Գլխավոր տեղեկություն
Տիպ
Կոնվենցիա
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.06.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2009.12.30/11(19) Հոդ.4
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
03.10.1985
Ստորագրման ամսաթիվ
03.10.1985
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.06.2009

ԵՎՐՈՊԱՅԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱ

 

Կ Ո Ն Վ Ե Ն Ց Ի Ա

 

Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները` որպես սույն Կոնվենցիայի ստորագրողներ,

 

համարելով, որ Եվրոպայի խորհրդի նպատակն է իր անդամների միջև հասնել առավել սերտ միասնության, ի թիվս այլոց, նրանց ընդհանուր ժառանգություն հանդիսացող գաղափարների ու սկզբունքների պաշտպանության ու իրականացման նպատակով,

 

ընդունելով, որ ճարտարապետական ժառանգությունը հանդիսանում է եվրոպայի մշակութային ժառանգության բազմազանության և հարստության անփոխարինելի արտահայտությունը, մեր անցյալի անգնահատելի վկայությունը և բոլոր եվրոպացիների ընդհանուր ժառանգությունը,

 

առաջնորդվելով 1954թ. դեկտեմբերի 19-ին Փարիզում ստորագրված եվրոպական մշակութային կոնվենցիայով և հատկապես դրա 1-ին հոդվածով,

 

առաջնորդվելով 1975թ. սեպտեմբերի 26-ին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի կողմից ընդունված ճարտարապետական ժառանգության եվրոպական խարտիայով և ճարտարապետական ժառանգության ամբողջական պահպանության պահանջների վերաբերյալ օրենքների և կանոնակարգերի համապատասխանեցման մասին 1976թ. ապրիլի 14-ին ընդունված (76)28 բանաձևով,

 

առաջնորդվելով ճարտարապետական ժառանգության պահպանության մասին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 880(1979) հանձնարարականով,

 

հաշվի առնելով ճարտարապետների, քաղաքաշինարարների, քաղաքացիաինժեներական ճարտարագետների և լանդշաֆտի մասնագետների մասնագիտական վերապատրաստման մասին անդամ պետությունների նախարարների կոմիտեի R(80)16, ինչպես նաև նախարարների կոմիտեի կողմից 1981թ. հուլիսի 1-ին ընդունված R(81)13 հանձնարարականները` ի նպաստ արհեստագործական գործունեության շրջանակում անհետացման սպառնալիքի ենթակա որոշ արհեստների պաշտպանությանն ուղղված գործողությունների,

 

հիշեցնելով, թե որքան կարևոր է ապագա սերունդներին մշակութային ելակետների համակարգը փոխանցելը, քաղաքային և գյուղական կյանքի շրջանակի բարելավումը և այս կապակցությամբ` պետությունների ու տարածաշրջանների տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացմանը նպաստելը,

 

հաստատելով ճարտարապետական ժառանգության պաշտպանությունն ու արժեքավորումը երաշխավորող ընդհանուր քաղաքականության հիմնական ուղղությունների շուրջ համաձայնության գալու կարևորությունը,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

Ճարտարապետական ժառանգության սահմանումը

 

Հոդված 1

 

Սույն Կոնվենցիայի նպատակների համար որպես «ճարտարապետական ժառանգություն» են համարվում հետևյալ անշարժ արժեքները.

 

1. հուշարձանները` պատմական, հնագիտական, գեղարվեստական, գիտական, սոցիալական կամ տեխնիկական տեսանկյունից մասնավորապես ուշագրավ իրականացումները, ներառյալ դրանց անքակտելի մաս կազմող տեղադրումները և հարդարանքի տարրերը,

 

2. ճարտարապետական համալիրները` քաղաքային կամ գյուղական կառույցների համածին խմբեր, որոնք պատմական, հնագիտական, գեղարվեստական, գիտական, սոցիալական և տեխնիկական տեսանկյունից հանդիսանում են մասնավորապես ուշագրավ, և որոնց կապակցվածությունը բավարար է տեղագրական (տոպոգրաֆիկ) սահմանազատման առարկա հանդիսանալու համար,

 

3. տեսարժան վայրերը` մարդու և բնության կողմից ստեղծված համակցված աշխատանքներ, որոնք կառուցված են մասնակիորեն, պատմական, հնագիտական, գեղարվեստական, գիտական, սոցիալական կամ տեխնիկական տեսանկյունից հանդիսանում են ուշագրավ և կազմում են բավարար համարվող բնութագրական ու միատարր տարածք` տեղագրական (տոպոգրաֆիկ) սահմանազատման առարկա հանդիսանալու համար:

 

Պահպանության ենթակա արժեքների հայտնաբերումը

 

Հոդված 2

 

Պահպանության ենթակա հուշարձանների, ճարտարապետական համալիրների և տեսարժան վայրերի ճշգրիտ հայտնաբերման նպատակով յուրաքանչյուր Կողմ պարտավորվում է դրանք հաշվառել և այդ արժեքներին սպառնացող վտանգի դեպքում, հնարավորինս սեղմ ժամկետներում կազմել համապատասխան փաստաթղթեր:

 

Պահպանության օրենսդրական ընթացակարգը

 

Հոդված 3

 

Յուրաքանչյուր կողմ պարտավորվում է.

 

1. իրականացնել ճարտարապետական ժառանգության պահպանության օրենսդրական կանոնակարգում.

 

2. այդ կանոնակարգի շրջանակում և իր պետությանը կամ տարածաշրջանին բնորոշ միջոցներով, ապահովել հուշարձանների, ճարտարապետական համալիրների և տեսարժան վայրերի պահպանությունը:

 

Հոդված 4

 

Յուրաքանչյուր Կողմ պարտավորվում է.

 

1. Կիրառել վերահսկողության և թույլտվության տրամադրման պատշաճ ընթացակարգեր` համաձայն նշված արժեքների իրավական պաշտպանվածության,

2. Խուսափել պահպանվող արժեքների աղավաղելուց, խարխլելուց, կամ քանդելուց: Այս հեռանկարով, յուրաքանչյուր Կողմ պարտավորվում է, եթե դեռևս արված չէ, իր օրենսդրության մեջ ներառել հետևյալը նախատեսող դրույթներ.

ա) իրավասու մարմին ներկայացնել պահպանվող կամ պահպանության ենթակա հուշարձանների քանդման կամ ձևափոխման նախագծերը, ինչպես նաև բոլոր այն նախագծերը, որոնք վնասում են դրանց միջավայրը.

բ) իրավասու մարմին ներկայացնել ճարտարապետական համալիրներն ու տեսարժան վայրերն ամբողջությամբ կամ մասնակիորեն վնասող նախագծերը, որոնց կատարումը պահանջում է`

 շենքերի քանդում.

 նոր շենքերի կառուցում.

 կարևոր ձևափոխումներ, որոնք վնասում են ճարտարապետական համալիրի կամ տեսարժան վայրի բնույթը.

գ) հնարավորություն տալ հանրային իշխանություններին պահպանվող արժեքի սեփականատիրոջից պահանջելու անհրաժեշտ աշխատանքների իրականացում, վերջինիս կողմից անհետևողականության դրսևորման դեպքում, ինքնուրույն կատարելու այդպիսի աշխատանք.

դ) պահպանվող արժեքի հարկադիր օտարման հնարավորություն:

 

Հոդված 5

 

Յուրաքանչյուր կողմ պարտավորվում է արգելել պահպանվող որևէ հուշարձանի ամբողջական կամ մասնակի տեղափոխումը, բացի այն դեպքի, երբ այդպիսի հուշարձանի նյութական պահպանությունը հրամայաբար պահանջում է այն տեղափոխել: Այս դեպքում, իրավասու մարմինը անվտանգության անհրաժեշտ միջոցներ պետք է ձեռնարկի` հարմար վայրում հուշարձանի ապամոնտաժման, տեղափոխման և վերականգնման համար:

 

Լրացուցիչ միջոցներ

 

Հոդված 6

 

Յուրաքանչյուր Կողմ պարտավորվում է`

1. հանրային իշխանությունների կողմից ազգային, տարածաշրջանային և տեղական իրավասությունների և առկա բյուջետային միջոցների սահմաններում, տրամադրել ֆինանսական աջակցություն` իր տարածքում գտնվող ճարտարապետական ժառանգության պահպանման և վերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով.

2. անհրաժեշտության դեպքում ձեռնարկել հարկային բնույթի միջոցներ` այդ ժառանգության պահպանությանն աջակցելու նպատակով.

3. խրախուսել ճարտարապետական ժառանգության պահպանմանն ու վերականգնմանն ուղղված մասնավոր նախաձեռնությունները:

 

Հոդված 7

 

Յուրաքանչյուր Կողմ պարտավորվում է միջոցներ ձեռնարկել հուշարձանների շրջակայքում, համալիրների ներսում և տեսարժան վայրերում շրջակա միջավայրի ընդհանուր բարեկարգման ուղղությամբ:

 

Հոդված 8

 

Ճարտարապետական ժառանգության ֆիզիկական ոչնչացման վտանգները նվազագույնի հասցնելու նպատակով յուրաքանչյուր Կողմ պարտավորվում է`

 

1. աջակցել գիտական ուսումնասիրություններին` որոշելու և վերլուծելու համար միջավայրի աղտոտվածության վնասակար ազդեցությունները և մատնանշելու համար այդ ազդեցությունների նվազեցմանը կամ վերացմանն ուղղված եղանակներն ու միջոցները.

2. միջավայրի աղտոտվածության դեմ տարվող պայքարի քաղաքականության մեջ նկատի ունենալ ճարտարապետական ժառանգության պահպանությանը բնորոշ խնդիրները:

 

Պատժամիջոցներ

 

Հոդված 9

 

Յուրաքանչյուր կողմ պարտավորվում է, իրեն վերապահված իշխանության շրջանակում, ապահովել, որպեսզի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին օրենսդրության խախտման դեպքերը հանգեցնեն իրավասու մարմինների կողմից համարժեք և բավարար միջոցների ձեռնարկման: Այդ միջոցները, անհրաժեշտության դեպքում, կարող են ենթադրել, որ օրինախախտին պարտադրվի քանդել ապօրինաբար կառուցված նոր շինությունը, որը չի համապատասխանում գործող պահանջներին կամ վերականգնել պահպանվող արժեքի նախկին վիճակը:

 

Պահպանության քաղաքականություն

 

Հոդված 10

 

Յուրաքանչյուր կողմ պարտավորվում է որդեգրել պահպանության ընդհանուր քաղաքականություն, որը.

 

1. կներառի ճարտարապետական ժառանգության պաշտպանությունը քաղաքների և գյուղական վայրերի կառուցապատման հիմնական նպատակների մեջ և կերաշխավորի, որ այդ պահանջները հաշվի առնվեն բոլոր փուլերում` թե՛ կառուցապատման նախագծերի կազմման, և թե՛ աշխատանքների թույլտվության ընթացքում.

2. կնպաստի ճարտարապետական ժառանգության վերականգնմանն ու պահպանմանն ուղղված ծրագրերին.

3. ճարտարապետական ժառանգության պահպանությունը, զարգացումը և ընդլայնումը կդարձնի մշակութային, բնապահպանական և կառուցապատման քաղաքականության հիմնական տարրը.

4. հնարավորության դեպքում, կդյուրացնի քաղաքների և գյուղական վայրերի կառուցապատման ընթացքում այն շենքերի պահպանությանն ու օգտագործմանը, որոնց կարևորությունը ինքնին չի երաշխավորում սույն Կոնվենցիայի 3-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ նշված պահպանությունը, բայց որոնք հետաքրքրություն են ներկայացնում իրենց` քաղաքային կամ գյուղական վայրերում գտնվելու ու կենսամակարդակի տեսանկյունից.

5. կնպաստի ճարտարապետական ժառանգության ապագայի համար անհրաժեշտ հանդիսացող ավանդական հմտությունների և միջոցների կիրառմանն ու զարգացմանը:

 

Հոդված 11

 

Յուրաքանչյուր կողմ, հարգելով ժառանգության ճարտարապետական և պատմական բնույթը, պարտավորվում է նպաստել`

 

 պահպանվող արժեքների օգտագործմանը` հաշվի առնելով ժամանակակից կյանքի պահանջները.

 առիթը ներկայանալու դեպքում, հին շենքերի վերաշահագործմանը:

 

Հոդված 12

 

Ընդունելով հանդերձ պահպանվող արժեքները հասարակության համար հասանելի դարձնելու կարևորությունը, յուրաքանչյուր Կողմ պարտավորվում է ձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք կարող են անհրաժեշտ լինել, որպեսզի ապահովեն, որ այդ տարածքների հասանելի դարձնելու հետևանքները, հատկապես կառուցվածքային կառուցապատումները բացասական ազդեցություն չունենան արժեքների և դրանց շրջակայքի ճարտարապետական և պատմական առանձնահատկությունների վրա:

 

Հոդված 13

 

Այս քաղաքականության իրականացումը դյուրացնելու նպատակով, յուրաքանչյուր Կողմ պարտավորվում է իր քաղաքական և վարչական կառուցվածքի սահմաններում նպաստել պահպանության, մշակութային, բնապահպանական և կառուցապատման գործունեության բոլոր մակարդակների միջև արդյունավետ համագործակցությանը:

 

Մասնակցությունը և ընկերակցությունները

 

Հոդված 14

 

Ճարտարապետական ժառանգության ծանոթացմանը, պաշտպանությանը, վերականգնմանը, պահպանմանը, ղեկավարմանն ու զարգացմանն ուղղված հանրային իշխանությունների ազդեցության մեծացնելու նպատակով, յուրաքանչյուր Կողմ պարտավորվում է.

 

1. որոշումների ընդունման գործընթացի տարբեր փուլերում պետության, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների, մշակութային հաստատությունների ու ընկերակցությունների և հասարակության միջև ստեղծել տեղեկատվության, խորհրդատվության տրամադրման և համագործակցության հստակ մեխանիզմներ.

2. նպաստել հովանավորչության և այս ոլորտում աշխատող շահույթ չհետապնդող ընկերակցությունների զարգացմանը:

 

Տեղեկատվություն և վերապատրաստում

 

Հոդված 15

 

Յուրաքանչյուր Կողմ պարտավորվում է.

 

1. բարձրացնել հասարակության իրազեկվածությունը ճարտարապետական ժառանգության պահպանության կարևորության վերաբերյալ` թե՛ որպես մշակութային ինքնության տարրի, և թե՛ որպես ներկա ու ապագա սերունդների համար ոգեշնչման և ստեղծագործելու աղբյուրի.

2. այս նպատակով, խրախուսել տեղեկատվության տարածմանը և իրազեկվածության աճի նպաստմանն ուղղված քաղաքականությանը` հատկապես ժամանակակից հաղորդակցության միջոցների և գովազդային տեխնիկայի օգտագործման եղանակով, հետապնդելով մասնավորապես հետևյալ նպատակները.

ա) դպրոցական հասակից արթնացնել ու բարձրացնել հանրության հետաքրքրվածությունը ժառանգության պաշտպանության, բարեկարգված միջավայրի ու ճարտարապետության որակի նկատմամբ.

բ) ցուցադրել մշակութային ժառանգության ընդհանրությունը և ճարտարապետության, արվեստների, ժողովրդական ավանդույթների ու կենսակերպերի միջև գոյություն ունեցող կապերը եվրոպական, ազգային և տարածաշրջանային մակարդակներում:

 

Հոդված 16

 

Յուրաքանչյուր Կողմ պարտավորվում է նպաստել տարբեր մասնագիտությունների և արհեստների ուսուցման ծրագրերին, որոնք առնչություն ունեն ճարտարապետական ժառանգության պահպանության հետ:

 

Պահպանության քաղաքականությունների եվրոպական համակարգումը

 

Հոդված 17

 

Կողմերը պարտավորվում են փոխանակել պահպանության քաղաքականությունների վերաբերյալ տեղեկատվություն, այնպիսի հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են.

 

1. մեթոդները, որոնք պետք է ընդունվեն արժեքների ուսումնասիրության, պաշտպանության և պահպանության համար` հաշվի առնելով պատմական զարգացումները և ճարտարապետական ժառանգության քանակական աճը.

2. եղանակները, որոնցով ճարտարապետական ժառանգության պաշտպանության անհրաժեշտությունը կարող է լավագույնս համաձայնեցվել արդի տնտեսական, սոցիալական և մշակութային գործունեությունների պահանջներին.

3. ժամանակակից տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները ճարտարապետական ժառանգությունը նույնացնելու և գրանցելու, նյութերի աղավաղման դեմ պայքարելու, իսկ գիտական ուսումնասիրությունների ոլորտում` վերականգնման աշխատանքների և ժառանգության կառավարման ու զարգացման մեթոդների համար.

4. ճարտարապետական ստեղծագործությունների զարգացմանն ուղղված միջոցները` որպես մեր դարաշրջանի ավանդի ներդրում Եվրոպայի ժառանգության մեջ:

 

Հոդված 18

 

Կողմերը պարտավորվում են, անհրաժեշտության դեպքում, տրամադրել փոխադարձ տեխնիկական օժանդակություն` ճարտարապետական ժառանգության պահպանության ոլորտում փորձի և փորձագետների փոխանակման միջոցով:

 

Հոդված 19

 

Կողմերը պարտավորվում են, ազգային համապատասխան օրենսդրության կամ միջազգային համաձայնագրերի շրջանակում, խրախուսել ճարտարապետական ժառանգության պահպանության ոլորտի մասնագետների. ներառյալ` նրանց, որոնք պատասխանատու են հետագա վերապատրաստման համար, եվրոպական փոխանակումներին:

 

Հոդված 20

 

Սույն Կոնվենցիայի նպատակների համար Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի կողմից Եվրոպայի խորհրդի կանոնադրության 17-րդ հոդվածի համաձայն ստեղծված փորձագետների կոմիտեն, կվերահսկի սույն Կոնվենցիայի կիրառումը և մասնավորապես`

 

1. Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեին պարբերաբար կներկայացնի Կոնվենցիայի Կողմ պետությունների ճարտարապետական ժառանգության պահպանության քաղաքականությունների իրավիճակի, Կոնվենցիայում ամրագրված սկզբունքների իրականացման և իր գործունեության վերաբերյալ հաշվետվություն.

2. Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեին կառաջարկի Կոնվենցիայի դրույթների իրագործմանն ուղղված միջոցներ, ներառյալ` այնպիսի միջոցները, որոնք, ենթադրվում է, որ կներառեն բազմակողմ գործունեությունը, Կոնվենցիայի լրացումները և փոփոխությունները, ինչպես նաև Կոնվենցիայի նպատակների մասին հանրությանը իրազեկումը.

3. Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեին կներկայացնի խորհրդատվություններ` հրավիրելու Եվրոպայի խորհրդի անդամ չհանդիսացող երկրներին միանալ սույն Կոնվենցիային:

 

Հոդված 21

 

Սույն Կոնվենցիայի դրույթները ոչնչով վնաս չեն հասցնում 1-ին հոդվածում նշված պահպանվող արժեքների պաշտպանության համար առավել նպաստավոր համարվող հատուկ դրույթների կիրառմանը, որոնք ներառվում են.

 

 1972թ. նոյեմբերի 16-ի Մշակութային և բնական համաշխարհային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայում.

 1969թ. մայիսի 6-ի Հնագիտական ժառանգության պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայում:

 

Եզրափակիչ դրույթներ

 

Հոդված 22

 

1. Սույն կոնվենցիան բաց է Եվրոպայի խորհրդի անդամ հանդիսացող յուրաքանչյուր պետության համար: Այն ենթակա է վավերացման, ընդունման կամ հաստատման: Վավերացման, ընդունման կամ հաստատման փաստաթղթերն ի պահ են հանձնվում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին:

2. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում Եվրոպայի խորհրդի անդամ երեք պետության կողմից Կոնվենցիայի շրջանակներում պարտավորություններ ստանձնելու վերաբերյալ իրենց համաձայնությունը տալու օրվանից հետո եռամսյա ժամանակահատվածի ավարտման օրվան հաջորդող ամսվա առաջին օրը` համաձայն նախորդ պարբերության դրույթների:

3. Ցանկացած այլ պետության համար, որը համաձայնություն է տվել պարտավորություն ստանձնել Կոնվենցիայի շրջանակներում, Կոնվենցիան ուժի մեջ է մտնում վավերացման, ընդունման կամ հաստատման փաստաթղթերն ի պահ հանձնելու օրվանից հետո եռամսյա ժամանակահատվածի ավարտին հաջորդող ամսվա առաջին օրը:

 

Հոդված 23

 

1. Սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հետո, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն կարող է հրավիրել Եվրոպայի խորհրդի անդամ չհանդիսացող պետություններին և Եվրոպական տնտեսական համայնքին միանալու սույն Կոնվենցիային` Եվրոպայի խորհրդի կանոնադրության 20-րդ հոդվածի «դ» ենթակետի համաձայն մեծամասնության կողմից ընդունված որոշմամբ և Պայմանավորվող պետությունների ներկայացուցիչների, ովքեր կոմիտեի նիստերին ներկա գտնվելու իրավունք ունեն, միաձայն որոշմամբ:

2. Կոնվենցիային միացող պետության կամ Եվրոպական տնտեսական համայնքի համար Կոնվենցիան ուժի մեջ կմտնի միանալու փաստաթուղթը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին ի պահ հանձնելու օրվանից հետո եռամսյա ժամանակահատվածի ավարտին հաջորդող ամսվա առաջին օրը:

 

Հոդված 24

 

1. Յուրաքանչյուր պետություն ստորագրման կամ վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու իր փաստաթուղթն ի պահ հանձնելու պահին կարող է մատնանշել այն տարածքը կամ տարածքները, որի (որոնց) նկատմամբ կկիրառվի սույն Կոնվենցիան:

2. Յուրաքանչյուր պետություն կարող է ավելի ուշ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին հասցեագրված հայտարարությունով ընդլայնել սույն Կոնվենցիայի կիրառումը հայտարարությունում նշված այլ տարածքների վրա ևս: Այդպիսի տարածքների համար Կոնվենցիան ուժի մեջ կմտնի գլխավոր քարտուղարի կողմից այդպիսի հայտարարության ստացման օրվանից հետո եռամսյա ժամանակահատվածի ավարտին հաջորդող ամսվա առաջին օրը:

3. Նախորդ երկու պարբերությունների համաձայն արված այդպիսի հայտարարությունը, որը վերաբերում է տվյալ հայտարարությունում մատնանշված ցանկացած տարածքին, կարող է չեղյալ հայտարարվել` գլխավոր քարտուղարին ուղղված ծանուցման միջոցով: Չեղյալ հայտարարումը կգործի գլխավոր քարտուղարի կողմից այդպիսի ծանուցման ստացման օրվանից հետո վեցամսյա ժամանակահատվածի ավարտին հաջորդող ամսվա առաջին օրը:

 

Հոդված 25

 

1. Ցանկացած պետություն, ստորագրման կամ վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու փաստաթուղթն ի պահ հանձնելու պահին, կարող է հայտարարել, որ իրեն վերապահում է 4-րդ հոդվածի «գ» և «դ» պարբերությունների դրույթները ամբողջությամբ կամ մասնակիորեն չպահպանելու իրավունքը: Այլ վերապահում չի կարող արվել:

2. Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն, որը նախորդ պարբերության համաձայն կատարել է որևէ վերապահում, կարող է այն ամբողջությամբ կամ մասնակիորեն չեղյալ հայտարարել` այդ մասին գլխավոր քարտուղարին ծանուցելու միջոցով: Չեղյալ հայտարարումը գործում է գլխավոր քարտուղարի կողմից ծանուցման ստացման օրվանից:

3. Կողմը, որն արել է վերապահում վերոշարադրյալ 1-ին պարբերության մեջ նշված դրույթների նկատմամբ, չի կարող պահանջել, որպեսզի այդ դրույթը կիրառվի այլ Կողմի կողմից. նա, այնուամենայնիվ կարող է, եթե վերապահումը մասնակի է կամ պայմանական, պահանջել այդ դրույթի կիրառումն այնքանով, որքանով ինքն է այն ընդունել:

 

Հոդված 26

 

1. Յուրաքանչյուր Կողմ կարող է ցանկացած ժամանակ դադարեցնել Կոնվենցիան` Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին ուղղված ծանուցման միջոցով:

2. Դադարեցումն ուժի մեջ է մտնում այդպիսի ծանուցումը գլխավոր քարտուղարի կողմից ստանալու օրվանից հետո վեցամսյա ժամանակահատվածի ավարտին հաջորդող ամսվա առաջին օրը:

 

Հոդված 27

 

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը կծանուցի Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին, սույն Կոնվենցիային միացող յուրաքանչյուր պետությանը և Եվրոպական տնտեսական համայնքին.

 

ա) յուրաքանչյուր ստորագրության մասին.

 

բ) վավերացման, ընդունման, հաստատման և միանալու ցանկացած փաստաթուղթ ի պահ հանձնելու մասին.

 

գ) սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելու բոլոր ամսաթվերի մասին` համաձայն 22-րդ, 23-րդ և 24-րդ հոդվածների.

 

դ) սույն Կոնվենցիային առնչվող ցանկացած ակտի, ծանուցման կամ հաղորդագրության մասին:

 

Ի հավաստումն որի, ներքոստորագրյալները, պատշաճ ձևով լիազորված լինելով, ստորագրեցին սույն Կոնվենցիան:

 

Կատարված է Գրանադայում, 1985թ. հոկտեմբերի 3-ին, մեկ օրինակով` ֆրանսերեն և անգլերեն, ընդ որում` երկու տեքստն էլ հավասարազոր են. բնօրինակը կպահվի Եվրոպայի խորհրդի արխիվներում: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը կփոխանցի հաստատված պատճենները Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ պետություններին կամ ցանկացած այլ պետության կամ Եվրոպական տնտեսական համայնքին, որոնք հրավիրվել են միանալու սույն Կոնվենցիային:

 

Հայաստանի Հանրապետության համար կոնվենցիան ուժի մեջ է մտել 2009թ. հունիսի 1-ին:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան