Գլխավոր տեղեկություն
Համար
N 1749-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.01.2004-07.10.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.01.29/6(305) Հոդ.115
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.12.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.12.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
29.12.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.01.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 դեկտեմբերի 2003 թ.

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 դեկտեմբերի 2003 թվականի N 1749-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ռազմաբժշկական հանձնաժողովի ձևավորման ու գործունեության կարգը և պայմանները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. դեկտեմբերի 26
Երևան

 

 

 


Հավելված

ՀՀ կառավարության 2003 թվականի
դեկտեմբերի 18-ի N 1749-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ  ԵՎ  Պ Ա Յ Մ Ա Ն Ն Ե Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ռազմաբժշկական հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ռազմաբժշկական վարչության կազմում գործող օղակ է, որն իրականացնում և ղեկավարում է ռազմաբժշկական փորձաքննությանն առնչվող աշխատանքները` ազգային անվտանգության մարմինների համակարգում:

2. Հանձնաժողովն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կնիք և անկյունային դրոշմակնիք: Հանձնաժողովը համալրվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ռազմաբժշկական վարչության պոլիկլինիկայի համապատասխան բժիշկներով` թերապևտ, վիրաբույժ, նևրոպաթոլոգ, հոգեբույժ, ակնաբույժ, օտորինոլարինգոլոգ, մաշկավեներոլոգ, ստոմատոլոգ, գինեկոլոգ: Հանձնաժողովը կազմված է նախագահից, որի պարտականություններն ի պաշտոնե կատարում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ռազմաբժշկական վարչության պետը, անդամներից և քարտուղարից: Հանձնաժողովի կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ռազմաբժշկական վարչության պետի ներկայացմամբ:

3. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնելիս ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի հրամաններով ու սույն կարգով: Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունում (այսուհետ` ազգային անվտանգության ծառայություն) պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցնող շարքային կազմի զինծառայողների ռազմաբժշկական փորձաքննությունն իրականացնելիս հանձնաժողովը ղեկավարվում է նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի համապատասխան հրամաններով:

4. Հանձնաժողովը ռազմաբժշկական փորձաքննություններ իրականացնում է ազգային անվտանգության ծառայության կադրային մարմնի և ազգային անվտանգության ծառայության համապատասխան զորամասերի հրամանատարների կողմից տրված ուղեգրերի հիման վրա: Ուղեգրի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենը:

5. Ուղեգրում նշվում են ռազմաբժշկական փորձաքննությանն առաջադրվող հարցերը, փորձաքննության անցկացման նպատակը, ինչպես նաև փորձաքննության ներկայացված անձի կարգավիճակը (ազգային անվտանգության ծառայությունում ծառայության ընդունվող, ազգային անվտանգության ծառայության համակարգում այլ ծառայության տեղափոխվող, համապատասխան ուսումնական հաստատություն ընդունվող, ազգային անվտանգության ծառայությունից արձակվող):

6. Մինչև ռազմաբժշկական փորձաքննության իրականացումը` ազգային անվտանգության ծառայությունում ծառայության ընդունվողը և համապատասխան ուսումնական հաստատությունում սովորելու համար դիմած անձը պետք է հանձնաժողով ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

ա) զինվորական գրքույկ (սահմանված դեպքերում` կցագրման վկայական),

բ) ամբուլատոր քարտից քաղվածք` վերջին 5 տարվա ընթացքում հիվանդությունների վերաբերյալ (ըստ բնակության վայրի),

գ) տեղեկանքներ` տրված նարկոլոգիական, հոգենյարդաբանական, հակատուբերկուլյոզային դիսպանսերների կողմից:

Անհրաժեշտության դեպքում կարող են պահանջվել լրացուցիչ տեղեկություններ:

7. Հանձնաժողովը ռազմաբժշկական փորձաքննությունն իրականացնում է թերապևտ, վիրաբույժ, հոգեբույժ, մաշկավեներոլոգ, ակնաբույժ, օտորինոլարինգոլոգ, ստոմատոլոգ, նևրոպաթոլոգ, գինեկոլոգ բժիշկ-փորձագետների կազմով: Ռազմաբժշկական փորձաքննության ժամանակ իրականացվում են նաև արյան և մեզի ընդհանուր քննություն, կրծքավանդակի օրգանների ֆլյուորոգրաֆիկ հետազոտություն, էլեկտրասրտագրություն և մտավոր ունակության հետազոտություն` թեստերի միջոցով: Վերջին հետազոտությունը կատարվում է ազգային անվտանգության ծառայության կադրային մարմնի ղեկավարի պահանջով` ուղեգրի վրա կատարելով հատուկ նշում:

8. Հանձնաժողովը ռազմաբժշկական փորձաքննության արդյունքների հիման վրա, ձայների մեծամասնությամբ, կոլեգիալ կազմով ընդունում է որոշում: Հետազոտվողի` ազգային անվտանգության ծառայությունում ծառայության համար պիտանիությունը որոշվում է անհատական գնահատման եղանակով: Եթե հանձնաժողովի նախագահը կամ հանձնաժողովի առանձին անդամը համաձայն չէ հանձնաժողովի որոշմանը, ապա վերջինիս եզրակացությունը հիվանդության վկայագրում կամ տեղեկանքում գրանցվում է որպես մասնավոր կարծիք:

9. Հանձնաժողովը ռազմաբժշկական փորձաքննության արդյունքների հիման վրա ընդունում է հետևյալ որոշումներից կամ եզրակացություններից որևէ մեկը`

ա) ազգային անվտանգության ծառայությունում ծառայության ընդունվողների մասին`

պիտանի է օպերատիվ ծառայության համար, 

պիտանի չէ օպերատիվ ծառայության համար,

պիտանի է օպերատիվ-պահակային ծառայության համար,

պիտանի չէ օպերատիվ-պահակային ծառայության համար,

պիտանի է օպերատիվ-տեխնիկական ծառայության համար,

պիտանի չէ օպերատիվ-տեխնիկական ծառայության համար,

պիտանի է վարչական ծառայության համար,

պիտանի չէ վարչական ծառայության համար,

պիտանի է տնտեսական ծառայության համար,

պիտանի չէ տնտեսական ծառայության համար,

պիտանի է ինժեներատեխնիկական ծառայության համար,

պիտանի չէ ինժեներատեխնիկական ծառայության համար,

պիտանի է բժշկական ծառայության համար,

պիտանի չէ բժշկական ծառայության համար,

պիտանի է ծառայության համար` որպես վարորդ,

պիտանի չէ ծառայության համար` որպես վարորդ,

պիտանի է ծառայության համար` որպես հերթապահ պարետի օգնական,

պիտանի չէ ծառայության համար` որպես հերթապահ պարետի օգնական,

պիտանի է ծառայության համար` որպես վերահսկիչ,

պիտանի չէ ծառայության համար` որպես վերահսկիչ,

պիտանի չէ ծառայության ազգային անվտանգության մարմիններում` մինչև բուժվելը,

պիտանի չէ ծառայության ազգային անվտանգության մարմիններում.

բ) համապատասխան ուսումնական հաստատություններ ընդունվողների մասին`

պիտանի է ընդունման (նշվում է ուսումնական հաստատության անվանումը),

պիտանի չէ ընդունման (նշվում է ուսումնական հաստատության անվանումը).

գ) ազգային անվտանգության ծառայության զինծառայողների և զինապարտների մասին`

պիտանի է զինվորական ծառայության համար,

պիտանի է ոչ շարային ծառայության համար` խաղաղ ժամանակ, առաջին աստիճանի սահմանափակ

պիտանի է` պատերազմի ժամանակ,

կարիք ունի արձակուրդի` հիվանդության պատճառով (նշվում է ժամկետը),

կարճատև ժամկետով ազատվում է ծառայությունից (նշվում է օրերի քանակը),

պիտանի չէ զինվորական ծառայության համար` խաղաղ ժամանակ, երկրորդ աստիճանի սահմանափակ պիտանի է` պատերազմի ժամանակ,

պիտանի չէ զինվորական ծառայության համար` հանելով զինվորական հաշվառումից,

պիտանի չէ զինվորական ծառայության համար` 6 կամ 12 ամիս անց կրկնակի փորձաքննությամբ (պատերազմի ժամանակ):

10. Ռազմաբժշկական փորձաքննության ընթացքում ազգային անվտանգության ծառայության զինծառայողների մոտ հիվանդությունների, վնասվածքների հայտնաբերման բոլոր դեպքերում որոշվում է դրանց և ազգային անվտանգության ծառայության համակարգում ծառայության անցման միջև առկա պատճառական կապը:

11. Հանձնաժողովը սույն կարգի և պայմանների 10-րդ կետում նշված որոշումներն ընդունում է հավաստի տվյալների առկայության դեպքում` ազգային անվտանգության ծառայության զինծառայողի հիվանդություններ ձեռք բերելու, վնասվածքներ ստանալու հանգամանքների վերաբերյալ կադրային մարմնի կամ զինծառայողի անմիջական ղեկավարի կազմած ակտի հիման վրա: Ակտը կազմվում է ծառայողական քննության, հետաքննության, նախաքննության նյութերի, ատեստավորման, ծառայողական բնութագրերի, բժշկական հիմնարկների կողմից տրված տեղեկանքների, հիվանդության պատմագրերի, հիվանդության վկայագրության, բժշկական քարտում բուժող բժշկի կատարած գրանցումների հիման վրա, եթե դրանք լրացվել են վնասվածքներն ստանալուց հետո ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում: Ակտը հաստատվում է ազգային անվտանգության ծառայության համապատասխան մարմնի ղեկավարի կողմից:

12. Հանձնաժողովը հիվանդությունների, վնասվածքների և ազգային անվտանգության ծառայությունում ծառայության անցնելու միջև պատճառական կապը որոշելիս ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`

ա) «Հիվանդությունն ստացել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության համակարգում զինվորական ծառայության ընթացքում», եթե այն առաջացել է ազգային անվտանգության ծառայության համակարգում զինվորական ծառայության ընթացքում կամ, եթե հիվանդությունը ձեռք է բերել մինչև ազգային անվտանգության ծառայության համակարգում զինվորական ծառայության անցնելը, սակայն զինվորական ծառայության ընթացքում հիվանդությունը խորացել է այն աստիճանի, որ սահմանափակել է զինվորական ծառայության համար պիտանիությունը: Այս կետին են վերաբերում նաև այն դեպքերը, երբ մինչև ծառայությունը ձեռք բերած հիվանդությունների կամ ստացած վնասվածքների հետևանքով ազգային անվտանգության ծառայության համակարգում զինվորական ծառայության ընթացքում զարգացել են պաթոլոգիական փոփոխություններ, որոնք էլ հանգեցրել են ազգային անվտանգության ծառայությունում զինվորական ծառայության պիտանիության սահմանափակմանը:

Սույն ձևակերպմամբ ընդունվում են նաև որոշումներ ազգային անվտանգության ծառայության զինծառայողների ռազմաբժշկական փորձաքննության մասին` այն դեպքերում, երբ նրանց մոտ հայտնաբերվում են ազգային անվտանգության ծառայության համակարգում զինվորական ծառայության ընթացքում ձեռք բերած հիվանդությունների, ստացած վնասվածքների հետևանքներ, սակայն դրանց ստացման մասին հավաստի տեղեկությունները բացակայում են.

բ) «Հիվանդությունը կապված չէ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունում զինվորական ծառայության հետ», եթե այն առաջացել է ոչ թե ազգային անվտանգության ծառայության համակարգում զինվորական ծառայության ընթացքում, այլ մինչև ազգային անվտանգության ծառայության համակարգում զինվորական ծառայության անցնելը և ազգային անվտանգության ծառայությունում ծառայությունը չի ազդել արդեն իսկ ունեցած հիվանդության և ազգային անվտանգության ծառայության համակարգում զինվորական ծառայության համար պիտանիության վրա:

13. Հիվանդությունը կամ վնասվածքը համարվում է ազգային անվտանգության ծառայությունում զինվորական ծառայության ընթացքում առաջացած, եթե ազգային անվտանգության ծառայության զինծառայողը հիվանդացել կամ վնասվածքը ստացել է`

ա) ծառայության գնալիս կամ ծառայությունից վերադառնալիս, գործուղման մեկնելիս կամ գործուղումից վերադառնալիս.

բ) ազգային անվտանգության ծառայության մարմնի տարածքում կամ աշխատանքի (ուսման) վայրում աշխատանքի (ուսման) ժամանակ (ներառյալ ընդմիջումը), եթե ծառայողի կողմից չեն խախտվել զինվորական ծառայությունը կանոնակարգող իրավական ակտերի պահանջները.

գ) հատկապես վտանգավոր համաճարակների օջախում ծառայություն իրականացնելիս.

դ) ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ ռադիոակտիվ ճառագայթներով, այլ իոնացնող ճառագայթներով, ինչպես նաև թունավոր նյութերով ախտահարվելիս.

ե) ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ցրտահարվելու կամ այրվածքներ ստանալու հետևանքով:

14. Վնասվածքը կամ վիրավորվելը չի համարվում ազգային անվտանգության ծառայությունում զինվորական ծառայության ընթացքում առաջացած, եթե զինծառայողն այն ստացել է`

ա) դժբախտ պատահարի հետևանքով, որը կապված չէ ծառայողական պարտականությունների կատարման հետ.

բ) ազգային անվտանգության ծառայության զինծառայողի կողմից իր ծառայությունը կանոնակարգող իրավական ակտերի պահանջների խախտման կամ ոչ պատշաճ կատարման, ինչպես նաև ինքնավնասման հետևանքով:

15. Ազգային անվտանգության ծառայության զինծառայողներին հիվանդության պատճառով արձակուրդ տրվում է մինչև 60 օր ժամկետով: Անհրաժեշտության դեպքում այն կարող է երկարացվել` ամեն անգամ մեկ ամիս ժամկետով: Ընդհանուր առմամբ բուժման մեջ և հիվանդության կապակցությամբ արձակուրդում գտնվելու ժամկետներն առանց ընդհատման` խաղաղ ժամանակ չի կարող գերազանցել 4 ամիսը` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի: Այն դեպքերում, երբ զինծառայողը նշված 4 ամիսը լրանալուց հետո առողջության վիճակի պատճառով դեռևս չի կարողանում անցնել ծառայողական պարտականությունների կատարմանը և դեռ կարիք ունի բուժման, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ռազմաբժշկական վարչության պետը տեղեկանք է ներկայացնում ազգային անվտանգության ծառայության ղեկավարությանը (Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի համապատասխան տեղակալին), որտեղ նշվում են հիվանդությունը ձեռք բերելու կամ վնասվածքն ստանալու ժամանակն ու հանգամանքները, ինչպիսի բժշկական հիմնարկներում է բուժվել և քանի օր է գտնվել բուժման մեջ, բուժման ու հիվանդության հետ կապված արձակուրդի չընդհատվող ժամկետը, ինչպիսի բուժական միջոցառումներ են իրականացվել և հաստատված ախտորոշումը, ինչպես նաև եզրակացություն այն մոտավոր ժամկետների մասին, որոնց ընթացքում հնարավոր է վերջացնել սկսված բուժումը:

16. Ազգային անվտանգության ծառայության զինծառայողի բուժման կամ հիվանդության պատճառով արձակուրդում գտնվելու 4-ամսյա ժամկետը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներով, իրավունք ունի երկարացնելու Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենը:

17. Ազգային անվտանգության ծառայության զինծառայողը 6 ամիս ժամկետով անընդհատ բուժման կամ հիվանդության պատճառով արձակուրդում գտնվելուց հետո, եթե դեռ կարիք ունի բուժման, հանձնաժողովի կողմից ենթարկվում է ռազմաբժշկական փորձաքննության` նրա զինվորական ծառայությանը պիտանիության հարցը որոշելու համար: Եթե առանձին հիվանդությունների բուժման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ավելի երկար ժամկետներ են սահմանված, ապա ազգային անվտանգության ծառայության զինծառայողը հանձնաժողովի կողմից ռազմաբժշկական փորձաքննության է ենթարկվում տվյալ ժամկետները լրանալուց հետո:

18. Այն զինծառայողների նկատմամբ, ովքեր հիվանդությունը ձեռք են բերել կամ վնասվածքն ստացել են ծառայողական պարտականությունները կատարելիս, ռազմաբժշկական փորձաքննություն կատարվում է միայն բժշկական հիմնարկում բուժման կուրսը վերջացնելուց հետո:

19. Այն դեպքերում, երբ ազգային անվտանգության ծառայությունում պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցնող շարքային կազմի զինծառայողը ճանաչվում է ոչ պիտանի զինվորական ծառայության համար` զինվորական հաշվառումից հանելով, և ի վիճակի չէ կատարելու իր ծառայողական պարտականությունները, արձակումը ձևակերպելու ժամանակաընթացքում հանձնաժողովն ընդունում է հետևյալ որոշումը` «Ենթակա է ազատման ծառայողական պարտականությունների կատարումից` հիվանդության պատճառով, մինչև նրա արձակումը ձևակերպելը, բայց ոչ ավելի, քան 30 օր ժամկետով»:

20. Ռազմաբժշկական փորձաքննության ենթարկվածների առողջական վիճակի մասին տեղեկությունները և հանձնաժողովի որոշումները գրանցվում են`

ա) բժշկական վկայագրության ակտում, հանձնաժողովի նիստերի արձանագրության մատյանում, տեղեկանքում կամ հիվանդության վկայագրում.

բ) համապատասխան ուսումնական հաստատություն ընդունվողի բժշկական վկայագրության ակտում, հանձնաժողովի նիստերի արձանագրության մատյանում, տեղեկանքում:

21. Հանձնաժողովի որոշումները ձևակերպվում են ռազմաբժշկական փորձաքննության օրը և ուղեգրող մարմին են ուղարկվում ոչ ուշ, քան 3 օրվա ընթացքում:

22. Հանձնաժողովի բժշկական և փորձաքննական փաստաթղթերի պահպանման ժամկետները սահմանվում են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի հրամանով:

23. Հանձնաժողովն իրականացնում է`

ա) ազգային անվտանգության ծառայությունում ծառայության ընդունվողների, ազգային անվտանգության ծառայության զինծառայողների, այդ թվում` պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցնող շարքային կազմի զինծառայողների, համապատասխան ուսումնական հաստատություններ ընդունվողների և ունկնդիրների ռազմաբժշկական փորձաքննությունը` ծառայությանը նրանց պիտանիությունը որոշելու համար.

բ) ազգային անվտանգության ծառայության զինծառայողների, այդ թվում` պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցնող շարքային կազմի զինծառայողների ծառայությունից, ինչպես նաև ազգային անվտանգության մարմինների համակարգում զբաղեցրած պաշտոնից օրենքով սահմանված կարգով ազատվածների` ծառայության ընթացքում հիվանդությունների ձեռքբերման հանգամանքի մասին որոշման ընդունումը.

գ) ազգային անվտանգության մարմինների համակարգում ծառայության ընթացքում և ազգային անվտանգության մարմինների համակարգից օրենքով սահմանված կարգով արձակվելուց հետո մահացած անձանց ռազմաբժշկական փորձաքննություն` նրանց` ծառայության ընթացքում ձեռք բերած հիվանդությունների, ստացած վնասվածքների և մահվան միջև պատճառական կապը որոշելու համար.

դ) ռազմաբժշկական փորձաքննության հարցերով առաջավոր փորձի ուսումնասիրումը և ներդրումը գործնական աշխատանքներում:

24. Հանձնաժողովի լիազորություններն են` 

ա) հանձնաժողովի իրավասությանը վերաբերող հարցերով որոշումների ընդունումը.

բ) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող հոսպիտալներում, ազգային անվտանգության ծառայության բուժական կանխարգելիչ և քաղաքացիական բժշկական հիմնարկներում ազգային անվտանգության ծառայության հիվանդ զինծառայողների հետազոտման ու բուժման ընթացքի, ինչպես նաև փորձաքննության որակի` ռազմաբժշկական փորձաքննության մասով, ուսումնասիրումը.

գ) անհրաժեշտության դեպքում փորձաքննության ենթարկվողին ստուգիչ հետազոտման ուղարկելը.

դ) փորձաքննության ենթարկվողի անձնական գործից տվյալներ, բժշկական, թոշակավորման փաստաթղթեր, բնութագրեր, արխիվային տեղեկանքներ և այլ փաստաթղթեր պահանջելը.

ե) ռազմաբժշկական փորձաքննության տեսանկյունից բարդ, վիճահարույց դեպքերում հանձնաժողովի աշխատանքներում այլ բժշկական հիմնարկների (այդ թվում` քաղաքացիական բժշկական հիմնարկների) առաջատար մասնագետների ներգրավումը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
05.10.2023, N 1703-Ն 07.10.2023, N 1749-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան