Տ ա մ պ ե ր ե ի Կ ո ն վ ե ն ց ի ա
Աղետի մեղմացման ԵՎ օգնության ցուցաբերման նպատակով հեռահաղորդակցական ռեսուրսների տրամադրման մասին
Հոդված 1. Սահմանումներ
Հոդված 2. Համակարգում
Հոդված 3. Ընդհանուր դրույթներ
Հոդված 4. Հեռահաղորդակցական օժանդակության տրամադրում
Հոդված 5. Արտոնություններ, անձեռնմխելիություն և առավելություններ
Հոդված 6. Օժանդակության դադարեցում
Հոդված 7. Ծախսերի կամ տուրքերի վճարում կամ փոխհատուցում
Հոդված 8. Հեռահաղորդակցական օժանդակության վերաբերյալ տեղեկատվության գրանցում
Հոդված 9. Կանոնակարգիչ խոչընդոտներ
Հոդված 10. Կապը այլ միջազգային պայմանագրերի հետ
Հոդված 11. Վեճերի կարգավորում
Հոդված 12. Ուժի մեջ մտնելը
Հոդված 13. Փոփոխություններ
Հոդված 14. Վերապահումներ
Հոդված 15. Դադարեցում
Հոդված 16. Ավանդապահ
Հոդված 17. Նույնական տեքստեր
ՍՈՒՅՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ընդունելով, որ աղետների մասշտաբները, բարդությունը, հաճախականությունը և հետևանքները աճում են տագնապալի տեմպերով` թողնելով առանձնակի ծանր հետևանքներ զարգացող երկրներում,
վկայակոչելով, որ մարդասիրական օգնություն և օժանդակություն ցուցաբերող մարմիններն ունեն հուսալի և ճկուն հեռահաղորդակցական ռեսուրսների կարիք կենսականորեն կարևոր խնդիրների լուծման համար,
վկայակոչելով նաև հեռահաղորդակցական ռեսուրսների էական դերը մարդասիրական օգնություն և օժանդակություն ցուցաբերող անձնակազմի անվտանգության ապահովման գործում,
վկայակոչելով նաև հեռարձակման դերի կենսական կարևորությունը ռիսկի ենթակա բնակչության շրջանում աղետի վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվության տարածման գործում,
վստահ լինելով, որ հեռահաղորդակցական ռեսուրսների արդյունավետ, ժամանակին օգտագործումը, ինչպես նաև արագընթաց, արդյունավետ ճշգրիտ ու հավաստի տեղեկատվական հոսքը էական նշանակություն ունեն աղետների պատճառած մարդկային կորուստների, մարդկային տառապանքների և գույքին ու շրջակա միջավայրին հասցված վնասների նվազեցման գործում,
մտահոգված լինելով հաղորդակցական սարքավորումների և տեղեկատվական հոսքերի վրա աղետների թողած հետևանքներով,
տեղյակ լինելով աղետի ենթակա առավել թույլ զարգացած երկրներում աղետը մեղմացնելու և օգնություն ցուցաբերելու նպատակով առկա հեռահաղորդակցական ռեսուրսների զարգացման առանձնահատուկ կարիքների մասին,
վերահաստատելով արտակարգ իրավիճակներում փրկարար հաղորդակցման միջոցներին ավելի քան հիսուն միջազգային կանոնակարգային փաստաթղթերով, այդ թվում` Միջազգային հեռահաղորդակցական միության Սահմանադրությամբ շնորհված բացարձակ առավելությունները,
նկատի ունենալով աղետի մեղմացման և օգնության ցուցաբերման գործում միջազգային համագործակցության պատմությունը, այդ թվում` մարդկային կյանքեր փրկելու գործում պատշաճ ժամանակին գործարկված և օգտագործած հեռահաղորդակցական ռեսուրսների կատարած դերը,
նկատի ունենալով նաև աղետի վերականգնման և աղետին արձագանքման գործում հեռահաղորդակցական համակարգերի կարևորագույն դերի վերաբերյալ Աղետի պայմաններում հաղորդակցության ապահովման մասին կոնֆերանսը (Ժնև, 1990),
նկատի ունենալով նաև աղետի պայմաններում հաղորդակցության ապահովման մասին Տամպերեի հռչակագրում (Տամպերե, 1991) ամրագրված հրատապ կոչը` աղետի մեղմացման և աղետի ժամանակ օգնության ցուցաբերման նպատակով հուսալի հեռահաղորդակցական համակարգեր շահագործելու, ինչպես նաև նման համակարգերի մատչելիությունն ապահովելու նպատակով «Աղետի պայմաններում հաղորդակցության ապահովման մասին» միջազգային կոնվենցիա գրելու վերաբերյալ,
նկատի ունենալով նաև Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի հմ. 44/236 բանաձևը, ուր 1990-2000 թվականներն անվանվում են որպես բնական աղետի վտանգների նվազեցման միջազգային տասնամյակ, ինչպես նաև հմ. 46/182 բանաձևը, ուր կոչ է արվում ամրապնդել միջազգային համագործակցությունը` արտակարգ իրավիճակներում մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար,
նկատի ունենալով նաև բնական աղետի վտանգների նվազեցմանը նվիրված համաշխարհային կոնֆերանսում (Յոկահոմա, 1994) ընդունված` Յոկահոմայի ռազմավարության և գործողությունների ծրագրի շրջանակներում հաղորդակցման ռեսուրսներին` աշխարհն առավել անվտանգ դարձնելու նպատակով տրվող ակնառու դերը,
նկատի ունենալով նաև հեռահաղորդակցության զարգացման Հեռահաղորդակցական միջոցների զարգացման մասին համաշխարհային կոնֆերանսում (Բուենոս Այրես, 1994) ընդունված և Համաշխարհային հեռահաղորդակցության միության լիազոր կոնֆերանսում (Կիոտո, 1994) հաստատված 7-րդ բանաձևը, ուր կառավարություններին կոչ է արվում կանոնակարգային խոչընդոտները նվազեցնելու և հնարավորության դեպքում վերացնելու, ինչպես նաև պետությունների միջև համագործակցությունն ամրապնդելու միջոցով ձեռնարկել ամեն հնարավոր քայլ` աղետի մեղմացման և օգնության ցուցաբերման նպատակով հեռահաղորդակցական տեխնիկայի արագ գործարկմանն ու արդյունավետ օգտագործմանը նպաստելու համար,
նկատի ունենալով նաև ռադիոհաղորդակցության մասին համաշխարհային կոնֆերանսում (Ժնև, 1997 թ.) ընդունված հմ. 644 բանաձևը, ուր կառավարություններին կոչ է արվում լիովին աջակցել սույն Կոնվենցիայի ընդունմանը և ազգային մակարդակով դրա իրականացմանը,
նկատի ունենալով նաև հեռահաղորդակցության զարգացման մասին համաշխարհային կոնֆերանսում (Վալետտա, 1998) ընդունված հմ. 19 բանաձևը, ուր կառավարություններին կոչ է արվում շարունակել սույն Կոնվենցիայի քննարկումը` նրա ընդունմանը լիովին աջակցելու նպատակով,
նկատի ունենալով նաև Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի հմ. 51/194 բանաձևը, ուր խրախուսվում է մշակել աղետի մեղմացման արդյունավետ համակարգման թափանցիկ և օպերատիվ ընթացակարգեր և զարգացնել ռելիեֆային ցանցը որպես գլոբալ տեղեկատվական համակարգ` արտակարգ իրավիճակների և բնական աղետների վերաբերյալ հավաստի և օպերատիվ տեղեկատվություն տարածելու նպատակով,
հիշատակելով արտակարգ իրավիճակներում հեռահաղորդակցության հարցերով զբաղվող աշխատանքային խմբի եզրակացությունները աղետի մեղմացման և օգնության ցուցաբերման գործում հեռահաղորդակցության կարևորագույն դերի վերաբերյալ,
հիմք ընդունելով բազմաթիվ պետությունների, Միավորված ազգերի կազմակերպության մարմինների, կառավարական, միջկառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների, մարդասիրական կառույցների, հեռահաղորդակցական տեխնիկա և ծառայություններ տրամադրողների, լրատվամիջոցների, համալսարանների, հաղորդակցության ու աղետի հարցերով զբաղվող կազմակերպությունների` աղետի ժամանակ օգտագործվող հեռահաղորդակցական միջոցների կատարելագործմանն ու բարելավմանն ուղղված աշխատանքը,
ցանկանալով ապահովել հուսալի և արագ հասանելի հեռահաղորդակցական ռեսուրսներ աղետի մեղմացման և օգնություն ցուցաբերելու նպատակով և
ցանկություն ունենալով նաև աղետների հետևանքների մեղմացման նպատակով նպաստել միջազգային համագործակցությանը,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
Սահմանումներ
Եթե համատեքստով այլ բան չի նախատեսվում, սույն Կոնվենցիայի նպատակներով ստորև նշված հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունները.
1. «Մասնակից պետություն» նշանակում է` պետություն, որը համաձայնություն է հայտնել ընդունելու սույն Կոնվենցիայի պարտադիր ուժը:
2. «Օժանդակող Մասնակից պետություն» նշանակում է` սույն Կոնվենցիայի Մասնակից պետություն, որը, սույն Կոնվենցիայի համաձայն, տրամադրում է հեռահաղորդակցական օժանդակություն:
3. «Հայցող Մասնակից պետություն» նշանակում է` սույն Կոնվենցիայի Մասնակից պետություն, որը, համաձայն սույն փաստաթղթի, ներկայացնում է հեռահաղորդակցական օժանդակություն ստանալու մասին հայց:
4. «Սույն Կոնվենցիա» նշանակում է` Աղետի մեղմացման և օգնության ցուցաբերման նպատակով հեռահաղորդակցական ռեսուրսների տրամադրման մասին Տամպերեի Կոնվենցիա:
5. «Ավանդապահ» նշանակում է` սույն Կոնվենցիայի ավանդապահ` համաձայն 16-րդ հոդվածով սահմանված կարգի:
6. «Աղետ» նշանակում է` հասարակության կենսագործունեությանը հասցված լուրջ վնաս, մարդկային կյանքին, առողջությանը, ունեցվածքին կամ շրջակա միջավայրին համատարած կերպով սպառնացող ահռելի վտանգ, որի պատճառ կարող են հանդիսանալ ինչպես վթարները, բնական երևույթները կամ մարդկային գործունեությունը, այնպես էլ հանկարծահաս կամ բարդ, երկարատև գործընթացների արդյունքում զարգացող երևույթները:
7. «Աղետի մեղմացում» նշանակում է` աղետների կանխարգելման, կանխատեսման, նախապատրաստման, արձագանքման, վերահսկման և/կամ դրանց հետևանքների մեղմացման նպատակով նախատեսված միջոցառումներ:
8. «Առողջությանը սպառնացող վտանգ» նշանակում է` հանկարծակի բռնկվող վարակիչ հիվանդություն, որը կարող է լինել ինչպես համաճարակ, այնպես էլ համավարակ կամ մարդկային կյանքին կամ առողջությանը սպառնացող ցանկացած էական միջադեպ, որը կարող է լինել աղետի նախապայման:
9. «Բնական վտանգ» նշանակում է` աղետի նախապայման հանդիսացող այնպիսի երևույթ կամ գործընթաց, ինչպիսին է երկրաշարժը, հրդեհը, ջրհեղեղը, քամին, սողանքը, ձնահյուսը, ցիկլոնը, ցունամին, միջատների հարձակումը, երաշտը կամ հրաբխային ժայթքումը:
10. «Ոչ կառավարական կազմակերպություն» նշանակում է` ցանկացած կազմակերպություն, այդ թվում` մասնավոր կառույց կամ բաժնետիրական ընկերություն, որը չի հանդիսանում պետական կամ միջկառավարական կազմակերպություն, և որը զբաղվում է աղետի մեղմացմամբ և/կամ աղետի մեղմացման և օգնության ցուցաբերման նպատակով հեռահաղորդակցական ռեսուրսների տրամադրմամբ:
11. «Ոչ պետական կառույց» նշանակում է` ոչ պետական ցանկացած կառույց, այդ թվում` ոչ կառավարական կազմակերպություններ, ինչպես նաև Կարմիր խաչի և Կարմիր մահիկի շարժումը, որոնք զբաղվում են աղետի մեղմացմամբ և/կամ աղետի մեղմացման և օգնության ցուցաբերման նպատակով հեռահաղորդակցական ռեսուրսների տրամադրմամբ:
12. «Օգնության ցուցաբերմանն ուղղված գործողություններ» նշանակում է` աղետի հետևանքով մարդկային կյանքի կորուստների, մարդկային տառապանքների և ունեցվածքին և/կամ շրջակա միջավայրին հասցված վնասների նվազեցմանն ուղղված գործողություններ:
13. «Հեռահաղորդակցական օժանդակություն» նշանակում է` հեռահաղորդակցական ռեսուրսների կամ հեռահաղորդակցական ռեսուրսների օգտագործմանը նպաստելու համար նախատեսված այլ ռեսուրսների կամ աջակցության տրամադրում:
14. «Հեռահաղորդակցական ռեսուրսներ» նշանակում է` հեռահաղորդակցումն ապահովելու համար անհրաժեշտ անձնակազմ, տեխնիկա, նյութեր, տեղեկատվություն, վերապատրաստում, ռադիոհաճախականության տիրույթ, ցանցային կամ հեռարձակման հզորություն կամ այլ ռեսուրսներ:
15. «Հեռահաղորդակցություն» նշանակում է` նշանների, ազդանշանների, գրավոր պատկերների, ձայների հեռարձակում, թողարկում կամ ընդունում կամ ցանկացած տիպի հետախուզական միջոցառում` լարային, ռադիոհաղորդակցման, օպտիկամանրաթելային կամ այլ էլեկտրամագնիսական համակարգերով:
Հոդված 2
Համակարգում
1. Միավորված ազգերի կազմակերպության Արտակարգ իրավիճակներում օգնության ցուցաբերման հարցերով համակարգողը սույն Կոնվենցիայի շրջանակներում հանդիսանում է աշխատանքային համակարգող և իրականացնում է 3-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներում նշված` աշխատանքային համակարգողի պարտականությունները:
2. Աշխտանքային համակարգողը պետք է համագործակցության եզրեր փնտրի Միավորված ազգերի կազմակերպության այլ համապատասխան կառույցների, մասնավորապես Հեռաղորդակցության միջազգային միության հետ` նրան օժանդակելու համար սույն Կոնվենցիայի նպատակների և մասնավորապես 8-րդ և 9-րդ հոդվածներում նշված պարտականությունների կատարման գործում և տրամադրելու համար հիշյալ կառույցների նպատակներին համապատասխանող անհրաժեշտ տեխնիկական աջակցություն:
3. Աշխատանքային համակարգողի պարտականությունները, սույն Կոնվենցիայի համաձայն, սահմանափակվում են միջազգային բնույթի համակարգման աշխատանքներով:
Հոդված 3
Ընդհանուր դրույթներ
1. Աղետի մեղմացման և օգնության տրամադրման նպատակով հեռահաղորդակցական ռեսուրսների օգտագործմանը նպաստելու համար Մասնակից պետությունները պետք է համագործակցեն ինչպես միմյանց հետ, այնպես էլ ոչ պետական մարմինների և միջկառավարական կազմակերպությունների հետ:
2. Նշված օգտագործումը, ի շարս այլ պայմանների, ներառում է.
ա) վտանգավոր բնական երևույթները, առողջությանը սպառնացող վտանգները և աղետները կանխատեսելու, վերահսկելու և նրանց մասին տեղեկատվություն տրամադրելու նպատակով վերգետնյա և արբանյակային հեռահաղորդակցական տեխնիկայի տեղաբաշխում.
բ) վտանգավոր բնական երևույթների, առողջությանը սպառնացող վտանգների և աղետների մասին տեղեկատվության փոխանակում ինչպես Մասնակից պետությունների, այնպես էլ այլ պետությունների, ոչ պետական մարմինների և միջկառավարական կազմակերպությունների միջև և նման տեղեկատվության տարածում հանրության շրջանում, մասնավորապես` ռիսկի ենթակա համայնքներում.
գ) աղետի հետևանքների մեղմացման նպատակով արագ հեռահաղորդակցական աջակցության ապահովում և
դ) մարդասիրական օգնություն և օժանդակություն ցուցաբերող կազմակերպությունների կողմից օգտագործվելիք` հուսալի, ճկուն հեռահաղորդակցական ռեսուրսների տեղադրում և շահագործում:
3. Հիշատակված օգտագործմանը նպաստելու համար Մասնակից պետությունները կարող են կնքել բազմակողմանի կամ երկկողմանի լրացուցիչ պայմանագրեր ու համաձայնագրեր:
4. Մասնակից պետությունները, խորհրդակցելով Հեռահաղորդակցության միջազգային միության, ավանդապահի և Միավորված ազգերի կազմակերպության այլ համապատասխան մարմինների և միջկառավարական ու ոչ կառավարական կազմակերպությունների հետ, պետք է աշխատանքային համակարգողից պահանջեն, սույն Կոնվենցիայի դրույթների համաձայն, գործադրել հնարավոր ամեն ջանք, որպեսզի.
ա) Մասնակից պետությունների հետ խորհրդակցելով` մշակեն տիպային պայմանագրեր, որոնք կարող են հիմք հանդիսանալ աղետի մեղմացման և օգնության ցուցաբերման նպատակով տրամադրվող հեռահաղորդակցական ռեսուրսների օգտագործմանը նպաստող` բազմակողմանի կամ երկկողմանի համաձայնագրերի համար.
բ) էլեկտրոնային միջոցների և այլ համապատասխան մեխանիզմների կիրառմամբ ապահովեն աղետի մեղմացման և օգնության ցուցաբերման նպատակով հեռահաղորդակցական ռեսուրսների տրամադրման վերաբերյալ տիպային պայմանագրերի, լավագույն փորձի և այլ անհրաժեշտ տեղեկատվության մատչելիությունը Մասնակից պետությունների, այլ պետությունների, ոչ պետական մարմինների և միջկառավարական կազմակերպությունների համար.
գ) մշակեն, գործարկեն և վարեն Կոնվենցիայի իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության հավաքման և տարածման ընթացակարգեր ու համակարգեր և
դ) պետություններին տեղեկացնեն Կոնվենցիայի պայմանների մասին և նպաստեն ու աջակցեն նրանով սահմանված` Մասնակից պետությունների միջև համագործակցությանը:
5. Մասնակից պետությունները կհամագործակցեն միմյանց հետ` կատարելագործելու համար կառավարական կազմակերպությունների, ոչ պետական մարմինների և միջկառավարական կազմակերպությունների ունակությունները` սարքավորումների հետ վարվելաձևի ու շահագործման համար վերապատրաստումների մեխանիզմներ և արտակարգ իրավիճակներում օգտագործվող հեռահաղորդակցական տեխնիկայի մշակման, նախագծման և պատրաստման համար ցուցումներ սահմանելու գործում` աղետի կանխարգելման, վերահսկման և մեղմացման նպատակով:
Հոդված 4
Հեռահաղորդակցական օժանդակության տրամադրում
1. Աղետի մեղմացման և օգնության ցուցաբերման համար հեռահաղորդակցական օժանդակություն պահանջող Մասնակից պետությունը կարող է նման օժանդակություն հայցել ցանկացած այլ Մասնակից պետությունից կա՛մ ուղղակի կերպով, կա՛մ աշխատանքային համակարգողի միջոցով: Եթե հայցը ներկայացվել է աշխատանքային համակարգողի միջոցով, ապա աշխատանքային համակարգողը պետք է այդ տեղեկատվությունը անմիջապես տարածի բոլոր այլ համապատասխան Մասնակից պետություններին: Եթե հայցը մեկ այլ Մասնակից պետության է ներկայացվել ուղղակի կերպով, ապա հայցող Մասնակից պետությունը պետք է այդ մասին հնարավորինս արագ տեղեկացնի աշխատանքային համակարգողին:
2. Հեռահաղորդակցական օժանդակություն հայցող Մասնակից պետությունը պետք է մատնանշի պահանջվող օգնության ծավալն ու տեսակը և սույն Կոնվենցիայի 5-րդ և 9-րդ հոդվածների համաձայն ձեռնարկված միջոցառումները և, հնարավորության դեպքում, հայցը ստացող Մասնակից պետությանը և/կամ աշխատանքային համակարգողին տրամադրի այլ տեղեկատվություն, որն անհրաժեշտ կլինի` որոշելու համար, թե որքանով է տվյալ Մասնակից պետությունն ի վիճակի բավարարելու այդ հայցը:
3. Անմիջականորեն կամ աշխատանքային համակարգողի միջոցով հեռահաղորդակցական օժանդակության հայց ստացող յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է արագ կերպով որոշի և հայցող Մասնակից պետությանը ծանուցի` տրամադրելու է հայցվող օժանդակությունն ուղղակիորեն, թե այլ եղանակով` նշելով նման օժանդակության դեպքում կիրառվող ծավալները, պայմանները, սահմանափակումները և ծախսերը, եթե այդպիսիք կան:
4. Հեռահաղորդակցական օժանդակության տրամադրման վերաբերյալ որոշում ընդունող ցանկացած Մասնակից պետություն պետք է այդ մասին տեղեկացնի աշխատանքային համակարգողին:
5. Հեռահաղորդակցական օժանդակություն չի կարող տրամադրվել սույն Կոնվենցիայի համաձայն, եթե չկա հայցող Մասնակից պետության համաձայնությունը: Հայցող Մասնակից պետությունն իրեն իրավունք է վերապահում ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու սույն Կոնվենցիայով առաջարկվող ցանկացած հեռահաղորդակցական օժանդակություն` համաձայն հայցող Մասնակից պետության գործող ներպետական օրենսդրության և քաղաքականության:
6. Մասնակից պետությունները ճանաչում են հայցող Մասնակից պետությունների` ոչ պետական մարմիններից և միջկառավարական կազմակերպություններից ուղղակի օժանդակություն հայցելու իրավունքը և ոչ պետական մարմինների և միջկառավարական կազմակերպությունների` իրենց նկատմամբ կիրառելի օրենքների համաձայն` հայցող Մասնակից պետությանը սույն հոդվածով սահմանված կարգով հեռահաղորդակցական օժանդակություն տրամադրելու իրավունքը:
7. Ոչ պետական մարմինը կամ միջկառավարական կազմակերպությունը չի կարող լինել «հայցող Մասնակից պետություն» և չի կարող հայցել օժանդակություն սույն Կոնվենցիայի համաձայն:
8. Սույն Կոնվենցիայով սահմանված ոչ մի դրույթ չի խոչընդոտի, որ Մասնակից պետությունը իր ներպետական օրենսդրությամբ իր տարածքի սահմաններում իրականացնի հեռահաղորդակցական օժանդակությունը տնօրինելու, կարգավորելու, համակարգելու և վերահսկելու իր իրավունքը:
Հոդված 5
Արտոնություններ, անձեռնմխելիություն և առավելություններ
1. Հայցող Մասնակից պետությունը իր ներպետական օրենսդրության սահմաններում պետք է հեռահաղորդակցական օժանդակություն տրամադրելու նպատակով սույն Կոնվենցիայի համաձայն գործող և հայցող Մասնակից պետությանը ներկայացված և վերջինիս կողմից ընդունված` իր քաղաքացի չհանդիսացող անձանց ու իր տարածքում կենտրոնակայան կամ մշտական գրանցում չունեցող կազմակերպություններին իրենց գործառույթների պատշաճ իրականացման համար շնորհի անհրաժեշտ արտոնություններ, անձեռնմխելիություն և առավելություններ, որոնք առանց սահմանափակման կներառեն.
ա) անձեռնմխելիություն ազատազրկումից, ձերբակալությունից և հայցող Մասնակից պետության իրավազորությամբ սահմանված` քրեական, քաղաքացիական և վարչական դատավարությունից` հեռահաղորդակցման ապահովման հետ հատուկ և ուղղակի կապ ունեցող գործողության կամ անգործության համար.
բ) բացառությամբ ապրանքների և ծառայությունների գներում սովորաբար ներառված վճարումների` ազատում հարկերից, տուրքերից կամ այլ մուծումներից` կապված օժանդակություն տրամադրելու նպատակով գործառույթների իրականացման և հայցող Մասնակից պետության տարածքում գնված կամ այնտեղ ներկրված սարքավորումների և նյութերի հետ` սույն Կոնվենցիայի համաձայն հեռահաղորդակցական օժանդակություն ապահովելու համար.
գ) անձեռնմխելիություն հիշյալ սարքավորումների, նյութերի և գույքի բռնազավթումից, արգելանքից կամ բռնագրավումից:
2. Հայցող Մասնակից պետությունը պետք է իր հնարավորությունների սահմանում տրամադրի տեղական սարքավորումներ և ծառայություններ հեռահաղորդակցական օժանդակության պատշաճ և արդյունավետ մատուցման համար, այդ թվում` երաշխավորի, որ սույն Կոնվենցիայի համաձայն իր տարածք ներկրված հեռահաղորդակցական տեխնիկան անհապաղ կլիցենզավորվի կամ կազատվի լիցենզավորումից` համաձայն ներքին օրենքների և կանոնակարգերի:
3. Հայցող Մասնակից պետությունը պետք է երաշխավորի սույն Կոնվենցիայի համաձայն իր տարածք մուտք գործած անձնակազմի և ներկրված տեխնիկայի ու նյութերի պաշտպանությունը:
4. Սույն Կոնվենցիայի համաձայն տրամադրված տեխնիկայի և նյութերի նկատմամբ սեփականության իրավունքը պետք է սույն Կոնվենցիայով նախատեսված օգտագործման դեպքում մնա անփոփոխ: Հայցող Մասնակից պետությունը պետք է երաշխավորի հիշյալ տեխնիկայի, նյութերի և գույքի արագ վերադարձը համապատասխան օժանդակող Մասնակից պետության:
5. Հայցող Մասնակից պետությունը չպետք է սույն Կոնվենցիայի համաձայն տրամադրված հեռահաղորդակցական ռեսուրսների տեղակայումը կամ օգտագործումը ուղղի այնպիսի նպատակների, որոնք ուղղակի կերպով չեն առնչվում աղետների կանխատեսմանը, նախապատրաստմանը, արձագանքմանը, վերահսկմանը, նրանց հետևանքների մեղմացմանը կամ օգնության ցուցաբերմանը աղետների ժամանակ և դրանցից հետո:
6. Սույն Կոնվենցիայով սահմանված ոչ մի դրույթ որևէ հայցող Մասնակից պետությունից չի կարող պահանջել անձեռնմխելիություն կամ արտոնություններ տալ իր քաղաքացիներին կամ մշտական կացություն ունեցող անձանց, իր տարածքում կենտրոնակայան կամ մշտական գրանցում ունեցող կազմակերպություններին:
7. Չխախտելով սույն հոդվածով շնորհված արտոնություններն ու անձեռնմխելիությունը` սույն Կոնվենցիայի համաձայն հեռահաղորդակցական օժանդակություն տրամադրելու կամ հեռահաղորդակցական միջոցների օգտագործմանն այլ կերպ նպաստելու նպատակով Մասնակից պետության տարածք մուտք գործող բոլոր անձինք կամ սույն Կոնվենցիայի համաձայն հեռահաղորդակցական օժանդակություն տրամադրող կամ հեռահաղորդակցական ռեսուրսների օգտագործմանն այլ կերպ նպաստող կազմակերպությունները պարտավոր են հարգել տվյալ Մասնակից պետության օրենքներն ու կանոնակարգերը: Հիշյալ անձինք կամ կազմակերպությունները պետք է նաև պարտավոր լինեն չմիջամտել այն Մասնակից պետության ներքին գործերին, ուր մուտք են գործել:
8. Սույն հոդվածով սահմանված ոչ մի դրույթ չպետք է խախտի հեռահաղորդակցական օժանդակության տրամադրման գործում ուղղակի կամ անուղղակի մասնակցություն ունեցող անձանց և կազմակերպություներին այլ միջազգային պամանագրերով (այդ թվում` Գլխավոր ասամբլեայի կողմից 1946թ. փետրվարի 13-ին ընդունված` Միավորված ազգերի կազմակերպության արտոնությունների և անձեռնմխելիության մասին կոնվենցիայով և Գլխավոր ասամբլեայի կողմից 1947թ. նոյեմբերի 21-ին ընդունված` Մասնագիտացված կառույցների արտոնությունների ու անձեռնմխելիության մասին կոնվենցիայով) շնորհված` արտոնություններին կամ անձեռնմխելիությանն առնչվող իրավունքներն ու պարտականությունները:
Հոդված 6
Օժանդակության դադարեցումը
1. Հայցող Մասնակից պետությունը կամ օժանդակող Մասնակից պետությունը կարող է ցանկացած ժամանակ դադարեցնել 4-րդ հոդվածով նախատեսված կարգով ստացված կամ տրամադրված հեռահաղորդակցական օժանդակությունը` այդ մասին տալով գրավոր ծանուցում: Նման ծանուցման դեպքում համապատասխան Մասնակից պետությունները պետք է պատշաճ և արագ եզրակացություն տալու նպատակով խորհրդակցեն միմյանց հետ` չմոռանալով նման դադարեցման դեպքում մարդկային կյանքին սպառնացող վտանգների և աղետի ժամանակ շարունակաբար ցուցաբերվող օգնության մասին:
2. Սույն Կոնվենցիայի համաձայն հեռահաղորդակցական օժանդակություն տրամադրող կամ ստացող Մասնակից պետությունները պետք է օժանդակության դադարեցումից հետո շարունակեն ենթարկվել սույն Կոնվենցիայի պայմաններին:
3. Հեռահաղորդակցական օժանդակության դադարեցում հայցող ցանկացած Մասնակից պետություն պետք է այդ մասին ծանուցի աշխատանքային համակարգողին: Աշխատանքային համակարգողը պետք է տրամադրի այնպիսի օժանդակություն, որի մասին ներկայացվել է հայց, և որը անհրաժեշտ է հեռահաղորդակցական օժանդակությանը նպաստելու համար:
Հոդված 7
Ծախսերի կամ տուրքերի վճարումը կամ փոխհատուցումը
1. Մասնակից պետությունները կարող են պայմանավորվել աղետի մեղմացման և օգնության ցուցաբերման նպատակով սահմանված ծախսերի և տուրքերի վճարման և փոխհատուցման մասին համաձայնության շուրջ` երբեք չմոռանալով 8-րդ հոդվածի բովանդակությունը:
2. Նման պայմանի առկայության դեպքում Մասնակից պետությունները պետք է նախքան հեռահաղորդակցական օժանդակություն տրամադրելը գրավոր ձևակերպեն.
ա) վճարման կամ փոխհատուցման պահանջը.
բ) տվյալ վճարման կամ փոխհատուցման չափը կամ նրա հաշվարկման համար սահմանված պայմանները.
գ) տվյալ վճարման կամ փոխհատուցման դեպքում կիրառելի ցանկացած այլ պայման, այդ թվում` նաև վճարման կամ փոխհատուցման համար սահմանված արժույթը:
3. Սույն հոդվածի 2-րդ մասի «բ» և «գ» կետերով սահմանված պահանջները կարող են բավարարվել` հղումներ կատարելով հրապարակված սակագներին, դրույքաչափերին և գներին:
4. Որպեսզի վճարման և փոխհատուցման վերաբերյալ համաձայնագրերի շուրջ բանակցությունները անհարկի կերպով չհետաձգեն հեռահաղորդակցական օժանդակության տրամադրումը, աշխատանքային համակարգողը պետք է, Մասնակից պետությունների հետ խորհրդակցելով, մշակի վճարման և փոխհատուցման տիպային պայմանագիր, որը կարող է հիմք հանդիսանալ սույն հոդվածի համաձայն վճարման և փոխհատուցման պարտականությունների շուրջ բանակցությունների համար:
5. Ոչ մի Մասնակից պետություն պարտավոր չէ Կոնվենցիայի համաձայն կատարել որևէ վճարում կամ փոխհատուցում` առանց նախապես համաձայնելու օժանդակող Մասնակից պետության կողմից սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն սահմանված պայմաններին:
6. Եթե հեռահաղորդակցական օժանդակության տրամադրումը պատշաճ կերպով պայմանավորված է սույն հոդվածի համաձայն ծախսերի կամ տուրքերի վճարմամբ կամ փոխհատուցմամբ, ապա այդ վճարումը կամ փոխհատուցումը կատարվում է օժանդակող Մասնակից պետության կողմից վճարման կամ փոխհատուցման հայցը ներկայացվելուց անմիջապես հետո:
7. Հայցող Մասնակից պետության կողմից վճարվող կամ փոխհատուցվող միջոցները հեռահաղորդակցական օժանդակության տրամադրման հետ միասին կարող են ազատ փոխանցվել հայցող Մասնակից պետության իրավազորությունից դուրս: Նման փոխանցումը չպետք է ուշացվի կամ մերժվի:
8. Հեռահաղորդակցական օժանդակության տրամադրումը մատնանշված ծախսերը կամ տուրքերը վճարելու համաձայնությամբ պայմանավորելու նպատակահարմարությունը, այդ ծախսերի կամ տուրքերի չափը, դրանց վճարման կամ փոխհատուցման հետ կապված ժամկետները, պայմանները կամ սահմանափակումները որոշելիս Մասնակից պետությունները պետք է, ի թիվս այլ էական գործոնների, հաշվի առնեն.
ա) Միավորված ազգերի կազմակերպության սկզբունքները մարդասիրական օժանդակության վերաբերյալ.
բ) աղետի, վտանգավոր բնական երևույթի կամ մարդու առողջությանը սպառնացող վտանգի բնույթը.
գ) աղետի հետևանքները կամ հնարավոր հետևանքները.
դ) աղետի սկզբնաղբյուր հանդիսացող վայրը.
ե) աղետի հետևանքով վնասներ կրած կամ նրա հասցնելիք հնարավոր վնասների ենթակա վայրը.
զ) աղետի հետևանքով վնասներ կրած տարածքում նախկինում տեղի ունեցած աղետի դեպքերը և աղետների հետագա հավանականությունը.
է) աղետի, վտանգավոր բնական երևույթի կամ առողջությանը սպառնացող վտանգի հետևանքով վնասներ կրած յուրաքանչյուր պետության` նման միջադեպին պատրաստվելու և նրան արձագանքելու կարողությունը.
ը) զարգացող երկրների կարիքները:
9. Սույն հոդվածը կիրառվում է նաև այն իրավիճակներում, երբ հեռահաղորդակցական օժանդակություն տրամադրվում է ոչ պետական մարմնի կամ միջկառավարական կազմակերպության կողմից` պայմանով, որ.
ա) հայցող Մասնակից պետությունը համաձայնել է աղետի մեղմացման և օգնության ցուցաբերման նպատակով հեռահաղորդակցական օժանդակության տրամադրմանը և այն չի դադարեցրել.
բ) հիշյալ հեռահաղորդակցական աջակցությունը տրամադրող ոչ պետական մարմինը կամ միջկառավարական կազմակերպությունը հայցող Մասնակից պետությանը ծանուցել է 4-րդ և 5-րդ հոդվածների պայմանները կատարելու իր մտադրության մասին.
գ) սույն հոդվածի կիրառումը չի հակասում հայցող Մասնակից պետության և հիշյալ հեռահաղորդակցական աջակցությունը տրամադրող ոչ պետական մարմնի կամ միջկառավարական կազմակերպության հարաբերություններին:
Հոդված 8
Հեռահաղորդակցական օժանդակության վերաբերյալ տեղեկատվության գրանցում
1. Յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է աշխատանքային համակարգողին ծանուցի իր այն լիազոր մարմինների մասին, որոնք.
ա) պատասխանատու են սույն Կոնվենցիայի պայմանների շրջանակներում ծագող հարցերի համար և լիազորված են հայցելու, առաջարկելու և ընդունելու հեռահաղորդակցական օժանդակություն կամ դադարեցնելու նրա տրամադրումը.
բ) իրավասու են որոշելու այն կառավարական, միջկառավարական և/կամ ոչ կառավարական ռեսուրսները, որոնք կարող են աղետի մեղմացման և օգնության ցուցաբերման, այդ թվում` հեռահաղորդակցական օժանդակության տրամադրման նպատակով մատչելի դարձվել` հեռահաղորդակցական միջոցների օգտագործմանը նպաստելու համար:
2. Յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է գործադրի հնարավոր ամեն ջանք` աշխատանքային համակարգողին անհապաղ տեղեկացնելու համար սույն հոդվածի համաձայն տրամադրված տեղեկատվության մեջ ցանկացած փոփոխության մասին:
3. Աշխատանքային համակարգողը կարող է ընդունել ծանուցում ոչ պետական մարմնից կամ միջկառավարական կազմակերպությունից` սույն հոդվածով նախատեսված կարգով հեռահաղորդակցական օժանդակություն առաջարկելու կամ դադարեցնելու համար լիազորություններ տրամադրելու համապատասխան ընթացակարգերի մասին:
4. Մասնակից պետությունը, ոչ պետական մարմինը կամ միջկառավարական կազմակերպությունը կարող են, իրենց հայեցողությամբ, աշխատանքային համակարգողին իրենց կողմից ի պահ հանձնվող նյութերում ընդգրկել տեղեկատվություն առանձին հեռահաղորդակցական ռեսուրսների և այդ ռեսուրսներն օգտագործելու ծրագրերի մասին` ի պատասխան հայցող Մասնակից պետության հեռահաղորդակցական օժանդակություն ստանալու մասին խնդրանքին:
5. Աշխատանքային համակարգողը պետք է վարի լիազոր մարմինների բոլոր ցուցակների պատճենները և հիշյալ նյութերը շտապ տարածի Մասնակից պետություններին, այլ պետություններին և համապատասխան ոչ պետական մարմիններին ու միջկառավարական կազմակերպություններին, եթե որևէ Մասնակից պետություն, ոչ պետական մարմին կամ միջկառավարական կազմակերպություն նախապես գրավոր չի նշել այն մասին, որ իր նյութերի բաշխումը պետք է սահմանափակվի:
6. Աշխատանքային համակարգողը պետք է ոչ պետական մարմինների և միջկառավարական կազմակերպությունների կողմից ի պահ հանձնված նյութերին վերաբերվի այնպես, ինչպես Մասնակից պետությունների կողմից ի պահ հանձնված փաստաթղթերին:
Հոդված 9
Կանոնակարգային խոչընդոտներ
1. Մասնակից պետությունները պետք է, հնարավորության դեպքում և իրենց ներպետական օրենսդրությանը համապատասխան, նվազեցնեն կամ վերացնեն աղետի մեղմացման և օգնության ցուցաբերման նպատակով հեռահաղորդակցական միջոցների օգտագործման, այդ թվում` հեռահաղորդակցական աջակցության տրամադրման հետ կապված կանոնակարգային խոչընդոտները:
2. Կանոնակարգային խոչընդոտների շարքին կարող են ի թիվս այլ խոչընդոտների դասվել.
ա) հեռահաղորդակցական տեխնիկայի ներմուծումը կան արտահանումը սահմանափակող կանոնակարգեր.
բ) հեռահաղորդակցական սարքավորումների օգտագործումը կամ ռադիոհաճախականությունների տիրույթի օգտագործումը սահմանափակող կանոնակարգեր.
գ) հեռահաղորդակցական սարքավորումները շահագործող կամ դրանց արդյունավետ օգտագործման համար էական նշանակություն ունեցող անձնակազմի տեղաշարժը սահմանափակող կանոնակարգեր.
դ) Մասնակից պետության տարածք, այդ տարածքից դուրս կամ նրա միջով հեռահաղորդակցական ռեսուրսների փոխանցումը սահմանափակող կանոնակարգեր և
ե) նման կանոնակարգերի կիրարկման հետ կապված խոչընդոտներ:
3. Կանոնակարգային խոչընդոտների նվազեցումը կարող է արտահայտվել, բայց սահմանափակված չլինել հետևյալով.
ա) կանոնակարգերի վերանայում.
բ) աղետի մեղմացման և օգնության ցուցաբերման նպատակով այդ ռեսուրսների օգտագործման ժամանակ նրանց նկատմամբ կանոնակարգերի գործողության չտարածում.
գ) այդ կանոնակարգերի համաձայն հեռահաղորդակցական ռեսուրսների նախնական մաքսազերծում աղետի մեղմացման և օգնության ցուցաբերման նպատակով.
դ) հեռահաղորդակցական տեխնիկայի և/կամ շահագործման` այլ երկրներում հաստատված լիցենզիաների ճանաչում.
ե) այդ կանոնակարգերի համաձայն` հեռահաղորդակցական ռեսուրսների արագացված զննում աղետի մեղմացման և օգնության ցուցաբերման նպատակով.
զ) նշված կանոնակարգերի ժամանակավոր կասեցում աղետի մեղմացման և օգնության ցուցաբերման նպատակով հեռահաղորդակցական ռեսուրսների օգտագործման համար:
4. Յուրաքանչյուր Մասնակից պետություն ցանկացած այլ Մասնակից պետության խնդրանքով և իր ներպետական օրենսդրությամբ ընձեռված հնարավորությունների շրջանակներում պետք է հեշտացնի աղետի հետևանքների մեղմացման և օգնության ցուցաբերման նպատակով իր պետության տարածք, այդ տարածքից դուրս կամ նրա միջով` հեռահաղորդակցական ռեսուրսների օգտագործման մեջ ներգրավված անձնակազմի և համապատասխան տեխնիկայի, նյութերի ու տեղեկատվության փոխադրումը:
5. Յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է աշխատանքային համակարգողին և մյուս Մասնակից պետություններին անմիջականորեն կամ աշխատանքային համակարգողի միջոցով ծանուցի.
ա) կանոնակարգային խոչընդոտները նվազեցնելու կամ վերացնելու նպատակով սույն Կոնվենցիայի համաձայն ձեռնարկվելիք միջոցառումների մասին.
բ) աղետի մեղմացման և օգնության ցուցաբերման նպատակով Մասնակից պետություններին, մյուս պետություններին, ոչ պետական մարմիններին և/կամ միջկառավարական կազմակերպություններին սույն Կոնվենցիայով ապահովվող` նման կանոնակարգերի կիրառումից, նախնական մաքսազերծումից կամ նման ռեսուրսների արագացված զննումից ազատելու, օտար երկրներում հաստատված հիշյալ ռեսուրսներն ընդունելու կամ նման ռեսուրսների նկատմամբ այլ կերպ կիրառելի կանոնակարգերը ժամանակավոր կասեցնելու վերաբերյալ ընթացակարգերի մասին.
գ) հիշյալ ընթացակարգերին առնչվող պայմանների և սահմանափակումների մասին, եթե այդպիսիք կան:
6. Աշխատանքային համակարգողը պետք է կանոնավոր և արագ կերպով Մասնակից պետություններին, մյուս պետություններին և միջկառավարական կազմակերպություններին ներկայացնի նման միջոցառումների ցանկը, ուր ընդգրկված կլինեն վերջիններիս գործողության շրջանակները, պայմանները և սահմանափակումները, եթե այդպիսիք կան:
7. Սույն հոդվածի ոչ մի դրույթով չպետք է թույլատրվի խախտել կամ չեղյալ ճանաչել ազգային օրենսդրությամբ, միջազգային իրավունքով կամ բազմակողմանի կամ երկկողմանի միջազգային պայմանագրերով պարտադրված պարտականությունները:
Հոդված 10
Կապը այլ միջազգային պայմանագրերի հետ
Սույն Կոնվենցիան չի տարածվում Մասնակից պետությունների` այլ պայմանագրերից կամ միջազգային իրավունքից բխող իրավունքների և պարտականությունների վրա:
Հոդված 11
Վեճերի կարգավորում
1. Մասնակից պետությունների միջև սույն Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման հետ կապված վեճի դեպքում վեճում ներգրավված Մասնակից պետությունները պետք է խորհրդակցեն միմյանց հետ` վեճը կարգավորելու նպատակով: Նշված խորհրդակցությունները պետք է սկսվեն Մասնակից պետության կողմից մեկ այլ Մասնակից պետությանը հանձնված` սույն Կոնվենցիայի շրջանակներում առկա վեճի մասին գրավոր հայտարարությունն ստանալուց անմիջապես հետո: Վեճի առկայության մասին նման գրավոր հայտարարություն անող Մասնակից պետությունը պետք է տվյալ հայտարարության պատճենն անհապաղ հանձնի ավանդապահին:
2. Եթե Մասնակից պետությունների միջև վեճը չի հաջողվում կարգավորել գրավոր հայտարարությունը Մասնակից պետությանը հանձնելուց հետո` վեց (6) ամսվա ընթացքում, վեճում ներգրավված Մասնակից պետությունները կարող են խնդրել ցանկացած այլ Մասնակից պետության, ոչ պետական մարմնի կամ միջկառավարական կազմակերպության տրամադրել բարի ծառայություններ` վեճի կարգավորմանը նպաստելու համար:
3. Եթե Մասնակից պետություններից ոչ մեկը չի ակնկալում բարի ծառայություններ այլ Մասնակից պետությունից կամ ցանկացած այլ պետությունից կամ ոչ պետական մարմնից, կամ եթե բարի ծառայությունների տրամադրմամբ չի հաջողվում նպաստել վեճի կարգավորմանը բարի ծառայություններ տրամադրելու մասին հայցը ներկայացնելուց հետո` վեց (6) ամսվա ընթացքում, վեճում ներգրավված Մասնակից պետություններից յուրաքանչյուրը կարող է.
ա) պահանջել, որ վեճը ներկայացվի պարտադիր կատարում պահանջող արբիտրաժային դատավարության, կամ
բ) ներկայացնել վեճը Արդարադատության միջազգային դատարան` որոշում կայացնելու նպատակով, եթե սույն Կոնվենցիայի ստորագրման, վավերացման կամ նրան միանալու պահին կամ դրանից հետո` ցանկացած ժամանակ, վեճում ներգրավված երկու Մասնակից պետություններն էլ ընդունել են Արդարադատության միջազգային դատարանի իրավասությունը նման վեճերի նկատմամբ:
4. Եթե վեճում ներգրավված համապատասխան Մասնակից պետությունները պահանջեն, որ վեճը ներկայացվի պարտադիր կատարում պահանջող արբիտրաժային դատավարության, և այդ վեճը որոշում կայացնելու նպատակով ներկայացնեն Արդարադատության միջազգային դատարանին, նախապատվությունը կտրվի Արդարադատության միջազգային դատարան ներկայացված հայցին:
5. Հեռահաղորդակցական օժանդակություն հայցող Մասնակից պետության և այդ Մասնակից պետության տարածքից դուրս կենտրոնակայան կամ մշտական գրանցում ունեցող ոչ պետական կառույցի կամ միջկառավարական կազմակերպության միջև` 4-րդ հոդվածի համաձայն հեռահաղորդակցական օժանդակության տրամադրմանն առնչվող որևէ վեճի դեպքում ոչ պետական մարմնի կամ միջկառավարական կազմակերպության պահանջը կարող է տվյալ ոչ պետական կազմակերպությանը կենտրոնակայան տրամադրող կամ նրան մշտական գրանցում տվող Մասնակից պետության կողմից ուղղակի կերպով հիմնավորվել որպես, սույն հոդվածի համաձայն, մի պետությունից մեկ այլ պետության և այդ վեճում ներգրաված ոչ պետական մարմնի կամ միջկառավարական կազմակերպությանը ներկայացված պահանջ` պայմանով, որ հիշյալ հիմնավորումը չի հակասում վեճում ներգրավված Մասնակից պետության և պետական մարմնի կամ միջկառավարական կազմակերպության միջև կնքված որևէ պայմանագրի:
6. Սույն Կոնվենցիան ստորագրելիս, վավերացնելիս, ընդունելիս, հաստատելիս կամ նրան միանալիս պետությունը կարող է հայտարարել, որ իրեն պարտավորված չի համարում սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված` վեճերի կարգավորման ընթացակարգերից որևէ մեկով կամ միաժամանակ երկուսով: Մյուս Մասնակից պետությունները պարտավորված չեն լինի պահպանել սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված` վեճերի կարգավորման ընթացակարգերը այն Մասնակից պետության նկատմամբ, որի համար այդ հայտարարությունն ուժի մեջ է:
Հոդված 12
Ուժի մեջ մտնելը
1. Սույն Կոնվենցիան բաց է Միավորված ազգերի կազմակերպության ցանկացած Անդամ պետության կամ Հեռաղորդակցության միջազգային միության անդամ հանդիսացող բոլոր պետությունների ստորագրման համար` 1998 թ. հունիսի 18-ին, Տամպերեում, իսկ այնուհետև` 1998 թ. հունիսի 22-ից մինչև 2003 թ. հունիսի 3-ը, Միավորված ազգերի կազմակերպության Նյու Յորքի կենտրոնակայաններում` հեռահաղորդակցության հարցերով միջկառավարական կոնֆերանսի ժամանակ:
2. Պետությունը կարող է Կոնվենցիայի պարտադիր ուժն ընդունելու մասին համաձայնությունը հայտնել.
ա) ստորագրությամբ (վերջնական ստորագրություն).
բ) վավերացման, ընդունման կամ հաստատման ենթակա ստորագրությամբ, որին կհաջորդի վավերագրի, ընդունման կամ հաստատման փատաթղթերի ի պահ հանձնումը.
դ) միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելով:
3. Կոնվենցիան ուժի մեջ է մտնում երեսուն (30) պետությունների կողմից վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միացման մասին փաստաթղթերն ի պահ հանձնվելուց 30 օր հետո:
4. Սույն Կոնվենցիան վերջնականապես ստորագրող կամ վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միացման մասին փաստաթղթերը ի պահ հանձնող յուրաքանչյուր պետության համար սույն հոդվածի 3-րդ մասում սահմանված պայմանները կատարելուց հետո այն ուժի մեջ է մտնում սույն Կոնվենցիան ստորագրելուց կամ նրա պարտադիր ուժն ընդունելու մասին համաձայնությունը հայտնելուց երեսուն (30) օր հետո:
Հոդված 13
Փոփոխություններ
1. Մասնակից պետությունը կարող է փոփոխություններ առաջարկել սույն Կոնվենցիայում: Այդ փոփոխությունները պետք է տվյալ Մասնակից պետության կողմից ներկայացվեն ավանդապահին, որը դրանց մասին կհաղորդի մյուս Մասնակից պետություններին` վերջիններիս հավանությունը ստանալու նպատակով:
2. Մասնակից պետությունները պետք է ավանդապահին ծանուցեն առաջարկված փոփոխություններին հավանություն տալու կամ չտալու մասին դրանք ստանալուց հետո հարյուր ութսուն (180) օրվա ընթացքում:
3. Բոլոր Մասնակից պետությունների երկու երրորդի կողմից հավանության արժանացած ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի արձանագրությամբ, որը բաց է բոլոր Մասնակից պետությունների ստորագրման համար:
4. Արձանագրությունն ուժի մեջ է մտնում այն նույն կարգով, ինչ սույն Կոնվենցիան: Արձանագրությունը վերջնականապես ստորագրող կամ վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միացման փաստաթղթերը ի պահ հանձնող յուրաքանչյուր պետության համար Արձանագրության ուժի մեջ մտնելու համար պահանջվող պայմանները կատարելուց հետո Արձանագրությունը տվյալ պետության համար ուժի մեջ է մտնում վերջնական ստորագրությունից կամ նրա պարտադիր ուժն ընդունելու մասին համաձայնությունը հայտնելուց երեսուն (30) օր հետո:
Հոդված 14
Վերապահումներ
1. Սույն Կոնվենցիան կամ նրանում արված ցանկացած փոփոխություն վերջնականապես ստորագրելիս, վավերացնելիս կամ նրանց միանալիս Մասնակից պետությունը կարող է անել վերապահումներ:
2. Մասնակից պետությունը կարող է ցանկացած ժամանակ հետ վերցնել նախօրոք արված վերապահումը` ավանդապահին ներկայացնելով գրավոր ծանուցում: Հիշյալ եղանակով վերապահումը հետ վերցնելն ուժի մեջ է մտնում ծանուցումը ավանդապահին ներկայացնելուց անմիջապես հետո:
Հոդված 15
Դադարեցում
1. Մասնակից պետությունը կարող է դադարեցնել սույն Կոնվենցիան` ավանդապահին ներկայացնելով գրավոր ծանուցում:
2. Դադարեցումն ուժի մեջ է մտնում գրավոր ծանուցումը ներկայացնելուց իննսուն (90) օր հետո:
3. Կոնվենցիան դադարեցնող Մասնակից պետության խնդրանքով` նրա կողմից տրամադրված լիազոր մարմինների և կանոնակարգային խոչընդոտների նվազեցման նպատակով ընդունված միջոցառումների և ընթացակարգերի ցանկերի բոլոր պատճենները հանվում են օգտագործումից նախքան դադարեցման ուժի մեջ մտնելը:
Հոդված 16
Ավանդապահ
Սույն Կոնվենցիայի ավանդապահ է հանդիսանում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը:
Հոդված 17
Նույնական տեքստեր
Սույն Կոնվենցիայի բնօրինակը, որի արաբերեն, չինարեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն և իսպաներեն տեքստերը հավասարապես նույնական են, ի պահ է հանձնվում ավանդապահին: Տամպերեում միայն անգլերեն, ֆրանսերեն և իսպաներեն նույնական տեքստերը կներկայացվեն ստորագրության 1998 թվականի հունիսի 18-ին: Ավանդապահը պետք է հետագայում` հնարավորինս սեղմ ժամկետում, նախապատրաստի արաբերեն, չինարեն և ռուսերեն նույնական տեքստերը:
Կոնվենցիան ՀՀ-ի համար ուժի մեջ է մտել 2008 թ. ապրիլի 24-ին։
Ց Ա Ն Կ
Աղետի մեղմացման և օգնության ցուցաբերման նպատակով հեռահաղորդակցման ռեսուրսների տրամադրման մասին Տամպերեի կոնվենցիայի մասնակից պետությունների
Պետություն |
Ստորագրել է |
Վավերացրել է/Միացել է |
Արգենտինա |
11.05.1999 |
05.07.2007 |
Հայաստան |
24.04.2008 | |
Բարբադոս |
25.07.2003 | |
Բենին |
18.06.1998 |
|
Բրազիլիա |
12.03.1999 |
|
Բուլղարիա |
22.09.1999 |
20.06.2000 |
Բուրունդի |
18.08.1998 |
|
Կանադա |
15.06.1999 |
18.05.2001 |
Չադ |
20.10.1999 |
|
Չիլի |
18.06.1999 |
|
Կոլոմբիա |
12.06.2008 | |
Կոնգո |
18.06.1998 |
|
Կոստա Ռիկա |
20.06.2003 |
|
Չեխիա |
04.09.2002 |
17.06.2003 |
Կիպրոս |
18.06.1998 |
14.07.2000 |
Դանիա |
18.06.1998 |
02.06.2003 |
Դոմինիկա |
26.12.2000 | |
Էլ Սալվադոր |
09.08.2000 |
18.04.2002 |
Էստոնիա |
25.05.1999 |
|
Ֆինլանդիա |
18.06.1998 |
01.04.1999 |
Գաբոն |
27.04.2001 |
|
Գերմանիա |
18.06.1998 |
|
Գանա |
18.06.1998 |
|
Գվինեա |
08.10.2002 | |
Հաիթի |
11.02.1999 |
|
Հոնդուրաս |
25.02.1999 |
|
Հունգարիա |
20.06.2003 |
07.04.2004 |
Իսլանդիա |
20.06.2003 |
|
Հնդկաստան |
29.11.1999 |
29.11.1999 |
Իռլանդիա |
16.08.2007 | |
Իտալիա |
18.06.1998 |
|
Քենիա |
18.06.1998 |
12.02.2003 |
Քուվեյթ |
18.06.1998 |
13.06.2003 |
Լիբանան |
17.11.1998 |
27.01.2006 |
Լիբերիա |
16.09.2005 | |
Լիխտենշտեյն |
08.06.2004 | |
Լիտվա |
09.12.2004 | |
Մադագասկար |
12.09.2002 |
|
Մալի |
18.06.1998 |
|
Մալթա |
18.06.1998 |
|
Մարշալյան կղզիներ |
11.11.1998 |
|
Մավրիտանիա |
18.06.1998 |
|
Մոնղոլիա |
18.06.1998 |
|
Մարոկկո |
01.12.1998 |
11.03.2003 |
Նեպալ |
23.04.1999 |
|
Նիդեռլանդներ |
19.12.2000 |
06.07.2001 |
Նիկարագուա |
18.06.1998 |
08.11.1999 |
Նիգերիա |
18.06.1998 |
|
Օման |
19.08.1999 |
16.04.2003 |
Պանամա |
20.09.2001 |
05.03.2003 |
Պերու |
14.01.1999 |
27.10.2003 |
Լեհաստան |
18.06.1998 |
|
Պորտուգալիա |
18.06.1998 |
|
Ռումինիա |
18.06.1998 |
17.11.2005 |
Ռուսաստանի Դաշնություն |
14.03.2002 |
|
Սենեգալ |
20.11.1998 |
|
Սլովակիա |
16.02.2000 |
06.02.2001 |
Իսպանիա |
27.02.2006 |
|
Շրի Լանկա |
05.08.1999 |
13.10.1999 |
Սենտ Լուսիա |
31.01.2000 |
|
Սենթ Վիսենտ և Գրենադի |
14.08.2003 | |
Սուդան |
04.12.1998 |
|
Շվեդիա |
10.06.2003 |
13.09.2004 |
Շվեյցարիա |
18.06.1998 |
24.04.2002 |
Տաջիկստան |
18.06.1998 |
|
Նախկին |
03.12.1998 |
|
Տոնգա |
|
08.05.2003 |
Ուգանդա |
28.10.1998 |
05.09.2002 |
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանիայի Միացյալ Թագավորություն |
|
18.06.2003 |
Ամերիկայի |
17.11.1998 |
|
Ուրուգվայ |
13.05.2003 |
|
Ուզբեկստան |
06.10.1998 |
|
Վենեսուելլա |
03.04.2003 |
13.05.2005 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|