ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԹԻՎ 97 ԿՈՆՎԵՆՑԻԱ
Զբաղվածության համար միգրացիայի մասին (վերանայված)
Աշխատանքի միջազգային կազմակերպության Գլխավոր խորհրդաժողովը,
հրավիրվելով Ժնևում՝ Աշխատանքի միջազգային բյուրոյի Վարչական խորհրդի կողմից, և հավաքվելով 1949 թվականի հունիսի 8-ին` իր երեսուներկուերորդ նստաշրջանին,
որոշելով ընդունել մի շարք առաջարկություններ Խորհրդաժողովի 25-րդ նստաշրջանում ընդունված` Զբաղվածության համար միգրացիայի մասին 1939 թվականի կոնվենցիայի վերանայման վերաբերյալ, որը օրակարգի 11-րդ կետն է, և
որոշելով, որ այդ առաջարկությունները պետք է ունենան միջազգային կոնվենցիայի ձև,
հազար ինը հարյուր քառասունինը թվականի հուլիսի մեկին ընդունում է սույն Կոնվենցիան, որը կարող է անվանվել Զբաղվածության համար միգրացիայի մասին 1949 թվականի Կոնվենցիա (վերանայված):
Հոդված 1
Աշխատանքի միջազգային կազմակերպության յուրաքանչյուր Անդամ, որի համար սույն Կոնվենցիան ուժի մեջ է, պարտավորվում է Աշխատանքի միջազգային բյուրոյին և Կազմակերպության ցանկացած այլ Անդամի պահանջով նրանց ներկայացնել.
ա) տեղեկատվություն արտագաղթի և ներգաղթի բնագավառում իր երկրի քաղաքականության, օրենքների և կանոնակարգերի մասին,
բ) տեղեկատվություն զբաղվածության համար միգրացիայի և միգրանտ աշխատողների աշխատանքային պայմաններին և կենսապայմաններին վերաբերող հատուկ դրույթների մասին,
գ) տեղեկատվություն Կազմակերպության Անդամի կողմից այս հացերի վերաբերյալ կնքված ընդհանուր համաձայնագրերի և հատուկ համաձայնությունների մասին:
Հոդված 2
Կազմակերպության յուրաքանչյուր Անդամ, որի համար սույն Կոնվենցիան ուժի մեջ է, պարտավորվում է միգրանտ աշխատողներին աջակցելու և, մասնավորապես, նրանց ճշգրիտ տեղեկատվություն տրամադրելու համար ստեղծել համապատասխան և անվճար ծառայություն կամ համոզվել, որ իր երկրում արդեն ստեղծված է այդպիսի ծառայություն:
Հոդված 3
1. Կազմակերպության յուրաքանչյուր Անդամ, որի համար սույն Կոնվենցիան ուժի մեջ է, պարտավորվում է ազգային օրենքների և կանոնակարգերի թույլատրելի սահմաններում ձեռնարկել արտագաղթի և ներգաղթի վերաբերյալ ապակողմնորոշիչ քարոզչության դեմ ուղղված բոլոր համապատասխան քայլերը:
2. Սույն նպատակի համար համապատասխան դեպքերում նա գործում է` համագործակցելով Կազմակերպության շահագրգիռ այլ Անդամների հետ:
Հոդված 4
Կազմակերպության յուրաքանչյուր Անդամ համապատասխան դեպքերում և իր իրավասության սահմաններում ձեռնարկում է միջոցառումներ միգրանտ աշխատողների մեկնումը, ուղևորությունը և ընդունումը հեշտացնելու համար:
Հոդված 5
Կազմակերպության յուրաքանչյուր Անդամ, որի համար սույն Կոնվենցիան ուժի մեջ է, պարտավորվում է իր իրավասության սահմաններում ստեղծել բժշկական համապատասխան ծառայություններ, որոնք պատասխանատու են.
ա) անհրաժեշտության դեպքում` ինչպես մեկնելիս, այնպես էլ ժամանելիս միգրանտ աշխատողների և նրանց միանալու կամ ուղեկցելու թույլատվություն ստացած ընտանիքների անդամների առողջական վիճակի բավարար լինելը հաստատելու համար,
բ) միգրանտ աշխատողներին և նրանց ընտանիքների անդամներին սահմանված երկիր մեկնելիս, ուղևորության ընթացքում և ժամանելիս բժշկական համապատասխան սպասարկում և հիգիենայի լավ պայմաններ ապահովելու համար:
Հոդված 6
1. Կազմակերպության յուրաքանչյուր Անդամ, որի համար սույն Կոնվենցիան ուժի մեջ է, պարտավորվում է, առանց ազգային, ռասայական, կրոնական և սեռական խտրականության, իր տարածքում օրինականորեն գտնվող ներգաղթածներին տրամադրել իր քաղաքացիներին տրամադրվող վերաբերմունքից ոչ պակաս բարերար վերաբերմունք` հետևյալ հարցերում.
ա) այն հարցերում, որոնք կարգավորվում են օրենքով և կանոնակարգերով կամ ենթակա են վարչական իշխանությունների հսկողությանը.
(i) փոխհատուցում, ներառյալ ընտանեկան նպաստները, որոնց դեպքում դրանք կազմում են փոխհատուցման մի մասը, աշխատանքային ժամեր, արտաժամյա աշխատանքների վերաբերյալ պայմանավորվածություններ, վճարվող արձակուրդներ, տնային աշխատանքի սահմանափակումներ, զբաղվածության համար նվազագույն տարիք, ուսուցում և մասնագիտական վերապատրաստում, կանանց և երիտասարդների աշխատանք,
(ii) անդամակցություն առևտրային միություններին և կոլեկտիվ բանակցությունների առավելությունների օգտագործում,
(iii) բնակվելու հարց,
բ) սոցիալական ապահովում (այսինքն` իրավական դրույթներ, որոնք վերաբերում են աշխատանքային խեղմանը, մայրությանը, հաշմանդամությանը, ծերությանը, մահվանը, գործազրկությանը և ընտանեկան պարտականություններին, և ցանկացած այլ պատահարների դեպքում, որոնց վրա, ազգային օրենսդրության համաձայն, տարածվում է սոցիալական ապահովման համակարգը)՝ հետևյալ սահմանափակումների պայմանով.
(i) կարող են գոյություն ունենալ ձեռք բերված իրավունքների կամ ձեռք բերելու գործընթացում գտնվող իրավունքների պաշտպանության վերաբերյալ համապատասխան համաձայնություններ,
(ii) ներգաղթի երկրների ազգային օրենքները կամ կանոնակարգերը կարող են նախատեսել հատուկ դրույթներ այն նպաստների կամ նպաստների որոշ մասերի վերաբերյալ, որոնք լիովին վճարվում են հասարակական հիմնադրամներից, և այն նպաստների վերաբերյալ, որոնք վճարվում են այն անձանց, որոնք չեն համապատասխանում նորմալ թոշակ ստանալու համար նախատեսված պայմաններին,
գ) զբաղվածության հարկեր, գանձումներ և մուծումներ, որոնք վճարվում են աշխատողների համար, և
դ) սույն Կոնվենցիայում հիշատակված հարցերի վերաբերյալ դատավարություններ:
2. Դաշնային պետության դեպքում սույն հոդվածի դրույթները կիրառվում են այնքանով, որքանով այնտեղ նշված հարցերը կարգավորվում են դաշնային օրենքով կամ կանոնակարգերով կամ ենթակա են դաշնային վարչական մարմինների հսկողությանը: Դաշնության կազմում գտնվող նահանգների, մարզերի կամ կանտոնների օրենքով և կանոնակարգերով կարգավորվող կամ դրանց վարչական մարմինների հսկողության ենթակա հարցերի առնչությամբ սույն հոդվածի դրույթների կիրառման չափը և ձևը որոշվում են Կազմակերպության յուրաքանչյուր Անդամի կողմից: Կազմակերպության յուրաքանչյուր Անդամ սույն Կոնվենցիայի կիրառման վերաբերյալ իր տարեկան զեկույցում նշում է, թե սույն հոդվածում շոշափվող հարցերը ինչ չափով են կարգավորվում դաշնային օրենքով կամ կանոնակարգերով կամ ինչքանով են ենթակա դաշնային վարչական մարմինների հսկողությանը: Այն հարցերի վերաբերյալ, որոնք կարգավորվում են դաշնության կազմում գտնվող նահանգների, մարզերի կամ կանտոնների օրենքով կամ կանոնակարգերով կամ ենթակա են դրանց վարչական մարմինների հսկողությանը, Կազմակերպության յուրաքանչյուր Անդամ ձեռնարկում է միջոցներ, որոնք շարադրված են Աշխատանքի միջազգային կազմակերպության կանոնադրության 19-րդ հոդվածի 7-րդ կետի «բ» ենթակետում:
Հոդված 7
1. Կազմակերպության յուրաքանչյուր Անդամ, որի համար սույն Կոնվենցիան ուժի մեջ է, պարտավորվում է ապահովել, որ իր զբաղվածության ծառայությունը կամ միգրացիային առնչվող այլ ծառայությունները համապատասխան դեպքերում համագործակցեն Կազմակերպության այլ Անդամների համապատասխան ծառայությունների հետ:
2. Կազմակերպության յուրաքանչյուր Անդամ, որի համար սույն Կոնվենցիան ուժի մեջ է, պարտավորվում է ապահովել, որ աշխատանքի տեղավորման իր պետական ծառայության կողմից մատուցվող ծառայությունները միգրանտ աշխատողներին մատուցվեն անվճար:
Հոդված 8
1. Այն միգրանտ աշխատողը, որին թույլատրվել է մշտապես բնակվել, և նրա ընտանիքի անդամները, որոնց թույլատրվել է ուղեկցել կամ միանալ նրան, չեն ուղարկվում հետ իրենց ծագման երկիր կամ այն երկիր, որտեղից նրանք արտագաղթել են, այն պատճառով, որ տվյալ միգրանտը ի վիճակի չէ շարունակելու իր աշխատանքը հիվանդության կամ իր ժամանումից հետո ստացած վնասվածքի պատճառով` բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ աշխատողն ինքն է ցանկանում մեկնել, կամ եթե դա նախատեսվում է որևէ միջազգային համաձայնագրով, որին մասնակցում է Կազմակերպության տվյալ Անդամը:
2. Երբ միգրանտ աշխատողներին երկիր ժամանելիս թույլատրվում է մշտական բնակություն հաստատել ներգաղթի երկրում, տվյալ երկրի իրավասու մարմինը կարող է որոշել, որ սույն հոդվածի 1-ին կետի դրույթները կիրառվելու են միայն խելամիտ ժամանակահատվածից հետո, որը ոչ մի դեպքում չի կարող գերազանցել 5 տարին` սկսած այդպիսի միգրանտներին թույլտվություն տալու օրվանից:
Հոդված 9
Կազմակերպության յուրաքանչյուր Անդամ, որի համար սույն Կոնվենցիան ուժի մեջ է, հաշվի առնելով տարադրամ արտահանելու և ներմուծելու վերաբերյալ ազգային օրենքներով և կանոնակարգերով հաստատված սահմանափակումները, պարտավորվում է միգրանտ աշխատողի ցանկության դեպքում թույլատրել նրան տեղափոխել աշխատավարձի կամ խնայողության սահմանված մասը:
Հոդված 10
Այն դեպքերում, երբ մի Անդամ պետության տարածքից մեկ այլ Անդամ պետության տարածք մեկնող միգրանտների թիվը բավականին մեծ է, շահագրգիռ երկրների իրավասու մարմինները անհրաժեշտության կամ ցանկության դեպքում համաձայնագիր են կնքում սույն Կոնվենցիայի դրույթների կիրառումից բխող` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի կարգավորման համար:
Հոդված 11
1. Սույն Կոնվենցիայի նպատակներից ելնելով` «միգրանտ աշխատող» տերմինը նշանակում է անձ, որը ոչ իր հաշվին գաղթում է մի երկրից մեկ այլ երկիր զբաղվածության նպատակով, և վերաբերում է ցանկացած անձի, որն օրինականորեն համարվում է միգրանտ աշխատող:
2. Սույն Կոնվենցիան չի տարածվում.
ա) սահմանային աշխատողների վրա,
բ) կարճ ժամկետով երկիր ժամանած դերասանների և ազատ մասնագիտությունների ներկայացուցիչների վրա, և
գ) ծովայինների վրա:
Հոդված 12
Սույն Կոնվենցիայի վավերագրերը գրանցման նպատակով ուղարկվում են Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենին:
Հոդված 13
1. Սույն Կոնվենցիան պարտադիր է Աշխատանքի միջազգային Կազմակերպության միայն այն Անդամների համար, որոնց վավերագրերը գրանցված են Գլխավոր տնօրենի կողմից:
2. Այն ուժի մեջ է մտնում երկու Անդամների վավերագրերը Գլխավոր տնօրենի գրանցելու օրվանից տասներկու ամիս հետո:
3. Հետագայում սույն Կոնվենցիան յուրաքանչյուր Անդամի նկատմամբ ուժի մեջ է մտնում նրա վավերագրի գրանցումից տասներկու ամիս հետո:
Հոդված 14
1. Կազմակերպության ցանկացած Անդամ, որը վավերացրել է սույն Կոնվենցիան, կարող է վավերագրին կից հայտարարության միջոցով իր վավերագրում բացառել սույն Կոնվենցիայի բոլոր կամ որոշ Հավելվածները:
2. Ցանկացած նման հայտարարության պայմանների համաձայն՝ սույն Կոնվենցիայի Հավելվածների դրույթներն ունեն Կոնվենցիայի դրույթներին համարժեք ուժ:
3. Կազմակերպության յուրաքանչյուր Անդամ, որն արել է այդպիսի հայտարարություն, հետագայում լրացուցիչ հայտարարության միջոցով կարող է Գլխավոր տնօրենին ծանուցել հայտարարության մեջ նշված բոլոր կամ որոշ Հավելվածներն ընդունելու մասին: Հավելվածների դրույթները Կազմակերպության տվյալ Անդամի համար ուժի մեջ են մտնում Գլխավոր տնօրենի կողմից այդպիսի ծանուցման գրանցման օրվանից սկսած:
4. Քանի դեռ տվյալ հոդվածի 1-ին կետի համաձայն արված հայտարարությունը ուժի մեջ է մնում որևէ Հավելվածի առնչությամբ, Կազմակերպության Անդամը կարող է հայտարարել, որ ցանկանում է ընդունել տվյալ Հավելվածը` որպես Հանձնարարականի ուժ ունեցող:
Հոդված 15
1. Աշխատանքի միջազգային կազմակերպության կանոնադրության 35-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենին ուղարկված հայտարարություններում նշվում են.
ա) այն տարածքները, որտեղ Կազմակերպության շահագրգիռ Անդամը պարտավորվում է կիրառել սույն Կոնվենցիայի և որոշ կամ բոլոր Հավելվածների դրույթները առանց փոփոխությունների,
բ) այն տարածքները, որտեղ Կազմակերպության շահագրգիռ Անդամը պարտավորվում է կիրառել սույն Կոնվենցիայի և որոշ կամ բոլոր Հավելվածների դրույթները փոփոխություններով` այդ փոփոխությունների մանրամասների հետ միասին,
գ) այն տարածքները, որտեղ սույն Կոնվենցիան և որոշ կամ բոլոր Հավելվածները կիրառելի չեն և, այդպիսի դեպքերում, դրանք չկիրառելու պատճառները,
դ) այն տարածքները, որոնց վերաբերյալ նա հետաձգում է իր որոշումը՝ հետագա կողմնորոշման ակնկալիքով:
2. Սույն հոդվածի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերում նշված պարտականությունները համարվում են վավերագրի անբաժանելի մասը և ունեն վավերագրի ուժ:
3. Կազմակերպության յուրաքանչյուր Անդամ կարող է ցանկացած ժամանակ լրացուցիչ հայտարարության միջոցով ամբողջովին կամ մասնակիորեն հրաժարվել իր սկզբնական հայտարարությունում ընդգրկված վերապահումներից՝ սույն հոդվածի 1-ին կետի «բ», «գ» և «դ» ենթակետերի համաձայն:
4. Կազմակերպության յուրաքանչյուր Անդամ կարող է այն ժամանակահատվածի ընթացքում, երբ սույն Կոնվենցիան կարող է չեղյալ համարվել 17-րդ հոդվածի դրույթների համաձայն, Գլխավոր տնօրենին ուղարկել հայտարարություն, որը փոփոխում է նախկին ցանկացած հայտարարության պայմանները և հայտնում է իր կողմից նշված տարածքների վերաբերյալ իր դիրքորոշման մասին:
Հոդված 16
1. Աշխատանքի միջազգային կազմակերպության կանոնադրության 35-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերի համաձայն` Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենին ուղարկված հայտարարություններում նշվում են, թե արդյոք Կոնվենցիայի և բոլոր կամ որոշ Հավելվածների դրույթները կիրառվելու են նշված տարածքում առանց փոփոխությունների կամ ենթակա են փոփոխությունների, և եթե հայտարարությունում նշվում է, որ Կոնվենցիայի և բոլոր կամ որոշ Հավելվածների կիրառելիք դրույթները ենթակա են փոփոխությունների, ապա ներկայացվում են նշված փոփոխությունների մանրամասները:
2. Կազմակերպության շահագրգիռ Անդամը, Անդամները կամ միջազգային մարմինը կարող են ցանկացած ժամանակ լրացուցիչ հայտարարության միջոցով ամբողջովին կամ մասամբ հրաժարվել նախորդ որևէ հայտարարությունում նշված փոփոխություններից օգտվելու իրավունքից:
3. Կազմակերպության շահագրգիռ Անդամը, Անդամները կամ միջազգային մարմինը այն ժամանակամիջոցի ընթացքում, երբ սույն Կոնվենցիան կարող է չեղյալ համարվել` 17-րդ հոդվածի դրույթների համաձայն, կարող են Գլխավոր տնօրենին ուղարկել լրացուցիչ հայտարարություն, որը կփոփոխի նախորդ ցանկացած հայտարարության պայմանները և կհայտնի Կոնվենցիայի կիրառման վերաբերյալ իր` տվյալ պահի դիրքորոշման մասին:
Հոդված 17
1. Սույն Կոնվենցիան վավերացրած ցանկացած Անդամ կարող է այն չեղյալ համարել Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու պահից տասնամյա ժամկետը լրանալուց հետո` Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենին գրանցման նպատակով չեղյալ հայտարարման մասին փաստաթուղթ ներկայացնելու միջոցով: Նման չեղյալ հայտարարելն ուժի մեջ է մտնում չեղյալ հայտարարելու վերաբերյալ ակտի գրանցումից մեկ տարի հետո:
2. Կազմակերպության յուրաքանչյուր Անդամ, որը վավերացրել է սույն Կոնվենցիան, և որը նախորդ կետում նշված տասնամյա ժամանակահատվածին հաջորդող մեկ տարվա ընթացքում չի իրականացնում սույն հոդվածում նախատեսված չեղյալ հայտարարելու իր իրավունքը, պարտավորված կլինի հաջորդ տասնամյա ժամկետում և հետագայում ևս կկարողանա չեղյալ հայտարարել սույն Կոնվենցիան սույն հոդվածով սահմանված կարգով` յուրաքանչյուր տասնամյա ժամկետը լրանալուց հետո:
3. Նախորդ կետերի դրույթների համաձայն սույն Կոնվենցիան չեղյալ համարելու համար սահմանված ժամանակաընթացքում Կազմակերպության յուրաքանչյուր Անդամ, որն այդ կերպ չեղյալ չի համարում այն, կարող է Գլխավոր տնօրենին ուղարկել հայտարարություն` չեղյալ համարելով այդ Անդամի համար ուժի մեջ գտնվող ցանկացած առանձին Հավելված:
4. Սույն Կոնվենցիայի կամ նրա որոշ կամ բոլոր Հավելվածների չեղյալ համարելը չի ազդում սույն Կոնվենցիայի համաձայն միգրանտ աշխատողին կամ նրա ընտանիքի անդամներին շնորհված իրավունքների վրա, եթե միգրանտ աշխատողը ներգաղթել է այն ժամանակ, երբ Կոնվենցիան կամ համապատասխան Հավելվածը ուժի մեջ են եղել այն տարածքի համար, որտեղ ծագել է այս իրավունքների ուժի մեջ մնալու շարունակելիության հարցը:
Հոդված 18
1. Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենն Աշխատանքի միջազգային կազմակերպության բոլոր Անդամներին ծանուցում է Կազմակերպության Անդամներից ստացած բոլոր վավերագրերի և չեղյալ հայտարարելու վերաբերյալ փաստաթղթերի գրանցման մասին:
2. Կազմակերպության Անդամներին ծանուցելով իր ստացած 2-րդ վավերագրի գրանցման մասին՝ Գլխավոր տնօրենը Կազմակերպության Անդամների ուշադրությունը հրավիրում է սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրվա վրա:
Հոդված 19
Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենը, Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության 102-րդ հոդվածին համապատասխան, գրանցման համար Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ուղարկում է ամբողջական տեղեկություններ բոլոր վավերագրերի և չեղյալ հայտարարելու վերաբերյալ ակտերի մասին, որոնք իր կողմից գրանցվել են նախորդ հոդվածների դրույթներին համապատասխան:
Հոդված 20
Ամեն անգամ, երբ Աշխատանքի միջազգային բյուրոյի Վարչական խորհուրդը անհրաժեշտ է համարում, Գլխավոր խորհրդաժողովին զեկույց է ներկայացնում սույն Կոնվենցիայի կիրառման վերաբերյալ և քննարկում է խորհրդաժողովի օրակարգում դրա լրիվ կամ մասնակի վերանայման հարցի ընդգրկման նպատակահարմարությունը:
Հոդված 21
1. Այն դեպքում, երբ խորհրդաժողովն ընդունում է նոր կոնվենցիա, որն ամբողջովին կամ մասնակիորեն վերանայում է սույն Կոնվենցիան, և եթե նոր կոնվենցիայում չի նախատեսվում հակառակը, ապա.
ա) Անդամի կողմից նոր, վերանայված կոնվենցիայի վավերացումը, անկախ 17-րդ հոդվածի դրույթներից, հանգեցնում է ipso jure սույն Կոնվենցիայի անհապաղ չեղյալ հայտարարման` պայմանով, որ նոր, վերանայված կոնվենցիան
ուժի մեջ մտած լինի,
բ) նոր, վերանայված կոնվենցիայի ուժի մեջ մտնելու պահից սկսած` սույն Կոնվենցիան դադարում է Անդամների վավերացման համար բաց լինելուց:
2. Սույն Կոնվենցիան բոլոր դեպքերում ըստ ձևի և բովանդակության մնում է ուժի մեջ այն Անդամների համար, որոնք վավերացրել են այն, բայց չեն վավերացրել վերանայված կոնվենցիան:
Հոդված 22
1. Աշխատանքի միջազգային խորհրդաժողովը կարող է ցանկացած նստաշրջանի ժամանակ, որի օրակարգում ընդգրկված է այս հարցը, ձայների երկու երրորդով մեծամասնությամբ ընդունել սույն Կոնվենցիայի ցանկացած մեկ կամ ավելի Հավելվածների վերանայված տեքստը:
2. Կազմակերպության յուրաքանչյուր Անդամ, որի համար սույն Կոնվենցիան ուժի մեջ է, խորհրդաժողովի նստաշրջանի փակումից հետո` մեկ տարվա կամ, բացառիկ հանգամանքների դեպքում, 18 ամսվա ընթացքում, ներկայացնում է ցանկացած նման վերանայված տեքստն այն իշխանությանը կամ իշխանություններին, որոնց իրավասության մեջ է մտնում այդ հարցը` օրենսդրության մեջ այն ընդգրկելու կամ այլ գործողության համար:
3. Ցանկացած նման վերանայված տեքստ Կազմակերպության յուրաքանչյուր Անդամի համար ուժի մեջ է մտնում տվյալ Անդամի կողմից Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենին վերանայված տեքստի ընդունման մասին ծանուցող հայտարարության միջոցով:
4. Հավելվածի վերանայված տեքստի` խորհրդաժողովի կողմից ընդունվելու օրվանից հետո Կազմակերպության Անդամների ընդունելու համար բաց է մնում միայն վերանայված տեքստը:
Հոդված 23
Սույն Կոնվենցիայի անգլերեն և ֆրանսերեն տեքստերը հավասարազոր են:
Հավելված I
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԿՆՔՎՈՂ ԽՄԲԱՅԻՆ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆՑՄԱՄԲ ՀԱՎԱՔԱԳՐՎԱԾ ՄԻԳՐԱՆՏ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄԸ, ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Հոդված 1
Սույն Հավելվածը վերաբերում է այն միգրանտ աշխատողներին, որոնց հավաքագրել են` շրջանցելով կառավարության հովանավորությամբ կնքված խմբային տեղափոխությունների վերաբերյալ համաձայնությունները:
Հոդված 2
Սույն Հավելվածի նպատակով՝
ա) հավաքագրում տերմինը նշանակում է.
(i) մի տարածքում գտնվող անձի հրավիրումը մեկ այլ տարածքում գտնվող գործատուի անունից, կամ
(ii) մի տարածքում գտնվող անձին մեկ այլ տարածքում զբաղվածությամբ ապահովելու վերաբերյալ պարտավորություն տալը
i և ii ենթակետերում նշված գործողությունների իրականացման համար միջոցառումների հետ միասին` ներառյալ արտագաղթողների որոնումն ու ընտրությունը և արտագաղթողների մեկնելու հետ կապված նախապատրաստությունները,
բ) մուտք գործել տերմինը ներառում է այն բոլոր գործողությունները, որոնք ձեռնարկվում են սույն հոդվածի «ա» կետի համաձայն հավաքագրված անձանց ժամանումը կամ տարածք մուտք գործելու թույլտվությունն ապահովելու կամ հեշտացնելու համար, և
գ) աշխատանքի տեղավորում տերմինը ներառում է այն բոլոր գործողությունները, որոնք ձեռնարկվում են սույն հոդվածի «բ» կետի համաձայն մուտք գործած անձանց աշխատանքի տեղավորումն ապահովելու և հեշտացնելու համար:
Հոդված 3
1. Կազմակերպության յուրաքանչյուր Անդամ, որի համար սույն Հավելվածն ուժի մեջ է, որի օրենքները և կանոնակարգերը թույլատրում են 2-րդ հոդվածում սահմանված հավաքագրման, մուտք գործելու և աշխատանքի տեղավորման գործողությունները, կարգավորում է վերը նշված գործողությունները, ինչպես թույլատրում են իր օրենքները և կանոնակարգերը՝ սույն հոդվածի դրույթների համաձայն:
2. Հետևյալ կետի դրույթների համաձայն՝ հավաքագրման, մուտք գործելու և աշխատանքի տեղավորման գործողություններ իրականացնելու իրավունք ունեն միայն.
ա) զբաղվածության պետական ծառայությունները կամ այն տարածքի պետական այլ մարմինները, որտեղ տեղի են ունենում տվյալ գործողությունները,
բ) այն տարածքի պետական մարմինները, որտեղ տեղի չեն ունենում տվյալ գործողությունները, սակայն դրանք լիազորված են գործողություններ իրականացնելու տվյալ տարածքում շահագրգիռ կառավարությունների միջև կնքված համաձայնագրով,
գ) ցանկացած մարմին, որը ստեղծվել է միջազգային փաստաթղթում նշված պայմանների համաձայն:
3. Որքանով թույլատրում են ազգային օրենքները և կանոնակարգերը կամ երկկողմ համաձայնագրերը, հավաքագրման, մուտք գործելու և աշխատանքի տեղավորման գործողությունները կարող են իրականացվել.
ա) հավանական գործատուի կամ նրա գրասենյակում աշխատող և նրա անունից գործող անձի կողմից, ինչը, ելնելով միգրանտի շահերից, անհրաժեշտության դեպքում ենթակա է իրավասու իշխանության հավանությանը և վերահսկողությանը,
բ) գործողությունների իրականացման տարածքի իրավասու իշխանությունների կողմից նախապես թույլտվություն ստացած մասնավոր գործակալության կողմից` այնպիսի դեպքերում և այնպիսի պայմանների պարագայում, որոնք կարող են նախատեսված լինել.
(i) տվյալ տարածքի օրենքներով և կանոնակարգերով, կամ
(ii) արտագաղթի երկրի իրավասու մարմնի կամ միջազգային փաստաթղթի համաձայն ստեղծված որևէ այլ մարմնի և ներգաղթի երկրի իրավասու մարմնի միջև կնքված համաձայնագրով:
4. Գործողությունների իրականացման տարածքի իրավասու իշխանությունը վերահսկում է 3-րդ կետի «բ» ենթակետի համաձայն թույլտվություն ստացած մարմինների և անձանց գործունեությունները` բացի այն մարմիններից, որոնք ստեղծվել են որևէ միջազգային փաստաթղթի պայմանների համաձայն և շարունակում են վերահսկվել վերը նշված փաստաթղթի կամ մարմնի և շահագրգիռ իրավասու իշխանության միջև ձեռք բերված համաձայնության պայմանների համաձայն:
5. Սույն հոդվածը չի թույլատրում միգրանտ աշխատողին մուտք գործել Կազմակերպության ցանկացած Անդամի տարածք որևէ այլ անձի կամ մարմնի հրավերով` բացի ներգաղթի երկրի իրավասու մարմնից:
Հոդված 4
Կազմակերպության յուրաքանչյուր Անդամ, որի համար սույն Հավելվածն ուժի մեջ է, պարտավորվում է ապահովել, որ զբաղվածության իր պետական ծառայության կողմից հավաքագրման, մուտք գործելու և աշխատանքի տեղավորման հետ կապված մատուցվող ծառայությունները միգրանտ աշխատողներին մատուցվեն անվճար:
Հոդված 5
1. Կազմակերպության յուրաքանչյուր Անդամ, որի համար սույն Հավելվածն ուժի մեջ է, որը հաստատում է գործատուի կամ նրա անունից գործող և միգրանտ աշխատողի միջև կնքված աշխատանքային պայմանագրերի հսկողության համակարգ և պարտավորվում է պահանջել.
ա) որ աշխատանքային պայմանագրի պատճենը տրվի միգրանտին մինչև նրա մեկնելը կամ, եթե համաձայն է շահագրգիռ կառավարությունը, ներգաղթի երկրի տարածք ժամանելիս` ընդունելության կենտրոնում,
բ) որ պայմանագիրն ընդգրկի աշխատանքի պայմանները սահմանող դրույթներ և, մասնավորապես, միգրանտին առաջարկվող փոխհատուցումը,
գ) որ մեկնելուց առաջ միգրանտը անձամբ իրեն կամ իր անդամակցած միգրանտների խմբին վերաբերող փաստաթղթի միջոցով գրավոր տեղեկատվություն կստանա ներգաղթի երկրի տարածքում իր հանդեպ կիրառվելիք ընդհանուր աշխատանքային և կենսապայմանների մասին:
2. Եթե պայմանագրի օրինակը տրվում է միգրանտին ներգաղթի երկրի տարածք ժամանելիս, ապա մեկնելուց առաջ անձամբ նրան կամ նրա անդամակցած միգրանտների խմբին վերաբերող փաստաթղթի միջոցով գրավոր տեղեկացնում են այն մասնագիտության կատեգորիայի մասին, որի համար նա հրավիրվել է, և աշխատանքային այլ պայմանների` մասնավորապես երաշխավորվող նվազագույն աշխատավարձի մասին:
3. Իրավասու մարմինը երաշխավորում է նախորդ կետերում նշված դրույթների իրագործումը և դրանք խախտելու համար կիրառվելիք համապատասխան պատիժները:
Հոդված 6
Սույն Կոնվենցիայի 4-րդ հոդվածի դրույթների համաձայն ձեռնարկվող միջոցառումները համապատասխան դեպքերում ներառում են.
ա) վարչարարական ընթացակարգերի պարզեցում,
բ) թարգմանական ծառայությունների տրամադրում,
գ) ընտելանալու սկզբնական ժամանակահատվածում անհրաժեշտ ցանկացած օգնություն միգրանտներին և նրանց ընտանիքների այն անդամներին, որոնց թույլատրվել է ուղեկցել կամ միանալ նրանց, և
դ) միգրանտներին և նրանց ընտանիքների այն անդամներին, որոնց թույլատրվել է ուղեկցել կամ միանալ նրանց, ուղևորության բարենպաստ պայմանների ապահովում, մասնավորապես՝ նավի վրա:
Հոդված 7
1. Այն դեպքերում, երբ մի Անդամ պետության տարածքից մեկ այլ Անդամ պետության տարածք մեկնող միգրանտների թիվը բավականին մեծ է, շահագրգիռ երկրների իրավասու մարմիններն անհրաժեշտության կամ ցանկության դեպքում համաձայնագիր են կնքում սույն Հավելվածի դրույթների կիրառումից բխող` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի կարգավորման համար:
2. Եթե Կազմակերպության Անդամները հաստատում են աշխատանքային պայմանագրերը հսկող համակարգ, նմանատիպ համաձայնագրերը նշում են այն մեթոդները, որոնցով պետք է գործարկվեն աշխատողների պայմանագրային պարտավորությունները:
Հոդված 8
Ցանկացած անձ, ով աջակցում է գաղտնի կամ անօրինական ներգաղթին, ենթակա է համապատասխան պատիժների:
Հավելված II
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԿՆՔՎՈՂ ԽՄԲԱՅԻՆ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՎԱՔԱԳՐՎԱԾ ՄԻԳՐԱՆՏ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄԸ, ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Հոդված 1
Սույն Հավելվածը վերաբերում է այն միգրանտ աշխատողներին, ովքեր հավաքագրվել են կառավարության հովանավորությամբ կնքված խմբային տեղափոխությունների վերաբերյալ համաձայնությունների շրջանակներում:
Հոդված 2
Սույն Հավելվածի նպատակներով՝
ա) հավաքագրում տերմինը նշանակում է.
(i) մի տարածքում գտնվող անձի հրավիրումը մեկ այլ տարածքում գտնվող գործատուի անունից` համաձայն կառավարության հովանավորությամբ կնքվող խմբային տեղափոխությունների վերաբերյալ համաձայնությունների, կամ
(ii) մի տարածքում գտնվող անձին մեկ այլ տարածքում զբաղվածությամբ ապահովելու վերաբերյալ պարտավորություն տալը` համաձայն կառավարության հովանավորությամբ կնքվող խմբային տեղափոխությունների վերաբերյալ համաձայնությունների`
i և ii ենթակետերում նշված գործողությունների իրականացման համար միջոցառումների հետ միասին` ներառյալ արտագաղթողների որոնումն ու ընտրությունը և արտագաղթողների մեկնելու հետ կապված նախապատրաստությունները,
բ) մուտք գործել տերմինը ներառում է բոլոր այն գործողությունները, որոնք ձեռնարկվում են սույն հոդվածի «ա» կետի համաձայն կառավարության հովանավորությամբ կնքվող խմբային տեղափոխությունների վերաբերյալ համաձայնությունների շրջանակներում հավաքագրված անձանց ժամանումը կամ տարածք մուտք գործելու թույլտվությունն ապահովելու կամ հեշտացնելու համար, և
գ) աշխատանքի տեղավորում տերմինը ներառում է բոլոր այն գործողությունները, որոնք ձեռնարկվում են սույն հոդվածի «բ» կետի համաձայն կառավարության հովանավորությամբ կնքվող խմբային տեղափոխությունների վերաբերյալ համաձայնությունների շրջանակներում մուտք գործած անձանց աշխատանքի տեղավորումն ապահովելու և հեշտացնելու համար:
Հոդված 3
1. Կազմակերպության յուրաքանչյուր Անդամ, որի համար սույն Հավելվածն ուժի մեջ է, որի օրենքները և կանոնակարգերը թույլատրում են 2-րդ հոդվածում սահմանված հավաքագրման, մուտք գործելու և աշխատանքի տեղավորման գործողությունները, կարգավորում է վերը նշված գործողությունները, ինչպես թույլատրում են իր օրենքները և կանոնակարգերը՝ սույն հոդվածի դրույթների համաձայն:
2. Հետևյալ կետի դրույթների համաձայն՝ հավաքագրման, մուտք գործելու և աշխատանքի տեղավորման գործողություններ իրականացնելու իրավունք ունեն միայն.
ա) զբաղվածության պետական ծառայությունները կամ այն տարածքի պետական այլ մարմինները, որտեղ տեղի են ունենում տվյալ գործողությունները,
բ) այն տարածքի պետական մարմինները, որտեղ տեղի չեն ունենում տվյալ գործողությունները, սակայն դրանք լիազորված են գործողություններ իրականացնելու տվյալ տարածքում` շահագրգիռ կառավարությունների միջև կնքված համաձայնագրով,
գ) բոլոր մարմինները, որոնք ստեղծվել են միջազգային փաստաթղթում նշված պայմանների համաձայն:
3. Որքանով թույլատրում են ազգային օրենքները և կանոնակարգերը կամ երկկողմ համաձայնագրերը և, անհրաժեշտության դեպքում` միգրանտի շահերից ելնելով, ենթակա են իրավասու իշխանության հավանությանը և վերահսկողությանը, հավաքագրման, մուտք գործելու և աշխատանքի տեղավորման գործողությունները կարող են իրականացվել`
ա) հավանական գործատուի կամ նրա գրասենյակում աշխատող և նրա անունից գործող անձի կողմից,
բ) մասնավոր գործակալության կողմից:
4. Հավաքագրման, մուտք գործելու և աշխատանքի տեղավորման գործողություններ իրականացնելու իրավունքը ենթակա է գործողությունների իրականացման տարածքի իրավասու իշխանության կողմից լիազորման` այնպիսի դեպքերում և այնպիսի պայմանների պարագայում, որոնք կարող են նախատեսված լինել.
(i) տվյալ տարածքի օրենքներով և կանոնակարգերով, կամ
(ii) արտագաղթի երկրի իրավասու մարմնի կամ միջազգային փաստաթղթի համաձայն ստեղծված որևէ այլ մարմնի և ներգաղթի երկրի իրավասու մարմնի միջև կնքված համաձայնագրով:
5. Գործողությունների իրականացման տարածքի իրավասու իշխանությունը, իրավասու իշխանությունների միջև կնքված համաձայնագրերի համաձայն, վերահսկում է նախորդ կետերի համաձայն թույլտվություն ստացած մարմինների և անձանց գործունեությունները` բացի այն մարմիններից, որոնք ստեղծվել են որևէ միջազգային փաստաթղթի պայմանների համաձայն և շարունակում են վերահսկվել վերը նշված փաստաթղթի կամ մարմնի և շահագրգիռ իրավասու իշխանության միջև ձեռք բերված համաձայնության պայմանների համաձայն:
6. Միգրանտ աշխատողներին մուտք գործելու թույլտվություն տալուց առաջ ներգաղթի տարածքի իրավասու մարմինները համոզվում են, որ երկրում չկան տվյալ աշխատանքը կատարելու ընդունակություններ ունեցող բավականաչափ անձինք:
7. Սույն հոդվածը չի թույլատրում միգրանտ աշխատողին մուտք գործել Կազմակերպության ցանկացած Անդամի տարածք որևէ այլ անձի կամ մարմնի հրավերով` բացի ներգաղթի երկրի իրավասու մարմնից:
Հոդված 4
1. Կազմակերպության յուրաքանչյուր Անդամ, որի համար սույն Հավելվածն ուժի մեջ է, պարտավորվում է ապահովել, որ զբաղվածության իր պետական ծառայության կողմից հավաքագրման, մուտք գործելու և աշխատանքի տեղավորման հետ կապված մատուցվող ծառայությունները միգրանտ աշխատողներին մատուցվեն անվճար:
2. Միգրանտները չեն հոգում հավաքագրման, մուտք գործելու և աշխատանքի տեղավորման հետ կապված վարչական ծախսերը:
Հոդված 5
Եթե մի երկրից մեկ այլ երկիր միգրանտների խմբային տեղափոխության ժամանակ պահանջվում է տարանցում երրորդ երկրով, տարանցման երկրի տարածքի իրավասու մարմինները միջոցներ են ձեռնարկում փոխադրումն արագացնելու համար` ձգձգումներից և վարչական բնույթի դժվարություններից խուսափելու նպատակով:
Հոդված 6
1. Կազմակերպության յուրաքանչյուր Անդամ, որի համար սույն Հավելվածն ուժի մեջ է, որը հաստատում է գործատուի կամ նրա անունից գործող և միգրանտ աշխատողի միջև կնքված աշխատանքային պայմանագրերի հսկողության համակարգ, պարտավորվում է պահանջել.
ա) որ աշխատանքային պայմանագրի պատճենը տրվի միգրանտին մինչև նրա մեկնելը կամ, եթե համաձայն է շահագրգիռ կառավարությունը, ներգաղթի երկրի տարածք ժամանելիս` ընդունելության կենտրոնում,
բ) որ պայմանագիրն ընդգրկի աշխատանքի պայմանները սահմանող դրույթներ և, մասնավորապես, միգրանտին առաջարկվող փոխհատուցումը,
գ) որ մեկնելուց առաջ միգրանտը անձամբ իրեն կամ իր անդամակցած միգրանտների խմբին վերաբերող փաստաթղթի միջոցով գրավոր տեղեկատվություն կստանա ներգաղթի երկրի տարածքում իր հանդեպ կիրառվելիք ընդհանուր աշխատանքային և կենսապայմանների մասին:
2. Եթե պայմանագրի պատճենը տրվում է միգրանտին ներգաղթի երկրի տարածք ժամանելիս, ապա մեկնելուց առաջ անձամբ նրան կամ նրա անդամակցած միգրանտների խմբին վերաբերող փաստաթղթի միջոցով գրավոր տեղեկացնում են այն մասնագիտության կատեգորիայի մասին, որի համար նա հրավիրվել է, և աշխատանքային այլ պայմանների` մասնավորապես երաշխավորվող նվազագույն աշխատավարձի մասին:
3. Իրավասու մարմինը երաշխավորում է նախորդ կետերում նշված դրույթների իրագործումը և դրանք խախտելու համար կիրառվելիք համապատասխան պատիժները:
Հոդված 7
Սույն Կոնվենցիայի 4-րդ հոդվածի դրույթների համաձայն ձեռնարկվող միջոցառումները համապատասխան դեպքերում ներառում են.
ա) վարչարարական ընթացակարգերի պարզեցում,
բ) թարգմանական ծառայությունների տրամադրում,
գ) ընտելանալու սկզբնական ժամանակահատվածում անհրաժեշտ ցանկացած օգնություն միգրանտներին և նրանց ընտանիքների այն անդամներին, որոնց թույլատրվել է ուղեկցել կամ միանալ նրանց, և
դ) միգրանտներին և նրանց ընտանիքների այն անդամներին, որոնց թույլատրվել է ուղեկցել կամ միանալ նրանց, ուղևորության բարենպաստ պայմանների ապահովում, մասնավորապես՝ նավի վրա, և
ե) մշտական բնակության համար ժամանած միգրանտ աշխատողներին պատկանող ունեցվածքը կանխիկացնելու և տեղափոխելու թույլտվություն:
Հոդված 8
Իրավասու մարմինը ձեռնարկում է համապատասխան միջոցառումներ սկզբնական ժամանակահատվածի ընթացքում` միգրանտ աշխատողների աշխատանքային պայմաններին վերաբերող խնդիրների առնչությամբ` անհրաժեշտության դեպքում այդպիսի միջոցառումների իրականացման ժամանակ համագործակցելով վստահված կամավորական կազմակերպությունների հետ:
Հոդված 9
Եթե սույն Հավելվածի 3-րդ հոդվածի դրույթների համաձայն Անդամ պետության տարածք մուտք գործած աշխատող միգրանտը, իրենից անկախ պատճառով, ի վիճակի չէ ստանալու այն աշխատանքը, որի համար իրեն հավաքագրել են, կամ՝ որևէ այլ հարմար աշխատանք, ապա միգրանտը չի հոգում իր, ինչպես նաև իրեն ուղեկցելու և միանալու թույլտվություն ստացած ընտանիքի անդամների վերադարձի ծախսերը, ներառյալ վարչական ծախսերը, մինչև վերջնական նշանակված կետին հասնելը իրենց տեղափոխման և ապրուստի ծախսերը, ինչպես նաև իրենց տան ունեցվածքի փոխադրման ծախսերը:
Հոդված 10
Եթե ներգաղթի երկրի իշխանության իրավասու մարմինը համարի, որ աշխատանքը, որի համար սույն Հավելվածի 3-րդ հոդվածի համաձայն հավաքագրվել է միգրանտ աշխատողը, հարմար չէ նրա համար, ապա նա պետք է ձեռնարկի համապատասխան միջոցներ հարմար աշխատանք գտնելու գործում միգրանտին աջակցելու համար` պայմանով, որ դա չի խանգարի այդ երկրի աշխատողներին, և միջոցներ պետք է ձեռնարկի միգրանտի ապրուստը ապահովելու համար, մինչև նա աշխատանքի ընդունվի կամ հավաքագրման շրջան վերադառնա, եթե միգրանտը ցանկանում է կամ հավաքագրման ժամանակ համաձայնել է վերադառնալ այդպիսի իրավիճակի դեպքում, կամ մինչև որևէ այլ վայրում վերատեղավորվելը:
Հոդված 11
Եթե սույն Հավելվածի 3-րդ հոդվածի համաձայն ներգաղթի երկիր մուտք գործած միգրանտ աշխատողը, որը փախստական է կամ տեղահանված անձ, տվյալ տարածքում որևէ աշխատանքի համար ավելորդ է դառնում, ապա տվյալ տարածքի իրավասու իշխանությունը գործադրում է բոլոր ջանքերը միգրանտին հարմար զբաղվածություն գտնելու համար՝ պայմանով, որ դա չի խանգարի այդ երկրի աշխատողներին, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում նրա ապրուստը ապահովելու համար մինչև որևէ զբաղվածություն գտնելը կամ այլ վայր տեղափոխվելը:
Հոդված 12
1. Շահագրգիռ տարածքների իրավասու իշխանությունները համաձայնագիր են կնքում սույն Հավելվածի դրույթների կիրառումից բխող` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի կարգավորման համար:
2. Եթե Կազմակերպության Անդամները հաստատում են զբաղվածության վերաբերյալ պայմանագրերը հսկող համակարգ, նմանատիպ համաձայնագրերը նշում են այն մեթոդները, որոնցով պետք է իրագործվեն աշխատողների պայմանագրային պարտավորությունները:
3. Այսպիսի համաձայնագրերը համապատասխան դեպքերում նախատեսում են արտագաղթի երկրի իրավասու մարմնի կամ միջազգային փաստաթղթի համաձայն ստեղծված որևէ այլ մարմնի և ներգաղթի երկրի իրավասու մարմնի միջև համագործակցություն` միգրանտներին զբաղվածության պայմանների հարցերում աջակցելու համար` 8-րդ հոդվածի դրույթների համաձայն:
Հոդված 13
Ցանկացած անձ, ով աջակցում է գաղտնի կամ անօրինական ներգաղթին, ենթակա է համապատասխան պատիժների:
Հավելված III
ՄԻԳՐԱՆՏ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՈՒՆԵՑՎԱԾՔԻ, ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԿՐՈՒՄԸ
Հոդված 1
1. Հավաքագրված միգրանտներին և նրանց ուղեկցելու կամ միանալու թույլտվություն ստացած ընտանիքների անդամներին պատկանող անձնական ունեցվածքը ներգաղթի երկիր ժամանելիս ազատվում է մաքսային տուրքերից:
2. Հավաքագրված միգրանտներին և նրանց ուղեկցելու կամ միանալու թույլտվություն ստացած ընտանիքների անդամներին պատկանող` ձեռքի շարժական գործիքները և շարժական այնպիսի սարքավորումները, որոնք սովորաբար օգտագործվում են աշխատողների հիմնական մասնագիտության համար, ներգաղթի երկիր ժամանելիս ազատվում են մաքսային տուրքերից այն դեպքում, եթե ներմուծման պահին նշված գործիքները և սարքավորումները հաստատվում են որպես նրանց սեփականություն կամ տվյալ պահին նրանց տիրապետության տակ գտնվող, նրանց տիրապետության տակ արդեն գտնված և էական ժամանակ օգտագործված, և որոնք նախատեսվում են օգտագործել իրենց մասնագիտության համար:
Հոդված 2
1. Հավաքագրված միգրանտներին և նրանց ուղեկցելու կամ միանալու թույլտվություն ստացած ընտանիքների անդամներին պատկանող անձնական ունեցվածքը նշված անձանց ծագման երկիր ժամանելիս ազատվում է մաքսային տուրքերից, եթե անձինք պահպանել են այդ երկրի քաղաքացիությունը մինչև իրենց վերադարձի պահը:
2. Հավաքագրված միգրանտներին և նրանց ուղեկցելու կամ միանալու թույլտվություն ստացած ընտանիքների անդամներին պատկանող` ձեռքի շարժական գործիքները և շարժական այնպիսի սարքավորումները, որոնք սովորաբար օգտագործվում են աշխատողների հիմնական մասնագիտության համար, նշված անձանց ծագման երկիր ժամանելիս ազատվում են մաքսային տուրքերից, եթե այդ անձինք պահպանել են այդ երկրի քաղաքացիությունը մինչև իրենց վերադարձի պահը, և եթե ներմուծման պահին նշված գործիքները և սարքավորումները հաստատվում են որպես նրանց սեփականություն կամ տվյալ պահին նրանց տիրապետության տակ գտնվող, նրանց տիրապետության տակ արդեն գտնված և էական ժամանակ օգտագործված, և որոնք նախատեսվում են օգտագործել իրենց մասնագիտության համար:
Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2007 թ. հունվարի 27-ին:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|