Գլխավոր տեղեկություն
Համար
N 789-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.07.2003-16.02.2006)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.07.23/38(273) Հոդ.681
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.06.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.07.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
07.07.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.07.2003

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

7 հուլիսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հունիսի 2003 թվականի N 789-Ն

 

«ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության «Համակարգչային կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Համակարգչային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության:

«Համակարգչային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության«Համակարգչային կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության իրավահաջորդն է` փոխանցման ակտի համաձայն:

2. Սահմանել, որ`

ա) «Համակարգչային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական առարկան ու նպատակներն են`

Ադրբեջանի Հանրապետությունից բռնի տեղահանված ազգաբնակչության, Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց, Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջաններից պատերազմական գործողությունների հետևանքով տեղահանված անձանց ու Հայաստանի Հանրապետության բնակչության այլ միգրացիոն հոսքերի մասին տվյալների հավաքագրման հիման վրա անձնավորված տեղեկություններ պարունակող քարտադարանների (արխիվների) և համակարգչային տեղեկատվական շտեմարանների (բազա) ստեղծումն ու վարումը, դրանց կառավարման համակարգչային ծրագրային միջոցների ձեռքբերումը, մշակումը, տեղայնացումը, ներդաշնակեցումն ու ներդրումը, պարբերականների, տեղեկագրերի, ժողովածուների և տեղեկատվական նյութերի հրապարակումն ու տեղեկատվության` տարբեր տեսակի կրիչների միջոցով տարածումը,

ստեղծված տեղեկատվական ռեսուրսների հիման վրա` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական մարմիններին, հասարակական և միջազգային կազմակերպություններին պահանջվող տեղեկությունների տրամադրումը,

տեղեկատվության փոխանակման նպատակով արտաքին տեղեկատվական ցանցերի հետ փոխգործակցության կազմակերպումը.

բ) «Համակարգչային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը կարող է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

հրատարակչական գործ (ոլորտին վերաբերող տեղեկատվական նյութերի` գրքերի, բրոշյուրների, բուկլետների և համանման հրատարակումների, քարտեզների ու ատլասների հրատարակում),

համակարգչային դասընթացների կազմակերպում,

տվյալների հիմնապահեստների (բազաների) հետ կապված գործունեություն:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության «Համակարգչային կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության տնօրինության` պետական սեփականություն հանդիսացող` 5 մլն 614 հազար դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնել «Համակարգչային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

4. «Համակարգչային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի երկրորդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով ու 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչությանը:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության պետին` մեկամսյա ժամկետում հաստատել`

ա) «Համակարգչային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և ամրացվող գույքի կազմը.

բ) «Համակարգչային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը և այն սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. հուլիսի 1
Երևան