«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 հունվարի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 դեկտեմբերի 2003 թվականի N 1787-Ն
ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՋՐՀԱՎԱՔ ԱՎԱԶԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՏԱԿԱԳԾՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի «դ», 17-րդ հոդվածի 5-րդ մասի «բ» և 11-րդ մասի «ա» կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Սևանա լճի ջրհավաք ավազանի տարածքային հատակագծման նախագիծը:
2. Սահմանել, որ, համաձայն «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի և «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ կետի, Սևանա լճի ջրհավաք ավազանի տարածքն առանձնացվում է որպես քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտ:
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններին և առաջարկել Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմիններին Սևանա լճի ջրհավաք ավազանի տարածքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում հողային պաշարների կառավարման գործառույթների իրականացման, ճյուղային պետական նպատակային, տարածքային և սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի, ինչպես նաև քաղաքաշինական ծրագրային և գոտիավորման փաստաթղթերի մշակման ընթացքում հիմք ընդունել Սևանա լճի ջրհավաք ավազանի տարածքային հատակագծման նախագծով ամրագրված դրույթները:
4. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` ապահովել Սևանա լճի ջրհավաք ավազանի տարածքային հատակագծման նախագծի հետագա իրականացման ընթացքի նկատմամբ վերահսկողությունը` համագործակցելով Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և Հայաստանի Հանրապետության ինքնակառավարման մարմինների հետ:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
18.07.2013, N 746-Ն | 03.08.2013, N 1787-Ն | |
15.11.2012, N 1440-Ն | 08.12.2012, N 1787-Ն | |
18.02.2010, N 143-Ն | 18.03.2010, N 1787-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|