Գլխավոր տեղեկություն
Համար
N 1532-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.12.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.08.17/52(424) Հոդ.1211
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.11.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.12.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
06.12.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.12.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
6 դեկտեմբերի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 նոյեմբերի 2003 թվականի N 1532-Ն

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի «զ» կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Սահմանել քաղաքացիական պաշտպանության կազմավորումների ստեղծման, նախապատրաստման և գործունեության կարգը՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. դեկտեմբերի 2
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
նոյեմբերի 13-ի N 1532-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված քաղաքացիական պաշտպանության կազմավորումների (այսուհետ՝ կազմավորումներ) ստեղծումը, նախապատրաստումը և գործունեությունը:

 

II. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ

 

2. Կազմավորումները, անհրաժեշտության դեպքում, ստեղծվում են համայնքներում, կազմակերպություններում՝ համապատասխան քաղաքացիական պաշտպանության պետերի որոշումներով:

Կազմավորումները նախատեսված են փրկարարական և վթարավերականգնողական աշխատանքների կատարման համար:

3. Կազմավորումները լինում են՝

ա) փրկարարական՝ խոցման օջախներում և արտակարգ իրավիճակներում փրկարարական ու վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու համար.

բ) հետախուզական՝ ջրածածկման գոտիներում, զանգվածային հրդեհների շրջանում, բնակավայրերում և տեղաշարժման երթուղիներում մասնագիտացված հետախուզություն իրականացնելու համար.

գ) մեքենայացված աշխատանքների՝ փրկարարական աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու համար.

դ) ճառագայթային և քիմիական դիտարկման՝ ճառագայթային, քիմիական և մանրէաբանական իրավիճակները դիտարկելու համար.

ե) կապի՝ կապի ապահովման և կապի գծերում, ցանցերում ու կառույցներում անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու համար.

զ) բժշկական՝ հրատապ նախաբժշկական, հրատապ բժշկական, շտապ բուժօգնություն, մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու, խոցման օջախներում սանիտարահամաճարակային, մանրէաբանական հետախուզություն, համաճարակային ու սանիտարահիգիենիկ միջոցառումներ անցկացնելու համար.

է) հակահրդեհային՝ հրդեհների կանխարգելման և հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու համար.

ը) ինժեներական՝ ինժեներական հետախուզության, վթարափրկարարական և այլ անհետաձգելի աշխատանքների անվտանգության ապահովման նպատակով պայթեցման, ինչպես նաև պաշտպանական կառույցների շինարարության ու շահագործման աշխատանքներ կատարելու համար.

թ) վթարատեխնիկական՝ խոցման օջախում, կոմունալ, էներգետիկ ցանցերում և շինություններում վթարային տեխնիկական աշխատանքներ կատարելու համար.

ժ) հասարակական կարգի պահպանման՝ բնակավայրերում, կազմակերպություններում, տարահանման հավաքակայաններում և տեղաբաշխման վայրերում ու տրանսպորտային երթուղիներում հասարակական կարգի պահպանություն իրականացնելու համար.

ժա) հասարակական սննդի մատակարարման՝ փրկարարական, վթարավերականգնողական, հատուկ մասնագիտացված և այլ անհետաձգելի աշխատանքներ իրականացնող կազմավորումների անձնակազմերին, ինչպես նաև տուժած բնակչությանը սննդով ապահովելու համար.

ժբ) վառելիքի լցավորման շարժական՝ փրկարարական, վթարավերականգնողական, մասնագիտացված և այլ անհետաձգելի աշխատանքներ կատարող կազմավորումների ավտոտրանսպորտային ու այլ տեխնիկական միջոցները վառելիքաքսուքային նյութերով ապահովելու համար.

ժգ) ջրամատակարարման և ջրալցավորման կետերի սպասարկման՝ փրկարարական, վթարավերականգնողական և այլ անհետաձգելի աշխատանքներ կատարող կազմավորումների անձնակազմերին ու տուժած բնակչությանը ջրով ապահովելու համար.

ժդ) տեխնիկայի վերանորոգման և տարահանման շարժական՝ դաշտային պայմաններում տեխնիկայի վերանորոգման և տարահանման աշխատանքներ կատարելու համար.

ժե) գյուղատնտեսական կենդանիների պաշտպանության՝ անասնաբուժական հետախուզության, վարակված կենդանիների անասնաբուժական մշակման, կենդանիների, անասնակերի և ջրի աղբյուրների պաշտպանության, սննդի ու անասնակերի վարակազերծման, ինչպես նաև անասնաբուժական – սանիտարական կանխարգելիչ և կարանտինային միջոցառումներ իրականացնելու համար.

ժզ) գյուղատնտեսական բույսերի, անտառների պաշտպանության՝ ֆիտոպաթոլոգիական և էնտոմոլոգիական հետախուզության, գյուղատնտեսական բույսերի ու բերքի պաշտպանության, դաշտերի և անտառների վարակազերծման աշխատանքներ իրականացնելու համար.

ժէ) ապաակտիվացման, գազազերծման և սանիտարական մշակման՝ ճառագայթային աղտոտումների, քիմիական և մանրէաբանական վարակվածության օջախների չեզոքացման, տարածքների, տեխնիկայի և հանդերձանքի ապաակտիվացման, ապագազացման, ախտահանման ու մարդկանց սանիտարական մշակման (դեզինֆեկցիոն) միջոցառումներ իրականացնելու համար.

ժը) ավտոտրանսպորտային՝ բնակչության տարահանման, նյութական և մշակութային արժեքների ու նյութատեխնիկական միջոցները տեղափոխելու համար.

ժթ) բնակչության հատուկ սպասարկումների՝ բնակչության շրջանում անվերադարձ կորուստների հաշվառման և դիակների հուղարկավորման աշխատանքներ կատարելու համար:

4. Կազմավորումների տեսակները, թիվը, կազմակերպական կառուցվածքը և հագեցվածության (ապահովման) նորմերը մշակում ու հաստատում են կազմավորումներ ստեղծող քաղաքացիական պաշտպանության պետերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով համաձայնեցնելով քաղաքացիական պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի (այսուհետ՝ լիազոր մարմին) հետ:

5. Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում գործելու պլաններով անհրաժեշտ կազմավորումների խմբավորման հաշվարկները որոշում ու հաստատում է լիազոր մարմնի ղեկավարը՝ դրանք համաձայնեցնելով շահագրգիռ մարմինների ղեկավարների, իսկ առանձին դեպքերում՝ նաև հատուկ կարևորագույն նշանակության օբյեկտների ղեկավարների հետ:

6. Կազմավորումների ապահովումը հատուկ տեխնիկայով և տրանսպորտային միջոցներով իրականացվում է՝

ա) պետական մարմիններին պատկանող տեխնիկական միջոցներով.

բ) համայնքին, կազմակերպությանը և ֆիզիկական անձին պատկանող տեխնիկական միջոցներով՝ պայմանագրային հիմունքներով՝ բացառությամբ ռազմական դրության ժամանակ միջոցառումների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության զինված ուժերին և այլ զորքերին ամրագրված տեխնիկական միջոցների:

7. Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման, արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացման աշխատանքների կատարման ժամանակ, ինչպես նաև հատուկ տակտիկական ուսումնավարժությունների ընթացքում կազմավորումների ապահովումը սննդով կարող է իրականացվել՝

ա) համայնքի, կազմակերպության տարածքում գործելու դեպքում՝ համայնքի և կազմակերպության միջոցներով.

բ) մի քանի համայնքի կամ կազմակերպության տարածքներում գործելու դեպքում՝ այդ համայնքների և կազմակերպությունների միջոցներով՝ պայմանագրային հիմունքներով:

8. Կազմավորումների հաշվառումը կատարվում է լիազոր մարմնի տարածքային ստորաբաժանումներում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

9. Կազմավորումների պատրաստվածության վիճակը գնահատվում է քաղաքացիական պաշտպանության ուսումնավարժությունների ընթացքում՝ այդ ուսումնավարժություններին կազմավորումների ընդգրկմամբ և ամեն տարի ուսումնական տարվա վերջում հատուկ տակտիկական ուսումնավարժության անցկացմամբ:

10. Կազմավորումների պատրաստության վիճակի պլանային և արտապլանային ստուգումներ կարող են իրականացնել՝

ա) լիազոր մարմնի ղեկավարը կամ նրա կողմից լիազորված այլ պաշտոնատար անձինք՝ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում.

բ) պետական կառավարման հանրապետական մարմինների ղեկավարները՝ իրենց ենթակա կազմակերպություններում.

գ) մարզում (Երևան քաղաքում)՝ մարզպետը (Երևանի քաղաքապետը)՝ մարզի (Երևան քաղաքի) տարածքում.

դ) համայնքներում և կազմակերպություններում՝ համապատասխան համայնքի, կազմակերպության ղեկավարը՝ տվյալ համայնքում, կազմակերպությունում.

ե) Հայաստանի Հանրապետության Նախագահի և Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ՝ այլ պաշտոնատար անձինք:

 

III. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻ (ՊԵՏԵՐԻ) ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

11. Կազմավորումների հրամանատարները (պետերը)՝

ա) պլանավորում են կազմավորումների կողմից իրականացվող քաղաքացիական պաշտպանության միջոցառումները և ապահովում դրանց իրականացումը.

բ) սահմանում են կազմավորումների անձնակազմի պարտականությունները.

գ) կազմակերպում և ապահովում են կազմավորումների անձնակազմերի պատրաստումը.

դ) ապահովում են կազմավորումների պատրաստականության բերելու միջոցառումների իրականացումը.

ե) ղեկավարում են խոցման օջախներում փրկարարական և վթարավերականգնողական աշխատանքների իրականացումը.

զ) ապահովում են այլ կազմավորումների հետ փոխգործողությունների կազմակերպումը.

է) կազմակերպում են կազմավորումների նյութատեխնիկական միջոցներով ապահովումը:

 

IV. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

 

12. Արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերով կազմավորումների հրամանատարների (պետերի) ու անձնակազմերի պատրաստումը և ուսուցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի «Արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստման և բնակչության ուսուցման կարգը սահմանելու մասին» N 134-Ն որոշման համաձայն:

 

V. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

13. Կազմավորումների գործունեությունն իրականացվում է միանձնյա ղեկավարման սկզբունքով՝ համագործակցելով քաղաքացիական պաշտպանության միջոցառումներում ընդգրկված կառավարման մարմինների, կազմակերպությունների և այլ ուժերի հետ:

14. Կազմակերպությունների կազմավորումները գործում են տվյալ կազմակերպության տարածքում, իսկ մարզի (Երևան քաղաքի), համայնքի քաղաքացիական պաշտպանության պետի որոշմամբ և կազմակերպության քաղաքացիական պաշտպանության պետի համաձայնությամբ՝ նաև այլ վայրերում:

15. Համայնքային կազմավորումերը գործում են տվյալ համայնքի տարածքում և մարզի (Երևան քաղաքի) այլ համայնքների տարածքում՝ համապատասխան մարզպետի (Երևանի քաղաքապետի) որոշմամբ:

16. Կազմավորումները պատրաստականության են բերվում տվյալ կազմակերպության ղեկավարի կողմից՝ քաղաքացիական պաշտպանության համակարգը լիակատար պատրաստության բերելու դեպքում, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում:

Կազմավորումների անձնակազմերի ազդարարումն ու հավաքն իրականացվում են համապատասխան քաղաքացիական պաշտպանության պետերի կողմից հաստատված՝ ազդարարման և հավաքի սխեմայի համաձայն:

17. Կազմավորումների պատրաստականությունն ապահովում են քաղաքացիական պաշտպանության պետերը, նրանց շտաբները, ծառայությունները, ինչպես նաև կազմավորումների հրամանատարները (պետերը):

18. Կազմավորումների երթը քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման վայրեր կազմակերպում և անձամբ ղեկավարում են համապատասխան քաղաքացիական պաշտպանության պետերը:

19. Կազմավորումները գործում են քաղաքացիական պաշտպանության ուժերի խմբավորումների կազմում՝ առաջին և երկրորդ էշելոնում կամ պահեստային ուժերում: Կազմավորումները կարող են գործել նաև առանձին՝ պահպանելով կազմակերպական կառուցվածքը:

20. Փրկարարական աշխատանքների ընթացքում կազմավորումների հրամանատարները (պետերը) համագործակցում են քաղաքացիական պաշտպանության զորքերի և այդ աշխատանքներում ընդգրկված այլ ուժերի ու ստորաբաժանումների հետ:

 

VI. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

 

21. Կազմավորումների ընդհանուր ղեկավարումն իրականացնում են կազմավորումներ ստեղծող տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների ղեկավարները:

22. Կազմավորումների ամենօրյա ղեկավարումն իրականացնում են կազմավորումների հրամանատարները (պետերը):

23. Կազմավորումների հրամանատարները (պետերը) նշանակվում և ազատվում են համապատասխան քաղաքացիական պաշտպանության պետի հրամանով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան