Գլխավոր տեղեկություն
Համար
N 1012-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.09.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.09.03/45(280) Հոդ.829
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.08.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.08.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
21.08.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.09.2003

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

21 օգոստոսի 2003 թ.

 

Հայաստանի Հանրապետության կառավարություն

 

ո ր ո շ ու մ

 

14 օգոստոսի 2003 թվականի N 1012-Ն

 

ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 121-րդ հոդվածի 5-րդ մասի 9-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել հիդրոտեխնիկական կառուցվածքների օգտագործման և անվտանգության ապահովման իրականացման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. Մարգարյան


2003 թ. օգոստոսի 21
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
օգոստոսի 14-ի N 1012-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող և վթարի դեպքում արտակարգ իրավիճակ առաջացնող հիդրոտեխնիկական կառուցվածքների (այսուհետ՝ ՀՏԿ) օգտագործման և անվտանգության ապահովման գործընթացները:

2. ՀՏԿ-ների օգտագործման և անվտանգության ապահովման գործընթացների մշակման ելակետային տվյալներ են հանդիսացել Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 82-րդ հոդվածով ՀՏԿ-ների անվտանգությանը ներկայացվող պահանջները, ջրային համակարգերի օգտագործման թույլտվություններն ու ՀՏԿ-ների անվտանգության հայտարարագրերը:

3. ՀՏԿ-ներն օգտագործող կազմակերպությունն ու սեփականատերը, ելնելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի պահանջներից, մշակում և հաստատում են ՀՏԿ-ի անվտանգ օգտագործման աշխատանքային հրահանգներ, ելնելով տվյալ կառուցվածքի կարգից, օգտագործման տեխնիկական առանձնահատկություններից, և հրամանագրվում են օգտագործող կազմակերպության ղեկավարի կամ սեփականատիրոջ կողմից:

4. ՀՏԿ-ի օգտագործման և անվտանգության ապահովման նպատակով ջրային համակարգերի կառավարման մարմինը՝

4.1. ՀՏԿ-ի անվտանգության ապահովման նպատակով`

ա) գնահատում է ՀՏԿ-ի համար թույլատրելի ռիսկի աստիճանը,

բ) որոշում է ՀՏԿ-ի անվտանգության ցուցանիշները,

գ) վերահսկում է ՀՏԿ-ի օգտագործման կանոնների պահպանումը,

դ) ապահովում է հիդրոհանգույցի կահավորումն ազդարարման և կապի միջոցներով.

4.2. ՀՏԿ-ի օգտագործման անվտանգության ապահովման նպատակով`

ա) սահմանում է ՀՏԿ-ի օգտագործման առանձնահատկությունները,

բ) ապահովում է ՀՏԿ-ի շահագործման անընդհատությունը,

գ) կատարում է ՀՏԿ-ի տեխնիկական վիճակի ուսումնասիրություններ՝ անվտանգության հայտարարագրով և իր կողմից սահմանված ժամկետներում,

դ) ապահովում և վերահսկում է ՀՏԿ-ի՝ տեղեկատվական, կարգավորիչ և չափիչ-հսկիչ սարքերով հագեցվածությունն ու տեխնիկական վիճակը,

ե) մշակում է բնապահպանական միջոցառումների պլան-ժամանակացույց և սահմանված կարգով համաձայնեցնելուց հետո վերահսկում դրա իրականացումը,

զ) ապահովում է ՀՏԿ-ների անվտանգության հայտարարագրով օգտագործող կազմակերպության աշխատակազմի որակավորմանը ներկայացվող պահանջները,

է) կազմակերպում է անօտարելի գոտիների իրացումը՝ տեխնիկական նորմերին համապատասխան:

Հաստատագրված ցուցանիշները ՀՏԿ-ի օգտագործման ժամանակ հիմք են ծառայում օգտագործող կազմակերպության անձնակազմի պարտականություններն ու գործառույթներն ամրագրելու համար:

 

II. ՀՏԿ-Ի ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ՝ ԸՍՏ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ

 

5. Հաշվի առնելով ՀՏԿ-ների ռիսկի աստիճանները, անվտանգության պահանջները և օգտագործման առանձնահատկությունները՝ ՀՏԿ-ն օգտագործող կազմակերպության և սեփականատիրոջ կողմից, բացի սույն կարգի 4-րդ կետով նախատեսված միջոցառումներից, ստորև նշված կառուցվածքների համար լրացուցիչ իրականացվում են հետևյալ աշխատանքները՝

5.1. ջրամբարներ՝

ա) վերահսկվում է պատվարի և հիդրոհանգույցի ՀՏԿ-ների պարամետրերի համապատասխանությունը տարածքի համար նորմերով սահմանված սեյսմիկության գնահատականին,

բ) առավելագույն ելքերի անցման ժամանակահատվածում վերահսկվում է աղետային ջրհեռ կառուցվածքների աշխատանքը,

գ) վերահսկվում է պիեզոմետրիկ սարքերի աշխատանքը և ապահովվում դրանց կանոնավոր օգտագործումը,

դ) ստուգվում է հատակային ջրթող կառուցվածքների, կարգավորիչ և վթարային սարքերի աշխատունակությունը,

ե) վերահսկվում են ջրամբարի թասից ու պատվարի մարմնից ֆիլտրացիոն երևույթների հնարավոր օջախները, և գնահատվում է դրանց վտանգավոր ազդեցությունը շրջակա միջավայրի վրա,

զ) վերահսկվում են պատվարի կամ ջրամբարի շեպերի վրա սողքային երևույթների հնարավոր օջախները,

է) վերահսկվում և կանխարգելվում է ջրամբարի ներքին բիեֆի անօրինական կառուցապատումը.

5.2. ջրառ կառուցվածքներ՝

ա) վերահսկվում է հեղեղային ջրհեռ կառուցվածքներով գետի առավելագույն ելքերի անցման գործընթացը,

բ) ստուգվում է հիդրոհանգույցի կարգավորիչ և վթարային փականների տեխնիկական վիճակը.

գ) պարբերաբար իրականացվում են միջոցառումներ՝ հիդրոհանգույցի վերին բիեֆի մաքրման և ներքին բիեֆի ամրացման համար,

դ) վերահսկվում և կանխարգելվում է ջրառ կառուցվածքի ներքին բիեֆի անօրինական կառուցապատումը.

5.3. պոմպակայաններ՝

ա) նախատեսվում են միջոցառումներ՝ պոմպակայանի շենքը հրդեհից պաշտպանելու և սանիտարահիգիենիկ նորմերի պահանջների կատարումն ապահովելու համար,

բ) պոմպակայանի շենքը, բացի աշխատանքայինից, ապահովվում է վթարային լուսավորմամբ,

գ) ձեռնարկվում են միջոցներ՝ պոմպակայանի մեքենայական սրահը ջրածածկումից պաշտպանելու համար,

դ) ապահովվում է պոմպակայանի կարգավորիչ ու փակիչ սարքերի և փականների բնականոն աշխատանքային վիճակը,

ե) պոմպերի, էլեկտրաշարժիչների ու վերամբարձ սարքերի աշխատանքի և դրանց վերանորոգման ժամանակ ապահովվում է պոմպակայանի օգտագործող անձնակազմի անվտանգությունը,

զ) պոմպակայանն ապահովվում է կապի միջոցներով.

5.4. ջրանցքներ՝

ա) սահմանվում է հսկողություն ջրանցքի սարալանջային հատվածներում, և դիտարկվում են հնարավոր ֆիլտրացիոն երևույթները,

բ) բնակավայրերով անցնող ջրանցքի հատվածներն ապահովվում են ցանկապատերով,

գ) մշակվում են միջոցառումներ՝ ջրանցքներում դիմհարի երևույթները և հնարավոր ջրածածկման առաջացումը կանխարգելելու համար,

դ) վերահսկվում է ջրանցքի կարգավորիչ ու վթարային փականների աշխատանքը, և ապահովվում է դրանց բնականոն աշխատանքային վիճակը,

ե) խոր և շեպերի մեծ թեքություն ունեցող ջրանցքներում մաքրման և վերանորոգման աշխատանքներ կատարելիս՝ ձեռնարկվում են միջոցներ անձնակազմի անվտանգությունն ապահովելու համար.

5.5. թունելներ՝

ա) վերահսկվում է թունելի երեսապատման կոնստրուկցիայի տեխնիկական վիճակը՝ դեֆորմացիոն, էրոզիոն և ֆիլտրացիոն երևույթները‚ սահմանված մեթոդներով ու սարքերով,

բ) վերահսկվում են թունելի մուտքամասն ու ելքամասը բերվածքներից ու քարաթափվածքներից մաքրելու աշխատանքները,

գ) թունելում զոդման աշխատանքների կատարումը թույլատրվում է թունելախորշում գազայնության աստիճանը որոշելուց հետո,

դ) թունելում գործող անձնակազմը պարտադիր ծանոթանում է թունելի շահագործման անվտանգության կանոններին,

ե) վերանորոգման աշխատանքներ կատարելիս՝ թունելը ժամանակավորապես ապահովվում է կապի և լուսավորության միջոցներով,

զ) շինարարության ժամանակ օգտագործված օժանդակ հանքուղիներն ու հանքամիջանցքներն աշխատանքների ավարտից հետո հերմետիկ փակվում են,

է) թունելը կահավորվում է պայմանական ազդանշաններով:

 

III. ՀՏԿ-Ի ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

6. ՀՏԿ-ի անվտանգության ապահովման միջոցառումներն իրականացվում են ՀՏԿ-ի օգտագործման համար գործող տեխնիկական նորմերին, դրանց անվտանգ օգտագործման աշխատանքային հրահանգներին և սույն կարգի դրույթներին համապատասխան:

7. ՀՏԿ-ի անվտանգության ապահովման նպատակով՝ կարգով և պայմանագրով նախատեսված տեխնիկական միջոցառումների իրականացման համար պատասխանատու է ՀՏԿ-ն օգտագործող կազմակերպության ղեկավարը կամ սեփականատերը՝ Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 60-րդ հոդվածի 4-րդ և 83-րդ հոդվածի 1-ին կետերի համաձայն:

8. ՀՏԿ-ի օգտագործման և անվտանգության ապահովման գործընթացի տեխնիկական վերահսկումն իրականացվում է ջրային համակարգերի օգտագործման և պահպանության տեխնիկական գերատեսչական հանձնաժողովի կողմից՝ ջրային համակարգերի կառավարման մարմնի կողմից սահմանված ժամանակացույցի համաձայն:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ
Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան