Գլխավոր տեղեկություն
Տիպ
Կոնվենցիա
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.02.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2008.02.11/9(17)
Ընդունող մարմին
Եվրոպայի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
23.11.2001
Ստորագրման ամսաթիվ
23.11.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.02.2007

Կ Ո Ն Վ Ե Ն Ց Ի Ա

 

Կիբեռհանցագործությունների մասին

 

Ներածություն

 

Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները և այլ ներքոստորագրյալ պետությունները,

նկատի ունենալով, որ Եվրոպայի խորհրդի նպատակն է իր անդամների միջև ձեռք բերել ավելի սերտ միասնականություն,

ընդունելով սույն Կոնվենցիայի մասնակից մյուս անդամ պետությունների հետ զարգացող համագործակցության անհրաժեշտությունը,

համոզված լինելով, որ ընդհանուր քրեական քաղաքականության առաջնային նպատակն է հասարակությանը պաշտպանել կիբեռհանցագործությունից, ի թիվս այլոց, ընդունվող համապատասխան օրենսդրության և միջազգային զարգացող համագործակցության միջոցով,

ընդունելով արմատական փոփոխությունները, որոնք կատարվել են թվայնացմամբ, միացմամբ և համակարգչային ցանցերի շարունակվող գլոբալիզացիայի գործընթացով,

մտահոգվելով, որ համակարգչային ցանցերը և էլեկտրոնային տեղեկատվությունը կարող են նաև օգտագործվել քրեական հանցագործությունների կատարման համար, և նման հանցագործություններին առնչվող ապացույցները կարող են հավաքվել և փոխանցվել այս ցանցերով,

հաշվի առնելով պետությունների և մասնավոր արդյունաբերության միջև կիբեռհանցավորության դեմ պայքարում համագործակցության անհրաժեշտությունը և տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման և զարգացման օրինական շահերի պաշտպանության անհրաժեշտությունը,

գտնելով, որ կիբեռհանցավորության դեմ արդյունավետ պայքարը քրեական գործերում պահանջում է աճող, արագ և բավականաչափ գործող միջազգային համագործակցություն,

համոզված լինելով, որ սույն Կոնվենցիան անհրաժեշտ է հետ պահել գործողություններից՝ ուղղված համակարգչային համակարգերի, ցանցերի և համակարգչային տվյալների գաղտնիության, միասնության և մատչելիության դեմ, ինչպես նաև նման համակարգերի, ցանցերի և տվյալների, որոնք տրամադրվում են այսպիսի գործողության քրեականացման համար, սխալ օգտագործումը, ինչպես նշված է սույն Կոնվենցիայում, և այսպիսի քրեական հանցագործությունների դեմ արդյունավետ պայքարելու համար բավարար իրավասությունների սահմանումը հեշտացնելու, դրանց բացահայտումը, հետաքննությունը և հետապնդումը ներքին ու միջազգային մակարդակներով և ապահովելու պայմանավորվածություններ արագ և հուսալի միջազգային համագործակցության համար,

ուշադրություն դարձնելով Եվրոպայի խորհրդի՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների 1950 թ. Կոնվենցիայում, 1966 թ. Քաղաքացիական և քաղաքական իրավունքների ՄԱԿ-ի Միջազգային դաշնագրում և մարդու իրավունքների միջազգային մյուս կիրառելի պայմանագրերում, որոնք վերահաստատում են յուրաքանչյուրի՝ առանց կողմնակի միջամտության կարծիքներ ունենալու իրավունքը, ինչպես նաև մտքի ազատության իրավունքը, ներառյալ տեղեկատվություն և բոլոր տեսակի գաղափարներ առանց սահմանափակման փնտրելու, ստանալու և հաղորդելու ազատությունը, և սեփականության հարգմանն առնչվող իրավունքները՝ նշված իրավապահ մարմինների շահերի և մարդու հիմնարար իրավունքների հարգման միջև պատշաճ հաշվեկշիռ ապահովելու անհրաժեշտությանը,

ուշադրություն դարձնելով նաև անձնական տվյալները պաշտպանելու իրավունքին, ինչպես նշված է, օրինակ, Անձնական տվյալների ավտոմատ մշակումից անհատների պաշտպանության մասին 1981 թ. Եվրոպայի խորհրդի Կոնվենցիայում,

հաշվի առնելով 1989 թ. Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի Կոնվենցիան և 1999 թ. Աշխատանքի միջազգային կազմակերպության՝ Երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերի մասին Կոնվենցիան,

հաշվի առնելով քրեական ոլորտում համագործակցության վերաբերյալ Եվրոպայի խորհրդի առկա Կոնվենցիաները, ինչպես նաև նման պայմանագրերը, որոնք գոյություն ունեն Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների և մյուս պետությունների միջև, և ընդգծելով, որ սույն Կոնվենցիան նախատեսված է լրացնելու այդ Կոնվենցիաները, որպեսզի ավելի արդյունավետ կատարվեն քրեական հետաքննությունները և դատավարությունները, որոնք վերաբերում են համակարգչային համակարգերին և տվյալներին առնչվող քրեական հանցագործություններին, և ապահովեն էլեկտրոնային ձևով քրեական հանցագործության ապացույցների հավաքում,

ողջունելով կիբեռհանցավորության դեմ պայքարում միջազգային ըմբռնման և համագործակցության զարգացման մեջ վերջին առաջընթացները, ներառյալ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրոպական միության և Գ8-ի կողմից ձեռնարկված գործողությունները,

վերհիշելով Նախարարների կոմիտեի հմ. R (85) 10 առաջարկությունները, որոնք վերաբերում են Քրեական հարցերով փոխադարձ օգնությունների վերաբերյալ եվրոպական Կոնվենցիայի գործնական կիրառությանը հեռահաղորդակցությունները գաղտնի բռնելու քննչական հանձնարարությունների նկատմամբ, հմ. R (88) 2` հեղինակային և միջանկյալ իրավունքների ասպարեզում հենությանը, հմ. R (87) 15` ոստիկանական բաժնում անձնական տվյալների օգտագործման կարգավորմանը, հմ. R (95) 4` հեռահաղորդակցական ծառայությունների ոլորտում, մասնավորապես, հեռախոսային ծառայությունների անձնական տվյալների պաշտպանությանը, ինչպես նաև հմ. R (89) 9` համակարգիչներին առնչվող հանցագործությանը, որոնք ուղեցույց են ազգային օրենսդրական մարմինների համար, որոնք վերաբերում են որոշակի համակարգչային հանցագործությունները սահմանելուն և հմ. R (95) 13` տեղեկատվական տեխնոլոգիաների հետ կապված քրեական դատավարական իրավունքի հիմնախնդիրներին,

հաշվի առնելով հմ. 1 Բանաձևը, որն ընդունվել է եվրոպական արդարադատության նախարարների կողմից՝ նրանց 21-րդ կոնֆերանսում (1997 թ. հունիսի 10-ին և 11-ին, Պրահայում), որն առաջարկել է, որ Նախարարների կոմիտեն աջակցի Հանցավորության հիմնախնդիրների մասին եվրոպական կոմիտեի (CDPC) կողմից իրականացված` կիբեռհանցագործությունների վերաբերյալ աշխատանքներին, որպեսզի ներպետական քրեական օրենսդրության դրույթները ավելի մոտեցվեն միմյանց, և հնարավորություն տրվի օգտագործելու այդպիսի հանցագործությունների հետաքննության արդյունավետ միջոցները, ինչպես նաև հմ. 3 Բանաձևը, որն ընդունվել է եվրոպական արդարադատության նախարարների կողմից՝ նրանց 23-րդ կոնֆերանսում (2000 թ. հունիսի 8-ին և 9-ին, Լոնդոնում), որը մասնակից կողմերին խրախուսել է ջանքեր ձեռնարկել համապատասխան լուծում գտնելու նպատակով, որը մի շարք պետությունների լայն հնարավորություն կտա դառնալ Կոնվենցիայի մասնակից և գիտակցել միջազգային համագործակցության արագ և արդյունավետ համակարգի անհրաժեշտությունը, որը պատշաճ կերպով հաշվի կառնի կիբեռհանցավորության դեմ պայքարի յուրահատուկ պահանջները,

հաշվի առնելով նաև Եվրոպայի խորհրդի արժեքների և չափորոշիչների վրա հիմնված նոր տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման վերաբերյալ ընդհանուր պատասխաններ փնտրելու Գործողության պլանը՝ ընդունված Պետության ղեկավարների և Եվրոպայի խորհրդի ղեկավարության կողմից՝ նրանց երկրորդ գագաթաժողովի ժամանակ (1997 թ. հոկտեմբերի 10-ին և 11-ին, Ստրասբուրգում),

 

համաձայնեցին ներքոհիշյալի վերաբերյալ.

 

Գ լ ու խ  I

 

Տերմինների օգտագործումը

 

Հոդված 1. Սահմանումներ

 

Սույն Կոնվենցիայի նպատակների համար՝

ա) «համակարգչային համակարգ» նշանակում է՝ ցանկացած սարք կամ փոխկապակցվող կամ կապակցվող սարքերի խումբ, որոնցից մեկը կամ մի քանիսը, ծրագրի համաձայն, կատարում են տվյալների ավտոմատ մշակում,

բ) «համակարգչային տվյալներ» նշանակում է՝ փաստերի, տեղեկատվության կամ հասկացության հավաքումը այն ձևով, որը հարմար է համակարգչային համակարգերում մշակման համար, ներառյալ այն ծրագրերը, որոնք ապահովում են համակարգչային համակարգի գործառույթների իրականացումը,

գ) «ծառայություն տրամադրող» նշանակում է՝

i. ցանկացած հանրային կամ մասնավոր կազմակերպություն, որը իր ծառայությունից օգտվողներին տրամադրում է հաղորդակցվելու հնարավորություն համակարգչային համակարգի միջոցով, և

ii. ցանկացած այլ կազմակերպություն, որը մշակում է կամ պահպանում է համակարգչային տվյալները այսպիսի հաղորդակցական ծառայության կամ այսպիսի ծառայությունից օգտվողների անունից,

դ) «փոխանցվող տվյալներ» նշանակում է՝ ցանկացած համակարգչային տվյալ՝ կապված համակարգչային համակարգի միջոցով հաղորդակցության հետ, որն առաջացել է ստեղծված համակարգչային համակարգով, որը ձևավորված է որպես հաղորդակցության շղթայի մի մաս և ցույց է տալիս հաղորդակցությունների ծագումը, վերջնակետը, ուղին, ժամանակը, ամսաթիվը, չափը, տևողությունը կամ նշված ծառայության տեսակը:

 

Գ լ ու խ  II

 

Ազգային մակարդակով ձեռնարկվող միջոցներ

 

Բաժին 1

 

Հատուկ քրեական օրենսդրություն

 

Վերնագիր 1. Համակարգչային համակարգերի և տվյալների գաղտնիության, միասնության և մատչելիության դեմ ուղղված հանցագործություններ

 

Հոդված 2. Անօրինական մուտք

 

Յուրաքանչյուր Կողմ ընդունում է այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել իր ներքին օրենսդրության համաձայն որպես քրեական հանցագործություն սահմանելու միտումնավոր և անօրեն կերպով` ամբողջությամբ կամ մասամբ համակարգչային համակարգ մուտք գործելը: Կողմը կարող է պահանջել, որ հանցագործությունը կատարված լինի՝ խախտելով անվտանգության միջոցները՝ համակարգչային տվյալների ձեռքբերման նպատակով կամ այլ անազնիվ նպատակով, կամ կապված համակարգչային համակարգի հետ, որը միացված է մեկ ուրիշ համակարգչային համակարգի:

 

Հոդված 3. Անօրինական կերպով հաղորդակցություն գաղտնի որսալը

 

Յուրաքանչյուր Կողմ ընդունում է այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել իր ներքին օրենսդրության համաձայն որպես քրեական հանցագործություն սահմանելու միտումնավոր և անօրեն կերպով` տեխնիկական միջոցներով գաղտնի որսալու համակարգչային համակարգ մտնող, համակարգից դուրս եկող և համակարգի մեջ գտնվող համակարգչային տվյալների ոչ հրապարակավ փոխանցումները, ներառյալ համակարգչային համակարգից էլեկտրամագնիսական արտահոսքը, որը փոխանցում է նման համակարգչային տվյալներ: Կողմը կարող է պահանջել, որ հանցագործությունը կատարված լինի անազնիվ նպատակներով կամ այն համակարգչային համակարգի հետ, որը միացված է մեկ ուրիշ համակարգչային համակարգի:

 

Հոդված 4. Միջամտություն տվյալների մեջ

 

1. Յուրաքանչյուր Կողմ ընդունում է այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել իր ներքին օրենսդրության համաձայն որպես քրեական հանցագործություն սահմանելու միտումնավոր և անօրեն կերպով համակարգչային տվյալները վնասելը, ոչնչացնելը, փչացնելը, փոփոխելը կամ արգելելը:

2. Կողմը կարող է իրավունք վերապահել` պահանջելու, որ 1-ին կետում նշված գործողության արդյունքում լուրջ վնաս պատճառվի:

 

Հոդված 5. Համակարգի աղավաղում

 

Յուրաքանչյուր Կողմ ընդունում է այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել իր ներքին օրենսդրության համաձայն որպես քրեական հանցագործություն սահմանելու միտումնավոր և անօրեն կերպով համակարգչային համակարգի աշխատանքը լուրջ խոչընդոտելը` համակարգչային տվյալներ մտցնելով, փոխանցելով, վնասելով, ոչնչացնելով, փչացնելով, փոփոխելով կամ արգելելով:

 

Հոդված 6. Սարքերի չարաշահում

 

1. Յուրաքանչյուր Կողմ ընդունում է այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել իր ներքին օրենսդրության համաձայն որպես քրեական հանցագործություն սահմանելու միտումնավոր և անօրեն կերպով.

ա) արտադրությունը, վաճառքը, օգտագործման, ներմուծման, տարածման համար հայթայթելը և այլ կերպ մատչելի դարձնելը.

i. սարքը, ներառյալ համակարգչային ծրագիրը, նախատեսված կամ հարմարեցված առաջին հերթին վերը նշված 2-5-րդ հոդվածներում սահմանված յուրաքանչյուր հանցագործության կատարման համար,

ii. համակարգչի ծածկագիրը, մուտքի կոդը կամ նման տվյալները, որոնց միջոցով ամբողջությամբ կամ մասամբ հնարավոր է մուտք գործել համակարգչային համակարգ,

վերը նշված 2-ից 5-րդ հոդվածներում սահմանված յուրաքանչյուր հանցագործության կատարման նպատակով,

բ) առարկային տիրապետելն այն է, նշված «ա» կետի i կամ ii ենթակետերում, որ օգտագործվի վերը նշված 2-5-րդ հոդվածներում սահմանված յուրաքանչյուր հանցագործության կատարման նպատակով: Կողմը կարող է օրենքով պահանջել, որ մի շարք այդպիսի առարկաներ ձեռք բերվեն մինչև քրեական պատասխանատվության ենթարկելը:

2. Սույն հոդվածը չպետք է մեկնաբանվի որպես քրեական պատասխանատվության հարկադրանք, երբ արտադրությունը, վաճառքը, օգտագործման, ներմուծման, տարածման համար հայթայթելը և այլ կերպ մատչելի դարձնելը կամ տիրապետումը, որը վերաբերում է սույն հոդվածի 1-ին կետին, սույն Կոնվենցիայի 2-րդից 5-րդ հոդվածներում նշված հանցագործությունների կատարման նպատակով չէ, ինչպես, օրինակ, համակարգչային համակարգի թույլատրող ստուգումը կամ պաշտպանությունը:

3. Յուրաքանչյուր Կողմ կարող է սույն հոդվածի 1-ին կետը չկիրառելու իրավունք վերապահել` պայմանով, որ վերապահումը չվերաբերի 1-ին հոդվածի «ա» կետի ii ենթակետում նշված առարկաների վաճառքին, տարածմանը կամ այլ դեպքում մատչելի դարձնելուն:

 

Վերնագիր 2. Համակարգչին առնչվող հանցագործություններ

 

Հոդված 7. Համակարգչին առնչվող խարդախություններ

 

Յուրաքանչյուր Կողմ ընդունում է այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել իր ներքին օրենսդրության համաձայն որպես քրեական հանցագործություն սահմանելու միտումնավոր և անօրեն կերպով` ոչ իսկական տվյալների արդյունքում համակարգչային տվյալներ մտցնելը, փոփոխելը, ոչնչացնելը կամ արգելելը` այն նպատակով, որ քննարկվեն կամ գործվեն օրինականորեն, որպես իսկական տվյալներ, անկախ նրանից` այդ տվյալները պարզ և հասկանալի են, թե ոչ: Կողմը կարող է պահանջել խաբելու մտադրությունը կամ նման անազնիվ մտադրությունը մինչև քրեական պատասխանատվության ենթարկելը:

 

Հոդված 8. Համակարգչին առնչվող խարդախություն

 

Յուրաքանչյուր Կողմ ընդունում է այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել իր ներքին օրենսդրության համաձայն որպես քրեական հանցագործություն սահմանելու միտումնավոր և անօրեն կերպով մեկ ուրիշ անձի սեփականության կորուստ պատճառելը.

ա) համակարգչային տվյալների ցանկացած մուտքով, փոփոխությամբ, ոչնչացմամբ կամ արգելմամբ,

բ) համակարգչային համակարգի գործողության ցանկացած աղավաղմամբ,

խարդախ և անազնիվ մտադրությամբ, անօրեն` իր կամ մեկ ուրիշ անձի համար տնտեսական շահ հայթայթելու նպատակով:

 

Վերնագիր 3. Բովանդակությանն առնչվող հանցագործություններ

 

Հոդված 9. Մանկական պոռնոգրաֆիային վերաբերող հանցագործություններ

 

1. Յուրաքանչյուր Կողմ ընդունում է այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել իր ներքին օրենսդրության համաձայն որպես քրեական հանցագործություն սահմանելու միտումնավոր և անօրեն կերպով կատարված հետևյալ գործողությունները.

ա) մանկական պոռնոգրաֆիայի արտադրությունը` համակարգչային համակարգի միջոցով տարածելու նպատակով,

բ) մանկական պոռնոգրաֆիայի առաջարկումը կամ մատչելի դարձնելը համակարգչային համակարգի միջոցով,

գ) մանկական պոռնոգրաֆիայի տարածումը կամ փոխանցումը համակարգչային համակարգի միջոցով,

դ) մանկական պոռնոգրաֆիայի հայթայթումը համակարգչային համակարգի միջոցով` իր կամ մեկ այլ անձի համար,

ե) մանկական պոռնոգրաֆիային տիրապետումը համակարգչային համակարգում կամ համակարգչային տվյալների պահպանման համակարգում:

2. 1-ին կետում նշված «մանկական պոռնոգրաֆիա» տերմինը ներառում է պոռնոգրաֆիկ նյութեր, որոնք տեսապատկերում են.

ա) բացահայտ սեռական գործողությունների մեջ ներգրավված անչափահասի,

բ) անձի, որը նմանվում է բացահայտ սեռական գործողությունների մեջ ներգրավված անչափահասի,

գ) իրականի նմանվող պատկերներ, որոնք պատկերում են բացահայտ սեռական գործողությունների մեջ ներգրավված անչափահասի,

3. Վերը նշված 2-րդ կետում «փոքրահասակ» տերմինը ներառում է մինչև 18 տարեկան բոլոր անձանց: Սակայն Կողմը կարող է պահանջել ավելի ցածր տարիքային սահմանափակում, որը չպետք է 16 տարեկանից ցածր լինի:

4. Յուրաքանչյուր Կողմ կարող է 1-ին կետի «դ» և «ե» ենթակետերը և 2-րդ կետի «բ» և «գ» ենթակետերը ամբողջությամբ կամ մասամբ չկիրառելու իրավունք վերապահել:

 

Վերնագիր 4. Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների խախտման վերաբերյալ հանցագործությունները

 

Հոդված 10. Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների խախտման վերաբերյալ հանցագործությունները

 

1. Յուրաքանչյուր Կողմ ընդունում է այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել իր ներքին օրենսդրության համաձայն որպես քրեական հանցագործություն սահմանելու հեղինակային իրավունքի խախտումը, սահմանված ըստ այդ Կողմի օրենսդրության` 1971 թ. հուլիսի 24-ի Փարիզյան ակտով ստանձնած պարտականությունների համաձայն, վերանայված Գրական և գեղարվեստական աշխատանքների պաշտպանության Բեռնի Կոնվենցիայում, Մտավոր սեփականության իրավունքների առևտրին առնչվող ասպեկտների վերաբերյալ Համաձայնագրում և WIPO Հեղինակային իրավունքի մասին Պայմանագրում` բացառությամբ այդ Կոնվենցիաներում նշված ցանկացած բարոյական իրավունքի, երբ այդպիսի գործողությունները կատարվում են կամավոր կերպով, առևտրային մասշտաբներով և համակարգչային համակարգի միջոցով:

2. Յուրաքանչյուր Կողմ ընդունում է այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել իր ներքին օրենսդրության համաձայն որպես քրեական հանցագործություն սահմանելու հարակից իրավունքների խախտումը, սահմանված ըստ այդ Կողմի օրենսդրության, համաձայն Հնչյունագրային և ռադիոհաղորդող կազմակերպությունների դերասանների, ռեժիսորների պաշտպանության մասին միջազգային Կոնվենցիայով (Հռոմի Կոնվենցիա), Մտավոր սեփականության իրավունքների առևտրին առնչվող ասպեկտների վերաբերյալ Համաձայնագրով և WIPO ներկայացումների և ֆոնոգրամների մասին Պայմանագրով ստանձնած պարտականությունների` բացառությամբ այդ Կոնվենցիաներում նշված ցանկացած բարոյական իրավունքի, երբ այդպիսի գործողությունները կատարվում են կամավոր կերպով, առևտրական մասշտաբներով և համակարգչային համակարգի միջոցով:

3. Կողմը կարող է իրեն իրավունք վերապահել` որոշ սահմանափակ դեպքերում չկիրառելու սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված քրեական պատասխանատվություն, եթե առկա են իրավական պաշտպանության այլ արդյունավետ միջոցներ, և եթե նման իրավունք վերապահելը չի առաջացնում շեղում սույն հեդվածի 1-ին և 2-րդ կետով նախատեսված միջազգային համաձայնագրերով Կողմի ունեցած միջազգային պարտավորությունների կատարումից:

 

Վերնագիր 5. Օժանդակ պատասխանատվություն և պատժամիջոցներ

 

Հոդված 11. Փորձ և օգնում կամ դրդում

 

1. Յուրաքանչյուր Կողմ ընդունում է այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել իր ներքին օրենսդրության համաձայն որպես քրեական հանցագործություն սահմանելու միտումնավոր և անօրեն կերպով` ցանկացած հանցագործության կատարմանն օգնելը կամ դրդելը, որը սահմանված է` համաձայն սույն Կոնվենցիայի 2-րդից 10-րդ հոդվածների, այսպիսի հանցագործության կատարման մտադրությամբ:

2. Յուրաքանչյուր Կողմ ընդունում է այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել իր ներքին օրենսդրության համաձայն որպես քրեական հանցագործություն սահմանելու միտումնավոր և անօրեն կերպով արված փորձը` կատարելու ցանկացած հանցագործություն` սահմանված ըստ սույն Կոնվենցիայի 3-րդից 5-րդ, 7-րդ, 8-րդ հոդվածների և 9-րդ հոդվածի 1-ին կետի «ա» և «գ» ենթակետերի:

3. Յուրաքանչյուր Կողմ կարող է սույն հոդվածի 2-րդ կետը մասամբ կամ ամբողջությամբ չկիրառելու իրավունք վերապահել:

 

Հոդված 12. Կորպորատիվ պատասխանատվություն

 

1. Յուրաքանչյուր Կողմ պարտավոր է ընդունել այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել` ապահովելու, որպեսզի իրավաբանական անձանց կարելի լինի պատասխանատվության ենթարկել սույն Կոնվենցիայով նախատեսված այնպիսի քրեական հանցագործության համար, որն ի օգուտ այդ իրավաբանական անձանց կատարվել է որպես անհատ կամ որպես իրավաբանական անձի մարմնի մաս հանդես եկող և տվյալ իրավաբանական անձի ներսում հետևյալի հիման վրա առաջատար դիրք զբաղեցնող որևէ ֆիզիկական անձի կողմից,

ա) ներկայացնելու իրավաբանական անձին,

բ) որոշումներ ընդունելու իրավաբանական անձի անունից,

գ) հսկողություն իրականացնելու իրավաբանական անձի նկատմամբ:

2. Ի լրումն այն դեպքերի, որոնք արդեն սահմանված են սույն հոդվածի 1-ին կետում, յուրաքանչյուր Կողմ կձեռնարկի միջոցներ, որոնք անհրաժեշտ են ապահովելու համար իրավաբանական անձի պատասխանատվությունը, երբ հսկողության և վերահսկողության բացակայությունը հնարավոր է դարձնում 1-ին կետում նշված ֆիզիկական անձի կողմից սույն Կոնվենցիայով սահմանված հանցագործության կատարումը այդ իրավաբանական անձի օգտին այն ֆիզիկական անձի կողմից, որը գործում է նրա իշխանության ներքո:

3. Կողմի օրինական սկզբունքների համաձայն` իրավաբանական անձի պատասխանատվությունը կարող է լինել քրեական, քաղաքացիական կամ վարչական:

4. Այսպիսի պատասխանատվությունը չպետք է վնասի այն ֆիզիկական անձանց քրեական պատասխանատվությանը, որոնք կատարել են հանցագործություն:

 

Հոդված 13. Պատժամիջոցներ և միջոցներ

 

1. Յուրաքանչյուր Կողմ ընդունում է այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել` ապահովելու համար, որ 2-11-րդ հոդվածներով սահմանված քրեական հանցագործությունները արժանանան պատժի արդյունավետ, համաչափ և տարհամոզման միջոցներով, ներառյալ ազատազրկումը:

2. Յուրաքանչյուր Կողմ պարտավոր է ապահովել, որպեսզի 12-րդ հոդվածի համաձայն պատասխանատվության ենթարկված իրավաբանական անձանց նկատմամբ կիրառվեն արդյունավետ, համաչափ և տարհամոզիչ քրեական կամ ոչ քրեական պատժամիջոցներ կամ միջոցներ, ներառյալ` դրամական պատիժներ:

 

Բ ա ժ ի ն  2

 

Ընթացակարգային օրենսդրություն

 

Վերնագիր 1. Ընդհանուր դրույթներ

 

Հոդված 14. Ընթացակարգային դրույթների շրջանակները

 

1. Յուրաքանչյուր Կողմ ընդունում է այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել` ապահովելու հատուկ քրեական հետաքննությունների կամ դատավարությունների համար սույն բաժնում նախատեսված իրավասությունները և ընթացակարգերը:

2. Բացի 21-րդ հոդվածում նշվածից` յուրաքանչյուր Կողմ կկիրառի սույն հոդվածի 1-ին կետում սահմանված իրավասությունները և ընթացակարգերը.

ա) սույն Կոնվենցիայի 2-11-րդ հոդվածների համաձայն սահմանված քրեական հանցագործությունները,

բ) այլ քրեական հանցագործություններ՝ կատարված համակարգչային համակարգի միջոցով, և

գ) քրեական հանցագործության` էլեկտրոնային ձևով ապացույցների հավաքում:

3. ա) Յուրաքանչյուր Կողմ կարող է իրավունք վերապահել` կիրառելու 20-րդ հոդվածում նշված միջոցները միայն այն հանցագործությունների կամ հանցագործությունների կատեգորիաների համար, որոնք նշված են վերապահման մեջ` պայմանով, որ այդպիսի հանցագործությունների կամ հանցագործությունների կատեգորիաների շրջանակը ավելի շատ չսահմանափակվի, քան հանցագործությունների շրջանակն է, որոնց համար, 21-րդ հոդվածի համաձայն, կիրառվում են միջոցներ: Յուրաքանչյուր Կողմ կքննարկի 20-րդ հոդվածում սահմանված միջոցներին լայն կիրառման հնարավորություն տալու` նման վերապահման սահմանափակումը:

բ) Երբ Կողմը սույն Կոնվենցիայի ընդունման պահից իր գործող օրենսդրության սահմանափակման պատճառով ի վիճակի չէ կիրառելու 20-րդ և 21-րդ հոդվածներում նախատեսված միջոցները ծառայություն տրամադրող համակարգչային համակարգի ներսում փոխանցվող հաղորդակցությունների նկատմամբ, որոնց համակարգը.

i) կշահագործի օգտագործողների փակ խմբի շահերի համար, և

ii) չի օգտագործի հանրային հաղորդակցությունների ցանցերը և չի միացնի մեկ այլ համակարգչային համակարգի` լինի դա հանրային, թե մասնավոր,

այդ Կողմը կարող է իրավունք վերապահել` չկիրառելու այդ միջոցները նման հաղորդակցությունների համար: Յուրաքանչյուր Կողմ կքննարկի սահմանափակումը այնպիսի վերապահման մեջ, որը հնարավորություն կտա, 20-րդ և 21-րդ հոդվածների համաձայն, ամենալայն միջոցների կիրառման համար:

 

Հոդված 15. Պայմանները և երաշխիքները

 

1. Յուրաքանչյուր Կողմ կապահովի, որ սույն բաժնով տրամադրված ուժերի և ընթացակարգերի սահմանումը, իրագործումը և կիրառումը ենթարկվեն իր ներպետական օրենսդրությամբ սահմանված պայմաններին ու երաշխիքներին, որոնք կապահովեն մարդու իրավունքների և ազատությունների համապատասխան պաշտպանությունը. ներառյալ այն իրավունքները, որոնք բխում են Եվրոպայի խորհրդի` Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների 1950 թ. Կոնվենցիայով, 1966 թ. ՄԱԿ-ի` Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային Դաշնագրով և մարդու իրավունքների մյուս կիրառելի միջազգային փաստաթղթերով ստանձնած պարտավորություններից, և որոնք կմիացնեն համաչափության սկզբունքը:

2. Այսպիսի պայմանները և երաշխիքները պետք է, ելնելով առնչվող իրավասության և ընթացակարգի բնույթից, ի թիվս այլոց, ներառեն դատական կամ մյուս անկախ վերահսկողությունները, հիմքերը, որոնք արդարացնում են կիրառումը և նման իրավասության ու ընթացակարգի շրջանակի սահմանափակումները և տևողությունը:

3. Այն ծավալով, որը համատեղելի է հանրային շահերի, մասնավորապես, արդարադատության իրականացման հետ, յուրաքանչյուր Կողմ կքննարկի իրավասությունների և ընթացակարգերի ազդեցությունը այս բաժնում երրորդ կողմերի իրավունքների, պատասխանատվության և օրինական շահերի վրա:

 

Վերնագիր 2. Պաշտպանվող համակարգչային տվյալների արագ պահպանումը

 

Հոդված 16. Պաշտպանվող համակարգչային տվյալների արագ պահպանումը

 

1. Յուրաքանչյուր Կողմ ընդունում է այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել` հնարավորություն տալու համար իր իրավասու մարմիններին կարգավորել կամ նմանապես ձեռք բերել սահմանված համակարգչային տվյալների արագացված պաշտպանություն, ներառյալ փոխանցվող տվյալները, որոնք պահպանվում են համակարգչային համակարգի միջոցով, մասնավորապես, երբ հիմքեր կան ենթադրելու, որ համակարգչային տվյալները խոցելի են, հատկապես կարող են կորչել կամ փոփոխվել:

2. Երբ Կողմը կատարում է վերոհիշյալ 1-ին կետը` անձին կարգադրելով պահպանել անձի տիրապետման կամ հսկողության ներքո գտնվող և պահպանված կոնկրետ համակարգչային տվյալներ, Կողմը պարտավոր է ընդունել այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել` պարտավորեցնելու տվյալ անձին պահպանել և ապահովել տվյալ համակարգչային տվյալների անձեռնմխելիությունը այնքան ժամանակ, որքան կարող է անհրաժեշտ լինել, բայց ոչ ավելի, քան իննսուն օր, որպեսզի իրավասու մարմինները հնարավորություն ստանան պահանջել այդ տվյալների բացահայտում: Կողմը կարող է նախատեսել, որպեսզի նման կարգադրությունը հետագայում ենթակա լինի երկարաձգման: Յուրաքանչյուր Կողմ ընդունում է այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք անհրաժեշտ են` պարտավորեցնելու համար պահպանող անձին և այն անձին, որը կպաշտպանի համակարգչային տվյալների գաղտնիությունը, պահելու համար, այսպիսի ընթացակարգերի պարտավորեցնելու իրենց ներպետական օրենսդրությամբ ապահոված ժամանակաընթացքի համար:

3. Սույն հոդվածի համաձայն` լիազորություններն ու ընթացակարգերը ենթարկվում են 14-րդ և 15-րդ հոդվածներին:

 

Հոդված 17. Փոխանցվող տվյալների արագ պահպանումը և մասնակի հայտնաբերումը

 

1. Յուրաքանչյուր Կողմ ընդունում է 16-րդ հոդվածի համաձայն պաշտպանված փոխանցվող տվյալների վերաբերյալ այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք անհրաժեշտ են.

ա) ապահովելու, որ այդպիսի փոխանցվող տվյալների արագ պահպանումը մատչելի լինի` անկախ նրանից` մեկ կամ ավելի ծառայություն տրամադրողներ ընդգրկվա՞ծ են այս հաղորդակցության փոխանցման մեջ, թե ոչ, և

բ) ապահովելու արագ հայտնաբերումը Կողմի իրավասու մարմնի համար կամ անձը, որը նշանակված է այդ մարմնի կողմից, փոխանցվող տվյալների բավարար քանակության մասին, որը հնարավորություն կտա Կողմին` ճանաչելու ծառայություն տրամադրողներին և այն ուղին, որի միջոցով հաղորդակցությունը փոխանցվել է:

2. Սույն հոդվածում սահմանված իրավասություններն ու ընթացակարգերը պետք է լինեն 14-րդ և 15-րդ հոդվածների կարգավորման առարկա:

 

Վերնագիր 3. Արտադրության թույլտվություն

 

Հոդված 18. Արտադրության թույլտվություն

 

1. Յուրաքանչյուր Կողմ ընդունում է այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել, որպեսզի լիազորի իր իրավասու մարմիններին` պահանջելու, որ.

ա) իր տարածքում գտնվող անձը տրամադրի իր տրամադրության կամ հսկողության տակ եղած որոշակի համակարգչային տվյալներ, որոնք պահվում են որևէ համակարգչային համակարգում կամ համակարգչային տվյալների պահման միջոցում, և

բ) Կողմի տարածքում ծառայություն տրամադրողը ներկայացնի իր տրամադրության կամ հսկողության տակ գտնվող տեղեկատվությունը բաժանորդների մասին:

2. Սույն հոդվածում սահմանված իրավասություններն ու ընթացակարգերը պետք է լինեն 14-րդ և 15-րդ հոդվածների կարգավորման առարկա:

3. Սույն հոդվածի նպատակների համար «տեղեկատվություն բաժանորդների մասին» տերմինը նշանակում է` ցանկացած տեղեկատվություն` համակարգչային տվյալների տեսքով կամ ցանկացած այլ տեսքով, որը պահվում է ծառայություն տրամադրողի կողմից և վերաբերում է նրա կողմից տրամադրված փոխանցմանը կամ պարունակությանը չվերաբերող ծառայության բաժանորդներին, և որի միջոցով հնարավոր է պարզել.

ա) օգտագործված կապի ծառայության տեսակը` հաշվի առնելով տեխնիկական դրույթները և ծառայության ժամանակահատվածը,

բ) բաժանորդի ինքնությունը, փոստի կամ տեղակայման հասցեն, հեռախոսի և կապի այլ տեսակի համարները, տեղեկատվությունը հաշիվների և վճարումների մասին, որոնք հայտնի են ծառայության պայմանագրի կամ համաձայնագրի հիման վրա,

գ) ցանկացած այլ տեղեկատվություն կապի սարքավորումների տեղադրման վայրի վերաբերյալ, որը հայտնի է ծառայության պայմանագրի կամ համաձայնագրի հիման վրա:

 

Վերնագիր 4. Պահված համակարգչային տվյալների որոնում և առգրավում

 

Հոդված 19. Պահված համակարգչային տվյալների որոնում և առգրավում

 

1. Յուրաքանչյուր Կողմ ընդունում է այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել` լիազորելու համար իր իրավասու մարմիններին` իր տարածքում որոնելու կամ մուտք գործելու.

ա) որևէ համակարգչային համակարգ կամ դրա մի մասը և այնտեղ պահվող համակարգչային տվյալների մեջ, և

բ) համակարգչային տվյալների պահման որևէ միջոց, որում կարող են պահված լինել համակարգչային տվյալները:

2. Յուրաքանչյուր Կողմ ընդունում է այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել` երաշխավորելու այն, որ երբ իր մարմինները որոնում կամ մուտք են գործում առանձնահատուկ համակարգչային համակարգ կամ դրա մի մասը, համաձայն 1-ին կետի «ա» ենթակետի, և հիմքեր ունեն կարծելու, որ որոնվող տվյալները պահված են իրենց իրավասության տարածքում գտնվող մեկ այլ համակարգչային համակարգում կամ դրա մի մասում, և նման տվյալների մեջ թույլատրվում է օրինական մուտք գործել, կամ այն օրինական կերպով հասանելի է սկզբնական համակարգին, մարմինները պետք է հնարավորություն ունենան արագորեն որոնելու կամ մուտք գործելու այլ համակարգ:

3. Յուրաքանչյուր Կողմ ընդունում է այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել` լիազորելու համար իր իրավասու մարմիններին` առգրավելու կամ պաշտպանելու այն համակարգչային տվյալները, որոնց մեջ մուտք էր գործվել 1-ին կամ 2-րդ կետի համաձայն: Այս միջոցները պետք է ներառեն հետևյալ իրավասությունները.

ա) առգրավել կամ պաշտպանել որևէ համակարգչային համակարգը կամ դրա մի մասը կամ համակարգչային տվյալների պահման միջոցը,

բ) պատճենահանել այդ համակարգչային տվյալները և պահել պատճենները,

գ) ապահովել համապատասխան ձևով պահված համակարգչային տվյալների ամբողջականությունը,

դ) անհասանելի դարձնել կամ տեղափոխել համակարգչային տվյալները հասանելի համակարգչային համակարգ:

4. Յուրաքանչյուր Կողմ ընդունում է այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել` լիազորելու համար իր իրավասու մարմիններին` 1-ին և 2-րդ կետերում սահմանված միջոցները ձեռնարկելու նպատակով անհրաժեշտ տեղեկություններ ստանալ այն անձից, որը գիտելիքներ ունի համակարգչային համակարգի գործելու կամ համակարգչային տվյալների պաշտպանվածության միջոցների մասին:

5. Սույն հոդվածում սահմանված լիազորություններն ու ընթացակարգերը պետք է լինեն 14-րդ և 15-րդ հոդվածների կարգավորման առարկա:

 

Վերնագիր 5. Համակարգչային տվյալների հավաքումը իրական ժամանակում

 

Հոդված 20. Փոխանցվող տվյալների հավաքումը իրական ժամանակում

 

1. Յուրաքանչյուր Կողմ ընդունում է այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել` լիազորելու իր իրավասու մարմիններին.

ա) հավաքելու կամ գրանցելու տվյալ Կողմի տարածքում տեխնիկական միջոցների կիրառման միջոցով, և

բ) ծառայություն տրամադրողին ստիպել՝ վերջինիս ունեցած տեխնիկական հնարավորությունների սահմաններում.

1) հավաքել կամ գրանցել տվյալ Կողմի տարածքում տեխնիկական միջոցների կիրառման միջոցով, կամ

2) իրավասու մարմինների հետ համագործակցել և նրանց աջակցել իրական ժամանակում փոխանցվող տվյալների հավաքման գործում, որոնք կապված են համակարգչային համակարգի միջոցով իր տարածքում փոխանցված կապին:

2. Այն դեպքում, երբ Կողմը, իր ներպետական իրավական համակարգով սահմանված սկզբունքներին համապատասխան, չի կարող ընդունել 1-ի կետի «ա» ենթակետում նշված միջոցները, նա կարող է դրանց փոխարեն ընդունել օրենսդրական և այլ միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել իրական ժամանակում իր տարածքում փոխանցված կապի հետ կապված փոխանցման տվյալների հավաքման համար՝ իր տարածքում տեխնիկական միջոցների կիրառման միջոցով:

3. Յուրաքանչյուր Կողմ ընդունում է այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել` պարտավորեցնելու համար ծառայություն տրամադրողին գաղտնի պահել սույն հոդվածով սահմանված ցանկացած իրավասության իրականացման փաստ և դրա հետ կապված ցանկացած տեղեկատվություն:

4. Սույն հոդվածում սահմանված լիազորություններն ու ընթացակարգերը պետք է լինեն 14-րդ և 15-րդ հոդվածների կարգավորման առարկա:

 

Հոդված 21. Պարունակվող տվյալների որսումը

 

1. Յուրաքանչյուր Կողմ ընդունում է այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել, կապված մի շարք լուրջ հանցանքներ ներպետական օրենսդրությամբ սահմանելու հետ, իր իրավասու մարմիններին լիազորելու համար.

ա) հավաքել կամ գրանցել տվյալ Կողմի տարածքում տեխնիկական միջոցների կիրառման միջոցով, և

բ) ծառայություն տրամադրողին ստիպել՝ վերջինիս ունեցած տեխնիկական հնարավորությունների սահմաններում.

i) հավաքել կամ գրանցել տվյալ Կողմի տարածքում տեխնիկական միջոցների կիրառման միջոցով, կամ

ii) իրավասու մարմինների հետ համագործակցել և նրանց աջակցել իրական ժամանակում պարունակվող տվյալների հավաքման գործում, որոնք կապված են համակարգչային համակարգի միջոցով իր տարածքում փոխանցված կապին:

2. Այն դեպքում, երբ Կողմը, իր ներքին իրավական համակարգով սահմանված սկզբունքներին համապատասխան, չի կարող ընդունել 1-ին կետի «ա» ենթակետում նշված միջոցները, դրանց փոխարեն նա կարող է ընդունել օրենսդրական և այլ միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել իրական ժամանակում իր տարածքում փոխանցված կապի հետ կապված փոխանցման տվյալների հավաքման գործում՝ իր տարածքում տեխնիկական միջոցների կիրառման օգնությամբ:

3. Յուրաքանչյուր Կողմ ընդունում է այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել` պարտավորեցնելու համար ծառայություն տրամադրողին գաղտնի պահել սույն հոդվածով սահմանված ցանկացած լիազորության իրագործման փաստ և դրա հետ կապված ցանկացած տեղեկատվություն:

4. Սույն հոդվածում սահմանված լիազորություններն ու ընթացակարգերը պետք է լինեն 14-րդ և 15-րդ հոդվածների կարգավորման առարկա:

 

Բ ա ժ ի ն  3

 

Իրավազորություն

 

Հոդված 22. Իրավազորություն

 

1. Յուրաքանչյուր Կողմ ընդունում է այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել` սահմանելու համար իր իրավազորությունը՝ կապված սույն Կոնվենցիայի 2-րդից 11-րդ հոդվածներում նշված հանցանքների հետ, երբ հանցանքը կատարվել է.

ա) իր տարածքում, կամ

բ) տվյալ Կողմի դրոշը կրող նավի վրա, կամ

գ) տվյալ Կողմի օրենսդրությամբ գրանցված օդանավում, կամ

դ) իր քաղաքացիներից մեկի կողմից, եթե հանցանքը պատժելի է` ըստ այն վայրի քրեական օրենսդրության, որտեղ կատարվել է, կամ` եթե հանցանքը կատարվել է ցանկացած պետության տարածքային իրավազորությունից դուրս:

2. Յուրաքանչյուր Կողմ կարող է իրավունք վերապահել` չկիրառելու կամ կիրառելու միայն հատուկ դեպքերում կամ պայմանների առկայության դեպքում սույն հոդվածի 1-ին կետի «բ»-«դ» կետերում սահմանված իրավազորության կանոններին կամ դրանց ցանկացած մասին:

3. Յուրաքանչյուր Կողմ ընդունում է այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել` սահմանելու համար իր իրավազորությունը՝ կապված սույն Կոնվենցիայի 24-րդ հոդվածի 1-ին կետում նշված հանցանքների հետ` այն դեպքերում, երբ հանցանք կատարելու մեջ կասկածվողը գտնվում է իր տարածքում, և այդ Կողմի հանձնման մասին պահանջից հետո Կողմը վերջինիս չի հանձնում մյուս Կողմին միայն նրա քաղաքացիության պատճառով:

4. Սույն Կոնվենցիան չի բացառում ցանկացած քրեական իրավազորություն, որը իրականացվում է Կողմի կողմից` նրա ներպետական օրենսդրության համապատասխան:

5. Երբ մեկից ավելի Կողմեր բողոքարկում են սույն Կոնվենցիային համապատասխան սահմանված հանցանքի կապակցությամբ իրավազորությունը, ապա ներգրավված Կողմերը պետք է նպատակահարմարության դեպքում խորհրդակցեն` հետապնդման համար ամենահարմար իրավազորությունը սահմանելու նպատակով:

 

Գ լ ու խ  III

 

Միջազգային համագործակցություն

 

Բ ա ժ ի ն  1

 

Ընդհանուր սկզբունքներ

 

Վերնագիր 1. Միջազգային համագործակցությանն առնչվող ընդհանուր սկզբունքներ

 

Հոդված 23. Միջազգային համագործակցությանն առնչվող հիմնական սկզբունքներ

 

Կողմերը, սույն գլխի դրույթներին համապատասխան, պետք է համագործակցեն միմյանց հետ, կիրառելով քրեական գործերով միջազգային համագործակցության համապատասխան միջազգային միջոցները, միասնականացման կամ փոխադարձաբար պարտավորեցնող օրենսդրության հիման վրա կնքված համաձայնագրերը և ներքին օրենքները, համակարգչային համակարգերի և տվյալների հետ կապված քրեական հանցագործությունների հետաքննության կամ հետապնդման նպատակների կամ քրեական հանցագործության էլեկտրոնային ձևի ապացույցներ հավաքելու համար` ամենալայն հնարավորությամբ:

 

Վերնագիր 2. Հանձնմանն առնչվող սկզբունքներ

 

Հոդված 24. Հանձնում

 

1. ա) Սույն հոդվածը վերաբերում է Կողմերի միջև հանձնմանը սույն Կոնվենցիայի 2-րդից 11-րդ հոդվածում սահմանված քրեական հանցագործությունների համար` պայմանով, որ նշված լինի, որ դրանք պատժելի են երկու Կողմերի օրենսդրությամբ և նախատեսում են ազատազրկում առնվազն մեկ տարի առավելագույն ժամկետով կամ ավելի խիստ պատիժ:

բ) Երբ պետք է կիրառվի այլ նվազագույն պատիժ, համաձայն միասնականացման կամ փոխադարձ պարտավորեցնող օրենսդրության կամ հանձնման մասին պայմանագրի, այդ թվում նաև` Հանձնման մասին եվրոպական Կոնվենցիայի (ETS հմ. 24) հիման վրա ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում, որոնք կիրառելի են երկու կամ ավելի Կողմերի միջև, սահմանվում է նման պայմանավորվածության կամ պայմանագրի համար նախատեսված նվազագույն պատիժը:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նկարագրված քրեական հանցագործությունները պետք է համարվեն հանձնում նախատեսող և ներգրավվեն Կողմերի միջև կնքված հանձնման մասին ցանկացած պայմանագրում: Կողմերը պարտավորվում են միմյանց միջև կնքվելիք հանձնման մասին պայմանագրերում ներառել նման հանցագործությունները որպես հանձնում նախատեսող հանցագործություններ:

3. Եթե Կողմը, որը կատարում է պայմանագրի առկայությամբ պայմանավորված հանձնում, ստանում է հանձնման մասին հարցում մեկ այլ Կողմից, որի հետ չունի հանձնման մասին պայմանագիր, կարող է սույն Կոնվենցիան համարել որպես իրավական հիմք հանձնման համար սույն հոդվածի 1-ին կետում սահմանված ցանկացած քրեական հանցագործության առնչությամբ:

4. Կողմերը, որոնք չեն կատարում պայմանագրի առկայությամբ պայմանավորված հանձնում, պետք է ճանաչեն միմյանց միջև սույն հոդվածի 1-ին կետում սահմանված քրեական հանցագործությունները որպես հանձնում նախատեսող հանցագործություններ:

5. Հանձնումը պետք է հարցվող Կողմի օրենսդրությամբ կամ հանձնման մասին համապատասխան պայմանագրերով սահմանված հանգամանքների կարգավորման առարկա լինի, ներառյալ այն հիմքերը, որոնցով հարցվող Կողմը կարող է մերժել հանձնումը:

6. Եթե սույն հոդվածի 1-ին կետում սահմանված քրեական հանցագործության համար հանձնումը մերժվում է միայն տվյալ անձի քաղաքացիության պատճառով կամ նրա համար, որ հարցվող Կողմը համարում է, որ իրավազոր է այդ հանցագործության կապակցությամբ, ապա հարցվող Կողմը պետք է հետաքննության նպատակով գործը ներկայացնի իր իրավասու մարմիններին և համապատասխան կարգով տեղեկացնի հարցում կատարած Կողմին վերջնական արդյունքների մասին: Նշված մարմինները պետք է որոշում ընդունեն և հետաքննությունն ու դատավարությունն իրականացնեն այն նույն կարգով, որով իրականացնում են այդ Կողմի օրենսդրության շրջանակներում ցանկացած այլ նույնանման հանցագործության դեպքում:

7. ա) Պայմանագրի բացակայության դեպքում յուրաքանչյուր Կողմ պետք է ստորագրման կամ վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու իր փաստաթղթերը ի պահ հանձնելու ժամանակ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին փոխանցի հանձնման կամ նախնական կալանքի հարցում կատարելու կամ ստանալու համար պատասխանատու յուրաքանչյուր մարմնի անվանումն ու հասցեն:

բ) Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը պետք է սահմանի և անընդհատ նորացնի Կողմերի նշանակած մարմինների ցանկը: Յուրաքանչյուր Կողմ պետք է ապահովի, որ ցանկում պարունակվող մանրամասները միշտ լինեն ճիշտ:

 

Վերնագիր 3. Փոխադարձ աջակցությանն առնչվող ընդհանուր սկզբունքներ

 

Հոդված 25. Փոխադարձ աջակցությանն առնչվող ընդհանուր սկզբունքներ

 

1. Կողմերը պետք է հնարավորինս լայն ծավալով միմյանց փոխադարձ աջակցություն ցուցաբերեն համակարգչային համակարգերի և տվյալների հետ կապված քրեական հանցագործությունների հետաքննության կամ հետապնդման նպատակների, ինչպես նաև քրեական հանցագործությունների էլեկտրոնային ձևերի ապացույցների հավաքման համար:

2. Յուրաքանչյուր Կողմ պետք է նաև ընդունի այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել 27-րդից 35-րդ հոդվածներում նախատեսված պարտավորությունները կատարելու համար:

3. Յուրաքանչյուր Կողմ կարող է հրատապ հանգամանքներում փոխադարձ աջակցության կամ դրա հետ կապված հաղորդակցության մասին հարցում կատարել կապի արագ միջոցներով, այդ թվում` ֆաքսով և էլեկտրոնային փոստով, այդ միջոցների գաղտնիության և վավերականության համապատասխան աստիճանների ապահովման հնարավորությունները հաշվի առնելով (ներառյալ, անհրաժեշտության դեպքում, ծածկագրերի օգտագործումը), հարցվող Կողմի պահանջի դեպքում ձևական հաստատում ձեռք բերելով: Հարցվող Կողմը ընդունում է և պետք է պատասխանի արագ կապի միջոցներով ստացված հարցմանը:

4. Բացի սույն գլխի հոդվածներում հատուկ սահմանվածից` փոխադարձ աջակցությունը պետք է հարցվող Կողմի օրենսդրությամբ կամ փոխադարձ աջակցության մասին համապատասխան պայմանագրերով սահմանված պայմանների կարգավորման առարկա լինի, ներառյալ այն հիմքերը, որոնցով հարցվող Կողմը կարող է մերժել համագործակցությունը: Հարցվող Կողմը չպետք է կիրառի փոխադարձ աջակցություն մերժելու իրավունքը, կապված 2-րդից 11-րդ հոդվածներում նշված հանցագործությունների հետ, միայն այն հիմքով, որ հարցումը վերաբերում է այնպիսի հանցանքի, որն ինքը համարում է ֆինանսական հանցագործություն:

5. Այն դեպքերում, երբ, սույն գլխի դրույթներին համապատասխան, հարցվող Կողմին թույլատրվում է փոխադարձ աջակցությունը դարձնել պայմանական, երկակի քրեականության առկայության հետևանքով, այդ պայմանը պետք է դիտվի իրագործված` անկախ այն հանգամանքից, թե արդյո՞ք Կողմի օրենքները դասում են տվյալ հանցագործությունը հանցանքների նույն դասում, կամ անվանվո՞ւմ է այն նույն տերմինաբանությամբ, ինչ որ հարցում կատարած Կողմը, եթե հանցավոր գործողությունը, որի համար նախատեսվում է փոխադարձ աջակցության ցուցաբերում, քրեական հանցագործություն է` ըստ իր օրենսդրության:

 

Հոդված 26. Ինքնաբերական տեղեկատվություն

 

1. Կողմը կարող է իր ներպետական օրենսդրության սահմաններում և առանց նախնական հարցման փոխանցել մեկ այլ Կողմի իր սեփական հետաքննության արդյունքում ձեռք բերված տեղեկատվությունը, երբ գտնում է, որ նման տեղեկատվության բացահայտումը կարող է աջակցել ստացող Կողմին սույն Կոնվենցիային համապատասխան նույնացված քրեական հանցագործությունների հետաքննություն կամ հետապնդում սկսելու գործում կամ կարող է հանգեցնել այդ Կողմի կողմից համագործակցության մասին հարցման՝ սույն գլխին համապատասխան:

2. Մինչև նման տեղեկատվության տրամադրումը տրամադրող Կողմը կարող է խնդրել, որ այն պահվի գաղտնի կամ օգտագործվի միայն հատուկ պայմանների առկայությամբ: Եթե ստացող Կողմը չի կարող կատարել նման խնդրանքը, նա պետք է այդ մասին տեղեկացնի տրամադրող Կողմին, որն այնուհետև պետք է որոշի` տրամադրե՞լ տվյալ տեղեկատվությունը, թե ոչ: Եթե ստացող Կողմն ընդունում է, որ տվյալ տեղեկատվությունը հանդիսանում է հատուկ պայմանների կարգավորման առարկա, ապա նա պետք է պարտավորված լինի դրանցով:

 

Վերնագիր 4. Համապատասխան միջազգային համաձայնագրերի բացակայության դեպքում փոխադարձ աջակցության մասին հարցումներին վերաբերող ընթացակարգեր

 

Հոդված 27. Համապատասխան միջազգային համաձայնագրերի բացակայության դեպքում փոխադարձ աջակցության մասին հարցումներին վերաբերող ընթացակարգեր

 

1. Այն դեպքերում, երբ հարցում կատարած և հարցվող Կողմերի միջև չկա միասնականացման կամ փոխադարձաբար պարտավորեցնող օրենսդրության հիման վրա կնքված աջակցության մասին գործող պայմանագիր կամ համաձայնագիր, պետք է կիրառվեն սույն հոդվածի 2-րդից 9-րդ կետերի դրույթները: Սույն հոդվածի դրույթները չպետք է կիրառվեն, երբ գոյություն ունի նման պայմանագիր, պայմանավորվածություն կամ օրենսդրություն, և եթե համապատասխան Կողմերը չհամաձայնեն կիրառել սույն հոդվածի ցանկացած կամ բոլոր կետերը դրանց փոխարեն:

2. ա) Յուրաքանչյուր Կողմ պետք է նշանակի կենտրոնական մարմին կամ մարմիններ, որոնք պատասխանատու կլինեն փոխադարձ աջակցության մասին հարցումների ուղարկման և դրանց պատասխանելու, նման հարցումների կատարման կամ դրանք կատարելու համար իրավասու մարմիններին փոխանցելու համար:

բ) Կենտրոնական մարմինները պետք է ուղղակիորեն հաղորդակցվեն միմյանց հետ:

գ) Յուրաքանչյուր Կողմ պետք է ստորագրման կամ վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու իր փաստաթղթերը ի պահ հանձնելու ժամանակ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին փոխանցի սույն պարբերության կատարման համար նշանակված մարմինների անուններն ու հասցեները:

դ) Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը պետք է ստեղծի և անընդհատ նորացնի Կողմերի կողմից նշանակված կենտրոնական մարմինների ցանկը: Յուրաքանչյուր Կողմ պետք է ապահովի, որ ցանկում պարունակվող մանրամասները միշտ ճշգրիտ լինեն:

3. Սույն հոդվածի շրջանակներում փոխադարձ աջակցության մասին հարցումները պետք է կատարվեն հարցում կատարած Կողմի կողմից սահմանված ընթացակարգերին համապատասխան` բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք անհամատեղելի են հարցվող Կողմի օրենսդրության հետ:

4. Հարցվող Կողմը կարող է, ի լրումն 25-րդ հոդվածի 4-րդ կետում սահմանված մերժման հիմքերի, մերժել աջակցության ցուցաբերումը, եթե.

ա) հարցումը վերաբերում է այնպիսի հանցանքի, որը հարցվող Կողմը համարում է քաղաքական հանցագործություն կամ քաղաքական հանցագործության հետ կապված հանցագործություն, կամ

բ) համարում է, որ հարցման կատարումը ենթադրում է իր ինքնավարության, անվտանգության, հասարակական կարգի կամ այլ կարևոր շահերի խախտում:

5. Հարցվող Կողմը կարող է հետաձգել հարցման հետ կապված գործողությունները, եթե նման գործողությունները կարող են վնասել իր մարմինների կողմից իրականացվող քրեական հետաքննությանը կամ հետապնդմանը:

6. Աջակցությունը մերժելուց կամ հետաձգելուց առաջ հարցվող Կողմը պետք է, հարցում կատարած Կողմի հետ նպատակահարմարության դեպքում խորհրդակցելով, որոշի, թե կարո՞ղ է արդյոք հարցումը կատարվել մասամբ կամ որպես նման պայմանների առարկա, եթե դա անհրաժեշտ է:

7. Հարցվող Կողմը պետք է անմիջապես տեղեկացնի հարցում կատարած Կողմին աջակցության մասին հարցման կատարման արդյունքների մասին: Հարցման կատարման հետաձգման կամ մերժման ցանկացած հիմք պետք է պատճառաբանվի: Հարցվող Կողմը պետք է նաև տեղեկացնի հարցում կատարած Կողմին հարցման կատարումն անհնար դարձնող կամ այն էապես հետաձգող պատճառների մասին:

8. Հարցնող Կողմը կարող է խնդրել, որ հարցվող Կողմը գաղտնի պահի սույն գլխին համապատասխան արված ցանկացած հարցման փաստ, ինչպես նաև դրա առարկան` բացառությամբ դրա կատարման համար խիստ անհրաժեշտ սահմանների: Եթե հարցվող Կողմը չի կարող բավարարել գաղտնիության մասին խնդրանքը, նա պետք է անմիջապես տեղեկացնի հարցում կատարած Կողմին, որն այնուհետև պետք է որոշի, այնուամենայնիվ, կատարե՞լ հարցումը, թե ոչ:

9. ա) Հրատապության դեպքում փոխադարձ աջակցության կամ դրա հետ կապված հաղորդակցության հարցումները կարող են հարցում կատարած Կողմի դատական մարմիններից անմիջականորեն ուղարկվել հարցվող Կողմի դատական մարմիններին: Ցանկացած նման դեպքում հարցում կատարած Կողմի կենտրոնական մարմինը պետք է միաժամանակ հարցման պատճենը ուղարկի հարցվող Կողմի կենտրոնական մարմին:

բ) Սույն կետի շրջանակներում ցանկացած հարցում կամ հաղորդում պետք է արվի Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության (Ինտերպոլ) միջոցով:

գ) Այն դեպքերում, երբ հարցումը արվում է սույն հոդվածի «ա» ենթակետին համապատասխան, և մարմիններն իրավասու չեն զբաղվելու այդ հարցմամբ, նրանք պետք է վերահասցեագրեն տվյալ հարցումը իրավասու ազգային մարմիններին և ուղղակիորեն դրա կատարման մասին տեղեկացնեն հարցում կատարած Կողմին:

դ) Այս կետի շրջանակներում արված հարցումները կամ հաղորդակցությունները, որոնք չեն ներառում պարտադրող գործողություն, կարող են հարցում կատարած Կողմի իրավասու մարմինների կողմից ուղղակիորեն փոխանցվել հարցվող Կողմի իրավասու մարմիններին:

ե) Յուրաքանչյուր Կողմ կարող է ստորագրման կամ վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու իր փաստաթղթերը ի պահ հանձնելու ժամանակ տեղեկացնել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին այն մասին, որ սույն պարբերության շրջանակներում արված հարցումները հասցեագրվեն իր կենտրոնական իշխանությանը` արդյունավետության նպատակով:

 

Հոդված 28. Գաղտնիությունը և օգտագործման սահմանափակումը

 

1. Այն դեպքում, երբ հարցում կատարած և հարցվող Կողմերի միջև չկա նույնանման կամ փոխադարձաբար պարտավորեցնող օրենսդրության հիման վրա կնքված փոխաջակցության մասին պայմանագիր կամ համաձայնագիր, պետք է կիրառվեն սույն հոդվածի դրույթները: Սույն հոդվածի դրույթները չպետք է կիրառվեն այն դեպքերում, երբ գոյություն ունի նման պայմանագիր, պայմանավորվածություն կամ օրենսդրություն, և եթե համապատասխան Կողմերը չեն համաձայնել դրանց փոխարեն կիրառել սույն հոդվածի ցանկացած կետ կամ բոլոր կետերը:

2. Հարցվող Կողմը կարող է տեղեկատվություն կամ նյութեր տրամադրել` ի պատասխան որևէ հարցման, ինչը կապված է այն պայմանի հետ, որ այն.

ա) գաղտնի էր պահված այն դեպքերում, երբ փոխադարձ իրավական աջակցության մասին հարցումը չի կարող բավարարվել նման պայմանի բացակայության հետևանքով, կամ

բ) չէր օգտագործվել, տվյալ հարցման մեջ պարունակվողներից բացի, հետաքննության կամ հետապնդման այլ կարիքների համար:

3. Եթե հարցում կատարած Կողմը չի կարող կատարել 2-րդ կետում նշված պայմանը, նա պետք է անհապաղ տեղեկացնի մյուս Կողմին, որն այնուհետև պետք է որոշի, այնուամենայնիվ, տրամադրե՞լ տվյալ տեղեկատվությունը, թե ոչ: Երբ հարցում կատարած Կողմը ընդունում է պայմանը, նա պետք է պարտավորված լինի դրանով:

4. Ցանկացած Կողմ, որը տրամադրում է 2-րդ կետին վերաբերող տեղեկատվություն կամ նյութեր, կարող է դիմել մյուս Կողմին, որպեսզի վերջինս հայտնի, տվյալ պայմանի հետ կապված, նման տեղեկատվության կամ նյութի օգտակարության մասին:

 

Բ ա ժ ի ն  2

 

Առանձնահատուկ դրույթներ

 

Վերնագիր 1. Փոխադարձ աջակցության վերաբերյալ դրույթային միջոցներ

 

Հոդված 29. Պահված համակարգչային տվյալների արագ պահպանում

 

1. Որևէ Կողմ կարող է դիմել մեկ այլ Կողմի, որպեսզի վերջինս պահանջի կամ այլ կերպ իրագործի այն տվյալների արագ պահպանումը, որոնք պահված են համակարգչային համակարգի միջոցներում, որոնք գտնվում են այդ մյուս Կողմի տարածքում, և որոնց հետ կապված` հարցում կատարած Կողմը մտադրված է փոխադարձ աջակցության մասին հարցում անել որոնման կամ մուտքի, առգրավման կամ պահպանության կամ նշված տվյալների բացահայտման նպատակով:

2. 1-ին կետի շրջանակներում արված պահպանման մասին հարցման մեջ պետք է նշվի.

ա) պահպանման համար դիմող մարմինը,

բ) այն հանցանքը, որը քրեական հետաքննության կամ հետապնդման առարկա է, և համապատասխան փաստերի համառոտ ամփոփումը,

գ) պահպանման համար նախատեսված համակարգչային տվյալները և դրանց կապը տվյալ հանցագործության հետ,

դ) տրամադրության տակ եղած ցանկացած տեղեկատվություն, որը նույնացնում է պահված համակարգչային տվյալները պահողին կամ համակարգչային համակարգի գտնվելու վայրը,

ե) պահպանման անհրաժեշտությունը, և

զ) այն, որ Կողմը մտադրված է փոխադարձ աջակցության մասին հարցում անել որոնման կամ մուտքի, առգրավման կամ պահպանության կամ նշված տվյալների բացահայտման նպատակով:

3. Որևէ այլ Կողմից հարցում ստանալիս հարցվող Կողմը պետք է, իր ներպետական օրենսդրության համաձայն, ձեռնարկի բոլոր համապատասխան միջոցները` նշված տվյալներն արագ պահպանելու համար: Հարցմանը պատասխանելու նպատակով` նման պահպանումը տրամադրելու համար որպես պայման չպետք է պահանջվի երկակի քրեականացումը:

4. Որոնման կամ մուտքի, առգրավման կամ պահպանության կամ նշված տվյալների բացահայտման նպատակով արված փոխադարձ աջակցության մասին հարցմանը պատասխանելու համար երկակի քրեականությունը որպես պայման պահանջող Կողմը կարող է, կապված սույն Կոնվենցիայի 2-րդից 11-րդ հոդվածներին համապատասխան նույնացված հանցանքների հետ, պահպանել սույն հոդվածի շրջանակներում արված պահպանման մասին հարցմանը պատասխանելու մերժման իրավունքը այն դեպքերում, եթե կան հիմքեր կարծելու, որ բացահայտման ժամանակ երկակի քրեականության պայմանը չի կարող կատարվել:

5. Ի լրումն. պահպանման մասին հարցումը կարող է մերժվել միայն այն դեպքերում, եթե.

ա. հարցումը վերաբերում է այնպիսի հանցանքի, որը հարցվող Կողմը համարում է քաղաքական հանցագործություն կամ քաղաքական հանցագործության հետ կապված հանցագործություն, կամ

բ. հարցման կատարումը, հարցվող Կողմի կարծիքով, կարող է վնաս հասցնել իր ինքնիշխանությանը, անվտանգությանը, հասարակական կարգին և այլ կարևոր շահերին:

6. Երբ հարցվող Կողմը կարծում է, որ պահպանումը չի ապահովի տվյալների հետագա մատչելիությունը կամ կսպառնա գաղտնիությանը կամ այլ կերպ վնաս կհասցնի հարցում կատարած Կողմի հետաքննությանը, նա դրա մասին անհապաղ տեղեկացնում է հարցում կատարած Կողմին, որն այնուհետև որոշում է, թե այնուամենայնիվ, պե՞տք է կատարվի հարցումը, թե ոչ:

7. Ցանկացած պահպանում, որը 1-ին կետում նշված հարցման արդյունք է, պետք է կատարվի ոչ պակաս, քան 60 օր ժամանակահատվածում, որպեսզի հարցում կատարած Կողմը հնարավորություն ունենա հարցում կատարել տվյալների նույնատիպ մուտքի, որոնման, առգրավման կամ նույնատիպ անվտանգության կամ բացահայտման մասին: Այսպիսի հարցմանը պատասխանելուց հետո տվյալների պահումը կշարունակվի, եթե այդ հարցման վերաբերյալ այդպիսի որոշում ընդունվի:

 

Հոդված 30. Պահպանվող փոխանցված տվյալների արագացված հայտնումը

 

1. 29-րդ հոդվածում նշված հատուկ հաղորդակցման հետ կապված փոխանցվող տվյալների պահպանման վերաբերյալ հարցման կատարման դեպքում, երբ հարցվող Կողմը հայտնաբերում է, որ մյուս պետության ծառայություն տրամադրողը ներգրավվել է հաղորդակցման փոխանցման մեջ, հարցվող Կողմը արագ հայտնում է հարցում կատարած Կողմի փոխանցվող տվյալների բավարար քանակաչափի մասին` պարզելով ծառայություն տրամադրողին և այն ճանապարհը, որով փոխանցվել են տվյալները:

2. 1-ին կետում նշված փոխանցված տվյալների հայտնաբերումը կարող է մերժվել միայն այն դեպքում, եթե.

ա. հարցումը կապված է այնպիսի հանցագործության հետ, որը, հարցվող Կողմի կարծիքով, հանդիսանում է քաղաքական հանցագործություն կամ կապված է քաղաքական հանցագործության հետ, կամ

բ. հարցման կատարումը, հարցվող Կողմի կարծիքով, կարող է վնաս հասցնել իր ինքնիշխանությանը, անվտանգությանը, հասարակական կարգին և այլ կարևոր շահերին:

 

Վերնագիր 2. Հետաքննչական իրավասությունների հետ կապված փոխադարձ աջակցություն

 

Հոդված 31. Պահպանվող համակարգչային տվյալների մուտքի հետ կապված փոխադարձ աջակցություն

 

1. Կողմը կարող է դիմել մյուս Կողմին այն տվյալների որոնման կամ նույնանման մուտք գործելու, առգրավելու կամ նույնանման անվտանգության և բացահայտման վերաբերյալ, որոնք պահպանվում են համակարգչային համակարգում և գտնվում են հարցվող Կողմի տարածքում, ներառյալ 29-րդ հոդվածի համաձայն պահպանվող տվյալները:

2. Հարցվող Կողմը կպատասխանի հարցմանը 23-րդ հոդվածում նշված միջազգային փաստաթղթերի, համաձայնագրերի և օրենքների կիրառման միջոցով և սույն գլխում նշված այլ առնչվող դրույթների համաձայն:

3. Հարցմանը պատասխան կտրվի արագ կերպով, երբ.

ա. հիմքեր կան ենթադրելու, որ առնչվող տվյալները, մասնավորապես, կարող են կորցվել կամ փոփոխության ենթարկվել,

բ. 2-րդ հոդվածում նշված փաստաթղթերը, համաձայնագրերը և օրենքները այլ կերպ նախատեսում են արագ համագործակցություն:

 

Հոդված 32. Համաձայնության առկայության դեպքում կամ, երբ դա հրապարակավ մատչելի է, պահպանվող համակարգչային տվյալների անդրսահմանային կարգով մուտք գործելը

 

Կողմը առանց մյուս Կողմի թույլտվության կարող է.

ա. մուտք գործել հրապարակավ մատչելի (բաց աղբյուր), պահպանվող համակարգչային տվյալների մեջ` առանց հաշվի առնելու տվյալների` աշխարհագրական տեսանկյունից գտնվելու վայրը, կամ

բ. իր տարածքում գտնվող համակարգչային համակարգի միջոցով մտնել կամ ստանալ մյուս Կողմի տարածքում գտնվող` պահպանվող համակարգչային տվյալներ, եթե Կողմն ստացել է օրինական և կամավոր համաձայնություն այն անձի կողմից, որը համակարգչային համակարգի միջոցով մյուս Կողմին տվյալներ հայտնելու օրինական լիազորություն ունի:

 

Հոդված 33. Փոխանցվող տվյալների իրական ժամանակում հավաքման գործում փոխադարձ աջակցություն

 

1. Կողմերը միմյանց փոխադարձ աջակցություն կտրամադրեն իրենց տարածքում հատուկ հաղորդակցությունների հետ կապված համակարգչային համակարգի միջոցով փոխանցվող տվյալների իրական ժամանակում հավաքման գործում: 2-րդ կետի դրույթներով նախատեսված աջակցությունը իրականացվում է ներքին օրենսդրությամբ սահմանված պայմաններով և ընթացակարգերով:

2. Յուրաքանչյուր Կողմ կտրամադրի այսպիսի աջակցություն` կապված այն քրեական հանցագործությունների հետ, որոնց համար փոխանցված տվյալների իրական ժամանակում հավաքումը մատչելի կլիներ նույնանման ներքին գործի դեպքում:

 

Հոդված 34. Փոխադարձ աջակցություն` կապված տվյալների բովանդակության հետ

 

Կողմերը միմյանց կտրամադրեն փոխադարձ աջակցություն համակարգչային համակարգով հատուկ հաղորդակցությունների հետ կապված փոխանցվող տվյալների բովանդակության իրական ժամանակում հավաքման կամ ձայնագրման գործում՝ իրենց ներքին օրենսդրության կամ կիրառվող պայմանագրերով թույլատրված ծավալով:

 

Վերնագիր 3. 24/7 ցանցը

 

Հոդված 35. 24/7 ցանցը

 

1. Կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է նշանակել համապատասխան պատասխանատու անձի, որը հասանելի կլինի շաբաթը յոթ օր, օրը քսանչորս ժամ, որպեսզի անհապաղ տրամադրի համակարգչային համակարգերին և տվյալների առնչվող քրեական հանցագործությունների հետաքննության, նախաքննության կամ վարույթի հետ առնչվող կամ քրեական հանցագործության վերաբերյալ տվյալների` էլեկտրոնային տեսքով ստացման հետ առնչվող աջակցություն: Այդ աջակցությունը պետք է ներառի հետևյալ միջոցառումների իրականացմանը նպաստելը կամ, եթե ներպետական օրենսդրությամբ և պրակտիկայով դա թույլատրված է, ապա` ուղղակիորեն իրականացնելը.

ա. տեխնիկական խորհրդատվության ապահովում,

բ. տվյալների պահպանում` 29-րդ և 30-րդ հոդվածների համաձայն,

գ. ապացույցների հավաքում, իրավական տեղեկատվության տրամադրում և կասկածյալների լոկալիզացումը:

2. ա. Կողմի պայմանագրային կետը պետք է հնարավորություն ունենա արագ կերպով հաղորդակցվելու այլ Կողմի պայմանագրային կետի հետ:

բ. Եթե Կողմի կողմից նշանակված պայմանագրային կետը չի հանդիսանում այդ Կողմի մարմին կամ մարմիններ, որը պատասխանատու է միջազգային փոխադարձ աջակցության կամ հանձնման համար, պայմանագրային կետը պետք է համոզված լինի, որ նա կարող է անհապաղ, արագ կերպով համագործակցել այդպիսի մարմնի կամ մարմինների հետ:

3. Ցանցի գործողությունը հեշտացնելու համար յուրաքանչյուր Կողմ պետք է համոզված լինի, որ անձնակազմը պատրաստված և ապահովված է սարքավորումներով:

 

Գ լ ու խ  IV

 

Եզրափակիչ դրույթներ

 

Հոդված 36. Ստորագրումը և ուժի մեջ մտնելը

 

1. Սույն Կոնվենցիան ստորագրման համար բաց է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների և ոչ անդամ այն պետությունների համար, որոնք մասնակցել են դրա մշակմանը:

2. Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման, ընդունման կամ հավանության: Վավերացման, ընդունման կամ հաստատման մասին փաստաթղթերը ի պահ են հանձնվում Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին:

3. Սույն Կոնվենցիան ուժի մեջ կմտնի 1-ին և 2-րդ կետերի դրույթների համաձայն Կոնվենցիայով պարտավորված լինելու մասին հինգ պետությունների կողմից, որոնցից առնվազն երեքը Եվրոպայի խորհրդի անդամ պետություններ են, համաձայնություն տրվելուց հետո` եռամսյա ժամկետը լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը:

4. Այն պետությունների համար, որոնք հետագայում համաձայնություն կհայտնեն Կոնվենցիայով պարտավորված լինելու մասին, Կոնվենցիան ուժի մեջ կմտնի 1-ին և 2-րդ կետերի դրույթների համաձայն Կոնվենցիայով կաշկանդված լինելու մասին համաձայնություն տալուց հետո` եռամսյա ժամկետը լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը:

 

Հոդված 37. Կոնվենցիային միանալը

 

1. Սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն Կոնվենցիայի մասնակից պետությունների հետ խորհրդակցելուց հետո և նրանց միաձայն համաձայնությունը ստանալուց հետո կարող է հրավիրել Եվրոպայի խորհրդի ոչ անդամ ցանկացած պետության, որը չի մասնակցել Կոնվենցիայի մշակմանը, միանալու սույն Կոնվենցիային: Որոշումը պետք է ընդունվի Եվրոպայի խորհրդի Կանոնադրության 20-րդ հոդվածի «դ» կետում սահմանված մեծամասնության և Կոմիտեի նիստում գտնվող Պայմանավորվող պետությունների ներկայացուցիչների միաձայն քվեարկությամբ:

2. Ցանկացած միացած պետության համար սույն Կոնվենցիան ուժի մեջ կմտնի Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին միանալու մասին փաստաթուղթը ի պահ հանձնելուց հետո` եռամսյա ժամկետը լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը:

 

Հոդված 38. Տարածքային կիրառում

 

1. Յուրաքանչյուր Պետություն կարող է ստորագրման կամ վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթը ի պահ հանձնելու ժամանակ նշել այն տարածքը կամ տարածքները, որոնց նկատմամբ կկիրառվի սույն Կոնվենցիան:

2. Ցանկացած Պետություն կարող է ավելի ուշ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ուղղված հայտարարությամբ սույն Կոնվենցիայի կիրառումը տարածել այդ հայտարարության մեջ նշված ցանկացած այլ տարածքի վրա: Այդ տարածքների առնչությամբ Կոնվենցիան ուժի մեջ կմտնի այդպիսի հայտարարությունը Գլխավոր քարտուղարի ստանալուց հետո` եռամսյա ժամկետը լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը:

3. Ցանկացած հայտարարություն, որը կատարվել է համաձայն նախորդ երկու կետերի, հայտարարությունում նշված ցանկացած տարածքի առնչությամբ կարող է հետ վերցվել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ուղղված ծանուցման միջոցով: Հետ վերցնելը ուժի մեջ կմտնի այդպիսի ծանուցումը Գլխավոր քարտուղարի ստանալուն հաջորդող երեք ամիսը լրանալուց հետո` եկող ամսվա առաջին օրը:

 

Հոդված 39. Կոնվենցիայի ազդեցությունը

 

1. Սույն Կոնվենցիայի նպատակն է լրացնել Կողմերի միջև կիրառվող բազմակողմ և երկկողմ պայմանագրերը կամ համաձայնագրերը` ներառյալ հետևյալների դրույթները.

- Հանձնման մասին եվրոպական Կոնվենցիա. ստորագրման համար բաց է Փարիզում` 1957 թ. դեկտեմբերի 13-ից (ETS N. 24),

- Քրեական գործերով փոխադարձ օգնության մասին եվրոպական Կոնվենցիա. ստորագրման համար բաց է Ստրասբուրգում` 1959 թ. ապրիլի 20-ից (ETS N. 30),

- Քրեական գործերով փոխադարձ օգնության մասին եվրոպական Կոնվենցիայի լրացուցիչ Արձանագրություն. ստորագրման համար բաց է Ստրասբուրգում` 1978 թ. մարտի 17-ից (ETS N. 99):

2. Եթե երկու կամ ավելի Կողմեր արդեն կնքել են համաձայնագիր կամ պայմանագիր Կոնվենցիայում նշված առարկայի վերաբերյալ կամ այլ կերպ հաստատել են իրենց հարաբերությունները այս առարկայի վերաբերյալ կամ պատրաստվում են այդ անել հետագայում, նրանք հնարավորություն կունենան կիրառելու այդ համաձայնագիրը կամ պայմանագիրը կամ, համապատասխանաբար, կարգավորելու իրենց հարաբերությունները: Այնուամենայնիվ, երբ Կողմերը հաստատում են իրենց հարաբերությունները սույն Կոնվենցիայի առարկայի վերաբերյալ այլ կերպ, քան դա կարգավորվում է դրանով, նրանք պետք է դա կատարեն այնպես, որ դա չհակասի Կոնվենցիայի նպատակներին և սկզբունքներին:

3. Ոչինչ սույն Կոնվենցիայում չպետք է ներազդի Կողմի այլ իրավունքների, սահմանափակումների, պարտավորությունների և պատասխանատվությունների վրա:

 

Հոդված 40. Հայտարարություններ

 

Ցանկացած Պետություն ստորագրման ժամանակ կամ վավերացման, միանալու, ընդունման, հաստատման փաստաթուղթը ի պահ հանձնելիս կարող է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ուղղված գրավոր ծանուցումով հայտարարել, որ ինքն օգտվում է լրացուցիչ տարրեր պահանջելու հնարավորությունից` համաձայն 2-րդ, 3-րդ, 6-րդ հոդվածների 1-ին, 7-րդ, 9-րդ, 3-րդ կետերի և 27-րդ հոդվածի 9.ե կետի:

 

Հոդված 41. Դաշնային պետություններին առնչվող դրույթներ

 

1. Դաշնային պետությունը կարող է իրավունք վերապահել` կատարելու այն պարտականությունները, որոնք նշված են սույն Կոնվենցիայի II գլխում, երբ դա համապատասխանում է նրա հիմնարար սկզբունքներին, որոնք կանոնակարգում են կենտրոնական կառավարության և դաշնության սուբյեկտների միջև կամ այլ նմանատիպ տարածքային հաստատությունների հետ փոխհարաբերությունները` ապահովելով III գլխում նշված համագործակցության հնարավորությունը:

2. 1-ին կետի համաձայն վերապահում կատարելիս դաշնային պետությունը չի կարող կիրառել վերապահման այնպիսի պայմաններ, որով բացառվում է կամ էապես նվազեցվում են II գլխում նշված միջոցները տրամադրելու նրա պարտականությունները: Ընդհանուր առմամբ, այդ միջոցներին համապատասխան, նա կապահովի իրավունքների լայն և արդյունավետ կիրառման հնարավորություն:

3. Դաշնային կառավարությունը պետք է տեղեկացնի այդ պետության սուբյեկտների իրավասու մարմիններին, որ նրանք ձեռնարկեն համապատասխան քայլեր Կոնվենցիայի այն դրույթների կատարման կապակցությամբ, որոնց կատարումը գտնվում է դաշնության սուբյեկտների կամ նմանատիպ տարածքային հաստատությունների իրավասության ներքո, բայց որոնք, ըստ դաշնության սահմանադրական համակարգերի, դաշնության սուբյեկտները պարտադրված չեն ձեռնարկել:

 

Հոդված 42. Վերապահումներ

 

Ցանկացած Պետություն ստորագրման կամ վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթը Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ի պահ հանձնելու ժամանակ կարող է հայտարարել, որ ինքը կատարում է մեկ կամ ավելի վերապահումներ՝ կապված 4-րդ հոդվածի 2-րդ կետի, 6-րդ հոդվածի 3-րդ կետի, 9-րդ հոդվածի 4-րդ կետի, 10-րդ հոդվածի 3-րդ կետի, 11-րդ հոդվածի 3-րդ կետի, 14 -րդ հոդվածի 3-րդ կետի, 22-րդ հոդվածի 2-րդ կետի, 29-րդ հոդվածի 4-րդ կետի և 41-րդ հոդվածի 1-ին կետի հետ: Այլ վերապահումներ չեն կարող արվել:

 

Հոդված 43. Վերապահումների կարգավիճակը և հետ վերցնելը

 

1. Կողմը, որը, համաձայն 42-րդ հոդվածի, վերապահում է անում, կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն հետ վերցնել այն Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ուղղված ծանուցման միջոցով: Հետ վերցնելը ուժի մեջ կմտնի այդպիսի ծանուցումը Գլխավոր քարտուղարի ստանալու օրվանից: Եթե ծանուցման մեջ նշված է վերապահումը հետ վերցնելու ուժի մեջ մտնելու օրը, և այդ օրը ավելի ուշ է, քան ծանուցումը Գլխավոր քարտուղարի ստանալու օրն է, հետ վերցնելը ուժի մեջ է մտնում ծանուցման մեջ նշված օրվանից:

2. Կողմը, որը, համաձայն 42-րդ հոդվածի, վերապահում է արել ամբողջությամբ կամ մասնակիորեն, հետ կվերցնի այն այնքան շուտ, ինչքան դա կթույլատրեն հանգամանքները:

3. Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը 42-րդ հոդվածի համաձայն մեկ կամ ավելի վերապահումներ արած Կողմերից պարբերաբար տեղեկանում է նման վերապահումները հետ վերցնելու հեռանկարների վերաբերյալ:

 

Հոդված 44. Փոփոխություններ

 

1. Յուրաքանչյուր Կողմ կարող է առաջարկել սույն Կոնվենցիայում փոփոխություններ կատարել, և այդ առաջարկությունը Եվրոպայի խորհրդի քարտուղարի կողմից պետք է փոխանցվի Եվրոպայի խորհրդի բոլոր անդամներին, յուրաքանչյուր ոչ անդամ պետության, որը մասնակցել է Կոնվենցիայի մշակման գործին, ինչպես նաև ցանկացած ոչ անդամ պետության, որը միացել է կամ հրավիրվել է` միանալու սույն Կոնվենցիային՝ համաձայն 37-րդ հոդվածի դրույթների:

2. Յուրաքանչյուր Կողմի կողմից առաջարկված փոփոխություն պետք է փոխանցվի Քրեական հարցերով եվրոպական կոմիտեին (CDPC), որը պետք է ներկայացնի այդ փոփոխության վերաբերյալ իր կարծիքը Նախարարների կոմիտեին:

3. Նախարարների կոմիտեն ուսումնասիրում է առաջարկված փոփոխությունն ու Քրեական հարցերով եվրոպական կոմիտեի ներկայացրած կարծիքը և Կոնվենցիայի մասնակից ոչ անդամ պետությունների հետ խորհրդակցելուց հետո կարող է ընդունել փոփոխությունը:

4. Համաձայն սույն հոդվածի 3-րդ պարբերության` Նախարարների կոմիտեի կողմից ընդունված ցանկացած փոփոխության տեքստ կփոխանցվի Կողմերին` ընդունելու համար:

5. Սույն հոդվածի 3-րդ կետի համաձայն ընդունված ցանկացած փոփոխություն ուժի մեջ կմտնի Գլխավոր քարտուղարին դրա ընդունման մասին բոլոր Կողմերին տեղեկացնելուց հետո` երեսուներորդ օրը:

 

Հոդված 45. Վեճերի լուծում

 

1. Եվրոպայի խորհրդի Քրեական հարցերով եվրոպական կոմիտեն (CDPC) կտեղեկացվի սույն Կոնվենցիայի կիրառման և մեկնաբանման մասին:

2. Սույն Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ Կողմերի միջև առաջացած տարաձայնությունների դեպքում նրանք կարող են դրանք կարգավորել բանակցությունների միջոցով կամ, իրենց ընտրությամբ, այլ խաղաղ միջոցներով` ներառյալ վեճը Քրեական հարցերով եվրոպական կոմիտե, արբիտրաժային դատարան փոխանցելը, որի որոշումը պարտադիր կլինի Կողմերի համար, կամ առնչվող Կողմերի կողմից համաձայնեցված` Միջազգային դատարան ներկայացնելը:

 

Հոդված 46. Կողմերի խորհրդակցությունները

 

1. Կողմերը անհրաժեշտության դեպքում պետք է պարբերաբար խորհրդակցեն, որպեսզի հեշտացվի.

ա. Կոնվենցիայի արդյունավետ օգտագործումը և կատարումը, ներառյալ ցանկացած խնդրի բացահայտումը, ինչպես նաև սույն Կոնվենցիայի վերաբերյալ ցանկացած հայտարարության կամ վերապահման ազդեցությունը,

բ. կիբեռհանցագործության հետ կապված կարևոր իրավական, ոստիկանական կամ տեխնոլոգիական զարգացումների վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը և էլեկտրոնային ձևով ապացույցների հավաքումը,

գ. Սույն Կոնվենցիայի հնարավոր լրացումների կամ փոփոխությունների վերաբերյալ քննարկումները:

2. Քրեական հարցերով եվրոպական կոմիտեն (CDPC) պարբերաբար կտեղեկացվի 1-ին կետում նշված խորհրդակցությունների արդյունքների վերաբերյալ:

3. Քրեական հարցերով եվրոպական կոմիտեն (CDPC) անհրաժեշտության դեպքում կհեշտացնի 1-ին կետում նշված խորհրդակցությունները և կձեռնարկի անհրաժեշտ քայլեր` աջակցելու համար Կողմերին Կոնվենցիայի մեջ լրացումներ կամ փոփոխություններ կատարելու գործում: Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո առնվազն երեք տարի Քրեական հարցերով եվրոպական կոմիտեն (CDPC) կհամագործակցի Կողմերի հետ, որպեսզի Կոնվենցիայի բոլոր դրույթները վերանայվեն, և անհրաժեշտության դեպքում կառաջարկի Կոնվենցիայի մեջ համապատասխան փոփոխություններ կատարել:

4. Բացի այն դեպքերից, երբ Եվրոպայի խորհուրդը ծախսերը վերցնում է իր վրա, կապված 1-ին կետում նշված դրույթների կատարման հետ, Կողմերը այսպիսի ծախսերը անում են ինքնուրույն` իրենց սահմանած կարգով:

5. Եվրոպայի խորհրդի քարտուղարությունը Կողմերին կաջակցի սույն հոդվածում նշված նրանց գործառույթների կատարման գործում:

 

Հոդված 47. Դադարեցում

 

1. Ցանկացած Կողմ կարող է ցանկացած ժամանակ դադարեցնել սույն Կոնվենցիան՝ այդ մասին ծանուցելով Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին:

2. Այդպիսի դադարեցումը ուժի մեջ կմտնի այդպիսի ծանուցումը Գլխավոր քարտուղարի ստանալուց հետո` եռամսյա ժամկետը լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը:

 

Հոդված 48. Ծանուցում

 

Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը կծանուցի Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին, ոչ անդամ պետություններին, որոնք մասնակցել են Կոնվենցիայի մշակմանը, ինչպես նաև ցանկացած պետության, որը միացել է կամ հրավիրվել է` միանալու սույն Կոնվենցիային`

ա. ցանկացած ստորագրման մասին,

բ. վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու վերաբերյալ ցանկացած փաստաթուղթ ի պահ հանձնելու մասին,

գ. 36-րդ և 37-րդ հոդվածների համաձայն` սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու ցանկացած օրվա մասին,

դ. 40-րդ հոդվածի համաձայն` ցանկացած հայտարարության, 42-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր վերապահման մասին,

ե. սույն Կոնվենցիային առնչվող ցանկացած այլ փաստաթղթի, ծանուցման կամ հաղորդակցության մասին:

Ի հավաստումն որի՝ ներքոստորագրյալները, լինելով պատշաճ կերպով լիազորված, ստորագրեցին սույն Կոնվենցիան:

Կատարված է Բուդապեշտում, 2001 թվականի նոյեմբերի 23-ին, մեկ օրինակով, անգլերեն և ֆրանսերեն. երկու տեքստերն էլ հավասարազոր են, որոնք ի պահ են հանձնվելու Եվրոպայի խորհրդի արխիվներին: Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը հաստատված պատճենները կուղարկի Եվրոպայի խորհրդի յուրաքանչյուր անդամ պետության, ոչ անդամ պետություններին, որոնք մասնակցել են սույն Կոնվենցիայի մշակմանը, ցանկացած այլ պետության, որը հրավիրվել է` միանալու սույն Կոնվենցիային:

 

Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2007 թ. փետրվարի 1-ին: