշակման խոշոր համակարգերի ստեղծումը կարող է սկսվել միայն հետախուզության փուլն ավարտվելուց և արդյունահանման փուլն սկսելուց հետո: Հետևաբար, արդյունաբերական արտադրություն սկսելու համար անհրաժեշտ ժամկետը սահմանելիս հարկավոր է հաշվի առնել նշված համակարգերի ստեղծման համար անհրաժեշտ ժամանակը հետախուզության փուլի ավարտից հետո: Հարկ է նաև հաշվի առնել, որ առաջացած հետաձգումների պատճառով շինարարության ժամանակացույցում կարող են կատարվել փոփոխություններ: Արդյունաբերական արտադրությունն սկսելուց հետո Մարմինը, խելամիտ շրջանակներում և հաշվի առնելով համապատասխան բոլոր գործոնները, օպերատորից պահանջում է պահպանել արդյունաբերական արտադրությունը աշխատանքային պլանի գործողության ողջ ժամկետի ընթացքում:
դ/ Պաշարների տեսակները.
Հաստատման ենթակա աշխատանքային պլանում նախատեսված պաշարների տեսակները սահմանելիս Մարմինը հատուկ ուշադրություն է դարձնում, ի թիվս այլ հանգամանքների, հետևյալ բնութագրերի վրա.
i. որոշ տեսակների պաշարների արդյունահանման համար պահանջվում է համանման մեթոդների կիրառում,
ii. որոշ տեսակների պաշարներ չեն կարող արդյունահանվել միևնույն ժամանակ՝ առանց լրացուցիչ միջամտությունների միևնույն շրջանում տարբեր պաշարներ արդյունահանող այլ օպերատորների աշխատանքներին:
Սույն ենթակետի ոչ մի դրույթ Մարմնին չի խոչընդոտում աշխատանքային պլան հաստատել միևնույն շրջանում միևնույն օպերատորի կողմից պաշարների մեկից ավելի տեսակների արդյունահանման համար:
ե/ Շրջաններից հրաժարվելը.
Օպերատորն իրավունք ունի, առանց պատժամիջոցների ենթարկվելու, ցանկացած ժամանակ մասնակիորեն կամ ամբողջությամբ հրաժարվելու աշխատանքային պլանում նշված շրջանի նկատմամբ իր իրավունքներից:
զ/ Ծովի միջավայրի պահպանություն.
Ծովի միջավայրը Շրջանում իրականացվող գործունեության կամ տվյալ տեղամասում արդյունահանվող օգտակար հանածոների արդյունահանման տեղամասի վրա գտնվող նավերի վրա իրականացվող վերամշակման արդյունքում առաջացող վնասակար ազդեցությունից պաշտպանելու նպատակով սահմանվում են նորմեր, կանոններ և ընթացակարգեր, որոնցում հաշվի է առնվում, թե որքանով է այդ վնասակար ազդեցությունը հանդիսանում հորատման, հունափորման, նմուշառման և բնահողի հանման, ինչպես նաև նստվածքի, թափոնների և այլ արտանետումների հեռացման, թաղման կամ ծովի միջավայր արտանետման անմիջական արդյունք:
է/ Արդյունաբերական արտադրություն.
Արդյունաբերական արտադրությունը համարվում է սկսված, եթե օպերատորն իրականացնում է արդյունահանման անընդհատ լայնածավալ աշխատանքներ, որոնց արդյունքում ստացվում է նյութերի այնպիսի քանակություն, որը բավարար է հստակորեն ցուցադրելու համար, որ աշխատանքների գլխավոր նպատակը լայնածավալ արդյունահանումն է, այլ ոչ թե արտադրությունը, որը նախատեսված է տեղեկատվության հավաքման, նմուշառման կամ սարքավորումների ու կայանքների փորձարկման համար:
Հոդված 18
Պատժամիջոցներ
1. Կապալառուի պայմանագրով սահմանված իրավունքները կարող են կասեցվել կամ դադարեցվել հետևյալ դեպքերում.
ա/ եթե, չնայած Մարմնի կողմից արված զգուշացմանը, կապալառուն իր գործունեությունն իրականացնում է այնպես, որ այն բերում է պայմանագրի հիմնական պայմանների, 11-րդ մասի դրույթների, ինչպես նաև Մարմնի նորմերի, կանոնների և ընթացակարգերի լուրջ, մշտական բնույթ կրող և կանխամտածված խախտումների, կամ
բ/ եթե կապալառուն չի կատարում վեճերի կարգավորման մասին Մարմնի կողմից կայացված իրեն վերաբերող վերջնական որոշման պահանջները:
2. 1-ին կետի «ա» ենթակետով չնախատեսված պայմանագրի ցանկացած խախտման համար կամ, 1-ին կետի «ա» ենթակետին համապատասխան, պայմանագրի գործողության կասեցման կամ դադարեցման փոխարեն Մարմինը կարող է կապալառուին նշանակել խախտման լրջությանը համապատասխանող դրամական տույժ:
3. Բացառությամբ 162-րդ հոդվածի 2-րդ կետի «իբ» ենթակետով նախատեսված արտակարգ կարգադրությունների ընդունման դեպքերի՝ Մարմինը չի կարող կատարել դրամական տույժի նշանակման կամ իրավունքների իրականացման կասեցման կամ դադարեցման հետ կապված որոշումները, մինչև կապալառուին չտրամադրվի հնարավորություն՝ օգտագործելու իրավական պաշտպանության միջոցները, որոնցից նա իրավունք ունի օգտվելու՝ համաձայն 11-րդ մասի 5-րդ բաժնի:
Հոդված 19
Պայմանագրի վերանայում
1. Այնպիսի հանգամանքների ստեղծման կամ ստեղծման հավանականության դեպքում, որոնք, կողմերից մեկի կարծիքով, բերում են նրան, որ պայմանագիրը դառնում է անարդար կամ գործնականում ոչ կիրառելի, կամ որոնց առկայության դեպքում հնարավոր չէ հասնել պայմանագրում կամ 11-րդ մասում սահմանված նպատակներին, կողմերն սկսում են բանակցություններ` պայմանագրում համապատասխան փոփոխություններ կատարելու նպատակով:
2. 153-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթներին համապատասխան կնքված ցանկացած պայմանագիր կարող է վերանայվել միայն կողմերի համաձայնությամբ:
Հոդված 20
Իրավունքների և պարտականությունների փոխանցում
Պայմանագրից բխող իրավունքներն ու պարտականությունները կարող են փոխանցվել միայն Մարմնի համաձայնությամբ և նրա նորմերին, կանոններին և ընթացակարգերին համապատասխան: Մարմինն առանց որևէ հիմքի չի մերժում այդպիսի փոխանցումը, եթե իրավունքներն ստացողը բոլոր առումներով օրինական հայտատու է հանդիսանում և ստանձնում է իրավունքները փոխանցող սուբյեկտի բոլոր պարտականությունները, և եթե այդպիսի փոխանցումը չի ուղեկցվում ստացողին աշխատանքային պլանի փոխանցմամբ, որը ենթակա է հաստատման սույն Հավելվածի 6-րդ հոդվածի 3-րդ կետի «գ» ենթակետով սահմանված կարգով:
Հոդված 21
Կիրառվող օրենքներ
1. Պայմանագիրը ղեկավարվում է պայմանագրի դրույթներով, Մարմնի նորմերով, կանոններով և ընթացակարգերով, 11-րդ մասով և միջազգային իրավունքի այլ նորմերով, որոնք չեն հակասում սույն Կոնվենցիային:
2. Սույն Կոնվենցիայի դրույթների համաձայն՝ համապատասխան լիազորություններով օժտված դատարանի կամ արբիտրաժի վերջնական որոշումները, որոնք վերաբերում են Մարմնի և կապալառուի իրավունքներին և պարտականություններին, ենթակա են կատարման յուրաքանչյուր անդամ պետության տարածքում:
3. Ոչ մի անդամ պետություն չի կարող կապալառուին պարտադրել 11-րդ մասի դրույթներին հակասող պայմաններ: Սակայն անդամ պետության կողմից իր երաշխավորության ներքո գտնվող կապալառուների կամ իր դրոշի տակ նավարկող նավերի նկատմամբ սույն Հավելվածի 17-րդ հոդվածի 2-րդ կետի «զ» ենթակետի համաձայն ընդունված Մարմնի նորմերից, կանոններից և ընթացակարգերից ավելի խիստ բնապահպանական և այլ օրենքների և կանոնների կիրառումը չի համարվում 11-րդ մասի դրույթներին հակասող:
Հոդված 22
Պատասխանատվություն
Կապալառուն պատասխանատվություն է կրում բոլոր վնասների համար, որոնք պատճառվել են իր գործունեության իրականացման ընթացքում կատարված անօրինական գործողությունների արդյունքում` հաշվի առնելով Մարմնի գործողությունների կամ թույլ տված բացթողումների համար հնարավոր պատասխանատվության մասը:
ՀԱՎԵԼՎԱԾ 4
Ձեռնարկության Կանոնադրություն
Հոդված 1
Նպատակներ
1. Ձեռնարկությունը Մարմնի այն մարմինն է, որը, 153-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետի համաձայն, անմիջական գործունեություն է իրականացնում Շրջանում, ինչպես նաև կատարում է Շրջանում արդյունահանված օգտակար հանածոների փոխադրումը, վերամշակումն ու իրացումը:
2. Իր նպատակների և գործառույթների իրականացման ընթացքում Ձեռնարկությունը գործում է սույն Կոնվենցիայի դրույթներին, ինչպես նաև Մարմնի նորմերին, կանոններին և ընթացակարգերին համապատասխան:
3. 1-ին կետին համապատասխան՝ Շրջանի պաշարների արդյունահանման ընթացքում Ձեռնարկությունը, սույն Կոնվենցիայի դրույթների կատարման պայմանով, իր գործողություններն իրականացնում է խելամիտ առևտրային սկզբունքներին համապատասխան:
Հոդված 2
Հարաբերությունները Մարմնի հետ
1. 170-րդ հոդվածի համաձայն՝ Ձեռնարկությունը գործում է Ասամբլեայի կողմից որդեգրված ընդհանուր քաղաքականության և Մարմնի կարգադրություններին համապատասխան:
2. 1-ին կետի դրույթների կատարման պայմանով՝ Ձեռնարկությունն իր գործունեության իրականացման ընթացքում վայելում է ինքնավարություն:
3. Սույն Կոնվենցիայի ոչ մի դրույթ Ձեռնարկության նկատմամբ Մարմնի գործողությունների կամ պարտականությունների համար, իսկ Մարմնի նկատմամբ` Ձեռնարկության գործողությունների կամ պարտականությունների համար պատասխանատվություն չի նախատեսում:
Հոդված 3
Պատասխանատվության սահմանափակում
Առանց սույն Հավելվածի 11-րդ կետի 3-րդ ենթակետի դրույթները խախտելու՝ Մարմնի ոչ մի անդամ պատասխանատվություն չի կրում Ձեռնարկության գործողությունների կամ պարտականությունների համար միայն իր անդամակցության պատճառով:
Հոդված 4
Կառուցվածքը
Ձեռնարկությունն ունի Ղեկավար խորհուրդ, Գլխավոր տնօրեն և իր գործառույթների կատարման համար անհրաժեշտ աշխատակազմ:
Հոդված 5
Ղեկավար խորհուրդ
1. Ղեկավար խորհուրդը կազմված է 15 անդամից, որոնք ընտրվում են Ասամբլեայի կողմից` 160-րդ հոդվածի 2-րդ կետի «գ» ենթակետին համապատասխան: Ղեկավար խորհրդի անդամների ընտրության ժամանակ պատշաճ կերպով հաշվի է առնվում արդարացի աշխարհագրական բաշխման սկզբունքը: Ղեկավար խորհրդի ընտրությունների համար թեկնածությունների առաջադրման ժամանակ Մարմնի անդամները հաշվի են առնում մասնագիտական ամենաբարձր մակարդակի և համապատասխան ոլորտներում որակավորում ունեցող թեկնածուներ առաջադրելու անհրաժեշտությունը` Ձեռնարկության կենսունակությունն ու հաջողությունն ապահովելու նպատակով:
2. Ղեկավար խորհրդի անդամներն ընտրվում են 4 տարի ժամկետով և կարող են վերընտրվել, ընդ որում պատշաճ ուշադրություն է դարձվում անդամների ռոտացիայի սկզբունքին:
3. Ղեկավար խորհրդի անդամներն իրենց պաշտոնները զբաղեցնում են մինչև իրենց հաջորդների ընտրվելը: Ղեկավար խորհրդի անդամի պաշտոնի թափուր լինելու դեպքում Ասամբլեան, 160-րդ հոդվածի 2-րդ կետի «գ» ենթակետի համաձայն, մնացած ժամկետի համար ընտրում է նոր անդամ:
4. Ղեկավար խորհրդի անդամներն անկախ են իրենց գործառույթների կատարման ընթացքում: Իրենց պարտականությունները կատարելիս նրանք չեն հարցում կամ ստանում կարգադրություններ որևէ կառավարությունից կամ այլ աղբյուրից: Մարմնի անդամներն իրենց պարտականությունների կատարման ընթացքում հարգում են Ղեկավար խորհրդի անդամների անկախ կարգավիճակը և ձեռնպահ են մնում վերջիններիս որևէ մեկի վրա ազդեցություն գործելու փորձերից:
5. Ղեկավար խորհրդի յուրաքանչյուր անդամ ստանում է վարձատրություն, որը վճարվում է Ձեռնարկության միջոցներից: Վարձատրության չափը սահմանվում է Ասամբլեայի կողմից` Խորհրդի առաջարկությամբ:
6. Ղեկավար խորհուրդը սովորաբար իր գործունեությունն իրականացնում է Ձեռնարկության գլխավոր գրասենյակում և իր նիստերն անց է կացնում այնքան հաճախ, որքան կարող է պահանջվել` Ձեռնարկության գործունեությունից ելնելով:
7. Ղեկավար խորհրդի անդամների երկու երրորդը կազմում են քվորում:
8. Ղեկավար խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայն: Ղեկավար խորհրդի կողմից քննարկվող հարցերի վերաբերյալ որոշումներն ընդունվում են նրա անդամների մեծամասնությամբ: Եթե որևէ հարցի քննարկման ընթացքում շոշափվում են Ղեկավար խորհրդի որևէ անդամի շահերը, ապա այդ հարցի վերաբերյալ քվեարկությանը տվյալ անդամը չի մասնակցում:
9. Մարմնի ցանկացած անդամ կարող է դիմել Ղեկավար խորհրդին` վերջինիս կողմից իրականացվող և իրեն որոշակիորեն առնչվող գործողությունների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար: Ղեկավար խորհուրդը ձգտում է տրամադրել այդ տեղեկությունները:
Հոդված 6
Ղեկավար խորհրդի լիազորությունները և գործառույթները
Ղեկավար խորհուրդը ղեկավարում է Ձեռնարկության գործունեությունը: Սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան՝ Ղեկավար խորհուրդն օժտված է լիազորություններով, որոնք անհրաժեշտ են Ձեռնարկության նպատակներին հասնելու համար` ներառյալ հետևյալ լիազորությունները.
ա/ Նախագահի ընտրություն իր անդամների թվից,
բ/ սեփական կանոնակարգերի ընդունում,
գ/ 153-րդ հոդվածի 3-րդ կետին և 162-րդ հոդվածի 2-րդ կետի «թ» ենթակետին համապատասխան՝ պաշտոնական գրավոր աշխատանքային պլանների մշակում և ներկայացում Խորհրդին,
դ/ 170-րդ հոդվածով նախատեսված գործունեության իրականացման համար անհրաժեշտ աշխատանքային պլանների և ծրագրերի մշակում,
ե/ 151-րդ հոդվածի 2-7-րդ հոդվածներին համապատասխան՝ արտադրության թույլտվությունների հայտերի մշակում և ներկայացում Խորհրդին,
զ/ տեխնոլոգիայի, այդ թվում` 3-րդ Հավելվածի 5-րդ հոդվածի 3-րդ կետի «ա», «գ» և «դ» ենթակետերում նշված տեսակների ձեռքբերման շուրջ բանակցություններ վարելու թույլտվության տրամադրում, ինչպես նաև այդ բանակցությունների արդյունքների հաստատում,
է/ համատեղ ձեռնարկությունների ստեղծման և 3-րդ Հավելվածի 9-րդ և 11-րդ հոդվածներում նշված համատեղ այլ նախաձեռնությունների տեսակների շուրջ բանակցությունների պայմանների սահմանում և դրանց վարման համար թույլտվության տրամադրում, ինչպես նաև այդ բանակցությունների արդյունքների հաստատում,
ը/ առաջարկությունների ներկայացում Ասամբլեային այն մասին, թե Ձեռնարկության զուտ շահույթի որ մասն է հարկավոր, 160-րդ հոդվածի 2-րդ կետի «զ» ենթակետի և սույն Հավելվածի 10-րդ հոդվածի դրույթների համաձայն, թողնել որպես այդ Ձեռնարկության պահուստային միջոց,
թ/ Ձեռնարկության տարեկան բյուջեի հաստատում,
ժ/ սույն Հավելվածի 12-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ ապրանքների և ծառայությունների ձեռքբերման համար թույլտվության տրամադրում,
ժա/ տարեկան հաշվետվության ներկայացում Խորհրդին՝ սույն Հավելվածի 9-րդ հոդվածին համապատասխան,
ժբ/ Ասամբլեայի կողմից հաստատման համար Խորհրդին Ձեռնարկության կազմակերպման, ղեկավարման, աշխատակիցների ընդունման կամ հեռացման վերաբերյալ նորմերի նախագծերի ներկայացում և այդ նորմերի կատարման ապահովմանն ուղղված կանոնների ընդունում,
ժգ/ պարտքով վերցնել միջոցներ և դրանց համար ապահովել այնպիսի երաշխիքներ, որոնք նա կարող է սահմանել սույն Հավելվածի 11-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան,
ժդ/ մասնակցել ցանկացած դատաքննության, կնքել համաձայնագրեր և պայմանագրեր և ձեռնարկել ցանկացած այլ գործողություն, ինչպես նախատեսված է սույն Հավելվածի 15-րդ հոդվածով,
ժե/ Խորհրդի կողմից հաստատվելուց հետո Գլխավոր տնօրենին և իր հանձնաժողովներին փոխանցել ցանկացած անխտրական բնույթի լիազորություն:
Հոդված 7
Ձեռնարկության Գլխավոր տնօրեն և աշխատակազմ
1. Ասամբլեան, Խորհրդի առաջարկությամբ և Ղեկավար խորհրդի առաջադրմամբ, նշանակում է Ձեռնարկության Գլխավոր տնօրենին, որը Ղեկավար խորհրդի անդամ չի հանդիսանում: Գլխավոր տնօրենն իր պաշտոնում գործում է 5 տարին չգերազանցող՝ որոշակի սահմանված ժամկետի ընթացքում և կարող է վերընտրվել լրացուցիչ ժամկետով:
2. Գլխավոր տնօրենը Ձեռնարկության օրինական ներկայացուցիչն ու գործադիր ղեկավարն է հանդիսանում և Ձեռնարկության գործունեության համար պատասխանատու է անմիջապես Խորհրդի առջև: Նա պատասխանատու է Ձեռնարկության կազմակերպման, ղեկավարման, աշխատակիցների ընդունման և հեռացման համար` սույն Հավելվածի 6-րդ հոդվածի «ժգ» ենթակետում նշված նորմերին և կանոններին համապատասխան: Նա, առանց ձայնի իրավունքի, մասնակցում է Ղեկավար խորհրդի նիստերին և նույնպես, առանց ձայնի իրավունքի, կարող է մասնակցել Ասամբլեայի և Խորհրդի նիստերին այդ մարմինների կողմից Ձեռնարկությանն առնչվող հարցերի քննարկման ժամանակ:
3. Կադրեր նշանակելիս և աշխատանքի պայմանները սահմանելիս առաջին հերթին անհրաժեշտ է հաշվի առնել աշխատունակության և տեխնիկական որակավորման ամենաբարձր մակարդակի ապահովման անհրաժեշտությունը: Համապատասխան կերպով կարևորվում է նաև արդարացի աշխարհագրական հիմունքներով կադրերի նշանակումը:
4. Իրենց պարտականությունների կատարման ընթացքում Գլխավոր տնօրենը և աշխատակազմը չպետք է հարցնեն կամ ստանան կարգադրություններ որևէ կառավարությունից կամ այլ աղբյուրից, որը ոչ մի կերպ կապված չէ Ձեռնարկության հետ: Նրանք պետք է նաև ձեռնպահ մնան ցանկացած գործողությունից, որը կարող է ազդել նրանց` որպես միայն Ձեռնարկության առջև հաշվետու, Ձեռնարկության միջազգային կարգավիճակ ունեցող պաշտոնատար անձանց դիրքի վրա: Յուրաքանչյուր անդամ պետություն պարտավորվում է հարգել Գլխավոր տնօրենի և աշխատակազմի՝ խիստ միջազգային կարգավիճակը և խուսափել նրանց վրա ազդեցություն գործելու փորձերից պաշտոնական պարտականությունների կատարաման ընթացքում:
5. 168-րդ հոդվածի 2-րդ կետում հիշատակված պատասխանատվությունը հավասարաչափ տարածվում է նաև Ձեռնարկության աշխատակիցների վրա:
Հոդված 8
Տեղակայման վայրը
Ձեռնարկության գլխավոր գրասենյակը գտնվում է Մարմնի տեղակայման վայրում: Ձեռնարկությունը կարող է հիմնել այլ գրասենյակներ և օբյեկտներ Մարմնի անդամ հանդիսացող ցանկացած պետության տարածքում այդ պետության համաձայնության դեպքում:
Հոդված 9
Զեկույցներ և ֆինանսական հաշվետվություններ
1. Յուրաքանչյուր ֆինանսական տարվա ավարտից հետո երեք ամսվա ընթացքում Ձեռնարկությունը Խորհրդի քննարկմանն է ներկայացնում տարեկան զեկույց, որն ընդգրկում է աուդիտորների կողմից ստուգված հաշվետվություն իր հաշիվների վիճակի մասին, սահմանված պարբերականությամբ Խորհրդին համառոտ հաշվետվություններ է ներկայացնում ֆինանսական վիճակի մասին, ինչպես նաև շահույթի և վնասների մասին հաշվետվություններ, որոնք ցույց են տալիս Ձեռնարկության գործունեության արդյունքները:
2. Ձեռնարկությունը հրապարակում է տարեկան հաշվետվությունը և այլ հաշվետվությունները, որոնք ինքը նպատակահարմար է գտնում հրապարակել:
3. Սույն հոդվածում նշված բոլոր զեկույցներն ու հաշվետվություններն ուղարկվում են Մարմնի անդամներին:
Հոդված 10
Զուտ շահույթի բաշխում
1. 3-րդ կետի դրույթների կատարման պայմանով Ձեռնարկությունը, 3-րդ Հավելվածի 13-րդ հոդվածին համապատասխան, վճարումներ կամ դրանց համարժեք մուծումներ է կատարում Մարմնին:
2. Ասամբլեան Ղեկավար խորհրդի առաջարկությամբ սահմանում է, թե Ձեռնարկության զուտ շահույթի որ մասն է ապահովելու որպես պահուստային միջոց: Մնացորդը փոխանցվում է Մարմնին:
3. Սկզբնական փուլի ընթացքում, որն անհրաժեշտ է Ձեռնարկության ինքնաապահով դառնալու համար, և որը չպետք է գերազանցի 10 տարին` սկսած արդյունաբերական արտադրության գործարկման պահից, Ասամբլեան Ձեռնարկությանն ազատում է 1-ին կետում նշված վճարները կատարելու պարտավորությունից, և դրա ամբողջ զուտ եկամուտը փոխանցվում է Ձեռնարկության պահուստային ֆոնդ:
Հոդված 11
Ֆինանսներ
1. Ձեռնարկության ֆոնդերը ներառում են.
ա/ միջոցները, որոնք ստացվել են Մարմնից՝ 173-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետի համաձայն,
բ/ Ձեռնարկության գործունեության ֆինանսավորման նպատակով անդամ պետությունների կողմից կատարվող կամավոր մուծումները,
գ/ 2-րդ և 3-րդ կետերին համապատասխան՝ Ձեռնարկության կողմից պարտքով վերցված միջոցները,
դ/ Ձեռնարկության գործողություններից ստացվող շահույթը,
ե/ Ձեռնարկությանը տրամադրվող այլ միջոցները, որպեսզի վերջինս կարողանա, որքան հնարավոր է՝ արագ, սկսել իր գործողությունները և կատարել իր գործառույթները:
2. ա/ Ձեռնարկությունն իրավունք ունի պարտքով վերցնել միջոցներ` դրանց համար ապահովելով այնպիսի երաշխիքներ, որոնք ինքը նպատակահարմար կգտնի: Մինչև որևէ անդամ պետության ֆինանսական շուկաներում կամ այդ պետության արժույթով իր բաժնետոմսերը վաճառքի հանելը Ձեռնարկությունը պետք է ստանա այդ պետության համաձայնությունը: Վարկերի ընդհանուր գումարը հաստատվում է Խորհրդի կողմից` Ղեկավար խորհրդի առաջարկությամբ:
բ/ Անդամ պետությունները գործադրում են բոլոր անհրաժեշտ ջանքերը ֆինանսական շուկաներում և միջազգային ֆինանսական կազմակերպություններից վարկեր ստանալու համար Ձեռնարկության կողմից հայտերի ներկայացմանն օժանդակելու համար:
3. ա/ Ձեռնարկությունն ապահովվում է բոլոր միջոցներով, որոնք անհրաժեշտ են մեկ տարածքի հետախուզության և շահագործման, այդ տարածքում արդյունահանված օգտակար հանածոների և ստացված նիկելի, պղնձի, կոբալտի և մանգանի տեղափոխման, վերամշակման և իրացման, ինչպես նաև իր նախնական վարչական ծախսերի փոխհատուցման համար: Այդ միջոցների չափը և դրանց փոփոխման չափանիշներն ու գործոնները նախապատրաստական հանձնաժողովի կողմից ընդգրկվում են Մարմնի նորմերի, կանոնների և ընթացակարգերի նախագծում:
բ/ Բոլոր անդամ պետությունները Ձեռնարկությանը տրամադրում են միջոցներ «ա» ենթակետում նշված միջոցների կես գումարին համարժեք չափով երկարաժամկետ անտոկոս վարկերի միջոցով` Միավորված ազգերի կազմակերպության կանոնավոր բյուջե կատարվող մուծումների սանդղակին համապատասխան, որը գործում է մուծումները կատարելու պահի դրությամբ, և որում հաշվի են առնված Միավորված ազգերի կազմակերպության անդամ չհանդիսացող պետությունները: Միջոցների 2-րդ կեսն ստանալու նպատակով Ձեռնարկության կողմից վերցված պարտքերը երաշխավորվում են բոլոր անդամ պետությունների կողմից` նշված սանդղակին համապատասխան:
գ/ Եթե անդամ պետությունների մուծումների գումարն ավելի փոքր է, քան «ա» ենթակետի համաձայն Ձեռնարկությանը հատկացվող միջոցների գումարը, ապա Ասամբլեան իր առաջին նիստին քննարկում է պակաս միջոցների ծավալը և փոխհամաձայնությամբ միջոցներ է ձեռնարկում այդ պակասը վերացնելու համար` հաշվի առնելով «ա» և «բ» ենթակետերին համապատասխան՝ անդամ պետությունների ստանձնած պարտավորությունը, ինչպես նաև Նախապատրաստական հանձնաժողովի ցանկացած առաջարկությունները:
դ/ i. Յուրաքանչյուր անդամ պետություն սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու պահից 60 օրվա ընթացքում կամ իր վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելու պահից` կախված նրանից, թե որն է ավելի ուշ տեղի ունենում, 30 օրվա ընթացքում Ձեռնարկությունում ավանդ է դնում անհետկանչելի, անհետադարձ, անտոկոս սովորական մուրհակներ «բ» ենթակետին համապատասխան վարկերում տվյալ պետության ունեցած բաժնեմասի չափով:
ii. Ղեկավար խորհուրդը սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո՝ հնարավորինս սեղմ ժամկետներում, իսկ հետագայում յուրաքանչյուր տարի կամ այլ հաճախականությամբ պատրաստում է միջոցների իր կարիքների՝ ըստ ծավալի և ժամկետների բաշխման պլանը` Ձեռնարկության վարչական ծախսերը փոխհատուցելու և Ձեռնարկության կողմից 170-րդ հոդվածին և սույն Հավելվածի 12-րդ հոդվածին համապատասխան իրականացվող գործուենության նպատակով:
iii. Ձեռնարկությունը Մարմնի միջոցով անդամ պետություններին ծանուցում է այդ ծախսերի փոխհատուցման նպատակով կատարվող` «բ» ենթակետով սահմանված մուծումների չափի մասին: Ձեռնարկությունը գանձում է սովորական մուրհակների այնպիսի գումար, որը կարող է պահանջվել պլանում նշված` անտոկոս վարկերին առնչվող ծախսերի փոխհատուցման համար:
iv. Ծանուցումն ստանալուց հետո անդամ պետություններն ապահովում են Ձեռնարկության պարտքի՝ երաշխիքների իրենց համապատասխան բաժնեմասերի առկայությունը՝ «բ» ենթակետին համապատասխան:
ե/ i. Ձեռնարկության խնդրանքով՝ անդամ պետությունները կարող են պարտքի երաշխիքներ տրամադրել՝ ի լրումն «բ» ենթակետում նշված սանդղակին համապատասխան տրամադրվող երաշխիքների:
ii. Պարտքի դիմաց երաշխիքներ տրամադրելու փոխարեն անդամ պետությունը կարող է Ձեռնարկության հաշվին կատարել կամավոր մուծում, որի չափը հավասար է պարտքերի այն բաժնեմասին, որը հակառակ դեպքում նա պարտավոր կլիներ երաշխավորել:
զ/ Տոկոսային վարկերի տոկոսներով վճարումը առաջնային է անտոկոս վարկերի տոկոսների դիմաց վճարման նկատմամբ: Անտոկոս վարկերի վճարումը կատարվում է ըստ Ասամբելայի կողմից հաստատված ժամանակացույցի` Խորհրդի և Ձեռնարկության Ղեկավար խորհրդի առաջարկությամբ: Այդ գործառույթը կատարելիս Ղեկավար խորհուրդը ղեկավարվում է Մարմնի նորմերի, կանոնների և ընթացակարգերի համապատասխան դրույթներով, որոնցում պետք է հաշվի առնված լինեն Ձեռնարկության գործունեության արդյունավետությունը և, մասնավորապես, դրա ֆինանսական անկախությունն ապահովելու առաջնահերթ կարևորությունը:
է/ Միջոցները Ձեռնարկությանը հատկացվում են ազատ շրջանառություն ունեցող արժույթներով կամ հիմնական արժութային շուկաներում առկա և արդյունավետ կերպով օգտագործվող արժույթներով: Այդ արժույթները սահմանվում են Մարմնի նորմերով, կանոններով և ընթացակարգերով` գործող միջազգային արժութային պրակտիկային համապատասխան: Բացառությամբ 2-րդ կետով նախատեսված դեպքերի՝ ոչ մի անդամ պետություն չի պահպանում կամ սահմանափակումներ չի սահմանում Ձեռնարկության կողմից այդ միջոցների տիրապետման, օգտագործման կամ փոխանակման նկատմամբ:
ը/ «Պարտքի երաշխավորումը» անդամ պետության կողմից Ձեռնարկության պարտքատերերին տրված խոստումն է prօ rata հիմունքներով` գործող սանդղակին համապատասխան վճարել երաշխիքում ընդգրկված Ձեռնարկության ֆինանսական պարտավորությունները` պարտքատերերի կողմից այդ անդամ պետությանը Ձեռնարկության պարտավորությունների դիմաց վճարել այդ Ձեռնարկության անկարողության մասին ծանուցագիրն ուղարկելուց հետո: Այդ պարտավորությունների դիմաց վճարման ընթացակարգը համապատասխանում է Մարմնի նորմերին, կանոններին և ընթացակարգերին:
4. Ձեռնարկության ֆոնդերը, միջոցները և ծախսերը պահվում են Մարմնի ֆոնդերից, միջոցներից և ծախսերից առանձին: Ձեռնարկությունը կարող է Մարմնի հետ պայմանավորվածություններ ձեռք բերել օբյեկտների, անձնակազմի և ծառայությունների, ինչպես նաև այդ կազմակերպություններից որևէ մեկի կողմից մեկ այլ կազմակերպության անունից կրած վարչական ծախսերի փոխհատուցման վերաբերյալ:
5. Ձեռնարկության արխիվները, հաշվապահական մատյանները և հաշիվները, ինչպես նաև նրա տարեկան ֆինանսական հաշվետվությունները ամենամյա ստուգումների են ենթարկվում Մարմնի կողմից նշանակված անկախ աուդիտորի կողմից:
Հոդված 12
Գործողություններ
1. Ձեռնարկությունը, 170-րդ հոդվածին համապատասխան, Խորհրդին է ներկայացնում գործունեության ծրագրեր: Այդ ծրագրերը ներառում են 153-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան Շրջանում իրականացվելիք գործողությունների պաշտոնական աշխատանքային պլանը, ինչպես նաև ցանկացած այլ տեղեկություններ և տվյալներ, որոնք կարող են ժամանակ առ ժամանակ պահանջվել իրավաբանական և տեխնիկական հանձնաժողովի ու Խորհրդի կողմից՝ այդ պլանը հաստատելու համար:
2. Խորհրդի կողմից հաստատվելուց հետո Ձեռնարկությունն սկսում է ծրագրի իրականացումը՝ 1-ին կետում նշված պաշտոնական գրավոր աշխատանքային պլանի հիման վրա:
3. ա/ Եթե Ձեռնարկությունը չունի իր գործունեության իրականացման համար անհրաժեշտ ապրանքներ և ծառայություններ, նա կարող է ձեռք բերել դրանք: Դրա համար նա տենդեր է հայտարարում և պայմանագրեր է կնքում տենդերի այն մասնակիցների հետ, որոնք առաջարկում են որակի, գնի և առաքումների ժամկետների լավագույն տարբերակներ,
բ/ եթե առկա են այդ պահանջներին համապատասխանող մեկից ավելի հայտեր, պայմանագիրը կնքվում է հետևյալ սկզբունքների հիման վրա.
i. քաղաքական և գործողությունների բարեխիղճ և արդյունավետ իրականացման հետ առնչություն չունեցող այլ նկատառումներով ցուցաբերվող խտրականության բացառման սկզբունքի հիման վրա,
ii. զարգացող պետությունների ծագում ունեցող ապրանքների և ծառայությունների նկատմամբ կիրառվող արտոնությունների վերաբերյալ Խորհրդի կողմից հաստատված ղեկավար սկզբունքների հիման վրա` ներառյալ այն զարգացող պետությունները, որոնք չունեն ելք դեպի ծով և զբաղեցնում են անբարենպաստ աշխարհագրական դիրք,
գ/ Ղեկավար խորհուրդը կարող է ընդունել նորմեր, որոնք սահմանում են այնպիսի հատուկ դեպքեր, երբ թույլատրվում է չկատարել տենդեր հայտարարելու պահանջը, եթե դա լավագույնս համապատասխանում է Ձեռնարկության շահերին:
4. Ձեռնարկությունը սեփականության իրավունք ունի իր կողմից արդյունահանվող բոլոր օգտակար հանածոների և իր կողմից արտադրված պատրաստի նյութերի նկատմամբ:
5. Ձեռնարկությունը վաճառում է իր արտադրանքը առանց որևէ խտրականության ցուցաբերման: Այն չի տրամադրում ոչ առևտրային զեղչեր:
6. Առանց սույն Կոնվենցայի այլ հոդվածներով Ձեռնարկությանը վերապահված ընդհանուր կամ հատուկ որևէ լիազորության սահմանափակման, նա իրականացնում է իր գործունեության համար անհրաժեշտ բոլոր լիազորությունները:
7. Ձեռնարկությունը չի միջամտում որևէ անդամ պետության քաղաքական գործընթացներին, ինչպես նաև համապատասխան անդամ պետության քաղաքական համակարգը ազդեցություն չի գործադրում Ձեռնարկության կողմից ընդունվող որոշումների վրա: Որոշումներ ընդունելիս Ձեռնարկությունը ղեկավարվում է բացառապես առևտրային նկատառումներով, իսկ այդ նկատառումները կշռվում են անաչառորեն` սույն Հավելվածի 1-ին հոդվածում սահմանված նպատակներին հասնելու համար:
Հոդված 13
Իրավական կարգավիճակ, արտոնություններ և անձեռնմխելիություն
1. Որպեսզի Ձեռնարկությունն իր գործառույթները կատարելու հնարավորություն ունենա անդամ պետությունների տարածքներում, նրա համար սահմանվում են սույն հոդվածում շարադրված կարգավիճակը, արտոնությունները և անձեռնմխելիությունը: Այդ սկզբունքի կենսագործման նպատակով Ձեռնարկությունը և անդամ պետությունները կարող են կնքել այնպիսի հատուկ համաձայնագրեր, ինչպիսիք նրանք անհրաժեշտ կհամարեն:
2. Ձեռնարկությունն ունի այնպիսի իրավունակություն, որն անհրաժեշտ է իր գործառույթները կատարելու և իր նպատակներին հասնելու համար: Ձեռնարկությունը, մասնավորապես, կարող է.
ա/ կնքել պայմանագրեր, ձեռք բերել համատեղ և այլ պայմանավորվածություններ` ներառյալ պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ համաձայնագրերը,
բ/ ձեռք բերել, վարձակալել, տիրապետել կամ տնօրինել շարժական և անշարժ գույք,
գ/ դատաքննություններին հանդես գալ որպես կողմ:
3. ա/ Ձեռնարկության դեմ հայցերը կարող են հարուցվել միայն այն անդամ պետության համապատասխան իրավազորություն ունեցող դատարանում, որի տարածքում տվյալ Ձեռնարկությունը.
i. ունի գրասենյակ կամ օբյեկտ,
ii. լիազոր ներկայացուցիչ է նշանակել դատավարական ծանուցումներն ստանալու համար,
iii. կնքել է պայմանագիր ապրանքների և ծառայությունների տրամադրման վերաբերյալ,
iv. թողարկել է արժեթղթեր,
v. որևէ այլ կերպ է ընդգրկված առևտրային գործունեության մեջ:
բ/ Ձեռնարկության ունեցվածքը և դրամական միջոցները, որտեղ էլ դրանք գտնվեն և ում կողմից էլ տիրապետվեն, ձերբակալության, առգրավման կամ պարտադիր որոշման կատարման դեպքում օժտված են անձեռնմխելիությամբ մինչև Ձեռնարկության դեմ ուղղված վերջնական որոշում կայացվելը:
4. ա/ Ձեռնարկության ունեցվածքը և դրամական միջոցները, որտեղ էլ դրանք գտնվեն և ում կողմից էլ տիրապետվեն, գործադիր կամ օրենսդիր մարմինների որոշման հիման վրա կատարվող բռնագրավման, առգրավման, սեփականազրկման կամ առգրավման այլ դեպքերում օժտված են անձեռնմխելիությամբ:
բ/ Ձեռնարկության ունեցվածքը և դրամական միջոցները, որտեղ էլ դրանք գտնվեն և ում կողմից էլ տիրապետվեն, ազատվում են ցանկացած տեսակի խտրական սահմանափակումից, կանոնակարգերի գործողությունից, վերահսկողությունից կամ արգելքներից:
գ/ Ձեռնարկությունը և նրա անձնակազմը ենթարկվում են ցանկացած այն անդամ պետության կամ տարածքի օրենքներին և կանոններին, որտեղ այդ Ձեռնարկությունը և դրա անձնակազմը կարող են զբաղվել առևտրային և այլ գործունեությամբ:
դ/ Անդամ պետություններն ապահովում են Ձեռնարկության կողմից բոլոր այն իրավունքներից, արտոնություններից և անձեռնմխելիությունից օգտվելը, որոնք նրանք տրամադրում են իրենց տարածքում առևտրային գործունեությամբ զբաղվող սուբյեկտներին: Այդ իրավունքները, արտոնությունները և անձեռնմխելիությունը Ձեռնարկությանն են տրամադրվում ոչ ավելի բարենպաստ պայմաններով, քան այն պայմաններն են, որոնցով դրանք տրամադրվում են համանման առևտրային գործունեությամբ զբաղվող սուբյեկտներին: Եթե անդամ պետությունների կողմից հատուկ արտոնություններ են սահմանվում զարգացող պետությունների կամ դրանց սուբյեկտների համար, Ձեռնարկությունն օգտվում է այդ արտոնություններից նույն արտոնյալ հիմունքներով:
ե/ Անդամ պետությունները կարող են Ձեռնարկության համար սահմանել հատուկ արտոնություններ, իրավունքներ և անձեռնմխելիություն` չպարտավորվելով նման արտոնություններ, իրավունքներ և անձեռնմխելիություն սահմանել այլ առևտրային սուբյեկտների համար:
5. Ձեռնարկությունը բանակցություն է վարում այն հյուրընկալող պետությունների հետ, որոնց տարածքում տեղակայված են իր գրասենյակներն ու այլ օբյեկտները` ուղղակի և անուղղակի հարկումից ազատվելու նպատակով:
6. Յուրաքանչյուր անդամ պետություն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում, իր օրենսդրությանը համապատասխան, սույն Հավելվածով սահմանված սկզունքների կենսագործման համար և մանրամասնորեն տեղեկացնում է Ձեռնարկությանն իր կողմից ձեռնարկված գործողությունների մասին:
7. Ձեռնարկությունը կարող է, այն չափով և այնպիսի պայմաններով, որոնք նա կարող է իր համար սահմանել, հրաժարվել սույն հոդվածին կամ 1-ին կետում նշված հատուկ համաձայնագրերի դրույթներին համապատասխան իր համար սահմանված ցանկացած արտոնությունից կամ անձեռնմխելիությունից:
ՀԱՎԵԼՎԱԾ 5
Հաշտեցման ընթացակարգ
Բաժին 1
15-րդ մասի 1-ին բաժնի դրույթներին համապատասխան կիրառվող հաշտեցման ընթացակարգ
Հոդված 1
Դատական գործի հարուցում
Եթե վեճի կողմերը, 284-րդ հոդվածին համապատասխան, պայմանավորվածություն են ձեռք բերել այդ վեճը կարգավորել սույն բաժնով նախատեսված հաշտեցման ընթացակարգի միջոցով, ցանկացած այդպիսի կողմ կարող է դատական գործ հարուցել` վեճի մեկ այլ կողմին կամ կողմերին գրավոր ծանուցում ուղարկելու միջոցով:
Հոդված 2
Միջնորդների ցանկը
Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը կազմում և վարում է միջնորդների ցանկը: Յուրաքանչյուր անդամ պետություն իրավունք ունի նշանակել չորս միջնորդի, որոնցից յուրաքանչյուրը պետք է ունենա բացառիկ անաչառ, իրազեկ և բարեխիղճ անձի համբավ: Այս կարգի համաձայն նշանակված անձանց ազգանունները կազմում են նշված ցանկը: Եթե որևէ պահի որևէ անդամ պետության կողմից նշանակված և ցանկում ընդգրկված միջնորդների թիվը չորսից պակաս է լինում, այդ անդամ պետությունն իրավունք ունի կատարել անհրաժեշտ լրացուցիչ նշանակումներ: Միջնորդի ազգանունը ցանկում է մնում մինչև իրեն նշանակած անդամ պետության կողմից այդ միջնորդին ցանկից հեռացնելը. ընդ որում, նշված միջնորդը կշարունակի իր աշխատանքը հաշտեցման հանձնաժողովում, որի կազմում նա նշանակվել էր մինչև այդ հանձնաժողովում տվյալ գործի քննության ավարտը:
Հոդված 3
Հաշտեցման հանձնաժողովի ձևավորումը
Եթե կողմերն այլ կերպ չեն պայմանավորվում, հաշտեցման հանձնաժողովը ձևավորվում է հետևյալ կերպով.
ա/ «է» ենթակետի դրույթների կատարման պայմանով՝ հաշտեցման հանձնաժողովը կազմված է հինգ անդամից,
բ/ հաշտեցման ընթացակարգի համաձայն դատական գործ հարուցող կողմը, նախընտրություն տալով սույն Հավելվածի 2-րդ հոդվածում նշված ցանկում ընդգրկված անձանց, նշանակում է երկու միջնորդի, որոնցից մեկը կարող է այդ կողմի քաղաքացին հանդիսանալ, եթե կողմերն այլ կերպ չպայմանավորվեն: Նշանակված միջնորդների ազգանուններն ընդգրկվում են սույն Հավելվածի 1-ին հոդվածով նախատեսված ծանուցման մեջ,
գ/ վեճի այլ կողմը նույնպես երկու միջնորդի է նշանակում, «բ» ենթակետով սահմանված կարգի համաձայն, սույն Հավելվածի 1-ին հոդվածով նախատեսված ծանուցումն ստանալուց հետո 21 օրվա ընթացքում: Եթե նշանակումները սահմանված ժամկետում չեն կատարվում, ապա հաշտեցման ընթացակարգի համաձայն դատական գործ հարուցած կողմը կարող է այդ ժամկետը լրանալուց հետո մեկ շաբաթվա ընթացքում կամ կարճել գործը` այդ մասին ծանուցելով հակառակ կողմին, կամ էլ դիմել Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին՝ «ե» ենթակետով նախատեսված նշանակումները կատարելու խնդրանքով,
դ/ բոլոր չորս միջնորդներին նշանակելուց հետո՝ 30 օրվա ընթացքում, կողմերը սույն Հավելվածի 2-րդ հոդվածում նշված ցանկում ընդգրկված անձանց թվից նշանակում են հինգերորդ միջնորդին, որը հանդես է գալիս որպես հանձնաժողովի նախագահ: Եթե այդ նշանակումը սահմանված ժամկետում չի կատարվում, ապա կողմերից որևէ մեկը կարող է դիմել Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին՝ «ե» ենթակետով նախատեսված նշանակումները կատարելու խնդրանքով,
ե/ «գ» կամ «դ» ենթակետերում նշված դիմումն ստանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում, Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը վեճի կողմերի հետ խորհրդակցություններ անցկացնելուց հետո կատարում է անհրաժեշտ նշանակումները սույն Հավելվածի 2-րդ հոդվածում նշված ցանկում ընդգրկված անձանց թվից,
զ/ թափուր պաշտոնները զբաղեցվում են ըստ այն նույն կարգի, որը սահմանված է սկզբնական նշանակման համար,
է/ երկու կամ ավելի կողմեր, որոնք փոխադարձ համաձայնությամբ որոշում են, որ իրենք նույն շահերն են հետապնդում, համատեղ նշանակում են երկու միջնորդի: Այն դեպքերում, երբ առկա են տարբեր շահեր հետապնդող երկու կամ ավելի կողմեր, կամ երբ կողմերի մոտ միևնույն շահի առկայության վերաբերյալ համաձայնությունը բացակայում է, կողմերը միջնորդներին նշանակում են առանձին,
ը/ տարբեր շահեր հետապնդող կողմերի ընդգրկմամբ վեճերում կամ կողմերի մոտ միևնույն շահի առկայության վերաբերյալ համաձայնության բացակայության դեպքում կողմերը, որքանով հնարավոր է, կիրառում են «ա»-«զ» ենթակետերի դրույթները:
Հոդված 4
Ընթացակարգ
Եթե կողմերն այլ կերպ չեն պայմանավորվել, հաշտեցման հանձնաժողովը սահմանում է իր սեփական ընթացակարգը: Հանձնաժողովը, վեճի կողմերի համաձայնությամբ, կարող է ցանկացած անդամ պետության ներկայացնել իր կարծիքը գրավոր կամ բանավոր: Հանձնաժողովի որոշումները ընթացակարգային հարցերի վերաբերյալ, զեկույցը և առաջարկություններն ընդունվում են դրա անդամների մեծամասնությամբ:
Հոդված 5
Բարեկամական կարգավորում
Հանձնաժողովը կարող է կողմերի ուշադրությունը հրավիրել այնպիսի միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության վրա, որոնք կարող են օժանդակել վեճի բարեկամական կարգավորման գործընթացը:
Հոդված 6
Հանձնաժողովի գործառույթները
Հանձնաժողովը լսում է կողմերին, ուսումնասիրում է նրանց պահանջներն ու առարկությունները և առաջարկություններ է անում վեճի բարեկամական կարգավորման նպատակով:
Հոդված 7
Զեկույցը
1. Հանձնաժողովն իր զեկույցը ներկայացնում է ձևավորման օրվանից 12 ամսվա ընթացքում: Զեկույցում նշվում են բոլոր ձեռք բերված պայմանավորվածությունները, իսկ պայմանավորվածության բացակայության դեպքում` վեճի առարկա հանդիսացող հարցին առնչվող փաստերի կամ օրենքների հարցերով հանձնաժողովի եզրակացությունները, ինչպես նաև այնպիսի առաջարկություններ, որոնք, հանձնաժողովի կարծիքով, նպատակահարմար են բարեկամական կարգավորման համար: Զեկույցն ի պահ է հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին և վերջինիս կողմից անհապաղ ուղարկվում է վեճի կողմերին:
2. Հանձնաժողովի զեկույցը, ներառյալ եզրակացություններն ու առաջարկությունները, կողմերի համար պարտադիր ուժ չունեն:
Հոդված 8
Ընթացակարգի դադարեցում
Հոդված 9
Հոնորարներ և ծախսեր
Հանձնաժողովի հոնորարները և ծախսերը վճարում և փոխհատուցում են վեճի կողմերը:
Հոդված 10
Ընթացակարգը փոփոխելու կողմերի իրավունքը
Վեճի կողմերը, միայն տվյալ վեճին վերաբերող համաձայնության հիման վրա, կարող են փոփոխություններ կատարել սույն Հավելվածի ցանկացած դրույթում:
Բաժին 2
Գործի պարտադիր ներկայացում հաշտեցման ընթացակարգի համաձայն կարգավորման համար՝ 15-րդ մասի 3-րդ բաժնի դրույթներին համապատասխան
Հոդված 11
Դատական գործի հարուցում
1. Ցանկացած կողմ այնպիսի վեճում, որը, 15-րդ մասի 3-րդ բաժնի դրույթներին համապատասխան, կարող է ներկայացվել սույն բաժնով նախատեսված հաշտեցման ընթացակարգի համաձայն կարգավորման համար, կարող է դատական գործ հարուցել վեճի մեկ այլ կողմին կամ կողմերին գրավոր ծանուցում ուղարկելու միջոցով:
2. 1-ին կետի համաձայն ծանուցում ստացած վեճի կողմը պարտավոր է համաձայնել գործի կարգավորմանը հաշտեցման ընթացակարգի համաձայն:
Հոդված 12
Ծանուցմանը չպատասխանելը և հաշտեցման ընթացակարգի համաձայն կարգավորմանը չհամաձայնելը
Վեճի կողմից կամ կողմերից գործի հարուցման մասին ծանուցմանը չպատասխանելը կամ հաշտեցման ընթացակարգի համաձայն կարգավորմանը չհամաձայնելը չի խոչընդոտում գործի հարուցմանը:
Հոդված 13
Իրավասություններ
Սույն բաժնի դրույթներին համապատասխան գործող հաշտեցման հանձնաժողովի իրավասությունների հետ կապված տարաձայնությունները կարգավորվում են այդ հանձնաժողովի կողմից:
Հոդված 14
1-ին բաժնի դրույթների կիրառում
1-ին բաժնի 2-10-րդ հոդվածների դրույթները կիրառվում են սույն բաժնի դրույթներին համապատասխան:
ՀԱՎԵԼՎԱԾ 6
Ծովային իրավունքի հարցերով միջազգային տրիբունալի Կանոնադրությունը
Հոդված 1
Ընդհանուր դրույթներ
1. Ծովային իրավունքի հարցերով Միջազգային տրիբունալը ձևավորվում և գործում է սույն Կոնվենցիայի և սույն Կանոնադրության դրույթներին համապատասխան:
2. Տրիբունալի նստավայրն է ազատ հանզեական քաղաք Համբուրգը` Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում:
3. Տրիբունալը կարող է նիստեր գումարել և իր գործառույթները կատարել նաև այլ վայրերում` յուրաքանչյուր անգամ, երբ նա դա ցանկալի է համարում:
4. Վեճի փոխանցման կարգը Տրիբունալ կարգավորվում է 11-րդ և 15-րդ մասերի դրույթներով:
Բաժին 1
Տրիբունալի կառուցվածքը
Հոդված 2
Կազմը
1. Տրիբունալը կազմված է 21 անկախ անդամից կազմված կոլեգիայից, որոնք ընտրվում են անաչառության և արդարության մեծ համբավ ունեցող և ծովային իրավունքի ճանաչված հեղինակություններ հանդիսացող անձանց թվից:
2. Տրիբունալի կազմում ընդհանուր առմամբ պետք է ապահովվի աշխարհի հիմնական իրավական համակարգերի ներկայացուցչությունը և արդարացի աշխարհագրական բաշխումը:
Հոդված 3
Անդամակցությունը
1. Տրիբունալի կազմում չեն կարող ընդգրկվել միևնույն պետության ավելի քան երկու քաղաքացիներ: Անձը, որը Տրիբունալի անդամակցության տեսանկյունից կարող է համարվել ավելի քան մեկ պետության քաղաքացի, համարվում է այն պետության քաղաքացի, որտեղ սովորաբար իրականացնում է իր քաղաքացիական և քաղաքական իրավունքները:
2. Տրիբունալի կազմում ընդգրկվում են երեքից ոչ պակաս անդամներ յուրաքանչյուր աշխարհագրական խմբից, որը սահմանվում է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից:
Հոդված 4
Թեկնածությունների առաջադրում և ընտրություններ
1. Յուրաքանչյուր անդամ պետություն կարող է առաջադրել երկուսից ոչ ավելի թեկնածուներ, որոնք օժտված են սույն Հավելվածի 2-րդ հոդվածում նշված անձնական հատկանիշներով: Տրիբունալի անդամներն ընտրվում են այն անձանց ցանկից, որոնց թեկնածություններն առաջադրվել են այդ կարգի համաձայն:
2. Ընտրություններից առնվազն երեք ամիս առաջ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը առաջին ընտրություններին, իսկ Տրիբունալի քարտուղարը` հետագա ընտրություններին, անդամ պետություններին դիմում է գրավոր առաջարկությամբ՝ երկու ամսվա ընթացքում առաջադրել Տրիբունալի անդամակցության իրենց թեկնածուներին: Նա այբբենական կարգով կազմում է բոլոր այն անձանց ցանկը, որոնց թեկնածություններն առաջադրվել են` նշելով նրանց առաջադրած անդամ պետությունները, և այդ ցանկն անդամ պետություններին է ներկայացնում մինչև յուրաքանչյուր ընտրություններին նախորդող վերջին ամսվա յոթերորդ օրը:
3. Առաջին ընտրություններն անցկացվում են սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրվանից վեց ամսվա ընթացքում:
4. Տրիբունալի անդամների ընտրությունը կատարվում է գաղտնի քվեարկության միջոցով: Ընտրություններն անցկացվում են Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի կողմից գումարված անդամ պետությունների ժողովին` առաջին ընտրությունների դեպքում, և անդամ պետությունների միջև համաձայնեցված ընթացակարգին համապատասխան` հետագա ընտրությունների դեպքում: Այդպիսի ժողովներին ներկա անդամ պետությունների ներկայացուցիչների երկու երրորդը կազմում է քվորում: Տրիբունալ ընտրված են համարվում այն թեկնածուները, որոնք ստանում են ձայների առավելագույն քանակը, սակայն ոչ պակաս, քան ներկա գտնվող և քվերակությանը մասնակցած անդամ պետությունների ձայների երկու երրորդը` պայմանով, որ այդ մեծամասնությունը ներառում է անդամ պետությունների մեծամասնությանը:
Հոդված 5
Լիազորությունների ժամկետները
1. Տրիբունալի անդամներն ընտրվում են ինը տարի ժամկետով և կարող են վերընտրվել` պայմանով, որ առաջին կազմի թվից յոթ անդամների լիազորությունների ժամկետը լրանում է երեք տարի հետո, իսկ այլ յոթ անդամների լիազորությունների ժամկետը՝ վեց տարի հետո:
2. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարն առաջին ընտրությունների ավարտից անմիջապես հետո վիճակահանությամբ որոշում է, թե Տրիբունալի որ անդամներն են համարվում վերընտրված՝ վերը նշված երեք տարի և վեց տարի նախնական ժամկետներով:
3. Տրիբունալի անդմաները շարունակում են կատարել իրենց պարտականությունները ընդհուպ մինչև իրենց փոխարինումն այդ տեղում նշանակված այլ անձով: Սակայն անգամ փոխարինումից հետո նրանք ավարտի են հասցնում ցանկացած գործ, որի վարույթը սկսել էին մինչև նոր նշանակման պահը:
4. Տրիբունալի անդամի պաշտոնաթողության դեպքում պաշտոնաթողության մասին դիմումն ուղղվում է Տրիբունալի նախագահին: Դիմումն ստանալուն պես այդ տեղը համարվում է թափուր:
Հոդված 6
Թափուր տեղեր
1. Թափուր տեղերի զբաղեցման կարգը նույնն է, ինչ առաջին ընտրությունների անցկացման համար սահմանված կարգը` հետևյալ կանոնի պահպանմամբ. թափուր տեղի բացվելու պահից մեկ ամսվա ընթացքում Տրիբունալի քարտուղարը հղում է սույն Հավելվածի 4-րդ հոդվածով նախատեսված հրավերները, իսկ ընտրությունների օրը որոշվում է Տրիբունալի նախագահի կողմից` անդամ պետությունների հետ համաձայնեցմամբ:
2. Տրիբունալի անդամը, որն ընտրվում է այն անդամի փոխարեն, ում լիազորությունների ժամկետը դեռ չի լրացել, զբաղեցնում է այդ պաշտոնը մինչև իր նախորդի լիազորությունների ավարտի ժամկետը:
Հոդված 7
Անհամատեղելի գործունեություն
1. Տրիբունալի ոչ մի անդամ չի կարող կատարել որևէ քաղաքական կամ վարչական պարտականություն, ակտիվ մասնակցություն ցուցաբերել կամ նյութական շահագրգռվածություն ունենալ որևէ ձեռնարկության գործունեության մեջ, որը զբաղվում է ծովի կամ ծովի հատակի պաշարների հետախուզությամբ կամ արդյունահանմամբ, կամ ծովի կամ ծովի հատակի առևտրային նպատակներով շահագործման այլ տեսակներով:
2. Տրիբունալի ոչ մի անդամ որևէ գործում չի կարող հանդես գալ որպես լիազոր ներկայացուցիչ, հավատարմատար կամ փաստաբան:
3. Այդ հարցերի առնչությամբ առաջացած ցանկացած կասկած շտկվում է Տրիբունալի՝ այլ ներկա գտնվող անդամների մեծամասնությամբ:
Հոդված 8
Որոշակի գործում Տրիբունալի անդամների մասնակցության հետ կապված պայմանները
1. Տրիբունալի ոչ մի անդամ չի կարող մասնակցել որևէ գործով որոշման կայացման գործընթացին, որի քննարկմանը նա նախկինում չի մասնակցել որպես կողմերից մեկի լիազոր ներկայացուցիչ, հավատարմատար, փաստաբան, ազգային կամ միջազգային դատարանի անդամ կամ որևէ այլ կերպ:
2. Եթե որևէ հատուկ պատճառով Տրիբունալի անդամը համարում է, որ ինքը չպետք է մասնակցի որևէ գործող որոշման կայացման գործընթացին, նա այդ մասին հայտնում է Տրիբունալի նախագահին:
3. Եթե նախագահը համարում է, որ Տրիբունալի անդամներից որևէ մեկը որևէ հատուկ պատճառով չպետք է մասնակցի տվյալ գործին նվիրված նիստին, նա այդ մասին համապատասխան կերպով ծանուցում է այդ անդամին:
4. Այդ հարցերի առնչությամբ առաջացած ցանկացած կասկած շտկվում է Տրիբունալի՝ այլ ներկա գտնվող անդամների մեծամասնությամբ:
Հոդված 9
Դեպքեր, երբ Տրիբունալի անդամը չի համապատասխանում ներկայացվող պահանջներին
Եթե Տրիբունալի այլ անդամների միաձայն կարծիքով Տրիբունալի որևէ անդամ այլևս չի համապատասխանում այդ պաշտոնին ներկայացվող պահանջներին, ապա Տրիբունալի նախագահն այդ պաշտոնը թափուր է հայտարարում:
Հոդված 10
Արտոնություններ և անձեռնմխելիություն
Տրիբունալի անդամներն իրենց պարտականությունների կատարման ընթացքում օգտվում են դիվանագիտական արտոնություններից և անձեռնմխելիությունից:
Հոդված 11
Տրիբունալի անդամների հանդիսավոր հայտարարությունները
Տրիբունալի յուրաքանչյուր անդամ մինչև պաշտոնն ստանձնելը հանդիսավոր հայտարարություն է անում բաց նիստին՝ խոստանալով իր պարտականությունները կատարել անաչառորեն և բարեխղճորեն:
Հոդված 12
Նախագահը, Նախագահի տեղակալը և Քարտուղարը
1. Տրիբունալն ընտրում է Նախագահին և Նախագահի տեղակալին երեք տարի ժամկետով: Վերջիններս կարող են վերընտրվել:
2. Տրիբունալը նշանակում է իր Քարտուղարին և անհրաժեշտության դեպքում կարող է միջոցներ ձեռնարկել այլ պաշտոնատար անձանց նշանակելու համար:
3. Տրիբունալի Նախագահը և Քարտուղարը բնակվում են Տրիբունալի տեղակայման վայրում:
Հոդված 13
Քվորում
1. Նիստերին մասնակցում են բոլոր ներկա գտնվող անդամները. ընդ որում Տրիբունալի ձևավորման համար անհրաժեշտ է 11 ընտրված անդամներից կազմված քվորումի առկայությունը:
2. Սույն Հավելվածի 17-րդ հոդվածի դրույթներին համապատասխան՝ Տրիբունալը որոշում է, թե անդամներից ով է ներկա այս կամ այն վեճի քննարկման համար անհրաժեշտ ներկայությունն ապահովելու համար` հաշվի առնելով սույն Հավելվածի 14-րդ և 15-րդ հոդվածներով նախատեսված հանձնախմբերի արդյունավետ աշխատանքը:
3. Տրիբունալին ներկայացվող բոլոր վեճերն ու դիմումները քննարկվում և կարգավորվում են Տրիբունալի կողմից՝ բացառությամբ այն դեպքերի, երբ կիրառվում են սույն Հավելվածի 14-րդ հոդվածի դրույթները, կամ երբ կողմերը պահանջում են, որ գործը քննարկվի սույն Հավելվածի 15-րդ հոդվածով սահմանված կարգով:
Հոդված 14
Ծովի հատակի հետ կապված վեճերի կարգավորման հանձնախումբ
Սույն Հավելվածի 4-րդ բաժնի դրույթներին համապատասխան՝ ստեղծվում է Ծովի հատակի հետ կապված վեճերի կարգավորման հանձնախումբ: Հանձնախմբի իրավասությունը, լիազորությունները և գործառույթները սահմանված են 11-րդ մասի 5-րդ բաժնում:
Հոդված 15
Հատուկ հանձնախմբեր
1. Տրիբունալը կարող է ստեղծել իր երեք կամ ավելի ընտրված անդամներից կազմված այնպիսի հատուկ հանձնախմբեր, որոնք ինքը անհրաժեշտ կհամարի վեճերի որոշակի կարգերի կարգավորման համար:
2. Տրիբունալը հատուկ հանձնախումբ է ստեղծում իրեն փոխանցված որևէ գործի ուսումնասիրման համար, եթե կողմերն այդ մասին խնդրել են: Այդպիսի հանձնախմբի կազմը սահմանվում է Տրիբունալի կողմից` կողմերի համաձայնությամբ:
3. Գործերի արագ կարգավորման նպատակով Տրիբունալը յուրաքանչյուր տարի ստեղծում է ընտրված իր հինգ անդամներից կազմված հանձնախումբ, որը կարող է վեճերն ուսումնասիրել և կարգավորել պարզեցված կարգի համաձայն: Որևէ գործին մասնակցելու հնարավորություն չունեցող անդամներին փոխարինելու նպատակով ընտրվում են անդամների երկու տեղակալներ:
4. Սույն հոդվածով նախատեսված հանձնախմբերի կողմից վեճերն ուսումնասիրվում և կարգավորվում են կողմերի խնդրանքով:
5. Սույն հոդվածով և սույն Հավելվածի 14-րդ հոդվածով նախատեսված որևէ հանձնախմբի որոշում համարվում է Տրիբունալի կողմից կայացված:
Հոդված 16
Տրիբունալի կանոնակարգը
Տրիբունալն ընդունում է իր կանոնակարգը, որը սահմանում է Տրիբունալի գործառույթների կատարման կարգը: Տրիբունալը, մասնավորապես, սահմանում է գործերի վարույթի կարգը:
Հոդված 17
Անդամների քաղաքացիությունը
1. Վեճի կողմերից որևէ մեկի քաղաքացիներ հանդիսացող Տրիբունալի անդամները պահպանում են վարույթին որպես Տրիբունալի անդամներ մասնակցելու իրավունքը:
2. Եթե որևէ վեճի ուսումնասիրման ժամանակ Տրիբունալի կազմում գտնվում է կողմերից մեկի քաղաքացի հանդիսացող անդամ, այդ վեճի ցանկացած այլ կողմը կարող է Տրիբունալի անդամ ընտրել որևէ այլ անձի:
3. Եթե որևէ վեճի ուսումնասիրման ժամանակ Տրիբունալի կազմում չկա կողմերից մեկի քաղաքացի հանդիսացող ոչ մի անդամ, այդ վեճի ցանկացած այլ կողմը կարող է Տրիբունալի անդամ ընտրել որևէ այլ անձի:
4. Սույն հոդվածը կիրառվում է սույն Հավելվածի 14-րդ և 15-րդ հոդվածներով նախատեսված հանձնախմբերի նկատմամբ: Նման դեպքերում Տրիբունալի նախագահը կողմերի հետ խորհրդակցելուց հետո դիմում է հանձնախմբում ընդգրկված Տրիբունալի որոշ անդամներին, այնքանին, որքան անհրաժեշտ է, շահագրգիռ կողմերի քաղաքացի հանդիսացող Տրիբունալի անդամներին իրենց տեղերը զիջելու խնդրանքով, կամ էլ, եթե այդպիսիք գոյություն չունեն կամ ներկա չեն, կողմերի հատուկ ընտրված անդամներին:
5. Եթե կողմերից մի քանիսը հետապնդում են նույն շահերը, ապա, նախորդ դրույթների իմաստով, դրանք դիտվում են որպես մեկ կողմ: Այդ հարցի առնչությամբ առաջացած ցանկացած կասկած շտկվում է Տրիբունալի որոշմամբ:
6. Ըստ 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով սահմանված կարգի ընտրված անդամները պետք է համապատասխանեն սույն Հավելվածի 2-րդ, 8-րդ և 11-րդ հոդվածներով սահմանված պահանջներին: Նրանք մասնակցում են որոշումների կայացման գործընթացին իրենց գործընկերների հետ լիարժեք հավասարության պայմաններով:
Հոդված 18
Տրիբունալի անդամների վարձատրություն
1. Տրիբունալի յուրաքանչյուր ընտրված անդամ ստանում է տարեկան ռոճիկ և հատուկ հավելավճար յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար. ընդ որում ցանկացած տարվա համար հատուկ հավելավճարի տեսքով Տրիբունալի որևէ անդամին վճարման ենթակա ընդհանուր գումարը չպետք է գերազանցի տարեկան ռոճիկի գումարը:
2. Տրիբունալի Նախագահն ստանում է հատուկ տարեկան հավելավճար:
3. Տրիբունալի Նախագահի տեղակալը հատուկ օրական հավելավճար է ստանում, երբ կատարում է Նախագահի պարտականությունները:
4. Սույն Հավելվածի 17-րդ հոդվածով սահմանված կարգով ընտրված անդամները, որոնք Տրիբունալի ընտրված անդամներ չեն հանդիսանում, ստանում են վարձատրություն իրենց պաշտոնական պարտականությունների կատարման յուրաքանչյուր օրվա համար:
5. Նշված ռոճիկները, հավելավճարները և վարձատրությունները, ըստ անհրաժեշտության, սահմանվում են անդամ պետությունների ժողովներին` հաշվի առնելով Տրիբունալի աշխատանքային բեռնվածությունը: Դրանք չեն կարող նվազեցվել պաշտոնավարության ընթացքում:
6. Քարտուղարի ռոճիկը սահմանվում է անդամ պետությունների ժողովներին` Տրիբունալի ներկայացմամբ:
7. Անդամ պետությունների ժողովներին ընդունված կանոնները սահմանում են այն պայմանները, որոնց համաձայն՝ Տրիբունալի անդամների և Քարտուղարի պաշտոնաթող լինելուց հետո վերջիններիս համար սահմանվելու են թոշակները, ինչպես նաև այն պայմանները, որոնց համաձայն՝ Տրիբունալի անդամները և Քարտուղարը փոխհատուցում են ստանում իրենց ուղևորածախսերի դիմաց:
8. Ռոճիկները, հավելավճարները և վարձատրություններն ազատվում են ցանկացած տեսակի հարկումից:
Հոդված 19
Տրիբունալի ծախսերը
1. Անդամ պետությունները և Մարմինը կրում են Տրիբունալի ծախսերը անդամ պետությունների ժողովներին սահմանվող պայմանների և կարգի համաձայն:
2. Այն դեպքերում, երբ Տրիբունալի ուսումնասիրմանը ներկայացված վեճի կողմը անդամ պետություն կամ Մարմին չհանդիսացող սուբյեկտ է, Տրիբունալը սահմանում է այն գումարը, որը տվյալ կողմը պետք է վճարի Տրիբունալի ծախսերը հոգալու համար:
Բաժին 2
Իրավասություններ
Հոդված 20
Տրիբունալի մատչելիությունը
1. Տրիբունալը բաց է բոլոր անդամ պետությունների համար:
2. Տրբունալը բաց է նաև անդամ պետություններ չհանդիսացող սուբյեկտների համար` 11-րդ մասով ուղղակիորեն նախատեսված ցանկացած գործի ներկայացման դեպքում, կամ ցանկացած այլ գործի դեպքում, որը Տրիբունալի ուսումնասիրմանն է ներկայացվում Տրիբունալի իրավասությունները սահմանող որևէ այլ համաձայնագրի դրույթներին համապատասխան, ինչին իրենց համաձայնությունն են տվել տվյալ գործի բոլոր կողմերը:
Հոդված 21
Իրավասություններ
Տրիբունալի իրավասություններն ընդգրկում են սույն Կոնվենցիային համապատասխան իրեն փոխանցվող բոլոր վեճերն ու դիմումները, ինչպես նաև Տրիբունալի իրավասությունները սահմանող որևէ այլ համաձայնագրում նշված հատուկ հարցերը:
Հոդված 22
Այլ համաձայնագրերի իրավասության ներքո գտնվող վեճերի փոխանցումը
Սույն Կոնվենցիայում ընդգրկված հարցերին առնչվող՝ գործող որևէ համաձայնագրի կամ կոնվենցիայի բոլոր անդամ պետությունների համաձայնությամբ Տրիբունալի ուսումնասիրմանը, այդ համաձայնագրերին համապատասխան, կարող են ներկայացվել այդ համաձայնագրի կամ այդ կոնվենցիայի դրույթների մեկնաբանման կամ կիրառման շուրջ առաջացած ցանկացած վեճ:
Հոդված 23
Կիրառվող օրենսդրություն
Տրիբունալը բոլոր վեճերն ու դիմումներն ուսումնասիրում է 293-րդ հոդվածին համապատասխան:
Բաժին 3
Գործի վարույթը
Հոդված 24
Գործի հարուցում
1. Վեճերը Տրիբունալ են փոխանցվում կամ Քարտուղարին հատուկ պայմանավորվածության մասին ծանուցում ուղարկելու, կամ էլ իր անունով գրավոր դիմում ներկայացնելու միջոցով` կախված հանգամանքներից: Երկու դեպքում էլ նշվում են վեճի առարկան և կողմերը:
2. Քարտուղարն անմիջապես ծանուցում է բոլոր շահագրգիռ կողմերին հատուկ պայմանավորվածության կամ դիմումի մասին:
3. Քարտուղարը ծանուցում է նաև բոլոր անդամ պետություններին:
Հոդված 25
Ժամանակավոր միջոցներ
1. 290-րդ հոդվածի դրույթներին համապատասխան՝ Տրիբունալը և Ծովի հատակին առնչվող վեճերի հարցերով նրա հանձնախումբն իրավունք ունեն սահմանելու ժամանակավոր միջոցներ:
2. Եթե Տրիբունալը նիստ չի անցկացնում, կամ չկա անդամների բավարար քանակ քվորում կազմելու համար, ժամանակավոր միջոցները սահմանվում են սույն Հավելվածի 15-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված՝ պարզեցված վարույթի հանձնախմբի կողմից: Անկախ սույն Հավելվածի 15-րդ հոդվածի 4-րդ կետի դրույթներից՝ այդ ժամանակավոր միջոցները կարող են սահմանվել վեճի ցանկացած կողմի խնդրանքով: Դրանք ենթակա են Տրիբունալի կողմից վերանայման և փոփոխման:
Հոդված 26
Գործի լսումներ
1. Գործի լսումները տեղի են ունենում Նախագահի գլխավորությամբ կամ, եթե նա տվյալ պահին չի կարող նախագահել, Նախագահի տեղակալի գլխավորությամբ: Եթե երկուսից ոչ մեկը տվյալ պահին չի կարող նախագահել, ապա նախագահում է ներկա գտնվող դատավորներից ամենատարեցը:
2. Լսումներն անցկացվում են հրապարակայնորեն, եթե Տրիբունալն այլ կերպ չի որոշում, կամ եթե կողմերը պահանջում են, որ հանրության մուտքն արգելվի:
Հոդված 27
Գործի քննությունը
Տրիբունալը կարգադրություններ է անում գործի քննության վերաբերյալ, սահմանում է, թե ինչ ձևով և ինչ ժամկետներում է յուրաքանչյուր կողմ շարադրում իր փաստարկները, և ձեռնարկում է ապացույցներ ձեռք բերելու համար անհրաժեշտ բոլոր միջոցները:
Հոդված 28
Չներկայանալը
Եթե կողմերից մեկը չի ներկայանում Տրիբունալ կամ չի ներկայացնում իր փաստարկները, մյուս կողմը կարող է Տրիբունալին խնդրել շարունակել քննությունը և վճիռ կայացնել: Կողմի բացակայությունը կամ փաստարկներ չներկայացնելը գործի քննությունը կատարելու համար խոչընդոտ չեն հանդիսանում: Մինչև վճիռ կայացնելը Տրիբունալը հավաստիանում է ոչ միայն նրանում, որ տվյալ վեճը գտնվում է իր իրավազորության ներքո, այլև նրանում, որ հայցը բավականաչափ հիմնավորված է ինչպես փաստերի առկայության, այնպես էլ իրավաբանական տեսանկյունից:
Հոդված 29
Մեծամասնության առկայությունը որոշումներ կայացնելու համար
1. Բոլոր հարցերը կարգավորվում են Տրիբունալի ներկա գտնվող անդամների ձայների մեծամասնությամբ:
2. Ձայների հավասարության դեպքում վճռորոշ է համարվում Նախագահի կամ նրան փոխարինող Տրիբունալի անդամի ձայնը:
Հոդված 30
Վճիռը
1. Վճռում պետք է բերված լինեն այդ վճռի համար հիմք հանդիսացող պատճառները:
2. Վճռում նշվում են դրա կայացմանը մասնակցած Տրիբունալի անդամների ազգանունները:
3. Եթե վճիռն ամբողջությամբ կամ մասնակիորեն չի արտահայտում Տրիբունալի անդամների միաձայն կարծիքը, ապա Տրիբունալի ցանկացած անդամ իրավունք ունի ներկայացնելու հատուկ կարծիք:
4. Վճիռն ստորագրվում է Նախագահի և Քարտուղարի կողմից: Այն հրապարակվում է բաց նիստին` վեճի կողմերին սահմանված կարգով այդ մասին ծանուցելուց հետո:
Հոդված 31
Դիմումի ներկայացում՝ գործին միջամտելու համար
1. Եթե որևէ անդամ պետություն համարում է, որ այս կամ այն հարցով կայացված վճիռը կարող է շոշափել իրավական իր որևէ շահը, ապա այդ պետությունը կարող է դիմել Տրիբունալին՝ տվյալ գործին միջամտելու խնդրանքով:
2. Նշված դիմումը բավարարելու մասին որոշումն ընդունվում է Տրիբունալի կողմից:
3. Եթե գործին միջամտելու համար ներկայացված դիմումը բավարարվում է, տվյալ վեճի վերաբերյալ Տրիբունալի վճիռը պարտադիր է համարվում գործին միջամտած անդամ պետության համար այնքանով, որքանով այդ վճիռն առնչվում է այն հարցերին, որոնց պատճառով տվյալ անդամ պետությունը միջամտել է գործին:
Հոդված 32
Սույն Կոնվենցիայի մեկնաբանման և կիրառման հարցերի հետ կապված գործերին միջամտելու իրավունք
1. Սույն Կոնվենցիայի մեկնաբանման և կիրառման հարցերի հետ կապված վեճեր ծագելու դեպքում Քարտուղարն անմիջապես այդ մասին ծանուցում է բոլոր անդամ պետություններին:
2. Սույն Հավելվածի 21-րդ և 22-րդ հոդվածներին համապատասխան միջազգային համաձայնագրի մեկնաբանման և կիրառման հարցերի հետ կապված վեճեր ծագելու դեպքում Քարտուղարն անմիջապես այդ մասին ծանուցում է տվյալ համաձայնագրի բոլոր անդամ պետություններին:
3. 1-ին և 2-րդ կետերում նշված ցանկացած կողմ իրավունք ունի մասնակցելու քննությանը: Եթե նա օգտվում է այդ իրավունքից, ապա վճռում բերված մեկնաբանությունը հավասարապես պարտադիր է նաև այդ կողմի համար:
Հոդված 33
Վճիռների վերջնական և պարտադիր բնույթը
1. Տրիբունալի վճիռը վերջնական է և պարտադիր է վեճի բոլոր կողմերի համար:
2. Վճիռը պարտադիր բնույթ է կրում միայն տվյալ վեճի և դրա կողմերի համար:
3. Վճռի իմաստի կամ շրջանակների վերաբերյալ ծագած վեճի դեպքում Տրիբունալը, կողմերի խնդրանքով, տալիս է դրա մեկնաբանությունը:
Հոդված 34
Ծախսեր
Եթե Տրիբունալն այլ կերպ չի որոշում, յուրաքանչյուր կողմ կրում է իր ծախսերը:
Բաժին 4
Ծովի հատակի հետ կապված վեճերի հարցերով հանձնախումբ
Հոդված 35
Կազմը
1. Ծովի հատակի հետ կապված վեճերի հարցերով հանձնախումբը, որը նշվում է սույն Հավելվածի 14-րդ հոդվածում, կազմված է 11 անդամից, որոնք ընտրվում են Տրիբունալի ընտրված անդամների մեծամասնության կողմից` իրենց իսկ թվից:
2. Հանձնախմբի անդամներին ընտրելիս ապահովվում է աշխարհի հիմնական իրավական համակարգերի ներկայացուցչությունը և արդարացի աշխարհագրական բաշխումը: Մարմնի Ասամբլեան կարող է ընդհանուր բնույթի առաջարկություններ ընդունել այդ ներկայացուցչության և բաշխման վերաբերյալ:
3. Հանձնախմբի անդամներն ընտրվում են երեք տարի ժամկետով և կարող են վերընտրվել երկրորդ ժամկետով:
4. Հանձնախմբի անդամներն իրենց թվից ընտրում են Նախագահ, որն այդ պաշտոնն զբաղեցնում է այն ժամկետով, որով ընտրված է Հանձնախումբը:
5. Եթե որևէ քննություն անավարտ է մնում մինչև ցանկացած եռամյա ժամկետի լրանալը, որի համար ընտրվում է Հանձնախումբը, ապա վերջինս ավարտում է այդ քննությունը իր սկզբնական կազմով:
6. Հանձնախմբում թափուր պաշտոններ առաջանալու դեպքում Տրիբունալն իր ընտրված անդամների թվից նշանակում է հաջորդին, որն զբաղեցնում է այդ պաշտոնը մինչև իր նախորդի լիազորությունների ժամկետի լրանալը:
7. Հանձնախմբի ձևավորման համար անհրաժեշտ է Տրիբունալի կողմից ընտրված յոթ անդամներից կազմված քվորում:
Հոդված 36
Հատուկ հանձնախմբեր
1. Ծովի հատակի հետ կապված վեճերի հարցերով հանձնախումբն ստեղծում է իր երեք անդամներից կազմված հատուկ հանձնախումբ` 188-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետի համաձայն իրեն փոխանցված որևէ վեճի քննության նպատակով: Այդպիսի հանձնախմբի կազմը որոշվում է Ծովի հատակի հետ կապված վեճերի հարցերով հանձնախմբի կողմից` կողմերի համաձայնությամբ:
2. Եթե կողմերը չեն համաձայնում հատուկ հանձնախմբի կազմին, ապա յուրաքանչյուր կողմ նշանակում է մեկական անդամի, իսկ երրորդ անդամը նրանց կողմից նշանակվում է ըստ պայմանավորվածության: Եթե նրանք համաձայնության չեն գալիս, կամ եթե որևէ կողմ նշանակում չի կատարում, ապա Ծովի հատակի հետ կապված վեճերի հարցերով հանձնախմբի նախագահն անմիջապես կատարում է այդ նշանակումը կամ նշանակումները հանձնախմբի անդամների թվից` կողմերի հետ խորհրդակցելուց հետո:
3. Հատուկ հանձնախմբի անդամները չեն կարող վեճի կողմ հանդիսացող որևէ կողմի ծառայության մեջ լինել կամ այդ կողմի քաղաքացի հանդիսանալ:
Հոդված 37
Մատչելիությունը
Հանձնախումբը բաց է անդամ պետությունների, Մարմնի և 11-րդ մասի 5-րդ բաժնում նշված բոլոր այլ սուբյեկտների համար:
Հոդված 38
Կիրառվող օրենսդրություն
Ի լրումն 293-րդ հոդվածի դրույթների՝ Հանձնախումբը կիրառում է.
ա/ սույն Կոնվենցիային համապատասխան ընդունված՝ Մարմնի նորմերը, կանոններն ու ընթացակարգերը,
բ/ Շրջանում իրականացվող գործունեության հետ կապված պայմանագրերի դրույթները` այդպիսի պայմանագրերին առնչվող հարցերում:
Հոդված 39
Հանձնախմբի որոշումների կատարման ապահովումը
Հանձնախմբի որոշումների կատարումն անդամ պետությունների տարածքներում ապահովվում է նույնպես, ինչպես անդամ պետության բարձրագույն դատարանի որոշումների կամ կարգադրությունների կատարումը, որտեղ խնդրարկվում է կատարման ապահովումը:
Հոդված 40
Սույն Հավելվածի այլ բաժինների դրույթների կիրառում
1. Հանձնախումբը կիրառում է սույն բաժնի դրույթներին չհակասող` սույն Հավելվածի բոլոր այլ բաժինները:
2. Խորհրդակցական եզրակացությունների հետ կապված իր գործառույթները կատարելիս Հանձնախումբը ղեկավարվում է սույն Հավելվածի` Տրիբունալում գործերի քննության վերաբերյալ դրույթներով` այնքանով, որքանով նա դրանք կիրառելի է համարում:
Բաժին 5
Փոփոխություններ և լրացումներ
Հոդված 41
Փոփոխություններ և լրացումներ
1. Սույն Հավելվածում փոփոխություններն ու լրացումները, բացառությամբ 4-րդ բաժնի փոփոխությունների և լրացումների, կարող են ընդունվել միայն 313-րդ հոդվածով սահմանված կարգով կամ սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան գումարված համաժողովին ձեռքբերված փոխհամաձայնության միջոցով:
2. 4-րդ բաժնում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները կարող են ընդունվել միայն 314-րդ հոդվածով սահմանված կարգով:
3. Տրիբունալը կարող է սույն Կանոնադրության մեջ այնպիսի փոփոխություններ ու լրացումներ առաջարկել, որոնք ինքը անհրաժեշտ է համարում` այդ մասին գրավոր ծանուցելով անդամ պետություններին` վերջիններիս կողմից, 1-ին և 2-րդ կետերին համապատասխան, դրանք քննարկելու նպատակով:
ՀԱՎԵԼՎԱԾ 7
Իրավարարություն
Հոդված 1
Գործի հարուցում
15-րդ մասի դրույթների կատարման պայմանով՝ վեճի ցանկացած կողմ կարող է այդ վեճը հանձնել քննության, սույն Հավելվածով նախատեսված իրավարարական ընթացակարգի համաձայն, այդ մասին գրավոր ծանուցելով վեճի այլ կողմին կամ կողմերին: Ծանուցմանը կից ուղարկվում են հայցը և հայցի հիմքերը:
Հոդված 2
Իրավարարների ցանկը
1. Իրավարարների ցանկը կազմվում և վարվում է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի կողմից: Յուրաքանչյուր անդամ պետություն իրավունք ունի նշանակել չորս իրավարարների, որոնցից յուրաքանչյուրը պետք է փորձ ունենա ծովային գործերում և վայելի արդար, իրազեկ և ազնիվ անձնավորության համբավ: Այս կերպ առաջադրված անձանց ազգանուններից կազմվում է նշված ցանկը:
2. Եթե որևէ պահի որևէ անդամ պետության կողմից նշանակված և ցանկում ընդգրկված իրավարարների թիվը չորսից պակաս է լինում, այդ անդամ պետությունն իրավունք ունի կատարելու անհրաժեշտ լրացուցիչ նշանակումները:
3. Իրավարարի ազգանունը ցանկում է մնում մինչև նրան նշանակած անդամ պետության կողմից այդ իրավարարին ցանկից հեռացնելը. ընդ որում նշված իրավարարը կշարունակի իր աշխատանքը ցանկացած արբիտրաժում, որի կազմում նա նշանակվել էր, մինչև այդ արբիտրաժում տվյալ գործի քննության ավարտը:
Հոդված 3
Արբիտրաժի ձևավորումը
Եթե կողմերն այլ կերպ չեն պայմանավորվել, սույն Հավելվածի դրույթներին համապատասխան գործի քննությունը կատարելու նպատակով արբիտրաժը ձևավորվում է հետևյալ կարգի համաձայն.
ա/ «է» ենթակետին համապատասխան՝ արբիտրաժը կազմված է հինգ անդամից:
բ/ Գործ հարուցող կողմը նշանակում է մեկ անդամի, որն ընտրվում է սույն Հավելվածի 2-րդ հոդվածով նախատեսված ցանկից, և որը կարող է տվյալ կողմի քաղաքացի հանդիսանալ: Նշանակված անձի ազգանունը նշվում է սույն Հավելվածի 1-ին հոդվածով նախատեսված ծանուցագրում:
գ/ Վեճի մյուս կողմը սույն Հավելվածի 1-ին հոդվածով նախատեսված ծանուցագիրն ստանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում, նույնպես նշանակում է մեկ անդամի, որն ընտրվում է ցանկից և կարող է այդ կողմի քաղաքացի հանդիսանալ: Եթե նշանակումը չի կատարվում նշված ժամկետում, ապա գործ հարուցող կողմը կարող է հանդես գալ դիմումով, որ նշանակումը կատարվի «ե» ենթակետով սահմանված կարգով:
դ/ Մնացած երեք անդամները նշանակվում են ըստ կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածության: Նրանք նույնպես ընտրվում են ցանկից և երրորդ երկրների քաղաքացիներ են հանդիսանում, եթե կողմերն այլ կերպ չեն պայմանավորվում: Վեճի կողմերն այդ երեք անդամների թվից նշանակում են արբիտրաժի նախագահին: Եթե սույն Հավելվածի 1-ին հոդվածով նախատեսված ծանուցագիրն ստանալուց հետո՝ 60 օրվա ընթացքում, կողմերը չեն կարողացել պայմանավորվածություն ձեռք բերել փոխհամաձայնությամբ նշանակվող` արբիտրաժի մեկ կամ ավելի անդամներ կամ նախագահ նշանակելու վերաբերյալ, ապա մնացած նշանակումը կամ նշանակումները, վեճի կողմերից մեկի դիմումի համաձայն, կատարվում են «ե» ենթակետով սահմանված կարգով: Դիմումը ներկայացվում է վերը նշված 60-օրյա ժամկետն ավարտվելուց հետո՝ երկու շաբաթվա ընթացքում:
ե/ Եթե կողմերը պայմանավորվածություն ձեռք չեն բերում այն մասին, որ «գ» և «դ» ենթակետերով սահմանված կարգով նշանակումները կատարվելու են, կողմերի ընտրությամբ, որևէ անձի կամ երրորդ պետության կողմից, ապա անհրաժեշտ նշանակումը կատարում է Ծովային իրավունքի հարցերով միջազգային տրիբունալի Նախագահը: Եթե Նախագահը չի կարող որևէ գործողություն ձեռնարկել սույն ենթակետին համապատասխան, կամ եթե նա վեճի կողմերից մեկի քաղաքացի է հանդիսանում, ապա նշանակումը կատարվում է Ծովային իրավունքի հարցերով միջազգային տրիբունալի՝ ավագությամբ հաջորդ անդամի կողմից, որը վեճի կողմերից որևէ մեկի քաղաքացի չի հանդիսանում: Սույն ենթակետով նախատեսված նշանակումները կատարվում են սույն Հավելվածի 2-րդ հոդվածով նախատեսված ցանկից` դիմումն ստանալու պահից 30 օրվա ընթացքում և կողմերի հետ խորհրդակցելուց հետո: Այս կարգի համաձայն նշանակված անդամները տարբեր պետությունների քաղաքացիներ են հանդիսանում և չեն կարող վեճի կողմերից որևէ մեկի մոտ ծառայության մեջ լինել, մշտապես բնակվել նրա տարածքում և նրա քաղաքացի հանդիսանալ:
զ/ Թափուր պաշտոնները զգաղեցվում են ըստ այն նույն կարգի, որը սահմանված է սկզբնական նշանակման համար:
է/ Միևնույն շահերը հետապնդող երկու կամ ավելի կողմեր, ըստ պայմանավորվածության, համատեղ նշանակում են մեկ միջնորդի: Այն դեպքերում, երբ առկա են տարբեր շահեր հետապնդող մի քանի կողմեր, կամ երբ կողմերի մոտ միևնույն շահի առկայության վերաբերյալ համաձայնությունը բացակայում է, յուրաքանչյուր կողմ նշանակում է արբիտրաժի առանձին անդամի: Կողմերի առանձին նշանակած արբիտրաժի անդամների թիվը պետք է միշտ մեկ անձով պակաս լինի կողմերի համատեղ նշանակած արբիտրաժի անդամների թվից:
ը/ Երկուսից ավելի կողմ ունեցող վեճերի դեպքում «ա»-«զ» ենթակետերի դրույթները կիրառվում են առավել խստությամբ:
Հոդված 4
Արբիտրաժի գործառույթները
Սույն Հավելվածի 3-րդ հոդվածի համաձայն ձևավորված արբիտրաժը գործում է սույն Հավելվածի և սույն Կոնվենցիայի այլ դրույթներին համապատասխան:
Հոդված 5
Ընթացակարգ
Եթե կողմերն այլ կերպ չեն պայմանավորվել, արբիտրաժը սահմանում է իր սեփական ընթացակարգը, որն ապահովում է կողմի լիարժեք հնարավորությունը՝ լսված լինել և ներկայացնել իր փաստարկները:
Հոդված 6
Վեճի կողմերի պարտականությունները
Վեճի կողմերը օժանդակում են արբիտրաժի աշխատանքին, մասնավորապես, իրենց օրենսդրությանը համապատասխան և օգտագործելով իրենց մոտ առկա բոլոր միջոցները.
ա/ արբիտրաժին են տրամադրում գործին առնչվող բոլոր փաստաթղթերը և տեղեկությունները, և
բ/ անհրաժեշտության դեպքում արբիտրաժին հնարավորություն են ընձեռում հրավիրել վկաներ ու փորձագետներ, նրանցից ցուցմունքներ վերցնել և այցելել գործի հետ առնչություն ունեցող վայրերը:
Հոդված 7
Ծախսեր
Եթե արբիտրաժը գործում հատուկ հանգամանքների առկայության պատճառով այլ կերպ չորոշի, ապա արբիտրաժի ծախսերը, ներառյալ նրա անդամների վարձատրությունը, հավասարապես կրում են վեճի կողմերը:
Հոդված 8
Վճիռներ կայացնելու համար պահանջվող ձայների մեծամասնությունը
Արբիտրաժի վճիռները կայացվում են առաջինիս անդամների ձայների մեծամասնությամբ: Անդամների թվի ավելի քան կեսի բացակայությունը կամ քվեարկությունից ձեռնպահ մնալը արբիտրաժի կողմից վճիռներ կայացնելու համար խոչընդոտ չի հանդիսանում: Ձայների հավասար կիսվելու դեպքում վճռորոշ է համարվում Նախագահի ձայնը:
Հոդված 9
Չներկայանալը
Եթե կողմերից մեկը չի ներկայանում արբիտրաժ կամ չի ներկայացնում իր փաստարկները, մյուս կողմը կարող է արբիտրաժին խնդրել շարունակել քննությունը և վճիռ կայացնել: Կողմի բացակայությունը կամ փաստարկներ չներկայացնելը գործի քննությունը կատարելու համար խոչընդոտ չեն հանդիսանում: Մինչև վճիռ կայացնելն արբիտրաժը հավաստիանում է ոչ միայն նրանում, որ տվյալ վեճը գտնվում է իր իրավազորության ներքո, այլև նրանում, որ հայցը բավականաչափ հիմնավորված է ինչպես փաստերի առկայության, այնպես էլ իրավաբանական տեսանկյունից:
Հոդված 10
Վճիռը
Արբիտրաժի վճիռը սահմանափակվում է վեճի առարկայով, և դրանում նշվում են այն հիմնավորող պատճառները: Նշվում են նաև դրա կայացմանը մասնակցած անդամների ազգանունները և կայացման ամսաթիվը: Արբիտրաժի ցանկացած անդամ կարող է վճռին կցել իր առանձին կամ հատուկ կարծիքը:
Հոդված 11
Վճռի վերջնական բնույթը
Վճիռը վերջնական է և բողոքարկման ենթակա չէ, եթե կողմերը նախապես չեն պայմանավորվել բողոքարկման ընթացակարգի վերաբերյալ: Վճիռը պարտադիր է վեճի բոլոր կողմերի համար:
Հոդված 12
Վճռի մեկնաբանումը կամ կատարումը
1. Ցանկացած տարաձայնություն, որը կարող է ծագել կողմերի միջև վճռի մեկնաբանման կամ կատարման ձևի շուրջ, ցանկացած կողմից կարգավորման նպատակով կարող է ներկայացվել այդ վճիռը կայացրած արբիտրաժին: Դրա համար իրավարանում առաջացող թափուր պաշտոնները զբաղեցվում են ըստ այն նույն կարգի, որի համաձայն կատարվում են արբիտրաժի անդամների սկզբնական նշանակումները:
2. Ցանկացած այդպիսի տարաձայնություն, 287-րդ հոդվածին համապատասխան և վեճի բոլոր կողմերի համաձայնությամբ, կարող է հանձնվել որևէ այլ դատարան կամ արբիտրաժ:
Հոդված 13
Կիրառման կարգը անդամ պետություններ չհանդիսացող սուբյեկտների նկատմամբ
Սույն Հավելվածի դրույթները կիրառվում են mutatis mutandis ցանկացած վեճի դեպքում, որի մեջ ընդգրկված են անդամ պետություններ չհանդիսացող սուբյեկտներ:
ՀԱՎԵԼՎԱԾ 8
Հատուկ իրավարարություն
Հոդված 1
Գործի հարուցում
15-րդ մասի դրույթներին համապատասխան՝ սույն Կոնվենցիայի այն հոդվածների դրույթների մեկնաբանման կամ կիրառման շուրջ առաջացած վեճերի ցանկացած կողմ, ինչպիսիք են` 1/ ձկնորսությունը, 2/ ծովային միջավայրի պաշտպանությունը և պահպանությունը, 3/ ծովի գիտական հետազոտությունները կամ 4/ նավագնացությունը, ներառյալ նավերից կատարվող կամ թափոնների թաղման հետևանքով առաջացող աղտոտումը, կարող է այդ վեճը քննության հանձնել սույն Հավելվածով նախատեսված հատուկ իրավարարության ընթացակարգի համաձայն` վեճի այլ կողմին կամ կողմերին ծանուցագիր ուղարկելու միջոցով: Ծանուցագրին կցվում են հայցագիրը և հայցի հիմնավորումները:
Հոդված 2
Փորձագետների ցանկեր
1. Նշված ոլորտներից յուրաքանչյուրի համար. 1/ ձկնորսությունը, 2/ ծովային միջավայրի պաշտպանությունը և պահպանությունը, 3/ ծովի գիտական հետազոտությունները կամ 4/ նավագնացությունը, ներառյալ նավերից կատարվող կամ թափոնների թաղման հետևանքով առաջացող աղտոտումը, կազմվում և վարվում են փորձագետների առանձին ցանկեր:
2. Փորձագետների ցանկերը կազմվում և վարվում են. ձկնորսության ոլորտում` Միավորված ազգերի կազմակերպության Պարենային և գյուղատնտեսական կազմակերպության կողմից, ծովային միջավայրի պաշտպանության և պահպանության ոլորտում` Միավորված ազգերի կազմակերպության Շրջակա միջավայրի ծրագրի կողմից, ծովի գիտական հետազոտությունների ոլորտում` Միջկառավարական օվկիանոսագիտական հանձնաժողովի կողմից, նավագնացության ոլորտում, ներառյալ նավերից կատարվող կամ թափոնների թաղման հետևանքով առաջացող աղտոտումը, Միջազգային ծովային կազմակերպության կողմից կամ էլ, յուրաքանչյուր դեպքում` համապատասխան օժանդակ մարմնի կողմից, որին տվյալ կազմակերպությունը, ծրագիրը կամ հանձնաժողովը վերագրել է իր գործառույթները:
3. Յուրաքանչյուր անդամ պետություն իրավունք ունի նշանակել երկու փորձագետի յուրաքանչյուր ոլորտում, որոնք պետք է հանրահայտ և հանրաճանաչ հեղինակություններ լինեն տվյալ ոլորտի իրավաբանական, գիտական կամ տեխնիկական ասպեկտներում և ունենան արդար և ազնիվ անձնավորությունների համբավ: Այս կարգի համաձայն յուրաքանչյուր ոլորտում նշանակված անձանց ազգանունները կազմում են համապատասխան ցանկը:
4. Եթե որևէ պահի որևէ անդամ պետության կողմից նշանակված և ցանկում ընդգրկված փորձագետների թիվը երկուսից պակաս է լինում, այդ անդամ պետությունն իրավունք է ունենում կատարելու անհրաժեշտ լրացուցիչ նշանակումներ:
5. Փորձագետի ազգանունը ցանկում է մնում մինչև նրան նշանակած անդամ պետության կողմից այդ փորձագետին ցանկից հեռացնելը. ընդ որում նշված փորձագետը կշարունակի իր աշխատանքը ցանկացած հատուկ արբիտրաժում, որի կազմում նա նշանակվել էր, մինչև այդ հատուկ արբիտրաժում տվյալ գործի քննության ավարտը:
Հոդված 3
Արբիտրաժի ձևավորումը
Եթե կողմերն այլ կերպ չեն պայմանավորվել՝ սույն Հավելվածի դրույթներին համապատասխան գործի քննությունը կատարելու նպատակով հատուկ արբիտրաժը ձևավորվում է հետևյալ կարգի համաձայն.
ա/ «է» ենթակետին համապատասխան՝ հատուկ արբիտրաժը կազմված է հինգ անդամից:
բ/ Գործ հարուցող կողմը նշանակում է երկու անդամների, որոնք ընտրվում են համապատասխան ցանկից կամ սույն Հավելվածի 2-րդ հոդվածով նախատեսված և վիճելի ոլորտին առնչվող ցանկերից, և որոնցից մեկը կարող է տվյալ կողմի քաղաքացի հանդիսանալ: Նշանակված անձանց ազգանունները նշվում են սույն Հավելվածի 1-ին հոդվածով նախատեսված ծանուցագրում:
գ/ Վեճի մյուս կողմը սույն Հավելվածի 1-ին հոդվածով նախատեսված ծանուցագիրն ստանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում, նույնպես նշանակում է երկու անդամի, որոնք ընտրվում են համապատասխան ցանկից կամ սույն Հավելվածի 2-րդ հոդվածով նախատեսված և վիճելի ոլորտին առնչվող ցանկերից, և որոնցից մեկը կարող է տվյալ կողմի քաղաքացի հանդիսանալ: Եթե նշանակումները չեն կատարվում նշված ժամկետում, ապա գործ հարուցող կողմը կարող է հանդես գալ դիմումով, որ նշանակումը կատարվի «ե» ենթակետով սահմանված կարգով:
դ/ Վեճի կողմերը փոխադարձ համաձայնությամբ նշանակում են հատուկ արբիտրաժի նախագահին, որն ընտրվում է համապատասխան ցանկից և երրորդ պետության քաղաքացի է հանդիսանում, եթե կողմերն այլ կերպ չեն պայմանավորվել: Եթե սույն Հավելվածի 1-ին հոդվածով նախատեսված ծանուցագիրն ստանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում, կողմերը չեն կարողացել պայմանավորվածություն ձեռք բերել նախագահ նշանակելու վերաբերյալ, ապա նշանակումը, վեճի կողմերից մեկի դիմումի համաձայն, կատարվում է «ե» ենթակետով սահմանված կարգով: Դիմումը ներկայացվում է վերը նշված 30-օրյա ժամկետը լրանալուց հետո՝ երկու շաբաթվա ընթացքում:
ե/ Եթե կողմերը պայմանավորվածություն ձեռք չեն բերում այն մասին, որ նշանակումները կատարվելու են, կողմերի ընտրությամբ, որևէ անձի կամ երրորդ պետության կողմից, ապա անհրաժեշտ նշանակումը կատարում է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը, «գ» և «դ» ենթակետերի համաձայն, դիմումն ստանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում: Այս կարգի համաձայն նշանակված անդամները տարբեր պետությունների քաղաքացիներ են հանդիսանում և չեն կարող վեճի կողմերից որևէ մեկի մոտ ծառայության մեջ լինել, մշտապես բնակվել նրա տարածքում և նրա քաղաքացի հանդիսանալ:
զ/ Թափուր պաշտոնները զգաղեցվում են ըստ այն նույն կարգի, որը սահմանված է սկզբնական նշանակման համար:
է/ Միևնույն շահերը հետապնդող կողմերը, ըստ պայմանավորվածության, համատեղ նշանակում են արբիտրաժի երկու անդամի: Այն դեպքերում, երբ առկա են տարբեր շահեր հետապնդող մի քանի կողմեր, կամ երբ կողմերի մոտ միևնույն շահի առկայության վերաբերյալ համաձայնությունը բացակայում է, յուրաքանչյուր կողմ նշանակում է արբիտրաժի մեկական անդամի:
ը/ Երկուսից ավելի կողմ ունեցող վեճերի դեպքում «ա»-«զ» ենթակետերի դրույթները կիրառվում են առավել խստությամբ:
Հոդված 4
Ընդհանուր դրույթներ
7-րդ Հավելվածի 4-13-րդ հոդվածները mutatis mutandis կիրառվում են նաև հատուկ արբիտրաժային ընթացակարգերի դեպքում` սույն Հավելվածին համապատասխան:
Հոդված 5
Փաստերի բացահայտում
1. Սույն Կոնվենցիայի այն հոդվածների դրույթների մեկնաբանման կամ կիրառման շուրջ առաջացած վեճերի կողմերը, ինչպիսիք են` 1/ ձկնորսությունը, 2/ ծովային միջավայրի պաշտպանությունը և պահպանությունը, 3/ ծովի գիտական հետազոտությունները կամ 4/ նավագնացությունը, ներառյալ նավերից կատարվող կամ թափոնների թաղման հետևանքով առաջացող աղտոտումը, կարող են, փոխադարձ համաձայնությամբ, ցանկացած ժամանակ դիմել սույն Հավելվածի 3-րդ հոդվածով սահմանված կարգով ձևավորվող հատուկ արբիտրաժին՝ անցկացնել քննություն և բացահայտել տվյալ վեճի ծագման պատճառ հանդիսացած փաստերը:
2. Եթե կողմերն այլ կերպ չեն պայմանավորվել, 1-ին կետին համապատասխան գործող հատուկ արբիտրաժի կողմից փաստի բացահայտումը կողմերի համար համարվում է վերջնական:
3. Վեճի բոլոր կողմերի խնդրանքով՝ հատուկ արբիտրաժը կարող է ձևակերպել հանձնարարականներ, որոնք, չունենալով վճռի իրավական ուժ, վեճի ծագման պատճառ հանդիսացած հարցերի քննարկման հիմքն են ձևավորում կողմերի համար:
4. 2-րդ կետի դրույթներին համապատասխան՝ հատուկ արբիտրաժը գործում է սույն Հավելվածով սահմանված կարգով, եթե կողմերն այլ կերպ չեն պայմանավորվում:
ՀԱՎԵԼՎԱԾ 9
Միջազգային կազմակերպությունների մասնակցությունը
Հոդված 1
«Միջազգային կազմակերպություն» հասկացության օգտագործումը
305-րդ հոդվածի և սույն Հավելվածի իմաստով «միջազգային կազմակերպություն» հասկացությունը նշանակում է պետությունների կողմից ստեղծված միջկառավարական կազմակերպություն, որին իր անդամ պետություններն օժտել են իրավասություններով սույն Կոնվենցիայով կարգավորվող հարցերում, այդ թվում` վերջիններիս առնչվող համաձայնագրեր կնքելու իրավասություններով:
Հոդված 2
Ստորագրում
Միջազգային կազմակերպությունը կարող է ստորագրել սույն Կոնվենցիան, եթե այն ստորագրել է դրա անդամ պետությունների մեծամասնությունը: Ստորագրման պահին միջազգային կազմակերպությունը հայտարարություն է անում, որտեղ ստույգ նշվում է սույն Կոնվենցիայով կարգավորվող այն հարցերի շրջանակը, որոնց նկատմամբ Կոնվենցիան ստորագրած անդամ պետությունները այդ կազմակերպությանն օժտել են իրավասություններով, ինչպես նաև՝ այդ իրավասությունների բնույթը և շրջանակները:
Հոդված 3
Պաշտոնական հաստատում և միացում
1. Միջազգային կազմակերպությունը կարող է ի պահ հանձնել պաշտոնական հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթը, եթե իր անդամ պետությունների մեծամասնությունն ի պահ է հանձնել կամ հանձնում իր վավերագրերը կամ միանալու մասին փաստաթղթերը:
2. Այդ կազմակերպության կողմից ի պահ հանձնված փաստաթղթերը պարունակում են սույն Հավելվածի 4-րդ և 5-րդ հոդվածներով նախատեսված տեղեկություններ:
Հոդված 4
Մասնակցության աստիճանը, իրավունքներն ու պարտականությունները
1. Միջազգային կազմակերպության կողմից ի պահ հանձնվող պաշտոնական հաստատման կամ միանալու մասին փաստաթղթերը պարունակում են այն իրավունքներն ու պարտականություններն ստանձնելու պարտավորությունը, որոնք պետությունների համար սույն Կոնվենցիայով նախատեսված են այն հարցերի համար, որոնց նկատմամբ Կոնվենցիան ստորագրած անդամ պետություններն այդ կազմակերպությանն օժտել են իրավասություններով:
2. Միջազգային կազմակերպությունը դառնում է սույն Կոնվենցիայի անդամ այնքանով, որքանով ինքը օժտված է իրավասություններով` սույն Հավելվածի 5-րդ հոդվածով նախատեսված հայտարարությունների, հաղորդագրությունների և ծանուցումների համաձայն:
3. Այդպիսի միջազգային կազմակերպությունը իրականացնում է այն իրավունքներն ու կատարում է այն պարտականությունները, որոնք, հակառակ դեպքում, սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան՝ կվերագրվեին սույն Կոնվեցիայի անդամ պետություններ հանդիսացող նրա անդամներին` այն հարցերում, որոնց նկատմամբ Կոնվենցիան ստորագրած անդամ պետություններն այդ կազմակերպությանն օժտել են իրավասություններով: Այդպիսի միջազգային կազմակերպության անդամ պետությունները չեն իրականացնում այն իրավասությունները, որոնցով նրանք օժտել են այդ կազմակերպությանը:
4. Միջազգային կազմակերության մասնակցությունը ոչ մի դեպքում չի առաջացնում ներկայացուցչության ավելացում, ինչի իրավունքը այդ կազմակերպության անդամներ հանդիսացող՝ սույն Կոնվենցիայի անդամ պետությունները հակառակ դեպքում կունենային, ներառյալ որոշումներ կայացնելու գործընթացին մասնակցելու իրավունքը:
5. Այդպիսի միջազգային կազմակերպությունների մասնակցությունը ոչ մի դեպքում սույն Կոնվենցիայի անդամ պետություններ չհանդիսացող կազմակերպության անդամներին սույն Կոնվենցիայով նախատեսված որևէ իրավունք չի տալիս:
6. Սույն Կոնվենցիային համապատասխան միջազգային կազմակերպության ստանձնած պարտավորությունների և այդպիսի կազմակերպության ստեղծման մասին համաձայնագրի կամ դրան վերաբերող որևէ այլ փաստաթղթի պահանջներից բխող պարտավորությունների միջև հակասությունների ծագման դեպքում գերակայող են համարվում սույն Կոնվենցիայի պահանջներից բխող պարտավորությունները:
Հոդված 5
Հայտարարություններ, հաղորդագրություններ և ծանուցումներ
1. Միջազգային կազմակերպության կողմից ի պահ հանձնվող՝ պաշտոնական հաստատման կամ միանալու մասին փաստաթղթերը պարունակում են հայտարարություն, որտեղ ստույգ նշվում է այն հարցերի շրջանակը, որոնց նկատմամբ Կոնվենցիան ստորագրած անդամ պետություններն այդ կազմակերպությանն օժտել են իրավասություններով:
2. Միջազգային կազմակերպության անդամ պետությունը սույն Կոնվենցիան վավերացնելու, դրան միանալու կամ այդպիսի կազմակերպության կողմից պաշտոնական հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելու պահին` կախված նրանից, թե որն է ավելի ուշ տեղի ունենում, անում է հայտարարություն, որտեղ ստույգ նշվում է այն հարցերի շրջանակը, որոնց նկատմամբ Կոնվենցիան ստորագրած անդամ պետություններն այդ կազմակերպությանն օժտել են իրավասություններով:
3. Ենթադրվում է, որ սույն Կոնվենցիայի անդամ հանդիսացող միջազգային կազմակերպության անդամ պետությունների իրավասություններն ընդգրկում են սույն Կոնվենցիայով կարգավորվող բոլոր այն հարցերը, որոնց նկատմամբ այդ կազմակերպությանը իրավասություններ վերագրելու մասին այդ պետությունները սույն հոդվածին համապատասխան ստույգ չեն հայտարարել, ծանուցել կամ տեղեկացրել:
4. Միջազգային կազմակերպությունը և սույն Կոնվենցիայի անդամ հանդիսացող դրա անդամ պետություններն անհապաղ ծանուցում են սույն Կոնվենցիայի ավանդապահին լիազորությունների բաշխման ցանկացած փոփոխության մասին, այդ թվում` 1-ին և 2-րդ կետերով նախատեսի համաձայն արվող հայտարարություններում ստույգ նշված նոր իրավասություններ վերագրելու մասին:
5. Ցանկացած անդամ պետություն կարող է դիմել միջազգային կազմակերպությանը և սույն Կոնվենցիայի անդամ հանդիսացող դրա անդամ պետություններին՝ իրեն տեղեկություններ տրամադրելու խնդրանքով այն մասին, թե ում իրավասության ներքո է գտնվում ծագող այս կամ այն հարցը: Կազմակերպությունը և համապատասխան անդամ պետություններն այդ տեղեկությունները տրամադրում են խելամիտ ժամկետներում: Կազմակերպությունը և անդամ պետությունները կարող են նաև այդ տեղեկությունները տրամադրել սեփական նախաձեռնությամբ:
6. Սույն հոդվածով նախատեսված հայտարարություններում, հաղորդագրություններում և ծանուցումներում նշվում են վերագրված իրավասության բնույթը և շրջանակները:
Հոդված 6
Պատասխանատվություն
1. Սույն Հավելվածի համաձայն՝ իրավասություններով օժտված անդամ պետությունները պատասխանատվություն են կրում իրենց պարտավորությունների չկատարման և սույն Կոնվենցիայի դրույթների որևէ այլ խախտման համար:
2. Ցանկացած անդամ պետություն կարող է դիմել միջազգային կազմակերպությանը և սույն Կոնվենցիայի անդամ հանդիսացող դրա անդամ պետություններին՝ իրեն տեղեկություններ տրամադրելու խնդրանքով այն մասին, թե ով է պատասխանատու ծագող այս կամ այն հարցի համար: Կազմակերպությունը և համապատասխան անդամ պետությունները տրամադրում են այդ տեղեկությունները: Այդպիսի տեղեկությունները խելամիտ ժամկետներում չտրամադրելը կամ հակասական բնույթ կրող տեղեկություններ տրամադրելը առաջացնում են համազոր պատասխանատվություն:
Հոդված 7
Վեճերի կարգավորում
1. Պաշտոնական հաստատման կամ միանալու մասին փստաթուղթն ի պահ հանձնելու պահին և դրանից հետո ցանկացած ժամանակ միջազգային կազմակերպութունը, գրավոր դիմումի հիման վրա, կարող է ընտրել սույն Կոնվենցիայի դրույթների մեկնաբանմանը կամ կիրառմանը վերաբերող` 287-րդ հոդվածի «ա», «գ» և «դ» ենթակետերում նշված վեճերի կարգավորման մեթոդներից մեկը կամ մի քանիսը:
2. 15-րդ մասը mutatis mutandis կիրառվում է սույն Կոնվենցիայի այն անդամ պետությունների միջև ծագած ցանկացած վեճի դեպքում, որոնցից մեկը կամ մի քանիսը միջազգային կազմակերպություններ են:
3. Եթե միջազգային կազմակերպությունը կամ դրա մեկ կամ մի քանի անդամ պետությունները վեճի միասնական կողմեր են հանդիսանում կամ միևնույն շահերն են հետապնդում, ապա համարվում է, որ տվյալ կազմակերպությունն ընդունել է վեճերի կարգավորման նույն ընթացակարգերը, ինչ իր անդամ պետությունները: Սակայն եթե անդամ պետությունը, 287-րդ հոդվածի համաձայն, միայն Միջազգային դատարանն է ընտրել, ապա այդ կազմակերպությունը և շահագրգիռ անդամ պետությունն ընդունում են 7-րդ Հավելվածով նախատեսված իրավարարությունը, եթե կողմերն այլ կերպ չեն պայմանավորվում:
Հոդված 8
17-րդ մասի դրույթների կիրառումը
17-րդ մասի դրույթները mutatis mutandis կիրառվում են միջազգային կազմակերպության նկատմամբ` բացառությամբ հետևյալի.
ա/ միջազգային կազմակերպության՝ պաշտոնական հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթը նկատի չի առնվում 308-րդ հոդվածի 1-ին կետի կիրառման դեպքերում,
բ/ i. միջազգային կազմակերպությունն օժտված է բացառիկ իրավազորությամբ 312-315-րդ հոդվածների դրույթների կիրառման նկատմամբ այնքանով, որքանով այն, սույն Հավելվածի 5-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, օժտված է իրավասությամբ այն հարցի նկատմամբ, որին վերաբերում է փոփոխությունը կամ լրացումը,
ii. այն փոփոխության կամ լրացման պաշտոնական հաստատման կամ դրան միանալու մասին միջազգային կազմակերպության փաստաթուղթը, որը վերաբերում է ամբողջ հարցին, որի նկատմամբ այդ կազմակերպությունն օժտված է իրավասությամբ՝ սույն Հավելվածի 5-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, 316-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի դրույթների կիրառման նպատակով համարվում է սույն Կոնվենցիայի անդամ հանդիսացող յուրաքանչյուր անդամ պետության վավերագիր կամ միանալու մասին փաստաթուղթ,
iii. բոլոր այլ փոփոխությունների և լրացումների նկատմամբ 316-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի կիրառման դեպքերում միջազգային կազմակերպության պաշտոնական հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթը նկատի չի առնվում,
գ/ i. միջազգային կազմակերպությունը չի կարող չեղյալ հայտարարել սույն Կոնվենցիան 317-րդ հոդվածով սահմանված կարգով, եթե իր անդամ պետություններից որևէ մեկը միաժամանակ սույն Կոնվենցիայի անդամ պետություն է հանդիսանում, և եթե այն շարունակում է համապատասխանել սույն Հավելվածի 1-ին հոդվածով սահմանված պահանջներին,
ii. միջազգային կազմակերպությունը չեղյալ է հայտարարում սույն Կոնվենցիան այն դեպքերում, երբ իր անդամ պետություններից ոչ մեկը սույն Կոնվենցիայի անդամ պետություն չի հանդիսանում, և եթե այն այլևս չի համապատասխանում սույն Հավելվածի 1-ին հոդվածով սահմանված պահանջներին: Այդպիսի չեղյալ հայտարարումն ուժի մեջ է մտնում անմիջապես:
* Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2003 թվականի հունվարի 8-ից: