Գլխավոր տեղեկություն
Համար
N 1680-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.01.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.01.21/5(304) Հոդ.60
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.12.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.12.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
22.12.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.01.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան 
22 դեկտեմբերի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 դեկտեմբերի 2003 թվականի N 1680-Ն


ՏՈՒԲԵՐԿՈՒԼՅՈԶԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ, ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑՆ ՈՒ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-Ի N 316 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 2141-Ն որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի 309-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

ա) տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային ծրագիրը՝ համաձայն N 1 հավելվածի.

բ) տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային ծրագրի իրականացման ժամանակացույցը՝ համաձայն N 2 հավելվածի.

գ) առողջապահական ազգային ծրագրերը համակարգող հանրապետական միջգերատեսչական խորհրդի կազմը՝ համաձայն N 3 հավելվածի:

2. Սահմանել, որ՝

ա) տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային ծրագրի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական ծրագրի համակարգման ու միջոցառումների իրականացման հետ կապված աշխատանքները կատարում է առողջապահական ազգային ծրագրերը համակարգող հանրապետական միջգերատեսչական խորհուրդը.

բ) առողջապահական ազգային ծրագրերը համակարգող հանրապետական միջգերատեսչական խորհրդին վերապահվում է ենթահանձնախմբեր ստեղծելու իրավունք՝ ըստ առողջապահական ոլորտային ծրագրերի:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 1-ի «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական ծրագիրը և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական միջգերատեսչական խորհրդի կազմը հաստատելու մասին» N 316 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) որոշման վերնագրից հանել «և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական միջգերատեսչական խորհրդի կազմը» բառերը.

բ) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետի «բ» ենթակետը.

գ) որոշմամբ հաստատված ծրագրի՝

«Ներածություն» բաժնի «է» ենթակետի երրորդ պարբերությունում «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի
կանխարգելման հանրապետական միջգերատեսչական խորհուրդը» բառերը փոխարինել «առողջապահական ազգային ծրագրերը համակարգող հանրապետական միջգերատեսչական խորհուրդը» բառերով,

«1. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակի հակազդման ազգային ռազմավարությունը» բաժնի «Ռազմավարություն 1.» ենթաբաժնի «ա» և «բ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) առողջապահական ազգային ծրագրերը համակարգող հանրապետական միջգերատեսչական խորհրդի ստեղծում.

բ) առողջապահական ազգային ծրագրերը համակարգող տարածքային միջգերատեսչական խորհուրդների ստեղծում՝ Հայաստանի Հանրապետության մարզերում և Երևան քաղաքում».

դ) «4. Հանրապետական ծրագրի արդյունքների գնահատման չափանիշները» բաժնի «Ռազմավարություն 1.» ենթաբաժնի «ա» և «բ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) ստեղծվելու է առողջապահական ազգային ծրագրերը համակարգող հանրապետական միջգերատեսչական խորհուրդ (2003 թ.).

բ) ստեղծվելու են առողջապահական ազգային ծրագրերը համակարգող տարածքային միջգերատեսչական խորհուրդներ՝ Հայաստանի Հանրապետության մարզերում և Երևան քաղաքում (2003-2004 թթ.)»: 

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. դեկտեմբերի 18
ք. Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2003 թվականի
դեկտեմբերի 4-ի N 1680-Ն որոշման

 

ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՅՈԶԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ


Ն ե ր ա ծ ու թ յ ու ն

 

Այսօր տուբերկուլյոզը լուրջ սպառնալիք է աշխարհի շատ երկրների բնակչության համար, սպառնալիք՝ համընդհանուր սոցիալական, տնտեսական բարեկեցության ու միլիոնավոր մարդկանց առողջության համար:

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը տուբերկուլյոզից բնակչության պաշտպանվածության խնդիրը հայտարարել է գերակայող և իրականացվող ծրագրերի ու միջոցառումների ցանկում առաջնություն է տվել տուբերկուլյոզի դեմ պայքարի ծրագրին։ Ելնելով վտանգավորության աստիճանից՝ այն ընդգրկվել է ՀՀ կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի «Շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» N 1286 որոշմամբ հաստատված ցանկում։ Վերջին 10 տարվա ընթացքում Հայաստանում տուբերկուլյոզով հիվանդացությունն աճել է 2,5 անգամ (100 հազար բնակչի հաշվարկով՝ 16,8-ից հասնելով 37,7-ի)։ Բարձրացել է նաև տուբերկուլյոզից մահացության ցուցանիշը՝ 40 տոկոսով (100 հազ. բնակչի հաշվարկով՝ 3,0-ից հասնելով 4,3-ի)։ Հաճախացել է հիվանդության սրընթաց և տարածուն ձևերի աճը՝ մահացու ելքով։ Մանրէազատումով հիվանդացության ցուցանիշն աճել է գրեթե 2 անգամ (8,0-ից մինչև 15,0-ը), դիտվում է շփման մեջ գտնվողների հիվանդացության աճ՝ 0,6 տոկոսից մինչև 1,8 տոկոս, ինչը գերազանցում է բնակչության հիվանդացությունը՝ 50 անգամ, աճել են նաև «ընտանեկան տուբերկուլյոզի» դեպքերը։ Ավելի հաճախացել է աշխատունակ տարիքի մարդկանց հիվանդացությունը, իսկ 15–24 տարեկան երիտասարդների տեսակարար կշիռը կազմում է 30 տոկոս:

Ստեղծված վիճակի հիմնական պատճառներն են՝ բնակչության սոցիալ-տնտեսական դժվարությունները, բնակչության միգրացիոն պրոցեսների ավելացումը, հակատուբերկուլյոզային հիմնական պրեպարատների նկատմամբ հիվանդության հարուցիչի դեղորայքային կայուն ձևերի ավելացումը, «ռիսկի» խմբերում տարվող կանխարգելիչ աշխատանքների ոչ բավարար մակարդակը, «ռիսկի» խմբերում աղքատների, անօթևան մարդկանց ու թափառող երեխաների ավելացումը, ձերբակալվածների կամ կալանավորված անձանց պահելու վայրերում ոչ բավարար հակահամաճարակային պայմանները և տուբերկուլյոզի բարձր հիվանդացությունը, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով վարակի տարածումը նույնպես նպաստում է տուբերկուլյոզի նկատմամբ իմունիտետի անկմանը: Սոցիալական դրսևորումների գոյություն ունեցող մակարդակը, բնակչության իրազեկության ցածր մակարդակը, փոփոխված սոցիալ-տնտեսական պայմաններում տուբերկուլյոզի դեմ պայքարի պետական նպատակաուղղված քաղաքականության և կանխարգելման միջոցառումների միջգերատեսչական համագործակցության ու համակարգման բացակայությունը պարարտ հող են ստեղծում հանրապետությունում տուբերկուլյոզի տարածման համար։

Ծրագրի նպատակն է Հայաստանի Հանրապետության բնակչությանը պաշտպանել տուբերկուլյոզի տարածման վտանգից, ապահովել տուբերկուլյոզի կանխարգելման, հայտնաբերման և բուժման միջոցառումների անընդմեջ համակարգված իրականացումը, Հայաստանի Հանրապետության բնակչությանը տրամադրել անվճար հակատուբերկուլյոզային օգնություն, կասեցնել հիվանդացության հետագա զարգացումը, նվազեցնել հասարակության հիվանդացության հավանականությունը (ռիսկը), մահացությունը, հաշմանդամությունը, ծրագրի իրականացման ժամկետներում բացիլակիր հիվանդների 70 տոկոսի հայտնաբերումը, 85 տոկոսի բացիլազրկումը, 80 տոկոսի բուժումը՝ հետագայում նշված ցուցանիշները հասցնելով առավելագույնի։

Ծրագրի խնդիրներն են՝

ա) տուբերկուլյոզի դեմ պայքարին ուղղված ազգային քաղաքականության զարգացումը և իրականացումը,

բ) բնակչության շրջանում տուբերկուլյոզի տարածման դեմ ուղղված կանխարգելիչ միջոցառումների իրականացումը,

գ) տուբերկուլյոզով հիվանդների հայտնաբերումը,

դ) կենտրոնական ռեֆերենս լաբորատորիայի դերի բարձրացումը,

ե) տուբերկուլյոզով հիվանդների բուժումը, այդ թվում՝ բազմադեղորայքային կայուն ձևերով՝ հակազդեցությամբ,

զ) ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական ծրագրի հետ սերտ համագործակցությունը,

է) ձերբակալվածների կամ կալանավորված անձանց պահելու վայրերում, ինչպես նաև այդ վայրերից դուրս գալուց հետո տուբերկուլյոզով հիվանդ անձանց նկատմամբ հակատուբերկուլյոզային միջոցառումների շարունակական ապահովում,

ը) զինվորական ծառայությունում գտնվելու ընթացքում, ինչպես նաև զորացրվելուց հետո տուբերկուլյոզով հիվանդ անձանց նկատմամբ հակատուբերկուլյոզային միջոցառումների շարունակական ապահովում,

թ) տուբերկուլյոզով հիվանդ մարդկանց և հակատուբերկուլյոզային ծառայությունների աշխատողների նկատմամբ ուշադրություն և հոգածության աստիճանի բարձրացում,

ժ) ազգային ծրագրի կատարման մոնիթորինգի իրականացում:

Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային ծրագրով նախատեսվում է համապատասխան միջոցառումներ իրականացնել 2003-2006 թվականներն ընկած ժամանակահատվածում։

Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային ծրագրի իրականացման աշխատանքները համակարգելու է առողջապահական ազգային ծրագրերը համակարգող հանրապետական միջգերատեսչական խորհուրդը։

Տուբերկուլյոզի դեմ պայքարի բնագավառում 2003-2006 թվականներին իրականացվելու են առաջնահերթ միջոցառումներ՝ համաձայն ժամանակացույցի

1. Տուբերկուլյոզի համաճարակի հակազդման ազգային ռազմավարությունը

Նպատակը՝ Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլյոզի տարածման տեմպերի իջեցում:

1.1. Տուբերկուլյոզի հակազդման ոլորտում ազգային քաղաքականության զարգացումը

Նպատակը՝ տուբերկուլյոզի դեմ պայքարի պետական մակարդակով միջգերատեսչական հակազդեցության ձևավորում։

 

Ռազմավարություն 1.

Տուբերկուլյոզի դեմ պայքարի միջոցառումների իրականացման աշխատանքների ղեկավարման միասնական համակարգի ստեղծում

 

Միջոցառումները՝

ա) առողջապահական ազգային ծրագրերը համակարգող հանրապետական միջգերատեսչական խորհրդի ստեղծում,

բ) տուբերկուլյոզի դեմ պայքարի խորհուրդների ստեղծում՝ Երևան քաղաքում և ՀՀ մարզերում,

գ) տուբերկուլյոզի դեմ պայքարի միջոցառումների իրականացման ընթացիկ աշխատանքների վերահսկողություն և համակարգում՝ ՀՀ առողջապահության նախարարության կողմից:

 

Ռազմավարություն 2.

Հակատուբերկուլյոզային ծառայության կանխարգելման ոլորտի մասնագիտացված ծառայությունների զարգացում

 

Միջոցառումները`

ա) տուբերկուլյոզի կանխարգելմանը, ախտորոշմանն ու բուժմանը վերաբերող միասնական տեղեկատվական համակարգի ստեղծում,

բ) բուժհաստատություններում բնակչության, այդ թվում՝ բարձր ռիսկի խմբերի համար խորհրդատվության համակարգի ներդրում:

 

Ռազմավարություն 3.

Ուսումնական հաստատություններում տուբերկուլյոզի կանխարգելման նպատակով համապատասխան կրթական ծրագրերի իրականացում

 

Միջոցառումները՝ նախադպրոցական հիմնարկներում, հանրակրթական դպրոցներում, ինչպես նաև զինծառայողների, ձերբակալվածների կամ կալանավորված անձանց պահելու վայրերում գտնվող անձանց համար տուբերկուլյոզի կանխարգելմանը վերաբերող ուսումնական ծրագրերի մշակում ու ներդրում:

1.2. Բնակչության շրջանում տուբերկուլյոզի տարածման կանխարգելումը

Նպատակը` բնակչության շրջանում տուբերկուլյոզի տարածման և հիվանդացության «ռիսկի» նվազեցում:

Միջոցառումները՝

ա) կանխարգելման նպատակով նորածինների մոտ ակտիվ իմունիտետի ստեղծում, վակցինացիա ծննդատներում, վակցինացիայի անցկացում՝

- չափման ցուցանիշը ԲՑԺ (Կալմետ-Գերենի բացիլ) վակցինայի դեպքում, 80 տոկոսի. ԲՑԺ-Մ վակցինայի դեպքում՝ 90 տոկոսի ընդգրկում,

- ռեվակցինացիա մանկական պոլիկլինիկաներում,

- չափման ցուցանիշը՝ 80 տոկոս.

բ) տուբերկուլյոզային դիսպանսեր հաստատություններում կոնտակտավորների և ինֆեկցված երեխաների պրեվենտիվ թերապիայի անցկացում՝

- չափման ցուցանիշը՝ 90 տոկոսի ընդգրկում.

գ) դեկրետիվային կոնտինգենտի ֆլյուորոգրաֆիկ հետազոտություններ՝ հիմնականում պետական պատվերի սահմաններում՝

- չափման ցուցանիշը՝ 100 տոկոս ընդգրկում.

դ) տուբերկուլյոզի կանխարգելման նպատակով ձերբակալվածների կամ կալանավորված անձանց պահելու վայրերում գտնվող անձանց պարտադիր բժշկական քննություն.

ե) զինվորական ծառայությունում գտնվող անձանց պարտադիր բժշկական քննություն.

զ) բնակչությանը տուբերկուլյոզից պաշտպանելու նպատակով անասնաբուժական-սանիտարական միջոցառումների ապահովում՝

տուբերկուլյոզից բնակչության պաշտպանվածության նպատակով անասնաբուժական ծառայության կողմից կենդանիների պարտադիր տուբերկուլինոդիագնոստիկայի անցկացում,

տուբերկուլյոզով հիվանդ կենդանու մեկուսացում, տուբերկուլյոզի առկայության պատճառով անբարենպաստ համարվող անասնապահական օբյեկտներից կենդանիների և անասնապահական արտադրանքի ազատ սպառման արգելում,

տուբերկուլյոզի առկայության պատճառով անբարենպաստ համարվող անասնապահական օբյեկտներում կենդանիների մորթի կազմակերպում` սահմանված կարգով,

տուբերկուլյոզից սատկած կենդանիների, ախտահարված օրգանների և դիակների (լեշ) ուտիլացման ապահովում՝ սահմանված կարգով,

սանիտարահամաճարակային, անասնաբուժական և հակատուբերկուլյոզային հաստատությունների փոխադարձ տեղեկատվությամբ մարդկանց ու կենդանիների տուբերկուլյոզով հիվանդացության դեպքերի մասին իրազեկում.

է) ամբուլատոր և ստացիոնար բժշկասանիտարական օգնության մոտեցում հիվանդի բնակավայրին.

ը) ընտանեկան բժիշկների գիտելիքների մակարդակի բարձրացում՝ ֆթիզիատրիայի բնագավառում.

թ) տուբերկուլյոզով հիվանդների իրավունքների պաշտպանություն.

ժ) տուբերկուլյոզով հիվանդների պարտականությունների ապահովում.

ի) հակատուբերկուլյոզային ծառայության աշխատողների անվտանգության երաշխավորում և արտոնությունների ապահովում.

լ) առողջ ապրելակերպի քարոզչություն.

խ) հակատուբերկուլյոզային ծառայության ֆինանսավորման բարելավում։

1.3. Տուբերկուլյոզով հիվանդների հայտնաբերում

Նպատակը՝ տուբերկուլյոզի (առաջին հերթին մանրէազատողների) ժամանակին հայտնաբերում։

Միջոցառումները՝

ա) առողջության առաջնային պահպանման հաստատություններ դիմած՝ տուբերկուլյոզի կասկածելի դեպքերի հայտնաբերում՝ բոլոր անձանց մոտ խորխի եռակի հետազոտություն.

բ) բացասական արդյունքի դեպքում կրծքավանդակի ռենտգեն պարտադիր հետազոտություն.

գ) բակտերիոսկոպիկ և բակտերիոլոգիական կրկնակի հետազոտությունների ապահովում ԿՌԼ-ի (կենտրոնական ռեֆերենս լաբորատորիա) կողմից.

դ) դրական քսուքով առաջնակի հիվանդների խորխի բակտերիոլոգիական հետազոտություն (ցանքս)՝ հետագա դեղակայունությունը որոշելու նպատակով.

ե) երեխաների մոտ տուբերկուլինոդիագնոստիկա, ըստ ցուցումների՝ այլ իմունաբանական թեսթեր, ֆլյուորոգրաֆիա.

զ) արտաթոքային տուբերկուլյոզի հայտնաբերում՝ կլինիկական ախտանիշների, տուբերկուլինոդիագնոստիկայի, այլ իմունաբանական թեսթերի և նորագույն ռադիոլոգիական հետազոտությունների մեթոդներով (գերձայնային հետազոտություն, համակարգչային տոմոգրաֆիա, միջուկամագնիսական ռեզոնանսային տոմոգրաֆիա, թվային ռենտգեն).

է) «ռիսկի» խմբերում հետազոտությունների կազմակերպում, այդ թվում՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վարակակիրների մոտ՝

- չափման ցուցանիշը՝ 90 տոկոսի ընդգրկում.

ը) առողջ ապրելակերպի քարոզչության շրջանակներում միջոցառումների կազմակերպում՝ նվիրված տուբերկուլյոզի միջազգային օրվան՝ մարտի 24-ին.

թ) գրքույկների, մեթոդական ցուցումների տպագրություն.

ժ) քարոզչություն հանրակրթական դպրոցներում, նախադպրոցական հաստատություններում։

1.4. Տուբերկուլյոզով հիվանդների բուժումը

Նպատակը՝ բացիլակիր հիվանդների 85-տոկոսանոց բացիլազրկում, լրիվ առողջացում` 80 տոկոս:

Միջոցառումները՝

ա) նոր հայտնաբերված հիվանդների և ռեցիդիվների բուժում ԴՕԹՍ (ուղղակիորեն դիտվող կարճաժամկետ բուժում) ռազմավարությամբ.

բ) շարունակական բուժում՝ կլինիկական առողջացման ելքով, հետագա հսկողություն՝ մինչև տուբերկուլյոզային գործընթացի ակտիվության մարումը.

գ) քրոնիկական հիվանդների կարճաժամկետ քիմիաթերապիայի կազմակերպում զգայուն դեղերով՝ բացիլազրկման նպատակով.

դ) դեղակախյալ շտամներով հիվանդների բուժում՝ 2-րդ շարքի պրեպարատներով, խիստ սխեմայով և բժշկի հսկողությամբ.

ե) վիրաբուժական բուժում.

զ) առողջարանային (վերականգնողական) բուժում։

1.5. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական ծրագրի հետ սերտ համագործակցություն

Նպատակը` «ՄԻԱՎ-ով վարակի ժամանակ տուբերկուլյոզի կլինիկական ընթացքը և բուժման առանձնահատկությունները» ազգային ուղեցույցի ներդրում:

1.6. Ձերբակալվածների կամ կալանավորված անձանց պահելու վայրերում գտնվող անձանց, ինչպես նաև այդ վայրերից դուրս գալուց հետո, տուբերկուլյոզով հիվանդ անձանց նկատմամբ հակատուբերկուլյոզային միջոցառումների շարունակական ապահովում

 

Ռազմավարություն 1.

 

ա) ձերբակալվածների կամ կալանավորված անձանց պահելու վայրերում գտնվող անձանց տուբերկուլյոզով հիվանդանալու դեպքում պարտադիր բուժման ապահովում.

բ) ձերբակալվածների կամ կալանավորված անձանց պահելու վայրերում գտնվող՝ տուբերկուլյոզի վարակիչ ձևերով հիվանդ անձանց պարտադիր մեկուսացում.

գ) ձերբակալվածների կամ կալանավորված անձանց պահելու վայրերում գտնվող՝ տուբերկուլյոզով հիվանդ անձանց բուժման նպատակով հոսպիտալացում՝ հատուկ տուբերկուլյոզային հաստատություններ.

դ) ձերբակալվածների կամ կալանավորված անձանց պահելու վայրերում գտնվող բուժծառայության աշխատողների կողմից անձի տվյալների պարտադիր հաղորդում հակատուբերկուլյոզային հաստատություններին՝ ըստ բնակավայրի.

ե) ձերբակալվածների կամ կալանավորված անձանց պահելու վայրերից դուրս գալուց հետո տուբերկուլյոզով հիվանդացած յուրաքանչյուր հիվանդի մասին տեղեկատվություն.

զ) նշված անձանց տուբերկուլյոզից մահվան մասին տեղեկատվություն.

է) ձերբակալվածների կամ կալանավորված անձանց պահելու վայրերից դուրս գալուց հետո անձին տրվող տեղեկանքում տուբերկուլյոզի առկայության մասին պարտադիր նշում.

ը) հակատուբերկուլյոզային հաստատություններում ձերբակալվածների կամ կալանավորված անձանց պահելու վայրերից դուրս եկած՝ տուբերկուլյոզով հիվանդ անձանց հաշվառման գործընթացի հսկողություն՝ ըստ բնակավայրի։

1.7. Զինվորական ծառայությունում գտնվելու ընթացքում, ինչպես նաև զորացրվելուց հետո հակատուբերկուլյոզային միջոցառումների շարունակական ապահովում

 

Ռազմավարություն 1.

 

ա) զինվորների և սպայական կազմի ընթացիկ հետազոտություններ,

բ) զինված ուժերում տուբերկուլյոզով հիվանդանալու դեպքում պարտադիր բուժման ապահովում,

գ) տուբերկուլյոզի վարակիչ ձևերով հիվանդ անձանց մեկուսացում,

դ) բուժման նպատակով հոսպիտալացում՝ տուբերկուլյոզային հաստատություններում:

1.8. Տուբերկուլյոզով տառապող մարդկանց նկատմամբ հոգածությունը

 

Ռազմավարություն`

Հայաստանի Հանրապետության բնակչության անվճար հակատուբերկուլյոզային օգնության ապահովում

 

Միջոցառումները՝

ա) տուբերկուլյոզով հիվանդների բուժման մասին ուղեցույցների մշակում և ներդրում,

բ) դեղորայքի ձեռքբերում` 6-ամսյա պարտադիր պաշարով։

2. Ազգային ծրագրի իրականացման մոնիթորինգ


 

Ռազմավարություն`

տուբերկուլյոզով հիվանդացության իրավիճակի որոշում, միջոցառումների համակարգման և փոփոխությունների գնահատում

 

Միջոցառումները`

ա) ԴՕԹՍ ռազմավարության մասին տվյալների եռամսյակային հաղորդում (ըստ համապատասխան ձևի) Հայաստանի Հանրապետության տարածաշրջաններից՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության տուբերկուլյոզի համակարգող խմբին,

բ) հաշվառման դեղերի հատկացման պահանջվող ձևերի լրացում,

գ) իրավիճակի էքսպրես գնահատում՝ պաշտոնական տվյալների հիման վրա,

դ) ՀՀ առողջապահության, ՀՀ արդարադատության, ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ սոցիալական ապահովության, ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման, ՀՀ պաշտպանության, ՀՀ կրթության և գիտության նախարարությունների, ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, ՀՀ կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ համատեղ՝ շարունակական աշխատանք։

3. Ծրագրի ֆինանսավորման աղբյուրները
Նախատեսվում է ծրագրի ֆինանսավորումն իրականացնել հետևյալ աղբյուրներից՝

ա) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից առողջապահության նպատակային ծրագրերի համար հատկացված գումարներ,

բ) միջազգային կազմակերպությունների նպատակային ֆինանսավորում,

գ) օրենքով չարգելված այլ աղբյուրներ։

 

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2003 թվականի
դեկտեմբերի 4-ի N 1680-Ն որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

ՏՈՒԲԵՐԿՈՒԼՅՈԶԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

Միջոցառումների անվանումները

Կատարող մարմինը

Կատարման ժամկետը

Տուբերկուլյոզի հակազդման ոլորտում ազգային քաղաքականության զարգացում    
Առողջապահական ազգային ծրագրերը համակարգող հանրապետական միջգերատեսչական խորհրդի ստեղծում ՀՀ կառավարություն

2003 թ.

Առողջապահական ազգային ծրագրերը համակարգող տարածքային խորհուրդների ստեղծում` Հայաստանի Հանրապետության մարզերում և Երևան քաղաքում ՀՀ տարածքային կառավարման մարմիններ

 2004 թ.

Տուբերկուլյոզի դեմ պայքարի միջոցառումների իրականացման մասին միասնական տեղեկատվական համակարգի ստեղծում ՀՀ առողջապահության նախարարություն

2003- 2004 թթ.

Նախադպրոցական հաստատություններում, հանրակրթական դպրոցներում, այլ ուսումնական հաստատություններում, ինչպես նաև զինծառայողների, ձերբակալվածների կամ կալանավորված անձանց պահելու վայրերում գտնվողների համար տուբերկուլյոզի կանխարգելմանը վերաբերող ուսումնական ծրագրերի մշակում ու ներդրում ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ կրթության և գիտության նախարարություն

2004 թ.

Բուժհաստատություններում և այլ կազմակերպություններում բնակչության, այդ թվում` բարձր ռիսկի խմբերի համար խորհրդատվության համակարգի ներդրում ՀՀ առողջապահության նախարարություն

2004-2005 թթ.

Բնակչության շրջանում տուբերկուլյոզի տարածման կանխարգելում    
Կանխարգելման նպատակով նորածինների մոտ ակտիվ իմունիտետի ստեղծում` վակցինացիա ծննդատներում ՀՀ առողջապահության նախարարություն

2003- 2006 թթ.

Ռեվակցինացիա մանկական պոլիկլինիկաներում ՀՀ առողջապահության նախարարություն

2003- 2006 թթ.

Տուբերկուլյոզային դիսպանսեր հաստատություններում կոնտակտավորների և ինֆեկցված թերապիայի երեխաների պրեվենտիվ անցկացում ՀՀ առողջապահության նախարարություն

2003- 2006 թթ.

Դեկրետիվային կոնտինգենտի ֆլյուորոգրաֆիկ հետազոտություններ` հիմնականում պետական պատվերի սահմաններում ՀՀ առողջապահության նախարարություն 2003- 2006 թթ.
Ձերբակալվածների կամ կալանավորված անձանց պահելու վայրերում գտնվող անձանց` տուբերկուլյոզից պաշտպանվածություն ՀՀ արդարադատության նախարարություն 2003- 2006 թթ.
Զինված ուժերի տուբերկուլյոզից պաշտպանվածություն ՀՀ պաշտպանության նախարարություն 2003-2006 թթ.
Բնակչությանը տուբերկուլյոզից պաշտպանելու նպատակով անասնաբուժական սանիտարական միջոցառումների ապահովում ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն
2003-2006 թթ.

Ընտանեկան բժիշկների գիտելիքների մակարդակի բարձրացում` ֆթիզիատրիայի բնագավառում

ՀՀ առողջապահության նախարարություն 2003-2006 թթ.
Տուբերկուլյոզով հիվանդների հայտնաբերում    
Առողջության առաջնային պահպանման հաստատություններ դիմած կասկածելի դեպքերի հայտնաբերում` բոլոր անձանց մոտ խորխի եռակի հետազոտություն ՀՀ առողջապահության նախարարություն

2003-2006 թթ.

Բացասական արդյունքի դեպքում կրծքավանդակի պարտադիր ռենտգեն հետազոտություն ՀՀ առողջապահության նախարարություն

2003- 2006 թթ.

Բակտերիոսկոպիկ և բակտերիոլոգիական աշխատանքների հսկողություն ԿՌԼ-ի (կենտրոնական ռեֆերենս լաբորատորիա) կողմից ՀՀ առողջապահության նախարարություն 2003- 2006 թթ.
Երեխաների մոտ տուբերկուլինոդիագնոստիկա, ըստ ցուցումների այլ իմունաբանական թեսթեր, ֆլյուրոգրաֆիա ՀՀ առողջապահության նախարարություն 2003- 2006 թթ.
Արտաթոքային տուբերկուլյոզի հայտնաբերում` կլինիկական ախտանիշների, տուբերկուլինո դիագնոստիկայի, այլ իմունաբանական թեսթերի և նորագույն ռադիոլոգիական հետազոտությունների մեթոդներով (գերձայնային հետազոտություն, համակարգչային տոմոգրաֆիա, միջուկամագնիսական ռեզոնանսային տոմոգրաֆիա): ՀՀ առողջապահության նախարարություն

2003- 2006 թթ.

«Ռիսկի» խմբերում հետազոտությունների կազմակերպում, այդ թվում` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վարակակիրների մոտ ՀՀ առողջապահության նախարարություն

2003-2006 թթ.

Տուբերկուլյոզով հիվանդների բուժում    
Նոր հայտնաբերված հիվանդների և ռեցիդիվների բուժում ԴՕԹՍ (ուղղակիորեն դիտվող կարճաժամկետ բուժում) ռազմավարությամբ Շարունակական բուժում` կլինիկական առողջացման ելքով, հետագա հսկողություն մինչև տուբերկուլյոզային պրոցեսի ակտիվության մարումը Քրոնիկական հիվանդների կարճաժամկետ քիմիաթերապիայի կազմակերպում` զգայուն դեղերով` բացիլազրկման նպատակով Դեղակախյալ շտամներով հիվանդների բուժում` 2-րդ շարքի պրեպարատներով, խիստ սխեմայով և բժշկի հսկողության տակ Վիրաբուժական բուժում ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ արդարադատության նախարարություն ՀՀ պաշտպանության նախարարություն
2003- 2006 թթ.
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական ծրագրի հետ սերտ համագործակցություն    
«ՄԻԱՎ-ով վարակի ժամանակ տուբերկուլյոզի կլինիկական ընթացքը և  բուժման առանձնահատկությունները» ազգային ուղեցույցի ներդրում ՀՀ առողջապահության նախարարություն 2003- 2006 թթ.
Ձերբակալվածների կամ կալանավորված անձանց պահելու վայրերում հակատուբերկուլյոզային միջոցառումների շարունակական ապահովում    
Ձերբակալվածների կամ կալանավորված անձանց պահելու վայրերում գտնվող անձանց` տուբերկուլյոզով հիվանդանալու դեպքում պարտադիր բուժման ապահովում ՀՀ արդարադատության նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարություն
2003-2006 թթ.
Ձերբակալվածների կամ կալանավորված անձանց պահելու վայրերից դուրս եկած, ձերբակալվածների կամ կալանավորված անձանց պահելու վայրերում գտնվող հակատուբերկուլյոզային հաստատություններում հաշվառման գործընթացի հսկողություն ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ արդարադատության
ՀՀ առողջապահության նախարարություն
2003-2006 թթ.
Զինված ուժերի հակատուբերկուլյոզային հսկողության ինտեգրացում    
Զինվորների և սպայական կազմի ընթացիկ հետազոտություններ ՀՀ պաշտպանության նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարություն
2003- 2006 թթ.
Զինված ուժերում տուբերկուլյոզով հիվանդանալու դեպքում պարտադիր բուժման ապահովում ՀՀ պաշտպանության նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարություն
2003- 2006 թթ.
Բուժման նպատակով հոսպիտալացում տուբերկուլյոզային հաստատություններում ՀՀ պաշտպանության նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարություն

2003- 2006 թթ.

Տուբերկուլյոզով տառապող մարդկանց նկատմամբ հոգածություն
Տուբերկուլյոզով հիվանդների բուժման ուղեցույցների մշակում և ներդրում Դեղորայքի ձեռքբերում` 6-ամսյա պարտադիր պաշարով. ՀՀ առողջապահության նախարարություն 2003-2006 թթ.
Ազգային ծրագրի իրականացման մոնիթորինգ    
Տուբերկուլյոզի իրավիճակի որոշում, միջոցառումների համակարգման և  փոփոխությունների գնահատում ՀՀ առողջապահության նախարարություն 2003-2004 թթ.
Ընդհանուր բուժական ցանցի, հակահամաճարակային, հակատուբերկուլյոզային  ծառայությունների, այլ գերատեսչությունների շարունակական  աշխատանք ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն
ՀՀ արդարադատության նախարարություն
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն
ՀՀ պաշտպանության նախարարություն
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն
2003- 2006 թթ.

 

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2003 թվականի
դեկտեմբերի 4-ի N 1680-Ն որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

ՀՀ առողջապահության նախարար (խորհրդի նախագահ)

ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ (խորհրդի նախագահի տեղակալ)

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ

ՀՀ սոցիալական ապահովության նախարարի տեղակալ

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալ

ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալ

ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության պետի տեղակալ

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

Երևանի քաղաքապետի տեղակալ

ՀՀ գլխավոր պետական սանիտարական բժիշկ

ՀՀ առողջապահության նախարարության հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության տեսչության պետ

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն

ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության կազմակերպման վարչության պետ (խորհրդի քարտուղար)

 

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան