Գլխավոր տեղեկություն
Համար
N 1550-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.12.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.12.17/61(296) Հոդ.1219
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.11.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.12.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
06.12.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.12.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
6 դեկտեմբերի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 նոյեմբերի 2003 թվականի N 1550-Ն

ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆՆ ՕԺԱՆԴԱԿՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆՐԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 54-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ազգային անվտանգության մարմինների գործունեությանն օժանդակող անձանց խրախուսելու, ինչպես նաև նրանց պետական պարգևների ներկայացնելու կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. դեկտեմբերի 3
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
նոյեմբերի 27-ի N 1550-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆՆ ՕԺԱՆԴԱԿՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆՐԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում ազգային անվտանգության մարմիններին օժանդակող անձանց խրախուսելու, ինչպես նաև նրանց պետական պարգևների ներկայացնելու կարգը:

2. Ազգային անվտանգության մարմինների գործունեությանն օժանդակելու համար Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի, Հայաստանի Հանրապետության վարչապետի խրախուսմանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից պետական պարգևատրման են ներկայացվում այն անձինք, ովքեր որոշակի ավանդ են ներդրել ազգային անվտանգության մարմինների առջև դրված խնդիրների լուծման գործում:

3. Ազգային անվտանգության մարմինների գործունեությանն օժանդակելու համար կարող են խրախուսման ներկայացվել Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձինք:

4. Հայաստանի Հանրապետության վարչապետը և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենն ազգային անվտանգության մարմինների գործունեությանն օժանդակող անձանց խրախուսում են պատվոգրով, շնորհակալագրով, հուշանվերով, թանկարժեք նվերով, դրամական պարգևատրմամբ:

5. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կենտրոնական մարմինների և մարզային վարչությունների պետերն ազգային անվտանգության մարմինների գործունեությանն օժանդակող անձանց կարող են խրախուսել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից սահմանված կարգով:

6. Թույլատրվում է ազգային անվտանգության մարմինների գործունեությանն օժանդակող անձանց խրախուսել, ինչպես նաև պետական պարգևների ներկայացնել (պարգևատրել)` առանց հրապարակման (գաղտնի):

 7. Ազգային անվտանգության մարմինների գործունեությանն օժանդակող անձանց խրախուսման ներկայացնելու վերաբերյալ առաջարկությամբ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին միջնորդագրեր են ներկայացնում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալները, կենտրոնական մարմինների և մարզային վարչությունների պետերը:

 8. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենն ազգային անվտանգության մարմինների գործունեությանն օժանդակող անձանց խրախուսելու մասին միջնորդագիրը հաստատում է կամ մերժում:

9. Ազգային անվտանգության մարմինների գործունեությանն օժանդակող անձանց Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից հրապարակայնորեն խրախուսման մասին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի միջնորդագիրը` համապատասխան կից գրությամբ, ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վարչապետին: Միջնորդագիրը պետք է պարունակի խրախուսման ներկայացվող անձանց կենսագրական տվյալները կամ ինքնակենսագրությունը, բնութագիրը՝ դրանում ներառելով ազգային անվտանգության մարմինների գործունեությանն օժանդակելու գործում նրանց ունեցած վաստակն ու ցուցաբերած անձնվիրությունը, մատուցած ակնառու և բացառիկ ծառայությունները:

10. Ազգային անվտանգության մարմինների գործունեությանն օժանդակող անձանց Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի կողմից խրախուսման դեպքում հաստատված միջնորդագրի հիման վրա պատրաստվում է համապատասխան հրամանի նախագիծ:

11. Ազգային անվտանգության մարմինների գործունեությանն օժանդակող անձանց Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից առանց հրապարակման (գաղտնի) խրախուսման դեպքում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենն անձամբ Հայաստանի Հանրապետության վարչապետին է ներկայացնում (զեկուցում) խրախուսման ներկայացվող անձի կողմից ազգային անվտանգության մարմինների գործունեության օժանդակմանը վերաբերող նյութերը:

 12. Ազգային անվտանգության մարմինների գործունեությանն օժանդակող անձանց խրախուսելու վերաբերյալ միջնորդագրերը քննարկվում են, և վերջնական որոշում ընդունվում է դրանք ստանալուց հետո 20 օրվա ընթացքում:

 13. Հայաստանի Հանրապետության վարչապետը կարող է վերանայել միջնորդված խրախուսանքի ձևը կամ մերժել միջնորդությունը։

 14. Սույն կարգով` ազգային անվտանգության մարմինների գործունեությանն օժանդակող անձանց պատվոգիրը, շնորհակալագիրը, հուշանվերը կամ դրամական պարգևատրումը հանձնում են՝

ա) Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից խրախուսման դեպքում՝ Հայաստանի Հանրապետության վարչապետը կամ, նրա հանձնարարությամբ, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենը,

բ) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի կողմից խրախուսման դեպքում՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենը կամ, նրա հանձնարարությամբ, համապատասխան պաշտոնատար անձը:

15. Ազգային անվտանգության մարմինների գործունեությանն օժանդակող անձինք պետական պարգևների ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի օգոստոսի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությունում, նախարարություններում, պետական վարչություններում և գերատեսչություններում Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրման միջնորդությունների հարուցման մասին ստացված առաջարկությունների քննարկման և ամփոփման կարգի հաստատման մասին» N 404 որոշմանը համապատասխան:

16. Ազգային անվտանգության մարմինների գործունեությանն օժանդակող անձանց խրախուսելու համար նախատեսվող ծախսերի գումարը հատկացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը տրամադրված ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան