Գլխավոր տեղեկություն
Համար
N 59-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.03.2004-01.01.2011)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.09.03/19(52) Հոդ.246
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.01.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.02.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
11.02.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.03.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
26.11.2015

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

11 փետրվարի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հունվարի 2004 թվականի N 59-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՄԱՐԱԿԱԼՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների համարակալման, հաշվառման և գրանցման կարգը (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. փետրվարի 9
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
հունվարի 29-ի N 59-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՄԱՐԱԿԱԼՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների համարակալման, հաշվառման, գրանցման և տեղաշարժի գործընթացը:

2. Սույն կարգը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում և կարգավորում է գյուղատնտեսական կենդանիների անձնագրավորման ու տեղաշարժի գործընթացը:

3. Անձնագրավորման ենթակա են Հայաստանի Հանրապետությունում բուծվող բոլոր գյուղատնտեսական կենդանիները:

4. Գյուղատնտեսական կենդանիների անձնագրավորման նպատակներն են`

ա) Հայաստանի Հանրապետությունում առկա գլխաքանակի, դրանց սեռի, ցեղի և գտնվելու վայրի, տեղաշարժի մասին հավաստի տեղեկությունների ստացումն ու անասնաբուծական արտադրանքի ծավալների կանխատեսումը.

բ) վաճառվող մսի և մսամթերքի նկատմամբ սպառողների վստահության բարձրացումը.

գ) պետական պատվերի շրջանակներում հակահամաճարակային միջոցառումների լիարժեք իրականացումը և հիվանդությունների կանխարգելմանը և անասնաբուժական վերահսկմանը նպաստելը.

դ) անասնաբուծական մթերքի որակի փորձաքննությունը և երկրի ներսում կենդանիների տեղաշարժի վերահսկումը.

ե) անասնաբուծության մեջ տոհմասելեկցիոն աշխատանքների կազմակերպումը (ներառյալ կենդանիների արհեստական սերմնավորումը), նոր տեխնոլոգիաների ներդրումը, տոհմասելեկցիոն ծրագրերի մշակումն ու իրականացումը և տոհմային անասնաբուծության լիցենզավորման գործընթացի հստակեցումը.

զ) կենդանիների գրավադրման գործընթացին նպաստելը:

5. Գյուղատնտեսական կենդանիների անձնագրավորումը ներառում է հետևյալ փուլերը` գրանցման կարգի համաձայն գրանցման գրքում կենդանիների և անասնատերերի, տնտեսության տվյալների գրանցում ու հաշվառման համարի ամրագրում, տնտեսություններում կենդանիների համարակալում և հաշվառում, կենդանիների անձնագրերի ձևակերպում ու տրամադրում անասնատիրոջը:

6. Անասնատերն աջակցում է անասնաբույժի կողմից իրականացվող կենդանիների համարակալման և հաշվառման աշխատանքների կատարմանը:

 

II. ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՄԱՐԱԿԱԼՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

7. Համարակալումն իրականացվում է անվճար հիմունքներով, համայնքը սպասարկող անասնաբույժի կողմից` կենդանու ականջին հաշվեպիտակի ամրացման և հաշվառման մատյանում տվյալների գրանցման միջոցով:

8. Անասնատերը տնտեսությունում ծնված կենդանու մասին 7 օրվա ընթացքում տեղեկացնում է անասնաբույժին, իսկ վերջինս իրականացնում է համարակալումն ու հաշվառումը` կենդանու ծնվելուց 30 օրվա ընթացքում:

 

III. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

9. Անասնատիրոջն անվճար հատկացվում է անձնագիր` հաշվեպիտակ ունեցող յուրաքանչյուր կենդանու համար:

10. Անձնագիրը հատկացվում է անասնաբուժության, կենդանական ծագման մթերքի անվտանգության, անասնագլխաքանակի համարակալման և հաշվառման մարզային կենտրոնների կողմից (այսուհետ` մարզային կենտրոն)` գրանցման կարգի համաձայն կենդանու տվյալները գրանցամատյանում և համակարգչում մուտքագրվելուց հետո:

11. Կենդանու անձնագիրը կազմված է 8 էջից:

12. Անձնագրի 1-ին էջը լրացվում է մարզային կենտրոնի կողմից և ներառում է`

փաստաթղթի անվանումն ու համարը,

կենդանու հաշվառման համարը, ծննդյան տարեթիվը, սեռը, ցեղը և ցեղայնությունը, գույնը և այլ տվյալներ (երկվորյակ, էմբրիոտրանսպլանտանտ),

տվյալներ անասնատիրոջ, տնտեսության և նրա գտնվելու վայրի մասին,

կենդանու ծագումնաբանական տվյալները` հոր և մոր հաշվառման համարները և ցեղը,

անձնագիրը լրացնելու տարեթիվը և մարզային կենտրոնի տարածքային ստորաբաժանման անվանումը:

Անձնագրի 1-ին էջի գրանցումները վավերացվում են մարզային կենտրոնի ղեկավարի ստորագրությամբ և հաստատվում կնիքով:

13. Անձնագրի 2-րդ էջում գրանցվում են կենդանու տեղաշարժի մասին տվյալները և կատարվում արտահանման, բուծման, ցուցահանդեսի և սպանդի մասին նշումները: Այդ տվյալները լրացվում և վավերացվում են համայնքն սպասարկող անասնաբույժի կողմից:

14. Համայնքն սպասարկող անասնաբույժի կողմից կենդանու տվյալները մուտքագրվելուց և անձնագիրը պատրաստվելուց հետո այն մարզային կենտրոնի տարածքային ստորաբաժանման կողմից ուղարկվում է համայնքի ղեկավարին և տրվում անասնատիրոջը կամ նրա կողմից լիազորված անձին:

15. Անձնագրի հաջորդ էջերում նշվում են անասնաբուժական միջոցառումների անվանումները, դրանց իրականացման ժամկետները և դրվում է անասնաբույժի ստորագրությունը:

 

IV. ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՏԵՂԱՇԱՐԺԸ

 

16. Եթե կենդանին տնտեսություն է բերվել առանց ականջի հաշվեպիտակի և անձնագրի, ապա անասնատերը, կենդանուն ձեռք բերելուց հետո 7-օրյա ժամկետում, տեղեկացնում է համայնքի ղեկավարին` համայնքն սպասարկող անասնաբույժի կողմից կենդանուն համարակալելու և անձնագրավորելու համար:

Ներկրված կենդանուն հաշվեպիտակն ամրացվում է կարանտինային ժամկետի ընթացքում, բայց ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում:

17. Այն դեպքում, երբ կենդանին` ականջի հաշվեպիտակով և անձնագրով տնտեսություն է բերվել ուրիշ տնտեսությունից, անասնատերը 7-օրյա ժամկետում տեղեկացնում է համայնքի ղեկավարին և անասնաբույժին` կենդանու տվյալները հաշվառման մատյանում գրանցելու և անձնագրում համապատասխան նշումներ կատարելու համար:

18. Կենդանիների տեղաշարժը, ինչպես նաև կենդանիների մորթն իրականացվում է միայն այն դեպքում, եթե կենդանին ունի հաշվեպիտակ և անձնագիր:

19. Տնտեսությունում վարակիչ հիվանդությունների, ինչպես նաև տարածաշրջանում համաճարակային իրավիճակի առկայության դեպքում կենդանիները տեղափոխվում են «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և այլ օրենսդրական ակտերին համապատասխան:

 

V. ՀԱՇՎԵՊԻՏԱԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ՓՈԽԱՐԻՆՈՒՄԸ

 

20. Եթե կենդանուն ամրացված հաշվեպիտակը կորել է կամ վնասվել, կամ էլ դարձել անընթեռնելի, ապա անասնատերը 7-օրյա ժամկետում տեղեկացնում է համայնքի ղեկավարին և անասնաբույժին` նոր հաշվեպիտակ ստանալու համար: Վնասված հաշվեպիտակն այդ դեպքում հանվում է կենդանու ականջից, հանձնվում մարզային կենտրոն, 30 օրվա ընթացքում ամրացվում է նոր հաշվեպիտակ և համապատասխան փոփոխություն է կատարվում կենդանու անձնագրում:

21. Եթե անասնատերը կենդանու անձնագրում և հաշվառման փաստաթղթերում հայտնաբերում է գրանցումների անճշտություն կամ անձնագիրը դարձել է օգտագործման համար ոչ պիտանի (անընթեռնելի), ապա անձնագրի փոխարինման համար անասնատերը մարզային կենտրոն է ներկայացնում դիմում և փոխարինման ենթակա անձնագիրը:

22. Կենդանու անձնագիրը կորցնելու դեպքում անասնատերը 7 օրվա ընթացքում դիմում է ներկայացնում մարզային կենտրոն` նշելով անձնագիրը կորցնելու հանգամանքները, և ստանում նոր անձնագիր: Նոր անձնագրում պետք է լինի «Կրկնօրինակ» նշումը:

Սույն կարգի 21-րդ և 22-րդ կետերում նշված դեպքերում հատկացվող «Կրկնօրինակ» նշումով անձնագրի արժեքը վճարում է անասնատերը:

23. Մարզային կենտրոնը վնասված կամ կորած անձնագրի փոխարեն տալիս է նոր անձնագիր` անասնատիրոջ կողմից սույն կարգի 21-րդ և 22-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը ներկայացվելուց հետո 14 օրվա ընթացքում:

Նոր տրված անձնագրում պետք է գրանցվեն նախկին անձնագրում ամրագրված կենդանու անհատականացման բոլոր համարները, ինչպես նաև տվյալներ նախկին տեղաշարժերի և իրականացված անասնաբուժական միջոցառումների մասին: Այդ գրանցումները կատարվում են մարզային կենտրոնի տարածքային ստորաբաժանման կողմից և վավերացվում նրա ղեկավարի ստորագրությամբ:

Կենդանու նոր անձնագիրը տալուց հետո գտնված անձնագիրը համարվում է անվավեր:

24. Անասնատերը կենդանու սպանդի և անկման դեպքում անհապաղ տեղեկացնում է համայնքի ղեկավարին և անասնաբույժին ու 7 օրվա ընթացքում կենդանու անձնագիրն ու հաշվեպիտակը հանձնում մարզային կենտրոնի տարածքային ստորաբաժանմանը: Հանձնված անձնագրերն ու հաշվեպիտակները մարզային կենտրոնի տարածքային ստորաբաժանման ստեղծած հանձնաժողովի կողմից ակտավորվում են և ոչնչացվում:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան