Գլխավոր տեղեկություն
Համար
N 1533-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.12.2003-16.06.2005)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.12.17/72(662) Հոդ.1212
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.11.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.12.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
06.12.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.12.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
6 դեկտեմբերի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 նոյեմբերի 2003 թվականի N 1533-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ 2003-2008 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈՒ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՆՈՐ ՄԵԹՈԴՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ 2003-2004 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության բնակչության առողջության առաջնային պահպանման 2003-2008 թվականների ռազմավարությունը` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետությունում առողջության առաջնային պահպանման կազմակերպման և ֆինանսավորման նոր մեթոդների մշակման 2003-2004 թվականների փորձարարական ծրագիրը` համաձայն N 2 հավելվածի.

գ) Հայաստանի Հանրապետությունում առողջության առաջնային պահպանման կազմակերպման և ֆինանսավորման նոր մեթոդների մշակման 2003-2004 թվականների փորձարարական ծրագրի (այսուհետ` փորձարարական ծրագիր) իրականացման համար անհրաժեշտ` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերի ցանկը և դրանց ընդունման ժամանակացույցը` համաձայն N 3 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝

ա) 4-ամսյա ժամկետում ավարտել փորձարարական ծրագրի հետ կապված նախապատրաստական աշխատանքները.

բ) Երևանի քաղաքապետի և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի հետ համատեղ հաստատել փորձարարական ծրագրում ընդգրկված բուժհաստատությունների ցանկը` դրանում ընդգրկելով Երևանի քաղաքապետարանի N 17 պոլիկլինիկան, «Էրեբունի» բուժմիավորման պոլիկլինիկան, Վանաձորի NN 1 և 4 պոլիկլինիկաները և մեկ բժշկական ամբուլատորիա.

գ) ապահովել փորձարարական ծրագրի իրականացման նկատմամբ վերահսկողությունը.

դ) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել`

փորձարարական ծրագրի առաջին տարվա ավարտից մեկ ամիս անց` փորձարարական ծրագրի առաջին տարվա արդյունքներն ամփոփող միջանկյալ, իսկ ծրագրի ավարտից հետո՝ վերջնական հաշվետվություն,

մինչև 2005 թվականի ապրիլի 1-ը` փորձարարական ծրագրի արդյունքների համապարփակ գնահատականը,

մինչև 2005 թվականի հուլիսի 1-ը` Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգում իրականացված փորձարարական ծրագրի դրական արդյունքների հիման վրա այդ համակարգում ներդրվելիք ծրագիրը։

3. Երևանի քաղաքապետին և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին` ապահովել անհրաժեշտ աջակցություն` փորձարարական ծրագիրն իրականացնելու համար:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. դեկտեմբերի 2
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2003 թվականի
նոյեմբերի 13-ի N 1533-Ն որոշման

 

2 0 0 3 - 2 0 0 8  Թ Վ Ա Կ Ա Ն Ն Ե Ր Ի  Ռ Ա Զ Մ Ա Վ Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ

 

1. Ներածություն

2. Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականության ներկայիս մոտեցումները

2.1. Հիմնական սկզբունքները

3. Առողջության առաջնային պահպանման նպատակը և հիմնական սկզբունքները

4. Առողջության առաջնային պահպանման զարգացումները

4.1. Դրական տեղաշարժեր

4.2. Ներկա համակարգի թերությունները

5. Առողջության առաջնային պահպանման նորացված ռազմավարության նպատակները

6. Առողջության առաջնային պահպանման բարեփոխումների հիմնական ուղղությունները

7. Իրականացման փուլերը և միջոցառումները

7.1. Ռազմավարության փուլերը

7.2. Առողջության առաջնային պահպանման համակարգի օպտիմալացման գործընթացը

7.3. Կադրային ներուժը

7.4. Առողջության առաջնային պահպանման բնագավառի որոշ նորմատիվներ

7.5. Կադրային ներուժի վերապատրաստումը

7.6. Առողջության առաջնային պահպանման օղակի կառուցվածքակազմակերպչական ձևերը

7.7. Շտապ և անհետաձգելի օգնությունն ընտանեկան բժշկի պրակտիկայում

7.8. Ընտանեկան բժշկի համակարգող գործառույթը

7.9. Ընտանեկան բժշկի համագործակցությունն այլ մասնագետների (ծառայությունների) հետ

7.10. Ընտանեկան բժշկի գործունեության ձևը

7.11. Առողջության առաջնային պահպանման ֆինանսավորման ուղղությունները

7.12. Ազատ հավաքագրման սկզբունքը

7.13. Աշխատանք մարզային և համայնքային կառավարման մարմինների հետ

7.14. Փորձարարական ծրագրի նպատակահարմարությունը

8. Մոնիտորինգի և գնահատման չափանիշները

 

1. Ներածություն

 

Սույն ծրագրով ամրագրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը, որն ուղղված է բնակչության առողջության ամրապնդմանը:

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, որպես կառավարության լիազոր մարմնի, առաջիկա տարիների քաղաքականությունն ուղղված է համակարգի վերակազմավորմանը, որի կենտրոնում գտնվում է բնակիչը, որպես բուժօգնության պոտենցիալ սպառող:

Սույն ռազմավարական փաստաթուղթը նախանշում է նոր էտապ` այդ ճանապարհին և նոր կազմակերպակառուցվածքային մեթոդների ակտիվ ներդրում, որն իրականացնողները հանրապետության գործնական համակարգի աշխատողներն են և առողջապահության կազմակերպիչները՝ բոլոր մակարդակներում, ինչպես նաև քաղաքական որոշումներ կայացնելու իրավասու անձինք:

 Առողջության առաջնային պահպանման ոլորտի, որպես յուրաքանչյուր պետության առողջապահական համակարգի առանցքային գործառույթն իրականացնող բնագավառի զարգացումը, որպես մարդու, ընտանիքի, համայնքի և առողջապահական ոլորտի միջև առաջին շփման օղակ, շարունակում է լինել Հայաստանի Հանրապետության կառավարության առաջիկա տարիների ռազմավարության գերակայություններից մեկը:

Այն նպատակ ունի բավարարելու բնակչության հիմնական բժշկասոցիալական պահանջները՝ օգտագործելով սահմանափակ քանակով պարզ, մատչելի և էժան բժշկական տեխնոլոգիաներ, շեշտը դնելով առողջության ամրապնդման ու կանխարգելիչ միջոցառումների վրա, հատուկ ուշադրություն դարձնելով մատչելիության և հավասարության սկզբունքի պահպանմանը, որակյալ բժշկական, սանիտարահակահամաճարակային և սոցիալական ծառայությունների ինտեգրացմանն ու համայնքների մասնակցությանը:

Նախանշված նպատակներին հասնելու համար վերջին տարիներին բավականին աշխատանք է տարվել նոր մեթոդաբանական մոտեցումների մշակման և առաջնային օղակի բարեփոխումների ուղղությամբ:

 

2. Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականության ներկայիս մոտեցումները

 

2.1. Հիմնական սկզբունքները

 

Առողջապահական յուրաքանչյուր քաղաքականության հաջողություն չափվում է բնակչության առողջության վրա ունեցած նրա ազդեցությամբ, քանզի բնակչության առողջությունը հանդիսանում է պետության և հասարակության զարգացման հիմքը:

 Հայաստանի Հանրապետությունը մուտք է գործում նոր հազարամյակ, որպես ժողովրդավարական երկիր` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգայնորեն ընդունված քաղաքականություններին և ռազմավարություններին ուղղված միտումով, այդ թվում` նաև առողջապահության ոլորտում:

Հայաստանն ընդունում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնական արժեքները`

- առողջությունը, որպես մարդու հիմնական իրավունք,

- արդարություն` առողջապահական խնդիրներում, և միասնություն` առողջության պահպանմանն ուղղված գործողություններում,

- առանձին անձանց և հաստատությունների մասնակցությունն ու պատասխանատվությունն առողջապահության շարունակական զարգացման գործում:

Համաձայն նշված համամարդկային արժեքների` Հայաստանը սահմանում է առողջապահության քաղաքականության միջազգային ճանաչում ունեցող հետևյալ խնդիրները`

- շարունակաբար պաշտպանել և ամրապնդել ժողովրդի առողջությունը.

- կրճատել հիմնական հիվանդությունների և վնասվածքների առաջացման դեպքերը և նվազեցնել դրանց պատճառած տառապանքները:

 

3. Առողջության առաջնային պահպանման նպատակը եվ հիմնական սկզբունքները

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունն առողջության առաջնային պահպանման ոլորտի զարգացումը դիտարկում է որպես առողջապահության համակարգի բարեփոխումների հիմք` քանզի այն հանդիսանում է բնակչությանը ցուցաբերվող բժշկական օգնության հիմնական օղակը և ազգային առողջապահության համակարգի զարգացման ու բարեփոխումների ամենաօպտիմալ ճանապարհը:

Սույն ռազմավարությունն ամրապնդում է 1997 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված առողջության առաջնային պահպանման ռազմավարական ծրագրում սահմանված հիմնական սկզբունքները: Առողջության առաջնային պահպանման համակարգի որակյալ և արդյունավետ գործունեությունն ապահովում է մատչելիություն, համապարփակություն, շարունակականություն, հավասարություն և համակարգում:

 

4. Առողջության առաջնային պահպանման զարգացումները

 

4.1. Դրական տեղաշարժեր

 

Հանրապետությունում առաջնային օղակի բարեփոխումների մի մեծ մասն ուղղված է եղել ընտանեկան բժշկության՝ որպես կառուցվածքային առավել արդյունավետ և նպատակահարմար մոդելի, ներդրման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը: Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից իրականացվող վարկային ծրագիրը նախատեսում էր կադրային ներուժի պատրաստում (վերապատրաստում) և համապատասխան աշխատանքային, կառուցվածքային և ֆինանսավորման մեխանիզմների բարելավում:

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում և Երևանի բազային բժշկական ուսումնարանում ստեղծվեցին ընտանեկան բժշկության ամբիոններ, որոնք հագեցվեցին ուսուցման համար անհրաժեշտ պարագաներով և սարքավորումներով:

Կրթական բարեփոխումների շրջանակներում Երևանի պետական բժշկական համալսարանում փակվեց մանկաբուժական ֆակուլտետը, որը հնարավորություն ընձեռվեց ավելի ընդհանրացված մոտեցում ձևավորել բազային բժշկական կրթության բնագավառում:

Առ այսօր Համաշխարհային բանկի վարկային ծրագրերի շրջանակներում, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ ընտանեկան բժշկի մասնագիտություն են ձեռք բերել 167 բժիշկ, որոնցից 8-ը արտերկրում, 60-ը վերապատրաստման ընթացքում են: Որպես ընտանեկան բուժքույրեր վերապատրաստվել են 152 բուժքույր:

Վերանորոգվել և հագեցվել են, որպես ընտանեկան բժշկի գրասենյակ, 71 բժշկական ամբուլատորիա, իսկ 11-ը մոտենում է ավարտին:

 

4.2. Ներկա համակարգի թերությունները

 

Ամրագրելով առաջնային բժշկական օգնության և այն իրականացնող կարևորագույն օղակի՝ ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության դերը, որպես գերակայություն, պետք է նշել նաև, որ այն դեռևս բավարար չափով մոտեցված չէ բնակչությանը, չնայած նրա մեծ մասի անվճար՝ հետևաբար և մատչելի լինելն ամրագրող ամենամյա նպատակային ծրագրերին և ընդունվող` կառավարության որոշումներին:

Այդ է վկայում վերջին տարիներին հանրապետության բնակչության առողջապահական հիմնական ցուցանիշների բացասական տեղաշարժի միտումը, որը մասամբ պայմանավորված է նաև առողջության առաջնային պահպանման օղակի արդի վիճակով:

Ներկա համակարգն ունի մի շարք լուրջ թերություններ, ինչպիսիք են`

 տեղամասային բժիշկների գիտելիքների և գործառույթների անբավարար մակարդակ,

 անբավարար նյութատեխնիկական բազա,

 ընդհանուր թերապևտիկ, մանկաբուժական և մանկաբարձական ծառայությունների տարանջատվածություն, որի արդյունքում ընտանիքը չի դիտարկվում որպես մեկ միավոր, գործողությունների ու գործառույթների կոորդինացման բացակայությունը, ֆինանսական սուղ միջոցների անարդյունավետ ծախսում,

կանխարգելիչ (ոչ տարափոխիկ հիվանդությունների առումով) միջոցառումների թերի մակարդակ,

ծառայությունների զարգացման ֆինանսական խթանների բացակայություն:

Որպես այս ամենի արդյունք, առաջնային բուժօգնության ոլորտը գործում է անարդյունավետ, իրականացված ծառայությունների որակն անբավարար է, իսկ առողջապահական ցուցանիշները ցածր են միջազգային ստանդարտներից:

Այսպես` վերջին տարիներին նկատելիորեն աճել է ընդհանուր մահացության ցուցանիշը, որը ներկայումս մոտ 1,5 անգամ ավելի է, քան զարգացած երկրներում և հիմնականում պայմանավորված է արյան շրջանառության, ուռուցքային հիվանդություններով և շաքարային դիաբետի բարդություններով:

Նշանակալիորեն կրճատվել է կյանքի միջին տևողությունը, հատկապես, տղամարդկանց շրջանում, իսկ որակյալ կյանքի միջին տևողությունը 10-15 տարով պակաս է միջին եվրոպական ցուցանիշից:

Հասարակության համար լրջագույն խնդիր է դարձել այնպիսի սոցիալական հիվանդությունների աճը, ինչպիսիք են տուբերկուլյոզը, սեռական ճանապարհով տարածվող հիվանդությունները, իսկ նախկինում տարածվածությամբ աչքի չընկնող ալկոհոլամոլությունը և թմրամոլությունն սկսել են դասվել հասարակության համար խնդիր դարձած ախտերի շարքը:

 Թերի է հղի կանանց նախածննդյան հսկողությունը, որի պատճառով դեռևս բարձր է բարդություններով ծննդաբերության դեպքերը:

Բուժօգնության մակարդակն առաջնային օղակում զգալիորեն հետ է մնում միջազգային, իսկ նեղ մասնագիտական հատվածում՝ նաև երկրում մասնագիտացված բուժօգնության գործող ստանդարտներից:

Ուստի, խնդիր է առաջացել իրականացնել համակարգի առկա պայմաններին և բնակչության պահանջներին համապատասխանող ավելի ճկուն և իրատեսական քաղաքականություն` հստակորեն նախանշելով այդ ոլորտի ռազմավարության յուրաքանչյուր քայլը:

Առողջության առաջնային պահպանման զարգացման ռազմավարության նպատակն է բնակչության բժշկական օգնության ապահովման ընդհանուր ծավալում առաջնային բժշկական օգնության՝ հետևաբար և ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի դերի բարձրացման, կանխարգելիչ ուղղվածության ուժեղացման, բժշկական օգնություն ստանալու մատչելիության բարձրացման, ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության կողմից իրականացվող բուժօգնության տեսակների ու դրա տեսակարար կշռի մեծացման ապահովումը, ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության նյութատեխնիկական բազայի ամրապնդումը, հիվանդանոցային բուժօգնության բեռի թեթևացումը: Այն նպատակ ունի բարձրացնելու ամբուլատոր-պոլիկլինիկական համակարգում աշխատող բուժանձնակազմի հմտություններն ու գործունեության որակը` շարունակելով առավել ուշադրություն դարձնել գյուղական ամբուլատոր ոլորտի աշխատողներին:

 

5. Առողջության առաջնային պահպանման նորացված ռազմավարության նպատակները

 

Առողջության առաջնային պահպանման համակարգի զարգացման հիմնական նպատակները սերտորեն շաղկապված են և համընկնում են ազգային առողջապահական քաղաքականության հիմնական նպատակներին և ուղղություններին:

Ոլորտի բարեփոխումն ուղղված է հետևյալ հիմնական նպատակների իրականացմանը`

 բնակչության առողջության ոլորտում հասնել հնարավորինս նպաստավոր արդյունքների` շեշտադրելով հիվանդությունների կանխարգելման միջոցառումները` դիտարկելով կանխարգելման ուղղվածությունը ոչ միայն դեպի հիվանդները, այլև բնակչության առողջ խմբերը (առողջ ապրելակերպի քարոզչություն, ճիշտ սնուցում և այլն),

 բարելավել առողջության առաջնային պահպանման օղակում ցուցաբերվող բուժօգնության որակն ու արդյունավետությունը,

 բարձրացնել բուժօգնության մատչելիությունը` համակարգում ներդնելով ընտանեկան բժշկությունը,

 առողջության առաջնային պահպանման օղակում ուժեղացնել ընտանեկան բժշկի կոորդինացնող ու պատասխանատուի դերը` կանոնակարգելով առաջնային և մասնագիտացված (երկրորդային) բժշկական օգնություն իրականացնողների գործունեությունն ու փոխհարաբերությունները` այդպիսով ապահովելով բուժօգնության շարունակականությունը,

 առողջության առաջնային պահպանման համակարգը դարձնել առավել ճկուն և բնակչության կարիքներին արագ արձագանքող,

 բնակչության՝ իր իրավունքների և պարտականությունների իրազեկության բարձրացման միջոցով, մեծացնել բնակչության (համայնքների) մասնակցությունն ու դերն առողջության առաջնային պահպանման համակարգի նպատակներին հասնելու գործընթացում:

 

6. Առողջության առաջնային պահպանման բարեփոխումների հիմնական ուղղությունները

 

Վերը նշված հիմնական նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է իրականացնել համակարգային նշանակության մի շարք միջոցառումներ`

 առողջության առաջնային պահպանման օղակի բժշկական կազմակերպությունների և կադրային ներուժի օպտիմալացում, ինչը ենթադրում է կառուցվածքային, կառավարման ու ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացում, այդ ենթատեքստում մանկական և մեծերի պոլիկլինիկաների` օպտիմալացման առաջին փուլում սկսված միավորման գործընթացի ավարտ,

 որպես առաջնային օղակի բարեփոխումների հիմնական գրավական` ընտանեկան բժշկության կրթական գործընթացի բարելավում և ակտիվացում,

 հիվանդանոցային օղակի օպտիմալացում և պոլիկլինիկական նեղ մասնագիտական ծառայությունների աստիճանական ինտեգրում հիվանդանոցային օղակին:

 

7. Իրականացման փուլերը եվ միջոցառումները

 

7.1. Ռազմավարության փուլերը

 

Առողջության առաջնային պահպանման համակարգի կատարելագործումը նախատեսվում է իրականացնել փուլային ճանապարհով` հաշվի առնելով երկրի սոցիալ-տնտեսական վիճակը և առողջապահության համակարգի նախապատրաստվածությունը բարեփոխումներին, զուգահեռաբար պահպանելով արդեն կայացած և ներկայումս գործող ամբուլատոր-պոլիկլինիկական համակարգի հիմնական մոդելները քաղաքում և գյուղում:

Միջնաժամկետ (առաջին փուլ), որը 2003-2004 թվականներն է:

Այն ներառում է ոլորտի օպտիմալացման գործընթացի իրականացման համար անհրաժեշտ գործողությունների պլանի մշակումը, ինչպես նաև`

1. առաջնային օղակի բժշկական կազմակերպությունների միավորման ավարտ (մեծերի, մանկական պոլիկլինիկաներ, կանանց կոնսուլտացիաներ),

2. ընտանեկան բժշկության ներդրման գործընթացի ակտիվացում,

3. առաջնային օղակի մասնագետների (ընտանեկան բժիշկ, ընտանեկան բժիշկների խումբ) գործունեությունը կարգավորող նորմատիվային բազայի ստեղծում,

4. առաջնային օղակի ֆինանսավորման համակարգի բարելավում,

5. բնակչության ազատ հավաքագրման պայմանագրային սկզբունքի ներդրում,

6. ՀՀ առողջապահության նախարարության կողմից բժշկական մասնագիտությունների նոր ցանկի ներկայացում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը,

7. տեղեկատվական համակարգի բարելավում,

8. սոցիալական հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների դիսպանսերային-ամբուլատոր հսկողության` որպես առաջնային օղակի գործառույթի ամրագրում:

Վերջին առաջարկը հիմնավորված է այն հանգամանքով, որ առաջնային բժշկական օգնությունը դեռևս հստակորեն տարանջատված չէ մասնագիտացվածից, և ամբուլատոր-պոլիկլինիկական մասնագիտացված դիսպանսերային բուժօգնությունը, որն ուղղված է սոցիալական հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների կանխարգելմանն ու բուժմանը, ներկայումս իրականացվում է մասնագիտացված դիսպանսերային բուժհիմնարկներում՝ ուռուցքաբանական, հակատուբերկուլյոզային, հոգեբուժական, նարկոլոգիական, էնդոկրինոլոգիական, մաշկավեներաբանական կենտրոններում, դիսպանսերներում, միավորումների դիսպանսերային բաժանմունքներում:

 

Երկարաժամկետ (երկրորդ փուլ), որը 2004-2008 թվականներն է:

Այն ներառելու է`

1. առաջնային օղակի օպտիմալացման գործընթացի իրականացման ավարտ,

2. պոլիկլինիկական նեղ մասնագիտական ծառայությունների տարանջատում (որպես տարբերակ դիտարկելով դրանց` հիվանդանոցային կառույցներին ինտեգրումը կամ մասնավոր կոնսուլտատիվ-ախտորոշիչ ծառայությունների ստեղծումը),

3. քաղաքային պոլիկլինիկաների ընդգրկում մասնավորեցման գործընթացում (խոշոր պոլիկլինիկաներ)` առաջնային բուժօգնության գործառույթների պահպանման վերաբերյալ համապատասխան պայմանագրային պարտավորությունների ամրագրմամբ,

4. միջին և փոքր պոլիկլինիկաների համայնքային ենթակայության հանձնում (բացի Երևան քաղաքից), որոնց տարածքը համայնքն անհատույց կարող է տրամադրել ընտանեկան բժիշկներին՝ որպես տվյալ համայնքի բնակչության առողջության պահպանման խնդրում շահագրգիռ կողմ,

5. առողջության առաջնային պահպանման ոլորտի ֆինանսավորման մակարդակի բարձրացման տենդենցի շարունակում (40/60 հիվանդանոցային համակարգի համեմատությամբ),

6. առաջնային բուժօգնության (քույրական խնամքի) հաստատությունների ստեղծում և համայնքային բուժքույրերի ինստիտուտի ներդրում:

 

7.2. Առողջության առաջնային պահպանման համակարգի օպտիմալացման գործընթացը

 

Առողջության առաջնային պահպանման զարգացման և ռացիոնալացման (օպտիմալացման) հետագա քայլերի նախանշման համար ի մի են բերվել առկա ռեսուրսները, գործող համակարգի հզորություններն ու կադրային ներուժը, մինչև այժմ կատարված բարեփոխումների արդյունքում ունեցած ձեռքբերումները:

Պետք է նշել, որ օպտիմալացման գործընթացը բավականին արդյունավետ է իրականացվել համակարգի առաջնային օղակում, որն առավել ակնառու է ներկայացվող աղյուսակում (հավելված N 1.1):

 

7.3. Կադրային ներուժը

 

Անշուշտ, առաջնային օղակի նման մեծ ցանցն ունի նաև գերհագեցած կադրային ներուժ, որն առավել ակնառու է երևում հանրապետության ամբուլատոր-պոլիկլինիկական համակարգի կադրային ներուժի վերաբերյալ աղյուսակից (հավելված N 1.2):

Առաջնային օղակի բժշկական կադրային ներուժի վերլուծության ընդհանրացումից ակնհայտ է դառնում, որ կադրային ներուժի հիմնական կենտրոնացումը, հետևաբար, և հիմնախնդիրը, վերաբերում է Երևան քաղաքին:

Հանրապետության ամբուլատոր-պոլիկլինիկական ոլորտում ներկայումս աշխատում են`

 տեղամասային թերապևտներ` 1335,

 տեղամասային մանկաբույժներ` 1121,

 պոլիկլինիկական նեղ մասնագետներ` 22077,

 ընդամենը` 4663, որոնցից

2059-ը աշխատում են Երևանում (մոտ. 44 %-ը)

(854 նեղ մասնագետ, 981 տեղամասային բժիշկ, 135 մանկաբարձ-գինեկոլոգ և 89 լաբորատոր-ախտորոշման բժիշկ):

Փոքր-ինչ ավելի բարվոք է վիճակը միջին բուժանձնակազմի քանակային առումով, թեև այն նույնպես նշանակալի թիվ է կազմում:

Առաջնային օղակի միջին բուժանձնակազմը`

 բուժքույրեր` 9741, որոնցից`

 բուժակներ` 205,

 մանկաբարձուհիներ` 1023,

 ընդամենը` 10969:

 Միջին բուժանձնակազմից 2595-ը աշխատում է Երևանում (մոտ. 27%), որոնցից 1068-ը` տեղամասային բուժքույր, 693` նեղ մասնագիտական կաբինետների, 184` մանկաբարձուհի, 203` լաբորանտ, և 447 այլ:

Հանրապետության առողջապահության համակարգի կադրային ռեսուրսների հետագա օպտիմալացումը, այդ թվում` նաև առաջնային օղակինը, նախատեսվում է իրականացնել համակարգի համար պարտադիր հաստիքային նորմատիվների սահմանումով: Առաջնային օղակի օպտիմալացման խնդիրները լուծելու համար կարիք կլինի վերանայել տեղամասային թերապևտների և մանկաբույժների կողմից սպասարկվող բնակչության՝ ՀՀ առողջապահության նախարարության կողմից ներկայումս սահմանված թվերը:

 

7.4. Առողջության առաջնային պահպանման բնագավառի որոշ նորմատիվներ

 

Սահմանելով մեծահասակների և մանկական կոնտինգենտի համար սպասարկվող բնակչության օպտիմալ թվերը և ընդգրկված յուրաքանչյուր բնակչի հետ օրենքով սահմանված կարգով պայմանագրեր կնքելով, ընդունելով, որ հանրապետության բնակչության թիվը 3.210.307 է (ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների)` ամենայն հավանականությամբ կունենանք առաջնային բժշկական օգնության մասնագետների պահանջարկի մոտավոր պատկերը:

 Ներկայումս մեկ տեղամասային թերապևտի կողմից միջինում սպասարկվում է 1800 մեծահասակ բնակիչ, իսկ տեղամասային մանկաբույժների կողմից` 500 երեխա: Այսինքն, միջինում մեծահասակ բնակչության տեղամասերը հավաքագրվում են օպտիմալին մոտ, իսկ մանկականը՝ մինիմալ սահմանով:

Ելնելով ընտանեկան բժիշկների աշխատանքի առավել արդյունավետ կազմակերպման սկզբունքից` առաջարկվում է սահմանել ընտանեկան բժշկի կողմից սպասարկվող բնակչության նորմատիվներ: Նշված նորմատիվների ձևավորման համար հիմք է ծառայել այն հանգամանքը, որ ընտանեկան բժշկի կողմից յուրաքանչյուր հնարավոր այցելուին սպասարկելու համար (կանխարգելում, զննում, բուժում, խորհրդատվություն և այլն), անհրաժեշտ է որոշակի ժամանակ, որը վստահաբար կարող է կրճատվել սահմանված` բնակչության առավելագույն թվի գերազանցման դեպքում, ինչն անշուշտ, բացասաբար կարող է անդրադառնալ բուժօգնության և սպասարկման որակի վրա: Նշված նորմատիվները հաստատվելու են ՀՀ առողջապահության նախարարի հրամանով և գրանցվելու են ՀՀ արդարադատության նախարարությունում:

Այդ նորմատիվներն են`

 նվազագույն թիվը` 1000 (այդ թվում` 300 երեխա և 700 մեծահասակ),

 օպտիմալը` 2000 (այդ թվում` 700 երեխա և 1300 մեծահասակ),

 առավելագույնը` 2500 (այդ թվում` 800 երեխա և 1700 մեծահասակ):

 Վերոհիշյալ նորմատիվներից ելնելով կարող ենք ասել, որ հանրապետությունում ընտանեկան բժիշկների պահանջարկը մոտ 1500 –2000 է` բնակչության` մեկ ընտանեկան բժշկի կողմից օպտիմալ՝ 2000 մարդու սպասարկման հաշվարկով:

Այդ նպատակներին հասնելու համար, անհրաժեշտ է մանրամասնել նաև այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են`

 ընտանեկան բժշկի միօրինականացված կրթական ծրագրի մշակումը (ընթացքի մեջ է),

 ընտանեկան բուժքրոջ միօրինականացված կրթական ծրագրի մշակում,

 տարեկան մոտ 150 բժշկի, որպես ընտանեկան բժշկների, մասնագիտացում՝ նախապատվությունը տալով համակարգում աշխատող բժիշկներին (80%-20% հարաբերակցությամբ` նորավարտ բժիշկների նկատմամբ), քանի որ գործնական համակարգի առաջնային օղակի բժիշկների մոտ 20%-ը կարող է անցնել կենսաթոշակի և տեղ ազատել նորավարտ բժիշկների համար:

Ընտանեկան բժիշկների մասնագիտացման խնդրում անհրաժեշտ է օգտագործել ուսուցման նորացված մեթոդները և պրոբլեմի վրա հիմնված ուսուցումը, ինչպես նաև մոդուլյար և ընդմիջվող կրթության կազմակերպումն աշխատանքի տեղում և գործող բժիշկների համար ինքնակրթման հանձնարարականների փաթեթի ներդրում:

Հանրապետության մարզերում համակարգի առաջնային օղակի մասնագետների ուսուցումն առավել արդյունավետ և նպատակահարմար կլինի իրականացնել տեղերում, քանի որ այն, բացի մատչելի լինելուց, մասնագետների համար, նպատակահարմար է նաև մասնագետների պատրաստման ավելի մեծ քանակների հնարավորության ընձեռման առումով:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Երևանի ընտանեկան բժշկության կլինիկական ուսուցման կենտրոնը (թիվ 17 պոլիկլինիկա) և ամբիոնները չունեն պահանջվող այն հզորությունները, որն անհրաժեշտ է մասնագետների` ռազմավարությամբ նախանշված քանակի ուսուցման համար, առաջիկայում 2003-2004 թթ. թերևս հնարավոր կլինի նման` բարձրորակ կենտրոններ ստեղծել Շիրակի և Լոռու մարզերում, որտեղ կան թե' անհրաժեշտ պայմանները և թե' մարզերի ղեկավարների ցանկությունը` ակտիվորեն մասնակցելու գործընթացին:

Մոտավոր հաշվարկներով առաջնային օղակի մասնագետների մոտ 20%-ը կենսաթոշակային տարիքի են կամ մոտ են այդ տարիքին և հնարավոր է, որ չցանկանան կամ չկարողանան վերապատրաստվել և գերադասեն անցնել կենսաթոշակի:

Մասնագետների որոշ մասը կարող են վերամասնագիտանալ որպես ընտանեկան բժիշկ կամ առաջնային օղակի ֆիզիոթերապևտներ, իսկ մյուսները կարող են գործուղվել մարզեր, որոնց ոչ միայն գյուղական, այլև քաղաքային վայրերը հաճախ մասնագետների խիստ պակաս ունեն:

Տեղամասային բուժքույրերի հարցում կարելի է նախատեսել, որ ընդհանուր առմամբ նրանք կարող են ակնկալել շարունակել աշխատանքն առաջնային բուժօգնության ոլորտում` որպես ընտանեկան բուժքույրեր և համայնքային (տնային խնամքի) քույրեր (մեծահասակների և մանկական):

Հայաստանի Հանրապետությունում, ինչպես հետխորհրդային մյուս երկրներում, համայնքային բուժքույրերի ինստիտուտ գոյություն չի ունեցել, սակայն այն կարևոր է բնակչության առողջական ու սոցիալական խնդիրների համապարփակ լուծումների և առողջության առաջնային պահպանման ծառայությունները բնակչությանն առավել մոտեցնելու առումով: Համայնքային բուժքույրերը կոչված են իրականացնելու նշված աշխատանքները` սերտորեն համագործակցելով համայնքների ավագանու և բնակչության հետ:

Առողջապահության համակարգում առայժմ չկան նաև սոցիալական աշխատողներ: Ներկայումս սոցիալական աշխատողի խնդիրները մեր հանրապետությունում իրականացնում են ՀՀ սոցիալական ապահովության նախարարության կառուցվածքային ստորաբաժանումները: Սոցիալական աշխատողները կոչված են աջակցել հաշմանդամներին` հոգեբանական և ֆիզիկական առումով, և օգնել նրանց ինտեգրվելու հասարակությանը, կարող են ապագայում ներգրավվել քույրական խնամքի կազմակերպություններում: Սերտ համագործակցության հաստատումն առաջնային բուժօգնություն իրականացնողների և սոցիալական աշխատողների միջև երկուստեք կարևոր է թե' բուժօգնություն իրականացնողների բեռի թեթևացման և թե' հիվանդների սոցիալական կարիքների բավարարման առումով:

 

7.5. Կադրային ներուժի վերապատրաստումը

 

Այս ամենի հետ մեկտեղ` առաջիկա տարիներին ընտանեկան բժշկության լիարժեք ներդրման համար կարիք կունենանք մասնագետների ինտենսիվ վերապատրաստման`

 պետական բյուջեի հաշվին` տարեկան 100 մասնագետ.

 միջազգային կազմակերպությունների աջակցությամբ` ևս 50 մասնագետի վերապատրաստում.

 բացի ՀՀ առողջապահության նախարարության առողջապահության ազգային ինստիտուտից` Երևանի պետական բժշկական համալսարանում ևս համակարգում աշխատող բժիշկների մասնագիտացման հնարավորության ստեղծում` յուրաքանչյուրը տարեկան 50 մասնագետի թողարկման ունակությամբ, և նորավարտ բժիշկների հետդիպլոմային մասնագիտացում` 15-20 ընտանեկան բժշկի համար.

 արդյունքում` 5 տարվա ընթացքում կունենանք ևս մոտ 750 ընտանեկան բժիշկ, որոնք ներկայումս արդեն իսկ վերապատրաստված 150 ընտանեկան բժիշկների հետ կազմելու են համակարգի գործունեության համար նշանակալի մասնագետների խումբ:

 

7.6. Առողջության առաջնային պահպանման համակարգի կազմակերպաիրավական ձեվերը

 

Քանի որ հանրապետությունում առկա է նեղ մասնագիտական գիտելիքներ և փորձ ունեցող մասնագետների մեծ ներուժ, անհրաժեշտ է լավագույնս օգտագործել այն` ներգրավելով նրանց ընտանեկան բժիշկների մասնագիտացման, վերապատրաստման և շարունակական կրթման գործընթացում:

Հանրապետության առաջնային օղակի կադրային ներուժի հնարավորությունները և պատրաստվածությունն ինքնուրույն գործունեություն իրականացնելու և մենեջմենթի գիտելիքների տիրապետման առումով այնպիսին է, որ առաջիկայում՝ մինչև ընտանեկան բժիշկների նշանակալի խմբաքանակ ունենալը, հնարավոր կլինի կիրառել միայն այնպիսի մի տարբերակ, որի դեպքում ժամանակավորապես կպահպանվեն ներկայիս ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատությունները, որոնց հիման վրա կստեղծվի բովանդակության և գործառույթների առումով միանգամայն նոր համակարգ` վերածվելով ընտանեկան բժշկի գրասենյակների:

Անշուշտ, գյուղական և քաղաքային վայրերի աշխատանքների կազմակերպումը, սկզբունքորեն նույնը լինելով, պետք է ունենա հստակ տարբերակված մոտեցում, քանի որ գյուղական վայրերում կադրային ներուժի սղության պայմաններում առավել ընդունելի են ընտանեկան բժշկի անհատական կամ խմբային պրակտիկայի տարբերակները (կապված սպասարկվող բնակչության թվից և կազմից):

 

7.7. Շտապ եվ անհետաձգելի օգնությունն ընտանեկան բժշկի պրակտիկայում

 

Եվս մեկ խնդիր, որն առաջիկայում կարելի կլինի կիրառել գյուղական վայրերի առողջության առաջնային պահպանման օղակի կողմից: Առկա իրադրությունը պահանջում է կազմակերպչական փոփոխություններ նաև շտապ օգնության ծառայությունում` նրա գործունեությունն աստիճանաբար ուղղելով դեպի առաջնային օղակ:

Ներկայումս շտապ օգնության ծառայության կողմից իրականացվող աշխատանքների անհիմն ծանրաբեռնվածությունը մեծ մասամբ պայմանավորված է ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի աշխատանքներում տեղ գտած թերություններով և շտապ օգնության ու պոլիկլինիկայի միջև նախկինում քիչ թե շատ գործող փոխադարձ կապի խզումով:

Տարեցտարի աճում է քրոնիկական հիվանդների համար տրվող կանչերի տեսակարար կշիռը: Բնակչությանը ցուցաբերվող շտապ օգնության կազմակերպման գործում առկա են լուրջ թերություններ և չլուծված հարցեր: Շտապ օգնության կայանների և բաժանմունքների նորմալ աշխատանքի համար խոչընդոտ է հանդիսանում հնացած և անբավարար նյութատեխնիկական բազան:

Կանխատեսվում է, որ ապագայի ընտանեկան բժիշկները, իսկ անցման ժամանակաշրջանում` տեղամասային բժիշկներն իրենց վրա են վերցնելու այդ ծառայության գործառույթների մեծ մասը՝ աշխատելով շուրջօրյա, նաև հանգստյան և տոն օրերին:

Բուժհաստատություններում հիվանդներին սպասարկելուց բացի` ընտանեկան բժիշկը պետք է անհրաժեշտության դեպքում կատարի տնային այցելություններ և իրականացնի անհետաձգելի միջոցառումներ:

Առաջարկվում է ընտանեկան բժշկի գործառույթներում ամրագրված շտապ և անհետաձգելի դեպքերի վարումն իրականացնել աշխարհի բազմաթիվ զարգացած երկրներում կիրառվող, այդ դեպքերի վարմանը նպաստող կազմակերպչական փոփոխությունների միջոցով, որը թույլ կտա ընտանեկան բժշկի ծառայությունները դարձնել շուրջօրյա` կազմակերպելով հերթապահություններ հանգստյան և տոն օրերի համար, ներառյալ շտապ և անհետաձգելի դեպքերի վարումը՝ ըստ անհրաժեշտության:

Վերը նկարագրվածը հնարավոր կլինի իրականացնել ընտանեկան բժիշկների թիմային պրակտիկայի պարագայում, երբ, սահմանելով հերթապահությունների սահուն գրաֆիկ, հնարավոր կլինի աշխատանքները կազմակերպել այնպես, որ տոնական, հանգստյան և արձակուրդի օրերին մասնագետները փոխարինեն միմյանց, ինչպես նաև իրականացնեն շուրջօրյա հերթապահություն:

Սա կնպաստի բուժօգնության շարունակականությանը, ընտանեկան բժիշկների դերի և պատասխանատվության բարձրացմանը, որն առաջնային բուժօգնության որակի ապահովման հիմնական գրավականներից մեկն է:

 

7.8. Ընտանեկան բժշկի համակարգող գործառույթը

 

Ընտանեկան բժիշկն անպայման պետք է ինքը ղեկավարի և ուղղորդի երկրորդային մակարդակ հիվանդների ուղեգրումը: Այս հարցում նա պետք է հանդիսանա ոչ միայն կոորդինատոր, այլև պատասխանատու անձ` իր կողմից սպասարկվող բնակչության առողջական խնդիրների լուծման և իրավունքների պաշտպանության համար:

 

7.9. Ընտանեկան բժշկի համագործակցությունն այլ մասնագետների (ծառայությունների) հետ

 

Ընտանեկան բժիշկը կարող է օգտվել հիվանդանոցային և այլ՝ համապատասխան լիցենզավորում ունեցող ախտորոշիչ կենտրոնների հետազոտություններից՝ ընտանեկան բժշկի համար սահմանված մասնագիտական ունակությունների և բժշկական պարտականությունների ցանկի շրջանակներում:

 

7.10. Առողջության առաջնային պահպանման ֆինանսավորման ուղղությունները

 

Բոլոր այս նպատակներին հասնելու համար անհրաժեշտ են նաև առողջության առաջնային պահպանման ոլորտի ֆինանսավորման մակարդակի բարձրացում և վերանայում, որոնց էությունը հետևյալն է՝

 առաջնային օղակի մասնագետների կողմից բնակչությանը տրամադրվող անվճար բուժօգնության տեսակների ու ծավալների հստակ սահմանում, որը կարող է նաև հիմք հանդիսանալ բնակչության ազատ հավաքագրման և պայմանագրային փոխհարաբերությունների ձևավորման համար.

 պահպանելով ըստ մարդաշնչի ֆինանսավորման սկզբունքը` կատարել իրատեսական հաշվարկ, որը կընդգրկի բնակչության առողջության առաջնային պահպանման համար անհրաժեշտ ծառայությունները` հստակորեն սահմանելով հատկացվող գումարի յուրաքանչյուր մասի ուղղվածությունը (օր.` նախազորակոչի և զորակոչի համար, կանանց առողջության առաջնային պահպանման համար, դեղերի համար և այլն).

 ի տարբերություն ներկայում իրականացվող սկզբունքի` հաշվարկները կատարելուց հետո միայն որոշել ըստ մարդաշնչի հատկացվող` պետության կողմից ֆինանսավորման չափը:

 

7.11. Ազատ հավաքագրման սկզբունքը

 

Չափազանց կարևոր է նաև առաջնային օղակի մասնագետների կողմից բնակչության ազատ հավաքագրման պայմանագրային սկզբունքի ներդրումը, որի համար անհրաժեշտ է`

 ընտանեկան բժիշկներին ազատ հավաքագրման սկզբունքով բնակչության սպասարկման հնարավորության ընձեռում.

 հավաքագրման ձևի վերջնական մշակում (նախնական տարբերակը մշակված է 2001թ.` առողջապահության նախարարության կողմից, 2002 թ. ներկայացվել է նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության Հայաստանի սոցիալական բարեփոխումների ծրագրի տարբերակը):

Պայմանագրում կողմերի պարտավորությունների, պարտականությունների և գործառույթների հստակ սահմանում: Ընտանեկան բժիշկների կողմից բնակչության ազատ հավաքագրման, պայմանագրային սկզբունքի ներդրման և ընտանեկան բժշկության կայացման համար` ընդհանրապես, չափազանց կարևոր է բնակչության իրազեկության բարձրացումը: Այն իրականացնելու հիմնական մեխանիզմն է հասարակության հետ կապերի զարգացումը, որը մեծապես կնպաստի հանրային առողջապահության գաղափարախոսության կայացմանն ու առողջ հասարակության ձևավորմանը:

 

7.12. Աշխատանք պետական կառավարման տարածքային մարմինների եվ տեղական ինքնակառավարման մարմինների հետ

 

Նախանշված նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է նաև ապահովել սերտ համագործակցություն պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների հետ` նկատի ունենալով այն հանգամանքը, որ առողջության առաջնային պահպանման բնագավառում նպատակներին հասնելու հիմնական ուղին պետական կառավարման տարածքային մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների աջակցությունն է: Քանզի առողջության առաջնային պահպանումը շատ ավելին է, քան միայն առաջնային բուժօգնությունը, և ներառում է բնակչության առողջական հիմնական ցուցանիշներին անուղղակիորեն առնչվող, սակայն առողջության պահպանման համար խիստ կարևոր այնպիսի բաղադրիչներ, ինչպիսին է շրջակա միջավայրը:

Պակաս կարևոր չէ նաև պետական կառավարման տարածքային մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների աջակցությունն առողջապահական բարեփոխումների խնդրում` առանց որի հնարավոր չէ դրանք իրականացնել, հատկապես, եթե խնդիրը վերաբերում է համակարգի օպտիմալացման ռազմավարությանը:

 

7.13. Փորձարարական ծրագրի նպատակահարմարությունը

 

Մեր երկրում մինչ այժմ միջազգային կազմակերպությունները մեծ հետաքրքրություն են ցուցաբերել առողջության առաջնային պահպանման ոլորտի զարգացմանը, և նրանց կողմից ցուցաբերվող աջակցության շարունակականության ապահովումը չափազանց կարևոր է, սակայն այն պետք է լինի նպատակաուղղված և համակարգված:

Տարածքով փոքր հանրապետության համար, ինչպիսին Հայաստանն է, փորձարարական ծրագրերը բավականին արդյունավետ են, քանի որ հաջողված օրինակը կարող է խթանել առողջապահության համակարգի բոլոր բնագավառներում բարեփոխումների իրականացմանը և կարող է նպաստել ազգային մակարդակով բարեփոխումների արագ և հաջող ընթացքին:

 

8. Մոնիտորինգի եվ գնահատման չափանիշները

 

Առողջության առաջնային պահպանման ոլորտում իրականացվող քաղաքականության ռազմավարության արդյունավետության գնահատման համար անհրաժեշտ է մշակել և ներդնել մոնիտորինգի և գնահատման չափանիշներ, որոնց վերաբերյալ տեղեկատվության հիման վրա իրականացվելու է իրականացվող քաղաքականության արդյունավետության ուսումնասիրում և գնահատում, ինչը, հնարավոր է, որ հանգեցնի ընթացիկ ռազմավարության ճշգրտումների և ուղղումների:

Դրանք երկու բնույթի են`

ա) երկարաժամկետ. սրանք գնահատում են ռազմավարության ավելի հեռահար նպատակները`

1. հիվանդացությունը,

2. մահացությունը,

3. հաշմանդամությունը,

4. ֆինանսական միջոցների ծախսման արդյունավետությունը,

5. բուժօգնության որակի կատարելագործումը.

բ) ընթացիկ ցուցանիշներ. սրանք գնահատում են ռազմավարության արդյունավետությունը`

6. առողջության առաջնային պահպանման ծառայությունների սպառման մակարդակը,

7. ուղեգրում մասնագիտացված ծառայություններին (վերաբաշխում երկրորդայինից առաջնային մակարդակ),

8. շաքարային դիաբետի և զարկերակային հիպերտենզիայի բարդություններով դեպքեր,

9. տուբերկուլոզի և ուռուցքային հիվանդությունների դեպքերի վարման մակարդակը,

10. տարափոխիկ հիվանդությունները,

11. իմունիզացիայի ծածկույթը,

12. պետական ֆինանսավորման ծախսման արդյունավետությունը,

13. բուժհաստատության ֆինանսական հոսքերում վճարովի ծառայություններից առաջացած ֆինանսական միջոցների տեսակարար կշիռը (փոխհարաբերակցությունը պետական ֆինանսավորման նկատմամբ),

14. կադրերի վերապատրաստումները,

15. կլինիկական ուղեցույցների ներդրում, հետազոտական աշխատանքներ,

16. բուժաշխատողների գոհունակությունը առողջության առաջնային պահպանման նոր համակարգից,

17. բնակչության գոհունակությունը ստացած բուժօգնությունից:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 1.1
Հայաստանի Հանրապետության բնակչության առողջության առաջնային պահպանման
2003-2008 թվականների ռազմավարության

 

ԱՌԱՋՆԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԲՈՒԺՀԻՄՆԱՐԿՆԵՐՆ ԸՍՏ ՄԱՐԶԵՐԻ` ՄԻՆՉԵՎ ՕՊՏԻՄԱԼԱՑՈՒՄԸ

 

Օպտիմալացման գործընթացի առաջին փուլի իրականացումից հետո ունենք հետևյալ պատկերը`

 


NN
ը/կ
Քաղաքը, մարզը Մինչև օպտիմալացումը Օպտիմալացումից հետո

1. Երևան 47 40
2. Արագածոտնի 4 4
3. Արարատի 8 5
4. Արմավիրի 7 5
5. Գեղարքունիքի 9 4
6. Լոռու 16 10
7. Կոտայքի 8 5
8. Սյունիքի 9 6
9. Վայոց ձորի 3 3
10. Շիրակի 13 11
11. Տավուշի 7 4
       
  Ընդամենը   131   93

 

 

Հավելված N 1.2
Հայաստանի Հանրապետության բնակչության առողջության առաջնային պահպանման
2003-2008 թվականների ռազմավարության

 

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐ-ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱԴՐԱՅԻՆ ՆԵՐՈՒԺԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ

 

Բնակավայրը Բժիշկներ Միջին բուժանձնակազմ
տեղամ.
թերապ.
տեղամ.
մանկաբ.
նեղ
մասնա-
գետ
ընդա-
մեը
բուժ-
քույրեր
բու-
ժակ-
ներ
մանկա-
բարձու-
հիներ
ընդա-
մենը
Երևան

605

469

835

1909

2592

9

154

2755

Արագածոտն

46

36

118

200

670

5

68

743

Արարատ

82

69

51

202

397

0

66

463

Արմավիր

112

96

114

322

572

25

73

670

Գեղարքունիք

79

71

55

205

690

19

54

763

Լոռի

107

96

393

596

1678

121

345

2144

Կոտայք

79

75

345

499

1236

1

147

1384

Սյունիք

45

49

60

154

328

7

0

335

Վայոց ձոր

12

17

23

52

158

2

18

178

Տավուշ

48

48

79

175

372

7

42

421

Շիրակ

120

95

134

349

1048

9

56

1113

Ընդամենը

1335

1121

2207

4663

9741

205

1023

10969

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2003 թվականի
նոյեմբերի 13-ի N 1533-Ն որոշման

 

2003-2004 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՆՈՐ ՄԵԹՈԴՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ

 

Ծրագրի նախադրյալները

 

Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի առողջության առաջնային պահպանման կազմակերպման և ֆինանսավորման նոր մեթոդների մշակման փորձարարական ծրագիրն ամրագրում է Հայաստանի Հանրապետության բնակչությանը մատչելի, որակյալ, արդյունավետ և ծախսային առումով նպատակահարմար բուժսպասարկման ապահովմանն ուղղված առողջապահության բարեփոխումների մի նոր` կարևոր փուլ։

Նախորդ տարիներին իրականացված բարեփոխումների հիմնական նվաճումներից են բուժկանխարգելիչ համակարգի օպտիմալացման գործընթացը, գյուղական բժշկական ամբուլատորիաների` որպես ընտանեկան բժշկության գրասենյակներ վերափոխումը, ընտանեկան բժշկության հայեցակարգի (դրույթների) ստեղծումը, կլինիկական ապացույցների վրա հիմնված ուղեցույցների մշակումը, ընտանեկան բժիշկների և բուժքույրերի մասնագիտացման և վերապատրաստման ծրագրերի ստեղծումն ու կիրառումը։

Բարեփոխումների գործընթացի շարունակական և հետևողականորեն իրականացման ապահովումը պահանջում է համակարգում առողջության առաջնային պահպանման նոր մոդելի լայնամասշտաբ ներդրում, որը հիմնված է ընտանեկան բժշկության սկզբունքների վրա և ենթադրում է այդ սկզբունքներն իրականացնելու կարողությամբ օժտված ընտանեկան բժշկության պրակտիկաների (գրասենյակների) ցանցի զարգացում և հաջող գործունեության նախապայմանների ստեղծում։

 

Ծրագրի հիմնավորումը

 

Սույն փորձարարական ծրագիրը նախատեսում է առողջության առաջնային պահպանման նոր մոդելի և նրան առնչվող համակարգերի գործունեության ու մեխանիզմների փորձարարական կիրառում։ Փոքրածավալ փորձարկումը, որը նախորդում է լայնամասշտաբ ներդրմանը, հնարավորություն է ընձեռում գործնականում տեսնել ընդհանուր գաղափարների և կոնկրետ մոտեցումների կիրառելիությունը, հայտնաբերել խոչընդոտներն ու գտնել այդ խնդիրների լուծման ճանապարհները: Դա նաև գործնականում կուտակված սկզբնական փորձ է, որը հետագայում կարող է տարածվել հանրապետության առողջապահության ողջ համակարգում կամ մերժել` որպես անընդունելի։

Փորձարարական ծրագիրն այն բազան է, որի ճիշտ գործարկումը թույլ է տալիս նվազագույնի հասցնել սխալները և բարելավել առողջության առաջնային պահպանման նոր մոդելին անցնելու տեմպերն ու հաջորդականությունը, բարեփոխումների մասնակիցներին հնարավորություն է տալիս տեսնելու իրենց ապագան և նախապատրաստվելու մասնագիտորեն ու հոգեբանորեն։

 

Փորձարարական ծրագրի նպատակը

 

Փորձարարական ծրագրի նպատակն է սահմանափակ փորձարարական շրջանակներում հղկել առողջության առաջնային պահպանման այն համակարգերն ու գործընթացները, որոնք համապատասխանում են Հայաստանում ընտանեկան բժշկության ընդունված դրույթներին:

Դրանք են`

 

1. Ընտանեկան բժշկության սկզբունքների վրա հիմնված առողջության առաջնային պահպանման մոդել

 

1.1. Առողջության առաջնային պահպանման /ընտանեկան բժշկի սահմաններն ու գործառույթները` որպես հանրային առողջության պահպանման և բուժօգնության մի մաս.

1.2. Ընտանեկան բժշկության պրակտիկայի կազմակերպչական մոդելը (առաջնային պրակտիկա, բազմապրոֆիլ պրակտիկա և այլն).

1.3. Ընտանեկան բժշկության պրակտիկայի գործառույթները և իրականացվող բուժկանխարգելիչ միջոցառումների շրջանակները.

1.4. Ընդհանուր պրակտիկայի բժիշկների (ընտանեկան բժիշկ, տեղամասային թերապևտ, տեղամասային մանկաբույժ, տեղամասային մանկաբարձ-գինեկոլոգ, այլ նեղ մասնագետներ) գործառութային պարտականություններն ու փոխհարաբերությունները.

1.5. Ընտանեկան բժշկության պրակտիկայի կազմում գործող բուժքույրերի և այլ բուժաշխատողների գործառութային պարտականությունները.

1.6. Մեկ ընտանեկան բժշկության պրակտիկայի կողմից սպասարկվող բնակչության օպտիմալ թիվը.

1.7. Տարբեր տիպի ընտանեկան պրակտիկաների հաստիքային հագեցվածությունը` ներառյալ սարքավորումներն ու պարագաները.

1.8. Հիվանդների հոսքերի և բուժօգնության ծավալների կառավարում, դրանք առաջնային օղակում վերաբաշխելու նպատակով ուղեգրման չափանիշների ստանդարտների մշակում.

1.9. Բուժօգնության շարունակականության ապահովում՝ բուժական գործունեության ուղղահայաց ինտեգրման միջոցով, մասնավորապես, ընտանեկան բժշկության խմբերի, խորհրդատվական-ախտորոշիչ ծառայությունների և հիվանդանոցների գործունեության կամավոր համակարգման միջոցով։

 

2. Ընտանեկան բժշկության պրակտիկայի կազմակերպչական-կառավարման հիմքերը

 

2.1. Ընտանեկան բժշկության գործարար կառավարումը.

2.2. Ընտանեկան բժշկության գործարար կառավարման խնդիրներն ու մեթոդները` ներառյալ մարքետինգը, արտադրական հզորությունների օգտագործումը, միջոցների և նյութական պաշարների կառավարումը, գնումները, պայմանագրերի շուրջ բանակցությունները, աշխատանքի դիմաց փոխհատուցման և նյութական խթանման հարցերը և այլն.

2.3. Համաճարակաբանական, բժշկական, ռեսուրսային և ֆինանսական ցուցանիշների վերահսկում և հաշվետվություն, փաստաթղթերի շրջանառության ձևեր և ցուցանիշներ.

2.4. Գործարար կառավարման վերլուծության մեթոդներ.

2.5. Տեղեկատվական-կառավարման համակարգերը` հաշվետվության և կառավարման վերլուծության միջոց։

 

3. Ընտանեկան բժշկության պրակտիկայի ֆինանսավորումը

 

3.1. Ընտանեկան բժշկության պրակտիկայի ֆինանսավորման աղբյուրներն ու մակարդակները.

3.2. Ընտանեկան բժշկության պրակտիկայի ֆինանսավորման մեխանիզմները և դրանց խթանող նշանակությունը։

 

4. Ընտանեկան բժշկության պրակտիկային առնչվող ծախսերը

 

4.1. Ընտանեկան բժշկության պրակտիկայի գործունեությանն առնչվող ծախսերի բացահայտումը` հաշվի առնելով ֆինանսական միջոցների փոփոխված կարիքը, մասնավորապես, ընդլայնված գործառութային ծանրաբեռնվածությունը (ծախսերի մեծացման գործոն) և աշխատանքի առավել արդյունավետությունը (ծախսերի խնայման գործոն).

4.2. Ընտանեկան բժշկության պրակտիկայի ֆինանսավորման դեֆիցիտի գնահատում և դրա հաղթահարմանն ուղղված առաջարկությունների նախապատրաստում։

 

5. Բնակչության հետ փոխհարաբերությունները

 

5.1. Ընտանեկան բժշկության պրակտիկային և առողջության առաջնային պահպանման նոր մոդելին օժանդակող հանրային կարծիքի ձևավորում, փորձարարական ծրագրի վերաբերյալ բնակչության իրազեկության պարբերաբար գնահատում.

5.2. Բնակչի կողմից ընտանեկան բժշկի ազատ ընտրության կարգն ու պայմանները.

5.3. Բնակչության իրավունքները.

5.4. Ընտանեկան բժշկության պրակտիկայի և համայնքի համագործակցությունը հիվանդությունների կանխարգելման, շրջակա միջավայրի և բնակչության կենսակերպի առողջացման ուղղությամբ։

 

6. Փորձարարական ծրագրի մոնիտորինգ եվ գնահատում

 

6.1. Մոնիտորինգի մեթոդաբանության, որակական և քանակական գնահատման մեթոդների, նախա- և հետփորձարարական իրադրության գնահատում, դրա իրականացման մեթոդների մշակում (հաշվետվությունների վիճակագրական վերլուծություն, գրառումների հետազոտություն).

6.2. Ընտրված համաճարակաբանական ցուցանիշների հիման վրա առողջության առաջնային պահպանման արդյունավետության գնահատում.

6.3. Ցուցաբերվող բուժօգնության` ստանդարտներին համապատասխանության միջոցով ընտանեկան բժշկության պրակտիկայի գործունեության գնահատում.

6.4. Ընտանեկան բժշկության գործունեության ծախսային արդյունավետության գնահատում.

6.5. Բուժաշխատողների բավարարվածության գնահատում։

 

Փորձարարական վայրերի ընտրության չափանիշները

 

Փորձարարական ծրագրում ընդգրկվող վայրերն ընտրվել են կամ կընտրվեն ստորև նշված չափանիշներին կամ դրանց մեծամասնությանը համապատասխանության սկզբունքով`

փորձարարական ծրագիրն ուղղված է Հայաստանի Հանրապետությունում առողջապահության քաղաքականության և բարեփոխումների առանցքային խնդիրների լուծմանը.

փորձարարական վայրերի ընտրության համար չափանիշ է համարվում դրանց աշխարհագրական, ժողովրդագրական, տնտեսական և համաճարակաբանական պայմանների բազմազանությունը, որը հնարավորություն է ընձեռելու դիտարկելու առաջարկվող բարեփոխումների արդյունավետությունը տարբեր իրավիճակներում.

առավել հետաքրքրություն ցուցաբերած հաստատություններն ու բժիշկներն առաջնահերթ իրավունքով են ընդգրկվում փորձարարական ծրագրում.

փորձարարական վայրերի ընտրությունը հնարավորություն է ընձեռում փորձարկելու ընտանեկան բժշկության պրակտիկաների տարբեր կազմակերպչական մոդելներ, ինչպիսիք են անհատական բժշկական պրակտիկան, ընդհանուր պրակտիկայի բժիշկների խումբը, բազմապրոֆիլ բժշկական պրակտիկան.

պոլիկլինիկայի կազմում գործող փորձարարական վայրերը թույլ են տալիս «ներսից» բարեփոխել Հայաստանի ամբուլատոր-պոլիկլինիկական համակարգը: Առանձին գործող ընտանեկան բժշկության պրակտիկաների միջոցով հնարավոր կլինի ստեղծել մրցակցություն պոլիկլինիկաների` «դրսից» նպաստելով դրանց օպտիմալացմանը.

փորձարարական վայրերի թիվն ու ծրագիրը պետք է բավարար լինեն ստանալու համակարգային փոփոխություններ և միևնույն ժամանակ, տեղավորվեն առողջապահության նախարարության և փորձարարական ծրագրին սատարող միջազգային կազմակերպությունների սահմանափակ միջոցների շրջանակում։

 

Փորձարարական վայրերի ցանկը

 

Փորձարարական վայրերի ստորև բերված ցանկում նշված են Հայաստանում առողջության առաջնային պահպանում իրականացնող ինչպես մայրաքաղաքային, այնպես էլ մարզային, ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հիմնարկներ`

1. թիվ 17 պոլիկլինիկա, ք. Երևան,

2. «Էրեբունի» բուժմիավորման պոլիկլինիկա, ք. Երևան,

3. թիվ 4 պոլիկլինիկա, ք. Վանաձոր, Լոռու մարզ,

4. այլ ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնություն իրականացնող կազմակերպություններ, որոնք կընտրվեն լրացուցիչ ընթացակարգով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2003 թվականի
նոյեմբերի 13-ի N 1533-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՆՈՐ ՄԵԹՈԴՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ

 

NN
ը/կ
Իրավական նորմատիվ ակտի  անվանումը Իրավական հիմքը Կատարման
ժամկետը
Պատասխանատուն
1 2 3 4 5
1. Հաստատել փորձարարական  ծրագրում ընդգրկված բժշկական հաստատությունների ցանկը ՀՀ կառավարության որոշման նախագիծ 2003 թ.  
նոյեմբերի երկրորդ տասնօրյակ
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն
2. Փորձարարական
ծրագրում ընդգրկված վայրերում բնակչության  կողմից  բժշկի ազատ ընտրության սկզբունքի ներդրում
ՀՀ կառավարության որոշման նախագիծ 2003 թ. 
դեկտեմբերի վերջին
տասնօրյակ
Հայաստանի
Հանրապետության առողջապահության նախարարություն
3. Ընտանեկան բժշկի  կողմից հիվանդների  բուժման, ուղեգրման, սպասարկման ձևերի ու մեխանիզմների մշակում և ներդրում ՀՀ կառավարության որոշման նախագիծ 2004 թ.  հունվարի երկրորդ
տասնօրյակ
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն
4. Ընտանեկան բժշկի գործունեության համար անհրաժեշտ կազմակերպական և տեղեկատվական համակարգի մշակում  և ներդրում ՀՀ կառավարության որոշման նախագիծ 2004 թ.  փետրվարի առաջին
տասնօրյակ
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն  
5. Ընտանեկան բժշկի  գործունեության ֆինանսավորման տարբերակների մշակում և ներդրում ՀՀ կառավարության որոշման նախագիծ 2004 թ. 
մարտի առաջին
տասնօրյակ
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
12.05.2005, N 624-Ն 16.06.2005, N 1533-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան