Կ ո ն վ ե ն ց ի ա
Երեխայի աշխատանքի վատթարագույն ձԵՎերի մասին
Աշխատանքի միջազգային կազմակերպության Գլխավոր խորհրդաժողովը, գումարված Աշխատանքի միջազգային բյուրոյի Վարչական խորհրդի կողմից` Ժնևում և հավաքված 1999 թվականի հունիսի 1-ին իր ութսունյոթերորդ նստաշրջանին,
անհրաժեշտ համարելով ընդունել նոր ակտեր երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերի արգելման և վերացման համար` որպես ազգային և միջազգային գործունեության գլխավոր առաջնահերթություն, ներառյալ միջազգային համագործակցությունը և օգնությունը` երեխայի աշխատանքի հիմնարար ակտեր հանդիսացող Աշխատանքի ընդունվելու նվազագույն տարիքի մասին 1973 թվականի Կոնվենցիան և Հանձնարարականը լրացնելու նպատակով,
նկատի ունենալով, որ երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերի արդյունավետ վերացումը պահանջում է անհապաղ և համակողմանի գործողություններ, հաշվի առնելով անվճար բազային կրթության կարևորությունը և երեխաներին այդ կարգի աշխատանքից ազատման անհրաժեշտությունը, ինչպես նաև նրանց վերականգնումը և սոցիալական ինտեգրումը, հաշվի առնելով այդ դեպքում նրանց ընտանիքների կարիքները,
հիշեցնելով Աշխատանքի միջազգային խորհրդաժողովի կողմից 1996 թվականի 83-րդ նստաշրջանում ընդունված երեխայի աշխատանքի վերացման մասին բանաձևը,
ընդունելով, որ երեխայի աշխատանքը մեծամասամբ աղքատության հետևանք է, և որ այս հարցի երկարաժամկետ լուծումը գտնվում է կայուն տնտեսական աճի հիմքում, որը տանում է սոցիալական առաջընթացին, մասնավորապես աղքատության վերացմանը և համընդհանուր կրթվածությանը,
հիշեցնելով Երեխայի իրավունքների մասին Կոնվենցիան` ընդունված Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից 1989 թվականի նոյեմբերի 20-ին,
հիշեցնելով ԱՄԿ Հռչակագիրը աշխատանքի բնագավառի հիմնարար սկզբունքների և իրավունքների և դրանց իրականացման մեխանիզմների մասին` ընդունված Աշխատանքի միջազգային խորհրդաժողովի 1998 թվականի 86-րդ նստաշրջանում,
հիշեցնելով այն մասին, որ երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերից մի քանիսը ընդգրկված են այլ միջազգային ակտերում, մասնավորապես Հարկադիր և պարտադիր աշխատանքի մասին 1930 թվականի կոնվենցիայում և Ստրկության, ստրկավաճառության և ստրկությանը համանման սովորույթների և ինստիտուտների վերացման մասին ՄԱԿ-ի 1956թ. լրացուցիչ կոնվենցիայում,
որոշելով ընդունել մի շարք առաջարկություններ երեխայի աշխատանքի մասին, որը հանդիսանում է նստաշրջանի օրակարգի չորրորդ կետը,
որոշելով, որ այդ առաջարկությունները պետք է ունենան միջազգային կոնվենցիայի ձև,
հազար ինը հարյուր իննսունինը թվականի հունիսի տասնյոթին ընդունում է ներքոհիշյալ Կոնվենցիան, որը կանվանվի Երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերի մասին 1999 թվականի Կոնվենցիա:
Հոդված 1
Սույն Կոնվենցիան վավերացնող յուրաքանչյուր Անդամ պետություն անհապաղ և արդյունավետ միջոցներ է ձեռնարկում, որոնք շուտափույթ կերպով կապահովեն երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերի արգելումը և վերացումը:
Հոդված 2
Սույն Կոնվենցիայի նպատակների համար «երեխա» եզրույթը կիրառվում է մինչև 18 տարեկան բոլոր անձանց նկատմամբ:
Հոդված 3
Սույն Կոնվենցիայի նպատակների համար «Երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերը» եզրույթն ընդգրկում է`
ա) ստրկության բոլոր ձևերը կամ ստրկությանը համանման աշխատանքը, ինչպիսիք են երեխաների վաճառքը և առևտուրը, պարտքային ստրկացումը կամ ճորտային կախվածությունը, ինչպես նաև հարկադիր կամ պարտադիր աշխատանքը, այդ թվում` երեխաների պարտադիր կամ հարկադիր հավաքագրումը զինված ընդհարումներում օգտագործելու համար,
բ) երեխային օգտագործելը, հավաքագրելը կամ առաջարկելը մարմնավաճառությամբ զբաղվելու, պոռնոգրաֆիկ արտադրանքի արտադրության կամ պոռնոգրաֆիկ ներկայացումների համար,
գ) երեխային օգտագործելը, հավաքագրելը կամ առաջարկելը հակաիրավական գործունեությամբ զբաղվելու, մասնավորապես թմրանյութերի արտադրման և վաճառքի համար, ինչպես դրանք սահմանված են համապատասխան միջազգային պայմանագրերում,
դ) աշխատանքը, որն իր բնույթով կամ իր կատարման պայմաններով կարող է վնասել երեխաների առողջությանը, անվտանգությանը կամ բարոյականությանը:
Հոդված 4
1. Ազգային օրենսդրությունը կամ իրավասու մարմինը գործատուների և աշխատողների շահագրգիռ կազմակերպությունների հետ խորհրդակցելուց հետո սահմանում է 3-րդ հոդվածի «դ» կետում նշված աշխատանքների տեսակները` հաշվի առնելով համապատասխան միջազգային նորմերը, մասնավորապես երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերի մասին 1999թ. Հանձնարարականի 3 և 4 կետերի դրույթները:
2. Իրավասու մարմինը գործատուների և աշխատողների շահագրգիռ կազմակերպությունների հետ խորհրդակցելուց հետո բացահայտում է, թե որտեղ են իրականացվում այդ աշխատանքի ձևերը:
3. Սույն հոդվածի 1-ին կետով սահմանված աշխատանքի ձևերի ցանկը պարբերաբար ուսումնասիրվում և, անհրաժեշտության դեպքում, վերանայվում է գործատուների և աշխատողների շահագրգիռ կազմակերպությունների հետ խորհրդակցելուց հետո:
Հոդված 5
Յուրաքանչյուր անդամ պետություն գործատուների և աշխատողների կազմակերպությունների հետ խորհրդակցելուց հետո ստեղծում կամ նշանակում է համապատասխան մեխանիզմներ սույն Կոնվենցիայի կատարմանն ուղղված դրույթների կիրառումը վերահսկելու համար:
Հոդված 6
1. Յուրաքանչյուր անդամ պետություն մշակում և իրականացնում է գործողության ծրագրեր երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերը առաջնային կարգով վերացնելու համար:
2. Այսպիսի գործողության ծրագրերը մշակվում և իրականացվում են համապատասխան կառավարական մարմինների և գործատուների և աշխատողների կազմակերպությունների հետ խորհրդակցելուց հետո` անհրաժեշտության դեպքում հաշվի առնելով այլ շահագրգիռ խմբերի կարծիքները:
Հոդված 7
1. Յուրաքանչյուր անդամ պետություն ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցառումները, սույն Կոնվենցիայի կատարմանն ուղղված դրույթների արդյունավետ կիրառումն ու պահպանումը ապահովելու համար, այդ թվում` սահմանելով և կիրառելով քրեական կամ հանգամանքներից կախված այլ պատժամիջոցներ:
2. Յուրաքանչյուր անդամ պետություն, հաշվի առնելով կրթության կարևորությունը երեխայի աշխատանքը վերացնելու գործում, սահմանված ժամկետում ձեռնարկում է արդյունավետ միջոցառումներ ուղղված`
ա) երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերում երեխաների ներգրավման կանխմանը,
բ) անհրաժեշտ և համապատասխան ուղղակի աջակցություն ցույց տալուն երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերում երեխաների զբաղվածության դադարեցման, ինչպես նաև նրանց վերականգնման և սոցիալական ինտեգրման համար,
գ) երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերից ազատված բոլոր երեխաներին անվճար բազային կրթության, ինչպես նաև, ըստ հնարավորության և անհրաժեշտության, մասնագիտական պատրաստվածության տրամադրմանը,
դ) առավել խոցելի վիճակում գտնվող երեխաների հայտնաբերմանը և նրանց հետ կապի հաստատմանը, և
ե) աղջիկների վիճակի առանձնահատկությունների հաշվի առնելուն:
3. Յուրաքանչյուր անդամ պետություն նշանակում է իրավասու մարմին, որը իրավասու է սույն Կոնվենցիայի կատարմանն ուղղված դրույթների կիրառման համար:
Հոդված 8
Անդամ պետությունները անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում սույն Կոնվենցիայի դրույթները կատարման նպատակով մեկը մյուսին օգնություն ցուցաբերելու համար, առավել լայն միջազգային համագործակցության և/կամ օգնության միջոցով, ներառելով սոցիալ-տնտեսական զարգացման, աղքատության վերացման և համընդհանուր կրթության ծրագրերի աջակցումը:
Հոդված 9
Սույն Կոնվենցիայի վավերագրերը գրանցման նպատակով ուղարկվում են Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենին:
Հոդված 10
1. Սույն Կոնվենցիան պարտադիր է Աշխատանքի միջազգային կազմակերպության միայն այն անդամների համար, որոնց վավերագրերը գրանցված են Գլխավոր տնօրենի կողմից:
2. Այն ուժի մեջ է մտնում Կազմակերպության երկու անդամների վավերագրերը Գլխավոր տնօրենի կողմից գրանցվելու օրվանից տասներկու ամիս հետո:
3. Կազմակերպության յուրաքանչյուր անդամի նկատմամբ հետագայում սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում նրա վավերագրի գրանցումից տասներկու ամիս անց:
Հոդված 11
1. Սույն Կոնվենցիան վավերացրած յուրաքանչյուր անդամ կարող է նրա ուժի մեջ մտնելու օրվանից տասնամյա ժամկետը լրանալուց հետո այն չեղյալ հայտարարել Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենին գրանցման նպատակով չեղյալ հայտարարման մասին ակտ ներկայացնելու միջոցով: Չեղյալ հայտարարելն ուժի մեջ է մտնում չեղյալ հայտարարելու վերաբերյալ ակտի գրանցումից մեկ տարի հետո:
2. Կազմակերպության յուրաքանչյուր անդամ, որը վավերացրել է սույն Կոնվենցիան, և որը նախորդ կետում նշված տասնամյա ժամանակահատվածը լրանալուց հետո մեկամյա ժամկետում չի օգտվի սույն հոդվածում նախատեսված` չեղյալ հայտարարելու իր իրավունքից, պարտավորված կլինի հաջորդ տասնամյա ժամկետում և այնուհետև սույն հոդվածով սահմանված կարգով կկարողանա սույն Կոնվենցիան չեղյալ հայտարարել յուրաքանչյուր տասնամյա ժամկետը լրանալուց հետո:
Հոդված 12
1. Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենը Աշխատանքի միջազգային կազմակերպության բոլոր անդամներին ծանուցում է Կազմակերպության անդամներից իր ստացած վավերագրերի և չեղյալ հայտարարելու վերաբերյալ բոլոր ակտերի գրանցման մասին:
2. Կազմակերպության անդամներին ծանուցելով իր ստացած 2-րդ վավերագրի գրանցման մասին՝ Գլխավոր տնօրենը նրանց ուշադրությունը հրավիրում է սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրվա վրա:
Հոդված 13
Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենը, Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության 102-րդ հոդվածին համապատասխան, գրանցման համար Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ուղարկում է ամբողջական տեղեկություններ բոլոր վավերագրերի և չեղյալ հայտարարելու վերաբերյալ ակտերի մասին, որոնք իր կողմից գրանցվել են նախորդ հոդվածների դրույթներին համապատասխան:
Հոդված 14
Աշխատանքի միջազգային բյուրոյի Վարչական խորհուրդը ամեն անգամ, երբ անհրաժեշտ է համարում, Գլխավոր խորհրդաժողովին զեկույց է ներկայացնում սույն Կոնվենցիայի կիրառման մասին և քննարկում է խորհրդաժողովի օրակարգում դրա լրիվ կամ մասնակի վերանայման հարցի ընդգրկման նպատակահարմարությունը:
Հոդված 15
1. Այն դեպքում, երբ խորհրդաժողովը կընդունի նոր կոնվենցիա, որն ամբողջովին կամ մասնակիորեն կվերանայի սույն Կոնվենցիան, և եթե կոնվենցիայում նախատեսված չլինի հակառակը, ապա՝
ա) Կազմակերպության որևէ անդամի կողմից նոր, վերանայող կոնվենցիայի վավերացումը ipso jure, անկախ 11-րդ հոդվածի դրույթներից, առաջ է բերում սույն Կոնվենցիայի անհապաղ չեղյալ հայտարարում՝ այն պայմանով, որ նոր, վերանայող կոնվենցիան ուժի մեջ մտած լինի,
բ) նոր, վերանայող կոնվենցիայի ուժի մեջ մտնելու թվականից սկսած՝ սույն Կոնվենցիան փակ է Կազմակերպության անդամների կողմից վավերացվելու համար:
2. Սույն Կոնվենցիան բոլոր դեպքերում ըստ ձևի և բովանդակության մնում է ուժի մեջ Կազմակերպության այն անդամների նկատմամբ, որոնք այն վավերացրել են, բայց վերանայող կոնվենցիան չեն վավերացրել:
Հոդված 16
Սույն Կոնվենցիայի անգլերեն և ֆրանսերեն տեքստերը հավասարազոր են:
Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2006թ. հունվարի 2-ից:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|