«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 դեկտեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 դեկտեմբերի 2003 թվականի N 1611-Ն
«ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ ՈՐՈՏԱՆ ԳԵՏԻ ՎՐԱ» ՕԲՅԵԿՏԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆՄԱՆ ԵՎ ՈՐՈՏԱՆ-ԱՐՓԱ-ՍԵՎԱՆ ՀԻԴՐՈՀԱՆԳՈՒՅՑԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ելնելով «Հիդրոտեխնիկական կառուցվածքներ Որոտան գետի վրա» օբյեկտը և Արփա-Սևան ջրատարը որպես մեկ միասնական համակարգ` Որոտան-Արփա-Սևան հիդրոհանգույց շահագործելու անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաշվի առնելով «Հիդրոտեխնիկական կառուցվածքներ Որոտան գետի վրա» օբյեկտի (այսուհետ` օբյեկտ) փականային հորանում վթարային փականի բացման հետ կապված բարդությունը և դրա վերացման հնարավոր ժամկետները` կապված էներգետիկ նպատակներով Սպանդարյան ջրամբարից ջրի բացթողման ժամանակացույցի հետ, օբյեկտի շահագործման հանձնման նախատեսվող ժամկետ սահմանել 2004 թվականի մայիս ամիսը, օբյեկտի վերջնական հանձնում-ընդունումը նախատեսել մինչև 2004 թվականի հունիսի 30-ը:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` հաշվի առնելով օբյեկտի շահագործման հանձնման ժամկետի հետաձգումը`
ա) մինչև 2004 թվականի ապրիլի 20-ը կազմակերպել օբյեկտի մնացորդային աշխատանքների (N 1 թունելախորշի ու փականային հորանի ամրացնող և ստուգիչ լցամղումներ) իրականացումը: Այդ նպատակով`
«Արփա-Սևան» բաց բաժնետիրական ընկերության համաձայնությամբ վերանայել ընկերության հետ կնքված պայմանագրի պայմանները և ժամկետները,
«Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 10 խմբի 03 ենթախմբի «04. Հիդրոտեխնիկական կառուցվածքներ Որոտան գետի վրա» օբյեկտի շինարարության ավարտում» ծրագրով նախատեսված գումարների հաշվին, պայմանագրով փաստագրված, սակայն 2003 թվականի ընթացքում չիրացված միջոցները որպես կանխավճար տրամադրել «Արփա-Սևան» բաց բաժնետիրական ընկերությանը` նրա կողմից ներկայացված բանկային երաշխիքի դիմաց` որպես 2004 թվականին աշխատանքների ավարտման ապահովման միջոց.
բ) մինչև 2003 թվականի դեկտեմբերի 20-ը իրականացնել օբյեկտի N 3 հորանի հորանային սարքավորման (իր ամբողջ համալիրով) ապամոնտաժումը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին հաշվեկշռից հաշվեկշիռ հանձնումը և հորանի կոնսերվացման աշխատանքները.
գ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի հետ համատեղ` մինչև օբյեկտի վերջնական շահագործման հանձնումը և շահագործողին օբյեկտի` հաշվեկշռից հաշվեկշիռ հանձնումը (2004 թվականի հունիս ամիսը) ապահովել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Հիդրոտեխնիկական կառույցներ» պետական հիմնարկի 2004 թվականի պահպանման ծախսերը` աշխատողների նվազագույն թվով` Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով Որոտան-Արփա-Սևան հիդրոհանգույցի շահագործման համար նախատեսվելիք գումարների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին`
ա) մինչև 2004 թվականի հուլիսի 30-ը ապահովել օբյեկտի N 3 հորանի ապամոնտաժված հորանային սարքավորման տեղադրումն Արփա-Սևան թունելի N 4 հորանում: Այդ նպատակով`
«Արփա-Սևան» բաց բաժնետիրական ընկերության համաձայնությամբ վերանայել ընկերության հետ նախկինում կնքված պայմանագրի պայմանները և ժամկետները,
«Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 10 խմբի 03 ենթախմբի «05. «Արփա-Սևան» թունելի շահագործում, տեխնիկական վիճակի բարելավում և նորոգում» ծրագրով նախատեսված գումարների հաշվին, պայմանագրով փաստագրված, սակայն 2003 թվականի ընթացքում չիրացված միջոցները որպես կանխավճար տրամադրել «Արփա-Սևան» բաց բաժնետիրական ընկերությանը` նրա կողմից ներկայացված բանկային երաշխիքի դիմաց` որպես 2004 թվականին աշխատանքների ավարտման ապահովման միջոց.
բ) ելնելով Որոտան-Արփա-Սևան հիդրոհանգույցը 2004 թվականի հունվարի 1-ից անխափան շահագործելու և պահպանելու անհրաժեշտությունից` մինչև 2003 թվականի դեկտեմբերի 25-ը ապահովել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով` Որոտան-Արփա-Սևան թունելի ջրային համակարգը հավատարմագրային կառավարման հանձնելու մասին պայմանագրի կնքումը մասնավոր օպերատորի հետ` պայմանագրում նախատեսելով հետևյալ պայմանները`
մինչև օբյեկտի վերջնական շահագործման հանձնումն ապահովել օբյեկտի այն հորանների և հորիզոնական հանքուղիների պահպանումը, որտեղ աշխատանքներ չեն իրականացվում, ինչպես նաև Արփա-Սևան թունելի շահագործումը, պահպանումը և անհետաձգելի վերակառուցման աշխատանքների իրականացումը,
օբյեկտը շահագործման հանձնելուց հետո նախատեսել Որոտան-Արփա-Սևան հիդրոհանգույցը որպես մեկ միասնական համակարգ շահագործելը և պահպանելը, ինչպես նաև վերակառուցման աշխատանքներ իրականացնելը,
Որոտան-Արփա-Սևան հիդրոհանգույցի շահագործման և պահպանման, ինչպես նաև վերակառուցման աշխատանքները ֆինանսավորվելու են այդ նպատակի համար նախատեսված Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեից և (կամ) այլ աղբյուրներից ստացվելիք միջոցների սահմաններում, որի կապակցությամբ յուրաքանչյուր տարվա համար կկնքվեն լրացուցիչ համաձայնագրեր,
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից և (կամ) այլ աղբյուրներից ստացվելիք գումարների սահմաններից դուրս առաջացած հրատապ աշխատանքների (վթարային իրավիճակների դեպքում) կապակցությամբ օպերատորի հետ իրականացնել լրացուցիչ քննարկումներ, և արդյունքները ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն.
գ) սույն որոշման 3-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված պայմանագրի կնքումը սահմանված ժամկետում ապահովելու նպատակով` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն հաստատման ներկայացնել օպերատորի ընտրության և պայմանագրի մանրամասն պայմանները, այդ թվում` հաստատված նախագծանախահաշվային փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով այդ նպատակների համար նախատեսվելիք գումարի սահմաններում:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` համաձայնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի կողմից ներկայացվելիք` սույն որոշման 3-րդ կետի «բ» ենթակետի համաձայն կնքվելիք պայմանագրի գործողության ժամկետի երկարաձգման վերաբերյալ առաջարկությանը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|