Մ Ի Ջ Ա Զ Գ Ա Յ Ի Ն Կ Ո Ն Վ Ե Ն Ց Ի Ա
ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ, ՀՆՉՅՈՒՆԱԳՐԵՐ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ԵՎ ՀԵՌԱՐՁԱԿՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Պայմանավորվող պետությունները,
ցանկանալով պահպանել կատարողների, հնչյունագրեր արտադրողների և հեռարձակող կազմակերպությունների իրավունքները,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
Հեղինակային իրավունքի պատշաճ պահպանում
(Հոդվածները ստացել են վերնագրեր՝ դրանց տարբերակումը հեշտացնելու համար: Ստորագրված տեքստում վերնագրեր չկան)
Սույն Կոնվենցիայով տրամադրված պահպանությունը պետք է անեղծ թողնի գրական և գեղարվեստական աշխատանքների նկատմամբ հեղինակային իրավունքի պահպանությունը և ոչ մի կերպ չպետք է ներազդի վերջինիս վրա: Հետևաբար սույն Կոնվենցիայի ոչ մի դրույթ չի կարող մեկնաբանվել որպես նման պահպանությանը վնաս հասցնող:
Հոդված 2
Կոնվենցիայով նախատեսված պահպանություն: Ազգային վերաբերմունքի սահմանումը
1. Սույն Կոնվենցիայի իմաստով ազգային վերաբերմունք նշանակում է այն Պայմանավորվող պետության ազգային օրենսդրությունով տրամադրված վերաբերմունքը, որտեղ պահպանություն է պահանջվում՝
ա) տվյալ երկրի քաղաքացիներ համարվող կատարողների համար՝ տվյալ երկրի տարածքում տեղի ունեցող, հեռարձակված կամ առաջին անգամ արձանագրված կատարումների կապակցությամբ,
բ) տվյալ երկրի քաղաքացիներ համարվող հնչյունագրեր արտադրողների համար՝ տվյալ երկրի տարածքում առաջին անգամ ամրագրված կամ հրապարակված հնչյունագրերի կապակցությամբ,
գ) տվյալ երկրի տարածքում իրենց վարչական կառավարման կենտրոնն ունեցող հեռարձակող կազմակերպությունների համար՝ տվյալ երկրի տարածքում տեղադրված հաղորդիչներից հաղորդված հեռարձակումների կապակցությամբ:
2. Ազգային վերաբերմունքը պետք է ենթարկվի սույն Կոնվենցիայով հատուկ ձևով երաշխավորված պահպանությանը, ինչպես նաև հատուկ ձևով նախատեսված սահմանափակումներին:
Հոդված 3
Սահմանումներ՝ ա) կատարողներ, բ) հնչյունագիր, գ) հնչյունագրեր արտադրողներ, դ) հրապարակում,
ե) վերարտադրություն, զ) հեռարձակում, է) վերահեռարձակում
Սույն Կոնվենցիայի նպատակների համար՝
ա) «կատարողներ» նշանակում է դերասանները, երգիչները, երաժիշտները, պարողները և այլ անձինք, որոնք դեր են կատարում, երգում, կարդում, ասմունքում, նվագում կամ այլ կերպ կատարում են գրական կամ գեղարվեստական աշխատանքներ,
բ) «հնչյունագիր» նշանակում է կատարման հնչյունների կամ այլ հնչյունների բացառապես ունկնդրելու համար արձանագրումը,
գ) «հնչյունագրեր արտադրող» նշանակում է այն ֆիզիկական կամ իրավաբանական անձը, որն առաջինն է արձանագրում կատարման հնչյունները կամ այլ հնչյունները,
դ) «հրապարակում» նշանակում է ողջամիտ քանակով հասարակությանը որևէ հնչյունագրի օրինակներ առաջարկելը,
ե) «վերարտադրություն» նշանակում է արձանագրման մեկ կամ ավելի օրինակների պատրաստումը,
զ) «հեռարձակում» նշանակում է հասարակության ընկալման համար հնչյունների կամ պատկերների և հնչյունների առանց հաղորդագծի տարածումը,
է) «վերահեռարձակում» նշանակում է հեռարձակող կազմակերպության հեռարձակումով մեկ այլ հեռարձակող կազմակերպության միաժամանակյա հեռարձակումը:
Հոդված 4
Պահպանվող կատարումներ: Դրույթներ կատարողների վերաբերյալ
Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն կատարողներին տրամադրում է ազգային վերաբերմունք, եթե առկա է հետևյալ պայմաններից որևէ մեկը.
ա) կատարումը տեղի է ունենում մեկ այլ Պայմանավորվող պետությունում,
բ) կատարումն ընդգրկված է այն հնչյունագրի մեջ, որը պահպանվում է սույն Կոնվենցիայի 5-րդ հոդվածով,
գ) կատարումը, որը արձանագրված չէ հնչյունագրով, հաղորդվում է սույն Կոնվենցիայի 6-րդ հոդվածով պահպանվող հեռարձակման միջոցով:
Հոդված 5
Պահպանվող հնչյունագրեր՝ 1. դրույթներ հնչյունագրեր արտադրողների վերաբերյալ, 2. միաժամանակյա հրապարակում, 3. որոշ չափանիշներ բացառելու լիազորություն
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն հնչյունագրեր արտադրողներին տրամադրում է ազգային վերաբերմունք, եթե առկա է հետևյալ պայմաններից որևէ մեկը.
ա) հնչյունագիր արտադրողը մեկ այլ Պայմանավորվող պետության քաղաքացի է (քաղաքացիության չափանիշ),
բ) հնչյունի առաջին արձանագրումը կատարվել է մեկ այլ Պայմանավորվող պետության տարածքում (արձանագրման չափանիշ),
գ) հնչյունագիրն առաջին անգամ հրապարակվել է մեկ այլ Պայմանավորվող պետության տարածքում (հրապարակման չափանիշ),
2. Հնչյունագիրը Պայմանավորվող պետության տարածքում առաջին անգամ հրապարակված է համարվում, եթե այն Կոնվենցիային չմասնակցող պետության տարածքում առաջին հրապարակումից հետո 30 օրվա ընթացքում հրապարակվում է (միաժամանակյա հրապարակում) նաև Պայմանավորվող պետության տարածքում:
3. Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ի պահ տրված ծանուցմամբ կարող է հայտարարել, որ չի կիրառի հրապարակման չափանիշը կամ, երկընտրանքայնորեն, արձանագրման չափանիշը: Նման ծանուցումը կարող է ի պահ տրվել վավերացման, ընդունման կամ անդամակցության պահին կամ դրանից հետո՝ ցանկացած ժամանակ: Վերջինիս դեպքում այն ուժի մեջ կմտնի ի պահ տալու պահից վեց ամիս անց:
Հոդված 6
Պահպանվող հեռարձակումներ՝ 1. դրույթներ հեռարձակող կազմակերպությունների վերաբերյալ, 2. վերապահության լիազորություն
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն հեռարձակող կազմակերպություններին տրամադրում է ազգային վերաբերմունք, եթե առկա է հետևյալ պայմաններից որևէ մեկը.
ա) հեռարձակող կազմակերպության վարչական կառավարման կենտրոնը գտնվում է մեկ այլ Պայմանավորվող պետությունում,
բ) երբ հեռարձակումը կատարվել է մեկ այլ Պայմանավորվող պետությունում տեղադրված հաղորդչից:
2. Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ի պահ տրված ծանուցմամբ կարող է հայտարարել, որ կպահպանի հեռարձակումները միայն այն դեպքում, եթե հեռարձակող կազմակերպության վարչական կառավարման կենտրոնը գտնվում է մեկ այլ Պայմանավորվող պետության տարածքում, և հաղորդումը հեռարձակվում է այդ նույն Պայմանավորվող պետության տարածքում տեղադրված հաղորդչից: Նման ծանուցումը կարող է ի պահ տրվել վավերացման, ընդունման կամ անդամակցության պահին կամ դրանից հետո՝ ցանկացած ժամանակ: Վերջինիս դեպքում այն ուժի մեջ կմտնի դրա ի պահ տալու պահից վեց ամիս անց:
Հոդված 7
Նվազագույն պահպանություն կատարողների համար՝ 1. բացառիկ իրավունքներ, 2. փոխհարաբերություններ կատարողների և հեռարձակող կազմակերպությունների միջև
1. Սույն Կոնվենցիայով կատարողների համար նախատեսված պահպանությունը պետք է ընդգրկի հետևյալը կանխելու հնարավորությունը.
ա) առանց իրենց համաձայնության իրենց կատարման հեռարձակումն ու հրապարակային հաղորդումը, բացառությամբ այն դեպքերի, երբ հեռարձակման կամ հրապարակային հաղորդման մեջ օգտագործված կատարումը արդեն ինքնին հեռարձակված կատարում է կամ իրականացվել է արձանագրումից,
բ) իրենց չարձանագրված կատարման արձանագրումն առանց իրենց համաձայնության,
գ) իրենց կատարման արձանագրման վերարտադրությունն առանց իրենց համաձայնության՝
i) եթե սկզբնական արձանագրումն ինքնին կատարվել է առանց իրենց համաձայնության,
ii) եթե վերարտադրությունն իրականացվել է այն նպատակների համար, որոնք տարբերվում են այն նպատակներից, որոնց համար կատարողները տվել են իրենց համաձայնությունը,
iii) եթե սկզբնական արձանագրումն իրականացվել է 15-րդ հոդվածի դրույթների համաձայն, իսկ վերարտադրությունն իրականացվել է այն նպատակների համար, որոնք տարբերվում են այդ դրույթներում նշված նպատակներից:
2. 1) Եթե հեռարձակումը համաձայնեցված է կատարողների կողմից, ապա այն պետք է հանդիսանա Պայմանավորվող պետության ազգային օրենսդրության խնդիրը, եթե պահպանությունը կոչված է կարգավորելու պահպանությունը վերահեռարձակումից, հեռարձակման նպատակների համար արձանագրումից և հեռարձակման նպատակների համար նման արձանագրման վերարտադրությունից:
2) Հեռարձակման նպատակների համար հեռարձակող կազմակերպությունների կողմից իրականացված արձանագրումների օգտագործումը կարգավորող դրույթները և պայմանները սահմանվում են այն Պայմանավորվող պետության ազգային օրենսդրության համաձայն, որտեղ պահանջվում է պահպանությունը:
3) Այնուամենայնիվ, սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված ազգային օրենսդրությունը չպետք է զրկի կատարողներին հեռարձակող կազմակերպությունների հետ, ըստ պայմանագրի, իրենց հարաբերությունները վերահսկելու իրավասությունից:
Հոդված 8
Համատեղ գործող կատարողներ
Եթե միևնույն կատարման մեջ մասնակցում են մի քանի կատարողներ, ապա ցանկացած Պայմանավորվող պետություն, իր ազգային օրենսդրության համաձայն, կարող է որոշել այն եղանակները, որոնցով կատարողները պետք է ներկայացված լինեն իրենց իրավունքների իրագործման կապակցությամբ:
Հոդված 9
Կրկեսային և այլ արտիստներ
Ցանկացած Պայմանավորվող պետություն, իր ազգային օրենսդրության համաձայն, կարող է տարածել սույն Կոնվենցիայով նախատեսված պահպանությունը այն արտիստների վրա, որոնք գրական կամ գեղարվեստական աշխատանքներ չեն կատարում:
Հոդված 10
Հնչյունագիր արտադրողների վերարտադրության իրավունքը
Հնչյունագրեր արտադրողները օգտվում են իրենց հնչյունագրերի ուղղակի կամ անուղղակի վերարտադրությունը թույլատրելու կամ արգելելու իրավունքից:
Հոդված 11
Ձևականություններ հնչյունագրերի վերաբերյալ
Որպես հնչյունագրեր արտադրողների կամ կատարողների կամ երկուսի էլ հնչյունագրերի հետ կապված իրավունքների պահպանության պայման, եթե Պայմանավորվող պետությունը, համաձայն իր ազգային օրենսդրության, պահանջում է համապատասխանություն ձևականություններին, ապա դրանք այն դեպքում են կատարված համարվում, երբ վաճառքի մեջ գտնվող հրապարակված հնչյունագրի բոլոր օրինակները կամ դրանց տուփերը կրում են «P» նշանը պարունակող գրառում առաջին հրապարակման տարեթվի նշումով, որը պետք է տեղադրված լինի այնպես, որ տրամաբանորեն հաղորդի պահպանության պահանջի մասին: Իսկ եթե օրինակները կամ դրանց տուփերը չեն վկայում արտադրողի կամ արտադրողի լիցենզառուի մասին (նշելով նրա անունը, ապրանքային նշանը կամ այլ համապատասխան տվյալներ), ապա գրառումը պետք է ընդգրկի նաև արտադրողի իրավունքներ ունեցողի անունը: Բացի այդ, եթե օրինակները կամ դրանց տուփերը չեն մատնանշում գլխավոր կատարողներին, ապա գրառումը պետք է ընդգրկի նաև այն անձի անունը, որը այն երկրում, որտեղ կատարված է արձանագրումը, ունի նման կատարողների իրավունք:
Հոդված 12
Հնչյունագրերի երկրորդական օգտագործումներ
Եթե առևտրային նպատակներով հրապարակված հնչյունագիրը կամ նման հնչյունագրի վերարտադրումն ուղղակիորեն օգտագործվում է հեռարձակման կամ ցանկացած հրապարակային հաղորդման համար, ապա միանվագ արդարացի վարձատրություն պետք է օգտագործողի կողմից վճարվի կատարողներին կամ հնչյունագրեր արտադրողներին կամ երկուսին միասին: Այս կողմերի միջև համաձայնության բացակայության դեպքում ազգային օրենսդրությունը կարող է որոշել այս վարձատրության բաշխման պայմանները:
Հոդված 13
Նվազագույն իրավունքներ հեռարձակող կազմակերպությունների համար
Հեռարձակող կազմակերպությունները իրավունք ունեն թույլատրելու կամ արգելելու.
ա) իրենց հեռարձակումների վերահեռարձակումը,
բ) իրենց հեռարձակումների արձանագրումը,
գ) հետևյալի վերարտադրությունը՝
(1) առանց իրենց համաձայնության իրենց հեռարձակումների արձանագրումները,
(2) 15-րդ հոդվածի դրույթների համաձայն կատարած իրենց հեռարձակումների արձանագրումները, եթե վերարտադրությունը իրականացվում է այն նպատակների համար, որոնք տարբերվում են այդ դրույթներում նշված նպատակներից,
դ) իրենց հեռուստատեսային հեռարձակումների հաղորդումը հասարակությանը, եթե այդպիսի հաղորդումը կատարվում է այն վայրերում, որոնք մատչելի են հասարակությանը մուտքի վարձ վճարելու դիմաց: Պայմանների սահմանումը, որոնցով կարող է իրականացվել այդպիսի պահպանությունը, այն Պետության ազգային օրենսդրության խնդիրն է, որտեղ պահանջվում է այս իրավունքի պահպանությունը:
Հոդված 14
Պահպանության նվազագույն տևողությունը
Սույն Կոնվենցիայով տրամադրվող պահպանության ժամկետը պետք է տևի առնվազն մինչև 20-ամյա ժամանակաշրջանի վերջը՝ հաշվարկված այն տարվա վերջից, երբ՝
ա) կատարվել է արձանագրումը՝ հնչյունագրերի և դրանցում ընդգրկված կատարումների համար,
բ) տեղի է ունեցել կատարումը՝ հնչյունագրերում չընդգրկված կատարումների համար,
գ) տեղի է ունեցել հեռարձակումը՝ հեռարձակումների համար:
Հոդված 15
Թույլատրված բացառություններ՝ 1. հատուկ սահմանափակումներ, 2. հեղինակային իրավունքին համարժեք իրավունքներ
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն իր ազգային օրենսդրությունում կարող է նախատեսել սույն Կոնվենցիայով երաշխավորված պահպանության համար բացառություններ հետևյալի վերաբերյալ.
ա) անձնական օգտագործման,
բ) ընթացիկ իրադարձությունների հաղորդմանը վերաբերող կարճ քաղվածքների օգտագործման,
գ) հեռարձակող կազմակերպության կողմից՝ իր սեփական սարքավորումների միջոցով և իր սեփական հեռարձակումների համար կարճատև արձանագրման,
դ) միմիայն ուսումնական կամ գիտահետազոտական նպատակներով օգտագործման:
2. Անկախ սույն հոդվածի 1-ին կետից՝ ցանկացած Պայմանավորվող պետություն իր ազգային օրենսդրությունում կարող է կատարողների, հնչյունագրեր արտադրողների և հեռարձակող կազմակերպությունների պահպանության վերաբերյալ նախատեսել այնպիսի սահմանափակումներ, ինչպիսիք այն նախատեսում է իր ազգային օրենսդրության գրական և գեղարվեստական աշխատանքների նկատմամբ հեղինակային իրավունքի պահպանության վերաբերյալ: Սակայն հարկադիր լիցենզիաներ կարող են նախատեսվել միայն այնքանով, որքանով դրանք համատեղելի են սույն Կոնվենցիայի հետ:
Հոդված 16
Վերապահումներ
1. Ցանկացած պետություն, դառնալով սույն Կոնվենցիային մասնակից, պետք է վերցնի իր վրա Կոնվենցիայով նախատեսված բոլոր պարտավորությունները, ինչպես նաև օգտվի դրա բոլոր արտոնություններից: Սակայն որևէ Պետություն ցանկացած ժամանակ կարող է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ի պահ տրված ծանուցմամբ հայտարարել, որ՝
ա) 12-րդ հոդվածի առնչությամբ՝
i) չի կիրառի այդ հոդվածի դրույթները,
ii) չի կիրառի այդ հոդվածի դրույթները որոշակի օգտագործումների վերաբերյալ,
iii) չի կիրառի այդ հոդվածը այն հնչյունագրերի կապակցությամբ, որոնց արտադրողը այլ Պայմանավորվող պետության քաղաքացի չէ,
iv) մյուս Պայմանավորվող պետության քաղաքացի հանդիսացող հնչյունագրեր արտադրողի առնչությամբ սույն հոդվածով նախատեսված պահպանությունը սահմանափակում է այն չափով և ժամկետով, որոնցով վերոհիշյալ պետությունը պահպանություն է ընձեռում հնչյունագրերին, որոնք առաջին անգամ արձանագրված են հայտարարություն անող պետության քաղաքացու կողմից: Սակայն այն փաստը, որ Պայմանավորվող պետությունը (որի հնչյունագրեր արտադրողը այդ պետության քաղաքացի է) որպես հայտարարություն անող պետություն պահպանություն չի ընձեռում այդ նույն օգտվողին կամ օգտվողներին, պահպանության իմաստով տարբերություն չի համարվում:
բ) 13-րդ հոդվածի առնչությամբ նա չի կիրառի այդ հոդվածի «դ» կետը: Եթե մի Պայմանավորվող պետություն ներկայացնում է այդպիսի հայտարարություն, ապա մյուս Պայմանավորվող պետությունները պարտավոր չեն 13-րդ հոդվածի «դ» կետում նշված իրավունքը ընձեռել այն հեռարձակող կազմակերպություններին, որոնց վարչական կառավարման կենտրոնները գտնվում են այդ պետության տարածքում:
2. Եթե սույն հոդվածի 1-ին կետում նշված ծանուցումը ներկայացվում է վավերագիրը, ընդունման կամ միանալու վերաբերյալ փաստաթուղթը ի պահ տալուց հետո, ապա հայտարարագիրը ուժի մեջ է մտնում այն ի պահ տալուց վեց ամիս հետո:
Հոդված 17
Միայն «արձանագրում» չափանիշը կիրառող որոշ երկրներ
Ցանկացած պետություն, որը 1961 թվականի հոկտեմբերի 26-ի դրությամբ հնչյունագրեր արտադրողներին պահպանություն է ընձեռում՝ հիմնվելով բացառապես արձանագրման չափանիշի վրա, կարող է վավերացման, ընդունման կամ միանալու պահին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ի պահ տրված ծանուցմամբ հայտարարել, որ 5-րդ հոդվածում նշված նպատակների համար ինքը կկիրառի միայն արձանագրման չափանիշը, իսկ 16-րդ հոդվածի 1-ին «ա» 3-րդ և 4-րդ կետերում նշված նպատակների համար քաղաքացիության չափանիշի փոխարեն կկիրառի արձանագրման չափանիշը:
Հոդված 18
Վերապահումները հետ վերցնելը
Ցանկացած պետություն, որը 5-րդ հոդվածի 3-րդ կետի, 6-րդ հոդվածի 2-րդ կետի, 16-րդ հոդվածի 1-ին կետի կամ 17-րդ հոդվածի համաձայն ծանուցում է ի պահ տվել, կարող է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ի պահ տրված հետագա ծանուցմամբ կրճատել առաջինիս գործողության շրջանակը կամ հետ վերցնել այն:
Հոդված 19
Ֆիլմերում կատարողների իրավունքներ
Հաշվի չառնելով սույն Կոնվենցիայի որևէ դրույթ՝ 7-րդ հոդվածը հետագա կիրառում չի գտնի, եթե կատարողը համաձայնություն տա իր կատարումը ընդգրկելու տեսողական կամ տեսալսողական արձանագրման մեջ:
Հոդված 20
Հետադարձ կիրառման բացառում
1. Սույն Կոնվենցիան չի ոտնահարում ցանկացած իրավունք, որը ձեռք է բերվել նախքան Պայմանավորվող պետության նկատմամբ սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելը:
2. Ոչ մի Պայմանավորվող պետություն պարտավոր չէ կիրառել սույն Կոնվենցիայի դրույթները տեղի ունեցած կատարումների կամ հեռարձակումների, ինչպես նաև արձանագրված հնչյունագրերի նկատմամբ նախքան տվյալ պետության համար սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելը:
Հոդված 21
Պահպանություն այլ միջոցներով
Սույն Կոնվենցիայով նախատեսված պահպանությունը չի ոտնահարում կատարողներին, հնչյունագրեր արտադրողներին և հեռարձակող կազմակերպություններին որևէ այլ կերպով երաշխավորված ցանկացած պահպանություն:
Հոդված 22
Հատուկ համաձայնություններ
Պայմանավորվող պետությունները իրավունք ունեն միմյանց հետ կնքելու հատուկ համաձայնություններ, եթե այդպիսի համաձայնությունները կատարողներին, հնչյունագրեր արտադրողներին կամ հեռարձակող կազմակերպություններին տալիս են ավելի լայն իրավունքներ, քան սույն Կոնվենցիայով ընձեռված իրավունքներն են, կամ էլ պարունակում են սույն Կոնվենցիային չհակասող այլ դրույթներ:
Հոդված 23
Ստորագրումը և ի պահ տալը
Սույն Կոնվենցիան ի պահ է տրվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին: Այն բաց է ստորագրման համար մինչև 1962 թվականի հունիսի 30-ը կատարողների, հնչյունագրեր արտադրողների և հեռարձակող կազմակերպությունների միջազգային պահպանությանը նվիրված դիվանագիտական համաժողովին հրավիրված ցանկացած պետության կողմից, որը հանդիսանում է Հեղինակային իրավունքի համաշխարհային կոնվենցիայի մասնակից կամ Գրական և գեղարվեստական աշխատանքների պահպանության միջազգային միության անդամ:
Հոդված 24
Կոնվենցիային մասնակից դառնալը
1. Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման կամ ընդունման ստորագրող պետությունների կողմից:
2. Սույն Կոնվենցիային կարող է միանալ 23-րդ հոդվածում հիշատակված համաժողովին հրավիրված ցանկացած պետություն և Միավորված ազգերի կազմակերպության ցանկացած անդամ երկիր՝ պայմանով, որ երկու դեպքում էլ նման պետությունը լինի Հեղինակային իրավունքի համաշխարհային կոնվենցիայի մասնակից կամ Գրական և գեղարվեստական աշխատանքների պահպանության միջազգային միության անդամ:
3. Վավերացումը, ընդունումը կամ անդամակցությունը իրականացվում է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին համապատասխան փաստաթուղթը ի պահ տալով:
Հոդված 25
Ուժի մեջ մտնելը
1. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում վավերագիրը, ընդունման կամ միանալու վերաբերյալ վեցերորդ փաստաթուղթը ի պահ տալու պահից երեք ամիս անց:
2. Հետագայում յուրաքանչյուր Պայմանավորվող պետության համար սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում դրա վավերագիրը, ընդունման կամ միանալու վերաբերյալ փաստաթուղթը ի պահ տալու պահից երեք ամիս անց:
Հոդված 26
Կոնվենցիայի իրականացումը ազգային օրենսդրության համաձայն
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն, իր սահմանադրության համաձայն, պարտավորվում է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ սույն Կոնվենցիայի կիրառումը ապահովելու համար:
2. Յուրաքանչյուր պետություն վավերագիրը, ընդունման կամ միանալու վերաբերյալ փաստաթուղթը ի պահ տալու պահին պետք է ի զորու լինի իրագործելու սույն Կոնվենցիայի պայմանները՝ իր ազգային օրենսդրության համաձայն:
Հոդված 27
Կոնվենցիայի կիրառելիությունը որոշ տարածքներում
1. Յուրաքանչյուր պետություն վավերացման, ընդունման կամ միանալու պահին կամ ավելի ուշ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին հասցեագրված ծանուցմամբ կարող է հայտարարել, որ սույն Կոնվենցիան տարածվում է այն բոլոր տարածքների կամ տարածքի վրա, որոնց միջազգային հարաբերությունների համար ինքը պատասխանատու է՝ պայմանով, որ Հեղինակային իրավունքի համաշխարհային կոնվենցիան կամ Գրական և գեղարվեստական աշխատանքների պահպանության միջազգային կոնվենցիան տարածվում են այդ տարածքի կամ տարածքների վրա: Այս ծանուցումը ուժի մեջ է մտնում դրա ստացման պահից երեք ամիս անց:
2. 5-րդ հոդվածի 3-րդ, 6-րդ հոդվածի 2-րդ, 16-րդ հոդվածի 1-ին կետերում, ինչպես նաև 17-րդ և 18-րդ հոդվածներում հիշատակված ծանուցումները կարող են ընդարձակվել՝ սույն հոդվածի 1-ին կետում հիշատակված բոլոր տարածքները կամ դրանց մի մասը ընդգրկելու նպատակով:
Հոդված 28
Կոնվենցիայի չեղյալ հայտարարումը
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն կարող է չեղյալ հայտարարել սույն Կոնվենցիան իր իսկ անունից կամ 27-րդ հոդվածում հիշատակված տարածքներից բոլորի կամ որևէ մեկի անունից:
2. Չեղյալ հայտարարելը իրագործվում է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին հղված ծանուցմամբ և ուժի մեջ է մտնում ծանուցումն ստանալու պահից տասներկու ամիս անց:
3. Չեղյալ հայտարարելու իրավունքը չի կարող իրականացվել Պայմանավորվող պետության կողմից նախքան հնգամյա ժամկետի ավարտը՝ սկսած այն պահից, երբ տվյալ պետությունում Կոնվենցիան ուժի մեջ է մտել:
4. Պայմանավորվող պետությունը դադարում է սույն Կոնվենցիային մասնակից լինելուն այն պահից, երբ նա չի հանդիսանում ոչ հեղինակային իրավունքի համաշխարհային կոնվենցիայի մասնակից, ոչ էլ Գրական և գեղարվեստական աշխատանքների պահպանության միջազգային միության անդամ:
5. Սույն Կոնվենցիան դադարում է տարածվել 27-րդ հոդվածում հիշատակված որևէ տարածքի վրա այն պահից, երբ ոչ հեղինակային իրավունքի համաշխարհային կոնվենցիան և ոչ էլ Գրական և գեղարվեստական աշխատանքների պահպանության միջազգային կոնվենցիան չեն տարածվում այդ տարածքների վրա:
Հոդված 29
Կոնվենցիայի վերանայումը
1. Սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հինգ տարի անց ցանկացած Պայմանավորվող պետություն, Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին հղված ծանուցմամբ կարող է պահանջել, որ հրավիրվի համաժողով՝ Կոնվենցիան վերանայելու նպատակով: Գլխավոր քարտուղարը այս պահանջի մասին տեղեկացնում է բոլոր Պայմանավորվող պետություններին: Եթե Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի տեղեկացնելու պահից սկսած վեց ամսվա ընթացքում Պայմանավորվող պետությունների ոչ պակաս, քան կեսը տեղեկացնում է նրան տվյալ առաջարկին իր համաձայնության մասին, գլխավոր քարտուղարը այդ մասին տեղեկացնում է Աշխատանքի միջազգային կազմակերպության Գլխավոր տնօրենին, Միավորված ազգերի կազմակերպության կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր տնօրենին և Գրական ու գեղարվեստական աշխատանքների պահպանության միջազգային միության բյուրոյի տնօրենին, որոնք, համագործակցելով 32-րդ հոդվածում հիշատակված միջկառավարական կոմիտեի հետ, հրավիրում են վերանայող համաժողով:
2. Սույն Կոնվենցիայի ցանկացած փոփոխության ընդունումը պահանջում է վերանայող համաժողովին մասնակցող պետությունների երկու երրորդի դրական քվեն՝ պայմանով, որ այս մեծամասնությունը ներառի այն պետությունների երկու երրորդը, որոնք վերանայող համաժողովի պահին հանդիսանում են Կոնվենցիայի մասնակիցներ:
3. Այն դեպքում, երբ ընդունվում է սույն Կոնվենցիան ամբողջովին կամ մասնակիորեն վերանայող համաժողով, և եթե վերանայող կոնվենցիան չի նախատեսում հակառակը, ապա.
ա) սույն Կոնվենցիան դադարում է բաց լինել վավերացման, ընդունման կամ միանալու համար վերանայող կոնվենցիան ուժի մեջ մտնելու պահից,
բ) սույն Կոնվենցիան ուժի մեջ է մնում այն Պայմանավորվող պետությունների հետ/միջև հարաբերությունների առնչությամբ, որոնք վերանայող կոնվենցիային մասնակից չեն դարձել:
Հոդված 30
Վեճերի կարգավորումը
Մեկ կամ ավելի Պայմանավորվող պետությունների միջև ծագող հնարավոր ցանկացած վեճ, որը վերաբերում է սույն Կոնվենցիայի մեկնաբանմանը կամ կիրառմանը, և որը չի կարգավորվում բանակցության միջոցով, վեճի կողմերից որևէ մեկի պահանջով վճռի կայացման համար հանձնվում է Միջազգային դատարանին միայն այն դեպքում, երբ նրանք չեն համաձայնում կարգավորման մեկ այլ եղանակի:
Հոդված 31
Սահմանափակումներ վերապահումների վերաբերյալ
Առանց 5-րդ հոդվածի 3-րդ կետի, 6-րդ հոդվածի 2-րդ կետի, 16-րդ հոդվածի 1-ին կետի և 17-րդ հոդվածի դրույթները խախտելու սույն Կոնվենցիային վերաբերող ոչ մի վերապահում չի կարող կատարվել:
Հոդված 32
Միջկառավարական կոմիտե
1. Սույնով ստեղծվում է միջկառավարական կոմիտե, որի պարտականությունները հետևյալն են՝
ա) ուսումնասիրել սույն Կոնվենցիայի կիրառման և գործողության հետ կապված հարցերը, և
բ) հավաքագրել առաջարկություններ և պատրաստել փաստաթղթեր՝ սույն Կոնվենցիայի հնարավոր վերանայման նպատակով:
2. Կոմիտեն կազմված է Պայմանավորվող պետությունների ներկայացուցիչներից, որոնք ընտրվում են պատշաճ կերպով՝ հավասարաչափ աշխարհագրական բաժանման հիման վրա: Տասներկու կամ ավելի քիչ Պայմանավորվող պետությունների պարագայում անդամ երկրների քանակը պետք է լինի վեց, տասներեքից տասնութ Պայմանավորվող պետությունների դեպքում՝ ինը, տասնութից ավելի Պայմանավորվող պետությունների դեպքում՝ տասներկու:
3. Կոմիտեն կազմավորվում է Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու պահից տասներկու ամիս անց՝ Պայմանավորվող պետությունների միջև կազմակերպված ընտրությունների միջոցով, որտեղ նրանցից յուրաքանչյուրը ունի մեկական ձայն՝ տրված Աշխատանքի միջազգային կազմակերպության Գլխավոր տնօրենի, Միավորված ազգերի կազմակերպության կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր տնօրենի, ինչպես նաև Գրական և գեղարվեստական աշխատանքների պահպանության միջազգային միության բյուրոյի տնօրենի կողմից՝ բոլոր Պայմանավորվող պետությունների մեծամասնության կողմից նախապես ընդունված կանոնների համաձայն:
4. Կոմիտեն ընտրում է իր նախագահին և պաշտոնյաներին: Այն սահմանում է ընթացակարգի իր իսկ կանոնները: Այդ կանոնները ապահովում են, մասնավորապես, Կոմիտեի հետագա գործունեությունը և հետագայում նրա անդամ երկրների ընտրության այնպիսի մեթոդ, որը երաշխավորում է ռոտացիա զանազան Պայմանավորվող պետությունների միջև:
5. Կոմիտեի քարտուղարությունը կազմված է Աշխատանքի միջազգային կազմակերպության, Միավորված ազգերի կազմակերպության կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության, ինչպես նաև Գրական և գեղարվեստական աշխատանքների պահպանության միջազգային միության բյուրոյի, համապատասխանաբար, գլխավոր տնօրենների և տնօրենի կողմից նշանակված պաշտոնյաներից:
6. Կոմիտեի նիստերը, որոնք գումարվում են ամեն անգամ, երբ կոմիտեի անդամների մեծամասնությունը այդ նիստերը անհրաժեշտ է համարում, անցկացվում են հաջորդաբար Աշխատանքի միջազգային կազմակերպության, Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության, ինչպես նաև Գրական և գեղարվեստական աշխատանքների պահպանության միջազգային միության բյուրոյի վարչական կառավարման կենտրոններում:
7. Կոմիտեի անդամների ծախսերը իրենց վրա են վերցնում նրանց կառավարությունները:
Հոդված 33
Լեզուներ
1. Սույն Կոնվենցիան կազմված է անգլերեն, ֆրանսերեն և իսպաներեն լեզուներով, ընդ որում երեք տեքստերն էլ հավասարազոր են:
2. Հավելում. սույն Կոնվենցիայի պաշտոնական տեքստերը պետք է կազմվեն գերմաներեն, իտալերեն և պորտուգալերեն:
Հոդված 34
Ծանուցումներ
1. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը 23-րդ հոդվածում հիշատակված համաժողովին հրավիրված պետություններին և Միավորված ազգերի կազմակերպության յուրաքանչյուր անդամ երկրին, ինչպես նաև Աշխատանքի միջազգային կազմակերպության Գլխավոր տնօրենին, Միավորված ազգերի կազմակերպության կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր տնօրենին ու Գրական և գեղարվեստական աշխատանքների պահպանության միջազգային միության բյուրոյի տնօրենին ծանուցում է՝
ա) վավերագիրը, ընդունման կամ միանալու վերաբերյալ յուրաքանչյուր փաստաթուղթը ի պահ տալու մասին,
բ) Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու ամսաթվի մասին,
գ) սույն Կոնվենցիայով նախատեսված բոլոր ծանուցումների, հռչակագրերի կամ հաղորդումների մասին,
դ) 28-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերում հիշատակված իրավիճակներից որևէ մեկի ստեղծման մասին:
2. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը Աշխատանքի միջազգային կազմակերպության Գլխավոր տնօրենին, Միավորված ազգերի կազմակերպության կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր տնօրենին, ինչպես նաև Գրական և գեղարվեստական աշխատանքների պահպանության միջազգային միության բյուրոյի տնօրենին տեղեկացնում է նաև 29-րդ հոդվածի համաձայն իրեն հաղորդված պահանջների, ինչպես նաև Կոնվենցիայի վերանայման վերաբերյալ Պայմանավորվող պետություններից ստացված ցանկացած հաղորդման մասին:
Ի հաստատումն վերոնշյալի՝ ներքոստորագրյալները, պատշաճ կերպով լիազորված լինելով, ստորագրել են սույն Կոնվենցիան:
Կատարված է Հռոմ քաղաքում 1961 թվականի հոկտեմբերի 26-ին՝ մեկ օրինակով, անգլերեն, ֆրանսերեն և իսպաներեն լեզուներով: Հաստատված օրինակները Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի կողմից ուղարկվում են 23-րդ հոդվածում նշված համաժողովին հրավիրված բոլոր երկրներին, և Միավորված ազգերի կազմակերպության բոլոր անդամ երկրներին, ինչպես նաև Աշխատանքի միջազգային կազմակերպության Գլխավոր տնօրենին, Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր տնօրենին ու Գրական և գեղարվեստական աշխատանքների պահպանության միջազգային միության բյուրոյի տնօրենին:
* Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2003 թվականի հունվարի 31-ից:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|