Գլխավոր տեղեկություն
Տիպ
Կոնվենցիա
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.06.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.04.2004
Ստորագրման ամսաթիվ
16.04.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.06.2005

Կ Ո Ն Վ Ե Ն Ց Ի Ա

ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԹՂԹԱԿՑԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունները՝ ի դեմս Կառավարությունների, այսուհետ` Կողմեր,

ցանկանալով աջակցել իրենց պետությունների հասարակական-քաղաքական, տնտեսական ու մշակութային կյանքի մասին տեղեկատվության լայն և ազատ տարածմանը,

ձգտելով պահպանել միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքները և նորմերը, ստեղծել երաշխիքներ Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների զանգվածային լրատվության միջոցները ներկայացնող թղթակիցների մասնագիտական գործունեության իրականացման համար,

հիմնվելով 1992 թվականի հոկտեմբերի 9-ի «Տեղեկատվության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի վրա,
     գործելով Անկախ Պետությունների Համագործակցության Կանոնադրությանը համապատասխան, որը աջակցություն է նախատեսում լայն տեղեկատվական փոխանակմանը,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

Հոդված 1

 

Սույն Կոնվենցիայի նպատակների համար օգտագործվում են հետևյալ հիմնական տերմինները և սահմանումները.

թղթակից - անձ (անկախ նրա քաղաքացիությունից), որը հավատարմագրված է Անկախ Պետությունների Համագործակցության մյուս մասնակից պետությունում և ներկայացնում է Կողմերից մեկի զանգվածային լրատվության միջոցը, որը գրանցված է նրա ազգային օրենսդրությանը համապատասխան.

հավատարմագրման պետություն - Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետություն, որտեղ հավատարմագրված է թղթակիցը.

հավատարմագրում - որոշակի ժամկետով զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի նշանակումը հավատարմագրող պետության լիազորված մարմնում և նրա հավատարմագրային փաստաթուղթ ստանալը.

լիազորված մարմիններ - կենտրոնական պետական մարմիններ, որոնք իրականացնում են Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից մյուս պետությունների զանգվածային լրատվության միջոցները ներկայացնող թղթակիցների հավատարմագրման և գործունեության հարցերի կարգավորումը:

 

Հոդված 2

 

Կողմերը առավել բարենպաստ պայմաններ են ապահովում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների զանգվածային լրատվության միջոցները ներկայացնող թղթակիցների մասնագիտական գործունեության իրականացման, թղթակիցների կողմից հավատարմագրման պետության քաղաքական, սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքի մասին օբյեկտիվ տեղեկատվության ստացման և տարածման համար:

 

Հոդված 3

 

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետություններում հավատարմագրված թղթակիցների իրավական վիճակը կարգավորվում է միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներով և նորմերով, միջազգային պայմանագրերով, սույն Կոնվենցիայի դրույթներով և Կողմերի օրենսդրությամբ:

 

Հոդված 4

 

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետություններում հավատարմագրված թղթակիցների մասնագիտական գործունեությունն իրականացվում է հավատարմագրման պետության օրենսդրությանը և լրագրողական էթիկայի համընդհանուր ընդունված կանոններին և նորմերին համապատասխան:

 

Հոդված 5

 

Կողմերը, ազգային օրենսդրությանը համապատասխան, թղթակիցներին նրանց կողմից մասնագիտական գործունեության իրականացման կապակցությամբ ապահովում են կյանքի, պատվի, արժանապատվության և գույքի պաշտպանությամբ:

 

Հոդված 6

 

Երբ թղթակիցները կատարում են մասնագիտական պարտականությունները, Կողմերը՝ ի դեմս լիազորված մարմինների, ազգային օրենսդրությանը համապատասխան, թղթակիցներին աջակցություն են ցուցաբերում տեղեկատվության պաշտոնական աղբյուրներին մատչելիության, մամուլի ասուլիսներին և համանման այլ միջոցառումներին մասնակցության հարցում՝ հավատարմագրման պետության զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրամադրվող հավասար հիմունքներով, և ճանաչում են տեղեկատվության աղբյուրի գաղտնիության պահպանման թղթակիցների իրավունքը:

 

Հոդված 7

 

Թղթակիցներին իրավունք է տրվում ազատ տեղաշարժվել հավատարմագրման պետության տարածքով` բացառությամբ այն շրջանների և օբյեկտների, որոնց այցելության համար սահմանված է հատուկ կարգ:

 

Հոդված 8

 

Կողմերը պահպանում են, հավատարմագրման պետության օրենսդրությամբ չարգելված եղանակով, թղթակիցների` իրենց նյութերի ազատ փոխանցման իրավունքը զանգվածային լրատվության այն միջոցներին, որոնց նրանք ներկայացնում են:

 

Հոդված 9

 

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների զանգվածային լրատվության միջոցների թղթակիցների հավատարմագրման և թղթակցային կետերի բացման մասին հայտերը քննարկվում են գրավոր դիմումն ստանալու օրվանից հետո երկու ամիսը չգերազանցող ժամկետում:

 

Հոդված 10

 

Այն դեպքում, երբ գործում է մուտքի արտոնագրային ռեժիմ, Կողմերը, ազգային օրենսդրությանը համապատասխան, մշտապես հավատարմագրված թղթակիցներին և նրանց ընտանիքների անդամներին տրամադրում են հավատարմագրող պետության տարածք ազատ մուտք գործելու և տարածքից ելքի իրավունք վերապահող բազմակի մուտքի/ելքի արտոնագրեր կամ այլ փաստաթուղթ:

 

Հոդված 11

 

Կողմերը՝ ի դեմս լիազորված մարմինների, անհրաժեշտության դեպքում, ազգային օրենսդրությանը համապատասխան, աջակցություն են ցուցաբերում մշտապես հավատարմագրված թղթակիցներին ծառայողական և բնակելի տարածություն վարձակալելու կամ ձեռք բերելու գործում:

Կողմերը, ազգային օրենսդրությանը համապատասխան, հավատարմագրված թղթակիցներին և նրանց ընտանիքների անդամներին օգնություն են տրամադրում անկանխատեսելի հանգամանքների դեպքում (տարերային աղետ, դժբախտ պատահար և այլն):

 

Հոդված 12

 

Կողմերը՝ ի դեմս լիազորված մարմինների, ձեռնպահ կմնան սահմանափակող միջոցների ընդունումից, այդ թվում՝ այնպիսիներից, ինչպիսիք են թղթակցին հավատարմագրումից զրկելը կամ նրան հավատարմագրման պետությունից վտարելը այն տեղեկատվության բովանդակության պատճառով, որը նա փոխանցել է և տարածել զանգվածային լրատվության այն միջոցով, որին ներկայացնում է` բացառությամբ նրա կողմից հավատարմագրման պետության օրենսդրության խախտման դեպքերի:

 

Հոդված 13

 

Սույն Կոնվենցիայի դրույթների մեկնաբանման և կիրառման հետ կապված հարցերը, ինչպես նաև դրա խախտման փաստերը քննարկվում և լուծվում են Կողմերի լիազորված մարմինների կողմից՝ բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով:

 

Հոդված 14

 

Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում այն ստորագրած Կողմերի կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ ծանուցումն ավանդապահին հանձնելու օրվանից:

Ներպետական ընթացակարգերն ավելի ուշ կատարած Կողմերի համար սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում համապատասխան ծանուցումն ավանդապահին հանձնելու օրվանից:

 

Հոդված 15

 

Սույն Կոնվենցիայում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրությամբ, որը համարվում է սույն Կոնվենցիայի անբաժանելի մասը և ուժի մեջ է մտնում սույն Կոնվենցիայի 14-րդ հոդվածով նախատեսված կարգով:

 

Հոդված 16

 

Սույն Կոնվենցիան բաց է նրա դրույթներն ընդունող և սույն Կոնվենցիայից բխող պարտավորությունները ստանձնելու պատրաստ` Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների միանալու համար: Միացող պետության համար Կոնվենցիան ուժի մեջ է մտնում միանալու մասին փաստաթղթերն ավանդապահին հանձնելու օրվանից:

 

Հոդված 17

 

Սույն Կոնվենցիան գործում է ուժի մեջ մտնելու օրվանից 5 տարի ժամկետով: Այդ ժամկետը լրանալուց հետո Կոնվենցիայի գործողությունը ինքնաբերաբար երկարաձգվում է, յուրաքանչյուր անգամ` հնգամյա ժամանակահատվածով, եթե Կողմերն այլ որոշում չեն ընդունում:

 

Հոդված 18

 

Յուրաքանչյուր Կողմ կարող է հայտարարել սույն Կոնվենցիայից դուրս գալու մասին՝ դուրս գալուց ոչ ուշ, քան 6 ամիս առաջ ավանդապահին գրավոր ծանուցելու միջոցով:

 

Կատարված է Չոլպոն Աթա քաղաքում 2004 թվականի ապրիլի 16-ին, մեկ բնօրինակով` ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեում, որը սույն Կոնվենցիան ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա հաստատված պատճենը:

 

Վրաստանի վերապահումը

 

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետության զանգվածային լրատվության միջոցը Համագործակցության այլ պետություններում ներկայացնող թղթակցի կարգավիճակի մասին» Կոնվենցիայի նախագծի վերաբերյալ

 

Բացառությամբ նախաբանի չորրորդ պարբերության:

 

Զուրաբ Ժվանիա

 

Կոնվենցիան ստորագրել են Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Վրաստանի (վերապահումով), Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Մոլդովայի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության Կառավարությունները

 

Կոնվենցիան ուժի մեջ է մտել Ղազախստանի Հանրապետության համար՝ 26.05.2005, Բելառուսի Հանրապետության համար՝ 26.05.2005, Ռուսաստսնի Դաշնության համար՝ 26.05.2005, Հայաստանի Հանրապետության համար՝ 03.06.2005:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան