Գլխավոր տեղեկություն
Համար
N 1143-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.10.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.10.01/49(284) Հոդ.904
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.08.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.09.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
20.09.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.10.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 սեպտեմբերի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 օգոստոսի 2003 թվականի N 1143-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՀԱՏԱԿԱՆ (ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ) ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 2-ի N 734 որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակային ապահովության ռազմավարության հիմնադրույթների 2-րդ կետի 5-րդ ենթակետի և 3-րդ կետի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում անհատական (անձնավորված) հաշվառման համակարգի (այսուհետ` համակարգ) ներդրման փորձնական ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահին`

ա) համակարգի ներդրման փորձնական ծրագիրն իրականացնել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի Մաշտոց և Կենտրոն-1 տարածքային կենտրոնների կողմից սպասարկվող տարածքներում.

բ) մինչև 2004 թվականի մարտի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել նշված ծրագրի իրականացման արդյունքների մասին հաշվետվություն և առաջարկություն համակարգը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում ներդնելու վերաբերյալ:

3. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարին և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահին` համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման ընթացքում ապահովել տվյալների փոխանակումն անհատական հաշվառման բազայի և անհատական ծածկագրերի տեղեկատվական բազայի միջև` այդ բազաներում փորձարկելով անհատական ծածկագրերի կիրառման ընթացակարգերը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. սեպտեմբերի 17
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
օգոստոսի 28-ի N 1143-Ն որոշման

 

Փ Ո Ր Ձ Ն Ա Կ Ա Ն  Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՀԱՏԱԿԱՆ (ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ) ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ

 

ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետությունում անհատական (անձնավորված) հաշվառման համակարգի ներդրման փորձնական ծրագիրը (այսուհետ` փորձնական ծրագիր) նպատակ ունի իրականացնելու անհատական հաշվառման համակարգի ներդրման առաջարկվող մեխանիզմը` «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան: Փորձնական ծրագրի նպատակներն են`

ա) ապահովադիրների կողմից ներկայացվող դիմումները և անհատական հաշվետվությունները ներկայացնելու ընթացակարգի փորձարկումը,

բ) անհատական հաշվետվությունների հաշվառման և դրանց տվյալների մուտքագրման ծրագրային միջոցների փորձարկումը,

գ) անճշտություններ պարունակող փաստաթղթերի առանձնացման, վերադարձման, ճշտման ընթացակարգերի և դրանց ծրագրային միջոցների փորձարկումը,

դ) Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի (այսուհետ` պետական հիմնադրամ) տարածքային կենտրոններից կենտրոնացված տվյալների բազա ներկայացվող տվյալների և դրանց հիմք հանդիսացող փաստաթղթերի ընդունման և մշակման գործընթացների փորձարկումը,

ե) անհատական հաշվի տվյալների հիման վրա ապահովագրական ստաժների հաշվարկման ծրագրային միջոցների փորձարկումը,

զ) պետական հիմնադրամի կենտրոնացված արխիվ փաստաթղթերի հանձնման և հաշվառման գործառույթների փորձարկումը,

է) անհատական հաշվետվությունները ներկայացնելու պարբերականության փորձարկումը և որոշումը,

ը) անձնական հաշվի տվյալների հիման վրա կենսաթոշակների նշանակման, հաշվարկի ու վերահաշվարկի ընթացակարգերի և ծրագրային միջոցների փորձարկումը,

թ) անհատական հաշվառման տվյալների բազայի և անհատական ծածկագրերի տեղեկատվական բազայի միջև տվյալների փոխանակման փորձարկումը` միաժամանակ այդ բազաներում փորձարկելով անհատական ծածկագրերի կիրառման ընթացակարգերը,

ժ) ապահովագրված անձին` նրա անձնական հաշվում արտացոլված տվյալների մասին տեղեկատվություն տրամադրելու ընթացակարգերի փորձարկումը:

 

ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

Փորձնական ծրագրով նախատեսված աշխատանքները պետք է իրականացվեն 8 փուլով:

1. 1-ին փուլում պետք է ապահովվի համակարգի գործունեության համար անհրաժեշտ ձևաթղթերի, դրանք լրացնելու և պետական հիմնադրամի տարածքային կենտրոն ներկայացնելու ընթացակարգերի մշակումը, և պետական հիմնադրամի Մաշտոց ու Կենտրոն-1 տարածքային կենտրոնների կողմից սպասարկվող ապահովադիրները կստանան անձնական հաշվի բացման դիմումի, անհատական ծածկագիր ստանալու հայտի ձևաթղթեր և անհատական հաշվետվության ձևեր` իրենց բոլոր աշխատողների համար, կապահովվի դրանք լրացնելու ճշտությունը և սահմանված ժամկետներում ներկայացնելը պետական հիմնադրամի տարածքային կենտրոն:

2. Փորձնական ծրագրի 2-րդ փուլում պետք է ստուգվեն պետական հիմնադրամի տարածքային կենտրոններ ներկայացված ձևաթղթերի ընդունման, դրանց հաշվառման և ներկայացված տվյալների մուտքագրումը տվյալների բազա: Այս փուլում կստուգվեն բոլոր այն ընթացակարգերը, որոնք անհրաժեշտ են անճշտություն պարունակող ձևաթղթերի առանձնացման, դրանց վերադարձման և ուղղման համար:

3. Փորձնական ծրագրի 3-րդ փուլում պետք է ստուգվեն պետական հիմնադրամի տարածքային կենտրոններում ընդունված փաստաթղթերը և դրանց հիման վրա մուտքագրված տվյալները պետական հիմնադրամի կենտրոնացված տվյալների բազա ներկայացնելու ընթացակարգերը` միաժամանակ այդ տվյալները համադրելով անհատական ծածկագրերի տեղեկատվական բազայից ստացված տվյալների հետ: Այս փուլում ստուգվում են նաև պետական հիմնադրամի կենտրոնացված տվյալների բազայում անձնական հաշիվների բացման և դրանցում տվյալների լրացման բոլոր գործընթացները:

4. Փորձնական ծրագրի 4-րդ փուլում պետք է ստուգվեն պետական հիմնադրամի կենտրոնացված տվյալների բազայում հաշվառված տվյալների փաստաթղթային հիմքերի` պետական հիմնադրամի կենտրոնացված արխիվ հանձնման ընթացակարգերը և բոլոր գործառույթները` կապված կենտրոնացված արխիվի աշխատանքների հետ:

5. Փորձնական ծրագրի 5-րդ փուլում պետական հիմնադրամի կենտրոնացված տվյալների բազայում կհամեմատվեն անհատական հաշվետվությունների ու գործատուների կողմից ներկայացված եռամսյակային հաշվետվությունների տվյալները, և դրանց անհամապատասխանության դեպքում կմշակվեն անճշտություններն ուղղելու ընթացակարգերը:

6. Փորձնական ծրագրի 6-րդ փուլում կստուգվեն բոլոր այն ընթացակարգերը և գործառույթները, որոնք կապված են պետական հիմնադրամի կենտրոնացված տվյալների բազայում ընդունված և մշակված անձնական հաշվի տվյալները պետական հիմնադրամի տարածքային կենտրոններին փոխանցելու հետ:

7. Փորձնական ծրագրի 7-րդ փուլում կստուգվեն պետական հիմնադրամի տարածքային կենտրոններում անհատական հաշվի տվյալներից տեղեկանքների ստացումը և դրանց տրամադրումը դիմողներին:

8. Փորձնական ծրագրի 8-րդ փուլում պետք է ստուգվեն անհատական հաշվի տվյալների հիման վրա կենսաթոշակների նշանակման, հաշվարկի և վերահաշվարկի ընթացակարգերն ու գործառույթները:

9. Անհատական (անձնավորված) հաշվառման համակարգն ամբողջ Հայաստանի Հանրապետությունում ներդնելու վերաբերյալ բոլոր եզրակացություններն ու առաջարկությունները կպատրաստվեն փորձնական ծրագրի վերջին` 8-րդ փուլում:

 

ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

Փորձնական ծրագիրն իրականացվելու է սույն որոշման ընդունման պահից 6-ամսյա ժամկետում:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան