Գլխավոր տեղեկություն
Տիպ
Կոնվենցիա
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.05.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.04.18/20(894)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
19.10.1996
Ստորագրման ամսաթիվ
19.10.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.05.2008

Կ Ո Ն Վ Ե Ն Ց Ի Ա

 

Ծնողական պարտականությունների ԵՎ երեխայի պաշտպանությանն ուղղված միջոցների առնչությամբ իրավասության, կիրառելի իրավունքի, ճանաչման, իրականացման ԵՎ համագործակցության մասին

 

Սույն Կոնվենցիան ստորագրած Պետությունները,

հաշվի առնելով միջազգային իրավիճակներում երեխաների պաշտպանությունն ուժեղացնելու անհրաժեշտությունը,

ցանկանալով խուսափել երեխաների պաշտպանության միջոցների իրավասությանը, կիրառելի իրավունքին, ճանաչմանը և իրականացմանը վերաբերող իրենց իրավական համակարգերի միջև հակասություններից,

վկայակոչելով երեխաների պաշտպանության գործում միջազգային համագործակցության կարևորությունը,

հաստատելով, որ երեխայի լավագույն շահերը պետք է լինեն առաջնային քննարկման առարկա,

նշելով, որ անհրաժեշտ է վերանայել Անչափահասների պաշտպանության առնչությամբ կիրառելի իրավունքին և իրավասու մարմինների իրավունքներին վերաբերող 1961 թ. հոկտեմբերի 5-ի Կոնվենցիան,

ցանկանալով այդ նպատակով հաստատել ընդհանուր դրույթներ` հաշվի առնելով Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի 1989 թ. նոյեմբերի 20-ի Կոնվենցիան,

 

պայմանավորվեցին հետևյալ դրույթների վերաբերյալ.

 

ԳԼՈՒԽ I

 

ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՇՐՋԱՆԱԿԸ

 

Հոդված 1

 

1. Սույն Կոնվենցիայի նպատակներն են.

ա) որոշել այն Պետությունը, որի մարմինները լիազորված են ձեռնարկելու երեխայի անձի կամ սեփականության պաշտպանությանն ուղղված միջոցներ.

բ) որոշել այն իրավունքը, որը կիրառվելու է այդպիսի մարմինների կողմից` իրենց լիազորություններն իրականացնելու ժամանակ.

գ) որոշել այն իրավունքը, որը կիրառվելու է ծնողական պարտականության նկատմամբ.

դ) ապահովել պաշտպանության նման միջոցների ճանաչումը և իրականացումը բոլոր Պայմանավորվող պետություններում.

ե) հաստատել այնպիսի համագործակցություն Պայմանավորվող պետությունների մարմիների միջև, որը կարող է անհրաժեշտ լինել սույն Կոնվենցիայի նպատակներին հասնելու համար:

2. Սույն Կոնվենցիայի նպատակներով «ծնողական պարտականություն» տերմինը ներառում է ծնողական իրավունքները կամ որևէ համանման իրավահարաբերությունը, որով որոշվում են երեխայի անձի կամ սեփականության նկատմամբ ծնողների, խնամակալների կամ օրինական այլ ներկայացուցիչների իրավունքները, լիազորությունները և պարտականությունները։

 

Հոդված 2

 

Կոնվենցիան կիրառվում է երեխաների նկատմամբ` նրանց ծննդյան պահից սկսած մինչև 18 տարին լրանալը։

 

Հոդված 3

 

1-ին հոդվածում նշված միջոցները կարող են կապված լինել, մասնավորապես.

ա) ծնողական պարտականությունը վերագրելու, կատարելու, դադարեցնելու կամ սահմանափակելու, ինչպես նաև այն փոխանցելու հետ.

բ) խնամակալության իրավունքի, ներառյալ` երեխայի անձի նկատմամբ խնամք տանելու իրավունքների, մասնավորապես, երեխայի բնակության վայրը որոշելու իրավունքի, ինչպես նաև տեսակցելու իրավունքի, մասնավորապես, սահմանափակ ժամկետով իր սովորական բնակության վայրից մեկ այլ վայր տեղափոխելու իրավունքների հետ.

գ) խնամակալության, հոգաբարձության և համանման մարմինների հետ.

դ) երեխայի անձի կամ սեփականության հետ գործ ունեցող, երեխային ներկայացնող կամ աջակցող որևէ անձի կամ մարմնի նշանակման և գործառույթների հետ.

ե) խնամատար ընտանիքներում կամ երեխայի խնամքի հատուկ հաստատություններում երեխային տեղավորելու կամ kafala-ի կամ համանման այլ հաստատության կողմից խնամք տրամադրվելու հետ.

զ) երեխայի խնամքին առնչվող հասարակական մարմնի կողմից երեխայի համար պատասխանատվություն կրող որևէ անձի վերահսկման հետ.

է) երեխայի սեփականությունը կառավարելու, պահպանելու կամ տնօրինելու հետ:

 

Հոդված 4

 

Կոնվենցիան չի կիրառվում.

ա) երեխա-ծնող հարաբերությունների հաստատման կամ վիճարկման հարցերում.

բ) որդեգրման մասին որոշումների, որդեգրման նախապատրաստման միջոցառումների կամ որդեգրումը դադարեցնելու կամ չեղյալ հայտարարելու հարցերում.

գ) երեխայի անվան և ազգանվան հարցերում.

դ) էմանսիպացիայի հարցերում.

ե) ալիմենտային պարտավորության հարցերում.

զ) կտակի կամ ժառանգության հարցերում.

է) սոցիալական ապահովագրության հարցերում.

ը) կրթության կամ առողջապահության հարցերով ընդհանուր բնույթի հանրային միջոցառումների հարցերում.

թ) երեխաների կատարած քրեական հանցագործությունների արդյունքում ձեռնարկված միջոցառումների հարցերում.

ժ) ներգաղթի և ապաստանի իրավունքի մասին որոշումների հարցերում:

 

ԳԼՈՒԽ II

 

ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆ

 

Հոդված 5

 

1. Պայմանավորվող պետության դատական կամ վարչական մարմինները, որտեղ սովորաբար բնակվում է երեխան, իրավասու են ձեռնարկելու երեխայի անձի կամ սեփականության պաշտպանությանն ուղղված միջոցներ։

2. Երեխայի սովորական բնակության վայրը, 7-րդ հոդվածի համաձայն, մի Պայմանավորվող պետությունից մեկ այլ Պայմանավորվող պետություն տեղափոխվելու դեպքում իրավասություն կունենան երեխայի նոր բնակության վայրի Պետության իրավասու մարմինները։

 

Հոդված 6

 

1. Փախստական երեխաների և այն երեխաների համար, որոնք իրենց երկրներում անհանգստությունների պատճառով միջազգայնորեն տեղափոխվել են, 5-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված իրավասությունն ստանում են այն Պայմանավորվող պետության իրավասու մարմինները, որի տարածքում գտնվում են այդ երեխաները իրենց տեղափոխության արդյունքում։

2. Վերոհիշյալ կետի դրույթները կիրառվում են նաև այն երեխաների նկատմամբ, որոնց սովորական բնակության վայրը հաստատված չէ։

 

Հոդված 7

 

1. Երեխային անօրինականորեն դուրս բերելու կամ պահելու դեպքում այն Պայմանավորվող պետության իրավասու մարմինները, որտեղ նախքան իրեն դուրս բերելը կամ պահելը սովորաբար բնակվել է երեխան, պահպանում են իրենց իրավասությունը, քանի դեռ երեխան սովորական բնակություն չի բերել մեկ այլ Պետությունում, և`

ա) յուրաքանչյուր անձ, հաստատություն կամ խնամակալության իրավունք ունեցող այլ մարմին չի զիջել երեխային դուրս հանելու կամ պահելու հարցում, կամ

բ) երեխան տվյալ Պետությունում գտնվում է առնվազն մեկ տարի այն բանից հետո, երբ անձը, հաստատությունը կամ խնամակալության իրավունք ունեցող այլ մարմինը իմացել են կամ պետք է իմանային երեխայի գտնվելու վայրի մասին, և այդ ընթացքում բնակեցվածին վերադարձնելու դեռևս որևէ հարցում քննարկման մեջ չէ, և երեխան բնակեցված է իր նոր միջավայրում։

2. Երեխային դուրս բերելը կամ պահելը համարվում է անօրինական`

ա) եթե դա արվել է անձին, հաստատությանը կամ որևէ այլ մարմնին վերագրված խնամակալության իրավունքների խախտմամբ` միասին կամ առանձին, համաձայն այն Պետության օրենքի, որտեղ սովորաբար բնակվում էր երեխան նախքան դուրս բերելը կամ պահելը, և

բ) եթե դուրս բերելու կամ պահելու ժամանակ այդ իրավունքները` միասին կամ առանձին, փաստացի կատարվել են կամ պետք է կատարվեին միայն դուրս բերելու կամ պահելու համար։

Վերոհիշյալ «ա» ենթակետում նշված խնամակալության իրավունքները կարող են, մասնավորապես, ծագել օրենքի ուժով կամ դատական կամ վարչական որոշման կամ տվյալ Պետության օրենսդրության համապատասխան իրավական ուժ ունեցող համաձայնության արդյունքում։

3. Այնքանով, որքանով 1-ին կետում նշված իրավասու մարմինները պահպանում են իրենց իրավասությունը, այն Պայմանավորվող պետության իրավասու մարմինները, որտեղից դուրս է բերվել երեխան, կամ որտեղ նա պահվում է, կարող են ձեռնարկել միայն 11-րդ հոդվածին համապատասխան այնպիսի անհետաձգելի միջոցներ, որոնք անհրաժեշտ են երեխայի անձի կամ գույքի պաշտպանության համար։

 

Հոդված 8

 

1. Եթե 5-րդ կամ 6-րդ հոդվածներին համապատասխան իրավասություն ունեցող Պայմանավորվող պետության իրավասու մարմինները գտնում են, որ մյուս Պայմանավորվող պետության իրավասու մարմիններն առավել սերտ կապ ունեն երեխայի լավագույն շահերը գնահատելու առանձին գործի հետ, բացառության կարգով կարող են կամ`

- հարցում անել այդ մյուս մարմնին անմիջականորեն, կամ իրենց Պետության կենտրոնական մարմնի միջոցով ստանձնել այնպիսի պաշտպանության միջոցներ ձեռնարկելու իրավասություն, որոնք իրենք անհրաժեշտ են համարում, կամ

- դադարեցնել գործի վերանայումը և կողմերին առաջարկել հարցումը ներկայացնել նշված այլ Պետության իրավասու մարմնին։

2. Պայմանավորվող պետությունները, որոնց իրավասու մարմիններին կարող են դիմել նախորդ կետին համապատասխան, հետևյալներն են.

ա) Այն Պետությունը, որի քաղաքացին է երեխան.

բ) Այն Պետությունը, որտեղ գտնվում է երեխայի սեփականությունը.

գ) Այն Պետությունը, որի մարմինների քննության տակ է գտնվում ամուսնալուծության կամ դատարանի վճռով երեխայի ծնողների առանձին ապրելու կամ ամուսնությունը չեղյալ հայտարարելու մասին դիմումը.

դ) Այն Պետությունը, որի հետ երեխան առավել սերտ կապ ունի։

3. Շահագրգիռ մարմինները կարող են ձեռնարկել կարծիքների փոխանակում։

4. Մարմինը, որին, ըստ 1-ին կետի, հարցում է հասցեագրված, կարող է 5-րդ կամ 6-րդ հոդվածներին համապատասխան իրավասություն ունեցող մարմինների փոխարեն իր վրա վերցնել իրավասությունը, եթե գտնում է, որ դա բխում է երեխայի լավագույն շահերից։

 

Հոդված 9

 

1. Եթե 8-րդ հոդվածի 2-րդ կետում նշված Պայմանավորվող պետության մարմինները գտնում են, որ իրենք ավելի լավ կարող են ապահովել երեխայի լավագույն շահերն առանձին գործում, նրանք կարող են կամ`

- խնդրել երեխայի սովորական բնակության վայրի Պայմանավորվող պետության իրավասու մարմնին անմիջապես, կամ տվյալ Պետության կենտրոնական մարմնի օգնությամբ` իրենց լիազորել` իրականացնելու իրավասություն` ձեռնարկելու համար պաշտպանության այնպիսի միջոցներ, որոնք անհրաժեշտ են համարում, կամ

- կողմերին առաջարկել հարցումը ներկայացնել այն Պայմանավորվող պետության մարմին, որտեղ երեխան սովորաբար բնակվում է։

2. Շահագրգիռ մարմինները կարող են ձեռնարկել կարծիքների փոխանակում։

3. Հարցումը նախաձեռնող մարմինը կարող է իրավասություն իրականացնել երեխայի սովորական բնակության վայրը հանդիսացող Պայմանավորվող պետության մարմնի փոխարեն, եթե միայն վերջինս համաձայնություն է տվել հարցմանը։

 

Հոդված 10

 

1. Չխախտելով 5-9-րդ հոդվածներով նախատեսված իրավունքները` Պայմանավորվող պետության մարմինները, որոնք իրավասու են որոշում կայացնելու ամուսնալուծության կամ մեկ այլ Պայմանավորվող պետությունում սովորաբար բնակվող երեխայի ծնողների` օրինականորեն առանձին ապրելու կամ նրանց ամուսնությունը չեղյալ հայտարարելու մասին դիմումի վերաբերյալ, կարող են իրենց Պետության օրենսդրությամբ նախատեսված լինելու դեպքում ձեռնարկել նման երեխայի անձի կամ սեփականության պաշտպանությանն ուղղված միջոցներ.

ա) եթե դատավարությունը սկսելու պահին երեխայի ծնողներից մեկը սովորաբար բնակվում է տվյալ Պետությունում, և նրանցից մեկը երեխայի նկատմամբ ծնողական պարտականություններ ունի, և

բ) եթե տվյալ մարմինների կողմից միջոցներ ձեռնարկվելու իրավասությունն ընդունվել է ծնողների, ինչպես նաև երեխայի նկատմամբ ծնողական պարտականություն ունեցող որևէ այլ անձի կողմից և բխում է երեխայի լավագույն շահերից։

2. Երեխայի պաշտպանության համար միջոցներ ձեռնարկելու` 1-ին կետով նախատեսված իրավասությունն անմիջապես դադարում է այն պահին, երբ կայացվում է ամուսնալուծության, ծնողների առանձին ապրելու կամ ամուսնությունը անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումներին դրական պատասխան տալու կամ դրանք մերժելու վերաբերյալ վերջնական որոշում, կամ եթե դատավարությունը ավարտվում է մեկ այլ պատճառով։

 

Հոդված 11

 

1. Անհետաձգելի բոլոր դեպքերում ցանկացած այն Պայմանավորվող պետության մարմինները, որի տարածքում գտնվում է երեխան կամ նրան պատկանող սեփականությունը, իրավունք ունեն ձեռնարկելու պաշտպանության համար անհրաժեշտ միջոցներ։

2. Նախորդ կետի համաձայն ձեռնարկված միջոցները, որոնք առնչվում են Պայմանավորվող որևէ Պետությունում սովորաբար բնակվող երեխային, անմիջապես դադարեցվում են այն պահին, երբ, իրադրությունից ելնելով, 5-10-րդ հոդվածների ուժով իրավասություն ունեցող մարմինները միջոցներ են ձեռնարկում։

3. 1-ին կետին համապատասխան ձեռնարկված միջոցները, որոնք առնչվում են Պայմանավորվող պետություն չհանդիսացող Պետությունում սովորաբար բնակվող երեխային, յուրաքանչյուր Պայմանավորվող պետությունում դադարեցվում են այն պահին, երբ իրադրությամբ թելադրված և մեկ այլ Պետության մարմինների կողմից ձեռնարկված միջոցները ճանաչվում են խնդրո առարկա Պայմանավորվող պետությունում։

 

Հոդված 12

 

1. 7-րդ հոդվածի համաձայն` այն Պայմանավորվող պետության մարմինները, որի տարածքում է գտնվում երեխան կամ նրան պատկանող գույքը, իրավասու են երեխայի անձի կամ գույքի պաշտպանության համար խնդրո առարկա Պետությունում ձեռնարկել սահմանափակ տարածքային գործողություն ունեցող ժամանակավոր բնույթի միջոցներ այնքանով, որքանով նման միջոցները չեն հակասում 5-10-րդ հոդվածներին համապատասխան իրավասություն ունեցող մարմինների կողմից արդեն իսկ ձեռնարկված միջոցներին։

2. Պայմանավորվող պետությունում սովորաբար բնակվող երեխայի նկատմամբ նախորդ կետին համապատասխան ձեռնարկված միջոցները դադարեցվում են այն պահին, երբ 5-10-րդ հոդվածների համաձայն իրավասություն ունեցող մարմինները կայացնում են որոշում իրադրությամբ պահանջվող պաշտպանության միջոցների վերաբերյալ։

3. 1-ին կետի համաձայն ձեռնարկված միջոցները, որոնք առնչվում են Պայմանավորվող պետություն չհանդիսացող Պետությունում սովորաբար բնակվող երեխային, անմիջապես դադարեցվում են այն Պայմանավորվող պետությունում, որտեղ միջոցները ձեռնարկվել են` այն պահին, երբ իրադրությամբ պահանջվող և մյուս Պետության մարմինների կողմից ձեռնարկված միջոցները ճանաչվում են խնդրո առարկա Պայմանավորվող պետությունում։

 

Հոդված 13

 

1. 5-10-րդ հոդվածների համաձայն երեխայի անձի կամ սեփականության պաշտպանության համար միջոցներ ձեռնարկելու իրավասություն ունեցող Պայմանավորվող պետության մարմինները պետք է հրաժարվեն իրենց իրավասությունն իրականացնելուց, եթե դատավարությունը սկսվելու պահին 5-10-րդ հոդվածների համաձայն իրավասություն ունեցող մյուս Պայմանավորվող պետության մարմիններին ներկայացվել է համապատասխան միջոցների վերաբերյալ հարցում, որը դեռևս քննարկման ենթակա է։

2. Նախորդ կետի դրույթները չեն կիրառվում, եթե այն մարմինը, որին ներկայացվել են միջոցների վերաբերյալ հարցումները, հրաժարվել է իրավասությունից։

 

Հոդված 14

 

5-10-րդ հոդվածների կիրառմամբ ձեռնարկված միջոցներն ուժի մեջ են մնում ըստ իրենց ժամկետների, եթե անգամ հանգամանքների փոփոխությունը վերացնում է այն հիմքը, որի համաձայն հաստատվել է իրավասությունը` այնքան ժամանակ, քանի դեռ Կոնվենցիայի համաձայն իրավասություն ունեցող մարմինները չեն փոփոխել, փոխարինել կամ դադարեցրել նման միջոցները։

 

ԳԼՈՒԽ III

 

ԿԻՐԱՌԵԼԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

Հոդված 15

 

1. Պայմանավորվող պետությունների մարմինները II գլխի դրույթների համաձայն իրենց իրավասությունն իրականացնելիս կիրառում են իրենց ներքին իրավունքը։

2. Այնուամենայնիվ, այնքանով, որքանով պահանջում է երեխայի անձի կամ գույքի պաշտպանությունը, նրանք բացառության կարգով կարող են կիրառել կամ հաշվի առնել այլ Պետության իրավունքը, որի հետ իրադրությունն առավել սերտ կապ ունի։

3. Եթե երեխայի սովորական բնակության վայրը փոխվում է մեկ այլ Պայմանավորվող պետություն, ապա, փոխվելու պահից սկսած, փաստացի սովորական բնակության վայրի Պետությունում ձեռնարկված միջոցների կիրառման պայմանները ղեկավարվում են այդ մյուս Պետության իրավունքով։

 

Հոդված 16

 

1. Ծնողական պարտականության օրենքի ուժով վերագրումը կամ դադարեցումը, առանց դատական կամ վարչական մարմինների միջամտության, կառավարվում է երեխայի սովորական բնակության վայրի Պետության իրավունքով։

2. Ծնողական պարտականության վերագրումը կամ դադարեցումը պայմանագրով կամ միակողմանի ակտով, առանց դատական կամ վարչական մարմինների միջամտության, կառավարվում է երեխայի սովորական բնակության վայրի Պետության իրավունքով` այն պահից սկսած, երբ պայմանագիրը կամ միակողմանի ակտն ուժի մեջ է մտնում։

3. Երեխայի սովորական բնակության վայրի Պետության իրավունքի համաձայն գործող ծնողական պարտականությունը գործում է նաև երեխայի սովորական բնակության վայրը մեկ այլ Պետություն փոխելիս։

4. Եթե երեխայի սովորական բնակության վայրը փոխվում է, ապա օրենքի ուժով ծնողական պարտականության վերագրումն այն անձին, որը դեռևս չունի նման պարտականություն, կառավարվում է սովորական բնակության նոր Պետության իրավունքով։

 

Հոդված 17

 

Ծնողական պարտականության իրականացումը կառավարվում է երեխայի սովորական բնակության Պետության իրավունքով։ Եթե երեխայի սովորական բնակության վայրը փոխվում է, այն կառավարվում է սովորական բնակության նոր Պետության իրավունքով։

 

Հոդված 18

 

16-րդ հոդվածում նշված ծնողական պարտականությունը կարող է դադարեցվել, կամ դրա իրականացման պայմանները կարող են փոփոխվել սույն Կոնվենցիային համապատասխան ձեռնարկված միջոցներով։

 

Հոդված 19

 

1. Գործարքի վավերականությունը, որը կնքվել է երրորդ կողմի և մեկ այլ անձի միջև, որն իրավասու է հանդես գալու որպես երեխայի օրինական ներկայացուցիչ այն Պետության իրավունքին համապատասխան, որտեղ կնքվել է գործարքը, վիճարկման ենթակա չէ, և երրորդ կողմը չի կարող պատասխանատվություն կրել միայն այն հիմքով, որ մյուս անձը իրավասու չի եղել հանդես գալու որպես երեխայի օրինական ներկայացուցիչ` սույն գլխի դրույթներով նշված իրավունքին համապատասխան, եթե միայն երրորդ կողմը չի իմացել կամ չէր կարող իմանալ, որ ծնողական պարտականությունը կառավարվում է վերջինիս իրավունքով։

2. Նախորդ կետը կիրառվում է միայն այն դեպքերում, եթե գործարքը կնքվել է այն անձանց միջև, որոնք գտնվում են նույն Պետության տարածքում։

 

Հոդված 20

 

Սույն գլխի դրույթները կիրառվում են, եթե նույնիսկ նրանց կողմից նշված իրավունքը ոչ Պայմանավորվող պետության իրավունք է։

 

Հոդված 21

 

1. Սույն գլխում «իրավունք» տերմինը նշանակում է` այն Պետությունում գործող իրավունք, որն այլ է, քան իրավունքի կանոնների Պետության ընտրությունն է։

2. Այնուամենայնիվ, եթե 16-րդ հոդվածին համապատասխան կիրառելի իրավունքը ոչ Պայմանավորվող պետության իրավունքն է, և իրավունքի կանոնների այդ Պետության ընտրությունը ճանաչում է մեկ այլ ոչ Պայմանավորվող պետության իրավունքը, որը կկիրառեր իր իրավունքը, ապա կիրառվում է վերջինիս իրավունքը։ Եթե այդ մյուս ոչ Պայմանավորվող պետությունը չի կիրառում իր իրավունքը, ապա կիրառելի իրավունք է համարվում 16-րդ հոդվածով նախատեսված իրավունքը։

 

Հոդված 22

 

Սույն գլխի դրույթներով սահմանված իրավունքի կիրառումը կարող է մերժվել, եթե միայն նման կիրառումը, հաշվի առնելով երեխայի լավագույն շահերը, ակնհայտորեն հակասում է հանրային քաղաքականությանը։

 

ԳԼՈՒԽ IV

 

ՃԱՆԱՉՈՒՄԸ ԵՎ ԿԱՏԱՐՈՒՄԸ

 

Հոդված 23

 

1. Պայմանավորվող պետություններից մեկի մարմինների կողմից ձեռնարկված միջոցները օրենքի ուժով ճանաչվում են բոլոր մյուս Պայմանավորվող պետություններում։

2. Ճանաչումը, այնուամենայնիվ, կարող է մերժվել.

ա) եթե միջոցը ձեռնարկվել է այն մարմնի կողմից, որի իրավասությունը հիմնված չէ II գլխով նախատեսված հիմքերից որևէ մեկի վրա.

բ) եթե, բացառությամբ անհետաձգելի դեպքի, դատական կամ վարչական վարույթների ընթացքում միջոցը, ի խախտումն հայցվող Պետության ընթացակարգերի հիմնարար սկզբունքների, ձեռնարկվել է երեխային արտահայտվելու հնարավորություն չտրամադրելով.

գ) որևէ անձի բողոքի հիման վրա, որը պնդում է, որ միջոցը խախտում է իր ծնողական պարտականությունը, եթե այդ միջոցը, բացառությամբ անհետաձգելի դեպքի, ձեռնարկվել է առանց այդ անձին արտահայտվելու հնարավորություն տալու.

դ) եթե նման ճանաչումը, հաշվի առնելով երեխայի լավագույն շահերը, ակնհայտորեն հակասում է հայցվող Պետության հանրային քաղաքականությանը.

ե) եթե միջոցը անհամատեղելի է երեխայի սովորաբար բնակության վայրի ոչ Պայմանավորվող պետությունում ավելի ուշ ձեռնարկված միջոցի հետ, որտեղ տվյալ` ավելի ուշ ձեռնարկված միջոցը համապատասխանում է հայցվող Պետությունում ճանաչման պահանջներին.

զ) եթե 33-րդ հոդվածով նախատեսված ընթացակարգը չի համապատասխանում դրա պահանջներին։

 

Հոդված 24

 

Առանց խախտելու 23-րդ հոդվածի 1-ին կետը` յուրաքանչյուր շահագրգիռ անձ կարող է հարցում հղել Պայմանավորվող պետության իրավասու մարմիններին, որոնք որոշում կկայացնեն մեկ այլ Պայմանավորվող պետությունում ձեռնարկված միջոցները ճանաչելու կամ չճանաչելու մասին։ Ընթացակարգը կառավարվում է հայցվող Պետության իրավունքով։

 

Հոդված 25

 

Հայցվող Պետության մարմինը պարտավորվում է բացահայտված փաստացի հանգամանքներով, որոնց վրա միջոցը ձեռնարկած Պետության մարմինը հիմնում է իր իրավասությունը:

 

Հոդված 26

 

1. Եթե մի Պայմանավորվող պետությունում ձեռնարկված և այնտեղ իրականացվելիք միջոցները պահանջում են կատարում մեկ այլ Պայմանավորվող պետությունում, ապա շահագրգիռ կողմի հարցման հիման վրա դրանք պետք է հայտարարվեն իրականացման ենթակա կամ իրականացման նպատակով գրանցվեն տվյալ Պետությունում` վերջինիս իրավունքով նախատեսված ընթացակարգերին համապատասխան։

2. Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն իրականացման կամ գրանցման հայտարարությունների նկատմամբ կիրառում է պարզ և արագ ընթացակարգեր։

3. Իրականացման կամ գրանցման հայտարարությունները կարող են մերժվել միայն 23-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված պատճառներից որևէ մեկով։

 

Հոդված 27

 

Պահպանելով նախորդ հոդվածների կիրառման համար անհրաժեշտ վերանայումը` ձեռնարկված միջոցների գնահատականների վերանայում չի կատարվում։

 

Հոդված 28

 

Մի Պայմանավորվող պետությունում ձեռնարկված և մյուս Պայմանավորվող պետությունում իրականացվելիք հայտարարված կամ իրականացման նպատակով գրանցված միջոցները վերջին Պետությունում իրականացվում են այնպես, ինչպես կկատարվեին այդ Պետության մարմինների կողմից ձեռնարկված միջոցները։ Իրականացումը տեղի է ունենում հայցվող Պետության իրավունքին համապատասխան, տվյալ իրավունքով ապահովվող չափով` հաշվի առնելով երեխայի լավագույն շահերը։

 

ԳԼՈՒԽ V

 

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

 

Հոդված 29

 

1. Պայմանավորվող պետությունը նշանակում է Կենտրոնական մարմին, որն իրականացնում է նման մարմինների վրա Կոնվենցիայով դրված պարտականությունները։

2. Դաշնակից Պետությունները, մեկից ավելի իրավական համակարգ ունեցող Պետությունները կամ ինքնավար տարածքային միավորներից բաղկացած Պետություններն ազատ են նշանակելու մեկից ավելի Կենտրոնական մարմին և նշել նրանց գործառույթների տարածքային կամ անհատական շրջանակը։ Եթե Պետությունը նշանակում է մեկից ավելի Կենտրոնական մարմին, ապա պետք է նշի այն Կենտրոնական մարմինը, որին կարող են հասցեագրվել գրագրությունները` այդ Պետության տարածքում համապատասխան Կենտրոնական մարմնին դրանք փոխանցելու համար։

 

Հոդված 30

 

1. Կոնվենցիայի նպատակներին հասնելու համար Կենտրոնական մարմինները պետք է համագործակցեն միմյանց հետ և խթանեն համագործակցությունն իրենց Պետությունների իրավասու մարմինների միջև։

2. Նրանք պետք է համապատասխան քայլեր ձեռնարկեն Կոնվենցիայի կիրառման հետ կապված` երեխայի պաշտպանությանն առնչվող` իրենց Պետությունների օրենսդրության և հնարավոր ծառայությունների մասին տեղեկատվություն տրամադրելու համար։

 

Հոդված 31

 

Պայմանավորվող պետությունների Կենտրոնական մարմինն անմիջականորեն կամ պետական մարմնի մարմինների կամ այլ մարմինների միջոցով ձեռնարկում է բոլոր համապատասխան քայլերը`

ա) հաղորդակցությունները հեշտացնելու և 8-րդ ու 9-րդ հոդվածներով և սույն գլխով նախատեսված օգնությունն առաջարկելու համար.

բ) միջնորդության, հաշտեցման կամ նման այլ միջոցներով հեշտացնելու համար երեխայի անձի կամ սեփականության պաշտպանությանն ուղղված համաձայնեցված որոշումներն այնպիսի իրադրություններում, որոնց նկատմամբ կիրառելի է Կոնվենցիան.

գ) մեկ այլ Պայմանավորվող պետության իրավասու մարմնի հարցման հիման վրա օգնություն տրամադրելու համար` երեխայի գտնվելու վայրը բացահայտելու համար, եթե ենթադրվում է, որ երեխան կարող է գտնվել հայցվող Պետության տարածքում և պաշտպանության կարիք ունի։

 

Հոդված 32

 

Երեխայի հետ առավել սերտ կապ ունեցող յուրաքանչյուր այն Պայմանավորվող պետության Կենտրոնական մարմնի կամ այլ իրավասու մարմնի կողմից օգնության նպատակով արված հարցման հիման վրա երեխայի սովորական բնակության վայրի Պայմանավորվող պետության Կենտրոնական մարմինը կարող է անմիջականորեն կամ պետական իրավասու մարմինների կամ այլ մարմինների միջոցով`

ա) տրամադրել տեղեկանք երեխայի վիճակի մասին.

բ) հարցում անել իր Պետության իրավասու մարմնին` քննարկելու երեխայի անձի կամ սեփականության պաշտպանության համար միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության հարցը։

 

Հոդված 33

 

1. Եթե 5-10-րդ հոդվածների համաձայն իրավասություն ունեցող մարմինը քննարկում է երեխային խնամատար ընտանիքում կամ երեխայի խնամքի հատուկ հաստատություններում տեղավորելու կամ kafala-ի կամ նման այլ հաստատության միջոցով խնամք տրամադրելու հարցը, և եթե նման տեղավորումը կամ խնամքի նման տրամադրումը տեղի է ունենում մեկ այլ Պայմանավորվող պետությունում, ապա նա առաջին հերթին խորհրդակցում է վերջին Պետության Կենտրոնական մարմնին կամ այլ իրավասու մարմնի հետ։ Այս նպատակով նա ուղարկում է տեղեկանք երեխայի մասին` նշելով առաջարկված տեղավորման կամ խնամք տրամադրելու պատճառները։

2. Տեղավորման կամ խնամք տրամադրելու մասին որոշումը կարող է կայացվել հայցող Պետությունում միայն այն դեպքում, եթե հայցվող Պետության Կենտրոնական մարմինը կամ իրավասու այլ մարմինը, երեխայի լավագույն շահերը հաշվի առնելով, տվել է իր համաձայնությունը տեղավորման կամ խնամքի տրամադրման համար։

 

Հոդված 34

 

1. Կոնվենցիայով նախատեսված իրավասու մարմինները պաշտպանության միջոց քննարկելիս, եթե երեխայի վիճակը դա է պահանջում, կարող են հարցում անել որևէ այլ Պայմանավորվող պետության մարմնի, որն ունի երեխայի պաշտպանությանը վերաբերող տեղեկատվություն, այն տրամադրելու խնդրանքով։

2. Պայմանավորվող պետությունը կարող է հայտարարել, որ 1-ին կետում նշված հարցումները իր մարմիններին կփոխանցվեն միայն իր Կենտրոնական մարմնի միջոցով։

 

Հոդված 35

 

1. Պայմանավորվող պետության մարմինները կարող են հարցում անել մեկ այլ Պայմանավորվող պետության մարմիններին` սույն Կոնվենցիայով ձեռնարկված պաշտպանության միջոցների իրականացման գործում աջակցելու համար, հատկապես` տեսակցելու, ինչպես նաև պարբերական հիմունքներով անմիջական կապ պահպանելու իրավունքի արդյունավետ իրականացումը ապահովելու համար։

2. Այն Պայմանավորվող պետության մարմինները, որտեղ երեխան փաստացի բնակության վայր չունի, կարող են այդ Պետությունում բնակվող ծնողների հարցման հիման վրա, որոնք ցանկանում են երեխայի հետ տեսակցություն ստանալու կամ հաստատելու իրավունք ստանալ, տեղեկատվություն կամ վկայություն հավաքել և հարցում անել, թե արդյոք ծնողին հարմար է տեսակցելը, և ինչ պայմաններով է իրականացվելու տեսակցությունը։ 5-10-րդ հոդվածների համաձայն իրավասություն իրականացնող իրավասու մարմինները երեխային տեսակցելու մասին դիմումի վերաբերյալ որոշում կայացնելու համար պետք է ստանան և նախքան որոշում կայացնելը քննարկեն նման տեղեկատվությունը, վկայությունը և հարցումները։

3. 5-10-րդ հոդվածների համաձայն իրավասություն ունեցող մարմինները, որոնք որոշում են կայացնում տեսակցության մասին, 2-րդ կետի համաձայն կատարված հարցման արդյունքից կախված` կարող են հետաձգել ընթացակարգը, եթե, մասնավորապես, քննարկվում է տեսակցության իրավունքը սահմանափակելու կամ դադարեցնելու մասին դիմումը, որը տրամադրվել է երեխայի նախկին փաստացի սովորական բնակության վայրի Պետությունում։

4. Ոչինչ սույն հոդվածում չի խոչընդոտում 5-10-րդ հոդվածներով իրավասություն ունեցող մարմիններին ձեռնարկել նախնական միջոցներ նախքան 2-րդ կետի համաձայն արված հարցման արդյունքները։

 

Հոդված 36

 

Ամեն դեպքում, եթե երեխային լուրջ վտանգ է սպառնում, այն Պայմանավորվող պետության իրավասու մարմինները, որտեղ ձեռնարկվել կամ քննարկման տակ են գտնվում երեխայի պաշտպանության միջոցները, եթե նրանք տեղեկացված են, որ երեխայի բնակության վայրը փոխվել է, կամ երեխան գտնվում է մեկ այլ Պետությունում, տեղեկացնում են այդ մյուս Պետության մարմիններին վտանգի առկայության և ձեռնարկված կամ քննարկման տակ գտնվող միջոցների մասին։

 

Հոդված 37

 

Մարմինը սույն գլխի համաձայն հարցում չի անում կամ որևէ տեղեկատվություն չի տրամադրում, եթե գտնում է, որ դա կվտանգի երեխայի անձին կամ սեփականությանը կամ լուրջ վնաս կհասցնի երեխայի ընտանիքի անդամների կյանքին կամ ազատությանը։

 

Հոդված 38

 

1. Պահպանելով տրամադրված ծառայությունների համար ողջամիտ գին գանձելու հնարավորությունը` Պայմանավորվող պետությունների Կենտրոնական մարմինները և մյուս պետական իրավասու մարմիններն իրենք են կրում սույն Կոնվենցիայի դրույթների կիրառումից բխող իրենց ծախսերը։

2. Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն ծախսերի բաշխման մասին կարող է պայմանագիր կնքել մեկ կամ մի քանի Պայմանավորվող պետությունների հետ։

 

Հոդված 39

 

Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն կարող է պայմանագիր կնքել մեկ կամ մի քանի Պայմանավորվող պետությունների հետ` իրենց փոխադարձ հարաբերություններում սույն գլխի կիրառումը բարելավելու նպատակով։ Պետությունները, որոնք կնքում են այդպիսի պայմանագիր, տվյալ պայմանագրի պատճենը փոխանցում են Կոնվենցիայի ավանդապահին։

 

ԳԼՈՒԽ VI

 

ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 40

 

1. Երեխայի սովորական բնակության վայրի Պայմանավորվող պետության կամ այն վայրի Պայմանավորվող պետության մարմինները, որտեղ ձեռնարկվել է պաշտպանության միջոցը, կարող են ծնողական պարտականություն ունեցող անձին կամ այն անձին, ով ստանձնել է երեխայի անձի կամ սեփականության պաշտպանությունը, նրա հարցման հիման վրա տրամադրել վկայական, որում նշվում են տվյալ անձի գործելու իրավունքը և նրան վերագրված լիազորությունները։

2. Վկայականում նշված իրավասությունն ու լիազորությունը համարվում են վերագրված տվյալ անձին, եթե հակառակն ապացուցված չէ։

3. Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն նշանակում է մարմիններ, որոնք իրավասու են տրամադրելու վկայականը։

 

Հոդված 41

 

Կոնվենցիայի համաձայն հավաքված կամ փոխանցված անձնական տվյալներն օգտագործվում են միայն այն նպատակով, որի համար հավաքվել կամ փոխանցվել են։

 

Հոդված 42

 

Մարմինները, որոնց փոխանցվել է տեղեկատվությունը, ապահովում են դրանց գաղտնիությունը` իրենց Պետության իրավունքին համապատասխան։

 

Հոդված 43

 

Սույն Կոնվենցիային համապատասխան ուղարկված կամ հանձնված բոլոր փաստաթղթերը զերծ են հաստատումից կամ որևէ այլ նմանատիպ ձևականությունից։

 

Հոդված 44

 

Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն կարող է նշանակել մարմիններ, որոնց կհասցեագրվեն 8-րդ, 9-րդ և 33-րդ հոդվածներով նախատեսված հարցումները։

 

Հոդված 45

 

1. 29-րդ և 44-րդ հոդվածներով նախատեսված նշանակումների մասին պետք է տեղեկացվի Միջազգային մասնավոր իրավունքի գծով Հաագայի կոնֆերանսի մշտական հանձնաժողովը։

2. 34-րդ հոդվածի 2-րդ կետով արված հայտարարությունն ի պահ է հանձնվում Կոնվենցիայի ավանդապահին։

 

Հոդված 46

 

Այն Պայմանավորվող պետությունը, որում երեխայի անձի կամ սեփականության պաշտպանության նկատմամբ կիրառվում են իրավունքի տարբեր համակարգեր կամ իրավունքի նորմերի համակցություն, պարտավորված չի լինի կիրառելու Կոնվենցիայի նորմերը միայն նման տարբեր համակարգերի կամ իրավունքի նորմերի համակցության հակասությունների նկատմամբ։

 

Հոդված 47

 

Այն Պետությունում, որտեղ Կոնվենցիայի առարկայի հետ կապ ունեցող հարցերին առնչվող իրավունքի երկու և ավելի համակարգերը կամ իրավունքի նորմերի համակցությունները կիրառվում են տարբեր տարածքային միավորներում`

1. յուրաքանչյուր հղում, որը վերաբերում է տվյալ Պետությունում սովորական բնակությանը, մեկնաբանվում է որպես սովորական բնակությանը վերաբերող տարածքային միավոր.

2. յուրաքանչյուր հղում, որը վերաբերում է տվյալ Պետությունում երեխայի գտնվելուն, մեկնաբանվում է գտնվելուն վերաբերող որպես տարածքային միավոր.

3. յուրաքանչյուր հղում, որը վերաբերում է տվյալ Պետությունում երեխայի սեփականության գտնվելուն, մեկնաբանվում է որպես տարածքային միավորում երեխայի սեփականության գտնվելուն վերաբերող.

4. յուրաքանչյուր հղում այն Պետության վերաբերյալ, որի քաղաքացին է հանդիսանում երեխան, մեկնաբանվում է որպես այն տարածքային միավորին վերաբերող, որը նախատեսված է տվյալ Պետության իրավունքով, կամ, եթե բացակայում են համապատասխան նորմերը, այն տարածքային միավորին վերաբերող, որի հետ երեխան առավել սերտ կապ ունի.

5. յուրաքանչյուր հղում այն Պետության վերաբերյալ, որի մարմինների քննության տակ է գտնվում ամուսնալուծության կամ դատարանի վճռով երեխայի ծնողների առանձին ապրելու կամ ամուսնությունը չեղյալ հայտարարելու մասին դիմումը, մեկնաբանվում է որպես այն տարածքային միավորին վերաբերող, որի մարմնի քննության տակ է գտնվում նման դիմումը.

6. յուրաքանչյուր հղում, որը վերաբերում է այն Պետությանը, որի հետ երեխան սերտ կապ ունի, մեկնաբանվում է որպես այն տարածքային միավորին վերաբերող, որի հետ երեխան նման կապ ունի.

7. յուրաքանչյուր հղում, որը վերաբերում է այն Պետությանը, ուր տեղափոխվել կամ որտեղ պահվել է երեխան, մեկնաբանվում է որպես այն տարածքային միավորին վերաբերող, ուր տեղափոխվել կամ որտեղ պահվում է երեխան.

8. յուրաքանչյուր հղում, որը վերաբերում է, տվյալ Պետության Կենտրոնական մարմիններից բացի, այլ մարմիններին կամ մարմիններին, մեկնաբանվում է որպես տարածքային միավորում գործելու իրավունք ունեցող մարմիններին վերաբերող.

9. յուրաքանչյուր հղում, որը վերաբերում է այն Պետության իրավունքին կամ ընթացակարգին կամ իրավասությանը, որտեղ ձեռնարկվել է միջոցը, մեկնաբանվում է որպես այն տարածքային միավորի իրավունքին կամ ընթացակարգին կամ իրավասությանը վերաբերող, որտեղ ձեռնարկվել է միջոցը.

10. յուրաքանչյուր հղում, որը վերաբերում է հայցվող Պետության իրավունքին կամ ընթացակարգին կամ իրավասությանը, մեկնաբանվում է որպես այն տարածքային միավորի իրավունքին կամ ընթացակարգին կամ իրավասությանը վերաբերող, որտեղ կատարվում է ճանաչումը կամ կատարումը։

 

Հոդված 48

 

III գլխի համաձայն կիրառելի իրավունքը այն Պետության առնչությամբ որոշելու նպատակով, որը կազմված է երկու և ավելի տարածքային միավորներից, որոնցից յուրաքանչյուրը սույն Կոնվենցիայով կարգավորվող հարցերի վերաբերյալ ունի իրավունքի իր սեփական ներքին համակարգը կամ իրավունքի նորմերի համակցությունը, կիրառվում են հետևյալ նորմերը`

ա) եթե տվյալ Պետությունում գործում են նորմեր, որոնք որոշում են, թե որ տարածքային միավորի իրավունքն է կիրառելի, ապա կիրառվում է տվյալ իրավունքը.

բ) նման նորմերի բացակայության դեպքում կիրառվում է համապատասխան տարածքային միավորի իրավունքը, որը նշված է 47-րդ հոդվածում։

 

Հոդված 49

 

III գլխի համաձայն կիրառելի իրավունքը այն Պետության առնչությամբ որոշելու նպատակով, որը կազմված է իրավունքի երկու և ավելի համակարգերից կամ իրավունքի նորմերի համակցությունից, որոնք սույն Կոնվենցիայով կարգավորվող հարցերի վերաբերյալ կիրառելի են տարբեր կատեգորիաների անձանց նկատմամբ, կիրառվում են հետևյալ նորմերը`

ա) եթե նման Պետությունում գործում են նորմեր, որոնք որոշում են, թե նման իրավունքներից որոնք են կիրառվելու, կիրառվում է տվյալ իրավունքը.

բ) նման նորմերի բացակայության դեպքում կիրառվում է այն իրավունքի համակարգը կամ իրավունքի նորմերի համակցությունը, որի հետ երեխան առավել սերտ կապ ունի։

 

Հոդված 50

 

Սույն Կոնվենցիան ազդեցություն չի ունենա Երեխաների միջազգային առևանգման քաղաքացիական մոտեցման մասին 1980թ. հոկտեմբերի 25-ի Կոնվենցիայի կիրառման վրա այն Պետությունների միջև, որոնք երկու Կոնվենցիաների անդամներ են։ Ամեն դեպքում ոչինչ չի խոչընդոտում սույն Կոնվենցիայի դրույթների կիրառմանը` անօրինական ճանապարհով տեղափոխված կամ պահվող երեխայի վերադարձման կամ նրա հետ տեսակցություն կազմակերպելու համար։

 

Հոդված 51

 

Պայմանավորվող պետությունների միջև հարաբերություններում սույն Կոնվենցիան փոխարինում է Անչափահասների պաշտպանության մարմինների իրավունքների և կիրառելի իրավունքի մասին 1961 թ. հոկտեմբերի 5-ի և 1902 թ. հունիսի 12-ին Հաագայում ստորագրված` Անչափահասների խնամակալությունը ղեկավարող Կոնվենցիաներին` պահպանելով 1961թ. հոկտեմբերի 5-ի` վերոնշյալ Կոնվենցիայով ձեռնարկված միջոցների ճանաչումը։

 

Հոդված 52

 

1. Սույն Կոնվենցիան ազդեցություն չի ունենում որևէ միջազգային փաստաթղթի վրա, որի կողմ են Պայմանավորվող պետությունները, և որը դրույթներ է պարունակում Կոնվենցիայով ղեկավարվող հարցերի մասին, քանի դեռ նման փաստաթղթերի կողմ հանդիսացող Պետությունների կողմից հակառակ հայտարարություն չի արվել։

2. Սույն Կոնվենցիան ազդեցություն չի ունենա մեկ կամ մի քանի Պայմանավորվող պետությունների` նման պայմանագրերի կողմ Պետություններից որևէ մեկում երեխայի սովորական բնակության վայրի հետ կապված պայմանագրեր կնքելու հնարավորության վրա, որոնք պարունակում են սույն Կոնվենցիայով կարգավորվող հարցերի մասին դրույթներ։

3. Պայմանագրերը, որոնք կնքվում են սույն Կոնվենցիայով կարգավորվող հարաբերությունների շուրջ մեկ կամ ավելի Պայմանավորվող պետությունների կողմից, մյուս Պայմանավորվող պետությունների հետ նման Պետությունների հարաբերություններում չեն ազդում սույն Կոնվենցիայի դրույթների կիրառման վրա։

4. Վերոհիշյալ կետերը կիրառվում են նաև միասնական իրավական համակարգերի նկատմամբ, որոնք հիմնված են շահագրգիռ Պետությունների միջև տարածաշրջանային կամ այլ բնույթի հատուկ կապի վրա։

 

Հոդված 53

 

1. Կոնվենցիան կիրառվում է միայն այն միջոցների նկատմամբ, որոնք ձեռնարկվել են Կոնվենցիան տվյալ Պետության համար ուժի մեջ մտնելուց հետո։

2. Ձեռնարկված միջոցների ճանաչման և իրականացման նկատմամբ Կոնվենցիան կիրառվում է այն բանից հետո, երբ այն ուժի մեջ է մտնում միջոցներ ձեռնարկող և հայցվող Պետությունների միջև։

 

Հոդված 54

 

1. Պայմանավորվող պետության Կենտրոնական մարմնին կամ մեկ այլ մարմնին ուղարկված հաղորդակցությունը պետք է լինի ուղարկող Պետության պաշտոնական լեզվով և ուղեկցվի մյուս Պետության պաշտոնական լեզվով կամ լեզուներից որևէ մեկով թարգմանությամբ, իսկ դրա անհնարինության դեպքում` ֆրանսերենով կամ անգլերենով։

2. Այնուամենայնիվ, Պայմանավորվող պետությունը, 60-րդ հոդվածի համաձայն վերապահում անելով, կարող է մերժել ֆրանսերեն կամ անգլերեն լեզուներից որևէ մեկի օգտագործումը։

 

Հոդված 55

 

1. 60-րդ հոդվածի համաձայն` Պայմանավորվող պետությունը կարող է`

ա) իր մարմինների համար վերապահել իրավասություն` միջոցներ ձեռնարկել երեխայի այն սեփականության պաշտպանության համար, որը գտնվում է իր տարածքում.

բ) իրավունք վերապահել` չճանաչելու որևէ ծնողական պարտականություն կամ միջոց այնքանով, որքանով դա անհամատեղելի է այդ սեփականության հետ կապված` իր մարմինների կողմից ձեռնարկված որևէ միջոցի հետ։

2. Վերապահումը կարող է սահմանափակվել սեփականության որոշակի տեսակների նկատմամբ։

 

Հոդված 56

 

Միջազգային մասնավոր իրավունքի գծով Հաագայի կոնֆերանսի Գլխավոր քարտուղարը կարող է պարբերաբար ձևավորել հատուկ կոմիտե` Կոնվենցիայի գործնական կիրառումը վերահսկելու նպատակով։

 

ԳԼՈՒԽ VII

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 57

 

1. Սույն Կոնվենցիան բաց է այն Պետությունների ստորագրման համար, որոնք եղել են Միջազգային մասնավոր իրավունքի գծով Հաագայի կոնֆերանսի անդամներ նրա տասնութերորդ նստաշրջանի ժամանակ:

2. Այն ենթակա է վավերացման, ընդունման կամ հաստատման, և վավերագրերը, ընդունման կամ հաստատման մասին փաստաթղթերն ի պահ են հանձնվում Նիդեռլանդների թագավորության արտաքին գործերի նախարարությանը, որը հանդիսանում է Կոնվենցիայի ավանդապահ։

 

Հոդված 58

 

1. Ցանկացած այլ Պետություն կարող է միանալ Կոնվենցիային 61-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն դրա ուժի մեջ մտնելուց հետո։

2. Միանալու մասին փաստաթուղթն ի պահ է հանձնվում ավանդապահին։

3. Նման միացումը գործում է միայն միացող Պետության և մյուս այն Պայմանավորվող պետությունների միջև հարաբերություններում, որոնք 63-րդ հոդվածի «բ» ենթակետով նախատեսված ծանուցումը ստանալուց հետո` վեց ամսվա ընթացքում, չեն առարկում տվյալ Պետության միանալուն։ Պետությունների կողմից նման առարկություն կարող է արվել նաև միացումից հետո` Կոնվենցիան վավերացնելիս, ընդունելիս կամ հաստատելիս։ Յուրաքանչյուր նման առարկության մասին ծանուցվում է ավանդապահը։

 

Հոդված 59

 

1. Եթե Պետությունն ունի երկու կամ ավելի տարածքային միավորներ, որոնցում սույն Կոնվենցիայով կարգավորվող հարցերի առնչությամբ կիրառվում են իրավունքի տարբեր համակարգեր, ապա նա կարող է ստորագրման, վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու պահին հայտարարել, որ Կոնվենցիայի կիրառումը կտարածվի իր տարածքային բոլոր միավորների կամ դրանցից մեկի կամ մի քանիսի վրա, և կարող է ցանկացած ժամանակ, մեկ այլ հայտարարություն ներկայացնելով, փոփոխություն կատարել տվյալ հայտարարության մեջ։

2. Յուրաքանչյուր նման հայտարարություն ծանուցվում է ավանդապահին և հստակ նշում է այն տարածքային միավորները, որոնց նկատմամբ կիրառվում է Կոնվենցիան։

3. Եթե Պետությունը սույն հոդվածին համապատասխան որևէ հայտարարություն չի անում, Կոնվենցիան տարածվում է տվյալ Պետության բոլոր տարածքային միավորների վրա։

 

Հոդված 60

 

1. Յուրաքանչյուր Պետություն կարող է ոչ ուշ, քան վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու կամ 59-րդ հոդվածի համաձայն հայտարարություն անելու պահին անել 54-րդ հոդվածի 2-րդ կետով և 55-րդ հոդվածով նախատեսված մեկ կամ երկու վերապահում։ Որևէ այլ վերապահում չի թույլատրվում։

2. Յուրաքանչյուր պետություն կարող է ցանկացած ժամանակ հետ վերցնել արված վերապահումը: Նման հետ վերցնելու մասին ծանուցվում է ավանդապահը:

3. Նման վերապահման գործողությունը դադարեցվում է նախորդ կետում նշված ծանուցումից հետո` երրորդ օրացուցային ամսվա առաջին օրը:

 

Հոդված 61

 

1. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում 57-րդ հոդվածում նշված վավերացման, ընդունման կամ հաստատման մասին երրորդ փաստաթուղթն ավանդապահին ի պահ հանձնելուց հետո` երեք ամսվան հաջորդող ամսվա առաջին օրը։

2. Այնուհետև Կոնվենցիան ուժի մեջ է մտնում.

ա) այն հետագայում վավերացնող, ընդունող կամ հաստատող յուրաքանչյուր Պետության համար` վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ավանդապահին ի պահ հանձնելուց հետո` երեք ամսվան հաջորդող ամսվա առաջին օրը.

բ) յուրաքանչյուր միացող Պետության համար` 58-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված վեց ամիս ժամանակահատվածը լրանալուց հետո` երեք ամսվան հաջորդող ամսվա առաջին օրը.

գ) այն տարածքային միավորի համար, որի վրա տարածվում է Կոնվենցիան 59-րդ հոդվածի համաձայն` տվյալ հոդվածում նշված ծանուցումից հետո` երեք ամսվան հաջորդող ամսվա առաջին օրը։

 

Հոդված 62

 

1. Կոնվենցիայի յուրաքանչյուր մասնակից Պետություն կարող է դադարեցնել այն ավանդապահին ուղղված գրավոր ծանուցմամբ։ Դադարեցումը կարող է սահմանափակվել որոշակի տարածքային միավորների համար, որոնց նկատմամբ կիրառվում է Կոնվենցիան։

2. Դադարեցումն ուժի մեջ է մտնում ծանուցագիրը ավանդապահի ստանալուց հետո` տասներկու ամսվան հաջորդող ամսվա առաջին օրը։ Եթե ծանուցագրում դադարեցման ուժի մեջ մտնելու համար առավել երկար ժամանակահատված է նախատեսված, ապա դադարեցումն ուժի մեջ է մտնում նման երկար ժամանակահատվածը լրանալուց հետո։

 

Հոդված 63

 

Ավանդապահը միջազգային մասնավոր իրավունքի գծով Հաագայի կոնֆերանսի անդամ Պետություններին և 58-րդ հոդվածի համաձայն Կոնվենցիային միացած Պետություններին ծանուցում է.

ա) 57-րդ հոդվածի համաձայն` ստորագրությունների, վավերացումների, ընդունումների և հաստատումների մասին.

բ) 58-րդ հոդվածի համաձայն` միանալու և դրա վերաբերյալ առարկությունների մասին.

գ) 61-րդ հոդվածի համաձայն` Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու տարվա և ամիս-ամսաթվի մասին.

դ) 34-րդ հոդվածի 2-րդ կետի և 59-րդ հոդվածի համաձայն` հայտարարությունների մասին.

ե) 39-րդ հոդվածի համաձայն` պայմանագրերի մասին.

զ) 54-րդ հոդվածի 2-րդ կետի և 55-րդ հոդվածի համաձայն` վերապահումների և 60-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` չեղյալ հայտարարելու մասին.

է) 62-րդ հոդվածի համաձայն` գործողությունը դադարեցնելու մասին:

 

Ի հավաստումն որի` ներքոստորագրյալները, պատշաճ կերպով լիազորված լինելով, ստորագրեցին սույն Կոնվենցիան:

 

Կատարվել է Հաագայում 1996 թվականի հոկտեմբերի 19-ին, անգլերեն և ֆրանսերեն հավասարազոր տեքստերով, մեկ օրինակով, որն ի պահ է հանձնվում Նիդեռլանդների Կառավարության արխիվներին, և որի վավերացված պատճենը դիվանագիտական ուղիներով ուղարկվում է Միջազգային մասնավոր իրավունքի գծով Հաագայի կոնֆերանսի տասնութերորդ նստաշրջանի յուրաքանչյուր անդամ Պետության:

 

Կոնվենցիան Հայաստանի համար ուժի մեջ է մտել 2008 թվականի մայիսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության հայտարարությունները և վերապահումները «Ծնողական պարտականությունների և երեխայի պաշտպանությանն ուղղված միջոցների առնչությամբ իրավասության, կիրառելի իրավունքի, ճանաչման, իրականացման և համագործակցության մասին» կոնվենցիայի վերաբերյալ

 

Կոնվենցիայի 34-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է, որ 34-րդ հոդվածի 1-ին կետում նշված հարցումներն իր մարմիններին կփոխանցվեն միայն իր Կենտրոնական մարմնի միջոցով:

Կոնվենցիայի 60-րդ հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետությունը կատարում է հետևյալ վերապահումները`

1. Կոնվենցիայի 54-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` մերժել ֆրանսերեն լեզվի օգտագործումը:

2. Կոնվենցիայի 55-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն` իր մարմինների համար վերապահել իրավասություն է միջոցներ ձեռնարկելու երեխայի այն անշարժ գույքի և պետական գրանցման ենթակա այլ գույքի սեփականության պաշտպանության համար, որը գտնվում է իր տարածքում:

3. Կոնվենցիայի 55-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետի համաձայն` չճանաչել որևէ ծնողական պարտականություն կամ միջոց այնքանով, որքանով դա անհամատեղելի է այդ սեփականության հետ կապված` իր մարմինների ձեռնարկած որևէ միջոցի հետ:

 

Ց Ա Ն Կ

 

«Ծնողական պարտականությունների և երեխայի պաշտպանությանն ուղղված միջոցների առնչությամբ իրավասության, կիրառելի իրավունքի, ճանաչման, իրականացման և համագործակցության մասին» կոնվենցիայի մասնակից պետությունների

 

Պետություն

Ստորագրել է

Վավերացվել է

Ուժի մեջ է մտել

Ալբանիա

 

18.05.2006

01.04.2007

Ավստրալիա

01.04.2003

29.04.2003

01.08.2003

Ավստրիա

01.04.2003

   

Հայաստան

 

01.03.2007

01.05.2008

Բելգիա

01.04.2003

   

Բուլղարիա

 

08.03.2006

01.02.2007

Խորվաթիա

30.10.2008

   

Կիպրոս

14.10.2003

   

Չեխիա

04.03.1999

13.03.2000

01.01.2002

Դանիա

01.04.2003

   

Էկվադոր

 

05.11.2002

01.09.2003

Էստոնիա

 

06.08.2002

01.06.2003

Ֆինլանդիա

01.04.2003

   

Ֆրանսիա

01.04.2003

   

Գերմանիա

01.04.2003

   

Հունաստան

01.04.2003

   

Հունգարիա

04.07.2005

13.01.2006

01.05.2006

Իռլանդիա

01.04.2003

   

Իտալիա

01.04.2003

   

Լատվիա

05.05.2002

12.12.2002

01.04.2003

Լիտվա

 

29.10.2003

01.09.2004

Լյուքսեմբուրգ

01.04.2003

   

Մոնակո

14.05.1997

14.05.1997

01.01.2002

Մարոկկո

19.10.1996

22.08.2002

01.12.2002

Նիդեռլանդներ

01.09.1997

   

Լեհաստան

22.11.2000

   

Պորտուգալիա

01.04.2003

   

Ռումինիա

15.11.2006

   

Սլովակիա

01.06.1999

21.09.2001

01.01.2002

Սլովենիա

13.05.2004

11.10.2004

01.02.2005

Իսպանիա

01.04.2003

   

Շվեդիա

01.04.2003

   

Շվեյցարիա

01.04.2003

   

Ուկրաինա

 

03.04.2007

01.02.2008

Մեծ Բրիտանիայի
և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն

01.04.2003