Գլխավոր տեղեկություն
Տիպ
Կոնվենցիա
Ակտի տիպ
Ինկորպորացիա (27.01.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԻԱՏ 2012.04.12/5(36)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
24.06.1975
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.01.2006

Կ Ո Ն Վ Ե Ն Ց Ի Ա

 

ՄԻԳՐԱՆՏ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ (ԼՐԱՑՈՒՑԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ)

 

Աշխատանքի միջազգային կազմակերպության Գլխավոր խորհրդաժողովը,

 

հրավիրվելով Ժնևում՝ Աշխատանքի միջազգային բյուրոյի Վարչական խորհրդի կողմից, և հավաքվելով 1975 թվականի հունիսի 4-ին` իր 60-րդ նստաշրջանին, և

հաշվի առնելով, որ Աշխատանքի միջազգային կազմակերպության կանոնադրության ներածությունը ստանձնում է «ոչ իրենց երկրներում աշխատող աշխատողների շահերի» պաշտպանության խնդիրը, և

հաշվի առնելով, որ Ֆիլադելֆիայի հռչակագիրը, ի թիվս այն սկզբունքների, որոնց վրա հիմնված է Կազմակերպությունը, վերահաստատում է, որ «աշխատանքը ապրանք չէ», և որ «աղքատությունը ցանկացած վայրում վտանգ է սպառնում բարեկեցությանն ամենուր», և ճանաչում է «աշխատուժի տեղաշարժի միջոցով, ներառյալ աշխատանքի տեղավորելու…» ճանապարհով լրիվ զբաղվածության ապահովման հասնելուն ուղղված ծրագրերի իրականացմանը նպաստելու ԱՄԿ պաշտոնական պարտավորությունը,

հաշվի առնելով ԱՄԿ Համաշխարհային զբաղվածության ծրագիրը և 1964 թվականի Զբաղվածության քաղաքականության մասին կոնվենցիան և հանձնարարականը, ընդգծելով միգրացիոն շարժման արտակարգ և անկառավարելի կամ ինքնուրույն աճից խուսափելու անհրաժեշտությունը՝ դրա սոցիալական և մարդկային բացասական հետևանքների պատճառով, և

հաշվի առնելով, որ թերզարգացման և կառուցվածքային կամ խրոնիկական գործազրկության հաղթահարման նպատակով բազմաթիվ երկրների կառավարություններ գնալով ավելի շատ շեշտում են կապիտալի և տեխնոլոգիայի տեղաշարժը խրախուսելու ցանկալիությունը, քան աշխատողների տեղաշարժը` ծագման երկրի և զբաղվածություն տրամադրող երկրների փոխադարձ հետաքրքրությունների շրջանակներում` այդ երկրների կարիքների և հարցումների համաձայն, և

հաշվի առնելով յուրաքանչյուր անձի՝ ցանկացած, ներառյալ իր հարազատ երկրից հեռանալու և իր երկիր վերադառնալու իրավունքը, ինչպես դա նախատեսվում է Մարդու իրավունքների Համընդհանուր հռչակագրով և Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների մասին միջազգային համաձայնագրով, և

վկայակոչելով Զբաղվածության համար միգրացիայի մասին 1949 թվականի (վերանայված) կոնվենցիայում և հանձնարարականում, (Թերզարգացած երկրներում) միգրանտ աշխատողների պաշտպանության մասին 1955 թվականի հանձնարարականում, Զբաղվածության քաղաքականության մասին 1964 թվականի կոնվենցիայում և հանձնարարականում, Զբաղվածության ծառայության մասին 1948 թվականի կոնվենցիայում և հանձնարարականում, Զբաղվածության վճարովի գործակալությունների մասին 1949 թվականի (վերանայված) կոնվենցիայում տեղ գտած դրույթները, որոնք շոշափում են այնպիսի հարցեր, ինչպիսիք են հավաքագրման կարգավորումը, միգրանտ աշխատողների ներկայացումը և տեղավորումը, միգրացիայի մասին ճշգրիտ տեղեկություններ տրամադրելու մասին դրույթը, տարանցման և ժամանելու ընթացքում միգրանտների համար ապահովվող նվազագույն պայմանները, զբաղվածության ակտիվ քաղաքականության բնագավառում որդեգրումը և միջազգային համագործակցությունը այս հարցերում, և

հաշվի առնելով, որ աշխատանքի շուկաներում տիրող իրավիճակի պատճառով առաջացած աշխատողների արտագաղթը պետք է իրականացվի զբաղվածության հարցերով զբաղվող պաշտոնական մարմինների պատասխանատվությամբ կամ գոյություն ունեցող բազմակողմ կամ երկկողմ համաձայնագրերի համաձայն, հատկապես այն համաձայնագրերի, որոնք թույլ են տալիս աշխատողների ազատ տեղաշարժը, և

հաշվի առնելով, որ աշխատուժի անօրինական կամ գաղտնի առևտրի առկայությունը պահանջում է ընդունել նոր չափանիշներ, որոնք հատուկ ուղղված կլինեն այդպիսի խախտումների վերացմանը, և

վկայակոչելով Զբաղվածության համար միգրացիայի մասին 1949 թվականի (վերանայված) կոնվենցիայի դրույթները, որոնք վավերացրած Անդամներից պահանջում են իրենց տարածքներում օրինականորեն գտնվող միգրանտների նկատմամբ կիրառել ոչ պակաս բարենպաստ պայմաններ, քան իրենց քաղաքացիների նկատմամբ` հարցերի այն շրջանակի առումով և այն չափով, որքանով այդպիսի հարցերը կարգավորվում են օրենսդրությամբ կամ վերահսկվում են վարչական մարմինների կողմից, և

վկայակոչելով, որ «խտրականություն» տերմինի սահմանումը (զբաղվածության և աշխատանքի բնագավառում) Խտրականության մասին 1958 թվականի կոնվենցիայում անպայմանորեն չի ներառում քաղաքացիության հիման վրա առկա տարբերությունները, և

հաշվի առնելով նոր նորմեր ստեղծելու ցանկալիությունը, այդ թվում՝ սոցիալական ապահովման բնագավառում, միգրանտ աշխատողներին հավասար հնարավորություններով և վերաբերմունքով ապահովելու և օրենսդրությամբ կարգավորվող կամ վարչական մարմինների կողմից վերահսկվող հարցերում իրենց քաղաքացիներին տրամադրվող վերաբերմունքի առնվազն համարժեքությունը երաշխավորելու համար, և

նշելով, որ միգրանտ աշխատողներին վերաբերող բավականին տարբեր խնդիրների կապակցությամբ ամբողջական հաջողության հասնելու համար պետք է սերտ համագործակցություն հաստատել Միավորված ազգերի կազմակերպության և այլ մասնագիտացված գործակալությունների հետ, և

նշելով, որ հետևյալ չափանիշների մշակման ընթացքում հաշվի է առնվել Միավորված ազգերի կազմակերպության և մասնագիտացված գործակալությունների կողմից կատարված աշխատանքը, և որ գործունեության կրկնօրինակումից խուսափելու և անհրաժեշտ համակարգում ապահովելու համար իրականացվելու է շարունակական համագործակցություն` այս չափանիշներին աջակցելու և դրանք պաշտպանելու նպատակով, և

որոշելով ընդունել մի շարք առաջարկություններ միգրանտ աշխատողների վերաբերյալ, որը նստաշրջանի օրակարգի հինգերորդ կետն է,

որոշելով, որ այդ առաջարկությունները պետք է ունենան միջազգային կոնվենցիայի ձև, որը լրացնում է Զբաղվածության համար միգրացիայի մասին 1949 թվականի (վերանայված) կոնվենցիան և (զբաղվածության և աշխատանքի բնագավառում) Խտրականության մասին 1958 թվականի կոնվենցիան,

հազար ինը հարյուր յոթանասունհինգ թվականի հունիսի քսանչորսին ընդունում է սույն կոնվենցիան, որը կարող է անվանվել Միգրանտ աշխատողների մասին 1975 թվականի կոնվենցիա (Լրացուցիչ դրույթներ):

 

ՄԱՍ 1

 

ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՄԻԳՐԱՑԻԱ

 

Հոդված 1

 

Կազմակերպության յուրաքանչյուր Անդամ, որի համար սույն Կոնվենցիան ուժի մեջ է, պարտավորվում է հարգել բոլոր միգրանտ աշխատողների մարդու իրավունքները:

 

Հոդված 2

 

1. Կազմակերպության յուրաքանչյուր Անդամ, որի համար սույն Կոնվենցիան ուժի մեջ է, պարբերաբար ճշտում է, թե կա՞ն արդյոք իր տարածքում անօրինական միգրանտ աշխատողներ, արդյոք իր տարածքում սկսվո՞ւմ, իր տարածքով անցնո՞ւմ կամ իր տարածքում գտնվո՞ւմ է միգրանտ աշխատողների որևէ շարժում, որի պայմաններում միգրանտները տեղափոխման ժամանակ, ժամանելիս կամ գտնվելու ժամանակաընթացքում ենթարկվում են այնպիսի պայմանների, որոնք հակասում են համապատասխան միջազգային փաստաթղթերին կամ բազմակողմ կամ երկկողմ համաձայնագրերին կամ ազգային օրենսդրությանը:

2. Գործատուների և աշխատողների ներկայացուցչական կազմակերպություններին տրվում է ամբողջական խորհրդատվություն, և նրանք հնարավորություն ունեն ներկայացնելու այս խնդրին վերաբերող իրենց ցանկացած տեղեկությունը:

 

Հոդված 3

 

Կազմակերպության յուրաքանչյուր Անդամ անհրաժեշտ և համապատասխան միջոցներ է ձեռնարկում իր իրավասության շրջանակներում և այլ Անդամների հետ համագործակցությամբ.

ա) միգրանտ աշխատողների գաղտնի շարժումը և միգրանտների անօրինական զբաղվածությունը ճնշելու համար, և

բ) իր տարածքից սկսվող, իր տարածքով անցնող կամ իր տարածքում գտնվող միգրանտ աշխատողների անօրինական կամ գաղտնի շարժումների կազմակերպիչների դեմ և այն անձանց դեմ, ովքեր աշխատանք են տրամադրում անօրինականորեն ներգաղթած աշխատողներին,

սույն Կոնվենցիայի 2-րդ հոդվածում նշված խախտումները կանխելու և վերացնելու նպատակով:

 

Հոդված 4

 

Մասնավորապես, Կազմակերպության Անդամները ազգային և միջազգային մակարդակով անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում գործատուների և աշխատողների ներկայացուցչական կազմակերպությունների հետ խորհրդակցությունների միջոցով այս հարցի շուրջ այլ պետությունների հետ պարբերական շփումների և տեղեկատվության փոխանակման համար:

 

Հոդված 5

 

Սույն Կոնվենցիայի 3-րդ և 4-րդ հոդվածներում նախատեսված միջոցների նպատակներից մեկն այն է, որ աշխատուժի առևտրի կազմակերպիչները հետախուզվեն՝ անկախ նրանից, թե որ երկրից են իրականացնում իրենց գործունեությունը:

 

Հոդված 6

 

1. Ազգային օրենքների կամ կանոնակարգերի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում միգրանտ աշխատողների անօրինական զբաղվածության արդյունավետ հայտնաբերման և վարչական, քաղաքացիական և քրեական պատժամիջոցների, ներառյալ բանտարկությունը, կիրառման համար՝ միգրանտ աշխատողների զբաղվածության անօրինական օգտագործման, զբաղվածություն ստանալու նպատակով աշխատողների միգրացիայի կազմակերպման առնչությամբ, որոնք սահմանված են սույն Կոնվենցիայի 2-րդ հոդվածում նշված խախտումների թվում, և այսպիսի շարժումներին գիտակցաբար աջակցելու առնչությամբ՝ լինի դա շահույթ ստանալու կամ այլ նպատակով:

2. Եթե գործատուն հետապնդվում է սույն հոդվածի համապատասխան դրույթների համաձայն, ապա նա իրավունք ունի ապացույցներ ներկայացնել իր բարի մտադրությունների մասին:

 

Հոդված 7

 

Գործատուների և աշխատողների ներկայացուցչական կազմակերպություններին խորհրդատվություն է տրամադրվում սույն Կոնվենցիայով նախատեսված օրենքների և կանոնակարգերի վերաբերյալ, որոնք ուղղված են վերը նշված խախտումները կանխելուն և վերացնելուն, և նրանց հնարավորություն է ընձեռվում նախաձեռնություն ցուցաբերել այս նպատակի համար:

 

Հոդված 8

 

1. Եթե անձն աշխատելու նպատակով օրինական հիմքերով է բնակություն հաստատել տարածքում, միգրանտ աշխատողը չի համարվում անօրինական կամ նորմերին չհամապատասխանող միայն իր զբաղվածությունը կորցնելու փաստի պատճառով, ինչը, ինքնըստինքյան, չի ազդում նրա բնակվելու կամ, որոշ դեպքերում, աշխատելու թույլտվության իրավունքի վրա:

2. Հետևաբար, նա օգտվում է քաղաքացիների հետ նույն վերաբերմունքից, որը, մասնավորապես, առնչվում է զբաղվածության անվտանգության երաշխիքների, այլընտրանքային զբաղվածության տրամադրման, գործազուրկների համար հասարակական աշխատանքների և վերապատրաստման հետ:

 

Հոդված 9

 

1. Չհակասելով միգրանտ աշխատողների տեղաշարժը հսկող միջոցներին, որոնք երաշխավորում են միգրանտ աշխատողների մուտքը երկրի տարածք և զբաղվածության իրավունքը` համաձայն համապատասխան օրենքների և որոշումների, միգրանտ աշխատողը, այն դեպքերում, երբ այս օրենքներն ու կանոնները չեն հարգվել, և նրա դիրքը չի կարող կարգավորվել, իր ընտանիքի հետ արժանանում է հավասար վերաբերմունքի այն իրավունքների առնչությամբ, որոնք բխում են իր նախորդ զբաղվածությունից և վերաբերում են փոխհատուցմանը, սոցիալական ապահովությանը և այլ նպաստներին:

2. Եթե նախորդ կետում նշված իրավունքների վերաբերյալ վեճ է առաջանում, ապա աշխատողը պետք է հնարավորություն ունենա անձամբ կամ իր ներկայացուցչի միջոցով իրավասու մարմնին ներկայացնել իր գործը:

3. Երկրից վտարվելու դեպքում աշխատողը և նրա ընտանիքը չեն հոգում ծախսերը:

4. Սույն Կոնվենցիայի ոչ մի դրույթ չի խանգարում Կազմակերպության Անդամներին իրենց երկրում անօրինականորեն բնակվող կամ աշխատող անձանց շնորհել մնալու և օրինական հիմքերով զբաղվածություն ստանալու իրավունք:

 

ՄԱՍ 2

 

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հոդված 10

 

Կազմակերպության յուրաքանչյուր Անդամ, որի համար սույն Կոնվենցիան ուժի մեջ է, պարտավորվում է երկրի պայմաններին և պրակտիկային համապատասխան մեթոդներով հռչակել և իրականացնել հնարավորությունների և վերաբերմունքի հավասարության խթանմանը և երաշխավորմանն ուղղված ազգային քաղաքականություն զբաղվածության և աշխատանքի, սոցիալական ապահովության, արհմիության և մշակութային իրավունքների և անհատական ու կոլեկտիվ ազատությունների առումով և այն աշխատող անձանց նկատմամբ, ովքեր, որպես միգրանտ աշխատողներ կամ որպես նրանց ընտանիքների անդամներ, օրինականորեն գտնվում են իր տարածքում:

 

Հոդված 11

 

1. Կոնվենցիայի սույն մասի նպատակներից ելնելով՝ «միգրանտ աշխատող» տերմինը նշանակում է՝ անձ, որը ոչ իր հաշվին գաղթում կամ գաղթել է մի երկրից մեկ այլ երկիր` զբաղվածություն ստանալու նպատակով, և վերաբերում է ցանկացած անձի, ով օրինականորեն համարվում է միգրանտ աշխատող:

2. Կոնվենցիայի սույն բաժինը չի տարածվում.

ա) սահմանային աշխատողների վրա,

բ) կարճ ժամկետով երկիր ժամանած դերասանների և ազատ մասնագիտությունների ներկայացուցիչների վրա,

գ) ծովայինների վրա,

դ) վերապատրաստվելու կամ ուսուցում ստանալու հատուկ նպատակով ժամանած անձանց վրա,

ե) իրենց գործունեությունը տվյալ երկրի տարածքում իրականացնող այն հիմնարկությունների կամ ձեռնարկությունների աշխատողների վրա, որոնց, իրենց գործատուի խնդրանքով, թույլատրվել է ժամանակավորապես գտնվել երկրի տարածքում սահմանափակ և սահմանված ժամկետում` հատուկ գործողություններ և հանձնարարություններ կատարելու համար, և որոնցից պահանջվում է թողնել երկիրն իրենց գործողությունները կամ հանձնարարություններն ավարտելուց հետո:

 

Հոդված 12

 

Կազմակերպության յուրաքանչյուր Անդամ ազգային պայմաններին և պրակտիկային համապատասխան մեթոդներով.

ա) ձգտում է գործատուների և աշխատողների կազմակերպությունների և այլ համապատասխան մարմինների միջև համագործակցության, որի նպատակն է նպաստել սույն Կոնվենցիայի 10-րդ հոդվածում ներկայացված քաղաքականությունն ընդունելու և դրան հետևելու գործին,

բ) կիրառում է այնպիսի օրենսդրություն և աջակցում է այնպիսի ուսումնական ծրագրերին, որոնք կարող են նախանշված լինել այդ քաղաքականության ընդունման և դրան հետևելուն ապահովելու համար,

գ) միջոցներ է ձեռնարկում, խրախուսում է ուսումնական ծրագրեր և մշակում է այլ գործիքներ, որոնք ուղղված են միգրանտ աշխատողներին քաղաքականությանը հնարավորինս ամբողջականորեն ծանոթացնելուն, ինչպես նաև աշխատող միգրանտներին իրենց իրավունքներին և պարտականություններին և այն մեխանիզմներին ծանոթացնելուն, որոնք արդյունավետ օգնություն են ցուցաբերում միգրանտ աշխատողներին իրենց իրավունքների կիրառման և պաշտպանության հարցերում,

դ) չեղյալ է հայտարարում ցանկացած օրենսդրական դրույթ և արդիականացնում է ցանկացած վարչական հրահանգ կամ պրակտիկա, որոնք անհամատեղելի են այսպիսի քաղաքականության հետ,

ե) գործատուների և աշխատողների ներկայացուցչական կազմակերպությունների հետ խորհրդակցությունների միջոցով մշակում և կիրառում է ազգային պայմաններին և պրակտիկային համապատասխան սոցիալական քաղաքականություն, որը թույլ է տալիս միգրանտ աշխատողներին և նրանց ընտանիքներին հավասարապես օգտվել երկրի քաղաքացիներին տրված արտոնություններից՝ հաշվի առնելով, առանց բացասական անդրադառնալով հնարավորությունների և վերաբերմունքի հավասարության սկզբունքի վրա, այն հատուկ կարիքները, որոնք կարող են նրանք ունենալ, եթե դրանք հարմարվում են զբաղվածություն տրամադրող երկրի հասարակությանը,

զ) ձեռնարկում է բոլոր միջոցները՝ աջակցելու և խրախուսելու համար միգրանտ աշխատողների և նրանց ընտանիքների այն ջանքերը, որոնք ուղղված են նրանց ազգային և էթնիկական ինքնությանը և նրանց հարազատ երկրի հետ մշակութային կապերի պահպանմանը, ներառելով նրանց երեխաներին իրենց մայրենի լեզվի որոշակի իմացությունն ապահովելու հնարավորությունը,

է) երաշխավորում է աշխատանքային պայմանների առումով վերաբերմունքի հավասարությունը բոլոր այն միգրանտ աշխատողներին, որոնք կատարում են միևնույն աշխատանքը` որքան էլ առանձնահատուկ չլինեն աշխատանքի պայմանները:

 

Հոդված 13

 

1. Կազմակերպության յուրաքանչյուր Անդամ իր իրավասության շրջանակներում կարող է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները և համագործակցել Կազմակերպության այլ Անդամների հետ իր տարածքում օրինականորեն բնակվող բոլոր միգրանտ աշխատողների ընտանիքների վերամիավորումը հեշտացնելու համար:

2. Միգրանտ աշխատողի ընտանիքի անդամներ, որոնց վրա տարածվում է սույն հոդվածը, համարվում են նրա ամուսինը, նրա խնամքի տակ գտնվող երեխաները, հայրը և մայրը:

 

Հոդված 14

 

Անդամը կարող է.

ա) միգրանտ աշխատողներին ընձեռել աշխատանքի ազատ ընտրություն՝ ապահովելով նրանց աշխարհագրական շարժունակության իրավունքը՝ պայմանով, որ միգրանտ աշխատողը զբաղվածության նպատակով օրինականորեն բնակվում է իր տարածքում երկու տարին չգերազանցող ժամանակահատվածում, կամ, եթե երկրի օրենսդրությունը պայմանագրերի համար նախատեսում է երկու տարուց քիչ տևողությամբ ժամանակահատված, որ միգրանտ աշխատողն ավարտել է աշխատանքը առաջին աշխատանքային պայմանագրով,

բ) գործատուների և աշխատողների ներկայացուցչական կազմակերպությունների հետ համապատասխան խորհրդակցություններից հետո կարգավորել իր տարածքից դուրս ձեռք բերված մասնագիտական որակավորումը, այդ թվում՝ վկայականներն ու վկայագրերը ճանաչելու կանոնակարգերը,

գ) սահմանափակել որոշակի տեսակի զբաղվածության կամ գործողությունների մատչելիությունը, երբ դա անհրաժեշտ է երկրի շահերի համար:

 

ՄԱՍ 3

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 15

 

Սույն Կոնվենցիան չի արգելում Կազմակերպության Անդամներին կնքել բազմակողմ կամ երկկողմ համաձայնագրեր՝ նրա կիրառումից բխող խնդիրները լուծելու նպատակով:

 

Հոդված 16

 

1. Կազմակերպության յուրաքանչյուր Անդամ, որը վավերացրել է սույն Կոնվենցիան, կարող է իր վավերագրին կից հայտարարության միջոցով բացառել սույն Կոնվենցիայի 1-ին կամ 2-րդ մասերի ընդունումը:

2. Կազմակերպության յուրաքանչյուր Անդամ, որն արել է այդպիսի հայտարարություն, կարող է ցանկացած ժամանակ չեղյալ համարել այն լրացուցիչ հայտարարության միջոցով:

3. Կազմակերպության յուրաքանչյուր Անդամ, որի համար սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան արված հայտարարությունը մնում է ուժի մեջ, սույն Կոնվենցիայի կիրառման մասին իր զեկույցներում չընդունված մասի դրույթների կապակցությամբ նշում է իր օրենսդրության և պրակտիկայի դրության մասին, թե որքանով են նշված դրույթները կիրառվում կամ որքանով պետք է կիրառվեն, ինչպես նաև՝ պատճառները, թե ինչու դրանք չեն ընդգրկվել ընդունված Կոնվենցիայում:

 

Հոդված 17

 

Սույն Կոնվենցիայի վավերագրերը գրանցման նպատակով ուղարկվում են Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենին:

 

Հոդված 18

 

1. Սույն Կոնվենցիան պարտադիր է Աշխատանքի միջազգային կազմակերպության միայն այն Անդամների համար, որոնց վավերագրերը գրանցված են Գլխավոր տնօրենի կողմից:

2. Այն ուժի մեջ է մտնում երկու Անդամների վավերագրերը Գլխավոր տնօրենի կողմից գրանցվելու օրվանից տասներկու ամիս հետո:

3. Հետագայում սույն Կոնվենցիան յուրաքանչյուր Անդամի նկատմամբ ուժի մեջ է մտնում նրա վավերագրի գրանցումից 12 ամիս անց:

 

Հոդված 19

 

1. Սույն Կոնվենցիան վավերացրած ցանկացած Անդամ կարող է այն չեղյալ համարել ուժի մեջ մտնելու պահից տասնամյա ժամկետը լրանալուց հետո` Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենին գրանցման նպատակով չեղյալ հայտարարման մասին փաստաթուղթ ներկայացնելու միջոցով: Նման չեղյալ հայտարարելն ուժի մեջ է մտնում չեղյալ հայտարարելու վերաբերյալ ակտի գրանցումից մեկ տարի հետո:

2. Կազմակերպության յուրաքանչյուր Անդամ, որը վավերացրել է սույն Կոնվենցիան, և որը նախորդ կետում նշված տասնամյա ժամանակահատվածին հաջորդող մեկ տարվա ընթացքում չի իրականացնում սույն հոդվածում նախատեսված չեղյալ հայտարարելու իր իրավունքը, պարտավորված կլինի հաջորդ տասնամյա ժամկետում և հետագայում ևս կկարողանա չեղյալ հայտարարել սույն Կոնվենցիան սույն հոդվածով սահմանված կարգով` յուրաքանչյուր տասնամյա ժամկետը լրանալուց հետո:

 

Հոդված 20

 

1. Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենը Աշխատանքի միջազգային կազմակերպության բոլոր Անդամներին ծանուցում է Կազմակերպության Անդամներից ստացած բոլոր վավերագրերի և չեղյալ հայտարարելու վերաբերյալ ակտերի գրանցման մասին:

2. Կազմակերպության Անդամներին ծանուցելով իր ստացած 2-րդ վավերագրի գրանցման մասին՝ Գլխավոր տնօրենը Կազմակերպության Անդամների ուշադրությունը հրավիրում է սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրվա վրա:

 

Հոդված 21

 

Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենը, Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության 102-րդ հոդվածին համապատասխան, գրանցման համար Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ուղարկում է ամբողջական տեղեկություններ բոլոր վավերագրերի և չեղյալ հայտարարելու վերաբերյալ ակտերի մասին, որոնք իր կողմից գրանցվել են նախորդ հոդվածների դրույթներին համապատասխան:

 

Հոդված 22

 

Ամեն անգամ, երբ Աշխատանքի միջազգային բյուրոյի Վարչական խորհուրդը անհրաժեշտ է համարում, Գլխավոր խորհրդաժողովին զեկույց է ներկայացնում սույն Կոնվենցիայի կիրառման վերաբերյալ և քննարկում է խորհրդաժողովի օրակարգում դրա լրիվ կամ մասնակի վերանայման հարցի ընդգրկման նպատակահարմարությունը:

 

Հոդված 23

 

1. Այն դեպքում, եթե խորհրդաժողովը ընդունում է նոր Կոնվենցիա, որն ամբողջովին կամ մասնակիորեն վերանայում է սույն Կոնվենցիան, և եթե նոր կոնվենցիայում չի նախատեսվում հակառակը, ապա.

ա) Անդամի կողմից նոր, վերանայված կոնվենցիայի վավերացումը, անկախ 19-րդ հոդվածի դրույթներից, կհանգեցնի ipsօ jսre սույն Կոնվենցիայի անհապաղ չեղյալ հայտարարման՝ պայմանով, որ նոր, վերանայված կոնվենցիան ուժի մեջ մտած լինի,

բ) նոր, վերանայված Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու պահից սկսած՝ սույն Կոնվենցիան դադարում է Անդամների վավերացման համար բաց լինելուց:

2. Սույն Կոնվենցիան բոլոր դեպքերում ըստ ձևի և բովանդակության մնում է ուժի մեջ այն Անդամների համար, որոնք վավերացրել են այն, բայց չեն վավերացրել վերանայված Կոնվենցիան:

 

Հոդված 24

 

Սույն Կոնվենցիայի անգլերեն և ֆրանսերեն տեքստերը հավասարազոր են:

 

Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2006 թվականի հունվարի 27-ից։

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան