Գլխավոր տեղեկություն
Տիպ
Կոնվենցիա
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.05.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԺՏ 1996/1-2
Ընդունող մարմին
Միավորված Ազգերի Կազմակերպություն (ՄԱԿ)
Ընդունման ամսաթիվ
26.06.1978
Ստորագրման ամսաթիվ
26.06.1978
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.05.2006

Կ Ո Ն Վ Ե Ն Ց Ի Ա

Աշխատանքի հարցերի կարգավորման` դերի, գործառույթների, կազմակերպման մասին

Աշխատանքի միջազգային կազմակերպության Գլխավոր խորհրդաժողովը,

գումարված Աշխատանքի միջազգային բյուրոյի Վարչական խորհրդի կողմից և հավաքված Ժնևում 1978 թ. հունիսի 7-ին` իր վաթսունչորսերորդ նստաշրջանին,

նշելով աշխատանքի ոլորտում առկա միջազգային կոնվենցիաների և հանձնարարականների դրույթները, մասնավորապես, Աշխատանքի տեսչության մասին 1947 թվականի կոնվենցիան, յուղատնտեսության մեջ աշխատանքի տեսչության մասին 1969 թվականի կոնվենցիան, Զբաղվածության ծառայության կազմակերպման մասին 1948 թվականի կոնվենցիան, որոնք նախատեսում են աշխատանքի հարցերի կարգավորմանը վերաբերող հատուկ գործունեության իրականացում,

ցանկալի համարելով ընդունել աշխատանքի հարցերի կարգավորման ամբողջ համակարգին վերաբերող ղեկավար սկզբունքներ սահմանող ակտեր,

հիշեցնելով Զբաղվածության ոլորտում քաղաքականության մասին 1964 թվականի կոնվենցիայի և Մարդկային ռեսուրսների զարգացման մասին 1975 թվականի կոնվենցիայի դրույթները, հիշեցնելով նաև համարժեքորեն վարձատրվող լրիվ զբաղվածության ստեղծման նպատակը և հաստատելով այդ նպատակին հասնելուն և նշված կոնվենցիաների նպատակների իրականացմանը ուղղված աշխատանքի հարցերի կարգավորման ծրագրերի անհրաժեշտությունը,

ընդունելով գործատուների և աշխատողների կազմակերպությունների ինքնավարությունը լիարժեքորեն հարգելու անհրաժեշտությունը, այդ կապակցությամբ հիշեցնելով աշխատանքի ոլորտում գոյություն ունեցող միջազգային կոնվենցիաների և հանձնարարականների դրույթների մասին, որոնք երաշխավորում են միավորման իրավունքը, կոլեկտիվ բանակցությունների կազմակերպումը և անցկացումը, և մասնավորապես Միավորման ազատության և կազմակերպելու իրավունքի պաշտպանության մասին 1948 թվականի կոնվենցիան և Կոլեկտիվ բանակցություններ կազմակերպելու և վարելու իրավունքի սկզբունքների կիրառման մասին 1949 թվականի կոնվենցիան արգելում են պետական մարմինների կողմից որևէ միջամտություն, որոնք կսահմանափակեն այդ իրավունքները կամ կխոչընդոտեն դրանց օրինական իրականացմանը և հաշվի առնելով, որ տնտեսական, սոցիալական և մշակութային առաջընթացի նպատակների իրականացման համար կարևոր դեր են խաղում գործատուների և աշխատողների կազմակերպությունները,

որոշում կայացնելով աշխատանքի հարցերի կարգավորման վերաբերյալ՝ դերը, գործառույթները և կազմակեպումը որոշ առաջարկություններ ընդունելու վերաբերյալ, որը նստաշրջանի օրակարգի չորրորդ կետն է,

որոշելով, որ այդ առաջարկությունները պետք է ունենան միջազգային կոնվենցիայի ձև,

 

հազար ինը հարյուր յոթանասունութ թվականի հունիսի քսանվեցին ընդունում է ներքոհիշյալ կոնվենցիան, որը կարող է անվանվել Աշխատանքի հարցերի կարգավորման մասին 1978թ. կոնվենցիա:

 

Հոդված 1

Սույն Կոնվենցիայի նպատակների համար.

ա) «աշխատանքի հարցերի կարգավորում» եզրույթը նշանակում է աշխատանքի ազգային քաղաքականության ոլորտում պետական կառավարման գործունեություն,

բ) «աշխատանքի հարցերի կարգավորման համակարգ» եզրույթը ներառում է պետական կառավարման այն բոլոր մարմինները, որոնք պատասխանատու են և/կամ են զբաղված են աշխատանքի հարցերի կարգավորմամբ՝ անկախ այն բանից, հանդիսանում են նրանք նախարարություններ կամ այլ պետական հաստատություններ, ներառյալ կիսապետական և տարածքային կամ տեղական կազմակերպությունները կամ այլ ցանկացած ձևի ապակենտրոնացված վարչակազմը, ինչպես նաև ցանկացած կազմակերպական կառույց, որը ստեղծված է այդպիսի մարմինների գործունեության համակարգման և գործատուների ու աշխատողների և նրանց կազմակերպությունների հետ խորհրդատվությունների և մասնակցության ապահովման համար:

 

Հոդված 2

Սույն Կոնվենցիան վավերացնող Կազմակերպության յուրաքանչյուր անդամ կարող է ազգային օրենսդրությանը կամ ազգային գործելակերպին համապատասխան, աշխատանքի հարցերի կարգավորման բնագավառի գործունեության որոշակի ոլորտ պատվիրակել կամ վստահել ոչ կառավարական կազմակերպությունների, մասնավորապես գործատուների և աշխատողների կազմակերպություններին, անհրաժեշտության դեպքում, գործատուների և աշխատողների ներկայացուցիչներին:

 

Հոդված 3

Սույն Կոնվենցիան վավերացնող Կազմակերպության յուրաքանչյուր անդամ կարող է իր ազգային աշխատանքային քաղաքականության առանձին բնագավառներ դիտարկել որպես հարցեր, որոնք ազգային օրենսդրությանը կամ ազգային գործելակերպին համապատասխան կարգավորվում են գործատուների և աշխատողների կազմակերպությունների միջև ուղղակի բանակցությունների դիմելու միջոցով:

 

Հոդված 4

Սույն Կոնվենցիան վավերացնող Կազմակերպության յուրաքանչյուր անդամ ազգային պայմաններին համապատասխանող ձևով ապահովում է իր ամբողջ տարածքում կազմակերպված և արդյունավետ գործող աշխատանքի հարցերի կարգավորման համակարգ, որի գործառույթները և պարտականությունները պատշաճ կերպով համակարգված են:

 

Հոդված 5

1. Սույն Կոնվենցիան վավերացնող Կազմակերպության յուրաքանչյուր անդամ ազգային պայմաններին համապատասխանող միջոցառումներ է անցկացնում համակարգի շրջանակներում աշխատանքի հարցերի կարգավորման պետական մարմինների և գործատուների և աշխատողների առավել ներկայացուցչական կազմակերպությունների, անհրաժեշտության դեպքում գործատուների և աշխատողների միջև խորհրդատվությունների, համագործակցության և բանակցությունների ապահովման համար:

2. Այնքանով, որքանով դա համատեղելի է ազգային օրենսդրությանը և ազգային գործելակերպին, այդպիսի միջոցառումները իրականացվում են ազգային, տարածքային և տեղական, ինչպես նաև տնտեսական գործունեության տարբեր հատվածների մակարդակով:

 

Հոդված 6

1. Իրավասու մարմինները, աշխատանքի հարցերի կարգավորման համակարգի շրջանակներում, անհրաժեշտության դեպքում, պատասխանատու են ազգային աշխատանքային քաղաքականության նախապատրաստման, իրականացման, համակարգման, ստուգման և վերանայման համար կամ մասնակցում են թվարկված փուլերից յուրաքանչյուրում, իսկ պետական կառավարման շրջանակներում հանդիսանում են այդ քաղաքականության իրականացման համար օրենսդրության պատրաստման և կատարման գործիք:

2. Հաշվի առնելով միջազգային համապատասխան աշխատանքային նորմերը, այդ մարմինները, մասնավորապես, պետք է.

ա) ազգային օրենսդրությանը և ազգային գործելակերպին համապատասխան մասնակցեն զբաղվածության ոլորտում ազգային քաղաքականության նախապատրաստմանը, անցկացմանը, համակարգմանը, ստուգմանը և վերանայմանը,

բ) ուսումնասիրեն և հետևեն լրիվ զբաղվածների, թերզբաղվածների, ինչպես նաև գործազուրկների վիճակը, հաշվի առնելով աշխատանքի և մասնագիտական կյանքի և զբաղվածության պայմանների վերաբերյալ ազգային օրենսդրությունը և ազգային գործելակերպը, ուշադրության հրավիրեն այդպիսի պայմաններում թերությունները ու խախտումները և ներկայացնեն առաջարկություններ դրանց ուղղման միջոցների մասին,

գ) ազգային օրենսդրությանը կամ ազգային գործելակերպին համապատասխան իրենց ծառայությունները տրամադրեն գործատուներին և աշխատողներին, նրանց համապատասխան կազմակերպություներին` ազգային, տարածքային և տեղական, ինչպես նաև տնտեսական գործունեության բազմազան հատվածների մակարդակով, պետական մարմինների և գործատուների և աշխատողների կազմակերպությունների, ինչպես նաև այդպիսի կազմակերպությունների միջև արդյունավետ խորհրդատվությունների անցկացման և համագործակցությունն աջակցելու նպատակով,

դ) գործատուներին և աշխատողներին, նրանց համապատասխան կազմակերպություններին, իրենց խնդրանքով, տեխնիկական խորհուրդներ են տալիս:

 

Հոդված 7

Սույն Կոնվենցիան վավերացնող Կազմակերպության յուրաքանչյուր անդամ, եթե այդ են պահանջում ազգային պայմանները, հնարավոր առավել մեծ թվով աշխատողների պահանջմունքերի բավարարման նպատակով և այն չափով, որչափով, որ այդպիսի գործունեությունը դեռևս նախատեսված չի, աջակցում է աշխատանքի հարցերի կարգավորման համակարգի գործառույթների, և եթե դա անհրաժեշտ է, աստիճանական ընդլայնմանը, այնպես, որպեսզի նրա մեջ ընգրկվի այլ իրավասու մարմինների հետ համագործակցությամբ իրականացվող գործունեություն՝ աշխատողների այնպիսի խմբերի աշխատանքի և աշխատանքային կյանքի վերաբերյալ, որոնք օրենքով չեն համարվում վարձու աշխատանք կատարող անձինք, հատկապես.

ա) կողմնակի աշխատուժ չօգտագործող վարձակալները, բնավարձակալները և գյուղատնտեսական աշխատավորության համանման խմբերը,

բ) ոչ վարձու աշխատանք կատարող, կողմնակի աշխատուժ չօգտագործող, ոչ ֆորմալ սեկտորում զբաղվածները, այնպես ինչպես դա ընկալվում է ազգային փորձում,

գ) աշխատողների կողմից կառավարվող կոոպերատիվների և ձեռնարկությունների անդամները,

դ) սովորույթների և ավանդույթների համաձայն աշխատող անձինք:

 

Հոդված 8

Իրավասու մարմիները, որքանով դա համապատասխանում է ազգային օրենսդրությանը ու ազգային գործելակերպին, աշխատանքի կարգավորման համակարգում մասնակցում են աշխատանքի ոլորտում միջազգային կապերին վերաբերող ազգային քաղաքականության պատրաստմանը, այդ ոլորտում պետության ներկայացմանը, ինչպես նաև միջոցների նախապատրաստմանը, որոնք պետք է ազգային մակարդակով ընդունվեն այդ նպատակների համար:

 

Հոդված 9

Ազգային օրենսդրությանը կամ ազգային գործելակերպին համապատասխան աշխատանքի հարցերի կարգավորման համակարգի ֆունկցիաների և պարտականությունների պատշաճ համակարգման նպատակով, աշխատանքի նախարարությունը կամ ցանկացած այլ համանման մարմին պետք է միջոցներ ունենա հավաստիանալու, թե աշխատանքի հարցերի կարգավորման որոշակի գործառույթների իրականացման համար պատասխանատու կիսապետական հաստատությունները, ինչպես նաև ցանկացած տարածքային կամ տեղական մարմինները, որոնց պատվիրակվել են այնպիսի գործառույթներ, արդյոք գործում են ազգային օրենսդրությանը համապատասխան և կատարում են արդյոք իրենց առջև դրված նպատակները:

 

Հոդված 10

1. Աշխատանքի հարցերի կարգավորման համակարգի անձնակազմը բաղկացած է իրենց հանձնարարված աշխատանքի կատարման համար համապատասխան որակավորում ունեցող անձանցից, որոնք նման աշխատանքի համար անհրաժեշտ մասնագիտական պատրաստման հնարավորություն ունեն և անկախ են ոչ պատշաճ արտաքին ազդեցությունից:

2. Այդպիսի անձնակազմն ունի իր պարտականությունների արդյունավետ կատարման համար անհրաժեշտ կարգավիճակ, նյութական միջոցներ և ֆինանսական միջոցներ:

 

Հոդված 11

Սույն Կոնվենցիայի վավերագրերը գրանցման նպատակով ուղարկվում են Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենին:

 

Հոդված 12

1. Սույն Կոնվենցիան պարտադիր է Աշխատանքի միջազգային կազմակերպության միայն այն անդամների համար, որոնց վավերագրերը գրանցված են Գլխավոր տնօրենի կողմից:

2. Այն ուժի մեջ է մտնում Կազմակերպության երկու անդամների վավերագրերը Գլխավոր տնօրենի կողմից գրանցվելու օրվանից տասներկու ամիս հետո:

3. Կազմակերպության յուրաքանչյուր անդամի նկատմամբ հետագայում սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում նրա վավերագրի գրանցումից տասներկու ամիս անց:

 

Հոդված 13

1. Սույն Կոնվենցիան վավերացրած յուրաքանչյուր անդամ կարող է նրա ուժի մեջ մտնելու օրվանից տասնամյա ժամկետը լրանալուց հետո այն չեղյալ հայտարարել Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենին գրանցման նպատակով չեղյալ հայտարարման մասին ակտ ներկայացնելու միջոցով: Չեղյալ հայտարարելն ուժի մեջ է մտնում չեղյալ հայտարարելու վերաբերյալ ակտի գրանցումից մեկ տարի հետո:

2. Կազմակերպության յուրաքանչյուր անդամ, որը վավերացրել է սույն Կոնվենցիան, և որը նախորդ կետում նշված տասնամյա ժամանակահատվածը լրանալուց հետո մեկամյա ժամկետում չի օգտվի սույն հոդվածում նախատեսված չեղյալ հայտարարելու իր իրավունքից, պարտավորված կլինի հաջորդ տասնամյա ժամկետում և այնուհետև սույն հոդվածով սահմանված կարգով կկարողանա սույն Կոնվենցիան չեղյալ հայտարարել յուրաքանչյուր տասնամյա ժամկետը լրանալուց հետո:

 

Հոդված 14

1. Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենը Աշխատանքի միջազգային կազմակերպության բոլոր անդամներին ծանուցում է Կազմակերպության անդամներից իր ստացած վավերագրերի և չեղյալ հայտարարելու վերաբերյալ բոլոր ակտերի գրանցման մասին:

2. Կազմակերպության անդամներին ծանուցելով իր ստացած 2-րդ վավերագրի գրանցման մասին՝ Գլխավոր տնօրենը նրանց ուշադրությունը հրավիրում է սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրվա վրա:

 

Հոդված 15

Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենը, Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության 102-րդ հոդվածին համապատասխան, գրանցման համար Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ուղարկում է ամբողջական տեղեկություններ բոլոր վավերագրերի, հայտարարությունների և չեղյալ հայտարարման վերաբերյալ ակտերի մասին, որոնք իր կողմից գրանցվել են նախորդ հոդվածների դրույթներին համապատասխան:

 

Հոդված 16

Աշխատանքի միջազգային բյուրոյի Վարչական խորհուրդը ամեն անգամ, երբ անհրաժեշտ է համարում, Գլխավոր խորհրդաժողովին զեկույց է ներկայացնում սույն Կոնվենցիայի կիրառման մասին և քննարկում է խորհրդաժողովի օրակարգում դրա լրիվ կամ մասնակի վերանայման հարցի ընդգրկման նպատակահարմարությունը:

 

Հոդված 17

1. Այն դեպքում, եթե խորհրդաժողովը կընդունի նոր կոնվենցիա, որն ամբողջովին կամ մասնակիորեն կվերանայի սույն Կոնվենցիան, և եթե այդ կոնվենցիայում նախատեսված չլինի հակառակը, ապա՝

ա) Կազմակերպության որևէ անդամի կողմից նոր, վերանայող կոնվենցիայի վավերացումը ipso jure, անկախ 13-րդ հոդվածի դրույթներից, առաջ է բերում սույն Կոնվենցիայի անհապաղ չեղյալ հայտարարում՝ այն պայմանով, որ նոր, վերանայող կոնվենցիան ուժի մեջ մտած լինի,

բ) նոր, վերանայող կոնվենցիայի ուժի մեջ մտնելու թվականից սկսած՝ սույն Կոնվենցիան փակ է Կազմակերպության անդամների կողմից վավերացվելու համար:

2. Սույն Կոնվենցիան բոլոր դեպքերում ըստ ձևի և բովանդակության մնում է ուժի մեջ Կազմակերպության այն անդամների նկատմամբ, որոնք այն վավերացրել են, բայց վերանայող կոնվենցիան չեն վավերացրել:

 

Հոդված 18

Սույն Կոնվենցիայի անգլերեն և ֆրանսերեն տեքստերը հավասարազոր են:

 

Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2006թ. մայիսի 18-ից: