Կ Ո Ն Վ Ե Ն Ց Ի Ա
ԿԱՆԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ՁԵՎԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ*
(18 դեկտեմբերի 1979 թ.)
Սույն Կոնվենցիայի մասնակից պետությունները,
նշելով, որ Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունը վերահաստատում է հավատը մարդու հիմնարար իրավունքների, մարդկային անհատի արժանապատվության ու արժեքի և տղամարդկանց ու կանանց իրավահավասարության նկատմամբ,
նշելով, որ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը հաստատում է խտրականության անթույլատրելիության սկզբունքը և հռչակում, որ բոլոր մարդիկ իրենց արժանապատվությամբ և իրավունքներով ծնվում են ազատ ու հավասար, և որ յուրաքանչյուր ոք օժտված է Հռչակագրում ամրագրված բոլոր իրավունքներով ու ազատություններով՝ առանց որևէ տարբերակման, այդ թվում նաև առանց սեռի հիմքով տարբերակման,
նշելով, որ մարդու իրավունքների մասին միջազգային դաշնագրերի մասնակից պետությունները պարտավորություն ունեն ապահովելու կանանց և տղամարդկանց՝ տնտեսական, սոցիալական, մշակութային, քաղաքացիական և քաղաքական բոլոր իրավունքներից օգտվելու հավասար իրավունքները,
հաշվի առնելով Միավորված ազգերի կազմակերպության և մասնագիտացված հաստատությունների հովանու ներքո կնքված՝ տղամարդկանց և կանանց իրավահավասարությանը նպաստող միջազգային կոնվենցիաները,
նշելով նաև Միավորված ազգերի կազմակերպության և մասնագիտացված հաստատությունների կողմից ընդունված՝ տղամարդկանց և կանանց իրավահավասարությանը նպաստող բանաձևերը, հռչակագրերն ու հանձնարարականները,
մտահոգված, որ, չնայած այդ զանազան փաստաթղթերին, կանանց նկատմամբ շարունակում է գոյություն ունենալ զգալի խտրականություն,
հիշելով, որ կանանց նկատմամբ խտրականությունը խախտում է իրավահավասարության և մարդկային արժանապատվության նկատմամբ հարգանքի սկզբունքները, խոչընդոտում է տղամարդկանց հետ հավասար պայմաններով կանանց մասնակցությանն իրենց երկրների քաղաքական, սոցիալական, տնտեսական և մշակութային կյանքին, անհամատեղելի է հասարակության ու ընտանիքի բարեկեցության աճին և ավելի է դժվարացնում կանանց հնարավորությունների լիակատար դրսևորումը՝ ի շահ իրենց երկրների և մարդկության,
մտահոգված լինելով, որ աղքատության պայմաններում կանայք ամենանվազ չափով են օգտվում սննդից, առողջապահությունից, կրթությունից, մասնագիտական պատրաստությունից և աշխատելու հնարավորությունից, ինչպես նաև այլ պահանջմունքներից,
համոզված լինելով, որ հավասարության և արդարության վրա հիմնված միջազգային նոր տնտեսական կարգի հաստատումն զգալիորեն կնպաստի տղամարդկանց և կանանց միջև հավասարության ապահովմանը,
ընդգծելով, որ ապարտեիդի, ռասիզմի բոլոր ձևերի, ռասայական խտրականության, գաղութատիրության, նոր գաղութատիրության, ագրեսիայի, օտարերկրյա բռնազավթման ու տիրապետության և պետությունների ներքին գործերին միջամտելու պրակտիկայի վերացումն անհրաժեշտ պայման է տղամարդկանց ու կանանց իրավունքների լիակատար իրականացման համար,
հաստատելով, որ միջազգային խաղաղության և անվտանգության ամրապնդումը, միջազգային լարվածության թուլացումը, բոլոր պետությունների միջև փոխադարձ համագործակցությունը՝ անկախ նրանց սոցիալական ու տնտեսական համակարգերից, համընդհանուր և լիակատար զինաթափումը, մասնավորապես, խիստ և արդյունավետ միջազգային վերահսկողության ներքո միջուկային զինաթափումը, երկրների միջև հարաբերություններում արդարության, հավասարության ու փոխշահավետության սկզբունքների հաստատումը, օտարերկրյա ու գաղութային տիրապետության և օտարերկրյա բռնազավթման տակ գտնվող ժողովուրդների ինքնորոշման և անկախության իրավունքի իրականացումը, ինչպես նաև հարգանքը պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ կխթանեն սոցիալական առաջընթացն ու զարգացումը և, որպես հետևանք, կնպաստեն տղամարդկանց ու կանանց միջև լիակատար հավասարության ձեռքբերմանը,
համոզված լինելով, որ երկրի լիակատար զարգացումը, աշխարհի բարեկեցությունը և խաղաղության գործը պահանջում են տղամարդկանց հետ հավասար պայմաններով կանանց առավելագույն մասնակցություն բոլոր բնագավառներում,
հաշվի առնելով ընտանիքի բարեկեցության և հասարակության զարգացման գործում կանանց մեծ ներդրումը, ինչը մինչ այժմ լիարժեքորեն չի ճանաչվել, մայրության ու երկու ծնողների դերի սոցիալական նշանակությունն ընտանիքում և երեխաների դաստիարակության հարցում, և գիտակցելով, որ վերարտադրության գործում կնոջ դերը չպետք է հիմք հանդիսանա խտրականության համար, քանզի երեխաների դաստիարակությունը պահանջում է պարտականությունների բաշխում տղամարդկանց ու կանանց և հասարակության միջև՝ ամբողջությամբ վերցված,
գիտակցելով, որ տղամարդկանց ու կանանց միջև լիակատար հավասարության հասնելու համար անհրաժեշտ է փոխել ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց ավանդական դերը հասարակության մեջ և ընտանիքում,
լի վճռականությամբ՝ իրագործելու Կանանց նկատմամբ խտրականության վերացման մասին հռչակագրում ամրագրված սկզբունքները և այդ նպատակով ձեռնարկելու բոլոր միջոցները, որոնք անհրաժեշտ են նման խտրականությունը՝ իր բոլոր ձևերով ու դրսևորումներով վերացնելու համար,
համաձայնեցին ներքոհիշյալի շուրջ.
Մ ա ս 1
Հ ո դ վ ա ծ 1
Սույն Կոնվենցիայի նպատակների համար «կանանց նկատմամբ խտրականություն» հասկացությունը նշանակում է սեռի հիմքով ցանկացած տարբերակում, բացառում կամ սահմանափակում, որը նպատակ ունի կանանց համար սահմանափակել կամ վերացնել քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային, քաղաքացիական կամ ցանկացած այլ բնագավառում, տղամարդկանց և կանանց, անկախ նրանց ամուսնական կարգավիճակից, հավասարության հիմքով, մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների ճանաչումը և կանանց կողմից այդ իրավունքների ու ազատությունների իրականացումը կամ դրանցից օգտվելը:
Հ ո դ վ ա ծ 2
Մասնակից պետությունները դատապարտում են կանանց նկատմամբ խտրականությունն իր բոլոր ձևերով, համաձայնում են բոլոր համապատասխան միջոցներով և առանց հապաղելու վարել կանանց նկատմամբ խտրականության վերացման քաղաքականություն և այդ նպատակով պարտավորվում են.
(ա) տղամարդկանց և կանանց իրավահավասարության սկզբունքն ամրագրել իրենց ազգային սահմանադրություններում կամ համապատասխան օրենսդրության մեջ, եթե այն դեռևս ամրագրված չէ, և օրենսդրության ու այլ համապատասխան միջոցների օգնությամբ ապահովել այդ սկզբունքի գործնական իրականացումը,
(բ) ընդունել կանանց նկատմամբ ամեն տեսակի խտրականությունն արգելող համապատասխան օրենսդրական և այլ միջոցներ, ներառյալ պատժամիջոցներ, որտեղ դրանք անհրաժեշտ են,
(գ) սահմանել տղամարդկանց հետ հավասար պայմաններով կանանց իրավունքների իրավական պաշտպանություն և իրավասու ներպետական ատյանների ու պետական այլ հաստատությունների օգնությամբ ապահովել կանանց պաշտպանությունն ընդդեմ խտրականության ցանկացած գործողության,
(դ) ձեռնպահ մնալ կանանց նկատմամբ խտրականության որևէ գործողության կամ պրակտիկայի մեջ ներգրավվելուց և երաշխավորել, որ պետական մարմիններն ու հաստատությունները կգործեն այդ պարտավորությանը համապատասխան,
(ե) ձեռնարկել բոլոր համապատասխան միջոցները՝ վերացնելու համար ցանկացած անձի, կազմակերպության կամ ձեռնարկության կողմից կանանց նկատմամբ դրսևորվող խտրականությունը,
(զ) ձեռնարկել բոլոր համապատասխան, ներառյալ՝ օրենսդրական, միջոցները՝ փոխելու կամ վերացնելու համար այն գործող օրենքները, ենթաօրենսդրական ակտերը, սովորույթներն ու պրակտիկան, որոնք ներկայացնում են խտրականություն կանանց նկատմամբ,
(է) վերացնել ներպետական քրեական օրենսդրության բոլոր այն դրույթները, որոնք խտրականություն են ներկայացնում կանանց նկատմամբ:
Հ ո դ վ ա ծ 3
Մասնակից պետությունները բոլոր, մասնավորապես, քաղաքական, սոցիալական, տնտեսական և մշակութային բնագավառներում ձեռնարկում են բոլոր համապատասխան, ներառյալ՝ օրենսդրական միջոցները՝ ապահովելու կանանց լիարժեք զարգացումն ու առաջադիմությունը, որպեսզի նրանց համար երաշխավորվեն տղամարդկանց հետ հավասարության հիման վրա մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների իրականացումն ու դրանցից օգտվելը:
Հ ո դ վ ա ծ 4
1. Մասնակից պետությունների կողմից տղամարդկանց և կանանց միջև փաստական հավասարության հաստատումն արագացնելուն նպատակաուղղված ժամանակավոր հատուկ միջոցների ընդունումը չի համարվում խտրականություն, ինչպես սահմանված է սույն Կոնվենցիայով, սակայն դա ոչ մի դեպքում չպետք է հանգեցնի անհավասար կամ տարբերակված ստանդարտների պահպանման. այդ միջոցները կվերացվեն, երբ հնարավորությունների և վերաբերմունքի հավասարության նպատակներն իրականություն կդառնան:
2. Մասնակից պետությունների կողմից մայրության պաշտպանությանը նպատակաուղղված հատուկ, ներառյալ սույն Կոնվենցիայով նախատեսված, միջոցների ընդունումը չի համարվում խտրական:
Հ ո դ վ ա ծ 5
Մասնակից պետությունները ձեռնարկում են բոլոր համապատասխան միջոցառումները.
(ա) փոխելու տղամարդկանց ու կանանց վարքագծի սոցիալական և մշակութային մոդելները՝ նախապաշարմունքների ու սովորույթների և բոլոր այլ պրակտիկաների վերացմանը հասնելու նպատակով, որոնք հիմնված են այս կամ այն սեռի ստորադասության կամ առավելության, կամ տղամարդկանց ու կանանց ստերեոտիպային դերի գաղափարի վրա,
(բ) ապահովելու, որպեսզի ընտանեկան դաստիարակությունը ներառի մայրության՝ որպես սոցիալական գործառույթի, պատշաճ գիտակցումը և սեփական երեխաների դաստիարակության ու զարգացման գործում տղամարդկանց ու կանանց ընդհանուր պատասխանատվության ճանաչումը, պայմանով, որ բոլոր դեպքերում երեխաների շահերը գերիշխող են:
Հ ո դ վ ա ծ 6
Մասնակից պետությունները ձեռնարկում են բոլոր համապատասխան, ներառյալ՝ օրենսդրական միջոցները՝ արգելելու կանանց առևտրի և կանանց պոռնկության շահագործման բոլոր տեսակները:
Մ ա ս 2
Հ ո դ վ ա ծ 7
Մասնակից պետությունները ձեռնարկում են բոլոր համապատասխան միջոցները՝ վերացնելու կանանց նկատմամբ խտրականությունը երկրի քաղաքական ու հասարակական կյանքում և, մասնավորապես, կանանց համար, տղամարդկանց հետ հավասար պայմաններով, ապահովում են հետևյալ իրավունքները.
(ա) քվեարկելու բոլոր ընտրություններում և հանրաքվեներում, ընտրվելու բոլոր պետական ընտրովի մարմիններում,
(բ) մասնակցելու կառավարության քաղաքականության ձևավորմանն ու իրականացմանը և կառավարման բոլոր մակարդակներով զբաղեցնելու պետական պաշտոններ և իրականացնելու բոլոր պետական գործառույթները,
(գ) մասնակցելու երկրի հասարակական ու քաղաքական կյանքին առնչվող հասարակական կազմակերպությունների և միավորումների գործունեությանը:
Հ ո դ վ ա ծ 8
Մասնակից պետությունները ձեռնարկում են բոլոր համապատասխան միջոցները, որպեսզի կանանց համար ապահովվի տղամարդկանց հետ հավասար պայմաններով և առանց որևէ խտրականության իրենց կառավարությունները միջազգային մակարդակով ներկայացնելու և միջազգային կազմակերպությունների աշխատանքին մասնակցելու հնարավորություն:
Հ ո դ վ ա ծ 9
1. Մասնակից պետությունները կանանց տրամադրում են տղամարդկանց հետ հավասար իրավունքներ՝ քաղաքացիության ձեռքբերման, փոփոխման կամ պահպանման կապակցությամբ: Այդ պետությունները, մասնավորապես, ապահովում են, որ ոչ օտարերկրացու հետ ամուսնությունը, ոչ ամուսնության ընթացքում ամուսնու քաղաքացիության փոփոխումն ինքնըստինքյան չեն հանգեցնում կնոջ քաղաքացիության փոփոխման, նրան չեն վերածում քաղաքացիություն չունեցող անձի և չեն կարող նրան ստիպել ընդունելու ամուսնու քաղաքացիությունը:
2. Մասնակից պետությունները կանանց տրամադրում են տղամարդկանց հետ հավասար իրավունքներ՝ իրենց երեխաների քաղաքացիության առնչությամբ:
Մ ա ս 3
Հ ո դ վ ա ծ 10
Մասնակից պետությունները ձեռնարկում են բոլոր համապատասխան միջոցները՝ վերացնելու կանանց նկատմամբ խտրականությունը կրթության ասպարեզում՝ կանանց համար տղամարդկանց հետ հավասար իրավունքներ երաշխավորելու և, մասնավորապես, տղամարդկանց ու կանանց հավասարության հիման վրա ներքոհիշյալը երաշխավորելու նպատակով.
(ա) միատեսակ պայմաններ կարիերայի և մասնագիտական կողմնորոշման, կրթություն և դիպլոմներ ստանալու մատչելիության համար, բոլոր կատեգորիաների ուսումնական հաստատություններում՝ ինչպես գյուղական, այնպես էլ քաղաքային շրջաններում. այս հավասարությունն ապահովվում է նախադպրոցական, ընդհանուր, տեխնիկական, մասնագիտական և բարձրագույն տեխնիկական կրթության ոլորտում, ինչպես նաև մասնագիտական պատրաստության բոլոր տեսակներում,
(բ) միևնույն ուսումնական ծրագրերից, միևնույն քննություններից, միևնույն ստանդարտի որակավորման ուսուցչական անձնակազմից, միևնույն որակի դպրոցական շենքերից ու սարքավորումից օգտվելու հնարավորություն,
(գ) տղամարդկանց ու կանանց դերերի ստերեոտիպային գաղափարի մերժում ուսման բոլոր մակարդակներում և ձևերում՝ համատեղ ուսուցման և ուսուցման այլ ձևերի խրախուսման միջոցով, որոնք կնպաստեն այդ նպատակին հասնելուն, մասնավորապես, ուսումնական ձեռնարկների ու դպրոցական ծրագրերի վերանայման և ուսուցման մեթոդների հարմարեցման միջոցով,
(դ) կրթաթոշակ և կրթության այլ նպաստներ ստանալու միատեսակ հնարավորություններ,
(ե) շարունակվող կրթության ծրագրերից օգտվելու միատեսակ հնարավորություններ, ներառյալ՝ մեծահասակների և գործառնական գրագիտության ծրագրերը, որոնք, մասնավորապես, ուղղված են տղամարդկանց ու կանանց գիտելիքների միջև ցանկացած խզումը հնարավորինս արագ կրճատելուն,
(զ) դպրոցը չավարտող աղջիկների թվի կրճատում և դպրոցը ժամանակից շուտ թողած աղջիկների ու կանանց համար ծրագրերի կազմակերպում,
(է) սպորտին և ֆիզիկական պատրաստության պարապմունքներին ակտիվորեն մասնակցելու միևնույն հնարավորություններ,
(ը) կրթական հատուկ տեղեկատվությունից օգտվելու հնարավորություն՝ ընտանիքների առողջության ու բարեկեցության ապահովմանն աջակցելու նպատակով, ներառյալ ընտանիքի պլանավորման մասին տեղեկատվությունն ու խորհրդատվությունը:
Հ ո դ վ ա ծ 11
1. Մասնակից պետությունները ձեռնարկում են բոլոր համապատասխան միջոցները՝ վերացնելու կանանց նկատմամբ խտրականությունը զբաղվածության բնագավառում, տղամարդկանց և կանանց հավասարության հիման վրա միևնույն իրավունքներն ապահովելու նպատակով, մասնավորապես.
(ա) աշխատանքի իրավունքը՝ որպես բոլոր մարդկանց անկապտելի իրավունք,
(բ) աշխատանքի ընդունվելու միևնույն հնարավորությունների իրավունքը, ներառյալ՝ աշխատանքի ընդունելիս ընտրության միևնույն չափանիշների կիրառումը,
(գ) մասնագիտության և աշխատանքի ազատ ընտրության իրավունքը, առաջխաղացման, զբաղվածության երաշխիքի և բոլոր արտոնություններից ու ծառայության պայմաններից օգտվելու իրավունքը, մասնագիտական պատրաստություն և վերապատրաստում ստանալու իրավունքը, ներառյալ՝ աշակերտումը, բարձրորակ մասնագիտական պատրաստությունը և կանոնավոր վերապատրաստումը,
(դ) հավասար վարձատրության իրավունքը, ներառյալ՝ արտոնությունները, հավասարարժեք աշխատանքի դիմաց հավասար մոտեցման իրավունքը, ինչպես նաև աշխատանքի որակի գնահատման դեպքում հավասար մոտեցման իրավունքը,
(ե) սոցիալական ապահովության իրավունքը, մասնավորապես, կենսաթոշակի անցնելու, գործազրկության, հիվանդության, հաշմանդամության ու ծերության և աշխատունակության կորստի այլ դեպքերում, ինչպես նաև վճարովի արձակուրդի իրավունքը,
(զ) առողջության պաշտպանության և աշխատանքի պայմանների անվտանգության իրավունքը, ներառյալ՝ վերարտադրության գործառույթի պաշտպանումը:
2. Ամուսնության կամ մայրության հիմքով կանանց նկատմամբ խտրականությունը կանխելու և աշխատանքի արդյունավետ իրավունք երաշխավորելու համար մասնակից պետությունները ձեռնարկում են համապատասխան միջոցներ՝
(ա) պատժամիջոցների կիրառման սպառնալիքի ներքո արգելելու աշխատանքից ազատումը հղիության կամ հղիության և ծննդաբերության արձակուրդի հիման վրա, կամ աշխատանքից ազատելիս ամուսնական դրության հիմքով խտրականությունը,
(բ) տրամադրելու հղիության և ծննդաբերության վճարովի կամ սոցիալական համեմատելի նպաստներով արձակուրդ՝ առանց կորցնելու աշխատանքի նախկին տեղը, վերադասությունը կամ սոցիալական նպաստները,
(գ) խրախուսելու անհրաժեշտ օժանդակ սոցիալական ծառայությունների տրամադրումը, որոնք ծնողներին հնարավորություն կտան իրենց ընտանեկան պարտականությունները համատեղելու աշխատանքային պարտականությունների և հասարակական կյանքին մասնակցության հետ, մասնավորապես, երեխաների խնամքով զբաղվող հաստատությունների ցանցի ստեղծման և զարգացման միջոցով,
(դ) հղիության ընթացքում ապահովելու կանանց հատուկ պաշտպանությունն աշխատանքի այն տեսակներում, որոնց վնասակարությունը նրանց առողջության համար ապացուցված է:
3. Սույն հոդվածում շոշափվող իրավունքների պաշտպանությանը վերաբերող պաշտպանական օրենսդրությունը պարբերաբար վերանայվում է՝ հաշվի առնելով գիտատեխնիկական նվաճումները և, անհրաժեշտության դեպքում, վերափոխվում, վերացվում կամ ընդլայնվում է:
Հ ո դ վ ա ծ 12
1. Մասնակից պետությունները ձեռնարկում են բոլոր համապատասխան միջոցները՝ վերացնելու կանանց նկատմամբ խտրականությունը առողջապահության բնագավառում, որպեսզի տղամարդկանց և կանանց հավասարության հիման վրա ապահովվի բժշկական սպասարկումից, ներառյալ՝ ընտանիքի պլանավորմանը վերաբերող ծառայությունը, օգտվելու մատչելիությունը:
2. Սույն հոդվածի 1-ին կետի դրույթներին չխոչընդոտելով՝ մասնակից պետությունները կանանց հղիության, ծննդաբերության և հետծննդյան ժամանակաշրջանում նրանց համար ապահովում են համապատասխան սպասարկում՝ անհրաժեշտության դեպքում տրամադրելով անվճար ծառայություններ, ինչպես նաև համապատասխան սնունդ՝ հղիության և երեխայի կերակրման ընթացքում:
Հ ո դ վ ա ծ 13
Մասնակից պետությունները ձեռնարկում են բոլոր համապատասխան միջոցները՝ վերացնելու կանանց նկատմամբ խտրականությունը տնտեսական և սոցիալական կյանքի մյուս բնագավառներում, որպեսզի տղամարդկանց ու կանանց հավասարության հիման վրա ապահովվեն միևնույն իրավունքները, մասնավորապես.
(ա) ընտանեկան նպաստների իրավունքը,
(բ) բանկային փոխառություններ, անշարժ գույքի գրավադրմամբ վարկեր և այլ ձևի ֆինանսական վարկեր ստանալու իրավունքը,
(գ) հանգստի հետ կապված միջոցառումներին, սպորտի և մշակութային կյանքի բոլոր բնագավառներում մասնակցելու իրավունքը:
Հ ո դ վ ա ծ 14
1. Մասնակից պետությունները հաշվի են առնում գյուղական վայրերում բնակվող կանանց առանձնահատուկ հիմնախնդիրները և այն նշանակալի դերը, որ նրանք կատարում են իրենց ընտանիքների տնտեսական բարեկեցության ապահովման գործում, այդ թվում՝ նրանց գործունեությունը տնտեսության ոչ ապրանքային բնագավառներում, և ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները սույն Կոնվենցիայի դրույթների կիրառումը գյուղական վայրերում բնակվող կանանց նկատմամբ ապահովելու համար:
2. Մասնակից պետությունները ձեռնարկում են բոլոր համապատասխան միջոցները՝ վերացնելու կանանց նկատմամբ խտրականությունը գյուղական շրջաններում, որպեսզի տղամարդկանց և կանանց հավասարության հիման վրա ապահովվի նրանց մասնակցությունը գյուղական շրջանների զարգացմանը և այդպիսի զարգացումից օգուտ ստանալուն, և, մասնավորապես, այդ կանանց համար ապահովում են հետևյալ իրավունքները.
(ա) մասնակցելու զարգացման ծրագրերի մշակմանն ու իրականացմանը՝ բոլոր մակարդակներով,
(բ) օգտվելու համապատասխան բժշկական սպասարկումից, ներառյալ՝ ընտանիքի պլանավորման հարցերի վերաբերյալ տեղեկատվությունը, խորհրդատվությունն ու ծառայությունները,
(գ) անմիջականորեն օգտվելու սոցիալական ապահովության ծրագրերից,
(դ) օգտվելու պաշտոնական և ոչ պաշտոնական պատրաստության ու կրթության բոլոր ձևերից, ներառյալ՝ նրանք, որոնք վերաբերում են գործառնական գրագիտությանը, ինչպես նաև օգտվելու համայնքային և զարգացման բոլոր ծառայություններից՝ տեխնիկական հմտություններն ընդլայնելու նպատակով,
(ե) կազմակերպելու ինքնօգնության խմբեր ու կոոպերատիվներ, որպեսզի ապահովվի վարձու աշխատանքի անցնելու կամ աշխատանքային անկախ գործունեության միջոցով տնտեսական հնարավորությունների հավասար մատչելիությունը,
(զ) մասնակցելու համայնքային բոլոր միջոցառումներին,
(է) օգտվելու գյուղատնտեսական դրամական վարկերից և փոխառություններից, վաճառահանման համակարգից, համապատասխան տեխնոլոգիայից և հավասար կարգավիճակից հողային ու ագրարային բարեփոխումներում, ինչպես նաև հողերի վերաբնակեցման ծրագրերում,
(ը) օգտվելու կյանքի պատշաճ պայմաններից, մասնավորապես, բնակարանային պայմաններից, սանիտարական ծառայություններից, էլեկտրա- և ջրամատակարարումից, ինչպես նաև տրանսպորտից և կապի միջոցներից:
Մ ա ս 4
Հ ո դ վ ա ծ 15
1. Մասնակից պետությունները ճանաչում են տղամարդկանց հետ կանանց հավասարությունն օրենքի առջև:
2. Մասնակից պետությունները կանանց տրամադրում են տղամարդկանց հետ միևնույն քաղաքացիական իրավունակություն և դրա իրացման միևնույն հնարավորություններ: Այդ պետությունները, մասնավորապես, կանանց տրամադրում են հավասար իրավունքներ պայմանագրեր կնքելիս և գույքը կառավարելիս, ինչպես նաև նրանց երաշխավորում են հավասար վերաբերմունք դատարաններում և տրիբունալներում՝ քննության բոլոր փուլերում:
3. Մասնակից պետությունները համաձայնում են, որ բոլոր պայմանագրերն ու ցանկացած տեսակի բոլոր այլ մասնավոր փաստաթղթերը, որոնք առաջ են բերում կանանց իրավունակության սահմանափակմանն ուղղված իրավական հետևանքներ, համարվում են առոչինչ:
4. Մասնակից պետությունները տղամարդկանց և կանանց տրամադրում են միևնույն իրավունքները՝ անձանց տեղաշարժին և իրենց բնակության կամ գտնվելու վայրի ազատ ընտրությանը վերաբերող օրենսդրության կապակցությամբ:
Հ ո դ վ ա ծ 16
1. Մասնակից պետությունները ձեռնարկում են բոլոր համապատասխան միջոցները՝ վերացնելու կանանց նկատմամբ խտրականությունն ամուսնությանն ու ընտանեկան հարաբերություններին վերաբերող բոլոր հարցերում և, մասնավորապես, տղամարդկանց ու կանանց հավասարության հիման վրա ապահովում են.
(ա) ամուսնության միևնույն իրավունքը,
(բ) ամուսնու ազատ ընտրության և միայն իր ազատ ու լիակատար համաձայնությամբ ամուսնանալու միևնույն իրավունքը,
(գ) ամուսնության ընթացքում և ամուսնալուծվելիս միևնույն իրավունքներն ու պարտականությունները,
(դ) տղամարդկանց և կանանց համար միևնույն իրավունքներն ու պարտականությունները որպես ծնողներ՝ անկախ նրանց ամուսնական կարգավիճակից. իրենց երեխաներին վերաբերող հարցերում բոլոր դեպքերում երեխաների շահերը գերակշռող են,
(ե) երեխաների թվի և նրանց ծննդի միջև ընկած ժամանակամիջոցի հարցն ազատորեն ու պատասխանատվությամբ լուծելու միևնույն իրավունքը և այդ իրավունքներն իրականացնելու հնարավորություն ընձեռող տեղեկատվություն, կրթություն և միջոցներ ստանալու իրավունքը,
(զ) երեխաների խնամակալության, հոգաբարձության և որդեգրման կամ համանման գործառույթներ իրականացնելու միևնույն իրավունքներն ու պարտականությունները, երբ դրանք նախատեսված են ազգային օրենսդրությամբ. բոլոր դեպքերում երեխաների շահերը գերակշռող շահեր են,
(է) միևնույն անձնական իրավունքները՝ որպես ամուսին և կին, այդ թվում՝ ազգանվան, մասնագիտության և զբաղմունքի ընտրության իրավունքը,
(ը) ամուսինների հավասար իրավունքները գույքի սեփականության, ձեռքբերման, տիրապետման, կառավարման, դրանից ինչպես անվճար, այնպես էլ վարձով օգտվելու և տնօրինելու կապակցությամբ:
2. Երեխայի նշանադրությունն ու ամուսնությունն իրավաբանական ուժ չունեն, և ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ, ներառյալ՝ օրենսդրական, միջոցներն ամուսնական նվազագույն տարիք սահմանելու և ամուսնությունների գրանցումը պաշտոնական գրանցամատյաններում պարտադիր դարձնելու նպատակով:
Մ ա ս 5
Հ ո դ վ ա ծ 17
1. Սույն Կոնվենցիան կատարելիս տեղ գտած առաջընթացը գնահատելու նպատակով հիմնվում է Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտե (այսուհետ՝ Կոմիտե), որը Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու պահին կազմված է տասնութ, իսկ երեսունհինգերորդ մասնակից պետության կողմից Կոնվենցիան վավերացվելուց կամ նրան միանալուց հետո՝ քսաներեք փորձագետներից, որոնք ունեն բարձր բարոյական հատկանիշներ և իրազեկ են Կոնվենցիայով նախատեսված բնագավառում: Այդ փորձագետներին ընտրում են մասնակից պետություններն իրենց քաղաքացիների թվից, նրանք հանդես են գալիս անձնապես: Ընտրության ժամանակ հաշվի է առնվում աշխարհագրական արդարացի բաշխումը և քաղաքակրթության տարբեր ձևերի, ինչպես նաև հիմնական իրավական համակարգերի ներկայացուցչությունը:
2. Կոմիտեի անդամներն ընտրվում են գաղտնի քվեարկությամբ՝ մասնակից պետությունների առաջադրած թեկնածուների ցուցակից: Յուրաքանչյուր մասնակից պետություն կարող է առաջադրել մեկ անձ՝ իր քաղաքացիներից:
3. Սկզբնական ընտրություններն անցկացվում են սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրվանից վեց ամիս անց: Յուրաքանչյուր ընտրության օրվանից առնվազն երեք ամիս առաջ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը մասնակից պետություններին ուղարկում է նամակ՝ առաջարկելով երկու ամսվա ընթացքում ներկայացնել իրենց թեկնածությունները: Գլխավոր քարտուղարը պատրաստում է այդ կարգով ներկայացված թեկնածուների այբբենական ցուցակը՝ նշելով նրանց առաջադրած մասնակից պետությունները, և այդ ցուցակը ներկայացնում է մասնակից պետություններին:
4. Կոմիտեի անդամների ընտրություններն անցկացվում են մասնակից պետությունների՝ Գլխավոր քարտուղարի կողմից Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայաններում գումարվող նիստում: Այդ նիստում, որտեղ քվորում կազմում է մասնակից պետությունների երկու երրորդը, Կոմիտեի կազմում ընտրված են համարվում այն թեկնածուները, որոնք ստանում են առավելագույն թվով ձայներ և ներկա ու քվեարկությանը մասնակցող մասնակից պետությունների ներկայացուցիչների ձայների բացարձակ մեծամասնությունը:
5. Կոմիտեի անդամներն ընտրվում են քառամյա ժամկետով: Սակայն առաջին ընտրություններում ընտրված ինն անդամների լիազորությունների ժամկետը լրանում է երկրորդ տարվա ավարտին. առաջին ընտրություններից անմիջապես հետո այդ ինն անդամների անուններն ընտրվում են Կոմիտեի նախագահի կողմից՝ վիճակահանությամբ:
6. Կոմիտեի լրացուցիչ հինգ անդամների ընտրությունն անցկացվում է սույն հոդվածի 2, 3 և 4-րդ կետերի դրույթներին համապատասխան, երեսունհինգերորդ վավերացումից կամ միանալուց հետո: Այդ կերպ ընտրված երկու լրացուցիչ անդամների լիազորությունների ժամկետը լրանում է երկրորդ տարվա ավարտին. այդ երկու անդամների անուններն ընտրվում են Կոմիտեի նախագահի կողմից՝ վիճակահանությամբ:
7. Չնախատեսված թափուր տեղերը լրացնելու համար այն մասնակից պետությունը, որի փորձագետը դադարել է գործել որպես Կոմիտեի անդամ, իր քաղաքացիների թվից նշանակում է այլ փորձագետ՝ Կոմիտեի հաստատմամբ:
8. Կոմիտեի անդամներն ստանում են Գլխավոր ասամբլեայի հաստատած վարձատրությունը, որը տրամադրվում է Միավորված ազգերի կազմակերպության միջոցներից՝ ասամբլեայի սահմանած կարգով ու պայմաններով՝ հաշվի առնելով Կոմիտեի պարտականությունների կարևորությունը:
9. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարն անհրաժեշտ անձնակազմ և նյութական միջոցներ է տրամադրում Կոմիտեի գործառույթները սույն Կոնվենցիային համապատասխան արդյունավետ իրականացնելու համար:
Հ ո դ վ ա ծ 18
1. Մասնակից պետությունները պարտավորվում են, Կոմիտեի կողմից քննության առնելու համար, Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ներկայացնել զեկույցներ այն օրենսդրական, դատական, վարչական կամ այլ միջոցների վերաբերյալ, որ ձեռնարկել են սույն Կոնվենցիայի դրույթների կատարման համար, և այդ կապակցությամբ ձեռք բերված առաջընթացի վերաբերյալ.
(ա) տվյալ պետության համար սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրվանից մեկ տարվա ընթացքում,
(բ) դրանից հետո առնվազն յուրաքանչյուր չորս տարին մեկ և այնուհետև այն ժամանակ, երբ կպահանջի Կոմիտեն:
2. Զեկույցներում կարող են նշվել այն գործոններն ու դժվարությունները, որոնք ազդել են սույն Կոնվենցիայով ստանձնված պարտավորությունների կատարման աստիճանի վրա:
Հ ո դ վ ա ծ 19
1. Կոմիտեն հաստատում է իր ընթացակարգի կանոնները:
2. Կոմիտեն իր պաշտոնատար անձանց ընտրում է երկամյա ժամկետով:
Հ ո դ վ ա ծ 20
1. Կոմիտեն ամեն տարի նիստեր է գումարում, որպես կանոն, ոչ ավելի, քան երկշաբաթյա ժամանակահատվածով, սույն Կոնվենցիայի 18-րդ հոդվածին համապատասխան ներկայացվող զեկույցները քննության առնելու նպատակով:
2. Կոմիտեի նիստերը, որպես կանոն, անցկացվում են Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայաններում կամ Կոմիտեի կողմից որոշվող ցանկացած այլ հարմար վայրում:
Հ ո դ վ ա ծ 21
1. Կոմիտեն ամեն տարի Տնտեսական և սոցիալական խորհրդի միջոցով Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեային ներկայացնում է զեկույց իր գործունեության մասին և կարող է ընդունել ընդհանուր բնույթի առաջարկություններ ու հանձնարարականներ՝ հիմնված մասնակից պետություններից ստացած զեկույցների և տեղեկատվության ուսումնասիրման վրա: Նման առաջարկություններն ու ընդհանուր հանձնարարականները Կոմիտեի զեկույցի մեջ ընդգրկվում են մասնակից պետությունների դիտողությունների հետ մեկտեղ, եթե այդպիսիք կան:
2. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը Կոմիտեի զեկույցներն ուղարկում է Կանանց կարգավիճակի հանձնաժողովին՝ ի գիտություն:
Հ ո դ վ ա ծ 22
Մասնագիտացված հաստատություններն իրավունք ունեն ներկայացված լինելու սույն Կոնվենցիայի այն դրույթների իրականացման վերաբերյալ հարցերի քննությանը, որոնք մտնում են նրանց գործունեության ոլորտի մեջ: Կոմիտեն կարող է մասնագիտացված հաստատություններին հրավիրել ներկայացնելու զեկույցներ Կոնվենցիայի իրականացման մասին այն բնագավառներում, որոնք մտնում են նրանց գործունեության ոլորտի մեջ:
Մ ա ս 6
Հ ո դ վ ա ծ 23
Սույն Կոնվենցիայում ոչինչ չի շոշափում տղամարդկանց և կանանց միջև իրավահավասարության ձեռքբերմանը նպաստող որևէ դրույթ, որը կարող է բովանդակվել՝
(ա) մասնակից պետության օրենսդրության մեջ, կամ
(բ) այդ պետության համար ուժ ունեցող որևէ այլ միջազգային կոնվենցիայում, պայմանագրում կամ համաձայնագրում:
Հ ո դ վ ա ծ 24
Մասնակից պետությունները պարտավորվում են ներպետական մակարդակով ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները սույն Կոնվենցիայում ճանաչված իրավունքների լիարժեք իրացմանը հասնելու համար:
Հ ո դ վ ա ծ 25
1. Սույն Կոնվենցիան բաց է ստորագրման բոլոր պետությունների համար:
2. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը նշանակվում է սույն Կոնվենցիայի ավանդապահ:
3. Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման: Վավերագրերն ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին:
4. Սույն Կոնվենցիան բաց է միանալու բոլոր պետությունների համար: Միանալը կատարվում է միանալու մասին փաստաթուղթը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ի պահ հանձնելու միջոցով:
Հ ո դ վ ա ծ 26
1. Սույն Կոնվենցիայի վերանայման խնդրանք կարող է ներկայացվել ցանկացած ժամանակ, ցանկացած մասնակից պետության կողմից՝ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին հասցեագրված գրավոր ծանուցման միջոցով:
2. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան որոշում է, թե այդ խնդրանքի կապակցությամբ, եթե կան այդպիսիք, ինչ միջոցներ պետք է ձեռնարկվեն:
Հ ո դ վ ա ծ 27
1. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում քսաներորդ վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ի պահ հանձնելուց հետո երեսուներորդ օրը:
2. Քսաներորդ վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելուց հետո սույն Կոնվենցիան վավերացրած կամ դրան միացած ցանկացած պետության համար Կոնվենցիան ուժի մեջ է մտնում նրա վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելու օրվանից հետո երեսուներորդ օրը:
Հ ո դ վ ա ծ 28
1. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարն ստանում և բոլոր պետություններին է ուղարկում վավերացման կամ միանալու պահին պետությունների կողմից արված վերապահումների տեքստը:
2. Սույն Կոնվենցիայի նպատակների և խնդիրների հետ անհամատեղելի վերապահում չի թույլատրվում:
3. Վերապահումները կարող են չեղյալ հայտարարվել ցանկացած ժամանակ՝ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի անունով ուղարկված համապատասխան ծանուցման միջոցով: Գլխավոր քարտուղարն այնուհետև այդ մասին հաղորդում է բոլոր մասնակից պետություններին: Նման ծանուցումն ուժի մեջ է մտնում դրա ստացման օրվանից:
Հ ո դ վ ա ծ 29
1. Սույն Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ երկու կամ մի քանի մասնակից պետությունների միջև ծագած, բանակցությունների միջոցով չլուծված ցանկացած վեճ կողմերից մեկի խնդրանքով հանձնվում է արբիտրաժային քննության: Եթե արբիտրաժային քննության մասին դիմում տալու պահից սկսած վեց ամսվա ընթացքում կողմերին չի հաջողվում համաձայնության գալ արբիտրաժի կազմակերպման վերաբերյալ, ապա կողմերից յուրաքանչյուրը կարող է տվյալ վեճը հանձնել Միջազգային դատարան՝ Դատարանի ստատուտին համապատասխան դիմում ներկայացնելու միջոցով:
2. Յուրաքանչյուր մասնակից պետություն սույն Կոնվենցիայի ստորագրման կամ վավերացման, կամ դրան միանալու ժամանակ կարող է հայտարարել, որ ինքն իրեն չի համարում կապված այս հոդվածի 1-ին կետում բովանդակվող պարտավորություններով: Մյուս մասնակից պետությունները տվյալ հոդվածի նշված կետից բխող պարտավորություններ չեն կրում այն մասնակից պետության նկատմամբ, որը նման վերապահում է արել:
3. Սույն հոդվածի 2-րդ կետին համապատասխան վերապահում կատարած ցանկացած մասնակից պետություն կարող է ցանկացած ժամանակ չեղյալ հայտարարել իր վերապահումը՝ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ծանուցելու միջոցով:
Հ ո դ վ ա ծ 30
Սույն Կոնվենցիան, որի անգլերեն, արաբերեն, իսպաներեն, չինարեն, ռուսերեն և ֆրանսերեն տեքստերը հավասարապես նույնական են, ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին:
Ի հավաստումն որի՝ պատշաճ կերպով լիազորված ներքոստորագրյալներն ստորագրեցին սույն Կոնվենցիան:
* Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1993 թվականի հոկտեմբերի 13-ից:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|