Գլխավոր տեղեկություն
Տիպ
Կոնվենցիա
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.10.1993-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՄՊՀՀՊՏ 2008/Հատուկ թողարկում
Ընդունող մարմին
Միավորված Ազգերի Կազմակերպություն (ՄԱԿ)
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.10.1993

ԿՈՆՎԵՆՑԻԱ

 

ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ*

 

Նախաբան

 

Բարձր պայմանավորվող կողմերը,

հաշվի առնելով, որ Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրությունը և 1948թ. դեկտեմբերի 10-ին Գլխավոր ասամբլեայի հաստատած Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը հռչակել են այն սկզբունքը, թե բոլոր մարդիկ անխտիր օգտվում են հիմնարար իրավունքներից ու ազատություններից,

հաշվի առնելով, որ Միավորված ազգերի կազմակերպությունը զանազան առիթներով իր խորը մտահոգությունն է արտահայտել փախստականների նկատմամբ և ջանացել նրանց համար ապահովել այդ հիմնարար իրավունքների ու ազատությունների հնարավորինս լայն իրականացումը,

հաշվի առնելով, որ ցանկալի է վերանայել ու ամրապնդել փախստականների կարգավիճակի վերաբերյալ միջազգային նախկին համաձայնագրերը և նման փաստաթղթերի շրջանակն ու դրանցով տրամադրվող պաշտպանությունն ընդլայնել նոր համաձայնագրով,

հաշվի առնելով, որ ապաստանի տրամադրումը կարող է անհարկի ծանր բեռ լինել որոշ երկրների համար և որ, հետևաբար, հիմնախնդրի բավարար լուծումը, որի միջազգային շրջանակներն ու բնույթը ճանաչել է Միավորված ազգերի կազմակերպությունը, չի կարող ձեռք բերվել առանց միջազգային համագործակցության,

արտահայտելով ցանկություն, որ բոլոր պետությունները, ճանաչելով փախստականների հիմնախնդրի սոցիալական ու մարդասիրական բնույթը, իրենց իշխանության շրջանակներում անեն ամեն ինչ՝ կանխելու այս հիմնախնդրի վերածումը պետությունների միջև լարվածության պատճառի,

նշելով, որ Միավորված ազգերի կազմակերպության Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը կոչված է վերահսկելու փախստականների պաշտպանություն նախատեսող միջազգային կոնվենցիաները և ընդունելով, որ այս խնդրի լուծման համար կիրառվող միջոցառումների արդյունավետ համակարգումը կախված է պետությունների ու Գերագույն հանձնակատարի համագործակցությունից,

համաձայնել են ներքոհիշյալի շուրջ.

 

Գլուխ 1

Ընդհանուր դրույթներ

 

Հ ո դ վ ա ծ 1

 

«Փախստական» հասկացության սահմանումը

 

Ա. Սույն Կոնվենցիայի նպատակների համար «փախստական» հասկացությունը կիրառվում է ցանկացած անձի նկատմամբ, ով.

(1) փախստական է համարվել ըստ 1926թ. մայիսի 12-ի և 1928թ. հունիսի 30-ի համաձայնագրերի կամ ըստ 1933թ. հոկտեմբերի 28-ի և 1938թ. փետրվարի 10-ի կոնվենցիաների, 1939թ. սեպտեմբերի 14-ի արձանագրության կամ Փախստականների հարցերով միջազգային կազմակերպության կանոնադրության։

Փախստական համարվելու իրավունքը մերժելու մասին Փախստականների հարցերով միջազգային կազմակերպության կողմից իր գործունեության ընթացքում կայացրած որոշումները չեն խոչընդոտում այն անձանց փախստականի կարգավիճակ տրամադրելուն, ովքեր բավարարում են այս բաժնի 2-րդ կետի պայմանները,

(2) մինչև 1951թ. հունվարի 1-ը տեղի ունեցած իրադարձությունների և ռասայի, կրոնի, քաղաքացիության, որոշակի սոցիալական խմբի կամ քաղաքական կարծիքի հարելու պատճառով հետապնդվելու հիմնավորված երկյուղի հետևանքով գտնվում է իր քաղաքացիության երկրից դուրս և անկարող է կամ, նման երկյուղի պատճառով, չի ցանկանում օգտվել այդ երկրի պաշտպանությունից, կամ նա, ով, չունենալով քաղաքացիություն և նման իրադարձությունների հետևանքով գտնվելով իր նախկին մշտական բնակության երկրից դուրս, անկարող է կամ, նման երկյուղի պատճառով, չի ցանկանում վերադառնալ այնտեղ։

Այն դեպքում, երբ անձն ունի մեկից ավելի քաղաքացիություն, «իր քաղաքացիության երկիր» արտահայտությունը նշանակում է այդ երկրներից յուրաքանչյուրը, որի քաղաքացին է նա, և այդ անձը չի համարվում իր քաղաքացիության երկրի պաշտպանությունը կորցրած, եթե, առանց հիմնավորված երկյուղի որևէ հիմնավոր պատճառի, չի ընդունել այն երկրներից մեկի պաշտպանությունը, որի քաղաքացին է ինքը։

Բ. (1) Սույն Կոնվենցիայի նպատակների համար Ա բաժնի 1-ին հոդվածի «մինչև 1951թ. հունվարի 1-ը տեղի ունեցած իրադարձություններ» բառերը նշանակում են.

(ա) «Եվրոպայում մինչև 1951թ. հունվարի 1-ը տեղի ունեցած իրադարձություններ», կամ

(բ) «Եվրոպայում կամ այլուր մինչև 1951թ. հունվարի 1-ը տեղի ունեցած իրադարձություններ»,

և Պայմանավորվող յուրաքանչյուր պետություն ստորագրման, վավերացման կամ միանալու պահին հայտարարություն է կատարում, նշելով, թե ինքն այդ իմաստներից որն է կիրառում սույն Կոնվենցիայով իր պարտավորությունների նպատակի համար։

(2) Պայմանավորվող ցանկացած պետություն, որն ընդունել է (ա) տարբերակը, կարող է ցանկացած ժամանակ ընդլայնել իր պարտավորությունները՝ (բ) տարբերակի ընդունումով՝ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ուղղված ծանուցման միջոցով։

Գ. Սույն Կոնվենցիայի դրույթները դադարում են կիրառվել Ա բաժնի հասկացություններին համապատասխանող ցանկացած անձի նկատմամբ, եթե նա.

(1) կամավոր կերպով կրկին օգտվել է իր քաղաքացիության երկրի պաշտպանությունից, կամ

(2) կորցրած լինելով իր քաղաքացիությունը, կամավոր կերպով կրկին ձեռք է բերել այն, կամ

(3) ձեռք է բերել նոր քաղաքացիություն և օգտվում է իր նոր քաղաքացիության երկրի պաշտպանությունից, կամ

(4) կամավոր կերպով վերահաստատվել է այն երկրում, որը լքել էր կամ որից դուրս գտնվում էր հետապնդման երկյուղի պատճառով, կամ

(5) այլևս չի կարող շարունակել հրաժարվել իր քաղաքացիության երկրի պաշտպանությունից, որովհետև այն հանգամանքները, որոնց կապակցությամբ նա ճանաչվել էր փախստական, դադարել են գոյություն ունենալ, պայմանով, որ այս կետը չի կիրառվում սույն հոդվածի Ա (1) բաժնին համապատասխանող փախստականի նկատմամբ, որն ի վիճակի է վկայակոչելու նախկին հետապնդումից բխող բավարար պատճառներ՝ հրաժարվելու իր քաղաքացիության երկրի պաշտպանությունից,

(6) լինելով քաղաքացիություն չունեցող անձ՝ ի վիճակի է վերադառնալ իր նախկին մշտական բնակության երկիրը, քանի որ այն հանգամանքները, որոնց կապակցությամբ նա ճանաչվել է փախստական, դադարել են գոյություն ունենալ, պայմանով, որ այս կետը չի կիրառվում սույն հոդվածի Ա (1) բաժնին համապատասխանող փախստականի նկատմամբ, որն ի վիճակի է վկայակոչելու նախկին հետապնդումից բխող բավարար պատճառներ՝ հրաժարվելու իր մշտական բնակության երկրի պաշտպանությունից։

Դ. Սույն Կոնվենցիան չի կիրառվում այն անձանց նկատմամբ, ովքեր ներկայումս պաշտպանություն կամ օգնություն են ստանում Միավորված ազգերի կազմակերպության մարմիններից կամ հաստատություններից, բացի Միավորված ազգերի կազմակերպության Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարից։

Եթե նման պաշտպանությունն ու օգնությունը որևէ պատճառով դադարեցվել են առանց այդ անձանց կարգավիճակի հստակ կարգավորման ըստ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի ընդունած համապատասխան որոշումների, այս անձինք ipso facto օժտվում են սույն Կոնվենցիայից բխող իրավունքներով։

Ե. Սույն Կոնվենցիայի դրույթները չեն կիրառվում այն անձի նկատմամբ, որն այն երկրի իրավասու մարմինների կողմից, որտեղ նա ունեցել է բնակության վայր, ճանաչվել է այդ երկրի քաղաքացիությունն ունենալու հետ կապված իրավունքներ ու պարտականություններ ունեցող։

Զ. Սույն Կոնվենցիայի դրույթները չեն կիրառվում այն անձի նկատմամբ, որի վերաբերյալ լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ նա.

(ա) կատարել է հանցագործություն ընդդեմ խաղաղության, պատերազմական հանցագործություն կամ մարդկության դեմ ուղղված հանցագործություն, ինչպես դրանք սահմանված են նման հանցագործությունների կապակցությամբ միջոցառումներ ձեռնարկելու նպատակով ստեղծված միջազգային փաստաթղթերում,

(բ) կատարել է ոչ քաղաքական բնույթի ծանր հանցագործություն ապաստան տված երկրից դուրս՝ նախքան որպես փախստական այդ երկիր ընդունվելը,

(գ) մեղավոր է ճանաչվել Միավորված ազգերի կազմակերպության նպատակներին ու սկզբունքներին հակասող արարքներ կատարելու մեջ։

 

Հ ո դ վ ա ծ  2

 

Ընդհանուր պարտավորությունները

 

Յուրաքանչյուր փախստական իրեն ապաստան տված երկրի հանդեպ ունի պարտականություններ, որոնք, մասնավորապես, պահանջում են, որ նա ենթարկվի այդ երկրի օրենքներին ու ենթաօրենսդրական ակտերին, ինչպես նաև հասարակական կարգի պահպանմանն ուղղված միջոցառումներին։

 

Հ ո դ վ ա ծ  3

 

Խտրականության անթույլատրելիությունը

 

Պայմանավորվող պետությունները սույն Կոնվենցիայի դրույթները փախստականների նկատմամբ կիրառում են՝ առանց ռասայի, կրոնի կամ ծագման երկրի հիմքով խտրականության։

Հ ո դ վ ա ծ  4

 

Կրոնական համոզմունքը

 

Պայմանավորվող պետություններն իրենց տարածքում գտնվող փախստականներին սեփական կրոնն ազատորեն դավանելու և սեփական երեխաների կրոնական ազատ դաստիարակության հարցում ցուցաբերում են առնվազն նույնքան բարեհաճ վերաբերմունք, որքան իրենց քաղաքացիներին։

 

Հ ո դ վ ա ծ  5

 

Սույն Կոնվենցիայից դուրս տրամադրվող իրավունքները

 

Սույն Կոնվենցիայում ոչինչ չի խոչընդոտում այն իրավունքներին և արտոնություններին, որոնք Պայմանավորվող պետությունը փախստականներին տրամադրում է սույն Կոնվենցիայից դուրս։

 

Հ ո դ վ ա ծ  6

 

«Միևնույն հանգամանքներում» հասկացությունը

 

Սույն Կոնվենցիայի նպատակի համար «միևնույն հանգամանքներում» հասկացությունը նշանակում է, որ ցանկացած պահանջ (ներառյալ ժամանակավոր բնակությանը կամ բնակության տևողությանը կամ պայմաններին վերաբերող պահանջները), որը տվյալ անհատը խնդրո առարկա իրավունքից օգտվելու համար պետք է բավարարեր փախստական չլինելու դեպքում, պետք է բավարարվի նրա կողմից, բացառությամբ այն պահանջների, որոնք իրենց բնույթով չեն կարող բավարարվել փախստականի կողմից։

 

Հ ո դ վ ա ծ  7

 

Ազատումը փոխադարձության սկզբունքից

 

1. Բացառությամբ այն դեպքերի, երբ սույն Կոնվենցիան բովանդակում է ավելի բարենպաստ դրույթներ, Պայմանավորվող պետությունը փախստականներին հատկացնում է նույն վերաբերմունքը, ինչ օտարերկրացիներին։

2. Երեք տարվա բնակությունից հետո բոլոր փախստականներն ազատվում են օրենսդրորեն սահմանված փոխադարձության պահանջից Պայմանավորվող պետությունների տարածքում։

3. Պայմանավորվող յուրաքանչյուր պետություն շարունակում է փախստականներին տրամադրել նույն իրավունքներն ու արտոնությունները, որոնցով նրանք արդեն օժտված էին, փոխադարձության բացակայության դեպքում, սույն Կոնվենցիայի՝ այդ պետության համար ուժի մեջ մտնելու օրը։

4. Պայմանավորվող պետությունները բարեհաճորեն են վերաբերում փախստականներին, փոխադարձության բացակայության դեպքում, բացի 2-րդ և 3-րդ կետերով տրամադրվող իրավունքներից ու արտոնություններից, այլ իրավունքներ ու արտոնություններ տրամադրելու և փոխադարձությունից ազատումն այն փախստականների վրա տարածելու հնարավորությանը, որոնք չեն բավարարում 2-րդ և 3-րդ կետերում նշված պայմանները։

5. 2-րդ և 3-րդ կետերի դրույթները կիրառվում են ինչպես սույն Կոնվենցիայի 13, 18, 19, 21 և 22-րդ հոդվածներում նշված իրավունքների ու արտոնությունների, այնպես էլ այն իրավունքների ու արտոնությունների նկատմամբ, որոնք սույն Կոնվենցիայով նախատեսված չեն։

 

Հ ո դ վ ա ծ  8

 

Ազատումը բացառիկ միջոցառումներից

 

Այն բացառիկ միջոցառումները, որոնք կարող են կիրառվել ընդդեմ օտար պետության քաղաքացիների անձի, սեփականության կամ շահերի, Պայմանավորվող պետությունները չեն կիրառում այն փախստականի նկատմամբ, որը ձևականորեն տվյալ պետության քաղաքացի է՝ ելնելով զուտ քաղաքացիությունից։ Պայմանավորվող պետությունները, որոնց օրենսդրությունը թույլ չի տալիս սույն հոդվածում արտահայտված ընդհանուր սկզբունքի կիրառումը, համապատասխան դեպքերում նախատեսում են ազատում ի շահ նման փախստականների։

 

Հ ո դ վ ա ծ  9

 

Ժամանակավոր միջոցառումները

 

Սույն Կոնվենցիայում ոչինչ չի խոչընդոտում Պայմանավորվող պետությանը՝ պատերազմի ժամանակ կամ այլ արտակարգ ու բացառիկ հանգամանքներում որոշակի անձի նկատմամբ ձեռնարկելու ժամանակավոր միջոցառումներ, որոնք նա էական է համարում ազգային անվտանգության համար, քանի դեռ տվյալ պետությունը չի որոշել, որ հիշյալ անձն իսկապես փախստական է, և նրա դեպքում նման միջոցառումների շարունակականությունն անհրաժեշտ է ի շահ ազգային անվտանգության։

 

Հ ո դ վ ա ծ  10

 

Բնակության անընդհատությունը

 

1. Եթե փախստականը երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բռնի տեղահանվել ու տեղափոխվել է Պայմանավորվող պետության տարածք և բնակվում է այնտեղ, ապա նման ստիպողական բնակեցման ժամանակահատվածը համարվում է օրինական բնակություն տվյալ տարածքում։

2. Եթե փախստականը երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բռնի կերպով տեղահանվել է Պայմանավորվող պետության տարածքից և, նախքան սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելը, վերադարձել է այնտեղ՝ բնակություն հաստատելու նպատակով, ապա նման ստիպողական տեղահանմանը նախորդած և հաջորդած բնակության ժամանակահատվածները համարվում են մեկ անընդհատ ժամանակահատված ցանկացած նպատակով, որի համար անընդհատ բնակություն է պահանջվում։

 

Հ ո դ վ ա ծ  11

 

Փախստական նավաստիները

 

Պայմանավորվող կողմի դրոշի ներքո նավարկող նավի անձնակազմում կանոնավոր ծառայող փախստականների դեպքում այդ պետությունը բարեհաճ է վերաբերում իր տարածքում նրանց գտնվելուն և ճամփորդական փաստաթղթերի տրամադրմանը կամ իր տարածք նրանց ժամանակավոր ընդունմանը՝ մասնավորապես, նրանց բնակեցումը որևէ այլ երկիր հեշտացնելու նպատակով։

 

Գլուխ 2

Իրավական կարգավիճակ

 

Հ ո դ վ ա ծ  12

 

Անձնական կարգավիճակը

 

1. Փախստականի անձնական կարգավիճակը որոշվում է նրա մշտական բնակության երկրի օրենսդրությամբ կամ, եթե նա չունի մշտական բնակության վայր, բնակության երկրի օրենսդրությամբ։

2. Փախստականի կողմից նախկինում ձեռք բերված և անձնական կարգավիճակից կախված իրավունքները, մասնավորապես, ամուսնության հետ կապված իրավունքները, հարգվում են Պայմանավորվող պետության կողմից, անհրաժեշտության դեպքում, տվյալ պետության օրենսդրությամբ պահանջվող ձևականություններին համապատասխան, պայմանով, որ խնդրո առարկա իրավունքն այդ պետության օրենսդրությամբ կճանաչվեր, եթե անձը փախստական չլիներ։

 

Հ ո դ վ ա ծ  13

 

Շարժական և անշարժ գույքը

 

Պայմանավորվող պետությունները շարժական և անշարժ գույքի ու դրան առնչվող այլ իրավունքների ձեռքբերման, ինչպես նաև վարձակալության և շարժական ու անշարժ գույքի հետ կապված այլ պայմանագրերի կապակցությամբ փախստականին հատկացնում են հնարավորինս և, ամեն դեպքում, ոչ պակաս բարեհաճ վերաբերմունք, քան նույն հանգամանքներում ընդհանրապես հատկացվում է օտարերկրացիներին։

 

Հ ո դ վ ա ծ  14

 

Հեղինակային իրավունքները և արդյունաբերական սեփականությունը

 

Արդյունաբերական սեփականության, ինչպիսին են գյուտերը, նախագծերն ու մոդելները, ապրանքանշանները, ֆիրմային անվանումները, ինչպես նաև գրական, արվեստի և գիտական ստեղծագործությունների նկատմամբ իրավունքների պաշտպանության կապակցությամբ փախստականին իր սովորական բնակության երկրում տրամադրվում է նույն պաշտպանությունը, ինչ այդ երկրի քաղաքացիներին։ Ցանկացած այլ Պայմանավորվող պետության տարածքում նրան տրամադրվում է նույն պաշտպանությունը, ինչ այդ տարածքում այն երկրի քաղաքացիներին, որտեղ նա ունի իր սովորական բնակության վայրը։

 

Հ ո դ վ ա ծ  15

 

Միավորումներ կազմելու իրավունքը

 

Ոչ քաղաքական և շահույթ չհետապնդող միությունների և արհմիությունների կապակցությամբ Պայմանավորվող պետություններն իրենց տարածքում օրինականորեն գտնվող փախստականներին հատկացնում են ամենաբարեհաճ վերաբերմունքը, որը նույն հանգամանքներում հատկացվում է օտարերկրացիներին։

 

Հ ո դ վ ա ծ  16

 

Դատարան դիմելու իրավունքը

 

1. Յուրաքանչյուր փախստական իրավունք ունի ազատորեն դիմելու բոլոր Պայմանավորվող պետությունների տարածքում գտնվող դատարաններին։

2. Այն Պայմանավորվող պետությունում, որտեղ փախստականն ունի իր սովորական բնակության վայրը, դատարան դիմելու հետ կապված հարցերում նա օգտվում է նույն վերաբերմունքից, ինչ քաղաքացիները, ներառյալ իրավաբանական օգնությունն ու ազատումը cautio jսdicatսm solvi-ից։

3. 2-րդ կետում նշված հարցերով փախստականն իր սովորական բնակության երկրից դուրս օգտվում է իր սովորական բնակության երկրի քաղաքացիներին հատկացվող վերաբերմունքից։

 

Գլուխ 3

Շահույթ ապահովող աշխատանք

 

Հ ո դ վ ա ծ  17

 

Վարձով աշխատանքը

 

1. Պայմանավորվող պետություններն իրենց տարածքում օրինական կարգով գտնվող փախստականներին, աշխատավարձով վարձատրվող աշխատանքով զբաղվելու իրավունքի կապակցությամբ, հատկացնում են առավելագույնս բարեհաճ վերաբերմունք, որը նույն հանգամանքներում հատկացվում է օտարերկրացիներին։

2. Ամեն դեպքում, ներպետական աշխատուժի շուկայի պաշտպանության նպատակով օտարերկրացիների կամ օտարերկրացիների զբաղվածության նկատմամբ կիրառվող սահմանափակիչ միջոցառումները չեն կիրառվում այն փախստականի նկատմամբ, ով արդեն ազատված է եղել դրանցից տվյալ Պայմանավորվող պետության համար սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրը կամ եթե նա բավարարում է հետևյալ պայմաններից մեկը.

(ա) երեք տարի բնակվել է այդ երկրում,

(բ) ունի բնակության երկրի քաղաքացիություն ունեցող ամուսին։ Փախստականը չի կարող վկայակոչել այս դրույթի արտոնությունը, եթե լքել է ամուսնուն,

(գ) ունի բնակության երկրի քաղաքացիություն ունեցող մեկ կամ ավելի երեխաներ։

3. Պայմանավորվող պետությունները բարեհաճ են վերաբերում աշխատավարձով վարձատրվող աշխատանքի կապակցությամբ բոլոր փախստականների իրավունքները քաղաքացիների իրավունքներին հավասարեցնելուն, մասնավորապես, այն փախստականների, ովքեր իրենց տարածք մուտք են գործել աշխատուժի հավաքագրման ծրագրերի կամ ներգաղթի ծրագրերի համաձայն։

 

Հ ո դ վ ա ծ  18

 

Անհատ ձեռնարկատիրությունը

 

Պայմանավորվող պետություններն իրենց տարածքում օրինական կարգով բնակվող փախստականին իր սեփական միջոցներով գյուղատնտեսությամբ, արդյունաբերությամբ, արհեստներով ու առևտրով զբաղվելու և առևտրային ու արդյունաբերական ընկերություններ հիմնելու իրավունքի կապակցությամբ հատկացնում են հնարավորինս և, ամեն դեպքում, ոչ պակաս բարեհաճ վերաբերմունք, քան նույն հանգամանքներում ընդհանրապես հատկացվում է օտարերկրացիներին։

 

Հ ո դ վ ա ծ  19

 

Ազատ մասնագիտությունները

 

1. Պայմանավորվող յուրաքանչյուր պետություն իր տարածքում օրինական կարգով բնակվող այն փախստականներին, ովքեր ունեն այդ պետության իրավասու իշխանությունների կողմից ճանաչված դիպլոմներ և ովքեր ցանկանում են զբաղվել ազատ մասնագիտությամբ, հատկացնում է հնարավորինս և, ամեն դեպքում, ոչ պակաս բարեհաճ վերաբերմունք, քան նույն հանգամանքներում ընդհանրապես հատկացվում է օտարերկրացիներին։

2. Պայմանավորվող պետություններն իրենց օրենքներին և սահմանադրություններին համապատասխան գործադրում են իրենց լավագույն ջանքերը՝ ապահովելու նման փախստականների բնակեցումը, բուն տարածքից բացի, այլ տարածքներում, որոնց միջազգային հարաբերությունների համար իրենք պատասխանատու են։

 

Գլուխ 4

Սոցիալական ապահովություն

 

Հ ո դ վ ա ծ  20

 

Չափաբաժինները

 

Այնտեղ, որտեղ գոյություն ունի չափաբաժինների համակարգ, որը կիրառվում է ողջ բնակչության նկատմամբ և կարգավորում սակավաքանակ պարենի բաշխումը, փախստականներին հատկացվում է նույն վերաբերմունքը, ինչ քաղաքացիներին։

 

Հ ո դ վ ա ծ  21

 

Բնակարանով ապահովումը

 

Բնակարանով ապահովելու կապակցությամբ Պայմանավորվող պետությունները, այնքանով, որքանով հարցը կարգավորվում է օրենքներով կամ ենթաօրենսդրական ակտերով կամ Պայմանավորվող պետությունների իրավասու իշխանությունների վերահսկողության առարկա է, իրենց տարածքում օրինական կարգով բնակվող փախստականներին հատկացնում են հնարավորինս և, ամեն դեպքում, ոչ պակաս բարեհաճ վերաբերմունք, քան ինչ նույն հանգամանքներում ընդհանրապես հատկացվում է օտարերկրացիներին։

 

Հ ո դ վ ա ծ  22

 

Հանրային կրթությունը

 

1. Տարրական կրթության կապակցությամբ Պայմանավորվող պետությունները փախստականներին հատկացնում են նույն վերաբերմունքը, ինչ իրենց քաղաքացիներին։

2. Պայմանավորվող պետությունները տարրական կրթությունից տարբեր կրթության և, մասնավորապես, ուսուցման մատչելիության, օտարերկրյա դպրոցական վկայագրերի, դիպլոմների ու գիտական աստիճանների ճանաչման, տուրքերից ու վճարումներից ազատման և կրթաթոշակների շնորհման կապակցությամբ փախստականներին հատկացնում են հնարավորինս և, ամեն դեպքում, ոչ պակաս բարեհաճ վերաբերմունք, քան նույն հանգամանքներում ընդհանրապես հատկացվում է օտարերկրացիներին։

 

Հ ո դ վ ա ծ  23

 

Հանրային օժանդակությունը

 

Պայմանավորվող պետությունները հանրային օժանդակության և օգնության կապակցությամբ իրենց տարածքում օրինական կարգով բնակվող փախստականներին հատկացնում են նույն վերաբերմունքը, ինչ իրենց քաղաքացիներին։

 

Հ ո դ վ ա ծ  24

 

Աշխատանքային օրենսդրությունը և սոցիալական ապահովությունը

 

1. Պայմանավորվող պետություններն իրենց տարածքում օրինական կարգով բնակվող փախստականներին հետևյալ հարցերի կապակցությամբ հատկացնում են նույն վերաբերմունքը, ինչ իրենց քաղաքացիներին.

(ա) այնքանով, որքանով նման հարցերը կարգավորվում են օրենքներով կամ ենթաօրենսդրական ակտերով կամ վարչական իշխանությունների վերահսկողության առարկա են՝ վարձատրության, ներառյալ վարձատրության մաս կազմող ընտանեկան նպաստները, աշխատաժամերի, արտաժամյա աշխատանքի, վարձատրվող արձակուրդի, տնայնագործ աշխատանքի սահմանափակումների, աշխատելու, աշակերտելու կամ վերապատրաստման նվազագույն տարիքի, կանանց ու պատանեկան տարիքի անձանց աշխատանքի և կոլեկտիվ պայմանագրերի արտոնությունների կապակցությամբ,

(բ) սոցիալական ապահովության կապակցությամբ (աշխատանքային ստացած վնասվածք, մասնագիտական հիվանդություններ, մայրություն, հիվանդություն, անաշխատունակություն, ծերություն, մահ, գործազրկություն, ընտանեկան պարտավորություններ և այլ դեպքեր, որոնք ներպետական օրենքների կամ ենթաօրենսդրական ակտերի համաձայն նախատեսվում են սոցիալական ապահովության ծրագրով)՝ հետևյալ սահմանափակումներով.

(i) կարող է գործել ձեռք բերված իրավունքների և ձեռքբերման գործընթացում գտնվող իրավունքների պահպանման համապատասխան կարգ,

(ii) բնակության երկրի ներպետական օրենքներով կամ ենթաօրենսդրական ակտերով կարող է սահմանվել հատուկ կարգ այն նպաստների կամ նպաստների մի մասի առնչությամբ, որոնք ամբողջապես վճարվում են պետական հիմնադրամների հաշվին, ինչպես նաև այն անձանց վճարվող նպաստների առնչությամբ, ովքեր չեն կատարում բնականոն կարգով կենսաթոշակ ստանալու համար նախատեսված վճարումների պայմանները։

2. Աշխատանքային վնասվածքի կամ մասնագիտական հիվանդության հետևանքով փախստականի մահվան դեպքում տրվող փոխհատուցման իրավունքի վրա չի ազդում այն հանգամանքը, որ փոխհատուցում ստացողի մշտական բնակության վայրը գտնվում է Պայմանավորվող պետության տարածքից դուրս։

3. Պայմանավորվող պետությունները փախստականների վրա տարածում են իրենց միջև կնքված կամ կնքվելիք պայմանագրերով նախատեսվող արտոնությունները, որոնք վերաբերում են սոցիալական ապահովության ոլորտում ձեռք բերված իրավունքների և ձեռքբերման գործընթացում գտնվող իրավունքների պահպանմանը՝ նույնպիսի պայմաններով, ինչ կիրառվում են նշված պայմանագրերն ստորագրող պետությունների քաղաքացիների նկատմամբ։

4. Պայմանավորվող պետությունները պետք է բարեհաճ վերաբերեն Պայմանավորվող պետությունների և պայմանագրին չմասնակցող պետությունների միջև երբևէ կնքվող նմանատիպ պայմանագրերով նախատեսված նպաստները փախստականների վրա հնարավորինս տարածելուն։

 

Գլուխ 5

Վարչական միջոցառումներ

 

Հ ո դ վ ա ծ  25

 

Վարչական օժանդակությունը

 

1. Եթե փախստականի կողմից որևէ իրավունքից օգտվելը, որպես կանոն, պահանջում է օտարերկրյա պետության իշխանությունների աջակցություն, որին նա դիմել չի կարող, ապա Պայմանավորվող պետությունը, որի տարածքում նա բնակվում է, հնարավորություն է տալիս, որպեսզի այդ աջակցությունը տրամադրվի իր իսկ իշխանությունների կամ միջազգային մարմնի կողմից։

2. 1-ին կետում նշված մարմինը կամ իշխանությունները փախստականներին տրամադրում են այն փաստաթղթերը կամ վկայագրերը, կամ իրենց վերահսկողությամբ ապահովում են դրանց տրամադրումը, որոնք, որպես կանոն, կտրամադրվեին օտարերկրացիներին իրենց ներպետական իշխանությունների կողմից կամ միջոցով։

3. Նման ձևով տրամադրված փաստաթղթերը կամ վկայագրերը ծառայում են որպես օտարերկրացիներին իրենց ներպետական իշխանությունների կողմից տրամադրված պաշտոնական փաստաթղթեր, և, հակառակի ապացույցների բացակայության դեպքում, պետք է արժանանան վստահության։

4. Այնպիսի բացառիկ վերաբերմունքից բացի, որը կարող է հատկացվել կարիքավոր անձանց, վերոհիշյալ ծառայությունների դիմաց կարող են գանձվել տուրքեր, բայց դրանք պետք է լինեն չափավոր և համապատասխանեն այն տուրքերին, որոնք նման ծառայությունների դիմաց գանձվում են տվյալ երկրի քաղաքացիներից։

5. Սույն հոդվածի դրույթները չեն խոչընդոտում 27-րդ և 28-րդ հոդվածների դրույթներին։

 

Հ ո դ վ ա ծ  26

 

Տեղաշարժի ազատությունը

 

Պայմանավորվող յուրաքանչյուր պետություն իր տարածքում օրինական կարգով բնակվող փախստականներին տրամադրում է իրենց բնակության վայրի ընտրության և իր տարածքում ազատորեն տեղաշարժվելու իրավունք՝ նույն հանգամանքներում օտարերկրացիների նկատմամբ ընդհանրապես կիրառվող բոլոր կանոնների պահպանմամբ։

 

Հ ո դ վ ա ծ  27

 

Ինքնության վկայականները

 

Պայմանավորվող պետություններն ինքնության վկայականներ են տալիս իրենց տարածքում գտնվող ցանկացած փախստականի, որը չունի վավերական ճամփորդական փաստաթուղթ։

 

Հ ո դ վ ա ծ  28

 

Ճամփորդական փաստաթղթերը

 

1. Պայմանավորվող պետություններն իրենց տարածքում օրինական կարգով բնակվող փախստականներին տալիս են ճամփորդական փաստաթղթեր՝ իրենց տարածքից դուրս ճամփորդելու նպատակով, եթե ազգային անվտանգությունից և հասարակական կարգի պաշտպանությունից բխող հիմնավոր պատճառներն այլ բան չեն պահանջում, և նշված փաստաթղթերի առնչությամբ կիրառվում են սույն Կոնվենցիայի ցանկի դրույթները։ Պայմանավորվող պետությունները կարող են նման ճամփորդական փաստաթուղթ տալ իրենց տարածքում գտնվող ցանկացած այլ փախստականի, մասնավորապես, նրանք բարեհաճ են վերաբերում իրենց տարածքում գտնվող այն փախստականներին նման ճամփորդական փաստաթուղթ տալուն, ովքեր ի վիճակի չեն ճամփորդական փաստաթուղթ ստանալ իրենց օրինական բնակության երկրում։

2. Նախկին միջազգային պայմանագրերին համապատասխան դրանց մասնակիցների կողմից փախստականներին տրված ճամփորդական փաստաթղթերը Պայմանավորվող պետությունների կողմից ճանաչվում և դիտվում են որպես այնպիսին, ինչպես եթե դրանք տրված լինեին սույն հոդվածին համապատասխան։

 

Հ ո դ վ ա ծ  29

 

Պետական գանձումները

 

1. Պայմանավորվող պետությունները փախստականներից չեն գանձում մաքսեր, վճարներ կամ հարկեր, որոնք այլ կամ ավելի բարձր են, քան նրանք, որ միևնույն հանգամանքներում գանձվում են կամ կարող են գանձվել իրենց քաղաքացիներից։

2. Նախորդ կետում ոչինչ չի խոչընդոտում փախստականների նկատմամբ այն օրենքների ու ենթաօրենսդրական ակտերի կիրառմանը, ըստ որոնց գանձումներ են կատարվում օտարերկրացիներին վարչական փաստաթղթեր, ներառյալ՝ ինքնության վկայականներ, տալու համար։

 

Հ ո դ վ ա ծ  30

 

Գույքի տեղափոխումը

 

1. Պայմանավորվող պետությունը, իր օրենքներին և ենթաօրենսդրական ակտերին համապատասխան, փախստականներին թույլատրում է իր տարածք բերած գույքը տեղափոխել մեկ այլ երկիր, ուր նրանք ընդունվել են բնակության նպատակով։

2. Պայմանավորվող պետությունները բարեհաճ են վերաբերում փախստականների այն գույքի, որտեղ էլ այն գտնվելիս լինի, տեղափոխման թույլատրության միջնորդություններին, որը նրանց անհրաժեշտ է այլ երկրում, ուր նրանց մուտքը թույլատրվել է բնակություն հաստատելու համար։

 

Հ ո դ վ ա ծ  31

 

Ապաստան տված երկրում անօրինական կարգով գտնվող փախստականները

 

1. Պայմանավորվող պետությունները պատժամիջոցներ չեն կիրառում այն փախստականների ապօրինի մուտքի կամ ներկայության կապակցությամբ, ովքեր ուղղակիորեն գալով այն տարածքից, որտեղ նրանց կյանքը կամ ազատությունը վտանգվում էր 1-ին հոդվածի իմաստով, մուտք են գործում իրենց տարածք կամ գտնվում են այնտեղ առանց թույլատրության, պայմանով, որ նրանք անձամբ, առանց ձգձգման, ներկայանան իշխանություններին և մատնանշեն իրենց ապօրինի մուտքի կամ գտնվելու հիմնավոր պատճառ։

2. Պայմանավորվող պետությունները նման փախստականների տեղաշարժի նկատմամբ չեն կիրառում այլ սահմանափակումներ, քան նրանք, որ անհրաժեշտ են, և նման սահմանափակումները կիրառվում են միայն մինչև տվյալ երկրում նրանց կարգավիճակի կարգավորումը կամ մինչև նրանք մեկ այլ երկիր մուտք գործելու թույլտվություն ստանան։ Պայմանավորվող պետությունները նման փախստականներին տալիս են բավարար ժամանակամիջոց և անհրաժեշտ հնարավորություններ՝ մեկ այլ երկիր մուտք գործելու թույլտվություն ձեռք բերելու համար։

 

Հ ո դ վ ա ծ  32

 

Վտարումը

 

1. Պայմանավորվող պետությունները չեն վտարում իրենց տարածքում օրինական կարգով

գտնվող փախստականին, բացի ազգային անվտանգությամբ կամ հասարակական կարգի պահպանությամբ պայմանավորված դեպքերից։

2. Նման փախստականի վտարումը կատարվում է միայն օրենքին համապատասխան ընդունված որոշման հիման վրա։ Բացի այն դեպքերից, երբ ազգային անվտանգության անհաղթահարելի հիմնավորումներն այլ բան են պահանջում, փախստականին թույլատրվում է ի արդարացումն իրեն ներկայացնել ապացույց և բողոքարկել իրավասու իշխանությանը կամ իրավասու իշխանության կողմից հատուկ նշանակված անձին կամ անձանց և այդ նպատակով ներկայացվել նրանց առջև։

3. Պայմանավորվող պետությունները նման փախստականին բավարար ժամանակ են տալիս՝ այդ ընթացքում ստանալու օրինական կարգով մեկ այլ երկիր մուտք գործելու թույլտվություն։ Պայմանավորվող պետություններին իրավունք է վերապահվում այդ ընթացքում կիրառել այնպիսի ներքին միջոցառումներ, որ նրանք անհրաժեշտ կհամարեն։

 

Հ ո դ վ ա ծ  33

 

Վտարման կամ վերադարձման («վերադարձ այն երկիր, որտեղից եկել են») արգելումը

 

1. Պայմանավորվող ոչ մի պետություն փախստականին չի վտարում կամ որևէ կերպ վերադարձնում («վերադարձում այն երկիր, որտեղից եկել է») այն տարածքների սահմանները, որտեղ նրա կյանքին կամ ազատությանը վտանգ կսպառնար՝ իր ռասայի, կրոնի, քաղաքացիության, որոշակի սոցիալական խմբի պատկանելու կամ քաղաքական կարծիքի հարելու հիմքով։

2. Սույն դրույթի արտոնությունը, սակայն, չի կարող վկայակոչվել այն փախստականի կողմից, ով հիմնավոր պատճառներով վտանգավոր է համարվում իր գտնված երկրի անվտանգության համար, կամ ով, վերջնական դատավճռով դատապարտված լինելով բացառիկ լուրջ հանցագործության համար՝ վտանգ է ներկայացնում այդ երկրի հասարակության համար։

 

Հ ո դ վ ա ծ  34

 

Հպատակագրումը

 

Պայմանավորվող պետությունները հնարավորինս հեշտացնում են փախստականների միաձուլումն ու հպատակագրումը։ Նրանք, մասնավորապես, գործադրում են ամեն ջանք, որպեսզի արագացնեն հպատակագրման գործընթացը և հնարավորինս նվազեցնեն դրա հետ կապված գանձումներն ու ծախսերը։

 

Գլուխ 6

Գործադիր և ժամանակավոր դրույթներ

 

Հ ո դ վ ա ծ  35

 

Ներպետական իշխանությունների համագործակցությունը Միավորված ազգերի կազմակերպության հետ

 

1. Պայմանավորվող պետությունները պարտավորվում են համագործակցել Միավորված ազգերի կազմակերպության Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի կամ Միավորված ազգերի կազմակերպության որևէ այլ հաստատության հետ, որը կարող է նրան փոխարինել համապատասխան գործառույթների իրականացման գործում, և, մասնավորապես, հեշտացնում են սույն Կոնվենցիայի դրույթների կիրառումը վերահսկելու նրա պարտականությունը։

2. Որպեսզի Գերագույն հանձնակատարի գրասենյակին կամ Միավորված ազգերի կազմակերպության՝ առաջինին փոխարինելու ունակ այլ հաստատության հնարավորություն տրվի պատրաստելու Միավորված ազգերի կազմակերպության իրավասու մարմիններին ուղղված զեկույցներ, Պայմանավորվող պետությունները պարտավորվում են համապատասխանաբար նրանց տրամադրել պահանջվող տեղեկատվություն և վիճակագրական տվյալներ, որոնք վերաբերում են.

(ա) փախստականների վիճակին,

(բ) սույն Կոնվենցիայի կատարմանը, և

(գ) փախստականներին առնչվող գործող կամ ընդունվելիք օրենքներին, ենթաօրենսդրական ակտերին ու հրամանագրերին։

 

Հ ո դ վ ա ծ  36

 

Ներպետական օրենսդրության վերաբերյալ տեղեկատվությունը

 

Պայմանավորվող պետությունները Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին հաղորդում են այն օրենքների ու ենթաօրենսդրական ակտերի մասին, որ նրանք կարող են ընդունել սույն Կոնվենցիայի կատարումն ապահովելու համար։

 

Հ ո դ վ ա ծ  37

 

Առնչությունը նախկին կոնվենցիաներին

 

Չխոչընդոտելով սույն Կոնվենցիայի 28-րդ հոդվածի 2-րդ կետին՝ սույն Կոնվենցիան իր մասնակիցների համար փոխարինում է 1922թ. հուլիսի 5-ի, 1924թ. մայիսի 31-ի, 1926թ. մայիսի 12-ի, 1928թ. հունիսի 30-ի և 1935թ. հուլիսի 30-ի Կարգադրություններին, 1933թ. հոկտեմբերի 28-ի և 1938թ. փետրվարի 10-ի կոնվենցիաներին, 1939թ. սեպտեմբերի 14-ի Արձանագրությանը և 1946թ. հոկտեմբերի 15-ի Համաձայնագրին։

 

Գլուխ 7

Եզրափակիչ դրույթներ

 

Հ ո դ վ ա ծ  38

 

Վեճերի կարգավորումը

 

Սույն Կոնվենցիայի մասնակիցների միջև դրա մեկնաբանմանը կամ կիրառմանը վերաբերող ցանկացած վեճ, որը հնարավոր չէ լուծել այլ միջոցներով, վեճի կողմերից յուրաքանչյուրի պահանջով հանձնվում է Միջազգային դատարանին։

 

Հ ո դ վ ա ծ  39

 

Ստորագրումը, վավերացումը և միանալը

 

1. Սույն Կոնվենցիան ստորագրման համար բացվում է Ժնևում, 1951թ. հուլիսի 28-ին և դրանից հետո ի պահ է հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին։ Ստորագրման համար այն բաց է Միավորված ազգերի կազմակերպության Եվրոպական գրասենյակում, 1951թ. հուլիսի 28-ից մինչև օգոստոսի 31-ը, և վերաբացվելու է Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանում, 1952թ. սեպտեմբերի 17-ից մինչև դեկտեմբերի 31-ը։

2. Սույն Կոնվենցիան բաց է ստորագրման Միավորված ազգերի կազմակերպության բոլոր անդամ պետությունների, ինչպես նաև Փախստականների և քաղաքացիություն չունեցող անձանց կարգավիճակի վերաբերյալ լիազոր ներկայացուցիչների խորհրդաժողովին հրավիրված կամ Գլխավոր ասամբլեայի կողմից ստորագրման հրավեր ստացած ցանկացած այլ պետության անունից։ Այն վավերացվում է, և վավերագրերն ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին։

3. Սույն Կոնվենցիան բաց է սույն հոդվածի 2-րդ կետում նշված պետությունների անունից միանալու համար 1951թ. հուլիսի 28-ից։ Միանալը կատարվում է միանալու վերաբերյալ փաստաթուղթը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ի պահ հանձնելու միջոցով։

 

Հ ո դ վ ա ծ  40

 

Տարածքային կիրառման դրույթը

 

1. Ստորագրման, վավերացման կամ միանալու ժամանակ ցանկացած պետություն կարող է հայտարարել, որ սույն Կոնվենցիան տարածվում է այն բոլոր տարածքների կամ դրանցից ցանկացածի վրա, որոնց միջազգային հարաբերությունների համար ինքը պատասխանատու է։ Նման հայտարարությունն ուժի մեջ է մտնում, երբ Կոնվենցիան ուժի մեջ է մտնում տվյալ պետության համար։

2. Դրանից հետո ցանկացած ժամանակ նման տարածումը կատարվում է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին հասցեագրված ծանուցման միջոցով և ուժի մեջ է մտնում Միավորված ազգերի Գլխավոր քարտուղարի կողմից ծանուցումն ստանալուց հետո իննսուներորդ օրվանից կամ տվյալ պետության համար սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրվանից, որն ավելի ուշ լինի։

3. Այն տարածքների առնչությամբ, որոնց վրա սույն Կոնվենցիան չի տարածվում ստորագրման, վավերացման կամ միանալու ժամանակ, յուրաքանչյուր պետություն քննության է առնում սույն Կոնվենցիայի կիրառումն այդ տարածքների վրա տարածելու նպատակով անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու հնարավորությունը, պայմանով, որ դա կատարվի նման տարածքների կառավարությունների համաձայնությամբ, եթե այդ անհրաժեշտ է սահմանադրական պատճառներով։

 

Հ ո դ վ ա ծ  41

 

Դաշնային դրույթը

 

Դաշնային կամ ոչ ունիտար պետության դեպքում գործում են հետևյալ դրույթները.

(ա) սույն Կոնվենցիայի այն հոդվածների առնչությամբ, որոնք ենթակա են դաշնային օրենսդիր իշխանության օրենսդրական իրավազորությանը, դաշնային կառավարության պարտավորություններն այս շրջանակներում նույնն են, ինչ դաշնային պետություն չհանդիսացող մասնակիցներինը,

(բ) սույն Կոնվենցիայի այն հոդվածները, որոնք ենթակա են պետության կազմի մեջ մտնող նահանգների, գավառների կամ կանտոնների օրենսդրական իրավազորությանը, որոնք, ըստ դաշնային սահմանադրական համակարգի, պարտավոր չեն կիրառել համապատասխան օրենսդրական միջոցառումներ, դաշնային կառավարությունը նպաստավոր հանձնարարականի հետ միասին հնարավորինս վաղ ներկայացնում է նահանգների, գավառների կամ կանտոնների համապատասխան իշխանությունների ուշադրությանը,

(գ) սույն Կոնվենցիայի մասնակից դաշնային պետությունը ցանկացած այլ Պայմանավորվող պետության՝ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի միջոցով փոխանցված խնդրանքով, հաղորդագրություն է տրամադրում սույն Կոնվենցիայի ցանկացած դրույթի առնչությամբ դաշնության և նրա բաղկացուցիչ միավորների օրենսդրության ու պրակտիկայի վերաբերյալ՝ նշելով, թե ինչ չափով է այդ դրույթն իրագործվել օրենսդրական կամ այլ գործողությունների միջոցով։

 

Հ ո դ վ ա ծ  42

 

Վերապահումները

 

1. Ստորագրման, վավերացման կամ միանալու ժամանակ ցանկացած պետություն կարող է վերապահումներ կատարել Կոնվենցիայի հոդվածների վերաբերյալ, բացի 1, 3, 4, 16 (1), 33 և 36-46-րդ հոդվածների։

2. Սույն հոդվածի 1-ին կետի համաձայն վերապահում կատարած ցանկացած պետություն կարող է ցանկացած ժամանակ հետ վերցնել վերապահումը՝ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին հասցեագրված ծանուցման միջոցով։

 

Հ ո դ վ ա ծ  43

 

Ուժի մեջ մտնելը

 

1. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում վեցերորդ վավերագրի կամ միանալու մասին փաստաթղթի ի պահ հանձնելու օրվան հաջորդող իննսուներորդ օրը։

2. Վեցերորդ վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելուց հետո Կոնվենցիան վավերացրած կամ դրան միացած յուրաքանչյուր պետության համար Կոնվենցիան ուժի մեջ է մտնում այդ պետության կողմից վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելու օրվան հաջորդող իննսուներորդ օրը։

 

Հ ո դ վ ա ծ  44

 

Չեղյալ հայտարարումը

 

1. Պայմանավորվող ցանկացած պետություն կարող է ցանկացած ժամանակ չեղյալ հայտարարել սույն Կոնվենցիան՝ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին հասցեագրված ծանուցման միջոցով։

2. Տվյալ Պայմանավորվող պետության համար չեղյալ հայտարարումն ուժի մեջ է մտնում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի կողմից ծանուցումն ստանալու օրվանից մեկ տարի անց։

3. Ցանկացած պետություն, որը 40-րդ հոդվածի հիման վրա հայտարարություն կամ ծանուցում է արել, դրանից հետո ցանկացած ժամանակ կարող է, Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին հասցեագրված ծանուցման միջոցով հայտարարել, որ Կոնվենցիան դադարում է տարածվել տվյալ տարածքի վրա Գլխավոր քարտուղարի կողմից ծանուցումն ստանալուց մեկ տարի անց։

 

Հ ո դ վ ա ծ  45

 

Վերանայումը

 

1. Պայմանավորվող ցանկացած պետություն կարող է, Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին հասցեագրված ծանուցման միջոցով, ցանկացած ժամանակ պահանջել սույն Կոնվենցիայի վերանայում։

2. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան նման պահանջի կապակցությամբ հանձնարարում է ձեռնարկել համապատասխան քայլեր, եթե այդպիսիները կան։

 

Հ ո դ վ ա ծ  46

 

Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի ծանուցումները

 

Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը Կազմակերպության բոլոր անդամներին և 39-րդ հոդվածում հիշատակված ոչ անդամ պետություններին տեղեկացնում է.

(ա) 1-ին հոդվածի Բ բաժնին համապատասխան հայտարարությունների և ծանուցումների մասին,

(բ) 39-րդ հոդվածին համապատասխան ստորագրումների, վավերացումների և միանալու մասին,

(գ) 40-րդ հոդվածին համապատասխան հայտարարությունների և ծանուցումների մասին,

(դ) 42-րդ հոդվածին համապատասխան վերապահումների և վերապահումներից հրաժարումների մասին,

(ե) 43-րդ հոդվածին համապատասխան սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրվա մասին,

(զ) 44-րդ հոդվածին համապատասխան չեղյալ հայտարարման և ծանուցումների մասին,

(է) 45-րդ հոդվածին համապատասխան վերանայման պահանջների մասին։

Ի հավաստումն որի՝ ներքոստորագրյալները, պատշաճ կերպով լիազորված լինելով, իրենց կառավարությունների անունից ստորագրել են սույն Կոնվենցիան։

Կատարված է Ժնևում, հազար ինը հարյուր հիսունմեկ թվականի հուլիսի քսանութին, մեկ օրինակով, որի անգլերեն ու ֆրանսերեն տեքստերը հավասարազոր են և որն ի պահ է մնում Միավորված ազգերի կազմակերպության արխիվում. նրա հաստատված պատճենները հանձնվում են Միավորված ազգերի կազմակերպության բոլոր անդամներին և 39-րդ հոդվածում նշված ոչ անդամ պետություններին։

 

ՑԱՆԿ

 

Կ ե տ  1

 

1. Սույն Կոնվենցիայի 28-րդ հոդվածում նշված ճամփորդական փաստաթուղթը նույնանման է կից ներկայացված նմուշին։

2. Փաստաթուղթը պատրաստվում է առնվազն երկու լեզվով, որոնցից մեկն անգլերեն է կամ ֆրանսերեն։

 

Կ ե տ  2

 

Փաստաթուղթը տվող երկրում ընդունված կանոններով պայմանավորված՝ երեխաները կարող են գրանցվել ծնողի կամ, բացառիկ դեպքերում, մեկ այլ չափահաս փախստականի ճամփորդական փաստաթղթում։

Կ ե տ  3

 

Փաստաթուղթ տալու համար գանձվող տուրքը չպետք է գերազանցի ներպետական անձնագիր տալու համար գանձվող նվազագույն վճարը։

 

Կ ե տ  4

 

Բացառությամբ հատուկ կամ արտակարգ դեպքերի, փաստաթուղթը վավերական է հնարավորինս շատ երկրների համար։

 

Կ ե տ  5

 

Փաստաթուղթը տվող իշխանության հայեցողությամբ՝ այն վավերական է մեկ կամ երկու տարվա ընթացքում։

 

Կ ե տ  6

 

1. Փաստաթղթի վերականգնումը կամ վավերականության երկարաձգումը փաստաթուղթը տված իշխանության իրավասությունն է, քանի դեռ նրա տերն օրինական բնակություն չի հաստատել մեկ այլ տարածքում և օրինական կարգով բնակվում է նշված իշխանության տարածքում։ Նոր փաստաթուղթ տալը, միևնույն պայմաններով, նախորդ փաստաթուղթը տված իշխանության իրավասությունն է։

2. Դիվանագիտական և հյուպատոսական մարմինները, որոնք հատուկ լիազորված են այդ նպատակով, իրավունք ունեն վեց ամիսը չգերազանցող ժամկետով երկարաձգել իրենց կառավարությունների տված ճամփորդական փաստաթղթերի վավերականությունը։

3. Պայմանավորվող պետությունները բարեհաճ են վերաբերում այն փախստականների ճամփորդական փաստաթղթերի վերականգնմանը կամ վավերականության երկարաձգմանը կամ նրանց նոր փաստաթղթեր տալուն, ովքեր այլևս օրինական կարգով չեն բնակվում նրանց տարածքում և ի վիճակի չեն ճամփորդական փաստաթուղթ ստանալ իրենց օրինական բնակության երկրից։

 

Կ ե տ  7

 

Պայմանավորվող պետությունները ճանաչում են սույն Կոնվենցիայի 28-րդ հոդվածի դրույթներին համապատասխան տրված ճամփորդական փաստաթղթերի վավերականությունը։

 

Կ ե տ  8

 

Եթե այն երկրի իրավասու իշխանությունները, ուր փախստականը ցանկանում է ուղևորվել, պատրաստ են ընդունելու նրան և եթե պահանջվում է մուտքի արտոնագիր, նրանք մուտքի արտոնագիրն ամրացնում են փախստականին պատկանող փաստաթղթին։

 

Կ ե տ  9

 

1. Պայմանավորվող պետությունները պարտավորվում են տարանցիկ մուտքի արտոնագրեր տալ այն փախստականներին, ովքեր մուտքի արտոնագիր են ստացել վերջնական նշանակման տարածքի համար։

2. Նման մուտքի արտոնագրերը կարող են մերժվել նույն պատճառներով, ինչ պատճառներով կարդարացվեր ցանկացած օտարերկրացու մուտքի արտոնագրի մերժումը։

 

Կ ե տ  10

 

Ելքի, մուտքի կամ տարանցիկ մուտքի արտոնագրերի համար գանձվող տուրքերը չպետք է գերազանցեն օտարերկրյա անձնագրերով մուտքի արտոնագրի համար վճարումների նվազագույն չափը։

 

Կ ե տ  11

 

Երբ փախստականն օրինական կարգով բնակություն է հաստատել Պայմանավորվող մեկ այլ պետության տարածքում, 28-րդ հոդվածի դրույթներին և պայմաններին համապատասխան նոր փաստաթուղթ տալու պատասխանատվությունը կրում է այդ տարածքի իրավասու իշխանությունը, որին փախստականն իրավունք ունի դիմելու։

 

Կ ե տ  12

 

Նոր փաստաթուղթ տվող իշխանությունը հին փաստաթուղթը հետ է վերցնում և վերադարձնում այն տված պետությանը, եթե փաստաթղթում նշված է, որ պետք է վերադարձվի. այլապես, փաստաթուղթը հետ է վերցվում և չեղյալ հայտարարվում։

 

Կ ե տ  13

 

1. Պայմանավորվող յուրաքանչյուր պետություն պարտավորվում է սույն Կոնվենցիայի 28-րդ հոդվածին համապատասխան տրված ճամփորդական փաստաթղթի տիրոջը դրա վավերականության ընթացքում ցանկացած ժամանակ ընդունելու իր տարածք։

2. Նախորդ ենթակետի դրույթներին համապատասխան, Պայմանավորվող պետությունը կարող է պահանջել, որ փաստաթղթի տերը ենթարկվի իր տարածքից ելքի կամ այնտեղ վերադառնալու համար նախատեսված ձևականություններին։

3. Պայմանավորվող պետությունները պահպանում են բացառիկ դեպքերում կամ այն դեպքերում, երբ փախստականին թույլատրված է մնալ որոշակի ժամկետով, փաստաթուղթը տալիս այն ժամանակամիջոցը սահմանափակելու իրավունքը, որի ընթացքում փախստականը կարող է վերադառնալ ոչ պակաս, քան մինչև երեք ամիս ժամկետով։

 

Կ ե տ  14

 

Միայն 13-րդ կետի պայմանների պահպանմամբ՝ սույն ցանկի դրույթները ոչ մի կերպ չեն ազդում Պայմանավորվող պետությունների տարածք մուտքի թույլտվության, այնտեղով տարանցիկ անցնելու, այնտեղ բնակվելու և հաստատվելու, այնտեղից դուրս գալու պայմանները կանոնակարգող օրենքների և ենթաօրենսդրական ակտերի վրա։

 

Կ ե տ  15

 

Ո՛չ փաստաթուղթը տալը, ո՛չ դրանում կատարված գրառումները չեն որոշում այն կրողի կարգավիճակը, մասնավորապես, քաղաքացիության առնչությամբ։

 

Կ ե տ  16

 

Փաստաթուղթ տալն այն կրողին որևէ կերպ չի տալիս տված երկրի դիվանագիտական կամ հյուպատոսական մարմիններից պաշտպանություն հայցելու իրավունք և այդ իշխանություններին չի վերապահում պաշտպանության իրավունք։

 

ՀԱՎԵԼՎԱԾ

 

Ճամփորդական փաստաթղթի նմուշ

 

Փաստաթուղթը պետք է լինի գրքույկի ձևով (մոտավորապես 10x15սմ)։

Հանձնարարվում է այն տպագրել այնպես, որպեսզի քիմիական կամ այլ միջոցներով կատարված որևէ ջնջում կամ փոփոխություն հնարավոր լինի հեշտությամբ նկատել, և «1951թ. հուլիսի 28-ի Կոնվենցիա» բառերը, փաստաթուղթը տվող երկրի լեզվով շարունակաբար կրկնվելով, տպագրվում են յուրաքանչյուր էջին։

 

(Գ ր ք ու յ կ ի  կ ա զ մ ը)

 

ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ

(1951 թ. հուլիսի 28-ի Կոնվենցիա)

դ ______

(1)

Ճամփորդական փաստաթուղթ

(1951 թ. հուլիսի 28-ի Կոնվենցիա)

Սույն փաստաթուղթը վավեր է մինչև __________________________ , եթե դրա վավերականությունը չի երկարաձգվում կամ վերականգնվում։

Անուն ___________________

Ազգանուն(ներ) ___________________

Նրան ուղեկցում է _______ երեխա (երեխաներ)։

1. Սույն փաստաթուղթը տրվում է այն կրողին ճամփորդական փաստաթղթով ապահովելու նպատակով միայն և կարող է ծառայել ներպետական անձնագրի փոխարեն։ Այն չի խանգարում կրողի քաղաքացիությանը և չի ազդում դրա վրա։

2. Կրողին թույլատրվում է վերադառնալ _________________(նշել այն երկիրը, որի իշխանությունները տվել են փաստաթուղթը)-ին կամ մինչև ________________ եթե ստորև չի նշվում ավելի ուշ ժամկետ։ (Այն ժամանակամիջոցը, որի ընթացքում կրողն իրավունք ունի վերադառնալ, երեք ամսից պակաս չպետք է լինի):

3. Եթե կրողը բնակություն հաստատի մի երկրում, որն այլ է, քան սույն փաստաթուղթը տված երկիրը, ապա նա պետք է, եթե ցանկանում է կրկին ճամփորդել, նոր փաստաթղթի համար դիմել իր բնակության երկրի իրավասու իշխանություններին։ (Նոր փաստաթուղթը տված իշխանությունը հին ճամփորդական փաստաթուղթը հետ է վերցնում և վերադարձնում այն տված իշխանությանը):

(Սույն փաստաթուղթը բաղկացած է ___ էջից՝ չհաշված կազմը):

 

(2)

 

Ծննդյան թվականը և վայրը ____________

Զբաղմունքը ____________

Ներկա բնակությունը ____________

Կնոջ օրիորդական անունը և ազգանունը(ները) ____________

Ամուսնու անունը և ազգանունը(ները) ____________

 

Ն կ ա ր ա գ ր ու թ յ ու ն

 

Հասակը ____________

Մազերը ____________

Աչքերի գույնը ____________

Քիթը ____________

Դեմքի գծագրությունը ____________

Կազմվածքը ____________

Հատուկ նշաններ ____________

 

Կ ր ո ղ ի ն  ու ղ ե կ ց ո ղ  ե ր ե խ ա ն ե ր

 

 Անուն  Ազգանուն(ներ),  ծննդյան թվականը,  սեռը և վայրը,
 _____  _____  _____  _____
 _____  _____  _____  _____
 _____  _____  _____  _____

Ջնջել, ինչն ավելորդ է։

(Սույն փաստաթուղթը բաղկացած է __ էջից՝ չհաշված կազմը):

 

(3)

 

Կրողի լուսանկարը և փաստաթուղթը տվող մարմնի կնիքը

Կրողի մատնահետքերը (եթե պահանջվում է)

Կրողի ստորագրությունը ____________

(Սույն փաստաթուղթը բաղկացած է ___ էջից՝ չհաշված կազմը):

 

(4)

 

1. Սույն փաստաթուղթը վավերական է հետևյալ երկրների համար.

_____________________

_____________________

_____________________

 

2. Այն փաստաթուղթը կամ փաստաթղթերը, որոնց հիման վրա տրվել է սույն փաստաթուղթը

___________________________________

Տրված է __________-ում

Օրը __________

Փաստաթուղթը տվող մարմնի ստորագրությունը և կնիքը

Վճարված է տուրք

(Սույն փաստաթուղթը բաղկացած է ___ էջից՝ չհաշված կազմը)։

 

(5)

 

Վավերականության երկարաձգում կամ վերականգնում

 Վճարված է տուրք  -ից _________
   մինչև _______
 Կատարված է__-ում  Օրը ________

Փաստաթղթի վավերականությունը երկարաձգող կամ վերականգնող մարմնի ստորագրությունը և կնիքը

Վավերականության երկարաձգում կամ վերականգնում

 Վճարված է տուրք  -ից _________
   մինչև _______
 Կատարված է__-ում  Օրը ________

Փաստաթղթի վավերականությունը երկարաձգող կամ վերականգնող մարմնի ստորագրությունը և կնիքը

(Սույն փաստաթուղթը բաղկացած է ___ էջից՝ չհաշված կազմը):

 

(6)

 

Վավերականության երկարաձգում կամ վերականգնում

 Վճարված է տուրք  -ից _________
   մինչև _______
 Կատարված է__-ում  Օրը ________

Փաստաթղթի վավերականությունը երկարաձգող կամ վերականգնող մարմնի ստորագրությունը և կնիքը

(Սույն փաստաթուղթը բաղկացած է ___ էջից՝ չհաշված կազմը):

 

(7-32)

 

Մուտքի արտոնագրեր

Փաստաթուղթը կրողի անունը պետք է կրկնվի մուտքի յուրաքանչյուր արտոնագրում։

(Սույն փաստաթուղթը բաղկացած է ___ էջից՝ չհաշված կազմը):

 

* Կոնվենցիային Հայաստանի Հանրապետությունը միացել է հայտարարությամբ. Հայաստանի Հանրապետությունը 1-ին հոդվածի Բ(1) բ ենթակետի «Եվրոպայում կամ այլուր մինչև 1951 թ. հունվարի 1-ը տեղի ունեցած իրադարձություններ» իմաստն է կիրառում սույն Կոնվենցիայով իր պարտավորությունների նպատակի համար։

 

** Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1993 թվականի հոկտեմբերի 4-ից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան