Գլխավոր տեղեկություն
Համար
N 1128-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.10.2003-28.02.2009)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.10.01/49(284) Հոդ.896
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.08.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.08.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
17.09.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.10.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
15.09.2012

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 սեպտեմբերի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 օգոստոսի 2003 թվականի N 1128-Ն

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱԳԼԽԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի օգտագործման և հատկացումների չափերի որոշման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) մասնագիտական հանձնաժողովի կազմը` համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին`

ա) եռամսյա ժամկետում, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ, հաստատել սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված կարգի 2-րդ կետով նախատեսված նախահաշվային արժեքների հաշվարկման և ինդեքսավորման կարգը.

բ) երկամսյա ժամկետում հաստատել սույն որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված մասնագիտական հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը.

գ) 6-ամսյա ժամկետում` սահմանված կարգով ընդունել երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների նախագծման մեթոդական ցուցումներին վերաբերող գերատեսչական նորմատիվ ակտ:

3. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին` 6-ամսյա ժամկետում` սահմանված կարգով ընդունել հանքարդյունահանման աշխատանքների նախագծման մեթոդական ցուցումներին վերաբերող գերատեսչական նորմատիվ ակտ:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` մեկամսյա ժամկետում` շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի գումարների պահպանման նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում բացել հատուկ հաշիվ:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. օգոստոսի 29
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2003 թվականի
օգոստոսի 14-ի N 1128-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱԳԼԽԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 65-րդ հոդվածով սահմանված շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի (այսուհետ` դրամագլուխ) օգտագործման և հատկացումների չափերի որոշման կարգը:

2. Սույն կարգում օգտագործվող հասկացություններն են`

ռեկուլտիվացիոն աշխատանքներ` հանքարդյունահանման և (կամ) ուսումնասիրության նախագծով շրջակա միջավայրի պահպանության նպատակով նախատեսված լեռնային աշխատանքների իրականացման արդյունքում խախտված հողերի բերրիության և տնտեսական արժեքի վերականգնմանը, շրջակա միջավայրի վիճակի բարելավմանը նպատակաուղղված լեռնատեխնիկական, ինժեներաշինարարական, մելիորատիվ, գյուղատնտեսական, անտառկուլտուրական և կանաչապատման աշխատանքների համալիր ծրագիր,

հաշվարկման բազային չափ` հանքարդյունահանման և (կամ) ուսումնասիրության նախագծով նախատեսված ռեկուլտիվացիոն աշխատանքների նախահաշվային արժեք:

Ռեկուլտիվացիոն աշխատանքների նախահաշվային արժեքների հաշվարկման և ինդեքսավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ:

3. Սույն կարգում օգտագործվող մյուս հասկացությունները կիրառվում են այն իմաստով, որոնք սահմանված են Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքով և «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

 

II. ԴՐԱՄԱԳԼԽԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԸ

 

4. Սույն կարգի համաձայն` դրամագլխին հատկացումներ կատարողներ են Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հանքային իրավունք կրողները (այսուհետ` լիցենզառու):

 

III. ԴՐԱՄԱԳԼԽԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

5. Դրամագլխին հատկացման ենթակա գումարների հատկացումը լիցենզառուի կողմից կատարվում է նախնական հատկացման և ընթացիկ հատկացումների ձևով:

6. Դրամագլխին նախնական հատկացումը լիցենզառուի կողմից հատկացվում է համապատասխան լիցենզային պայմանագրի ստորագրման օրվանից հետո մեկ ամսվա ընթացքում:

7. Ընթացիկ հատկացումները կատարվում են համապատասխան լիցենզային պայմանագրով ռեկուլտիվացիոն աշխատանքների կատարման համար սահմանված ժամանակահատվածի ընթացքում` այդ պայմանագրով սահմանված ժամանակացույցով նախատեսված ժամկետներում:

8. Ընթացիկ հատկացումները կատարվում են ռեկուլտիվացիոն աշխատանքների կատարման համար սահմանված ժամանակահատվածի յուրաքանչյուր տարվա համար:

9. Վերջին տարվա համար ընթացիկ հատկացումներ չեն կատարվում:

10. Լիցենզառուի կողմից իր պարտավորությունների կատարումից հետո մեկ ամսվա ընթացքում լիազոր մարմնի և լիցենզառուի կողմից կազմվում է դրամագլխին լիցենզառուի կողմից կատարված հատկացումների և դրամագլխից լիցենզառուին տրամադրված գումարների փոխադարձ հաշիվների ակտ (այսուհետ` վերջնահաշվարկ), որի հիման վրա`

ա) դրամագլխին հատկացված գումարի մնացորդը` վերջնահաշվարկը, կողմերի կողմից ստորագրվելուց հետո 20 բանկային օրվա ընթացքում վերադարձվում է լիցենզառուին.

բ) դրամագլխին պարտք մնալու դեպքում լիցենզառուն 20 բանկային օրվա ընթացքում դրամագլխին կատարում է փոխանցում` պարտքի գումարին համապատասխանող չափով:

 

IV. ԴՐԱՄԱԳԼԽԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ ՈՐՈՇԵԼԸ

 

11. Դրամագլխին հատկացումները կատարվում են Հայաստանի Հանրապետության դրամով:

12. Նախնական հատկացման չափը սահմանվում է համապատասխան լիցենզային պայմանագրով, և այն չպետք է պակաս լինի դրամագլխին կատարվող հատկացումների հաշվարկման բազային չափի 15 տոկոսից:

13. Հատկացման ժամանակահատվածի յուրաքանչյուր տարվա կտրվածքով դրամագլխին հատկացման ենթակա ընթացիկ հատկացումների գումարը չպետք է պակաս լինի հատկացումների նվազագույն չափից, որը հաշվարկվում է հետևյալ կերպ`

ԴՎ = (ՀԲ-ՆՎ)/Ժ,

որտեղ`

ԴՎ-ն դրամագլխին կատարվող տարեկան հատկացումների նվազագույն չափն է` հազ. դրամներով, ստորակետից հետո մեկ նիշի ճշտությամբ,

ՀԲ-ն դրամագլխին կատարվող հատկացումների հաշվարկման բազային չափն է` հազ. դրամներով,

ՆՎ-ն դրամագլխին կատարվող նախնական հատկացման չափն է` հազ. դրամներով,

Ժ-ն ռեկուլտիվացիոն աշխատանքների կատարման ժամկետն է` տարիներով:

14. Եթե հաշվետու տարվա արդյունքներով լիցենզառուի կողմից կատարված և համապատասխան կատարողական ակտերով հավաստված ռեկուլտիվացիոն աշխատանքների ծավալը գումարային առումով գերազանցում է տվյալ լիցենզառուի ենթահաշվում առկա մնացորդի գումարը, ապա այդ գերազանցող տարբերության չափով պակասեցվում է հաշվետու տարվան հաջորդող տարվա ընթացիկ հատկացման չափը:

 

V. ԴՐԱՄԱԳԼԽԻՑ ԼԻՑԵՆԶԱՌՈՒԻՆ ՌԵԿՈՒԼՏԻՎԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ ՈՐՈՇԵԼԸ

 

15. Սույն կարգի համաձայն լիցենզառուին դրամագլխից հատկացումներ են կատարվում լիազոր մարմնի ղեկավարի որոշմամբ, որի ընդունման համար հիմք է ծառայում լիազոր մարմնին կից ստեղծված մասնագիտական հանձնաժողովի եզրակացությունը:

16. Մասնագիտական հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը (ներառյալ ռեկուլտիվացիոն աշխատանքների հավաստիության և կատարման որակի ստուգման ձևերն ու մեխանիզմները) հաստատում է լիազոր մարմնի ղեկավարը` համաձայնեցնելով ընդերքօգտագործման խորհրդատվական հանձնաժողովի հետ:

17. Լիցենզառուին դրամագլխից հատկացումներ են կատարվում տարեկան կտրվածքով:

18. Դրամագլխից հաշվետու տարվա համար հատկացումներ ստանալու նպատակով լիցենզառուն մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա առաջին ամսվա 15-ը լիազոր մարմին է ներկայացնում հաշվետու տարվա ընթացքում ռեկուլտիվացիոն աշխատանքների գծով կատարված ծավալները հաստատող` սահմանված կարգով կազմված կատարողական ակտերը:

19. Լիազոր մարմինը սույն կարգի 18-րդ կետում նշված կատարողական ակտերն ստանալու օրվանից հետո 15-օրյա ժամկետում մասնագիտական հանձնաժողովի միջոցով ուսումնասիրում է լիցենզառուի կողմից կատարված ռեկուլտիվացիոն աշխատանքների հավաստիությունն ու կատարման որակը և ընդունում որոշում լիցենզառուին դրամագլխից գումար հատկացնելու կամ չհատկացնելու մասին:

Ընդունված որոշման մեկ օրինակը կամ պատճենը լիազոր մարմնի կողմից 5-օրյա ժամկետում տրամադրվում է լիցենզառուին:

20. Լիցենզառուին դրամագլխից գումար հատկացնելու մասին որոշման ընդունման դեպքում այդ որոշման մեջ նշվում է հատկացման գումարը, որը ռեկուլտիվացիոն աշխատանքների վերաբերյալ մասնագիտական հանձնաժողովի դրական եզրակացության առկայության դեպքում պետք է հավասար լինի հաշվետու ժամանակահատվածում կատարված և համապատասխան կատարողական ակտերով ընդունված աշխատանքների նախահաշվային արժեքներին:

Հաշվետու ժամանակահատվածի ընթացքում կատարված ռեկուլտիվացիոն աշխատանքների ոչ լրիվ ծավալով ընդունման դեպքում` դրամագլխից լիցենզառուին գումարները հատկացվում են ընդունված կատարողական ակտերին համապատասխանող չափերով:

21. Լիազոր մարմնի համար հաշվետու տարվա արդյունքներով դրամագլխից լիցենզառուին գումար չհատկացնելու մասին որոշում ընդունելու հիմք է հանդիսանում մասնագիտական հանձնաժողովի բացասական եզրակացությունը, մասնավորապես`

ա) ռեկուլտիվացիոն աշխատանքների կատարման ցածր որակը,

բ) դրանց անհամապատասխանությունը հանքարդյունահանման և (կամ) ուսումնասիրության ծրագրին (ծրագրերին):

22. Լիցենզառուին դրամագլխից գումար չհատկացնելու մասին որոշման ընդունումից հետո 3-օրյա ժամկետում լիազոր մարմինը գրավոր ծանուցում է լիցենզառուին` պահանջելով իր կողմից սահմանված ժամկետում ապահովել նախագծով նախատեսված ռեկուլտիվացիոն աշխատանքների կատարումն այն ծավալներով, որոնցով պայմանավորված է եղել հանքային իրավունքի տրամադրումը:

23. Լիազոր մարմնի` սույն կարգի 22-րդ կետում նշված ծանուցմամբ սահմանված ժամկետներում իրականացման ենթակա պահանջների կատարման դեպքում լիցենզառուն դրամագլխից համապատասխան հատկացում ստանալու համար լիազոր մարմին է ներկայացնում համապատասխան տեղեկանք լիազոր մարմնի ցուցումների կատարման մասին:

24. Լիազոր մարմինը սույն կարգի 23-րդ կետում նշված տեղեկանքն ստանալու օրվանից 5-օրյա ժամկետում` մասնագիտական հանձնաժողովի կողմից տրված` լիցենզառուի կողմից լիազոր մարմնի ցուցումների կատարման արդյունքների վերաբերյալ եզրակացության հիման վրա ընդունում է որոշում լիցենզառուին դրամագլխից գումար հատկացնելու կամ չհատկացնելու մասին:

25. Լիցենզառուին դրամագլխից գումար հատկացնելու մասին որոշման ընդունման դեպքում լիազոր մարմինը 10 բանկային օրվա ընթացքում, որոշման համաձայն, դրամագլխից լիցենզառուին հատկացման ենթակա գումարը փոխանցում է նրա բանկային հաշվին:

Լիազոր մարմնի և լիցենզառուի փոխադարձ համաձայնությամբ` փոխադարձ հաշվարկների ակտի ստորագրման միջոցով դրամագլխից լիցենզառուին հաշվետու տարվա արդյունքներով հատկացման կամ վերադարձման ենթակա գումարը կարող է հաշվանցվել որպես հաշվետու տարվան հաջորդող տարվա (տարիների) համար դրամագլխին հատկացման ենթակա ընթացիկ հատկացման գումար:

26. Սույն կարգի 25-րդ կետում նշված` լիցենզառուին դրամագլխից գումար չհատկացնելու մասին որոշման մեջ լիազոր մարմնի կողմից արձանագրվում է, որ լիցենզառուն չի կատարում իր ցուցումները:

Նույն որոշմամբ լիազոր մարմինն իրեն իրավունք է վերապահում, հիմք ընդունելով օրենքի 62-րդ հոդվածը, սեփական նախաձեռնությամբ դրամագլխի միջոցների հաշվին իրականացնել լիցենզառուի կողմից չկատարված ռեկուլտիվացիոն աշխատանքները` դրա մասին նախապես` առնվազն մեկ ամիս առաջ տեղյակ պահելով լիցենզառուին:

 

VI. ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ` ՍԵՓԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՌԵԿՈՒԼՏԻՎԱՑԻՈՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

27. Համաձայն օրենքի 62-րդ հոդվածի` լիազոր մարմինն իր նախաձեռնությամբ ռեկուլտիվացիոն աշխատանքների կատարումն սկսելու կամ շարունակելու մասին որոշում ընդունելուց հետո`

ա) անհրաժեշտության դեպքում մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով հայցադիմում է ներկայացնում` լիցենզառուի կողմից չկատարված կամ ռեկուլտիվացիոն աշխատանքների հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասների հատուցման համար.

բ) եռամսյա ժամկետում, մասնագիտական հանձնաժողովի եզրակացության հիման վրա, ճշտում է լիցենզառուի կողմից չկատարված ռեկուլտիվացիոն աշխատանքների ծավալները.

գ) եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատում (վերահաստատում) է ռեկուլտիվացիոն աշխատանքների կատարման նոր տեխնիկական բնութագրերը.

դ) 5-ամսյա ժամկետում` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընթացակարգերով կազմակերպում է ռեկուլտիվացիոն աշխատանքների գնման գործընթացը:

28. Լիազոր մարմնի նախաձեռնությամբ ռեկուլտիվացիոն աշխատանքների իրականացման դեպքում այդ աշխատանքները ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի N 1267 որոշմամբ հաստատված` գնումների բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և ֆինանսավորման կարգին համապատասխան:

29. Ռեկուլտիվացիոն աշխատանքների ավարտից հետո լիազոր մարմինը մեկամսյա ժամկետում ճշտում է դրանց իրականացման վրա դրամագլխից կատարված հատկացումների ծավալները և սահմանված կարգով համապատասխան հայցադիմում ներկայացնում` լիցենզառուից դատական կարգով` լիազոր մարմնի նախաձեռնությամբ իրականացված ռեկուլտիվացիոն աշխատանքների վրա կատարված ծախսերին համապատասխանող գումարների չհատուցված մասի վերականգնման համար:

30. Ռեկուլտիվացիոն աշխատանքների մեծ ծավալների, ինչպես նաև տվյալ լիցենզառուի ենթահաշվում անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայության կամ սակավության դեպքերում լիազոր մարմինը կարող է համապատասխան հայցադիմում ներկայացնել` ըստ անհրաժեշտության` ռեկուլտիվացիոն աշխատանքների հերթական փուլի ավարտից հետո` ելնելով փաստացի կատարված աշխատանքների ծավալից:

 

VII. ԴՐԱՄԱԳԼԽԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

31. Դրամագլխի գումարները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հատուկ հաշվում պահվում են ըստ լիցենզառուների` նրանցից յուրաքանչյուրի համար սահմանված կարգով բացված ենթահաշիվներում:

32. Դրամագլխից կատարվող հատկացումների գլխավոր կարգադրիչ է համարվում լիազոր մարմնի ղեկավարը:

33. Դրամագլխի գումարների հաշվառումը, սպասարկումը և վերահսկողությունն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 404 որոշմամբ հաստատված կարգին համապատասխան:

 

VIII. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

34. Սույն կարգի կիրառման հետ կապված վեճերը լուծվում են դատական կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2003 թվականի
օգոստոսի 14-ի N 1128-Ն որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 2 ներկայացուցիչ

ՀՀ բնապահպանության նախարարության 2 ներկայացուցիչ

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության մեկ ներկայացուցիչ

ՀՀ քաղաքաշինության նախարարության մեկ ներկայացուցիչ

ՀՀ գյուղատնտեսության նախարարության մեկ ներկայացուցիչ

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի մեկ ներկայացուցիչ

Համապատասխան մարզպետարանի մեկ ներկայացուցիչ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
23.08.2012, N 1079-Ն 15.09.2012, N 1128-Ն
05.02.2009, N 103-Ն 28.02.2009, N 1128-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան