Գլխավոր տեղեկություն
Համար
N 1561-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.01.2004-21.12.2006)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.12.24/62(297) Հոդ.1246
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.11.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.12.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
08.12.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.01.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
23.06.2018

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 դեկտեմբերի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 նոյեմբերի 2003 թվականի N 1561-Ն

 

ՀՍԿԻՉ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԵՎ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 11-ի N 502 որոշման 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել հսկիչ գնումների ֆինանսական աղբյուրների և ձեռք բերված ապրանքների տնօրինման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2003 թ. դեկտեմբերի 5
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
նոյեմբերի 27-ի N 1561-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀՍԿԻՉ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԵՎ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կողմից (այսուհետ` ծառայություն) հարկվող օբյեկտների ու հարկային պարտավորությունների հաշվարկմանը (գնահատմանը) ուղղված հսկիչ գնումների ֆինանսական աղբյուրների և ձեռք բերված ապրանքների տնօրինման գործընթացը:

2. Սույն կարգի դրույթները չեն տարածվում հարկային մարմինների կողմից ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջոցով իրականացվող հսկիչ գնումների վրա:

 

II. ՀՍԿԻՉ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

 

3. Կանխիկ հսկիչ գնում կատարելու համար անհրաժեշտ դրամական միջոցների գոյացման աղբյուր են`

ա) Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով այդ նպատակի համար նախատեսված միջոցները.

բ) ծառայության նյութական խրախուսման և սոցիալական զարգացման ֆոնդի միջոցները:

4. Ծառայության պետի, ծառայության պետի տեղակալների, համապատասխան գործառույթներ իրականացնելու իրավասություն ունեցող վարչության պետի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի, տարածքային հարկային տեսչության պետի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի կողմից (այսուհետ` հարկային մարմնի ղեկավար) յուրաքանչյուր հսկիչ գնում կատարելու համար տրված գրավոր հանձնարարագրի և այդ հանձնարարագրին համապատասխան ապրանքների քանակի ու պահանջվող գումարի հաշվարկի հիման վրա ծառայության պետին է ներկայացվում միջնորդագիր` հսկիչ գնում կատարելու նպատակով անհրաժեշտ դրամական միջոցների հատկացման համար:

5. Հսկիչ գնում կատարելու համար անհրաժեշտ դրամական միջոցները հատկացվում են ծառայության պետի գրավոր թույլտվությամբ` ծառայության ֆինանսահաշվային կառուցվածքային ստորաբաժանման կողմից:

6. Հսկիչ գնման համար անհրաժեշտ դրամական միջոցներ ստանալու համար հարկային մարմնի ղեկավարի կողմից ծառայության ֆինանսահաշվային կառուցվածքային ստորաբաժանում են ներկայացվում միջնորդագիրը` ծառայության պետի թույլտվությամբ, հանձնարարագրի պատճենը, հսկիչ գնում կատարելու համար գումար ստացողի անունը, ազգանունը և պաշտոնը:

 

III. ՀՍԿԻՉ ԳՆՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՈՒՄԸ ԵՎ ՀԵՏԱԳԱ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

7. Հսկիչ գնումն ավարտելուց հետո մեկօրյա ժամկետում հսկիչ գնում կատարած հարկային ծառայողը (հսկիչ գնում կատարելու համար գումար ստացող անձը) ծառայության աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է զեկուցագիր հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքները ծառայության պահեստ ի պահ հանձնելու մասին` կցելով նաև հաշվետվություն հսկիչ գնում կատարելու համար ստացված գումարների ծախսման վերաբերյալ: Ի պահ հանձնված ապրանքները տնօրինվում են ծառայության նյութական խրախուսման և սոցիալական զարգացման ֆոնդի միջոցների բաշխման և օգտագործման հանձնաժողովի կողմից (այսուհետ` հանձնաժողով): Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցներով հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքները հանձնաժողովի կողմից հանձնվում են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի տնօրինմանը:

8. Հարկային մարմնի պաշտոնատար անձի կողմից հսկիչ գնում կատարելու պահից հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքները (բացառությամբ հանրային սննդի օբյեկտներում հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքների անմիջական սպառման դեպքերի) անցնում են ծառայության տնօրինմանը: Ծառայության նյութական խրախուսման և սոցիալական զարգացման ֆոնդի միջոցներով հսկիչ գնմամբ ձեռք բերված շուտ փչացող ապրանքները հանձնաժողովի կողմից բաժանվում են ծառայության համակարգի աշխատողներին` որպես օգնություն:

9. Սույն կարգի 8-րդ կետում նշված օգնության բաժանումն իրականացվում է ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների կողմից ներկայացված իրենց կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողների կարիքավորության մասին նախնական հայտերի հիման վրա` հանձնաժողովի կողմից կազմված ժամանակացույցով:

 

IV. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

10. Մինչև Հայաստանի Հանրապետության համապատասխան տարվա պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում հսկիչ գնումներ կատարելու նպատակով գումարների հատկացումը հսկիչ գնումներ կատարվում են ծառայության նյութական խրախուսման և սոցիալական զարգացման ֆոնդի միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան