«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 հունիսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 մայիսի 2004 թվականի N 766-Ն
«ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ 1908.0 ՄԵՏՐ ԲԱՑԱՐՁԱԿ ՆԻՇԻՑ ՑԱԾՐ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի N 927-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ելնելով Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, բնականոն զարգացման ու օգտագործման կանոնակարգման անհրաժեշտությունից և հիմք ընդունելով «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, ինչպես նաև «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի «ա» կետի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Սևան» ազգային պարկի 1908.0 մետր բացարձակ նիշից ցածր տարածքներում կառուցապատումն իրականացնել միմիայն ոչ հիմնական շինություններով` Հայաստանի Հանրապետության օրենսդրության, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի «Ոչ հիմնական շինությունների տեղադրման կարգը հաստատելու մասին» N 896 որոշման պահանջներին համապատասխան` նախագծային փաստաթղթերի կազմում պարտադիր կարգով ներառելով նաև տարածքի կազմակերպման լանդշաֆտային և քաղաքաշինական հատակագծերը:
2. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սևանա լճի կենտրոնական գոտին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ առանձնացված է որպես քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտ, ապահովել նախագծային փաստաթղթերի համալիր փորձաքննությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի «Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության կարգը հաստատելու մասին» N 96 որոշման 5.2-րդ կետի «դ» ենթակետի պահանջի կիրառմամբ:
Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությունն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. Հանգստի (ռեկրեացիոն) նպատակներով կառուցապատման համար նախատեսված հողամասերում Սևանա լճի էկոտոնի (մինչև 150 մետրի սահմաններում) ցամաքային ջրամերձ տարածքներում առանձնացվում են լողափի, իսկ դրան կից, դեպի ցամաք, մինչև 1908.0 մետր բացարձակ նիշը` բուֆերային գոտիները: Գոտիների սահմանագծերը, ելնելով տարածքային առանձնահատկություններից, ենթակա են ճշգրտման` նախագծային փաստաթղթերի համաձայն:
4. Եթե վարձակալությամբ տրամադրվող հողամասն ընդգրկում է նաև 1908.0 մետր բացարձակ նիշից բարձր տարածքային հատվածներ, ապա ամբողջ հողամասը վարձակալությամբ է տրամադրվում 1908.0 մետր բացարձակ նիշից բարձր տարածքային հատվածների համար սահմանված ժամկետով: Ընդ որում, սույն կարգով ամրագրված այլ սահմանափակումները կիրառվում են միայն 1908.0 մետր բացարձակ նիշից ցածր տարածքների համար` համապատասխան նշում կատարելով հողամասի վարձակալության մասին պայմանագրում:
5. Հաստատել «Սևան» ազգային պարկի 1908.0 մետր բացարձակ նիշից ցածր տարածքներում հողամասի վարձակալության մասին պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն հավելվածի:
6. Սահմանել, որ «Սևան» ազգային պարկի 1908.0 մետր բացարձակ նիշից ցածր տարածքներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կառուցապատման համար նախատեսված հողամասերում քաղաքաշինական գործունեություն իրականացնելու նպատակով դրանց վարձակալության ժամկետը չի կարող գերազանցել 3 տարին, իսկ գյուղատնտեսական գործունեության նպատակով` 5 տարին:
Վարձակալությամբ տրամադրվող լողափի գոտու տարածքների գումարային չափը չի կարող գերազանցել լողափի գոտու ընդհանուր տարածքի 80 տոկոսը` մնացած հատվածում ապահովելով հանրության կողմից լողափի անարգել օգտագործման հնարավորությունը:
7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի «Սևան» ազգային պարկ» պետական հիմնարկը վերակազմակերպելու, «Սևան» ազգային պարկի և «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունները հաստատելու մասին» N 927-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշմամբ հաստատված` «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության 31-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության տարածքում կառուցապատման նպատակով հողամասերը կարող են օրենքով սահմանված կարգով վարձակալությամբ տրամադրվել մինչև 25 տարի ժամկետով (բացառությամբ 1908.0 մետր բացարձակ նիշից ցածր տարածքներում գտնվող հողամասերի)»:
8. Սահմանել, որ սույն կարգի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետը:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2004 թ. մայիսի 24 |
Հավելված |
Ձև
Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր N
«ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ 1908.0 ՄԵՏՐ ԲԱՑԱՐՁԱԿ ՆԻՇԻՑ ՑԱԾՐ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
____ ___________ 200 թ.
_____________________________________ (այսուհետ` վարձատու), մի կողմից, և (անունը, ազգանունը) |
______________________________________________________________ |
______________________________________________________________ |
(այսուհետ` վարձակալ), մյուս կողմից, 200 թ. _______ ___________ -ի N ____ որոշման և մրցույթի արդյունքների մասին N _____ արձանագրության հիման վրա կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.
I. Պայմանագրի առարկան
1. Սույն պայմանագրին համապատասխան` վարձատուն մրցույթում հաղթող ճանաչված անձին` վարձակալին համապատասխան վարձավճարի դիմաց նրա տիրապետմանը և օգտագործմանն է տրամադրում _________________ վայրում գտնվող ______ քառ. մ մակերես ունեցող հողամասը` համաձայն սույն պայմանագրի N 1 հավելվածի, որը հանդիսանում է հողամասի հատակագիծը և սույն պայմանագրի անբաժանելի մասը:
2. Հողամասը տրամադրվում է |
__________________________________________ |
______________________________________________________________ |
______________________________________________________________ |
______________________________________________________________ |
______________________________________________________________ |
Հողամասի օգտագործման նկատմամբ սահմանափակումներն են`
ա) արգելվում է կապիտալ շինարարություն կատարելը,
բ) այլ սահմանափակումներն ամրագրված են սույն պայմանագրի 5.3, 5.4, 5.5, 5.6, 5.7 և 6-րդ կետերով:
3. Հողամասի նկարագիրը ______________________________________________
II. Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
4. Վարձակալն իրավունք ունի`
4.1. տիրապետելու և օգտագործելու վարձակալած հողամասը` սույն պայմանագրին և հողի նպատակային նշանակությանը համապատասխան.
4.2. վարձակալած հողամասը ենթարկելու բարելավումների և փոփոխությունների` դրա նպատակային օգտագործմանը համապատասխան` ապահովելով բնապահպանական, քաղաքաշինական, հակահրդեհային, սանիտարական և այլ նորմատիվ պահանջները.
4.3. տեղադրելու միայն ոչ հիմնական գույք կամ իրականացնելու շինարարության թույլտվություն չպահանջող բարեկարգման աշխատանքներ.
4.4. միայն վարձատուի համաձայնությամբ և նրա կողմից սահմանված պայմաններով ու ժամկետներով վարձակալված հողամասը ենթավարձակալության հանձնելու երրորդ անձի.
4.5. հողամասի վարձակալության ժամկետի ավարտմանը կամ պայմանագրի վաղաժամկետ դադարեցմանը նախորդող 3 ամսվա ընթացքում միջոցներ ձեռնարկելու սույն պայմանագրի պայմաններին համապատասխան վարձակալված գույքը վարձատուին ժամանակին վերադարձնելու համար, վարձատուի գրավոր համաձայնությամբ հանելու իր կողմից հողի վրա կատարված բաժանելի բարելավումները, իսկ ամրակայված անշարժ գույքը կողմերի միջև որոշվող պայմաններով օտարելու վարձատուին.
4.6. վարձատուի կողմից պայմանագիրը միակողմանի վաղաժամկետ լուծվելու դեպքում պահանջելու հատուցում պատճառված վնասների դիմաց.
4.7. վարձատուի համաձայնությամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով` նախապատվության իրավունքով շարունակելու սույն պայմանագիրը` դրա ժամկետի ավարտից հետո:
5. Վարձակալը պարտավոր է`
5.1. ժամանակին և սույն պայմանագրով սահմանված կարգով մուծել վարձավճարը.
5.2. ժամանակին և սահմանված կարգով ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ինչպես նաև հողահատկացման մասին որոշմամբ և սույն պայմանագրով նախատեսված հողամասի օգտագործմանը ներկայացվող պահանջներն ու պահպանման միջոցառումները.
5.3. բացառել բույսերի և կենդանիների նոր տեսակների ներմուծումը և կլիմայավարժեցումը, վնասատուների դեմ պայքարի ու հողերի պարարտացման նպատակով թունաքիմիկատների և պարարտանյութերի օգտագործումը.
5.4. ապահովել մեքենաների և այլ տրանսպորտային միջոցների կանգառը նախագծային փաստաթղթերով դրանց համար նախատեսված վայրերում.
5.5. բացառել լողափերի շահագործումը` առանց փրկարարական և բուժսպասարկման ծառայությունների.
5.6. լողափի և բուֆերային գոտիներն ապահովել սույն պայմանագրի N 2 հավելվածում նշված կահավորման ու սարքավորումների տարրերով, ինչպես նաև` դրանց ներկայացվող պահանջները.
5.7. թույլ չտալ վարձակալված հողամասի այնպիսի փոփոխություն, որը կհանգեցնի հողի արժեքի նվազեցմանը կամ բնութագրերի վատթարացմանը.
5.8. վարձատուի համաձայնությամբ, փոփոխությունների ենթարկել վարձակալած հողամասը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանն ու սույն պայմանագրին համապատասխան:
5.9. պահպանել սույն պայմանագրի անբաժանելի մասը կազմող հավելվածով սահմանված պահանջները:
6. Վարձակալին արգելվում է ինքնակամ կերպով վարձակալության իր իրավունքը լրիվ կամ մասնակիորեն երրորդ անձին փոխանցելը կամ զիջելը, հողը կամ դրա նկատմամբ գույքային իրավունքները գրավ դնելը, իրավաբանական անձի կանոնադրական կապիտալ ներդնելը կամ հողամասն օգտագործման իրավունքով (հատուցմամբ կամ անհատույց) երրորդ անձի տրամադրելը:
7. Վարձատուն իրավունք ունի`
7.1. վարձակալից պահանջելու հողն օգտագործել սույն պայմանագրով սահմանված նպատակներով և պայմաններին համապատասխան, պահպանելու հողի օգտագործման նկատմամբ սահմանափակումները, իրականացնելու հողի բարելավման միջոցառումներ.
7.2. վարձակալի կամ նրա ներկայացուցչի հետ միասին մուտք գործելու վարձակալված հողամաս` օգտագործման պայմանները հսկելու նպատակով` չխոչընդոտելով վարձակալի բնականոն գործունեությունը.
7.3. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն պայմանագրով սահմանված դեպքում և կարգով վաղաժամկետ լուծելու պայմանագիրը.
7.4. օգտվելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներից.
7.5. հողամասի վարձակալության ժամկետն ավարտվելուց կամ պայմանագիրը վաղաժամկետ լուծվելուց հետո իր հայեցողությամբ տնօրինելու իր պահանջով վարձակալի կողմից թողնված հողի բարելավումները և ամրակայված գույքը (բաժանելի և անբաժանելի):
8. Վարձատուն պարտավոր է`
8.1. չմիջամտել վարձակալի տնտեսական գործունեությանը, եթե այն վնաս չի պատճառում շրջակա միջավայրին և չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը.
8.2. սույն պայմանագիրը կնքման և նոտարական վավերացման օրվանից 30-օրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանում` իրավունքների պետական գրանցման համար, և իր ֆինանսական միջոցների հաշվին կատարել սույն պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված բոլոր ծախսերը, այդ թվում` վճարել պետական տուրքը:
9. Սույն պայմանագրի գործողության ժամկետում վարձակալի կողմից իրականացված գույքի բաժանելի և անբաժանելի բարելավումների կորստի ռիսկը կրում է վարձակալը` Սևանա լճի մակարդակի բարձրացման և սույն պայմանագրի VII բաժնով սահմանված դեպքերում:
III. Վարձավճարը
10. Հողամասի տարեկան վարձավճարը կազմում է տվյալ հողամասի կադաստրային արժեքի ______ տոկոսը, որը կազմում է ________________________________ դրամ: Պայմանագրի կնքման պահին հողամասի կադաստրային արժեքը կազմում է ________________________________ դրամ:
11. Հողի կադաստրային արժեքի փոփոխման դեպքում վարձատուն պարտավոր է նոր կադաստրային արժեքի մասին նախօրոք գրավոր տեղյակ պահել վարձակալին: Հողի կադաստրային արժեքի աճի դեպքում նոր կադաստրային արժեքի հիման վրա հաշվարկված վարձավճարի չափը ենթակա է կիրառման` ոչ շուտ, քան դրա մասին գրավոր տեղեկացվելուց 15 օր անց: Վարձավճարը չի փոփոխվում, եթե վարձակալը մինչև համապատասխան 15-օրյա ժամկետի ավարտը սույն պայմանագրի 21.2-րդ կետով նախատեսված կարգով վարձատուին ծանուցել է պայմանագրի վաղաժամկետ լուծման մասին:
12. Բացառությամբ սույն պայմանագրի 11-րդ կետով նախատեսված դեպքերի` վարձավճարի չափը կարող է փոփոխվել միայն սույն պայմանագրի կողմերի փոխադարձ գրավոր համաձայնությամբ, այդ թվում` Սևանա լճի մակարդակի փոփոխման արդյունքում վարձակալված հողամասի չափերի փոփոխման դեպքում:
Վարձավճարի փոփոխման վերաբերյալ փոխադարձ համաձայնության բացակայության դեպքում կողմերը կարող են լուծել պայմանագիրը` սույն պայմանագրի 19-րդ կամ 20.2-րդ կետերով նախատեսված կարգով:
13. Վարձակալական ընթացիկ վճարումները վարձակալի կողմից մուծվում են հավասար չափերով` ըստ տարվա օրացուցային եռամսյակների` ոչ ուշ, քան մինչև համապատասխան եռամսյակի վերջին ամսվա 25-ը: Առաջին վարձակալական վճարումները կատարվում են որպես կանխավճար` ոչ ուշ, քան պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից 10 օրվա ընթացքում: Վերջին վարձակալական վճարումը կատարվում է ոչ ուշ, քան մինչև պայմանագրի գործողության ժամկետի վերջին ամսվա 25-ը:
14. Սույն պայմանագրով վարձակալական վճարումները կատարվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում` _____________________ հաշվի համարին: Վարձատուն նշված հաշվի համարի կամ վճարումների կատարման կարգի փոփոխման մասին նախապես տեղյակ է պահում վարձակալին:
15. Ոչ լրիվ վճարային ժամանակաշրջանների համար վարձավճարը հաշվարկվում է` ելնելով տվյալ օրացուցային եռամսյակի օրերի փաստացի թվին համապատասխանող օրական վարձավճարի վերահաշվարկից:
IV. Տույժերը եվ տուգանքները
16. Վարձակալը վարձավճարների ամբողջությամբ կամ մասնակի ուշացման յուրաքանչյուր օրվա համար վճարում է տուգանք` վարձատուին չվճարված գումարի 0,05 տոկոսի չափով:
V. Պայմանագրի ժամկետները
17. Սույն պայմանագիրը կնքվում է 3 տարի ժամկետով և ուժի մեջ է մտնում սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումում իրավունքների պետական գրանցման պահից:
18. Պայմանագրի ժամկետը կարող է երկարաձգվել կողմերի համաձայնությամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքում և կարգով:
19. Սույն պայմանագրով սահմանված ժամկետի ավարտից հետո` վարձակալված հողամասի տիրապետումն ու օգտագործումը վարձակալի կողմից չդադարեցվելը հիմք չի հանդիսանում պայմանագրի նորոգման կամ վարձակալության ժամկետի երկարաձգման համար: Վարձակալի պարտականությունները պահպանվում են նրա կողմից վարձակալված հողամասի ժամկետանց տիրապետման և օգտագործման ամբողջ ընթացքում:
VI. Պայմանագրի լուծումը
20. Սույն պայմանագիրը լուծվում է`
20.1. պայմանագրի ժամկետը լրանալու դեպքում,
20.2. կողմերի փոխադարձ համաձայնությամբ, այդ թվում` Սևանա լճի մակարդակի բարձրացման արդյունքում հողամասն իր նպատակային նշանակությամբ օգտագործելն անհնարին լինելու դեպքում,
20.3. պայմանագրով ու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքում և կարգով պայմանագիրը վաղաժամկետ լուծվելու դեպքում:
21. Սույն պայմանագիրը վարձակալի կողմից կարող է միակողմանի վաղաժամկետ լուծվել`
21.1. եթե հողը վարձակալից անկախ պատճառով դարձել է օգտագործման համար ոչ պիտանի,
21.2. ցանկացած այլ հիմքով` դրա մասին մեկ ամիս առաջ գրավոր ծանուցելով վարձատուին:
22. Սույն պայմանագիրը վարձատուի կողմից կարող է միակողմանի վաղաժամկետ լուծվել`
22.1. եթե վարձակալը 3 ամիս ուշացնում է վարձավճարի մուծումը,
22.2. եթե վարձակալի հողամասն օգտագործվում է ոչ նպատակային, և խախտվում են օգտագործման պայմանները,
22.3. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հիմքերով կամ սույն պայմանագրի խախտումների դեպքում:
VII. Անհաղթահարելի ուժը
23. Սույն պայմանագրով անհաղթահարելի ուժ ասելով հասկացվում է ջրհեղեղ, պայթյուն, հրդեհ, երկրաշարժ, այլ տարերային աղետներ, պատերազմ, ռազմական գործողություններ, զինված հարձակում, զանգվածային անկարգություններ, մայրուղային խողովակաշարերի վթար կամ նման այլ իրադարձություններ:
24. Կողմերն իրենց պարտականությունները մասնակիորեն կամ լրիվ չկատարելու համար ազատվում են սույն պայմանագրով սահմանված պատասխանատվությունից, եթե դա կատարվել է սույն պայմանագիրը կնքելուց հետո ծագած այնպիսի անհաղթահարելի ուժի հետևանքով, որը կողմերը չէին կարող կանխել կամ կանխագուշակել, և որի պատճառով վարձակալը չի կարող շարունակել հողի բնականոն օգտագործումը:
25. Անհաղթահարելի ուժի ազդեցության ժամանակահատվածը մեկ ամսվանից ավելի երկարաձգվելու կամ դրա հետևանքները 6 ամսվա ընթացքում չվերացվելու դեպքում կողմերը պետք է ընդունեն սույն պայմանագրի շարունակման մասին որոշում:
VIII. Եզրափակիչ դրույթներ
26. Սույն պայմանագիրը կնքվում է _________ հավասարազոր օրինակից, որոնցից մեկական օրինակ պահվում են կողմերի մոտ և անշարժ գույքի գրանցման լիազորված պետական մարմնում:
27. Սույն պայմանագիրը պարտադիր է կողմերի իրավահաջորդների համար:
28. Կողմերի միջև ծագած տարաձայնությունները լուծվում են փոխադարձ համաձայնությամբ կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Կողմերի վավերատարրերը.
Վարձատու _________________________ (անունը, հայրանունը, ազգանունը) |
Վարձակալ _________________________ (անունը, հայրանունը, ազգանունը) | |
Հ/հ______________________________ | Հ/հ______________________________ | |
Վարձատու _________________________ (անունը, հայրանունը, ազգանունը) |
Վարձակալ _________________________ (անունը, հայրանունը, ազգանունը) | |
Հ/հ______________________________ | Հ/հ______________________________ | |
Կ.Տ. _____________________________ (ստորագրությունը) |
Կ.Տ. _____________________________ (ստորագրությունը) |
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
«ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ 1908.0 ՄԵՏՐ ԲԱՑԱՐՁԱԿ ՆԻՇԻՑ ՑԱԾՐ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԼՈՂԱՓԻ ԵՎ ԲՈՒՖԵՐԱՅԻՆ ԳՈՏԻՆԵՐԻ ԿԱՀԱՎՈՐՄԱՆ ՈՒ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՏԱՐՐԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
1. Լողափի գոտիները կազմակերպվում են հետևյալ պայմանների ապահովմամբ`
1.1. լողափի ջրի որակի և տարածքի սանիտարական վիճակի համապատասխանությունը գործող նորմերին,
1.2. դեպի ջուր տանող հարմար, անվտանգ մոտեցումների և մերձատար ուղիների առկայությունը կամ դրանց կազմակերպման հնարավորությունը,
1.3. ջրի հատակի ռելիեֆի անվտանգությունը (փոսերի, սուր առարկաների, ջրային բույսերի և այլնի բացակայություն),
1.4. բարենպաստ հիդրոլոգիական ռեժիմ (ջրապտույտների` 0,5 մ/վրկ ավելի հոսանքների բացակայություն),
1.5. լողալու գոտու ջրային սահմանը պետք է նշված լինի տարբերիչ նշաններով,
1.6. լողափի գոտու տարածքի մակերեսը որոշվում է` ելնելով մեկ չափահաս հանգստացողի համար` առնվազն 8 քառ. մետր, մեկ երեխայի համար` առնվազն 4 քառ. մետր հաշվարկից, ընդ որում, լողափի գոտու եզրագծի նվազագույն ձգվածությունը մեկ մարդու համար կազմում է 0,25 մետր, իսկ լճի ջրի հայելու մակերեսը մեկ մարդու համար` 3-4,5 քառ. մետր.
1.7. լողափի գոտու տարածքի ընդհանուր մակերեսի` 3-5 տոկոսը կազմում են անցուղիները, ծառուղիները, արահետները, 20-40 տոկոսը` կանաչապատումը, 10 տոկոսը` մարզահրապարակները, 5-7 տոկոսը` մանկական հատվածը.
1.8. լողափի գոտու լճի էկոտոնի տարածքում չի թույլատրվում տրանսպորտային (այդ թվում` ջրային) միջոցների մուտքը` բացառությամբ փրկարարական և սանիտարական ծառայության, այլ արտակարգ իրավիճակները կանխարգելող միջոցների,
1.9. լճի էկոտոնի տարածքում չի թույլատրվում բաժանիչ պարիսպների կամ ցանկապատերի տեղադրումը.
1.10. լողափի գոտում պետք է նախատեսել փրկարարական անձնակազմի աշխատանքի համար անհրաժեշտ պայմաններ:
2. Լողափի գոտու տարածքի կահավորման և սարքավորումների տարրերն են`
2.1. հանդերձարան-խցիկներ (հանգստացողների 20 տոկոսի հաշվարկով` 100 մարդու համար` 5 խցիկ, 1 մարդու համար` 1,2-1,3 քառ. մետր մակերեսով).
2.2. սոլյարիում (հանգստացողների 30 տոկոսի հաշվարկով` 1 մարդու համար` 3-5 քառ. մետր մակերեսով).
2.3. օդահարթակ-աերարիում (հանգստացողների 8-10 տոկոսի հաշվարկով` 1 մարդու համար` 3,5-4,5 քառ. մետր).
2.4. տենտեր, հովանոցներ (հանգստացողների 30 տոկոսի հաշվարկով` 1 մարդու համար` 3,5 քառ. մետր).
2.5. լողափի գոտու մանկական հատվածը կարող է կահավորվել տոբոգանով (H=2,5-3,0 մետր` մեկ ելքով դեպի լիճ), շվաքարաններով, ավազամաններով, մանկական ջրավազաններով, ճոճանակներով, ընդ որում, մանկական հատվածի լողալու գոտու հատակը պետք է ունենա փոքր թեքություն` ոչ ավելի, քան 70 սմ խորությամբ.
2.6. լողափի գոտու սպորտային հատվածը կարող է ներառել վոլեյբոլի, բադմինթոնի, սեղանի թենիսի հրապարակները:
3. Բուֆերային գոտիները կազմակերպվում են հետևյալ պայմանների ապահովմամբ`
3.1. տրանսպորտի կայանատեղերը պետք է կազմակերպվեն ավտոմայրուղիներին հարակից հատվածներում, հիմնական մուտքերի մոտ, որոնց և լողափի գոտու միջև անհրաժեշտ է նախատեսել սանիտարապաշտպան-կանաչապատ շերտ.
3.2. թույլատրվում է բուֆերային գոտում առանձին տարածքային հատվածներ սահմանազատել ուղղահայաց կանաչապատմամբ ցանկապատերի (մինչև 1,5 մետր բարձրությամբ) կամ բուսական պատնեշների տեղադրման միջոցով: Բուսատեսակների ընտրությունը համաձայնեցվում է «Սևան» ազգային պարկի հետ:
4. Բուֆերային գոտու տարածքի կահավորման և սարքավորումների տարրերն են`
4.1. դրամարկղային տաղավարները` վճարովի ծառայություններ տրամադրող լողափերում (առանձին տաղավարի տեսքով կամ վարչական մասի կազմում` 1 դրամարկղը` 0,5-1,0 հազ. հաճախորդի համար հաշվարկով).
4.2. ցնցուղարանները (1000 մարդու համար` 2-4 ցնցուղ հաշվարկով), ցայտաղբյուրներ (200-300 մարդու համար` 1 ծորակ հաշվարկով).
4.3. զուգարանները, որոնք տեղադրվում են լողափի գոտուց առնվազն 50 մետր հեռավորության վրա (1000 կնոջ համար` 3 զուգարանակոնք, 1000 տղամարդու համար` 2 զուգարանակոնք և 3 պիսուար հաշվարկով), ընդ որում, անհրաժեշտ է օգտագործել բիոզուգարաններ կամ կեղտաջրերի կուտակիչ անջրաթափանց հորեր` կեղտաջրերի պարտադիր տեղափոխմամբ.
4.4. աղբի կոնտեյներները, որոնք պետք է տեղադրված լինեն հարթակների վրա և ունենան հարմար մերձատար ուղիներ.
4.5. գույքի վարձույթի կետերը, բուժկետը, սրճարան-տաղավարները, առևտրի կրպակները (հյութեր, պաղպաղակ և այլ սննդամթերք, հուշանվերներ, լողի պարագաներ և այլն).
4.6. սույն հավելվածի 2.6-րդ կետում նշված մարզահրապարակները, գոլֆի դաշտերը, ինչպես նաև այլ հարթային շինություններ.
4.7. լողափի սպասարկումն ապահովող այլ ոչ հիմնական օբյեկտներ: